Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԹԱՐՍԻՆԵՆ

(Պատանիների և բոլորի համար պիես 9 մասից)

Գործող անձինք

Թագավոր

Թագուհի

Արքայադուստր Թարսինե

Սիսակ – ծխնելույզ մաքրող

Հեքիաթասաց

Խոհարարական և աստղեր փնտրելու մրցույթների նույն հանձնաժողով

Գեղջուկ աղջիկներ

Գլխավոր կախարդ

Պառավ

Եվս մի գլխավոր կախարդ

Կախարդներ, զինվորներ, բանագնացներ,

Ուսուցիչներ – երգուսույց, աշխարհագրագետ

Կարուձևի կրթության պատասխանատու

1-ին մաս

Հեքիաթասացը դանդաղ քայլերով մտնում է բեմ, լուռ կանգնում է բեմի կենտրոնում  ու աջ ձեռքով սղալելով իր երկար մորուքը, նայում է աջ ու ձախ, ապա աչքերը սևեռելով իր դիմաց նստած հանդիսատես մանուկին կամ ավագ հանդիսատեսին, հարցնում է.

– Ինչո՞ւ ինձ չեք բարևում, սպասում եք ե՞ս բարևեմ, ախր, ես այսօր և երեկ, և հազար տարի բարևում ու բարևում եմ, բայց ոչ ոք ինձ առաջինը չի բարևում, բացի…

Հանդիսատեսները միանգամից բարևում են։ Հեքիաթասացը մեկ բարևում է, մեկ՝ փռշտում, մեկ բարևում է, մեկ՝ փռշտում։

Հեքիաթասաց – Սիրելիներ, հա՜-փչի, երեկ մրսել եմ Արկտիկայում, սպիտակ արջերին հեքիաթ էի պատմում, հա՜-փչի… Ոչինչ, հիմա ինձ կներշնչեմ ու… (Ներշնչում է, աչքերը փակում:) Անցավ։ Ուրեմն, հեքիաթ էի պատմում արջերին Աֆրիկայի առյուծների ու Ավստրալիայի կենգուրուների մասին, մեկ էլ մի սպիտակ, կաթից ավելի սպիտակ արջուկ ասաց.

         – Հեքիաթասաց, դու ասացիր, թե բոլորին դու բարևում ես, ոչ ոք քեզ չի բարևում, բացի… Ո՞վ է այդ «բացին», ա՞րջ է, աղջի՞կ, թե՞ տղա, թե՞ աֆրիկյան ռնգեղջյուր։

         Ես էլ ամաչեցի, ախր, հիշողությունս մեկ-մեկ խամրում է, ախր, քանի հազար տարեկան եմ, ես էլ չեմ հիշում, հա, արջուկ ջան, այդ «բացին» մի չքնաղ արքայադուստր է, անունն էլ՝ տարօրինակ, հիմա, եթե չձանձրանաք իմ մենախոսությունից, ախր, ինձ ոչ մի բեմադրիչ չի ասել՝ երբ խոսեմ, ինչքան խոսեմ, ինչքան լռեմ, մի խոսքով՝ վայրի հեքիաթասաց եմ։ Համաձա՞յն եք, սկսեմ հեքիաթը։

Հանդիսատես – Այո՛, այո։

Հեքիաթասաց – Դե, թող հնչեն շեփորները. ամեն  սկիզբ պիտի մի քիչ հանդիսավոր լինի։ Ապրեք, շեփորահարներ, ապրեք, ռադիոյի աշխատողներ, ձայնը շատ մաքուր է հնչում։ Դե, պատրաստվեք։ Հա, ձեզ ասեմ, որ հիմա ինձ միաժամանակ լսում են Աֆրիկայի կենդանիներն ու թռչունները, երեխաները, Արկտիկայում՝ ևս, Ավստրալիայում՝ հատկապես… Մի խոսքով, սկսում եմ։

Բեմի  վրա՝ ճաշ եփելու տեսարան։ Մանուշակագույն թեթև շորով Թարսինեն շերեփը ձեռքին նայում է աման-չեղամանին, մերթընդմերթ խառնում ճաշը։

Թարսինե – Ընենց ճաշ եփեմ, որ մատները լիզելով ուտեն։

Թռվռալով առաջ է գալիս աղջիկը՝ ճաշի շերեփը թափահարելով։

Հեքիաթասաց – Զնգզնգա թագավորություն։ Այս աղջկա անունը Թարսինե է։ Մարդու անունն ամեն ինչ ասում է մարդու մասին. մեր պատմությունն այս տարօրինակ աղջկա մասին է, ճի՞շտ չէ, Թարսինե։

Թարսինե (մի պահ լռելով, սեթևեթանքով) – Տշիճ է։

Հեքիաթասաց – Հասկացա՞ր, սիրելի հանդիսատես, թե՞ չհասկացար, դու էլ նրա պես թարս կարդա, թարս մտածի և նորովի կընկալես աշխարհը։ Հիմա Թարսինեն ճաշ է եփելու, իսկ ես առժամանակ հեռանամ, բայց ինչ լինի բեմի վրա, մտածեք, որ իմ պատմածն է, ես կհայտնվեմ ևս երկու անգամ, որ ձեր զահլեն չտանեմ, ինչպես դուք եք սիրում ասել՝ ցե, հաջող, պակա, բայ…

Բեմի խոհանոց են գալիս Թագավորն ու Թագուհին։

Թագուհի – Ամոթ է, աղջիկ ջան, արքայադուստրը ճաշ չի եփի, երգել սովորի, պարել, թե չէ ճենճահոտ է շորերիցդ գալիս։

Թարսինե – Բա տիկնիկներս, բա արքունիքը սոված մնա՞։

Թագավոր – Այ բալիկ ջան, մենք հազար խոհարար ունենք, դու  քեզ մի՛ տանջիր օջախի մոտ, հո աղքատի աղջի՞կ չես։

Թարսինե – Հեր ջան, ուզո՞ւմ ես էնպես ծիծաղեմ, որ ճաշը քլթքլթա ու նրա հոտից ողջ երկիրը կշտանա։

Թագուհի – Թարսինե ջան, անցած անգամ քո բրնձով փլավի մեջ մի հատիկը սառն էր, մյուսը՝ տաք, էն մյուսը՝ վառող, հաջորդը՝ չխաշված, ութերորդը՝ կիսախաշ, քսայոթերորդը՝ ճխլված, իսկ հարյուրերորդը՝ առհասարակ չեփած։

Թագավոր – Աղջկաս եփածը նման է ամեն տեսակի և ոչ մի տեսակի։

Թարսինե – Մամա և պապա, պալատականները կերան և հաճույքից աչքերը ճպճպացնելով փառաբանում էին իմ չնաշխարհիկ փլավը։

Թագուհի – Է՜, բալա ջան, թե չունևորի աղջիկ լինեիր՝ ամանը գլխիդ կտային։

Թարսինե – Ես ուրիշ խոհարար եմ։

Թագավոր – Հա, ասենք թե ուրիշ լավ ճաշ է, բայց դու պիտի ավելի լուրջ բաներով զբաղվես, դու մեր միակ աղջիկն ես, արքայազները, հրեն, մեր դուռն են նստում, իսկ դու դեռ չես սովորել Շրջշրջի պարել։

Թարսինե – Համբերի, պապ ջան, Շրջշրջի պարելիս գլուխս պտտվում է, մի քիչ էլ մեծանամ՝ կսովորեմ արևի շուրջ պտտվել։ (Շերեփը դնում է մեծ տիկնիկի ձեռքի վրա ու հայտարարում:) Հրավիրված եմ խոհարարական մրցույթի։

Թարսինեն թռվռալեն դուրս է թռչում խոհանոցից։

Թագավոր (զարմացած) – Ո՞վ է առանց ինձ տեղյակ պահելու մրցույթ հայտարարել… Նրան կախել է պետք։

Թագուհի – Ա՛յ մարդ, ո՞նց անենք, որ մեր գժուկը չհաղթի։

Թագավոր – Անհնար է, հրամայեմ էլ, չեն հասկանա, կմտածեն՝ Թարսինեի հայրն եմ, թարս եմ ասում, և հաղթանակը կշնորհեն նրան։

Թագուհի – Ծուռ հայելիների սենյակում ենք ասես, էս աղջիկը ե՞րբ է խելքի գալու։

Արքունիքի մեծ ճաշարանում նստած են հանձնաժողովի անդամները։ Նրանց են մատուցում քյուֆթա, տոլմա, ապուրներ, խորոված, խաշլամա, կոկորդիլոսի ձվով ձվածեղ, խաշած կանաչեղեն… Մրցույթի հանձնաժողովը համտեսելու փոխարեն խժռում է մատուցածը և պահանջում կրկին մատուցել։ Հանձնաժողովի նախագահը չկերավ միայն Թարսինեի սիսեռապուրը, ասենք՝ ոչ մի հանձնաժողովական էլ չկերավ։

Հանձնաժողովի նախագահ – Թագավորն ապրած կենա, հայտարարում եմ մեր հանձնաժողովի միաձայն որոշումը. միաձայն հաղթող է ճանաչվել սիսեռապուրի անհայտ խոհարարը։ Ո՞վ է, թող մոտենա։

Թարսինե – Վա՜յ, ես եմ, դեռ խակ սիսեռից եմ եփել, երևի դրանից է, որ համով է։

Թարսինեն մոտենում է հանձնաժողովի նախագահին, և հանդիսավոր նրան հանձնվեց «Արծաթյա շերեփ» մրցանակը, որի պոչին գրված էր՝ Աշխարհի լավագույն խոհարար։

Դղյակից դուրս գալիս հանձնաժողովի անդամները չեն զլանում բամբասել.

– Բայց էդ ի՞նչ հունար է՝ մի հատիկը պաղ, մյուսը՝ տաք։

– Այո՛, կարծես եփած էր, կարծես չեփած էր։

– Համ փլավ էր, համ ապուր։

– Խաշիլ էր։

– Տակը՝ վառած։

– Հոտից սիրտս խառնեց։

– Ճիշտն ասած՝ ես էլ չկերա։

Գեղջուկ և աղքատ, նաև իշխանական ընտանիքների մրցակից աղջիկները խնդմնդալով, մոծակի պես կծելով երգում են.

 Այ քեզ ճաշ,

Մի քիչ փիթի, մի քիչ խաշ,

Թարսինեն լավն է, լավ աղջիկ,

Եփած ապուրն էլ՝ քրջիկ։

Դղյակ է մտնում անտեսանելի կախարդը։  Նա  հոգնած, հոգնությունից և հաղթանակի հուզմունքից նիհարած և քաշը գցելուց սմքած Թարսինեին զգույշ գրկում է ու թռչում Կախարդարան։

Թագավորն ու թագուհին տեսնելով Թարսինեի անհետանալը, համընդհանուր զորահավաք հայտարարելու որոշում են կայացնում։

Թագավոր – Մինչև վաղը առավոտ գտնել և վերադարձնել Թարսինե արքայադստերը, սա երևի նախանձ մրցակիցների վրեժն է, կամ աղջկաս սիրահարված մեծ ճանապարհի ավազակների, կամ այլ երկրների արքայազների ձեռքի գործն է։ Ես արդեն պատժել եմ դղյակի պահապաններին և նորերն են պաշտպանում թագավորական ընտանիքի հանգիստը։ Վերջ։ Զորավա՛ր…

Զորավար (առաջ գալով) – Այո, Ձերդ մեծություն։

Թագավոր – Քեզ ժամանակ մինչև վաղը առավոտ, չէ, մինչև այս երեկո, աղջիկս լինի մեր դղյակում։

Զորավար – Ճիշտ, ավելի տշիճ…

Թագավոր – Ի՜նչ հիմարություն…

Զորավար – Թարսինեի պես թարս ասացի… Ճիշտ այդպես, Ձերդ մեծություն։ (Հավաքված զորքին բաժան-բաժան անելով, հրամայում է:) Աջ մասը ձիարշավ թող գնա աջ, ձախը՝ ձախ, վերևի, այսինքն՝ հյուսիսի մասը՝ հյուսիս, հարավինը՝ հարավ։  Այսօր երեկոյան Թարսինեն լինի մեր արքունիքում, այլապես… ի՞նչ այլապես, ոչ մի այլապես,  միայն այսպես, Թարսինեն իր սիրած ննջարանում, վերջ։

Զորքերը շտապ դուրս են թռչում դեպի աշխարհի չորս ծագերը։

2-րդ մաս

Կախարդարանի գլխավոր չար կախարդի դղյակում  Թարսինեն առավոտյան արթնանում է։ Առաջին պահին նրան թվում է, թե դեռ չի արթնացել։

Թարսինե (զարմացած) – Էս ի՞նչ աշխարհ եմ ընկել, երևի երազում եմ, չար երազում, էս ի՞նչ սրեր են կախված պատերից, ի՞նչ ժանիքներ ու ճանկեր, կմախքներ դինոզավրերի, թռչուների ու, այ քեզ զարմանք,  երևի նաև մարդկանց։ Չէ, ես վախկոտ չեմ, բայց պիտի գոռամ՝ մամա, պապա, ո՞ւր եք, ո՞ւր եմ ընկել։

Պառավ կախարդ (դուռը ճռռոցով բացում է) – Ի՜նչ ես գոռգոռոցդ գցել դղյակով մեկ։ Թե գլխավորը զարթնի, ինձ էլ, քեզ էլ օջախին կդնի ու էսօր ուրիշ  բան չի ուտի, բացի…

Թարսինե – Բարի լույս, տատի։

Պառավ – Ի՞նչ բարի լույս, արդեն կեսօր է, և գլխավոր կախարդը հիմա զարթնել ու ցանկանում է քեզ տեսնել, քո ճաշ եփելու հունարի մասին լսել է։ Դե, շուտ վեր կաց, շորդ հագի։

Թարսինե – Բա չլվացվե՞մ։

Պառավ – Դա այստեղ ընդունված չէ, կախարդները միայն անձրևով ու գետերում են լվացվում։

Թարսինե – Հետաքրքիր է… Ես էլ ասում եմ՝ ինչ վատ հոտ եմ առնում։

Պառավ – Ա՛յ աղչի, գլխավոր չար կախարդի մոտ ըտենց չխոսես, թե չէ օջախը վառ է։

Թարսինե (շորերը հագնելով) – Ձեր դղյակում հայելի կա՞։

Պառավ – Չէ, գետի ու լճի երեսին նայելով ենք տեսնում մեր դեմքը։

Թարսինե – Երևի վախենո՞ւմ եք հայելուց։

Պառավ – Ի՞նչ մի տեսնելու բան ենք որ… աղչի, հանկարծ չմտածես՝ լուրջ եմ ասում, կատակ արեցի։

Թարսինե – Ինչ լավ է՝ կատակ, ոնց կարդաք, սկզբից վերջ, վերջից սկիզբ՝ նույն իմաստն է։

Պառավ – Երևում է՝ ծիծաղել սիրում ես։ Այստեղ ավելի շատ խնդում են ոչ թե ուրախ, այլ դաժան բաների վրա, դու դա նախապես իմացիր, որ անտեղի չծիծաղես։ Պատրա՞ստ ես, դե, գնանք։

Գլխավոր չար կախարդի գահավորակը անտաշ ու մեծ քարից է, նրա մեջ տեղավորված՝ մի աչքը փակ, մյուսը կիսաբաց Գլխավորը նայում է։

Պառավ – Վսեմաշուք չարագույն գլխավոր, ահա և այն խոհարար աղջիկը։

Գլխավոր – Թող առաջ գա։

Թարսինե – Բարի լույս, գլխավոր ձերդ չարություն։

Գլխավոր – Տարօրինակ լեզվով ես խոսում, ա՛յ աղչի, չլինի՞ ձեր երկրում կեսօրը առավոտ է։

Թարսինե –  Բարի լույս ասում ենք բարի լույս ցանկանալով։

Գլխավոր – Ո՞ւմ եք ցանկանում։

Թարսինե – Մարդկանց, ես նաև՝ բույսերին, կենդանիներին, աշխարհին։

Գլխավոր – Շատ ռոմանտիկ, երազային խոհարար ես, մեր դղյակում բարին ու չարը կռվում են իրար հետ և միշտ հաղթում են չար կախարդները, ինչպես և ձեր երկրում՝ չար մարդիկ։

Թարսինե – Չէ, ի՞նչ եք ասում, հաղթում են…

Պառավ (փսփսալով) – Լեզվիդ մի՛ տուր, աղչի, սա ձեր դղյակը չի, է՜։

Թարսինե – Բայց…

Գլխավոր – Ոչ մի բայց։ Հիմա քեզ առաջադրանք եմ տալիս, տեսնում ես՝ ծերացել եմ և մահս մոտ է, իմ կախարդությունը, մտածում եմ, չի հաղթի մահին, թեպետ շատերին եմ ղրկել մահվան աշխարհ։ Ուրեմն, պիտի եփես մի ճաշ, որ անմահության ուժ և հզորություն տա, հասկացա՞ր։

Թարսինե (մի քիչ մտածկոտ) – Հասկացա, ձերդ չարություն, բայց այդ տեսակի ճաշի համար հարկավոր են…

Գլխավոր – Ի՞նչ։

Թարսինե – Բարի արարքներ, լուսավոր խոսքեր, որոնք մեր երկրում շատ են, կարող եմ գնալ, բերել։

Գլխավոր – Ուզո՞ւմ ես փախչել, ա՛յ քեզ խորամանկ ճստիկ։ Բարի արարքնե՜ր, լուսավոր խոսքե՜ր, չէ մի չէ՝ ծիրանի տորթ, այ աղչի, չհասկացա՞ր ուր ես ընկել, էստեղ չար արարքներն են հաղթում։

Թարսինե – Չի՞ լինի մի օր էլ հակառակը լինի։

Գլխավոր – Էդ դեպքում ես քո ասած ճաշը խժռելով կանմահանա՞մ։

Թարսինե – Հաստատ, իմ տիկնիկն այդպես իմ ճաշն ուտելով մնում է նույն տարիքին։

Գլխավոր – Հետաքրքիր ա, լավ արարք մի օրում ո՞նց, որտե՞ղ և ինչպե՞ս գործեմ, որ վրաս չխնդան։

Թարսինե – Լավ արարքի վրա ո՞վ կխնդա։

Պառավ (փսփսալով) – Աղչի, քիչ խոսի։

Գլխավոր – Իսկ եթե ոչ չար արարք, ոչ բարի՝ նման ճաշը կանմահացնի՞։

Թարսինե – Դա կոչվում է Կես անմահություն, կամ ոչ լրիվ։

Գլխավոր – Մտածել ես տալիս ծեր ու չար կախարդիս, իմացիր, ես սովոր չեմ գլուխս ուռցնելու, օր ծերության գիտնական չեմ դառնա։

Թարսինե – Անմահանալու ճանապարհը և՛ հեշտ է, և՛ դժվար։

Գլխավոր – Ա՛յ մի մատ աղջիկ, դու պառավի պես ես խոսում, էս իմ օգնական պառավը էդքան բան չգիտի։

Պառավ – Ճիշտ եք, գլխավոր ջան, խելքս տվեցի քամիներին։

Գլխավոր – Դե, լավ, ամփոփենք։ Քանի որ ես անցյալում  ոչ մի լավ, մարդկանց մտածելով, ոչ մի լավ արարք չեմ գործել, այսօր էլ դժվար է կերպարանքս  փոխեմ, բայց սկսեմ  առաջին լավ արարքից՝ այս մեծախոս աղջկան չեմ ուտի,  սա կատակ չի,  թող իմ լավ արարքից նա, այսինքն դու, աղջի, ճաշ եփես։

Թարսինե – Դա նույնն է, թե սովապահությամբ ձգտեք անմահության։

Գլխավոր – Ինչ հետաքրքիր բան ասիր, չուտելով, քո ասած՝ սովապահություն, անմահանամ, ուրեմն իզո՞ւր եմ այդքան միս, բույս և այլն կերել։

Թարսինե – Լավ արարքների ճաշը օդի պես առողջարար է։

Պառավ – Գլխավոր չար կախարդ ջան, սա քեզ մահվան դուռը կտանի։

Թարսինե – Ես չգիտեմ դրա տեղը։

Գլխավոր – Կիմանաս, եթե չանմահանամ։

Բացվում են դռները և ոտքերի թաթերի վրա, զգույշ ներս են մտնում Թարսինեին փնտրող զինվորները

Գլխավոր – Սրանք ովքե՞ր են։

Զինվոր – Քո ճաշը եփողները։

Մի քանի սրի հարվածից Գլխավորը ընկնում է։

Պառավ – Ո՞ւր են մեր պահապանները։

Զինվոր – Նրանք իրենց դաժան գործերից հետո խռմփացնում են, ոմանք էլ գնացին էն աշխարհ։ Թարսինե, շտապ, դուրս գնանք։

Մի քանի  զինվոր գրկում են Թարսինեին ու հեռանում ոչ ոտնաթաթերի վրա զգույշ քայլելով։ Չար գլխավոր կախարդը ոչ ևս է։

Լսվում է Պառավի մռթմռթոցը։

Պառավ – Էս ի՞նչ չար երազ էր, հիմա ես ի՞նչ եմ անելու…

3-րդ մաս

Թագավորական դղյակում տոն է։ Թարսինեն արդեն իր ննջարանում է, նա խաղում է իր տիկնիկի հետ։ Թագավորն իր մոտ է կանչել Զորավարին և Կրթության պատասխանատուին։

Թագավոր – Կեցցես, զորավար, դու քո խոսքի տերը եղար, քո զինվորական աստիճանը բարձրացնում եմ երկու աստղով։

Զորավար (ձիգ կեցվածքով) – Ծառայում եմ Ձերդ մեծությանը։

Թագավոր – Թողնել։ Հիմա դու, Կրթության պատասխանատու, վաղն իսկույն ևեթ պիտի զբաղվես Թարսինեի լրջագույն կրթությամբ, այս խոհարարական գործն էր, որ նրան համբավ բերեց ու փախցրեցին։ Զբաղվեք լուրջ գործով, թող նրա տեղը առայժմ ոչ ոք չիմանա, մինչև ամուսնության տարիք։

Կրթ. Պատասխանատու – Կհրավիրեմ տարբեր գիտությունների նշանավոր  ուսուցիչների և մեկ ամսից կտեսնեք նրա առաջընթացը։ Նոր մեթոդով, միասնական ուսուցման եղանակով։

Թագավոր – Տեսնենք, տեսնենք… չմոռանաք կար ու ձևը։

Կրթ. Պատասխանատու – Իհարկե ոչ, այսինքն՝ իհարկե այո։ Ձևն ու բովանդակությունը միշտ իրար հետ։

Թագավոր – Ա՛յ տղա, ես կարելու և ձևելու մասին եմ խոսում, ոչ գրականության։

Կրթ. Պատասխանատու – Իհարկե, այո, իհարկե ոչ՝ գրականության։

Թագավոր – Ի գործ։

Հաջորդ առավոտ դղյակ են մտնում պատվավոր ուսուցիչներ։

Թարսինեի դասերը

Զնգզնգուի երաժշտական ուսումնարանի վաստակավոր երգասաց Սոխակյանը պիտի սկսի առաջին դասը, արքունիքում բոլորը սսկված սպասում են, ճանճի տզզոց էլ չի լսվում։ Դասասենյակում դաշնամուրի նման երաժշտական գործիք է, որից կարող ես լսել միայն հաճելի հնչյուններ։ Ներս են մտնում տիկին Սոխակյանը և Կրթության պատասխանատուն։

Կրթ. Պատասխանատու – Բարի լույս, արքայադուստր Թարսինե, այսօրվանից տիկին Սոխակյանը ձերդ աշակերտուհուն ուսուցանելու է  երգ ու մասամբ էլ՝ պար։ Նա շատ վաստակաշատ ուսուցչուհի է և նրա ուսանողներից շատերն են մասնակցել միջազգային մրցույթների, լսած կլինես՝ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Խաչատր… Չէ, ի՞նչ եմ ժամանակից առաջ ընկնում։ Համենայնդեպս, հույս ունեմ, որ մեր արքայադուստրը կշահի ապագայի որևէ մրցույթի և երգչի անվան մրցանակ, թույլ տվեք գուշակել՝ Ազնավուրի, ասենք այդպես, թող լինի այդպես, ճի՞շտ չէ, տիկին Սոխակյան։

Սոխակյան – Դուք ճշմարիտ գուշակեցիք։ Թույլ տվել ավելացնել Մարիա Կալասի և Գոհար Գասպարյանի անունները, հավատացած եմ, նրանք ևս չեն զիջի սոխակների։ Ապագան փոքրերինն է։

Կրթ. Պատասխանատու – Դասը՝ մեկ ժամ այսօր։ Թարսինեն, թույլ տվեք արքայադստերը անունով դիմել, արվեստը սիրում է պարզություն և ջերմություն։ Ուրեմն, այսօր ունի նաև աշխարհագրության և գրականության դասեր, շատ չծանրաբեռնենք նրան, առանց այդ էլ նա տիրապետում է բազում գիտելիքների, հատկապես՝ խոհարարական։ Դե, առաջ, բարի կրթություն։

Կրթության  պատասխանատուի հեռանալուց հետո տիկին Սոխակյանը երաժշտական գործիքի ստեղներին ցուցամատով զարկելով, ստուգում է Թարսինեի լսողությունը։

Սոխակյան – Ապա, Թարսինե, փորձիր կրկնել այս հնչյունը։

Թարսինե (շփոթված) – Օ՜, օ՜, օ՜…

Սոխակյան (զարմացած) – Թարսինե, ես կարծում եմ բ, բ հնչյունն է։

Թարսինե – Ես պիտի խոստովանեմ, որ ականջներով լսեցի Բ, բայց աչքերով՝ Օ՜, իսկ քթով՝ Ծ, բայց աչքերիս եմ հավատում։

Սոխակյան – Մի՞թե քո ամբողջ մարմինն է արձագանքում։

Թարսինե – Ճիշտ, ավելի տշիճ՝ այդպես, ես բառերը հակառակն եմ տեսնում աչքերով, մեջտեղից՝ քթով, իսկ սկզբից՝ ականջներով, և ավելին՝ տարբեր լեզուներ եմ միանգամից զգում և երբեմն ասում լեզվով։ Սա կոչվում է Թարսինեի լեզու։

Սոխակյան (հոգոց հանելով) – Շատ դժվար է լինելու լեզվի և գրականության դասերը։

Թարսինե – Ես կհեշտացնեմ։ Իսկ հիմա ուզո՞ւմ եք լսել իմ հորինած երգը։

Սոխակյան – Բայց դու դեռ նոտա չգիտես։

Թարսինե – Թռչուններն էլ, սոխակներն էլ չգիտեն, հարգելի տիկին Սոխակյան։

Սոխակյան – Լսենք։

Թարսինե – Առանց նվագակցության։

Սոխակյան – Ձեր կամքն է։

Թարսինե (ձգված կեցվածքով) – Օ՜, բ՜, դ՜, զ՜, ծ՜, շ՜, բ՜, ջ՜, ջ՜, ջ՜…

Սոխակյան (ականջները փակելով) – Խղճա ինձ, Թարսինե, դա այբուբենի  արտասանություն է, բայց շատ ցաք ու ցրիվ։

Թարսինե – Ես ամեն ինչ երգի եմ վերածում։

Սոխակյան – Մենք իրար հետ պիտի ջանանք դասական արվեստի գաղտնիքներն ըմբռնել։

Թարսինե – Ես ավելի ձգտում եմ բնությանը մերձենալ, օրինակ, իմ ճաշերի մեջ հրաշալի համ էին տալիս վայրի դաղձն ու կանաչ սոխը, սինձն ու ավելուկը։

Սոխակյան (գլուխը բռնելով) – Մենք, համաձայն եմ, պիտի ներդաշնակենք բնության և արվեստի դասերը։

Թարսինե – Ինչ լավ կլիներ, որ երգի մեջ, հատկապես պատանիների, դինոզավրի ձայն լսվեր ու սիրային թախիծ։

Սոխակյան – Թարսինե, ժամն ավարտվում է, եկ ամփոփենք։ Դու պիտի քո մարմնի լսող, զգացող օրգանների մեջ կենտրոնանաս հատկապես ականջների լսածի և բերանով վերարտադրելու՝ քեզ համար հեշտ գործողության վրա։ Դու շատ ընդունակ ես երևում և պրպտող միտք ունես, հատկապես հակառակ մտածելիս, պիտի պատրաստվենք աշխարհի բեմերը նվաճելու։

Թարսինե – Ես հիմա էլ պատրաստ եմ սիրով նվաճելու, այ, ասենք, Լոնդոնի Քովենթ Գարդենում եմ, կա, չէ՞, նման համերգասրահ։

Սոխակյան – Իհարկե, նշանավոր։

Թարսինե – Թող լսեն լոնդոնցիները։ (Պաուզա)։ Հե՜յ, հե՜յ, Կախարդստա՜ն, դու չկերար իմ ճաշը բարի արարքների, թող սպանված գլխավոր չար կախարդը ինձ ների…

Սոխակյան – Պրծա՞վ։

Թարսինե – Այո, այսքանն եմ հորինել։ Բայց կախարդի գլուխը խակ էր, երգի մեջ կախարդը պիտի հնչեր՝ դրախակ, բայց չգիտես ինչու հուզվեցի ու բաց թողեցի, կներեք։

Սոխակյան – Առանց դրա էլ, ով լսեր երգը, կդրակախվեր։

Արքունիքում բոլորը վեր-վեր էին ցատկում, լսել էին Թարսինեի երգը և ոտքերի դոփդոփյունը, որ ընկալվել էր որպես պար։ Զնգզնգուի տարածքում տոն էր, իսկ հարևան երկրներում մտածեցին, թե Զնգզնգուի  զինատեսակներում հայտնվել է նոր զինատեսակ՝ ձայնային  ալիքների տեսքով։ Նրանց թագավորները գոչգոչում էին.

– Ինչպե՞ս դիմանալ էդ ահեղ ամպրոպին…

– Ի՜նչ թնդյուն։

– Սարսափելի կախարդանք։

– Անսպասելի  հարված լսողության թաղանթին։

– Ո՞նց ենք դիմանալու…

Այս դասից հետո տիկին Սոխակյանը նայեց հայելու մեջ։

Սոխակյան – Մի փունջ մազ սպիտակեց։ Ինձ երկարատև հանգիստ է անհրաժեշտ։

Կրթ. Պատասխանատու – Ամեն աղջիկ հարկ է, որ երգի ու պարի գոնե Թարսինեի նման, իսկ ամեն ուսուցիչ առողջարան գնալու ուղեգիր ստանա անվճար։ Տիկին Սոխակյան, նման երկու դասից հետո դուք պատրաստեք ձեր իրերն ու ճամպրուկը։

Սոխակյան – Եվս երկո՞ւ դաս…

Կրթ. Պատասխանատու – Թարսինեն ձայն ունի, դա անժխտելի է, մնում է բեմական կեցվածք մշակեք։

Սոխակյան – Այդ ընթացքում իմ կեցվածքը լրիվ կմաշվի… (Բայց ժպտաց:) Արվեստը զոհեր է պահանջում։

Կրթ. Պատասխանատու – Ձեզ նման ինքնազոհերի կարիք  ունենք։

Սոխակյան – Շնորհակալ եմ, գնամ ճամպրուկ գնեմ։

Կրթ. Պատասխանատու – Անպայման, լավագույն առողջարան։

4-րդ մաս

Թարսինեի աշխարհագրական կրթությունը զարգացնելու համար հրավիրվել է երևելի պրոֆեսոր Ծովագետյանը։ Նա սպիտակամազ է և տեղ-տեղ՝ ճաղատ։ Սակայն մինչև Ծովագետյանի լսարան մտնելը, նրան ընկերացավ Հեքիաթասացը, որն այս հեքիաթի սկզբում խոստացել էր ևս երկու անգամ հայտնվել այս թատերախաղի ընթացքում, և Ծովագետյանին ասաց.

Հեքիաթասաց – Հեղինակային խոսքը ես կներկայացնեմ, իսկ դասը դուք վարեք, կարծում եմ, այսպես ավելի հետաքրքիր կլինի և այս հեքիաթի հեղինակն էլ չի նեղանա։

Ծովագետյան – Սիրով, սիրելի Հեքիաթասաց, ես Ձեզ հիշում եմ վաղ մանկությունից, հեռուստատեսությամբ Գյուլնազ տատի պատմած հեքիաթներում դուք տողատակերում էիք, ինչպես գրողներն են սիրում ասել՝ ենթատեքստում։

Հեքիաթասաց – Դուք ճշմարիտ եք, ես հեռուստացույցից առաջ էլ եմ եղել, երազներում, երևակայական աշխարհում, ինչ գյուտ արվում է, դա արդեն հեքիաթների վերարտադրություն է, ինչպես օրինակ՝ թռչող գորգ – ինքնաթիռ, հասկացաք, չէ՞։

Ծովագետյան – Իհարկե, ինչքան չլինի՝ պրոֆեսոր եմ։ Հարգելի Հեքիաթասաց, չմոռանանք դասը։

Հեքիաթասաց – Ծերացել եմ, խելքս, հիշողությունս խամրել է, բայց աշխարհագրության դասը տեղը տեղին պատմելու եմ։ Դուք էլ ձեր դերը լավ խաղացեք, ո՞ւր է ձեր ակնոցը։

Ծովագետյան – Վա՛յ, իսկապես, մոռացել եմ։ Տուն գնամ, բերեմ։

Հեքիաթասաց – Ձեզ կարդալու բան չկա, ես լրիվ կպատմեմ։

Մտնում են լսարան և ողջունում Թարսինեին, Թարսինեն էլ՝ նրանց։ Հեքիաթասացը նստում է աթոռին և պատմում «Թարսինեն շրջում է աշխարհը» դասը։

«ԹԱՐՍԻՆԵՆ ՇՐՋՈՒՄ է ԱՇԽԱՐՀԸ»

Հեքիաթասաց – Երաժշտության և պարի դասերից Թարսինեն սովորեց մտածել, այսինքն՝ մինչ այդ էլ նա մտածում էր, բայց ցաքուցրիվ, միտքը թռչկոտում էր անկազմակերպ, ինչպես իր պարն ու երգն էին, իսկ հիմա նա մտածում է բանաձևված, օրինակ՝ աշխարհում ամեն արարած պարում է ու երգում, թռչնի ճախրը յուրահատուկ պար է, նրա ճռվողյունը՝ երգ, կան արարածներ, որոնց երգն ու պարը ոչ լսում ենք, ոչ տեսնում, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց արվեստը չունեն, որ ճիշտն ասենք, դա արվեստ չէ, բնական արտահայտություն է և որքան բնական, այնքան անկեղծ ու դյութիչ։

Պարոն Ծովագետյանը քարտեզը կախեց գրատախտակի մեխից ու ասաց.

– Թարսինե, աշխարհը կլոր է, ավելի ստույգ՝ ձվաձև։

Աղջիկը մտածեց. «Եթե ձվաձև է, ուրեմն օգտակար է տիկին Սոխակյանի ձայնալարերի համար», բայց բարձրա­ձայն ասաց.

– Ձվի դեղնուցը կլոր է, սպիտակուցն ու կճեպը ձվաձև, ուրեմն երկրագունդը և կլորություն ունի, և ձվաձևություն, պետք է սեփական փորձով ճանաչել աշխարհը։

Պարոն Ծովագետյանին դուր եկավ Թարսինեի պրպտող միտքն ու ասաց.

– Մինչև ճանաչելը, պիտի նաև նախնական գիտելիքներ կուտակել, քանզի շատ խոչ ու խութեր և անթիվ ձոր ու ծովեր և լեռ ու տափաստաններ կան, որոնց անունն անգամ դեռևս անծանոթ է մարդկանց, որովհետև Երկրագունդը պտտվելով հղկվում է ու ամեն վայրկյան ինչ որ բան կորցնում։

– Եթերին է բաշխում,– ասաց Թարսինեն։

– Այո, եթերն էլ աշխարհագրության մասն է,– ժպտաց Ծովագետյանը,– իսկ հիմա անցնենք դասին։

– Բա մինչ այս դաս չէ՞ր,– հարցրեց Թարսինեն,– ես իմացա, որ երկրագունդը ձվաձև է, պտտվում է։

– Ճիշտ ես, Թարսինե, բայց դա դաս չէր, որովհետև զանգը չէր հնչել,– և գրպանից հանեց մետաղյա փոքրիկ զանգն ու ծնգծնգացրեց։

Թարսինեն զանգի ձայնից նեղսրտեց, նա նախորդ՝ երգ ու պարի դասերին չէր լսել ոչ մի զանգաձայն։

Ծովագետյանը պահանջեց, որ Թարսինեն ձեռքերը ետ նստի։

Դա շատ տհաճ էր, բայց արքայադուստրը ենթարկվեց ու միանգամից վեր թռչելով ասաց.

– Դուք ճնշում եք ինձ, ես սովոր եմ ազատ ուսուցման։

Ծովագետյանի գլխից մի փունջ սպիտակ մազ դուրս թռավ բաց պատուհանից և արևը պեծին տվեց պոկված մազափնջի տեղում։

– Լավ, ինչպես կուզեք, նստեք ազատ,– ասաց ուսուցիչը և շարունակեց,– քարտեզի կանաչ գույնը դաշտերն են, շագանակագույները՝ լեռները, կապույտը՝ ծովերը, գետերը օվկիանոսները, իսկ դեղինները՝ անապատ, ավազուտներ։

Թարսինեն նստած իբր լսում էր, բայց նրա միտքը ճախրեց ու կանգնեց իրենց դղյակի գետափին ու իր նման, այսինքն Թարսինեի, ետ-ետ քայլելով գնաց գետափով, կտրեց գետը, հասավ հարևան երկրի դաշտերը, մյուս երկրների լեռները, ավելի հեռավոր թագավորությունների անապատները և քիչ էր մնում ընկնի մի խոր ձոր, դա անտեսանելի վհուկի թակարդն էր, սակայն Թարսինեի շրջազգեստի փեշերը բացվեցին և նա պարաշյուտի պես սահեց օդի միջով, հասավ ձորի պռնկին ու էլի ետ-ետ քայլելով կտրեց դաշտեր, տափաստաններ։ Ամենահեշտն օվկիանով գնալն էր, շրջազգեստը փքվեց, Թարսինեն լոտոսի պես թառեց ալիքների վրա ու համընթաց քամին նրան հասցրեց շատ հեռու մի տափաստան։ Դասը դեռ չէր ավարտվել, երբ միտքը վերադարձավ ու Թարսինեն ասաց.

– Պարոն Ծովագետյան, իսկապես, երկրագունդը ձվաձև է և միջուկը կլոր, ես նոր, հենց նոր համոզվեցի, շրջելով աշխարհը, ընդ որում՝ ետ-ետ, տարբերություն չկա՝ առաջ-առաջ քայլել, թե՝ ետ-ետ, միևնույնն է, վերադառնում ես նույն տեղը։

Ծովագետյանի գլխից ևս մի մազափունջ հեռացավ ծածանվելով, և ուսուցիչը կավիճն ու ցուցափայտը դնելով սեղանին, փնչաց.

– Դուք ինձ առողջարան չեք ուղարկի, արքայադուստր, դուք ինձ գժանոց կգցեք,– ու դուրս ելավ դասասենյակից, ուր Թարսինեի խաղասենյակն էր։

«Անկախ, ազատ մտածելը միշտ չէ, որ խրախուսվում է, այն էլ պրոֆեսորների կողմից»,– բանաձևեց Թարսինեն և երգեց.

Լինել թռչուն և ոչ աղջիկ,

Նույնիսկ արքայադուստր։

Լինել մի ծիտ, լինել չղջիկ…

Այստեղ երգն ավարտեց, չգտավ «արքայադուստրը» բառին համապատասխան հանգ ու մտածեց, «ավելի լավ է պարեմ»։

Նա քամու, շնկշնկան քամու պես պարեց, որ փոշի չբարձրանա։

Թագավորն ու թագուհին երեկոյան հարցրեցին.

– Թարսինե, ո՞նց էր դասը։

– Հրաշալի,– ասաց Թարսինեն,– շատ բարի ուսուցիչ է։

Ծովագետյանն այլևս չվերադարձավ, նա անկողին էր ընկել ու անվերջ կրկնում էր.

Լավ է քայլել ետ-ետ,

Քան լինել աշխարհագետ։

Փառք տանք Աստծուն, թագավորը մի բարձր թոշակ նշանակեց և աշխարհագետն ապրեց Սոխակյանից երկար ու ապահով և նրա միակ ցանկությունն էր տպագրել երկտողը.

Լավ է քայլել ետ-ետ,

Քան լինել աշխարհագետ։

Այդ ցանկությունն էլ թագավորը կատարեց և հրատարակ­ված երկտողը, շքեղ կազմի մեջ, արժանացավ թագա­վորության մեծ մրցանակին։

Իհարկե, փոխվել էր երկտողի առաջին տողի վերջին բառերը «ետետ»ը փոխարինվել էր «առաջառաջ»ով. քանզի թագավորությունում անպատիվ էր համարվում ետետ ընթանալը, դա հետընթացի նշան էր և բացասական ստվեր էր գցում արքայության վրա, իսկ երկրորդ տողի «աշ­խարհագետ» բառը հանուն հանգի փախարինվեց «Լալահա­ռաչ» բառով և ստացվեց լավատեսությամբ տոգորված ժողովածու.

Լավ է քայլել առաջ-առաջ,

Քան լինել լալահառաչ։

Իսկապես մեծ մրցանակի արժանի։

Թարսինեն այս գրքի մասին ուներ իր հատուկ կարծիքը. «Թագավորը, ինչքան էլ որ հայրս է, չպետք է գրաքննիչի դեր ստանձնի, ինչպես ստեղծվել էր, այդպես էլ պիտի հրատարակվեր երկտողը, հատկապես մեծ սխալ էր համարում «ետ-ետ» արտահայտության փոխարինումը «առաջ-առաջ»-ով, որովհետև ոնց էլ գնաս, նույն տեղն ես վերադառնում՝ աշխարհը ձվաձև է, ներսում՝ կլոր, իսկ բանաստեղծությունը պիտի ճշմարիտ, անկեղծ և բնական արձանագրի երևույթ­ները։

5-րդ մաս

Թագավորն ու թագուհին իբր դպրոցական ծնողական ժողով են անում։ Թագավորն իրեն ուսուցչի տեղ դրած խոսում է Թարսինեի առաջադիմության մասին։

Թագավոր – Սիրելի Թարսինեի մայրիկ, որքան գիտեմ՝ դուք ազնվական ցեղից եք և ձեր հոգին կպղտորվի, որ լսեք՝ ձեր դստրիկը հերթով հոգեկան հիվանդության է հասցնում իր ուսուցիչներին, անգամ պրոֆեսոր Ծովագետյանին։

Թագուհի – Կներեք, կներեք, հարգելի ուսուցիչ, իմ Թարսինեն շատ արագ է առաջադիմում գիտության մեջ, գուցե ուսուցիչները չեն հասցնում նրան կերակրել նոր գիտելիքներով, ախր, մեր դարն ու մեր աղջիկը ուրիշ են։

Թագավոր – Այո, տիկին, դարը մեզ ոտատակ տալով գնում է, բայց, ախր, ձեր աղջիկն էլ պակաս սմբակի տակ չի գցում իր խեղճ ուսուցիչներին, այ, ես նրան շատ ուշադիր, զգույշ փորձեցի գրականության գաղտնիքներին մերձեցնել «Ծիտիկ» ոտանավորի վերլուծությամբ, իսկ նա ինձ՝ Հատորիկյանիս, ասում է…

Թագուհի – Մի լավ բան ասած կլինի։

Թագավոր – Ես կասեի՝ մի թարս բան… Ասենք՝ պարոն Հատորիկյան, ես՝ Թարսինես, սիրում եմ լսել այնպիսի թռչուների ու կենդանիների մասին, որոնց անունը հակառակ կարդալիս գումարը չի փոխվում..

Թագուհի – Այսինքն ո՞նց։

Թագավոր – Ուշադիր լսեք, ձեր աղջիկը ձեր նման երևի (աչքով է անում Թագուհուն) հակառակն է սիրում անել, ասել, վիճել, և տեսեք ինչ է ասում, ասում է օրինակ՝ ջրարջ։ Ետևից կամ առաջից կարդաք՝ նույն անունն է, բա՜։

Թագուհի – Հանճարեղ է, հանճար է աղջիկս, ամեն դասատու չի հասկանա, կգժվի։

Թագավոր – Այդ հարցում ճիշտ եք։ Մեկ ժամ մտածեցի և այլ կենդանու կամ թռչնի նման անուն չկարողացա հիշել, ամբողջ դասարանը, այսինքն՝ Թարսինեն վրաս ծիծաղեց։

Թագուհի – Իմ վրա էլ կծիծաղեր, հետո ի՞նչ ասաց։

Թագավոր – Հետո էլ կազմեց այնպիսի նախադասություն, պատկերացնո՞ւմ  եք, մի ողջ նախադասություն, որ սկզբից և վերջից կարդալով ստանում ենք նույն իմաստը։

Թագուհի – Որ ասում եմ՝ հանճար է…

Թագավոր – Համբերեք, լսեք նախադասությունը՝ «Արա, սուս արա»։ Նա արտասանում է առանց ստորակետի, միայն վերջակետն է հարգում, տարօրինակ է, ասում է՝ առանց վերջակետի նախադասությունը չզարդարված տոնածառի է նման։

Թագուհի – Հետո՜, հետո՜…

Թագավոր – Նա շտապ մի նախադասություն էլ կրակեց ճակատիս՝ «Ջրարջ պարապ ջրարջ»։

Թագուհի – Ուշքս զարմանքից կգնա։

Թագավոր – Եվ այս համարյա ողբերգական վիճակից դեռ դուրս չեկած՝ լսում եմ՝ «կատակ արա կատակ»։

Թագուհի – Ներեք նրան, ես էլ կազմեցի մի նախադասություն՝ խոզ ահա զոխ։

Թագավոր – Իսկը ձեր կտորն է։ Բայց ձեր աղջիկն ավելի  առաջ է գնացել, նա կազմեց մի այնպիսի նախադասություն, որ սկզբից կարդալով մի իմաստ եք հասկանում, իսկ վերջից՝ լրիվ այլ։

Թագուհի – Տեր Աստված, ես էլ կգժվեի։

Թագավոր – Տիկին, համբերություն ունեցեք, սա ծնողական ժողով է, և ձեր դեմ տանջված պարոն Հատորիկյանն է և նա լսել է ձեր Թարսինեի այս դարակազմիկ նախադասությունը՝ «Վան ահա շուն»։

Թագուհի – Ճիշտ է, սկզբից և վերջից տարբեր իմաստություններ… Թարսինեն փիլիսոփա է։

Թագավոր – Ծակ փիլիսոփան էշ է լինում։

Թագուհի – Պարոն Հատորիկյան, խնդրում եմ չդիպչեք դստրիկիս ինքնասիրությանը, ես կդիմեմ միջազգային դատարան։ Նման  աղջիկ ունենայիք, գլխկոնծի կտայիք։

Թագավոր – Լավ, լավ, տիկին, գլխկոնծի որ տամ, թագը գլուխս կջարդի, տիկին Թագուհի, կատակ արա կատակ։

Թագուհի – Դուք հումորի մեծ պաշար ունեք, պարոն Հատորիկյան, բայց զբաղվեցիք գրագողությամբ, աղջկաս հեղինակային իրավունքը պաշտպանված է, մոռացա, ո՞նց մոռացա, թե որ քաղաքի անունով է օրենքը, երևի Բոլոնյան կամ ասելք՝ Տիզբոնի։

Թագավոր – Սա դեռ քիչ է ինձ, տիկին, մի օր ի՞նչ տեսնեմ, դասի ժամին ինչ-որ ձմերուկներ են գլորվում  դեպի ինձ։

Թագուհի – Ձմերո՞ւկ, ես նրան կտրտած եմ տալիս։

Թագավոր – Ուրեմն հետո Թարսինեն խոստովանեց, որ հորինել է մի բանաձև, ըստ որի յուրաքանչյուր շերտաձի, այսինքն՝ զեբր, միայնակ հաղթում է ձմերուկներին, բայց ձմերուկների հսկա բուրգը հաղթում է զեբրերի, պատկերացնո՞ւմ եք։

Թագուհի – Գլուխս չի մտնում։

Թագավոր – Իմն էլ: Հաղթում է, այսինքն՝ ձմերուկների բուրգը հաղթում է զեբրերի երամակին։ Դե, արի ու մի՛ խենթացիր, և այդ ձմերուկների բուրգը գալիս է ինձ վրա այնպիսի թափով, որ զեբր չէ, թագավոր էլ չի դիմանա։

Թագուհի – Բայց ախր դասարանում ի՞նչ ձմերուկ, ի՞նչ զեբր։

Թագավոր – Դա նրա երևակայության գյուտն է, որ կենդանի դրսևորվում է, դրա համար էլ համարվում է գյուտ, հայտնագործություն։

Թագուհի – Իսկ հետո ի՞նչ ասաց գիտնականս։

Թագավոր – Նա ցանկանում է, պատկերացնո՞ւմ եք…

Թագուհի – Էլ խելք մնա՞ց։

Թագավոր – Ցանկանում է իմաստությունները հավասարաչափ բաժանել թագավորության բոլոր բնակիչներին։

Թագուհի – Ա՛յ քեզ փորձանք, աշխատելու տեղ՝ մտածե՞ն, զբաղվեն դատարկ դատողությամբ։

Թագավոր – Բա՜, հետո ասում եք՝ դիմացեք… Խեղճ ուսուցիչներ։

Թագուհի – Մտնում եմ ձեր դրության մեջ, պարոն Հատորիկյան, ես նրա հետ առանձին կխոսեմ։

Թագավոր – Իսկ հիմա ժողովն ավարտվեց, այլևս ես Հատորիկյան չեմ, բայց դու Թարսինեի մայրն ես, պարտավոր ես նրան ընթրիքի կանչել։ Գնացինք։

6-րդ մաս

Ընթրիքի ժամանակ Թարսինեն մինչև խմորեղեն ուտելն ու թեյ խմելը հայտարարեց

Թասինե – Գրել եմ մի բան, չգիտեմ՝ ինչ։

Հանկարծ հայտնված թատերագետներ –  Դա հաստատ պիես է հրաշամանուկի։

                    –  Չէ, դա թատերերգություն է։

            –  Ընկերներ, դա ժողովրդական բանահյուսական թամաշա է։

            –  Մի վիրավորեք Թարսինեին, դա համաժողովրդական Վարդավառ է։

            –  Դա, դա… դեռ չգտնված սցենար է։

            –  Դա վերջապես պիտի շտապ բեմադրել։

Թարսինեն կարդում է պիեսը.

ԹԱՏՐՈՆԸ ՍԿՍՎՈՒՄ է ԿԱԽԻՉԻՑ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐ

ՀԱՆԴԵՐՁԱՊԱՀ — ԱՐՈՒՍ

ԹԱԳԱՎՈՐ

ԹԱԳՈՒՀԻ

ՄՈՐԹԵ ՎԵՐԱՐԿՈՒ

ԹԻԿՆՈՑՆԵՐ

ՀՈՎԱՆՈՑՆԵՐ

ՄԻ ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ

ՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐ

ԳԼԽԱՐԿՆԵՐ

Թատրոնի սպասասրահում հանդերձարանի մոտ հերթ է։

Միայն մի հանդերձապահ է աշխատում։ Մեծ աղմուկ է։

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Տիկին, դուք դանդաղ եք աշխատում, ուր որ է կսկսվի ներկայացումը։

ԱՐՈՒՍ – Նախ՝ ես տիկին չեմ և պիտի ասեմ, որ ներկայա­ցումն արդեն սկսվել է։

1-ԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Ո՞նց։

2-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ  — Ինչպե՞ս։

3-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Ախր, սա հանդարձարան է։

4-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Օրիորդ, դուք ձեռ եք առնում։

ԱՐՈՒՍ — Հանդարտվեք, սիրելիներս, ես օրիորդ չեմ, սպիտակ մազերիցս ամաչեք, այո, իսկապես, ներկայացումս սկսվել է, և ես եմ բեմադրիչը, այսօր հագուստների թատրոն է, նրանք են խաղալու, իսկ դուք պիտի կախվեք նրանց փոխարեն։

1-ԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Սա ի՞նչ փորձանք է, եկել ենք «Համլետ» դիտելու, իսկ մեզ ասում են՝ կախվեք, անամոթություն։

2-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օրիորդ-տիկին, դուք հո սուլթան Համիդը չե՞ք, կախում եք։

ԱՐՈՒՍ — Նորից եմ կրկնում, փոխվել է ներկայացումը, Համլետի դերասանը հիվանդ է խոզուկով, փոխվել է, հագուստների ներկայացում է այսօր։

3-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Դուք էլ բեմադրի՞չն եք։

ԱՐՈՒՍ — Այո, քանի անգամ ասեմ, ձեզ շատ հարմար կկախեմ, չեք տրտնջա, խուտուտ կտամ, կխնդաք, ասենք, բեմադրությունն էլ կատակերգություն է։

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐ — Մենք չենք կախվի, մենք եկել ենք հոգևոր սնունդ ստանանք, իսկ դուք…

ԱՐՈՒՍ — Կախվածները ձեզնից վատ չէին, նրանցից շատերն անմեղ էին, իսկ դուք բավական մեղքեր եք գործել (ժպտում է), ուզո՞ւմ եք թվարկեմ, բեմադրությունը մի վերածեք ողբերգության, շուտ հանվեք, թող շորերը գնան դահլիճ։

4-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Լրի՞վ ենք մերկանալու: (Քմծիծաղում է:)

ԱՐՈՒՍ — Ոչ, ոչ, մասամբ, մինչև գոտկատեղը։

1-ԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ (ժպտալով) — Ներքևի՞ց, թե՞ վերևից։

ԱՐՈՒՍ — Ինչպես կուզեք, կամքը ձերն է, մեր թատրոնը ազատության վայր է։

2-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Կախվելու ազատության։

3-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Շորերի ազատության։

1-ԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Ո՞ւր է թատրոնի տնօրենը։ Մենք բողոքում ենք։

ԱՐՈՒՍ (անվրդով) — Ես եմ տնօրեն-բեմադրիչը, սա միացյալ հաստիք է ըստ վերջին հրամանի։ Խնդրում եմ հանվել։

4-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Սա խայտառակություն է օրը ցերեկով։

ԱՐՈՒՍ — Տիկին, հիմա երեկո է, իսկ երբ մթնում է, ամեն ինչ սպասելի է։

4-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ (դիմելով ամուսնուն) — Իսկ դու ինչ ես բերանդ ջուր առել, կնոջդ մերկացնում կախում են, քո վեջն էլ չէ։

5-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ (ամուսին) — Հանդերձապահը հումոր է անում, լուրջ մի ընդունիր։

ԱՐՈՒՍ — Պարոն, ես չեմ կատակում, չե՞ք ուզում՝ հեռացեք, մենք կվճարենք տոմսի արժեքը։

Սպասասրահ են մտնում հաղթանդամ երիտասարդներ, նրանց գոտիների տակ ատրճանակներ են։

1-ԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Ճանապարհ բացեք, արագ, թագավորն է գալիս։

Հանդիսատեսները սեղմվում են սրահի պատերին։

Ներս է մտնում թագավորը։ Լռություն է։

ԹԱԳԱՎՈՐ (բարձր ձայնով) — Ողջույն թատերասեր հասարակությանը։

ԹԱԳՈՒՀԻ (ցածր ձայնով) — Այ մարդ, հազար եմ ասել՝ հասարակայնություն։

ԹԱԳԱՎՈՐ (խիստ ձայնով) — Մեկ է։

ՀԱՆԴԻԱԱՏԵԱՆԵՐ — Ողջույն թագավորին ու թագուհուն, ողջույն։

Թագավորն ու Թագուհին մոտենում են հանդերձարանին։

ԹԱԳԱՎՈՐ — Այստե՞ղ ենք հանվելու, տիկին։

ԱՐՈՒՍ — Թագավորն ապրած կենա, ես տիկին չեմ, այո, այստեղ եք հանվելու։

ԹԱԳՈՒՀԻ — Օրիորդ, իմ մուշտակը օղակ չունի, զգույշ կախեք։

ԱՐՈՒՍ — Սիրելի թագուհի, ես օրիորդ չեմ, ոչինչ, որ մուշտակը օղակ չունի, այսօր հանդիսատեսներն են կախվելու իրենց հագուստների փոխարեն, հագուստները պիտի լինեն հանդիսատես, այսօր «Համլետ» ներկայացումը չի կայանա, նոր պիես է նրա փոխարեն։

ԹԱԳՈՒՀԻ — Ամեն ինչ փոխվել է, իսկ ինչո՞ւ մեզ չեն տեղեկացրել, ո՞ւր է բեմադրիչը։

ԱՐՈՒՍ — Ես եմ, թագուհի, և՛ բեմադրիչ, և՛ տնօրեն, և՛ հանդերձապահ։

ԹԱԳՈՒՀԻ — Սա իսկապես նոր թամաշա է։ (Շշնջում է թագավորի ականջին:) Պատժենք այս խելառ պառավին։

ԹԱԳԱՎՈՐ – Օրիորդ կամ տիկին, կամ չգիտեմ ինչ, ի՞նչ եք հրամայում։

ԱՐՈ1Ս — Չեմ հրամայում, խնդրում եմ հանվեք, թող մուշտակը գնա դահլիճ, իսկ դուք նրա տեղակ հարմարվեք կախիչին։

ԹԱԳԱՎՈՐ – Այսինքն՝ կախվե՞նք։

ԱՐՈՒՍ — Այդպես է պահանջում պիեսը։

ԹԱԳՈՒՀԻ — Թքել եմ պահանջի վրա, պիեսն ո՞վ է, որ թագավորից պահանջի, այդ մենք ենք երկրի տեր ու տիրականը, խելքդ գլուխդ հավաքիր, օրիորդ-տիկին…

ԹԱԳԱՎՈՐ (կամաց) — Մի զայրացիր, աղավնյակս, ժողո­վուրդը լսում է։

ԱՐՈՒՍ — Այո, նրանք էլ են հանվելու ըստ պիեսի պահանջի, նրանք էլ են կախվելու։

ԹԱԳՈՒՀԻ (ճչալով) — Մի սրան տեսեք, մեզ է կախում։ (Փորձում է քաշել Արուսի մազերից, Արուսը խուսափում է:)

ԹԱԳԱՎՈՐ — Զսպիր հույզերդ, աղավնյակս, այս տիկին-օրիորդը մեղք չունի, պիեսի հեղինակին պիտի հասկանա, եթե նա այդպես է հորինել, ուրեմն պիտի հարգենք արվեստի գործը, չէ՞ որ արվեստը զոհեր է պահանջում։

ԹԱԳՈՒՀԻ — Մենք էլ զոհե՞րն ենք։

ԹԱԳԱՎՈՐ — Այո, «Համլետում» մեր նմաններն են զոհվում, Շեքսպիրն է ցանկացել, նա մեծ դրամատուրգ է, այդպես չէ՞։

ԱՐՈՒՍ — Իհարկե, Ձերդ մեծություն, նա շատ է զոհում, ամեն թատերախաղի մեջ՝ տասնյակ զոհ, սպանություն, ողբերգական դեպքեր, բայց մեր այսօրվա բեմադրությունը կատարեգություն է, Ձերդ մեծություն։

ԹԱԳՈՒՀԻ — Իհարկե, կատակերգություն է՝ կախել թագա­վորին ու թագուհուն, այն էլ հանդերձարանի կախիչներից։

ԹԱԳԱՎՈՐ– Դեռ լավ է, որ կախիչից, թե չէ… (Ժպտում է:)

ԹԱԳՈՒՀԻ — Սա էր պակաս, օրը փչացրեց այս տիկին-օրիորդը։ Գնանք։ (Շրջվում է դռան կողմը)։

ԹԱԳԱՎՈՐ — Չէ, ինչու շտապել, գուցե լավ ներկայացում է, հագուստները՝ դերակատար։

ԱՐՈՒՍ – Ձերդ մեծություն, հրաշալի նոր բեմադրություն է, չեք ափսոսա։

ԹԱԳՈՒՀԻ – Աղջի, տիկին-օրիորդ, խելքդ գլուխդ հավաքի, թե չէ… (Փորձում է բռնել նրա մազերից, Արուսը խուսափում է, թիկնապահները մոտ են գալիս)։

ԹԱԳԱՎՈՐ — Հեռացեք, չէ, չէ, տիկին-օրիորդ, գուցե նրա՞նք էլ հանվեն։

ԱՐՈՒՍ — Լավ կլինի, թիկնապահի շորեր չկան պիեսում, բայց կարելի է հընթացս ավելացնել մի դրվագ, մեր ներկայացումը առաձգական է, կարող եք Դուք էլ, Ձերդ մեծություն, մի բան ներմուծել։

ԹԱԳԱՎՈՐ (ուրախանալով) — Իսկապե՞ս, կարո՞ղ է իմ մուշտակն արտասանել կամ պար գալ։

ԱՐՈՒՍ — Ինչպես ցանկանաք, ինչպես մուշտակը ցան­կանա։

ԹԱԳԱՎՈՐ – Շատ հետաքրքիր է։

ԹԱԳՈՒՀԻ – Ի՞նչն է հետաքրքիր։

ԹԱԳԱՎՈՐ – Առաձգականը, ձգում ես ու ձգում։

ԹԱԳՈՒՀԻ (կամաց) — Տրուսիկի ռեզի՞ն է, թե՞ պիես։

ԹԱԳԱՎՈՐ — Կիրթ խոսիր, թագուհի, սա մշակութային օջախ է։

ԹԱԳՈՒՀԻ — Որ հանվացնում, կախում են, դա՞ է կիրթը։

ԹԱԳԱՎՈՐ — Բայց սա ներկայացում է, աղավնյակս, կյանքն էլ մի խաղ է, կարծեմ Շեքսպիրն է ասել։

ԱՐՈՒՍ — Իմ պապն էլ էր ասում, օղորմի նրան։

ԹԱԳԱՎՈՐ — Օղորմի, կարծես նա երկար ապրեց։

ԱՐՈՒՍ — 95 տարի։

ԹԱԳՈՒՀԻ — Օղորմի, նա իմ հոր ուսուցիչն էր։ (Սկսեց արտասվել:) Հայր իմ, հայր։

ԱՐՈՒՍ (արտասվելով) — Հայր իմ, ուսուցիչ։

ԹԱԳԱՎՈՐ — Կանանց սիրտը փուխր է, հանգստացիր, աղավնյակս, հանգստացիր տիկին-օրիորդ։

Կանայք կտրում են իրենց լացը։

ԱՐՈՒՍ – Թագուհի, չգիտեի, որ իմ հայրը ձեր հոր ուսուցիչն է եղել, նա շատ էր սիրում ծառ-ծաղիկ։

ԹԱԳՈՒՀԻ — Այո, նա լավ այգեպան էր։

ԹԱԳԱՎՈՐ — Ուրեմն՝ և՛ ուսուցիչ, և՛ այգեպան։

ԱՐՈՒՍ — Այո, նա նաև աշուղ էր։

ԹԱԳՈՒՀԻ — Շատ քաղցր ձայն ուներ, հայրս նրանից սովորեց երգել։

ԹԱԳԱՎՈՐ — Որ այդպես է, հանվենք, հարգենք տիկին-օրիորդի հոր հիշատակը։

ԹԱԳՈՒՀԻ — Բա իմ հո՞ր հիշատակը։

ԹԱԳԱՎՈՐ — Նաև իմ երջանկահիշատակ աներոջ հիշա­տակի համար կախվենք կախիչից։

Թագավորը հանում է մուշտակը, տալիս թիկնապահին, ինքը մտնում է հանդերձարան ու ձեռքով կախվում կախիչից։

ԹԱԳՈՒՀԻ — Իմ հոր հիշատակի համար ես էլ կմեռնեմ։ (Հանում է մուշտակը, թիկնապահին հանձնում ու գնում, կանգնում է թագավորի կողքը, ձեռքով կախվում է կախիչից)։

Հանդիսատեսները, որ մինչ այդ անկեղծ լսում էին, հերթով հանում են վերարկուները, հանձնում Արուսին ու մտնելով հանդերձարան, ձեռքերով կախվում են կախիչներից։

Բեմի վրա հայտնվում է թագավորի մուշտակը, երկու վերարկու։

ՄՈՒՇՏԱԿ — Շատ վատ հոտ է գալիս ձեր վրայից։

1-ԻՆ ՎԵՐԱՐԿՈՒ – Կներեք, Ձերդ մեծության մուշտակ, տերս երկար տարիներ թատերագետ է և հոնորար չի ստանում, ինձ հագնում է 20 տարի, բայց շատ տաղանդավոր է։

ՄՈՒՇՏԱԿ — Թունդ հոտավետ տաղանդավոր է։

2-ՐԴ ՎԵՐԱՐԿՈՒ (խոնարհվելով) — Իմ տերն էլ հնոցապան է, բայց առաջ փիլիսոփա էր, հիմա է հնոցապան, գիտե՞ք, ինչ երկեր է գրել։

ՄՈՒՇՏԱԿ – Ես անգրագետ եմ, ինձ նման բաներ մի ասեք, տերս է կարդացվոր, օրվա ճաշացուցակն է ընթերցում ամեն առավոտ, իսկ երեկոյան կարդում է հրամանները։

Ներս է մտնում հովանոցը երեք գլխարկի հետ։

Գլխարկները գլորվում են մինչև բեմեզր, իսկ հովանոցն աղջկա պես պար է գալիս։

ՀՈՎԱՆՈՑ — Ես ձեզ փրկում եմ խանձող արևից, աշնան անձրևից և վերևից իջնող անդուր հրամաններից, որոշումներից։

ՄՈՒՇՏԱԿ — էս լիրբը որտեղի՞ց եկավ։

ԳԼԽԱՐԿՆԵՐ (միասին) — Ֆրանսիայից, ֆրանսիական է, մենք էլ ռուսական ենք, Կոստրոմայից, այնտեղ շատ ցուրտ ձմեռ է։ Մեր տերերը ճաղատ են, նրանց մտքերը երևում են, անզեն աչքով կարող եք կարդալ, շատ սուր և կծու մտքեր են։

Ներս է գալիս Թագուհու մուշտակը։

ԹԱԳՈՒՀՈՒ ՄՈՒՇՏԱԿ — Այդպիսի մտքերը լավ է ցանել աղցանի վրա և ոչ հասարակայնության, իմ տիրուհին փռշտում է սուր հոտերից, նա ալերգիա ունի։ (Հանդերձարա­նից լսվում է թագուհու փռշտոցը:) Լսու՞մ եք, նա արդեն զայրանում է, ուրիշ բանից խոսենք։

ՀՈՎԱՆՈՑ — Այսօր ձյուն չի գա, վաղը կգա, գալիս է թող գա, մեկ է՝ կգնա։

ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՒՇՏԱԿ — Ի՞նչ ցանցառն ես դու, հովանոց, եղանակի տեսության հաղորդավար աղջկան ես հիշեցնում, մնում է ռադիացիոն ֆոնից խոսես, մթնոլորտային ճնշումից…

ԹԱԳՈՒՀՈՒ ՄՈՒՇՏԱԿ – Գլոբալիզացիայի վիճակն ինչպե՞ս է, գուցե ազդի մեր ազգային նկարագրի վրա (քմծիծաղով), հորած պանիրը մեր ժողովուրդն է հորինել, իսկ ֆրանսիացիք են հպարտանում ռոքֆորով, ի՜նչ անարդարություն…

Բեմ են մտնում երեք թիկնոց և մի անդրավարտիք։ Վերջինս փողփողում է։

ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ — Մեծարգո մուշտակներ, հարգարժան վերարկուներ, հարգելի գլխարկներ և պարոն թիկնոցներ, ես չգիտեմ ում անդրավարտիքն եմ, անտեր եմ կարված օրից, ինձ զվարճացնում է ամռան քամին, գարնան զեփյուռը, ես շատ եմ սիրում փողփողալ, ինձ մի օր մի խոժոռադեմ թիկնոց բանաստեղծ անվանեց, ես հպարտացա, իսկ նա, այդ տխմարն ասաց՝ վատ պոետ եմ, ես վիրավորվեցի ու այսպես հարձակվեցի (հարձակվում է թիկնոցների վրա) նրա վրա, սրախողխող արեցի, այսինքն՝ ձախ փողքովս հարվածեցի նրա մեջքին, նա շնչահատ ընկավ։

ԹԻԿՆՈՑՆԵՐ (միասին) – Ո՞ւմ հարվածեցիր, տո շան թուլա, հարվածելը հիմա դու տես, ցանցառ ախմախ, քեզ ազգային արժեքի տեղ ես դրել։

Թիկնոցները խմբով վրա են տալիս ու իրենց մեջ առած, խեղդում են անդրավարտիքին։ Վերջինս անշունչ փռվում է բեմին, նրա վերջին խոսքն էր՝ ազատություն երկու փողքերիս, թող իմ ռեզինը ինձ չսեղմի։

ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՒՇՏԱԿ — Սրան քաղաքային պանթեոնում տեղ չտաք։

ԹԱԳՈՒՀՈՒ ՄՈՒՇՏԱԿ — Սրան քաղաքային աղբանոց տանել։

ՀՈՎԱՆՈՑ (տխուր) — Անտեր էր, անտեր մեռել դարձավ։

ԹԻԿՆՈՑՆԵՐ (միաձայն) — Հովանոց, կոկորդիլոսի ար­ցունք ես թափում, սա կատակերգություն է, ողբերգության մի վերածիր։

ՀՈՎԱՆՈՑ — Կներեք, ես չեմ կարդացել պիեսը։

ԳԼԽԱՐԿՆԵՐ (միաձայն) — Իբր կարդար, մի բան գլուխը կմտներ, համա թե մեծամիտն է։

1-ԻՆ ՎԵՐԱՐԿՈՒ — Անդրավարտիքն ի՞նչ է, որ այսքան մեծ դեր է հատկացրել, հեղինակը հիմարի մեկն է երևում։

2-ՐԴ ՎԵՐԱՐԿՈՒ — Ճշմարիտ ես, մեզ թողած, էդ քրջոտին է մենախոսություն հատկացրել, իսկապես որ հիմարի մեկն է այդ թատերագիրը։

1-ԻՆ ՎԵՐԱՐԿՈՒ — Փոքրերին վերջերս շատ տեղ են տալիս։

2-ՐԴ ՎԵՐԱՐԿՈՒ — Լավ է, քաղաքային գերեզմանատանը չեն թաղի։

ԹԱԳՈՒՀՈՒ ՄՈՒՇՏԱԿ — Հին իրերը պիտի այրել, գարշահո­տությունը կխեղդի մեզ։

ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՒՇՏԱԿ — Շատ ազատատենչն էր, փողքերը շեփոր էր դարձրել՝ էլ քամի, զեփյուռ … լավ է, որ թագավորը չլսեց։

ԹԱԳՈՒՀՈՒ ՄՈՒՇՏԱԿ — Ե՞րբ է պրծնելու էս թամաշան, գնանք պալատի մուշտակների մոտ, թե չէ վերարկուների, գլխարկների հոտից կգժվենք։

ԹԻԿՆՈՑՆԵՐ (միաձայն) — Գիտե՞ք ով է պիեսի հեղինակը։

ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐ — Ոչ, ոչ։

ԹԻԿՆՈՑՆԵՐ (միաձայն) — Ապա գուշակեք։

1-ԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Բրեխտը։

2-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Անհայտ հեղինակ։

3-ՐԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Անդրավարտիքը։

Դահլիճ է մտնում թագավորը, նա խոժոռ նայում է բեմի հերոսներին, հանդիսատեսներին ու քմծիծաղով, բառերը ծանր ծանր հեգելով, ասում է.

ԹԱԳԱՎՈՐ — Ես եմ պիեսի հեղինակը, բեմադրությունը տապալված է, բեմադրիչն անտաղանդ է, կախել նրան։

ԹԱԳՈՒՀԻ (դահլիճ մտնելով) — Կախել, սա խայտառա­կություն էր։

Թիկնապահները Արուսին փորձում են կախել կախիչից։

ԹԱԳԱՎՈՐ – Թողեք մեզ նման ձեռքով կախվի։

ԹԱԳՈՒՀԻ — Ոչ, նա պիտի իսկապես կախվի։

ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՒՇՏԱԿ — Ճիշտ է;

ԹԱԳՈՒՀՈՒ ՄՈՒՇՏԱԿ — Նա վաստակել է դա։

ԹԱԳԱՎՈՐ — Իմ թագավորության օրոք ոչ մի կին պիտի իսկապես չկախվի, դա տղամարդու գործ է, բեմադրիչը հարկ է, որ երեք օր իր իսկ ձեռքով կախված մնա կախիչից։

Դահլիճում և սպասասրահում բոլորը գոչում են. ճշմարիտ է, տեղն է, նա անտաղանդ է, նա փչացրել է Թագավորի պիեսը։

ԱՐՈՒՍ (մոտենում է կախիչին և ձեռքով կախվում է) — Թատրոնը սկսվում է կախիչից և ավարտվում է կախա­ղանով։

Դահլիճից լսվում է. «Կյանքը թատրոն է, կյանքը գարնանը զեփյուռ է, ամռա­նը՝ արևոտ անձրև, ձմռանը՝ բուք, իսկ աշնանը՝ տերևաթափ՝ գունավոր, ծնղծղաձայն»։

ԱՐՈՒՍ (ամենավերջին խոսքը կախվելուց առաջ) — Երանի քեզ, խելառ Արուս, ահա թե ինչպիսի ձեռքեր, մատներ, աչ­քեր ու սիրտ և երևակայություն ունեն աղջիկները։ Իսկ առանց երևակայության աղջիկը նմանվում է անծաղիկ ծաղ­կամանի։ Ապրի պիեսի հեղինակ աղջիկը, շատ ապրի։

7-րդ մաս

Այն սրահում, ուր Թարսինեն պիտի սովորի կար ու ձև, կախված են գունավոր կտորներ, թելեր և բազմատեսակ ու չափերի մկրատներ, ասեղներ ամրացնելու թավշյա բարձիկներ, սեղանին տարբեր գույնի կավիճներ են, քանոններ, գծագրեր, անկյունում՝ կնոջ և տղամարդու մանեկեններ։ Թարսինեն հմայված ուսումնասիրում է դերձակագործական աշխարհը։

Հնչում է պատից կախ բարձրախոսը, ձայնից Թարսինեն վեր է թռչում։

Բարձրախոս – Ուշադրություն, ուշադրություն։

Թարսինե – Է՞ս ինչ էր։

Բարձրախոս – Աշխարհում ոչ մի աղջիկ, առավել ևս՝ արքայադուստր, չպիտի խուսափի կարուձևի շնորհքի դրսևորումից, հարկ է խոստովանենք, որ առանց այդ արհեստի դժվար է պատկերացնել ընտանեկան կյանքը, այսինքն՝ կարկատանն անհրաժեշտ է ոչ միայն աղքատների շորերին, այլև բազմաթիվ ծակ գլուխների։

Թարսինե – Դա բժշկության դասին։

Բարձրախոս – Ես կատակեցի, արքայադուստր, չէ՞ որ Հեքիաթասացը ձանձրացել է դարերով նույն բաները կրկնելուց։

Թարսինե – Ի՜նչ ծանր գործ է անվերջ հեքիաթ պատմելը, այն էլ՝ բարի ավարտով հրաշապատումներ, ես նաև սիրում եմ լսել հրեշապատումներ, հիշո՞ւմ եք իմ մեկ օրը Կախարդստանում։

Բարձրախոս – Դա չեն մոռացել բոլոր չար կախարդները, համա թե խոհարարական ապտակ էր։

Թարսինե – Կարծում եմ, նրանք դեռ ինձ կտեսնեն։

Բարձրախոս – Դուք շատ համարձակն եք և հոգեհան, խեղճ կախարդներ… Բայց մինչ այդ, Թարսինե, դիմավորենք հայտնի դերձակուհի, ճանաչված մոդայի թագուհի և գեղեցկության սրահների գործարար տիկին, ավելի ստույգ՝ օրիորդ Ասեղինե Թելունցին, ահա։

Ասեղինե (թռչկոտելով դռնից ներս է մտնում) – Բարև, սիրելի Թարսինե, դու պատրա՞ստ ես նորաձևության աշխարհ մտնել նորագույն գույներով։

Թարսինե – Բարև, օրիորդ Ասեղինե, ես նույնիսկ պատրաստել եմ նորաձևության հարթակ իմ հորինած զգեստները ցուցադրելու։

Ասեղինե – Ի՜նչ անակնկալ, դու արդեն կարել գիտե՞ս։

Թարսինե – Ես որոշ չափով ձևում եմ իմ հին շորերը, կարում եմ տիկնիկիս հագուստներ, սակայն նա ամաչում է հագնել, որովհետև ճղրտած ոճն եմ հավանում, իսկ նա՝ ավանդական, ֆիրմային, բայց, ախր, իմ ոճն էլ արդեն իմ մոդայի նշանն ունի։

Ասեղինե – Ի՞նչ նշան է, կարելի՞ է իմանալ։

Թարսինե – Շլորի տերև, ես նաև տերևներով, բույսերի կանաչ և չորացած ճյուղերով, ծաղիկներով եմ ստեղծում իմ նորաձևությունը… Հա, իմիջիայոց, ես չեմ սիրում, երբ բոլորը նույն տիպի շորեր ու կոշիկներ են հագնում, դա ձանձրալի է, նաև չեմ սիրում, երբ աղջիկներն ու տղաները ոչ թե շորի գեղեցկությանն ու կտորի բնականությանն են հետևում, այլ փնտրում են պիտակը։ Ես գրել եմ մի ոտանավոր՝ «Պիտակավոր աղջիկը», արտասանե՞մ։

Ասեղինե – Իհարկե, ոտանավորով շատ բան կարելի է ասել նաև ճաշակի մասին։

Թարսինե (արտասանում է հարթակի վրայից).

                        ՊԻՏԱԿԱՍԵՐ ԱՂՋԻԿԸ

Կարևոր չէ և ոչ մի իր,

Կարևոր է պիտակն ընտիր։

Մի աղջիկ էր այսպես ասում,

Ուրիշ կարծիք չէր ընդունում։

Եվ հագնում էր միայն պիտակ,

Եվ կապում էր մազին պիտակ,

Եվ դնում էր գլխին պիտակ,

Եվ բռնում էր միայն պիտակ։

Աղջիկներին նա անպիտակ

Անվանում էր՝ ծույլ, անպիտան,

Տղաներին նա անպիտակ

Անվանում էր՝ թույլ, անպիտան։

Եվ ծաղրում են գորտերն անգամ

Պիտակավոր այդ աղջկան։

Կռկռում են՝ աղջիկ-պիտակ,

Շտապ մտիր դու ամպի տակ։

Ասեղինե – Ի՜նչ լավ հարթակ է, համարյա պոետական, միջազգային չափանիշներով, ես կարո՞ղ եմ տեսնել քո նորաձևության վերջին ճիչը։

Թարսինե – Իհարկե, նա ոչ միայն ճչում է, այլև ձայնը երբեք չի կտրում, չե՞ք լսում։

Ասեղինե – Կներես, ոչ։

Թարսինեն արագ իր վրա է գցում կանաչ ու չոր տերևներով և ուռենա ճյուղերով ագուցված զգեստը և թռչում հարթակի վրա։ Նա մարմնամարզուհու պես բարձրացնում է ոտքերը, թափահարում ձեռքերը։

Թարսինե – Մոդան պետք է ցուցադրել ոչ թե քարացած դեմքով, առանց ժպիտ ու հույզի և առանց բնական, մարզական շարժումների, այլ՝ հակառակը, մանկական հրճվանքով, ահա (թռվռում է), չվախենալով, թե տերևներից որոշները կխշխշան կամ կպոկվեն։

Ասեղինե (զարմանքով) – Բայց այդպես լրիվ կմերկանաք։

Թարսինե – Ես հիմա շատ ջանք չեմ ներդնում ձեզ ցուցադրելու ողջ հմայքով, իսկ այլ դեպքերում մի քիչ նազանք եմ ավելացնում և նրբագեղ ժապավեններ օդ նետում, ինչպես գեղարվեստական մարմնամարզուհի։

Ասեղինե – Հետաքրքիր է։

Թարսինե – Այո, մարզականը միշտ գեղարվեստի հետ, սա է իմ ոճի հիմնական առանցքը։

Ասեղինե – Ուրիշ ի՞նչ կցուցադրես, Թարսինե։

Թարսինե – Մի փողքանի տաբատ, փշատերևներից բաճկոն, որ ոչ ոք չփորձի անհարկի գրկել, աստառը դուրս արած գլխարկ, ձմռանը՝ եղյամապատ թփերից վերարկու, ամռանը՝ ցողաթաթախ խոտերով գլխաշոր, ա՛յ, ի՜նչ հով է, երբ ցողերը հոսում են պարանոցիդ և…

Ասեղինե – Իսկ թել-ասեղով կտորներից ի՞նչ ես կարում։

Թարսինե – Դա սովորական արհեստ է, ոսկե բիլազուկ, ինչպես ժողովուրդն է ասում, իմը բնության բիլազուկն է և ավելի սովորական և, իմ կարծիքով, արվեստ, թեպետ արհեստն ու  արվեստը բաժանվում են մի բարակ թելով, որից գեղեցիկ հագուստ են կարում մարդկությանը։

Ասեղինե – Հետաքրքիր աշխարհ է նորաձևությունը, ավելի են վաստակում, քան բուն արվեստագետները։

Թարսինե – Օրիորդ Ասեղինե, մի մոռացեք, որ ես արքայադուստր եմ և ոչ մի վաստակի մասին չեմ մտածում, երևի դա է, որ ինձ թույլ է տալիս ազատ  ճախրել բնության մեջ և այս հարթակին։

Թարսինեն հընթացս ցուցադրում էր իր ասած նորաձևության վերջին ճիչ-աղմուկ զգեստները, որից հետո նորաձևության դասին մնալը հղի էր Ասեղինեի առողջական խանգարումով։

Ասեղինե – Խնդրում եմ, չասեք, որ կատուների համար էլ եք հագուստներ հորինել։

Թարսինե – Ոչ միայն կատուների, նաև շների, կապիկների ու մեր գազանանոցի բոլոր կենդանիների համար ևս, այնպես որ, այլ երկրների կենդանիները գալիս են մեր թագավորություն…

Ասեղինե – Ծանր ապագա է մեզ սպասվում։

Թարսինե – Ես կասեի՝ փայլուն ապագա, բնական միջավայրում, բնական հագուստ-ներով, բնական կերով և վերջապես…

Բարձրախոս – Ուշադրություն, ուշադրություն, կարուձևի դասն ավարտված է, հրավիրում եմ բուժքույր՝ օրիորդ Ասեղինե Թելունցի ճնշումը չափելու։

8-րդ մաս

Նորաձևության վերջին ճիչ ու աղմուկից օգտվելով՝ հենց մոդայի սրահի հարթակի վրայից փախցրեցին Թարսինեին։ Բարեբախտաբար, առևանգող կախարդները բարի նպատակներով էին տոգորված։ Այդպես էլ չի հասկացվում՝ նրանք բարի՞, թե՞ չար կախարդ են։ Սակայն նրանք թարմ հիշողություն են պահպանել Թարսինեի խոհարարական արվեստի մասին։ Թարսինեն նրանց  հանդեպ լցված է ուսուցչի դաստիարակչական խստությամբ։

Նույն Կախարդստանն է։ Շատ  քիչ բան է փոխվել։

Կախարդ – Չվախենաս, Թարսինե, մենք քեզ շատ ենք կարոտել, քո եփած ճաշերը, ո՜ւֆ, ի՜նչ  համ, ի՜նչ հոտ… Բերել ենք աշխարհի մթերքը, որ ճաշեր ուտենք։

Թարսինե – Ծոծրակներդ կտեսնեք, իմ եփած կերակուրները չեք տեսնի։

Կախարդներ (վիրավորված) – Մենք կպտտվենք մեր առանցքի շուրջ, ա՛յ այսպես, և բուի պես կտեսնենք մեր ծոծրակները ու նաև քեզ սիրով կհամոզենք, որ մեզ ճաշ տաս, եթե ոչ՝ կդիմենք նոր գլխավոր կախարդին՝ քեզ պատժելու։

Թարսինե – Որքան շուտ, այնքան տո՜ւշ։

Կախարդներ – Լսեցի՞ք, էս աղջիկը անուղղելի թարս է խոսում, շուտ բառն  ասաց հակառակ՝  տուշ։ Գլխավոր կախարդին դիմենք։

Գլխավոր կախարդ (բարձրախոսով) – Թարսինեի հմտությունը պիտի օգտագործել հանուն արվեստի, մասնավորապես մարտական ֆիլմեր ստեղծելու ասպարեզում, ո՜ւխ, ինչ մարդասպան ֆիլմեր։

Կախարդ – Այո՛, հանճարեղ գյուտ է, առաջնորդ,  մեզ վաղուց էին պետք մարտական ֆիլմեր, ձանձրանում ենք իրար ուտելով, մի քիչ էլ ուրիշի ուտենք։

Գլխավոր կախարդ – Թարսինե ջան, հայտնի է քո անուրանալի գրական ձիրքը, խնդրում ենք մի ժամում գրել գժական սցենար, դա քեզ համար ավելի պատվաբեր է, քան որևէ խաշ, խորոված, քյաբաբ եփելը, ճիշտ չէ՞։

Թարսինե (ոգևորված) – Կարելի է փորձել, ես մարտաֆիլմերն ատում եմ, անգամ երազում զայրանում եմ, ոնց որ սա էլ է երազ, բայց հետաքրքիր է, կփորձեմ։

Կախարդներ (միահամուռ գոչելով) – Կեցցես, Թարսինե, կեցցես։

Մեկ ժամ մենակ մնալով, Թարսինեն զուգակցեց խոհարարական  արվեստը ռազմական, մարտական ֆիլմարվեստի հետ և գրեց «Առանց զենքի հաղթելու արվեստը» կինոսցենարը, ինչն անմիջապես վերածվում է ֆիլմի, որի հիմնական գործողությունները տեղի են ունենում քարանձավում։

Բարձրախոս – Կախարդները քնած են քարանձավում, նրանք չափազանց բարձր խռմփացնում են, դե՛, խռմփացրեք, ի՞նչ եք լռել։

Բեմի վրա քնած կախարդները խռմփացնում են ուժգին և տհաճ։

Բարձրախոս – Նրանք տեսնում են գունավոր երազ. դա է հիմք հանդիսացել գունավոր հեռուստատեսության և ֆիլմերի ծնունդին։ Այս կախարդները քնած չեն զգում, որ իրենց սահմաններից ներս են խուժել հարևան երկրի կախարդների զորքը և հասնում են քարանձավ։ Տեսեք զորքը, հանդիսատեսներ, էն փնթի շարքերով վրա տվողներն են։

Քնած կախարդները զարթնում են ու գոռգոռում։

Հարձակվողները գոռգոռոցով, գոչյուններով և նետ-աղեղներով հարվածում են։

Կախարդներ – Այ դուք, ուխտադրուժներ, դե հիմա տեսեք։ Մենք նոր զենք ունենք ձեր հնամաշ նետ-աղեղի դեմ, տեսեք։

Թարսինեն օջախի վրա եփում է խմորը, նրա մեջ տեղադրում է վառ մետաղագնդիկներ, նաև հրաշեկ փայտածուխի կտորներ, փաթաթում փափուկ լավաշով, և մանր բրդուճները թռչում են հարձակվողների ուղիղ երախների մեջ, իսկ ջեռ մետաղագնդերով կոլոլակները օդի մեջ երախներով որսում են չար հարձակվողները։ Թարսինեի  զինական գյուտը հետագայում համարվեց հրազենային գործի առաջին աստիճանի մեծագործություն, իսկ փայտածուխակոլոլակայինը՝ առաջին միջուկային  ռումբի նախահայր։ Կախարդները գոչում են՝ «Կեցցե Թարսինե հրձիգը, մարշալ խոհարարը,տաք կոլոլակները կվառեն ձեր ստամոքսները, չար կախարդներ…»։

Հարձակվողներ (ճչալով) – Ա՜խ, վառվում է, տժժում է կոկորդս։

                    – Խորովեց ստամոքսս։

                    – Էս ի՞նչ թակարդ էր։

                    – Ի՞նչ չար կախարդ է հորինել էս խմորազենքը։

                    – Նահանջել, շուտ նահանջել, քանի չենք կոտորվել։

                    – Լավ է մետաղե գնդերի հետ խանձող միս չի դրել։

                    – Մենք դա կանենք…

Պատերազմն  ավարտվում է, հաղթում են քարանձավի  կախարդները։

Գլխավոր կախարդ – Հարգելի կախարդներ, այս սքանչելի էակը պարգևեց ոչ միայն մարտաֆիլմ, այլև կերակուրը որպես զենք օգտագործելու հնարքը։ Այսուհետ նրա անունով կկոչենք խմորակոլոլակը։

Կախարդներ – Հարգարժան գլխավոր կախարդ, խնդրում ենք թույլ տաք Թարսինեին ետ տանենք իրենց երկիր, որպես մրցանակ։

Գլխավոր կախարդ – Տո թշվառներ, դուք երևի դեռ քնած եք, նրա հոր զորքն  արդեն մեզ պաշարել է, նրանց խաղաղորեն և շնորհակալ կհանձնենք Թարսինեին, դեռ ավելին՝ կառաջարկենք բարեկամություն անել Թարսինեի հոր թագավորության հետ ֆիլմարտադրության և գյուղատնտեսության բնագավառներում։ Հատկապես ռեստորան բացենք մեր այս քարանձավում։

Բանագնացներ – Հարգելի գլխավոր կախարդ, մենք բանագնաց ենք, ոչ թշնամի, մեր միջև Թարսինեի պես բարի կախարդուհի կա, նա մեզ միավորեց, նա չբաժանեց կախարդներին մարդկանցից և մարդկանց՝ կախարդներից։

Թարսինե – Ճիշտ է, հաճախ միասնական դեմքով եք երևում, այդպես և այդպես կլինի, քանի դեռ կապրեն մարդիկ և կախարդները։

Եղավ մեծ խնջույք։ Դա առաջին խաղաղ և ուրախ քեֆն էր մարդկային ու կախարդական միասնական պատմության մեջ։

Քեֆի վերջում Գլխավոր կախարդը հայտնեց.

Գլխավոր կախարդ – Ես ցավում եմ, որ չունեմ մի որդի, թե չէ կխնդրեի Թարսինեի ձեռքը, նա մեր Կախարդստանը կծաղկեցներ։

Թարսինե (հումորով) – Ա՛յ թե շորեր կստեղծեի կախարդիկների  ու նրանց մեծիկների համար…

9-րդ մաս

Հայտարարվեց ասպետների, արքայազների և քաջ հերոսների մրցույթ և, պատկերացնելն անհնար է, աշխարհում չկար մի տղա, որ չցանկանար ամուսնանալ Թարսինեի հետ։ Նրանք ժամանեցին իրենց հրեղեն և ջրեղեն, օդեղեն և հողեղեն  ձիերով։ Նրանք հավաքվել են դղյակի հրապարակում։

Թագավոր – Հե՜յ, ջահելներ, լավ լսեք, սա հասարակ մրցույթ չի, սա ձեզ համար ձիարշավ չի, ոչ էլ ձիասայլերով  մրցավազք, լսեք, Թարսինեիս հետ ամուսնանալու իրավունք կշահի այն թեկնածուն, ով աստղեր վար կբերի երկնքից, ամենաքիչը՝ երեք աստղ, սա կոնյակի մասին չէ՝ երեքաստղանի։ Իսկական երկնային երեք աստղ։ Լսեցի՞ք։ Ձեզ մի ամիս ժամանակ։

Թեկնածուներ – Այո՜, այո՜…

Թարսինե – Պապա, դու հրաշք ես, չքնաղ պայման դրեցիր։ Դեռ աստղերով զգեստ չեմ կարել։

Թագավոր – Աղչի, դու դեռ երեկվա էրեխե՞ն ես, իսկական աստղերը վառվում են, ի՜նչ  շոր, ի՜նչ շալվար… Էս խեղճերը ո՞նց են բերելու, ուզում եմ քեզ մի քանի տարի էլ մեծացնենք, թե չէ ոնց որ դժվար ես մեծանում։

Թարսինե (իբր նեղացած) – Ձերդ մեծություն, դժվար եմ մեծանում, բայց Մեծության դուստր եմ, դա քի՞չ է։

Թագավոր – Այ, հիմա խելոք ես, վաղուց չէի լսել նման  հաճելի Թարսինեի, հաճելի և ուղիղ խոսք, թե չէ՝ թարս ու մարս։ Ի՜նչ էլ անուն ենք դրել… էդ մերդ էր, էլի…

Թարսինե – Մամայիս բան չասես, նա թագուհի է, թագավորի ընտրյալ։

Թագավոր – Չէ, իսկականից քո ամուսնանալու իսկը ժամանակն է։

Անցան օրեր և մի ամիս հետո  դղյակի հրապարակ հասան թեկնածուներից ոմանք։

Այդտեղ  էր և Հեքիաթասացը և ինքն էլ նկարագրեց նրանց վիճակը։

Հեքիաթասաց – Նրանցից մեկը երկու աստղ էր բերել, մի քանիսը՝ մի, մյուսները՝ ոչ մի։ Այն երկու աստղ բերածի ձիու բաշը այրվել էր աստղերի հրից, ճիշտն ասած, ասպետի հոնքերն ու թարթիչներն էլ էին խանձվել, և ասպետը բավականին տգեղացել ու ծիծաղելի տեսք ուներ; Իսկ մի աստղ բերածը մասամբ էր խանձվել, ձիու բաշն էլ տեղ-տեղ էր շարքից ելել։ Մի խոսքով, նրա տեսքն էլ ծիծաղի ալիք բարձրացրեց մրցույթի հանձնաժողովի և դիտորդների շարքերում։ Երբ թագավորը փորը բռնած կուչ ու ձիգ էր գալիս հռհռոցից, բոլորը սսկվեցին, որովհետև տղաներից ոչ ձիավորը և հնամաշ շորերով մեկը ծոցից դուրս հանեց Երեք աստղ, իսկական, բոցավառ ու պարզեց թագավորին։ Արքան կտրուկ սթափվեց, ձգվեց գահին ու զգուշորեն բռնելով երեք աստղը, զարմացած ասաց.

Թագավոր – Սիսակ, էս որտեղի՞ց քեզ երեք աստղ։

Սիսակ – Ձերդ մեծություն, երկնքից, ծխնելույզ մաքրողն ավելի շատ երկնքում է, քան երկրում, ես աստղերի ընկերն եմ, մանկուց եմ սիրել։

Թագավոր – Էս ժողովուրդն ինչի՞ է մոլորվել, տղայի պատասխանից չգիտի՝ խնդա՞, թե՞ լա։

Թագուհի – Բա ես ի՞նչ ասեմ, ծխնելույզ մաքրող Սիսակ-ծիծակ։

Մրցույթի հանձնաժողով ի անդամները գլուխները թաքցնում են սեղանի տակ ու փսփսում՝ ի՞նչ կրակն ընկանք, ա՛յ քեզ մրոտ Սիսակ։

Թարսինե (հանկարծ ճչալով) – Պայմանը պայման է, արդարությունը պիտի հաղթանակի։

Թագուհի – Վախ, սիրտս ասեղների բարձիկ դարձավ, մեռա, մամա ջան։ (Թեքվում է Թագավորի ուսին)։

Թագավոր (զայրացած) – Ի՞նչ արդարություն, աղջիկս, դու դեռ չգիտես, որ ամեն մարդ ունի իր արդարությունն ու ճշմարտությունը։

Թարսինե – Բայց, հայր իմ, արքայության սահմաններում պիտի հարգվի յուրաքանչյուր մրցույթի և թագավորական խոսքի պայմանը, թե չէ բռնակալության կվերածվի երկիրը։

Թագավոր (սրտի նոպայից տրտմած) – Թո՜ղ, թո՜ղ այդպես լինի, դու ես քո ճակատագրի տերը։

Թագուհի (ընկնելով թագավորի ուսին) – Ես մեռա, ես էլ չկամ։

Հեքիաթասաց – Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք չեղավ, եղավ ութ օր և ինը գիշեր, դա Թարսինեի կամքն էր, հարսանիքն էլ եղավ մի մասը՝ երկրում, մյուս մասը, ավելի շատ մասը՝ երկնքում։ Դա էլ փեսացու՝ ծխնելույզ մաքրող Սիսակի կամքն էր։ Այլևս Սիսակին ծխնելույզ մաքրող չասացին, երկնքի աս­պետ, աստղերի ընկեր և արքայադստեր ամուսին կոչեցին։ Համաձայնվեք, շատ ավելի պարզ ու հասարակ էր՝ ծխնելույզ մաքրողը, ծխնելույզներն անթիվ էին ու աղյուսաշեն, նրանց միջից երկինքը խորն էր երևում, ինչպես Գալիլեո Գալիլեյի հեռադիտակի միջից նայելիս։ Հետո պարզվեց, որ Սիսակն էլ աստղասեր է, ոչ աստղագետ, կան աստղագետներ, որ աստղասեր չեն, և դա մեծ թերություն է, իսկ կան աստղասերներ, որ աստղագետ չեն և դա բնավ թերություն չէ։

Սիսակը սովորեց աստղագիտություն, հատկապես լավագույնս ուսումնասիրեց այն երեք աստղերը, որոնք շեղեցին տղայի և Թարսինեի ճակատագիրը դեպի երկինք։ Նրանց առաջնեկը տղա էր, ծնվեց անունը հետը՝ Հրակ, դա նշանա­կում է հրե աչք, համարյա աստղ։

Ծնվեց երկնքում, ծիածանի կամարի տակ։

Երեք խնձոր բարձրացան երկինք, մեկը՝ Թարսինեին, մյուսը՝ Սիսակին, իսկ երրորդը՝ բոլոր ծնվածներին ու ծնվողներին, այժմ և միշտ։

ՎԵՐՋ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։