Նորայր ԱԴԱԼՅԱՆ /   ԻՄ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ

Տաղանդավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանը, որն իմ ղեկավարն էր Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, հիմնավորապես անցել էր դասական ու նորագույն գրականության պարունակներով, մի օր, երբ Հայաստանի թատերական գործիչների միության հարակից ռեստորանում սրճում էինք (այժմ այդտեղ Ֆրանսիայի դեսպանատունն է), ասաց. «Նորայր, քո պատմվածքներում ավելի շատ գործողություն կա, քան պատմողականություն, ինչո՞ւ պիես չես գրում»։ «Գրել եմ, Սուրեն Բարթուղովիչ»։ «Տուր կարդամ»։ «Յոթերորդ դասարանում մի տեսարան եմ թարգմանել Լերմոնտովի «Դիմակահանդեսից»։ «Մի՛ տուր, քոնը գրիր»։ Ես նաև արել էի մի անհաջող փորձ, գրելով «Հարսնացուն» պիեսը, որը խաղացվեց Երևանի պետական համալսարանի ուսանողական թատրոնում, և ո՞ւմ բեմադրությամբ՝ ապագա նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանի։ Երվանդը իմ եղբայր ընկերն էր՝ մինչ ի մահ։ Պատանի-երիտասարդ տարիներից հիշում եմ ևս մի քանի թատերախաղեր։ Ղափանի դրամատիկական թատրոնում հայտնվեցի։ Ռադիոթատրոնը օդ արձակեց իմ «Կապույտ Երզնկան», որը նրա, այսպես կոչված, Ոսկե ֆոնդում է և մինչև օրս էլ խոսում է ունկնդրի հետ՝ շնորհիվ ոչ միայն հորենական ծննդավայրի հանդեպ իմ կապույտ կարոտի, այլև Խորեն Աբրահամյանի ձայնի ու դերակատարման։ Ես դեռ չգիտեի Հեմինգուեյի հորդորը՝ «Երբեք մի շփոթեք շարժումը գործողության հետ» և շփոթում էի, որը մասամբ հաղթահարվեց հասուն տարիների դրամատուրգիական գրություններում։

Կա մի հարց, որն անկարևոր չէ. պիես անվանյալն ընթերցողի՞, թե՞ թատրոնի համար է գրվում։ Հիմնականում հնչող պատասխան՝ թատրոնի։ Ես համաձայն չեմ։ Երկուսի համար։ Ավելի՝ ընթերցողի, որովհետև այն նախ և առաջ գրական ժանր է՝ յուրահատուկ գործողությամբ, և այդ յուրահատուկի շնորհիվ սնում է նաև թատրոնը։ Ընտիր պիեսները գրականություն են, ցավոք, սակավ ընթերցվող, սա դրանց մեղքը չէ, այլ ընթերցողի, որը չունի դրամատուրգիա սիրելու ընդունակություն և կուլտուրա։ Ես գիտեմ շատ պիեսներ, որոնցում գիր կա, բայց գրականություն գրեթե չկա, սակայն բեմադրվում են արհեստավարժ ու աճպարար ռեժիսորների կողմից, նույնքան աճպարար դերասացների, ոչ արտիստների մասնակցությամբ։ Եվ հակառակը՝ գրականության ցուցիչով պիեսներ, որ չեն բեմադրվում կամ հազվադեպ են մուտք գործում թատրոն։ Երկու դեպքում էլ այս իրողությունը գրականություն-թատրոն կշեռքի չարաշահում է, որ չի նպաստում, այլ խանգարում է թե՛ մեկի և թե՛ մյուսի զարգացմանն ու նորացմանը։ Ասածիս արդարացումը Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարն» է՝ բարձրագույն գրականություն և միաժամանակ թատերական տեսիլք։

Ես կարծես ուշացա նշելու իմ առաջին լուրջ և ամբողջական բեմելի ծննդյան ժամանակը, անունն ու մասնակիցներին։ 1985 թվական։ (Սուրեն Աղաբաբյանն արդեն հեռացել էր, բայց շարունակում էր ապրել մեզ հետ)։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Նորայր Ադալյան, այսինքն՝ ես, «Ներկաներ և բացականեր», պիես երկու գործողությամբ։ Շփոթված էի. ես՝ պատմվածքագիրս, ի՞նչ գործ ունեմ մայրաքաղաքի գլխավոր ու նորաոճ թատրոններից մեկի բեմում, Լևոն Հախվերդյանն ի՞նչ կասի, չի՞ ասի. տեղդ նստիր՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագրի չորուցամաք աթոռին, նրանից ամեն ինչ սպասում եմ…

(Մի քանի տարի առաջ անցնելով հիշեմ, երբ իմ «Կինը և տղամարդը» դրամայի առաջնախաղն էր նույն թատրոնում, գրականագետ, բանասեր, լեզվաբան, դասախոս, թատերագետ, ժուռնալիստ, ակադեմիկոս Հախվերդյանն ինձ կոպտորեն կշտամբեց. «Բեմից ականջովս ընկավ քո մի հիմարությունը՝ «Արևը ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում»։ Հարցրեցի՝ «Իսկ ի՞նչ կասես հետևյալ տողի մասին, Լևոն՝ «Ծովը մեծ էր»։ Ավելի զայրացավ՝ «Էդ հիմարությունն էլ ես դու գրե՞լ, ծովն, իհարկե, մեծ է»։ Պատասխանեցի՝ «Երանի չէ՞ր ես գրած լինեի, ծովից մեծ Չեխովն է գրել»)։

Ներողություն։ Ետ դառնամ։ Ես անհամարձակ մտա լեփ-լեցուն հանդիսասրահ և նստեցի թե կանգնած մնացի բոլորի աչքից հեռու մի անկյունում։ Գիտեմ, օրենքի պես մի բան է, վերջում ինձ բեմ կհրավիրեն կամ բեմ կքաշեն՝ ծափահարելու իմ հիմարությունը։ Գետինը կմտնեմ՝ չեմ գնա։ Կաղապարվեցի իմ մեջ։ Ժողովուրդ ջան, ես բոլորովին ես չեմ, չգիտեմ ով եմ, մի սխալ մարդ, ավելի սխալ ու մոլորված դրամատուրգ։ Բեմն աստիճանաբար գրավեց ինձ՝ ոնց որ հարազատ ու սիրելի կյանք լիներ։ Երևի այդ հարազատությունն էր պատճառը, որ, հակառակ որոշմանս, ոգևորվեցի և ծափերի տարափի տակ բարձրացա բեմ։ Ծափերը շարունակվում էին։ Ամաչում էի և ուրախանում։ Ժողովուրդ ջան, ես ուրիշ չեմ, ես եմ։ Միայն Հախվերդյանը չէր ծափահարում, որովհետև ծովը մեծ էր և արևը ծագում էր արևմուտքից։ Ինձ ծափ ու ծաղիկներ էին նվիրում։ Այսպես եղավ իմ առաջին բեմելը։ Պիեսն ու ներկայացումն արժանացան ջերմ ընդունելության ոչ միայն ծափահարություններով, այլև բառ ու խոսքով։ Արժանահիշատակ թատերագետներ Վարսիկ Գրիգորյանը և Լևոն Մութաֆյանը վերլուծական հոդվածներ գրեցին, հատկապես շեշտելով ներկաների ու բացակաների բարոյական հակասությունը՝ վաղ թե ուշ կգա բացակայողների մի նոր սերունդ և կբարեշրջի մեր կյանքը։ Այսօր մտածում եմ՝ սա, իհարկե, բարի ցանկությունների ռոմանտիզմ էր, կյանքն ու մարդկանց շատ դժվար է բարեշրջել, ժամանակը ժամացույց չէ, որ ուզածիդ պես լարես, այն ավելի հաճախ շարունակվում է իր անցյալի բարոյական սահմանադրությամբ, ինչպես դատարաններն ու սահմանադրական դատարանը։ Դրամատուրգիան, գրականությունն ընդհանրապես, և թատրոնը պիտի գիտակցեն, որ, այո՛, ցավն է հաճախ առաջ տանում, և չխուսափեն ժամանակակիցներիս հետ խոսելու նույնիսկ դաժան ճշմարտություններից։

Ես ու Լևոն Հախվերդյանը չթշնամացանք, սահմանափակ ընկերություն էինք անում, երբեմն օղու բաժակ խփում իրար։ «Նորայր,– մեկ էլ ասում էր նա,– անկախ օղուց, արևը չի ծագում արևմուտքից և ծովն էլ, ո՞վ չգիտի, փոքր չէ»։ Ես ժպտում էի ծովին, թեև երկու հազար տարուց ավելի ծով չունենք։ Դուք էլ ժպտացեք։ Ոչ թե գեղեցկությունը, այլ սերն ու ժպիտը կլուսավորեն մութ աշխարհը։

Իմ առաջնախաղում Դրամատիկականի ստեղծագործական խումբը երևաց բազում շնորհներով, ի ցույց դրեց խաղային ու հոգեբանական տպավորիչ բեմավիճակներ։ Բեմադրությունը Արմեն Մեհրաբյանինն էր, գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Խանդիկյան։ Հատկապես Լևոն Շարաֆյանը, Լուսինե Կիրակոսյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Լևոն Մուրադյանը հանդես եկան իրենց բնորոշ արտիստիզմով, մարմնավորեցին ներկաների վարքաբանությանը հակադարձող նոր ժամանակների գալստյան տեսլականը՝ Բացակաների ժամանակի (Լևոն Մութաֆյան, «Ավանգարդ», 1987 թ., մայիսի 20)։ Վահագն Թևանյանի բեմանկարչությունը և Ֆելիքս Արամյանի երաժշտական հավաքածու կոմպոզիցիան հարազատ էին այս ամենին։ Ներկայացումը կարծես հուշում էր՝ հանդիսատե՛ս, բացականերն ավելի ներկա են…

Ինչպես երեսունհինգ տարի առաջ, այնպես էլ այսօր՝ 2021 թվականի գարնանը ես ասում եմ՝ շնորհակալություն բոլորիդ, որ կայուն ու բանուկ կամուրջ դարձաք իմ և թատրոնի միջև։

 

 

 

Անձնագիր՝

AR 0687752

Ծնվել է 30.07.1936

Տրվել է  15.05.2018

Ում կողմից՝ 010

Սոցիալական քարտ՝ 4007360049

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։