Սամվել ԿՈՍՅԱՆ / ԻՄ ԱՌԱՋԻՆ ՊԻԵՍԸ
Ինչպես մարդիկ, գրական գործերը նույնպես իրենց ճակատագիրն ունեն, լինելով պահանջված կամ մոռացված, հաջողակ և անհաջողակ, առաջացող ժամանակի պահանջներին համահունչ կամ որևէ թղթապանակի կամ գրադարակի մեջ բանտարկված: Իմ առաջին` «Կյանքը վանդակի կողքով» պիեսը, գոնե ինձ համար, հաջողակների շարքից է: Պիեսի գլխավոր հերոսները թռչուններն են: Ինչո՞ւ վանդակ և ինչո՞ւ թռչուններ: Ժամանակին, երբ տանը թութակ էինք պահում, հաճախ էր մտքովս անցնում, որ եթե այս թռչունները ծնվում, սատկում, սերունդ են ունենում հավերժորեն փակված լինելով վանդակի մեջ, երբ իրենց գոյության միակ միջոցը տիրոջ քմահաճույքն է, ի՞նչ կլինի, եթե հայտնվեն ազատության մեջ, փորձեն ինքնուրույն լուծել իրենց լինել-չլինելու խնդիրը: Այս մտածումն ավելի նյութականացավ Խորհրդային կայսրության փլուզումից հետո, երբ Հայաստանը՝ միության մյուս հանրապետությունների հետ, անսպասելի զրկվեց «տիրոջից», ազատության մեջ հայտնվեց և այլևս անկախ, ինքնուրույն պիտի իր ճակատագիրը տնօրիներ: Այնպիսի վիճակ էր, երբ անհայտ էին անկախության և ազատության շռայլություններն ու թակարդները, երբ ավելի իշխող էր «ինչն» ու «ինչպեսը»: Որևէ կերպ, գոնե ինքս ինձ համար, պիտի գտնեի «ինչ» ու «ինչպեսի» պատասխանը: Թեման ինքը թելադրեց ժանրի ընտրությունը: Պիեսը շատ արագ գրվեց ու երբ արդեն պատրաստ էր, հիմա էլ հարց էր, թե հետո՛ ինչ անել: Թեև ինքս գոհ էի արդյունքից, սակայն, առաջին անգամը լինելով, վստահ չէի, թե բեմադրվելու արժանի գործ է: Մյուս կողմից էլ չէի պատկերացնում այն ճանապարհը, ինչը հնարավոր կդարձներ պիեսի՝ թատրոնում հայտնվելը: Որոշ ժամանակ պիեսի մասին դադարեցի մտածել, մինչև Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան և բեմադրիչ Մովսես Ստեփանյանին հանդիպելը: Խնդրեցի՝ կարդա պիեսն ու կարծիք հայտնի: Քանի որ նույն թաղամասում էինք ապրում, արդեն նույն օրվա երեկոյան պիեսը նրան տվեցի: Անցավ մի քանի օր՝ Մովսեսից ոչ մի լուր: Թեև դժկամությամբ, որոշեցի ինքս զանգահարել: Պայմանավորվեցինք հանդիպել: Այս հանդիպումն էլ կանխորոշեց պիեսի հետագա ճակատագիրը: Մովսեսը հայտնեց, որ ոչ միայն հավանել է, այլև հասցրել է դերաբաշխում կատարել: Հրավիրեց ծանոթանալու դերասանների հետ և նրանց հետաքրքրող որոշ հարցեր պարզաբանել: Հանդիպեցի, դա իմ առաջին ու վերջին հանդիպումն էր նրանց հետ: Մովսեսին հրավիրեցին արտասահմանում աշխատելու և նա չհացրեց գործը ավարտին հասցնել: Հետո իմացա, որ պիեսը Համազգային թատրոնն է ուզում բեմադրել: Զարմացա, որ պիեսը նրանց մոտ է հայտնվել: Շատ ավելի ուշ Մովսեսը պատմեց, որ արտասահման գնալուց առաջ պիեսն ինքն է տվել Համազգայինի դերասան և բեմադրիչ Դավիթ Հակոբյանին, ասելով՝ լավ գործ է, չարժե անուշադրության մատնել: Ինչևիցե, Համազգայինում պիեսը բեմադրվեց այլ` «Գուցե փրկվենք» վերնագրով: Փորձերին չմասնակցեցի և առաջնախաղին ներկա էի ամեն ինչին անտեղյակ հանդիսատեսի պես: Ոչ թե՝ որ անտրաբեր էի, պարզապես միշտ մտածել եմ, որ անիմաստ է բեմադրիչի գործերին խառնվելը: Միայն Դավիթ Հակոբյանին խնդրել էի հնարավորինս քիչ միջամտել տեքստին: Ներկայացումը լավ ընդունվեց ոչ միայն հանդիսատեսի, այլև թատերագետների կողմից: Մոտ 7-8 թատերախոսություն տպագրվեց, բոլորն էլ դրական: 2000 թ. ներկայացումը Իրանում կայացած միջազգային թատերական փառատոնում «Գրան պրիի» արժանացավ, թարգմանվեց պարսկերեն և առանձին գրքույկով հրապարակվեց, հետագայում վերահրատարակվելով ևս երկու անգամ: «Կյանքը վանդակի կողքով»-ը բեմադրվեց նաև Իրանում: Դավիթ Հակոբյանը իմ պիեսը, մասնակի փոփոխություններով, տեղափոխեց Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի բեմ, որի առաջնախաղին ներկա էր նաև ամերիկահայ անվանի դրամատուրգ և բեմադրիչ Հրանտ Մարգարյանը, ով ներկայացումից հետո խնդրեց պիեսը: Հրանտն այն բեմադրեց Նյու Յորքի Համազգայինի թատերախմբի ուժերով: Հավանաբար ձեռնարկը հաջողությամբ էր պսակվել, քանի որ Հրանտը զանգահարեց և բառացի ասաց հետևյալը. «Սամվել Կոսյան, դու այլևս հանրաճանաչ մարդ ես Նյու Յորքում»: Ամերիկայից շնորհավորանքի զանգեր էլի եղան, տեղի հայ մամուլը բարձր գնահատեց ինչպես պիեսը, այնպես էլ բեմադրիչի աշխատանքը, նույնիսկ առաջարկեցին պիեսը անգլերեն թարգմանել, ինչի կարիքը չկար, որովհետև այն արդեն թարգմանվել և հրատարակվել էր հայ դրամատուրգների անգլերեն ժողովածուում:
Հետո դադար եղավ: Թվաց՝ այդքանով պիեսն իր միսիան ավարտեց: Սակայն, ըստ երևույթին, որոշակի ճանապարհ անցնելով, ստեղծագործությունը վերածվում է ինքնուրույն միավորի և այլևս հեղինակից անկախ, ինքն է տնօրինում իր պահանջված լինելու կամ շարունակվելու խնդիրը:
2019-ին Թատրոնի և կինոյի ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի Լուսինե Էլբակյանը, ուսանողների ուժերով, այն կրկին բեմադրեց, իսկ 2020-ին, գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր աշնանային թատերաշրջանը բացեց իմ պիեսով, այս անգամ արդեն «Թռիչք» վերնագրով: Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը թեև փոքր-ինչ շեղվել էր տեքստից, սակայն պաշտպանել էր հիմնական գաղափարը:
Հետագայում էլի պիեսներ եմ գրել, եղել են բեմադրություններ, սակայն այդ պիեսներից և ոչ մեկը չկրկնեց իմ առաջին` «Կյանքը վանդակի կողքով» պիեսի հաջողությունը: Այն թեև 25 և ավելի տարվա պատմություն ունի, սակայն մեր օրերի համար էլ նույնքան արդիական է, հաշվի առնելով, որ հասարակության մի ստվար զանգված, այդպես էլ չընկալելով ազատության և անկախության հմայքը, երազում է նորից վանդակ վերադառնալ, գոյությունը շարունակել տիրոջ, ասել է թե` Ռուսաստանի հովանու ներքո, ինչը կնշանակի, որ նոր բեմադրություններն առջևում են: