Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԱՌԱՋԻ՞ՆԸ, ԹԵ՞ ՀԻՄՆԱԴԻՐԸ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ…
ԱՌԱՋԻՆ ՊԻԵՍԻ ԲԵՄ-ԵԼԸ
tatron-drama.am-ը սկսում է նոր խորագիր՝ «Առաջին պիեսի բեմ-ելը». մեր դրամատուրգները կներկայացնեն իրենց պատմությունները, թե առաջին անգամ երբ, ինչպես թատրոնի, բեմադրիչի ուշադրությանն արժանացավ այն պիեսը, որը պիտի դառնար «չիտկա», փորձեր, բեմադրություն ու պրեմիերա և ապրեր իր բեմական կյանքով: Դառնար ԱՌԱՋԻՆ ՊԻԵՍԸ, որն ՀԵՂԻՆԱԿԻՆ տանելու էր ԹԱՏՐՈՆ:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Ուղիղ 40 տարի առաջ, ճիշտ այս օրերին, ինձ զանգահարեց Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: «Կարո՞ղ ես թատրոն գալ, քննարկելու բան կա»,- ասաց: «Կգամ»,- կտրուկ պատասխանեցի ես մարտահրավերն ընդունող խիզախ ասպետի պես: Բանն այն է, որ օրեր առաջ, Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթում, որի նամակների բաժնի վարիչն էի և ֆելիետոնիստը, տպագրվել էր թատրոնի մասին քննադատական հերթական հոդվածս: Ասում եմ «հերթական», որովհետև, այդ ընթացքում, ոչ առանց պատճառի, հաճախ էի «կպնում» թատրոնին: Որքան էլ որ հիմա արժանապատվությունս նեղվում է, ստիպված եմ խոստովանել, որ «ոչ առանց պատճառի» արտահայտությանս պատճառը ամենևին էլ թատրոնում չէր, այլ՝ խմբագրությունում: Բանն այն է, որ թերթի խմբագիրը, անսասան մի հեղինակություն՝ երիտասարդ լրագրողներիս համար, երբեմն մեզ ուղղորդում էր, թե ո՛ր բնագավառը թիրախավորենք: Մենք էլ, առաջնորդվելով նրա անսխալական ներըմբռնողականությամբ, հլու-հնազանդ կատարում էինք հանձնարարականները: Այնքանով, որքանով որ մինչև լրագրական աշխատանքի անցնելս թատրոնում սկսնակ դերասան էի աշխատել, թատերարվեստին ծանոթ լրագրող էի համարվում, խմբագրի «սև ցուցակում» գրանցված պետթատրոնն ու նրա գեղարվեստական ղեկավարը բաժին էին ընկել ինձ: Այս մասին խոստովանության պես բարձրաձայնում եմ այն բանի համար, որ ներկայում, ամեն Աստծո օր թիրախավորված հոդվածներ եմ կարդում այս կամ այն արվեստագետի կամ մշակույթի օջախի հասցեին և, ինչ մեղքս թաքցնեմ, խեղճանում, մի բուռ եմ դառնում ինքս իմ մեջ՝ հիշելով իմ մեղանչումը նաև:
Եվ այսպես, հաշիվներ պարզելու մարտական տրամադրվածությամբ գնացի Վահե Շահվերդյանի մոտ: Ինչպես որ սպասում էի, նրա գրասեղանին, այլևայլ թղթերի հետ, քաղաքային թերթի այն համարներն էին, որոնցում տպագրված էին իմ քննադատական հոդվածները: Եվ ոչ միայն: Պարզվեց, որ այդ հավաքածուում կան նաև իմ գրած ակնարկներից, ռեպորտաժներից: Շահվերդյանն առանց իմ կողմից կանխամտածած նախաբանի ասաց.
— Ես դիտեցի շրջանային կուլտուրայի տան թատերախմբում քո երգիծական մանրապատումներով բեմադրված ներկայացումը, որից հետո ուշադրությամբ սկսեցի կարդալ քո հոդվածները: Այն կարծիքն ունեմ, որ քեզ հաջողվում է երկխոսություններով թատերային իրավիճակ ստեղծել: Ինչո՞ւ չես պիես գրում:
— Ե՞ս… պիե՞ս,- ապշեցի,- դա դժվար ժանր է ու մտքովս էլ չի անցել:
— Դժվարը՝ դժվար է: Բայց փորձն էլ փորձանք չի: Մեր Միրոնը (խոսքը երիտասարդ բեմադրիչ Միրոն Չուլակյանի մասին էր. Ս.Խ.) իր սցենարով նոր տարվա հեքիաթ-հանդես բեմադրեց: Դու էլ քննադատեցիր այդ հանդեսը: Իհարկե, քո հոդվածի մի երկու դիտողության հետ համաձայն եմ, բայց… ըմմմ… մեծ հաշվով, միտումնավոր գրած նյութ էր: Բայց այդ մասին չէ խոսքը: Հանրապետությունում դեռ ոչ մի թատրոն չի փորձել տարեմուտի մանկական պիես բեմադրել: Այդպիսի պիեսներ չկան: Շատ-շատ` Ամանորյա հանդես են կազմակերպում: Իսկ ինչո՞ւ չփորձել մանկական պիես գրել ու բեմադրել հենց այդ թեմատիկայով, ժամանակակից հեքիաթ՝ Ձմեռ Պապի, Ձյունանուշի, նրանց սպասող երեխաների արկածային դրվագներով, հումորով…
Ինչ ասել կուզի, առաջարկն ինձ համար որքան անսպասելի, նույնքան ցանկալի էր: Ասացի՝ կմտածեմ, կփորձեմ, և բաժանվեցինք՝ հանդիպելու պայմանով, երբ այդ թեմայով մի բան մտածած կլինեմ:
Պարզվեց, սակայն, որ բոլորովին նոր, աննախադեպ մի բան ստեղծելն այնքան էլ հեշտ չէ: ԽՍՀՄ-ում, տարիներ շարունակ, Միութենական հեռուստատեսությամբ ցուցադրվող ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկը» և «Կրեմլյան տոնածառի» հանդեսներն այնպիսի անշեղ կարծրատիպեր էին ստեղծել, որ բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում, տոնի նախօրեին, ինքնագործ կատարողական ուժերով «օգոնյոկներ» էին կազմակերպվում, իսկ մանկապարտեզներում՝ «Կրեմլյանին» նմանեցրած հանդեսներ և թվում էր, թե դրանից այն կողմ «ուրիշ աշխարհ» չկա ու չի կարող լինել: Անգամ պատանի հանդիսատեսի թատրոնները ամանորյա տոնական օրերին հանդես էին գալիս ամանորի հետ սյուժետային առնչություն չունեցող հերթական մի պիեսի պրեմիերայով և կամ խաղացանկում ունեցած կատակերգական, զվարճալի ներկայացմամբ:
Թղթի վրա նշումներ անելով ու ջնջելով, բավականին երկար ու տանջալից մտածելուց հետո, եկա այն եզրահանգման, որ սկզբի համար նոր հեքիաթ հորինել պետք չէ, հարկավոր է մանուկների սիրած հերոսներին՝ Մյունհաուզենին և Սուտլիկ որսկանին, Անգետիկին ու Անբան Հուռիին, Ձախորդ Փանոսին, Կառլսոնին, Քաջ Նազարին, մյուսներին մեկտեղել մեր օրերում և հետաքրքիր արկածների մղել: Բոլոր հերոսները Վանաձոր «հրավիրվեցին» 8-րդ դասարանցի Տաթևիկի ու նրա ընկերների կողմից՝ Ամանորյա հանդեսին մասնակցելու համար, բայց պայմանով, որ մինչև Ձմեռ պապի գալը ամեն մեկը մի բարի գործ պետք է կատարած լիներ: Հերոսները խանդավառվում են, ընկերանում և բաժանվելով խմբերի, գնում են բարի գործ կատարելու՝ չգուշակելով, որ նույն 8-րդ դասարանցիները որոգայթներ են լարելու նրանց ճանապարհին: Ահա այսպես ծնվեց իմ «Վանաձորի բարի ասպետները» մանկական պիեսը, որի երգերի չափածո տեքստերի երաժշտությունը, թատրոնի պատվերով, գրեց կոմպոզիտոր Ստեփան Ռոստունին: Իհարկե, մինչև բեմական կյանք ստանալը պիեսը որոշակի խմբագրվեց բեմադրող Վահե Շահվերդյանի կողմից, իսկ հետագայում ինքս էլ շտկումներ արեցի՝ ներմուծելով դերակատարների կողմից հանպատրաստից արված հաջողված արտահայտություններ ու վիճակներ, ուսումնասիրելով նաև պատանի հանդիսատեսի արձագանքը՝ այս կամ այն դրվագում և համապատասխանեցրի դրանք նրանց ընկալումների հետ: Վերջինս շատ ուսանելի էր ինձ համար՝ մատաղ սերնդի ներաշխարհը, նրանց գիտելիքներն ու ճաշակն ուսումնասիրելու և ուղղորդելու առումով:
Բեմադրության մեջ ընդգրկվեցին թատրոնի առաջատար դերասանները: Տեսնել էր պետք, թե ի՜նչ ոգևորությամբ էին միջին և ավագ տարիքի դերասանները մասնակցում փորձերին, այնուհետև, 15 օր շարունակ, օրական 3-4 սեանսով, չմարող ավյունով խաղում լեփ-լեցուն դահլիճում: Մի քանի անգամ ներկայացումը տեսած երեխաներն արդեն անգիր էին արել բեմադրությունը և դահլիճից հուշում էին հերոսների ոչ միայն խոսքերը, այլև անակնկալ գործողությունները, երգերի ժամանակ ձայնակցում էին դերասաններին: Կառլսոնի դերակատար 58-ամյա Ավետիս Օհանյանը հայտնվում էր դահլիճից բեմ նետվող հարյուրավոր կոնֆետների տարափի տակ, երբ մտնելով սոճիների պուրակ՝ ասում էր. «Ես հիասթափված եմ, որտե՞ղ են կոնֆետի ծառերը, ես կոնֆետ եմ ուզում…»:
«Վանաձորի բարի ասպետները» շատ ջերմ ու մեծ ընդունելության արժանացավ ոչ միայն պատանի հանդիսատեսի կողմից: Բեմադրության մեջ հնչող երգերը մինչև այսօր էլ կատարվում են տարբեր համերգներում, հանդեսներում, իսկ պիեսի որոշ փոփոխությամբ՝ առանց Ձմեռ Պապի և Ձյունանուշի կերպարների, բեմադրությունն ընդգրկվեց թատրոնի խաղացանկում որպես մանկական ներկայացում: Դրանից հետո, տարբեր տարիների, ևս երեք անգամ բեմական նոր կյանք ունեցավ պիեսը: Բայց դրանով չսահմանափակվեց բարի ասպետների հաղթարշավը: 1983 թվականին պիեսն արժանացավ ԽՍՀՄ ազգային մանկական պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակին և Միութենական թատերական ընկերության կողմից ռուսերեն թարգմանությունը բեմադրության երաշխավորվեց ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների պատանի հանդիսատեսի թատրոններին: Թե էլի ո՞ր քաղաքների թատրոններում բեմադրվեց «Վանաձորի բարի ասպետները», չեմ կարող ասել, բայց այն փաստը, որ Հեղինակային իրավունքների գործակալության աշխատակիցը գտավ ինձ ու հայտնեց, թե բազմաթիվ թատրոններից հոնորարներ ունեմ ու դրանք ստանալու համար հարկավոր է անդամակցել գործակալությանը, հուշում է, որ ասպետները մեծ արշավանքի էին դուրս եկել: Ի դեպ, տարիներ անց, նույն այդ բախտին արժանացավ իմ, դարձյալ՝ տոնածառային, «Սոնորիայի հրաշքը» պիեսը, որը ՀԽՍՀ Գրողների և Թատերական գործիչների միության առաջին մրցանակը շահելուց և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվելուց հետո թարգմանվել և ուղարկվել էր Մոսկվա՝ նույն մրցույթին: Դրանից հետո, 1989 թվականի սկզբին, Մոսկվայից շնորհավորական մի նամակ ստացա, որ «Սոյուզմուլտֆիլմում» պատրաստվում են «Սոնորիայի հրաշքը» մուլտֆիլմ նկարահանել: ԽՍՀՄ-ի փլուզումը կանխեց դրա գործընթացը…
Առիթն օգտագործելով, չեմ կարող իմ երախտագիտության խոսքը չասել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հասցեին: Լուսահոգի Վարպետն այն ժամանակ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Այդ նրան եմ պարտական, որ իմ պիեսները Մոսկվայի «ուղեգրեր» ստացան, ընդ որում՝ առանց ինձ ճանաչելու, առաջնորդվելով արվեստագետի ամենատես ներըմբռնողականությամբ:
Այս երկու պիեսների միութենական «կենսագրությունը» հիշատակեցի նշելու համար, որ մինչև անցած դարի 80-ականները, ամենայն հավանականությամբ, ԽՍՀՄ-ում մանկական տոնածառային պիեսներ չեն գրվել և չեն բեմադրվել և, ինչպես Հայաստանում, մյուս հանրապետություններում ևս թատրոնները բավարարվել են միայն երեխաների համար հանդեսներ կազմակերպելով: Համենայնդեպս, մինչև 1980 թ. գրված տոնածառային պիես կամ բեմադրություն գտնելու իմ փնտրտուքներն անարդյունք են եղել:
Եվ եթե դա այդպես է, ուրեմն այսօր, երբ բազմաթիվ երկրներում երեխաների համար Ամանօրյա ներկայացումների (ո՛չ հանդեսների) պիեսներ են գրվում ու բեմադրվում, ապա դրա հիմնադիրը մենք ենք՝ Վահե Շահվերդյանը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը և ձեր խոնարհ ծառան: