Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ABC»
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ABC» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում
Չենք հանդուրժում, վիճում ենք, կռվում, իրավիճակներ ենք քննում-դատում, մեղավոր փնտրում՝ միմյանց մեջ… Իրականում՝ մեղավորը Ուրիշ տեղում է, Ուրիշ մեկն է, յոթգլխանի վիշապ է, յոթ սարի ետևում կամ գետնի տակ: Մենք սա չենք գիտակցում, պատահում է նաև՝ գիտակցում ենք, բայց ձեռքներս Նրան չեն հասնում… Ու Խորքի թելադրանքով՝ մակերեսի վրա խարխափում, իրավիճակներ ենք ստեղծում ու վիճում, կռվում, մեղավոր փնտրում՝ միմյանց մեջ:
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ABC
Դրամա չորս պատկերով
Գործող անձինք
ԱՆՆԱ հիսունն անց կին, համակրելի, ձեռնափայտի օգնությամբ է քայլում
ԲԱԳՐԱՏ Աննայի ամուսինը, համակրելի տղամարդ է, վաթսունին մոտ
ՑՈՂԻԿ քսանամյա աղջիկ, սիրունատես
Գործողությունը զարգանում է ամուսինների տանը. համեստ կահավորանք, խոհանոցն ու հյուրասենյակը միատեղ են, հեռավոր անկյունում՝ գազօջախ:
ՊԱՏԿԵՐ 1
ԲԱԳՐԱՏ — (գազօջախի մոտ է, փորձում է շիլայի համը): Շիլան անալի է, Աննա:
ԱՆՆԱ Աղ արա:
ԲԱԳՐԱՏ Բայց ինչո՞ւ է անալի, սիրահարվա՞ծ ես:
ԱՆՆԱ Հոգնել եմ քո ժամկետանց կատակներից: Աղը վերցրու և գցիր՝ ինչքան կուզես:
ԲԱԳՐԱՏ Ե՞ս:
ԱՆՆԱ Դո՛ւ: Ինձնից առողջ չե՞ս: Բագրատ, ես չեմ կարող ամեն բան հասցնել. նախաճաշդ տվել եմ, կեսօրվա սուրճը տվել եմ, տունը հավաքել եմ, ճաշը դրել եմ, լվացքը թրջել եմ…
ԲԱԳՐԱՏ Ուֆ… Լավ էր չասեի, էսպես ուտեի:
ԱՆՆԱ Ջահել չեմ, մեջքս ծռվեց տան գործերից, ոտքս ցավում է, գլուխս պտտվում է…
ԲԱԳՐԱՏ Լավ, լավ…
ԱՆՆԱ Ի՞նչ՝ լավ… Երեսուն տարի է՝ աղայի պես նստում ես ու հրամայում՝ Աննա, բեր, Աննա տար…
ԲԱԳՐԱՏ Թե երբ եմ հրամայել… Էնպես, ասում եմ…
ԱՆՆԱ Քո ասելը հրամայելու պես է, իբր մեղմ ես խոսում, բայց խոսքիդ մեջ թաքնված հրաման կա:
ԲԱԳՐԱՏ Չէ, ուրիշ բան է, պարզապես ասողը տղամարդ է ու նրա ասածը բնազդորեն հրամանի տեղ ես ընդունում, հազարամյակներով ճնշված լինելու կնիքն է գիտակցությանդ խորքում, ես մեղք չունեմ:
ԱՆՆԱ Սուտ բաներ ես խոսում: Այնքան ծույլ ես ու վախկոտ, որ զուտ տղամարդու գործերն էլ ես ինձ հանձնարարում:
ԲԱԳՐԱՏ Այդ ո՞րը…
ԱՆՆԱ Հիշեցնե՞մ… Օրինակ, այն՝ որ շանդ գողացել էին…
ԲԱԳՐԱՏ — Հետո՞ ինչ:
ԱՆՆԱ Ինձ ուղարկեցիր բանակցությունների, չես հիշո՞ւմ…
ԲԱԳՐԱՏ Հիշում եմ… Հիվանդ էի… Հա, ստամոքսս էր վնասվել ձմերուկից:
ԱՆՆԱ Ոչ մի հիվանդ էլ չէիր, վախեցար կռիվ լինի, պինդ տղերք էին: «Աննա ջան, գնա, դու կիրթ ես խոսում, հավասարակշռված, կբացատրես, որ մեր շունն է, կտան…»:
ԲԱԳՐԱՏ Է հա, էդպես էլ եղավ… չէ՞…
ԱՆՆԱ Համոզվա՞ծ ես:
ԲԱԳՐԱՏ Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
ԱՆՆԱ Ոչինչ: Աղը վերցրու, ճաշին աղ արա:
ԲԱԳՐԱՏ Եվ կանեմ: (Պահարանից հանում է աղը, ցանում, բայց ձեռքը դիպչում է կաթսային, ճաշը թափվում է հատակին:) Վայ… Ասացի՝ դու արա, էլի, տղամարդու գործ չի: (Խռոված գնում, նստում է հեռուստացույցի առաջ, նախապես միացնելով այն:)
ԱՆՆԱ Խռովեց: Ի՜նչ խորամանկն է, հիմա իսկը խռովելու ժամանակն էր, իհարկե, հո ինքը չի՞ մաքրելու թափածը: Վերջ, այսօր մնացիր անճաշ, պարոն:
ԲԱԳՐԱՏ Կդիմանամ, առաջին դեպքը չի:
ԱՆՆԱ Լսիր, վերջապես ճանաչելո՞ւ ես ինքդ քեզ: Դու այն տղամարդը չես, որ աջ ու ձախ հրամաններ արձակի. տղամարդը պետք է հրամայի ըստ իր տղամարդկության չափի:
ԲԱԳՐԱՏ Հատկապես ի՞նչը նկատի ունես:
ԱՆՆԱ Ամեն ինչը:
ԲԱԳՐԱՏ Չէ, չէ, կոնկրետ ասա:
ԱՆՆԱ Ասացի՝ ամեն ինչը:
ԲԱԳՐԱՏ Պարզ է: Է, թողնեիր գնայիր, ինչո՞ւ կպած մնացիր:
ԱՆՆԱ Այ դա ճիշտ է, ասելու բան չունեմ, ճշմարտացի ես, այ էստեղ իսկապես մեղավոր եմ, հանգիստ կարող ես երեսով տալ:
ԲԱԳՐԱՏ Լավ, լավ, Աննուշկա, մի բորբոքվիր, հիմա էլ արժե՞ փորփրել, համարյա վաթսունին ենք հասել…
ԱՆՆԱ Բայց քեզ ըստ այդմ չես պահում, պարոն: Արի օգնիր, լվացքը քամենք:
ԲԱԳՐԱՏ Կինո եմ նայում… Աննուշկա ջան, ախր մեջքդ ցավում է, ոտքդ ցավում է, մեղք ես, չէ՞… Մի քիչ սպասիր, էլի, տնաշեն, աղջիկն ուր որ է կգա, կօգնի, կքամեք…
ԱՆՆԱ Աղջիկը, աղջիկը… Անունն ի՞նչ էր…
ԲԱԳՐԱՏ Ցողիկ:
ԱՆՆԱ Անունն արտասանելիս հալվում ես մոմի պես:
ԲԱԳՐԱՏ Է՜, լավ, էլի:
ԱՆՆԱ Ասեմ` այդ քո աղջիկը ինձ այնքան էլ դուր չի գալիս:
ԲԱԳՐԱՏ Ափսոս, ես հույս ունեի, որ կսիրեք իրար: Բայց դեռ կորած չի, նրա հմայքները շատ են:
ԱՆՆԱ Ո՞ւր է հմայք…
ԲԱԳՐԱՏ Չէ, ինչո՞ւ… Լսիր, սուրճ չխմե՞նք, ճնշումս իջավ ոնց որ:
ԱՆՆԱ Խմենք: (Նստում է:) Դիր սուրճը:
ԲԱԳՐԱՏ Չեմ ուզում, փոշմանեցի:
ԱՆՆԱ Աղջիկը կգա՝ կդնի. դա ես ուզում ասել, չէ՞:
ԲԱԳՐԱՏ Նա համեղ է եփում: Չէ, դու էլ համեղ ես եփում… Բայց դե, ոտքդ ցավում է…
ԱՆՆԱ Ցավում է: Երևի հոդերս են մաշվել, Բագրատ: Հիմա փոխում են, գիտե՞ս, մետաղյա հոդեր են դնում, բայց շատ թանկ արժի: Փող ունենայիր՝ կնոջդ կտանեի՞ր վիրահատության…
ԲԱԳՐԱՏ Անշուշտ, անշուշտ…
ԱՆՆԱ Լավ, այդքան մի ոգևորվիր: Ինձ թվում է՝ եթե պարաֆին դնեմ՝ ցավը կանցնի. երազում տեսա, տաք, մածուցիկ պարաֆինը դնում եմ կոնքերիս, մառլյայով փաթաթում, ցավը հոդերիս միջից քաշումհանումկորցնում է:
ԲԱԳՐԱՏ Նա կգա, կդնի. պատվիրել եմ, որ դեղատնից պարաֆին առնի ու մառլյա. դեղատանը կլինի, չէ՞:
ԱՆՆԱ Չգիտեմ, երևի, ասենք՝ էլ որտե՞ղ պիտի լինի: Նա՝ ո՞վ…
ԲԱԳՐԱՏ Դե, աղջիկը, էլի:
ԱՆՆԱ Աղջի՞կը…
ԲԱԳՐԱՏ Նոր էինք խոսում, մոռացա՞ր…
ԱՆՆԱ Երբեմն գիտակցությունս մշուշվում է, հեռուն մոտ է գալիս, մոտիկը հեռանում… Այս տեսակ կյանքից…
ԲԱԳՐԱՏ Կյանքը՝ ի՞նչ:
ԱՆՆԱ Չունեմ կյանք…
ԲԱԳՐԱՏ Ինքդ էիր ասում՝ էլ չեմ ուզում, ցանկություն չունեմ, սպառվել է…
ԱՆՆԱ Ես եմ ասե՞լ…
ԲԱԳՐԱՏ Դու: Էդպես չի՞:
ԱՆՆԱ Էդպես է՞ որ: Չէ, քեզ եմ խնայել, որովհետև եթե ասեմ՝ ուզում եմ, ի՞նչ…
ԲԱԳՐԱՏ Դեհ… Մի կերպ մի բան կանենք…
ԱՆՆԱ Մի կերպ:
ԲԱԳՐԱՏ Վերջապես, միջնադարում չենք, կգնանք հատուկ խանութ, մի հարմար բան կառնենք, ռետինից, կկապեմ վրաս… Հա, ի՞նչ կա որ, քաղաքակիրթ մարդիկ ենք, եթե պետք է, ուրեմն պետք է:
ԱՆՆԱ Պետք չի: Լսիր, դու քո այդ աղջկա հետ ինչ ես անում, արդեն քնո՞ւմ ես, անկեղծ ասա:
ԲԱԳՐԱՏ Դե չէ, ոնց թե… Աննա, ո՞նց եմ քնում, մտածիր՝ ինչ ես ասում…
ԱՆՆԱ Բա ի՞նչ եք անում:
ԲԱԳՐԱՏ Ինչ ենք անում… Կենսաբանություն ենք պարապում: Խեղճ երեխան սիրահարվել է, Աննա, հասկանո՞ւմ ես: Գիտես, էլի, ջահելները հաճախ են սիրահարվում տարեցներին. նրանց փորձը, խելացիությունը, եսիմ էլի ինչը… Հիմա ես ո՞նց մերժեմ, փխրուն հոգի ունի, կփլուզվի… Քնքուշ, նուրբ արարած է, տեսել ես:
ԱՆՆԱ Տեսել ե՞մ…
ԲԱԳՐԱՏ Երկու օր առաջ էստեղ չէ՞ր, թխվածք էր բերել, թեյ խմեցինք…
ԱՆՆԱ Հա, թեյ… Այն ծռտիմռտի՞ն…
ԲԱԳՐԱՏ Չէ, ինչո՞ւ, շատ էլ համակրելի, սիրուն… էսպես թմբլիկ, թարմ… Մի խոսքով, դա չի էականը: Եթե ես նրան մերժեմ՝ սիրտը կկոտրվի խեղճի, դեպրեսիաների մեջ կընկնի, հնարավոր է նաև՝ սուիցիդ…
ԱՆՆԱ Չէ հա…
ԲԱԳՐԱՏ Հա, հա, հակվածություն ունի, ժառանգական է, տատը ինքնասպան է եղել, մի հասարակ պատճառով, մտել է նկուղ ու… Հումանիստ լինենք, Աննա, թող գա, գնա, գա, գնա… գուցե կամացկամաց անցնի, կարծում եմ՝ այդպես ճիշտ կլինի, քրիստոնեաբար…
ԱՆՆԱ Ըհը, գա, գնա, աչքիս առաջ գրկվեք, համբուրվեք…
ԲԱԳՐԱՏ Դե չէ, ինչ ես ասում, ե՞րբ ենք համբուրվել, չէ… Ես նրա հետ կենսաբանություն եմ պարապում, երեխան ուզում է բժշկական ընդունվել:
ԱՆՆԱ Իբր դու կենսաբանություն գիտես:
ԲԱԳՐԱՏ Ոնց թե… Ես կենսաբան չե՞մ, Աննա:
ԱՆՆԱ Ա՜հ, դու քո կյանքում այդպես էլ ոչինչ մինչև վերջ չիմացար, քո պարապած կենսաբանությամբ դժվար թե ինչոր մեկը ինստիտուտ ընդունվի:
ԲԱԳՐԱՏ Ուսումնարան, ընդամենը՝ ուսումնարան, համեստ աղջիկ է, առանց մեծ հավակնությունների, ֆելդշեր կդառնա, դա իրեն լիովին բավարարում է: Գիտե՞ս՝ ինչ ձեռքեր ունի, էնպես է մերսում, էնպես անցավ է սրսկում…
ԱՆՆԱ Ուրեմն արդեն մերսել է…
ԲԱԳՐԱՏ Վերջապես ձրի եմ պարապում…
ԱՆՆԱ Հա, եթե ձրի է, ուրեմն կարող ես կենսաբանության տեղ բուսաբանություն էլ պարապել կամ պարզապես սիրաբանել…
ԲԱԳՐԱՏ Է, հոգնեցրիր… Ամեն ինչի մեջ կրիմինալ ես փնտրում, «մերսել է, սրսկել է…»… Սուրճը դիր:
ԱՆՆԱ Աղջիկը կգա, կդնի, նա համեղ է եփում: Գոնե սիրո՞ւն է:
ԲԱԳՐԱՏ Տգեղ չի: Դու տեսել ես, երկու օր առաջ…
ԱՆՆԱ Չեմ հիշում: Երևի ոչ մի առանձնակի բան չկա: Քեզ ո՞ւր է ճաշակ: (Նկատելով, որ ամուսինը բան է ուզում ասել, ընդհատում է). Չշողոքորթես, ես բացառություն եմ քո կյանքում: Լսիր, նա քեզ ո՞նց է սիրահարվել, այդ ի՞նչ այլասերված ճաշակ ունի…
ԲԱԳՐԱՏ Ինչո՞ւ, ես դեռ բավական… Զայրույթը կուրացնում է քեզ, Աննա:
ԱՆՆԱ Արտաքինդ՝ գուցե ոչինչ, հա, բայց ներքինդ, օ՜, եթե մի քիչ խորանա քո այդ աղջիկը… Մի բան, որ ինքս էլ ուշ արեցի, ցավոք:
ԲԱԳՐԱՏ Հերիք է… Էդ տիրական կեցվածքդ, մեծամիտ տոնդ… Զզվացրիր արդեն, ոնց որ ծառադ լինեմ:
ԱՆՆԱ — (անվրդով հանում է մի նամակ ու կարդում): «…Ես լավ եմ, բայց սա՝ ձեր չափումներով, ձեր երկրի մակարդակով, իսկ էստեղի համար՝ էնպես, յոլա: Չեմ դժգոհում, պարզապես ձեզ օգնել չեմ կարող, առայժմ: Բայց բիզնես եմ ձեռնարկել մի տեղացու հետ, ռեստորան ենք բացելու, հայկական խոհանոց, հույս ունեմ, որ լավ կլինի: Մտածում եմ, գուցե տունը ծախեք, գաք էստեղ, դուք էլ մտնեք էս բիզնեսի մեջ, ի՞նչ եք կորցրել էդտեղ, կպել եք, պոկ չեք գալիս, սովորություն է, հայրենասիրությունը սովորություն է, վատ սովորություն…»
ԲԱԳՐԱՏ Հազար անգամ կարդացիր: Տարօրինակ հաճույք ես ստանում, անառողջ բան կա մի տեսակ…
ԱՆՆԱ Մի խանգարիր, դու սա չես հասկանա, մայրական հոգու ապրումները քեզ անծանոթ են, հայրականը` նույնպես: Դու եսակենտրոն մարդ ես, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Ճիշտ հակառակը, քո սերը միայն որդուդ վրա է սևեռված, մնացյալին տանել չես կարողանում: Եթե խորանանք՝ որդուդ էլ չես սիրում, ինքդ քեզ առավել սիրելու թաքնված միջոց է, դու միայն քեզ ես սիրում:
ԱՆՆԱ Այդքան խելացի ես, հա՞, պարոն… Էն խեղճ աղջկան երևի այսպիսի ճոռոմ, վերամբարձ, փուչ խոսքերով ես հիմարացրել:
ԲԱԳՐԱՏ Դու սուրճ դնող չես, չէ, ինքս կդնեմ: (Սրճեփը դնում է գազօջախին, մոռանալով վառել գազը, ինքը դարձյալ նստում հեռուստացույցի դեմ:)
ԱՆՆԱ — (կարդում է նամակը): «…Ընկերուհի ունեմ, իսպանուհի է, երևի ամուսնանանք, բայց ոչ հիմա, հետո, երբ գործերս կարգավորվեն: Լավ աղջիկ է, կհավանես…»: Լավ աղջիկ, հը, հիմարիկս… «…Մատնահարդար է աշխատում…»: Հը, սրանրա մատներն է հարդարում… Վայ, տղաս, խեղճս… «…Էնքան սիրուն չի, տգեղ էլ չի, յուրահատուկ արտաքին ունի, բայց սեքսուալ է»: Սեքսուալ: Ասա՝ դու ինչ ես հասկանում սեքսուալից, այ խեղճուկրակ, մի երկու հատ սուտ տնքացելհառաչել է… (Մոտենում է գազօջախին:) Սպասում ես՝ սուրճը եփի՞…
ԲԱԳՐԱՏ Հա: Ինչի՞…
ԱՆՆԱ Սրճեփը դրել ես, գազը չես վառել:
ԲԱԳՐԱՏ Խելք թողիր… (Դռան զանգ: Հեռուստացույցով կլանված:) Բացիր, հա՞:
ԱՆՆԱ Ի՞նչը բացեմ…
ԲԱԳՐԱՏ Դռան զանգն էր:
ԱՆՆԱ Հա՞: Չեմ լսել:
ԲԱԳՐԱՏ Է, լսողությունդ էլ ծանրացավ…
ԱՆՆԱ Զանգ չի եղել, տղա, պարզապես հուզված ես, ականջդ ձայն է տալիս:
ԲԱԳՐԱՏ Ահա, դարձյալ, չլսեցի՞ր:
ԱՆՆԱ Եթե համոզված ես՝ գնա, բացիր. վերջապես սիրուհիդ է եկել, ես պիտի բացե՞մ դուռը նրա առաջ, գուցե վերարկուի փոշի՞ն էլ թափ տամ:
ԲԱԳՐԱՏ Դե, ի՞նչ սիրուհի, ի՞նչ ես դուրս տալիս…
ԱՆՆԱ Լավ, ուսանողուհիդ, որի հետ երբեմն համբուրվում ես, գուցե նաև քնում, ի՞նչ իմանամ:
ԲԱԳՐԱՏ — Խեղճ աղջիկ է, սիրահարվելու հակվածություն ունի, հատկապես՝ տարեց տղամարդկանց, երևի հորը վաղ կորցնելուց է… Խեղճ երեխա է, որբ…
ԱՆՆԱ Ըհը, խեղճ է, անցյալ անգամ, երբ մենակ մնացիք, նետվեց գիրկդ, ասում էր՝ «Իմ լավ, իմ տառապած, իմ խեղճ տղամարդ»: Դու նրան ես խեղճ ասում, նա՝ քեզ, այդպիսով ձեր սրտերն ավելի եք քնքշացնում… Աղունիկներ… Ծիծաղելի է…
ԲԱԳՐԱՏ Թաքուն հետևելը սիրուն չէ, Աննա: Բա ասում էիր՝ չեմ հիշում ոչ մի աղջիկ…
ԱՆՆԱ Մեծ բան չի, որ անդադար հիշեմ: Գնա, բացիր, ինչ ես մեխվել, ասես չես բացելու: (Բագրատը գնում է դուռը բացելու:) Թռավ: Իբր՝ դժկամորեն, բայց սիրտը դարբնի մուրճի պես խփում է, նույնիսկ գույնը գցեց:
Գալիս են Բագրատը և Ցողիկը:
ՑՈՂԻԿ Տիկին Աննա, ի՜նչ հրապուրիչ տեսք ունեք, բարև ձեզ:
ԱՆՆԱ Բարև, աղջիկ:
ՑՈՂԻԿ Ո՞նց եք… Չէ, իսկապես, այնքան հմայիչ եք, ես Բագրատին… պարոն Ներսիսյանին, ասացի անցյալ անգամ՝ ի՜նչ հաճելի կին ունեք, պարոն Ներսիսյան, երևի շատ եք սիր… սիրել իրար:
ԱՆՆԱ Ի՜նչ ես ասում… Իսկ նա՞…
ՑՈՂԻԿ Նա՞… Նա… Չեմ հիշում, անկեղծ ասած:
ԱՆՆԱ Դուք էլ չեք հիշո՞ւմ, պարոն Ներսիսյան:
ԲԱԳՐԱՏ Սուրճ չխմե՞նք: (Ցողիկին.) Գիտե՞ս, նոր սուրճ էի ուզում եփել, բայց չստացվեց…
ԱՆՆԱ Նա ոնց որ սիրահարված լինի, ճաշն էլ շրջեցթափեց:
ՑՈՂԻԿ Ես կեփեմ, մի անհանգստացեք, թեև…
ԱՆՆԱ Թեև դու էլ ես սիրահարված…
ՑՈՂԻԿ Ախ, ինչ լավն եք, տիկին Աննա, քիչ է մնում ձեզ էլ սիրահարվեմ… (Գրկում, համբուրում է:)
ԱՆՆԱ Օգնիր աղջկան, իմ ոտքը ցավում է: Համ էլ կհամբուրվեք, նախասրահում կարգին չհասցրիք երևի…
ՑՈՂԻԿ Ես կանեմ ամեն բան, ինձ օգնել պետք չի, հանգիստ նստեք:
Ցողիկը մոտենում է գազօջախին:
ԲԱԳՐԱՏ Ինչե՞ր ես խոսում, մեծ կին ես… Համբուրվեք, չհասցրիք…
ԱՆՆԱ Դե, վերջ տուր, ինձ լրիվ հիմարի տեղ ես դրել:
ԲԱԳՐԱՏ Լավ, ամոթ է, հետո…
ԱՆՆԱ Ի՞նչ հետո, ի՞նչը հետո:
ԲԱԳՐԱՏ Աննա, դու ասում էիր, չէ՞, որ տղամարդուն քնքշանք է պետք, սեր, որ դու անկարող ես, որ դեմ չես լինի, եթե մեկն ինձ սիրի ու ես էլ… Ասում էիր, չէ՞… Սադրա՞նք էր:
ԱՆՆԱ Բայց իմ տա՞նը…
ԲԱԳՐԱՏ Չեմ հասկանում, դրսում ավելի լավ կլինի՞… Էսպես գոնե աչքիդ առաջ է, վերահսկողությանդ ներքո՝ այսպես ասած… Վերջապես, ոչ մի վատ բան չենք անում, պարապելու ենք ընդամենը:
ԱՆՆԱ Լավ, իրար մի խառնվիր, նստիր: Թող վատ բան չմտածի աղջիկը: Ինչ էլ քնքուշիկն է…
ԲԱԳՐԱՏ Այո:
ԱՆՆԱ Անպաշտպան…
ԲԱԳՐԱՏ Այո:
ԱՆՆԱ Գեղեցիկ…
ԲԱԳՐԱՏ Այո:
ԱՆՆԱ Բայց գեղեցկությունը գեղջկական է…
ԲԱԳՐԱՏ Դեհ…
ԱՆՆԱ Փոխարենը՝ թարմ, ոնց որ թոնրից նոր հանած ծաղիկ լավաշ…
ԲԱԳՐԱՏ Այո:
ԱՆՆԱ Անցյալ անգամ չէի նկատել… Էլի սա՞ էր…
ԲԱԳՐԱՏ Վայ… Չէ, ուրիշն էր…
ԱՆՆԱ Քեզնից սպասելի է: Բայց արի լավ վերաբերվենք ճստոյին… Ասում ես՝ ո՞րբ է…
ԲԱԳՐԱՏ Հա, երկկողմանի որբ:
ԱՆՆԱ — (մոտ եկող Ցողիկին): Խեղճիկս:
ՑՈՂԻԿ — (սուրճը բերելով): Համեցեք:
ԱՆՆԱ Ի՜նչ համեղ է բուրում:
ԲԱԳՐԱՏ Քաղցրավենիք չունե՞նք երեխայի համար:
ՑՈՂԻԿ — (բավականությունից ծիծաղելով): Ես երեխա՞ եմ…
ԱՆՆԱ Կարող էիր գնել:
ԲԱԳՐԱՏ Ուր ա խե՞լք…
ԱՆՆԱ Խելք կա, պարզապես ժլատ ես:
ԲԱԳՐԱՏ — (քաշելով կնոջ ձեռքը): Աննա…
ԱՆՆԱ Մի վախեցիր, նա սիրահարված է, չի տեսնում, սիրահարվածները կույրի նման են, նայիր՝ ինչ ապուշ ժպիտ է դեմքին փայլում:
Ցողիկը, որ չի լսել ամուսինների կիսաձայն երկխոսությունը, շարունակ ժպտում է անմասնակից ժպիտով:
ԱՆՆԱ Այն պահարանը բացիր, աղջիկ ջան… Ասում եմ՝ պահարանը բացիր… Ահա, տուփով կոնֆետ կա… Դա է, այո, դիր սեղանին, լիկյորով է, կեր:
ՑՈՂԻԿ — (ուտելով): Ես ավելի շատ թթու բաներ եմ սիրում:
ԱՆՆԱ Վաղո՞ւց…
ՑՈՂԻԿ Միշտ: Տատիկս գյուղում թթու էր դնում մեծ կճուճի մեջ, քյալամ…
ԱՆՆԱ Քյալամ:
ՑՈՂԻԿ Այո, քյալամ, պոմիդոր, բադրջան, լոբի, բամյա, սոխուկ… ինչ պատահի: Տապակած կարտոֆիլի հետ շատ համով էր: Մեր կողմերում ամեն ինչն էլ համով է:
ԱՆՆԱ Ձեր կողմը ո՞րն է:
ՑՈՂԻԿ Վրաստանի սահմանի մոտ: Գիտե՞ք, մեր գյուղը ուռողների գյուղ է…
ԱՆՆԱ Այսինքն…
ԲԱԳՐԱՏ Հաշիշամոլ են:
ԱՆՆԱ Աա՜… Ուռում են…
ՑՈՂԻԿ Հա, ուռում են, ուռումապուշանում, նստում պատերի տակ:
ԱՆՆԱ Դու է՞լ…
ԲԱԳՐԱՏ Ինչեր ես ասում…
ՑՈՂԻԿ Ես՝ չէ, մի անգամ փորձեցի՝ դուրըս չեկավ, գլուխս պտտվեց, սիրտս խառնեց…
ԲԱԳՐԱՏ Նրա մաշկին նայիր, ծխողի մաշկն էսպես թարմ կլինի՞… Ոնց որ անարատ կաթին արյուն խառնես…
ՑՈՂԻԿ Վախ… պատկերացրի… երակներդ կտրում ես, արյունդ կաթում է սավանի պես ճերմակ կաթի մեջ… կաթկաթկաթ…
ԲԱԳՐԱՏ Մի սևեռվիր, Ցողիկ: (Աննային.) Նա հակում ունի…
ԱՆՆԱ Իսկապե՞ս… Չէ՜, այսպիսի պայծառ աչուկներով ինքնասպանություն չեն գործում:
ԲԱԳՐԱՏ Երբեք չես իմանա, ինչը որտեղ է թաքնված: (Գլխին կտկտացնելով:) Էստեղ տերն ու տիրականը գիտակցությունը չէ, այլ ենթագիտակցությունը:
ՑՈՂԻԿ Մի անգամ, ուրեմն, եղանը խոտերի մեջ էին թողել, գյուղում, տեսա՝ ատամները ցից՝ փայլում են արևի տակ, մտածեցի՝ եթե տանիքից ինձ գցեմ վրան, կուրծքս կպատռի, մեջքիցս դուրս կգա…
ԲԱԳՐԱՏ Վախ…
ԱՆՆԱ Հետո՞…
ՑՈՂԻԿ Բարձրացա տանիք, նայեցի՝ ժանիքները ինձ են կանչում, արդեն գցվում էի, մեկ էլ պապս եկավ, եղանը վերցրեց ու գնաց, գցվեցի խոտերի մեջ, անզորությունից լաց էի լինում, խփում խոտերին…
ԱՆՆԱ Օհօ՜… (Մատը քունքի մոտ պտտելով՝ ամուսնուն թաքուն ցույց է տալիս, որ աղջիկը պակասավոր է):
ՑՈՂԻԿ Մի անգամ էլ… Լավ, դա չեմ ասի:
ԲԱԳՐԱՏ Մի ասա:
ԱՆՆԱ Ասա:
ՑՈՂԻԿ _ Չէ, չեմ ասի: Բերեք երգ երգեմ, կուզե՞ք:
ԲԱԳՐԱՏ Հա, երգի:
Ցողիկը երգում է, Աննային նյարդայնացնում է նրա երգեցողությունը:
ԲԱԳՐԱՏ Ապրես, ապրես… (Ծափահարում է:)
ՑՈՂԻԿ Հավանեցի՞ք: Մի հատ էլ երգե՞մ:
ԲԱԳՐԱՏ Երգիր:
ԱՆՆԱ Ես գնամ իմ սենյակը, ոտքս ցավում է: Իսկ դուք երգեք, պարեք…
ՑՈՂԻԿ Չէ, ի՞նչ պարել, մենք պիտի պարապենք: Ուզում եմ բժշկական ուսումնարան ընդունվել: Գիտե՞ք, ինչ անցավ եմ սրսկում, ինչ լավ եմ մերսում… Ախ, խեղճ հայրիկս ողջ լիներ, մերսեի, սրսկեի, դեղ խմացնեի, մատս մտցնեի կոկորդը՝ փսխերհանգստանար… Մամային չէ, մաման որ շատ էլ հիվանդանա՝ չեմ սրսկի, մամայից ինչքան հեռու՝ այնքան լավ:
ԲԱԳՐԱՏ Այդպես չի կարելի, Ցողիկ, դու քրիստոնյա ես, ներող պիտի լինես…
ՑՈՂԻԿ Դե… Կարող ա մենակ դեղ տամ…
ԱՆՆԱ Նա մա՞յր ունի… Ասում էիր՝ երկկողմանի է…
ԲԱԳՐԱՏ Պարզվում է՝ ունի:
ՑՈՂԻԿ Բայց չունենալու պես է: Նա լավը չի, լավը չի, իմ հայրիկը նրա պատճառով մեռավ… (Հիստերիկ:) Նա լավը չի, նա լավը չի…
ԲԱԳՐԱՏ Մի լացիր, պստիկս, հանգստացիր…
ԱՆՆԱ Լուրջ դեպք է: Դե, ես գնացի, իսկ դուք պարապեք…
Աննան դուրս է գալիս:
ԲԱԳՐԱՏ — (գրկելով Ցողիկին): Մաքրիր արցունքներդ, սիրունս… Թող ես մաքրեմ… Ահա… Դե ժպտա, ժպտա, պայծառս…
ՑՈՂԻԿ Սպասեք, ձեր կինը… Նա կտեսնի… Կենսաբանությունը…
ԲԱԳՐԱՏ Կենսաբանությո՞ւնը: Կենսաբանությունը… (Դադար:) Կենսաբանությունը, Ցողիկ… Կենսաբանությունը նույնպես ժամանակի մասին է: Մի զարմացիր…
ՑՈՂԻԿ Չեմ զարմանում, լսում եմ:
ԲԱԳՐԱՏ Նայիր, օրինակ, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը… Լսած կա՞ս:
ՑՈՂԻԿ Այո, լսել եմ, մեր ֆիզիկայի դասատուն անդադար խոսում էր այդ մասին, բացատրում էր, բացատրում, բայց չէի հասկանում, համ էլ թվում էր՝ ինքն էլ կարգին չի հասկանում, դրա համար էլ անդադար փորձում է բացատրել, ավելի շուտ՝ ինքն իրեն էր համոզում: Բայց ես ինչինչ բաներ հիշում եմ նրա բացատրածներից, ընկեր Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Ընկե՞ր… Ի՞նչ ընկեր:
ՑՈՂԻԿ Դե… նրան ընկեր էինք ասում, ընկեր Մուկուչ:
ԲԱԳՐԱՏ Ի՞նչ Մուկուչ, ո՞վ է այդ գրողի տարած Մուկուչը:
ՑՈՂԻ Իմ ֆիզիկայի դասատուն, նրան ընկեր էինք ասում, մեքենաբար ձեզ էլ…
ԲԱԳՐԱՏ Քեզ էլ:
ՑՈՂԻԿ Դժվարանում եմ…
ԲԱԳՐԱՏ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ եղե՞լ է մեր մեջ:
ՑՈՂԻ Նույնիսկ: Քքքեզ, քքեզ… Չէ, դժվար է, մի ստիպեք, էլի… Ինքս, կամաց, կամաց… Հա՞…
ԲԱԳՐԱՏ Լավ, ինքդ, անուշիկս, ուտեմ քիթիկդ:
ՑՈՂԻԿ Կենսաբանությունը՝ որպես ժամանակ, Էյնշտեյնի հետ կապված…
ԲԱԳՐԱՏ Այո, ժամանակը, այո: Նայիր, ուրեմն, ժամանակի հարաբերականությունը ցուցանող ավելի վառ օրինակ, քան նույն ժամանակի մեջ ապրող կենսաբանական մոդելներն են, չկա: Մեկ օր ապրող թիթեռը, քսան տարի ապրող կատուն, յոթանասուն, լավ՝ ութսուն տարի ապրող մարդը, հարյուր տարի ապրող կրիան… Նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքը և կյանքի նույն տևողությունն է զգում՝ թիթեռի մեկ օրը հավասարվում է կատվի քսան տարուն կամ մարդու ութսունին: Այսպիսով, յուրաքանչյուր կյանք, յուրաքանչյուր կենսաբանական մոդել ժամանակի իր ուրույն, մյուսներից տարբեր զգացողությունն ունի: Այո, կենսաբանությունը գիտություն է նաև ժամանակի մասին, կենսական պրոցեսի ռիթմի մասին, որ սկսվում է ծնունդի հետ ու շարունակվում մինչև մահ: Սակայն չկարծես, թե մահվան հետ այն ավարտվում է… ավարտվում է գիտակցության համար, իրականում շարունակվում է, մենք մեռնում ենք ու պարզապես կորցնում մեր կենսաբանական ժամանակը զգալու ունակությունը, իսկ նա շարունակվում է, շարունակվում է փտման ձևով, ապա մտնում փտման արդյունքներով սնվող արարածների մեջ, բակտերիաների մեջ, հողի մեջ, բույսի մեջ… Ու շարունակվում է կենսաբանության ժամանակը, անկանգառ, հավերժ… Նա մեր ծնունդից առաջ էլ է եղել՝ շարունակվելով հակառակ ուղղությամբ՝ դեպի ետ: Ասել կուզի, կենսաբանության ժամանակը միշտ կա, քանի դեռ կա կենդանությունը, կենսանյութը: Չկա կենսանյութը՝ չկա նաև ժամանակը:
ՑՈՂԻԿ — (հանկարծ վախեցած գրկելով Բագրատին): Դու չես մեռնի, չէ՞:
ԲԱԳՐՏ Չեմ պատրաստվում: Բայց ինչո՞ւ այդպես անսպասելի…
ՑՈՂԻԿ Չմեռնես, էլի:
ԲԱԳՐԱՏ Լավ, խոստանում եմ: Տարօրինակ է: Բուն նյութի առիթով հարցեր ունե՞ս:
ՑՈՂԻԿ Ես ձեզ սիրում եմ, պարոն Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Ես էլ քեզ եմ սիրում, փոքրիկ աղջիկ: (Գրկում է:)
ՑՈՂԻԿ Բայց ձեր կինը…
ԲԱԳՐԱՏ Նա հիմա մուշմուշ քնած է: Խեղճ կին… Լսո՞ւմ ես, խռմփացնում է:
ՑՈՂԻԿ Չեմ լսում:
ԲԱԳՐԱՏ Նրա հանգստի ժամն է, երկու ժամ կքնի, այդպես է, խիստ ռեժիմով է ապրում, թնդանոթ էլ կրակես, չի արթնանա: Արի մոտս, քաղցրս, արի սիրեմ քեզ, դե շուտ, ուտեմ թշիկներդ, մտնեմ լուսավոր աչուկներիդ անհունության մեջ, գնամ, կորչեմ…
ՑՈՂԻԿ — (մտնելով Բագրատի գիրկը): Իսկապե՞ս սիրում ես ինձ:
ԲԱԳՐԱՏ Իսկապես:
ՑՈՂԻԿ Ախ, եթե հայրիկ ունենայի, այ էսպես կշոյեի նրան, էսպես կկմճտեի, կկծեի…
ԲԱԳՐԱՏ — (ցավից): Վախ…
ՑՈՂԻԿ Վայ, կներես, հա՞…
ԲԱԳՐԱՏ Ոչինչ: Էլի կծի, էլի… Քո առողջ ատամները, քո առողջ թուքը, քո առողջ մաշկը… Կծի, կմճտի, չարաճճիս… Վախ, ոնց եմ ուզում քեզ, Ցողիկ…
ՑՈՂԻԿ Չշշ… Խնդրում եմ, կամաց…
Արագարագ հանում են հագուստը, մտնում անկողին:
ՊԱՏԿԵՐ 2
Բագրատը և Աննան շաշկի են խաղում
ԱՆՆԱ Կեր:
ԲԱԳՐԱՏ ՈՒտեմ՝ դու երկուսը կուտես:
ԱՆՆԱ Ուրիշ տարբերակ չունես, ուտելը պարտադիր է:
ԲԱԳՐԱՏ Ետ տամ քայլը, հա՞, մկնիկ ջան:
ԱՆՆԱ Իզուր ասացիր՝ մկնիկ, երազս հիշեցի: Հաշմանդամ դարձած՝ գամված էի անկողնուն, անշարժ, մկները վրայովս գնումգալիս էին, խոհանոցի պահարանից լոբին կրում, տանում էին զգեստապահարանի ետևի իրենց պահեստը, լրիվ անճար էի, նրանք անցնում էին վզիս, գլխիս վրայով, պոչները մտնում էր բերանս, սահում աչքերիս վրայով… Իսկ դու չկայիր, դու ինչպես միշտ չկայիր, գոռում էի՝ Բագրատ, հասի, դու չկայիր: Դու դավաճան ես, միշտ…
ԲԱԳՐԱՏ Երազիդ մեջ էլ հաշտ չես հետս: Հիմա թողնո՞ւմ ես՝ քայլս ետ տամ:
ԱՆՆԱ Դու դավաճան ես: Ինչո՞ւ ասացիր՝ մկնիկ, մոռացել էի, հիմա ամբողջը հիշեցի: (Սեղանին նայելով կամ հատակին:) Ահա, սա մկան կեղտ չի՞…
ԲԱԳՐԱՏ Արևածաղկի սերմ է:
ԱՆՆԱ Էլ չասես՝ մկնիկ:
ԲԱԳՐԱՏ Լավ, փիսիկ:
ԱՆՆԱ Փիսիկ էլ չէ, ասա՝ իմ քաղցրիկ, ուտեմ թշիկներդ, մտնեմ լուսավոր աչուկներիդ անսահմանության մեջ, գնամ, կորչեմ… Ծանոթ բառեր են, չէ՞… Դե՞… Ինչո՞ւ չես ասում, ասա, որ թողնեմ քայլդ ետ տաս: Ասենք, այնքան ես խորացել, որ ետդարձի ճամփա չունես երևի:
ԲԱԳՐԱՏ Էդպես մի ասա, միշտ էլ կա ինչոր արահետ:
ԱՆՆԱ Չկա, կեր:
ԲԱԳՐԱՏ Պարտադի՞ր…
ԱՆՆԱ Կարգ է. առաջին անգամ ես շաշկի խաղո՞ւմ:
ԲԱԳՐԱՏ Բայց ես կարող եմ է՛ս մեկը ուտել, չէ՞, իմ իրավունքն է:
ԱՆՆԱ Այդ մեկն էլ կա՞… Քո գործն է, որն ուտում ես՝ կեր: Պրծի:
ԲԱԳՐԱՏ Առ դե… (Վերցնում է:) Հանգստացա՞ր:
ԱՆՆԱ Հանգիստ չկա՝ քանի այստեղ ենք: Բագրատ, քեզ թվում է՝ մեր իսկական տունն այստե՞ղ է, հողի մե՞ջ:
ԲԱԳՐԱՏ Կարծում եմ՝ այո:
ԱՆՆԱ Իսկ ես կարծում եմ՝ ոչ, մեր տունն այստեղից շատ հեռու է, տիեզերքի ինչոր մի հրաշալի ծայրում:
ԲԱԳՐԱՏ Սա էլ տիեզերքի հրաշալի ծայրերից է:
ԱՆՆԱ Սա ամենավատ ծայրն է, այստեղ արդարություն չկա:
ԲԱԳՐԱՏ Վախենամ՝ ոչ մի տեղ չկա, տիեզերքը փոքր է՝ արդարություն տեղավորելու համար:
ԱՆՆԱ Այդպես մի ասա, մի ասա, դու միշտ ուզում ես ինձ հուսահատության հասցնես… Ահա… (Երեք քար է վերցնում:) Մեկ, երկուս, երեք… Դե գնա…
ԲԱԳՐԱՏ Երե՞քը…
ԱՆՆԱ Քեզ դա էլ քիչ է:
ԲԱԳՐԱՏ Բախտս չբերեց:
ԱՆՆԱ Փոխարենը՝ սիրո մեջ է բերել: Իմ լուսին, իմ պստիկ, իմ ծիծիկ, իմ տուտուզիկ…
ԲԱԳՐԱՏ Գյոզ ես դրե՞լ, Աննա…
ԱՆՆԱ Գյոզ: Բառապաշարդ գռեհկացել է: Բայց կենսաբանության դասընթացի այն նախամուտդ փառահեղ էր, ամենայն լրջությամբ եմ ասում, շատ ազդեցիկ էր: Լավ էիր խոսում, ոգեշնչված, ամենատես քուրմի նման… «Կենսաբանությունը գիտություն է նաև ժամանակի մասին…»: Բագրատ, դու պոետ ես, արտիստ, հա՜, մեծ արտիստ ես, կարողանում ես համակրանք գրավել: Ես ո՞նց չեմ նկատում… Թե՞ ինձ գրավելու կարիք չունես այլևս… Շնորհներդ ծնվում են, երբ պետք է մեկի սիրտը գրավել… Իսկ ես… Ես ի՞նչ, ես վաղուց արդեն գրավելու արժանի բարձունք չեմ քեզ համար:
ԲԱԳՐԱՏ Իզուր ես դժգոհում, կար ժամանակ…
ԱՆՆԱ Կար, այո, բայց այն ժամանակ խոսքդ այսքան հմուտ չէր, փորձդ պակաս էր երևի, ախմախ բաներ էիր դուրս տալիս:
ԲԱԳՐԱՏ Դու էլ որպես ունկնդիր հմուտ չէիր, իրար սազում էինք:
ԱՆՆԱ Կինը եթե չի էլ հասկանում, ապա գոնե բնազդով անպայման զգում է լսածի որակը: Այդպես ես, ուրեմն, գրավել խեղճ աղջկա սիրտը:
ԲԱԳՐԱՏ Ես ձայն չեմ հանել, ազնիվ խոսք: Ինքը սիրահարվեց: Խանութում էր, տոպրակը ձեռքիցս ընկավ, նա էլ թե՝ սպասեք օգնեմ…
ԱՆՆԱ Հայրիկ:
ԲԱԳՐԱՏ Պարոն: Այդպես ծանոթացանք, զրուցեցինք…
ԱՆՆԱ Ինչո՞ւ իմ հաշվին, իմ տան մեջ… Դա անասելի լկտիություն է, չե՞ս գտնում:
ԲԱԳՐԱՏ Կներես, Աննա, ես համոզված էի, որ դու քնած ես, քո հանգստի ժամն էր, այդ ժամին սովորաբար պինդ քնած ես լինում, գարեջուրդ խմում ես ու քնում… Հետո… ինքնաբերաբար ստացվեց, ինքնաբուխ… Գիտես, էլի, թե ոնց են լինում այդպիսի բաները:
ԱՆՆԱ Տարիքիդ հետ խելքդ գցել ես լրիվ:
ԲԱԳՐԱՏ Դեհ…
ԱՆՆԱ — (ավելի շատ՝ ինքն իրեն): Ի՜նչ կատարվեց, ի՜նչ կատարվեց… Ես կյանքն այսպես չէի պատկերացնում, ինձ երևի սխալ են դաստիրակել… Ես հավատում էի, որ սերը հավերժական կարող է լինել, որ առաքինություն կա, հավատարմություն, արդարություն… (Խփում, գցում է շաշկին, լաց է լինում:)
ԲԱԳՐԱՏ Հանգստացիր, հանգստացիր: Կներես հիմարիս: Կուզե՞ս, թող էլ չգա, ասեմ, որ վերջ, հա՞… Բայց դե թող գա, էլի, կօգնի քեզ… Ոտքդ ցավում է, տան գործերը կանի… Դե լավ, լավ, էդպես մի նայի, կասեմ՝ էլ չգա…
ԱՆՆԱ Ինքդ կգնաս մոտը, հա՞:
ԲԱԳՐԱՏ Հանրակացարա՞ն… Չէ, էնքան մարդ կա, գնում են, գալիս են…
ԱՆՆԱ Տուն կվարձես: Հիմա էլ փողերը քամուն տուր: Լսիր, գնա ու գնա, հա՞, անվերադարձ:
ԲԱԳՐԱՏ Անվերադա՞րձ… Չէ, Աննա, քեզ չեմ թողնի, չէ, ես դավաճան չեմ:
ԱՆՆԱ Դու ամենաիսկական դավաճանն ես, Բագրատ: Գնա:
ԲԱԳՐԱՏ Չէ՝ ասացի, ես առանց քեզ չեմ կարող: (Գրկում է կնոջը:)
ԱՆՆԱ Ես մենակ չեմ մնա, որդիս գրել է, գալու է, շուտով: Կգա, ինձ հետ կապրի… Իսկ դու գնա քո Ցողիկի մոտ:
ԲԱԳՐԱՏ Գնա՞մ… Որ ի՞նչ…
ԱՆՆԱ Հեչ, մի քանի տարի էլ կդիմանաս, հետո քացով կխփի, դուրս կգցի:
ԲԱԳՐԱՏ Չի խփի, նա անկեղծորեն սիրում է ինձ:
ԱՆՆԱ Հավատում եմ: Բայց դա այսօր, իսկ վա՞ղը… Ասենք, չստացվի այնպես, թե համոզում եմ, պետքս չի, գնա… Ի՞նչ ես կպել, գնա… (Դադար: Ինքն իրեն:) Չէ, լավ չի, լավ չի… չարությունը կուրացնում է ինձ, այսպես չի կարելի, ես երևի այնքան էլ արդարացի չեմ: (Բագրատին.) Թող գա աղջիկը, պարապեք… Հա, թող գա:
ԲԱԳՐԱՏ Իսկապե՞ս: Հրաշքս: Գիտեի, գիտեի, որ հասկանում ես ինձ, ախր դու ուրիշ ես, է՜, ուրիշ… Ինչքա՜ն եմ սիրում քեզ, չես պատկերացնում…
ԱՆՆԱ Ի՞նձ…
ԲԱԳՐԱՏ Քեզ, քեզ: Դե… Նրան էլ… ուրիշ ձևի…
ԱՆՆԱ Ուրիշ ո՞նց:
ԲԱԳՐԱՏ — Ուրի՞շ… (Շոյելով կնոջը:) Էսպես, էսպես… (Շոյում է Աննային, Աննան ենթարկվում է, ավելին՝ փորձում է գայթակղել ամուսնուն, փորձում են կենակցել:)
ԲԱԳՐԱՏ Չի ստացվում… Ոնց որ թուղթուգիր արած լինեն… Ուզում էի, բայց կեսից էլի բան եղավ…
ԱՆՆԱ Բայց նրա հետ լավ էլ խլբլտում էիր:
ԲԱԳՐԱՏ Դեհ…
ԱՆՆԱ Պարաֆին այդպես էլ չբերեցիք:
ԲԱԳՐԱՏ Մոռացավ:
ԱՆՆԱ Ե՞րբ է գալու:
ԲԱԳՐԱՏ Շուտով:
ԱՆՆԱ Ասում ես՝ լավ մերսո՞ւմ է:
ԲԱԳՐԱՏ Հոյակապ: Նայիր, ոնց են փափկել վզիս մկանները, ձեռք տուր:
ԱՆՆԱ — (շոշափելով): Ճիշտ որ:
ԲԱԳՐԱՏ Գնամ, սառը ջուր շփեմ դեմքիս: (Դուրս է գալիս:)
ԱՆՆԱ — (վեր կենալով և հավաքելով թափված շաշկին); Նա ինձ չի ուզում, այնպես, կիսատպռատ, սկզբից ուզում է, հետո բան է լինում… Ինձ այլևս ոչ ոք չի ուզում: Բոլորը նրան են ուզում, Ցողիկին, որովհետև ցողը դեռ վրան է, նոր բացված ծաղիկ է: Համ էլ ինքնասպանության հակում ունի, ուզեցել է նետվել եղանի վրա… Չէ մի… Բա ինչի՞ չի նետվել… (Նկատում է լուսանկարների ալբոմը դարակին, վերցնում է, թերթելով:) Ասացեք խնդրեմ, նա հակում ունի, պատմում է, որ խղճահարություն վաստակի: (Նայելով իր պատանեկան լուսանկարին:) Մի նայիր ինձ քո անմեղ աչուկներով, Աննա…
Գալիս է Բագրատը, կանգնում Աննայի գլխավերևում, նայում նկարին:
ԱՆՆԱ — (նկարի մասին): Մենք ենք:
ԲԱԳՐԱՏ Ըհը: Որտե՞ղ է… Ծաղկաձորո՞ւմ:
ԱՆՆԱ Հանքավանն է: Ի՜նչ սիրուն, առողջ ոտքեր ունեմ, չէ՞… Ո՞վ կմտածեր… Իսկ կրծքերս… Նայիր, ի՜նչ կրծքեր էին, ուտելու…
ԲԱԳՐԱՏ Հա:
ԱՆՆԱ Թենիսի սեղանն է ետևում… Թենիսով քեզ միշտ հաղթել եմ:
ԲԱԳՐԱՏ Չէ, ինչի, պատահել է որ…
ԱՆՆԱ Չի պատահել: Դու իմ տոպկաներին չէիր դիմանում, չոքում էիր: Այն, որ մեկմեկ տարվել եմ՝ զիջում էի, որ շատ չընկճվես, թե չէ շուրթերդ բարակում էին, աչքերդ դառնում Պիերոյի աչքեր: Դու իմ գեղեցկությանն էլ չէիր դիմանում… Բայց սուսուփուս տարար ամեն բան, տարար ու վերջապես եկավ քո ժամանակը…
ԲԱԳՐԱՏ Աննա, ես երբեք էլ քո ստրուկը չեմ եղել:
ԱՆՆԱ Եղել ես, մի ստիր, եղել ես… (Հանկարծ ընկնում է ամուսնու գիրկը և հեկեկում:)
ԲԱԳՐԱՏ — (շոյելով): Չընկճվես, կինս, կռվելու ենք դեռ…
ԱՆՆԱ Դու՝ գուցե, բայց ես՝ էլ ո՞ւր, ինչո՞վ…
ԲԱԳՐԱՏ Ոտքդ պարաֆին կդնենք, կմերսենք, կսիրենք, կլավանա… Թենիս ենք խաղալու դեռ:
ԱՆՆԱ Ըհը, ոտքս, տրոմբներս, ցելյուլիտներս, առիթմիաս, սկլերոզս, երիկամիս քարը, աչքերիս փառը…
ԲԱԳՐԱՏ Լավ, մի չափազանցրու, բոլորիս աչքին էլ մի քիչ փառ կա, կհանենք, դա այսօր հեշտ է արվում…
ԱՆՆԱ Գնա դուռը բացիր, եկավ քո գեղեցկուհին:
ԲԱԳՐԱՏ Մե՛ր գեղեցկուհին:
ԱՆՆԱ Մե՞ր…
ԲԱԳՐԱՏ — Մեր, այո, ինչո՞ւ ոչ, ես ժլատ չեմ, ինչպես դու ես կարծում: (Գնում է դուռը բացելու:)
ԱՆՆԱ — Մեր… (Նախասրահի աղմուկը լսելով:) Հերիք համբուրվեք, ներս եկեք:
Գալիս են Բագրատը և Ցողիկը:
ՑՈՂԻԿ — (նետվելով Աննայի գիրկը): Վայ ինչ լավն ես դու, տիկին Աննա ջան, ինչ բարի, ինչ համով… Էս շոկոլադը՝ քեզ:
ԱՆՆԱ Շնորհակալ եմ: Նստիր կողքս, անուշս, ո՞նց ես, մայրիկհայրիկդ ո՞նց են:
ՑՈՂԻԿ Ես միայն մայրիկ ունեմ, որն ինձ չի սիրում, ատում է:
ԱՆՆԱ Իսկ ո՞ւր է մայրիկդ:
ՑՈՂԻԿ Եսիմ՝ ուր է, գյուղում չի, վաղուց, ասում են աշխատելու է գնացել՝ Հունաստան, Կիպրոս կամ էլ… Չգիտեմ, ինձ չի գրում, ոչ էլ զանգում է, ես իր համար՝ եղածչեղած…
ԱՆՆԱ Տատի՞կ, պապի՞կ…
ՑՈՂԻԿ Չկան, մեռել են:
ԲԱԳՐԱՏ Որբ է խեղճը:
ԱՆՆԱ Ես էլ եմ որբ: Նա գոնե, լավվատ, մայր ունի:
ԲԱԳՐԱՏ Դե, դու…
ԱՆՆԱ Ուզում ես ասել՝ պառավ եմ, հա՞… Որբը որբ է, տարիք չի հարցնում:
ՑՈՂԻԿ — (գրկելով Աննային): Խեղճ տիկին Աննաս:
ԱՆՆԱ Հա, բալես, երկուսս էլ խեղճ ենք: Իսկ այդ տատիկպապիկի գյուղի տունը չկա՞, ծախե՞լ եք:
ՑՈՂԻԿ Չէ, կա, մաման ա ապրում սիրածի հետ, այսինքն՝ հիմա մենակ սիրածն ա ապրում, իբր` մամային ա սպասում. ինձ կպռշկում ա, ձեռ-մեռ ա գցում… էլ չեմ գնում տուն, ինձ պետք չի, իրենց թող մնա: (Արտասվում է:)
ԲԱԳՐԱՏ Էդ մամայի սիրածի գլուխը ջարդել է պետք:
ԱՆՆԱ Հրեշտակս… Բագրատը կջարդի նրա գլուխը, Բագրատը շատ քաջն է: Մի լացիր, դե՞… Չլացես: Գիտե՞ս, ես որդի ունեմ, այստեղ չի, Կանադայում է, որ եկավ, քեզ տեսավ, այնքան կհավանի, այնքան կհավանի…
ՑՈՂԻԿ Հա՞… Իսկ պարոն Բագրատն ասում է…
Ցողիկը լռում է, նկատելով, որ Բագրատը նշան է անում՝ չխոսել այդ մասին:
ԱՆՆԱ — (զգաստացած): Ի՞նչ է ասում պարոն Բագրատը:
ՑՈՂԻԿ Ոչինչ… Կարծեմ ասում էր, թե ձեր որդին Ամերիկայում է:
ԱՆՆԱ Ոչ, մի ժամանակ էր Ամերիկայում, հիմա գնացել է Կանադա, ասաց՝ մամ ջան, Ամերիկան անցյալ դարի կեսերին էր լավ երկիր, հիմա էլ բանի պետք չի:
ԲԱԳՐԱՏ Իբր տարբերություն կա Ամերիկայի և Կանադայի միջև:
ԱՆՆԱ Ուրեմն, նա այնտեղ է՝ չգիտի տարբերությունը, իսկ դու, որ քիթդ Հայաստանից չես հանել՝ գիտես:
ԲԱԳՐԱՏ Ինչո՞ւ, ես Մոսկվայում եմ եղել, Պետերբուրգում, էլի ինչոր տեղեր…
ԱՆՆԱ Որ եղել ես՝ ի՞նչ, Էրմիտաժ ես գնացե՞լ, Տրետյակովկա՞… Ոչ, ամբողջ օրը ընկել ես… Երեխան չլիներ՝ կասեի…
ՑՈՂԻԿ Պարոն Բագրատն ասաց, որ ձեր ոտքը ցավում է:
ԱՆՆԱ Երկուսն են ցավում:
ՑՈՂԻԿ Երկո՞ւսը…
ԱՆՆԱ Այո: Բայց այս մեկն՝ ավելի շատ, հատկապես կոնքիս մասում:
ՑՈՂԻԿ Կթողնե՞ք մերսեմ:
ԱՆՆԱ Կմերսե՞ս… Ասում են՝ հրաշալի ես մերսում: Կարմրեց աղջիկը… Գովեստներից կարմրում են միայն ազնիվ հոգիները:
ՑՈՂԻԿ Բա ես ազնի՞վ եմ…
ԱՆՆԱ Զարմանալիորեն՝ այո, նույնիսկ՝ այս վատ օրինակի կողքին:
ԲԱԳՐԱՏ Աննա, Աննա…
ՑՈՂԻԿ Գիտե՞ք, իմ մերսումը օգուտ է տալիս միայն այն դեպքում, երբ համակրելի մարդու եմ մերսում, եթե մարդը դուրըս չեկավ՝ անօգուտ է, կարող է նույնիսկ վնասել:
ԱՆՆԱ Վտանգավոր ես, աղջիկ:
ՑՈՂԻԿ Դուք վախենալու բան չունեք, դուք շատ համակրելի եք:
ԱՆՆԱ Այո՞…
ՑՈՂԻԿ Այո: Նույնիսկ՝ սիրելի:
ԲԱԳՐԱՏ — (տեղից ելնելով): Դեհ, ես գնամ…
ՑՈՂԻԿ Ո՞ւր, պարոն Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Ընկերոջս պիտի տեսնեմ, էս մոտիկ սրճարանում, պայմանավորվել ենք:
ՑՈՂԻԿ Բա մեր պարապմո՞ւնքը…
ԲԱԳՐԱՏ Շուտ կգամ, ժամժամուկեսից: Մարդը զանգեց, խնդրեց, Ռուսաստանից է եկել, հարյուր տարի չենք տեսել իրար… Ի՞նչ բերեմ ձեզ համար, թխվա՞ծք, կոնֆե՞տ:
ՑՈՂԻԿ Արևածաղկի սերմ, հա՞: Էնքան սիրում եմ երեկոյան նստել հեռուստացույցի առաջ ու սեմուշկա չրթել:
ԱՆՆԱ Սեմուշկա կբերես երեխային, շատ բեր, ժլատություն չանես, ես էլ կչրթեմ:
ԲԱԳՐԱՏ Դե, լավ մնացեք: (Համբուրում է Աննային և Ցողիկին, դուրս է գալիս:)
ՑՈՂԻԿ Ես մերսման հատուկ յուղ ունեմ տիկին Աննայիս համար, չիչխանի յուղ… (Պայուսակից հանելով:)
ԱՆՆԱ Ո՞նց եմ պառկում, մեջքի՞ս, փորի՞ս…
ՑՈՂԻԿ Նախ՝ փորին: Հագուստը հանեք:
ԱՆՆԱ Լրի՞վ:
ՑՈՂԻԿ Ինչքան շատ, այնքան լավ: (Յուղը լցնում է ափերին, քսում Աննայի մեջքին, սկսում մերսել: Աննան կիսավարտիքով է և կրծկալով:)
ԱՆՆԱ Ի՜նչ հաճելի է… Այ այդտեղ մի քիչ զգույշ, աղջիկս:
ՑՈՂԻԿ Մի անհանգստացեք, չեմ ցավացնի:
ԱՆՆԱ Երբեմն ցավն էլ հաճելի է, գիտե՞ս:
ՑՈՂԻԿ Չէ…
ԱՆՆԱ Հատկապես՝ սիրո մեջ:
ՑՈՂԻԿ Չգիտեմ…
ԱՆՆԱ Պարոն Բագրատը չի՞ ցավացրել… Չէ՞… Խնայո՞ւմ է քեզ: Դե, մի ամաչիր, խոստովանիր՝ երբեմն ուզում ես, չէ՞, որ ցավեցնեն…
ՑՈՂԻԿ Մայրս ինձ այնքան է ծեծել, որ ես վախենում եմ ցավից:
ԱՆՆԱ Երբեմն էլ գուցե կարոտո՞ւմ ես… Գիտե՞ս, մարդիկ ընտելանում են ցավին, հիվանդությանը, խոշտանգումներին, անազատությանը… Տարօրինակ են մարդիկ, հիվանդ են… Մեղք են…
ՑՈՂԻԿ Մամաս է՞լ մեղք է…
ԱՆՆԱ Մեղք է, այո:
ՑՈՂԻԿ Ես սիրում եմ, երբ ինձ հետ նուրբ են վարվում, քնքուշ… Գիտե՞ք, իմ հայրն ինձ ոչ մի անգամ չի ծեծել, մի հատ էլ չի խփել… Տարօրինակ է, չէ՞… Էդպես հայրեր լինո՞ւմ են… Չեն լինում, չէ՞…
ԱՆՆԱ — (շոյելով): Փոքրիկս, սիրունս…
ՑՈՂԻԿ Ախր էնքան լավն եք, տիկին Աննա, որ քիչ է մնում…
ԱՆՆԱ Ի՞նչ…
ՑՈՂԻԿ Քիչ է մնում գնամ կորչեմ կամ կախվեմ… Ախր ձեր փոխարեն մեկ ուրիշը ինձ պատուհանից դուրս կգցեր…
ԱՆՆԱ Անուշս, դու դեռ այնքան քիչ բան գիտես էս կյանքից:
ՑՈՂԻԿ Իսկ ինձ թվում է՝ ահագին գիտեմ, այնքան, որ կուզեի էլ չիմանալ, հա, մեկ է՝ շատ իմանալուց միայն բեռդ է ծանրանում, երջանկություն չի ավելանում:
ԱՆՆԱ Պակասում է:
ՑՈՂԻԿ Պակասում է, չէ՞: (Ծակում է ասեղով:)
ԱՆՆԱ Ա՜… Ինչո՞ւ ծակեցիր:
ՑՈՂԻԿ Կներեք, հա՞: Դա իմ մերսման առանձնահատկությունն է: Մերսումը չպետք է քնեցնի, այլապես օգտակարությունը կնվազի, ես արթնացնում եմ քնող օրգանիզմը:
ԱՆՆԱ Բայց ես չեմ քնում:
ՑՈՂԻԿ Ինձ թվաց՝ քնում եք: Շատ ցավացրի՞:
ԱՆՆԱ — Ոչինչ, տանելի էր: Բայց գոնե զգուշացրու:
ՑՈՂԻԿ Եթե զգուշացնեմ, էֆեկտը փոքր կլինի, սրա օգտակարությունը հանկարծակիության մեջ է:
ԱՆՆԱ Քո մեթոդն ունես նույնիսկ…
ՑՈՂԻԿ Բա ոնց: Հիմա մեջքին շրջվեք…
ԱՆՆԱ — (շրջվելով): Այսպես լավ է, տեսնում եմ քեզ:
ՑՈՂԻԿ Ինձ տեսնելը լա՞վ է:
ԱՆՆԱ Այնքան գեղեցիկ ես, այնքան թարմ… Որդուս մաշկն էլ էր այսպես թարմ… Վաղուց չեմ գրկել նրան, թողեցգնաց…
ՑՈՂԻԿ — Կուզե՞ք, ինձ գրկեք:
ԱՆՆԱ — Կարելի՞ է…
ՑՈՂԻԿ Այո:
ԱՆՆԱ — (շոյելով): Քեզ նայելիս ջահելությունս է անցնում աչքերիս առաջով… Հատկապես՝ մի դրվագ…
ՑՈՂԻԿ Ի՞նչ դրվագ է, չե՞ք պատմի:
ԱՆՆԱ Պատմե՞մ որ…
ՑՈՂԻԿ Պատմեք, էլի:
ԱՆՆԱ — Տես, ինքդ ուզեցիր: Ա՛խ… (Կոնքի մասին:) Այս տեղում մի քիչ ուժեղ մերսիր, հա՞, սիրունս: Այ, այդպես: Դպրոցում էր, վեցերորդում կամ յոթերորդում: Ես վերջին նստարանին էի նստում, կողքիս՝ ճիշտ քեզ պես մի աղջիկ, նրան ուրիշ դպրոցից էին բերել, ուրիշ քաղաքից: Մի անգամ ինձ համար տետրս եմ լրացնում, մեկ էլ զգացի, որ նրա ոտքը հպվել է ոտքիս, կարծեցի՝ պատահաբար է, ոտքս մի քիչ ետ քաշեցի: (Այս պատմության ընթացքում Աննան սկսում է շոյել, փաղաքշել Ցողիկին, վերջինս էլ կամացկամաց ենթարկվում է:) Իսկ նրա ոտքը կամաց եկավ ու նորից հպվեց: Այնքան արտառոց զգացողություն էր… Մեր ոտքերը, այդպես հպված, կարծես շիկացել էին, իրենց առանձին կյանքով էին ապրում, չէի հասկանում՝ ինչ է կատարվում հետս, և՛ մի տեսակ վախեցած էի, և՛ հետաքրքրված, համ էլ հաճելի էր, շատ, առեղծվածի պես, խորհրդավորի, թաքունի, արգելվածի, ու դա ավելի էր սրում զգացումներս, քրտնել էի, թրջվել, դողում էի… Հետո նրա ձեռքը սահեց, իջավ ու դիպավ ոտքիս, ազդրիս վրայով բարձրացավ… Ես բռնեցի նրա ձեռքը, փակեցի ճանապարհը, բայց նրա ձեռքը խնդրում էր, թախանձում… Հետո նա իմ ձեռքը վերցրեց, տարավ իր ազդրերի արանքը… Այնպես ուզեցի համբուրել նրա պստիկ, ընկույզների նմանվող կրծքերը… Նա շշնջաց ականջիս՝ «Դասերից հետո գնանք մեր տուն, մերոնք գործի են, միայն տատիկս է տանը, նա միշտ քնած է…»:
ՑՈՂԻԿ Գնացի՞ք…
ԱՆՆԱ Անկարող էի չգնալ, կան բաներ, որ մեզնից ուժեղ են:
ՑՈՂԻԿ Կան, այո: Հետո՞:
ԱՆՆԱ Հեքիաթային օր էր: (Դադար:) Արի հիմա էլ ես քեզ մերսեմ, քաղցրս, արի… Պառկիր կողքս: Կուզե՞ս, քո յուղից քսեմ…
ՑՈՂԻԿ Կուզեմ:
ԱՆՆԱ Չէ, նուռ քամեմ մարմնիդ:
ՑՈՂԻԿ Քամեք…
Աննան բերում է նուռը, հանում Ցողիկի հագուստը, նուռը քամում նրա մարմնին, ապա սկսում սիրել:
Այստեղ կարելի է ընդմիջում անել:
ՊԱՏԿԵՐ 3
Աննան և Բագրատը շաշկի են խաղում:
ԱՆՆԱ Էս շաշկին էլ որ չլիներ…
ԲԱԳՐԱՏ Հեռուստացույցը մի մոռացիր, հեռուստացույցը փրկություն է, մեծագույն թերապևտը:
ԱՆՆԱ Բա ինչի՝ ինչ ցույց տան՝ ջղայնանում ես, հայհոյում…
ԲԱԳՐԱՏ Բուժիչ մասը հենց դա է, միջիդ մաղձը թափում ես, մաքրվում:
ԱՆՆԱ Ահա, թե ինչ… Լսիր, սկսել ես լավ խաղալ, գիտե՞ս:
ԲԱԳՐԱՏ Չէ, դո՛ւ ես սկսել վատ խաղալ:
ԱՆՆԱ — Հա՞…
ԲԱԳԻԱՏ — Հա: Հաղթանակը գերխնդիր չի` ինչպես առաջ, իմիջիայլոց ես խաղում…
ԱՆՆԱ — Գուցե, գուցե… Իսկ ո՞ւր է մեր Ցողիկը, ինչո՞ւ է ուշանում… Հո չե՞ս նեղացրել երեխային:
ԲԱԳՐԱՏ Չի ուշանում, դեռ վաղ է:
ԱՆՆԱ Կեր:
ԲԱԳՐԱՏ Եվ կուտեմ, կուտեմ, տեսնենք ով դրանից կշահի: Մեկ, երկուս…
ԱՆՆԱ Երկո՞ւս… Չէի նկատել: Հաղթեցիր, պարոն, հանձնվում եմ:
ԲԱԳՐԱՏ Էլի շարե՞նք:
ԱՆՆԱ Չէ, հոգնեցի, հերիք է: Լսիր, քեզ կարևոր բան ունեմ ասելու, հիշեցի:
ԲԱԳՐԱՏ Ասա, քանի նորից չես մոռացել:
ԱՆՆԱ Դու սրիկա ես, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Էլի ի՞նչ կա:
ԱՆՆԱ Դու ես եղել նրա առաջին տղամարդը, հա՞:
ԲԱԳՐԱՏ Չէ դե… Մի հնարի, Աննա:
ԱՆՆԱ Ինքն ասաց:
ԲԱԳՐԱՏ Պարզվում է, բերանբացն է մեր Ցողիկը:
ԱՆՆԱ Որտե՞ղ կատարվեց մեղսագործությունը, մեր տա՞նը…
ԲԱԳՐԱՏ Չէ, չէ… Հանրակացարանում: Էդպես սպանիչ մի նայի, ես մեղք չունեմ, նա ինձ չզգուշացրեց, եթե զգուշացներ…
ԱՆՆԱ Փորձված մարդ ես, չզգացի՞ր…
ԲԱԳՐԱՏ Չզգացի, երդվում եմ, այսինքն զգացի, բայց արդեն ուշ էր: Դե, տղամարդը… գիտես, էլի, նման դեպքերում ուղեղն անջատվում է, կենդանին է խոսում մեջը…
ԱՆՆԱ Անասունը:
ԲԱԳՐԱՏ Չեմ զգացել, հավատա, եթե զգայի… Անկեղծ եմ ասում, ազնիվ խոսք…
ԱՆՆԱ Ի՜նչ կրքոտ ես արդարանում… Ո՞ւմ առաջ, ի՞մ… Չէ, դու բարձրյալ դատարանից ես վախենում, տես՝ ոնց գույնդ գցեցիր:
ԲԱԳՐԱՏ Դու չե՞ս վախենում… Ասենք, դու աթեիստ ես…
ԱՆՆԱ Դու իմ հավատից գլուխ չես հանի: Ի՛նքս կարգին գլուխ չեմ հանում: Ավելի լավ է՝ քո մասին մտածիր. քեզ թվում է, թե կարող ես ինչոր բան թաքցնե՞լ… Չէ, Բագրատ, դա քո ուսումնարանի տնօրինությունը չի, որ ուսանողներից կաշառք վերցնես, չիմանան:
ԲԱԳՐԱՏ Ես կաշառք չեմ վերցնում…
ԱՆՆԱ Ինքդ քեզ էլ ես ուզում խաբես: Գուցե ասես, թե մորդ հոգեբուժարան չե՞ս տարել:
ԲԱԳՐԱՏ Դա՞ ինչի հիշեցիր…
ԱՆՆԱ — Հանկարծ հիշեցի:
ԲԱԳՐԱՏ — Երկուսով չտարա՞նք…
ԱՆՆԱ Ուշքի արի:
ԲԱԳՐԱՏ Դե… Տանելը, բնականաբար, ես տարա, բայց դու էիր համոզում…
ԱՆՆԱ — Իմ վրա չգցես:
ԲԱԳՐԱՏ — Դե, գոնե համամիտ էիր…
ԱՆՆԱ Ոչ: Ես պարզապես չխառնվեցի, ինձ իրավունք չվերապահեցի խառնվել մոր և որդու գործերին: Իսկ դու իմ լռությունը դեմ չլինելու տեղ ընդունեցիր, ավելորդ անգամ չհարցրիր, ինչի՞դ էր պետք, քեզ իմ լռությունն էր ձեռնտու…
ԲԱԳՐԱՏ Խճճվում ես արդեն:
ԱՆՆԱ Ամենևին:
ԲԱԳՐԱՏ Բայց նա իսկապես հոգեկան էր:
ԱՆՆԱ Նրա պես հոգեկան բոլորս ենք:
ԲԱԳՐԱՏ Դե չէ, Աննա, չէ, հոգեկան էր խեղճ մաման, կարծում էի՝ կբուժեն, կբերենք տուն… Լսիր, վերջապես ի՞նչ ես ուզում, առավոտվա դեպքերը չես հիշում, բայց հարյուր տարվա անցած բաները անտեղի մեջտեղ ես բերում՝ չես թողնում հանգիստ ապրենք… Ի՞նչ պատահեց, ինչի՞ նորից վրա տվիր, ես քո թշնամի՞ն եմ… հարց եմ տալիս՝ թշնամի՞ եմ… Որ ինֆարկտ խփեց` մեռա, ի՞նչ ես շահելու…
ԱՆՆԱ Լավ, մի դիվոտի: Ինֆարկտ: Չէչէ մի: Էս աղջիկն էլ չեկավ, գա ջանդ մերսի, փափկես, մեղքերդ մոռանաս:
ԲԱԳՐԱՏ Դու կթողես՝ մարդ բան մոռանա՞: Ինձ հանգիստ չկա էս աշխարհում, չէ…
ԱՆՆԱ Վախ, վախ, վախ…
ԲԱԳՐԱՏ Բեր, բեր հիսունհիսուն կոնյակ խմենք, սրտին լավ է: Չասես՝ չունեմ, տեսել եմ:
ԱՆՆԱ Ունեմ, բայց…
ԲԱԳՐԱՏ Էլ կռիվ չանես, բեր խմենք:
ԱՆՆԱ Լավ, բերում եմ: Նարինջ էլ ունեմ: (Բերում է կոնյակը և նարինջը:) Ահա, լցրու:
ԲԱԳՐԱՏ Դե, ողջուրախ, միշտ իրար հետ:
ԱՆՆԱ Իրար՝ ո՞ւմ նկատի ունես:
ԲԱԳՐԱՏ Քեզ: Էլ ո՞վ ունեմ հարազատ:
ԱՆՆԱ Այ թե ինչ… Խմեցինք:
Խմում են:
ԲԱԳՐԱՏ Ըհը, ներսս միանգամից աշխուժացավ:
ԱՆՆԱ — (դռան զանգը լսելով): Ու ճիշտ ժամանակին: Բացիր, ես գնամ՝ հագնվեմ:
ԲԱԳՐԱՏ Մերկ չես ոնց որ…
ԱՆՆԱ Ես թատրոն եմ գնում, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Թատրո՞ն:
ԱՆՆԱ Այո, ինչ ձեռնափայտը վերցրի՝ թատրոնում չեմ եղել:
ԲԱԳՐԱՏ Այդ ո՞ւմ հետ ես գնում թատրոն:
ԱՆՆԱ Խանդո՞ւմ ես… Չէ, ձև ես անում: Մենակ եմ գնում: (Գնում է իր սենյակը:)
Բագրատը դուռը բացում է, գալիս է Ցողիկը:
ՑՈՂԻԿ — (նետվելով Բագրատի գիրկը): Գալիս էի ու մտածում՝ կարող ա՞ էլ ինձ չի սիրում իմ սերը, կարող ա՞ երբեք չի էլ սիրել…
ԲԱԳՐԱՏ Ի՞նչ հիմար մտքեր են այցելել այս սիրունիկ գլխիկին:
ՑՈՂԻԿ Ախր վատ երազ եմ տեսել… Սիրո՞ւմ ես:
ԲԱԳՐԱՏ Երազին հավատալը սնոտիապաշտություն է, դու լուրջ աղջիկ ես, չէ՞:
ՑՈՂԻԿ Չգիտեմ: Լուրջ ե՞մ որ, հիմարի մեկը չե՞մ…
ԲԱԳՐԱՏ Չէ, չէ… (Գրկելով:)
ՑՈՂԻԿ Իսկ տիկին Աննան ո՞ւր է:
ԲԱԳՐԱՏ Հագնվում է, պատրաստվում է թատրոն գնալ:
ՑՈՂԻԿ Մենք էլ չգնա՞նք:
ԲԱԳՐԱՏ Ցողիկ…
ՑՈՂԻԿ Վայ, էս ինչ եմ ասում, սերս ինձ կարոտել է, ուզում է գրկել, համբուրել, սիրել… Իսկ ես՝ թատրոն: Հետո էլ ասում ես՝ լուրջ աղջիկ:
Գալիս է Աննան:
ԱՆՆԱ Բարև, փոքրիկ աղջիկ: (Համբուրում է:) Լավ արիր, որ եկար, Բագրատը մենակություն չի տանում, նույնիսկ երբ կլանված հեռուստացույց է դիտում՝ կողքին պիտի մեկը լինի:
ՑՈՂԻԿ Ի՜նչ սիրուն եք, տիկին Աննա:
ԱՆՆԱ Հա՞ որ… Այ, մտածում եմ, ձեռնափայտը չվերցնե՞մ համենայնդեպս:
ԲԱԳՐԱՏ Չէ, մի վերցրու:
ԱՆՆԱ Նա ուզում է, որ ես ընկնեմ, սատկեմ:
ԲԱԳՐԱՏ Լավ, էլի, Աննա:
ԱՆՆԱ Դա քո գաղտնի միտքն է, Բագրատ, որ ինքդ քեզնից էլ ես թաքցնում, ենթագիտակցությունդ է, իսկ ենթագիտակցությունը դատապարտելն անիմաստ բան է, նա անմեղսունակ է, ուստի ես չեմ նեղանում:
ԲԱԳՐԱՏ Որ այդպես է՝ վերցրու ձեռնափայտդ:
ԱՆՆԱ — (Ցողիկին): Դո՞ւ ինչ կասես:
ՑՈՂԻԿ Չգիտեմ, ոնց ձեզ հարմար է:
ԱՆՆԱ Քեզ ո՞նց է դուր գալիս:
ՑՈՂԻԿ Առանց ձեռնափայտի ավելի կանացի եք, մի տեսակ փխրուն, անպաշտպան…
ԱՆՆԱ Ուրեմն, կորչի՛ ձեռնափայտը, ինչ լինելու է, թող լինի: Ձեզ բարի պարապմունք: Կենսաբանությունը ժամանակ է, ժամանակն իզուր չկորցնեք: (Գնում է:)
ԲԱԳՐԱՏ Նրա հայացքում խանդ կար:
ՑՈՂԻԿ Այո՞…
ԲԱԳՐԱՏ Այո: Բայց ո՞ւմ էր խանդում… Ի՞նձ, թե՞ քեզ…
ՑՈՂԻԿ Դուք նրան չե՞ք սիրում, իսկիիսկի՞…
ԲԱԳՐԱՏ Ոնց բացատրեմ… Շատ բարդ է, Ցողիկ, վախենամ չհասկանաս:
ՑՈՂԻԿ Սիրում եք:
ԲԱԳՐԱՏ Չգիտեմ… Չէ, դա սեր չի… Տասնամյակներով ապրել ենք կողքկողքի, հարազատացել ենք, կպել իրար, նա ոնց որ իմ ձեռքը լինի, ոտքը…
ՑՈՂԻԿ Այր ու կին՝ մի մարմին: Թունդ սիրահարվա՞ծ էիք:
ԲԱԳՐԱՏ Այո: Սկզբում սիրահարություն, հետո սեր, հետո ընտելացանք, հարազատացանք… Հիմա հաճախ կռվում ենք, բայց… Գիտե՞ս, երբ պատկերացնում եմ նրան՝ մենակ, լքված, վհատ… Սիրտս կտրատվում է: Նա հոխորտում է, մարտնչում, մեծմեծ խոսում, բայց իրականում թույլ է, անպաշտպան… Ես նրան լքել չեմ կարող: Ո՞նց թողնեմ, ո՞ւմ…
ՑՈՂԻԿ Ես հասկանում եմ ձեզ: Եվ ավելի սիրեցի…
ԲԱԳՐԱՏ Իսկապե՞ս: Ինչ լավ է: Ես էլ վախենում էի, որ կնեղանաս, կխռովես…
ՑՈՂԻԿ Ոչ, հո հիմար չե՞մ: Բագրատ… Պարոն Բագրատ… Գուցե լավ կլինի՝ ես հեռանամ, գնամ, կորչեմ…
ԲԱԳՐԱՏ Չէ, ինչ ես ասում, գժվեցի՞ր, առանց քեզ ես ի՞նչ պիտի անեմ… ես կկորչեմ… Դու իմ վերջին սերն ես, ամենավերջին, քեզնից այն կողմ՝ ոչինչն է, մութը:
ՑՈՂԻԿ Վա՛խ: Եթե ասեիր՝ գնա, գնալու էի ու ինձ գցեի կամրջից:
ԲԱԳՐԱՏ Հետո ասում ես՝ հո հիմար չե՞մ:
ՑՈՂԻԿ Հիմար եմ, հա, հենց հիմար եմ. ոնց կուզես՝ էդպես եմ:
ԲԱԳՐԱՏ Արի գիրկս: (Ուզում է հանել Ցողիկի հագուստը:)
ՑՈՂԻԿ Ինքս կհանեմ, դու նստիր, մի չարչարվիր, այսօր ուզում եմ շատ հոգատար լինել, ինչպես… ինչպես` եթե հայրս լինեիր… Ինչո՞ւ չես կարող համ էլ հայրիկ լինել…
ԲԱԳՐԱՏ Կարող եմ:
ՑՈՂԻԿ Հա՞… Գիտե՞ս, հայրս ինձ երբեք չի խփել, նույնիսկ մի հատ էլ չի խփել… Բայց կուզեի գոնե մի անգամ խփած լիներ, որ հիշեի… Գոտիով… Մի հատ սիրուն գոտի ուներ, բնական կաշվից…
ԲԱԳՐԱՏ — (գոտին վերցնելով): Սա էլ վատը չի:
ՑՈՂԻԿ Վայ, աստված ջան… Ծեծելո՞ւ ես… Բայց ես ի՞նչ եմ արել…
ԲԱԳՐԱՏ Քեզ լավ չես պահել, չար բաներ ես արել… Ինքդ էլ լավ գիտես… Պառկի՛ր: (Ցողիկը պառկում է փորին, Բագրատը գոտիով դաղում է նրա հետույքը:) Էլ չարություն չես անի՞, չես անի՞…
ՑՈՂԻԿ Չեմ անի, խղճա, չեմ անի…
ԲԱԳՐԱՏ Այսուհետև քեզ խելոք կպահես, չար աղջիկ:
ՑՈՂԻԿ Հա, խելոք կպահեմ, հայրի՛կ:
ԲԱԳՐԱՏ Դե արի գիրկս:
ՑՈՂԻԿ Եկա: Ո՞նց ես ուզում, որ դստրիկդ սիրի քեզ, ասա, ի՞նչ անեմ քեզ համար…
ԲԱԳՐԱՏ Մի րոպե… (Աչքն ընկնում է նարնջին:)
ՑՈՂԻԿ Ուզում ես նարի՞նջ քամել մարմնիս:
ԲԱԳՐԱՏ Հա, բեր:
ՑՈՂԻԿ — (բերելով նարինջը): Քամիր, խնդրում եմ, քամիր:
ԲԱԳՐԱՏ (վերցնում է նարինջը, քամում Ցողիկի մարմնին): Սպասիր, երաժշտություն միացնեմ, թող մեր ձայները չլսվեն:
ՑՈՂԻԿ Ես կուզեի՝ ամբողջ աշխարհը լսեր մեր ձայները:
ԲԱԳՐԱՏ Չէ, միացնեմ, էդպես ճիշտ կլինի:
ՑՈՂԻԿ Միացրու:
Բագրատը միացնում է ռադիոն, անջատում լույսը: Անկողին են մտնում:
ՑՈՂԻԿ — (սիրուց հետո): Ծարավեցի: Ջուր չե՞ս ուզում: (Վեր է կենում՝ սավանով փաթաթված:)
ԲԱԳՐԱՏ Չէ:
ՑՈՂԻԿ Կուզե՞ս սուրճ եփեմ քեզ համար:
ԲԱԳՐԱՏ Կուզեմ:
ՑՈՂԻԿ Դա՞ռը:
ԲԱԳՐԱՏ Չէ, այսօր սիրտս քաղցր ուզեց:
ՑՈՂԻԿ Աչքիս վրա: (ամբուրում է և դուրս գալիս:)
ԲԱԳՐԱՏ Աղջիկս, աղջիկս… Ի՜նչ լավն է, ի՜նչ հոգատար, քնքուշ… Ո՞նց հրաժարվեմ քեզնից… Չէ, անհնարին է… (Նայում է ժամացույցին, անջատում ռադիոն, միացնում հեռուստացույցը:)
ՑՈՂԻԿ — (ջրով բաժակը ձեռքին՝ գալիս պառկում է): Ի՞նչ է նայում իմ սիրելին:
ԲԱԳՐԱՏ Հեչ: Առհասարակ սերիալներ չեմ նայում, բայց էս մեկը տարավ, մեջն ինչոր բան կա: (Ջրի կաթիլը կաթում է վրան:) Վախ…
ՑՈՂԻԿ Կաթացրի՞… Վայ, կներես, հա՞… (Համբուրում է կաթիլի ընկած տեղը:)
ԲԱԳՐԱՏ Ներեցի:
ՑՈՂԻԿ Կարծում էի՝ կպատժես: Գնամ սուրճը բերեմ, եփեց երևի:
Ցողիկը դուրս է գալիս: Բագրատը հեռուստացույց է դիտում: Գալիս է Ցողիկը՝ բերելով սուրճը:
ՑՈՂԻԿ Համեցիր, պարոնս:
ԲԱԳՐԱՏ Շնորհակալ եմ: (Սիգարետ է հանում, կում է անում սուրճից:) Քաղցր է:
ՑՈՂԻԿ Քաղցր չուզեցի՞ր:
ԲԱԳՐԱՏ Հա՞…
ՑՈՂԻԿ Երևի սխալ եմ հասկացել, թող, նորը կեփեմ:
ԲԱԳՐԱՏ Մնա, կխմեմ: (Կում անելով:) Ցողիկիս ասեմ, ուրեմն, իմ պապի հայրը… (Կում է անում:)
ՑՈՂԻԿ Իսկ իմ պապը… Կներես, ընդհատեցի, ասա:
ԲԱԳՐԱՏ Պապիս հայրը, ուրեմն, մեծահարուստ է եղել Վանում…
ՑՈՂԻԿ Իսկ իմ…
ԲԱԳՐԱՏ Խոսիր, լավ, դու խոսիր:
ՑՈՂԻԿ Վայ կներես, հա՞, ինչ անշնորհքն եմ:
ԲԱԳՐԱՏ Չէ, չեմ նեղանում, ասա:
ՑՈՂԻԿ Չէչէ, դո՛ւ ասա:
ԲԱԳՐԱՏ Նա սիրել է արաբական նժույգներ և թուրք կանանց: Սադաֆապատ հատուկ սեղանիկի վրա թրքուհի աղախինը նրան ամեն առավոտ սուրճ է մատուցել անկողնում: Էդ սեղանիկը պապս, Վանից փախչելիս, չէր ծուլացել, բերել էր հետը, մեր տանն էր, բայց կորավ, կարծում եմ՝ տղաս թաքուն տարավ՝ ծախեց, մշտապես պարտքերի մեջ էր: Ես միշտ մտածում էի՝ ախր էս իմ մեծահարուստ նախահայրն ի՞նչ ա գտել թրքուհիների մեջ… Բայց մի օր Ղրիմում մի թրքուհու հանդիպեցի ու հասկացա նրան… Էդ ի՜նչ գեղանի մարմին ուներ, ի՜նչ վայրի կիրք…
ՑՈՂԻԿ — (կատակով խանդած): Դու քնեցի՞ր նրա հետ, չար տղա, քնեցի՞ր, ասա…
ԲԱԳՐԱՏ Էհ, Ցող ջան, ջահել էի, քսանհինգ տարեկան, ո՞նց կթողնեի ձեռից… (Սիգարետ է վառում:)
ՑՈՂԻԿ Ինձնից լա՞վն էր…
ԲԱԳՐԱՏ Քեզնի՞ց… Քեզնից՝ չէ, քեզնից լավը չկա…
ՑՈՂԻԿ Ստում ես, ստում ես, աչքերիցդ տեսնում եմ… Բայց իմ դուրը գալիս է, ստիր: Տուր մի հատ ծխեմ, էլի, երբեք չեմ փորձել, տուր, խնդրում եմ…
ԲԱԳՐԱՏ Պետք չի, չես փորձել՝ մի էլ փորձի:
ՑՈՂԻԿ Մեր գյուղում ամեն երրորդը հաշիշ է ծխում, մամաս էլ, իրա սիրածն էլ, բայց ես՝ չէ, ես նույնիսկ սիգարետ չեմ ծխում: Տուր մի հատ փորձեմ, էլի:
ԲԱԳՐԱՏ Լավ, փորձիր: Առ:
ՑՈՂԻԿ — (ծխելով, հազալով): Թու, ոնց են մարդիկ ծխում, ինչո՞ւ…
ԲԱԳՐԱՏ Տուր, տուր, քեզ մի տանջի:
ՑՈՂԻԿ Չհագնվե՞նք, հանկարծ Աննան կգա…
ԲԱԳՐԱՏ Կարծում ես, թատրոնն այսքան շո՞ւտ կավարտվի:
ՑՈՂԻԿ Ինչ իմանամ, մեկ էլ տեսար՝ ավարտվեց:
ԲԱԳՐԱՏ Հագնվենք:
ՑՈՂԻԿ Էլ չե՞ս ուզում ինձ:
ԲԱԳՐԱՏ Չասացի՞ր՝ հագնվենք:
ՑՈՂԻԿ Ասացի: Բայց չես ուզո՞ւմ:
ԲԱԳՐԱՏ Չհագնվե՞նք:
Հագնվում են:
ՑՈՂԻԿ Գիտե՞ս, նա իմ մարմինն ավելի ագահորեն է համբուրում:
ԲԱԳՐԱՏ Քեզ դո՞ւր էր գալիս:
ՑՈՂԻԿ Ոչ միշտ… Տեղտեղ… Բայց հետաքրքիր էր: Նա էնպես էր ուզում, էնպես էր ուզում… ուղղակի դողում էր… Որդու կարոտն էլ կար դրա մեջ:
ԲԱԳՐԱՏ Ինչի՞ց եզրակացրիր:
ՑՈՂԻԿ Ինքն ասաց, ասաց, որ իմ մաշկը նման է որդու մաշկին, աչքերս էլ, դնչիս փոսիկն էլ… Բայց իմ դնչին փոսիկ կա՞…
ԲԱԳՐԱՏ Մի պստիկ կա: Նրա որդին…
ՑՈՂԻԿ Ի՞նչ:
ԲԱԳՐԱՏ Ոչինչ: Կարևոր չի:
ՑՈՂԻԿ Բագրատ, հիմնականում՝ հանուն քեզ գնացի այդ քայլին, սիրելիս, որ հաշտություն լինի ձեր մեջ:
ԲԱԳՐԱՏ — (գրկելով, համբուրելով): Խելոքս, բարիս… (Դռան զանգ:) Ժամանակին հագնվեցինք:
ՑՈՂԻԿ Գուցե ինքը չի՞, ինքը բանալի ունի:
ԲԱԳՐԱՏ Ունի, իհարկե, բայց Աննան նրբանկատ կին է: Բացիր, աղջիկս:
Ցողիկը բացում է դուռը:
ԱՆՆԱ — (մտնելով): Կներեք, բայց չդիմացա, ախմախ ներկայացում էր: Ո՞նց եք:
ԲԱԳՐԱՏ — (հայացքը հեռուստացույցին): Ոչինչ:
ՑՈՂԻԿ Լավ:
ԱՆՆԱ Աա՜, հեռուստացույց է նայում պարոնը: Փոխանակ կենսաբանություն պարապի խեղճ աղջկա հետ…
ԲԱԳՐԱՏ Պարապեցինք արդեն:
ՑՈՂԻԿ Պարապեցինք, այո…
ԲԱԳՐԱՏ Լա՞վ կինո էր:
ԱՆՆԱ Թատրոն:
ԲԱԳՐԱՏ Հա, թատրոն:
ԱՆՆԱ Անմարդկային են այսօրվա բեմադրությունները, միայն ձևին են զոռ տալիս, էֆեկտներին, ոչ մի իսկապես մարդկային զգացմունք, ապրում չկա: (Պայուսակից գինի հանելով:) Գինի եմ բերել:
ԲԱԳՐԱՏ Կեցցե մեր Աննան:
ՑՈՂԻԿ Ես գնամ, ուշ է, մինչև հասնեմ հանրակացարան… (Գնում է թիկնոցը հագնելու:)
ԲԱԳՐԱՏ Սպասիր, միմի բաժակ խմենք՝ հետո:
ԱՆՆԱ — (Բագրատին): Գուցե չգնա՞ խեղճը, ինչ է կորցրել հանրակացարանում, թող մնա, մեզ հետ կքնի… Մեղք է երեխան, ծնողի կարոտ ունի:
ԲԱԳՐԱՏ Մնա՞…
ԱՆՆԱ Այո: (Ցողիկին.) Մնա մեզ մոտ, աղջիկ ջան, մեկ էլ ո՞ւր գնաս այս ուշ ժամին:
ՑՈՂԻԿ Իսկապե՞ս… Հարմա՞ր է որ…
ԱՆՆԱ Հարմար է: Մենք քեզ սիրում ենք:
ԲԱԳՐԱՏ Այո:
ՑՈՂԻԿ Ես էլ ձեզ եմ սիրում: Ի՜նչ լավն եք…
ԱՆՆԱ Մի ասա՝ ինչ լավն եք, էլ չասես:
ՑՈՂԻԿ Բայց որ լավն եք…
ԱՆՆԱ — (ընդհատելով, ջղային): Խնդրեցի` չասես:
ՑՈՂԻԿ Լավ, չեմ ասի:
ԱՆՆԱ Ապրես: (Բագրատին.) Բացիր գինին, ո՞ւմ ես սպասում:
ՑՈՂԻԿ Իսկ ես գնամ, սուրճ եփեմ բոլորիս համար:
ԱՆՆԱ Եփիր, աղջիկս:
Ցողիկը գնում է սուրճ եփելու:
ԲԱԳՐԱՏ — (շիշը բացելով): Էն դժվար խցաններից է, դուրս չի գալիս…
ԱՆՆԱ Մի խցան էլ չես կարողանում հանել. դու ի՞նչ տղամարդ ես:
ԲԱԳՐԱՏ Չսկսես, հա՞, թող հալալ մի բաժակ գինի խմենք:
ԱՆՆԱ Հալալ էլ ո՞նց խմենք, խցանի փշուրները թափեցիր մեջը:
ԲԱԳՐԱՏ Կհավաքեմ, կհանեմ:
ՑՈՂԻԿ — (խոհանոցից): Սուրճը պատրաստ է:
ԱՆՆԱ Բեր, աղջիկ ջան: Հրաշալի երեկո է, գուցե գնանք պատշգա՞մբ:
ԲԱԳՐԱՏ Բա հեռուստացո՞ւյցը:
ԱՆՆԱ Անջատիր. երկուսով մի հեռուստացույց չարժե՞նք:
ԲԱԳՐԱՏ Արժեք, ո՞նց չարժեք…
ԱՆՆԱ — (ընդհատելով): Ստոպ, այդքանը բավարար է: Գնացինք:
Գինին և սուրճն առած՝ սենյակից դուրս են գալիս:
ՊԱՏԿԵՐ 4
Աննան և Բագրատը հեռուստացույց են նայում, արևածաղկի սերմ են չրթում:
ԲԱԳՐԱՏ Էս ֆիլմը նայել ենք ոնց որ:
ԱՆՆԱ Չենք նայել:
ԲԱԳՐԱՏ Սկլերոզը հոյակապ բան է, նույն ֆիլմը ամեն օր կարելի է նայել:
ԱՆՆԱ Այս ֆիլմը չենք նայել: Պրեմիերա է, ո՞նց ենք նայել:
ԲԱԳՐԱՏ Իսկապե՞ս… Ախր էնքան նման են իրար էս ֆիլմերը…
ԱՆՆԱ Երեկ քնից արթնացավ, քնաթաթախ՝ ասում է՝ մամա… Պատկերացնո՞ւմ ես:
ԲԱԳՐԱՏ Ո՞վ:
ԱՆՆԱ Ցողիկը: Խեղճ երեխա, ասում է՝ մամա, չծեծես ինձ, սիրի, հա՞, միայն սիրի:
ԲԱԳՐԱՏ Սիրո կարիք ունի աղջիկը:
ԱՆՆԱ Ո՞վ չունի սիրո կարիք:
ԲԱԳՐԱՏ Բայց նրանը մի տեսակ հիվանդագին է, հինգ րոպե չփաղաքշեցիր՝ թառամում է: (Կինոյի մասին:) Պրծավ, հաջորդ սերիան՝ վաղը: Ասա՝ լրիվ ցույց տվեք՝ պրծնենք, էլի: (Տեսնելով, որ Աննան անջատեց հեռուստացույցը:) Սպասիր, նորությունները նայենք:
ԱՆՆԱ Նույն՝ առավոտվա նորություններն են, նայել ես:
ԲԱԳՐԱՏ Գուցե ինչոր բան փոխվե՞լ է:
ԱՆՆԱ Ի՞նչ պիտի փոխվի: (Միացնելով հեռուստացույցը:) Ահա, նայի: Երեկ, քնաթաթախ, ասաց՝ մամա…
ԲԱԳՐԱՏ Ասել ես արդեն:
ԱՆՆԱ Սրան երևի պետք է վերջ դնել, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Բայց ինչո՞ւ, Աննա, սիրելիս, աղջիկը օգնում է քեզ, լվացք է անում, տունն է հավաքում, մերսում է… հրեն՝ տեսքդ թարմացել է, ոտքդ էլ չի ցավում…
ԱՆՆԱ Ցավում է:
ԲԱԳՐԱՏ Դե չէ, չի ցավում: Համեղ է եփում աղջիկը…
ԱՆՆԱ Համեղ չի:
ԲԱԳՐԱՏ Չէ, օրինակ, ձուկը լավ էր տապակել երեկ, ես հավանեցի:
ԱՆՆԱ Շատ վատ էր տապակել, բերանիդ համը կորցրել ես:
ԲԱԳՐԱՏ Նրա հետ լավ է, Աննա, խոստովանիր: Ինչ է, մենակությունն ավելի՞ լավ է:
ԱՆՆԱ Հետաքրքիր է, որ երկուսով ենք, բայց մենակությունից պիտի վախենանք, ինչի՞ց է:
ԲԱԳՐԱՏ Չգիտեմ: Էդքան մի խորացիր: Մի բան պարզ է՝ նա միօրինակությունից հանել է մեր առօրյան:
ԱՆՆԱ Բայց նա չի կարող հավետ լինել:
ԲԱԳՐԱՏ Որքան էլ լինի՝ լավ է. ոչինչ հավետ չի կարող լինել:
ԱՆՆԱ Վերջապես, մենք որդի ունենք, շուտով գալու է… Հա, այդպես մի նայիր, գալու է, նա հոգնել է դրսից, տուն է ուզում, ուզում է մեզ հետ ապրի…
ԲԱԳՐԱՏ Աննա, մենք որդի չունենք, սթափվիր վերջապես:
ԱՆՆԱ Ունենք, ունենք…
ԲԱԳՐԱՏ Չունենք: Մեր որդին արդեն չորս տարի է՝ չկա, նա անհետ կորել է օվկիանոսի այն կողմում:
ԱՆՆԱ Նա գրել է…
ԲԱԳՐԱՏ Չի գրել, նա արդեն չորս տարի է՝ չի գրում, նա չի կարող գրել այն պարզ պատճառով, որ չկա:
ԱՆՆԱ Գնայիր, փնտրեիր կորած որդուդ…
ԲԱԳՐԱՏ Ո՞ր փողերով… Գյումրին չի, Ամերիկա է: Վերջապես, նրան իսկի ամերիկյան ոստիկանությունը չկարողացավ գտնել, ես ո՞նց գտնեմ… Չկա որդիդ, համակերպվիր:
ԱՆՆԱ Ինչ դաժան ես, Բագրատ, ինչ դաժան ես…
ԲԱԳՐԱՏ Ես ճշմարտությունն ասացի, որն ինքդ էլ գիտես. ինչքա՞ն կարելի է ինքնախաբեությամբ ապրել:
ԱՆՆԱ Միշտ՝ եթե չլինեն քեզ պես դաժանները: Ատում եմ քեզ:
ԲԱԳՐԱՏ — (գրկելով): Ներիր, ներիր…
ԱՆՆԱ Ճամփիր նրան, Բագրատ, ես չեմ ուզում, որ նա ինձ մամա ասի գիշերներով, ես չեմ ուզում, որ նա իմ լվացքն անի, իմ ճաշը եփի, չեմ ուզում՝ ինձ մերսի, չեմ ուզում՝ քնի մեր անկողնում…
ԲԱԳՐԱՏ Դեռ երեկ՝ դեմ չէիր…
ԱՆՆԱ Այսպես շարունակվել չի կարող, ո՞նց չես հասկանում, մենք ընտելանում ենք, մենք վարժվում ենք իրար… ամեն հիվանդագին բան ձգող է, շուտով էլ չենք կարողանալու պոկվել այս կործանարար թնջուկից:
ԲԱԳՐԱՏ Թող այսօր էլ մնա, հետո մի բան կմտածենք:
ԱՆՆԱ Ինձ թվում է՝ եթե այսօր էլ մնաց՝ էլ երբեք չի գնա: Մեղք է աղջիկը, կկործանվի: Ճամփիր, թող գնա, գտնի իր կյանքը, Բագրատ, հենց այսօր:
ԲԱԳՐԱՏ Ի՞նչ է գտնելու նա այս գիշատիչների մեջ:
ԱՆՆԱ Պակաս գիշատիչն էլ դու չես:
ԲԱԳՐԱՏ Իսկ դու հրեշտակ ես երևի:
ԱՆՆԱ Ես էլ եմ գիշատիչ: Թող գնա, թող փախչի մեզնից, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Իսկ մե՞նք…
ԱՆՆԱ Մե՞նք… Մենք՝ ի՞նչ… Կապրենք՝ ոնց ապրել ենք…
ԲԱԳՐԱՏ Բայց ես չեմ կարող այդքան դաժան լինել… նա երջանիկ է, չե՞ս տեսնում, երբեք երջանիկ չի եղել, հիմա երջանիկ է:
ԱՆՆԱ Սուտ է, ինքն իրեն համոզում է: Չե՞ս նկատել, նա ծերանում է մեզ հետ, երբ առաջին անգամ եկավ՝ այսպե՞ս էր… Մաշկը թառամում է, կնճիռներ են հայտնվել, դեմքը գունատվել է, ճերմակ մազեր են հայտնվել… Չէ, Բագրատ, ասա` թող գնա:
ԲԱԳՐԱՏ Ես դժվարանում եմ… Ո՞նց ասեմ: Աննա, ախր, խեղճի ծննդյան օրն է այսօր, թող գոնե ծննդյան օրն անցնի… Տորթ եմ բերել, մոմեր, շամպայն…
ԱՆՆԱ Ախ, ոնց եմ հոգնել… Ոնց կուզեի հեռու լինել, տաք մի երկրում, ծովի ափին, նռնենիների պուրակ ունենալ…
ԲԱԳՐԱՏ Նարնջի այգի:
ԱՆՆԱ Միայն նռնենիներ: Պուրակի մեջտեղում՝ ճերմակ պատերով պստիկ տուն… Ու մենակ ապրել, ոչ ոքի չտեսնել, միայն ես ու նռնենիները…
ԲԱԳՐԱՏ Ես չկա՞մ քո երազանքում:
ԱՆՆԱ — (կոպիտ): Չկաս: (Կտրուկ փափկելով:) Մի նեղացիր, դո՛ւ չես այն միակը, ում հետ կուզեի ապրել, և թող սփոփանք լինի՝ այդ միակն առհասարակ չկա, չի լինում երբևէ, աղջկական ռոմանտիզմ է: Ես ու նռնենիները, ո՛չ մարդ, ո՛չ ժամացույց, ո՛չ օրացույց, ո՛չ հեռուստացույց… Զբոսնիր արևի տակ, պառկիր ծառերի ստվերում, իսկ նռերը հասել են, ճաքել, ժպտում են քեզ, օրերը մթնում են, լուսանում… դու ժամանակից անտեղյակ ես՝ ո՛չ ցանկություն ունես, ո՛չ ձգտում, ո՛չ երազանք, միայն անդորր, անդորր… (Դադար:) Ինչո՞ւ այսպես եղավ, Բագրատ, ամեն բան կարծես լավ սկսվեց…
ԲԱԳՐԱՏ Չգիտեմ: Եթե մտածեմ՝ գուցե իմանամ, բայց ես չեմ ուզում մտածել, չեմ ուզում իմանալ, ինչ կա՝ այս է:
ԱՆՆԱ Իսկ ես չեմ կարողանում չմտածել: Ես ուզում եմ իմանալ, օրինակ, թե ինչո՞ւ մենք այսքան վատը դարձանք… Դարձա՞նք, թե ի սկզբանե ենք վատը եղել…
ԲԱԳՐԱՏ Ես նարինջ շատ եմ սիրում, բայց՝ ուտել, նույնիսկ չեմ տեսել, թե ոնց են աճում, ես նարնջենիների պուրակ չեմ ուզում, ես ուրիշ ցանկություններ ունեմ, ես… Ես փող եմ ուզում…
ԱՆՆԱ Ի՜նչ բանալ ես, երևի բոլոր տղամարդիկ են այդպես:
ԲԱԳՐԱՏ Կար ժամանակ՝ ուրիշ երազանքներ էլ ունեի, երազել եմ երաժիշտ դառնալ…
ԱՆՆԱ Ռաբիս կլարնետահար:
ԲԱԳՐԱՏ Ոչ, դաշնակահար, չե՞ս նկատել՝ ինչ երկար, ճկուն մատներ ունեմ: Երազել եմ գիտնական դառնալ, նույնիսկ՝ ֆուտբոլիստ: Բայց դրանք անցան, մնաց էս մեկը: Տարիքի հետ փողն ավելի է պետք մարդուս, իսկ ես մարդ եմ, աստված չեմ: Այ դմբո ջան, ախր եթե ես փող ունենամ՝ քեզ համար նռնենիների պուրակ կգնեմ:
ԱՆՆԱ Չեմ ուզում քո նվիրած պուրակը… Հեռո՛ւ, հեռո՛ւ ինձնից…
ԲԱԳՐԱՏ Բա ո՞վ քեզ պուրակ կտա:
ԱՆՆԱ Ոչ ոք: Քո կեղտոտ փողերով մի խցկվի իմ սուրբ պուրակը:
ԲԱԳՐԱՏ Ես միայն ուզում եմ ասել…
ԱՆՆԱ — (ընդհատելով): Մի՛ ասա: Եթե դու մի անգամ էլ ասես՝ նռնենիների պուրակ, ես կզզվեմ իմ երազանքից, կզզվեմ նռերից, կփսխեմ… Արի ուրիշ բան խոսենք… Արի քո փողերից խոսենք. ինչքա՞ն փող կուզեիր ունենալ:
ԲԱԳՐԱՏ Դե, մի… Մի…
ԱՆՆԱ Չես էլ հաշվել, խեղճս:
ԲԱԳՐԱՏ Չէ, մոտավորապես հաշվել եմ՝ երեք միլիոնից ոչ պակաս, յոթից՝ ոչ ավել:
ԱՆՆԱ Ինչո՞ւ…
ԲԱԳՐԱՏ — Յոթից ավելին բեռ է, ոչ այնքան վայելում ես, որքան փողդ ճիշտ տեղավորելու մասին մտածում: Երեքից քիչն էլ՝ քիչ է… Չէ, էլի լավ է, վատ չի, բայց եթե երազանք է, թող կարգին լինի: (Դադար:) Պատկերացնո՞ւմ ես, մի կյանք ապրում ես, հետո անդարձ գնումկորչում, իսկ երազանքներդ այդպես էլ չեն կատարվում, մեկ առ մեկ չեն կատարվում, իսկ դու համառորեն նորերն ես կառուցում… Հետաքրքիր է՝ վերջին երազանքն ի՞նչ է լինելու…
ԱՆՆԱ Մի երազանք կա, որ քեզ համար մշտական է՝ ամեն օր նոր գեղեցկուհի սիրել. այդպես է, չէ՞, խոստովանիր…
ԲԱԳՐԱՏ Ամուսնուդ մասին սխալ կարծիք ունես…
ԱՆՆԱ Ես քեզ լավ գիտեմ, Բագրատ, դու դավաճան ես, պրոֆեսիոնալ դավաճան, դու միշտ դավաճանել ես ինձ:
ԲԱԳՐԱՏ Ոչ:
ԱՆՆԱ Այո: Ես դա միշտ իմացել եմ, բայց չեմ ասել ու չեմ էլ նեղանում, որովհետև դու՝ դու ես, քո բնույթն է այդպիսին, քեզ անկարելի է փոխել:
ԲԱԳՐԱՏ Պատահում է՝ փոխվում են մարդիկ:
ԱՆՆԱ Մարդուն փոխելը՝ նրան սպանելուն է հավասար: Լավ, տխուր բաներից չխոսենք: Ավելի լավ է, ասա, ի՞նչ նվեր ես պատրաստել աղջկա համար, հո ժլատություն չե՞ս արել:
ԲԱԳՐԱՏ Դեհ, որքանով հնարավորությունս ներել է…
ԱՆՆԱ Սիրո համար անհնարինն է պետք անել, տղամարդ, կամ էլ` երբեք չես սիրել:
ԲԱԳՐԱՏ Լավ դե, դու էլ… Թողնեն՝ կպնես… Կարգին նվեր է… Երկուսիս անունից կտանք…
ԱՆՆԱ Պետք չի, քո անունից տուր, ես մի բան կճարեմ նվիրելու: Դե բեր, սեղան գցենք, շուտով կգա հոբելյարը:
Սեղան են գցում, կենտրոնում տորթն է, Բագրատը վրան մոմեր է ամրացնում:
ԲԱԳՐԱՏ Ամենաթանկարժեք սպա՞սքը հանեցիր… Ոչ ոքի համար չես հանել երբևէ, որքան հիշում եմ:
ԱՆՆԱ Մի անգամ, որդուս ճանապարհելիս: Գերմանական ճենապակի է, ծնողներիս հիշատակն է: Իմ ծնողների տանն անճաշակ բան չկար, մեր տունը ամեն տեսակ անպետք իրերով լցոնված չէր, միայն՝ խիստ անհրաժեշտ, ճաշակով ու թանկարժեք իրեր: Հին ինտելիգենտների տուն էր:
ԲԱԳՐԱՏ Դու հոգուդ խորքում սիրում ես Ցողիկին, գիտեմ:
ԱՆՆԱ Ցողիկի՞ն… Ե՞ս… (Կեղծ ծիծաղում է, ապա կտրուկ լրջանում:) Գուցե սիրում եմ: Գիտե՞ս, շատ հնարավոր է, որ քեզնից շատ եմ սիրում: Այսինքն, դու իսկի չես էլ սիրում, դու քեզ ես սիրում միայն, քեզ ես փնտրում:
ԲԱԳՐԱՏ Չեմ ուզում վիճել, թեև վիճելի բաներ ես ասում: Աննա, գուցե այնուամենայնիվ չշտապե՞նք…
ԱՆՆԱ Ոչ, Բագրատ, պիտի շտապենք… Ո՞նց չես հասկանում… Այսինքն, լավ էլ հասկանում ես, բայց խաղալիքից հրաժարվել չես ուզում:
ԲԱԳՐԱՏ Մոմերը հաշվիր, էլի, չսխալվեմ:
ԱՆՆԱ — (հաշվելով): Քսան:
ԲԱԳՐԱՏ Ճիշտ է: (Նայելով ժամացույցին:) Դեհ… (Միացնելով հեռուստացույցը:) Զբաղվենք, մինչև կգա:
ԱՆՆԱ — (ամուսնուն երկար նայելուց հետո): Ծերանում ես, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Գուցե, գուցե… Իսկ այ դու…
ԱՆՆԱ — (ընդհատելով): Մի շողոքորթիր, զզվում եմ: Չե՞ս զգում, երբ կանանց հետ ես խոսում, ով էլ լինի, կտրուկ փոխվում ես, մուրաբայի պես ծորուն ես դառնում, դեմքդ սրվում է, սղլիկանում, ոնց որ՝ հավ տեսած աղվես:
ԲԱԳՐԱՏ Հնարում ես:
ԱՆՆԱ Մի անգամ կնկարեմ, ցույց կտամ: Անջատիր հեռուստացույցը:
ԲԱԳՐԱՏ Անջատե՞մ… Ինչո՞ւ…
ԱՆՆԱ Որովհետև զզվում եմ, զզվում եմ հեռուստացույցից, ռադիոյից, հեռախոսից, շաշկիից…
ԲԱԳՐԱՏ Երբվանի՞ց:
ԱՆՆԱ Միշտ:
ԲԱԳՐԱՏ — (անջատելով հեռուստացույցը): Ըհը, միայն թե մի կատաղի: (Խռոված կծկվում է:)
ԱՆՆԱ — (երկար նայելով ամուսնուն, միացնում է հեռուստացույցը): Նայիր, ահա: (Համբուրում է:) Նայիր, սիրելիս: Կներես, հա՞:
ԲԱԳՐԱՏ Աննա, արի խոստովանիր, սիրում ես ինձ, չէ՞:
ԱՆՆԱ Սիրո՞ւմ…
ԲԱԳՐԱՏ Այո: Ես, օրինակ, սիրում եմ քեզ:
ԱՆՆԱ Լավ, էլի…
ԲԱԳՐԱՏ Բայց քեզ հարց տվեցի:
ԱՆՆԱ Չգիտեմ, ոնց ասեմ: Սիրում եմ… գուցե… Բայց՝ ատելու պես:
ԲԱԳՐԱՏ Դե արի՝ գլուխ հանի այս կնոջից:
ԱՆՆԱ Իսկ դու մի հանի: Դու ավելի լավ է մտածիր, թե ինչ եղավ Ցողիկդ, ո՞ւր կորավ քաղցրիկդ:
ԲԱԳՐԱՏ Իսկապես որ… Շատ է ուշանում:
ԱՆՆԱ Խանդեցիր, ո՜նց խանդեցիր… Հիմա մտքումդ սև պատկերներ հայտնվեցին՝ Ցողիկն ուրիշ տղամարդու հետ է, զբոսնում է, կամ ավելի վատ՝ արդեն անկողին է մտնում…
ԲԱԳՐԱՏ Աննա՛…
ԱՆՆԱ Տնքում է արդեն, հառաչում՝ «Ախ, կամաց, իմ ծիծիկը նուրբ է, կցավացնես, զգույշ սիրիր, հա՞… ախ, ուխ, օհ…»:
ԲԱԳՐԱՏ Վերջ տուր, Աննա: (Դռան զանգ:) Ահա, եկավ մեր աղջիկը:
ԱՆՆԱ Սպասիր, ես կբացեմ, իսկ դու երգիր՝ «Քո ծնունդն է այսօր…»: (Բացում է դուռը, Բագրատը սկսում է երգել:) Հարևանն էր:
ԲԱԳՐԱՏ Ի՞նչ էր ուզածը:
ԱՆՆԱ Հեչ, շքամուտքում ինչոր բան են նորոգում, ասաց՝ կարող է լույսը մի քանի րոպեով անջատենք:
ԲԱԳՐԱՏ Կիրթ են դարձել: Չէ, այս աշխարհում այնուամենայնիվ ինչոր բան փոխվում է:
ԱՆՆԱ Քեզ մի խաբիր:
ԲԱԳՐԱՏ Լավ, էլի, թող ապրենք, էլի:
Դռան զանգ:
ԱՆՆԱ Ահա: Երգիր:
ԲԱԳՐԱՏ Չեմ երգի:
ԱՆՆԱ Հարևանը չի, Ցողիկն է, ես ճանաչում եմ նրա զանգը, երգիր:
Աննան բացում է դուռը, ներս է գալիս Ցողիկը, Բագրատը երգում է:
ԲԱԳՐԱՏ — (երգն ավարտելով): Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ աղջիկ. (Տետր է նվիրում և գրիչ, համբուրում է:)
ԱՆՆԱ Շնորհավոր ծնունդդ: (Համբուրում է:)
ՑՈՂԻԿ Վայ, չեք մոռացե՞լ… Ո՜նց եմ սիրում ձեզ, ո՜նց եմ սիրում… Գիտե՞ք, ոչ ոք չի հիշում իմ ծննդյան օրերը: Ի՜նչ լավն եք: Ի՜նչ լավ տետր է, բա գրիչը…
ԱՆՆԱ Ես հիմա… (Դուրս է գալիս:)
ՑՈՂԻԿ Էս տորթն իմ առիթո՞վ է…
ԲԱԳՐԱՏ Իհարկե: Ուղիղ քսան մոմ: (Կամաց:) Արի գիրկս, շուտ, կարոտել եմ: (Գրկախառնվում են, համբուրվում:) Ինչո՞ւ ուշացար: Չլինի՞ ուրիշն է հայտնվել քո սրտում, անխիղճ աղջիկ:
ՑՈՂԻԿ Չէ, չէ, իմ սրտում միայն դու ես…
Աննան գալիս է, բայց մնում է ետին պլանում, աննկատ:
ԲԱԳՐԱՏ Ճիշտն ասա… Հո չե՞մ խանդելու… Իմ տարիքում՝ նույնիսկ ծիծաղելի է:
ՑՈՂԻԿ Տարիքը կապ չունի, պարոն Բագրատ, լավ էլ խանդում ես, ահա, աչքերդ լրիվ մատնում են քեզ:
ԲԱԳՐԱՏ Թեկուզ… Եթե խանդեմ էլ՝ կդիմանամ: Հանուն քո երջանկության՝ ես ամեն ինչի կդիմանամ. գիտես, չէ՞, որ քո երջանկությունից կարևոր բան չկա ինձ համար…
ՑՈՂԻԿ Էհե… Կարծես թե ուզում եք ազատվել ինձանից…
ԲԱԳՐԱՏ Չէ, չէ, սխալ ես մեկնաբանում, ես միայն ուզում եմ, որ դու երջանիկ լինես, ապահովված, երեխա ունենաս վերջապես…
ՑՈՂԻԿ Ես երեխա չեմ ուզում, ինձ երեխա պետք չի: Ես երջանիկ եմ:
ԲԱԳՐԱՏ Բայց աչքերդ տխուր են:
ՑՈՂԻԿ Տխուր երջանիկներ չե՞ն լինում:
Աննան առաջ է գալիս:
ԱՆՆԱ Ահա և իմ նվերը… Մոտ բեր սիրուն վզիկդ, աղջիկս: (Կախելով:) Այս մանյակը… Լավ, չպատմեմ, երկար պատմություն է, միայն իմացիր, որ շատ հայտնի արծաթագործի աշխատանք է. քոնն է, շնորհավոր, երջանիկ լինես, թեկուզ տխուր՝ բայց երջանիկ: Ո՜նց սազեց… Միայն թարմ մաշկին է սազում, վարպետն ասաց: Հայելուն նայիր…
ԲԱԳՐԱՏ Ի՞նչ ապարանջան է, չեմ տեսել երբեք…
ՑՈՂԻԿ — (հայելուն նայելով): Վախ… Շնորհակալ եմ: Բայց երևի շատ թանկ զարդ է… Ախր ո՞նց վերցնեմ…
ԱՆՆԱ Արդեն վերցրել ես, վերջ, էլ չխոսենք այդ մասին: Եկեք սեղանի մոտ:
ԲԱԳՐԱՏ Բայց ի՞նչ մանյակ է, երբեք չէի տեսել…
ԱՆՆԱ Չէիր տեսել՝ տես: Շամպայնը բացիր, Բագրատ, մի տագնապիր:
ԲԱԳՐԱՏ Շամպայնը, իհարկե… Հիմա… Չեմ տագնապում, ինչի՞ պիտի տագնապեմ… Տարօրինակ է այս կինը…
Աննան վառում է մոմերը, Բագրատը բացում է շամպայնը:
ԱՆՆԱ Դե, Ցողիկ ջան, փչի՛ր:
Ցողիկը փչում է, հանգցնում մոմերը, միևնույն ժամանակ հանգում են լույսերը:
ԲԱԳՐԱՏ Էս ինչ փչել փչեցիր, աղջիկ ջան:
ՑՈՂԻԿ Վայ… Ես արեցի՞…
ԱՆՆԱ Չէ, չէ: Ի՞նչ ես վախեցնում երեխային: Հարևաններն են, գործ են անում շքամուտքում, քիչ հետո կմիացնեն:
Բագրատը տորթի մոմերից երկուսը վառում է:
ԱՆՆԱ Իզուր վառեցիր:
ԲԱԳՐԱՏ Դե… Իրար չտեսնե՞նք, շամպայնը չտեսնե՞նք: Ինչո՞ւ այդպես վախեցար, Աննա:
ԱՆՆԱ Հանգած մոմերը նորից վառելը վատ նշան է:
ԲԱԳՐԱՏ Սնոտիապաշտությունը քեզ սազական չի: Խմենք, վերցրեք բաժակները:
ԱՆՆԱ Կենացդ, սիրունս: (Խմում են: Միացնելով մարտկոցով աշխատող ձայնարկիչը:) Պարում ենք: Պարեր՝ տոնական մոմերի լույսի ներքո… (Պարում է՝ հրավիրելով մյուսներին:)
ՑՈՂԻԿ Ի՜նչ ռոմանտիկ է… Ո՜նց եմ սիրում ձեզ, մամ…
ԱՆՆԱ — (կոպիտ): Ինձ մամա չասես:
ՑՈՂԻԿ Ի՞նչ եղավ ձեզ… Կներեք, հա՞… Ես պատահաբար… (Լալիս է:)
ԱՆՆԱ Լավ, ոչինչ… Անսպասելի էր պարզապես: Դե մի նեղացիր, քաղցրիկս, աչքերը լցվեցին խեղճի… Արի գրկեմ, արի, անուշս, դե՞… (Գրկում է:) Կներես, կներես… (Լույսը վառվում է:) Ահա, լույսն էլ տվին… Փչիր մոմերը:
Ցողիկը փչում, հանգցնում է մոմերը:
ԲԱԳՐԱՏ Եկեք խմենք, Ցողի՛կ, Աննա՛: (Լցնում է բաժակները:)
ԱՆՆԱ Մեկ անգամ էլ շնորհավոր ծնունդդ, Ցողիկ:
ԲԱԳՐԱՏ Այո… մեկ անգամ էլ… Ամբողջ երեկո՝ միայն քո կենացը…
Խմում են:
ՑՈՂԻԿ Վա՜յ… Հարբեցի… Ես շուտ եմ հարբում:
ԲԱԳՐԱՏ Այսօր կարելի է:
ԱՆՆԱ Թշիկները ոնց շառագունեցին… (Բագրատին.) Համբուրիր աղջկան, դե՞, ինչ ես կարկամել… Թե չէ ես կհամբուրեմ: (Գրկում է Ցողիկին, համբուրվում են:) Սիրո կենացը… Լցրու բաժակները, ամուսինս:
ԲԱԳՐԱՏ — (լցնելով): Այո, խմենք սիրո համար, միշտ պատրաստ եմ՝ խմել սիրո համար:
ԱՆՆԱ Այս կենացի առիթով ուզում եմ խոստովանություն անել ամուսնուս:
ԲԱԳՐԱՏ Սիրո՞…
ԱՆՆԱ Համարյա: Ուզում եմ ասել՝ հանգիստ եղիր, սիրելիս, ես քեզ երբեք չեմ դավաճանել, այսքանը… Ոչինչ մի ասա, խնդրում եմ, խմենք:
Բագրատի դեմքը բավարարությունից փայլում է: Խմում են:
ՑՈՂԻԿ Վայ, վայ, վայ…
ԱՆՆԱ Ի՞նչ եղավ:
ՑՈՂԻԿ Չիշիկ ունեմ:
ԱՆՆԱ Վազիր, վազիր, տակդ չանես:
ՑՈՂԻԿ Առանց ինձ չխմեք: (Դուրս է գալիս:)
ԲԱԳՐԱՏ Աննա, այսօր չասենք նրան, հա՞, խնդրում եմ… Այնքան երջանիկ է խեղճը, այնքան զվարթ… Պատկերացնո՞ւմ ես, ասենք՝ գնա, էլ չգաս, մեզ հետ էլ գործ չունես… Սիրուն չի մի տեսակ, չէ՞…
ԱՆՆԱ Սիրուն չի:
ԲԱԳՐԱՏ Չասենք, չէ՞:
ԱՆՆԱ Չէ, չասենք, սիրելիս: Իմաստ չունի:
ԲԱԳՐԱՏ Իմաստ չունի՞…
ԱՆՆԱ Չունի, չասես, առհասարակ չասես:
ԲԱԳՐԱՏ Չեմ հասկանում… Դո՞ւ կասես…
ԱՆՆԱ Ես էլ չեմ ասի:
ԲԱԳՐԱՏ — (համբուրելով): Ի՜նչ լավն ես: Բայց դեմքդ փոխվեց մի տեսակ… Հո վատ չե՞ս…
ԱՆՆԱ Չէ: Գնա… Գնա, տես, ինչ եղավ երեխան, հարբել է:
ԲԱԳՐԱՏ Ի՞նչ պիտի լինի… Լսիր, դու նրան իսկապե՞ս սիրում ես:
ԱՆՆԱ Սիրում եմ, ես բոլորին էլ սիրում եմ, ամբողջ աշխարհին… Ես պայթում եմ սիրուց… Գնա՛, Բագրատ:
ԲԱԳՐԱՏ Գնամ… Իսկ դու սուրճ եփիր, հա՞, սիրտս սուրճ ուզեց, քո եփածը::
ԱՆՆԱ Կեփեմ, գնա: (Բագրատը դուրս է գալիս: Աննան սուրճ է դնում գազօջախին: Ինքն իրեն:) Մեղք է Ցողիկը… Մեղք է Բագրատը… Ես էլ՝ երևի…
Գալիս են Ցողիկն ու Բագրատը:
ԲԱԳՐԱՏ Խեղճը հետ տվեց:
ԱՆՆԱ Ինչ վհատ տեսք ունի երեխան: Սիրիր նրան, շոյիր, մեջքը շփիր… Ես հիմա սոդայաջուր կսարքեմ, բալես: (Մոտենում է պահարանին, սոդայաջուր սարքում:)
ՑՈՂԻԿ Գլուխս պտտվում է:
ԲԱԳՐԱՏ — (ձեռնափով մաքրելով Ցողիկի բերանը): Ի՜նչ անպաշտպան դարձավ բերանդ հետ տալուց հետո:
ՑՈՂԻԿ Դու իսկապե՞ս սիրում ես ինձ:
ԲԱԳՐԱՏ Իսկապես:
ՑՈՂԻԿ Նա է՞լ:
ԲԱԳՐԱՏ Նա էլ:
ԱՆՆԱ — (բերելով ջուրը): Խմիր, գոլ է, կհանգստացնի ստամոքսդ:
ՑՈՂԻԿ — (խմում է, բխկացնում): Վայ, կներեք…
ԲԱԳՐԱՏ Ոչինչ, սոդան է:
ՑՈՂԻԿ Թեթևացա կարծես: Շնորհակալ եմ… տիկին Աննա:
ԱՆՆԱ Ուզում էիր ասել՝ մա՞մ…
ՑՈՂԻԿ Չգիտեմ…
ԱՆՆԱ Ասա, մի վախենա, դստրիկս:
ՑՈՂԻԿ Կարելի՞ է:
ԱՆՆԱ Այսուհետև կարելի է:
ԲԱԳՐԱՏ Սուրճը թափեց, Աննա:
Սուրճը ֆշշալով թափվում է: Սակայն Աննան չի շտապում անջատել գազը: Գազը, որի կրակը մարել է, ֆսսալով դուրս է գալիս, Աննան կարծես հմայված՝ լսում է ուժգնացող ֆսսոցը:
ԲԱԳՐԱՏ Կթունավորվենք, Աննա, անջատիր:
ԱՆՆԱ — (սթափվելով, անջատելով գազը): Թափվեց սուրճը: Ոչինչ, նորը կեփեմ, սիրելիս:
ԲԱԳՐԱՏ Չեմ ուզում: Չէ, իսկապես չեմ ուզում, փոշմանեցի, արի շամպայն խմենք: (Վերցնելով բաժակը:) Էս էլ իմ ու քո կենացը:
ՑՈՂԻԿ Համբույր, համբույր…
Աննան և Բագրատը համբուրվում են:
ԲԱԳՐԱՏ — Ըհը, դե խմեցինք: (Ցողիկին.) Իսկ դու չխմես:
ՑՈՂԻԿ Ուզում եմ խմել… Մամ, ասա նրան…
ԱՆՆԱ Թող խմի աղջիկը, եթե ուզում է:
ԲԱԳՐԱՏ Նա վատ է զգում իրեն:
ԱՆՆԱ Ոչինչ, թող խմի: Վաղը լավ է զգալու, վաղը բոլորս էլ լավ ենք զգալու մեզ:
ԲԱԳՐԱՏ Հա՞…
ԱՆՆԱ Հա:
ՑՈՂԻԿ Ձեր կենացը: (Համբուրում է նրանց:)
Խմում են:
ԲԱԳՐԱՏ Տես, հա, նորից սիրտդ չխառնի:
ՑՈՂԻԿ Չէ, լավ եմ, չվախեք…
ԱՆՆԱ Մենք նրան կգրկենք, կտաքացնենք, կգուրգուրենք…
ՑՈՂԻԿ Վախ, ինչ լավ ա…
ԲԱԳՐԱՏ Ուրեմն, անկողին բացենք:
ԱՆՆԱ Բացենք:
ԲԱԳՐԱՏ Ես կբացեմ…
ԱՆՆԱ — Բացիր:
Բագրատը անկողինն է բացում:
ԲԱԳՐԱՏ Ահա, պատրաստ է:
ԱՆՆԱ Մենք էլ պատրաստ ենք:
ԲԱԳՐԱՏ Դե համեցեք:
ՑՈՂԻԿ — (պայուսակից հանում է մեկ նուռ և մեկ նարինջ: Նուռը տալիս է Աննային, նարինջը՝ Բագրատին): Ահա, սա՝ քեզ, սա՝ քեզ, յուրաքանչյուրին՝ ըստ նախասիրությունների:
ԲԱԳՐԱՏ — Չարաճճի, չարաճճի…
ԱՆՆԱ Ճաքած է, նայեք, հատիկները ոնց են ժպտում…
ԲԱԳՐԱՏ Հրաշալի նուռ է… Իմ նարինջն էլ լավն է:
Բագրատն անջատում է լույսը, թողնելով սեղանի լամպի թույլ լույսը միայն: Պառկում են, Ցողիկը՝ ամուսինների մեջտեղում:
ՑՈՂԻԿ Վայ, ինչ սառն եք…
ԲԱԳՐԱՏ — (Աննային, որ դուրս է գալիս անկողնուց): Ո՞ւր…
ԱՆՆԱ Դու մոռանում ես, որ ես էլ կարող եմ չիշիկ ունենալ:
ՑՈՂԻԿ — (քրքջալով): Նա չիշիկ ունի…
ԱՆՆԱ Մի ուրախացեք, ձեզ երկար երկուսով չեմ թողնի: Բագրատ…
ԲԱԳՐԱՏ Լսում եմ, սիրելիս:
ԱՆՆԱ Դու չկարծես… Ես քեզ սիրում եմ, այո: Հաճախ չարություն է իջնում վրաս, բայց սիրում եմ: Գիտե՞ք, բոլորն էլ կարող են իրար միշտ սիրել, բոլորը… Բայց չի ստացվում… Խանգարող հանգամանքները շատ են, անսպառ: Բայց հիմա սիրում եմ ու շատ բարի եմ: Իսկ երբ ես բարի եմ՝ անպայման մի բարի բան եմ անում:
ԲԱԳՐԱՏ Հա՞… Դե գնա, որ շուտ գաս, ճստո ջան:
ՑՈՂԻԿ — (քրքջալով): Ճստո: Գնա, որ շուտ գաս, ճստո:
Աննան գալիս է գազօջախի մոտ, վարանում մի պահ, ապա վստահորեն պտտում բոլոր ծորակները: Գազը ֆսսալով դուրս է հորդում: Աննան գնում է անկողնու մոտ:
ԲԱԳՐԱՏ — (անկողին մտնող Աննային): Իսկապես որ, շուտ եկար:
ԱՆՆԱ Ասացի, չէ՞:
ՑՈՂԻԿ Սառեցին ոտքերդ, մամ, բեր տաքացնեմ:
ԲԱԳՐԱՏ Ինձ էլ մի մոռացիր, աղջիկս:
ՑՈՂԻԿ Վա՜յ… Խուտուտ է գալիս… Էս ո՞վ է խուտուտ տալիս, խոստովանեք…
Լսում ենք Ցողիկի քրքիջը, նրա հետ՝ գազի ֆսսոցը: Ցողիկի քրքիջն աստիճանաբար մարում է, մնում է գազի ուժգնացող ֆշշոցը: