Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ՍԵՊԸ
Ներկայացվող դրաման մարդու և սեփական խղճի փոխհարաբերությունների մասին է: Կարևոր չէ, թե կլոր երկրագնդի որ անկյունում է ծնվել մարդը, կարևոր չէ, թե երբ է աշխարհ եկել և որտեղ է ապրում: Կարևորն այն է, թե ինչպես է ապրում և ինչպես է լուծում իր համար կարևոր՝ սեփական խղճի հետ հարաբերվելու հարցը: Քանզի, եթե մեր աշխարհ գալու ժամանակի ու տեղի համար մենք պաատասխանատու չենք, պատասխանատու ենք այս աշխարհից գնալու մեր կերպի համար: Պատասխանատու ենք նաև մեր նախնիներից ստացած մեր ժառանգությունը սերունդներին փոխանցելու համար:
Ճշմարտությունն ու սուտն իրարից բաժանող սահմանն աննկատելի է և մարդու ներսում իրենից անկախ մարտի են ելնում չարի ու բարու բանակները: Կռվում են աննկատելի, պայքարում են օրնիբուն: Մարդը զբաղված է նյութական աշխարհում իր նյութեղեն գոյությամբ և չի նկատում դա: Եվ եթե նա հավատարիմ չի մնում իր սկզբունքին, պարտվում է ինքն իրեն: Իսկ դա ամենադաժան ու ամենացավոտ պարտությունն է:
Մարդու կյանքի, նրա որոշումների վրա ազդում են ավելի շատ հոգևոր օրենքները, քան ֆիզիկական, և եթե որևէ մեկը դրանցից շեղվում է, անմիջապես կորցնում է դեմքը: Իսկ եթե մարդ արարածը չունի բարոյական որոշակի սկզբունքներ և հավատարիմ չէ դրանց, դառնում է գազան և նյութի գերի:
Նեռի հարձակումը արտահայտվում է գլոբալիզացիայով, իր ճանապարհից սրբում, տանում է ամեն բան՝ ազգային արմատներ, մայրենի լեզու, ընտանեկան հարաբերություններ, և երանի նրան, ով հավատարիմ է մնում ինքն իրեն ու կատարում է Բարու օրենքները: Մենք հաճախ չգիտենք կամ չենք նկատում, որ մարդու գործած յուրաքանչյուր մեղք հարված է ինքն իրեն: Անհատն ամեն անգամ Բարու տիեզերական օրենքից շեղվելով՝ ելնում է սեփական անձի դեմ: Սպանողը առաջին հերթին իր հոգին է սպանում, ստողը հենց ինքն է դառնում ստի ծառան…
Ոչ ոք երբևէ չի կարողացել սահմանել Անսահմանելու սահմանը: Դրա համար էլ շատ կարևոր է բարոյական սահմանագիծը պաշտպանելը: Դրանից է սկսվում հայրենիքը և դրանով է ամուր ու հաստատուն սահմանն այդ հայրենիքի:
Մտահղացումը՝ Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Գործող անձինք
ԱՐԱՄ — 70 տարեկանին մոտ, տիրական բնավորության տեր, հաստատակամ մարդ
ՄԱՐԻԱՄ — Արամի դուստրը, 35 տարեկանին մոտ, ապրում է Մոսկվայում
ԳԱՍՊԱՐ — Արամի մանկության ընկերը, ապրում է ծերերի տուն-ինտերնատում
ԱԶԱՏ — տուն-ինտերնատի ծերերից մեկը
ԶԱՎԵՆ — Գասպարի և Ազատի հետ շախմատ խաղացող ծերունի
ԴԵՐՈ — ճարտարապետ, բակի տեղում կառուցվող
նոր շենքի նախագծի համահեղինակ
ԿԱՐՈ — պետական հիմնարկի պաշտոնյա, «Պետարանի»
աշխատակից
ՍԱՔՈ — 40 տարեկանին մոտ, Արամի նախկին հարևանը
ՀԱՍՄԻԿ — Սաքոյի կինը
ԲՈՒԴԻ — թաղի նոր հեղինակություն
ԳԱԳԱ — Բուդիի ընկերը
ՊԵՏ — 50 տարեկանին մոտ փոքրամարմին տղամարդ,
ինտրիգների վարպետ
ԱՏՈՄ — բուլդոզերավար
ԱՇԽՂԵԿ — միջին տարիքի տղամարդ
Ծերանոցի աշխատակցուհի
Մի քանի բանվոր
ՊԵՏԻ քարտուղարուհի
«ՊԵՏԱՐԱՆԻ» երկու ՈՍՏԻԿԱՆ
ՊԵՏԻ առանձնասենյակում երկու ՊԵՏԻԿ
Գանգուր մազերով, 10-12 տարեկան ՏՂԱ
Նույն տարիքի պեպենոտ դեմքով ՏՂԱ
Ուրիշ երեխաներ
Դուդուկահարների եռյակ
Բժշկուհի և սանիտարներ
ՏԵՍԱՐԱՆ 1
Կիսաքանդ բակի անկյունում՝ Արամի տունը. 20-րդ դարի սկզբին բնորոշ դռնով ու լուսամուտներով: Ապակիների մի մասը ջարդված է, տեղը՝ ցելոֆան կպցրած: Դիմացը ծիրանի հնամյա ծառը: Տան ճակատին արձանագրություն է. «Կառուցեցաւ տունս թուին ՌՋԱ: ԱԾ օրհնէ սորա բնակչաց: Ամէն»: Տուն տանող փայտե, մաշված աստիճաններ:
Երևանի շոգ կեսօր: Ծղրիդների ձայն:
ԱՐԱՄ — (դուրս է գալիս տնից, նստում է սանդուղքի վերին աստիճանին): Ո՞ւր կորավ, հը՞։ Ասենք, ո՞ւր պիտի կորած լինի։ Ո՛վ գիտե, մտքերի մեջ ընկած ուր ես խցկել, հիմա ընկել, ման ես գալիս ու չես գտնում։ (Վեր է կենում, ձեռքը մեջքին դնելով:) Ըըը՜ը… Մի ցավիր, էլի՜:
Մտնում է ներս։ Սենյակ՝ հնաոճ կահ-կարասի, պատին՝ ձեռագործ գորգ, վրան լուսանկար` շրջանակի մեջ: Մյուս պատին գրադարակներ են: Սենյակի մի կողմում մահճակալն է։ Արամը սանդուղքը հենում է պահարանին, որի վրա ճամպրուկներ են, զգուշորեն բարձրանում է:
ԱՐԱՄ — Մայրս էր` ջահել, բարակ իրանով, երկար հյուսքերով ու ես` նրա գրկում: Մի տարեկա՞ն եմ, երկո՞ւ… Ո՞ւր եմ դրել: (Հասնում է ճամպրուկներին, քանդում ամենավերևի կաշվե փոկերը:) Ոնց որ էստեղ եմ դրել:
Դրսում՝ արգելակվող մեքենայի ձայն: Քիչ անց դուռը ուժեղ բախում են:
ԱՐԱՄ — Ո՞վ կլինի: (Ավելի ուժգին են բախում:) Գալի՜ս եմ: (Արագ, որքան թույլ է տալիս տարիքը, իջնում է:) Գալի՜ս եմ:
Բացում է դուռը: Շեմին կանգնած են Կարոն ու Դերոն։
ԿԱՐՈ — Ո՞ւր ես, այ բիձա, շոգից մեռանք: Մի ժամ է՝ ծեծում ենք:
Կարոն ներխուժում է սենյակ, փռվում բազմոցին: Դերոն նստում է ճաշասեղանի մոտ:
ԿԱՐՈ — (թղթապանակից թուղթ հանելով՝ Արամին): Ստորագրի:
ԱՐԱՄ — (ակնոցը դնում է, կարդում): Հը-ը՜… Չէ՛:
ԿԱՐՈ — Ո՞նց չէ, արա, ինչի՞ չէ:
ԱՐԱՄ — Էդպես: Տունն իմն է, ի՛մ սեփականությունը, պապերիցս ստացած միակ ժառանգությունը ու ես համաձայն չեմ, որ քանդեք:
ԴԵՐՈ — (հանդարտ): Էս ամբողջ թաղամասը քանդում են ու մենակ քո տունը…
ԱՐԱՄ — Ամբողջ թաղամա՞սը… Իմ ի՞նչ գործն է: Ես իմ տան սեփականատերն եմ ու իմ տան համար եմ պատասխանատու:
ԿԱՐՈ — (ծխախոտ է վառում): Հո քո ասելով չէ՞: Քո տունը… Ասենք՝ ի՞նչ տուն, բլքոզդ սեպի պես խրվել, մնացել է պրոյեկտի մեջ:
ԱՐԱՄ — (մոխրաման բերում, դնում է սեղանին): Մեկի համար բլքոզ է, մյուսի համար` ապրած կյանք, հիշողություն, մանկություն, ծեր օրերի մխիթարություն, հայրենիք` եթե կուզեք:
ԴԵՐՈ — Ի՜նչ մեծ-մեծ բաներից ես խոսում… Բոլորի համար ընդունելի է, քեզ համար անընդունելի՞: Քաղաքի դեմքը պիտի մաքրենք էս աղբից: Աշխարհն առաջ է գնում։ Մենք մեր թսթսան քելքով նրա ետևից կհասնե՞նք: Հըլը ասա` քսանմեկերորդ դա՞ր… Ասա՝ գլոբալիզացիա՞…
ԱՐԱՄ — Դուք լավ գիտեք այս տան ճարտարապետական արժեքը: Ես չէ, որ պիտի բացատրեմ:
ԴԵՐՈ — Որոշում կա, պետական որոշում: Մենք պետություն ենք, թե՞… Ո՞ւր է ձեր պետական մտածողությունը:
ԿԱՐՈ — (ծխախոտը հանգցնելով վեր է կենում տեղից): Հայրենիք ես ասում, հիշողություն, մանկություն, ով գիտե էլի ինչեր ես մոգոնում: Ունեցածդ էս չէ՞: Տո՛ւն… Արա, ինչի էսի տո՞ւն ա: (Հայացքով տնտղում է սենյակի իրերը:) Սրա տեղաշո՜րը:
ԱՐԱՄ — Սրա չէ, Արամ Վարդանի Սերոբյանի։ Ինչ որ իմն է՝ իմն է:
ԿԱՐՈ — Արա, կարող ա՞ ձև ես բռնում, որ գինը թանկացնես, էս բլքոզդ պալատի տեղակ սաղացնես:
ԱՐԱՄ — Իմացած եղեք, եթե մի միլիոն դոլար էլ տաք, իմ տունը չեմ տա: Սա իմ սեփականությունն է, պապերիցս ստացած միակ ժառանգությունը… ու վե՛րջ: Ես կապրեմ, քանի Աստված ինձ կյանք է տվել, հետո էլ…
ԴԵՐՈ — Եվ ոչի՞նչ, որ քո տունը կեղտոտ բծի նման այլանդակելու է նորակառույց թաղամասի դեմքը:
ԱՐԱՄ — Ես այդ կարծիքին չեմ: Ես դեմ եմ այս ձևով ու այս տիպի կառուցապատմանը: Ամեն ինչ արվում է անշունչ, անհոգի, անպատմություն։ Ախր, այս բակը իր հին տներով, իր ավանդություններով, մարդկային հարաբերություններով, իր, իր… Մի խոսքով, սա է քաղաքի դեմքը և ոչ թե ձեր անհոգի նորակառույցները։
ԿԱՐՈ — Արա, դու չգիտե՞ս, ով ա կանգնած էս գործի ետևում:
ԱՐԱՄ — (անվրդով): Արա չէ, Արամ Վարդանի… Ով ուզում է լինի, ի՞նչ կարևոր է:
ԿԱՐՈ — Արամ Վարդանի, ասեմ իմանաս` էս ծրագրի ետևում Կանազի Ռազն ու նրա պես մի քանի ուրիշ տղերք են կանգնած: Մի մասը Հայաստանում են, մի մասն՝ արտասահմանում։ Հիմնականում նրանց փողերով ա իրականացվում էս մեծ ծրագիրը: Օտարերկրյա կապիտալ ա գալիս մեր երկիր, հասկանո՞ւմ ես։
ԱՐԱՄ — Ռազ… Էդ ո՞վ է:
ԴԵՐՈ — Չգիտե՞ս, ով ա Կանազի Ռազը:
ԱՐԱՄ — Նրա հետ ի՞նչ գործ ունեմ, որ իմանամ:
ԴԵՐՈ — Ռազին չես ճանաչում, իսկ Ազգային ժողովի պատգամավոր Արա Գալոյանին ճանաչո՞ւմ ես:
ԱՐԱՄ — Ենթադրենք:
ԴԵՐՈ — Այ, ինքն է Ռազը: Սաղ աշխարհը նրան ճանաչում է, դու` չէ՞: Իմացիր, եթե ինքը նպատակ դրեց իր առաջ, ցանկացած գնով կհասնի դրան: Այնպես որ, ավելի լավ է չկանգնես նրա ճանապարհին: Արի, քարը փեշիցդ թափի, համաձայնագիրն ստորագրի, գնա, քեզ համար ծերությունդ վայելի: Մի… թեկուզ երկու սենյականոց բնակարան ստացիր ու հանգիստ ապրի կյանքիդ մնացած օրերը:
ԱՐԱՄ — Ես ինժեներ մարդ եմ, աչք ունեմ, հասկացողություն ունեմ և տեսնում եմ, որ իմ տունը ո՛չ քաղաքին է խանգարում, ո՛չ ձեր Ռազին: Թող մյուսների տների տեղում իր բետոնն ու ապակին տնկի և թող ինձ հանգիստ թողնի:
ԿԱՐՈ — Տո, այ բիձա, քեզ փիլիսոփայի տեղ մի դիր, է՜: Քեզ որ ասում են` տունդ պլանի տակ ա, ուրեմն պլանի տակ ա: Քեզ որ ասում են` Արա Գալոյանն էս թաղամասն ու էս փողոցը ժամանակակից շենքերով է զարդարելու, ուրեմն էդպես է: Ուզես, թե չէ, սեպդ էստեղից հանելու են: Արի, քանի քեզ համար ամեն ինչ լավ ա, փողդ առ, տունդ ստացի, ռադդ քաշի:
ԱՐԱՄ — Մի վիրավորեք։ Ռազ է, թե Կռազ, ինձ համար մեկ է, ես իմ տանից դուրս եկողը չեմ: Եթե պետք լինի, իմ իրավունքները պաշտպանելու համար Եվրոդատարան ու ՄԱԿ էլ կդիմեմ: (Կարոյին.) Ասենք, քեզ ի՞նչ եմ ասում, դու էդ բաները դժվար թե հասկանաս:
ԴԵՐՈ — ՄԱԿ-ն ու Եվրոդատարանն էլ ուրիշ բան ու գործ չունեն, սպասում են, թե դու ե՞րբ պիտի քո բողոքն ուղարկես, որ քննեն:
ԱՐԱՄ — (Դերոյին): Դու ճարտարապետ մարդ ես, կհասկանաս` ինչ եմ ասում: Այս տան նկուղում մի օրորոց կա, հարյուր հիսուն տարեկան է, կենի փայտից է պատրաստված: Գիտե՞ս, էդ ինչ փայտ է: Չգիտե՞ս, ասեմ` իմացիր: Էդ փայտից Նոյի տապանն է սարքած եղել: Էդ օրորոցի մեջ մեր տոհմի մի քսան սերունդ է մեծացել ու մինչև հիմի էդ օրոցքից երեխայի հոտ է գալիս: Էս տան ճակատի գիրը կարդացի՞ր։
Դերոն գլխով հավանության նշան է անում:
ԿԱՐՈ — Այ մարդ, քո Նոյն ու իրա տապանն ի՞նչ կապ ունեն էստեղ: Քո օրորոցն ո՞վ ա վերցնում: Տար, քո նոր բնակարանում դիր ու օրորիր: Քեզ ո՞վ ա խանգարում:
ԱՐԱՄ — (անտեսելով Կարոյի հեգնանքը): Դուք զորավար Սմբատի մասին լսե՞լ եք:
ԿԱՐՈ — Արա, էս ի՞նչ ա ասում, է՜: Ի՞նչ զորավար Սմբատ:
ԱՐԱՄ — (Դերոյին): Էդ Մախլուտոն է՝ զորավար Անդրանիկի քարտուղարն ու թիկնապահը: Ուրեմն, Զորավար Սմբատն էս տան մեջ իմ հոր հետ նարդի էր խաղում ու թաքուն, կիսաձայն պատմում էր Անդրանիկի մասին: Մյուս ֆիդայիների մասին էր պատմում…
ԿԱՐՈ — (անհամբեր՝ Դերոյին): Արա, ի՞նչ ես սրա հեքիաթներին ականջ կախում, մենք պտի պատասխան տանք մարդկանց: Մեզ ուղարկել են, որ էս մարդուն բան բացատրենք, իսկ սա՞: Մալխուտո՜… Մալխուտոն ո՞վ է։ Դերո, դու գիտե՞ս։ (Դերոն չի պատասխանում։) Իմացիր, Արամ Վարդանի, համապատասխան տեղում գլխիդ կսարքեն, տունն էլ ձեռքիցդ կառնեն, ամեն ինչ էլ, ու դու կնստես, պապիդ օրորոցը կօրորես: Ասում ես` Նոյն ա սարքե՞լ… Աբիզզյաննիկում կփակեն՝ ու գնա: Իզուր էլ եկել, հետդ գլուխ ենք դնում: (Գնում է դեպի դուռը:)
ԱՐԱՄ — Ինձ մի փորձիր վախեցնել: Ես իմ վախերը վաղուց եմ հաղթահարել: Ուր էլ տանեն, օրը երեք անգամ հաց ու ջուր կտան: Իսկ դա ինձ համար շատ է: Ես հացի քոռ չեմ:
ԴԵՐՈ — (դեպի դուռը գնալով): Եթե փոշմանես, իմաց տուր: (Մեկնում է այցեքարտը:) Հեռախոսիս համարն է: (Գաղտնիք ասելու պես:) Գլուխդ իզուր տեղը ցավի տակ մի դնի: Թաղի բոլոր բնակիչներն իրենց համաձայնությունը տվել են, մի մասն արդեն նոր բնակարան է տեղափոխվել, մյուսներն էլ էս էրկու օրը կգնան: Ասեցի՝ պետական որոշում կա: Պետության ու պետականության դեմ մի կանգնիր:
ԱՐԱՄ — Պետությո՞ւն: Պետականությո՞ւն։ Պետության անվան տակ Ռազերն են մեյդան եկել… Մի թուլափայ էլ ձեզ են քցել ու եկել, վրա եք տալիս:
ԴԵՐՈ — Մի վիրավորիր, մենք թուլա չենք, մենք մեր քաղաքի ու էս երկրի համար լավ գործ ենք ուզում անել:
ԱՐԱՄ — Իրենց ժամանակին Պողոս-Պետրոս եկեղեցին քանդողներն էլ էին էդպես ասում:
ԴԵՐՈ — Էս ո՞ւմ հետ եմ գլուխ դնում: (Դուրս է գալիս:)
ՏԵՍԱՐԱՆ 2
Առավոտ է: Արամը հատակն է լվանում:
ԱՐԱՄ — (հևալով): Էս հետքերը հեչ, սրանք մաքրելը հեշտ է: Դժվարը հոգու վրա նստած կեղտը մաքրելն է: Ամեն ինչ փողով, ուժով ու պաշտոնով են չափում: Գալիս, իրենցն են ասում ու հաշվի չեն առնում, թե դիմացինն ինչ է ուզում, ինչի՞ է հակառակվում: Ո՞վ է: Իրենց տեսակետից` ոչ ոք: Հետո ի՞նչ, որ ժամանակին Արամ Վարդանի Սերոբյանը մի ամբողջ գործարանի գլխավոր տեխնոլոգն է եղել: Հիմա ո՞վ է: Հե՛չ: Ոչ ոք: Ընդամենը երեսուն հազար դրամ թոշակ ստացող միայնակ ծեր, որ չի ենթարկվում իրենց քմահաճույքին, որ հպարտ է, մի երկու շիշ ձեթ ու մի կիլո մակարոն ստանալու համար անունը «Փարոսի» ցուցակներում գրել չի տալիս:
Դույլն ու շորը տանում է լոգարան: Քիչ անց դուրս է գալիս սրբիչը գլխին գցած: Հայելու առաջ չորացնում է մազերը, սանրվում: Միացնում է «ՎԵՖ» ռադիոընդունիչը: Երաժշտություն: Բացում է պահարանը, հագնվում է խնամքով:
ԱՐԱՄ — Քանի՞ օր է՝ չեմ գնացել… տասնհի՞նգ… Մեր մեջ ասած՝ դա անշնորհքություն է, Արամ տղա:
Սառնարանից փաթեթներով մթերք է հանում, շարում սեղանին:
ՌԱԴԻՈ — ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում սաստիկ շոգի պատճառով դադարեցվել են աշխատանքները պետական հիմնարկներում: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ երեք հարյուր հազար մարդ:
ԱՐԱՄ — (փաթեթները տոպրակի մեջ դասավորելով): Ա՜յ քեզ դժբախտություն… Առանց էլեկտրաէներգիայի ո՞նց են ապրում: Ոչի՜նչ, ամերիկացիները հարուստ երկրի երես առած, կուշտուկուռ քաղաքացիներ են, նազ են ծախում: Հայաստանում պիտի լինեին, որ իմանային… Ո՞վ էր հաշվի առնելու, թե շոգ է կամ մարդիկ անլույս են մնացել: Համաճարակ, պատերազմ, պաշտոնակռիվ… Չէ, ի՞նչ կռիվ, գզվռտո՜ց։
ՌԱԴԻՈ — Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներով լի ավտոբուսը ընկել է անդունդը: Կան բազմաթիվ զոհեր:
ԱՐԱՄ — Լավ չէ, որ մարդիկ են մեռել, բայց ինձ համար անօգուտ լուր է: Սան Պաոլոն՝ ուր, ես՝ ուր… Թյո՛ւ, ձեր ի՞նչն եմ ասել: Լրագրող են կոչվում: Փոխանակ նստած տեղից վեր կենա, գոնե լուսամուտից նայի ու նկարագրի բացվող առավոտը, իջնի զբոսայգի, ծաղիկ ջրող մարդու հետ զրուցի… Կպել է համակարգչից ու լուրերն այնտեղից է քաղում… Սան Պաոլոյում… Առավոտ շուտ սև ու բացասական մուր են թափում մարդու գլխին:
Անջատում է ռադիոն, դնում ամառային լայնեզր գլխարկը, վերցնում մթերքով լի տոպրակը, դուրս է գալիս:
Բակի կենտրոնում՝ չգործող մանկական խաղահրապարակ, անխնամ զրուցարան: Մի քարի վրա շախմատի` ձեռքով գծած ստվարաթղթե տախտակ, վրան՝ մի զինվոր:
ԱՐԱՄ — (արևի տակ տաքացող մողեսին)։ Բարի լույս, Աստծո արարած, քեզ է՞լ են բնավեր անում։
Տրակտորի աղմուկ։
ԱՐԱՄ — (ձեռքով քշելով ծուխը): Փո՜ւհ, ձեր մարդ ասողին։ Ամեն ինչ իրար խառնեցին, ծուխ, մուր, աղմուկ։ Չեն ասում՝ ախր այս բակը հին Երևանի դեմքն էր, պատմություն: Եթե թշնամին այսպես վարվեր, ի՞նչ կասեինք: Այսինքն՝ դա գուցե և բնական թվար… Է՜, ո՞ւմ ասես, կամ ո՛ւմ բացատրես։
Հեռվից ֆուտբոլ խաղացող երեխաների ձայներ են լսվում.
Տշի՛, Հայկո… Խփի՛, արա՜… Ա՛ջ… Պաս տուր, պա՜ս… Գո՜լ…
Երեխաների ձայները խլանում են բուլդոզերի աղմուկի մեջ:
ԱՐԱՄ — Ամեն ինչ կեղտոտեցին, փչացրին ամեն բան: (Մողեսին.) Տեսնո՞ւմ ես, ինչ է կատարվում, թե՞ քեզ համար մեկ է: Տեսնո՞ւմ ես, չորս կողմից ոնց են հարձակվում իմ ու քո վրա: Բայց ոչի՜նչ, դիմացի՛ր: Կյանքում ամեն ինչ անցնում է, էս էլ կանցնի: (Մողեսը փախչում է:) Դու էլ փախիր, փախիր, գլուխդ ազատիր։ Չես հասկանում, որ էսօր քո ծակը մտնելով կփրկվես, բայց վաղը տունը կքանդեն ու… Բոլորը քեզ նման են։ Ընդհանուրի մասին մտածող չկա, ամեն մարդ իր մասին է մտածում։ (Մոտենում է ծիրանենուն:) Հողից կտրված մարդն անարմատ ծառի է նման: Արմատներդ պինդ պահիր: Կարող ես` թաքնվիր մարդկանց աչքերից, թե չէ կկտրեն: Կկտրեն ու քո փոխարեն քար, ասֆալտ, բետոն ու ապակի կտնկեն։
Բուլդոզերի ձայնին միանում է մեքենաների աղմուկը:
ԱՐԱՄ — (քայլում է դեպի դալանը, տեսնելով «Ա+Գ հավասար է» գրությունը): Տասնչորս տարեկանում գրեցի: Խենթի պես սիրահարված էի Գոհարին: (Գնում է:)
ՏԵՍԱՐԱՆ 3
Արամը ծերերի տուն—ինտերնատի բակում է. զրուցարանում ծերերը շախմատ են խաղում:
ԳԱՍՊԱՐ — (խաղաքարին է մեկնում ձեռքը՝ դողում է, ցրիվ է տալիս մի քանի խաղաքար, մեղավոր): Կներես:
ԱԶԱՏ — (նեղսրտած): Ի՜նչ կներես: Էլի սկսեցիր ա՞ղ ցանել:
ԳԱՍՊԱՐ — Ñòàðîñòü — íå ðàäîñòü. Ո՞վ ցավ ու հիվանդություն չունի:
ԱԶԱՏ — Որ գիտես՝ ձեռքդ դողում ա, զգույշ եղիր, էլի՛, ամեն անգամ նույնը` սաղ քարերը խառնում ես: (Կողքի նստածներին.) Ոնց որ կարտոշկի վրա աղ ցանի:
Ծիծաղ:
ԳԱՍՊԱՐ — (տեղից վեր կենալով): Պարտիան քեզ:
ԱԶԱՏ — Արի, արի, մի նեղանա… Էլի փախա՞ր:
ԳԱՍՊԱՐ — Համ կանչում, համոզում ես, թե արի խաղանք, համ էլ ամեն անգամ…
ԶԱՎԵՆ — Արա, տարած պարտիան ափսոս չէ՞ր: Ազատն ամեն անգամ էդպես է անում:
ԳԱՍՊԱՐ — (զրուցարանից դուրս գալով): Ափսո՞ս… Ես կյանքս եմ տանուլ տվել ու չեմ ափսոսում, շախմատի պարտիան ի՞նչ է, որ ափսոսամ: (Ինքն իրեն:) Ասա՝ քո ցավը չգիտե՞ս, մի խաղա, էլի… Թե էս ցավը որտեղի՞ց եկավ, կպավ: Էդ չէ՞ր առիթը, որ ծերանոց էկա: Ամեն անգամ շորերս լվանալիս վրան թափված ճաշի համար հարսս հազար անլվա խոսք էր ասում: Չէ՛, եթե հիվանդությունը ջահելուց է գալիս, մարդ էլի դիմանում է, բայց որ ահելուց է գալիս, դժվար է…
ԶԱՎԵՆ — Այ Ազատ, էդ մարդուն ինչի՞ ես ամեն անգամ նեղացնում, գիտես՝ սիրտը ցաված ու վիրավոր է, բայց նեղացնում ես:
ԱԶԱՏ — Հա, ի՞նչ արեցի որ… Հավլունի թրի թանկարժեք քարերը գետնին չընկան: Ասում ես՝ վիրավոր: Էստեղ ո՞վ վիրավոր չէ: Բոլորս էլ անթև թռչուն ենք:
ԱՐԱՄ — Գասպա՜ր:
Գասպարը չի լսում, քայլում է շենքի կողմը:
ԱՐԱՄ — (ավելի բարձր): Գասպա՜ր:
Գասպարը կանգ է առնում, հետո գնում Արամին ընդառաջ: Դեմքին արհեստական ժպիտ է նկարում: Մոտենում է, գրկախառնվում են:
ԱՐԱՄ — Ո՞նց ես: Հիմա կասես` չի գալիս:
ԳԱՍՊԱՐ — Ինչքա՞ն ժամանակ չես եկել, որ… (Զգացվում է, որ ամեն օր սպասել է:) Ո՞վ է հաշվում… Մի տասնհինգ օր, էլի… Համ էլ դու հո պարտավոր չե՞ս:
Նստում են ազատ նստարանին:
ԱՐԱՄ — (տոպրակը բացելով): Տե՛ս, ինչեր եմ բերել քեզ համար: Քո սիրած ծխախոտը, երշիկը, ռոքֆոր պանիրը… Վաֆլի շատ ես սիրում, չէ՞: Փոքր ժամանակ ցանկացած խաղալիքդ կփոխանակեիր վաֆլիի հետ:
ԳԱՍՊԱՐ — Ո՜նց էլ հիշում ես: Փոքր ժամանակ… Այ Արամ ջան, ես հո ուտելիքի՞ց չեմ նեղվում: Էստեղ քաղցած չեմ: Աչքս է սոված, աչքս է կարոտած: Ուզում եմ մի կարոտած, մի սիրելի, ինձ տեսնել ցանկացող դեմք տեսնեմ, հարազատի սրտացավ խոսք լսեմ, թե չէ… ուտելի՜ք:
ԱՐԱՄ — Էդքան ասացի` արի ինձ հետ ապրի, չլսեցիր:
ԳԱՍՊԱՐ — (Արամի բերած ծխախոտը վառելով): Առաջարկիդ համար շնորհակալ եմ, բայց ախր ո՞նց կլինի: Նույն բակում տղաս է ապրում իր ընտանիքով: Գամ, ես՝ իրենց ու իրենք՝ իմ աչքի առաջ, ո՞նց կլինի: Եզը կվերցնեն, տակը հորթ կփնտրեն… Չէ՛։ Համ էլ դու թոշակառու մարդ ես, հազիվ ես յոլա գնում, աղջիկդ Մոսկվայում, դու` պատվախնդիր, նրանից ոչինչ չես ուզում… Չէ, մի աման ճաշն էստեղ էլ կուտեմ: Դու մենակ շուտ-շուտ արի, ուղղակի զրուցելու համար:
ԱՐԱՄ — Առողջությունդ ո՞նց է… (Պատասխանի չսպասելով:) Հիմա որ գաս, էլ տղայիդ ու նրա ընտանիքին չես հանդիպի: Բայց հիմա էլ…
ԳԱՍՊԱՐ — (բռնում է սիրտը): Ո՞նց… Ի՞նչ է եղել:
ԱՐԱՄ — Իրար մի խառնվի, այ մարդ, նոր տուն են տեղափոխվել: Կարծեմ Նորքի վեցերորդ զանգված, երեք սենյականոց բնակարան:
ԳԱՍՊԱՐ — (քիչ հանգստանալով): Ինչի՞:
ԱՐԱՄ — Զահրումարը քո պնչի: Իրենք իսկի չեն հետաքրքրվում` դու ո՞ղջ ես, թե՞ մեռած, դու սիրտդ ես բռնում։ Իրենք քեզ ծերանոց են քցել, քո սեփական տանից հանել, բերել են էստեղ, իսկ դու…
ԳԱՍՊԱՐ — (անհամբեր): Էդ հազար անգամ ասել ես, գիտեմ, հիմի ասա` ինչի՞:
ԱՐԱՄ — Մինչև էսօր չէի ասում, չէի ուզում, որ նեղվեիր: Հիմի ասեմ` մի մեծահարուստ էդ տարածքն առել ու քանդում է, որ բարձրահարկ շենքեր կառուցի:
ԳԱՍՊԱՐ — Էդ կանաչ, էդ հին ու դրախտ բա՞կը։
ԱՐԱՄ — Հիմա հինն ու կանաչն ո՞ւմ են պետք: Հիմա ուրիշ կանաչ է հետաքրքրում մարդկանց:
ԳԱՍՊԱՐ — Բա պետությո՞ւնը:
ԱՐԱՄ — Պետությունը փողի կողմն է, մարդու կողմը չէ… Ու քանդում են:
ԳԱՍՊԱՐ — Իմ պապի սարքած տո՞ւնը…
ԱՐԱՄ — Տղադ առանց աչքը ճպելու առաջինը ստորագրեց համաձայնագիրը:
Գասպարը ձեռքը սրտին է տանում:
ԱՐԱՄ — (գրպանից հաբ է հանում): Առ, դիր լեզվիդ տակ ու քեզ մի սպանիր: Մեկ է, դու էդ տուն չէիր վերադառնալու: Էդ տունը քեզ համար հինգ տարի առաջ էր քանդվել:
ԳԱՍՊԱՐ — Բա հո՞ւյսը… (Դեղը դնում է բերանը:) Հույսը մեծ բան է, Արամ, հույսը չեն կտրում: Բա դո՞ւ:
ԱՐԱՄ — Ես ի՞նչ:
ԳԱՍՊԱՐ — Դու ո՞ւր ես տեղափոխվում, Մոսկվա՞:
ԱՐԱՄ — Չէ՛։
ԳԱՍՊԱՐ — Բա՞:
ԱՐԱՄ — Իմ տանից դուրս գալ չեմ պատրաստվում: Ես ոչ մի համաձայնագիր չեմ ստորագրի:
ԳԱՍՊԱՐ — Դու չես ստորագրի, աղջիկդ կստորագրի: Փողի դար է, ախպեր ջան, մի քիչ ավել փող կխոստանան, Մոսկվայից կգա, կստորագրի, քեզ էլ կառնի, կտանի Ռուսաստան: Վախենամ էնտեղ օտար գերեզման լինես:
ԱՐԱՄ — Քանի ողջ եմ, դուրս չեմ գա: Թող իմ տունն ինձ համար գերեզման դառնա:
ԳԱՍՊԱՐ — Ինչի՞, դու ծուռ մե՞խ ես, թե՞ սեպ:
ԱՐԱՄ — Մանկությունից գիտես համառությունս:
ԳԱՍՊԱՐ — Փողի դեմ ոչ մի բան չի դիմանա, Արամ, դու ես ափսոս: Ոտնատակ կտան, չեն նայի, հիմի աշխարհը դրանցն է:
ԱՐԱՄ — Ամեն մարդ իր աշխարհն ունի: Իմ աշխարհի, իմ կյանքի, իմ տան տերը ես եմ ու վերջ:
Գասպարն ուզում է ծխախոտ կպցնել, Արամը ցույց է տալիս սիրտը: Գասպարը թափ է տալիս ձեռքը, ծխախոտ է կպցնում: Ոտքի են կանգնում:
ԳԱՍՊԱՐ — Այ տղա, սիրտս լավ բան չի գուշակում, զգույշ մնա: Կուզե՞ս, ես էլ գամ, երկուսով դիմադրենք:
ԱՐԱՄ — Չէ, սա իմ կռիվն է, համ էլ դու ի՞նչ պիտի անես…
ԳԱՍՊԱՐ — Դու մենակ, էդքանի դեմ… ախր…
ԱՐԱՄ — Ոհմակը… Գիտե՞ս ոհմակին ինչպես պիտի հաղթել:
ԳԱՍՊԱՐ — Եսի՞մ:
ԱՐԱՄ — Պիտի կանգնել մինչև վերջ: Հենց ընկար` կհոշոտեն: (Ձեռքը տանում է գոտկատեղին, կնճռոտվում:)
ԳԱՍՊԱՐ — Ցավո՞ւմ է:
ԱՐԱՄ — Դե, ես գնացի, կերևամ:
ԳԱՍՊԱՐ — Արի, բայց բան չբերես: Քոնը հազիվ քեզ հերիքի: Քեզնից մի կտրիր ինձ համար:
ԱՐԱՄ — Մի կտրի՜ր… Ինձ համա՜ր… Իրար հետ մի ամբողջ կյանք ենք անցել: (Դժվարությամբ քայլում է դեպի դարպասը:)
ԱԶԱՏ — (տեսնելով հեռացող Արամին՝ մոտենում է): Մեռա քեզ փնտրելով։ Ո՞ւր ես, այ մարդ, ո՞ւր ես։ Նեղացա՞ր։
ԳԱՍՊԱՐ — Չէ, ի՞նչ նեղանալ։ Ուղղակի նեղվեցի։ Քեզ վրա չբարկացա, իմ հիվանդությունից նեղվեցի։
ԱԶԱՏ — Անցած լինի։ Ո՞վ էր։
ԳԱՍՊԱՐ — Մանկությանս ընկերը։
ԱԶԱՏ — Ինչ լավ է, որ այցելող ունես։ Մարդը հարազատ-բարեկամ մարդկանցով է մարդ։ Առանց սրտակից մարդու… Թոռներիս կարոտից սիրտս պայթում է։ Բան-ման բերե՞լ էր։
ԳԱՍՊԱՐ — Բան-ման ասելով ի՞նչ նկատի ունես։
ԱԶԱՏ — (տոպրակը ցույց տալով): Այ մարդ, դե պերեդաչի, էլի։
ԳԱՍՊԱՐ — Հա, իհարկե։
ԱԶԱՏ — Պապիրոս կա՞։
ԳԱՍՊԱՐ.- Կա, բայց սիրտդ, ախր…
ԱԶԱՏ — Դու սրտիս մասի՞ն ես մտածում, թե՞ քո պապիրոսի։
ԳԱՍՊԱՐ — Սրտիդ։
ԱԶԱՏ — Մի մտածիր, սիրտն ինչի՞ս է։ Ասենք մի տարի ավել աշխատեց ու ես մի տարի ավել կերա պետության տված հացը, ի՞նչ կփոխվի աշխարհում։
ԳԱՍՊԱՐ — Աշխարհում չի փոխվի, քո կյանքում կփոխվի։
ԱԶԱՏ — Իմ կյանքում էլ չի փոխվի։ Մի քանի պարտիա շախմատ ավելի պիտի խաղամ, մի քիչ ավելի պիտի ներվայնացնեմ քեզ, պիտի կարոտեմ, թաքուն լաց լինեմ էրեխեքիս ու թոռներիս կարոտից… և պիտի հիասթափվեմ ավելի ու ավելի։ Տո՛ւր, գոնե մի հատիկ տուր ծխեմ։ (Գասպարը մի տուփ է տալիս: Ազատը ծխում է, հետո բռնում Գասպարի թևից:) Յա՜, էնքան չեմ ծխել, որ մի ծուխ առա ու գլուխս պտտվեց։
ՏԵՍԱՐԱՆ 4
Արամը մոտենում է բակին: Ամենուր թափված են քարեր, չոր կրաշաղախի բեկորներ։ Նա փորձում է շրջանցել դրանք: Աշխղեկը ձեռքի շարժումով հասկացնում է, որ հեռանա, բայց Արամը անտեսում է նրան: Քայլում է զգույշ, ոտքերը քանդված կամարի քարերի վրա դնելով, հետո տեսնում է իր փորագրած քարի կտորը՝ Ա+Գ:
ԱՇԽՂԵԿ — (մոտենալով): Ո՞ւր, այ հայրիկ, ո՜ւր… հո գլխիցդ ձեռք չե՞ս քաշել, այ մարդ:
ԱՐԱՄ — (աչքը` կիսաջարդ քարին:) Տուն:
ԱՇԽՂԵԿ — Ո՞ւր է տուն: (Արամը ձեռքը մեկնում է տան կողմը: Աշխղեկը՝ բազմանշանակ:) Հա՜:
ԱՐԱՄ — (մոտենում է ծիրանենուն): Զորավար Սմբատը նարդուն թավլի էր ասում, ծիրանին` պարկուկ, ինձ` Հայդուկ Արամ, հիշո՞ւմ ես։
ԶՈՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՁԱՅՆԸ — Հայդուկ Արամ, ձեր պարկուկն էս բակի ամենահամով միրգն է, դու` ճարպիկ ու ճկուն հայդուկ ու իմ կոկորդը` չորացած: Էդոր համար էլ Սեթո բիձեն իմ ջարդը տալիս է, թավալ է տալիս թավլի մեջ։ Ասում եմ, ելնես ծառի վրա, էն հասածներից մի էրկու ծիրան հասցնես, հը՞…
Արամը նայում է բակի մյուս կողմը: Հեռացող բեռնատարի ձայնը։
ԱՐԱՄ — Էս մեկն էլ գնաց: Կարծեմ ինձնից բացի ոչ ոք չի մնացել: Ի՞նչ հեշտ են զիջում, ի՜նչ հեշտ են մոռանում ամեն ինչ: Տեսնես ո՞ւմ իրերն էին:
Չի նկատում, ինչպես են մոտենում Սաքոն ու Հասմիկը:
ՍԱՔՈ — Բարի օր:
ԱՐԱՄ — Ձե՞ր իրերն էին:
ՍԱՔՈ — Հա, պրծանք, վերջապես մենք էլ կվարտիրայում կապրենք:
ՀԱՍՄԻԿ — Բարև ձեզ:
ԱՐԱՄ — (ժպտալով): Բարև, աղջիկ ջան: (Իր միտքը շարունակելով🙂 Ամենահամովը Սեթո բիձի թութն էր ու ամենաթունդը՝ նրա քաշած թթի արաղը, ամենասպիտակն ու առողջը` Մարուս տատի տան մոտի պոպոքը:
ՍԱՔՈ — Հա՛… Երեկ կտրեցին: Եսի՞մ, քանի տարեկան էր: Մի ընտանիքի մի ձմեռվա վառելափայտ էր: Մեջ-մեջ արեցին:
ՀԱՍՄԻԿ — (լարվելով): Արտյոմիս սենյակն են քանդում: (Լալիս է, ասես Արտյոմը մնացել է այնտեղ🙂
ՍԱՔՈ — Է՜հ, մեզ ի՞նչ: Մեր հին տան տեղակ էրկու հատ էրկու սենյականոց բնակարան ենք ստացել: Տղերքս վերջապես տան տեր դարձան:
ՀԱՍՄԻԿ — Պանելային շենքի իններորդ հարկում:
ՍԱՔՈ — Վերելակ կա:
ՀԱՍՄԻԿ — (ասես չի լսում ամուսնուն): Ոտքդ գետնից կտրած, կանաչի ու օդի կարոտ… Մեր թթենին…
ՍԱՔՈ — Շուկա կա, չհաշված քթիդ տակի սուպերմարկետը: Համ էլ մենք չե՞նք եկել, որ Արամ քեռու մոտ վիճենք ու նայենք, թե ոնց են քանդում մեր նախկին տունը:
ՀԱՍՄԻԿ — Մի ամբողջ կյանք, երիտասարդություն, սեր, դժվարություն, երեխաներ… Էս բակում անցկացրինք ու հիմի դժվար է: Երբ թռչնի բույնը քանդում են, թեկուզև նախկին, էլի դարդ է անում, էլ ուր մնաց` մարդը:
ՍԱՔՈ — (անտեսելով կնոջը): Արամ Վարդանովիչ, մենակ դուք եք մնացել: Բոլոր հարևանները տեղափոխվել, տեղավորվել են:
ԱՐԱՄ — Թող բոլորն էլ բարով վայելեն իրենց նոր տունը: Ես չեմ տեղափոխվելու:
ՍԱՔՈ — Ո՞նց:
ԱՐԱՄ — Էդպես: Չեմ ուզում:
ՍԱՔՈ — Հո քո ուզելով չէ՞: Ախր, տղերքը նեղվում են:
ԱՐԱՄ — Տղերքը` ո՞վ:
ՍԱՔՈ — Կարոն, օրինակ:
ԱՐԱՄ — Կարոն նեղվի, թե չէ՝ չեմ տեղափոխվելու:
ՍԱՔՈ — Արի էդ քարը փեշիցդ թափի, համաձայնվիր, Ռազն էդ տղեն չի, Ռազը լավությանը պատասխանել գիտի: Հը՜մ… Ինչպես որ վատությանը:
ԱՐԱՄ — Ես իմ տանն եմ մեռնելու: Ի՞նչ լավության ու վատության հարց կա: Սա պապերից ստացած ժառանգություն է: Արդեն հարյուր հիսուն տարի` էս հողը մերն է, հարյուր տարուց ավել` տունը կա:
ՍԱՔՈ — Բռունցքով բզի գլխին մի խփի, քեզ կվնասեն: Նրանց ձեռքը երկար է, մինչև Մոսկվա` աղջկադ էլ կհասնեն:
ԱՐԱՄ — Քարին քամին ի՞նչ կանի: Ի՞նչ ունեմ, մի քանի տարվա կյա՞նք:
ՀԱՍՄԻԿ — (լացակումած): Արամ քեռի, սրանք արյունխռած գելեր են, սրանք մեծ ու փոքր, աչք ու երես չեն հարցնում: Կվնասեն:
ԱՐԱՄ — Գիտեմ, բայց մեկը պիտի՞ հակառակվի, թե չէ: Մեկը պիտի ասի՞, որ էս երկիրը մենակ իրենցը չէ, մեկը պիտի հասկացնի՞, որ ուրիշի սարքածը քանդելով չեն կառուցում: Թող կառուցեն ամայի տեղում, ոչ թե այգու մեջ, այգին կտրելով, ոչ թե պատմական արժեք ներկայացնող շենքերի տեղում ուրիշի տունը քանդելով։
ՍԱՔՈ — Կարոն ասում էր…
ԱՐԱՄ — Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Կարոն: Շոգ է, եկեք ներս գնանք` թան հյուրասիրեմ:
ՀԱՍՄԻԿ — (մեկ քանդվող տանն է նայում, մեկ` ամուսնուն): Հը՞…
ՍԱՔՈ — Չէ։ Կարոն ասում էր…
ԱՐԱՄ — Հիմա էլ ձեզ է ուղարկել: Ասեք` չէ: Ասեք՝ Արամն էդ մարդը չէ, որ էսօր մի բան ասի, էգուց խոսքը փոխի: Էս երկրին մի տեր կանգնող պիտի լինի, թե՞ պիտի թողնենք, որ դրանք անեն` ինչ ուզենան:
ՍԱՔՈ — Այ մարդ, էս երկրի ցավը քե՞զ են տվել: Դու ո՞վ ես, էս երկրի պա՞պն ես, նահապե՞տը, թե՞ նախագահը։
ԱՐԱՄ — Որ լավ մտածես` ամեն ինչը:
ՍԱՔՈ — Քո գլխին դարդ ու ցավ ես սարքում: (Նրա տոնով🙂 Ամեն ի՜նչը…
ԱՐԱՄ — Հա, ամե՛ն ինչը: Էս երկրի ուրախությունն իմն է, հաջողությունը` նույնպես, ձախուծուռ բաների համար էլ առաջին հերթին ես եմ պատասխանատու։
ՍԱՔՈ — Գիտեի՝ խելացի մարդ ես: Էդ ի՞նչ ես խոսում: (Հասմիկին.) Արի, արի, ուշացանք:
ՀԱՍՄԻԿ — Ինչի՞ց ենք ուշանում: Ոչ մի բանից էլ չենք ուշանում: Ամեն մեկդ ձեր շահի ետևից վազեցիք ու թողեցիք, որ ձեր տները քանդեն:
ՍԱՔՈ — Էլի քո՞նն ես շարունակում: Մնա Արամի մոտ, էրկուսով դիմադրեք: (Բռնում է կնոջ ձեռքն ու ուժով տանում է բակից🙂
Հասմիկը գնում է` հայացքը նախկին ծաղկուն բակին, իրենց քանդված տանը, ջարդոտված ծառերին:
ՍԱՔՈ — Հերիք է, մենք էլ մի քիչ մարդավարի ապրենք: Էս աշխարհի ցավը մեզ չեն տվել: (Արամին նմանակելով🙂 Ե՛ս եմ պատասխանատու… Տո, քեզ ո՞վ է հաշվի առնում, քո կարծիքն ո՞ւմ է պետք: Կարաս` օգտվիր հարմար պահից, թե չէ… հո՜ղ, քաղա՜ք, հայրենի՜ք, ապուպա՜պ: Ապուպապն իրենցն արել, անցել են, հիմի քո ապրելու հերթն է: (Հասմիկի ձեռքն ավելի ուժգին քաշելով🙂 Մեջքս կխփեմ ջեռուցման մարտկոցին ու կպառկեմ հանգիստ: Ոնց որ սաղ աշխարհը, էնպես էլ՝ Սաքոն: Կաշխատեմ ութ ժամս, գլուխ կպահեմ, խանութից կառնեմ` ինչ պետք է, նարդի կխաղամ «բեսեդկայում» ու թե պարտվեմ` մեղավորը ես չեմ, երկիրը երկիր չէ ու վե՛րջ:
ՏԵՍԱՐԱՆ 5
Երեկո: Արամը նստած է աստիճանների վրա: Լսվում է Զորավար Սմբատի ձայնը:
ԶՈՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՁԱՅՆԸ — Հայդուկ Արամ, գիտե՞ս, որ էս ազնվագույն ծառը մաքուր հայկական է: Օտարներն այն հայկական սալոր են կոչում: Էս ծառն արդար ծառ է, Աստծո տված, Նոյի տնկած, ու էս ծառը լավ պիտի պահել: Հենց Հայոց հողի վրայից ծիրանենին վերացավ, հայությունն էլ կվերանա: Ամեն ծիրանի ծառ օրհնություն է ցողում հայոց հողի վրա: Դու գիտե՞ս, որ ծիրանափողն էլ ծիրանենուց են սարքում ու նրա ձայնը ծիրանի նման է՝ քաղցր, հագեցնող, մարդու սրտի մեջ ուրախությունն ու ցավն իրար խառնող:
Ոտնաձայներ են լսվում: Ինչ—որ մեկը գալիս է սայթաքելով, անհոդաբաշխ հնչյուններ արձակելով:
ԳԱՍՊԱՐ — (քթի տակ խոսելով): Վա՜յ ձեր մարդ ասողին։ Էն ծառ ու ծաղիկն էս ի՞նչ են արել: Էն շեն բակից էս ավերա՞կն է մնացել: Ասա, սարքածն ո՞ւր եք քանդում: Տղա եք` ամայի տեղում սարքեք, թե չէ…
ԱՐԱՄ — Գասպա՞ր:
ԳԱՍՊԱՐ — (նստում է կողքին🙂 Իմ տան տեղը հազիվ գտա:
ԱՐԱՄ — (անտարբեր): Ինչի՞ էկար:
ԳԱՍՊԱՐ — Ինտերնատում չգիտեն, որ եկել եմ: Իմանային` չէին թողնի: Եկա, որ քեզ մենակ չթողնեմ: Էս ի՜նչ են արել անխիղճները: Ասում ես՝ ինչ պիտի սարքե՞ն:
ԱՐԱՄ — Ճարտարապետն ասում է` առևտրի կենտրոն, կողքին էլ` բարձրահարկ էլիտար շենք:
ԳԱՍՊԱՐ — Ուրիշ տեղ չկա՞ր:
ԱՐԱՄ — Քաղաքի կենտրոնում հողի մի պտղունցը մի պտղունց ոսկու գին ունի: Արի, ներս գնանք:
Արամը մտնում է ներս, Գասպարը հետևում է նրան: Դրսում՝ մեքենայի դռան շրխկոց, քիչ անց թակում են դուռը:
ԳԱՍՊԱՐ — (վախվորած): Ո՞վ է:
ԱՐԱՄ — (պատասխանի չսպասելով): Մտե՛ք:
Ներս է մտնում Դերոն:
ԴԵՐՈ — Բարի երեկո:
Գասպարը գլխով է անում:
ԱՐԱՄ — Բարի եկաք: Համեցեք: (Աթոռ է առաջարկում:)
Նստում են: Գասպարը նստում է թախտին, միացնում հեռուստացույցը, բայց ուշադրությունն ավելի շատ նրանց կողմն է:
ԴԵՐՈ — Ո՞նց եք… Երեկ էնքան էլ լավ չստացվեց: Կարոն է, էլի: (Արամը լարված սպասում է:) Բայց դուք էլ լավ չեք վարվում:
ԱՐԱՄ — Ո՞ր հարցում:
ԴԵՐՈ — Ձեր հարևանները, տասը ընտանիք, գնացել, առոք-փառոք տեղավորվել են, իսկ դո՞ւք:
ԱՐԱՄ — Ես ի՞նչ:
ԴԵՐՈ — Համառում եք:
ԱՐԱՄ — (տեղից ելնում, սանդուղքը մոտեցնում է պահարանին, բարձրանում, ճամպրուկից թղթեր է հանում): Էս է, գտա: (Իջնում, թղթերը դնում է Դերոյի առաջ, բայց վրայից վերցնում է լուսանկարը, դնում գզրոցը:) Ժամանակ ունե՞ք:
ԴԵՐՈ — Ըը… հա:
ԱՐԱՄ — Ուրեմն նայեք: (Առանձնացնում է խունացած մի փաստաթուղթ): Սա Էրիվան քաղաքի առաջին հատակագծի ընդունումից հետո պապիս պապին տված թույլտվությունն է: Դա 1856 թվականին է եղել: Ցարական կառավարությունն ի դեմս Էրիվանի նահանգապետ-գուբեռնատորի հաստատում է, որ էս հողը պապինս է` Հայկ Սերոբյանինը: (Գտնում է մի ուրիշ թուղթ:) Սա այս տունը կառուցելու թույլտվությունն է՝ տրված 1900 թվականին: Մյուս փաստաթղթերը չեմ ուզում ցույց տալ, բայց էս մեկը տեսեք: (Տալիս է սեփականաշնորհման վկայագիրը:)
ԴԵՐՈ — Հասկանալի է, բայց մենք առաջարկում ենք, որ համաձայնեք, մեր նախագծին չխանգարեք: Ախր, տունը հնարավոր չէ նախագծի մեջ առնել:
ԱՐԱՄ — (փաստաթղթերը հավաքելով): Տունը ո՛չ թաղամասի նախագիծն է խաթարում, ո՛չ քաղաքի: Տունը ձեզ է խանգարում: Կքանդեք, ինձ նմաններին մի-մի փշուր գցելով կհեռացնեք ու հազար դոլար դնելով միլիոն կաշխատեք:
ԴԵՐՈ — Ը-հը՛, խելացի ես դատում: Բա դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Ե՛վ մենք կշահենք, և՛ բնակիչները կօգտվեն:
ԱՐԱՄ — Բա ճշմարտությունն ո՞ւր մնաց:
ԴԵՐՈ — Ի՞նչ ճշմարտություն, ո՞ւմ ճշմարտությունը, ի՞մ, թե՞ քո… Ճշմարտությունը հարաբերական հասկացություն է: Քո տեսակետից քո շահերն են ճշմարիտ, իմ տեսակետից` իմ: Ճշմարտություն չկա, կան շահեր:
ԱՐԱՄ — Մեր օրերում է այդպես:
ԴԵՐՈ — Չէ, բոլոր ժամանակներում էլ էդպես է եղել: Երկու հազար տարի առաջ Պիղատոսը Քրիստոսին հարցնում էր. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Ճիշտ էր ասում՝ ո՞ւմ ճշմարտությունը։ Քրիստոսի՞, Պիղատոսի՞, թե՞ փարիսեցիների ճշմարտությունը։ Նայած ում աչքերով կնայես, նայած որ տեսակետից կնայես էդ ճշմարտությանը։ Ժամանակին պապերդ հարուստ են եղել, քաղաքի լավ տեղում հող են առել, տուն շինելու թույլտվություն ստացել: Հիմի ուրիշն է հարուստ։ Բայց ավելի լավ է չփիլիսոփայենք:
ԱՐԱՄ — Ոնց ուզում եք: Ես իմ իրավունքներն եմ պաշտպանում:
ԴԵՐՈ — Դուք գիտեք, որ էս գործի թիկունքում լավ տղերք են կանգնած, նրանից վերև էլի պաշտոնավորներ կան: Թե Հայաստանից, թե դրսից: Իմացել են քո մերժման մասին: Բայց նրանք հասկացող մարդիկ են, ուզում են ձեզ լավություն անել: (Ծրար է դնում սեղանին:) Սա ձեզ, բացի պաշտոնապես տրվող հատուցումից: (Արամը ետ է քաշվում:) Հինգ հազար է, կանաչով:
ԱՐԱՄ — Պետք չէ:
ԴԵՐՈ — Այ մարդ, դու ի՞նչ մարդ ես: Ինչ առաջարկում ենք, մերժում ես: Էսօր ո՞ւմ փող պետք չէ, ավել պատառն ո՞ւմ փորն է ծակել… Աղջիկդ մոսկվաներում կիսասոված… դու էստեղ… վերցրու, էլի՜…
ԱՐԱՄ — Ես էս տանն եմ ծնվել, էստեղ էլ մեռնելու եմ:
ԴԵՐՈ — Մի համառեք: Դուք նրանց հետ…
ԳԱՍՊԱՐ — (մոտենում է): Այ Արամ, վերցրու, ասա` թող կենտրոնին մոտ մի շենքի ներքևի հարկերում բնակարան տան: Աշխարհով է, հո մենակ քեզնով չէ՞:
ԱՐԱՄ — (Դերոյին): Ճարտարապետ մարդ եք, տեսնում եմ` կիրթ ու գիտակից, ո՞նց չեք հասկանում, թե ինչու եմ մերժում:
ԴԵՐՈ — Հասկանում եմ, բայց ձեզ հաշվի առնող չի լինի: (Ցուցամատը դնում է ծրարի վրա:) Սա ամեն ինչ իրենով է անում: Սրա համար փակ դռներ չկան: Իզուր տեղը…
ԱՐԱՄ — Էշ նահատակ չդառնա՞մ:
ԴԵՐՈ — (ծիծաղելով): Դու ասացիր:
ԱՐԱՄ — Մինչև օրս ոչ ինձ եմ դավաճանել, ոչ ուրիշին ու հիմա էլ ինձ դավաճանել չեմ ուզում:
ԴԵՐՈ — Էստեղ ի՞նչ դավաճանելու հարց կա: Պարզապես քո համառության պատանդն ես դարձել ու վե՛րջ: Չես ցանկանում թքածդ լիզել: Ես կզեկուցեմ` ուր պետք է: Քո մուրը քո գլուխը:
ԱՐԱՄ — Էդպես եք անում, որ ազգովի դրոշով ցիգան ենք դառել:
ԴԵՐՈ — Այսի՞նքն:
ԱՐԱՄ — Կարծես թե երկիր ունենք, պետություն ունենք, զինանշան ունենք, բայց աշխարհով մեկ ցրված ենք ու գնչուի նման թափառում ենք: Այն, ինչ չի տալիս մեր երկիրը, կամ այն, ինչ մեզնից խլում են մերոնք, գնում, ուրիշներից ենք պահանջում: Ուրիշներն էլ չեն մերժում, բայց չեն տալիս, ժպտում են քաղաքավարի ու թիկունքներիս ձեռքերն են թափ տալիս:
ԴԵՐՈ — Մի հարց տամ ու գնամ: Չեմ ուզում հետդ բանավիճել, ես գործի մարդ եմ:
ԱՐԱՄ — Համեցեք:
ԴԵՐՈ — Մինչև քո տանը հասնելը էս հարցով ինչո՞ւ չէիր անհանգստանում: Ինչո՞ւ չէիր մտածում էդ մասին, ինչո՞ւ դռներ չէիր բախում… Պատասխան չեմ ուզում, դու էլ գիտես պատասխանը, ես էլ: Վստահ եմ, էդ պատասխանները կարող են տրամագծորեն հակառակ լինել իրար, բայց ամեն հայ իր պատասխանն ունի էդ հարցերին, ամեն հայ իր ճիշտն է տեսնում ու… (Ծրարը դնում է գրպանը, հայացք գցում փաստաթղթերին:) 1856 թվակա՞ն, ասում ես: (Արամը գլխով է անում:) Կապ չունի, ուզում է թույլտվությունը Արգիշտի արքան տված լինի: Կճանաչեն հանրային գերակա շահ ու կքանդեն: (Գնում է դեպի դուռը:) Տե՛ս, կփոշմանես, ուշ կլինի:
Արամը ճանապարհում է նրան, գալիս, նստում է սեղանի մոտ:
ԳԱՍՊԱՐ — (աչքը՝ հեռուստացույցին): Այ տղա, էս ի՞նչ անառակ բան են ցույց տալիս էս շան տղերքը:
ԱՐԱՄ — (ավելի շատ ինքն իրեն): Երբ Արցախյան շարժումն սկսվեց, շատերի նման ես էլ ոգևորվեցի։
ԳԱՍՊԱՐ — (ծիծաղելով): Հիշում եմ, հրապարակից տուն չէիր գալիս։
ԱՐԱՄ — Արցախ… Անկախ Հայաստան… Կեցցե… Կորչի… «Պայքար, պայքար մինչև վերջ…»։ Թե իմանայի, որ էդ պայքարի վերջն էս էր լինելու…
ԳԱՍՊԱՐ — Ասենք իմանայիր՝ ի՞նչ կանեիր։
ԱՐԱՄ — Ոչ մի բան էլ չէի անի, էլի կհավատայի։ Հրապարակում հավաքված մարդկանցից շատերը, վստահ եմ, էլի կշարունակեին պայքարը։
ԳԱՍՊԱՐ — Ինչո՞ւ։
ԱՐԱՄ — Հավատում էին գաղափարին, հավատում էին էդ գաղափարը քարոզողներին և իրենց երազանքին էին հավատում։
ԳԱՍՊԱՐ — Միամի՞տ էին։
ԱՐԱՄ — Չէ, Գասպար, երազանքը միշտ մաքուր ու անբիծ է լինում, բայց երբ սկսում ես երազանքի շապիկը կյանքին հագցնել, էդ շապիկը բզկտվում է, հասկացա՞ր։
ԳԱՍՊԱՐ — Չէ։ Կարգին ասա՝ հասկանամ։
ԱՐԱՄ — Երազանքը մարդու մտքի ու սրտի մեջ է լինում, կյանքի դաժանությունից ազատ, բայց երբ սկսում ես կյանքում կիրառել, հազար ու մի խոչընդոտի ես հանդիպում, հազար ու մի վտանգի։ Խանգարողներն էլ քիչ չեն… Մի խոսքով… Արդեն ուշ է, վեր կաց քնենք։
Տան բակը: Դերոն դուրս է գալիս տնից։ Անկյունից դուրս են գալիս Բուդին ու Գագան:
ԲՈՒԴԻ — Հը՞:
ԴԵՐՈ — Ծը՛-ը՜…
ԳԱԳԱ — Վախ, արա՛, Ռազն իմանա, կդիվոտի:
ԴԵՐՈ — Ուրեմն Ռազի մյուս պլանը պիտի գործի դնենք:
ԲՈՒԴԻ — Պտի վախեցնե՞նք:
ԴԵՐՈ — Առայժմ:
ԲՈՒԴԻ — Էղավ, շեֆ:
ԳԱԳԱ — Հիմի՞:
Դերոն չի պատասխանում։
Հեռացող մեքենայի աղմուկ: Բուդին ու Գագան անհետանում են մութի մեջ:
ՏԵՍԱՐԱՆ 6
Արամի սենյակը: Գասպարը հեռուստացույց է նայում: Արամը նստած է նախկին դիրքով:
ԱՐԱՄ — Ասում է՝ ինչո՞ւ չես մտածում: Բայց ես իշխանություն եմ ընտրել, որ ինքը մտածի: Ես հարկ եմ վճարում, իրենք աշխատավարձ են ստանում, լիուլի օգտվում են բարիքներից, եթե ես պիտի մտածեմ, բա իրե՞նք ինչի համար են: Միայն իրենց մասին մտածելո՞ւ:
Փշրվող ապակիների ձայն: Ապակու կտորները լցվում են լուսամուտի տակ նստած Գասպարի վրա: Հատակին է ընկնում լուսամուտի գոգին դրած ռադիոընդունիչը:
Հեռուստացույցի ձայնը — Մարդու երջանկության համար քիչ բան է հարկավոր…
ԳԱՍՊԱՐ — (տեղից վեր թռչելով): Վա՜յ, էս ի՞նչ էղավ:
ԱՐԱՄ — (վեր է թռչում տեղից): Վա՜յ, ձեր մարդ ասողին… խուլիգան շան որդիք:
Գասպարը արնոտված գլխով պտտվում է սենյակում: Արամը վիրակապ է գտնում, կապում է գլուխը:
ԱՐԱՄ — Արյունը շատ հորդ է: (Գասպարը ուշաթափվում է: Արամը դողացող մատներով 03 է հավաքում, հետո փորձում է ուշքի բերել Գասպարին:) Գասպա՜ր… Գասպար, այ տղա, քեզ ի՞նչ եղավ, Գասպար ջան…
Գասպարը ուշքի է գալիս: Արամը ջուր է տալիս նրան, նստեցնում բազմոցին, բայց Գասպարը հասկացնում է, որ չի ցանկանում բազմոցին նստել, վախենում է ու գալիս, նստում է աթոռին:
Ներս է մտնում Շտապ օգնության բժշկուհին:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ո՞ւր է հիվանդը: (Մոտենում է, զննում:) Հիվանդանոց պիտի տանենք:
Սանիտարները Գասպարին դնում են պատգարակին ու հանում դուրս։ Արամը փակում է դուռը, հետևում է նրանց։
ՏԵՍԱՐԱՆ 7
Առավոտ: Արամը կանգնած է հիվանդանոցի մուտքի մոտ, հագուստի վրա արյան հետքեր կան։ Արամին է մոտենում մի կին:
ԿԻՆ — Բարև ձեզ:
ԱՐԱՄ — (փորձում է ժպտալ): Բարև ձեզ:
ԿԻՆ — Ես տուն-ինտերնատի ներկայացուցիչն եմ: Ասում են՝ Գասպար քեռին ձեր տանն է եղել:
ԱՐԱՄ — Հա: Երեկոյան անսպասելի եկավ:
ԿԻՆ — Լուսամուտի ապակին… (Արամը գլխի շարժումով հաստատում է:) Գասպար քեռին պատմեց։ Ցավալի է։ Արդեն լավ է զգում իրեն… Ոստիկանություն զանգե՞լ եք…
ԱՐԱՄ — Իրիկունը դրա ժամանակը չէր, հետո հիվանդանոցում կարծեցի` վերջ: Սիրտը շատ վատացավ: Լավ էր, ոնց որ փրկվեց: Բժիշկը հայտնած կլինի` ուր հարկն է, բայց անիմաստ է, չեն գտնի:
ԿԻՆ — Ինչո՞ւ:
ԱՐԱՄ — (երկիմաստ): Ոմանց համար ձեռնտու չէ, որ գտնեն:
ԿԻՆ — Բժիշկն ասաց` վաղը կամ մյուս օրը դուրս կգրեն:
ԱՐԱՄ — Ձեզ մոտ տարեք:
ԿԻՆ — Հարազատներն այցելե՞լ են:
ԱՐԱՄ — Ոչ: Այսինքն՝ չգիտեմ, որևէ մեկն ասե՞լ է տղային:
ԿԻՆ — (տխուր օրորում է գլուխը): Ցտեսություն:
ԱՐԱՄ — (ժպտում է տխուր): Ցտեսություն:
Մտնում է հիվանդասենյակ: Գասպարը պառկած է:
ԱՐԱՄ — Հը՞…
ԳԱՍՊԱՐ — Լավ եմ, Արամ ջան, լավ եմ, դու գնա: Մի քիչ էլ կպառկեմ, վեր կկենամ:
ԱՐԱՄ — Գնամ, քեզ համար ուտելիք բերեմ:
ԳԱՍՊԱՐ — Չէ, Անժիկը… ծերանոցի աշխատակցուհին ասաց՝ իրենք կուղարկեն: Մի անհանգստացիր: Գրիշը… տղես, էլի, գիտի՞:
ԱՐԱՄ — (կտրուկ): Չեմ ասել: Ի՞նչ կարիք կա: Գիտես՝ ինչ պիտի լինի: Կամ չի գա, կամ կգա, մեղքն ուրիշի վրա կբարդի, կռիվ կսարքի, կթողնի կգնա: Չէ: (Մտածելուց հետո:) Ասենք, դու գիտես, Գասպար ջան: Դու` քո տղան:
Գասպարը փորձում է արցունքը թաքցնել:
ԱՐԱՄ — (հուզվել է, փորձում է կատակի տալ): Լա՛վ, մի տզզա, եքա տղամարդ ես, փոքր ժամանակվա սովորությանդ վերջ չտվեցիր: Աշխարհը փոխվեց, դու` չէ:
ԳԱՍՊԱՐ — Ի՞նչ անեմ, ես էլ փուխր եմ: (Հավաքում է իրեն:) Ես լավ եմ, Արամ ջան, դու գնա: Տես, կարող ա գտնես դրանց… Էս գործն էսպես թողնել պետք չէ:
ԱՐԱՄ — Լավ, գնամ, դու քնի, հանգստացիր։ Ես էլի կգամ:
ԳԱՍՊԱՐ — Գաս՝ ի՞նչ անես, էգուց դուրս գրվեմ, կգնամ ծերանոց:
Արամը դուրս է գնում:
ՏԵՍԱՐԱՆ 8
Բակը` շինարարական եռուզեռով: Արամը մոտենում է տանը, դռան կողքի քարի վրա տեսնում է մողեսին:
ԱՐԱՄ — Քանի՞ տարի են ապրում մողեսները: Դու իմ մանկության, պատանեկության, երիտասարդության տարիների մողե՞սն ես, թե՞ նրա սերունդներից մեկը: Տեսնես ո՞վ կիմանա, թե քանի տարի են ապրում մողեսները:
Մտնում է ներս: Սենյակում նախորդ օրվա ավերածությունն է: Փորձում է վառել լույսը, չի վառվում:
ԱՐԱՄ — Քե՞զ ինչ եղավ: Կարո՞ղ է լամպն է վառվել: (Դուրս է գալիս, տեսնում` էլեկտրալարը կտրել են:) Կտրել են, հա՞: (Մտնում է ներս, զանգում է:) Ալո՛, Մայի՞ս, իմ հոսանքն ինչո՞ւ է անջատված… Թաղը հոսանքազրկվա՞ծ է… Թաղում մարդ չի ապրում, կարգադրել են հոսանքազրկե՞լ: Բա ես մարդ չե՞մ… Կարգադրությունը վերևի՞ց է… Լավ… լավ… (Խոսափողը ցած է դնում:) Լա՜վ: (Դուրս է գալիս տնից:)
ՏԵՍԱՐԱՆ 9
Թաղապետարանի շենքը: Մուտքի մոտ նստած են ոստիկանները՝ «հեռախոսների մեջ են»: Արամը նրանց կողքով գործնական տեսքով է անցնում, ասես աշխատակից է: Ընդունարանը: Արամը սրընթաց ներս է մտնում պետի առանձնասենյակը: Քարտուղարուհին ուշացած փորձում է չթողնել՝ ապարդյուն: Ներսում փոքրամարմին պետն է, Կարոն, Դերոն, ևս մի քանի աշխատակից:
ԱՐԱՄ — Ոստիկաններին չպատժեք: Կարծեցին` ձերոնցից եմ: Միջանցքում նստած էն աղջիկը չհասցրեց ինձ կանգնեցնել:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (իրեն ներս է գցում Արամի ետևից): Առանց հարցնելու ներխուժեց, չկարողացա…
ՊԵՏ — (հեռանալու նշան է անում քարտուղարուհուն): Հետո՞:
Քարտուղարուհին կամաց ծածկում է դուռը:
ԱՐԱՄ — Հետո… Եկել եմ հարցնեմ` մինչև ե՞րբ:
ՊԵՏ — Ի՞նչը՝ մինչև երբ: (Կարոյին.) Էս ո՞վ է:
ԿԱՐՈ — Արամ Վարդանի Սերոբյանը:
ՊԵՏ — Այսի՞նքն:
ԴԵՐՈ — Կենտրոն թաղամասի հայտնի տարածքի սեփականատերը, որ չի համաձայնում…
ՊԵՏ — Հիմա ի՞նչ է ուզում:
ԴԵՐՈ — (Արամին): Պարոն պետը հարցնում է՝ ի՞նչ ես ուզում։
ԱՐԱՄ — Եկել եմ հարցնեմ` մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ պիտի ժողովրդի անունից խոսեք ու նրա դեմ գործեք: Օր-կեսօր, պատեհ-անպատեհ խոսում եք նրա անունից, բայց գործում եք նրան հակառակ:
ՊԵՏ — Հիմա էլ դուք եք անտեղի խոսում նրա անունից: Դուք ո՞վ եք, որ խոսում եք ժողովրդի անունից: Կոնկրետ` ձեզ ի՞նչ է պետք:
ԱՐԱՄ — Ի՞նձ: Շատ քիչ բան: Ուզում եմ, որ ինձ ու իմ տունը մոռանաք: Թողնեք հանգիստ մեռնեմ:
ՊԵՏ — Է, քեզ ո՞վ է խանգարում, մեռնել ես ուզում` մեռի:
ԱՐԱՄ — Ինչո՞ւ եք հոսանքն անջատել տվել: Երեկ խփեցին, ապակին ջարդեցին, էն խեղճ մարդը կիսամեռ եղավ, հազիվ հիվանդանոց հասցրինք: Փող եք առաջարկում… Չե՞ք տեսնում, որ չեմ ուզում: Մի ամբողջ կյանք աշխատել եմ էս երկրի համար, հիմա երեսուն հազար դրամ թոշակ եմ ստանում ու չեք թողնում…
ՊԵՏ — (իբր անտեղյակ՝ ներկաներին): Ո՞վ է անջատել հոսանքը, ապակին ինչո՞ւ են կոտրել: Ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել: Հանձնարարեք, թող խուլիգաններին գտնեն ու պատժեն: Կաշառք առաջարկելու համար գործ հարուցեք… Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինչ… (Արամին.) Չե՞ք ուզում ձեր տունը քանդելու համաձայնությունը ստորագրել:
ԱՐԱՄ — Չէ՛: (Ձեռքը տանում սրտին: Աթոռ չեն առաջարկում: Ցանկանում է նստել, բայց հրաժարվում է այդ մտքից: Գրպանից դեղ է հանում, դնում լեզվի տակ:)
ՊԵՏ — (չտեսնելու տալով Արամի վիճակը): Մի տվեք… Չե՞ք ուզում՝ չենք քանդի, պրծա՞նք: Ուրի՞շ… Մենք ժամանակ չունենք:
ԱՐԱՄ — Ուրիշ ոչինչ: Պարզապես մոռացեք ինձ, ինչպես մինչև հիմա էիք մոռացել:
ՊԵՏ — Մենք նրա համար ենք այստեղ նստած, որ մեր համաքաղաքացիներին միշտ հիշենք ու չմոռանանք:
Դերոն Արամին սենյակից դուրս է հանում:
ԱՐԱՄ — Թյո՜ւ, էլի խաբեցին քեզ, Արամ, խաբեցին ու դու էլի չհավատալով հավատացիր: (Գնում է:)
ՊԵՏ — Չեք կարողանում հարց լուծել: Ո՞վ ունի, ո՞վ կա թիկունքին:
ԴԵՐՈ — Շեֆ, ոնց որ խփնված լինի սեփական տան վրա: Ինչ ասում ենք, «չէ» ա ասում։ Համոզել չի լինում: Ոչ ոք չունի, մի աղջիկ ունի` Մոսկվայում է:
ՊԵՏ — Ի՞նչ է անում:
ԿԱՐՈ — Ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտում է:
ՊԵՏ — (արհամարհանքով): Էդ հե՜չ: Ուրի՞շ:
ԴԵՐՈ — Հողի և տան սեփականության իրավունքը հաստատող շատ հին փաստաթղթեր ունի:
ՊԵՏ — Սեպը սեպով են հանում: Թուղթը չի՞ վառվում:
ԿԱՐՈ — Վառվում է:
ՊԵՏ — Տո՞ւնը: Մոմ է վառում, չէ՞, էլեկտրականություն չունի: Մեկ էլ տեսար` անուշադիր եղավ ու հրդեհը պատրաստ է:
ԿԱՐՈ — (բազմանշանակ): Հը՛մ…
ՊԵՏ — Խմող չէ՞:
ԴԵՐՈ — Չէ, կաթիլ չի առնում բերանը:
ՊԵՏ — (բազմանշանակ): Ալկա՜շ է:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ — Ալկաշ է… Բա ի՞նչ է… Հարբում, քնում է…
ՊԵՏ — Էդ թաղում խելքը գլխին մի էրկու հոգի չկա՞: Գնում, ապակի են կոտրում…
ԿԱՐՈ — Կա՛:
ՊԵՏ — Դե թող կյանքն ուտեն: Փողից հրաժարվո՞ւմ է: Ո՞վ է տեսել՝ փողից հրաժարվեն: Էդքան ազնի՞վ է: Լինո՞ւմ են էդպիսի մարդիկ:
ԴԵՐՈ — Պարզապես խփնված է իր հին տան, արմատների, պապերի հիշատակի ու հին փաստաթղթերի վրա: Հին օրորոց է պահում պադվալում, ասում է՝ պապերիս օրորոցն է։
ՊԵՏ — Բա հանրային գերակա շահն ո՞ւր մնաց: Հո չե՞նք կարող հանրության շահն ստորադասել ինչ-որ ալկաշի քմահաճույքին: Բա մեզ ինչի՞ համար են դրել էստեղ: Նրա համար են դրել, որ ժողովրդի մասին մտածենք: Մտածում ենք:
ՏԵՍԱՐԱՆ 10
Արամը պառկած է թախտին: Սեղանին, սուրճի ափսեի մեջ կիսատ մոմ է վառվում: Դուռը թակում են:
ԱՐԱՄ — (բացում է աչքերը): Ո՞վ կլինի… (Նորից են թակում դուռը: Տեղից ելնում, բացում է դուռը:)
Ոստիկաններ են:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Արամ Սերոբյա՞ն:
ԱՐԱՄ — Այո:
Լեյտենանտն ու սերժանտը մտնում են ներս: Արամն աթոռ է առաջարկում:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — (դժգոհ): Բողոքել եք:
ԱՐԱՄ — Ե՞րբ:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Բողոքել եք, որ տան ապակին կոտրել են, իսկ ոստիկանությունը անգործության է մատնված, միջոցներ չի ձեռնարկում: Դուք ե՞րբ եք ոստիկանություն դիմել, որ…
ԱՐԱՄ — Ես չեմ դիմել, բժիշկն է դիմել:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Բժշկի դիմումին ի պատասխան եղել ենք հիվանդանոցում, զրուցել տուժածի հետ: Տուժածը չի բողոքում:
ԱՐԱՄ — Բա տեղազննություն չի՞ կատարվելու:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Կարո՞ղ ա, քո չափ չենք հասկանում, դու պիտի ասես, որ մենք մեր գործը կատարենք: (Ձայնը բարձրացնելով:) Տեղազննություն ես պահանջում: Էս մթին ի՞նչը զննենք:
ԱՐԱՄ — Դրա մեղավորն է՞լ եմ ես: Լուսով գայիք:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — (սերժանտին): Նայի՛ր:
Սերժանտը իբր զննում-նայում է հատակին ընկած քարին, լուսամուտի ջարդված ապակուն, ռադիոյին:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — (մոմի լույսի տակ գրել չի կարողնում, դժգոհ): Կարո՞ղ ա գիտես Մովսես Խորենացին եմ:
ԱՐԱՄ — Խորենացին ի՞նչ կապ ունի:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Խորենացին էր մոմի լույսի տակ գրում: (Սերժանտին.) Գնացինք:
ԱՐԱՄ — Բա՜… բա՛…
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Էս մթին ո՛չ արձանագրություն կազմել կլինի, ո՛չ տեղազննություն անել: Թող մնա, կգանք։ Հետո կգանք… Հետքերին ձեռք չտաս… Բողոքո՜ւմ ես… Ըսկի չե՞ս մտածում, որ տուժողը ոչ մի բողոք չունի:
ՍԵՐԺԱՆՏ — Ո՞վ գիտի, ինքն ա սարքել, որ տուժած ու խեղճ երևա: Ես սրանց գիտեմ:
ԱՐԱՄ — (կարկամած): Ո՞նց թե, էդ ի՞նչ եք ասում, ես իմ տան ապակին կոտրե՞լ եմ…
ՍԵՐԺԱՆՏ — Ի՞նչ իմանամ՝ ինչ ես արել:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Էս բողոքական բիձեքին չեմ սիրում: Լուն ուղտ են սարքում:
Գնում են:
Բակում:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Սիմոնյանն ասեց` էս էրկու օրը բիձու հարցերը լուծելու են: Ասեց, գնացեք, իբր քննություն եք անցկացնում: Էն ծերանոցի բնակիչը լավ վախեցավ:
ՍԵՐԺԱՆՏ — (ծիծաղելով): Հավատաց, որ ասեցինք՝ ծերանոցից կհանեն:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Էս էլ կփափկի: Ձև ա թափում պրոստո:
ՏԵՍԱՐԱՆ 11
Բակում: Հայտնվում են Բուդին ու Գագան:
ԳԱԳԱ — Արա, Բուդի ջան, սրտիդ մեռնեմ, մենք ոնց որ լավ բան չենք անում, հը՞:
ԲՈՒԴԻ — Արա, ձե՛նդ: Լավ ա, վատ ա… Ռազի խոսքը գետնին քցե՞լ կլնի: Կարոն ի՞նչ ասավ: Չասա՞վ` սաղ պետերը գիտեն: Չասա՞վ՝ էս բիձեն խանգարում ա, չի թողնում մարդիկ աշխատեն:
ԳԱԳԱ — Արա, եսիմ, է՜: Սիրտս վատ բան ա գուշակում:
ԲՈՒԴԻ — Գիտե՞ս, էս շինարարության վրա քանի մարդ կաշխատի, գիտե՞ս, քանի ընտանիք եկամուտ կունենա: Էդ բիձի բլքոզի մեջ ի՞նչ կա: Կարոն ասում ա՝ ալկաշ ա:
ԳԱԳԱ — Արա, սրտիդ մեռնեմ, բա որ խմած քնած ըլնի ու…
ԲՈՒԴԻ — Արա, որ մեջդ տղամարդկություն չկար, ինչի՞ Կարոյին խոստացար: Համ էլ, ախպեր ջան, Կարոն ասավ, որ եթե էս գործը գլուխ բերենք, մարշրուտկի գիծ կտա:
ԳԱԳԱ — Քե՞զ:
ԲՈՒԴԻ — Մեզ, ախպեր, մե՜զ: Գիծն իմ անունով կլինի, դու կաշխատացնես: Վա՞տ ա… Ըհը, տե՛ս, լույս էլ չունի: Կասեն` խմել, քնել է ու մոմից պաժառ ա սկսվել:
Բուդին ծոցից հանում է բենզինի շիշը, հեռվից ցփնում աստիճաններին, վառում է լուցկին ու շպրտում: Հրդեհ է սկսվում:
ԳԱԳԱ — Թռանք:
Փախչում են:
Տնից դուրս է նետվում Արամը: Կրակը խփում է դեմքին: Մտնում է ներս, դուրս է գալիս դույլով լի ջուրը ձեռքին: Շփում է կրակի վրա, նույնը կրկնում է երկու-երեք անգամ… Կրակը հանգում է:
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Պա-պա՜, պապա ջա՜ն…
Արամը շուրջն է նայում: Հայտնվում է Մարիամը` ճամփորդական պայուսակով:
ՄԱՐԻԱՄ — (լաց լինելով): Պա՜պ… (Փաթաթվում է հորը:) Պապա ջա՜ն, էս ի՞նչ ա կատարվում, էս ի՞նչ վիճակի մեջ ես:
ԱՐԱՄ — Հանգստացիր, սարսափելի բան չկա: Փորձում են վախեցնել:
Մխացող աստիճաններով մի կերպ ներս են մտնում:
ՄԱՐԻԱՄ — (ավերված սենյակը տեսնելով): Էս ի՞նչ է…
ԱՐԱՄ — (հանգիստ): Ապակի, քար, արյուն: Գասպար քեռու արյունը։ Էն էլ մեր հին ռադիոն է: Էրեկ խփեցին, ապակին ջարդեցին։ Էսօր էլ ուզում էին տունը հրդեհել… Էս ինչի՞ ես էկել:
ՄԱՐԻԱՄ — (մոմի լույսի տակ խարխափելով՝ պայուսակը դնում է պատի տակ, նստում): Հասմիկ մորաքույրը զանգեց, ասաց, որ քեզ նեղում են, ասաց, որ քո համառության պատճառով փորձանքի մեջ ես ընկել, ասաց` հասիր, հորդ գլխին կսարքեն, մեղք է: Ես էլ ամեն ինչ թողեցի, Նիկոլայ Իվանիչից մի օր ժամանակ խնդրեցի ու եկա: Երկու օր հետո թեմայիս նախապաշտպանությունն է ամբիոնում:
ԱՐԱՄ — Հա՜, փորձանքի՞ մեջ պիտի լինեմ, որ հիշես ու գաս: Թողեցիր, գնացիր, չլսեցիր: Հայաստանում ո՛չ գիտություն կար, ո՛չ գիտնական, աշխարհի ամենամեծ ֆիզիկոսը քո Նիկոլայ Իվանիչն էր…
ՄԱՐԻԱՄ — Լավ, պապ, արի հինը չհիշենք: Եկել եմ, որ իրար հետ գնանք:
ԱՐԱՄ — Ո՞ւր:
ՄԱՐԻԱՄ — Մոսկվա: Ասեցի` մի օրով եմ եկել, որ քեզ խնդրեմ, գաս ինձ հետ:
ԱՐԱՄ — Իբր դու Մոսկվայում տե՞ղ ունես, որ ինձ էլ տանես:
ՄԱՐԻԱՄ — Կարևոր չէ, մի բան կանենք: Էստեղ մի մնա, սրանք ոչ ոքի խնայել չգիտեն, քեզ էլ չեն խնայի:
ԱՐԱՄ — Ես սիրում եմ պայքարել ու կպայքարեմ մինչև վերջ:
ՄԱՐԻԱՄ — Մինչև վերջ: Իսկ ո՞րն է վերջը:
Մոմը վառվում, վերջանում է: Հայր ու դուստր զրուցում են խավարի մեջ:
ԱՐԱՄ — Ավելի լավ է պառկենք: Ճանապարհից ես եկել, քաղցած չե՞ս:
ՄԱՐԻԱՄ — Ըըը, չէ… (Ձայնից զգացվում է, որ քաղցած է:)
ԱՐԱՄ — (լուցկու լույսի տակ սառնարանից ուտելիք է հանում): Կեր ու պառկիր: Լույսը բացվի, բարին հետը:
ՄԱՐԻԱՄ — Բա դո՞ւ:
ԱՐԱՄ — Ես մի քիչ ուշ կպառկեմ:
Արամը դուրս է գալիս: Քանդված մի քանի քար հարմարեցնում է վառված աստիճանների փոխարեն:
ԱՐԱՄ — Էս էլ էսպես: Մարդուն շատ քիչ բան է հարկավոր ապրելու համար: Մենակ սիրտը հանգիստ լինի։ Բայց դա չի լինի: Չե՜ն թողնի։ Քանի գնում, կենացները թանկանում են: Կարոն ու մյուսները չեն հանգստանա, մինչև իրենց ուզածին չհասնեն: Ի՞նչ ես անելու, Արամ տղա: Գուցե լսե՞ս մարդկանց, որ բարի խորհուրդ են տալիս… Մենակ թե Մարիամին չվնասեն: Պետք է համոզել ու հեռացնել նրան: Թող գնա Մոսկվա, թող հեռու լինի աչքներից, իսկ ես… Իսկ ես չեմ զիջի:
ՏԵՍԱՐԱՆ 12
Արամը քնած է թախտի վրա: Երազ է տեսնում. քարե աստիճանների կողքին ծաղկեպսակ է դրած՝ «Սիրելի Արամ հոպարին` թաղի երիտասարդների կողմից»:
ԱՐԱՄ — Յա՞, էս ե՞րբ եմ մեռել… (Շոշափում է իրեն:) Չէ, մեռած չեմ: Կարոյի հերթական օյիններն են: Ուզում է հոգեբանորեն ազդել վրաս, բայց չգիտի, որ ինձ Հայդուկ Արամ են ասում:
Հավաքվում են մարդիկ: Նրանց մեջ են Գագան, Բուդին, Դերոն, Կարոն, Սաքոն ու Հասմիկը, նաև` երեխաներ: Ոմանց ձեռքին ծաղիկներ կան: Տղաներից մեկի թևի տակ ֆուտբոլի գնդակ է, մյուսները զննում են տունը և պատի ճեղքից գլուխը դուրս հանած մողեսին, մի քանի տղեկ բարձրացել են ծիրանի ծառը:
ԱՐԱՄ — (երեխաներին): Զգույշ, հանկարծ ծառը չկոտրեք, առանց ծիրանենու Հայոց երկրի հողը անբերրի ու ամուլ կդառնա:
ՊԵՊԵՆՈՏ ՏՂԱ — (ծիծաղում ու լեզու է ցույց տալիս): Դու մեռե՜լ ես: Էլ մեզ վրա չես խոսի ցոգոլ գողանալու համար։
ԱՐԱՄ — Չէ, չեմ մեռել:
ԳԱՆԳՐԱՄԱԶ ՏՂԱ — Բա Կարոն ու Բուդին ասում են` մեռե՞լ ես:
ԱՐԱՄ — Գլուխները քարին են տալիս:
ՊԵՊԵՆՈՏ ՏՂԱ — (ցույց տալով մողեսին): Տե՛ս, ինքն էլ ա ասում, որ մեռել ես:
ԱՐԱՄ — (ոտքը զայրացած խփում է գետնին): Իսկ ես ձեզ ասում եմ` ո՛չ:
Շրջվում, տեսնում է թաղման մեղեդի նվագող դուդուկահարներին: Բուդին, Գագան, Կարոն, Դերոն վերցնում են փակ դագաղն ու նվագի ուղեկցությամբ շարժվում դեպի փողոց: Երեխաների մի մասը ծաղիկ է կոտրում ու գցում ճանապարհին, մյուսները վազում են թափորի ետևից:
ԱՐԱՄ — (հետևում է թափորին, ձայն է տալիս): Ես այստե՜ղ եմ, չե՜մ մեռել, բացեք դագաղն ու տեսեք, որ դատարկ է:
Արամի կողքին է հայտնվում Պետը:
ՊԵՏ — (թևանցուկ է անում, ականջին շշնջում): Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, թող թաղեն, էլի:
ԱՐԱՄ — Ախր…
ՊԵՏ — Ի՞նչ ախր, դու ասում էիր՝ թողեք հանգիստ մեռնեմ։ Մեռել ես։
ԱՐԱՄ — Ձեր ուզելով չե՛մ մեռնի։ Կմեռնեմ, երբ մահը գա ետևիցս։
ՊԵՏ — Եթե Արա Գալոյանն է էդպես ուզում, ուրեմն… Համ էլ ցանկությունդ կատարել ենք։ Մենք մեր քաղաքի բնակիչներին շատ ենք սիրում և ծառայում ենք նրանց։ Ախր, դու չես հասկանում, թե ինչքան եկամուտ կտա էս տեղը, եթե բնակելի մեծ շենք կառուցենք: Հո քո պատճառով էդքան փողը ջուրը չե՞նք լցնի: Բա արտասահմանցի ներդրողներն ի՞նչ կմտածեն մեր մասին:
Թափորը շարժվում է: Լսվում է Մարիամի բարձր ողբը:
ՄԱՐԻԱՄ — Պապ ջա՜ն, գոնե մամաս ողջ լինե՜ր… Պա՛-պա՜:
Արամը բացում է աչքերը, նստում տեղում: Դիմացը կանգնած է Մարիամը:
ՄԱՐԻԱՄ — Պա-պա՜…
ԱՐԱՄ — Հը՞… Մորդ խալա՞թն ես հագել:
ՄԱՐԻԱՄ — Հա, ինչի՞:
ԱՐԱՄ — Քանի գնում, մորդ ես նմանվում:
ՄԱՐԻԱՄ — Քնիդ մեջ տանջվում էիր, դրա համար արթնացրի: Սուրճ կուզե՞ս:
ԱՐԱՄ — Չէր խանգարի:
Լսվում է եկեղեցու զանգերի ձայնը:
ԱՐԱՄ — Ի՞նչ հիմար երազ էր: Տեսնես բարի՞ էր, թե՞ չար… Էս ո՞ւր հասար, Արամ, էս ինչի՞ հետև ես ընկել: Բարի է, չար է… Տպավորվել ես պարզապես: (Դիմում է Աստծուն:) Գիտես, որ հավատացյալ չեմ եղել: Չեմ հիշում, թե մի անգամ մոմ վառած լինեմ, բայց եթե կաս ու քննում ես մարդկանց գործերը, ուրեմն գիտես, որ չար բան էլ չեմ արել: Փորձել եմ ապրել արդար ու մաքուր: Հաջողվե՞լ է: Չե՞ս ասում… Դու էլ ես լռում, ինչպես մարդկանց մեծ մասն է լռում ու մի կողմ քաշվում կարևոր պահին:
Մարիամը սուրճ է բերում: Հայր ու աղջիկ սուրճ են խմում:
ԱՐԱՄ — (զգալով, որ Մարիամն ուզում է ինչ-որ բան ասել): Ասա՛:
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ ասեմ, ասելիքս գիտես: Ասում եմ` գնանք իրար հետ, թքիր ամեն ինչի վրա, արի գնանք: Թեզս կպաշտպանեմ, ամեն ինչ լավ կլինի:
ԱՐԱՄ — Ասում ես՝ թքե՞մ:
ՄԱՐԻԱՄ — Հա՛:
ԱՐԱՄ — Ախր, իմ անցած կյանքի, իմ նախնիների, իմ պատմության, վերջապես ինքս ինձ վրա ո՞նց թքեմ: Իմ անունն էլ հո Մարիամ չէ՞:
ՄԱՐԻԱՄ — Էլի՞…
ԱՐԱՄ — Չէ, նույն ջուրը չեմ ծեծի, ուղղակի ասեմ` իմացիր, կարող է էլ հարմար ժամանակ չլինի: Միշտ հիշիր, որ քեզ կյանքիցս շատ եմ սիրում, բայց արածիդ հավանություն չեմ տալիս: Սիրելն ու հավանություն տալը տարբեր բաներ են: Դու պիտի Մոսկվա չգնայիր, դու քեզ ուզող ու սիրող Արթուրին չպիտի մերժեիր…
ՄԱՐԻԱՄ — Էլի սկսեցիր իմ փոխարեն ապրել: Իմ հետդարձի տոմսն այսօր երեկոյան ժամը տասին է: Քեզ համար էլ տոմս առնեմ` գնանք:
ԱՐԱՄ — Նոր դու էիր ասում, թե ամեն մարդ իր ճանապարհով պիտի գնա: Ամեն մեկն իր փոխարեն պիտի ապրի, ի՛ր կյանքը: Ասենք, եթե լավ մտածես, մարդ հազիվ իրեն տված կյանքն է ապրում, էլ ուր մնաց թե… Քո ճանապարհն էդ է: Գնա: Իսկ իմ ճանապարհն այս տնից այն կողմ չի գնում:
ՄԱՐԻԱՄ — Ո՞վ է այդ ամենը որոշողը, ո՞վ է քեզ ստիպողը: Ազատ մարդ ես:
ԱՐԱՄ — Ո՞վ է ստիպողը:
ՄԱՐԻԱՄ — Հա, ո՞վ:
ԱՐԱՄ — Ես: Իմացիր, որ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ու անաչառ դատավորն ինքն է: Եթե մարդը կարողացավ սեփական խղճի առաջ արդարանալ, աշխարհի և ոչ մի դատարան չի կարողանա դատապարտել նրան:
ՄԱՐԻԱՄ — Ինչի՞ հետև ես ընկել: Քո կյանքն ապրիր` ինչպես հարմար է: Ազատ աշխարհ է:
ԱՐԱՄ — Ազատ մի ասա, անբարո ասա… Իսկ խիղճս ինձ ասում է` ամրատներիդ մի դավաճանիր: Դու իմ զավակն ես, ուրիշ չես: Գոնե դու կարո՞ղ ես հասկանալ ինձ:
ՄԱՐԻԱՄ — Ախր տունն արմատների հետ ի՞նչ կապ ունի:
ԱՐԱՄ — Արմատներս էս տան մեջ են, էս բակում, էս թաղամասում, մորս ու իմ հին լուսանկարի մեջ: Կորցրել էի, երեկ գտա:
ՄԱՐԻԱՄ — Լուսանկարը հետդ վերցրու: Ինչ քեզ հարազատ է՝ վերցու:
ԱՐԱՄ — Է՜հ, քեզ անհասկացողի տեղ ես դնում: Գիտությունների թեկնածուի՜ս տեսեք… Մեր օրերում գիտությունն անգետ-անհասկացողների զբաղմունք է դարձել։ Գնում էիր Մոսկվա՝ առևտրով զբաղվեիր։ Էսքան տարվա մեջ ոնց էլ չլիներ, մի փոքրիկ կրպակ ձեռք գցած կլինեիր, հացի տեր կդառնայիր։ Թե չէ՝ գիտությո՜ւն… Հիմա գիտնականի ձեռքից շունն էլ հաց չի առնի։
ՄԱՐԻԱՄ — Ծնողներս այսպես են դաստիարակել ինձ։ Ես ի՞նչ անեմ։ Թե առևտուր անեմ, ապրանքը ձրի կամ հաճախորդի ուզած գնով պիտի տամ… Լավ, թող քո ուզածով լինի: Ես գնամ, արձակուրդ ձևակերպեմ, մի շաբաթից գամ: Թե միտքդ փոխած լինես…
Դուռը ծեծում են։ Արամը բացում է։ Ներս են մտնում լեյտենանտն ու սերժանտը։
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Բարի օր:
ԱՐԱՄ — Բարև:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Եկել ենք քո ասածն անելու:
ԱՐԱՄ — Ի՞նչ ասած:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Տեղազննություն կատարելու:
ԱՐԱՄ — (հեգնանքը չնկատելու տալով): Համեցեք:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Երեկ երեկոյան հրդեհ է եղել:
ԱՐԱՄ — (անորոշ): Հը՛մմ…
ՍԵՐԺԱՆՏ — Ո՞ւմ եք կասկածում:
ԱՐԱՄ — Իմ կասկածելն ի՞նչ: Ես ում ասես կարող եմ կասկածել:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — (Մարիամին ակնարկելով ): Ո՞վ է քաղաքացուհին:
ԱՐԱՄ — Աղջիկս է: Երեկ է եկել Մոսկվայից:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Ինքն է՞լ ոչ ոքի չի կասկածում տունը հրդեհելու փորձի և լուսամուտի ապակին ջարդելու մեջ:
ՄԱՐԻԱՄ — Մենք թշնամի չունենք: Մեզ ո՞վ պիտի վատություն անի:
ՍԵՐԺԱՆՏ — Ուրեմն ո՞վ է…
ԱՐԱՄ — Ոստիկանությունը նրա համար է, որ հանցագործին գտնի: Որ ես իմանամ, էլ դուք ինչի՞ համար եք:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — (արձանագրություն է կազմում, թուղթը մեկնում Արամին): Ստորագրեք: (Արամը կարդում, ստորագրում է:) Ո՞վ է շահագրգռված ձեր տունը հրդեհելու մեջ:
ԱՐԱՄ — Ում որ խանգարում է:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Իսկ ո՞ւմ է խանգարում:
ԱՐԱՄ — Ես ի՞նչ գիտեմ:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Քննությունից բա՞ն եք թաքցնում:
ԱՐԱՄ — Ես ի՞նչ գիտեմ, ասացի` դուք պիտի պարզեք, որ ես իմանամ։
ՍԵՐԺԱՆՏ — Ասում ես, ինչու աստիճանները պաժառ տվեցի՞ր:
ԱՐԱՄ — Ե՞ս…
ՍԵՐԺԱՆՏ — Հա, բա ո՞վ:
ԱՐԱՄ — (զայրացած): Այ տղա, խոսք ասելուց առաջ մի հատ հաշիվ տուր քեզ:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Էդ ո՞նց ես խոսում ոստիկանության հետ:
ԱՐԱՄ — Ո՞վ է ոստիկանությունը, սա՞… (Մատնացույց է անում սերժանտին:)
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Սա չէ, պարոն սերժանտը:
ԱՐԱՄ — Պարոն սերժանտը թող չափը ճանաչի:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Նախաքննությանը խանգարում եք: Դիտմա՞մբ եք անում, հա՞:
ԱՐԱՄ — Ե՞ս եմ խանգարում: Ես հիմա եմ հասկանում, որ դուք էլ եք նույն սանրի կտավը: Խնդրում եմ տունն ազատեք ձեր ներկայությունից:
ԼԵՅՏԵՆԱՆՏ — Դու ո՞վ եղար, որ ոստիկանությանը կարգադրես: Հիմա թևերդ կոլորեմ, կտանեմ՝ ուր հարկն է, նոր կիմանաս:
ԱՐԱՄ — (իրեն կորցրած): Դո՜ւրս, լակոտ…
ՍԵՐԺԱՆՏ — (լեյտենանտին): Ի՞նչ անենք, տանե՞նք:
ՄԱՐԻԱՄ — Հանգստացիր, պապ, խնդրում եմ, հանգստացիր: (Լեյտենանտին.) Խնդրում եմ, ներեցեք, տեսնում եք` տարիքն առած մարդ է: Առանց այն էլ այս քանի օրը լարված է, նյարդային։
ՍԵՐԺԱՆՏ — (հայացքով Մարիամի մարմնաձևերը շոշափելով): Սիրուն ջան, հենց էդ տարիքն է, որ…
ԼԵՅՏԵՆԱՆՏ — (սերժանտին): Գնացինք: Էս սիրունի խաթրին էս մի անգամը ներենք, էս մի զարկը էս սիրունին բաշխենք, հը՞։ (Արամին.) Իսկ դու իմացիր, թե օրենքի հետ ոնց ես խոսում: Բոլորն ինձ նման բարի չեն լինի: Թևերդ կոլորեն, կտանեն, աբիզյաննիկ կգցեն, կիմանաս:
ԱՐԱՄ — Տո արեք, դուք էլ էդ նույնն արեք, ձե՞զ ով է խանգարում: Ես ո՞վ եմ, թոշակառու ծերունի: Տարե՜ք… (Ձեռքերն առաջ է մեկնում:) Կանդալե՜ք…
ՍԵՐԺԱՆՏ — Մե՞զ: Մեզ խանգարող չկա, բայց մենք տարիքդ ենք հաշվի առնում, թե չէ…
ԱՐԱՄ — Ես էլ կուզենայի քո տարիքին լինեի: Էն ժամանակ կխոսեինք, թե չէ՝ ի՞նչ: Հայ-հայս գնացել, վայ-վայս է մնացել:
Լեյտենանտն ու սերժանտը գնում են: Արամը նստում է սեղանի մոտ ու տնքում, ասես հիվանդ կամ վիրավոր լինի:
ՄԱՐԻԱՄ — (տագնապած): Ի՞նչ եղավ…
ԱՐԱՄ — Չէ՜, զարմանում եմ, թե ոնց կարողացան գլխիս սարքել: Այսքան տարի ապրել եմ, ինձ թվում էր, բան եմ հասկանում աշխարհից, բայց տեսա՞ր, գլխիս ինչ բերեցին: Ինձ են ուզում հանցագործ սարքել:
ՄԱՐԻԱՄ — Հետո էլ ասում ես՝ ազգ, հայրենիք, պետականություն, պատմություն…
ԱՐԱՄ — Ամեն ազգի մեջ էլ կան, չկա ազգ, ժողովուրդ չկա, որ դավաճան ու թափթփուկ չունենա։
ՄԱՐԻԱՄ — Ազգերն իրենց ծաղկմանն են հասնում, երբ նրանց մեջ ընտրանին համարյա հասնում է տասը տոկոսի։ Խոսքս փողատերերի մասին չէ։ Ընտրանին մարդկանց այն խումբն է, որ իր «ես»-ից առաջ «մենք»-ի մասին է մտածում, որի համար մարդն ամեն բանից վեր է։ Որի համար ազգային շահը շատ ավելի բարձր է, քան սեփականը։
ԱՐԱՄ — Հասկանում եմ։
ՄԱՐԻԱՄ — Սովորական ազգերի դեպքում նման մարդկանց թիվը չի անցնում 5-6 տոկոսից։ Իսկ մեր դեպքում երևի մեկ տոկոսից էլ պակաս է։ Ինչ կառավարություն էլ գա, ինչ մարդիկ էլ լինեն կառավարողները, եթե ժողովուրդը մաքրված չեղավ, եթե բարոյապես հասուն չեղավ, միշտ նույնն է լինելու։ Ամեն անգամ ձեռքներս գցում ենք մեր պատմությանը, բայց չենք հասկանում, որ դարերի ընթացքում այդպես էլ անհատների խմբից ազգի չենք վերածվել։ Մեր ամենաամուր օղակը ընտանիքն է, այն էլ գլոբալիզացիան քանդում է ամեն րոպե։ Չգիտեմ…
ԱՐԱՄ — Ի՞նչ անենք, վերանա՞նք։
ՄԱՐԻԱՄ — Չէ, մաքրվենք։
ԱՐԱՄ — (հոգոց է հանում): Դա ավելի դժվար է։
ՏԵՍԱՐԱՆ 13
Երեկո է: Մարիամը հավաքում է ճամպրուկը:
ԱՐԱՄ — (թաքուն աչքերն է սրբում ու նայում ժամացույցին): Արդեն ութն է լինում: Չուշանաս:
ՄԱՐԻԱՄ — Տաքսի եմ պատվիրել, ուր որ է կգա:
ԱՐԱՄ — Մի վշտանա, էս էլ կանցի: Այսօր սրանք են, վաղը ուրիշը կգա իշխանության, հողը հավերժ է, հայրենիքը հավերժ է, պիտի այնպես անել, որ հայոց պետականությունն էլ հավերժ լինի։ Հողը խարդախություն չի սիրում, հողը, հայրենիքը խաբեություն ու ինքնախաբեություն չեն սիրում։
ՄԱՐԻԱՄ — Մտածողը մենակ դո՞ւ ես, պապ։
ԱՐԱՄ — Չէ, մենակ ես չեմ, ինձ նման ուրիշ մարդիկ էլ կան, հաստատ։
ՄԱՐԻԱՄ — Բայց քո ձեռքին ոչինչ չկա, քեզ հետ վարվում են՝ ինչպես ուզում են։
ԱՐԱՄ — Չէ՜, չեն կարող։ Ես սեպ եմ, ես փուշ եմ նրանց կոկորդին։
ՄԱՐԻԱՄ — Դու ես մեղք: Ողջ կյանքդ պայքար եղավ: Ինչի՞ հասար: Ո՞նց չես հասկանում, որ դու մենակ էս գելերի դեմ ոչինչ անել չես կարող:
ԱՐԱՄ — Կարո՛ղ եմ: Միշտ չէ, որ պարտությունը պարտություն է: Չի բացառվում, որ իրենք իրենց ուզածին հասնեն: Իրենց կթվա, թե հաղթել են, բայց մեկ է, ե՛ս կլինեմ հաղթողը: Թե չարի դեմ չարով խաղաս, անպայման կպարտվես: Նրանց դեմ ուրիշ զենք է պետք, ուրիշ:
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ զենք:
ԱՐԱՄ — Բարությունը: Արտաքուստ չդիմադրելը, բայց իրականում նրանց ուզածը չանելը։
ՄԱՐԻԱՄ — Դու գիտես, որ էս աշխարհի տերերը մենք չենք, նրանք ու նրանցպեսներն են:
ԱՐԱՄ — Էս աշխարհի հզորներն իրենց իշխանությունը հաստատում են զենք ու զոռով, հարուստները` փողով, իմաստունները… Իմաստուններն իրենց հանճարը ծառայեցնում են զենքին, ուժին ու փողին, իսկ արդարությունը… Արդարությունը հալածված ու արհամարհված կուչ է գալիս նրանց դռների մոտ։ Գիտեմ, էս ֆոնին իմ արարքը կարող է անմտություն թվալ, բայց հավատա, արդարությունը էդ անմիտ թվացող արարքներն են ապրեցնում:
Լսվում է տաքսու ազդանշանը:
ԱՐԱՄ — (ճամպրուկը վերցնելով դուրս է գալիս): Գամ օդանավակայան, քեզ ճանապարհեմ:
ՄԱՐԻԱՄ — (նրան հետևելով): Չէ, գաս, սպասես, տանջվես, որ ի՞նչ: Ես կգնամ:
ԱՐԱՄ — Տեղ հասնես` զանգիր:
ՄԱՐԻԱՄ — Կարող է գնամ, գործս արագ վերջացնեմ, արձակուրդ ձևակերպեմ ու շուտ գամ։ Դիմացիր։
ԱՐԱՄ — Ոնց ասես:
Գրկախառնվում են:
ԱՐԱՄ — Ամեն մարդ իր կռիվն ունի կյանքում: Սա իմ կռիվն է ու նահանջել չեմ կարող: Սա երկրի համար տալիք իմ բաժին կռիվն է: Զինվորը սահմանի վրա, ես էստեղ` բարոյականության սահմանի վրա:
ՄԱՐԻԱՄ — (կատակի է տալիս, որ լաց չլինի): Սահմանապա՞հ ես:
ԱՐԱՄ — (լուրջ): Հա, և իմացիր, որ բարոյականության սահմանը պակաս կարևոր չէ:
Մարիամը գնում է։ Հեռացող մեքենայի ձայնը: Արամը քարացել է տեղում:
ՏԵՍԱՐԱՆ 14
Լսվում է տրակտորի հռնդյուն։ Գալիս է Ատոմը, ձեռքով ետ է տալիս հողը։
ԱՏՈՄ — Պա՛հ, քո տունը չքանվի, Ատոմ, էս ի՞նչ ես բացել: Կարո՞ղ ա Մենուա թագավորի գանձարանն ա: Կամ գանձարան է, կամ գերեզման, մեջը կարասներ ու կճուճներ են, համ էլ՝ ոսկորներ։ Արա, էս ինչ էլ մե՜ծ ա: (Գլուխը մտցնում է անցքից ներս:) Ատոմ, ո՞վ գիտի, կարող ա Աստված քեզ բա՞խտ ա ուղարկել: Կարող ա դրանց մեջ ոսկի՞ կա: (Մեծ ճիգով փոսից հանում է հին կճուճ, արագ դատարկում է մեջի հողը:) Գուցե մեջը գա՞նձ լինի… Աստված ջան, ի՞նչ կլինի, մի պուտ բախտ էլ ինձ տուր, էլի։ Սաղ կյանքս վառա էդ բուլդոզերի կաբինկի մեջ։ Մի բուռ ոսկին ի՞նչ է քեզ համար։ (Դատարկում է կճուճը, նայում մեջը, հուսահատ:) Ո՞ւր ա Ատոմին ըտենց բախտ… ի՞նչ ոսկի, հո՜ղ ա ու ոսկոր… (Ձեռքով կանչում է աշխղեկին, նա մոտենում է:) Արի, տես:
Երկուսով զննում են կճուճը:
ԱՇԽՂԵԿ — Էս ի՞նչ է:
ԱՏՈՄ — Եսի՞մ:
ԱՇԽՂԵԿ — (նայում է մեջը): Պա-հո՜, իբր էն բիձեն քիչ էր, հիմի էլ` էս: Էս խմորը շատ ջուր կվերցնի: Արա, ոնց որ անիծած ըլնի էս օբյեկտը։ (Ատոմին.) Մարդու բան չասես: Սպասի զանգեմ ճարտարապետին: (Համար է հավաքում:) Դերենիկ Ներսեսի՞չ… Հա, ես եմ: Խնդիր է առաջացել, չե՞ք կարող գալ: Չէ, Արամը չէ, բուլդոզերն ինչ-որ փոս է բացել: Մե՞ջը… Կարասներ են, կճուճներ: Կարասների մե՞ջ… Չեմ նայել: Ոչ ոք չգիտի… Ես ու Ատոմը… Կգա՞ք: Լավ: (Ատոմին.) Էս հատվածը թող էսպես մնա, դու էն մյուս մասում աշխատի, մինչև գա:
ԱՏՈՄ — Լավ: (Գնում է:)
ԱՇԽՂԵԿ — Ո՞վ գիտի, ո՞ր դարի բան ա: Թե օրենքով գնան, շինարարությունը պիտի դադարեցնեն, բայց թե… Ասենք, ո՞վ գիտե: Ախպեր, ես փոքր մարդ եմ, ես գործ չունեմ: (Նստում է քարին, հեռախոսով խաղ է խաղում:)
Գալիս են Դերոն ու Կարոն:
ԿԱՐՈ — Ի՞նչ ա էղել, արա:
ԱՇԽՂԵԿ — (ցույց է տալիս փոսը): Ասեցի՝ զեկուցեմ:
ԴԵՐՈ — (կճուճն է ուսումնասիրում): Ոնց որ վրան գիր կա։ «Զգինիս… բարի վայելումն»։ Էս տարածքը գլխներիս խաթա դարձավ: Սաղ էդ բայղուշ բիձու նավսն ա, արա: (Կարոյին.) Ի՞նչ անենք:
ԿԱՐՈ — Մեջն ի՞նչ կար։
ԱՇԽՂԵԿ — Հող ու ոսկորի կտորներ։
ԿԱՐՈ — Բա վրան գինի՞ է գրված։
ԱՇԽՂԵԿ — Եսի՞մ։
ԴԵՐՈ — Էս տիպի դամբարանները շատ հին են, մի հազար հինգ հարյուր տարեկան:
ԿԱՐՈ — Որ ոսկի չի, ծածկի, թող կորչի գնա: Մինչև հիմի հողի տակ է եղել, թող էլի մնա: Բա մեզնից հետո էկողներին բան չթողնե՞նք:
ԴԵՐՈ — Սպասի, զանգեմ շեֆին:
ԿԱՐՈ — Նույն բանը պիտի ասի, ինչ որ ես:
ԴԵՐՈ — Գիտեմ, բայց հետո չի՞ ասի՝ առանց իմ գիտության եք արել: (Զանգում է: Խոսակցությունը չի լսվում, տրակտորը հռնդում է: Հեռախոսն անջատելով:) Ասում է՝ սպասեք, կզանգեմ:
ԿԱՐՈ — Երևի Ռազին ա զանգելու:
ԴԵՐՈ — (չի պատասխանում, զանգ): Ալո՞… Լավ, շեֆ:
ԱՇԽՂԵԿ — Հը՞:
ԴԵՐՈ — (Կարոյին): Ասում է՝ ծածկեք: Էն տունն էլ, ասում է, հանրային գերակա շահի համար պիտի քանդել: Թույլտվությունը կա:
ԿԱՐՈ — Բա բիձե՞ն:
ԴԵՐՈ — Ասում է` բիձեն ալկաշ է, խմել, ինչ-որ տեղ քնել է: (Աշխղեկին.) Քանդեք, ասում է:
ԱՇԽՂԵԿ — (Ատոմին): Ծածկիր:
ԱՏՈՄ — Չստուգե՞նք… Կարո՞ղ ա մեջը արժեքավոր բան կա:
ԿԱՐՈ — Արա, քեզ որ ասում են՝ ծածկիր, ուրեմն` վերջ: Հանկարծ բերանդ շաղ ես տվել, հացդ ցամաք կուտես, շուտ արա:
Ատոմը գնում է: Բուլդոզերի հռնդյունն ուժեղանում է: Քիչ անց նա վերադառնում է: Խոսակցությունը չի լսվում, բայց հասկացվում է, որ Դերոն կարգադրում է քանդել Արամի տունը: Տանից դուրս է գալիս Արամը, հասկանալով՝ ձեռքերը բարձրացնում ու կանգնում է տան առաջ:
ԱՏՈՄ — (Արամին): Այ հայրիկ, հեռու գնա, ինչի՞ ես ուզում ինձ արունքի մեջ քցես, հեռու գնա:
ԱՐԱՄ — Չհամարձակվե՛ս: Եթե ուզում ես տունս քանդես, նախ ինձ տրորի:
ԱՏՈՄ — Այ հայրիկ ջան, իմ սաղ կյանքում տուն եմ սարքել, ես ո՛չ տուն քանդող եմ, ո՛չ մարդասպան:
ԱՐԱՄ — Որ տուն չես քանդել, բա էս մեկն ինչի՞ ես ուզում քանդել։
ԱՏՈՄ — Քանդում ենք, որ տեղը նորն ու լավը սարքենք, վա՞տ բան ենք անում:
ԿԱՐՈ — (մոտենալով Ատոմին): Ինչի՞ կանգնար, արա, էս կիսամեռ բիձուց վախեցա՞ր: Քշի՛:
ԱՏՈՄ — Շեֆ, ախր իրան տրակտորի տակ ա քցում, ո՞նց քշեմ:
ԿԱՐՈ — Արա, քշի՛, ասեցինք, պետությունն էս անգործ ու անխելք ալկաշի ժամանակը չունի:
ԱՏՈՄ — Հայրիկին հեռու տարեք՝ քանդեմ:
ԿԱՐՈ — Շատ չխոսաս, արա՛, ասում են՝ քանդի, ուրեմն՝ քանդի:
Ատոմը չկամ գնում է դեպի մեքենան։ Արամը տեղից չի շարժվում:
ԱՏՈՄ — (հանգցնում է մեքենան, նստում մի քարի): Չէ, ախպեր, ես աշխատում եմ ընտանիք պահելու համար, ես էդ տարիքի հեր ունեմ, ես արունքի տակ չեմ մտնի:
ԿԱՐՈ — (աշխղեկին): Քշել գիտես, չէ՞։ Նստիր, քանդիր, ժամանակ չունենք։ Վերևում սպասում են։
ԱՇԽՂԵԿ — Չէ, Կարո ջան, չէ։ Ես… ես…
ԿԱՐՈ — Այ վախկոտ շանորդեք, ձեզ ի՞նչ եղավ։ Չէ՛, հա չէ՛։ (Արամին.) Լա՜վ… Բիձա, դու հըլը քո հալը կտենաս։ Դու չգիտես, թե ում հետ գործ ունես: Վերջ-առաջ էս տունը պտի հողին հավասարվի: Եթե նույնիսկ պետությունն էլ չուզենա, մեկ ա, պտի հավասարվի: Էդ ես եմ ասում քեզ:
Նշան է անում Դերոյին: Գնում են: Ատոմը մոտենում է Արամին:
ԱՐԱՄ — Ինձ ինչ ասե՞ց: Ալկա՞շ… Խեղճ Արամ, գոնե մի անգամ կարգին հարբած չկաս…
ԱՏՈՄ — Քո արածը բա՞ն էր։
ԱՐԱՄ — Ինչի՞։
ԱՏՈՄ — Ասենք թե իմ փոխարեն ուրիշ մեկն էր լինում, աչք ու երես չէր նայում, տրակտորի տակ էր տալիս քեզ։ Ի՞նչ… Հիմա էլ բա՞նտ գնայի։ Ախր, էրեխի տեր ենք, ախր…
ԱՐԱՄ — Ընտրության հարց է։ Կյանքն ամեն վայրկյան մարդու առաջ ընտրություն է դնում ու մարդուց է կախված՝ չա՞րը կընտրի, թե՞ բարին։ Չարն ու բարին միշտ մարդու կողքին են, կամ ավելի ճիշտ, նրա սրտի մեջ, մարդը որ մեկին տեղ տվեց…
ԱՏՈՄ — Ես հասարակ բուլդոզերիստ եմ, քո ասածից բան չեմ հասկանում։
ԱՐԱՄ — Չկա բացարձակ չար կամ բացարձակ բարի մարդ, կան իրավիճակներ։ Մարդը մի տեղ բարի է, մի այլ տեղ՝ չար։ Կարոն, օրինակ, ինձ ատում է, քանի որ իրեն խանգարում եմ, իսկ եթե հարսանիքի ժամանակ հանդիպեինք, վստահ եղիր, որ բաժակիս մեջ օղի կլցներ ու կենացս կխմեր անպայման։
ԱՏՈՄ — Իբր ինչի՞ չես համաձայնվում… Փողն առ, նոր կվարտիրա ստացիր, քանի՞ տարվա կյանք է մնացել քեզ։
ԱՐԱՄ — Հիմա էլ դո՞ւ։ Աշխատավոր մարդ ես, էս մեկը կհասկանաս հաստատ։ Քանի դեռ հայ մարդը միայն իր մասին է մտածում, մեր երկիրը երկիր չի դառնա, մեր պետությունը չի ամրանա, ոչ էլ մեր բանակը հաղթանակ կտանի։ Քանի դեռ չենք հարգում մեր պատմությունը, ուրիշները չեն հարգի։ Ի՞նչ բարդ բան կա էստեղ, որ չեք հասկանում։
ԱՏՈՄ — Հո չասեցի՞ր։ Քո տան քանդել-չքանդելն ի՞նչ կապ ունի էդ ամենի հետ։
ԱՐԱՄ — Ունի, այն էլ ինչպե՛ս։ Քանի դեռ փողը ամենագլխավոր սուրբն է էս աշխարհում, մյուս սրբությունները պիտի ոտնահարվեն։
ԱՏՈՄ — Գիտես, չէ՞, որ ուզես-չուզես, իրենց ուզածին հասնելու են։ Ուրեմն էլ ո՞ւմ է պետք քո դիմադրելը, քո դեմուդարձ լինելն ո՞ւմ է պետք։
ԱՐԱՄ — Ինձ, միայն ինձ։ Որպեսզի վերջնականապես չկորցնեմ հարգանքն իմ անձի նկատմամբ, որպեսզի կյանքիս վերջին օրերը կամ ժամերը անիմաստ անցած չհամարեմ… Որպեսզի չամաչեմ մարդկանց աչքերին նայելիս, որպեսզի այս քաղաքի հողի վրա քայլելու իրավունք ունենամ։
ԶՈՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՁԱՅՆԸ — Հայդուկ Արամ, ամեն մարդ իր խաչն է ունենում։ Ու էդ խաչն ամեն մեկին ամենածանրն է թվում։ Քաջությամբ տար։ Ամեն ծառ իր արմատով է ծառ, ամեն երկիր իրեն սիրողների փոքր բանակով է երկիր։ Սրանք քեզ ուտելու են, ճիշտ է, բայց չեն մարսելու, սերմանելու են, բայց չեն հնձելու, խաղող են ճմռելու, բայց գինին չեմ խմելու։ Նրանք էլ իրենց խաչն ունեն։
ԱՏՈՄ — Էս օրն էլ մթնեցրինք։ Ես գնամ։
Արամը չի արձագանքում:
ՏԵՍԱՐԱՆ 15
Փողոց: Կարոն ու Դերոն։
ԴԵՐՈ — Հը՞…
ԿԱՐՈ — Արա, էդ բիձեն կյանքս կերավ: Գնանք մի տեղ, մի բան խմենք:
ԴԵՐՈ — Մի կոպտի, մի քիչ մեղմ եղիր:
ԿԱՐՈ — Մե՞ղմ: Էդ նմանների հետ մեղմ եղար՝ կուտեն: Էդ բիձեն չի հասկանում, որ իրա ժամանակն անցել ա: Հիմի մերն ա, ու ոնց ուզենք, էնպես ենք անելու:
ԴԵՐՈ — Ռազն ասաց՝ դատարանը էգուց որոշումը կտա: Դատավորի հետ խոսել է:
ԿԱՐՈ — Առանց իրա՞…
ԴԵՐՈ — Հա, իրեն իսկի չեն էլ ասի: Պետք լինի, կասեն՝ հրավիրել ենք դատի, չի եկել, դրա համար էլ դատարանն առանց իրեն է որոշում ընդունել:
ԿԱՐՈ — Ասում եմ՝ մի էրկու թղթակցի փող տանք, թող…
ԴԵՐՈ — Չէ, պետն ասում է՝ առայժմ պետք չէ մամուլի բերանը քցել: Տունը քանդենք պրծնենք, հենց սկսենք նոր շենքի հիմքը փորել՝ մամուլը կխառնենք:
ԿԱՐՈ — Լա՛վ:
ԴԵՐՈ — Ոստիկանները գնացե՞լ են:
ԿԱՐՈ — Հա, ասածիս պես, գնացել, գլխին սարքել են: Եթե շատ համառի, կասենք՝ ինքն ա դիտմամբ անում, որ տուժած կողմ դուրս գա: Կարո՞ղ ա աղջկան խառնենք։ Ասենք մեր տղերքին՝ Մոսկվայում փախցնեն։
ԴԵՐՈ — Բռնաբարությո՞ւն:
ԿԱՐՈ — Չէ, այ ախպեր, տանեն, մի քանի օր պահեն, աչքը վախեցնեն։ Բիձեն ուզի-չուզի՝ կփափկի։
ԴԵՐՈ — Չէ, շեֆն ասում է՝ չէ։ Համ էլ գործը էղած-պրծած է։ Բիձու գլուխը կաղան, կպրծնի։ Կասեն՝ ալկաշ շուն էր, կասեն… Այ ցավդ տանեմ, էդ մեր խելքի բանը չէ։ Վերևում մտածող կա։ Մեքենան կանչե՞մ։
ԿԱՐՈ — Չէ, ավելի լավ է տաքսի նստենք։ Ուզում եմ գլուխս խաղաղ լինի։
ՏԵՍԱՐԱՆ 16
Արամը նստած է հյուրասենյակում, սեղանի մոտ:
ԱՐԱՄ — (ձեռքը սրտին է տանում): Հանգիստ, հանգի՜ստ, շատ չի մնացել… (Սեղանից վերցնում է լուսանկարը, խոսում մոր հետ:) Էսօր դատական հարկադիր կատարողը եկավ, ներկայացրեց դատարանի վճիռը: Իբր ինձ ծանուցագիր են տվել, բայց ես դատին չեմ ներկայացել: Առանց ինձ դատ են արել ու որոշել, որ տունը խանգարում է քաղաքաշինական կարևոր նպատակների իրականացմանը և պիտի քանդվի: Այդպես պահանջում է հանրային գերակա շահը: Ի՜նչ հանրային, Ռազի ու իր ընկերների շահն է պահանջում: Փո՜ղն է պահանջում։ Այսքան ապրեցի ու չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ: Ամեն ինչ իրար է խառնվել, մա: Չգիտեմ, ե՞ս եմ ծերացել, նորերին չեմ հասկանում, թե՞ նրանք են փողն աստված դարձրել… Մոռացել են ամեն ինչ: Ու չեմ հասկանում, երկի՞րն է մարդու համար, թե՞ մարդը երկրի, հո՞ղն է մարդու համար, թե՞ մարդը հողի, հայրենի՞քն է մարդու համար, թե՞ մարդը հայրենիքի: Ախր, դու ժամանակին ինձ ուրիշ բան էիր սովորեցնում, մա, ու հիմի…
ԶՈՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՁԱՅՆԸ — Հայդուկ, մի կարծիր, թե նրանք քեզանից չեն վախենում։ Հայդուկները քիչ էին, վատ զինված, բայց թուրքերը սարսափում էին նրանցից։ Գիտե՞ս ինչի։
ԱՐԱՄ — Ինչի՞։
ԶՈՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՁԱՅՆԸ — Քանի որ նրանք կամք ունեին, քանի որ նրանք մեռնելուց չէին վախենում, քանի որ նրանք գիտեին, թե ինչ է ճշմարտությունը և դրա համար պատրաստ էին մեռնել։ Քանի որ հայրենիքը դատարկ խոսք չէր նրանց համար, ոչ էլ ժողովուրդն էր շահարկման առարկա։ Քեզ կճզմեն, բայց չեն արհամարհի, քեզ գուցե սպանեն, բայց ներքուստ կհարգեն… Իմացիր, մահվան ու կյանքի սահմանը մի մազաչափ է և մահից անդին մահ չկա։
Արամը դուրս է գնում, վերադառնում, ձեռքին՝ լինգ, քլունգ, բահ: Քանդում է հատակը:
ԱՐԱՄ — Հայրենիքը մոր պես է, բայց էսօր ինձ ու ինձ նմանների համար խորթ է դարձել: Չէ, էսօր նրան բռնաբարում են կարոներն ու ռազերը, բուդիներն ու գագաներն էլ ծափ են տալիս նրանց, ինչ է, թե մի աման լափ ստանան: Ես չեմ ուզում հանձնվել: Ես չեմ կարող հանձնվել ու ինձ, իմ կյանքը, իմ բաժին աշխարհը պաշտպանելու այլ ճանապարհ չունեմ: Ասենք, ունեմ, սա էլ է ճանապարհ։
Մթնում է: Մոմի լույս: Արամն արդեն գոտկատեղից ներքև փոսի մեջ է:
ԱՐԱՄ — Ես կդիրքավորվեմ իմ գբի մեջ, տեսնեմ ինչ են անելու…
Առավոտ: Դրսից լսվում են բուլդոզերի, էքսկավատորի և աշխատողների ձայները:
ԱՇԽՂԵԿԻ ՁԱՅՆԸ — Շուտ արեք, երեկ Կարոն ասեց՝ տունն էսօր անպայման պիտի քանդենք: Որոշում կա, ասեց… (Տրակտորի հռնդյուն:) Ատոմ, գունդը կախիր էքսկավատորի շերեփին, սկսիր:
ԱՏՈՄԻ ՁԱՅՆԸ — Շեֆ, մի հատ նայենք, հո տանը մարդ չկա՞:
ԱՇԽՂԵԿԻ ՁԱՅՆԸ — Չէ, քիչ առաջ նայեցի, ոնց որ մարդ չկար: Ո՞վ գիտի, էդ ալկաշը որտե՞ղ է խմել, քնել: Տեսնողներն ասում են՝ երեկ տնից ելել, ինչ-որ տեղ է գնացել:
ԱՏՈՄԻ ՁԱՅՆԸ — Բերեք գոնե առաջ կրիշը քանդենք: Ահագին վառելափայտ կլինի: Հը՞, շեֆ: Տուր ինձ, էլի:
ԱՇԽՂԵԿԻ ՁԱՅՆԸ — Ինչի՞ հետև ես ընկել, արա, Կարոն ասավ՝ մինչև գամ, քանդած լինեք:
ԱՏՈՄԻ ՁԱՅՆԸ — Փետն ափսոս է: Հին, չոր փետ է, մի ձմեռվա վառելափայտ կլինի:
ԱՇԽՂԵԿԻ ՁԱՅՆԸ — Քանդեք, պրծեք, հետո կջոկես, կտանես: Շուտ արեք, ժամանակ չկա, ուր որ ա Կարոն կգա:
Արամը լսում է նրանց խոսակցությունը: Սկսում է հագնվել՝ խնամքով, հագուստը մեկ-մեկ ընտրելով: Սեղանի վրայից վերցնում է մոր լուսանկարը, մտնում փոսը:
Տան պատին խփող գնդի թնդյունը թնդանոթի կրակոց է հիշեցնում: Գորգի վրայից ընկնում է հոր ու մոր լուսանկարը: Նոր հարված: Հողը լցվում փոսի մեջ, ամեն զարկի հետ ծածկում է Արամին:
ԳԱՍՊԱՐ — Արա՜մ… Կանգնե՜ք, ի՞նչ եք անում։ Ախր, Արամը տանն է։
ԱՇԽՂԵԿ — Հիմա էլ սա։ Այ բիձա, հեռու գնա, քեզ մի բան լինի՝ ո՞վ է պատասխան տալու։
ԳԱՍՊԱՐ — (անտեսելով աշխղեկին, ներս է մտնում): Արա՜մ։ (Ուզում է փոսին մոտենալ, ոտքերը դողում են, ծնկի է գալիս:)
ՄԱՐԻԱՄ — Պա-պա՜, պա՜պ… (Աշխղեկին կողքի հրելով ներս է մտնում, վազում փոսի մոտ:) Պա-պա՜… էս ի՞նչ եք արել, անխիղճնե՜ր։
Լռություն: