Անուշիկ ՄԿՐՏՉՅԱՆ / ԿՈՎԻԴ
Բեմում Հիտլերը հպարտորեն քայլում է, մի պահ կանգ է առնում, նայում է իր կարմիր փողկապին, ուղղում հայելու մեջ: Հպարտ քայլելիս ոտքը ոլորվում է, այդ պահին հայտնվում է Պլատոնը: Հիտլերը զարմացած նրան է նայում, փորձում է վերագտնել հպարտ կեցվածքը։
ՀԻՏԼԵՐ — Օ՜, ում եմ տեսնում, Պլատո՜ն, այդ դո՞ւ ես…
ՊԼԱՏՈՆ — (հեգնանքով): Ադոլֆ Հիտլե՞ր… Ցավոք, ես էլ քեզ ճանաչեցի: Մեծագույն ոճրագործ, տխրահռչակ հրեշ… Ցավում եմ այս հանդիպման համար…
ՀԻՏԼԵՐ — (հեգնանքով): Օ՜, շնորհակալ եմ, մեծն Պլատոն, շռայլ գովեստի համար: Ես, քո նվաստ աշակերտս, համեստորեն ծառայում եմ քո մարդասիրական իդալներին։
ՊԼԱՏՈՆ — Պարզվում է, դու նաև հրեշավոր ցինիկ ես։
ՀԻՏԼԵՐ — Ցավոք, ես ավելի քան լուրջ եմ։ Մենք` բոլոր բարբարոս ցինիկներս, քո հավատարիմ աշակերտներն ենք։
ՊԼԱՏՈՆ — Դուք խորտակեցիք իմ բոլոր իդեալները։ Ես սա քեզ չեմ ասում։ Ես սարսափում եմ մարդուց… Այս ո՞ւր եք հասել…
ՀԻՏԼԵՐ — Դու ընդամենը սարսափում ես մարդուց, իսկ ես գործում եմ նրանց դեմ։
Ետնաբեմից հայտնվում է Միկլուխո-Մակլայը երկար թիկնոցով՝ ուսի վրա նստած է կարմիր փողկապով և լայնեզր գլխարկով կատու։ Միկլուխո-Մակլայը նույնպես կարմիր փողկապով է: Բայց, ի տարբերություն կատվի, այն թարս է կապել:
Մ. Մ. — Երիտասարդներ, ո՞վ ինձ կասի, ո՞ր կողմում է հյուսիսը:
ՀԻՏԼԵՐ — Պատանյակ, փորձիր ավելի պարկեշտ հարցեր տալ։
Մ. Մ. — Ես այլ տարածության մեջ եմ և կատուս չի կարողանում կողմնորոշվել։
ՊԼԱՏՈՆ — Իսկ մենք այլ ժամանակի մեջ ենք։
Մ. Մ. — Չհասկացա։
ՊԼԱՏՈՆ — Ինչպես հասկանաս, երբ փողկապդ թարս ես կապել:
Մ. Մ. — Այո, թարս ժամանակներ են… Եվ փողկապը հյուսիսը ցույց չի տալիս։
ՀԻՏԼԵՐ — Թարս թե շիտակ, փողկապը միշտ նույն տեղն է ցույց տալիս։ (Ծիծաղում է:) Փողկապը ճիշտ ցույց կարող է տալ, միայն երբ մարդը հորիզոնական վիճակում է… Ես քեզ կարող եմ օգնել։
Միկլուխո-Մակլայը վախեցած փախչում է։
ՊԼԱՏՈՆ — Ո՞վ էր այս խելապակասը։
ՀԻՏԼԵՐ — Անվերջ ճամփորդ. Միկլուխո-Մակլայը։
ՊԼԱՏՈՆ — Ես վայրկյան անգամ չէի հանդուրժի քո ներկայությունը, եթե չսպասեի խիստ կարևոր հանդիպման։
ՀԻՏԼԵՐ — Օ՜… Պարզվում է, Պլատոնը ժամադրվա՞ծ է… Եվ ո՞վ է քո պլատոնական սիրո առարկան։
ՊԼԱՏՈՆ — Ես սպասում եմ ընկերոջս՝ Ժորժին։
ՀԻՏԼԵՐ — Թե՞ Ժորժետային…
ՊԼԱՏՈՆ — Գուցե պարկեշտություն դրսևորեք և ինձ մենակ թողնեք։
ՀԻՏԼԵՐ — Զավեշտալի է… Մեծն Պլատոնը մեծագույն հրեշից պարկեշտություն է ակնկալում: Իսկապես, ո՞ւր հասավ մարդկությունը։ Դաժան զուգադիպությամբ ես էլ եմ ժամադրված և ես էլ եմ սպասում Ժորժին:
ՊԼԱՏՈՆ — Ո՞ր Ժորժին… Բրաքի՞ն, Բիզեի՞ն, Կլեմանսոյի՞ն, թե՞ Գարվարենցին…
ՀԻՏԼԵՐ — Մի երևակայիր… Ինքդ էլ գիտես, թե ում մասին է խոսքը: Ես, ինչպես և դու, սպասում եմ Ժորժ Սանդին… Դու շառագունեցիր, դա վատ չէ։
Հայտնվում է Սորոսը:
ՍՈՐՈՍ — Ի՞նչ եք անում այստեղ… Համավարակը ձեզ չի՞ վերաբերում։ Իրարից հինգ մետր հեռո՛ւ կանգնեք։ Ո՞ւր են ձեր դիմակները… Ադոլֆ, դու էլի ժամադրվա՞ծ ես… Սովորական մահկանացուները քեզնից ի՞նչ պիտի սովորեն… Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է գունավոր զուգագուլպաներ հագնել և կապել կարմիր փողկապ, ինչպես ես եմ կապել։ Ի դեպ, կարմիր փողկապի վրա պետք է երիցուկներ նկարված լինեն։
ՊԼԱՏՈՆ — Երիցուկներ չեմ սիրում, ճիշտը վարդերն են։
ՍՈՐՈՍ — Այդ դեպքում, միայն փշերով վարդեր, դրանց շնորհիվ մարդկանց կարելի է մեծ հեռավորության վրա պահել։
ՀԻՏԼԵՐ — Կորոնավիրուսով վարակվելը միակ միջոցն է, որ այդ բացիլով արդեն չեք վարակվի։
ՍՈՐՈՍ — Ադոլֆ, գնահատում եմ քո անզուգական ցինիզմը։ Ես գնացի… Վերադարձիս ձեզ այստեղ չտեսնե՛մ: (Հեռանում է:)
ՊԼԱՏՈՆ — Սա ո՞վ էր…
ՀԻՏԼԵՐ — Պարետը։
ՊԼԱՏՈՆ — Ավինյա՞նը…
ՀԻՏԼԵՐ — Ի՞նչ Ավինյան… Սորոսը… Ջորջը։
ՊԼԱՏՈՆ — Ո՞նց… Այն սրիկա՞ն…
ՀԻՏԼԵՐ — Բոլոր իրական իդեալիստներս քեզ համար սրիկա ենք։
ՊԼԱՏՈՆ — Հիտլերյան իդեալիզմ… Մարդկանց ոչնչացնել և նրանց փոխարեն վարդեր աճեցնել…
ՀԻՏԼԵՐ — Փշոտ, առանց հոտի վարդեր. զզվում եմ դրանց կանացի քաղցր հոտից։ Չնայած այս պահին չէր խանգարի դրանցով Ժորժին ժպիտ պարգևել… Ահա և նա: Ողջո՛ւյն, սիրելիս… Ես ոչ մեկին այսքան երկար դեռ չէի սպասել։
Սանդը դասական ճոխ հագուստով է, հպարտ կեցվածքով, ծաղիկներով զարդարված հսկայական լայնեզր գլխարկով: Հիտլերը ընդառաջ գնալով համբուրում է Սանդի ձեռքը։ Տղամարդիկ հիացմունքով նրան են նայում։ Ետնաբեմից թաքուն հիացմունքով նրան է հետևում նաև Միկլուխո-Մակլայը: Հաջորդող լռության մեջ Սանդը գլխարկը հանձնում է Պլատոնին, պայուսակը՝ Հիտլերին, ապա փռվում է բազմոցին։
ՊԼԱՏՈՆ — Գեղեցկությունը կփրկի աշխարհը։
ՀԻՏԼԵՐ — Ավելի շուտ, կկործանի։ Երանի իմ պատերազմների պատճառը դու լինեիր, Ժորժ։
ՍԱՆԴ — Փոխանակ ինձ համար մենամարտեք, փիլիսոփայում եք… Այո, ասպետություն չի մնացել։
ՊԼԱՏՈՆ — Տիկին, եթե այս պահին չազատեք մեզ մարդկության այս վիժվածքի ներկայությունից, ես ինքս կլքեմ ձեզ ընդմիշտ։
ՍԱՆԴ — Հրաշալի է ասված։ Պատկերացնում եմ, մինչ իմ գալը ինչ սրտաճմլիկ զրույց եք ունեցել… Ցավում եմ, որ ներկա չեմ եղել։
Հիտլերը սրտանց հռհռում է: Նրանց է մոտենում Միկլուխո-Մակլայը:
ՍԱՆԴ — Սա՞ ով է…
Մ. Մ. — Ներեցեք, օրիորդ, գուցե դո՞ւք ասեք. ո՞ր կողմն է հյուսիսը:
ՍԱՆԴ — Հյուսի՞ս… Դա ի՞նչ բան է։
Հիտլերը հռհռում է: Պլատոնը զայրացած քայլում է բեմում։
Մ. Մ. — Ցավոք, կատուս՝ Ժորժետան, այս կորոնավիրուսի պատճառով կորցրել է կողմնորոշումը։ Իսկ երկնքում վաղուց արդեն աստղեր չկան…
ՍԱՆԴ — Իսկ դրանք ի՞նչ են…
Հիտլերը դարձյալ հռհռում է:
Մ. Մ. — Մեր օրերում աստղերը միայն մեր շուրջն են. որքա՜ն ասես… Իսկ կարո՞ղ եք ասել, արևը այսօր ո՞ր կողմից է ծագել:
ՍԱՆԴ — Հատկապես ե՛ս դա ասել չեմ կարող… Երբ ես դուրս եմ գալիս, արևը մնում է տանը։
Հիտլերը հռհռում է: Հայտնվում է Սորոսը:
ՍՈՐՈՍ — Դո՞ւ ինչ գործ ունես այստեղ… Չքվի՛ր…
Միկլուխո-Մակլայը չքվում է: Պլատոնից բացի բոլորը հռհռում են:
ՍՈՐՈՍ — Դուք դեռ այստե՞ղ եք… Հիմա ես ձեզ կձերբակալեմ և կտուգանեմ։
ՍԱՆԴ — Հանգիստ թող նրանց, Ջորջ… Նրանց անուղղելի ռոմանտիզմը ինձ զվարճացնում է։ Նրանք հիմա իրենց համեստ ծառայությունը կմատուցեն ինձ։ Ադոլֆ, տուր ինձ, խնդրեմ, պայուսակս։ (Հիտլերը նրան է հանձնում պայուսակը, Սանդը պայուսակից հանում է երկու ատրճանակ, տալիս է Պլատոնին ու Հիտլերին։ Խոսելու ընթացքում նստում է բազկաթոռին, ապա ելնում, ոգևորված ճեմում է բեմում։) Պարոնա՛յք, ես ձեզ կոչում եմ մենամարտի։ Այլևս անհնար է հանդուրժել քաղաքակրթական այս ճգնաժամը։ Պետք է վե՛րջ տալ այս ամոթալի ինքնամեկուսացմանը։ Պլատոն, պաշտպանի՛ր քո վեհ իդեալները, աստվածային մարդ էակի ազատ կա՛մքը, վերադարձրո՛ւ նրան երկնքի մոռացած գույնը… Ադոլֆ, հաստատի՛ր մարդու ստորակարգ էությունը, ոչնչացրո՛ւ նրան հանուն նո՛ր, արիակա՛ն ցեղի գերակայության… Դե, ձե՛զ տեսնեմ, պարոնայք։ Գնանք, սիրելիս։
Սանդն ու Սորոսը թևանցուկ, ծիծաղելով հեռանում են։ Լարված լռություն: Պլատոնն ու Հիտլերը իրար վրա պարզած ատրճանակները ուղղում են սեփական քունքերին, միաժամանակ կրակում, տապալվում են գետնին։
Բեմ է մտնում Միկլուխո-Մակլայը: Մոտենում, ուշադիր ուսումնասիրում է նրանց փողկապների ուղղությունը:
Մ. Մ. — Հիմա ո՞րն է հյուսիսը… Սատանան գլուխ չի հանի… Էդ կատո՞ւն ուր կորավ… Ժորժի՜կ… Ժորժե՜տա…
Միկլուխո-Մակլայը կատվին փնտրելով հեռանում է։ Բեմը դանդաղ մթնում է։