Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍԻՐԱՎԵՊ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍԻՐԱՎԵՊ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում

Իմ հերոսուհին ասում է. «…միայն Երևանում կարող է այսպիսի պատմություն լինել…»։ Կիսում եմ նրա համոզմունքը։ 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍԻՐԱՎԵՊ

Գործող անձինք

ԱՐՄԵՆ

ՍՈՆԱ

 

1977 թվական: Գրասեղանի մոտ նստած Արմենը «Պրավդա» թերթն է նայում ու խոսում հեռախոսով։ 

ԱՐՄԵՆ — … չեղած տեղից բան ես սարքում։ Հա, դու… Գայուշիկ, ես հրեշտակի համբերություն ունեմ… Հա, միայն գեղեցկուհիների նկատմամբ եմ համբերատար… Բայց դա չի նշանակում, որ համբերությունս սահման չունի։ Ի՞նչ… էլի գժվեցի՞ր։ Քեզ ասում եմ վերջին անգամ՝ կամ կթարգես խանդելդ, կամ… Որովհետև անիմաստ է… Ես մեղավո՞ր եմ, որ ընկերուհիդ կպել-պոկ չէր գալիս… Ե՞ս ամաչեմ… ի՛, թող ինքն ամաչի։ Որ աչք է տնկում ընկերուհու ունեցվածքին… Ասենք, չէ, շատ ոգևորվեցի, դեռ քոնը չեմ, ու եթե այսպես շարունակես…

 

Դուռը շրխկոցով բացվում է, շնչակտուր ներս է ընկնում Սոնան։ Հագնված է 1970-ական թվականներին բնորոշ 17-ամյա աղջնակի ոճով։

ՍՈՆԱ — (շեմին կանգնած, առանց դադար տալու)։ Շա՞տ եմ ուշացել։ Տրանսպորտ չկար։

ԱՐՄԵՆ — (զարմացած զննում է Սոնային, հետո՝ խոսափողի մեջ)։ Լավ, երեկոյան կխոսենք… Կհանդիպենք «Սկվագնյաչոկում», բա էլ որտե՞ղ։ (Խոսափողը դնում է, նայում դեռ շեմին կանգնած Սոնային։) Ինչ ասացի՞ք։

ՍՈՆԱ — Ինձ կանչել եք ժամը 14-ին։ (Նայելով վզից կախված ժսւմացույց-մեդալյոնին։) 15 րոպե ուշացել եմ… Ավտոբուսը չէր գալիս։ (Չթողնելով, որ Արմենը խոսի, սրընթաց գալիս, նստում է գրասեղանի դիմացի աթոռին՝ ձիգ ու հավաք, ձեռքերը դնում է ծնկներին, մարտահրավերով։) Սկսե՛ք։

ԱՐՄԵՆ — (մի թեթև բարձրանալով տեղից, զննում է նրան)։

ՍՈՆԱ — (նրա լռությունից սրտնեղած)։ Եկել եմ…

ԱՐՄԵՆ — Տեսա։

ՍՈՆԱ — Ուրեմն, սկսեք։

ԱՐՄԵՆ — Ի՞նչը։

ՍՈՆԱ — (ուսերը թոթվելով)։ Ինչի համար որ կանչել եք։

ԱՐՄԵՆ — Ե՞ս պիտի սկսեմ։

ՍՈՆԱ — Ըհը…

ԱՐՄԵՆ — Ի՞նչը։

ՍՈՆԱ — (ասես անհասկացող աշակերտի է բացատրում)։ Ինչի համար որ այստեղ եմ։ 

ԱՐՄԵՆ — (խորը շունչ քաշելով)։ Սկսենք սկզբից։

ՍՈՆԱ — Սկզբի՞ց… Լավ։ (Շուտասելուկի պես։) Ես ինձ մեղավոր չեմ զգում։

ԱՐՄԵՆ — Պիտի զգա՞ք։

ՍՈՆԱ — Ընկեր Աբրահամյանն ասում է, որ ամոթից գետինը պիտի մտնեմ։

ԱՐՄԵՆ — (ծոր տալով): Դե, եթե ընկեր Աբրահամյանն է ասում…

ՍՈՆԱ — Շատ բան է ասում։ Մինչև գետինը մտնելը պիտի ամաչես արածիդ համար։ 

ԱՐՄԵՆ — Ինչքան հասկացա, ամաչելու միտք չունեք։

ՍՈՆԱ — Մտքո՛վս էլ չի անցնում։

ԱՐՄԵՆ — Այո… դժվար է ընկեր Աբրահամյանի գործը։ Ի դեպ, նա ո՞վ է։

ՍՈՆԱ — (համարյա սարսափած)։ Ընկեր Աբրահամյա՞նը…

ԱՐՄԵՆ — Ինքը։

ՍՈՆԱ — Մեր դպրոցի ավագ ջոկատավարուհին։

ԱՐՄԵՆ — Իսկ դո՞ւք… (Սպասողական զննում է։)

ՍՈՆԱ — Դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղարն եմ։

ԱՐՄԵՆ — Ե՞վ…

ՍՈՆԱ — Իբր չգիտեք։

ԱՐՄԵՆ — (խուսափողական)։ Նորից լսելը չի խանգարի։

ՍՈՆԱ — (դժկամ)։ Ընկեր Աբրահամյանը վերջնականապես ինձնից ձեռ է քաշել, ուղարկել է ձեզ մոտ, որ դուք ինձ դաստիարակեք։ 

ԱՐՄԵՆ — Հեշտ դաստիարակվողների՞ց եք։ 

ՍՈՆԱ — (չթաքցնելով ինքնագոհությունը): Ինձ անհնար է դաստիարակել։

ԱՐՄԵՆ — Այդքան անդաստիարա՞կ եք։ 

ՍՈՆԱ — (արժանապատվությամբ)։ Ես արդեն, այն էլ վաղուց, դաստիարակված եմ։ 

ԱՐՄԵՆ — Ոնց գլխի չընկա։ (Իրավիճակը նրան սկսում է դուր գալ։ Լրիվ մտնելով դերի մեջ։) Ի՞նչ եք արել։

ՍՈՆԱ — Ընդամենը շպրտել եմ պատմության դասագիրքը։

ԱՐՄԵՆ — Ո՞ւր։

ՍՈՆԱ — Ոչ թե՝ ուր, այլ՝ ում։

ԱՐՄԵՆ — Պիտի գլխի ընկնեի։ Ո՞ւմ գլխին։ 

ՍՈՆԱ — Մի ապուշի։

ԱՐՄԵՆ — Անո՞ւնը։

ՍՈՆԱ — Դավիթ։

ԱՐՄԵՆ — Ծանր վիրավո՞ր է։

ՍՈՆԱ — Ուր էր, թե…

ԱՐՄԵՆ — Չլինի՞ ուզում եք ասել… (Խոսուն ժեստ։)

ՍՈՆԱ — Դե, ոչ… Նա խույս տվեց, իսկ գիրքը, նրա ապուշ գլխին գմփալու փոխարեն, դուռս թռավ բաց պատուհանից։

ԱՐՄԵՆ — Ավելի լավ։

ՍՈՆԱ — (չկարողանալով զսպել ծիծաղը)։ Ի՞նչ լավ բան կարող է լինել, երբ, ըհը՛, էս հաստության գիրքը չորրորդ հարկից ազատ անկումով գմփում է… (Սպասողական նայում է։) ԱՐՄԵՆ — Չլինի՞… (Խոսուն ժեստ։)

ՍՈՆԱ — Ըհը՛… Դպրոցի տնօրենի ճաղատ գլխին։

ԱՐՄԵՆ — Չէ հա…

ՍՈՆԱ — Բա՞… Եվ ով է նրան մարմնական թեթև վնասվածք ու հոգեկան ծանր հարված հասցրե՞լ…

ԱՐՄԵՆ — Դպրոցի թիվ մեկ կոմերիտուհին։ Լսիր, բայց քո վիճակը լուրջ է, հա…

ՍՈՆԱ — Ի՞նչ իմանայի, որ նա հենց մեր դասարանի պատուհանի տակ պիտի զբոսներ։

ԱՐՄԵՆ — Հետո՞ ինչ եղավ։

ՍՈՆԱ — Բացատրեցի, հասկացավ։ 

ԱՐՄԵՆ — Ո՞վ…

ՍՈՆԱ — Ոնց թե՝ ով… Տնօրենը։

ԱՐՄԵՆ — Ե՞րբ հասցրիր բացատրել։ 

ՍՈՆԱ — Ուշքի գալուց հետո… Բայց նույնիսկ այդ վիճակում նա հասկացավ ինձ։

ԱՐՄԵՆ — Բա էլ ի՞նչ…

ՍՈՆԱ — Փոխարենը ընկեր Աբրահամյանը հարցս բյուրոյի նիստին դրեց։

ԱՐՄԵՆ — Որ ի՞նչ…

ՍՈՆԱ — (սերտած դասի պես)։ Որ գիտակցեմ կոմերիտականին ու հատկապես քարտուղարին անհարիր անվայել պահվածքս ու ներողություն խնդրեմ։

ԱՐՄԵՆ — Դու ներողություն խնդրո՞ղն ես։ 

ՍՈՆԱ — Նույնիսկ դուք հասկացաք։ Իսկ նա իր էշն է քշում… Ես փորձեցի բացատրել, որ եթե մեկը ապուշ է…

ԱՐՄԵՆ — Դավիթին նկատի ունեիր… 

ՍՈՆԱ — Բա էլ ո՞ւմ… Ուրեմն ապուշի գլխին պիտի բամփես։ Ու ես մեղավոր չեմ, որ ապուշ լինելուց բացի, նաև վախկոտ է։ Եթե տեղում մնար, գիրքը կգմփար նրա գլխին…

ԱՐՄԵՆ — …ոչ թե տնօրենի… պարդոն, ճաղատին։ (Անթաքույց ըմբոշխնում է տեսարանը։) Վերջը՝ ներողություն չխնդրեցիր։

ՍՈՆԱ — Երբ երրորդ անգամ փորձեցի բացատրել, ընկեր Աբրահամյանն ասաց, որ ես գցում եմ դպրոցի պատիվը։ Ես էլ կատաղեցի ու…

ԱՐՄԵՆ — Ո՞ւ…

ՍՈՆԱ — Ասացի, որ պատվի մասին խոսելուց առաջ թող հիշի, որ լինելով երիտասարդ կոմունիստ՝ Լեհաստանից երկու ճամպրուկ շմոտկա էր բերել ու ծախել։

ԱՐՄԵՆ — (սուլում է)։ Вот это – да! (Կեղծ խստությամբ։) Ի՞նչ գիտես։

ՍՐՆԱ — Մեր կողքի շենքում է ապրում։ 

ԱՐՄԵՆ — Պատկերացնում եմ, ինչ է կատարվել բյուրոյի անդամների հետ, էլ չեմ ասում ընկեր Աբրահամյանի մասին…

ՍՈՆԱ — Ու-շա-թափ-վեց։ Իսկ էդ ցնդածները որոշեցին հարցս տեղափոխել կոմերիտմիության շրջկոմ, որ հրահանգիչ Արամյանը համապատասխան դաստիարակչական աշխատանք տանի։ Ես էլ եկա։

ԱՐՄԵՆ — Դաստիարակվելու հույս ունե՞ս։ 

ՍՈՆԱ — Այստեղ ուղարկողներն այդ հույսն ունեն։

ԱՐՄԵՆ — (իբր լրջանալով)։ Չե՞ս կարծում, որ արածդ խոզություն է։

ՍՈՆԱ — Ո՞ր մեկը։

ԱՐՄԵՆ — Ընկեր Աբրահամյանի անձնական կյանքի մեջ պստլիկ քիթդ խոթելը։

ՍՈՆԱ — (անզիջում)։ Թող գլխիս քարոզ չկարդար։

ԱՐՄԵՆ — Ծանր դեպք ես։

ՍՈՆԱ — Սրանց ձեռքը կդառնաս։ Քիչ առաջ էլ մայրս գլխիս քարոզ կարդաց։

ԱՐՄԵՆ — Որ ի՞նչ…

ՍՈՆԱ — Որ ձեզ մոտ չհակաճառեմ, որովհետև ավարտական քննություններին երկու ամիս է մնացել, իսկ ես ինստիտուտ պիտի ընդունվեմ։

ԱՐՄԵՆ — Պարզ է, կոմերիտմիությունից հեռացվածը ի՞նչ ապագա կարող է ունենալ… Գործերդ ո՞ւր ես տալու։

ՍՈՆԱ — Դիվանագետ պիտի դառնամ։ Ու հիմա ամեն գնով պիտի չփչացնեմ ապագաս։ 

ԱՐՄԵՆ — Հա՞…

ՍՈՆԱ — Մորս խոսքերն են։ Իսկ ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ (Ոտքի է կանգնում։) Չեմ զղջում ոչ շպրտածս գրքի, ոչ ասածիս համար։ Դե, հիմա դաստիարակեք, եթե կարող եք։

ԱՐՄԵՆ — (ակամա հիանալով նրանով)։ Համա՜ռն ես։

ՍՈՆԱ — Տատիս եմ քաշել։

ԱՐՄԵՆ — Ասում ես՝ չես զղջում։

ՍՈՆԱ — Ոչ։ (Նստում է նախկին դիրքով։)

ԱՐՄԵՆ — Դե ինչ… Դու քոնն ասիր։ (Բարձրանում, մոտենում է նրան։) Կարո՞ղ ես ինձ մի բան խոստանալ։

ՍՈՆԱ — Նայած ինչ… Ընկեր Աբրահամյանն ասում է, որ…

ԱՐՄԵՆ — Հանգիստ թող նրան։ (Բարձրացնում է նրան։ Կանգնած են դեմ-դիմաց։) Խոստացիր, որ չես փոխվի։ Կմնաս այսպիսին՝ համարձակ ու այծիկի պես համառ։ Գլխիդ, իհարկե, կբամփեն, և ոչ միայն գրքով, միշտ կբամփեն, բայց դու չփոխվես։

ՍՈՆԱ — (զարմացած)։ Ընկեր Աբրահամյանր գիտի՞, թե այստեղ ինչպես են դաստիարակում։ 

ԱՐՄԵՆ — Դաստիարակությունը քիչ հետո կսկսվի։ Իսկ հիմա… (Գրկում, համբուրում է Սո-նային, ում առաջին պահի զարմանքը փոխվում է բողոքի, հետո… մարում է նրա գրկում։)

 

Արմենը, գրկից բաց թողնելով աղջկան, մի պահ նայում է նրան, հետո արագ դուրս է գնում։ Սոնան գալիս է բեմառաջ։ Դեպի դահլիճը:

ՍՈՆԱ — Իմ առաջին համբույրն էր… Համբուրեց ու անհետացավ… Ոնց որ պատմության գիրքը գմփացել էր իմ գլխին։ Ախր… երազում էի առաջին սիրո, առաջին համբույրի մասին, հազար ու մի տեսարան էի պատկերացնում, ինչպես ֆիլմերում… Լացս եկավ, առաջին անգամ ինձ համբուրել է մեկր, ում անունն անգամ չգիտեմ։ Հետո հիշեցի, որ հրահանգիչ Արամյանի կաբինետում էի՝ ուրեմն, գոնե ազգանունը գիտեմ։ Բայց… (Դադար։) Պարզվեց, Արամյանը ցմփոր, թթված դեմքով մեկն էր, որ ներս մտավ, իմացավ ով լինելս ու միանգամից անցավ քարոզ կարդալուն, իսկ ես փորձում էի հասկանալ՝ լավ, եթե Արամյանը սա է, բա ո՞վ էր այդ… իմ անանունը։ Մի կերպ ընդհատեցի նրան ու հարցրի, թե ով էր քիչ առաջ սենյակում գտնվողը։ Ո՜նց կատաղեց… Դեմքիս շպրտելով, որ իր օյինբազ ընկերը եղած կլինի, հարձակվեց վրաս, որ ես, նրա ասածներից հետևություն անելու փոխարեն, հիմար բաների մասին եմ մտածում… Այստեղ համբերությունս պայթեց, ու ես ասացի այն ամենը, ինչ մտածում էի նրա, ընկեր Աբրահամյանի, կոմերիտականի օրինակելի վարքի ու նրա օյինբազ ընկերոջ մասին։ Նա, իհարկե, ասածիցս համարյա բան չհասկացավ, բայց… (Դադար։) Այնպիսի բնութագիր տվեցին, որ դիվանագիտական ապագայիս ճամփան փակվեց։ Տանը համընդհանուր սուգ էր, իսկ ես… սիրահարվել էի։ Ամենավերջին ապուշի պես։ Համարյա ամեն գիշեր նույն երազն էի տեսնում. նա ինձ համբուրում է, իսկ ես նրա գլխին եմ բամփում պատմության, ըհը՛, այս մեծության դասագիրքս։ Ու նա, չհասցնելով ասել իր անունը, գմփում է չորրորդ հարկից ներքև։

Խավար:

 

ՏԵՍԱՐԱՆ

1982 թվականն է։ Հայտնվում է Սոնան՝ այդ տարիներին բնորոշ մոդայով հագնված։

ՍՈՆԱ — Գործերս տվեցի թատերական։ Պարել գիտեի։ Մի քանի տարի բալետի դպրոց էի գնացել՝ տատիս քմահաճույքն էր։ Նա ասում էր, որ եթե պարուհի չդառնամ, գոնե ուղիղ ոտքեր կունենամ։ (Ցուցադրելով ոտքերը։) Ապրի՛ տատս… Հետո՝ քչից-շատից ձայն ունեի, ասմունքի խմբակն էլ՝ վրադիր… Կոմերիտական քարտուղար լինելն էլ պակաս դերասանություն չէր. մի բան ասում ես, մտածում ես լրիվ հակառակը։ Ինչ որ է՝ ինձ համոզեցի, որ դերասանուհի եմ դառնալու։ Ուսանողական հինգ տարիների ընթացքում ինչ ասես՝ չպատահեց, բայց Անանունին չմոռացա։ Ասենք, նրան մոռանա՞լ կլիներ, ամեն անգամ մտնելով ինստիտուտ՝ հիշում էի, որ նրան եմ պարտական կյանքիս այդքան անսպասելի շրջադարձի համար։

Ավարտելուց հետո ինձ ուղարկեցին հեռավոր շրջաններից մեկի թատրոնում երեք տարի աշխատելու։ Այն տարիներին այդպես էր ընդունված։ Գնացի, տասն օրից փախա։ Կենցաղային պայմանները՝ զրոյից հանած, իսկ թատերախմբի մասին ավելի լավ է՝ լռեմ։ Իմ անխոնջ տատը երկու օր հեռախոսային բանակցություններ վարեց քաղաքի կեսի հետ և ինձ ուղարկեց նորաստեղծ թատրոն-ստուդիան, որի գլխավոր ռեժիսորն արդեն նախազգուշացված էր։ Մնացածը, ասաց տատս, կախված է քեզնից։

Խնամքով հագնվեցի, շպարվեցի… Եթե հիշում եք, այդ թվերին անխղճության աստիճան ներկում էին կոպերը։ Այդ օրը ես կանաչ ներկը չխնայեցի… (Ներկելով կոպերը։) Ու գնացի։

Խավար:

 

ՏԵՍԱՐԱՆ

Արմենը, մեջքով դեպի դուռը նստած, խոսում է հեռախոսով՝ սիգարետի ծուխը փչելով առաստաղին։ Խոսակցությամբ տարված՝ չի լսում Սոնայի մտնելը։

ԱՐՄԵՆ — Վերջ տուր, անիմաստ ժամանակ ես վատնում… Ինչո՞ւ ես մտել գրպանս։ Է՛, արդուկիր… Տեսար՝ թղթի կտոր է, մի կողմ դիր ու շարունակիր արդուկդ… Հեռախոսի համար պիտի լիներ, բա ի՞նչ պիտի լիներ գրպանումս… Անահիտ, համբերությունս սահման ունի… Ի՞նչ… մեկ էլ ասա…

 

Սոնան կեղծ հազում է։ Արմենը շրջվում է։ Առաջին հայացքից Սոնան ճանաչում է Արմենին։

ԱՐՄԵՆ — (տեսնելով Սոնային՝ խոսափողի մեջ)։ Ասելիքդ կպահես, մինչև տուն գամ։ (Լսափողը դնում է, հպանցիկ նայում Սոնային։) Լսում եմ ձեզ։

ՍՈՆԱ — (դեռ ուշքի չի եկել)։ Ես… ես… 

ԱՐՄԵՆ — Հետո՞։

ՍՈՆԱ — Ինչպե՞ս է ձեր անունը։

ԱՐՄԵՆ — Գուցե ազգանո՞ւնը։

ՍՈՆԱ — (զգաստանալով)։ Դե, իհարկե, ազգանունը…

ԱՐՄԵՆ — Ստեփանյան։

ՍՈՆԱ — Շատ հաճելի է։ Գիտե՞ք, հիմա այնպիսի ծիծաղելի ազգանուններ կան, որ ուրախանում ես, երբ նորմալ ազգանուն ես լսում։ Մեր հարևանը, օրինակ…

ԱՐՄԵՆ — (համարյա կոպիտ)։ Է՞լ ինչ կուզենայիք իմանալ։

ՍՈՆԱ — (ասես սպասում էր այդ հարցին)։ Անունը… Ձեր անունը։

ԱՐՄԵՆ — (զննելով Սոնային)։ Ասենք՝ Լյուդվիգ։

ՍՈՆԱ — Իսկապե՞ս…

ԱՐՄԵՆ — Վա՞տ անուն է։ Իմիջիայլոց, ազնվական ծագում ունի։

ՍՈՆԱ — (ինքն իրեն)։ Լյուդվիգ… (Համակերպված։) Լյուդվիգ, ուրեմն՝ Լյուդվիգ։ 

ԱՐՄԵՆ — Իսկ եթե Մարտիրո՞ս…

ՍՈՆԱ – (կարճ մտորումից հետո)։ Ավեյի լավ է՝ Լյուդվիգ։

ԱՐՄԵՆ — Պայմանավորվեցինք։ Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

ՍՈՆԱ — Ստուդիայում ազատ տեղ ունեք… դերասանուհու։

ԱՐՄԵՆ — Դերասանուհի՞ եք։

ՍՈՆԱ — Սկսնակ։ Ձեզ պիտի զանգած լինեին։

ԱՐՄԵՆ — Ինչո՞ւ եք ուզում այստեղ աշխատել։

ՍՈՆԱ — Չեմ ուզում շրջան գնալ։

ԱՐՄԵՆ — Իսկ ի՞նչ եք ուզում։

ՍՈՆԱ — Գոնե տարրական կենցաղային պայմանններ… Այնտեղի բաղնիքը աշխատում է շաբաթվա երկու օրը, այդ օրերին էլ ջուր չի լինում… Ձեր անունը իսկապե՞ս Մարտիրոս է։

ԱՐՄԵՆ — Կարծեմ համաձայնվեցինք Լյուդվիգի տարբերակին։ Ի՞նչ եք խաղացել։

ՍՈՆԱ — Ուսանողական թատրոնում… (Չի կարողանում հաղթահարել շփոթմունքը։) Մանրապատումներում, սպասուհի, Ռուզան… Մտքովս չէր անցնում, որ ռեժիսոր եք… Էմիլյա… օձի դերը… հա, երկարականջ նապաստակ… 

ԱՐՄԵՆ — Կենդանական աշխարհից էլ ո՞վ մնաց։

ՍՈՆԱ – (լռում է)։

ԱՐՄԵՆ — Այո… Не густо. Իսկ ինչպե՞ս եք խաղացել։ (Տեսնելով, որ հարցը չի հասկանում։) Դասախոսները գո՞հ էին։

ՍՈՆԱ — Ընկեր Լուսիկյանն ասաց, որ իմ խոզուկն անհամոզիչ է… նաև՝ անսեռ։

ԱՐՄԵՆ — Իսկ դո՞ւք։

ՍՈՆԱ — Ասացի, որ սեթևեթող խոզուկին առաջինն են սպանում։ 

ԱՐՄԵՆ — Մորթում։ Խոզուկին մորթում են։ Դա՞ որտեղից գիտեք։

ՍՈՆԱ — (ցուցադրելով կոնքերը գայթակղիչ տարուբերող խոզուկին)։ Ինչպե՞ս կհրամայեք վարվել սրա հետ։

ԱՐՄԵՆ — Իրոք որ… (Ծիծաղի միջից։) Մի խոսքով, ձեզնից դերասան, ինչքան խոզուկից՝ կոկետկա։

ՍՈՆԱ — (վիրավորված)։ Ինչպես թե… 

ԱՐՄԵՆ — Թեև ձեզ համար բարեխոսել են, բայց կասկածում եմ… Այստեղ լուրջ թատրոն է կայանում։

ՍՈՆԱ — (խոցված): Դուք չեք կարող այսպես… (Աչքն ընկնում է մագնիտոֆոնին։) Միացրե՛ք:

ԱՐՄԵՆ — Բա որ խոզուկից վատ լինի։ 

ՍՈՆԱ — Խոզուկից վա՞տ… Անհնար է։

 

Արմենը միացնում է մագնիտոֆոնը: Հնչում է ABBA–ի երգացանկից։ Սոնան գերազանցում է ինքն իրեն։ Արմենն անկարող է թաքցնել հիացմունքը։

ԱՐՄԵՆ — Այ-յո՜…

ՍՈՆԱ – (չդադարեցնելով պարը): Ես կարո՞ղ եմ հույս ունենալ։ 

ԱՐՄԵՆ — Այսպիսի ոտքեր ունեցողը կարող է ամեն ինչ ունենալ։

ՍՈՆԱ — Ապրի՛ տատս։ (Պարը կիսատ թողնելով։) Անջատեք։

ԱՐՄԵՆ — (անջատելով մագնիտոֆոնը)։ Է՞լ ինչ կհրամայեք։

ՍՈՆԱ — Լսեք։ (Ասմունքում է։ Ավարտից հետո։) Հիմա՞ ինչ կասեք։

ԱՐՄԵՆ — Ես պատրաստ եմ կատարել ձեր, առայժմ միակ, ցանկությունը։

ՍՈՆԱ — Անունը։

ԱՐՄԵՆ — Այսինքն…

ՍՈՆԱ — Ձեր անունը…

ԱՐՄԵՆ — Լսիր, ինչո՞ւ ես այստեղ եկել։ 

ՍՈՆԱ — Աշխատելու։

ԱՐՄԵՆ — Չեմ հասկանում, ինչ խաղ ես խաղում, բայց… խաղդ ստացվում է։ (Քիպ մոտենալով նրան։) Ամուսնացա՞ծ ես։

ՍՈՆԱ — (թուքը կուլ տալով)։ Ոչ։

ԱՐՄԵՆ — Ընկեր, բան… ունե՞ս:

ՍՈՆԱ — Ոչ։

ԱՐՄԵՆ — (չհավատալով)։ Դե, պարզ է, հիմա էդպես պիտի ասես։

ՍՈՆԱ — Չէ, ես իսկապես…

ԱՐՄԵՆ — (ափով փակելով նրա բերանը)։ Լռիր։ (Սևեռուն նայում է նրան։) Խոսելդ անիմաստ է։ (Ափը զգույշ հեռացնում է։) Այսքան գեղեցիկ շուրթերը պետք է միայն… (Համբուրում է։ Առաջին տեսարանը կրկնվում է։)

Խավար:

 

ՏԵՍԱՐԱՆ

Լուսավորվում է բեմը՝ Սոնան է միայն։

ՍՈՆԱ — Երկրորդ անգամ համբուրեց, ու ես էլի չգիտեի նրա անունը։ Բայց այս անգամ չհասցրի լաց լինել։ Նա ժամանակ չտվեց, առաջարկեց խոսակցությունը շարունակել ռեստորանում։ Հեռախոսազրույցից պարզ էր, որ ամուսնացած է, բայց… Ես անկարող էի դիմադրել, կարծես հիպնոսի տակ գտնվող ճագար լինեի։ Սուրճ խմելու ընթացքում վերջապես իմացա նրա անունր՝ Արմեն… Նա առանց դադարի խոսում էր, սրամտում, շամպայն էր հյուրասիրում… Մի խոսքով, իրեն պահում էր՝ ինչպես ցանկացած տղամարդ, ով որոշել է խելքահան անել դուրն եկած կնոջը։ Ես լսում էի նրան, իսկ մտքումս աղոթում՝ Տեր Աստված, թող մի քիչ էլ խոսի, լոպազանա, թող ինքնագոհ պինգվինի նման կաշվից դուրս գա՝ կարծելով, թե այդ մի քանի ժամում կարողացավ հմայել ինձ, միայն խոսի ու ես լսեմ։ Պարի հրավիրեց։ Պարելիս չխոսեց, ժպտում էր ու սեղմում գրկում։ Հետո հայտնվեցինք ինչ-որ սենյակում… Ու մեկ էլ հիշեցի, որ հիմա նա է իմ վիճակում։ Պառկել էր ձեռքերը գլխի տակ, աչքերը փակ ու ժպտում էր։ Հարցրի՝ «Չե՞ս ուզում իմանալ անունս»։ Նա փակ աչքերով ժպտաց, թե հորանջեց… Ասաց, որ հիմա դա չէ կարևորը։

Հաջորդ օրը մեկնեցի իմ հեռավոր շրջանն ու այնտեղ մնացի չորս տարի։ Ամենակարևորը մոռացա. նա գլխավոր ոեժիսորը չէր։ Տնօրենն էր։

Խավար:

 

ՏԵՍԱՐԱՆ

1988 թվականի աշունը։ Ազատության հրապարակին մերձ տարածք, լսվում են բացականչություններ՝ «Միացում», «Գործադուլ»…

Կաղալով բեմ է մտնում Սոնան՝ մի կոշիկը ձեռքում։ Կոշիկի կրունկն է կոտրվել։ Նա նստում է մայթին, զննում է կոշիկը, փորձում ամրացնել կրունկը՝ ոչինչ չի ստացվում։ Կրունկը խփում է գետնին, այդ գործի վրա նրան տեսնում է Արմենը։ Մոտենում է կռացած կնոջն օգնելու։

ԱՐՄԵՆ — (առանց դեմքին նայելու վերցնում է կոշիկը, զննում)։ Հիմնավորապես է ջարդվել… (Կրունկն անջատում է կոշիկից ու նայում շփոթահար Սոնային։) Դո՞ւք… դո՞ւ ես։ 

ՍՈՆԱ — (լուռ վերցնում է կոշիկը, պարզում է ձեռքը)։

ԱՐՄԵՆ — Ի՞նչ…

ՍՈՆԱ — Կրունկը։

ԱՐՄԵՆ — (մեկնում է կրունկը, բայց չի տալիս։) Չե՞ս ուզում բարևիս պատասխանել։ 

ՍՈՆԱ — Բարևեցի՞ր… չլսեցի։

ԱՐՄԵՆ — Ճիշտ որ… (Լարված ժպտում է։) Բարև։

ՍՈՆԱ — Եթե կրունկս տաս, կասեմ ցտեսություն։

ԱՐՄԵՆ — (կրունկը ցուցադրական ձեռքում շուռումուռ տալով)։ Համարյա չես փոխվել։ 

ՍՈՆԱ — Համարյա՞…

ԱՐՄԵՆ — Համարյա։ Ո՞ւր կորար։ 

ՍՈՆԱ — Ես կորչողը չեմ։

ԱՐՄԵՆ — Գլխավոր ռեժիսորը մի շաբաթ քեզ էր սպասում։

ՍՈՆԱ — (կոշիկը ցուցադրաբար ճոճելով)։ Կրունկս…

ԱՐՄԵՆ — Հիմա։ (Ճանկում է կոշիկը Սոնայի ձեռքից ու արագ հեռանում։)

 

Սոնան հայացքով հետևում է նրան, մյուս կոշիկը հանում, դնում է նստարանին, ինքն էլ նստում կողքը։

ՍՈՆԱ — Ու գնաց։ Գրողր տանի, այս տիպը ոնց որ անեծք լինի… Չհամբուրեց, բայց կոշիկս առավ ու չքվեց: Ու ես, նորից ապուշ կտրած, չգիտեմ՝ ինչ անեմ… Չէ, առաջին պահին գիտեի՝ ուզում էի փախչել առանց ետ նայելու… Իսկ նա առանց սյուրպրիզի չի կարող։ Հետաքրքիր է, միայն ինձ հե՞տ է այսպիսի ֆոկուսներ անում… Մի քանի անգամ որոշեցի թողնել-գնալ՝ կոշիկիս հերն էլ անիծած, բայց… ինչպես տեսնում եք, դեռ այստեղ եմ։ Չէ, ինչ ուզում եք ասեք, այս տիպն իմ ջգրու է ապրում Երևանում… Եվ 4-5 տարին մեկ ինձ գցում է շոկի մեջ… Այսպես ինքս ինձ կերա մի ժամի չափ, մինչև հայտնվեց՝ կոշիկս թևի տակ։

ԱՐՄԵՆ — (մոտենալով)։ Այ, հիմա հավատացի, որ համընդհանուր գործադուլ է։ Անգամ կոշկակարներն են փակել իրենց արհեստանոցները։

ՍՈՆԱ — Ուրեմն բոբիկ պիտի տուն հասնեմ։ 

ԱՐՄԵՆ — Վիրավորում ես… (Կոշիկը պարզելով:) Խնդրեմ։

ՍՈՆԱ — Բա ասում էիր՝ համընդհանուր գործադուլ…

ԱՐՄԵՆ — Էլի կասեմ։ (Կոշիկը դնում է գետնին:)

ՍՈՆԱ — (վերցնում, կասկածով ստուգում է կրունկի ամրությունը)։ Հուսամ, կյանքիս վտանգ չի սպառնում։ (Հագնում է կոշիկները։) 

ԱՐՄԵՆ — (նստում է կողքին)։ Չասիր, ուր կորար։

ՍՈՆԱ — Գիտե՞ս, ինչու չեմ ուզում պատասխանել հարցիդ։

ԱՐՄԵՆ — Հետաքրքիր է…

ՍՈՆԱ — Դու մինչև հիմա անունս չգիտես։ 

ԱՐՄԵՆ — (անակնկալի եկած)։ Ո՞նց… (Սոնայի հայացքից շփոթված։) Լո՞ւրջ… (Սոնան ժպտում է՝ ասես իր մտքերին։) Հա, էլի… Իսկ դու իմը…

ՍՈՆԱ — (երկիմաստ)։ Գիտեմ։ Բայց մինչև իմացա…

 

Արմենը նեղ է զգում, չգիտի անելիքը։ Սոնան անտարբեր հանգստությամբ ստուգում է կրունկի ամրությունը։ Արձագանքվում են Ազատության հրապարակից լսվող բացականչությունները։

ԱՐՄԵՆ — Միտինգներին մասնակցո՞ւմ ես։ 

ՍՈՆԱ — Բա ո՞նց։ Գիշերը մինչև տուն եմ հասնում՝ մայրս ինֆարկտի դուռ է հասնում։ Թե ինչից է վախենում…

ԱՐՄԵՆ — Իսկ ամուսինդ… չի՞ վախենում։ 

ՍՈՆԱ — Ուզում ես իմանալ՝ ամուսնացե՞լ եմ։ 

ԱՐՄԵՆ — Մոտավորապես։

ՍՈՆԱ — Բաժանվել ենք։ Իսկ քո կինը շալվարդ արդուկելիս էլի՞ անծանոթ հեռախոսի համարներ է հայտնաբերում։ (Ի պատասխան Արմենի հայացքի։) Երբ մտա կաբինետդ, նրա հետ այդ հարցն էիր պարզում։

ԱՐՄԵՆ — Չե՞ս մոռացել… (Հանկարծ մտահոգված:) Շալվարներս պարտաճանաչ արդուկում է, բայց… ոնց որ ձեն-ձուն չկա…

ՍՈՆԱ — Համարներն սկսել ես անգի՞ր անել։ 

ԱՐՄԵՆ — Չէ հա… Լսիր, բայց մտքովս չէր անցել…

ՍՈՆԱ — Ի՞նչը։

ԱՐՄԵՆ — Ոնց որ կասկածելի լռություն է։ Համաձայն չե՞ս։

ՍՈՆԱ — Ի՞նչ իմանամ։ Երեխաներ ունե՞ք։ 

ԱՐՄԵՆ — Երկու տղա։ Իսկ դո՞ւ։

ՍՈՆԱ — Չհասցրինք։

ԱՐՄԵՆ — Այդքան արա՞գ բաժանվեցիք։ 

ՍՈՆԱ — Երեք տարի նույն տանն ապրեցինք։ Բայց իրար հետ ապրել չկարողացանք։ 

ԱՐՄԵՆ — Իսկապես, ո՞ւր կորար։

ՍՈՆԱ — Այն անգամ ես փորձում էի իմանալ քո անունր։ Հիմա դու ուզում ես իմանալ՝ ես ուր կորա…

ԱՐՄԵՆ — Հիմա չե՞ս ասելու։

ՍՈՆԱ — Դու հիմա էլ չգիտես իմ անունր։

Կարճ լռություն։ Հետո սկսում են ծիծաղել։ Լարվածությունն անցնում է։

ԱՐՄԵՆ — Փոխարենը հիշում եմ քո կոկետկա խոզուկին։

ՍՈՆԱ — Է՞լ ինչ ես հիշում։

ԱՐՄԵՆ — (խոսուն նայելով նրա ոտքերին)։ Ապրի՛ տատդ։

ՍՈՆԱ — (փեշն ուղղելով)։ Ու վե՞րջ… (Անսպասելի պոռթկում է։) Անունս Սոնա է։ Գուցե դա քեզ համար ոչինչ չի նշանակում, բայց… Այն սենյակում երբ ուզեցի ասել, հասկանո՞ւմ ես, երբ ինքս փորձեցի ասել անունս, երբ վերջապես իմացա քո անունր, դու… (Լռում է:)

ԱՐՄԵՆ — Ես՝ ի՞նչ։

ՍՈՆԱ — Ոչինչ։ (Դադարից հետո։) Ասածիցս բան հասկացա՞ր։

ԱՐՄԵՆ — Ունիկալ երևույթ ես, քեզ հետ ինձ կատարյալ ապուշ եմ զգում։

ՍՈՆԱ — Չէ հա…

ԱՐՄԵՆ — Ասում ես մի բան, բայց մտքինդ ուրիշ բան է…

ՍՈՆԱ — Քեզ թվում է։

ԱՐՄԵՆ — Թվո՞ւմ է… Գուցե ապուշ եմ, բայց ոչ այդ աստիճան։

ՍՈՆԱ — (թեման փոխելու միտուով)։ Թատրոնի հետ հաշիվներս փակել եմ։

ԱՐՄԵՆ — Ինչո՞ւ…

ՍՈՆԱ — Դերասանուհի չդարձա։

ԱՐՄԵՆ — Դու չե՞ս ընտրել մասնագիտությունդ։

ՍՈՆԱ — (հեգնանքով)։ Իհարկե՝ ես, այն էլ ինչպե՜ս եմ րնտրել…

ԱՐՄԵՆ — Բա ի՞նչ ես անելու։

ՍՈՆԱ — Լեզուներ հեշտ եմ սովորում, անգլերենս վատ չէ։ Մի բան կմտածեմ։ (Հրապարակի ձայներն ուժգնանում են:) Լսո՞ւմ ես… Ինձ թվում է, շատերիս կյանքն է փոխվելու։ Դե, ես գնամ։ (Բարձրանում է, երկու քայլ չարած՝ կրունկը պոկվում է։) Ո՞ր գրողի տարած կոշկակարն է… 

ԱՐՄԵՆ — Իմ կպցրած կրունկը ինչ պիտի լիներ։ (Մոտենում է օգնելու և… գրկում է։) 

ՍՈՆԱ — (շատ հանգիստ)։ Ոչ։

ԱՐՄԵՆ — Ինչո՞ւ։

ՍՈՆԱ — Որովհետև ես գիտեմ քո անունը, դու գիտես իմ անունը։

ԱՐՄԵՆ — Էլի ապուշի դերում եմ։

ՍՈՆԱ — (նայում է Արմենին, այն է՝ խոսելու է, բայց միտքը փոխում է)։ Նկատե՞լ ես, ինչպես է փոխվել Երևանը։

ԱՐՄԵՆ — (դեռ նրան գրկում պահած՝ փորձում է կատակի տալ)։ Ի՞նչ կապ ունի քաղաքը մեզ հետ…

ՍՈՆԱ — Բոլորը բարիացել են, ամեն րոպե պատրաստ են օգնել իրար… Երևանը ազնվության կղզի է դարձել, մարդիկ դռներր բաց գալիս են միտինգի, ու քաղաքում գող չկա, որ տները մտնի։ Անծանոթ մարդիկ ուտելիք են բերում հրապարակ, ու ամեն մեկը փոքր կտորը թողնում է իրեն, մեծը տալիս կողքինին։ Երևանը գժվելու չափ մաքուր է դարձել…

ԱՐՄԵՆ — Եվ ինչո՞վ է վնասում քաղաքին մեր… (Փորձում է համբուրել։)

ՍՈՆԱ — (մեղմորեն վանելով)։ Հասկանո՞ւմ ես, ես հիմա շատ անկեղծ պիտի լինեմ քեզ հետ կամ կեղծեմ… Երկուսն էլ չեմ կարող։

ԱՐՄԵՆ — (անկեղծ պոռթկումով)։ Լսիր, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու չեմ հասկանում քեզ։

ՍՈՆԱ — Հասկանա՞լ… Ընդամենը տասը րոպե աոաջ իմացար անունս։

ԱՐՄԵՆ — (երկիմաստ): Հնարավորություն տուր, այդքան անհույս չեմ, կհասկանամ։ 

ՍՈՆԱ — Դու աշխատիր անունս չմոռանալ։ 

ԱՐՄԵՆ — Այսքանից հետո՞…

ՍՈՆԱ — Երևանը հրաշք քաղաք է, մեկ էլ տեսար՝ էլի հանդիպեցինք։

ԱՐՄԵՆ — (փորձելով նրան պահել)։ Էդ կոշիկով ո՞նց ես գնալու։

ՍՈՆԱ — Երևանն այնպիսի քաղաք է դարձել, որ կարող եմ ոտաբոբիկ քայլել։ Ու բոլորը ինձ կհասկանան։ (Կոշիկները գցում է պայուսակն ա գնում։ Արմենը հայացքով հետևում է նրան։)

Խավար:

 

ՏԵՍԱՐԱՆ

Լուսավորվում է բեմը՝ Արմենն է միայն։

ԱՐՄԵՆ — 1996-ի մարտն էր։ Պատերազմ չկար, հրադադար էր, բայց պատերազմը մեր մեջ էր։ Կյանքը վերածվել էր հովհարայինի՝ մի օր հույսն արթնանում էր՝ ապրում էինք, հաջորդ օրը կարող էինք և չապրել՝ եթե հույս լքեր մեզ։ Այդ օրը սովորականի նման եկա թատրոն։ Սեղանիս ծրար կար, վրան՝ անուն, ազգանունս, փակագծի մեջ՝ անձամբ, ու տակն էլ թանձր գիծ քաշած։ Ներսում երկտող էր. «Մարտի 1-ից մինչև 6-ը կսպասեմ ամեն օր ժամը 17-ից հետո այս հասցեով…»։ Հասցեն ու մի մեծատառ Ս։ Երկտողը գցեցի դարակս, գլուխս էլ խառն էր՝ հազար ու մի պրոբլեմ… Մի խոսքով, մոռացա, մինչև ինչ-որ թղթի համար դուրս քաշեցի դարակը։ Որոշեցի գնալ տեսնել՝ այդ ինչ Ս է, հատկապես, որ մարտի 5-ն էր, ու նրա նշած ժամկետի ավարտին մեկ օր էր մնացել։

 

Մոտենում, զանգում է։ Դուռը բացում է Սոնան։ Լուո նայում են իրար։ 

ԱՐՄԵՆ — Սպասիր… Հա, էլի… Սոնա՞… Սոնա։

ՍՈՆԱ — Անունս չես մոռացել։

ԱՐՄԵՆ — Ուրեմն, նամակը դու ես դրել։ 

ՍՈՆԱ — Պատկերացրու։

ԱՐՄԵՆ — Անսպասելի էր։

ՍՈՆԱ — Պատկերացնում եմ։ (Դադարը երկարում է։ Արմենը ցուցադրական սպասում է։) Հինգ օր է՝ սպասում եմ, իսկ հիմա գլխի չեմ ընկնում ներս հրավիրել։ (Վախեցած։) Ներս կգաս, չէ՞։

ԱՐՄԵՆ — Էստեղ որ հասել եմ… (Սոնային մի կողմ է տանում, ինքը ներս է մտնում։ Ներսից։) Դու էլ կարող ես ներս գալ։

 

Հյուրասենյակ, անկյունում՝ երկու մեծ ճամպրուկ։ Սոնան հետևում է, ինչպես է Արմենը զննում շուրջը։

ԱՐՄԵՆ — Այստե՞ղ ես ապրում։

ՍՈՆԱ — Այս տունը կառուցել է պապս, ապրել են ծնողներս։

ԱՐՄԵՆ — Հա… ինչպես են ասո՞ւմ՝ պապենական տուն։

ՍՈՆԱ — Տատս իր հարսին, այսինքն՝ մորս է պատմել տան կառուցման պատմությունը ամենայն մանրամասնությամբ՝ հիմքը փորելուց մինչե հայտնի կաֆել շարող Վարուժի արկածները՝ նա շատ լավ վարպետ է եղել, բայց արտակարգ ստախոս։ Օրերով չի եկել, իսկ երբ եկել է, այնպիսի պատճառաբանություններ է հնարել, որ մերոնք իրենք են ներողություն խնդրել նրանից։

ԱՐՄԵՆ — Պատմությունը դու էլ լավ գիտես։ 

ՍՈՆԱ — Միայն դա՞… Մայրս էլ ինձ ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե մեր տան որ ափսեն կամ պահարանը ինչպես են գնել՝ որտեղից, ինչքանով ու ինչ ծանոթ-անծանոթի մեջ գցելով։

ԱՐՄԵՆ — Պարզ է, դու էլ այդ ամենը երեխաներիդ կպատմես։ Լավ բան կա այդ ամենի մեջ։

ՍՈՆԱ — (անսպասելի չոր)։ Հա։ Սո՞ւրճ։ 

ԱՐՄԵՆ — Ի՞նչ կարող է առաջարկել տանտիրուհին սպասված հյուրին։ Իհարկե սուրճ։ 

ՍՈՆԱ– Եթե մարտի 1-ին գայիր, տոլմա կուտեիր։ 2-ին՝ տապակած սունկ։

ԱՐՄԵՆ — 3-ին…

ՍՈՆԱ — Կարկանդակ։ Մսով:

ԱՐՄԵՆ — Պարզապես հետաքրքիր է, մարտի 4-ի մենյուն չէի՞ր ասի։

ՍՈՆԱ — Եղածը կերա-վերջացրի։ Փչանում էր։

ԱՐՄԵՆ — Այսօրվա համար մնացել է միայն սո՞ւրճը։

ՍՈՆԱ — Վաղը դա էլ չէր լինի։ Սուրճը դա՞ռն ես խմում։

ԱՐՄԵՆ — Սուրճր կսպասի… Բա՞ն է պատահել:

ՍՈՆԱ — Ուզում ես իմանալ՝ ինչո՞ւ եմ կանչել։ 

ԱՐՄԵՆ — Իմանալը չէր խանգարի։ Թե չէ մի տեսակ… չեմ կողմնորոշվում։

ՍՈՆԱ — (մոտենում, շոյում է նրա դեմքը և անմիջապես ձեռքը ետ է քաշում)։ Չգիտեմ ինչու, բայց համոզված էի, որ կգաս…

ԱՐՄԵՆ — Իմանայի՝ ուր եմ գալիս, ձնծաղիկ կբերեի, լավ-վատ՝ գարուն է։ (Ուշադիր զննում է Սոնային։)

ՍՈՆԱ — Հիմա կասես՝ համարյա չես փոխվել։

ԱՐՄԵՆ — Չէ, ուզում եմ հիշել, կրունկդ որ թվին կոտրվեց։

ՍՈՆԱ — 1988-ի աշնանը։

ԱՐՄԵՆ — Ոնց է թռչում ժամանակը։ Լավ էլ հիշում ես…

ՍՈՆԱ — 1988-ի սեպտեմբերի 14-ին։ 8 տարի, 5 ամիս, 29 օր: (Արմենին թողնելով արձանացած ՝ գնում է խոհանոց, հնթացս նետելով։) Կոշիկս այդպես էլ անկրունկ մնաց։

 

Արմենը նայում է շուրջը, կարծես փորձում է ինչ-որ բան հասկանալ կամ գուշակել։ Սոնան մատուցարանով բերում է սուրճ, կոնյակ, շոկոլադի սալիկ։ Բերածը շարում է սեղանին, հետո նայում իրեն ակնդետ հետևող Արմենին։

ՍՈՆԱ — Գուցե վերարկուդ հանե՞ս։ Այստեղ ցուրտ է, բայց ոչ այդ աստիճան։

ԱՐՄԵՆ — Հիմա… (Վերարկուն գցում է աթոռին, հետո տեղափոխում բազմոցին։) Կոնյա՞կ… ՍՈՆԱ — Մարտի 1-ից քեզ է սպասում։ Ի տարբերություն տոլմայի։

ԱՐՄԵՆ — (բացում է շիշը, հոտ քաշում)։ Ինչ բուրմունք է…

ՍՈՆԱ — Անցյալի շքեղության վերջին փշրանքն է։ Հորս հոգեպահուստից է։

ԱՐՄԵՆ — (լցնում է բաժակները)։ Դե, բարով տեսանք։

Խմում են։ Լարված լռություն։

ՍՈՆԱ — Մի կենաց էլ ասա։

ԱՐՄԵՆ — Նոր չխմեցի՞նք։ 

ՍՈՆԱ — Լռությունը մի քիչ… էն չի։ 

ԱՐՄԵՆ — Այդ դեպքում քո կենացը։ 

ՍՈՆԱ — Թող այդպես լինի։ (Խմում են։ Լռություն։) Էլի շատ լուռ է։ Հիմա ես կենաց ասեմ, հա՞։

ԱՐՄԵՆ — Փորձիր։ Հաստատ լռությունից լավ կլինի։

ՍՈՆԱ — Բնականաբար, քո կենացը պիտի խմեմ։ Բայց քիչ հետո։ Գիտեմ, հիմա մտքումդ հարցնում ես՝ ի՞նչ է նշանակում այս ամենը։ 

ԱՐՄԵՆ — Գուշակելը դժվար չէր։

ՍՈՆԱ — Մեր տունը վաճառված է։ Ծնողներս արդեն Լոսում են։ Մորաքույրս իմաստուն կին է, 88-ին մենք միտինգի էինք գնում, նա ընտանիքով տեղափոխվեց Գլենդեյլ։ Ցրտին, մթին, պատերազմին դիմացանք։ Բայց հիմա… ինչ-որ բան է խաթարվել։ Կյանքը… չգիտեմ, ինչպիսին էինք պատկերացնում, բայց մեր ուզածը… իմ ուզածը սա չէր։ Կամ մենք ինչ-որ շատ կարևոր բան չենք հասկացել։

ԱՐՄԵՆ — Մե՞նք…

ՍՈՆԱ — Մենք՝ հայրս, մայրս, ես…

ԱՐՄԵՆ — Բա տա՞տդ…

ՍՈՆԱ — Տատս մահացավ 92-ի փետրվարին։ Մինչև կյանքիս վերջը մղձավանջ կմնա նրա մահը։ Մենք չկարողացանք մարդավարի սգալ, ավելի կարևոր հարցեր կային՝ դագաղի փայտ գտնել, շիրիմը փորել տալ, մեքենա ու բենզին ճարել հուղարկավորության համար։ Գերեզմանատնից եկանք, նստեցինք այս սեղանի շուրջ… ու նոր մեր լացը լացինք։

ԱՐՄԵՆ — Ցավակցում եմ։

ՍՈՆԱ — Մղձավանջ էր՝ անցավ։

ԱՐՄԵՆ — Հաստատ որոշել ես գնա՞լ… 

ՍՈՆԱ — Ես այստեղ ավելորդ մարդ եմ։ 

ԱՐՄԵՆ — Մի քիչ էլ համբերիր, թատրոնները շուտով խելքի կգան։

ՍՈՆԱ — Մոռացել ես… հիշո՞ւմ ես, ասացի, որ լեզուներ եմ սովորելու։ Սովորեցի, թարգմանիչ եմ աշխատում։

ԱՐՄԵՆ — Այդ դեպքում… չեմ հասկանում։ 

ՍՈՆԱ — (պայթում է)։ Ինչո՞ւ չես հասկանում։ Իմ վաստակածով գործազուրկ ծնողներիս ինչպե՞ս պահեմ, երբ ինձ պահել անգամ չեմ կարող։ Որ հիշում եմ զոհված տղաներին, հացի հերթերը, անվերջ թվացող ձմեռային գիշերները, սառած, փայտացած մարմինս… Ինչո՞ւ տառապեցինք, ո՞ւմ համար…

ԱՐՄԵՆ — Չհամարձակվես…

ՍՈՆԱ — Այսի՞նքն…

ԱՐՄԵՆ — Սառած մարմինդ հիշեցիր, զոհված տղաներին էլ չմոռացար, բայց այդ երկուսը իրար կողք չդնես։ Մի օր չէ՝ մի օր մարմինդ կտաքանա, կյանքը կկարգավորվի, իսկ նրանք երբեք չեն վերադառնա։ Տուն չեն վերադառնա, հասկանո՞ւմ ես, ու նրանց մարմինները երբեք չեն տաքանա ոչ մայրական, ոչ կնոջ համբույրից։

ՍՈՆԱ — Իսկ դու չե՞ս հասկանում, որ եթե այսօր համակերպվենք այսպիսի կյանքին, վաղը արժանի չենք լինի նրանց զոհաբերված կյանքին։

ԱՐՄԵՆ — Դու էլ մի համակերպվիր, կռվիր, բողոքիր…

ՍՈՆԱ — Միամի՞տ ես, թե՞ միամիտ ես ձևանում։ Հասկացիր, ինձ նմանները ոչ մեկի պետքը չեն, ասենք՝ մեզ լսող էլ չկա։ Ու չի լինի։ (Ավելի կամաց։) Հիմա գիշատիչների ժամանակն է, իսկ ինձ նմանները ոչ մագիլ ունեն, ոչ էլ մագիլ ունենալու ցանկություն։

ԱՐՄԵՆ — Դրա համար էլ փախչում ես։ 

ՍՈՆԱ — Սովետի ժամանակ գնացողներին պաշտոնապես դավաճան էին համարում։ Հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է։

ԱՐՄԵՆ — Փոխվել է։ Սահմանները բաց են, գնա՝ ուր ուզում ես։

ՍՈՆԱ — Բայց արածս էլի՞ դավաճանություն է։

ԱՐՄԵՆ — Դու դավաճանում ես այն տղաներին, բայց մեռածները մեղադրել չգիտեն։ 

ՍՈՆԱ — Այնպես ես խոսում, կարծես մի կռվող էլ դու ես եղել։

ԱՐՄԵՆ — Հա, զորակոչով տարան։ 

ՍՈՆԱ — Կամավոր գնալը դժվա՞ր էր։ 

ԱՐՄԵՆ — Հերոս լինելը ամեն մեկի բանը չէ, բայց ինչ որ տեսա ու ապրեցի այդ ամիսներին, մնացած ամբողջ կյանքիս համար հերիք է։ 

ՍՈՆԱ — Ուրեմն՝ դու էլ… Կենացդ։ Ինչ լավ է, որ դու էլ…

ԱՐՄԵՆ — Նրանց ապրող կենացը։ (Լուռ խմում են։)

ՍՈՆԱ — Այսքանից հետո ինչ էլ ասեմ, չեմ համոզի քեզ և առաջին հերթին՝ ինքս ինձ։ Ուրեմն, արի խմենք այս տան կենացը, Դավթյանների պապենական տան կենացը, որը վաղվանից կդառնա ուրիշինը։ (Թափով խմում է, գլուխն առնում ձեռքերի մեջ։)

ԱՐՄԵՆ — (փորձում է տեղից բարձրանալ): 

ՍՈՆԱ — Նստիր։ Մխիթարելու բան լիներ՝ ես ինձ կմխիթարեի։ Բայց սա կյանքն է։ Իմ կյանքը։

ԱՐՄԵՆ — Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։ 

ՍՈՆԱ — Օգնե՞լ… Դու այստեղ ես։ Կենաց հասունացավ։ Լցրու։ (Իբր հանդիսավոր։) Սա մեր չորրորդ հանդիպումն է, իսկ ես մտածում եմ, որ… 

ԱՐՄԵՆ — Սպասիր, ինչ չորրորդ, այդքան կա՞։ 

ՍՈՆԱ — Իհարկե։

ԱՐՄԵՆ — Մի րոպե… (Մտքում հիշում-հաշվում է։) Հիշողությունդ ճաք տվեց՝ երրորդն է։ 

ՍՈՆԱ — Չորրորդը։

ԱՐՄԵՆ — (մատները ծալելով)։ Երեք՝ ստուդիայում, միտինգին և այսօր։

ՍՈՆԱ — (նրա մատները ետ ծալելով)։ Չորս։ Ստուդիայում, միտինգին, այսօր և…

ԱՐՄԵՆ — Ե՞վ…

ՍՈՆԱ — Այս պատմությունը սկսվել է 1977-ից։

ԱՐՄԵՆ — Չէ հա… ո՞նց…

ՍՈՆԱ — Սպանդարյանի կոմերիտմիության շրջկոմում։

ԱՐՄԵՆ — Որտեղ, որտե՞ղ…

ՍՈՆԱ — Հրահանգիչ Արամյանի կաբինետում։

ԱՐՄԵՆ — Արամյանի… Սամոյի՞։

ՍՈՆԱ — Ըհը։ Ի դեպ, նրանից տեղեկություն ունե՞ս։

ԱՐՄԵՆ — Բենզինի գործ է անում։ Իսկ ես ի՞նչ էի անում նրա կաբինետում։

ՍՈՆԱ– «Պրավդա» էիր կարդում։ 

ԱՐՄԵՆ — Դո՞ւ ինչ էիր անում նրա կաբինետում։

ՍՈՆԱ — Կանչել էին դաստիարակելու։ Դասագիրքս մի ապուշի գլխին կպնելու փոխարեն, պատուհանից դուրս էր թռել ու ընկել դպրոցի տնօրենի գլխին։

ԱՐՄԵՆ — (փորձելով հիշել)։ Սկսում եմ հիշել… մեկն էլ կար…

ՍՈՆԱ — Ընկեր Աբրահամյանը։

ԱՐՄԵՆ — Հա… հա, էլի… Նրանից տեղեկություն ունե՞ս։

ՍՈՆԱ — Գեղեցկության սրահ ունի։ 

ԱՐՄԵՆ — Ուրեմն, այն աղջիկը… դո՞ւ ես։ 

ՍՈՆԱ — Լավ է, հիշեցիր։

ԱՐՄԵՆ — Ճիշտն ասած՝ շատ աղոտ։ Կռվարարի մեկն էիր։

ՍՈՆԱ — Է՞լ ինչ ես հիշում։

ԱՐՄԵՆ — (փորձում է հիշել, հիասթափված)։ Չէ, էդքանը… ինչ-որ բան էիր պատմում… էդքանը։

ՍՈՆԱ — Դու ինձ համբուրեցիր։

ԱՐՄԵՆ — Ե՞ս…

ՍՈՆԱ — Չե՞ս հիշում։

ԱՐՄԵՆ — Ի՞նչ իմանամ։ (Տղամարդկային ինքնագոհությամբ։) Ըտե՞նց բաներ եմ արել։ 

ՍՈՆԱ — Առաջին անգամ դու ես ինձ համբուրել։

ԱՐՄԵՆ — Չէ հա… Քանի՞ տարեկան էիր։ 

ՍՈՆԱ — Համարյա 17։

ԱՐՄԵՆ — Գոնե լավ համբուրեցի՞… այսինքն՝ քեզ դուր եկա՞վ։

ՍՈՆԱ — Քեզնից հետո եղել են, բայց ամեն հերթական համբուրողից առաջ քեզ եմ հիշել։ Զավեշտ է, անգամ ընկեր Աբրահամյանին հիշեցիր, իսկ համբուրելդ մոռացել ես։ Ստուդիայում, հիշո՞ւմ ես…

ԱՐՄԵՆ — Միայն չասես, որ առաջին տղամարդդ էլ ես եմ եղել։

ՍՈՆԱ — Էլ ոչինչ չեմ ասի, մի վախենա։ 

ԱՐՄԵՆ — Ասա, կդիմանամ։

ՍՈՆԱ — Ուզում էի դիվանագետ դառնալ։ Քո համբույրից հետո գլուխս կորցրի, կոպտեցի քո Արամյանին։ Այնպիսի բնութագիր տվեցին, որ մի կերպ թատերական ընդունվեցի։

ԱՐՄԵՆ — Սպասիր… Ինչո՞ւ էիր լռում։ 

ՍՈՆԱ — Ի՞նչ ասեի։ Անիմաստ էր։

ԱՐՄԵՆ — Անգամ ինձ հետ պառկելուց հետո…

ՍՈՆԱ — Ուզեցի ասել անունս… հիշո՞ւմ ես, ինչ ասացիր։

ԱՐՄԵՆ — (կոնյակ լցնում, թափով խմում է)։ Ասա։ 

ՍՈՆԱ — Ասացիր՝ դա կարեոր չէ։ Ու ես հասկացա, որ արել եմ կյանքիս ամենամեծ սխալը՝ պառկել եմ ինձ չսիրող տղամարդու հետ։ Ու նաև հասկացա, որ պիտի փախչեմ քեզնից։ Որովհետե ամեն անգամ քեզ հանդիպելիս պիտի վերապրեի պատահական, հերթական կին լինելու վիրավորանքը։

ԱՐՄԵՆ — Չեմ հասկանում… էդքանից հետո դեռ ուզում ես ինձ տեսնե՞լ…

ՍՈՆԱ — Գնալուց առաջ ուզում էի խոստովանել։

ԱՐՄԵՆ — Ներիր ապուշ հարցիս համար, բայց ինչո՞ւ…

ՍՈՆԱ — Որովհետե վերջին գիշերը Երևանում ուզում եմ լինել քեզ հետ։ Ես սենտիմենտալ կնիկ չեմ, բայց երևի ճակատիս էր գրված, որ հավատարիմ պիտի մնայի իմ առաջին համբույրին, ով էլ լիներ համբուրողը։ Ասածներիցս բան հասկացա՞ր։

ԱՐՄԵՆ — Հասկացա, թե ինչու չէի կարողանում քեզ հասկանալ։ Գիտե՞ս, ինչ եմ մտածում… հիմա իմ փոխարեն ուրիշը ինչպե՞ս կվարվեր։ 

ՍՈՆԱ — Համենայնդեպս, այսպես վախեցած չէր լինի։

ԱՐՄԵՆ — Էդ ե՞ս եմ վախեցած… (Մոտենում, գրկում է։) Դու ինձ հանդիպած ամենա… (Դադար։)

ՍՈՆԱ — Դե՞…

ԱՐՄԵՆ — Ազնիվ խոսք, չգիտեմ, թե ամենա… ինչպիսի կինն ես։

Խավար:

 

ՏԵՍԱՐԱՆ

Լուսավորվում է բեմը՝ Սոնան է միայն։

ՍՈՆԱ — Անցավ ութ տարի՝ Երևանից հեռու։ Այդ ընթացքում մի անգամ եկա Երևան՝ մորաքրոջս ամուսնուն բերեցինք՝ վերջին ցանկությունը հայրենիքում թաղվելն էր։ Ինչպես դառը կատակեց հայրս՝ սփյուռքահայերի «հայրենիքին մեջ մեռնելու» երազանքն իրենցով արեցին հայաստանցի հայերը։ Տխուր առիթով էինք եկել, ու ժամանակ չունեցա կարգին տեսնել Երևանը։ Եվ Արմենին։ Ասենք՝ չգիտեմ էլ, հարմար առիթ որ լիներ՝ կփորձեի՞ հանդիպել նրան։ Մեր վերջին հանդիպումը, վերջին գիշերը Երևանում ճակատագրական եղավ ինձ համար։ Ավելին ցանկանալը իմաստ չուներ… Անցած շաբաթ, լուսադեմին արթնացա հեռախոսազանգից։ Մի քանի օրում գործերս կարգավորեցի և հիմա Երևանում եմ, հյուրանոցում, սպասում եմ դռան թակոցին։ (Դուռը թակում են։) Ահա։ (Խորը շունչ քաշելով։) Մտեք, բաց է։

 

Ներս է մտնում Արմենը։ Լուռ նայում են իրար։

ՍՈՆԱ — Այս անգամ կասես, որ փոխվել եմ։ 

ԱՐՄԵՆ — Չես փոխվել։ Ուրիշ ես դարձել։ շ

ՍՈՆԱ — Սանրվածքից է։

ԱՐՄԵՆ — Չէ։ Ինձնից է։

ՍՈՆԱ — Օ՜, սա նորություն է։ Գուցե նորմալ մարդկանց նմա՞ն բարևենք։

ԱՐՄԵՆ — Բարև։

ՍՈՆԱ — Բարև։ Կարող ես համբուրել։ Բաժանումը երկար էր։

ԱՐՄԵՆ — Ութ տարի։

ՍՈՆԱ — Ո՜նց է անցնում ժամանակը… 

ԱՐՄԵՆ — Ութ տարի, յոթ ամիս, տասնչորս օր։

ՍՈՆԱ — (որ դեմքը մոտեցրել էր համբույրի համար, կտրուկ ետ է քաշվում)։ Չեղա՜վ։ Դա իմ հաշվապահությունն է։ Համ էլ՝ քո խելքի բանը չէ:

ԱՐՄԵՆ — Էդ ինչո՞ւ…

ՍՈՆԱ — Մենք ե՞րբ հանդիպեցինք։ 

ԱՐՄԵՆ — Մարտի 5-ին։

ՍՈՆԱ — Ո՞ւ…

ԱՐՄԵՆ — Ոչ մի ու… Ինքդ հաշվիր։ Մարտի 6-ից…

ՍՈՆԱ — 7-ից։

ԱՐՄԵՆ — Այսինքն…

ՍՈՆԱ — 6-ը ինչո՞ւ ես հաշվում։ Մենք 6-ի գիշերը միասին էինք։

ԱՐՄԵՆ — Բայց դեմք ես, հա՜… Մեկ ուրիշը կուշաթափվեր իմ հաշվապահությունից, դու մի օրվա համար բազար ես անում։ Բա ես… նստել, էշ-էշ օրերն ու շաբաթներն եմ հաշվել… (Ի պատասխան Սոնայի հայացքի։) Հիմա՞ ինչ եղավ, ի՞նչ ես նայում։

ՍՈՆԱ — Վերջապես համբուրելո՞ւ ես։ 

ԱՐՄԵՆ — Թողնո՞ւմ ես։ (Համբույր։) Գիտեի, որ կգաս, բայց այսքան շուտ…

ՍՈՆԱ — Ի՞նչ է պատահեյ:

ԱՐՄԵՆ — Ոչ մի բան։

ՍՈՆԱ — Չհասկացա… Ութ տարի հետո զանգում ես… համա՞րս ումից էիր գտել… մի գլուխ կրկնում ես՝ «Ես պիտի քեզ տեսնեմ», ես էլ տուն, գործ թողած, ափալ-թափալ գալիս եմ, որ ասես, թե բան չի պատահե՞լ։

ԱՐՄԵՆ — Ուզում էի քեզ տեսնել։

ՍՈՆԱ — Դերերը փոխվել են։ Հիմա ես եմ փորձում հասկանալ քեզ։

ԱՐՄԵՆ — Քեզ մի կոտորի, կհասկանաս։ Բայց մինչև հասկանալդ… Գիտե՞ս, հիմա ինչ եմ հիշում։

ՍՈՆԱ — 27 տարվա մեջ չորս անգամ հանդիպել ենք, քի՞չ բան կա հիշելու։

ԱՐՄԵՆ — Կյանքն աոջևում է։ Գուշակիր։ 

ՍՈՆԱ — Չգիտեմ։

ԱՐՄԵՆ — Հորդ հոգեպահուստ կոնյակը։ 

ՍՈՆԱ — Եվ ի՞նչ…

ԱՐՄԵՆ — (վերարկուի գրպանից հանելով շիշը)։ Միայն չհարցնես, թե ինչ գնով եմ ճարել։ (Շիշը ցույց տալով։) «Ախթամար», նայիր՝ Арм. ССР… (Վերարկուն հանում, գցում է բազմոցին։)

ՍՈՆԱ — Չեմ հավատում։

ԱՐՄԵՆ — Կհավատաս։ (Շիշը բացում է, մոտեցնում Սոնայի քթին։) Դե՞…

ՍՈՆԱ — (հոտ քաշելով)։ Ինքն է։

ԱՐՄԵՆ — Բա չէ… Բաժակները բեր։ 

ՍՈՆԱ — Մոռանում ես, որ մեր տունը չէ։ (Մոտենալով հեռախոսին։) Հիմա կբերեն։ 

ԱՐՄԵՆ — Չէ, պետք չէ։

ՍՈՆԱ — Բա… ինչպե՞ս… (Ջրամանի բաժակն է տալիս։)

ԱՐՄԵՆ — Ասացի՝ չէ։ (Գրկում է Սոնային։) Առաջին կենացը՝ բարով տեսանք։ (Շշից խմում, հետո մոտեցնում է Սոնայի բերանին։) Դե՞…

ՍՈՆԱ — Վայրենի։ (Խմում է, շնչահատ։) Հանցագործություն է այսպիսի կոնյակը այսպես խմելը։

ԱՐՄԵՆ — (անբնական տենդոտությամբ)։ Երկրորդը քո կենացն է։ (Մեծ կումեր է անում։) 

ՍՈՆԱ — Է՜, չեղավ, ինձ էլ թող։ (Խլելով շիշը։) Վերջապես, իմ կենացն է։ (Խմում է։) Գիտե՞ս, այսպես էլ վատ չէ, բայց գոնե ասեմ՝ լիմոն բերեն։

ԱՐՄԵՆ — Ավելի լավ է՝ կենաց ասա։ 

ՍՈՆԱ — Քո կենացը…

ԱՐՄԵՆ — (ընդհատում է)։ Չէ, միջանկյալ կենաց կա՝ Դավթյանների պապենական տան կենացը։

ՍՈՆԱ – Այդ տունը մերը չէ։

ԱՐՄԵՆ — Դա ոչինչ չի նշանակում, որովհետե այդ տանը ծնվել ես դու։ (Խմում է։) 

ՍՈՆԱ — (լրջանալով): Քեզ ի՞նչ է պատահել։ 

Ձգվող լռություն:

ԱՐՄեՆ — Արդեն չես վախենում լռությունից։ (Պոռթկումով։) Քեզ չեմ ճանաչում, իսկ ժամանակ համարյա չկա։ 

ՍՈՆԱ — (նրա հայացքից ավելի, քան խոսքերից ազդված)։ Միայն խմելը կփրկի։ Այն էլ՝ քո կենացը խմելը։ (Խմում է, շիշը դնում սեղանին։) Վե՛րջ, ավանդական կենացները պրծան։ Արի խոսենք։

ԱՐՄԵՆ — Ձերոնք ո՞նց են։

ՍՈՆԱ — Հանգիստ ծերանում են։ Ձերո՞նք… 

ԱՐՄԵՆ — Մեծ տղաս ամուսնացել է, փոքրը ուսանող է։

ՍՈՆԱ — Կի՞նդ…

ԱՐՄԵՆ — Նորմալ։ Դո՞ւ։

ՍՈՆԱ — Եթե ընտանեկան վիճակս նկատի ունես…

ԱՐՄԵՆ — Ինչպես միշտ։

ՍՈՆԱ — Էլ դժվար ամուսնանամ։ Բայց մենակ չեմ։

ԱՐՄԵՆ — Այսինքն…

ՍՈՆԱ — Այդքանը։

ԱՐՄԵՆ — Պարզ է։ (Դադարից հետո։) Սոնա, ես մահացա։

ՍՈՆԱ — Ի՞նչ…

ԱՐՄԵՆ — Երկու ամիս առաջ։ Սիրտս…. վերջինը, ինչ հիշում եմ՝ ընկնում էի։ Հետո ոչինչ։ Մի մեծ ոչինչ։ Մի խոսքով՝ կլինիկական մահ։ 

ՍՈՆԱ — (պոռթկումով գրկում է)։ Աստված իմ, դու…

ԱՐՄԵՆ — (գրկի մեջ պահելով Սոնային, շոյում է մազերը, դեմքը)։ Ասում են՝ այնտեղից վերադարձողը փոխվում է։ Ուրիշ մարդ է դառնում։ Գիտե՞ս, այդպես է։

ՍՈՆԱ — (դեռ «մարսում» է լսածը)։ Ու դա կարող էիր… ինձնից հեռու…

ԱՐՄԵՆ — Լսիր, ինչ հիմա կասեմ, ուշադիր լսիր, որովհետե քեզնից բացի այդ մասին ոչ մեկին ասել չեմ կարող։ Չեն հասկանա։

ՍՈՆԱ — Ես կհասկանամ։

ԱՐՄԵՆ — Գիտեմ։ Ուշքի գալուց հետո քեզ տեսա։ Սուրոյի կաբինետում։ Ես քեզ համբուրել եմ։

ՍՈՆԱ — Վերջապես հիշեցիր։ Բայց դրա համար արժե՞ր մահանալ։

ԱՐՄԵՆ — Կատակդ ստացվեց, բայց աչքերդ սրբիր։ (Իր թաշկինակով խնամքով սրբում է Սոնայի աչքերը։) Արժեր մահանալ։ Ես տեսա քեզ՝ համբուրելուց հետո։ Աչքերդ… Գժվելու բան էր։ Այդ ինչպե՜ս էիր նայում… Իսկ ես թողեցի քեզ այդ ախմախի կաբինետում ու դուրս եկա։ Այնինչ պիտի տեսնեի աչքերդ… Եվ ամեն ինչ այլ կերպ կլիներ… Իմ կյանքը, քոնը… Երկուսիս կյանքը մերը կլիներ։

ՍՈՆԱ — (դուրս է պրծնում նրա գրկից)։ Գրո՛ղը տանի, այս բոլոր տարիներին ինձ մեղադրել եմ, որ չեղածով եմ ապրում, որ սենտիմենտալ, խելքս յան տված կնիկ եմ… Որ չեմ կարողանում մոռանալ ընդամենը մեկ համբույր, երբ ուրիշները թաշկինակի նման սեր են փոխում, երբ շուրջս համատարած սիրո ամնեզիա է… Դու գիտե՞ս, ինչ է նշանակում պառկել սիրած տղամարդու հետ, երբ նա մտածում է, որ դու թեթևամիտ արարարծ ևս, և այն, ինչ քեզ համար երջանկություն է, նրա համար հերթական արկած է… Ինչքան ուժեղ պիտի լինես, որ չխենթանաս, երբ քեզ համար կյանքից ավելի կարևոր է իմանալ մեկի անունը, ում համար քո անունը ընդհանրապես նշանակություն չունի։ Աստված իմ, ինչպե՛ս դիմացա…

ԱՐՄԵՆ — Որովհետև հասկացել էիր, որ մենք պիտի միասին լինեինք։ Հասկացար, թեև 17 տարեկան էիր, համարյա երեխա։ 27 տարի պետք եղավ, որ նույնը հասկանամ ես։ 

ՍՈՆԱ — Կենաց եմ ուզում ասել։

ԱՐՄԵՆ — Ասա։

ՍՈՆԱ — Արի խմենք Երևանի կենացը։ Որովհետև միայն Երևանում կարող է այսպիսի պատմություն լինել։ Երևանի ու մեր երևանյան խելառ սիրավեպի կենացը։

ԱՐՄԵՆ — Եթե հիմա դու լինեիր 17, իսկ ես՝ 27…

ՍՈՆԱ — Սիրելիս, ես հիմա 44 եմ, իսկ դու՝ 54։ Եվ վերջ։

ԱՐՄԵՆ – Վե՞րջ…

ՍՈՆԱ– Իսկ ի՞նչ էիր կարծում։ Ծիծաղելի չլինենք։

ԱՐՄԵՆ — Ինչքա՞ն ես մնալու։

ՍՈՆԱ — Երկու օր։

ԱՐՄԵՆ — Չե՞ս կարող հետաձգել։

ՍՈՆԱ — Չեմ կարող։

ԱՐՄԵՆ — Եթե անգամ շատ խնդրեմ։ 

ՍՈՆԱ — (մեղմ)։ Ազնիվ խոսք, չեմ կարող։ 

ԱՐՄԵՆ — Ինչո՞ւ։

ՍՈՆԱ — Դու հիշեցիր այն համբույրը, երբ ես սկսել էի մոռանալ։

ԱՐՄԵՆ — Դու դա հենց այնպես ես ասում… վրեժ ես լուծում…

ՍՈՆԱ — Չէ… գուցե՝ մի թեթև, բայց ոչ ավելի։ 

ԱՐՄԵՆ — Հապա ի՞նչ…

ՍՈՆԱ — Ես 27 տարի սպասեցի, մինչև դու հասկացար, որ ես սիրել եմ քեզ։ Ներիր, որ չեմ կարող ասել սիրում եմ, թեև գլխապատառ կտրել-անցել եմ օվկիանոսը։ Դա ուրիշ բան է, բացատրել չեմ կարող։

ԱՐՄԵՆ — Հասկանում եմ։

ՍՈՆԱ — Վերջապես հասկացար…

ԱՐՄԵՆ — Գուցե չպիտի զանգեի, ի վերջո, դու քո կյանքն ունես… Բայց ես պիտի քեզ ասեի… Հիմա ես գիտեմ, թե ինչքան բարակ է կյանքը մահին կապող թելը, ու եթե ասելիք ունես, պիտի հասցնես ասել։ Դու պիտի իմանայիր, որ ես ամեն ինչ հասկացել եմ։

ՍՈՆԱ — Ես շատ երկար սպասեցի այս խոսքերիդ։ Շատ, շատ երկար… Ներիր, բայց ուզում եմ մենակ մնալ, հոգնել եմ, տասնվեց ժամ օդում, կոնյակն էլ՝ վրադիր… Դեռ տատիս գերեզմանին պիտի գնամ։

ԱՐՄԵՆ — Չե՞ս ուզում պատմել այնտեղի կյանքիդ մասին։

ՍՈՆԱ — Ոչ։ Դու էլ չես պատմի այստեղի կյանքիդ մասին։

ԱՐՄԵՆ — Դաժան ես։

ՍՈՆԱ — Դաժան եմ։ Որովհետև ասելու եմ, որ այլևս չենք հանդիպելու։ Ու դու գիտես, որ այդպես էլ կլինի:

ԱՐՄԵՆ — (գրկում է)։ Դաժան չես, դու ինձ հանդիպած ամենա-չգիտեմ ինչ կինն ես։ (Գնում է, դռան մոտ շրջվում է։) Ինձ ասելու բան չունե՞ս։

 

Սոնան օրորում է գլուխը։ Արմենը գնում է՝ դուռն աղմուկով փակելով։ Սոնան մի պահ կարկամած նայում է դռանը, հետո, ասես սթափվելով, նետվում է դեպի դուռը, բայց հասնելով՝ քարանում է, ձեռքը վախվորած տանում է բռնակին, ետ քաշում, շրջվում, գալիս-նստում է բազմոցին՝ ինչ-որ բառեր մրմնջալով։

ՍՈՆԱ — (ավելի ու ավելի բարձր)։ Արմեն… Արմեն… Արմեն…

 

Դուռն աղմուկով բացվում է, ներս է խուժում Արմենը։ Կատաղած է։ Առանց դուռը փակելու գալիս է դեպի Սոնան։

ՍՈՆԱ — Դուռը…

ԱՐՄԵՆ — ի՞նչ…

ՍՈՆԱ — Դուռը փակիր։

ԱՐՄԵՆ — (առաջին պահ չի հասկանում, հետո շրջվում է, փակում է դուռը)։ Փակեցի։

ՍՈՆԱ — (փորձում է ցույց չտալ հուզմունքը)։ Բա՞ն ես մոռացել։

ԱՐՄԵՆ — (թափով բարձրացնում է Սոնային)։ Ի՛նձ նայիր։

ՍՈՆԱ — Նայեցի։

ԱՐՄԵՆ — Հիմա պատմիր։

ՍՈՆԱ — Ի՞նչ պատմեմ։

ԱՐՄԵՆ — Տղայիս մասին։

ՍՈՆԱ — Տղայի՞դ…

ԱՐՄԵՆ — Հա, ինձնից աղջիկ չի ծնվում։ Միայն տղա։ Դե՞…

ՍՈՆԱ — (լռում է՝ փախցնելով հայացքը)։ 

ԱՐՄԵՆ — (համարյա կոպտորեն բռնելով դեմքն այնպես, որ Սոնան ստիպված նայում է նրա աչքերին)։ Անիմաստ է լռելդ։ Վերջին անգամ, երբ հանդիպեցինք… ինձ կանչել էիր… դե, խոսիր։

ՍՈՆԱ — Իսկ ես արդեն մտածում էի, որ այդպես էլ ոչինչ չես հասկանա։

ԱՐՄԵՆ — Անունն ի՞նչ է։

ՍՈՆԱ — Արմեն։ Արմեն Դավթյան։

ԱՐՄԵՆ — Ինձ… նմա՞ն է։

ՍՈՆԱ — Հատկապես պրոֆիլով… մեկ էլ, երբ ինչ-որ բանից դժգոհ է, շուրթերն ուռեցնում է ճիշտ քեզ պես…

ԱՐՄԵՆ — Դու ինձ հանդիպած ամենա… 

ՍՈՆԱ — Դե… գոնե այսքանից հետո վերջապես կիմանա՞մ, թե քեզ հանդիպած ամենա-ինչ կինն եմ։

ԱՐՄԵՆ — Ամենա… (Հուսահատ։) Չգիտեմ, այդ բառը դեռ չկա։ (Գրկում է։) Ես չգիտեմ՝ ինչ ես ասել կամ ինչ ես ասելու տղայիս իմ մասին, բայց… մի բան պիտի խնդրեմ։

ՍՈՆԱ — Ասա։

ԱՐՄԵՆ — Տղաս պիտի իմանա, թե ինչպիսի մայր ունի։ Եթե դու չես կարող, ես կասեմ։ (Սպասողական նայում է։)

ՍՈՆԱ — (դժվար դադարից հետո)։ Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը։

ԱՐՄԵՆ — Պարզ է։ (Այլ տոնով։) Ներքևում կսպասեմ։ Ես էլ եմ գալիս, տատիդ բան ունեմ ասելու։

ՍՈՆԱ — Չլինի՞ ասելու ես՝ «Ապրի՛ տատը»։ 

ԱՐՄԵՆ — (հիացական ոտից-գլուխ ցույց տալով Սոնային)։ Համարյա… «Ապրի՛ թոռդ»։ (Դուրս է գնում։)

 

Սոնան հեռախոսահամար է հավաքում։

ՍՈՆԱ — Դո՞ւ ես, տղաս, ինչպե՞ս ես։ Տատդ, պապդ ի՞նչ են անում… Արդեն կարոտել եմ, քեզ շատ ու շատ եմ կարոտել։ Արմեն, բալես, քեզ շատ եմ սիրում։ Երևա՞նը… շատ է փոխվել։ Դու էլ կտեսնես Երևանը, անպայման կտեսնես։ Հաջորդ անգամ միասին կգանք։ Ե՞րբ… երբ Դավթյանների պապենական տունը կարողանանք ետ գնել։ Որովհետև այնտեղ ապրելու ես դու։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։