ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ. Դավիթ ԽԱՉԻՅԱՆ
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ
Մենք հազարավոր պատմություններ գիտենք պատերազմ մեկնած որդու մոր ապրումների մասին: Երևի դեռ շատերը կգրեն դրա մասին, քանզի, երևի, չկա երկրային ավելի հզոր կապ, քան մոր և որդու կապը: Բայց մենք ավելի քիչ ենք լսում կռիվ գնացած որդու հոր մասին: Միգուցե այն պատճառով, որ հայրերի արցունքներն ավելի ժլատ են, իսկ ապրումները՝ գաղտնի:
Այս պատմությունը հոր և որդու մասին է: Ավելի ճիշտ՝ երևանյան համեստ մի ընտանիքի, արվեստով և հայրենիքի ցավով ապրող: 2019 թ. Նիկը զորակոչվեց բանակ և համալրեց Պաշտպանության Բանակի շարքերը՝ Հադրութում: Հայրը՝ Գարեգինը, նրան շատ էր պատմել Արցախի մասին, և անգամ կարճատև արձակուրդները նախընտրում էին անցկացնել հենց Արցախում: Որդու ծառայությունը խթան էր, որ Գարեգինն ավելի հաճախ լինի Արցախում՝ որդուն տեսնելու և, առիթից օգտվելով, դարձյալ ու դարձյալ Արցախի եդեմական գեղեցկությունը վայելելու համար: Բայց համավարակի պատճառով կարանտին հայտարարվեց, և հանդիպումներն արգելվեցին: Եվ որքան մեծ էր Գարեգինի բերկրանքը, երբ մի օր որդուց նամակ ստացավ: Իսկական նամակ՝ սպիտակ թղթի վրա կապույտ գրիչով շարադրված. երևի որդին էլ էր հոր պես սիրում դասականությունը:
«Բարև, պապ: Ազատ րոպե ունեի և որոշեցի այս անգամ այսպես նամակ գրել քեզ: Ծառայությունս նորմալ է անցնում: Սկզբում էր մի քիչ բարդ: Դե գիտես՝ նոր պայմաններ, կազարմա, անսովոր սնունդ… Մի անգամ հիվանդացա, բայց դիմեցի բժշկին, և նա ինձ հիվանդանոց ուղարկեց: Հիմա լրիվ առողջ եմ և վերադարձել եմ շարային ծառայության: Ընկերներս լավն են, բայց գրեթե ոչ ոք ոչ մի գիրք չի կարդում կամ կարդացել: Երևի միայն «Ռոբինզոն Կրուզոն»: Բայց երբ նրանց տարբեր գրքերից հետաքրքիր բաներ եմ պատմում, ուշադիր լսում են: Բոլորն էլ հիմնականում շատ լավ տղերք են: Երբեք չեմ ափսոսում, որ այստեղ եմ ծառայում: Ծա ռայությունը բարդ է, բայց հետաքրքիր: Հրամանատարներն էլ հիմնականում լավ մարդիկ են, բայց ավելի շատ սիրում են խմել ու զրուցել անհետաքրքիր թեմաներով: Բայց դե շատ լավ սպաներ էլ կան: Իսկական նվիրյալներ: Շատ հաճախ զորավարժական տագնապներ են լինում, որ ամեն ինչի պատրաստ լինենք: Սահմանները շատ լավ հսկվում են: Այնպես որ դուք Երևանում կարող եք հանգիստ քնել:
Մի տարին թռավ: Ասում են՝ դժվարն առաջին երեք ամիսն են ու վերջին երեքը: Արդեն մտածում եմ, թե ոնց եմ շարունակելու ուսումս: Լիքը պլաններ ունեմ: Բայց, երբ զորացրվեմ, առաջին հերթին պիտի մի լավ հանգստանամ: Մի շաբաթ քնելու եմ: Հետո՝ էլի մի շաբաթ:
Ձեր գալու կարիքը բնավ չկա: Միգուցե ես ինքս արձակուրդ գամ սեպտեմբերի վերջերին: Տեսնենք: Հրամանատարս ինձ շատ է սիրում և գնահատում:
Արցախն իրոք դրախտավայր է: Սկզբում չէի ընկալում, բայց հիմա ամեն մի քարն ու թուփը հարազատ են դարձել: Էլ չեմ խոսում անտառներում կորած եկեղեցիների մասին: Մոտենում ես, շոյում տաք քարերն ու փշաքաղվում: Այստեղ դրախտային կլիմա է: Երեկոյան կողմ արևելքի կողմից՝ Մուղանի դաշտավայրից տաք օդն է բարձրանում դեպի Հադրութ, դեպի Դիզափայտ և Ազոխի քարանձավ, այնպես որ երբեք սառնամանիք չի լինում: Միայն այստեղ ես հասկացա և զգացի, թե ի՜նչ հրաշք է Արցախը: Թե ի՜նչ թանկ է այս հողը…
Դե, այսքանով ավարտեմ: Մեկի հետ նամակս կուղարկեմ, որ արագ հասնի ձեզ: Գրկում եմ: Մամային կհամբուրես իմ կողմից:
Որդիդ՝ Նիկ
Հադրութ, Արցախ»:
Սեպտեմբերի 26-ին Գարեգինը կրկին կարդաց Նիկի նամակն ու պառկեց քնելու: Վստահ էր որդու հարցում, բայց անբացատրելի տագնապը դուրս չէր գալիս սրտից: Մի կերպ լուսացրեց գիշերը: Առավոտյան առավ պատերազմի լուրը: Մտածելու բան չկար: Օրհասական պահերին ծնողական բնազդներն ավելի իմաստուն են, քան աշխարհի բոլոր խելացի գրքերը միասին: Գարեգինը նստեց իր մեքենան, ճանապարհին վերցրեց ընկերոջը, ում որդին ևս Արցախում էր, ու Սոթքով սլացավ դեպի Հադրութ: Ռազմական ոստիկանությունը թույլ չտվեց հատել սահմանը, ուստի շրջանցեց ու Քարվաճառի լեռներով հասավ Ստեփանակերտ, որտեղից էլ մի կերպ, արդեն գիշերով, իրեն գցեց Հադրութ: Մի տեղ կայանեց մեքենան, գտավ զինվորական մասն ու ներկայացավ հրամանատարին: Շուտով Գարեգինն արդեն Պաշտպանության Բանակի մարտիկ էր՝ որդու դասակում:
Հիրավի, անկանխատեսելի են Տիրոջ ճանապարհները: Հիսունյոթամյա հայրը քսանամյա որդու զինվորն էր: Թշնամու անօդաչուների և արկերի մահաբեր ու անընդհատ հարվածների տակ հայր և որդի կողք-կողքի կռվում էին: Հազվագյուտ ազատ րոպեիներին Գարեգինն իր տարերքի մեջ էր՝ երիտասարդ զինվորներին հայոց պատմություն և զինվորական գործ էր պատմում: Երբեմն էլ ինքն էր թափառում տեղանքում, երբ թշնամու անօդաչուները ժամանակավոր դադար էին տալիս: Մտնում էր հին, չգործող եկեղեցիներն ու զմայլվում դրանց քարերի դարավոր քնքշությամբ…
Զորքը հոգնել էր. փոխարինող չկար, որ գոնե մի քանի օր հանգստանան, լողանան, շունչ քաշեն, քրքրված հագուստն ու կոշիկները փոխեն, տնեցիների հետ խոսեն… Այդ ամենը անհաս երազանք էր դարձել: Հարվածային ալիքից երկուսն էլ գիտակցության ժամանակավոր կորուստ էին ունեցել: Բայց դա ամենաահավոր չէր: Ահավորը տագնապն ու խուճապն էին, որ համավարակի պես վարակել էին զորքին: Հյուսիսում և արևելքում հնարավոր եղավ հաղթահարել խուճապը և կանգնեցնել թշնամուն՝ անգամ մահաբեր ռմբակոծության տակ: Ասես մետաղական կարկուտ էր տեղում: Հարավային ճակատում վիճակը դառնում էր օրհասական: Գարեգինը կատաղությունից տեղը չէր գտնում: Անգամ փոքրաթիվ ուժերով հնարավոր էր ոչ միայն կասեցնել թուրքերի առաջխաղացումը, այլև ջարդ տալով ետ շպրտել, բայց, չգիտես ինչու, դա չէր արվում…
Իրար ետևից ընկան Վարանդան, Ջրականը, Կովսականը, Սանասարը… Գարեգինն ու Նիկն էլ կռվելով Հադրութից հասել էին Շուշի ու դիրքավորվել ճամփաբաժանի մոտ: Տղերքից շատերն արդեն չկային: Դարձան լույս, որ հավերժ պառկեն Եռաբլուրում…
………………………………………………………………………………………………
Գարեգինը և Նիկը պառկած էին փոքրիկ հիվանդասենյակում: Հայրը և որդին քառասուն օր կողք-կողքի կռվելուց, խրամատներում անքուն գիշերներ անցկացնելուց հետո հիմա դարձյալ իրար կողքի էին՝ երևանյան հիվանդանոցում պառկած: Երկուսն էլ վիրավոր էին:
Գարեգինը ջուր խնդրեց: Վերցրեցի շիշն ու մեկնեցի ընկերոջս: Մի քանի կում արեց ու վերջապես խոսեց.
— Գիտե՞ս ամենաշատն ինչին էի կարոտել: Ջրին: Լրիվ ջրազրկվել էինք այնտեղ:
Պատմությունը կարճ էր ու դրամատիկ: Կռվելով Հադրութից հասել էին Շուշի: Վերջին գիշերը՝ նոյեմբերի 7-ին, երկուսն էլ բեկորային վիրավորում էին ստացել: Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհին շտապօգնության մեքենաներն ընկել էին թշնամու խաչաձև հրաձգության տակ: Երեք մեքենայից միայն մեկն էր հասել Ստեփանակերտ: Մյուս երկուսը հրդեհվել և վառվել էին ճանապարհին: Իրենց մեքենան մաղ էր դարձել: Մի գնդակ անցել էր Նիկի ափի միջով, ծակել հեռախոսը, ապա անցել ոտքերի միջով ու դուրս եկել: Երևի Նիկի մոր աղոթքով էին ողջ մնացել: Բարեբախտաբար ներքին օրգանները չէին վնասվել: Հետո նրանց տեղափոխել էին Երևան և տեղավորել հիվանդանոցում:
Գարեգինը հոգնեց խոսելուց: Այդ պահին մտավ հերթապահ բժիշկը՝ բուժքրոջ ուղեկցությամբ: Զննեց վերքերը և երկուսին էլ թարմ վիրակապեր դրեց: Բժշկական աշտանակից կախված թափանցիկ հեղուկը կաթում էի հոր և որդու երակների մեջ:
Գարեգինը մի քիչ հանգստացավ և շարունակեց իր պատմությունը.
— Մի գիշեր քսանհինգ կիլոմետր քայլեցինք: Ոտքերս արդեն չէի զգում: Ինչ-որ տեղից ինչ-որ կոշիկներ էի հայթայթել, որ ոտքովս չէին: Քառասուն օր դրանցով էի: Միշտ ծարավ ու անասելի հոգնած: Գիտե՞ս՝ զինվոր լինելը նախ աշխատանք է՝ ամենօրյա քրտնաջան աշխատանք: Կռիվն էլ է աշխատանք դառնում… Մահն էլ դառնում է սովորական… Ավա՜ղ… Ես երբեք չեմ հասկանա, թե ինչպես թուրքերը կարողացան յոթանասուն կիլոմետր անարգել առաջ գալ: Գրեթե անարգել… Հորադիզի մոտ էին, Հադրութի տակ: Հետո՝ Ջրական, Կովսական… Մեկ էլ տեսանք, որ Քարինտակում են՝ Շուշիի մատուցներում: Կռվող գրեթե չունեինք, լուրջ զենք չունեինք, հրամանատար չունեինք, կապ չունեինք, ջուր չունեինք… Ես ոչինչ չեմ հասկանում…
Բռնեցի ընկերոջս ձեռքը՝ հասկացնելով, որ շատ չխոսի և խնայի ուժերը:
— Ծխելու բան ունե՞ս,- հարցրեց Գարեգինը:
— Ունեմ, բայց քեզ ծխել չի կարելի…
— Ոչինչ, արի քայլենք: Կօգնե՞ս՝ խալաթս հագնեմ:
Քայլեցինք կիսադատարկ միջանցքով ու զուգարանի հարևանությամբ մի մութ անկյուն գտանք: Լուռ ծխեցինք: Հետո Գարեգինն ասաց.
— Բայց մի բան հասկանում եմ: Գիտե՞ս ինչ:
— Ի՞նչ:
— Թե ինչ է կատարվել Հայաստանում ուղիղ հարյուր տարի առաջ: Թե ինչպես է ընկել Կարսը 1920-ի հոկտեմբերի 30-ին… Հենց այսպես: Զորք կար, բայց չկռվեց: Գրեթե չկռվեց:
— Այս անգամ կռվեցինք, Գարեգին:
— Կռվեցինք, բան չունեմ ասելու: Բայց վա՜յ այդ կռվելուն: Մեզ չի՛ կարելի պարտվել, չի՛ կարելի: Դա աղետ կլինի բոլոր առումներով: Միգուցե դեռ մի բան փոխվի: Մեզ խաբել են, և մենք թույլ ենք տվել, որ մեզ խաբեն: Բայց մի բան մեզ տարբերում է 1920-ից: Այն ժամանակ Նժդեհը կար: 1992-ին Վազգենը կար: Հիմա չկան, կամ էլ՝ ես չեմ տեսնում… Ամենուր շոու է, անհեթեթ բեմականացում… Իսկ Հադրութում և Շուշիում թուրքերն են, թուրքե՛րը: Մե՛ր չքնաղ Շուշիում… Դու պատկերացնու՞մ ես: Մեր Բերդաքաղաքում…
Լռեցինք: Խոսելը ծանր էր:
— Ես գնամ Նիկի մոտ,- ասաց Գարեգինը:- Ինձ մի քանի գլանակ թող և լուցկի: Չէ՜, ամբողջ տուփը մի՛ տուր: Չեմ ուզում շատ ծխել: Հուսանք, առավոտը բարի լուրեր կբերի:
Նոյեմբերի 9-ի առավոտը բացվեց Հայոց աշխարհում: Արարատը՝ մեր հույսերի լուռ մարմնացումը, մշուշի մեջ էր: Անցավ ձմեռը, և եկավ գարունը: Եկավ չուզելով, ասես բնազդաբար: Ես գիտեմ, որ Գարեգինը հիմա որդու կողքին է և նրանք, երևի, արվեստից և Հայոց պատմությունից են զրուցում, քանի որ պատերազմը հիշելը անասելի ծանր է ու ցավագին: Ու ես գիտեմ, քանի դեռ մեր մեջ կան Գարեգին և Նիկ Քոթանջյանների պես հազարավոր նվիրյալներ, մենք մի օր հաստատ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
08 ապրիլի 2021 թ.