Սիլվիան ԴՅՈՒՊՅՈՒԻ/«ԵՐԿՐՈՐԴ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՄ ԳՈԴՈ»
Սիլվիան ԴՅՈՒՊՅՈՒԻԻ «ԵՐԿՐՈՐԴ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՄ ԳՈԴՈ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում
Ընթերցողներին.
1941-1989. արդեն 40 տարի է, ինչ երկու տղամարդ աշխարհի բոլոր բեմերի վրա շարունակ սպասում են, որպեսզի գա գիշերը, որպեսզի ավարտվի ներկայացումը՝ այլևս չհուսալով, որ կհայտնվի բացակա Գոդոն, որի մասին ոչ ոք չի կարող վստահորեն ասել՝ ով է նա: Երկու տղամարդ. կարող էին նույն հաջողությամբ լինել նաև մի կին ու մի տղամարդ: Կարևորը, որ սպասում են: Եվ որ այդ սպասումը նրանց շեղում է գործից:
…Ես ցանկացա (կատարել մի հերետիկոսություն, որի նպատակն էր լոկ բեքեթյան տեքստից սարքել մի մոդել, որից հնարավոր լինի բազմաթիվ տարբերակներ ստեղծել) խոսք տալ Էստրագոնին, որը Բեքեթինն է, բայց հույսի (և անհուսության) հնարավոր սահմանին հասնելով՝ համարձակվում է վերջապես ըմբոստանալ ընդդեմ Հեղինակի և իր ճակատագրի, ինչը նրա համար ազատության հնարավոր միակ կերպն է: Բոլոր կողմերից եզրափակված այդ տարածության (բեմ) մեջ (հայտնաբերելով, որ, հակառակ իր կամքի, ձեռնածված, թակարդն է ընկած) Էստրագոնը ելք է փնտրում: Եվ ստիպում Հեղինակին՝ բոլոր պիեսների այս բացակա աստծուն, ի հայտ գալ…
Հունվար, 1989
Նա երբեք չէր ընդունի, որ իր եղբայրների կարիքն ունի:
Սակայն նրանց կարիքն ուներ: Սեմյուել Բեքեթ, Մյուրֆի
Սիլվիան ԴՅՈՒՊՅՈՒԻ
ԵՐԿՐՈՐԴ ԱՆԿՈՒՄԸ
Կամ
ԳՈԴՈ
Գործողություն 111
(շարունակություն)
Պիես մեկ գործողությամբ
Գործող անձինք
ՎԼԱԴԻՄԻՐ — հագնված՝ ինչպես Բեքեթի պիեսում, բայց առանց գլխարկի և ոտաբոբիկ
ԷՍՏՐԱԳՈՆ
ՊՈՑՑՈ
ՀԵՂԻՆԱԿ
ՏՂԱ
ՊՐՈՒԵԶ — մանեկեն
Բեմահարթակը (որ գյուղական մի ճանապարհ է ներկայացնում, կամ որևէ այլ բնանկար դատարկ, անմարդաբնակ և անկենդան) կատարելապես մերկ է՝ բացառությամբ խորքում գտնվող մի չորացած հին կոճղի: Գորշ լուսավորություն: Գորշ պատեր: Վլադիմիրն ու Էստրագոնը (արդեն ներկա են բեմի վրա, երբ հանդիսատեսն սկսում է դահլիճ մտնել) նստած են բեմի կենտրոնում՝ հանդիսատեսի դեմ-դիմաց, այսպես ասած՝ «լոտոսի» դիրքով: Նրանց առջև՝ հատակին, բաց գիրք է դրված:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դե ինչ, սկսեցի՞նք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Սկսեցինք:
Կենտրոնանում են: Երկար լռություն: Հանկարծ Էստրագոնը սկսում է սոսկալի ծռմռվել: Փույթով վեր է կենում և կաղալով վազում կուլիսների կողմը, ուր և անհետանում է: Վլադիմիրը չի շարժվում, միշտ նույն դիրքով է նստած: Լսվում է, թե ինչպես է Էստրագոնը թեթևանում, ինչին հետևում է զուգարանի ջրի ձայնը: Դանդաղ, շալվարը կոճկելով վերադառնում և նստում է Վլադիմիրի կողքին՝ նույն դիրքով, ինչ սկզբում: Դարձյալ երկար լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Կարծում ես՝ կհասնե՞նք:
ՎԼԱԴԻՄԻՐ – Ինչի՞ն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Գրքում գրածին՝ «ցանկության բացարձակ բացակայությանը»: ՎԼԱԴԻՄԻՐ — Պետք է մարզվել…
ԷՍՏՐԱԳՈՆ — Քանի օր է՝ նույն բանն ես ասում…
Վ Լ Ա Դ Ի Մ Ի Ր — Գլուխդ դատարկիր, դատարկվիր: Պետք է հասնել բա-ցար-ձակ անշարժության:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ոտքս բռնվեց…
ՎԼԱԴԻՄԻՐ — Միշտ դու ես առաջինը հանձնվում: Դու բոլորովին համառություն չունես: (Խիստ:) Շատ ես ինքդ քեզ լսում:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Գուցե մտադրվածությունն է պակասում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Հոգևոր եռանդն է պակասում:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Գիտես, Դիդի… ի վերջո… (Ձայնը կտրում է:)
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ: Շարունակիր:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ես նախընտրում եմ տառապել: Գոնե ինչ-որ բան կատարվում է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ապուշ: Արդեն շաբաթներ… գուցե տարիներ ի վեր… այլևս ոչինչ չի կատարվում:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Կարող էինք գոնե փորձել խոսել…
ՎԼԱԴԻՄԻՐ — …
ԷՍՏՐԱԳՈՆ – Հը՞, Դիդի: Առաջ շատ էինք սիրում խոսել… որովհետև հետո հաշտվում էինք, և դա գոնե մի բան էր, որ հաճույք էր պատճառում… հը՞, Դիդի: (Դադար:) Հիշո՞ւմ ես: (Հաճույք ստանալով հիշողություններից:) Մեր հիասքանչ քֆրտոցը… մեր հայհոյանքների անվերջանալի հեղեղը… մեր…
ՎԼԱԴԻՄԻՐ – Սսսսսո՜ւս…
Վլադիմիրը կտրուկ ոտքի է կանգնում, կաղալով վազում է դեպի կուլիսը, ականջ դնում, վերադառնում Էստրագոնի մոտ, որը նույնպես վեր է կացել, շվարած, և օգտվելով օգտվելով դրանից՝ բացված գիրքը տշում է մի կողմ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Քեզ ի՞նչ պատահեց:
ՎԼԱԴԻՄԻՐ — Եվ, այնուհանդերձ, ինձ թվաց, թե ինչ-որ բան լսեցի…
ԷՍՏՐԱԳՈՆ — (ծաղրական, զգացվում է, որ ուզում է նրան գրգռել): Պարոնը հիմա ձայնե՞ր է լսում: Պարոնը գուցե իրեն Ժաննա դ’ Արկի տեղն է դրել… կամ սուրբ Բերնադետի՝ իր քարայրում, և զարմացած ամբոխի առջև անսպասելի կհայտնվի… (Մի շարժում է անում դեպի պարտեր, ինչպես տոնավաճառում, հայտնելու համար, թե ուր որ է՝ արտառոց մի բան է տեղի ունենալու:) Ո՞վ:
Մտնում է Տղան:
ՏՂԱ— Լսում եմ: (Շփոթված կանգ է առնում:)
ԷՍՏՐԱԳՈՆ — (տեղից վեր թռչելով՝ միշտ հանդիսատեսի դիմաց): Սա ո՞վ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դու նրան չճանաչեցի՞ր:
ԷՍՏՐԱԳՈՆ — (շրջվելով և հեռվից զննելով տղային): Ոչ… Քո ազգակա՞նն է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (անհամբեր): Դե, ոչ, ինչե՞ր ես խոսում: Պարզապես առաջ նա ավելի ուշ էր գալիս…
ԷՍՏՐԱԳՈՆ — (ժպտալով, ուրախ): Ուրեմն, Դիդի, ամեն ինչ կարգավորվո՜ւմ է… ամեն բան կորած չէ՜…
ՏՂԱ — (վարանոտ): Պարոն… Պարոն Ալբե՞ր…
ՎԼԱԴԻՄԻՐ — Այո, ես եմ: Մոտեցիր:
ԷՍՏՐԱԳՈՆ — (կասկածանքով): Ի՞նչ է մեզնից ուզում:
ՎԼԱԴԻՄԻՐ — (տղային): Քեզ հավանաբար ուղարկե՞լ է…
ՏՂԱ— Այո, պարոն:
ԷՍՏՐԱԳՈՆ — (դարձյալ ոչինչ չհասկանալով): Ո՞վ:
ՎԼԱԴԻՄԻՐ – Գոդո՛ն, հիմարի գլուխ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Գոդոն գալի՞ս է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Չէ, դու հաստատ կորցրել ես հիշողությունդ: Արդեն քառասուն տարի է, քառասուն տարի, լսո՞ւմ ես, որ այս նույն տեսարանը կրկնվում է ԱՄԵՆ ԵՐԵԿՈ (կամ գրեթե), և պետք է, որ ամեն անգամ դու անպայման համը հանես:
ԷՍՏՐԱԳՈՆ — (վիրավորված): Ահ, ներողությո՜ւն, պատահում է, որ տղան փոխվում է: Ինչպես ես ուզո՞ւմ, որ…
ՎԼԱԴԻՄԻՐ — Ճիշտ է: Բայց և այնպես: (Տղային.) Մոտեցիր:
ԷՍՏՐԱԳՈՆ — (շատ հուզված): Գուցե եթե ժամանակից շուտ է եկել, նշանակում է, որ Գոդոն… այնուամենայնիվ…
ՎԼԱԴԻՄԻՐ – Կարծո՞ւմ ես: Գրազ գա՞նք:
ԷՍՏՐԱԳՈՆ – Ինչի՞ վրա գրազ գանք:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ինչի վրա ուզո՜ւմ ես: Վիզս կկտրեմ, թե…
ԷՍՏՐԱԳՈՆ – Մտածի՜ր, թե ինչ ես ասում…
ՎԼԱԴԻՄԻՐ — Դե, սկսի՜ր, հարցաքննիր նրան: (Խաղում է տեսարանը, ծաղրական:) «Քեզ պարոն Գոդո՞ն է ուղարկել: — Այո, պարոն: — Այս երեկո նա չի՞ գալու: — Ոչ, պարոն: — Բայց նա վաղը կգա՞: — Այո, պարոն: Հաստատ»:
ԷՍՏՐԱԳՈՆ — Լավ, կերևա: (Տղային՝ կոպտորեն:) Գոդո՞ն է քեզ ուղարկել:
ՏՂԱ— Այո, պարոն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Եվ ի՞նչ: Գալո՞ւ է:
ՏՂԱ— Այո, պարոն:
ՎԼԱԴԻՄԻՐ — (պայթելով): Ինչպե՞ս թե՝ «այո, պարոն»: Դու խառնում ես տեքստը, հիմա՛ր: (Ծառի պես Տղային ցնցելով:) Գոդոն ՉԻ ԿԱՐՈՂ գալ… քառասուն տարի եղավ, որ չի գալիս… հարյուրավոր քննադատներ, հումանիստներ, պրոֆեսորներ, անգետներ, հանդիսատեսներ կրկնում են, որ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ է ԳՈԴՈՆ, որ Գոդոն գուցե մարդ է, գուցե՝ մահ, կամ մի հիմար բառախաղ՝ «Գոդ»… որովհետև, եթե Գոդոն թաքնված է, Աստված բացակա է. բա-ցա-կա… կամ նույնիսկ գոյություն չունի… հասկանո՞ւմ ես: Ուրեմն, ՄԵՏԱՖԻԶԻԿՈՐԵՆ ԱՍԱԾ՝ Գոդոն ՉԻ ԿԱՐՈՂ և ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԵՐԲԵՔ ԳԱԼ: Ահա այսպես: (Շնչահեղձ ձայնը կտրում է:)
ԷՍՏՐԱԳՈՆ — (խստորեն): Վլադիմիր, հիմա ես եմ խոսում: (Տղային՝ պատկառելի Պարոնի պես:) Եվ ո՞ր ժամին է գալու քո այդ Գոդոն: Որովհետև մենք ուրիշ գործեր էլ ունենք սրանից բացի, հասկանո՞ւմ ես. գուցե կարող էիր նրան հասկացնել, որ շտապի մի քիչ…
ՏՂԱ— Դրա կարիքը չի լինի, պարոն: (Գլուխը վեր բարձրացնելով:) Ահա՜ Գոդոն:
Լույսն սկսում է նվազել: Խորքի պատի վրա արծաթավուն, մեծ լուսին է հայտնվում: Դանդաղ իջնելով վերևից՝ անիրական մի մթնոլոտի մեջ, որը պիտի առաջացնի տարօրինակության և մոգության զգացում, հայտնվում է ՊՐՈՒԵԶԸ՝ շատ գեղեցիկ և մեծաշուք, փառահեղ գահին նստած: Ասես Տիրամոր քանդակը լինի: Վլադիմիրն ու Էստրագոնը (մեջքով դեպի հանդիսատեսը), զարմանքից համրացած, ետ-ետ են գնում դեպի բեմառաջք: Դադար:
ԷՍՏՐԱԳՈՆ — Սա ի՞նչ է…
ՎԼԱԴԻՄԻՐ — (դեպի Պրուեզը մի քանի զգուշավոր քայլ անելուց հետո): Ինչ-որ մեկը, որ նայում է մեզ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Մարդկային էա՞կ է: Աստվա՞ծ…
ՎԼԱԴԻՄԻՐ — (քիչ էլ առաջանալով, շատ զգույշ): Կի՜ն է:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ի՞նչ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Աներևակայելի՜ է: Չլսվա՜ծ բան: Գոդոն… կի՜ն է…
ԷՍՏՐԱԳՈՆ — (շշուկով, վարանոտ, մանրիկ քայլերով Վլադիմիրին մոտենալուց հետո): Գուցե Սուրբ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (նույնպես շշուկով, հեգնական): Իսկ ինչո՞ւ ոչ Մարիամ Աստվածածինը: Որովհետև քեզ ասել են, թե դա Գոդոն է, հա՞:
ԷՍՏՐԱԳՈՆ — (շարունակ նույն կերպ): …կամ Տիրոջ հրեշտա՞կը:
ՎԼԱԴԻՄԻՐ — (նույն կերպ): Ապուշ, չե՞ս տեսնում, որ թևեր չունի:
ԷՍՏՐԱԳՈՆ — (նույն կերպ): Ճիշտ է, մոռացել էի… (Լռություն:) Որքա՞ն ժամանակ եղավ, որ կին չես տեսել:
ՎԼԱԴԻՄԻՐ — (անհամբեր): Գրեթե նույնքան երկար, ինչ և դու:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — (նույն կերպ): Համոզվա՞ծ ես, որ գոնե մեկն է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (նույնը): Հավատա ինձ: (Դադար:) Համենայնդեպս:
ԷՍՏՐԱԳՈՆ — (մի քիչ էլ առաջանալով): Բայց… բայց…
Պրուեզի գահն սկսում է դանդաղ բարձրանալ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (հանկարծ գոռում է): Մամա՜:
Դիմադրում է Վլադիմիրին, որը փորձում է նրան գոտիով կապել:
ԷՍՏՐԱԳՈՆ — (հուսահատ): Մամա՜: Դա մամա՜ն է:
Պրուեզը և տղան անհետանում են: Էստրագոնը նյարդային զկռտոցներ է հանում, հեծկլտում է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Լավ չեղավ: Դու նրան փախցրիր: (Դադար:) Ապո՛ւշ: (Պայթելով:) Եվ քո այդ մոլուցքը՝ անընդհատ հիմար հարցեր տալ… (Դադար: Էստրագոնը շարունակում է նյարդային զկռտալ: Սպառնալով:) Օ՜հ, դադարեցրու նվնվոցդ, թե չէ… (Զկռտոցն իսկույն դադարում է: Փոքր-ինչ մեղմացած:) Դու անդադար ողբում ես… Անտանելի է:
ԷՍՏՐԱԳՈՆ — (գլուխն ամոթից կախելով): Ներողություն:
Վլադիմիրը լռում է: Էստրագոնը մի քայլ առաջ է գնում:
ԷՍՏՐԱԳՈՆ – Բարկացե՞լ ես: (Վլադիմիրը լռում է: Էստրագոնը ևս մի քայլ է անում և վարանելով՝ դիպչում է նրա ուսին:) Դե լավ, Դիդի:
ՎԼԱԴԻՄԻՐ — (զայրացած): Դու քեզ հաշիվ տալի՞ս ես: Քառասուն տարի է՝ սպասում ենք: Եվ քո պատճառով չհասցրինք նույնիսկ նրան հարցնել…
ԷՍՏՐԱԳՈՆ — Նրան ի՞նչ հարցնել:
ՎԼԱԴԻՄԻՐ — (ապուշ կտրած): Ճիշտ որ: Ի՞նչ կարող էինք նրան հարցնել:
Երկար շփոթահար լռություն, որն անսպասելիորեն ընդհատվում է կուլիսներից եկող սոսկալի ճիչով: Էստրագոնը նետվում է Վլադիմիրի կրծքին, Վլադիմիրը գրկում է նրան:Աջից ներս է մտնում Պոցցոն, մենակ և կատարելապես կույր: Մի ձեռքին ճերմակ ձեռնափայտ է, մյուսը պաթետիկ մեկնել է առաջ…
ՊՈՑՑՈ — (գոռալով): Պրուուուեեե՜զ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (սարսափած): Ի՞նչ է ասում:
ՊՈՑՑՈ — (նույն կերպ, բայց ավելի հստակ, շարունակում է քայլել դեպի ձախ): Պրուուուեեե՜զ: Պրուուուեեե՜զ:
Դուրս է գալիս բեմից՝ առանց զգալու Վլադիմիրի և Էստրագոնի ներկայությունը: Էստրագոնը հանկարծ գիտակցում է, որ կառչել է Վլադիմիրի վզից, ազատվում է նրա գրկից և ոտքի կանգնում:
ԷՍՏՐԱԳՈՆ – Լսեցի՞ր:
ՎԼԱԴԻՄԻՐ — Իհարկե լսեցի, թրջվա՛ծ հավ: Քեզ տեսե՞լ ես: Դա Պոցցոն էր:
ԷՍՏՐԱԳՈՆ — (վիրավորված): Ես տեսա, որ Պոցցոն էր: Բայց նրա ասածը…
Վ ԼԱԴԻՄԻՐ — (առանց պատասխանելու): Ես մտածում եմ, թե ո՞ւր է մյուսը:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ո՞ր մյուսը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Լաքին: Այն զառանցող խելառը, որ ուղեկցում էր նրան:
ԷՍՏՐԱԳՈՆ — Գուցե մեռել է…
ՎԼԱԴԻՄԻՐ — Կամ գժանոցում է…
ԷՍՏՐԱԳՈՆ — Ի՞նչ էր ասում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ո՞վ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Պոցցոն… Կարծես կանչում էր ինչ-որ մեկին… Պրոտեզի պես մի բան էր… (Դեմքը հանկարծ պայծառանում է, սկսում է կչկչալով ծիծաղել:) Հի-հի-հի… Պրոտեզ… Հի-հի… լավիկն է…
Դարձյալ լսվում է սոսկալի ճիչը: Ներս է գալիս Պոցցոն, այս անգամ ձախից: Էստրագոնը նույն կերպ է արձագանքում, ինչ Պոցցոյի առաջին հայտնվելու ժամանակ, սակայն կույրին տեսնելուն պես ընկնում է գետնին:
ՊՈՑՑՈ — (խզված ձայնով): Պրուե՜զ: Պրուե՜զ: Պրուե՜զ:
Դուրս է գալիս բեմի աջ կողմից: Դադար:
ՎԼԱԴԻՄԻՐ — (գյուտ արածի պես): Իսկ եթե ՆԱ ԱՍՏՎԱ՞Ծ է:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ո՞վ՝ նա: Պրուե՞զը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դե ոչ, Գոդոն: (Բամփում է Էստրագոնին:) Հը՜: Իսկ եթե Աստված… ԿԻ՜Ն է:
ԷՍՏՐԱԳՈՆ — Կարծու՞մ ես: (Դադար:) Եվ այդքան երկար ժամանակ… ոչ մեկի մտքով չի անցե՞լ:
ՎԼԱԴԻՄԻՐ – Գժվե՜լ կարելի է: Ինչպիսի՜ զավեշտ: Երկու հազար տարվա անիմաստ բանդագուշանքները մի վայրկյանում դեն կնետվեն… բոլոր գրադարաններից: Հո՜պ…
ԷՍՏՐԱԳՈՆ — (հանկարծ սարսափով): Է, ուրեմն… Ի՞նչ կմնա:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ոչինչ: Ամեն ինչ նորից կգրվի:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ամեն ի՞նչ: Հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (անսպասելի փռթկալով): Պատկերացրու. «Աստված ասում է. Ստեղծենք մարդուն մեր կերպարանքով…»: Երևակայիր, թե ինչ տեսք կունենա այդ ՄԱՐԴԸ:
ԷՍՏՐԱԳՈՆ – Հը՜մ… (Գլուխը քորելով:) Հարկ կլինի ամեն ինչ շրջել…
ՎԼԱԴԻՄԻՐ — (չոր): Ուզում ես ասել. ՀԵՂԱշրջե՞լ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դե… հա… Կինը… տղամարդու տեղը… և հակառակը: Եվ կստացվի… (Կենտրոնանում է:) Աստված… (կամ տիկին Գոդոն) արարեց… ԿՆՈՋՆ ըստ իր պատկերի… և ԿՆՈՋԻՑ ԾՆՎԵՑ տղամարդը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ճիշտ այդպես:
ԷՍՏՐԱԳՈՆ — (շշկլված): Բայց… Դիդի…
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Բայց… հենց այդպես է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (շշկլված): Հա, էլի… ըստ էության… հենց այդպես է…
ԷՍՏՐԱԳՈՆ — (հանկարծ, կատաղությամբ): Մենք խաբված ենք, Դիդի, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ մեզ խաբել է… (Մռայլված այդ սևեռուն գաղափարից:) Պետք է նրան անպայման հարցնել՝ արդյո՞ք ՆԱ Աստված է. մենք չենք կարող շարունակել ապրել նման անգիտության մեջ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Իրավացի ես: Դա պետք է պարզել:
ԷՍՏՐԱԳՈՆ — Այո, բայց ինչպե՞ս:
ՎԼԱԴԻՄԻՐ — Միայն Տղան կարող է մեզ ասել, գնանք փնտրենք նրան: Դու ձախ գնա, ես՝ աջ: Ով առաջինը նրան տեսնի՝ մյուսին նշան կանի:
Էստրագոնն ու Վլադիմիրը վազում են, ամեն մեկն՝ իր ուղղությամբ: Մի քանի անգամ նրանք հայտնվում են բեմում, հերթով, մեկը մյուսի ետևից, հակառակ կողմերից, կտրում անցնում են բեմահարթակը, դուրս են վազում, նորից մտնում, նրանց շնչառությունը գնալով ծանրանում է: Վերջապես լսվում է Վլադիմիրի, այնուհետև Էստրագոնի ձայնը կուլիսներից:
ՎԼԱԴԻՄԻՐ — (հաղթական): Ես գտա՛ նրան:
ԷՍՏՐԱԳՈՆ — (նույնպես): Ե՛ս էլ:
Նրանք հայտնվում են բեմում, մազախռիվ, մեկը մյուսին բռնած:
ՎԼԱԴԻՄԻՐ և ԷՍՏՐԱԳՈՆ — (միասին): Բայց… սա… դո՞ւ ես:
ԷՍՏՐԱԳՈՆ — (սկսում է հեծկլտալ): Ես այլևս չեմ կարող, Դիդի: Չեմ կարող այսպես շարունակել: (Ընկնում է Վլադիմիրի գիրկը:)
Աջ կուլիսից հայտնվում է վախեցած Տղայի գլուխը:
ՎԼԱԴԻՄԻՐ — (մատնացույց անելով): Այնտե՜ղ է, տղան այնտե՜ղ է:
ՏՂԱ — Դուք ինձ փնտրե՞լ եք: Ինձ ասացին, որ…
ՎԼԱԴԻՄԻՐ — Ճիշտ այդպես, տղաս: Մենք քեզ իրոք փնտրում էինք… մենք կցանկանայինք մի փոքրիկ զրույց ունենալ քո տիրոջ հետ… այսինքն… ուզում եմ ասել… Տիկին Գոդոյի:
ՏՂԱ — Իհարկե, պարոնայք: Դա շատ դյուրին է: Ես հիմա կկազմակերպեմ: Սպասեք ինձ այստեղ:
Դուրս է գալիս: Վլադիմիրն ու Էստրագոնը, գլուխները վեր բարձրացրած, սպասում են: Երկար լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Սոված եմ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Հետո, Գոգո, հետո: Նախևառաջ պետք է իմանալ:
Դարձյալ լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դիդի… սոված եմ: Դու իսկապես հավատո՞ւմ ես, որ նա կգա:
Պրուեզը վերևից դանդաղ իջնում է բեմ՝ դարձյալ իր գահին նստած և նույն անիրական լույսի մեջ, ինչպես առաջին անգամ:
ՎԼԱԴԻՄԻՐ – Ո՜վ լապտեր, մահկանացուների մեր հոտը լուսավորող:
ԷՍՏՐԱԳՈՆ — Բոլոր կանանց մեջ ամենակի՜նը…
Պրուեզը անհասկանալի բառեր է արտաբերում: Նրա ձայնը, իր արտաքինին հակառակ, շատ ցածր է, գրեթե տղամարդկային:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ է ասում:
ՏՂԱ— Հապավում է:
ԷՍՏՐԱԳՈՆ — (արմունկով հրում է Վլադիմիրին): Դե, ասա՛, ճիշտ պահն է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (նույնն անում է Էստրագոնին): Ոչ, դու ասա:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ոչ: Դու ասա:
ՎԼԱԴԻՄԻՐ — (մի քանի անգամ թեթևակի հազում է, ձայնը մաքրելու համար): Ուրեմն… մենք ուզում ենք իմանալ… մեզ հետաքրքրում է, ինձ և իմ ընկերոջը… Դուք Աստվա՞ծ եք:
Պրուեզի անհասկանալի պատասխանը, որի միայն վերջին բառն է լսվում, անգլերեն, «…dead»:
ՎԼԱԴԻՄԻՐ — (Տղային): Ի՞նչ է ասում:
ՏՂԱ— Նա զարմանում է, որ դուք մինչև հիմա չգիտեք. Աստված մեռած է:
ԷՍՏՐԱԳՈՆ — (դեմքն այլայլվում է): Բայց… բայց… մեզ ոչինչ չեն ասել:
ՎԼԱԴԻՄԻՐ — Մեզ չեն տեղեկացրել:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դա անհանդուրժելի է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ապշեցուցիչ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ի՞նչ է մեզ մնում ուրեմն:
ՎԼԱԴԻՄԻՐ — Հիմա ո՞ւմ պիտի սպասենք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Հիմա ի՞նչ պիտի հուսանք:
ՎԼԱԴԻՄԻՐ — Նրան հարցրու: Այժմ քո հերթն է:
ԷՍՏՐԱԳՈՆ — (վարանում է, հետո մի քանի անգամ թեթևակի հազալով՝ ձայնն է մաքրում, շատ հարգալից): Թանկագին Տիկին… մենք կցանկանայինք ձեզնից իմանալ… թե ի՞նչ է մեզ մնում հուսալ, եթե, ինչպես դուք եք պնդում, Աստված, ում մենք իրապես սպասում էինք, մեռել է:
Պրուեզի անհասկանալի պատասխանն է հնչում, որի միայն վերջին բառն է հաջողվում որսալ. «nothing» (ոչինչ):
ՎԼԱԴԻՄԻՐ — (Տղային): Ի՞նչ է ասում:
ՏՂԱ — Որ այլևս սպասելիք չունեք: Որ դա անիմաստ է:
ԷՍՏՐԱԳՈՆ — (դեմքը դարձյալ այլայլվում է): Է, ուրեմն… Ի՞նչ ենք հիմա անելու:
ՎԼԱԴԻՄԻՐ — (Պրուեզին): Հասկացեք. մեր դերը հուսալն էր: Գոդոյին սպասելն ու հուսալը: Բայց հիմա այդ դերն այլևս իմաստ չունի…
Հնչում են Պրուեզի անհասկանալի բառերը:
ՎԼԱԴԻՄԻՐ — (Տղային): Ի՞նչ է ասում:
ՏՂԱ — Որ Գոդոն Աստված չէ… որ դուք, հետևաբար, շփոթել եք հասցեատիրոջր, և… ԷՍՏՐԱԳՈՆ — Դարձյալ այն նրբամիտ կատակներից է. նրանք սպասում էին Գոդոյին, սակայն Կինն էր, որ եկավ: (Խիստ:) Նրանից ի՞նչ օգուտ: (Դադար:) Ինչների՞ս է պետք կինը: Հը՞: Ինչների՞ս է պետք, երբ չեն լինելու մեր աղոթքները, երբ մարդկությանը վստահություն չի ներշնչվելու ապագայի հանդեպ… (Վլադիմիրին նայելով:) Այսինքն՝ մեզ… երբ դա ոչ մի իմաստ չի տալիս այս ամենին: (Ձեռքերը պարզում է Տիեզերք:) Տիեզերքին, աստղերին… Ամեն ինչի՜ն: (Շրջվելով Դիդիի կողմը:) Հը՞, Դիդի:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այո… մի բան չի…
ԷՍՏՐԱԳՈՆ — (հաղթական): Տեսնո՞ւմ եք:
Հնչում են Պրուեզի անհասկանալի բառերը, որոնց միջից երկու անգամ լսվում է «Գոդո» բառը՝ սոսկալի անգլերենի սոսկալի առոգանությամբ արտասանված:
ՎԼԱԴԻՄԻՐ — (Տղային): Ի՞նչ է ասում:
ՏՂԱ — Որ, ըստ էության, ինքը Գոդոն չէ, որ ընդամենը իրական Գոդոյի տեսանելի… (Ճիշտ բառն է փնտրում:) …դրսևորույթի կերպերից մեկն է:
ԷՍՏՐԱԳՈՆ — Հա, բայց դա ամեն ինչ փոխում է: Իսկ իսկական Գոդոյին, ուրեմն, ե՞րբ կտեսնենք:
Պրուեզի անհասկանալի բառերը:
ՏՂԱ— Նա չի կարող ձեզ ասել: Պետք է սպասել:
ԷՍՏՐԱԳՈՆ – Դարձյա՜լ…
ՎԼԱԴԻՄԻՐ — Բայց… Ինքն, ուրեմն… Ո՞վ է:
ՏՂԱ — (հարգալից խոնարհվելով): Նրա իսկական անունը ՊՐԱԺՆԱՄԻՏԱ է, որ նշանակում է՝ կատարյալ իմաստություն: Կամ դատարկություն: (Շտկվում է:) Բայց դա նրա արևելյան անունն է: Իր արևմտյան անունը…
ԷՍՏՐԱԳՈՆ – Պրուե՞զ է…
Պրուեզը ցնցվում է, որից հետո անհասկանալի բառերի մի տարափ է տեղում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ է ասում:
ՏՂԱ — Հարցնում է, թե որտեղի՞ց գիտեք այդ անունը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Մեր ընկերներից մեկը… (Նայում է Էստրագոնին:) …փնտրում է մի կնոջ, որի անունը հենց Պրուեզ է: Սակայն կասկածում եմ, որ խոսքը նույն անձի մասին է:
ՏՂԱ – Հա՜… Կցանկանայի՞ք ուրիշ հարցեր տալ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ոչ, շնորհակալ ենք: Ուրիշ հարց չկա:
Պրուեզն ու Տղան անհետանում են: Երկար դադար: Վլադիմիրը ետուառաջ է անում բեմում, մինչդեռ Էստրագոնը նստել է չոր ծառի կոճղին: Նա անշարժ է ու անհաղորդ:
ՎԼԱԴԻՄԻՐ — (կտրուկ կանգ է առնում): Իսկ եթե հորինե՞լ են:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ի՞նչը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Գոդոյին… Փոխանակ նրան շարունակ սպասելու այս տխուր և անապատ վայրում, հայտնի չէ դեռ քանի տարի… որովհետև, ի վերջո, գուցե նա նույնպես… ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈԻՆԻ՞:
ԷՍՏՐԱԳՈՆ — …կամ գուցե մեռա՞ծ է: Ճիշտ է, այդ մասին չէի մտածել… (Դադար:) Բայց ի՞նչ նկատի ունես՝ հորինել ասելով:
ՎԼԱԴԻՄԻՐ — Չգիտեմ… կարող են, օրինակի համար, հերթով Գոդոյի դերը խաղալ… և ամեն անգամ մենք կպատկերացնեինք, թե դա ուրիշ մեկն է… (Դադար:) Եվ դա մեզ կզվարճացներ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դե, հա… Դա գոնե իսկական Գոդոն չի լինի: Եվ հետո կհոգնենք, կզզվենք, կհագենանք: (Դադար:) Ինչպես ամեն ինչի հետ է լինում:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Չէր խանգարի…
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչը:
ԷՍՏՐԱԳՈՆ — (երազկոտ): Դա իրոք անհավատալի է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (անհամբեր): Ի՞նչը:
ԷՍՏՐԱԳՈՆ — (իր երազով տարված): Պրուեզը… Որ նա կարող է նման լինել մայրիկին:
ՎԼԱԴԻՄԻՐ — (պայթելով): Վե՛րջ, այլևս չխոսես նրա մասին և, մանավանդ, ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՉԽՈՍԵՍ ԻՆՁ ՀԵՏ ՄՈՐԴ ՄԱՍԻՆ: (Դադար:) Ես ատում եմ մայրերին: (Դադար:) Ես ատում եմ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Իսկ քե՞զ, քե՞զ էլ ես ատում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Անշուշտ: (Վերամբարձ:) Ես Մարդկությո՜ւնն եմ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (վերևից ներքև չափելով): Իրո՞ք: Ուզո՞ւմ ես ասեմ, թե ինչ եմ մտածում: Մարդկությունը… գարշանք է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (ողբերգորեն): Այո:
ԷՍՏՐԱԳՈՆ — Բայց դա ինձ չի խանգարում, որ քեզ սիրեմ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դու արգահատելի ես: Բոլորովին ինքնասիրություն չունես: (Դադար:) Ոչ ոք արժանի չէ սիրված լինելու: ՈՉ ՈՔ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (քնքշանքով): Դու այդպես ես ասում, որովհետև ոչ ոք քեզ երբեք չի սիրել… ինձնից բացի:
ՎԼԱԴԻՄԻՐ – Հանգի՜ստ թող ինձ: Վե՛րջ տուր: (Չթաքցնելով արհամարհանքը:) Կարծես կին լինի:
Էստրագոնը լալիս է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (միանգամից մեղմանում է): Դե, լավ, Գոգո, խնդրում եմ… Ես չէի ուզում քեզ վիրավորել: (Կեղտոտ թաշկինակ է հանում գրպանից, որը լի է զանազան իրերով, հին ակնոց, պարան, մի քանի կոճակ և այլն:) Վերցրու… ուրիշը չունեմ: (Մեկնում է Էստրագոնին, որը դանդաղ բացում է և սրբում երեսը նուրբ, կանացի շարժումներով, այնուհետև դարձյալ ընկնում է անհաղորդ վիճակի մեջ: Վլադիմիրը, ալեկոծված, չափչփում է բեմը: Վերջապես կանգ է առնում Էստրագոնի առջև, համբերությունը հատած:) Ի՞նչ է քեզ պատահել, վերջ ի վերջո:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ես ցավում եմ Աստծո համար:
ՎԼԱԴԻՄԻՐ — (սառը): Ես՝ ոչ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Չեմ կարող անզամ երևակայել: (Խորը շունչ է քաշում: Դադար:) Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս է Նա մեռել:
ՎԼԱԴԻՄԻՐ — (ուսերը թոթվելով): Գուցե պատահաբար…
ԷՍՏՐԱԳՈՆ — Իսկ գուցե մարդասպա՞ն է եղել:
ՎԼԱԴԻՄԻՐ – Աստվա՞՜ծ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Իսկ ինչո՞ւ ոչ: (Տիեզերքը ցույց տալով:) Այս ձախողումից հետո… պատճառ ուներ: (Դադար: Երազկոտ:) Ես, որ երազել եմ միշտ սուրբ դառնալ… դեռ մանկուց… (Հաճույքով:) Զգալ, որ ինչ արվում է, ՆՐԱ շնորհիվ է միայն, ջերմանալ այդ…. անվերջանալի ջերմությունից… (Խոսելով, հետզհետե կծկվում է կոճղի վրա՝ ընդունելով սաղմի դիրքը:)
ՎԼԱԴԻՄԻՐ — (խիստ): Գոգո՜: Ար-ժա-նա-պատ-վու-թյո՜ւն:
ԷՍՏՐԱԳՈՆ — (դժգոհ նստում է): Դու ինձ ծաղրում ես: Դու անընդհատ ծաղրում ես ինձ:
ՎԼԱԴԻՄԻՐ – Գրկիր ինձ:
Տարածում է թևերը:
ԷՍՏՐԱԳՈՆ — (չափազանց ուրախացած): Կարո՞ղ եմ:
Գրկախառնվում են: Կուլիսներից լսվում է Պոցցոյի՝ պատին հարվածող ձեռնափայտի ձայնը:
ՊՈՑՑՈ — (ձայնն այնքան խզված է, որ հազիվ է լսվում): Պրուե՜զ: Պրուե՜զ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (ուրախացած վազում է Պոցցոյին ընդառաջ): Պոցցո՜, կա՜նգ առ: ՊՈՑՑՈ — (անշարժանում է): Ո՞վ է ինձ հետ խոսում:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ես եմ, Գոգոն, ինձ չե՞ք հիշում…
Պ Ո Ց Ց Ո — (փորձելով մտաբերել): Գոգո… ոչ, չեմ հիշում: Շատ ուրախ եմ:
Մեկնում է ձեռքը: Էստրագոնը ջերմորեն սեղմում է այն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Իսկ նա Վլադիմիրն է:
ՊՈՑՑՈ — Ո՞վ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (ականջին գոռալով): Վլադիմիրը:
ՊՈՑՑՈ – Հա՜: Ուրախ եմ:
Իրար ձեռք են սեղմում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ եք արել Լաքիին:
ՊՈՑՑՈ – Լաքիի՞ն: Ծախել եմ: Նա շատ կատաղի էր դարձել: Նույնիսկ կծել էր մեկին:
ԷՍՏՐԱԳՈՆ — (Վլադիմիրին): Իր շո՞ւնն էր:
ՎԼԱԴԻՄԻՐ — Հիմա՜ր:
ՊՈՑՑՈ — Ի վերջո… հիմա նա ինձ շատ պետք էլ չէ… համենայնդեպս, ինչ վերաբերում է բագաժին…
ՎԼԱԴԻՄԻՐ — Դուք ամեն ինչ կորցրե՞լ եք: Վթա՞ր է եղել:
ՊՈՑՑՈ — Կյանքը, երիտասարդ: Կյանքը բավական է: Դուք կտեսնեք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Շնորհակալ ենք, արդեն գիտենք: Աստված մեզ արդեն քաշել է:
ՊՈՑՑՈ — Ի՜՞նչ եք ասում: Իսկապե՞ս: Համոզվա՞ծ եք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Հարյուր տոկոսով… ցավոք սրտի:
ՎԼԱԴԻՄԻՐ — …Եթե, իհարկե, Պրուեզը մեզ չի…
ՊՈՑՑՈ — (ցնցվելով): Դուք ճանաչո՞ւմ եք այդ անունով մեկին:
ԷՍՏՐԱԳՈՆ — Այո: Բայց դա չի կարող լինել նույն մարդը, որին դուք եք փնտրում, դա Գոդոն է… վերջապես… նրա «տեսանելի դրսևորույթը»:
ՊՈՑՑՈ — (հիասթափված): Ահա թե ինչ… (Դադար:) Ուրեմն… ձեր այդ Գոդոն… վերջիվերջո եկա՞վ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Տես, է՛, նրա հիշողությունը վերադառնում է…
ԷՍՏՐԱԳՈՆ — Նա չեկավ, պարզապես, ինչպես միշտ, իր փոխարեն մարդ ուղարկեց… մի… կին…
ՊՈՑՑՈ — (ցնցվելով): ԿԻ՞Ն… ում անունը Պրուե՞զ է: Համոզվա՞ծ եք: Դե, ուրեմն, նրան է, որ փնտրում եմ: Ոչ մի սխալ չկա: (Կատաղած:) Կարող էիք ավելի շուտ ասել: Ահա, գրեթե չորս րոպե է, ժամանակս կորցնում եմ ձեզ հետ շաղակրատելով, փոխանակ… (Հանկարծ խենթացած:) Ժամը քանի՞սն է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (չոր): Միշտ նույնը, վաղուց ի վեր այլևս չի առաջանում, պետք է, որ իմացած լինեիք… (Դադար:) Մենք սպասում էինք երեկոյան, և նա չիջավ: Նա երբեք չի իջնի: Մենք խաբված ենք: Ինչպես միշտ:
ՊՈՑՑՈ — (ձեռնափայտը գետնին զարկելով): Տարե՜ք ինձ նրա մոտ: Անմիջապե՛ս:
ԷՍՏՐԱԳՈՆ — (վիրավորված): Ազնիվ խոսք, նա մեզ իր ծառաների տե՜ղ է դրել: (Պոցցոյին:) Այդ մեկը չեղա՜վ: Նախ և առաջ, մեզ պետք է քաղաքավարի խնդրել, եթե ուզում եք, որ…
ՊՈՑՑՈ — (շփոթված): Պրուե՜զ… Ա՜հ… (Մռնչում է: Այնուհետև՝ չափազանցված, ողբերգական տոնով արտասանում:) Այդ Հրեշտակի տեսքն ինձ համար եղավ անդառնալի մի կանչ: Ա՜հ: Անբուժելի մի վերք իմ կողին:
ԷՍՏՐԱԳՈՆ — (զարմացած): Բայց, ներեցեք… դուք ինչպե՞ս կարող էիք ՆՐԱՆ ՏԵՍՆԵԼ:
ՊՈՑՑՈ — (ուսերը թոթվելով, հեգնական): Ներքին աչքով, երիտասարդ: ՀՈԳՈ՜Ւ աչքերով: (Նույն խաղը, ինչ քիչ առաջ:)
Դադար:
ՊՈՑՑՈ — Ա՜հ: Այդ կնոջից զատ ոչ ոք չի կարող ինձ փրկել: Ա՜հ: Խղճացեք ինձ: (Ծնկի է գալիս և աղաչական շարժում անում:) Ինձ մի թողեք այսքան երկար մնալ նրանից հեռու: Խղճացեք ինձ:
Վլադիմիրն ու Էստրագոնը մտահոգ հայացքներ են փոխանակում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Բայց…
ՊՈՑՑՈ — (ձեռքերը միացնելով, խենթի պես): Ասեք նրան, որ ես կարող եմ վճարե՜լ: Ես կարողություն ունեմ: Ես կնետե՜մ իմ հարստությունը նրա ոտքերի տակ: Իսկ եթե դա բավական չլինի, իմ կալվածքները, իմ դղյակները, իմ…
Պրուեզի գահն «ընկնում» է բեմի վերևից և աղմուկով վայրէջք կատարում բեմահարթակին: Այն պահին, երբ Պրուեզը դիպչում է հատակին, նրա գլուխն ընկնում է և գլորվում: Վլադիմիրն ու Էստրագոնը արագ մոտենում են:
ԷՍՏՐԱԳՈՆ — (գլխատված մանեկենի վրա կռանալով): Այ քեզ բա՜ն:
ՎԼԱԴԻՄԻՐ — (նույն շարժումն անելով): Այ քեզ բա՜ն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Նա փո՜ւչ է: Գոդոն փո՜ւչ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (Էստրագոնին՝ խիստ): Ոչ թե Գոդոն, այլ նրա «տեսանելի դրսևորույթը»:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ճիշտ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ինչը վկայում է, որ Գոդոն, իսկական Գոդոն, այնուամենայնիվ, գուցեև գոյություն ունի…
ԷՍՏՐԱԳՈՆ — Ինչ-որ տեղ…
ՎԼԱԴԻՄԻՐ — Անտեսանելի…
ԷՍՏՐԱԳՈՆ — Թաքուն…
Սահմռկեցնող ծիծաղ է լսվում: Էսարագոնն ու Վլադիմիրը տեղից վեր են թռչում և անշարժանում՝ գլուխներն ուսերի մեջ մտցրած: Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — (սարսափից գունատված): Լսեցի՞ր:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այո:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դա ի՞նչ էր…
Վլադիմիրը թոթվում է ուսերը՝ ի նշան, որ Էստրագոնից ավելին չգիտի: Մի նոր ծիծաղ է հնչում, նախորդից ավելի սոսկալի, մինչդեռ տեսնում ենք, թե ինչպես խորհրդավոր կերպով Պրուեզի գլուխն ինչ-որ անտեսանելի ձեռքով տեղադրվում է — ինքն իրեն — մանեկենի մարմնի վրա, որն այնուհետ, ասես օդի հզոր հոսանքով, վեր է քաշվում:
ԷՍՏՐԱԳՈՆ – Սոսկալի՜ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (մտածկոտ): Ես արդեն մի քանի անգամ ունեցել եմ այդ տարօրինակ զգացումը… երրորդ անձի անտեսանելի ներկայության զգացումը… ասես ինչ-որ մեկը հետևում է մեզ առանց մեր գիտության… շատ տհաճ զգացում է… (Փնտրում է բառը:) Հունից հանող:
ՊՈՑՑՈ — (չի կարողանում վեր կենալ, տնքտնքում է): Ի՞նչ է կատարվում:
ԷՍՏՐԱԳՈՆ — (գլխի շարժումով): Օգնե՞նք:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դա նորմալ կլինի:
ԷՍՏՐԱԳՈՆ — Այդպես չէ՞:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ինձ թվում է:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ինձ նույնպես:
ՎԼԱԴԻՄԻՐ – Օգնե՞նք նրան:
Օգնում են նրան վեր կենալ:
ՊՈՑՑՈ — (տնքալով): Բայց ի՞նչ է պատահել:
ՎԼԱԴԻՄԻՐ — Պրուեզն ընկավ:
ՊՈՑՑՈ — (սոսկումով): Ընկա՞վ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դա ընդամենը սովորական խրտվիլակ էր:
ՎԼԱԴԻՄԻՐ — Խաբկանք:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Բայց ինչի՞ համար է այդ միստիֆիկացիան:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այո, ինչի՞ համար է այդ գռեհիկ միստիֆիկացիան: Եվ ամոթալի:
ԷՍՏՐԱԳՈՆ — (հանկարծ իրենից դուրս գալով): Թքա՜ծ են ունեցել մեզ վրա: Չափ ու սահմանն անցա՜ն:
ՎԼԱԴԻՄԻՐ — Իրավացի ես:
ՊՈՑՑՈ — (ուժգնությամբ): Դուք իրավացի եք:
ԷՍՏՐԱԳՈՆ և ՎԼԱԴԻՄԻՐ — (միասին գոռալով): Նրանք թքա՜ծ են ունեցել մեզ վրա:
ՄԻ ՁԱՅՆ ԴՐՍԻՑ – Երկա՞ր պիտի տևի այդ վայնասունը:
Նորից քարանում են՝ գլուխներն ուսերի մեջ առած:
ԷՍՏՐԱԳՈՆ — (տերևի պես դողալով): Այդ ի՞նչ է, նորի՞ց…
ՎԼԱԴԻՄԻՐ — (փորձելով ձայնին վճռականություն հաղորդել): Ո՞վ է խոսում:
ՁԱՅՆ ԴՐՍԻՑ — Ես: Եվ զգուշացնում եմ ձեզ, եթե ԱՆՄԻՋԱՊԵՍ չդադարեցնեք… Ես ԿՀԱՆԳՑՆԵՄ:
ՊՈՑՑՈ — Ի՞նչը կհանգցնի:
Անսպասելիորեն հանգչում է լույսը: Բեմը թաղվում է խավարի մեջ: Կրակոց է լսվում, որին հետևում է մի ծանր գմփոց:
ԷՍՏՐԱԳՈՆ — (խուճապահար): Դիդի, օգնությո՜ւն: Ո՞ւր ես:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այստեղ եմ: Աջ կողմում:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ո՞ղջ ես:
ՎԼԱԴԻՄԻՐ — Քանի որ պատասխանում եմ… դդո՛ւմ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Աղաչում եմ, Դիդի, վերջ տուր այդ հիմար կատակներիդ, միացրու, խնդրում եմ: Ես վախենում եմ մթից…
ՎԼԱԴԻՄԻՐ — Բայց ես ոչինչ չեմ արել, հավատացնում եմ քեզ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (լացակումած): Ես վախենում եմ, Դիդի… ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ բարկացած է մեր վրա, հաստատ:
Անսպասելիորեն վառվում է լույսը: Էստրագոնն ու Վլադիմիրը սեղմվել են իրար, Էստրագոնը կառչել է Վլադիմիրի թևից: Պոցցոն անշարժ ընկած է հատակին:
ԷՍՏՐԱԳՈՆ և ՎԼԱԴԻՄԻՐ — (միասին): Պոցցո՜:
Վլադիմիրը մոտենում է, իսկ Էստրագոնը հեռվից հետևելով նրան մի քանի մետր տարածության վրա՝ զգուշավոր կանգ է առնում:
ԷՍՏՐԱԳՈՆ — Մեռե՞լ է:
ՎԼԱԴԻՄԻՐ – Վերջացա՜վ…
Էստրագոնը մեքենայորեն խաչակնքում է, հետո ապշած նայում իր ձեռքին: Վարանելով մոտենում է հատակին տարածված մարմնին, կռանում է, ատրճանակ է տեսնում Պոցցոյի ձեռքին, վերցնում է և հետաքրքրությամբ շուռումուռ տալիս, ինչպես մի խաղալիք, դնում է քունքին և կրակում: Չոր, թեթև ճտտոց է լսվում:
ՎԼԱԴԻՄԻՐ — (խենթացած վազում է, որ ատրճանակը ձեռքից խլի): Խե՞նթ ես, ինչ է: Քեզ ի՞նչ պատահեց:
ԷՍՏՐԱԳՈՆ — (հիասթափված): Դատարկ է…
ՎԼԱԴԻՄԻՐ — Դու ինձ վախեցրիր: (Լռություն: Պոցցոյի տարածված մարմինը զննելով:) Հիշո՞ւմ ես, նա ասաց՝ եթե մեր տեղը լիներ, կսպասեր, որ մութ գիշեր լինի, հեռանալուց առաջ…
ԷՍՏՐԱԳՈՆ — Գիշերն ընկավ նրա վրա անսպասելիորեն…
Լռություն:
ՎԼԱԴԻՄԻՐ և ԷՍՏՐԱԳՈՆ — (միասին): Միշտ այդպես է լինում այս անիծյալ մոլորակի վրա:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ես էլ… երբեմն ինձ թվում է, որ արյունս հեղեղի պես հորդում է:
ՎԼԱԴԻՄԻՐ — (վերամբարձ): Այո, մեր վրա էլ մի օր կիջնի վարագույրը…
ԷՍՏՐԱԳՈՆ — Բայց ե՞րբ:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Սպասելով ոչինչ չի կատարվում…
ՎԼԱԴԻՄԻՐ — Կատարվում է. Պրուեզն ընկավ և լույսր մարեց:
ԷՍՏՐԱԳՈՆ — Բայց նորից վառվեց:
ՎԼԱԴԻՄԻՐ — Եվ Պոցցոն մեռավ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (երազկոտ): Բախտավո՜ր… (Դադար:) Ի՞նչ ենք անելու հետը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Պետք է ազատվել նրանից: Օգնիր ինձ:
Պոցցոյի ծանր մարմինը տնքալով քարշ են տալիս կուլիսներ և վերադառնում:
ԷՍՏՐԱԳՈՆ — (գլխի շարժումով ցույց է տալիս բեմի վերևը, ուր համբարձվեց Պրուեզը): Կարծում ես՝ նրա՞ պատճառով էր:
ՎԼԱԴԻՄԻՐ — Հնարավոր է: Երևում է՝ շատ էր կապված: (Դադար:) Խե՜ղճ մարդ…
ԷՍՏՐԱԳՈՆ — (վերամբարձ): Ամեն մեկն իրենն է փնտրում, կամ՝ սպասում… (Քնարական:) Ի՞նչ պիտի անի մարդը՝ անվերջանալի ժամանակի մեջ մոլորված, եթե այլևս ոչ հույս կա, ոչ իդեալ, որից կառչես: Ոչ մի երկնային ուղենիշ, կամ երկրային: Նա կվարվի Պոցցոյի պես: Նա կհեռանա:
Լռություն:
ՎԼԱԴԻՄԻՐ — (թվում է՝ հանկարծ որոշում ընդունեց): Իսկ մե՞նք: Ի՞նչ ենք անելու: Կհեռանա՞նք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Չենք հեռանա: Կսպասենք Գոդոյին:
ՎԼԱԴԻՄԻՐ — Շատ լավ: Արա՝ ինչ ուզում ես: Ես հոգնել եմ: Ես հրաժարվում եմ շարունակելուց:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ինչպե՞ս թե՝ հրաժարվում ես շարունակելուց:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ես գնում եմ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (շնչահեղձ): Բայց դու չե՜ս կարող:
ՎԼԱԴԻՄԻՐ – Ինչպե՞ս թե՝ չեմ կարող:
ԷՍՏՐԱԳՈՆ — Բայց դու լավ գիտես, որ մենք ՉԵ՛ՆՔ ԿԱՐՈՂ գնալ: (Դադար:) Եվ հետո… համենայնդեպս… ԻՆՁ ՀՈ ՉԵ՞Ս ԼՔԵԼՈՒ:
ՎԼԱԴԻՄԻՐ – Ապրել՝ նշանակում է նաև սովորել մենակ լինել:
ԷՍՏՐԱԳՈՆ — (այս անգամ խենթացած): Բայց, Դիդի, մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում… դա հնարավոր չէ… դու խենթացել ես… Ո՞ւմ հետ ենք խոսելու ես և դու, եթե բաժանվենք:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այլևս չենք խոսի: Հաստատ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (լացակումած): Բայց, Դիդի… դու լավ գիտես, որ ես լռությանը չեմ դիմանում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ավելի վատ քեզ համար: (Դադար:) Խլյա՛կ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (զարմանքով, հետո կատաղած): Թրի՛ք:
ՎԼԱԴԻՄԻՐ – Տխմա՜ր:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ստո՜ր:
Լույսը նորից մարում է:
ՁԱՅՆ ԴՐՍԻՑ- Չե՞ք ամաչում: Դուք ներկայացաք այնքան անարժան կերպով, այնքան գռեհիկ… Դա անըմբռնելի է: ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ: Անմիջապես հաշտվեք: Թե ոչ…
Լույսը նորից հայտնվում է, բայց ավելի թույլ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (սահմռկած): Թե ո՞չ…
ՎԼԱԴԻՄԻՐ — (ուսերը թոթվելով): Ի՞նչ կարևոր է: Բոլոր դեպքերում, նրան ոչինչ չունենք ասելու…
ԷՍՏՐԱԳՈՆ — Նրա՞ն: Ո՞ւմ՝ ՆՐԱՆ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դեռևս չհասկացա՞ր:
Ինչ-որ բան է շշնջում Էստրագոնի ականջին, որը մի քանի վայրկյան մնում է համրացած, զարմանքից քարացած:
ԷՍՏՐԱԳՈՆ — Կարծո՞ւմ ես: ՆԱ… մեզ հետ այդպե՞ս վարվեց: (Դադար:) Քառասուն տարվա օրինակելի և հավատարիմ ծառայությունից հետո մեզ հետ այդպե՜ս վարվել… մեր տարիքո՜ւմ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ես համոզված եմ դրանում: (Դադար: Վրդովված:) Եվ հետո, կարծում ես, որ նա գոնե մեկ անգամ կհայտնի՞ մեզ իր շնորհակալությունը: Գոնե մեկ անգամ կհարցնի՞ մեր կարծիքը: Չէ մի. այսքան ժամանակ ոչ մի նախադասություն չի փոխվել, ոչ մի ստորակետ: Եվ այս երեկո, հանկարծ… առանց մեզ նախազգուշացնելու… ասես իր ստեղծած էակներին ծաղրելու համար, անիմաստ չարության մի ծածկամիտ մղումով, մեզ ստիպում է միամտորեն հրաշքի հավատալ և Գոդոյի փոխարեն ուղարկում է ի՞նչ՝ մի տիկնիկ, մի ԴԱՏԱ՜ՐԿ տիկնիկ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (իրեն զսպում էր Վլադիմիրի ճառի ընթացքում, հանկարծ, պայթելով): Օ՜, բայց այդպես չպիտի՜ լիներ: Չէ, այդպես չպիտի՜ լիներ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Բայց… Գոգո…
ԷՍՏՐԱԳՈՆ — Հատուցո՜ւմ: (Դադար:) Տարիներ շարունակ դա ինձ տանջում է, հասկանո՞ւմ ես: ՏԱՐԻՆԵ՜Ր: Ուրեմն հիմա, երբ հասել է… երբ այստեղ է… պետք է նրան ստիպել, որ լսի ինձ… (Գլուխը բարձրացնելով դեպի վեր, ասես դիմելով ուղղակի ձայնին:) …լույսով, ԵՎ ԱՌԱ՜ՆՑ:
ՎԼԱԴԻՄԻՐ — (սահմռկած): Բայց, Գոգո, դա անհնար է…
ԷՍՏՐԱԳՈՆ — (շարունակ կատաղած): Ի՞նչն է անհնար:
ՎԼԱԴԻՄԻՐ — …որ դու քաջություն ունենաս: Դա քո դերի մեջ չի մտնում:
ԷՍՏՐԱԳՈՆ — (վիրավորված): Դու ի՞նչ գիտես այդ մասին: (Ասես վարանում է, այնուհետև գրպանից մի կույտ ճմրթված ու գրոտած թղթեր է հանում:) Խնդրեմ, կարող ես ստուգել: Դա գրված է սևով սպիտակի վրա:
Վլադիմիրը վարանոտ հին ակնոց է հանում գրպանից, մի կերպ հարմարեցնում աչքերին, վերցնում թղթերի կույտը, որ մեկնել է նրան Էստրագոնը, թերթում որոշ ժամանակ՝ երբեմն զարմանքի բացականչություններ անելով, հետո սկսում է բարձրաձայն կարդալ:
ՎԼԱԴԻՄԻՐ — (կարդում է): «…դուք ներկայացաք այնքան անարժան կերպով…»: Ոչ, դա պետք է հետո լինի: (Մի քանի էջ է շրջում:) «Նա ասես վարանում է, այնուհետև գրպանից մի կույտ ճմրթված ու գրոտված թղթեր է հանում: Խնդրեմ, կարող ես ստուգել: Դա գրված է սևով սպիտակի վրա…»: Անկարելի՜ է: (Դադար:) Ուրեմն ես… ես կարող եմ… այժմ քեզ կարդալ… բառ առ բառ… ճշգրտորեն… ԱՅՆ, ԻՆՉ ՊԻՏԻ ԱՍԵ՞Մ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (հաղթական): Ճշգրտությա՜մբ: (Կոպտորեն ձեռքից խլում է թղթերը:) Թաթերդ քաշի՜ր: (Թղթերը գրպանն է խոթում:)
Ցնցված Վլադիմիրի առջև Էստրագոնը պատրաստվում է խոսել, հազալով մաքրում է կոկորդը և խորը շունչ քաշում, հետո նորից է կոկորդը մաքրում:
ՎԼԱԴԻՄԻՐ — (անհամբեր): Հը՞, չե՞ս համարձակվում:
ԷՍՏՐԱԳՈՆ — Իմ առաքելության ծանրակշռությունն ու ահռելիությունն ինձ ճնշում են…
Ճիշտ նույն տեղից, որտեղից հայտնվել էր Պրուեզը, բեմի վերևից դանդաղ աթոռ է իջնում (մեջքով դեպի հանդիսատեսը), որի վրա տղամարդ է նստած, նույնպես՝ մեջքով դեպի հանդիսատեսը: Տղամարդու հագին սև շալվար է և սև շապիկ, կարճ կտրած ճերմակ մազեր ունի: Անշուշտ, ճանաչում ենք Սեմյուել Բեքեթի կերպարանքը: Էստրագոնը սարսափած ետ է քաշվում:
ՎԼԱԴԻՄԻՐ և ԷՍՏՐԱԳՈՆ — (միասին): Գոդո՞ն:
ՀԵՂԻՆԱԿ — (չշրջվելով): Լսում եմ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (շատ վախեցած, բայց մարտական կեցվածք ընդունելով): Ահա՜… թե ինչ կասեի Ձեզ… կփոխանցեի մեր բոլորի անունից… վերջապես, մեր անունից՝ իմ ընկերոջ և իմ… այս վիճակը այլևս չի կարող շարունակվել: Որովհետև մենք ծերացել ենք, հասկանո՞ւմ եք… դա պետք է նկատի ունենալ, և տարիներ շարունակ այսպես անգործ նստել՝ առանց իմանալու, թե դա ինչի կհանգեցնի… խոսել ոչինչ չասելու համար… բացարձակ պարապությունից… վերջապես գալիս է մի պահ, երբ անիմաստությունդ.. դժբախտությունը… (վերամբարձ) ունայնության դարաշրջան, կուշտ ենք այդ ամենից, բացառությամբ ձեզ հարգելուց… մանավանդ որ մենակ չենք, ուրիշներն էլ կան, հարյուրավոր մարդիկ, այսինքն՝ ինչ եմ ասում, հազարավոր մարդիկ: (Պետք է հաշվի առնել հրավիրատոմսերը, անվճար ներկայացումները և այլն:) Նրանք էլ զոհն են այս անհուսալի պատմության, որի մեջ ներքաշված ենք, Ձեր դաժան կատակների… Ձեր… հիվանդագին նիհիլիզմի… (Դադար, շարունակում է՝ բառերը հատ-հատ արտաբերելով:) Մենք հրաժարվում ենք այսուհետ հանդուրժել Ձեր սադիզմը (Հեղինակը հազում է) և Ձեր՝ ստեղծողի աննկարագրելի եսասիրությունը… (Հեղինակը նորից է հազում:) Քանզի, վերջիվերջո (հռետորի լայն շարժում է անում), երբևէ Ձեզ հարցրե՞լ եք, թե Ձեր ստեղծած կերպարներն իրականում ինչ պահանջներ ունեն: (Դադար.) Ո՜չ: Ամենակարողության զգացումը արբեցրել է Ձեզ… Դուք Ձեր գլխից եք հանել այդ ամենը՝ չարաշահելով Ձեր բացարձակ իրավունքները, վայելելով մեզնից ամեն ինչ խլելու մեր դառնությունը, արևը, բույսերը… մարդկային ցեղի մեր եղբայրներին… ամե՜ն ինչ: (Մի պահ ըմբոշխնում է թողած տպավորությունը:) Արդյոք երբևէ մտածե՞լ եք, գոնե մեկ անգամ, գեթ մեկ անգամ, մի երեկո, որ մեզ հաճելի կլիներ Ի ՎԵՐՋՈ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՀԱՍՆԵԼ… կամ առնվազն ուրիշ մի դեր ստանձնել, ուրիշ անելիքով… ես չեմ ասում՝ հերոսական…
ՎԼԱԴԻՄԻՐ — (արմունկով հրելով, կիսաձայն): Ինչո՞ւ չէ: Քանի որ վերջապես մեզ լսում է… մի քաշվիր…
ԷՍՏՐԱԳՈՆ — (Վլադիմիրին մի կողմ հրելով): Ե՛ս եմ խոսում: (Հեղինակին դիմելով:) Չեմ ասում հերոսական, բայց… մի համեստ դեր, որը մեզ կդարձներ — գոնե մի երեկո — պերսոնաժ, գործող անձ, օ՜հ, ես չեմ ասում՝ անպայման օգտակար, բայց որը կարող էր գոնե մի բանի ծառայել, առնվազն պատգամի պես մի բան հաղորդեր մարդկանց…
ՀԵՂԻՆԱԿ — (հայհոյում է անգլերեն):
ԷՍՏՐԱԳՈՆ — Ներեցեք: Ես ասում էի՝ պերսոնաժներ, որոնք կտային հանդիսատես մարդկությանը… օ՜, ոչ թե իսկական մի հույս…
ՀԵՂԻՆԱԿ — (նորից հայհոյում է անգլերեն):
ԷՍՏՐԱԳՈՆ — …ո՜չ, այլ ինչ-որ մի բացատրություն… մի բան, որ նրանց օգնի լավ զգալ… շարունակել… ինչպես լույսի անորսալի, բայց մշտական մի շող…
ՀԵՂԻՆԱԿ — (չոր): Հումոր: Ես ձեզ հումոր եմ տվել: Բավական չէ՞:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ոչ: Նրանք մոռացել են: Լրջությունն իսկույն համակում է նրանց, հենց որ դուրս են գալիս:
ՀԵՂԻՆԱԿ — (նույն կերպ): Իսկ քնքշա՞նքը:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դա էլ են մոռացել: Նրանց հետաքրքրում է միմիայն… Սերը, մեծատառով Սերը… հասկանո՞ւմ եք: Այսինքն նրանք իմաստի, իդեալի… պահանջն ունեն… վեհության…
ՀԵՂԻՆԱԿ – Իդեալի՜: Ինքներդ մի բան հորինեիք:
ԷՍՏՐԱԳՈՆ — …ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ՜:
ՀԵՂԻՆԱԿ — …Այլևս ոչ մեկը չունեմ: Ոչինչ չգիտեմ: Ցավում եմ: Իսկապես: (Դադար:) Չնայած…
ԷՍՏՐԱԳՈՆ — (կտրուկ վեր ցատկելով): ՉՆԱՅԱ՞Ծ… Ի՞ՆՉ…
ՀԵՂԻՆԱԿ — Ոչ: Ոչինչ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դա իսկապես ցավալի է: Ցա-վա-լի՜:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — (կտրուկ ծնկի իջնելով, ձեռքերը միացնում է, ասես աղոթքի համար): Գոնե Աստծո՜ւն վերադարձրեք նրանց:
ՎԼԱԴԻՄԻՐ — (հևասպառ): …նրանց ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱՍՏԾՈ՞ՒՆ: Բայց նա կապելու գի՜ժ է: Ինչպե՞ս կարող եք դա հանդուրժել: Վերադարձնել նրանց Աստծո՜ւն… Չասեք միայն, որ այդ խոսքերն էլ Ձերն են:
ԷՍՏՐԱԳՈՆ — (ցնորված): Օ՜, մթին շնորհք օ՜, հոգուս անվերջանալի ցնցումներ, օ՜, ծով, որ մայր է մտնում արևի հետ… Օ՜, Կրակ… Օ՜, խավար գիշեր:
ՎԼԱԴԻՄԻՐ — …Լսո՞ւմ եք նրան: Չէ, դուք ԼՍՈ՞ՒՄ ԵՔ ՆՐԱՆ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (ուշքի գալով): Ինձ ի՞նչ պատահեց:
ՎԼԱԴԻՄԻՐ — Բանաստեղծական մոլուցքի նոպա: Ես կարծում էի, թե դա անցել է:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ինչո՞ւ: Դա ինձ հետ արդեն եղել է… Հաճախ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դու բանաստեղծ էիր, առաջ:
ԷՍՏՐԱԳՈՆ — (մռայլ): Սոսկալի է զգալ, թե ինչպես ես կորցնում այն, ինչ ունեիր:
ՎԼԱԴԻՄԻՐ — Սոսկալի է: Գիտակցությունը սոսկալի բան է:
ԷՍՏՐԱԳՈՆ — Հուսահատեցնող:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այո:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ազատությունն էլ պետք է որ սոսկալի լինի:
ՎԼԱԴԻՄԻՐ — Չգիտեմ, երբեք չեմ փորձել: (Դադար:) Ինձ երբեք առիթ չի ընծայվել: (Դադար:) Էէ՜հ… (Գլխի շարժումով ցույց է տալիս Հեղինակին.) Ի՞նչ ենք նրան հարցնում, ուրեմն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Մեր պարտքն է նրանց չլքել:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ո՞ւմ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Նրանց: Մենք պետք է որևէ բան անենք նրանց համար: Բայց ի՞նչ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այո, ի՞նչ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Վիրակապենք նրանց վերքերը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Լուսավորենք նրանց:
ԷՍՏՐԱԳՈՆ — Այո, բայց ինչպե՞ս:
Էստրագոնը նստում է ծառի կոճղին՝ աջ արմունկը ձախ ծնկին հենած, ծնոտը՝ աջ ձեռքին:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ ես անում:
ԷՍՏՐԱԳՈՆ — ՄՏԱԾՈՒՄ ԵՄ:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — Իսկ եթե՞… (Մի ցատկով վեր է թռչում և ինչ-որ բան է շշնջում Վլադիմիրի ականջին:)
ՎԼԱԴԻՄԻՐ — Անկարելի Լ: Մենք չենք կարող:
ԷՍՏՐԱԳՈՆ — Կարելի է գոնե փորձել:
ՎԼԱԴԻՄԻՐ — Անկարելի է, քեզ ասում եմ: Ելք չկա: (Դադար:) Դու լավ գիտես, որ արդեն փորձել ենք: Բայց մեզ ամեն անգամ բռնել են: Հիշիր:
ԷՍՏՐԱԳՈՆ — (ընկճված): Ճիշտ է:
ՎԼԱԴԻՄԻՐ — Եվ ծեծել: Առանց ինձ դու հիմա ընդամենը մի ոսկրակույտ էիր:
ԷՍՏՐԱԳՈՆ — (խոցված): Գիտեմ:
Լռություն:
ՀԵՂԻՆԱԿ — Դուք ԱՄԵՆ ԻՆՉ չեք փորձել:
Վլադիմիրն ու Էստրագոնը տեղից վեր են թռչում ու քարանում հանդիսատեսի դիմաց:
ՀԵՂԻՆԱԿ — Ձեր դիմաց ՈՉԻՆՉ ՉԿԱ: Պատը գոյություն չունի: (Դադար:) Եվ ԵՐԲԵՔ չի եղել: (Դադար:) Դուք ազատ եք…
Աթոռը դանդաղ վեր է բարձրանում: Վլադիմիրն ու Էստրագոնը զարմանքից քարացած մնում են հանդիսականի առջև, սարսափով իրար են նայում, այնուհետև շրջվում են և նկատում, որ Հեղինակն անհետացել է: Նորից հայացքներ են փոխանակում:
ԷՍՏՐԱԳՈՆ — Կարող էինք նրան շնորհակալություն հայտնել:
Զգուշորեն, մանրիկ քայլերով առաջանում են դեպի դահլիճ: Հասնելով բեմեզրին՝ անշարժանում են:
ԷՍՏՐԱԳՈՆ — Դու որևէ բան տեսնո՞ւմ ես:
ՎԼԱԴԻՄԻՐ — Շատ մութ է: Պետք է աչքս սովորի…
ԷՍՏՐԱԳՈՆ — Ի՞նչ կա այնտեղ: (Քմծիծաղ:) «Ամբո՞խ»…
ՎԼԱԴԻՄԻՐ — Ոչ: Ավելի շուտ… ասես մի…
ԷՍՏՐԱԳՈՆ — (աչքերը թարթելով): Ի՞նչ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ասես… Հա, էլի…
ԷՍՏՐԱԳՈՆ — Ա՜յ քեզ բան: Այստեղ… մեր ոտքերի տակ… այնքան մոտիկ, որ կարող ենք դիպչել… մեզ նմանների անանուն մի հորդա է: Եվ բավական է մի ցատկ անենք, որպեսզի նրանց միանանք:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ ենք սպասում:
ԷՍՏՐԱԳՈՆ — Իսկապես, ի՞նչ ենք սպասում:
ՎԼԱԴԻՄԻՐ — Գնացի՞նք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Գնացինք:
Իրար ձեռք են բռնում և, թվում է, թե չափում են իրենց թափը, ասես ուր որ է՝ կթռչեն:
ԷՍՏՐԱԳՈՆ — (բռնելով Վլադիմիրի ձեռքը, որը պատրաստվում էր թռչել): Ստո՜պ: Մի վայրկյան: (Դադար:) Մենք չարտասանեցինք հանդիսավոր հրաժեշտը:
ՎԼԱԴԻՄԻՐ — Իրավացի ես: Մի հրաժեշտ թնդացնե՜նք:
ԷՍՏՐԱԳՈՆ — (վերամբարձ արտասանում է): Մնաս բարո՜վ: Մեր հին, անփոփոխ կացարան, լացի և սեղմած ատամների ապաստան: Մնաս բարով, ՏԱՐՏԱՐՈՍ, հանրային փոս, ուր թաղվել էինք: Լույսը բացվում է, ժամանակն արդեն շարժում է իր թմրած մարմինը… Կանչը շտապեցնում է մեզ: Մնաս բարով… Պոկե՜նք մեզ այն ամենից, ինչը բնավ գոյություն չունի: Մարդկայինը մեր մեջ ալեկոծվում է… մի նոր մարդ է ծնվում՝ հույսից և Աստծուց զրկված, սակայն սիրելու, տառապելու և ստեղծելու ընդունակ… և որն ուզում է մինչև վերջ ապրել իր գոյության խենթությունը… (Կանգ է առնում շունչը կտրած:)
ՎԼԱԴԻՄԻՐ — …Վե՞րջ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Վերջ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Ուրեմն գնացի՞նք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Գնացինք:
Իրար ձեռք բռնած՝ թվում է, թե չափում են իրենց թափը, ասես պատրաստվում են թռչելու:
ՎԼԱԴԻՄԻՐ — (բռնելով Էստրագոնի ձեռքը, որը պատրաստվում էր թռչել): Մի րոպե: Ո՞վ կարող է մեզ վստահեցնել, որ սա նորից նրա հիմար կատակներից չէ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ո՞ւմ:
ՎԼԱԴԻՄԻՐ – Գոդոյի՜:
ԷՍՏՐԱԳՈՆ — Կարծո՞ւմ ես:
ՎԼԱԴԻՄԻՐ — …Եվ որ ստիպված չենք լինի թանկ վճարել այս անիմաստ հերոսության համար…
ԷՍՏՐԱԳՈՆ — …և կատարելապես անշահախնդիր…
ՎԼԱԴԻՄԻՐ — …բարեհոգության նոպան է, որ ստիպում է մեզ գնալ փրկելու վտանգված մարդկությանը…
ԷՍՏՐԱԳՈՆ — …այնինչ, շատ լավ կարող էինք ձեռքներս լվանալ և լքել նրանց: (Դադար:) Դու իրավացի ես: Ինչո՞ւ այդ ռիսկին դիմել:
ՎԼԱԴԻՄԻՐ — Այո, ինչո՞ւ:
Լռություն:
ՎԼԱԴԻՄԻՐ — Եվ հետո, ի՞նչ ենք անելու, երբ այս պատն անցնենք:
ԷՍՏՐԱԳՈՆ — …այդ օդի պատը…
ՎԼԱԴԻՄԻՐ — …որը մեզ բաժանում է մեզ նմանների ամբոխից…
ԷՍՏՐԱԳՈՆ — Այո. Ի՞նչ ենք անելու:
Լռություն:
ԷՍՏՐԱԳՈՆ — (անհանգստացած): Իսկ եթե նրանք մեզ չընդունե՞ն:
ՎԼԱԴԻՄԻՐ — (բեմում ետուառաջ անելուց հետո): Վերջիվերջո, այնքան էլ վատ չէ այստեղ…
ԷՍՏՐԱԳՈՆ — (նույն բանն անելով): Մանավանդ, եթե կարգի բերենք:
ՎԼԱԴԻՄԻՐ — Կարելի է սկսել ծառ տնկելուց…
ԷՍՏՐԱԳՈՆ — (երազկոտ): Մի բոսորագույն, հսկայական հաճարի ծառ, որն աշնանը բոցավառվում է մայրամուտի գույներով…
ՎԼԱԴԻՄԻՐ — …կամ բանջարեղեն աճեցնենք…
ԷՍՏՐԱԳՈՆ — Ա՜հ: Փայլո՜ւն գաղափար է:
Լռություն:
ՎԼԱԴԻՄԻՐ — Քանզի ամեն ինչին ընտելանում ես: (Դադար:) Ասես ոչինչ չի եղել: (Դադար:) Վերջում նույնիսկ հաճույք ես ստանում:
ԷՍՏՐԱԳՈՆ — Եթե փոքր-ինչ երևակայություն ունես…
Երկար լռություն: Երևում է, որ տատանվում են:
ՎԼԱԴԻՄԻՐ — Դե, ուրեմն… Ի՞նչ ենք անում:
ԷՍՏՐԱԳՈՆ — (անսպասելիորեն վճռական): Ոչինչ չենք անում, դու իրավացի ես: (Դադար:) Դա ավելի խոհեմ է: (Դադար:) Մենք չզիտենք նրանց վերաբերմունքը մեր հանդեպ: (Դադար, հետո մեկ շնչով՝ առանց Վլադիմիրին նայելու:) Եվ հետո… դու կարող ես ինձ լքել, իսկ ԵՍ ԴՐԱՆ ՉԵՄ ԴԻՄԱՆԱ:
ՎԼԱԴԻՄԻՐ — (նեղված): Ինչե՞ր ես երևակայում: Դու լավ գիտես, որ մենք կապված ենք:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ընդմի՞շտ:
ՎԼԱԴԻՄԻՐ — Անշուշտ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Վստա՞հ ես:
ՎԼԱԴԻՄԻՐ — Բացարձակապես…
ԷՍՏՐԱԳՈՆ — Լավ է: (Լռություն:) Դիդի՞…
ՎԼԱԴԻՄԻՐ — Ի՞նչ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Հիշո՞ւմ ես, երբեմն երեկոյան… (Ձեռքը սահեցնում է Վլադիմիրի ձեռքի վրայով:) Ի՜նչ հիասքանչ տեսարան էր… արևների մայր մտնելը…
ՎԼԱԴԻՄԻՐ — (ուսերը թոթվելով): Արևի:
ԷՍՏՐԱԳՈՆ — …Այդ պահին ջութակների երկար հեծկլտոցը դառնում է ավելի նվաղկոտ… Այս պահին, երբ… ջութակներուն հեծքն անվերջ նվաղորեն կուլա նորեն սրտիս մեջ… Հը՞, Դիդի… Հիշո՞ւմ ես… Երբ դեռ համարձակվում էինք, վտանգելով մեզ, գնալ դեպի բլուրները, ամառվա վերջին երեկոներին, երբ հողը ոսկեգույն էր և մեղրի հոտ էր բուրում՝ ոչխարների հազարամյա բորբոսահոտին խառնված …
ՎԼԱԴԻՄԻՐ — Է, ի՞նչ:
ԷՍՏՐԱԳՈՆ — Ոչինչ: Ինձ հաճելի է քեզ հետ խոսել այդ մասին: Ինձ հաճելի է հիշել քեզ հետ… (Մի պահ մնում են լուռ և անշարժ, գրկված, մեջքով դեպի հանդիսատեսը կանգնած:) Դե, ինչ… մնո՞ւմ ենք:
ՎԼԱԴԻՄԻՐ — Մնում ենք:
Գիշերն այս անգամ՝ մայրական մեծ գիշերը, վերջնականապես իջնում է՝ կլանելով նրանց: Այնուամենայնիվ, բեմի մթնելու ընթացքում տեսնում ենք՝ ինչպես Տղան (որին մինչև վերջ հետևում է լուսարձակը) սպրդում է կուլիսների կողմը, վարանում է, հետո դուրս է գալիս բեմառաջքից (աստիճաններով, եթե բեմը բարձրություն ունի) և միանում հանդիսատեսին: Դահլիճն աստիճանաբար լուսավորվում է: Լսվում է Տղայի ծիծաղը: Գնում է առաջին կարգ (շարունակ լուսարձակի ներքո), սեղմում է մեկի ձեռքը, հետո՝ մյուսի… Դարձյալ ծիծաղում է — ավելի ու ավելի բարձր: Մթություն:
Ֆրանսերենից թարգմանեց
Անահիտ ԹՈՓՉՅԱՆԸ
SYLVIANE DUPUIS — La seconde chute ou Godot, Acte III © Editions Zon, 11 rue des Morains, CH-1227 Carouge- GenO-ve et Sylviane Dupuis
Cet ouvrage est Lraduit avec le concours de Pro Helvetia, Fondation suisse pour la culture
L’ouvrage publin avec le concours du ministOre fran2ais chargn de la Culture — Centre national du livre