Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԵԿԱ, ՏԵՍԱ, ՊԱՐՏՎԵՑԻ…

Ես Գոհարին՝ պիեսիս հերոսուհուն, վաղուց էի փնտրում: Փնտրում էի Գոհարների մեջ,  Հայկուհիների մեջ, Արմենուհիների մեջ և անգամ Քիսո-Քրիստինեների մեջ: Ամեն մեկը մի քիչ Գոհար էր կնոջ արարչական համբերատարությամբ, իր և սիրած էակի համար երջանկություն ստեղծելու անձնազոհությամբ, չհասկացված լինելու տրտմությամբ, ներողամտությամբ, մշտական ջերմությամբ  և այլ առաքինություններով,  որով օժտված է նախեղակ հայ կինը: Երբ նրան գտա, մնացածը, ինչպես ասում են, ձեռքի գործ էր, քանի որ Գոհարի պես կանայք, որպես կանոն, տղամարդկանց կողմից չեն գնահատվում կամ գնահատվում են մեծ ուշացումով… Իսկ այդպիսիները, իրենց անցյալի սխալներով ու ներկայի զղջումներով, ծիծաղելի են:

Ուրեմն, եկեք անքեն ծիծաղենք ու դաս  առնենք, բարեկամներ:

Կատակերգություն մեկ գործողությամբ

Գործող անձինք

ԳՈՀԱՐ

ԱՐԱՄ

ՌՈՒԲԵՆ

Համեստ կահավորանքով հյուրասենյակ: Մեջտեղ է բերված երեք հոգու համար տոնական ընթրիքի բացված սեղանը: Կահավորանքի մաս կազմող սեղանիկը, բազկաթոռները, բազմոցը մի կողմ են քաշված:

Գործողության անհրաժեշտությունից ելնելով՝ պատի ժամացույց, կողքին՝ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավի պատճենը, դաշնամուր, մագնիտոֆոն:

Մտնում է տոնական հագնված, հարդարված Գոհարը՝ մոմակալը ձեռքին:

ԳՈՀԱՐ — (նայում է պատի ժամացույցին): Վեցից կես րոպե է պակաս, երեսուն վայրկյան անց դռան զանգը կհնչի: (Մոմակալը դնում է սեղանին:) Պարոնն ամբողջ կյանքը թափթփված ապրեց և միայն ժամադրություններում է ճշտապահ: (Հնչում են ժամացույցի զանգերը:) Մե՜կ… երկո՜ւ… երե՜ք… չո՜րս… հի՜նգ… վե՛ց: (Դռան երկարատև զանգ:) Ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ: (Գնում է դիմավորելու:)

ԱՐԱՄ (ձայնը՝ նախամուտքից): Կարելի՞ է:

ԳՈՀԱՐ — Համեցեք, իհարկե:

Մտնում է Արամը՝ ծաղկեփնջով:

ԱՐԱՄ (հասնելով սենյակի կենտրոն՝ կտրուկ շրջվում, արտիստիկ մեկնում է ծաղկեփունջը, պաթոսով, բարձրաձայն): Հարգելի Գոհար, թույլ տվեք շնորհավորել ձեր երկրորդ՝ 20-ամյա հոբելյանը:

ԳՈՀԱՐ — Քիչ էլ բարձր ասեիր՝ ողջ քաղաքը կլսեր: (Վերցնում է փունջը:) Ես այդպես էլ գիտեի, որ ծննդյանս օրը չես մոռացել:

ԱՐԱՄ (անկաշկանդ նստում է՝ ոտքը ոտքին գցելով): Ավա՜ղ, այո: Օրեր կան, որ երբեք չեն մոռացվում, զորօրինակ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ը:

ԳՈՀԱՐ — (փունջը ծաղկամանի մեջ տեղավորելով): Դա ի՞նչ օր է:

ԱՐԱՄ — Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբ գցելու օրը:

ԳՈՀԱՐ — Շնորհակալություն համեմատության համար:

ԱՐԱՄ – Խնդրեմ: (Սեղանը զննելով:) Մենք էլի՞ հյուր ունենք:

ԳՈՀԱՐ — Ոչ թե մե՛նք, այլ ե՛ս:

ԱՐԱՄ — Դու էլի՞ հյուր ունես:

ԳՈՀԱՐ — Այո:

ԱՐԱՄ — Հուսով եմ, մայրդ չի:

ԳՈՀԱՐ — Արա՛մ, իմ մոր մասին այդպես խոսելու բարոյական իրավունք չունես:

ԱՐԱՄ — Այն ժամանակ էլ էիր նույնը ասում:

ԳՈՀԱՐ — Եվ շատ ճիշտ էի ասում:

ԱՐԱՄ — Արի զոքանչաբարոյական հարցեր չքննարկենք: Այսօր քո ծննդյան օրն է, դու քո նախկին ամուսնուն հրավիրել ես, ինչի համար շա՜տ շնորհակալ եմ, և կսպասենք երրորդ հյուրին, ով, ամենայն հավանականությամբ, քո շեֆն է և սիրահետում է քեզ, սակայն… Օ՜, անհրաշալի վայրկյան… նա ծեր է և քո ճաշակով չէ: Եվ քանի որ ես դերասան եմ, խաղալու եմ քո ամուսնու դերը, և մենք ներկայանալու ենք որպես սիրառա՜տ և որ ամենակարևորն է՝ ա՛ն-դա՛-վա՛-ճա՛ն ամուսիններ՝ անցանկալի սիրահետողից պաշտպանվելու համար: Ճի՞շտ կռահեցի:

ԳՈՀԱՐ — Ոչ: Ինչպես միշտ դու ապաշնորհ կռահող ես:

ԱՐԱՄ — Բայց՝ տաղանդավոր դերասան:

ԳՈՀԱՐ — Այդ հարցում չեմ վիճի: Մանավանդ, երբ նոր ընկերուհի ես ճարում ու մտնում սիրահարի դերի մեջ:

ԱՐԱՄ — Դու դեռ խանդո՞ւմ ես:

ԳՈՀԱՐ — Չէ՜ մի, ինչի՞դ խանդեմ: (Նստում է դիմացի աթոռին:) Դե պատմիր, տեսնեմ, Օթելլո խաղացի՞ր, թե՞ դեռ Դոն Ժուանով ես բավարարվում:

ԱՐԱՄ — Չեն վստահում: Ասում են՝ Օթելլոն ողբերգակի դեր է, իսկ դու կոմիկական խարակտեր ես:

ԳՈՀԱՐ — Տեսնո՞ւմ ես, առաջընթաց ես ունեցել, առաջ «խարակտեր» բառը չէին ասում:

ԱՐԱՄ — Իսկ դո՞ւ… դու ի՞նչ նորություն ունես:

ԳՈՀԱՐ — Ոչ մի: Աշխատանք-տուն-աշխատանք:

ԱՐԱՄ — Բայց թարմ տեսք ունես: Ավելի ես գեղեցկացե՜լ, ջահելացե՜լ…

ԳՈՀԱՐ — Էլ մի՛… քո հաճոյախոսությունները քեզ չճանաչողների համար կարող են թակարդ լինել, իսկ ես քեզ լավ եմ ճանաչում:

ԱՐԱՄ — Ո՞ւր էր, թե ինքս ինձ լավ ճանաչեի:

ԳՈՀԱՐ — (բարի հեգնանքով): Օգնե՞մ քեզ այդ հարցում:

ԱՐԱՄ — Անչափ շնորհակալ կլինեմ և ողջ կյանքում՝ երախտապարտ:

ԳՈՀԱՐ — Նեղանալ չկա՞:

ԱՐԱՄ — Ով նեղանա՝ նույն վայրկյանին մահանա:

ԳՈՀԱՐ — Ուրեմն լսիր: Դու տաղանդավոր դերասան ես, բայց անլուրջ ես և անկայուն: Շատերը չեն տարբերում քո լուրջն ու կատակը, սուտն ու ճիշտը… Դու միշտ դեր ես խաղում… (Դադար:) Ասում են՝ կյանքն էլ մի թատրոն է, բայց դու թատրոնն ես դարձրել կյանք: Մինչդեռ մարդիկ սիրում են կյանքը թատրոնում դիտել և ոչ թե թատրոնը բերել կենցաղ: Դու թեթևամտորեն և կործանարար ես վերաբերվում քո նկատմամբ՝ չգիտակցելով, որ խաղալով քո հորինած Արամ Սարգսյանի դերը՝ ջնջում ես նրա իսկական կենսագրությունը, զրկում ես նրան բնական կյանքից…

ԱՐԱՄ — Միայն այդքա՞նը:

ԳՈՀԱՐ — Կարծես թե…

ԱՐԱՄ — Բայց դու չասացիր այդ սանձարձակի, սրիկայի, հանցագործի դատավճիռը:

ԳՈՀԱՐ — Դու կարո՞ղ ես գոնե մեկ անգամ լուրջ լինել:

ԱՐԱՄ — Չեմ կարող: Ես փորձեցի մեկ անգամ լուրջ լինել և դա ավարտվեց մեր բաժանումով:

ԳՈՀԱՐ — (ընդոստ կանգնում է): Մի՛ հիշեցրու:

ԱՐԱՄ — Դաժա՞ն հնչեց… Բայց դա իրողություն է, տիկին:

ԳՈՀԱՐ — Արամ… Արա՜մ, ես չէի կարող քեզ դավաճանել, ուրիշից երեխա ունենալ և ինքս ինձ համոզել, թե երկուսով արդեն երջանիկ ենք: Դավաճանությամբ խարսխված երջանկություն չի լինում:

ԱՐԱՄ — Իսկ եթե ամլությունը քեզնի՞ց լիներ, կհամաձայնեի՞ր, որ ես մեկ ուրիշից երեխա ունենայի՝ նրան որդեգրելու, քո խնամքին հանձնելու պայմանով:

ԳՈՀԱՐ — Կհամաձայնեի:

ԱՐԱՄ — (ոտքի է ելնում): Սառույցը շարժվե՜ց, պարոնայք երդվյալ ատենակալներ, կինը չի ցանկանում երջանկանալ իր դավաճանության գնով, բայց համաձայն է երջանիկ լինել՝ ամուսնուն դավաճան դարձնելու խարանով… Ահա քեզ հոգեցունց և դասական սյուժե: Ես՝ տաղանդավոր դերասան Արամ Սարգսյանս, պատիվ եմ ունեցել փայլուն կերպով կերտել այդ տղամարդու դերը՝ դառնալով անանձնական մեծ սիրո զոհ… 

ԳՈՀԱՐ — Մի չափազանցրու, մեր բաժանվելու պատճառը դա չէր:

ԱՐԱՄ — Գուցե կբացատրե՞ս, կլուսավորե՞ս ինձ, տիկին, թե ո՛րն էր ստույգ պատճառը:

ԳՈՀԱՐ — Դու ինձ չէիր սիրում, Արամ… Դու ոչ մեկին սիրելու ունակ չես: Դու ունակ չես քո կյանքն անցկացնել մեկի հետ: Քեզ միշտ փոփոխություններ են պետք, նոր գործողություններ, նոր կոնֆլիկտ, նոր զարգացում, նոր մերձավորներ, նոր երկրպագուներ… Եթե անգամ համաձայնեի քեզ հետ, միևնույն է, ինչ-որ մի օր դու հեռանալու էիր՝ լքելով ինձ ու երեխային, և հանրության աչքին ես կհառնեի ամուսնուն դավաճանած, իր ընտանիքը քայքայած մեկը…

ԱՐԱՄ — (ասվածին անհաղորդ): Սոված եմ:

ԳՈՀԱՐ – Համբերիր: (Նայում է ժամացույցին:) Նա, որպես կանոն, ուշանում է:

ԱՐԱՄ — Նա՞-ն ով է:

ԳՈՀԱՐ — Կգա՝ կիմանաս: (Դռան զանգ:) Ահա և նա: (Գնում է դիմավորելու:)

ԱՐԱՄ — Եթե մայրը կամ քույրը եղավ՝ կթողնեմ ու կգնամ… Չէ, հաց կուտեմ, նոր կգնամ:

Գոհարի ուղեկցությամբ մտնում է Ռուբենը, տեսնելով Արամին, տեղում մեխվում, հարցական հառվում է Գոհարին:

ԳՈՀԱՐ — Առաջ արի: Ծանոթացեք, Արամ Սարգսյանն իմ նախկին ամուսինն է: (Ռուբենին ցույց տալով:) Ռուբեն Հակոբյանն իմ նախկին ամուսինն է:

ՌՈՒԲԵՆ — (անբարյացկամ): Մե հատըմ տուալետ մտնիմ ու գամ: (Գնում է:)

ԱՐԱՄ — Նա իսկապե՞ս քո ամուսինն է:

ԳՈՀԱՐ — Եղել է:

ԱՐԱՄ — Ինչպես հասկանալ:

ԳՈՀԱՐ – Դու ինչպե՞ս եղար, նա էլ՝ այդպես:

ԱՐԱՄ — Ինձնից առա՞ջ, թե՞ հետո:

ԳՈՀԱՐ — Ինչպե՞ս չես ամաչում… Ինքդ էլ գիտես, որ դու իմ կյանքում առաջինն էիր:

ԱՐԱՄ – Նշանակում է, նա ինձնից հետո է ամուսնացել քեզ հետ:

ԳՈՀԱՐ — Քեզնից հետո:

ԱՐԱՄ – Բախտը չի բերել:

ԳՈՀԱՐ – Ընդհակառակը:

ԱՐԱՄ — Բա ինչո՞ւ տեր չմնաց իր բախտին:

ԳՈՀԱՐ — Ես չցանկացա:

ԱՐԱՄ — Դո՜ւ, դո՜ւ, դո՜ւ… Ամեն տեղ, ամեն ինչում՝ դո՛ւ… Որտեղ անիմաստ խանդ կա՝ դո՛ւ, որտեղ բամբասանքին ականջ կախել կա՝ դո՛ւ, որտեղ դժգոհել կա՝ դո՛ւ…

ԳՈՀԱՐ — Դեռ այդպե՞ս ես մտածում:

ԱՐԱՄ — Ուրիշ ինչպե՞ս: Տասը տարի կյանքս կերար քո խանդով:

ԳՈՀԱՐ — Դա խանդ չէր, Արամ, դա քեզ վերափոխելու անօգուտ տանջանք էր: (Տխուր քմծիծաղով:) Արի ու տես, որ Ռուբենն էլ ինձ էր խանդում: Ահավոր էր խանդում: Չդիմացա:

ԱՐԱՄ — Քեզ տեղն է:

ԳՈՀԱՐ — Քո կարծիքով՝ ես վհո՞ւկ եմ…

ԱՐԱՄ — Վհո՞ւկ… մի՞թե այդպիսի կոմպլիմենտ արեցի…

ԳՈՀԱՐ – Դե, գիտե՞ս ինչ… (Ձեռքը գցում է շշին:)

ԱՐԱՄ – Ստո՛պ: Ինձ կանչել ես, որ մահափորձ անե՞ս:

ԳՈՀԱՐ — (բարձրացնում է շիշը): Քեզ սպանելն էլ է քիչ:           

ԱՐԱՄ — Օգնեցե՜ք….

Ներս մտած Ռուբենին տեսնելով՝ քարանում են:

ՌՈՒԲԵՆ — Ապ ջան, մե կնգա էղածն ի՞նչ է, օր մենակդ չես կրնա՝ օգնություն կխնդրես:

ԳՈՀԱՐ — Այլանդակնե՛ր… (Շիշը մեկնում է Արամին:) Ա՛ռ, շիշը բաց ու մոտեցեք սեղանին:

ՌՈՒԲԵՆ — (անբարյացկամ նայելով Մունկի կտավին՝ թիկունքով է դրան նստում): Հըբը մյուսներն ո՞ւր են:

ԳՈՀԱՐ — Ի՞նչ մյուսներ:

ՌՈՒԲԵՆ — Հենց էսքանս ե՞նք, էլ ուրիշ ամուսին չունի՞ս:

Գոհարը ուզում է պատասխանել, բայց վիրավորանքից արտասվում է:

ԱՐԱՄ — (ժեստերով նախատում է Ռուբենին): Այսօր… այսօր մեր սիրելի… այսինքն՝ հարգելի Գոհարի ծննդյան օրն է: Եվ նա որոշել է… որոշել է ընտանեկան սեղմ շրջապատում նշել իր տարեդարձը…

ՌՈՒԲԵՆ — Դե, ըդպես ըսա… (Գոհարին.) Տո՛ լա՜վ, դու էլ… սիրտդ շուռ մի բեր, բան էր, ըսինք: (Մեկնում է բաժակը:) Լից, բաջանաղ, լից:

ԳՈՀԱՐ — (սրբում է արցունքները): Առաջինը ես եմ ուզում խոսել:

ՌՈՒԲԵՆ — Խոսա, մեռնիմ կյանքիդ, էդ ե՞րբ չես դու խոսե, օր էսօր չխոսիս:

ԳՈՀԱՐ — (վերցնում է բաժակը): Ես ուզում եմ ասել… ուզում եմ ասել… Ես ձեզ հրավիրեցի, որպեսզի հրաժեշտ տամ ձեզ…

ԱՐԱՄ — Սա արդեն սենսացիա՜ է… և ո՞ր կամրջի վրա է տեղի ունենալու հրաժեշտը՝ Դավթաշենի՞, թե՞ Կիևյանի…

ՌՈՒԲԵՆ — Սուս էրա, մարդը բան կսե…

ԱՐԱՄ — Պարոն… կարծեմ՝ Ռուբեն, ի գիտություն ձեզ, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ձայնի իրավունք ունեմ:

ՌՈՒԲԵՆ — Ի՛…

ԳՈՀԱՐ — Այս ամբողջ ընթացքում ես անընդհատ ու անընդհատ բռնացնում էի ինձ այն բանում, որ շարունակում եմ ապրել այնպես, ինչպես նախկինում: Մի նոր զգեստ էի առնում, մտածում էի՝ Ռուբենը կհավանի՞… Ընթրիք էի պատրաստում և անհանգստությունը, որ Արամը ճաշի մեջ գցած սոխ չի սիրում, պատում էր ինձ… Դուք անընդհատ խանգարում եք ինձ ձերբազատվել իմ իզուր, շա՜տ իզուր ապրած անցյալից… Եվ ես հասկացա, որ հարկավոր է հանդիպել: Հենց այսպես՝ երկուսիդ հետ միաժամանակ՝ երես առ երես, ասել այդ մասին, հոգով դատարկվել ու կտրել աներևույթ այն լարը, որն ինձ դեռ կապում է ձեզ հետ… (Նրա բջջայինը զանգում է:Ընդմիջելով խոսքը, դժկամ գնում է հեռախոսը վերցնելու:)

ԱՐԱՄ — (ցածրաձայն՝ Ռուբենին): Դու մի բան հասկանո՞ւմ ես:

ՌՈՒԲԵՆ — Հըլը որ՝ չէ…

ԱՐԱՄ — Իսկ ես հասկանում եմ… Նա կարոտել է:

ՌՈՒԲԵՆ — Ո՞ւմ, ընձի՞, թե՞ քեզի:

ԱՐԱՄ — Համբերիր, քիչ հետո պարզ կդառնա:

ԳՈՀԱՐ — (զանգին չպատասխանելով՝ անջատում է): Ես ուզում եմ նորովի ծնվել, նոր կյանք եմ ուզում՝ առանց ետ նայելու ցանկության, առանց անցյալի, քանի որ իմ կյանքը ճիշտ չապրեցի…

ԱՐԱՄ — (հայացքը վերև հառած՝ ինչ-որ տեքստից մտաբերում է): Մեր գոյությունը պայքար է լինել-չլինելու համար, անդադրում պայքար, որն անցնում է երջանկության ետևից մշտական վազքով…

ԳՈՀԱՐ — Ես էլ վազքի մեջ եղա՝ ոչ մի վայրկյան կանգ չառնելով, բայց… բախտս չբերեց: Երազում էի դաշնակահար դառնալ, մինչդեռ դպրոցում երաժշտություն եմ դասավանդում… Բազմաթիվ փեսացուներ ունեի, սիրահարվեցի դերասանի: Մտածում էի՝ իմ սիրով ու հոգատարությամբ կնպաստեմ նրա տաղանդի աճին, բայց նա, իր բեմական հաջողություններից շփացած, ամեն քայլափոխի դավաճանում էր ինձ: Երեխա էլ չէինք ունենում… Բաժանվեցինք: Երկրորդը, որ ըմբշամարտի մարզիչ էր, անտանելի խանդում էր…

ԱՐԱՄ — Չեղա՜վ, չեղա՜վ: Ինձ վերաբերող փաստերը խեղաթյուրում ես:

ՌՈՒԲԵՆ — (անբարյացկամ հեգնանքով): Դո՛ւ ըսա, ապ ջան: Կերևա դու փա՛ստաբան ես:

ԱՐԱՄ — Ես դերասան եմ և ինձ համար ճշմարտությունը վեր է ամեն ինչից:

ՌՈՒԲԵՆ — Ի՛-յա՜… դերասանն ո՜ւր, ճշմարտությունն ո՜ւր…

ԱՐԱՄ — Խնդրում եմ առանց վիրավորանքի:

ՌՈՒԲԵՆ — Այ ախպեր, քու արհեստը մարդոց խաբելը չէ՞, չխաբես՝ սոված կմնաս:

ԱՐԱՄ — (Գոհարին): Եվ այս գռեհիկը քո ամուսի՞նն է եղել…

ՌՈՒԲԵՆ — Խոսքդ չափավորե, սայլո՛ւկ:

ԳՈՀԱՐ — Նա գռեհիկ չէ, ծայրահեղ խանդոտ է:

ԱՐԱՄ — Բայց ի՞նչ իրավունք ունի խանդելու, երբ արդեն ամուսիններ չեք:

ՌՈՒԲԵՆ — Ըդիկ իմ անձնական գործս է:

ԳՈՀԱՐ — Տղաներ, վերջ տվեք, ի վերջո, իմ տարեդարձն է:

ԱՐԱՄ — Ես էլ այդ եմ ասում, քո տարեդարձն է և ես, առաջին ամուսինը լինելու իրավունքով, առաջինը պետք է խոսք ասեմ: (Ոտքի է ելնում:) Հարգելիներ, այսօր մեր Գոհարի ծննդյան տարեդարձն է: Այս հիշարժան օրը նա որոշել է վերջնականապես հրաժեշտ տալ նախկին ամուսիններին՝ իր անձնական երջանկությունը գտնելու համար: Դա պարտավորեցնում է մեզ ճշմարիտ և ջերմ խոսք ասել: Գոհարը հրաշալի կին է: Ճիշտ է, նա այնքան խելացի չէր ըմբռնելու համար, որ խանդի շղթաներով պետք չէ կապանքել արվեստագետ ամուսնուն, բայց դա ամենևին էլ ստվեր չի գցում նրա կանացի կերպարի վրա: Ես ի սրտե շնորհավորում եմ քո տարեդարձը և մաղթում անանձնական երջանկություն: (Խմում է:)

Դադար:

ԳՈՀԱՐ — (Ռուբենին): Դո՞ւ ինչ կասես:   

ՌՈՒԲԵՆ — Ես միննակ մէ բանըմ կըսեմ: Թե հնար էղներ կյանքս նորից սկսելու, ես էլի քեզի կընտրեի… հենց առաջինը ես կեղնեի… (Մի թափով խմում է:)

ԱՐԱՄ — Երկրորդը ե՞ս էի լինելու…

ՌՈՒԲԵՆ — Դու վափշե չէիր էղնի:

ԱՐԱՄ — Բայց սա արդարացի չէ, պարոնայք: Դուք ի՞նչ իրավունքով եք ինձ զրկում իմ տասը տարվա կենսագրությունից: (Բաժակը լցնում և թափով խմում է:)

ՌՈՒԲԵՆ — Գնա, քու կյանքով ապրի, մեզնից ի՞նչ կուզես: (Լցնում, թափով խմում է:)

ԱՐԱՄ — Ինչպե՞ս թե… Այդ տարիներին ես կերտել եմ Սգանարելի կերպարը՝ Մոլիերի «Դոն Ժուանում», Խեղկատակը՝ Շեքսպիրի «Լիր արքայում», Թափառնիկոսի, Մասիսյանցի, Օթարյանի կերպարները, նկարահանվել եմ սերիալներում… (Բաժակը լցնում, թափով խմում է:) Ո՞վ է ձեզ իրավունք տվել թալանելու հայ թատրոնի տարեգրության ոսկե էջերը…

ՌՈՒԲԵՆ — Տո, սպասե, հալա վրա մի տուր, հո վակզալի մայմուն չե՞ս:

ԱՐԱՄ — Սա արդեն չափից դուրս է… (Ուզում է օղի լցնել, Ռուբենը խլում է շիշը:)

ՌՈՒԲԵՆ — Կեցի հալա, իմ հերթն է: (Լցնում է բաժակը, խմում, շիշը մեկնում է:) Խոսա՛:

ԱՐԱՄ — (շիշը վերցնելով՝ լցնում է իր բաժակը): Ի գիտություն ձեզ, պարոն, արդեն հինգ տարի է ես ներկայացված եմ հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: (Խմում է:)

ՌՈՒԲԵՆ — Թեկուզ համաշխարհային էղնիս, ընձի հեչ հետաքրքիր չէ: (Ձեռքը մեկնում է շշին, Գոհարը կանխում է նրան:)

ԳՈՀԱՐ — Բավական է, հարբելու համար չեք եկել:

ՌՈՒԲԵՆ — Բայց ինքը մէ բաժակ ավել խմեց, քվիթ չենե՞մ:

ԱՐԱՄ — Օ՜, բախտ իմ դշխեմ, տեսե՜ք, հիացե՜ք, թե ես ո՞ւմ հետ եմ նշում իմ նախկին կնոջ տարեդարձը…

ՌՈՒԲԵՆ — Էնիկ ոչ թե քու, այլ իմ նախկին կինն է:

ԱՐԱՄ — Ինչպե՞ս թե…

ՌՈՒԲԵՆ — Հե՛նց ըդպես: Քու նախկին կինդ էր, քանի դեռ ընձի չէր առէ, ըդուց եդև՝ ի՛մ նախկին կինն է, պարզ չէ՞: Էնպես որ, գնա, քեզի համար նախկին կին գտի:

ԱՐԱՄ — (ընդոստ ոտքի է ելնում): Գոհար, խնդրում եմ, այս մարդուն ասա, որ իմ իրավունքները չոտնահարի, այլապես հենց հիմա կգնամ այստեղից:

ՌՈՒԲԵՆ — Կերթա՞ս՝ գնա՜… Մնալուդ օգո՞ւտն ինչ է…

ԱՐԱՄ — Որ այդպես է, ոչ մի տեղ էլ չեմ գնա: (Նստում է:) Գոհար, սիրելիս, բաժակները լից:

ՌՈՒԲԵՆ — (պոռթկում է): Տո, դու վո՞վ էղար, որ իմ կնգան «սիրելիս» ըսես… (Ապտակում, տապալում է աթոռից:) Սայլո՛ւկ:

ԳՈՀԱՐ — Այս ի՞նչ եք անո՜ւմ… (Նետվում է Արամին բարձրացնելու, նա ուշագնաց է ձևանում:) Արի օգնիր, բազմոցին պառկեցնենք, ա՛րջ…

ՌՈՒԲԵՆ — («արջ» բառից շոյված): Հիշե՞ս գը, առաջին անգամ ե՛րբ ընձի արջ ըսիր:

ԳՈՀԱՐ — Արի օգնիր, հիշողության ժամանակը չի: (Պառկեցնում են Արամին: Ապտակելով փորձում է նրան ուշքի բերել:) Արամ… Արամ… աչքերդ բաց, Արամ ջան…

ՌՈՒԲԵՆ — Տո, դո՞ւ ընչի ըդպես ջիգյարակալա՜ր… Ե՛տ քաշվի, ըդիկ բժշկի գործ է: (Հանում է բջջայինը:)  Զանգեմ, թող «շտապը» գա:

ԳՈՀԱՐ — Գժվե՞լ ես, ինչ է… Նրանք ամեն մի դեպք ոստիկանությանն են հաղորդում… Մի ցցվիր, միջանցքի արկղիկից նաշադիրի սպիրտ բեր:

Ռուբենը գնում է: Գոհարը արհեստական շնչառության սեղմումներ է անում:

Սրվակը ձեռքին վերադարձած Ռուբենը տեսնելով Գոհարի վերուվարը, մոլեգնում, սրվակը խփում է հատակին ու սուր հոտից ընկրկելով սկսում է հազալ:

ԳՈՀԱՐ — Ընկնավորությունդ էլի բռնե՞ց… (Հազից խեղդվելով շտապում է սեղանի մոտ, բաժակների մեջ ջուր է լցնում, մեկը մեկնում է Ռուբենին, մյուսից ինքն է խմում:)

Այս ընթացքում Արամը դանդաղ նստում, թափահարում է գլուխը, ապա, խմիչքի ազդեցության տակ օրորվելով, մոտենում է մագնիտոֆոնին, միացնում է: Հնչում է տանգո: Ռուբենը, պահն օգտագործելով, գրկում է Գոհարի մեջքը: Պարում են:

ԱՐԱՄ — (օրորվելով մոտենում է սեղանին, օղի է լցնում, բարձրացնում է բաժակը): Խմում եմ չպարողների կենա՜ցը… (Բաժակն իր քթին խփում, խմում է:)

ԳՈՀԱՐ — Տեսա՞ր, որ նա հիշաչար չէ… Դու լինեիր նրա տեղը՝ սեղանը շուռ էիր տվել:

ՌՈՒԲԵՆ — Ուժը չի պատի, թե չէ ինքն էլ շուռ կուտար:

ԱՐԱՄ — Ո՞ւմ ուժը չի պատի… ի՞մ… (Փորձում է սեղանը շրջել:)

ԳՈՀԱՐ — (վրա հասնելով): Չանե՜ս, հենց դա էր պակաս:

ԱՐԱՄ — (փլվում է աթոռին): Գոհա՜ր… սիրելի՜ս… բաժակները լցրու:

ՌՈՒԲԵՆ — Եդի կողմի՞ց է դուրս պրծե իշու ձագը… (Մոլեգնած հարձակվում է:)

ԳՈՀԱՐ — (փորձում է ետ հրել Ռուբենին): Վե՛րջ տուր, սա քո մրցագորգը չէ…

ՌՈՒԲԵՆ — Բայց լսիր, չէ՞, օր էլի «սիրելի՜ս» ըսավ…

ԳՈՀԱՐ — (շոյելով նրա այտը՝ փորձում է համոզել): Ռուբեն… Ռուբեն ջան, նա հարբած է… նա չի կարողանում շատ խմել…

ՌՈՒԲԵՆ — (ջերմ վերաբերմունքից ազդված): Թող քաշին գյորա խմեր…

ԱՐԱՄ — Ճ-ճիշտ է… մենք նույն քաշային կարգում չենք…

ՌՈՒԲԵՆ — Ուրեմն՝ տեղդ իմացի, սայլո՛ւկ:

ԱՐԱՄ — Դ-դու թեթև քաշ ունես… թե-թև-սոլիկի քաշ…

ՌՈՒԲԵՆ — (կողմ հրելով Գոհարին, հարձակվում է): Լեզուդ քոքեն կպոկեմ, մայմուն…

ԱՐԱՄ — (խույս տալով): Սիրելի Գոհար, քա՜ղցրս, դու տան մեջ գիշատիչ գազան պահելու համապատասխան թույլտվություն ունե՞ս:                                             

ՌՈՒԲԵՆ — (բարձը շպրտում է նրա վրա): Ես քու ռաստ գալիքը…

ԱՐԱՄ — (բարձը շուռումուռ տալով): Շուտ չի՞ որ… բայու, բայու, բա՜-յու… (Մի կողմ է նետում, փորձում է լրջանալ:) Լավ, Օթելլո, արի նստիր, մի բան խմենք, քեֆ անենք, ի վերջո տարեդարձ է:

ԳՈՀԱՐ — (շինծու զվարթությամբ): Ճիշտ է: Ես ձեզ համար հիմա կերգեմ: (Նստում է դաշնամուրի մոտ, երգում է:)

Вам не понять моей печали,

Когда растерзаны тоской,

Надолго вдаль не провожали

Того, кто властвует душой.

Вам не понять, вам не понять,

Вам не понять моей печали.

Вам не понять моей печали,

Когда в очах вам дорогих

Холодности вы не читали,

Презренья не видали в них.

Вам не понять, вам не понять,

Вам не понять моей печали…

Երգից ազդված Ռուբենը լցնում է իր ու Արամի բաժակները: Տղամարդիկ լուռ խմում են:

Գոհարն ավարտելով երգը, մոտենում է սեղանին:

ՌՈՒԲԵՆ (հաշտ): Ըդիկ՝ ուրիշ բան: Բայց եղբայրաբար, թե քույրաբար, դու ընձնից շատ Գոհարին չես կրնա սիրե:

ԱՐԱՄ Սա ի՞նչ կողոպուտ է, պարոնա՜յք, օրը ցերեկով թալանում են մարդկային ամենավսեմ զգացմունքն ու անպատիժ մնում… Ես Եվրոպական դատարան կդիմեմ:

ՌՈՒԲԵՆ Կուզես՝ աֆրիկական դիմե, Գոհարին ես ավելի շատ կսիրեմ:

ԱՐԱՄ Ո՛չ, ե՛ս…

ՌՈՒԲԵՆ Ես քեզի վերջին անգամը կզգուշացնեմ՝ ընձի հետ ոտք մի մեկնե:

ԳՈՀԱՐ Սպասե՛ք: (Վերցնում է բաժակը🙂 Պարսից արքա Կյուրոս Մեծին մի աղջիկ ասում է. «Սիրահարված եմ քեզ»: Կյուրոսն ասում է. «Ավելի արժանին եղբայրս է, որ գեղեցիկ է ինձանից ու կանգնած է քո ետևում»: Աղջիկը շրջվում, ետ է նայում՝ ոչ ոք չկա: «Եթե իրոք սիրահարված լինեիր ինձ,- ասում է Կյուրոս Մեծը,- ետ չէիր նայի»: (Խմում է🙂

ՌՈՒԲԵՆ (Արամին): Լսեցի՞ր… ականջիդ օղ էրա, Կոպեռնիկո՛ս:

ԱՐԱՄ Ոչ թե Կոպեռնիկոս, այլ Թափառնիկոս:

ՌՈՒԲԵՆ Ընձի համար մեկ է, թեկուզ Միլոնտոսն էղնիս:

ԱՐԱՄ Միլոնտո՞սն ով է, չեմ ճանաչում:

ՌՈՒԲԵՆ Հին Հունաստանի ըմբշամարտի չեմպիոն է:

ԱՐԱՄ Հա՜…

ՌՈՒԲԵՆ Այ, ըդպես կմզզաս:

ԱՐԱՄ (մտնում է Համլետի դերի մեջ):

Քառասուն հազար եղբայր չեն կարող

Իրենց գորովի բոլոր քանակով իմ սերը կազմել,

Դժոխք, ցույց տուր ինձ, թե դու ինչ կանես՝

կլա՞ս, կկռվե՞ս, քաղցա՞ծ կմնաս, քեզ կծվատե՞ս,

լեղի կխմե՞ս, կրոկոդիլ կուտե՞ս, այդ ես էլ կանեմ։

Եկել ես այստեղ, որ ցավից գոռա՞ս,

զարմացնե՞ս ինձ ցատկելով նրա գերեզմանի մեջ։

Ուզում ես ողջ-ողջ թաղվե՞լ նրա հետ, այդ ես էլ կանեմ։

Եթե լեռներից ուզես բարբառել,

Թող մեր գլխի վրա միլիոն արտավար հող բերեն դիզեն,

Մինչև որ մեր տափն իր գագաթն այրի հրավառ կամարից

Եվ Օսսան մոտը մի գորտնուկ թվա։

Լսիր ինձ, պարո՛ն, ինչո՞ւ ես ինձ հետ այդ ձևով վարվում,

քեզ միշտ սիրել եմ։ Բայց ոչինչ,

                                    հոգ չէ,

թող Հերկուլն անի ինչ որ կարող է,

կատուն կմլավի, շունն էլ կհաչի…

(Փլվում է բազմոցին🙂 Շունն էլ կհաչի… (Քնում է🙂

Դադար:

ՌՈՒԲԵՆ Կերևա՝ էս տան մեջ դիվանի վրա քնողն անպակաս է:

ԳՈՀԱՐ (թախծոտ ժպտում է): Հիշեցի՞ր… Նույն այս օրն էր, իմ ծննդյան օրը:

ՌՈՒԲԵՆ Է, հա՜, հետո ի՞նչ… Ներս մտա, տեսնիմ՝ ճիշտ ըսպես, մեկը դիվանի վրա ճոռթված պառկած է… Դու իմ տեղն էղնեիր, ի՞նչ կմտածեիր:

ԳՈՀԱՐ Ես քո տեղը լինեի, կլսեի կնոջս պատճառաբանությունն ու կհավատայի նրան:

ՌՈՒԲԵՆ Կհավատայիր, օր շեմքի վրա պառկած գտել է ու նե՞րս է բերե… Ղշի վրա ընկած կոպեկ է՜ր, ի՜նչ էր, ո՞ր գտար:

ԳՈՀԱՐ Բայց դա իրողություն է… Մարդը, սրտի նոպայով, մեր հարկում նվաղել էր, չօգնեի՞, մինչև բժիշկները տեղ հասնեին:

ՌՈՒԲԵՆ Թե՞ դու էիր նվաղե…

ԳՈՀԱՐ Ռուբեն, վերջ տուր, անցածն անցած է: Այդ ամենն արդեն հիշողություն է:

ՌՈՒԲԵՆ Ես էլ կհիշեմ, ընչի՞ կնեղենաս:

ԳՈՀԱՐ Դու կրկնում ես այն, ինչ երեք տարի առաջ ես ասել:

ՌՈՒԲԵՆ Է, հա՜, Գոհար ջան, իրեք տարի առաջ ըդպես կմտածեի՝ ըդպես եմ ըսե: Սխա՞լ կհիշեմ…

ԳՈՀԱՐ Հիմա ինչպե՞ս ես մտածում:

ՌՈՒԲԵՆ Հիմիկվանն ուրիշ է… Մարդը, սրտի նոպայով, նվաղե, ընկել էր, չօգնեի՞ր, մինչև բժիշկները տեղ հասնեին: (Դատավճռի սպասողի պես խոնարհում է գլուխը🙂

ԳՈՀԱՐ Այնպիսի աղմուկ բարձրացրիր… (Հուզվում է🙂 Ողջ շենքը ցնցվում էր… Վրա հասած բժիշկները չգիտեին՝ ի՞նձ բուժօգնություն ցույց տան, թե՞ հիվանդին… Գոնե մի հիշեցրու, նյարդերս խառնեցիր…

ՌՈՒԲԵՆ Իմ նյարդերն էլ խառնվան… Դու ընձի հեչ չհասկցար: Դու ընձի հետ չկիսվար, չճանաչիր ինձ: Դաժա՛ն:

ԳՈՀԱՐ Այդ ե՞ս եմ դաժանը:

ՌՈՒԲԵՆ Հա, հենց՝ դու: Չմտար իմ դրության մեջ, չուզեցիր հասկնալ, թե էս մարդը ընչի՞ էսպես կխանդե, իրան պատեպատ կուդա, ընչի՞: Ես հո սաղ կյանքս ըդպես չէի՞… Դու հո լավ գիտեիր, թե էն անզգամից ես ընչի բաժանվա… բայց մանրամասները չիդես, չուզեցիր իմանաս:

ԳՈՀԱՐ Մանրամասներն է՞լ պիտի իմանայի:

ՌՈՒԲԵՆ Հա, իմանայիր պդի… Ներս մտա, տեսնիմ՝ մեկը դիվանին պառկած է: Կըսեմ՝ իսիկ վո՞վ է: Կըսե՝ մորքուրիս տղեն է, ըշտե էկավ, քիչըմ վատ կզգար… Ըդիկ մե՜ծ հարված էր… ինչխոր վերցնին ու գլխուս վրա բրոսոկ էնեն… Ես հենց ըդուց եդեվ փոխվա: Կհասկնամ, օր խանդը լավ բան չէ, բայց աչքը տեսածից կվախենա… Է, թարսի պես, քեզի հետ էլ նույնը եղավ… Տուն մտա, տեսնիմ՝ մեկը պառկած… Իմ մեղքը ո՞րն է, կրնա՞ս ըսես:

ԳՈՀԱՐ Տղամարդիկդ ամեն բանի պատճառաբանությունն ունեք:

ՌՈՒԲԵՆ Պատճառաբանությունս ո՞րն է, մեռնիմ կյանքիդ, ծերից-ծեր ճշմարտություն կըսեմ: Մէ կողմից էլ՝ էդ անտեր նկարի նավսը իմ վրա ազդեց ու…

ԳՈՀԱՐ Ի՞նչ նկար:

ՌՈՒԲԵՆ (Մունկի «Ճիչը» ցույց տալով): Տիա՛, չե՞ս հիշե, հազար անգամ ըսի, որ իդիկ տեղովը նավս է, հանի դուս գից: Չլսար:

ԳՈՀԱՐ (ծիծաղում է): Վա՜յ Ռուբեն, վա՛յ… Բա մարդ է՞լ այս տարիքում, վաստակավոր մարզիչ, տասնյակ երկրներում եղած, աշխարհ տեսած մարդը, այդքան սնահավատ լինի:

ՌՈՒԲԵՆ Ըշտը տեսել եմ, օր կըսեմ: Օսլոյում էղածս ժամանակ մեզի պատկերասրահ տարան ու էս բայղուշի նկարն օր ցույց կուտային, ըսին, օր գլխակեր է, քանի հոգու է դժբախտացրե ու գժվցրե… Հո չե՞մ հնարե, անձամբ եմ լսե:

ԳՈՀԱՐ Ամեն հանրահայտ նկարի մասին այդպիսի պատմություններ հորինում են՝ խորհրդավոր և ուշագրավ դարձնելու համար: Ուշք մի դարձրու, մի վախենա:

ՌՈՒԲԵՆ Ե՛ս վախենա՞մ… Ընձի վախեցնողը հըլը չի ծնվե ու չի էլ նկարվե…

Գոհարի հեռախոսը զանգում է:

ԳՈՀԱՐ Լսում եմ… Ես եմ, Մարինե, լսում եմ… Կներես, որ չպատասխանեցի, այդ պահին հարմար չէր… ի՞նչ… ե՞րբ… դու արդեն հիվանդանոցո՞ւմ ես… գալիս եմ, հենց հիմա գալիս եմ… (Ռուբենին.) Ներիր, խնդրում եմ, զարմուհիս էր զանգողը… մորաքրոջս են հիվանդանոց տարել, ինֆարկտ… (Արագ գնում է միջանցք, վերադառնում՝ թիկնոցը հագնելով🙂 Նրան վերակենդանացման սենյակ են տարել… (Հեռախոսը խցկում է պայուսակը🙂 Բանալին դռան վրա եմ թողնում, գնալիս դրեք փալասի տակ… Կներեք, այդպես ստացվեց… (Շտապ գնում է🙂

ՌՈՒԲԵՆ (մոտենում, ցնցում է բազմոցին քնած Արամի ուսը): Վեր էլի…

ԱՐԱՄ (քնկոտ): Այ մարդ, դե թողեք քնեմ, էլի՜:

ՌՈՒԲԵՆ Վեր էլի, գնա տունդ ու հանգիստ քնե:

ԱՐԱՄ (նստում, թափահարում է գլուխը): Ֆո՛ւ… շատ խմեցի… (Դեռ քնատ նայում է   շուրջբոլորը🙂 Էս ո՞ւր է:

ՌՈՒԲԵՆ Ի՞նչը:

ԱՐԱՄ Ոչ թե ինչը, այլ՝ ո՞վ… Գոհարն ո՞ւր է:

ՌՈՒԲԵՆ Մորքուրի աղջիկը զանգեց, մորը հիվանդանոց են տարե:

ԱՐԱՄ Բա ինչո՞ւ ես տխուր կանգնել, դրանից էլ մեծ ուրախությո՞ւն: (Վերցնում է օղու շիշը🙂 Զոքանչ ենք կորցնում, է՞, զոքա՜նչ… տարոսը՝ կարոտյալներին:

ՌՈՒԲԵՆ Խոսքը Մարինեի մոր մասին է:

ԱՐԱՄ Ափսոս… (Շիշը տեղն է դնում🙂

ՌՈՒԲԵՆ Դու միշտ ես ըդպես սայլո՞ւկ, թե՞ դեր կխաղաս:

ԱՐԱՄ Դեր եմ խաղում… ես միշտ դերի մեջ եմ, նույնիսկ քնած ժամանակ:

ՌՈՒԲԵՆ Ուրեմն հոգեկան հիվանդ ես:

ԱՐԱՄ (լրջանում է): Անկեղծ ասե՞մ: Ես չեմ սիրում, որ ինձ խղճում են: Չեմ սիրում, որ իմ պրոբլեմներն իմանում են: Չեմ սիրում, որ ցավակցում են: Չեմ սիրում, որ ինձ վիրավորում են, իսկ ես չեմ կարող պատասխանել, քանի որ վախկոտ եմ ու անհամարձակ… Այդ բոլորը շրջանցելու համար ամեն ինչ կատակի եմ վերածում, հասկանո՞ւմ ես… Չե՜ս հասկանում: Ոչ մեկդ էլ ունակ չեք դա հասկանալու:

ՌՈՒԲԵՆ Էդ ինչըղ եղա՞վ, որ միննակ դու ունակ էղար:

ԱՐԱՄ Ունակ չեք, որովհետև ձեր թիկունքին ծնողներ եք ունեցել, ավագ կամ կրտսեր եղբայր եք ունեցել: Մանկատան դաստիարակչուհին ձեզ չի ապտակել ու ասել՝ բոզի լակոտ, փոխտնօրենը ձեզ չի զրկել ճաշից, տնտեսվարը նոր շալվարը չի տարել, իր տղային հագցրել, իսկ տղայի մաշածը չի բերել ու հագցրել ձեզ… Դուք վերի արտի ցորենն եք, ընտրյա՜լը, ապահովվա՜ծը… (Բռնկվում է🙂 Ի՞նչ եք ուզում ինձանից… Ապրեք ձեր կյանքով, ես ձեզ չեմ խանգարում, դուք էլ ինձ մի խանգարեք… Իմ ուզածը մի բան է՝ մնալ ձեզ հետ, ձևանալ ձեզնից մեկը: Բայց դրա համար դուք վարձ եք ուզում… Ես ի՞նչ ունեմ, որ ի՛նչ տամ…Ձեզ՝ խելացիներիդ, ապահովվածներիդ, լուրջ ու հավասարակշռված ապրողներիդ, միայն մի բան կարող եմ տալ՝ իմ միմոսությունը… (Դադար🙂 Այդպես ապրեցի ու բնավորություն դարձավ: Կարողացա՞ պատասխանել հարցիդ:

ՌՈՒԲԵՆ (մտախոհ): Ընչի՞ բաժանվար:

ԱՐԱՄ Երեխա չունենալն ինձ համար մեծ ողբերգություն էր: Ես՝ անհայտ ծնողներից, անհայտ ծագումով մեկը, զրկված էի նաև սերունդ ունենալու ունակությունից: Իսկ Գոհարն առողջ էր, նա կարող էր մայրանալ:

ՌՈՒԲԵՆ Կուզես ըսել, թե Գոհարի խաթեր բաժանվա՞ր: Ձեռքդ խղճիդ դիր ու ճիշտն ըսա՝ Գոհարի խաթեր բաժանվա՞ր:

ԱՐԱՄ Գոհարը քեզ չի՞ պատմել, որ հարցաքննում ես:

ՌՈՒԲԵՆ Չէ, չի պատմե: Բայց ինքը մեղք չունի, ըդիկ իմ մեղքս է, որ չի պատմե: Եթե մարդը հոգին չի դատարկե քո առաջ, ուրեմն վստահ չէ, որ իրան ճիշտ կհասկնաս, ուրեմն մէ բանըմ, շա՜տ կարևոր մէ բան ընպես չէ: Վստահություն օր չեղավ՝ սերը կժանգվոտվի, քայքայվի գը:

ԱՐԱՄ Մտքովս չէր անցնի, որ սպորտսմենները փիլիսոփայել գիտեն:

ՌՈՒԲԵՆ (անչար): Որովհետև քու միտքը միշտ ուրիշ տեղ է, սայլուկ… (Հեռախոսը զանգում է🙂 Լսեմ գը… վո՞վ է զանգ տվողը… Իմ անունը Ռուբեն է, դո՞ւ ով ես: Ոստիկանությունի՞ց… Հա, ծանոթ եմ… իմ նախկին կինս է… ընձի՞… հա,  էսօր ինքն ինձ զանգել է… երևի իրեքի քովերն էր, չեմ հիշե… Բայց ընչի կհարցնե՞ք օրա… (Ծառս է լինում🙂 Վա՞յ… մորգ են տարե՞… Էղավ… էղավ… (Հեռախոսն անջատում, փլվում է բազկաթոռին🙂

ԱՐԱՄ Ի՞նչ է պատահել:

ՌՈՒԲԵՆ Գոհարը…

ԱՐԱՄ Գոհարն՝ ի՞նչ…

ՌՈՒԲԵՆ Ավտոյի տակ է ընկե:

Մթնեցում:

Լուսավորվում է:

Նույն սենյակն է: Դռան բացվելու ձայն: Սգո ծաղկեպսակով մտնում է Ռուբենը, նրա ետևից, նույնպիսի մի պսակով՝ Արամը: Պսակները հենում են պատին, գլխահակառժամանակ լուռ կանգնում են, ապա նստում:

ԱՐԱՄ Դու տեսա՞ր նրան:

ՌՈՒԲԵՆ Չէ, ներս չթողին: Ըսին՝ ճանաչման համար մերձավոր ազգական է պետք… Ըսպես էլ փորձա՞նք կեղներ…

ԱՐԱՄ Ընդամենը երկու ժամ առաջ Գոհարն ինձ ասում էր՝ դու ոչ մեկին սիրելու ունակ չես… Ճիշտ էր ասում: Բայց հիմա, երբ արդեն ինքը չկա, զգում եմ, որ…

ՌՈՒԲԵՆ (լարվում է): Ի՞նչ կզգաս:

ԱՐԱՄ Զգում եմ, որ մի շատ թանկ բան պակասեց իմ կյանքում:

ՌՈՒԲԵՆ Թանկ բան… էն խոսքը չէ: Կհավատա՞ս, սիրտս պայթե գը, կուզեմ գոռամ, լաց էղնիմ, բայց… հավատալս չի գա…  Ի՞նչըղ թե՝ Գոհարը… Գոհա՜րը… Ըդպես բան չի կրնա էղնի՜… (Պատից պոկում է «Ճիչը», խփում հատակին🙂 Չի կրնա՜, չի կրնա էղնի՜…

ԱՐԱՄ Հանգստացիր: Եղածը՝ եղած է: Ստիպված ենք հաշտվել իրողության հետ:

ՌՈՒԲԵՆ Հաշտվե՞լ… Էդ դո՛ւ կրնաս հաշտվել, քեզի հեշտ է խնդալն ու լալը: Ես ի՞նչըղ հաշտվեմ… Ըսիկ պարտություն է, ես պարտվել չեմ սիրե, ես պարտված չկամ:

ԱՐԱՄ Ի՞նչ ես տեսարան սարքում: Ի՛նչ կապ ունի հաշտվելն ու պարտվելը: Դրանք տարբեր բաներ են:

ՌՈՒԲԵՆ Հեչ տարբեր բաներ չեն: Հենց վախցար ու պարտությանդ հետ հաշտվար՝ արդեն պարտված ես: Ա՛յ, կըսեիր, թե՝ «Գոհարն առողջ էր, նա կարող էր մայրանա՜լ»: Իբր իրան խղճացիր ու բաժանվար, հա՞… Չէ՜, ապ ջան, ըդպես չէ, հաստատ ըդպես չէ: Կյանքը քեզի շանս էր տվե ունենաս ընպես մեկին, ով թև-թիկունք էղնելով կուզեր, օր դու հաղթող էղնիս: Բայց դու բոյ չմտար: Դու ինքնասիրահարված ես, չուզեցար սրտիդ մեջ տեղ տված միմոսին հաղթես: Էնիկ քեզի ծաղիկներ ու ծափեր կբերե, չկրցար էնօր ըսես թե՝ դու բեմի վրա մնա, իմ տան մեջ, սրտիս մեջ՝ իմ ծափն ու ծաղիկը կնիկս է: Մարդն առաջին հերթին ինքն իրան պդի հաղթե: Դու չիդես ինչ բան է հաղթելը:

ԱՐԱՄ Ընդունեցի: Ինչ որ ասացիր՝ համաձայն եմ, բայց կոնկրետ այս… ըմմ… այս իրողության հետ չհաշտվելուդ իմաստը ո՞րն է:

ՌՈՒԲԵՆ Տեսա՞ր, օր էլի վախցար ու ետ քաշվար: Դու ընձի հետ համաձայն չես, Արամ տղա, քո վախն ըդպես խոսեց:

ԱՐԱՄ Ես քեզնից չեմ վախենում:

ՌՈՒԲԵՆ Քո վախն ընձնից չէ, սայլուկ: Գոհարը սիրտը բացեց, ամեն ինչ անկեղծ ըսավ, բայց դու վախցար ըսես, թե իրան չես սիրե, ես էլ վախցա ըսեմ, որ իրան շա՜տ կսիրեմ: Չհասցրի ու թիկունքս գետնին դիպավ, պարտվա…

ԱՐԱՄ Բա էլ ո՞ւր ես քիթդ վեր ցցում: Երկուսս էլ նույն աստիճանի վրա ենք:

ՌՈՒԲԵՆ Դե արի, իշու գլխուն ավետարան կարդա, հա՛:

ԱՐԱՄ Ոչ թե իշո՛ւ, այլ գայլի:

ՌՈՒԲԵՆ Ես գիտեմ՝ ո՛ւմ ի՛նչ կըսեմ:

ԱՐԱՄ Ասող էիր՝ ժամանակին ասեիր, խոստովանեիր սերդ:

ՌՈՒԲԵՆ Այ, էդ մեկը ճիշտ կըսես, առ շիշն ու զարկե գլխուս, չուզողը՝ նամարդ էղնի… Բայց խոստովանելը քիչ է, ապ ջան, ապացուցես պըդի… Չհասցրի… չհասցրի՜… Ըսպես էլ բա՞ն կեղներ…

Գլխահակ լռում են:

Անաղմուկ մտնում է Գոհարը: Տղամարդկանց ապշած հայացքների ներքո ուղղում է ծաղկեպսակների ժապավենը, նկատում է հատակին փշրված նկարը, մի պահ տատանվում, բայց անցնում է դրա վրայով: Տղամարդկանց յուրաքանչյուրին թվում է՝ ինքը տեսիլք է տեսնում:

ԳՈՀԱՐ Տղաներ, շա՞տ տխրեցիք:

ՌՈՒԲԵՆ Քա, վա՞յ…

ԱՐԱՄ (Ռուբենին): Դու էլ լսեցի՞ր… Մեզ հետ է խոսում…

ՌՈՒԲԵՆ (գրկում է Գոհարին, համբուրում): Գոհար… Գոհար ջան… Գոհար ջան…

ԳՈՀԱՐ (թույլ ընդդիմանալով՝ ծիծաղում է): Հայտնել էին, թե վթարից մահացե՞լ եմ…

ԱՐԱՄ Հա, Ռուբենին զանգեցին…

ԳՈՀԱՐ (մեղմորեն ազատվում է Ռուբենի գրկից): Գիտեմ, գիտեմ… տաքսու վարորդին վճարեցի ու շտապելուց պայուսակս՝ հեռախոսով, անձնագրով, մոռացա մեքենայում: Ինձնից հետո այդ մեքենան վրաերթ է կատարել ու մեքենան զննելիս հայտնաբերել են իմ պայուսակը, մտածել, թե վթարվածինն է… Լավ, ինչ եղավ՝ եղավ, մոտեցեք սեղանին:

ԱՐԱՄ (իր տեղը զբաղեցնելով): Միանում եմ խնջույքին, բայց մեկ պայմանով՝ չստիպեք ինձ խմել: (Բարձրացնում է բաժակը🙂 Պարոնայք, չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել: Ճակատագիրը բախում է դուռը: Մեր շարքերից… (Ցույց է տալիս իրեն ու Ռուբենին🙂 Մեր շարքերից հավերժորեն չի հեռանում անկեղծորեն սիրված մանկավարժ, բայց կեղծորեն սիրված կին Գոհար Նալբանդյան – Սարգսյան — Հակոբյանը:

ԳՈՀԱՐ Վերջ տուր: (Ռուբենին.) Մոտեցիր սեղանին, ինչո՞ւ ես կանգնել:

ՌՈՒԲԵՆ Չեմ ուզե:

ԱՐԱՄ (ուրախացած): Ուզում ես գնա՞լ:

ՌՈՒԲԵՆ Գնա՞լ… Չէ, գնալ էլ չեմ ուզե:

ԱՐԱՄ — Բա ի՞նչ ես ուզում…

ՌՈՒԲԵՆ Կուզեմ, օր… Կուզեմ, օր ըստուց եդեվ էլ, երբ Գոհարը մի նոր շոր առնի, մտածի՝ Ռուբենը կհավնի՞, թե՞ չէ:

ԱՐԱՄ — Ժամանակն իր շաղվից դուրս չի սայթաքում, պարոնա՜յք… (Ռուբենին.) Սոխի… ճաշի մեջ գցած սոխի մասին էլ թող հիշի…

Ռուբենն ու Գոհարը լուռ են, ինքնամփոփ:

Ռուբենը մոտենում է դաշնամուրին, բացում է լարային մասի կափարիչը, այնտեղից դուրս է բերում փոքրիկ զարդատուփ, մաքրում է վրայի փոշին, մեկնում Գոհարին:

ԳՈՀԱՐ Սա ի՞նչ է:

ՌՈՒԲԵՆ Դե… էն, էլի… Իրեք տարի առաջ… քու ծննդի օրը… Բայց, օր ըդպես էղավ… Գնալուց առաջ գցի մեջը… Օր տանեի՝ ո՞ւմ պդի տայի… Առ, քուկդ է… (Տուփից մատանին հանում, դնում է հուզված Գոհարի մատնեմատին🙂 Ծնունդդ շնորհավոր էղնի, Գոհար ջան: (Նստում է կողքին, իր արարքին կարևորություն չտալու, մի բան ասելու համար🙂 Մորքուրդ ի՞նչղ է:

ԳՈՀԱՐ (գոհունակ՝ մատանին զննելով): Վտանգն անցավ, լավ կլինի:

ՌՈՒԲԵՆ (բռնելով նրա ձեռքը): Ըսիկ անմոռանալի տարեդարձ է:

ԳՈՀԱՐ (երկդիմի): Սա տարեդարձ չէ, ծնունդ է:

ՌՈՒԲԵՆ (մտորելուց հետո): Լավ, ներող էղի… ես գնամ: (Տեղից չի շարժվում🙂 Ես գնամ…

ԱՐԱՄ — Ո՜չ… մարտադաշտում լքել զինակից ընկերոջը՝ դասալքություն է:

ՌՈՒԲԵՆ Կամանդիրը դու չես, քեզի մի երևակայե:

Դադար: Գոհարը, մատանու հետ խաղալով, հպվում է Ռուբենին, արտասվում է:

ԱՐԱՄ (ոտքի է ելնում): Վիճակը գցված է, պարոնայք: Դիֆերամբներ ու ծափեր պետք չեն… Ի՞նչ արած… Այսպիսի պատմությունից հետո վերջաբանը պետք է հուզիչ լինի: (Զննում է զարդատուփը, հետո՝ միմյանցով տարված զույգին, ասմունքում է🙂

Օրհնաբանում եմ այն պահը լուսե,

Որ հեռացումիդ մթին խորքերում,

Ընդառաջ ելավ ու գտար, գուցե,

Նրան, որին դու վաղուց ես սիրում:

(Պսակների ժապավենները հանում, դնում է գրպանը, պսակից ծաղիկները հանելով՝ փունջ է կապում🙂

Օրհնաբանում եմ ժամերն այն սակավ,

Որ կախարդանքի հմայքով քո նուրբ,

Ինձ էլ քո ծաղկից մի տերև հասավ,

Եվ համբուրեցի քղանցքներդ սուրբ:

Օրհնաբանում եմ սերերը բոլոր,

Անհույս սպասող, թե սիրտը՝ սրտին,

Թե՛ տառապանքից շիկացած, մոլոր,

Թե՛ վերջին շնչով ջերմացնող ցրտին:

(Իր բերած փունջը ծաղկամանից հանում, նոր փնջածն  է տեղավորում, վառում է սեղանին դրված մոմը🙂

Օրհնաբանում եմ սերն

                              հավեժական,

Որ ունայնության շիրիմից անգո,

Աստվածներ երկնեց հավետ դյութական,

Եվ բոլորն ի մի՝ լույս պատկերն է քո

Եկա՛, տեսա՛, պարտվեցի՛… Ներկայացումն ավարտված է, պարոնայք, բայց… ծափեր պետք չեն: Հաջորդ ներկայացման համար չմոռանաք տոմսակներ պատվիրել: Ի դեպ, շատ հետաքրքիր բեմադրություն է, չեք զղջա: (Գրպանից խտասալիկ է հանում, տեղադրում է ձայնարկիչի մեջ, միացնում է: Ռեվերանսով🙂 Ահավասիկ, մի փոքրիկ հատված՝ խորհելու համար: Բարի վայելում, հարգելիներ: (Վերցնելով իր ծաղկեփունջը՝ դուրս է գնում🙂

Ձայնարկիչից լսվում են կնոջ կրքոտ հևոցներ, ճիչեր, ապա և՝ Արամի ձայնը. «Գոհա՜ր, սիրելի ԳոհարԴու նույն հրդեհն ես, ինչպես տարիներ առաջ, երբ դեռ չէինք բաժանվել»:

Խայթված Ռուբենը մեկ ձայնարկիչին է նայում, մեկ՝ շփոթված ու այլայլված Գոհարին:

«Գոհար, սիրելիս,- շարունակում է Արամը,- ասա՛, ասա՛, որ առաջվա պես սիրում ես ինձ, ասա, որ դու ուզում էիր իմ վերադարձը…- թույլ հնչում է ֆոնային երաժշտություն:- Եթե մենք այսօր պատահական չհանդիպեինք, միևնույն է, ես մտադրվել էի քո տարեդարձի օրը գալ ու ծնկաչոք ներողություն խնդրել, նորոգենք մեր բույնը, մեր սիրո տաճարըՄեր գոյությունը պայքար է, լինելչլինելու անդադրում պայքար, որն անցնում է երջանկության ետևից մշտական վազքով…»:

Ռուբենը ծառս է լինում, մոլեգնած հառվում Գոհարին, կտրուկ շրջվում, սլանում է դուրս՝ ամուր շրխկացնելով դուռը: Գոհարը գլուխն առնում է ափերի մեջ:

«Թող ինձ, թո՜ղ,- հնչում է կնոջ ձայնը,- դու օգտվեցիր իմ կանացի թուլությունիցԵս դա քեզ չեմ ների, սրիկա՛,- ճչում է,- չեմ ների՜…»: Կրակոց: «Ա՜խ»,- արտաբերում է Արամը: Կրակոց: Կրակոց: Ֆոնային երաժշտությունը բարձրանում է և էմոցիոնալ լարվածությամբ՝ կտրուկ ավարտվում: Կարճ դադար: Սկսվում է հովվերգական մեղմ երաժշտություն, որի ֆոնին հնչում է հաղորդավարի ձայնը. «Հարգելի ռադիոունկնդիրներ, դուք լսեցիք մի հատված Հակոբ Սյունեցու «Եկա, տեսա, պարտվեցի» ռադիոպիեսի բեմադրությունից: Դերերում՝ Արգամ՝ դերասան Արամ Սարգսյան, Գոհար՝ հանրապետության վաստակավոր արտիստուհի Անժելա Ուլիխանյան: Բեմադրող ռեժիսոր՝ Ներսիկ Թադևոսյան, հնչյունային օպերատոր՝ Կարեն Սարդարյան…»:

Գոհարն, ապշած, ոտքի է ելնում:

«Ամբողջական բեմադրությունը դուք կարող եք լսել չորեքշաբթի օրը, Երևանի ժամանակով 16.00-ին, մեր եթերում»:

Ճանկելով հեռախոսը, Գոհարն համար է հավաքում: Լսվում են իրար հաջորդող երկար, անպատասխան ազդանշաններ:

ԳՈՀԱՐ — Պատասխանիր… դե պատասխանիր, Ռուբեն, խնդրում եմ, պատասխանի՜ր… Պատասխանի՜ր, խնդրում եմ… (Նետվում է դուրս:) Պատասխանի՜ր…

Դանդաղ մթնում է: Լուսավոր են միայն ծաղկեփունջն ու մոմակալը:

Պիեսում օգտագործված են հատվածներ

Վ. Շեքսպիրի, Ա. Բեշենցովի և Ս. Խալաթյանի

չափածո ստեղծագործություններից:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։