Արա ԵՐՆՋԱԿՅԱՆ / «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ»

Արա ԵՐՆՋԱԿՅԱՆԻ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում

 

 

 

Ես երբեք չեմ մտածել հրատարակել իմ պիեսները, ինձ լիովին բավարարել է, որ դրանք բեմադրվել են, խաղացվել և շարունակում են խաղացվել Երևանի Կամերային թատրոնի բեմում, այդպիսով հեշտությամբ բավարարելով գրամոլի իմ բոլոր բարդույթները: Սակայն հանդիսատեսի հետաքրքրությունը այդ բեմադրությունների նկատմամբ ինձ մտածելու որոշակի հիմքեր են տալիս, որ որոշ պիեսներ, այդ թվում և՝ ներկայացվող կատակերգությունը, հավանաբար պահանջարկ կգտնեն նաև ուրիշ թատրոնների ռեժիսորների և դերասանների մոտ։ Ավելին, գուցե նույնիսկ կգտնվեն ընթերցողներ, որոնց համար անհետաքրքիր չեն լինի իմ հերոսների ճակատագրերը և նրանք կստանան որոշակի բավականություն՝ կարդալով այս գործը։

 

 

Արա ԵՐՆՋԱԿՅԱՆ

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ

Հոռետեսական կատակերգություն

 

Գործող անձինք

ԿԻՆ

ՏՂԱՄԱՐԴ

 

Բեմը ներկայացնում է սենյակ, 1-2 բազկաթոռ, սեղան։ Խորքում դռներից մեկը տանում է ննջարան, մյուսը՝ խոհանոց։ Առավոտյան ժամը տասն է։ Ննջարանից դուրս է գալիս Կինը՝ Տղամարդու վերնաշապիկով, նայում է սենյակում թափթփված հագուստին, սկսում է հավաքել։ Նույն դռնից հայտնվում է Տղամարդը՝ բաճկոնը մերկ մարմնին հագած։

 

ԿԻՆ – (տեսնելով Տղամարդու անհեթեթ տեսքը՝ ժպտում է): Գիտե՞ս, բավական տպավորիչ է, ոնց որ այն անեկդոտից լինես։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ անեկդոտ։

ԿԻՆ — Դե, որ ամուսինը հանկարծ տուն է վե­րադառնում ու տեսնում է սիրեկանին՝ ցախա­վելը ձեռքին… Հիշո՞ւմ ես… Սպասիր, ցախավե­լը բերեմ։

ՏՂԱՄԱՐԴ — (լուրջ): Պետք չէ։

ԿԻՆ — (շարունակում է ժպտալ)։ Ոնց կուզես։ Իմիջիայլոց, առանց տաբատի շատ ավելի հուզիչ կլինեիր։ (Գնում է խոհանոց, այնտեղից:) Ի դեպ, կարող ես հանգիստ մնալ՝ ամուսին չի հայտնվի։ Գիտե՞ս՝ ինչու։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ։

ԿԻՆ — (հայտնվելով խոհանոցի շեմին)։ Այն պարզ պատճառով, որ չկա… Իսկ եթե նույնիսկ հայտնվեր, նրան ներս չէինք թողնի։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս…

ԿԻՆ– Դուռը կփակեինք ու կասեինք, որ տանը չենք ու չենք լինի։ (Այս ընթացքում հասց­նում է վերադառնալ սուրճով լցված բաժակները ձեռքին։) Սուրճը պատրաստ է։ Չգիտեի՝ առա­վոտյան ինչ ես նախընտրում։

ՏՂԱՄԱՐԴ — Փլավ։

ԿԻՆ – Ի՞նչ…

ՏՂԱՄԱՐԴ — Ուզբեկական փլավ։

ԿԻՆ — Ցավոք, կարող եմ առաջարկել միայն ձվածեղ։

ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն, պետք է գնամ։

ԿԻՆ–Ի՞նչ…

ՏՂԱՄԱՐԴ – Ես պետք է գնամ։

ԿԻՆ–Գնա՞ս…

ՏՂԱՄԱՐԴ — Այո…

ԿԻՆ– Սուրճ է՞լ չես ուզում։

ՏՂԱՄԱՐԴ — Ուրիշ անգամ։

ԿԻՆ — Փլավ էլ կարող եմ պատրաստել… բայց պետք է սպասես։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչքա՞ն…

ԿԻՆ– Դե, ճշտեմ բաղադրատոմսը, եռացնեմ բրինձը…

ՏՂԱՄԱՐԴ — Կարիք չկա… Ես իսկապես պետք է գնամ։

ԿԻՆ– (շփոթված)։ Ինչ-որ բան այնպես չէ՞ր։

ՏՂԱՄԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ — Դա քեզ հետ կապ չունի… Ես պարտավոր եմ գնալ… Ինձ սպասում են։

ԿԻՆ– Փլավ ուտելո՞ւ։

ՏՂԱՄԱՐԴ — Դրա պես մի բան…

ԿԻՆ — (վիրավորված)։ Հասկանում եմ… Գի­տե՞ս, նման դեպքերում տղամարդն ինչ-որ բան էլ է ասում կնոջր։

ՏՂԱՄԱՐԴ — Ներիր, իրավացի ես… Ինձ շատ հաճելի էր… Դու…

ԿԻՆ– Ի՞նչ՝ ես։

ՏՂԱՄԱՐԴ — Դու չքնաղ էիր… Շնորհակա­լություն…

ԿԻՆ– (կտրուկ)։ Այ, հիմա կարծես թե ամեն ինչ ասվեց։ Կարող ես գնալ։

ՏՂԱՄԱՐԴ — Ես ուզում էի քեզ ասել…

ԿԻՆ– Ոչինչ պետք չէ ասել։ Գնա…

ՏՂԱՄԱՐԴ — (անվստահ)։ Մենք կհանդի­պե՞նք։

ԿԻՆ — Իհարկե, հենց փլավ եփեմ, անպայ­ման կհրավիրեմ։

ՏՂԱՄԱՐԴ — Փլավի մասին կատակով ասացի։

ԿԻՆ — Ես նույնպես… Իսկ հիմա իսկապես լավ կլինի, որ գնաս։

ՏՂԱՄԱՐԴ – Վռնդո՞ւմ ես։

ԿԻՆ– Կարելի է և այդպես ասել։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ սո՞ւրճը։

ԿԻՆ — Արդեն ավելորդ է… կամ ինչպես քիչ առաջ ասացիր՝ ուրիշ անգամ։ (Հիշելով հագի վերնաշապիկի մասին։) Կներես, սխալմամբ օգտվեցի քո վերնաշապիկից։ Ես հիմա… (Գնում է դեպի ննջարան։)

ՏՂԱՄԱՐԴ — Պետք չէ։

ԿԻՆ– Ի՞նչ է նշանակում՝ պետք չէ։ Այդ տես­քով փողոցի բոլոր շներին սարսափահար կա­նես։ (Վերադառնում է խալաթով, վերնաշապիկը ձեռքին։) Խնդրեմ։ Ափսոս, մի քիչ ճմրթվել է… կարող եմ արդուկել։

ՏՂԱՄԱՐԴ — (վերցնելով վերնաշապիկը)։ Քեզ վիրավորեցի՞։

ԿԻՆ — (հազիվ զսպելով արցունքները)։ Աստ­ված իմ, ի՞նչ վիրավորելու մասին է խոսքը։ Պարզապես այսօր շատ զբաղված եմ…

ՏՂԱՄԱՐԴ — Քիչ առաջ լրիվ ուրիշ տպավորություն էր։

ԿԻՆ — Քիչ աոաջ՝ դա քիչ առաջ էր։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ հիմա՞։

ԿԻՆ — Իսկ հիմա պարզվում է՝ արդեն ժամը երկուսն անց է։

ՏՂԱՄԱՐԴ – Հետո՞ ինչ։

ԿԻՆ – Ո՞նց թե՝ «հետո ինչ»։ Եթե ամեն հա­ճախորդի վրա այդքան ժամանակ վատնեմ…

ՏՂԱՄԱՐԴ – Հաճախորդի՞… Ինչպե՞ս թե՝ հաճախորդի։ Իսկ ես կարծում էի…

ԿԻՆ — Որ դու իմ երազանքների ասպե՞տն ես: Արագացրու, քեզ ասացի, և աշխատիր շենքից աննկատ դուրս գալ՝ չեմ ուզում ավելորդ խո­սակցությունների առիթ դառնալ… Վերնաշա­պիկդ էլ հագիր։

ՏՂԱՄԱՐԴ — Անհանգստանում ես շների համա՞ր։

ԿԻՆ — Բա էլ ո՞ւմ։

ՏՂԱՄԱՐԴ — Ուրիշ ոչ ոք չկա՞։

ԿԻՆ — Կա, բայց պարզվում է, որ շները շատ ավելի հավատարիմ են։

ՏՂԱՄԱՐԴ — Այո… երևի… (Դռան մոտ շրջվում է։) Կարո՞ղ եմ մի հարց տալ։

ԿԻՆ – Խնդրեմ։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ միանգամից չասացիր

ԿԻՆ – Ի՞նչ չասացի։

ՏՂԱՄԱՐԴ — Դե, որ դու…

Կ Ի Ն — Ասա, մի ամաչիր։

ՏՂԱՄԱՐԴ — Կարևոր չէ… (Շրջվում է։)

ԿԻՆ — Աստված իմ, ինչպիսի՜ նրբանկատու­թյուն… Գիտե՞ս, քեզ նման երանելիի վերջին անգամ հանդիպել եմ մանկապարտեզում: Բայց դա լրիվ ուրիշ պատմություն է։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ պատմություն։

ԿԻՆ — Փոքրիկ տղայի և փոքրիկ աղջկա մասին… Կուզե՞ս պատմեմ։

ՏՂԱՄԱՐԴ — Կարիք չկա։

ԿԻՆ — Հասկանում եմ, շտապում ես և դատարկամիտ խոստովանությունների կարիք  չունես։

ՏՂԱՄԱՐԴ — Դե չէ… պարզապես, ինձ հա­մար անսպասելի էր…

ԿԻՆ — (ծիծաղում է)։ Որ գիշերն անցկացրել ես թեթև վարքի տեր կնոջ անկողնո՞ւմ…

ՏՂԱՄԱՐԴ — Դա նկատի չունեի։

ԿԻՆ — Իսկ ի՞նչը… Գուցե այն, որ միամիտ խախտեցիր բարոյական օրենքներից զուրկ կանանց հետ շփվելու կանոնակա՞րգը։ Եվ հիմա ափսոսում ես, որ չափից ավելի սիրալիր էիր սովորական մարմնավաճառի հետ։

ՏՂԱՄԱՐԴ — Ես… չեմ զղջում։

ԿԻՆ – Ասացե՜ք, խնդրեմ…

ՏՂԱՄԱՐԴ — Բայց…

ԿԻՆ – Ի՞նչ՝ բայց։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ նախօրոք չասիր: Դրա մեջ վատ բան չկա։

ԿԻՆ — Ի՞նչ ես թութակի պես կրկնում՝ ինչու չասի՜ր, ինչու չասի՜ր։ Իսկ դու ո՞նց ես պատկե­րացնում, գիշերվա կեսին կանգնեի ու հայտարարեի. «Գիտե՞ս, սիրելիս, ես սուրբ չեմ, այլ ըն­դամենը՝ սովորական պոռնիկ, որը սեր է վաճա­ռում առաջին պատահած այցելուին…»։ Դա՞ էիր ուզում… (Հուզված։) Ասա, ի՞նչ ես լռում։

ՏՂԱՄԱՐԴ — Հանգստացիր։

ԿԻՆ – Կներե՛ս… Հետո, ես համոզված էի, որ ինքդ կհասկանաս։ Գիտե՞ս, կան բաներ, որ մեր տարիքում պարզ են, կարիք չկա ավելորդ ան­գամ խոսել դրանց մասին… Թե՞ ծանր մանկու­թյուն ես ունեցել։

ՏՂԱՄԱՐԴ — Կարևոր չէ։

ԿԻՆ — Ճիշտ է։ Կարևորը բավականությունն է, որ ստացար… Հուսով եմ, հաճախորդը դժգո­հելու առիթ չունի։

ՏՂԱՄԱՐԴ — (չոր)։ Ոչ, ամեն ինչ պատշաճ մակարդակի վրա էր։

ԿԻՆ – Շնորհակալություն։ Կլիենտի գնահա­տականը մեր գործում շատ կարևոր է։

ՏՂԱՄԱՐԴ — Տեսնում եմ, լավ փորձ ունես։

ԿԻՆ – Չես սխալվում։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ պիտի վճարեմ։

ԿԻՆ – Ոչինչ։

ՏՂԱՄԱՐԴ – Այսի՞նքն…

ԿԻՆ — Դու իմ հոբելյանական հաճախորդն ես, այնպես որ, ֆիրման ծախսերը վերցնում է

իր վրա։

ՏՂԱՄԱՐԴ – Այսի՞նքն։

ԿԻՆ – Այսինքն՝ քեզ նվեր է անում։ Շնորհա­վորում եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն։ Եվ ինչպե՞ս է կոչվում ձեր այդ բարեգործական հիմնարկը։

ԿԻՆ – Ի՞նչ նշանակություն ունի։

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ, դուք գովազդի կարիք չունեք։

ԿԻՆ — Ճիշտ կռահեցիք, մենք գովազդի կարիք չունենք։ Առանց այդ էլ շատ ծանրաբեռնված ենք աշխատում։

ՏՂԱՄԱՐԴ – Ես նկատեցի… Բայց, այնու­ամենայնիվ, ինչպե՞ս է կոչվում ձեր ֆիրման, եթե, իհարկե, գաղտնիք չէ։

ԿԻՆ — Չէ, ի՞նչ գաղտնիք… ընդհակառակը։ Ինչպես նկատեցիք, մենք միանգամայն թափանցիկ ենք աշխատում։

ՏՂԱՄԱՐԴ — Նկատեցի։ Շատ գովելի է։

ԿԻՆ – Շնորհակալություն։ Ի դեպ, եթե ուզում եք շնորհակալական նամակ ուղղել ղեկավա­րությանը, կարող եք բանավոր ասել: Ես կփո­խանցեմ։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ միայն նամակ։

ԿԻՆ — Որքան հասկացա, պարոնը ցանկա­նում է նորից մեզ այցելել։

ՏՂԱՄԱՐԴ — Ասենք թե…

ԿԻՆ —  Օ՜, դա շատ հաճելի անակնկալ է մեզ համար։ Բայց հիշեցնեմ, որ հաջորդ այցելությունը կլինի վճարովի:

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ։

ԿԻՆ — Իհարկե, որպես մշտական հաճա­խորդ, ձեզ կտրամադրվեն համապատասխան զեղչեր…

ՏՂԱՄԱՐԴ — Անպայման կօգտվեմ զեղչերից։ Բայց չասացիք, ինչպես է կոչվում ձեր կազմակերպությունր։

ԿԻՆ – «Կակտուս»։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ։

ԿԻՆ — «Կակտուս»։ Ինչ է, բուսաբանության հետ է՞լ խնդիրներ ունեք:

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, բուսաբանության հետ ես ոչ մի խնդիր չունեմ:

Դադար։

ԿԻՆ – Ուրիշ հարցեր կա՞ն։

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, երևի՝ չէ։

ԿԻՆ – Դե, ուրեմն, գնաք բարով…

Տղամարդը մոտենում է դռանը, զանգում է նրա հեռախոսը։

ՏՂԱՄԱՐԴ — Լսում եմ… Այո, արդեն քաղաքում եմ… Ինքնա­թիռն ուշացումով թռավ… Հենց նոր վայրէջք կատարեց… Չէ, դիմավորելու կարիք չկա։ Շու­տով կլինեմ։ (Անջատում է հեռախոսը։) Սա…

ԿԻՆ – Հասկացա՝ խոհարարն էր։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ…

ԿԻՆ — Ուզբեկական փլավի մասնագետը։ Ճի՞շտ կռահեցի։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ։

ԿԻՆ — Կապ չունի։ Բոլոր դեպքերում այսօր դու քո ճաշը հաստատ կերար։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ իմաստով։

ԿԻՆ – Եսի՞մ… Դու էլ, հակառակի նման, կուշտ ես… Ո՞նց ես փլավի տակից դուրս գալու, չգիտեմ։ (Գնում է խոհանոց։)

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ես կպել այդ փլավից։ Իմիջիայլոց, նույնիսկ գաղափար չունեմ, թե ինչ տեսք ունի այդ…

Կինը վերադառնում է՝ մի ձեռքում կաթով բաժակ, մյուսում՝ բուտերբ­րոտ։

ԿԻՆ – (ուտելով)։ Փլա՞վը…

ՏՂԱՄԱՐԴ — Այո։

ԿԻՆ — Ուրեմն, գոնե այդ հարցում նա առա­վելություն չունի իմ նկատմամբ։ Մնում է պարզել, ուրիշ ի՞նչ պատճառ կար, որ քո ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարեց իմ ննջարանում։ Բայց դա արդեն ինձ չի հուզում։ Այնպես որ, ցտեսություն։

ՏՂԱՄԱՐԴ — Սպասիր…

ԿԻՆ — Եվ աշխատիր չաղմկել։ Առանց այդ էլ հարևաններս ինչ ասես խոսում են իմ մասին։

ՏՂԱՄԱՐԴ — Քո ոչ մի խոսքին չեմ հավատում։

ԿԻՆ — Ի՞նչը նկատի ունես։

ՏՂԱՄԱՐԴ — Նկատի ունեմ «կակտուս­ներն» ու մնացած հիմարությունները։ Երեկ երեկոյան…

ԿԻՆ – Ի՞նչ՝ երեկ երեկոյան…

ՏՂԱՄԱՐԴ — Ես չէի կարող սխալվել։

ԿԻՆ – Ինչո՞ւ։

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ տեղի ունեցավ այնտեղ… (Նկատի ունի ննջարանը։) Շատ անկեղծ էր, այդպես հնարավոր չէ խաղալ…

ԿԻՆ — Ես չէի խաղում։ Պարզապես օգնում էի հարկադիր վայրէջք կատարած ուղևորին։ Դա… իմ աշխատանքն է։

ՏՂԱՄԱՐԴ – Ո՛չ:

ԿԻՆ – Լավ, ինչպես կուզես…

ՏՂԱՄԱՐԴ — Խնդրում եմ, ասա…

ԿԻՆ — Ի՞նչ ասեմ։

ՏՂԱՄԱՐԴ — Ասա, որ ամեն ինչ հորինել ես։

ԿԻՆ – Ոչինչ էլ չեմ հորինել։

ՏՂԱՄԱՐԴ — Հորինել ես։ Համոզված եմ, որ ոչ մի «կակտուս» էլ չկա։

ԿԻՆ — Լավ, ասենք թե՝ չկա։ Դա ի՞նչ է փո­խում։

ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ…

ԿԻՆ — (տխուր ժպիտով): Թվում է, մեր մասին ենք խոսում։ Բայց…

ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ՝ բայց։

ԿԻՆ– Բայց իրականում՝ միայն քո։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ իմաստով։

ԿԻՆ — Քեզ միայն քո «ես»–ն է հուզում՝ քո չբավարարված «ես»–ը։ Քեզ չի գոհացնում սովորական այցելուի կարգավիճակը։ Դու ուզում ես ստանալ նաև «երազանքների ասպետի» տիտղոսը… Այո, այո, խոսքն իմ մասին չէ։ Հինգ րոպե հետո դու ամեն ինչ կմոռանաս՝ ինձ, ան­կողինը, շռայլ խոսքերդ… Կմնա միայն թերի բավարարվածության զգացումը՝ բութ ու ճար­պակալած զգացում: Եվ դա է միակ պատճա­ռը, որ այստեղ ես։ Դեռ ամեն ինչ չես ստա­ցել… Հիմա դու պայքարում ես լիակատար հաղթանակի համար…

ՏՂԱՄԱՐԴ — Ես սուրճ եմ ուզում։

ԿԻՆ — Արդեն սառն է։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ, սառը կխմեմ։ (Նստում, խմում է սուրճը։ Հանկարծ նկատում է սե­ղանի եզրին դրված ծաղկամանով կակտուսը Հասկանալով՝ ժպտում է։)

ԿԻՆ — (ծաղկամանը վերցնում է սեղանից, շփոթված)։ Լավ, ասենք, ոչ մի կակտուս չկա։ Ես պարզա­պես անհատ ձեռներեց եմ:

ՏՂԱՄԱՐԴ — Դա արդեն ամեն ինչ փո­խում է։

ԿԻՆ – Այդպե՞ս ես կարծում։

ՏՂԱՄԱՐԴ — Այո։

ԿԻՆ – Ի՞նչը։

ՏՂԱՄԱՐԴ — Ես հասկացա, որ դու պար­զապես սուտասան ես։

ԿԻՆ — Ինքնաթիռների չվացուցակի մասին հեքիաթն է՞լ ես մոգոնեցի։

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, ինքնաթիռների մասնա­գետը ես եմ։

ԿԻՆ — Շատ հաճելի էր ծանոթանալ։ Դե, ի, մասնազիտության մասին արդեն գիտես…

ՏՂԱՄԱՐԴ — Դեռ ոչ:

ԿԻՆ – Երեխան բութ էր ու շատակեր…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը նկատի ունես։

ԿԻՆ – Փլավը…

Ծիծաղում են։ Հեռախոսազանգ։

ՏՂԱՄԱՐԴ — (պատասխանում է)։ Ասացի՝ շուտով կլինեմ… Մի անհանգստանա։ (Անջատում է:)

ԿԻՆ — Դե ինչ, սուրճն էլ խմեցիր։ Կարծում եմ, ժամանակն է հավաքել իրերը և…

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ձվածե՞ղը։

ԿԻՆ – Տանը կուտես։

ՏՂԱՄԱՐԴ  — Տունս հեռու է… այստեղ գործով եմ:

ԿԻՆ – Պարզ է…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչն է պարզ։

ԿԻՆ — Սովորական ճղճիմ պատմություն՝ գործուղում, ազատ երեկո, միամիտ զոհ… Թեև զոհն այս դեպքում, ինչպես պարզվեց, այնքան էլ միամիտ չէր։ Բայց կարծում եմ, ընդ­հանուր առմամբ ճիշտ ներկայացրի քո ստեղծագործ մտքի փայլատակումները։

ՏՂԱՄԱՐԴ — Չես սխալվում։

ԿԻՆ — (տխուր ժպիտով)։ Շնորհակալություն անկեղծության համար։ Իսկ պայուսա՞կը… Գոր­ծուղում գնալիս ընդունված է ճամփորդական պայուսակ վերցնել։

ՏՂԱՄԱՐԴ — Ես ընդամենը երկու օրով…

ԿԻՆ — Ու որոշեցիր ժամանակ չկորցնել։ Գովելի է… Հենց առաջին երեկոյից անցար գործի։ (Դադար։) Գիտե՞ս, ես չեմ զղջում։ Վերջ ի վերջո, սրա մեջ լավ բան էլ կա՝ հանդիպե­ցինք, բաժանվեցինք, մոռացանք։ Առանց ավե­լորդ զիզի-բիզի բաների՝ առողջ ֆիզիկական պահանջների բավարարում… Ձվածեղ կուտե՞ս։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ։

ԿԻՆ — Կարծեմ ձվածեղ էիր ուզում… Հիմա կպատրաստեմ (Գնում է խոհանոց, այնտեղից:) Ձվածեղն ինչո՞վ ես սիրում… երշիկո՞վ, պանրո՞վ, լոլիկո՞վ։

ՏՂԱՄԱՐԴ — Ձվով… (Անհանգիստ նայում է ժամացույցին։) Արդեն ժամը երեքն է։

ԿԻՆ – Հետո՞ ինչ։

ՏՂԱՄԱՐԴ — Ասացիր, որ զբաղված ես։

ԿԻՆ – Ոչինչ, ամեն օր չէ, որ մերձավորին կերակրելու հնարավորություն է ընձեռվում։ Վերջ ի վերջո, տառապյալներին օգնելը մեր սուրբ պարտականությունն է։

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ՝ ձեր։

ԿԻՆ — (ներս է մտնում ձվածեղի ափսեով)։ «Կակ­տուս» ֆիրմայի աշխատակիցների։ Փորձիր, եթե աղը քիչ է, կավելացնեմ։

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, շատ համեղ է…

Տղամարդն ուտում է, Կինը նայում է նրան։

ԿԻՆ – Ճիշտ են ասում՝ սոված տղամարդը…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ։

ԿԻՆ – (ծիծաղում է)։ Մոռացա… Դու այնպես համով ես ուտում՝ չփչփացնելով…

ՏՂԱՄԱՐԴ — Կներես։

ԿԻՆ – Ինձ կներես… Անընդհատ խանգարում եմ։

ՏՂԱՄԱՐԴ — Չէ…

ԿԻՆ — Դու կեր, ինձ վրա ուշադրություն մի դարձրու… Խմել կուզե՞ս։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ կարելի՞ է։

ԿԻՆ (բերում է շիշը, լցնում բաժակները։) Ի՞նչ է նշանակում «կարելի է»։ Առջևում ընդամենը երկու օր է։ 48 ժամ, և կյանքը, սա­տանան տանի, կա՛-վա՛րտ-վի՛…

ՏՂԱՄԱՐԴ — (անսպասելի լրջանալով)։ Ի՞նչ։

ԿԻՆ – (ծիծաղելով)։ Նկատի ունեմ այս կյան­քը։ Կենա՛ցդ, իմ երազանքների ժամանակավոր ասպետ։

ՏՂԱՄԱՐԴ — Դու զարմանալի կին ես։

ԿԻՆ – Համոզված եմ, որ այդ տափակությու­նը կրկնել ես հազար անգամ, հազարավոր ամենագորշ ու պարզունակ կանանց։ Բայց, միևնույն է, հաճելի է լսել… (Խաղում է։) Իսկա­պե՞ս, իսկապե՞ս ես զարմանալի եմ…

ՏՂԱՄԱՐԴ — Շատ։

ԿԻՆ — Չէ, այդպես չէ։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ինչպե՞ս։

ԿԻՆ — Նախ, դու պետք է զարմացած ձեռ­քերդ պարզես։ Այ, այսպես…

ՏՂԱՄԱՐԴ – Հետո՞։

ԿԻՆ — Հետո վեր թռչես տեղիցդ, ծնկի իջնես ու շշուկով ասես. «Շա՜տ, դու շա՜տ զարմանալի կին ես»։

ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է։

ԿԻՆ – Ոչինչ էլ պարզ չէ, ամենակարևորը մոռացանք։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը։

ԿԻՆ – Համբույրը…

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ համբո՞ւյրն ինչի համար։

ԿԻՆ – Համբույրը կհաստատի քո պոռթկումի անկեղծությունը… Դե ինչ, փորձե՞նք։

ՏՂԱՄԱՐԴ – Հիմա՞։

ԿԻՆ – Բա էլ ե՞րբ: Մոռանո՞ւմ ես, որ մեզ քիչ ժամանակ է մնացել… Եվ այսպես… (Խաղում է։) Իսկապե՞ս… իսկապե՞ս զարմանալի կին եմ։

ՏՂԱՄԱՐԴ – Շա՜տ։

ԿԻՆ — Չէ, ձեռքերը մոռացար։

ՏՂԱՄԱՐԴ — (ձեռքերը պարզած)։ Շա՜տ։

Կ Ի Ն — Հիմա ծնկի իջիր և համբուրիր։

Տղամարդը փորձում է համբուրել։

ԿԻՆ — Չէ, շատ մի ոգևորվիր, ընդամենը թատրոն էր։

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞նց թե՝ թատրոն էր։

ԿԻՆ — Հա։ Մենք էլ ներկայացում էինք խա­ղում՝ «Ռոմեո և Ջուլետ»

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ թատրոնում չե՞ն համբուրվում։ «Ռոմեո և Ջուլետ»–ի մեջ, ինչքան գիտեմ, այդ անչափահասները լավ էլ համբուրվում են։

ԿԻՆ – Համբուրվում են, բայց ոչ իրական։

ՏՂԱՄԱՐԴ – Այսի՞նքն։

ԿԻՆ — Չգիտեմ…

ՏՂԱՄԱՐԴ – Դե, որ չգիտես, խելոք նստիր ու մի դիմադրիր։ (Փորձում է համբուրել։)

ԿԻՆ – Սպասի՛ր։ Հիշեցի՛։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ հիշեցիր։

ԿԻՆ — Հիշեցի՝ թատրոնում ինչպես են համ­բուրվում։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս։

ԿԻՆ — Այ, այսպես… (Ցույց է տալիս։) Շուրթերը մոտեցնում են, հետո աննկատ շրջվում ու իբր թե համբուրվում են։ Բայց իրականում ոչինչ էլ չեն անում…

ՏՂԱՄԱՐԴ — Բա ի՞նչ են անում։

ԿԻՆ — Այսպիսի ձայներ են հանում՝ «օ՜հ», «ա՜»։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ։

ԿԻՆ – Իբր, շատ գայթակղված են…

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, գայթակղվելիս պետք է «օ՜հ», «ա՜» ասե՞լ։

ԿԻՆ — Ընդհանրապես՝ երևի ոչ, բայց թատ­րոնում այդպես ավելի արտահայտիչ է։

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ համար։

ԿԻՆ – Հանդիսատեսի։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի պարզապես համբուրվեին։

ԿԻՆ – (զարմացած): Դու ո՞նց ես պատկերաց­նում, ամեն երեկո այդ խեղճ դերասանները բարձրանան բեմ ու լպստեն իրա՞ր։

ՏՂԱՄԱՐԴ — Հա։ Ի՞նչ կա որ։

ԿԻՆ – Իսկ եթե, ասենք, մեկի ատամը ցավո՞ւմ է։

ՏՂԱՄԱՐԴ — Հիմա քո ատամը ցավո՞ւմ է։

ԿԻՆ – Չէ, որպես օրինակ ասացի։

ՏՂԱՄԱՐԴ — Աստված իմ, ինչքան դժվար է ապրել խելացի կնոջ հետ։ (Կանգնում է աթոռին։) Ժողովո՛ւրդ, նայեք ինձ և խղճացեք ձեզ։

ԿԻՆ – Պատկերացնում եմ՝ ինչ շրջապատում ես մեծացել… Լավ, էլ թատրոնի մասին բան չեմ ասի։

ՏՂԱՄԱՐԴ — Քո կարծիքով, մենք թատ­րոնի մասի՞ն էինք խոսում։

ԿԻՆ – Չէ՞…

ՏՂԱՄԱՐԴ — Չէ։ Ընդամենը ուզում էի քեզ համբուրել։ Բայց դու այնպես բարդացրիր, որ իսկապես դարձավ թատրոն։

ԿԻՆ — Կներես։ Պարզապես ինձ թվաց, որ այդպես ավելի հետաքրքիր կլինի։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը։

ԿԻՆ – Համբույրը։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս թե՝ ավելի հետաքրքիր։

ԿԻՆ — Դե, պայմանական։ Հասկանո՞ւմ ես, սովորականը մենք արդեն գիտենք՝ ոնց է լինում։ Հիմա էլ արհեստականը փորձենք։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ համար։

ԿԻՆ — Ընդհանուր զարգացման։ Չե՞ս ուզում քեզ մի քիչ դերասան զգալ։

ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ…

ԿԻՆ — Դրա համար էլ ասում եմ՝ արի փորձենք։

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հասկանում, լո՞ւրջ ես ասում։

ԿԻՆ — Միանգամայն… Ուզո՞ւմ ես՝ երդվեմ…

ՏՂԱՄԱՐԴ — Հա։

ԿԻՆ — Երդվում եմ… աշխարհի բոլոր համա­պատասխան սրբերով։

ՏՂԱՄԱՐԴ — Լավ, համոզեցիր։ Հիմա ի՞նչ պետք է անեմ։

ԿԻՆ — Մոտեցիր ինձ… Մի վախեցիր։ Հիմա շրջվիր, այտդ մոտեցրու ու…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ՝ «ու»։                     I

ԿԻՆ– Ձայներ հանիր՝ իբր համբուրվում ենք։

Տղամարդն անհեթեթ ձայներ է հանում։

ՏՂԱՄԱՐԴ – Հիմարությո՛ւն։

ԿԻՆ – Անկեղծ ասած՝ իմ դուրն էլ չեկավ։

ՏՂԱՄԱՐԴ — Որ ասում էի՞…

ԿԻՆ — Բոլոր դեպքերում պետք էր ստուգել, որ հաստատ իմանայինք։

ՏՂԱՄԱՐԴ — Երբեք չէի ուզենա թատրո­նում աշխատել։

ԿԻՆ – Ինչո՞ւ։

ՏՂԱՄԱՐԴ – Որովհետև ամեն անգամ համբուրվելու փոխարեն, պարզվում է, այբուբե­նը պիտի արտասանեմ. Մեսրոպ Մաշտոցն էլ չէր դիմանա այդ կտտանքներին։

ԿԻՆ — Թատրոնում, համբուրվելուց բացի, ուրիշ բաներ էլ են անում։

ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ է, ես էլ եմ ուզում համբուրվելուց բացի… ուրիշ բաներ անել…

ԿԻՆ — (ոտքի է կանգնում)։ Սպասիր… ես… կենաց եմ ուզում ասել։

ՏՂԱՄԱՐԴ — Քիչ հետո չի՞ լինի։

ԿԻՆ — Չէ, քիչ հետո ուշ կլինի։ Եվ հետո, ես գիտեմ, որ քո քիչն այնքան էլ քիչ չէ:

ՏՂԱՄԱՐԴ — Լավ, միայն արագ։

ԿԻՆ — (լցնում է բաժակները)։ Մեր սիրո կե­նացը։ Լա՞վ ասացի… Ինչո՞ւ չէ։ Արի պատկերացնենք, որ մենք խելագարի պես սիրում ենք միմյանց… Չէ, ավելի լավ է՝ դու ես խելագարի պես ինձ սիրում, իսկ ես…

ՏՂԱՄԱՐԴ — «Կակտուս»–ի բոլոր հաճա­խորդներին։

ԿԻՆ — Ոչ բոլորին, միայն մեկին։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ մնացածի՞ն…

ԿԻՆ – Մնացածին գժի պես հարգում եմ։

ՏՂԱՄԱՐԴ – Խմեցի՞նք։

ԿԻՆ – Խմեցի՛նք։

Խմում են։

ՏՂԱՄԱՐԴ — (հանդիսավոր)։ Դե ինչ, ահա և եկավ վաղուց սպասված իսկության պահը։

ԿԻՆ – Ի՞նչ պահ։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկության… Մի խանգարիր… Հիշում եմ, դուք սիրո մասին ինչ-որ բան էիք ասում, տիկին։

ԿԻՆ — (իբր վախեցած)։ Ե՞ս… սիրո մասի՞ն… բա՞ն էի ասում։

ՏՂԱՄԱՐԴ — Այո։ Եվ չփորձվե՛ք հրաժար­վել ձեր ասածից։

ԿԻՆ– Օ՜-օ-օ…

ՏՂԱՄԱՐԴ — Այս անգամ դա ձեզ չի հա­ջողվի, մադամ։

ԿԻՆ — Աստված իմ, ուզում եք ասել, որ ես…

ՏՂԱՄԱՐԴ — Այո, տիկին, ես վկաներ ունեմ։

Կ Ի Ն – Որտե՞ղ են նրանք։

ՏՂԱՄԱՐԴ – Ովքե՞ր։

ԿԻՆ – Ձեր վկաները։

ՏՂԱՄԱՐԴ — Այստեղ։ (Բնական է, որ խոս­քը հենց իր մասին է։)

ԿԻՆ – Ուրեմն, դուք պնդում եք, որ քիչ աոաջ ինչ-որ բանե՞ր եմ ասել սիրո մասին։

ՏՂԱՄԱՐԴ — Հարգանքներիս խորին հա­վաստիքը, մադամ, բայց դա է ճշմարտությունը։

ԿԻՆ — Ի՜նչ անհեթեթություն…

ՏՂԱՄԱՐԴ – Անհեթեթությո՞ւն։

ԿԻՆ – Այո, պարոն, ես չէի ասում սիրո մասին, ես գոռում էի դրա մասին։ Այ, այսպես՝ ա՜-ա՜-ա՜…

ՏՂԱՄԱՐԴ — (փորձում է փակել նրա բերանը)։ Կամա՛ց, հարևանները…

ԿԻՆ — Մի անհանգստացիր, խելագար չեմ, պարզապես մի քիչ հարբել եմ… Եվ հետո… ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ՝ հետո։

ԿԻՆ — Եթե գիտես, որ բռնաբարությունն ան­խուսափելի է, հարկավոր է թուլանալ և առավե­լագույն հաճույք ստանալ։

ՏՂԱՄԱՐԴ – Այսի՞նքն։

ԿԻՆ – Այսինքն՝ թուլացիր և աշխատիր ստա­նալ մաքսիմալ հաճույք, միևնույն է, պիտի բռնաբարեն։ (Ծիծաղում է, ինչ-որ խելագար պար է պարում, որն ավելի շատ նման է ստրիպտիզի։ Ընդհատելով պարելը։) Ինչո՞ւ ես ժպտում։

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ ժպտում։ Հիանում եմ։

ԿԻՆ – Ո՜չ, ժպտում ես։ Ես գիտեմ, որ վատ եմ պարում։

ՏՂԱՄԱՐԴ — Դու սքանչելի ես պարում։

Կինը շարունակում է պարը։

ԿԻՆ — (կտրուկ ավարտելով պարը)։ Վե՛րջ, արի խմենք։

ՏՂԱՄԱՐԴ — Այդպես էլ գիտեի։

ԿԻՆ – Ի՞նչ գիտեիր։

ՏՂԱՄԱՐԴ — Ոնց որ քո սիրած թատրո­նում՝ ամենակարևոր պահին լույսերը մարում են, կամ հերոսուհու մոտ նոր, հանճարեղ մտահ­ղացում է ծագում, որը ոչ մի կապ չունի տվյալ պահի ու իմ ցանկության հետ։

ԿԻՆ — (ծիծաղելով)։ Դու պարզապես չափի զգացում չունես։

ՏՂԱՄԱՐԴ — Այսի՞նքն։

ԿԻՆ — Այսինքն՝ հաճույքը պետք է վայելել աստիճանաբար։ Եվ հետո…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ՝ հետո։

ԿԻՆ– Կինը պետք է մի քիչ գաղտնիք մնա։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ մնա։

ԿԻՆ — Գաղտ–նի՛ք…

ՏՂԱՄԱՐԴ — Տեսնես այդ հիմարությունը ո՞վ է մոգոնել։

Կ Ի Ն — Երևի տղամարդիկ։

ՏՂԱՄԱՐԴ — Բացառվում է։ Տղամարդը նման անհեթեթություն չէր կարող հնարել։

ԿԻՆ – Ինչո՞ւ։

ՏՂԱՄԱՐԴ — Մենք հո մեր թշնամին չե՞նք։

ԿԻՆ – Չգիտեմ։

ՏՂԱՄԱՐԴ — Դու պատկերացնո՞ւմ ես նոր­մալ տղամարդու, որը տեսնելով, թե ինչպես է կինը մերկանում, հայտարարում է. «Վե՛րջ, տի­կին, պետք չէ շարունակել։ Թող մնացածը գաղտնիք մնա»։ (Բորբոքված աջ ու ձախ է գնում։ Կինը ժպտալով հետևում է նրան։)

ԿԻՆ – Գիտե՞ս, ինչն է ամենագայթակղիչը քո մեջ… Ես նույնիսկ գաղափար չունեմ, թե դու ով ես, ու նաև՝ որ քամին քեզ բերեց մեր քաղաք։ Ու ես՝ սովորական անհատ ձեռներեցս, պար­տավոր եմ սպասարկել քեզ ամենաբարձր մա­կարդակով…

ՏՂԱՄԱՐԴ — Կարծում եմ, դա բնական է։ Չէ՞ որ քո հոբելյանական հաճախորդն եմ…

ԿԻՆ – Ճիշտ է, լրիվ մոռացել էի։ Հրամայե՛ք, Ձերդ պայծառափայլություն, ձեր խոնարհ ծառան պատրաստ է կատարել ձեր բոլոր քմահա­ճույքները։

Հեռախոսազանգ։

ՏՂԱՄԱՐԴ — Լսիր, այս հեռախոսն ո՞վ է հնարել։

ԿԻՆ – Բելը։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ Բել։

ԿԻՆ — Դու ուզում ես իմանալ, ով է հնարել հեռախոսը, ես քեզ հուշում եմ՝ ամերիկացի գյուտարար Բելը, 1875 թվին… Օրացույցում եմ կարդացել։ Պատասխանիր, ես կսպասեմ։

ՏՂԱՄԱՐԴ — (խոսում է)։ Ոչինչ չի պատա­հել… Պարզապես հիմա զբաղված եմ։

ԿԻՆ — (լսափողի կողմը)։ Մենք նրան բռնաբարում ենք։

ՏՂԱՄԱՐԴ — (հեռախոսով)։ Չէ, երևի գծերն են խառնվել… Հետո քեզ կզանգեմ։

ԿԻՆ – Կներես…

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ։

ԿԻՆ – Չգիտեմ, ինչպես ստացվեց…

ՏՂԱՄԱՐԴ — Սարսափելի բան չկա…

ԿԻՆ – Գուցե իսկապե՞ս գնաս՝ քեզ սպասում են։

ՏՂԱՄԱՐԴ — Կհասցնեմ… Եվ հետո…

ԿԻՆ – Ի՞նչ…

ՏՂԱՄԱՐԴ — Այնտեղ, որտեղ ինձ սպասում են, հաստատ հոբելյանական հաճախորդ չեմ։

ԿԻՆ– Իսկ որտե՞ղ են քեզ սպասում։

ՏՂԱՄԱՐԴ — Կարևոր չէ։

ԿԻՆ – Հետաքրքիր է իմանալ, դու ո՞վ ես։

ՏՂԱՄԱՐԴ — Կարող եմ ասել։

ԿԻՆ — Չէ, պետք չէ… Այսպես ամեն ինչ շատ ավելի խորհրդավոր է։ Համենայնդեպս, ինձ համար…

ՏՂԱՄԱՐԴ — Դու իսկապես չե՞ս ուզում իմանալ՝ ես ով եմ։

ԿԻՆ — Չէ, բայց եթե ցանկանում ես, կարող եմ գուշակել։

ՏՂԱՄԱՐԴ — Փորձիր։

ԿԻՆ – (ուշադիր զննում է)։ Դու շատ հայտնի կինոռեժիսոր ես, եկել ես մեր քաղաք քո նոր ֆիլմի համար։ Հանկարծ տեսար ինձ ու հաս­կացար, որ միայն ես կարող եմ խաղալ գլխա­վոր դերը։ Հիմա կհայտարարես այդ մասին, ես երջանկությունից կցատկեմ քո գիրկը, և դու մո­տակա երկու օրը ինձ հետ կանես այն ամենը, ինչ կամենաս, թեպետ, առանց այդ էլ, կարծես, ամեն ինչ արեցիր…

ՏՂԱՄԱՐԴ – Տպավորի՛չ է։ Հետո՞։

ԿԻՆ — Հետո կպարզվի, որ դու այդ նույն առաջարկն արել էիր ևս երկու հարյուր ուրիշ միամիտ աղջիկների։

ՏՂԱՄԱՐԴ — Չկռահեցիր։

ԿԻՆ — Դե, եթե ոչ երկուհարյուր, գոնե հար­յուր իննսունութ։

ՏՂԱՄԱՐԴ — Չկռահեցիր։

ԿԻՆ – Այսինքն, դու կինոռեժիսոր չես։

ՏՂԱՄԱՐԴ — Ցավոք, ոչ։

ԿԻՆ — Դե լավ, շարունակենք։ Դու միլիոնա­տեր ես, սովորական միլիոնատեր։ Իսկ ես թեթև վարքի տեր, բայց շատ ազնիվ ու բարի աղջիկ եմ։ Դա շատ հայտնի ու պարզունակ պատմու­թյուն է, ինձ առանձնապես չի հետաքրքրում։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ։

ԿԻՆ – Գիտե՞ս, մոխրոտիկների մասին հեքիաթներն ինձ վաղուց չեն ոգևորում, մանավանդ՝ միլիոնատեր արքայազների մասնակցությամբ։

ՏՂԱՄԱՐԴ — Այնուամենայնիվ…

ԿԻՆ – Լա՛վ։ Դու հոգնել ես բազմաթիվ երկրպագուներից, որոնք միայն քո հարստությանն են տենչում, ու երազում ես հանդիպել մի անմեղ…

ՏՂԱՄԱՐԴ — Անհատ ձեռներեցի…

ԿԻՆ — Թեկուզ… Հիմա դու կհայտնես քո ով լինելը, ես երջանկությունից կցատկեմ քո գիր­կը, ու մոտակա երկու օրը դու կանես ինձ հետ՝ ինչ կամենաս…

ՏՂԱՄԱՐԴ — Ափսոս։

ԿԻՆ – Ի՞նչը՝ ափսոս։

ՏՂԱՄԱՐԴ — Ափսոս, միլիոնատեր չեմ։

ԿԻՆ– Իսկապե՞ս։

ՏՂԱՄԱՐԴ — Այո, բայց ինձ հետաքրքրեց հեռանկարը։

ԿԻՆ – Ի՞նչ հեռանկար։

ՏՂԱՄԱՐԴ — Ցատկելու հետ կապված։

ԿԻՆ — Ցատկելու համար անպայման չէ միլիոնատեր լինել։

ՏՂԱՄԱՐԴ — Այ, դա հուսադրում է։

ԿԻՆ — Չեմ հասկանում, քեզ իմ ցատկե՞լն է հետաքրքրում, թե՞ ճիշտ գուշակությունս։

ՏՂԱՄԱՐԴ — Որքան հասկանում եմ, մեկը մյուսից անբաժան է։

ԿԻՆ – Որոշ իմաստով՝ այո։

ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է… Ուրիշ տարբերակ­ներ կա՞ն։

ԿԻՆ — Կան։ Դու վարձու մարդասպան ես։ Քեզ հանձնարարված է վերացնել ինձ, չգիտեմ ինչու, կարծում եմ՝ դա այդքան էլ կարևոր չէ։ Դու եկել ես մեր քաղաք, գտել ինձ և վերջին պահին խղճի խայթ զգացել, ու փոխարենը տե­ղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ… Հիմա դու կհայտնես այդ մասին…

ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞ մասին։

ԿԻՆ – Դե, որ որոշեցիր ինձ չսպանել… ես եր­ջանկությունից կցատկեմ քո գիրկն ու մոտակա երկու օրը… դե, գիտես շարունակությունը… Կռահեցի՞։

ՏՂԱՄԱՐԴ — Համարյա։

ԿԻՆ – (անհանգստացած)։ Ո՞նց…

ՏՂԱՄԱՐԴ — Իմ այստեղ գտնվելը իրոք կյանքի ու մահվան հետ է կապված:

ԿԻՆ — Ի՞նչ իմաստով։

ՏՂԱՄԱՐԴ — Կարևոր չէ։ Ի դեպ, խոսելով մարդասպանների մասին՝ դու մոռացար մոլա­գարներին։

ԿԻՆ – Այսի՞նքն…

ՏՂԱՄԱՐԴ — Երեկ ուրբա՞թ էր։

ԿԻՆ – Այո։

ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն, ամեն ինչ ճիշտ է։

ԿԻՆ – Ի՞նչն է ճիշտ։

ՏՂԱՄԱՐԴ — Ամեն ուրբաթ երեկո գնում եմ սրճարան, նոր զոհ եմ գտնում ու…

ԿԻՆ – Վե՛րջ տուր…

ՏՂԱՄԱՐԴ — Անհրաժեշտ է, որ զոհը գեղեցիկ լինի ու ձվածեղ եփել իմանա…

ԿԻՆ – Վե՛րջ տուր, թե չէ կգոռամ։

ՏՂԱՄԱՐԴ — Հա, հիշում եմ, դու շատ հետաքրքրասեր հարևաններ ունես։

ԿԻՆ – Ասացի՝ վե՛րջ տուր։

ՏՂԱՄԱՐԴ — Լավ, կատակեցի, կարող ես երջանկությունից ցատկել գիրկս ու մոտակա երկու օրը… (Փորձում է գրկել։) Շարունակե՞նք…

ԿԻՆ — Չեմ ուզում…

Հեռախոսազանգ։

ՏՂԱՄԱՐԴ — (խոսում է)։ Ասացի՝ շուտով կլինեմ։ Իզուր ես անհանգստանում, ամեն ինչ լավ կլինի։ (Անջատում է։)

ԿԻՆ – (Տղամարդուն ուշադիր նայելուց հետո)։ Գիտե՞ս, սերիական մարդասպան լինելու հա­մար չափից դուրս անզգույշ ես։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ։

ԿԻՆ – Դե, այս զանգերը…

ՏՂԱՄԱՐԴ — Մի անհանգստանա, իմ գործընկերն է։

ԿԻՆ – Ո՞վ։

ՏՂԱՄԱՐԴ — Հաշվապահս։ Նա գրանցում է իմ բոլոր զոհերին։ Հասկանո՞ւմ ես, այս գործը ճշտապահություն է պահանջում՝ ո՞վ, ե՞րբ, ինչ­պե՞ս… Այ, օրինակ՝ անցյալ ուրբաթ խեղճ աղջի­կը չհասցրեց ասել իր անունը ու մենք ստիպ­ված էինք նրան գրանցել «Ջոկոնդա» ծածկանվան տակ։ Լավ չստացվեց, բայց հավաստիաց­նում եմ, նման վրիպումներ շատ քիչ են լինում մեր աշխատանքում։ Ընդհանրապես, զոհը միշտ էլ հաճույքով է ներկայանում։

ԿԻՆ – Չմոտենա՛ս…

ՏՂԱՄԱՐԴ — Լավ, ինչպես կուզես… դեռ ժամանակ ունեմ։

ԿԻՆ – Ինչքա՞ն ժամանակ։

ՏՂԱՄԱՐԴ — 48 ժամ։

ԿԻՆ – Հետո՞։

ՏՂԱՄԱՐԴ — (քմծիծաղով)։ Հետո՝ Աստված գիտի… Մարդու կյանքը մազից է կախված։ «Չի՛ք», ու չկա… Մի անհանգստանա, խոսքը քո մասին չէ։

ԿԻՆ – Ասա։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ասեմ։

ԿԻՆ – Ասա, որ սա կատակ էր։

ՏՂԱՄԱՐԴ — Ես արդեն ասացի, բայց ինձ չես լսում։

ԿԻՆ – Նորից ասա։

ՏՂԱՄԱՐԴ — Սա կատակ էր… Ուզո՞ւմ ես ապացուցեմ։

ԿԻՆ – Ինչպե՞ս… Չմոտենա՛ս… կգոռա՛մ….

ՏՂԱՄԱՐԴ — Լավ։

ԿԻՆ — Դե… ապացուցիր։

ՏՂԱՄԱՐԴ — Ես հիմա կգնամ ու դու կհա­մոզվես, որ ես մարդասպան չեմ։ (Պատրաստ­վում է հեռանալ։)

ԿԻՆ – Սպասի՛ր… հավատում եմ…

ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալություն վստա­հության համար, տիկին։

ԿԻՆ — Իրոք… Դու շատ բարի աչքեր ունես…

ՏՂԱՄԱՐԴ — Դնովի են։

ԿԻՆ — Ի՞նչ…

ՏՂԱՄԱՐԴ — Գործի գնալիս բարի աչքեր եմ հագնում, որպեսզի մոլորեցնեմ նախատես­ված զոհին…

ԿԻՆ – Նորի՞ց։

ՏՂԱՄԱՐԴ – Վե՛րջ, էլ չեմ կատակի… Արի հարբենք, այնքան վաղուց չեմ խմել։ (Լցնում է բաժակները։) Իմիջիայլոց, քո բոլոր վարկած­ները մի ընդհանուր լավ բան ունեն։

ԿԻՆ – Ո՞րն է…

ՏՂԱՄԱՐԴ — Վերջաբանը՝ երբ դու ցատ­կում ես իմ գիրկը։

ԿԻՆ — (ծիծաղելով)։ Դրան նախ պետք է արժանանալ։

ՏՂԱՄԱՐԴ — Բայց հիշում եմ, երեկոյան…

ԿԻՆ — Երեկոյան քո մասին շատ քիչ բան գիտեի։

ՏՂԱՄԱՐԴ – Իսկ հիմա՞…

ԿԻՆ — Հիմա պարզեցինք, որ ոչ միլիոնատեր ես, ոչ աստղ, ոչ էլ…

ՏՂԱՄԱՐԴ — Մարդասպան։

ԿԻՆ – Այո։

ՏՂԱՄԱՐԴ — Ուզում ես ասել, որ մնացած մասնագետները նման հաճույքի արժանի չե՞ն։

ԿԻՆ– Մնացած մասնագիտությունների տեր մարդիկ իրենք են ցատկում։

ՏՂԱՄԱՐԴ — Այսինքն, դու առաջարկում ես…

ԿԻՆ — Ես ոչինչ էլ չեմ առաջարկում…

Հեռախոսազանգ։

ՏՂԱՄԱՐԴ — Հիմա կկոտրեմ այս հեռախոսը։

Հեռախոսազանգը շարունակվում է։

ԿԻՆ – Գուցե իսկապե՞ս գնաս։

ՏՂԱՄԱՐԴ — Կհասցնեմ… Արի չշեղվենք։

Հեռախոսազանգը շարունակվում է։

ԿԻՆ – Ամուսնացա՞ծ ես։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ… արդեն՝ ոչ։

ԿԻՆ – Հասկանում եմ՝ գործուղման մեջ բոլոր տղամարդիկ ամուրի են։

ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ… Մենք իրոք բա­ժանվել ենք, բայց…

ԿԻՆ – Ի՞նչ՝ բայց։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչինչ։

ԿԻՆ – Դու նրան սիրո՞ւմ ես։

ՏՂԱՄԱՐԴ — Բանն այդ չէ։

ԿԻՆ — Կներես… երևի նման հարցեր տալու իրավունք չունեմ… Իսկ դու պարտավոր չես ինձ պատասխանել։ Մենք պարզապես արձակուրդ ենք վերցրել երկու օրով, այդպես չէ՞։

ՏՂԱՄԱՐԴ — Այդպես է…

ԿԻՆ – Ի՞նքն էր զանգում։

ՏՂԱՄԱՐԴ — Այո…

ԿԻՆ – Անհանգստանում է… ուրեմն՝ սիրում է։ Գիտե՞ս, չեմ ուզում կառուցել իմ երջանկու­թյունը, ինչպես ասում են, ուրիշի դժբախտու­թյան վրա… թեկուզ՝ երկու օրով…

ՏՂԱՄԱՐԴ — Դու ոչինչ չհասկացար։ Մենք իսկապես բաժանվել ենք, նույնիսկ, ինչպես տեսնում ես, ապրում ենք տարբեր քաղաքնե­րում։ Նա՝ այստեղ, ես…

ԿԻՆ – Քո կինն այստե՞ղ է ապրում։

ՏՂԱՄԱՐԴ – Այո:

ԿԻՆ – Ինչպե՞ս…

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հասկանում, զարմանա­լու ի՞նչ կա։

ԿԻՆ – Պարզվում է, որ դու սրիկա ես…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ…

ԿԻՆ – Այո, վավաշոտ սրիկա։ Նա քեզ սպա­սում է, իսկ դու որոշեցիր առիթր բաց չթողնել… Ինչո՞ւ ոչ… Օդանավակայանից մտար սրճարան և առաջին պատահած հիմարին տարար անկո­ղին։ Ի՜նչ է եղել՝ սովորական պատմություն…

ՏՂԱՄԱՐԴ — Այդպես չէ՞։

ԿԻՆ – Գիտե՞ս, ֆիզիկապես չեմ տանում նման սրտաճմլիկ տեսարաններ, մանավանդ, որ դրա իրավունքը չունեմ… Հասկանում եմ, դու օգտվեցիր առիթից… Ցանկացած տղամարդ երևի քեզ պես կվարվեր։ Բայց, կներես, այն­պիսի զգացում ունեմ, կարծես աղբի մեջ եմ թա­վալվել…

Դադար։

ՏՂԱՄԱՐԴ — Ես գնամ։

ԿԻՆ – Գնա՛…

Տղամարդը դուրս է գալիս։ Կինը հիստերիայի մեջ է։ Զանգում է Տղամարդու հեռախոսը՝ նա մոռա­ցել է վերցնել։

ԿԻՆ — Լսում եմ… Ոչ, այստեղ չէ։ Նա… շուտով կլինի… Հեռախո՞սը… Ի՞նչ հեռախոսը… Ա՜խ, հա… նա մոռացավ… (Անջատում է։)

Դռան զանգ։ Տղամարդը ներս է մտնում։

ՏՂԱՄԱՐԴ — Մոռացել էի հեռախոսը։

Հեռախոսազանգ։ Տղամարդը պա­տասխանում է։

ՏՂԱՄԱՐԴ — Այո, ես եմ… Ոչինչ չի պատա­հել… Չէ, նրան չես ճանաչում… Ի՞նչ է նշանակում՝ ծանոթ ձայն էր… Ո՞վ… Լավ, սպասիր, շուտով կգամ… Չենք ուշանա… (Անջատում է։) Ես չէի ուզենա այսպես հեռանալ։

ԿԻՆ – Ինչպե՞ս։

ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ, բայց երեկ երեկո­յան և այսօր ինչ-որ բան է տեղի ունենում… շատ կարևոր բան… Ես գիտեմ, որ պետք է գնամ, ես պարտավոր եմ գնալ, սակայն…

ԿԻՆ – Սակա՞յն…

ՏՂԱՄԱՐԴ — Սակայն չեմ կարող։

ԿԻՆ — Մի իմաստուն առակ կա ավանակի մասին, որը ոչ մի կերպ չի կարողանում որոշել՝ ա՞ջ կողմի խոտը ուտի, թե՞ ձախինը, ու սովից սատկում է…

ՏՂԱՄԱՐԴ — Այդ ավանակր ե՞ս եմ։

ԿԻՆ — Չէ։ Դու աջից էլ ես օգտվում, ձախից էլ… Այնպես որ, սովից հաստատ չես…

ՏՂԱՄԱՐԴ — «Սատկի», ուզում ես ասել.. Իրավացի ես, ես հաստատ ուրիշ բանից կսատկեմ… (Վերցնում է շիշը։) Կարելի՞ է…

Կինը թոթվում է ուսերը։ Տղամար­դը խմում Է։

ՏՂԱՄԱՐԴ — Շատ լավ համ ունի… Ես նույնիսկ գիտեմ՝ ինչից Է։

ԿԻՆ — (տխուր ժպիտով)։ Ընդհանրապես՝ խաղողից, բայց դու, իհարկե, կասես, որ խաղո­ղը կապ չունի, այդ ես եմ… իմ աչքերը, իմ շրթունքները…

ՏՂԱՄԱՐԴ — Այո, քո աչքերը, քո շրթունք­ները…

ԿԻՆ — Իսկ առանց հուշելու… կարո՞ղ ես նույն բանն ասել։

ՏՂԱՄԱՐԴ — Կարող եմ, բայց ինձ դուր է գալիս, երբ դու հուշում ես… Հոգնել եմ ինքնու­րույն մտածել, խոսել… Ձեր քաղաք էլ եկա իմ կամքից անկախ։

ԿԻՆ — Ես դա նկատեցի… (Ցույց է տալիս հեռախոսը։)

ՏՂԱՄԱՐԴ — Դու նույնիսկ չգիտես, որքա՛ն իրավացի ես…

ԿԻՆ – Կանայք կատվի բնազդ ունեն, թեպետ, այս դեպքում ամեն ինչ պարզից էլ պարզ է…

ՏՂԱՄԱՐԴ — Այո… Գրողը տանի, պետք է գնալ, իսկ ես փռվել եմ այս բազկաթոռին, կարծես…

ԿԻՆ– Տանը լինես…

ՏՂԱՄԱՐԴ — Կարծես տանը լինեմ…

ԿԻՆ – Ուզում ես մնա՞լ։

ՏՂԱՄԱՐԴ – Շա՜տ։

ԿԻՆ – Մնա, դեմ չեմ։

ՏՂԱՄԱՐԴ – Իսկապե՞ս։

ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ մենք արձակուրդ ենք վերցրել մեր անձնական կյանքից… Մոռա­ցա՞ր…

ՏՂԱՄԱՐԴ — Երկու օրով… Չնայած մի օրն արդեն համարյա անցավ:

ԿԻՆ — Էլի քիչ չէ։

ՏՂԱՄԱՐԴ — Իրավացի ես, քսանչորս ժամ։ (Վերցնում է հեռախոսը։)

ԿԻՆ — Ի՞նչ ես անում։

ՏՂԱՄԱՐԴ — Հաշվում եմ… 1440 րոպե… համարյա 100 հազար վայրկյան… Իսկական անվերջություն… Արի ամեն ինչ մոռանանք… 100 հազար վայրկյան ոչինչ չհիշենք։

ԿԻՆ – Չի՛ ստացվի։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ։

ԿԻՆ — Հեռախոսը։ Դու մոռանում ես հեռա­խոսի մասին։

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ ուզում հիշել հեռախոսի մասին, չեմ ուզում հիշել, որ վաղը պարտավոր եմ գնալ… 100 հազար վայրկյան ես ուզում եմ ապրել։ Գիտե՞ս, նոր հասկացա, որ երկու օրն այնքան էլ քիչ ժամանակ չէ երջանիկ լինելու համար։ Ես քեզ սիրում եմ։

ԿԻՆ – Միայն այդ էր պակաս (Ծիծաղում է։)

ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ է, միայն այդ էր պակաս։ Բայց մենք բացը կլրացնե՞նք։ (Փորձում է գրկել։)

ԿԻՆ – Գիտե՞ս, ինձ թվում է, որ միակ ճշմա­րիտ բանը որ ասացիր այս րնթացքում՝ ուզբե­կական փլավն էր։

ՏՂԱՄԱՐԴ – Ափսո՜ս…

ԿԻՆ – Ի՞նչը։

ՏՂԱՄԱՐԴ — Ափսոս, որ նկարիչ չեմ՝ կվարձեի քեզ որպես բնորդուհի և կհիանայի քո մարմնի յուրաքանչյուր գծով։ Օրինակ՝ սա ի՞նչ է… և ո՞ւր է տանում… (Շոյում է։)

ԿԻՆ – (ծիծաղում է)։ Դրա համար ոչ թե նկա­րիչ է պետք լինել, այլ բժիշկ։

ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ բժիշկ։

ԿԻՆ – Դե, որքան հասկացա, քեզ հետաքրքրում է իմ կրծքավանդակի կառուցվածքը։

ՏՂԱՄԱՐԴ — Աստված իմ, ամեն ինչ գռեհկացնելու ընդունակություն ունես։

ԿԻՆ – Ներիր…

Տղամարդը շարունակում է զգուշո­րեն մերկացնել։

ԿԻՆ — Իմիջիայլոց, երեկոյան այս ամենն արդեն տեսել ես։

ՏՂԱՄԱՐԴ – Մի՛ խանգարի…

ԿԻՆ — Սպասիր, գոնե վարագույրը փակեմ։ (Վեր է կենում։)

ՏՂԱՄԱՐԴ — Եթե իսկապես նկարիչ լինեի, իսկ դու՝ բնորդուհի, դարձյա՞լ պիտի աշխա­տեինք մութ սենյակում։

ԿԻՆ — Ցավոք, կամ ավելի ճիշտ՝ բարեբախ­տաբար, դու նկարիչ չես, և հետո…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ՝ հետո։

ԿԻՆ — Ես ամաչում եմ…

ՏՂԱՄԱՐԴ — Այսինքն՝ ես դատապարտ­ված եմ մինչև կյանքիս վերջը խլուրդի պե՞ս ապ­րել։

ԿԻՆ – Ինչո՞ւ մինչև կյանքիդ վերջը, ընդամե­նը՝ մի օր։

ՏՂԱՄԱՐԴ — Դա մոտավորապես նույն բանն է։

ԿԻՆ – Մի չափազանցրու և… մի՛ շեղվիր։

ՏՂԱՄԱՐԴ — Չէ, ես չեմ ուզում խավարի մեջ… (Բացում է վարագույրը։)

Կինը ձվածեղի ափսեն տանում է խոհանոց։

ՏՂԱՄԱՐԴ — Ներիր… Մի պահ թվաց, որ ամեն ինչ վերջացավ ու երբեք չի լուսանա… Երևի հիմարություն եմ ասում…

ԿԻՆ — (վերադառնալով)։ Չգիտեմ…

ՏՂԱՄԱՐԴ — Իսկապես չհասկացա, ինչ պատահեց։

ԿԻՆ — Մեղավորը ես էի… Ես խախտեցի խաղի օրենքները։

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ օրենքներ։

ԿԻՆ – Մեր չարաբասիկ խաղի. սկզբում մենք միլիոնատեր ու Մոխրոտիկ էինք խաղում, հե­տո՝ զոհ ու մարդասպան… Իսկ հիմա՝ նկարիչ ու բնորդուհի… Երևի վատ խաղընկեր եմ… Ավե­լի ճիշտ՝ գերագնահատեցի իմ համեստ հնա­րավորությունները՝ ես… հոգնեցի։

Հեռախոսազանգ։

ԿԻՆ – Ի՜նչ մեղք ես… Ես քեզ խղճում եմ։ Չէ, չեմ մեղադրում… պարզապես խղճում եմ։ Դուք՝ տղամարդիկ, շատ միամիտ եք։

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ կանա՞յք։

ԿԻՆ — Կանայք գիշատիչներ են։ Նրանք իրենց որսը բաց չեն թողնի, կհոշոտեն, բայց բաց չեն թողնի։ Դա բնազդ է, և դրա հետ ոչինչ անել չես կարող…

ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ նկատի ունես։

ԿԻՆ — Բոլորին… Կնոջդ, որից հեռացել ես և որը սպանում է այս զանգերով, ինձ, որ բացար­ձակապես ոչ մի իրավունք չունեմ քո նկատ­մամբ… Պատկերացնո՞ւմ ես, նույնիսկ ինչ-որ պահանջներ եմ ներկայացնում…

ՏՂԱՄԱՐԴ — Երեկ, երբ քեզ տեսա սրճարանում, ինձ թվաց, որ հուզված ես։

ԿԻՆ — Ես պետք է հանդիպեի ընկերուհուս հետ։

ՏՂԱՄԱՐԴ – Հանդիպեցի՞ր։

ԿԻՆ — Ոչ։ Նա զանգեց, որ չի կարող գալ… Փոխարենը հայտնվեցիր դու…

ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ընկերուհիդ չասա՞ց՝ ինչու չի կարող գալ։

ԿԻՆ – Չգիտեմ, ինչ-որ գործեր կային…

ՏՂԱՄԱՐԴ — Իմիջիայլոց, քո ընկերուհին իմ կինն է… նախկին…

ԿԻՆ – Ինչպե՞ս… Ուրեմն այս զանգերը… ու դու ինձ ոչինչ չասացիր…

ՏՂԱՄԱՐԴ — Ինքս էլ քիչ առաջ իմացա։ Նա ճանաչել է քո ձայնը, երբ խոսել եք հեռա­խոսով…

ԿԻՆ – Սրիկա՛…

ՏՂԱՄԱՐԴ  — Իսկապես ոչինչ չգիտեի։

ԿԻՆ – Ստո՛ւմ ես, դու ամեն ինչ գիտեիր… Եր­կու օ՛ր… 100 հազար վայրկյա՛ն… անմահու­թյո՛ւն… Իսկ ես հիմարի պես լսում էի… Գնա՛ այստեղից… (Տղամարդը գնում է դեպի դուռը, ինչ-որ բան հիշելով։) Սպասիր… Գիտեմ, որ նրա ամուսնուն… նախկին ամուսնուն պետք է վիրահատեն։

ՏՂԱՄԱՐԴ — Այո, այսօր, իմիջիայլոց՝ ձեր հիվանդանոցում։ Այնպես որ, «Կակտուս»–ի մասին հեքիաթները կարող ես ուրիշներին պատմել, չնայած պետք չէ՝ ուրիշները կարող են լուրջ ընդունել։

ԿԻՆ – Ոչինչ չեմ հասկանում… Ուրեմն դու…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ՝ ես…

ԿԻՆ – Ինչպե՞ս թե՝ ինչ… Քեզ պետք է վիրա­հատեն, իսկ մենք այստեղ…

ՏՂԱ Մ ԱՐԴ — Ուզում ես ասել՝ սիրում էինք իրար… Կարծում եմ, վատ տարբերակ չէր։

ԿԻՆ – Դեռ կատակո՞ւմ ես։ Գիտե՞ս, քեզ ինչ է սպառնում։

ՏՂԱՄԱՐԴ — Գիտեմ…

ԿԻՆ — Ոչ, դու ոչինչ էլ չգիտես… Քեզ ընդամե­նը երկու օր էր մնացել, ու եթե չհասցնեն վիրահատել…

ՏՂԱՄԱՐԴ — Մենք մեր սիրավեպը շարունակելու հնարավորություն չենք ունենա։

ԿԻՆ – Վե՛րջ տուր…

ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հասկանում, ձեզ մոտ բոլո՞ր բժիշկներն են այդպես բղավում հիվանդների վրա։

ԿԻՆ – Ինչպե՞ս չես հասկանում…

ՏՂԱՄԱՐԴ — Հանգստացիր, ինձ խոստա­ցել են…

ԿԻՆ – Ես գիտեմ, բայց՝ եթե վիրահատությունը ժամանակին կատարվեր։ Իսկ հիմա…

ՏՂԱՄԱՐԴ — Կարծում ես՝ ո՞ւշ է։

ԿԻՆ – Չգիտեմ… Ամեն ինչում ե՛ս եմ մեղավոր:

ՏՂԱՄԱՐԴ — Միայն՝ ոչ դու։

ԿԻՆ – Հասկանո՞ւմ ես, որ այդ երկու օրերը համարյա անցան։

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ թե անցան, այլ ես վայելեցի այդ սքանչելի օրերը։

ԿԻՆ — Աստված իմ, այս ի՞նչ արեցինք… Դու գիտեի՞ր, որ քեզ չէր կարելի խմել… ոչ մի կաթիլ…

ՏՂԱՄԱՐԴ — Գիտեի…

ԿԻՆ – Ինչպե՞ս… ինչպե՞ս թե՝ գիտեիր…

ՏՂԱՄԱՐԴ — Այո, գիտեի։ Բայց չէի կարող զսպել ինձ։

ԿԻՆ – Ինչո՞ւ…

ՏՂԱՄԱՐԴ — Ասացի՝ գինին շատ համեղ էր… Քո շուրթերի համն ուներ… (Փորձում է համբուրել։) Լավ ասացի, չէ՞…

ԿԻՆ — (այլայլված)։ Սպասի՛ր, ես հիմա… Մենք դեռ կհասցնենք… Հաստա՛տ կհասցնենք։ (Վազում է հագնվելու։ Լսվում է ձայնը։) Ամեն ինչ լավ կլինի… Կտեսնե՛ս, քեզ կվիրահատեն… Դեռ ուշ չէ… Հետո քեզ համար փլավ կեփեմ. իսկական ուզբեկական փլավ։ Չգիտեմ՝ ոնց են եփում, բայց կսովորեմ… Վերցնում ես բրինձը, գազարը…

Այդ ընթացքում Տղամարդը գինի է լցնում բաժակի մեջ և խմում է։ Մթնում է։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։