Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ / «ԾԻՏԸ»

Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԻ «ԾԻՏԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում

Մեծ երջանկություն է սիրած գրողին, բանաստեղծին իր հեղինակային լեզվով կարդալը: Առավել մեծ երջանկություն է, երբ գրողի հեղինակային լեզուն քո մայրենի լեզուն է: Է՛լ ավելի մեծ է Տիրոջ բարեհաճությունը քո նկատմամբ, եթե քեզ թատերագրի համեստ շնորհ է պարգևել ու դու կարողանում ես քո սիրելի գրողի ստեղծագործությունները բեմականացնել: Տասնամյակների ընթացքում հանգիստ, անշտապ մանկական, հիմնականում՝ տիկնիկային պիեսների եմ վերածել Հովհաննես Թումանյանի հեքիաթներից «Անհաղթ աքլորը», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Տերն ու ծառան» (այս մեկը նաև կարճամետրաժ ֆիլմի սցենար է դարձել), «Պոչատ աղվեսը», «Անբան Հուռին», «Անխելք մարդը», «Ծիտը»: Ծրագրերի մասին չխոսենք, կանեմ, կավարտեմ՝ հաշվետու կլինեմ քեզ, սիրելի ընթերցող: 

Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ

ԾԻՏԸ

Հովհ. Թումանյանի համանուն հեքիաթի մոտիվներով

Գործող անձինք

ՄԱՆՉՈՒԿ

ԾԻՏ

ՊԱՌԱՎ

ԳԱՌՆԱՐԱԾ

ՀԱՐՍԱՆՔԱՎՈՐՆԵՐ

ՄԱՆՉՈՒԿ — Ես այսօր ձեզ կպատմեմ մի շատ հետաքրքիր հեքիաթ մի շատ հետաքրքիր ծիտիկի մասին: Այս ծիտը բոլորովին նման չէր ձեր իմացած ծտերին: Այս ծիտը, որի անունը հենց ծիտ էր, բոլոր մյուս ծտերից տարբերվում էր նրանով, որ միշտ անում էր այնպիսի բաներ, որ չէին անում մյուսները: Եվ քանի որ նա ծտավարի բաներ չէր անում, բոլոր մյուսներն էլ այնքան հաճույքով չէին խաղում նրա հետ, բայց ինքը դրանից չէր նեղվում: Եվ ահա մի օր էլ այս ծտի հետ մի այնպիսի բան պատահեց, որ չէր պատահել ու չէր էլ կարող պատահել բոլոր մյուս ծտերի հետ:

ԾԻՏ (ներս է մտնում կաղալով): Վա՜յ, վա՜յ, ոտս… ոտս շատ է ցավում:

ՄԱՆՉՈՒԿ — Ի՞նչ է պատահել:

ԾԻՏ — Ոտս փուշ է մտել, վայ, վայ, վայ… 

ՄԱՆՉՈՒԿ — Չեմ հավատում:

ԾԻՏ — Որ չես հավատում՝ քեզ հետ չեմ խոսի և չեմ թողնի՝ ոտիս փուշը հանես: Գնամ տեսնեմ՝ ո՞վ ինձ կօգնի: (Կաղալով հեռանում է:) Ասում եմ՝ ոտս փուշ է մտել, ցավում է, չի հավատում…

ՄԱՆՉՈՒԿ — Դե, ուրեմն, մեր ներկայացումն սկսվեց, ծտի ոտը փուշ է մտել, գնում է՝ մեկին գտնի, որ փուշը հանի:

Տեսարան. Պառավը թոնրի կողքին դես ու դեն է անում: Ներս է մտնում ծիտը:

ԾԻՏՎա՜յ, ոտս, վա՜յ, ոտս… Տատի, չե՞ս լսում… էդ ինչո՞վ ես զբաղված:

ՊԱՌԱՎ — Ցախ եմ հավաքում, որ թոնիրս վառեմ, հաց թխեմ:

ԾԻՏ — Բա հիմա հաց թխելու ժամանա՞կ է:

ՊԱՌԱՎ – Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել:

ԾԻՏՈտս փուշ է մտել, վա՜յ, վա՜յ, վա՜յ… Ոտիս փուշը հանիր, հետո ինչ ուզում ես՝ արա: 

ՊԱՌԱՎ — Արի տեսնեմ, ո՞ւր է փուշը:

ԾԻՏ — Էս մի ոտս է, չե՞ս տեսնում:

ՊԱՌԱՎ — Չեմ տեսնում, ծիտ ջան, պառավել եմ, աչքիս լույսը պակասել է:

ԾԻՏ — Էդքան շատ խոսելու փոխարեն փուշը հանիր, ցավում է:

ՊԱՌԱՎ – Վա՜յ, վա՜յ… ինչ էլ մեծ փուշ է, հազիվ է երևում:

ԾԻՏ — Ինձ մի ծաղրի, փուշը հանի: 

ՊԱՌԱՎ — Չեմ ծաղրում, ծիտիկ ջան, բայց փուշը չեմ տեսնում: Հա, սա է երևի:

ԾԻՏ — Ցավում է, զգո՜ւյշ…

ՊԱՌԱՎ — Ոնց որ թե հանեցի: Ապա, փորձիր քայլել: Հը՞, ո՞նց է:

ԾԻՏ — Հա, էլ չի ցավում, հանել ես: Շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիր, գնամ, գործս շարունակեմ:

ՊԱՌԱՎ — Ամոթ չլինի հարցնելը, ի՞նչ գործ ես անում:

ԾԻՏ — Քուջուջ եմ անում, ծիտն ուրիշ ի՞նչ կանի: (Գնում է:)

Տեսարան.

ՄԱՆՉՈՒԿ — Երեխաներ, ծիտիկից ի՞նչ լուր ունեք: Ոտը փուշ էր մտել, չէ՞, հետո ո՞ւր գնաց, ի՞նչ արեց: Կանչեք, թող գա, պատմի: Ծի-տի՜կ, ծի-տի՜կ…

ԾԻՏ — Ի՞նչ կա, ինչո՞ւ եք կանչում: 

ՄԱՆՉՈՒԿ — Ես էի քեզ կանչում: Ոտդ փուշ էր մտել, չէ՞… հետո՞…

ԾԻՏ – Հետո՝ հետո:

ՄԱՆՉՈՒԿ – Հետո՝ ի՞նչ:

ԾԻՏ — Բոլորն իմացան, դու չիմացար:

ՄԱՆՉՈՒԿ — Չեմ իմացել, ծիտո ջան: Երեխաները մի բան ասացին՝ չհասկացա:

ԾԻՏ — Գնացի հաց թխող տատիկի մոտ՝ հանեց:

ՄԱՆՉՈՒԿ – Մե՞ծ փուշ էր:

ԾԻՏ — Էնբան մե՜ծ էր, որ…

ՄԱՆՉՈՒԿ — Ցույց տուր՝ տեսնեմ:

ԾԻՏ(ցույց է տալիս ոտքը): Ահա… 

ՄԱՆՉՈՒԿ — Ոտդ չեմ ասում, փուշը ցույց տուր՝ տեսնեմ:

ԾԻՏՓո՞ւշը…

ՄԱՆՉՈՒԿ — Փուշը:

ԾԻՏ — Փուշը մնաց տատիկի մոտ:

ՄԱՆՉՈՒԿ — Փուշդ մնաց տատիկի մոտ, հա՞:

ԾԻՏ — Հա, փուշն ինչի՞ս էր պետք: Դե, ես գնամ: Գնամ ընկերներիս մոտ… Չէ, նախ գնամ, տատիկից փուշը վերցնեմ, որ բոլորին ցույց տամ: Իմ ոտի փուշն է, ինչո՞ւ մնա տատիկի մոտ:

Տեսարան. Պառավը թոնիրն արդեն վառել է և լոշ է թխում:

Ծ Ի Տ — Տատիկ, ի՞նչ ես անում:

ՊԱՌԱՎ — Լավաշ եմ թխում, ծիտո ջան:

Ծ Ի Տ — Լավ ես անում: Փուշս ո՞ւր է: 

ՊԱՌԱՎ — Ի՞նչ փուշ:

ԾԻՏ — Էն փուշը, որ ոտքիցս հանեցիր, ո՞ւր է: 

ՊԱՌԱՎ — Փուշն ի՞նչ ես անում:

ԾԻՏ — Պետք է:

ՊԱՌԱՎ — Փուշն ինչի՞դ է պետք:

ԾԻՏ — Ի՞նչ ես զարմանում, իմ ոտից դուրս եկած փուշն է, ուրեմն՝ իմն է, տուր, տանեմ:

ՊԱՌԱՎ — Հորդ Աստծուն մեռնեմ, գնա, ինձ մի զբաղեցրու, դժվար գործի եմ, հանկարծ լավաշս չայրվի:

ԾԻՏ — Փուշս տուր՝ գնամ:

ՊԱՌԱՎ — Փուշդ գցել եմ թոնիրը, վառել: 

ԾԻՏ – Վա՜յ, վա՜յ… Էս ի՞նչ լսեցի: Ո՞նց թե՝ փուշս գցել, վառել ես: Տո՛ւր փուշս: Իմ փուշն է, հո ուրիշի փուշը չե՞մ ուզում:

ՊԱՌԱՎ — Չկա փուշդ, ասում եմ, վառվել է, պրծել:

ԾԻՏ — Փուշս տուր, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, լոշիկդ առնեմ՝ դուրս կթռչեմ: 

ՊԱՌԱՎ — Տար, էդ լոշիկը տար, միայն թե պրծնեմ քեզնից:

ԾԻՏ — Էս լավը չի, վառված է, էն մյուսը տուր: 

ՊԱՌԱՎ — Որը կուզես՝ վերցրու գնա: Գնա: 

ԾԻՏ – Պա՛հ, էնպես էլ բարկացած ես խոսում, կարծես ես եմ քեզ փուշ պարտական: (Լավաշն առնում, գնում է:)

Տեսարան. Մանչուկը դուրս է գալիս առաջաբեմ:

ՄԱՆՉՈՒԿ — Ծիտը լոշիկն առավ ու գնաց, թեև իրեն լոշիկ պետք չէր. քուջուջ էր արել, կուշտ էր: Ինչ որ է, իր լոշիկն էր, տանում էր, ո՞ւր պիտի տաներ, ի՞նչ պիտի աներ՝ ինքն էլ չգիտեր: Ահա, սա իր ձայնն է:

ԾԻՏ — Ծիտիկ եմ,

Ծիտմիտիկ եմ,

Մոր բերած եմ,

Հոր պահած եմ,

Անգին տատի մեծացրած եմ:

Փուշիկ տվի՝ լոշիկ առա, 

Լոշիկ առա,

Լոշիկ առա…

Հա, հետո՞… Իբր, էս լոշիկն ինչի՞ս էր պետք: Լոշիկն ի՞նչ են անում: Ուտում են, ճիշտ է: Բայց ես սոված չեմ, նոր եմ քուջուջ արել: Էս ծանր լոշը քարշ տամ, որ ի՞նչ… Երեխաներ, Մանչուկին կանչեք, թող գա, ինձ օգնի:

Երեխաների կանչին բեմ է մտնում Մանչուկը:

ՄԱՆՉՈՒԿ — Ծիտիկ, ի՞նչ կա:

ԾԻՏ — Բոլորին խորհուրդ ես տալիս, օգնում ես, բա ե՞ս…

ՄԱՆՉՈՒԿ — Դու ինձնից խելացի ես, ես քեզ ի՞նչ խորհուրդ տամ: Լոշիկդ առ, գնա, մի տեղ մի բան կպատահի:

ԾԻՏ — Չէ, էդ լավ խորհուրդ չէր: 

ՄԱՆՉՈՒԿ — Լոշիկդ թող այստեղ, կսովածանաս՝ կուտես:

ԾԻՏ — Չէ, էդ էլ լավ խորհուրդ չէր, որ սովածանամ՝ քուջուջ կանեմ, լոշիկն ի՞նչ եմ անում: Մանչո՞ւկ:

ՄԱՆՉՈՒԿ — Ասա:

ԾԻՏ — Լոշիկս նվիրում եմ քեզ, կսովածանաս՝ կուտես: Ես գնացի: (Գնում է:)

ՄԱՆՉՈՒԿ — Ի՞նչ կասեք, երեխաներ, արժի՞ ծիտիկի լոշիկը ուտել… Ես էլ եմ կարծում, որ չարժի: Մեկ էլ տեսար՝ կգա, կասի. «Մանչո՜ւկ…»:

ԾԻՏ — (հևասպառ ներս է ընկնում): Մանչո՜ւկ, լոշիկս հո չե՞ս կերել:

ՄԱՆՉՈՒԿ — Կերել եմ: Հենց նոր կերա: 

ԾԻՏ — Ո՞նց թե՝ կերել ես:

ՄԱՆՉՈՒԿ — Դու ասացիր՝ կեր, ես էլ կերա: 

ԾԻՏ — Չէ, կատակ ես անում… էս է լոշիկս, տուր՝ տանեմ:

ՄԱՆՉՈՒԿ — Ո՞ւր ես տանում:

ԾԻՏ — Էս կողմերը մի գառնարած տղա տեսա, կաթ ուներ՝ հաց չուներ, որ բրդեր, ուտեր: Տանեմ, տամ, մեղք է: (Լոշիկն առում-գնում է:) 

ՄԱՆՉՈՒԿ — Դե, երեխաներ, ես էլ գնամ, մեր հեքիաթը երևի ավարտվեց: Ծիտը լոշիկը կտա գառնարածին, ինքն էլ կգնա իր գործին: Ես էլ գնամ իմ գործին, դուք էլ գնացեք ձեր գործին: Էս ինքն է: Երևի հրաժեշտի երգ է երգում: 

ԾԻՏ — Ծիտիկ եմ,

Ծիտմիտիկ եմ,

Մոր բերած եմ,

Հոր պահած եմ,

Անգին տատի մեծացրած եմ:

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի…

Լոշիկ տվի…

Երգս չի ստացվում:

ՄԱՆՉՈՒԿ — Այ, որ լոշիկի փոխարեն մի բան առած լինեիր, երգդ կստացվեր:

ԾԻՏ — Ճիշտ ես ասում: Համ էլ որ սովածանամ, ի՞նչ եմ անելու: Ես գնացի: (Գնում է:)

ՄԱՆՉՈՒԿ – Տեսա՞ք, երեխաներ, պարզվում է՝ մեր հեքիաթը դեռ չի ավարտվել և հայտնի չէ, թե երբ կվերջանա: Ծիտիկը գնաց գառնարածի մոտ:

Տեսարան. Գառնարած տղան ծառի տակ նստած սրինգ է նվագում: Ոչխարները մակաղում են:

ԾԻՏ — Գառնարած տղա, նստել, նվագո՞ւմ ես: 

ԳԱՌՆԱՐԱԾ — Ի՞նչ անեմ, ծիտիկ ջան: 

ԾԻՏ — Ասում է՝ ինչ անեմ… լոշիկս ո՞ւր է: 

ԳԱՌՆԱՐԱԾ — Դու չասի՞ր՝ լոշիկը կեր: Ես էլ կերա:

ԾԻՏ — Ո՞նց թե՝ կերա: Իմ լոշիկը չէ՞ր, ես չէի՞ կարող ուտել: Լոշիկս տուր:

ԳԱՌՆԱՐԱԾ — Կատակ ես անո՞ւմ: 

ԾԻՏ — Կատակը ո՞րն է, լոշիկս տուր: 

ԳԱՌՆԱՐԱԾ — Կերել եմ, ծիտ ջան, լոշիկդ բրդել եմ կաթի մեջ ու կերել եմ, որտեղի՞ց տամ: 

ԾԻՏ — Որտեղից կուզես՝ բեր, լոշիկս եմ ուզում: 

ԳԱՌՆԱՐԱԾ – Վա՜յ, էս ի՞նչ փորձանք էր: 

ԾԻՏ — Էլ ուրիշ բաներ մի խոսիր, լոշիկս տուր: 

ԳԱՌՆԱՐԱԾ — Չկա, կերել եմ:

ԾԻՏ — Լոշիկս տուր, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, գառնուկդ կառնեմ, դուրս կթռչեմ: 

ԳԱՌՆԱՐԱԾ — Մի գառը մի լոշիկի դիմա՞ց…

ԾԻՏ — Չես ուզում՝ լոշիկս տուր: 

ԳԱՌՆԱՐԱԾ Տար էդ գառը, ի՞նչ անեմ, տար՝ պրծնեմ քեզնից:

ԾԻՏ — Էնպես էլ դժգոհ է խոսում… (Գառանը.) Արի, գնանք… Գնացինք: (Գառնարածին.) Հիմա ինչքան կուզես՝ նվազիր:

ԳԱՌ – Բեեե՜…

ԳԱՌՆԱՐԱԾ — Գնա, գառնուկ ջան, դու արդեն ծիտիկի գառն ես, բա՞…

ԳԱՌ — Բեեե…

Ծիտն ու գառը գնում են: Գառնարածը տրտմագին մեղեդի է նվագում սրինգով:

Տեսարան. Ինչ-որ մի տեղ: Ներս են մտնում ծիտն ու գառը:

ԾԻՏ — Եկանք, հասանք ո՞ւր… չգիտենք:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Բա, չգիտենք: Հիմա ի՞նչ ենք անելու՝ էդ էլ չգիտենք:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ – Բա՞, չգիտենք:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Լսիր…

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — …կարո՞ղ է՝ դու ուրիշ բան չգիտես: Ինչ ասում եմ, ասում ես՝ բեեե՜…

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ – Պահո՜… 

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Էդ է, որ կա, սա միայն էդ մի բառը գիտի, ուրիշ բան չգիտի: Թե գառն ինչի՞ս էր պետք:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ – Ինչի՞ս էր պետք, ոչ ես եմ քո լեզուն հասկանում, ոչ դու՝ իմը:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Լավ, էլ չենք խոսում:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ (բազմանշանակ լռում է):

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Հետո…

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Երեխաներ, ձեզնից ո՞վ կհասկանա, թե ինչ է ուզում ասել:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Դու սուս կաց, տեսնում ես՝ խոսում ենք, մեջ ես ընկնում:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Երեխաներ, կանչեք Մանչուկին, կանչեք:

ՄԱՆՉՈՒԿ — (ներս գալով): Էլի ի՞նչ է պատահել:

ԾԻՏ — Էս գառը խոսել չգիտի:

ՄԱՆՉՈՒԿ — Պետք է, որ իմանա, «բեեե» չի՞ ասում:

ԾԻՏ — Մենակ «բեեե» է ասում, ուրիշ բան չի ասում:

ՄԱՆՉՈՒԿ — Էդքանը հերիք չի՞:

ԾԻՏ — Ո՞նց թե…

ՄԱՆՉՈՒԿ — Բոլոր ոչխարներն էլ միայն «բեեե» են ասում, ուրիշ բան չեն ասում:

ԾԻՏ — Սա ոչխար չի, գառ է:

ՄԱՆՉՈՒԿ – Կմեծանա՝ կդառնա ոչխար, բայց էլի «բեեե» կասի:

ԾԻՏ — «Բեեե»… այսինքն՝ ի՞նչ: 

ՄԱՆՉՈՒԿ — «Բեեե», այսինքն՝ բեեե…

ԾԻՏ — Մանչուկ, դու գնա, հա՞… ես ինքս սրա հետ բեեե…

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Համբերիր, դու էլ…

Աղմուկ-աղաղակով բեմի մի ծայրից մյուսն են անցնում մի խումբ հարսանքավորներ:

ԾԻՏ — Էս ովքե՞ր էին:

ԳԱՌ – Բեեե՜…

ԾԻՏ — Ասենք, քեզ ինչ եմ հարցնում, մեկ է՝ գիտեմ, թե ինչ ես ասելու:

Աղմուկ-աղաղակով վերադառնում են հարսանքավորները:

ԾԻՏ — Էս ովքե՞ր եք, ինչո՞ւ եք աղմկում, էս ի՞նչ բան է…

Հարսանքավորները շրջապատում են նրան ու միաժամանակ խոսում:

ԾԻՏ — Մեկ-մեկ խոսեք, որ հասկանամ: 

ՍԿԵՍՈՒՐ — Լսիր, ասեմ…

ԶՈՔԱՆՉ — Հարսանիք են անում՝ մսացու չունեն:

ՍԿԵՍՈՒՐ — Մսացուն հեչ էլ պարտադիր չէ:

ԶՈՔԱՆՉ, ԱՆԵՐ — Առանց մսացու հարսանիք չի լինի:

ՍԿԵՍՈՒՐ, ՍԿԵՍՐԱՐ — Մսացուն պարտադիր չէ:

ԾԻՏ — Մսացուն ի՞նչ բան է:

ԳԱՌ – Բեեե՜…

ԶՈՔԱՆՉ, ԱՆԵՐ — Մսացուն հենց էս է, որ կա:

ՍԿԵՍՈԻՐ, ՍԿԵՍՐԱՐ — Սրա տերն ո՞վ է:

ԾԻՏ – Բեեե՜… Այսինքն՝ ես:

ՍԿԵՍՈԻՐ, ՍԿԵՍՐԱՐ — Էս գառը տուր մեզ, տանենք, մսացու անենք, որ հարսանիք լինի: Աղջիկը մեղք է:

ԾԻՏ — Տարեք, թող հարսանիքը լինի: 

ԶՈՔԱՆՉ, ԱՆԵՐ — Այ, հիմա հարսանիքր կլինի:

ՔԱՀԱՆԱ – Ալելույա՜…

ՍԿԵՍՈԻՐ, ՍԿԵՍՐԱՐ – Տո՜ւշ, տո՜ւշ ծիտիկի պատվին:

Զուռնաչիները նվագում են: Հարսանքավորները գառն առած գնում են:

ԳԱՌ — (չի ուզում գնալ): Բեեե՜…

ԾԻՏ — Քեզ ո՞վ էր ասում՝ մեջ ընկնես, բեեե ասես…

ՄԱՆՉՈՒԿ (ներս գալով: Ծիտիկ, ինչո՞ւ ես մենակ նստել:

ԾԻՏ — Գառնուկս տվեցի՝ տարան: Ասացին՝ մսացու չունենք, հարսանիք չի լինի, հարսը մեղք է՝ տվեցի, տարան: Սպասում եմ, հարսանիքը վերջանա, գնամ, գառնուկիս բերեմ: Ճիշտ է, խոսել չգիտեր, միայն բեեե էր ասում, բայց, դե, ընկեր է:

ՄԱՆՉՈՒԿ Ծիտ, դու հարսանիքի վերջանալուն մի սպասիր, գնա, գառնուկիդ բեր: 

ԾԻՏ — Ճիշտ ես ասում, ինչքան նրանց հետ մնաց՝ հերիք է, գնամ բերեմ: (Գնում է:)

ՄԱՆՉՈՒԿ – Վա՜յ, երեխաներ, որ իմանաք՝ ինչե՜ր են լինելու…

Տեսարան. Մեկ ուրիշ տեղ: Հարսանիքը հասել է բարձրակետին: Երաժիշտները նվագում են, հարսանքավորները՝ պարում: Կենտրոնում նստած են հարսն ու փեսան: Գալիս է ծիտը:

ԾԻՏ — Ժողովուրդ, ո՞նց եք:

ՔԱՀԱՆԱ — Լավ ենք, որդյակ: 

ՍԿԵՍՈԻՐ, ՍԿԵՍՐԱՐ — Շատ շնորհակալ ենք քեզնից, ծիտո ջան, Աստված կյանքդ երկար անի:

ԶՈՔԱՆՉ, ԱՆԵՐ Ժողովուրղ, խմենք մեր բարերարի արևշատության համար: Կենացդ, ծիտ:

ՍԿԵՍՈԻՐ, ՍԿԵՍՐԱՐ – Տո՛ւշ, տո՛ւշ մեր թանկագին ծտի կենացի վրա:

ԾԻՏ — Տեսնում եմ, որ հարսանիքը ստացվել է: 

ՍԿԵՍՈԻՐ, ՍԿԵՍՐԱՐ — Ստացվել է, էն էլ ո՜նց…

ԾԻՏԴե, որ ձեր հարսանիքը ստացվել է, գառնուկիս տվեք՝ տանեմ:

ԶՈՔԱՆՉ, ԱՆԵՐՀամմե՞…

ԾԻՏ – Հը՛, ի՞նչ զարմացաք, ասում եք՝ հարսանիքը ստացվել է, էլ գառնուկիս ինչո՞ւ եք պահում, տվեք՝ տանեմ:

ՍԿԵՍՈԻՐ, ՍԿԵՍՐԱՐ — Այ ժողովուրդ, էս ի՞նչ է խոսում:

ՔԱՎՈՐ — Չեք հասկանո՞ւմ, կատակ է անում: 

ԶՈՔԱՆՉ, ԱՆԵՐ — Էս ի՞նչ կատակաբան ծիտ ես եղել, այ ծիտ:

Բոլորը քահ-քահ ծիծաղում են: 

ԾԻՏ — Կատակ-մատակ չեմ հասկանում, գառնուկիս տվեք՝ տանեմ: (Կանչում է:) Գառնուկ, ո՞ւր ես, էստեղ արի: Գառնո՜ւկ…

ՔԱՀԱՆԱ — Օրհնած, գառնուկդ գալ չի կարող, կերել ենք:

ԾԻՏ – Համմե՞…

ԲՈԼՈՐԸ — Կերել ենք, ծիտ ջան, գառդ կերել ենք:

ԾԻՏ — Ո՞նց թե՝ կերել եք… գառն ի՞նչ ուտելու բան է:

ՔԱՀԱՆԱ — Օրհնած, հենց գառն է ուտելու բանը: Աստված նրան դրա համար է ստեղծել: 

ԾԻՏ — Ես ձեր ասածներից ոչինչ չեմ հասկանում: Գառս տվեք:

ԲՈԼՈՐԸ — Կերել ենք, կե-րել-ենք… Աստված վկա, կերել ենք:

ԾԻՏ — Ի՞նչ մարդիկ եք դուք, լոշ եմ տալիս՝ ուտում եք, գառ եմ տալիս՝ ուտում եք… Աստծու անունը տալիս եք ու ուտում եք:

ՔԱՀԱՆԱ — Ճիշտ է, որդյակ, հիշելով ենք կերել:

ԲՈԼՈՐԸ — Ճիշտ է, ճիշտ է,

Զարմանալի ճիշտ է:

Գառը շատ էր պատվական, 

Հարսանիքին սազական:

Հոպ, հոպ, հոպ, հոպ… (Պարում են:)

ԾԻՏ — Դե, որ ամեն ինչ ճիշտ է՝ ես էլ իմ անելիքը գիտեմ:

ՔԱՎՈՐ — Հիմա էլ հերթը տանք հարսին ու փեսային: Ծափ, ծափ…

Փեսան մենակ դուրս է գալիս պարելու:

ՍԿԵՍՈՒՐ, ՍԿԵՍՐԱՐ — Բա մեր հարսն ո՞ւր է:

ԶՈՔԱՆՉ, Ա Ն Ե Ր — Բա մեր աղջիկն ո՞ւր է:

ՔԱՀԱՆԱ — (փեսային): Հարսն ո՞ւր է, որդյակ:

ՓԵՍԱ- Գիտեմ ոչ:

ՍԿԵՍՈՒՐ — Երեխաներ, չտեսա՞ք, մեր հարսն ուր գնաց:

ՄԱՆՉՈՒԿ — Ծիտը տարավ:

ԶՈՔԱՆՉ, ԱՆԵՐ- Հարսը ծտի ինչի՞ն է պետք:

ՄԱՆՉՈՒԿ — Դե, դուք նրա գառը կերել եք, նա էլ ձեր հարսին տարել է:

ՔԱՎՈՐ — Փեսա, ասում են՝ հարսը ծտի հետ գնացել է… փախել են:

ՓԵՍԱ- Գնացել է՝ էլի կգա, ծիտը նրա ինչի՞ն է պետք: Հոպ, հոպ… (Պարում են, վիճում են, աղմուկ, իրարանցում…)

Տեսարան. Ինչ-որ մի տեղ:

ԾԻՏ — (գալիս է հարսի հետ): Արի, արի, էստեղ մենք կարող ենք հանգիստ խաղալ: Արի պահմտոցի խաղանք:

ՀԱՐՍ — Չէ, չէ, չէ, չէ…

ԾԻՏ — Պահմտոցի չես ուզում՝ բռնոցի խաղանք:

ՀԱՐՍ- Չէ, չէ, չէ, չէ…

ԾԻՏ — Բռնոցի է՞լ չես ուզում… լավ, արի թռնոցի խաղանք: Տես, ինչ լավ է՝ թըռռ…

ՀԱՐՍ- Չէ, չէ, չէ, չէ…

ԾԻՏ — Բռնոցի չես ուզում, պահմտոցի չես ուզում, թռնոցի չես ուզում… Ի՞նչ խաղանք: Չխաղա՞նք:

ՀԱՐՍ — Չէ, չէ, չէ, չէ…

ԾԻՏ — Դե, որ խաղալ չես ուզում՝ գնա ձերոնց մոտ:

ՀԱՐՍ — Չէ, չէ, չէ, չէ…

ԾԻՏ — Խաղալ չես ուզում, գնալ չես ուզում… ի՞նչ անենք: Գնա՛:

ՀԱՐՍ — Չէ, չէ, չէ, չէ…

ԾԻՏ – Վա՜յ, գնա, ասում եմ…

Գալիս են հարսանքավորները: 

ՔԱՎՈՐ — Հարսն էստեղ է:

ԶՈՔԱՆՉ — Էս ի՞նչ եք անում էստեղ: 

ՍԿԵՍՈՒՐ — Աղջիկ, վեր կաց, ամոթ է: 

ԾԻՏ – Հիմա՞ ինչու եք աղմկում:

ՔԱՎՈՐ — Եկել ենք, մեր հարսին տանենք: 

ԾԻՏ – Չեմ տա:

ՔԱՀԱՆԱ — Օրհնած, ի՞նչ է քո ուզածը:

ԾԻՏ — Էս հարսն ինձ է հասում:

ՓԵՍԱ — Հարսը քո ինչի՞ն է պետք:

ԾԻՏ — Խաղում ենք:

ՔԱՀԱՆԱ — Օրհնած, հարսը խաղալու համար չէ:

ԾԻՏ — Չեմ տա: Համ էլ ձեր հարսը իսկի խաղալ չգիտի: Համ էլ ձեր հարսը ինձ պետք չի: Բայց էս հարսի համար ձեզ գառ եմ տվել: 

ԶՈՔԱՆՉ — Թե գառը քեզ որտեղի՞ց…

ԾԻՏ — Էդ գառի համար ես լոշ եմ տվել:

Ս Կ Ե Ս Ո Ի Ր — Սպասիր, լոշը քեզ որտեղի՞ց… 

ԾԻՏ — Էդ լոշի համար ես փուշ եմ տվել: 

ՊԱՌԱՎ — Ճիշտ է ասում, ես ծտի ոտի փուշը հանել եմ, գցել եմ թոնիրը, վառել, լավաշ եմ թխել էս հարսանիքի համար:

ՔԱՎՈՐ — Հա.՜.. դե, ասեք՝ մենք ոտով-գլխով էս ծտին ենք պարտական:

ԾԻՏ — Պարտական եք, բա՞… Եվ էդ ամենի դիմաց չեք ուզում մի կարգին շնորհակալություն հայտնել:

ՔԱՎՈՐ — Ճիշտ է, ճիշտ է, զարմանալի ճիշտ է…

ԾԻՏ — Ձեր զարմանալն ինձ պետք չի: Հարսին որ տանում եք, փոխարենն ինձ ի՞նչ եք տալու:

ՔԱՎՈՐ Դհոլ, զուռնա:

ԾԻՏ – Էդ ի՞նչ բան է:

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ — Էդ մենք ենք:

ԾԻՏ- Սրանք ինչի՞ համար են: 

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ — Նվագարան են: 

ԾԻՏ- Հա, էդ կարելի է: Էս դհոլը տվեք ինձ, զուռնան ձեզ լինի:

ՔԱՎՈՐ — Ծիտ, հիմա մենք քեզնից պրծա՞նք:

ԾԻՏ- Պրծաք, պրծաք…

ՔԱՎՈՐ — Դե, գնանք, մեր քեֆը շարունակենք: Ծիտ, դու էլ արի, մեզ հետ քեֆ արա: (Գնում են:)

ԾԻՏ — Երեխաներ, ի՞նչ կասեք, գնա՞մ, դրանց քեֆին մասնակցեմ… Ես էլ եմ կարծում, որ՝ ոչ: Մեկ էլ տեսար՝ ինձ էլ կերան: Ավելի լավ է գնամ ընկերներիս մոտ, գլխիս եկածը պատմեմ ու մի քիչ էլ քուջուջ անեմ: (Գնում է, բայց անմիջապես վերադառնում է:) Դհոլիս ձեռք չտաք, հա՜… (Գնում է:)

ՄԱՆՉՈՒԿ — Դե, երեխաներ, այս անգամ մեր հեքիաթն իրոք ավարտվեց: Դուք գնացեք բարով, մենք էլ մնանք բարով:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։