ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ. Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՆԴԵՄԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
Գործող անձինք
ՍԱԹԻԿ
ԱՐԹՈՒՐ
Սաթիկը սեղան է սպասքադրում. թխվածքի պատկառելի կտոր, «սելյոդկա»՝ սոխի շերտերով ու սև հացի կտորով: Լսվում է բացվող դռան ձայն: Սաթիկը վերջին ուղղումներն է անում սեղանի վրա: Լսվում է՝ ներս մտնողը մտնում է լոգարան, հոսող ջրի աղմուկ, այդ ընթացքում Սաթիկը սեղանին է դնում գարեջրի չեխական ճենապակե գավաթ ու նրբագեղ երկարոտն բաժակ: Ներս է մտնում Արթուրն ու միանգամից հառվում սեղանին:
ԱՐԹՈՒՐ – Սա… ի՞նչ է:
ՍԱԹԻԿ – (խայթելու առիթը բաց չթողնելու ջերմ ցանկությամբ): Քեզ նույնպես բարի երեկո:
ԱՐԹՈՒՐ – Ըստ ժամացույցիս՝ երեկոյին դեռ ժամանակ կա: Սա ի՞նչ է:
ՍԱԹԻԿ – (սպառնագին քաղցրությամբ): Ուրեմն՝ բարի նախաերեկո:
ԱՐԹՈՒՐ – (դադար, որն անհրաժեշտ է դիմացինի խաղի կանոններն ընդունելու համար): Հրաշալի տեսք ունես:
ՍԱԹԻԿ – Հատկապես հաճելի է կոմպլիմենտդ, երբ դեռ իմ կողմը չես նայել:
ԱՐԹՈՒՐ – Կարծում ես… (Մոտենում, վերցնում է գարեջրի գավաթը:) …դա պարտադի՞ր է… Նկատի ունեմ նայելը:
ՍԱԹԻԿ – Այնքա՜ն նայող կա, իսկ տեսնող՝ հազարից մեկը:
ԱՐԹՈՒՐ – (կորցնելով համբերությունը և հասկանալով, որ Սաթիկի նյարդերն ավելի ամուր են, անցնում է «նորմալ» շփումի): Գավաթս ստեղ ի՞նչ գործ ունի:
ՍԱԹԻԿ – (անշեղ տանում է իր «գիծը»): Երբվանի՞ց ես անիմաստ հարցեր տալիս: (Բացում է սառնարանը, հանում գարեջրի շիշը:) Թե՞ սկսել ես գարեջուրը շշից խմել…
ԱՐԹՈՒՐ – (վերցնում է շիշը, ստուգում՝ լավ սառն է, գլխով ցույց տալով ձուկը): Իվասի՞ է:
ՍԱԹԻԿ – (հաճոյակատար մատուցողուհու տոնով): Բա ո՞նց: Խաղաղօվկիանոսյան:
ԱՐԹՈՒՐ – (նստում է, ափսեն քաշում իր դիմաց, բացում է շիշն ու խմում շշից՝ անտեսելով Սաթիկի վեր թռած հոնքերը: Դադարից հետո): Հերթը քոնն է:
ՍԱԹԻԿ – (սառնարանից հանում է շամպայնի շիշը, ճարպկորեն բացում է՝ առանց թափելու, լցնում է բաժակը, թխվածքից փոքրիկ կտոր է կտրում, դնում իր ափսեի մեջ, բաժակը խփում է շշին ու խմում): Ահա և վերջ, սիրելիս:
ԱՐԹՈՒՐ – «Սիրելիսը» ի՞նձ էր ուղղված:
Դադար:
ՍԱԹԻԿ – (թխվածքի փոքրի՜կ կտորը հաճույքից աչքերը փակ ծամելով): «Սիրելիսը»՝ շամպայնին: Վերջը՝ քեզ:
ԱՐԹՈՒՐ – Հերթը գարեջրինն է: (Հացի վրա դնում է ձուկը, սոխը, գարեջուրը լցնում է գավաթն ու խմում:)
Լռություն: Դադար, որի ձգվելը առաջին անգամ հունից հանում է Սաթիկին:
ՍԱԹԻԿ – Ե՞վ…
ԱՐԹՈՒՐ – (բերանն է խցկում բրդուճն ու հաճույքով ծամում է: Կուլ տալուց հետո): Ի՞նչ…
ՍԱԹԻԿ – Գարեջուրն ի՞նչ թելադրեց:
ԱՐԹՈՒՐ – Նախընտրեց լռությունը:
ՍԱԹԻԿ – (քմծիծաղով): Բայց ի՜նչ խոզն ես:
ԱՐԹՈՒՐ – Իսկ ի՞նչ էիր սպասում… Ապուշ ֆիլմերից ես ազդվե՞լ՝ «Հրաժեշտի ընթրիք» ես սարքել ու սպասում ես, որ պիտի հուզվե՞մ, հորթի թաց աչքերով նայեմ քեզ, հետո՝ քո սարքած սեղանին, հետո նստենք, բաժակները խփենք, իրար կենաց խմենք, որ ի՞նչ…
ՍԱԹԻԿ – (դադարից հետո): Ընդունեցի՝ ապուշ գաղափար էր: Գուցե դո՞ւ առաջարկես, եթե, իհարկե, գոնե դրա՛ն ընդունակ ես:
ԱՐԹՈՒՐ – Թե ինչերի եմ ընդունակ՝ էլ քո պրոբլեմը չէ: Իսկ առաջարկել… (Նայում է ժամացույցին:) Մի քանի րոպե դեռ կա… (Գործնական:) Վաղը քանիսի՞ն պիտի լինենք դատարանում:
ՍԱԹԻԿ – 12-ին:
ԱՐԹՈՒՐ – 12:00-ին: Այդպես ավելի ճիշտ է:
ՍԱԹԻԿ – (նայելով իր ժամացույցին): Մնաց… (Հաշվում է մտքում:) 18 ժամ… Համարյա:
ԱՐԹՈՒՐ – Կարծո՞ւմ ես:
ՍԱԹԻԿ – Ի՞նչ ես ուզում ասել:
ԱՐԹՈՒՐ – Հետաքրքիր է, ո՞ւմ ականջում ես քնած եղել…
ՍԱԹԻԿ – Ինչ է՞ որ…
ԱՐԹՈՒՐ — Փաստորեն, քեզ անակնկալ է սպասվում: (Միացնում է թիվին:)
Հաղորդավարը հայտնում է Արտակարգ Դրության մասին: Լռություն:
ՍԱԹԻԿ – (ասես դեռ կատարվածը չգիտակցելով): Հիշելու բան է՝ կամուսնալուծվենք Արտակարգ դրության պայմաններում: (Պատրաստվում է թխվածքի հաջորդ կտորը ուտել:)
ԱՐԹՈՒՐ – Ամուսնալուծվե՞նք… Չե՞ս հասկանում…
ՍԱԹԻԿ – (պիտի զգացվի՝ արդեն հասկացել է, բայց փորձում է իրենից հեռացնել այդ գույժը): Ի՞նչ հասկանամ, վաղը կգնանք, դիմումը կտանք, ու վերջ:
ԱՐԹՈՒՐ – Սաթի՛կ, Արտակարգ դրություն է, բացատրե՞մ…
ՍԱԹԻԿ – (վերջապես թողնում է խաղը): Չեմ ուզում… Քո նանարին բացատրի, և ընդհանրապես, կորի՛ աչքիցս, միայն դու էիր պակաս այս րոպեին…
ԱՐԹՈՒՐ – Ի տարբերություն քեզ՝ իմ նանարը բացատրության կարիք չունի՝ շա՜տ հասկացողն է: Ինչ վերաբերում է աչքիցդ կորելուն՝ նույնը կարող եմ ասել ես՝ բնակարանը դեռ ընդհանուր է, խոհանոցն էլ հավասարապես՝ երկուսինս: (Ուզում է խմել՝ գարջուրը պրծել է: Խմում է հենց շամպայնի շշից: Զզվանքով դեմքը ծամածռում է:) Ո՞նց ես սա խմում:
ՍԱԹԻԿ – (գարեջրի շիշը շպրտում է հատակին):
ԱՐԹՈՒՐ – Այ, սա է կյանքը: (Գնում է դեպի դուռը:) Թե չէ՝ «Հրաժեշտի ընթրի՜ք…»:
ՍԱԹԻԿ – Ասելիքդ պրծա՞վ:
ԱՐԹՈՒՐ – Մնաց եզրակացությունը՝ «Վաղը վերջակետ կդներ էս ամեն ինչին, բայց…»: Ահա այն ամենը, ինչ պիտի իմանալ էս անասուն վիրուսի մասին: (Դուռը աղմուկով փակում է:)
ՍԱԹԻԿ – (կարճ մտորումից հետո զանգում է): Լինա, լսեցի՞ր… հիմա վաղը ամեն ինչ փա՞կ է լինելու… Դատարանն է՞լ… Իմ ինչի՞ն է դեղատունը, ինձ դատարանն է պետք… (Կիսատ թողնելով խոսակցությունը, անջատում է, նայում հեռախոսի սև էկրանին:) Քովիդ 19, քո՛ւ տիրու մերը…
ԿԱՐԱՆՏԻՆ. Հաջորդ օրվա առավոտը:
Խոհանոց: Սեղանը կիսով չափ մաքուր է՝ Սաթիկի մասը: Մյուս կողմը՝ ձուկը, չորացած հացը, շիշն ու գավաթը ափսե-դանակ-պատառաքաղի հետ իրենց տեղում են:
Սաթիկը գազօջախի վրայից վերցնում է սրճեփը, դնում իր բաժին սեղանի մասում: Ներս է գալիս Արթուրը: Սաթիկը կարծես չի նկատում նրա հայտնությունը: Արթուրը զարմացած նայում է սեղանի կեղտոտ մասին:
ԱՐԹՈՒՐ – Սա… ի՞նչ է: (Սաթիկն իբր չի լսում: Արթուրը քթին է մոտեցնում ափսեն, զզվանքով դնում է լվացարանի կողքը:)
ՍԱԹԻԿ – Իսկ ո՞վ պիտի լվանա:
ԱՐԹՈՒՐ – (ակնդետ նայում է կնոջը, այն է՝ պայթելու է, բայց Սաթիկի ծիծաղող դիմակ-դեմքը ստիպում է իրեն զսպել: Գավաթն ու շիշը դնում է լվացարանը: Շուրջն է նայում, իբր չի տեսել): Ո՞ւր է… Սրճեփն ո՞ւր է:
Սաթիկն անխոս սրճեփը դնում է սեղանի՝ Արթուրի կեսում: Արթուրը այն է՝ վերցնելու է, Սաթիկը իր կողմն է քաշում:
ԱՐԹՈՒՐ — Այսի՞նքն…
ՍԱԹԻԿ – Սրճեփը ես եմ գնել, «Զիգզագից», դու է բրթբրթացիր՝ «28 հազա՜՜ր… երկաթի կտորի՜՜ն»:
ԱՐԹՈՒՐ – Երկաթի կտոր չէ՞:
ՍԱԹԻԿ – Իտալական հեյզերային սրճեփի կտոր է:
ԱՐԹՈՒՐ – Ասածդ ի՞նչ է:
ՍԱԹԻԿ – Եթե կարանտին է, չի նշանակում, որ կարող ես օգտվել ի՛մ սրճեփից:
ԱՐԹՈՒՐ – Ո՞ր օրվանից քո՛նը դարձավ:
ՍԱԹԻԿ – (նայելով ժամացույցին): 10-ն անց է 22 րոպե, դիմումն արդեն տված կլինեինք, եթե կարանտինը չլիներ: Համարենք, այս պահից ոչ միայն մե՛նք ենք բաժանված, մեր իրերն էլ են առանձնացված:
ԱՐԹՈՒՐ – Ախ, էդպես… (Դարակից հանում է ցելոֆանե տոպրակ, ափսեն, շիշն ու գավաթը լցնում է մեջն ու դուրս թռչում խոհանոցից: Լսվում է դռան շրխկոցը:)
ՍԱԹԻԿ – (անվրդով սուրճը խմելով): Էդ ո՞ւր առանց դիմակ ու անցաթղթի… (Գրպանից տուփը հանում, սիգարետ է կպցնում, անվարժ ու տհաճությամբ ծխում:) Թե սրա ի՞նչն է կայֆ… (Դուռը շրխկում է՝ Արթուրը վերադարձավ:) Որ ասում եմ՝ առանց դիմակ ու անցաթուղթ էդ ո՞ւր…
ԿԱՐԱՆՏԻՆ. Օր հինգերորդ: Խոհանոց: Առավոտ:
Սեղանը մաքուր է: Ներս է մտնում Արթուրը, դարակից վերցնում է ջազվեն, սուրճ է եփում: Ներս է մտնում Սաթիկը, իր սրճեփով սուրճ է եփում: Իրար անտեսում են: Արթուրը սուրճով «զինված» բացում է այփադը, «մտնում է» մեջը: Սաթիկը լցնում է իր սուրճը, գրպանից հանում տուփը, սիգարետ է կպցնում ու նկատելի վարժ «բքում»:
ԱՐԹՈՒՐ – (աչքերը չռում է): Սա… ի՞նչ է:
ՍԱԹԻԿ – Ուրիշ նախադասություն չգիտե՞ս, վիրուսը մնացած բոլորը ջնջե՞լ է:
ԱՐԹՈՒՐ – Սա ի՞նչ է:
ՍԱԹԻԿ – Էն ապուշ օրը ներս մտար, իվասին գարեջրի հետ տեսար՝ հարցրիր «Էս ինչ է»: Հաջորդ օրը կեղտոտ ափսեդ տեսար սեղանին, էլի՝ «Էս ինչ է»: Էսօր էլ…
ԱՐԹՈՒՐ – Վաղո՞ւց ես ծխում:
ՍԱԹԻԿ – Քո ի՞նչ գործն է:
ԱՐԹՈՒՐ – Հարցս հեռահար նպատակ ունի:
ՍԱԹԻԿ – Այսինքն՝ օնլա՞յն… (Ծխից խեղդվում է:) Մի շաբաթ չկա: Եվ ի՞նչ…
ԱՐԹՈՒՐ – Բաժանվելուց հետո ես բարոյական անկում ապրում: Կարող ես շարունակել:
ՍԱԹԻԿ – Իսկ եթե…
ԱՐԹՈՒՐ – Գլուխդ կջարդեի:
ՍԱԹԻԿ – Միշտ էլ մտածել եմ, որ կիրթ դիմակիդ տակ բռի չոբանն է: Ապրի պանդեմիան՝ ինչքան շատ են դիմակ դնում, այնքան շատ է դեմքները բացվում:
ԱՐԹՈՒՐ – Փիլիսոփայող ու ծխող կին… Սարսա՛փ:
ՍԱԹԻԿ – (ծուխը Արթուրի կողմը փչելով): Եվ սա երկա՞ր է շարունակվելու:
ԱՐԹՈՒՐ – Սարսա՞փը…
ՍԱԹԻԿ – Ամբողջ օրը տանը մնալդ:
ԱՐԹՈՒՐ – Որտե՞ղ պիտի մնայի:
ՍԱԹԻԿ — Գնալու տեղ չունե՞ս:
ԱՐԹՈՒՐ – Շա՛տ: Բայց հիմա կարանտին է:
ՍԱԹԻԿ – Չես հասկանո՞ւմ: (Ծուխը խեղդ է գնում, հազում է:)
ԱՐԹՈՒՐ – Կամաց հազա, հարևանը կիմանա, կզանգի, կգան-կտանեն ինֆեկցիոն:
ՍԱԹԻԿ – (պայթում է): Գնա՛, էլի, գնա՛ նանարիդ մոտ:
ԱՐԹՈՒՐ – (շատ հանգիստ): Չեմ կարող:
ՍԱԹԻԿ – Ամուսնացա՜ծ է, ոնց գլխի չեմ ընկել…
ԱՐԹՈՒՐ – Եթե գլխի ընկար, գուցե դո՞ւ գնաս:
ՍԱԹԻԿ – Ես նանար… ըըը, սիրեկան չունեմ:
ԱՐԹՈՒՐ – Ննջարանը քոնն է, հյուրասենյակը՝ իմը: Միակ տեղը, որտեղ ստիպված ենք իրար տեսնել, խոհանոցն է: Դա էլ լուծվող պրոբեմ է: Իմ ճաշի ժամը կլինի 1-2-ն է, քոնը՝ 2-3:
ՍԱԹԻԿ – Ո՛չ:
ԱՐԹՈՒՐ – Ուրեմն՝ հակառակը: Ընթրիքը… (Սպասողական նայում է:)
ՍԱԹԻԿ – Լավ էլ գիտես, որ չեմ ընթրում:
ԱՐԹՈՒՐ – Մնում է նախաճաշը…
ՍԱԹԻԿ – Սուրճիս ժամը չեմ փոխի:
ԱՐԹՈՒՐ – Ուրեմն պիտի դիմանաս ներկայությանս:
ՍԱԹԻԿ – Սուրճս կխմեմ անկողնո՛ւմ: (Արագ դուրս է գնում:)
ԱՐԹՈՒՐ – Դու կխմե՜ս… (Իր սուրճը լցնում է լվացարանը, Սաթիկի սրճեփից սուրճ է լցնում, կում անում:) Բայց հեչ վատը չէ իտալական երկաթր կտորը…
ԿԱՐԱՆՏԻՆ. Օր 11-րդ: Երեկո: Խոհանոց:
ԱՐԹՈՒՐ – (մտնում է, բացում սառնարանը, իր բաժնում երշիկ է: Սաթիկի բաժնում՝ կաթսա: Բացում է կափարիչը՝ տոլմա է: Երշիկն ու լավաշը դնում է սեղանին, Սառնարանից երկու տոլմա է դնում լավաշի մեջ, նստում-ուտում է: Հեռախոսազանգ): Բոլոր պատվերները տարա՞ք… Ես էլ նոր տուն մտա: Էսօր 20 հասցե էր, մեկը՝ Էրեբունիում, մյուսը՝ Զեյթունում, մնացածները՝ էդ երկուսի մեջտեղում… Ոչինչ, կկազմակերպվենք, կարծում եմ, էս պատմությունը նոր է սկսվում…
Շեմին հայտնվում է Սաթիկը: Արթուրը վերջին պատառը խոթում է բերանը:
ԱՐԹՈՒՐ – (ծամում, մի կերպ արտաբերում է): Վաղը նույն ժամին, նույն տեղում: (Աննկատ անջատում է հեռախոսը, բայց իբր շարունակում խոսակցությունը:) Չեմ մոռանա, քո սիրած շոկոլադն էլ անպայման կստանաս: (Իբր նոր նկատելով Սաթիկին՝ «շտապում է»:) Դե լավ, հիմա չեմ կարող խոսել, բարի գիշեր:
ՍԱԹԻԿ – (հոտ քաշելով): Էս… ի՞նչ հոտ է:
ԱՐԹՈՒՐ – (սեղանից Սաթիկի տուփից սիգարետը վերցնում, վառում, արագ ծուխ է անում՝ տոլմայի հոտը չեզոքացնելու համար): Հոտառությունդ չես կորցրել, ուրեմն դեռ առողջ ես:
ՍԱԹԻԿ – Բարի մարդիկ չեն հիվանդանում: (Սառնարանից թխվածք է հանում:)
ԱՐԹՈՒՐ – Քովիդն է անձամբ քեզ ասե՞լ: (Ակնարկելով թխվածքը:) Չհարցնե՞մ՝ «Սա՛ ինչ է»:
ՍԱԹԻԿ – Համայն հայությունը մտել է խոհանոց, եփում, եփածը ՖԲ գցում ու ուտում է: Ումի՞ց եմ պակաս:
ԱՐԹՈՒՐ – Նույնիսկ ավել ես… բարությամբ: (Տեսնելով, որ կինը պատառաքաղով զինված՝ «հարձակվեց» թխվածքի վրա:) Ծխում ես, գիշերը ուտում ես, հաջորդը ի՞նչ է լինելու:
ՍԱԹԻԿ – Դեռ այստե՞ղ ես: Շոկոլադը վերցրու ու հայդե՝ գրողի… նանարիդ ծոցը:
ԱՐԹՈՒՐ – Լրտեսելը լավ բան չէ, իսկ…
Զանգում է Սաթիկի բջջայինը:
ՍԱԹԻԿ – (հեռախոսով): Այո՞… մի րոպե… (Սպասողական նայում է Արթուրին:)
Արթուրը ցուցադրաբար դուրս է գնում:
ՍԱԹԻԿ – Գայուշիկ, ցերեկն եմ նայել, ընդամենը կապույտ հազ է, ու փոքրիկները քովիդ չեն ընկնում… Լավ, լացդ կտրի, գալիս եմ:
Սաթիկը տեղից բարձրանում, պատուհանի գոգից վերցնում է անցաթուղթը, լրացնում է, ապա գնում դեպի դուռը, նույն պահին շեմին հայտնվում է Արթուրը:
ՍԱԹԻԿ – Թխվածքին ձեռք չտաս: Իսկ տոլման տաքացրու, պաղը ստամոքսին վնաս է: (Գնում է: Քիչ անց՝ փակվող դռան ձայն:)
Արթուրը մոտենում է պատուհանին, նայում դուրս:
ԱՐԹՈՒՐ – Տաքսի կնստես, էն էլ՝ վարորդի կողքը, բա ո՜նց… դու որ գիշերով նապոլեոն ես գռսում… (Զանգում է:) Մա՞մ… գիտեմ, որ քնած չես: Հա, էսօր տեսնվել ենք, բայց ասի՝ զանգեմ… Սաթի՞կը… ինձ չի հետաքրքրում, թե ինչ է անում նախկին կինս… Մամ, արի չսկսենք… Ու տնից դուրս չգաս… Լավ, հանգստացիր, Սաթիկը իր սենյակում է, իսկ թե ինչ է անում՝ ինձ չի հուզում: (Անջատում է հեռախոսը:) Բայց ոնց որ հուզում է…
ԿԱՐԱՆՏԻՆ. Օր 18-րդ:
Խոհանոց: Կեսօր: Սեղանին կեղտոտ ափսե, թեյի ու սուրճի բաժակներ, անխնամ վիճակ:
ԱՐԹՈՒՐ – (հեռախոսով): Ե՞րբ… Երեկ երեկոյան: Ժա՞մը… ճիշտն ասած, ես որ տուն եկա, ինքը արդեն գնացել էր… Ի՞նչ իմանամ՝ ուր, եթե իմանայի, ոստիկանություն կզանգեի՞… Ի՞նչ… հա, փաստորեն մի գիշեր է անցել, քի՞չ է… Լսեք, եթե հենց հիմա հետախուզում չհայտարարեք… Ոչինչ չեմ ուզում լսել, գրեք տվյալները՝ Սաթիկ Հակոբյան, 29 տարեկան… հագի՞ն… (Մտածում է:) Թեթև վերարկու պիտի լինի… հաստատ չգիտեմ… ես ով ե՞մ… ամուսինը… Նախկին ամուսինը: Ձեր գործը չէ: Ի՞նչ, տվյալնե՞ր… գեղեցիկ աչքեր ունի, մազերը շատ փարթամ ու լավն են… գիշերները թխվածք է սկսել ուտել, բայց դեռ նորմայի մեջ է… Ինչ ասացի՞ք… Պարոն լեյտենանտ, չէի սպասում… (Շպրտում է հեռախոսը, ի սրտե:) Ապո՛ւշ… (Նմանակելով:) «Բա էդ տեսակ գեղեցկուհուց կբաժանվե՞ն»… (Համար է հավաքում:) Վարդան, տա՞նն ես… ասենք, որտեղ պիտի լինես: Նունեն եթե կողքիդ է, պատշգամբ դուրս արի, բան պիտի ասեմ… (Դադար:) Կարո՞ղ ես Նունեից գյոզերով իմանալ՝ Սաթիկը ուր է… (Նեղ զգալով:) Դիմո՞ւմը… կարանտինը խանգարեց, բայց հիմա դրա ժամանակը չէ… Դու փորձի իմանալ… Հա, հետո զանգիր, կսպասեմ…
Նստում է, ասես անելիքը չիմանալով, նայում է սեղանին… Սաթիկի սիգարետի տուփը ճմրթում, խփում է պատին: Բացվող դռան ձայն: Արթուրը համակ ուշադրություն է: Լսվում է՝ Սաթիկը հանում է կոշիկները, պայուսակը գցում է հատակին, բացվող դռան ձայն, ծորակի ջրի խշշոց… Այս պահից Արթուրն ասես «արթնանում» է. շտապով սեղանի վրայի ամեն ինչը լցնում է տոպրակի մեջ, խցկում աչքից հեռու ու երբ ներս է մտնում Սաթիկը՝ ջազվեով սուրճ է եփում: Սաթիկը հացամանից վերցնում է մի կտոր լավաշ ու ծամելով ուղղվում է դեպի դուռը:
ԱՐԹՈՒՐ – Սովա՞ծ են տուն ուղարկել:
ՍԱԹԻԿ – Ի՞նչ…
ԱՐԹՈՒՐ – Ասում եմ՝ գիշերվա դիմաց մի կտոր հաց չե՞ն տվել:
ՍԱԹԻԿ – Ովքե՞ր:
ԱՐԹՈՒՐ – Ովքե՞ր… մեկից ավելի՞ են:
ՍԱԹԻԿ – (ասես անհասկացողի է բացատրում): Հարցրիր՝ «չե՞ն տվել», ես էլ հարցնում եմ՝ ովքե՞ր էդ մի կտոր հացը չեն տվել:
ԱՐԹՈՒՐ – Մեկը կամ տասը՝ ի՞նչ տարբերություն:
ՍԱԹԻԿ – (փորձում է իրեն զսպել): Տարբերություն չկա: Բայց դա քո գործը չէ: (Գնում է:)
ԱՐԹՈՒՐ – (նրա ետևից՝ բարձր): Իմ գործը չէ, բայց քանի դեռ էստեղ եմ ապրում, հարևանների մոտ ինձ խայտառակ անել չհամարձակվե՛ս: (Հեռախոսազանգ: Կիսաձայն:) Վարդան, վաղը կզանգեմ… ի՞նչ… չհասկացա… Հերթապահությա՞ն… որտե՞ղ… Գժվե՞լ է ապուշը… Լավ, հասկացա, մեռսի ինֆոյի համար: (Անջատում է հեռախոսը, նստում, չի նկատում, որ գազօջախին սուրճը թափվում է:)
ՍԱԹԻԿ – (ներս է մտնում, տեսնելով՝ մարում է կրակը, ջուր է լցնում բաժակը, գնում դեպի դուռը): Էլի գիշերով գնալու եմ, ու դա իմ անձնական կյանքն է: Ես չեմ հարցնում, թե ում ես շոկոլադ և այլ ծառայություններ մատուցում: Ու պետքս չի եղել, երբ գիշերվա հազարին էիր տուն գալիս: Դա էլ քո անձնական…
ԱՐԹՈՒՐ – Դրանով ի՞նչ ես ուզում ապացուցել:
ՍԱԹԻԿ – Ինչո՞վ… գիշերվա մասի՞ն ես ասում: Դրան ի՞նչ ապացույց:
ԱՐԹՈՒՐ – Դու ընդամենը մանկական բժշկուհի ես:
ՍԱԹԻԿ – Պատկերացրու, դեռ չեմ մոռացել:
ԱՐԹՈՒՐ – Քեզնից ի՞նչ ինֆեկցիոնիստ:
ՍԱԹԻԿ – Դո՛ւ ես այդ կարծիքին… (Սթափվելով:) Ի՞նչ իմացար:
ԱՐԹՈՒՐ – (անտեսելով): Քո բուժածն ի՞նչ պիտի լինի:
ՍԱԹԻԿ – Վերապատրաստում եմ անցել:
ԱՐԹՈՒՐ – Ղալաթ ես արել, մի շաբաթում մասնագետ դարձա՞ր, կյանքեր ես փրկում՝ գիշերներ ես հիվանդանոցում լուսացնում…
ՍԱԹԻԿ – Քե՞զ ինչ: Ու չփորձե՛ս գոռալ: Սրան տես՝ հինգ տարի չգոռաց, հիմա գոռում է:
ԱՐԹՈՒՐ – Լավ եմ անում:
ՍԱԹԻԿ – Ի՞նչ… (Ձեռքի բաժակը խփում է հատակին:) Կոպիտ անասուն:
ԱՐԹՈՒՐ – Բայց կարգին լաչառն ես եղել:
ՍԱԹԻԿ – Իսկ դու… դու…
ԱՐԹՈՒՐ – Ե՞ս… (Հանում է թաքցրած տոպրակը, միջինը լցնում հատակին, դուրս է գնում, բացվող ու աղմուկով փակվող դռան ձայն:)
ՍԱԹԻԿ – (ապշած): Խոզ… Գնա, խանութի շոկոլադի պլանը կատարի, սկսնակ Կազանովա… (Լացակումած, ինքն իրեն մխիթարելով:) Ոչինչ, ներվերս են… Ծանր հերթապահություն էր… պապիկն էլ մահացավ… Ձեռքը բռնեցի, ասաց՝ փառք Աստծու, վերջին ժամիս մենակ չեմ… (Հավաքում է հատակին թափվածը:) Ու չգիտեր, թե ինչքան մենակ եմ եեեեես…
ԿԱՐԱՆՏԻՆ. Օր 24-րդ: Խոհանոց: Առավոտ:
Սաթիկը նստած է, սեղանին սրճեփն է, բաժակ, ափսե: Լարված լսում է՝ հարևան սենյակից ձայն չկա՞: Գալիս Արթուրը, անտեսելով Սաթիկին, նայում է՝ ջազվեն չկա:
ԱՐԹՈՒՐ – (ստիպված): Ջազվեն չե՞ս տեսել:
ՍԱԹԻԿ – Չեմ տեսել:
ԱՐԹՈՒՐ – Երեկ լվացել, դրել եմ էստեղ…
ՍԱԹԻԿ – Ուրեմն էդտեղ է:
ԱՐԹՈՒՐ – Չկա՛:
ՍԱԹԻԿ – Որ գոռացիր՝ հայտնվե՞ց:
ԱՐԹՈՒՐ – Ի՜նչ ապուշն եմ… (Հանում է բջջայինը գրպանից:) Էսպրեսոն թողած՝ ջազվե եմ փնտրում… Տաք շոկոլադն էլ՝ վրադիր… (Համար է հավաքում:)
ՍԱԹԻԿ – (կասկածելի հանգստությամբ): Իզուր չզանգես:
ԱՐԹՈՒՐ – Ի՞նչ ասացիր:
ՍԱԹԻԿ – Զանգիդ չի պատասխանի:
ԱՐԹՈՒՐ – Չհասկացա…
ՍԱԹԻԿ – Ես էլ չէի հասկանում… մինչև ոմանք չլուսավորեցին:
ԱՐԹՈՒՐ – (զգուշավոր): Ինֆեկցիոնիստը քիչ է՝ հիմա էլ դետեկտի՞վ ես խաղում:
ՍԱԹԻԿ – Դրանով ի՞նչ էիր ուզում ապացուցել:
ԱՐԹՈՒՐ – Ինչո՞վ…
ՍԱԹԻԿ – Երբվանի՞ց չես աշխատում:
ԱՐԹՈՒՐ – (դադարից հետո): Ո՞վ ասաց:
ՍԱԹԻԿ – Նունեն:
ԱՐԹՈՒՐ – Պարզ է, Վարդանը մանկապարտեզից էր խաբարբզիկ:
ՍԱԹԻԿ – Նունեն պատահաբար լսել էր ձեր խոսակցությունը…
ԱՐԹՈՒՐ – Ու դրանից հետո Նունեն Վարդանին հարցաննության է ենթարկել:
ՍԱԹԻԿ – Ինչո՞ւ մեր մասին պիտի իմանանք օտարներից:
ԱՐԹՈՒՐ – Նրանք օտար չեն:
ՍԱԹԻԿ – Բայց ես ու դու չեն:
ԱՐԹՈՒՐ – Ի՜նչ էլ հիշեցիր… (Ուզում է դուրս գնալ:)
ՍԱԹԻԿ — Սպասիր… (Իր բաժակը սուրճ է լցնում, սրճեփը հրում սեղանի մյուս ծայրը:) Սուրճը դեռ տաք է:
ԱՐԹՈՒՐ – Շտապում եմ:
ՍԱԹԻԿ – Այնքան ենք շտապել, որ կարող ենք մի քիչ դադար տալ:
ԱՐԹՈՒՐ – Ուշանում եմ…
ՍԱԹԻԿ – Յոթ ամիս է՝ չես ուշանում:
ԱՐԹՈՒՐ – Քո լցրած սուրճը չեմ ուզում…
ՍԱԹԻԿ – Նախընտրում ես քո ձեռքով թռցրածը… Հա, ի՞նչ ես նայում, էսքան ժամանակ երկու բաժին եմ եփել, իմը խմել եմ, մյուսը… ցնդել է:
ԱՐԹՈՒՐ – (խմում է սուրճը): Առաջարկեցին, որ ինքս ազատման դիմում գրեմ:
ՍԱԹԻԿ – Ու դու միակ հանճարեղ ելքը գտար՝ ինձ ոչինչ չասացիր:
ԱՐԹՈՒՐ – Հա:
ՍԱԹԻԿ – Հանկարծ ու կինդ իմանա, որ գործազուրկ ես…
ԱՐԹՈՒՐ – Նման մի բան…
ՍԱԹԻԿ – Իսկ որ կինդ ինչ էշություն ասես՝ մտքով կանցկացնի…
ԱՐԹՈՒՐ – Էշության մասով՝ կարող ես կրկնել:
ՍԱԹԻԿ – Հույս չունենա՛ս: Գոնե հասկանո՞ւմ ես, ոնց ես ինձ վիրավորել…
ԱՐԹՈՒՐ – Էդ մեկը՝ չեղա՜վ…
ՍԱԹԻԿ – Էն էլ ոնց եղավ՝ երբ հաջողակ ես, կողքիդ եմ…
ԱՐԹՈՒՐ – Երբ ձախորդ Փանոս եմ՝ առաջարկում ես բաժանվել:
ՍԱԹԻԿ – (պայթում է): Ես գործազուրկի՛ց չէի բաժանվում, այլ անտարբեր, ինձ նայող, բայց չտեսնող, հարցերիս կիսատ-պռատ պատասխանող, կիսգիշերից հետո տանը հայտնվողից:
ԱՐԹՈՒՐ – Երբ ամեն ինչ նորից ես սկսում, մուսի-պուսի անելու ոչ սիրտ կա, ոչ ժամանակ:
ՍԱԹԻԿ – Մուսի-պո՞ւսի… ընդամենը մարդկային վերաբերմունք եմ պահանջել:
ԱՐԹՈՒՐ – Էդ ո՞րն է, երբ ամեն ինչ պտտվում է քո անձի շո՞ւրջը:
ՍԱԹԻԿ – Եթե անգամ այդպես է՝ դու ես ինձ այդպես վարժեցրել… Հա՛, ի՞նչ ես նայում, վարժեցրիր, հետո բրախեցիր:
ԱՐԹՈՒՐ – Կարո՞ղ ես հասկանալ, ինչ է նշանակում առողջ, ամուր տղամարդը՝ անգործ:
ՍԱԹԻԿ – Սպասիր, ոնց որ գլխի եմ ընկնում… կարո՞ղ է՝ վրեժ էիր լուծում:
ԱՐԹՈՒՐ – Չէ հա… Ընդամենը մուռս էի հանում:
ՍԱԹԻԿ – Ինչի՞ց…
ԱՐԹՈՒՐ – Թվարկե՞մ…
ՍԱԹԻԿ – Էդքան շա՞տ են մեղքերս:
ԱՐԹՈՒՐ – Օրինակ՝ ամենավերջինը ես իմացա բաժնի վարիչ դառնալուդ մասին:
ՍԱԹԻԿ – Որովհետև վախենում էի՝ հանկարծ ու չստացվի, ու դու հիասթափվես… (Քենով:) Իսկ ես մորիցդ իմացա, որ որոշել ես հող գնել ամառանոցի համար…
ԱՐԹՈՒՐ – Ուզում էի կառուցել-պրծնել, ու հետո սյուրպրիզ անել՝ վուալյա՛, ձեր դաչան, մադամ:
ՍԱԹԻԿ – Իսկ մադամը գուցե ուզում էր վարպետներին սուրճ տալ…
ԱՐԹՈՒՐ – Մադա՞մը… նա թեկնածուական էր գրում, մոռացե՞լ ես, մայրդ էր ղազանով ճաշ բերում:
ՍԱԹԻԿ – Նախ՝ ոչ թե ղազանով, այլ տեֆալով, իսկ ես վարպետներին սուրճ կեփեի՛… չեփեի էլ՝ գոնե վրաները կբրթբրթայի…
ԱՐԹՈՒՐ – Իսկ չէի՞ր կարող ասել, որ ինֆեկցիոնում ես աշխատելու:
ՍԱԹԻԿ – Չէի կարող, որովհետև խռով էինք: Իսկ դու կարող էիր ասել, որ նոր աշխատանք ես գտել, դրա համար ես ուշ գալիս, այդ ժամանակ դեռ խռով չէինք:
ԱՐԹՈՒՐ – Դրա համար պետք էր…
ՍԱԹԻԿ – Ի՞նչ էր պետք:
ԱՐԹՈՒՐ – Հիմա արդեն չգիտեմ էլ…
Դադար:
ՍԱԹԻԿ – Նոր գործդ… ի՞նչ է:
ԱՐԹՈՒՐ – Նունեն չասա՞ց:
ՍԱԹԻԿ – Վարդանը այդ աստիճանի բերանբաց չէ:
ԱՐԹՈՒՐ – Վարդանի ու Ճուտի հետ նոր բիզնես ենք սկսել… Ու էս պանդեմիան փաստորեն օգնեց, հիմա ամեն ինչ առաքումով է… (Անսպասելի ոգևորությունը մարում է:) Բայց քե՞զ ինչ…
Սաթիկը դուրս է գնում՝ դուռը շրխկացնելով:
ԱՐԹՈՒՐ – Հիմա՞ ուր է գնում… Էսօր հինգշաբթի է, հերթապահություն չունի… չհասկացա՛… (Դուրս է սլանում:)
Քաշքշուկի ձայներ, Արթուրը մի կիսակոշիկով ու վերարկուն հագած Սաթիկին ներս է հրում:
ՍԱԹԻԿ – Բա՛ց թող…
ԱՐԹՈՒՐ – Տանը մնաս՝ բռնող չկա:
ՍԱԹԻԿ – Ինձ սպասում են…
ԱՐԹՈՒՐ – Ըհը՛, Քովիդ 19-ը:
ՍԱԹԻԿ – Ուզում ես ասել՝ վիրուսից բացի ինձ սպասող չի կարող լինե՞լ:
ԱՐԹՈՒՐ – Կարող է՝ գարնանային ալերգիադ:
ՍԱԹԻԿ – Էյ, էդպես հասար էս վիճակին… Երբ էշ-էշ նանարի մասին էի ասում, ժխտելու փոխարեն տափակ սրամտում էիր…
ԱՐԹՈՒՐ – Չես պատկերացնում, ինչ հաճույք է, երբ ամբողջ օրը ծանր տոպրակներ ես քարշ տվել, իսկ կինդ համոզված է, որ սիրուհու մոտից ես ուժասպառ տուն հասել:
ՍԱԹԻԿ – Չկայացա՛ծ Կազանովա…
ԱՐԹՈՒՐ – Ախր, շատ հավեսով էիր խանդում…
ՍԱԹԻԿ – Դե, գիտե՞ս…
ԱՐԹՈՒՐ – Գիտեմ, ինչ-որ պահից երկուսիս համար աշխատանքը դարձավ ամեն ինչ… Բանկից դուրս գալուց հետո ինքնավստահությունս էի կորցրել, իսկ դու խանդի տեսարաններ ես սարքում… մի տեսակ կոմպենսացնում էր անլիարժեքության կոմպլեքսը:
ՍԱԹԻԿ – Հոգեբանության դասախոսս ասում էր՝ ամենահասուն տղամարդը 14 տարեկան աղջնակի մակարդակին հասնի՝ չհասնի: Որ մտածում եմ՝ ինչ ապուշն ենք երկուսս էլ… (Գնում է դեպի դուռը:)
ԱՐԹՈՒՐ – Ո՞ւր:
ՍԱԹԻԿ – Հիվանդանոց:
ԱՐԹՈՒՐ – (համարյա ուժով նստեցնում է աթոռին): Էսօր հերթապահության չես:
ՍԱԹԻԿ – Ե՛մ: (Սթափվելով:) Ի՞նչ գիտես:
ԱՐԹՈՒՐ – Ուրեմն գիտեմ:
ՍԱԹԻԿ – (միանգամից սմքելով): Ես չգիտեմ: Չգիտեմ՝ ինչու այսպես ստացվեց… Սկզբում ամեն ինչ այնքան լավ էր…
ԱՐԹՈՒՐ – Իսկ հետո՞…
ՍԱԹԻԿ – (դադարից հետո): Ի՞նչ ես առաջարկում:
ԱՐԹՈՒՐ – Կարանտինը ե՞րբ է պրծնում:
ՍԱԹԻԿ – Ասում են՝ մի շաբաթից:
ԱՐԹՈՒՐ – (նայում է հեռախոսի մեջ): Քո երկու հերթապահությունը հանած… իմ առաքումները… Ժամանակ մնում է:
ՍԱԹԻԿ – Ինչի՞ն…
ԱՐԹՈՒՐ – Փորձենք խոսել:
ՍԱԹԻԿ – Մինչև հիմա ի՞նչով էինք զբաղված:
ԱՐԹՈՒՐ – Էշությամբ:
ՍԱԹԻԿ – Չե՞ս վախենում:
ԱՐԹՈՒՐ – Կորցնելու ի՞նչ ունենք, դիմումը ուժի մեջ է:
ՍԱԹԻԿ – Խոսելուց հետո կարող է իրար սպանենք:
ԱՐԹՈՒՐ – Կարող է: Կամ ապրենք:
ՍԱԹԻԿ – (դադար, նայում են իրար, ներքուստ պատրաստվելով անկեղծության): Վերջապես կասեմ՝ ինչ մտածում եմ:
ԱՐԹՈՒՐ – Ինչպե՞ս դիմանամ անկեղծությանդ:
ԿԻՆ – Մինչև վերջ անկեղծ լինելով:
ԱՐԹՈՒՐ – Դե ինչ, սկսե՞նք:
ՍԱԹԻԿ – Սպասիր…
Սաթիկը թաքցրած տեղից հանում է ջազվեն, դրանով է սուրճ եփում:
Արթուրը իր տեղում նստած՝ հետևում է նրան: Նրանք խոսում են, բառերը չեն լսվում, բայց որ խոսակցությունը երկար է տևելու՝ կասկած