Լիլիթ ԳԱԲՅԱՆ/«ԿԱՆԱՑԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Լիլիթ ԳԱԲՅԱՆԻ «ԿԱՆԱՑԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում

Կյանքում լինում են պահեր, որոնք թեև առանձնահատուկ ոչ մի բանով չեն տարբերվում մյուսներից, բայց մնում են հիշողության մեջ յուրօրինակ զգացմունքային հետքով և կրկին ու կրկին հիշվում տարբեր առիթներով՝ ի տարբերություն շատ ուրիշ պահերի, որոնք և՛ բովանդակությամբ, և՛ կարևորությամբ թերևս ավելի հզոր են եղել:

Այդպիսի մի պահ հիշում եմ ամեն անգամ, երբ առանձնահատուկ երջանիկ եմ զգում ինձ կամ երբ երջանկության կարոտ եմ զգում…

Երևանյան ամառային առավոտ էր… Ես երևի տասնյոթ կամ տասնութ տարեկան կլինեի, հենց նոր էի արթնացել քնից ու ծուլորեն վայելում էի տաք ու չոր սավաններիցս բուրող մաքրության հոտն ու արևի չարաճճի շողը՝ ճակատիս ու պարանոցիս: Անհոգ ու հագեցած ընդարմությամբ լսում էի՝ ինչպես էր մայրիկս խոհանոցում նախաճաշ պատրաստում, և փորձում էի կռահել, թե ինչ էր պատրաստում… Հալած կարագի մեջ տապակվող վանիլով կաթնային բլիթների հոտը և թարմ թեյի բուրմունքն անդիմադրելիորեն գրավիչ էին ու լավատեսորեն խոստումնալից…

Ի՜նչ անզուգական պահ էր, և ի՜նչ անկրկնելի զգացում…

Այ, հենց այդ պահը իմ բազմերանգ հրաշալի հիշողությունների գունաբույլի մեջ ես նույնացնում եմ անարատ երանության գույնի հետ… Ու թեև իմ այս փոքրիկ էքսպրոմտ-փորձը շատ ավելի մեծ կյանքի փորձ ունեցող կնոջ ստեղծագործություն է, քան ես էի այն երջանիկ ամառային առավոտյան, սակայն ոգեշնչվել եմ հենց այն առավոտվա կամ գուցե քիչ ավելի վառ զգացմունքային երանգով… Եվ անչափ շնորհակալ եմ Աստծուն կամ նախախնամությանը, կամ գուցե իմ բնածին հետաքրքրասիրությանը և անխոհեմությանը, որ իմ զգացմունքային հիշողությունների գունաբույլը տիեզերքի պես անսահման է:

Լիլիթ ԳԱԲՅԱՆ

ԿԱՆԱՑԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կատակերգություն երկու գործողությամբ 

Գործող անձինք

ՏԻԳՐԱՆԱ — կամային և հաջողակ գործարար կին, մի քանի անգամ ամուսնացած, ճամփորդել է, հարուստ է և խելացի, ինքնուրույն է, գիտի՝ ինչ է ուզում և միշտ հասնում է ուզածին

ՎԵՐՈՆԻԿ — կանացի է, անչափ խանդոտ ու գերհոգատար ամուսնու նկատմամբ, այնքան է վախենում մենակությունից, որ գերադասում է չնկատել ամուսնու թերությունները, չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել

ԼՈԼԻՏԱ — արկածախնդիր է, սեքսուալ, լավատես, երբեք չի ընկճվում, թույլ չի տա վիրավորել իրեն և իր սիրելիներին, ինքնուրույն է, շատ զգացմունքային, չի հոգնում իր կյանքի տղամարդուն որոնելուց և դժվար է հիասթափվում

ՎԱՆԴԱ — արտաքուստ հանգիստ բնավորությամբ, բայց՝ թաքնված կրքերով, ունի մշտապես չբացահայտված գաղտնիքներ, դպրոցական տարիներից սիրում է մի տդամարդու և հանուն այդ սիրո պատրաստ է մինչև կյանքի վերջը պահպանել կուսությունը: Խելացի է, տաղանդաշատ, սակայն անչափ համեստ ու զգուշավոր

ՍԱԹԵՆ — շատ գեղեցիկ է, մեծահարուստի կին, ջերմոցային պայմաններում մեծացած և նույնանման պայմաններում ապրող, կրթված է, զգացմունքային, խելացի, բայց գրեթե զուրկ անհատականությունից, ինչը բացահայտվում է միայն կանանց հետ շփման ընթացքում

Գեղեցիկ կահավորված բնակարանի կենտրոնում՝ մեծ սեղանին, ընթրիքի սպասք է դրված, մոմեր: Նախաբեմում՝ բազկաթոռներ, անկյունում՝ բուխարի: Մտնում է Տիգրանան երեկոյան զգեստով, հեռախոսով խոսելով՝ նստում է բազկաթոռին:

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

ՏԻԳՐԱՆԱ – Ինչպե՞ս թե՝ չես կարող գալ… Ես ձեզ հատուկ նպատակով եմ հրավիրել: Այո՛, այո՛, շատ կարևոր նորություն պիտի հայտնեմ և ուզում եմ, որ բոլորդ այստեղ լինեք: Ինչպե՞ս թե՝ «ովքեր՝ բոլորդ»… Դու, Վանդան ու Լոլիտան… Ա՛յ, հենց դրա համար էլ կգաս… Վերոնի՛կ, ոչ մի պատճառաբանություն չեմ ընդունի… էլ չսկսես… Ի՞նչ է պատահել… Ինչո՞ւ ես այդպիսի ատելությամբ խոսում Լոլայի մասին: Ուրեմն անպայման պիտի գաս, տեսնեմ՝ ինչ կատու է անցել ձեր միջև… (Դռան զանգ:) Հրեն, հաստատ Վանդան է, ճշտապահը նա է: Լավ, դուռը բացեմ, իսկ դու հենց հիմա փետուրներդ թափ տուր ու արի: Տանը զգուշացրու, որ ինձ մոտ ես մնալու:

Մտնում է Լոլիտան՝ վախեցած տեսքով ու մեծ պայուսակով, համբուրում է Տիգրանային:

ԼՈԼԻՏԱ — Բարև, կարո՞ղ եմ օգտվել քո շքեղ լոգարանից: Երկու օր է՝ տաք ջուր չունեմ: 

ՏԻԳՐԱՆԱ — Իհարկե, շտապիր, քանի աղջիկները չեն եկել:

ԼՈԼԻՏԱ — Վերոնիկն է՞լ է գալու: 

ՏԻԳՐԱՆԱ — Անպայման, բայց գոնե դու պատմիր, թե ինչ է կատարվել ձեր միջև:

ԼՈԼԻՏԱ — Ոչինչ, բացարձակապես ոչինչ… 

ՏԻԳՐԱՆԱ — Չեմ հավատում:

ԼՈԼԻՏԱ — Իսկ քեզ ի՞նչ է պատահել… Կարծեմ ինչ-որ բան էիր ուզում հայտնել մեզ:

ՏԻԳՐԱՆԱ – Սպասիր՝ մինչև բոլորը գան: 

ԼՈԼԻՏԱ – Տի՛գրա, ես… կարո՞ղ եմ մի քանի օր տանդ մնալ:

ՏԻԳՐԱՆԱ — Քեզ ի՞նչ է պատահել… Կարող ես մնալ մինչև ուրբաթ: Ուրբաթ երեկոյան մեկնում եմ քաղաքից:

ԼՈԼԻՏԱ — Իսկ եթե առանց քեզ տանդ մնամ մինչև երկուշաբթի՞… Խոստանում եմ, քիթս տնից դուրս չեմ հանի, դուռը ոչ մեկի առաջ չեմ բացի, գիրք կկարդամ ու կքնեմ: Քո շորերը չեմ հագնի, գինիներդ չեմ խմի, տունդ տղա չեմ բերի:

ՏԻԳՐԱՆԱ — Եթե երդվես… Իսկ ի՞նչ է պատահել, ինչի՞ց ես այդքան վախեցած:

ԼՈԼԻՏԱ — Գիտեի, որ չես մերժի, հարազատս: Դու ճիշտ ես, ես վախեցած եմ… Քիչ է մնում՝ խելագարվեմ վախից… Իսկ դա հեչ լավ չէ իմ վիճակում…

ՏԻԳՐԱՆԱ – Ի՞նչ վիճակում…

ԼՈԼԻՏԱ – Վիճա՞կ, ի՞նչ վիճակ… Հա՜… Ինձ հետևում են:

ՏԻԳՐԱՆԱ – Ինչպե՞ս թե… ո՞վ է քեզ հետևում: Ո՞ւմ է պետք քեզ հետևելը…

ԼՈԼԻՏԱ — Ճիշտ ես ասում, ո՞ւմ կարող եմ պետք լինել:

ՏԻԳՐԱՆԱ — Օ՜հ, ես ուրիշ բան ասացի և դու շատ լավ էլ հասկացար ինձ… Իհարկե, դու պետք ես… շատերին:

ԼՈԼԻՏԱ – Ի՜նչ նրբանկատն ես: Չես կարող, չէ՞, երեսիս չշպրտել իմ, կարելի է ասել, փոքրիկ թուլությունները:

ՏԻԳՐԱՆԱ — Օ՜ֆ, էլի սխալ եզրակացություն ես անում, ուզում էի ասել՝ ի՞նչ ունես, որ կարող է ինչ-որ մեկի աչքին փուշ լինել:

ԼՈԼԻՏԱ – Գիտե՞ս ինչ, սիրելիս, արդեն չափն անցար: Գուցե շատ փող ու նախկին ամուսիններ ունես, բայց այն, ինչը դեռ ունեմ, շատ-շատերը ոչ ունեցել են, ոչ էլ նույնիսկ հարյուր վիրահատության միջոցով երբևէ կունենան. իմ մարմինը, իմ մաշկը, իմ մազերը, իմ կանացիությունը դեռ շատ երկար ու շատերի անկատար երազանքը կլինեն:

ՏԻԳՐԱՆԱ – Լա՛վ, վերջապես ինչի՞ց ես այդքան վախեցած:

ԼՈԼԻՏԱ — Չեմ հասկանում, թե ում շվաքն եմ տրորել վերջերս: Երեք տարի է՝ ոչ մի կարգին սիրեկան էլ չունեմ: Ազնիվ խոսք: Ոչ մի լուրջ մշտական ընկեր: Թռի-վռի ջահելները հաշիվ չեն: Երկու շաբաթ առաջ նկատեցի, որ փողոցում մի մեծ սև մեքենա է գալիս ետևիցս: Սկզբում մտածեցի՝ պատահականություն է: Հետո մտածեցի, որ գուցե վախի նոպա է նյարդային համակարգի բեռնվածության փոփոխության արդյունքում:

ՏԻԳՐԱՆԱ — Դա որտեղի՞ց հնարեցիր… Լոլա՞, ի՞նչ է քեզ հետ կատարվում… Դեռ երբեք այդքան խելոք բառ միանգամից չէի լսել քեզնից:

ԼՈԼԻՏԱ  — Այ, այ, հենց դա էլ կատարվում է… Հանրագիտարանում եմ կարդացել: Ենթադրում եմ, որ իմ ներկա վիճակից է… Բայց մի՞թե դրանից մարդու աչքին կարող են բաներ երևալ:

ՏԻԳՐԱՆԱ — Նորից… Ի՞նչ վիճակից… Ինչո՞ւ պիտի աչքիդ բաներ երևան:

ԼՈԼԻՏԱ – Հե՛չ… Ավելի ճիշտ, հետո կասեմ: Ախր, վերջին իշխանափոխությունից հետո մի բարձրաստիճան սիրեկան էլ չեմ ունեցել: Ուղղակի չեմ հասկանում, թե ով կարող է լինել: Սարսափում եմ… Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է, որ մանիակ լինի: Դու հիմա թիկնապահ չունե՞ս…

ՏԻԳՐԱՆԱ — Տարօրինակ է… Եթե պետք լինի, կարող ենք թիկնապահ էլ վարձել… Բայց այդ մասին դեռ կխոսենք: Հիմա գնա, լոգանքդ ընդունիր: Կարող ես օգտվել վարդագույն շշով օծանելիքից, ես այսօր սպիտակից եմ քսել: 

ԼՈԼԻՏԱ – Չէ՛, իմ միակ փրկությունը արտասահման մեկնելը կլինի: Չե՞ս առարկի, եթե քո մոտից մի քանի արտերկրյա զանգեր անեմ: Տեսնեմ՝ դեռ ով է ինձ սիրում: Երկար չեմ խոսի, կասեմ, որ մինչև երկուշաբթի քեզ մոտ եմ լինելու, որպեսզի մարդամեկը, եթե դեռ սիրում է ինձ, ինքը զանգի:

ՏԻԳՐԱՆԱ — Քեզնից պրծում չկա: Զանգի՛ր… Շնորհակալություն, որ գոնե զգուշացրիր:

Դռան զանգ:

ԼՈԼԻՏԱ — Էս ի՞նչ ես կարդում, վերցնեմ, մի քիչ ուղեղս լիցքաթափեմ: (Սեղանից գիրքը վերցնում, դուրս է գալիս:) 

Մտնում է Վանդան:

ՎԱՆԴԱ — Ողջույն, քույրի՛կս: Ես առաջի՞նն եմ:

ՏԻԳՐԱՆԱ – Ո՛չ, քա՛ղցրս, մեր սիրուն լիրբն առաջինն է եկել, բայց ասեմ, որ շատ տարօրինակ բաներ պատմեց: Հիմա կլողանա, կգա ու ինքը քեզ կպատմի: Դո՛ւ ասա, ի՞նչ նորություն ունես: Խոստովանիր, ինչ-որ բան է կատարվել հետդ, սքանչելի տեսք ունես: Գիտե՞ս, որ երջանկություն ես ճառագում:

ՎԱՆԴԱ — Ճիշտ ե՞ս ասում… Անհնար է քեզնից բան թաքցնել: Այնքա՜ն երջանիկ եմ, այնքա՜ն երջանիկ եմ, որ նույնիսկ մեղավոր եմ զգում: Վերոնիկը դեռ ոչինչ չի՞ ասել:

ՏԻԳՐԱՆԱ — Ուրեմն, Վերոնիկն էլ ասելու բան ունի՞:

ՎԱՆԴԱ — Նրան խոստացել եմ, որ քեզ ոչինչ չեմ ասի, բայց մի քանի րոպեից ինքը կգա ու կպատմի, այնպես որ ինձ չմատնես: Ինչպես միշտ՝ չեմ դիմանում: Համ էլ պատրաստվիր, որ մեծ փոթորիկ է լինելու:

ՏԻԳՐԱՆԱ — Դու քեզնից պատմիր:

ՎԱՆԴԱ — Հետո: Սկզբում՝ սպասվելիք փոթորիկի մասին: Ուրեմն, մեր տնային տնտեսուհի Վերոնիկը… բաժանվում է իր սիրասուն Բենոյից:

ՏԻԳՐԱՆԱ — Նորություն ասա… Ամուսնանալու հաջորդ օրվանից բաժանվում են, և արդեն տասներկու տարի:

ՎԱՆԴԱ — Այս անգամ՝ իսկականից: 

ՏԻԳՐԱՆԱ — Վաղուց էր պետք իսկականից: Գիտես, որ ատում եմ ուտելիքի նկատմամբ քնարական զգացմունքներ տածող տղամարդկանց: Ուրեմն, էլ Բենո չի լինի՞… Բայց ի՞նչ է պատահել… Դժվար թե լուրջ լինի: Վերոնիկի հետ քիչ առաջ եմ խոսել, ո՛չ լաց ու կոծ, ո՛չ վայնասուն…

ՎԱՆԴԱ — Այո, շատ լուրջ է, բայց ամենակարևորը… Դեռ պատճառը պետք է իմանաս: 

ՏԻԳՐԱՆԱ — Եվ ի՞նչն է պատճառը…

ՎԱՆԴԱ — Մանրամասները չգիտեմ, կարծում եմ, շուտով միասին կիմանանք: Բայց երկու խոսքով ասած՝ Վերոնիկը Բենոյին բռնել է… Լոլիտայի հետ:

ՏԻԳՐԱՆԱ — (սուլում է ու հռհռում): Ինչպես թե… Չէ՜, խելոքս, ինչ-որ բան այնպես չէ: Էն, որ Լոլիտան նավսից թույլ է, նորություն չի… Բայց եթե դու տեսած լինեիր նրա վերջին մատղաշ բոյֆրենդին, հաստատ մտքովդ չէր անցնի, թե Բենոյի նման խաշ ու քյաբաբ ուտող որձը կարող է երբևէ նրան գայթակղել:

ՎԱՆԴԱ — Մանրամասները չգիտեմ… Բայց հիմնական պատմությունը նույնիսկ Վերոնիկից չեմ լսել, այլ մեր գինեկոլոգից:

ՏԻԳՐԱՆԱ — Գինեկոլոգի մո՞տ էիր գնացել: Իսկ նա որտեղի՞ց գիտեր:

ՎԱՆԴԱ — Դեհ… Ի վերջո, ամեն ինչ կիմանաս, բայց հիմա կարևորը դա չէ: Ես նրա մոտ առաջին անգամ Վերոնիկի հետ էի գնացել… Վերոնիկն ինքն էր խնդրել, որ հետը գնամ…

ՏԻԳՐԱՆԱ — Ուրեմն, Վերոնիկն է՞լ է այցելում քո գինեկոլոգին… և այդ ի՞նչ գինեկոլոգ է, որ մի հիվանդին մյուսի մասին լուրեր է փոխանցում:

ՎԱՆԴԱ — Ըըմմ… Ասում եմ, ի վերջո, ամեն ինչ կիմանաս… Բայց գինեկոլոգը վատը չի, և… Բենոյի ընկերներից մեկի կինն է: 

ՏԻԳՐԱՆԱ — Մի տես, է՜, առանց ինձ գնում եք գինեկոլոգի մոտ… Եվ պարզվում է, որ բոլոր նորություններն ինձ վերջինն են հասնում:

ՎԱՆԴԱ — Երեք շաբաթ քաղաքում չէիր: Իսկ այսօր, խնդրեմ, բոլոր նորությունները միանգամից կիմանաս:

ՏԻԳՐԱՆԱ — Լավ, պատմիր, տեսնեմ՝ ինչ պետք է իմանամ… Ինչպե՞ս է եղել այդ աշխարհացունց իրադարձությունը և ինչո՞ւ էիք երկուսով գնում գինեկոլոգի մոտ:

ՎԱՆԴԱ — Անցած ուրբաթ Վերոնիկն ու Բենոն մի քանի զույգերով քաղաքից դուրս են գնացել ուիքենդի: Լոլիտային հրավիրել են, որ իրենց ամուրի ընկերներից մեկի հետ ծանոթացնեն: Տղամարդիկ խմել են, իսկ դու գիտես Բենոյին, երբ սկսում է խմել, դադար չի տալիս, մինչև կանաչ պոզավոր մարդուկների դեսանտը չիջնի: Տղաներով այնքան են հարբել-ապուշացել, որ սկսել են մանկամիտ խուլիգանություն անել: Բենոն լրիվ մերկ վազվզել է լողափով՝ ցուցադրելով իր բարեմասնությունները:

ՏԻԳՐԱՆԱ – Աստվա՜ծ իմ, պատկերացնում եմ, ինչ խղճուկ տեսարան է եղել… Մի հարցնող լինի, թե ի՞նչ ունես ցույց տալու:

ՎԱՆԴԱ — Ուրեմն, խմել են մինչև պոզավոր դեսանտի իջնելը:

ՏԻԳՐԱՆԱ – Խե՜ղճ Վերոնիկ, և ինչպե՞ս է մինչև հիմա դիմացել նրան: Ասենք, ոչ մի խեղճ էլ չի, եթե այդքան վախկոտ ու ստրկամիտ չլիներ, վաղուց կբաժանվեր: Իսկ ես նման տղամարդու շնիկի տեղ էլ չէի պահի:

ՎԱՆԴԱ — Արդարացի չես, Տի՛գրա: Բենոն վատ տղա չի: Ո՞վ չի խմում: Համ էլ գիտես, թե Վերոնիկը խեղճին ինչ ճնշման տակ է պահում, եթե գոնե մեկ-մեկ չխմի՝ հաստատ մի օր կխեղդի մեր ընկերուհուն:

ՏԻԳՐԱՆԱ — (հռհռում է): Ասենք, ճիշտ ես ասում, մեր աղջիկն էլ մի հուրի-փերի չի:

ՎԱՆԴԱ — Դու վերջը լսիր: Վերոնիկը վիրավորված ու բարկացած գնացել է իրենց սենյակը: Բենոն գիշերը չի եկել, իսկ առավոտյան Վերոնիկը նրան բռնացրել է Լոլիտայի գրկում: 

ՏԻԳՐԱՆԱ — (ծիծաղում է): Թյուրիմացություն է, կտեսնես: Հաստատ Լոլիտան նրան օրորոցային է երգել:

Մտնում է Լոլիտան խալաթով, գլուխը սրբիչով կապած և գիրքը ձեռքին, Վանդային չի տեսնում:

ԼՈԼԻՏԱ — Էս ի՞նչ տաղտկալի բարբաջանք ես կարդում, ա՛յ ինտելեկտուալ կին: Մի լսեք, թե ինչ է գրում այս պառավ թսանը: «Մարդն իրեն երբևէ չպետք է ների իր երիտասարդության սխալները»: Աստվա՛ծ իմ, ինչ անմարդկային ու կեղծավոր հիմարություն: Մի հարցնող լինի՝ ա՛յ պառավ սուտասան, եթե դու քեզ ներած չլինեիր քո երիտասարդության սխալները, կապրեի՞ր մինչև ութսուն տարեկանը ու դեռ կհասցնեի՞ր գրածդ ձանձրալի պատմությունների համար Նոբելյան մրցանակ ստանալ…

ՏԻԳՐԱՆԱ — Չէ՜, այսօր իրոք շատ տարօրինակ ես թվում: Սոկրատն ասում էր, որ տղամարդը փիլիսոփա է դառնում վատ կնոջ ձեռքից, հետաքրքիր է, կի՞նը ինչից է սկսում փիլիսոփայել: Համ էլ ասվածն ինչո՞ւ ես քեզ վրա վերցնում: Նա գրել է մարդասպանների ու կեղեքիչների համար, իսկ քո արած-չարացածն ընդամենը… բո…

ԼՈԼԻՏԱ — (սաստելով): Իմ արածն ընդամենը բա… րեգործություն է եղել:

ՎԱՆԴԱ — Լոլա, չգիտեի, որ գիրք էլ ես կարդում:

ԼՈԼԻՏԱ — Օ՜յ, աղունիկն է եկել… (Մոտենում, համբուրում է:) Ոչ միայն կարդում եմ, սիրելիս, շուտով ինքս եմ գրելու: Իսկ սրա նման գրքերը, որպես պարտադիր պատժամիջոց, պետք է բարձրաձայն կարդալ ամենածանր հանցագործությունների համար բանտում նստած թշվառականներին, որպեսզի նրանք իրենց ավելի թշվառ զգան, բայց պետք է հեռու պահել ինձ նման չգնահատված բա… րեգործներից և սխալ դաստիարակության զոհերից: 

ՏԻԳՐԱՆԱ — Դե, բա… րեգործական առաքելությունդ ինձ պարզ է, բայց քո կարծիքով, ո՞վ է սխալ դաստիարակության զոհը:

ԼՈԼԻՏԱ – Օրինակ՝ մի ապուշ, ով երկրորդ դասարանում պարսատիկով խփել է հարևանի կատվին, այս գիրքը կարդալուց հետո կարող է չգիտակցված մեղքի զգացումից լյարդի քաղցկեղ ստանալ: (Մի կողմ է նետում գիրքը:)

ՎԱՆԴԱ — Թող ստանա… Լյարդի քաղցկեղը քիչ է անպաշտպան կենդանիներ սպանողներին:

ԼՈԼԻՏԱ – Պատկերացնո՞ւմ ես, Վուշիկ, եթե իմ պատանեկության բա… րեգործական սխալներն ինձ ներած չլինեի, արդեն մեռած պիտի լինեի ուղեղի քաղցկեղից:

ՏԻԳՐԱՆԱ — Այդ մեկը հաստատ քեզ երբեք չի սպառնացել… Քո բա… րեգործական գործունեության արդյունքում դժվար թե քաղցկեղ ստանայիր և, հաստատ, ոչ գոտկատեղից բարձր որևէ մասում:

ԼՈԼԻՏԱ – Պա՜հ, ով է ասողը… Դա միշտ արել եմ ամբողջ սրտով և ինչպես… վերջին անգամ: Ուղղակի բախտս չի բերել, ավելի ճիշտ, համբերությունս չի հերիքել, որպեսզի որևէ մեկին եկեղեցի քարշ տամ, ինչպես անում են ոմանք, այն էլ ոչ մեկ անգամ:

ՏԻԳՐԱՆԱ — Տուշէ… ինչպես ասում էր նախկին ամուսինս: Քանի դեռ հաշիվը հավասար է, արի փոխենք խոսակցության թեման: 

ԼՈԼԻՏԱ — Ես իմ արժանիքները լավ գիտեմ, թերությունները՝ նույնպես:

ՎԱՆԴԱ – Փա՜ռք Աստծո, Լոլիտա, որ քեզ այդքան սիրում ես:

ԼՈԼԻՏԱ — Միայն ե՞ս… Իսկ դուք ինձ չե՞ք սիրում:

Դռան զանգ:

ՏԻԳՐԱՆԱ — Հիմա կտեսնենք, թե էլ ո՞վ է քեզ շատ սիրում:

Գրեթե վազքով մտնում է Վերոնիկը:

ՎԵՐՈՆԻԿ — Ես միայն եկել եմ քեզ ասելու, որ եթե շարունակես այդ լրբին ընդունել, քո տուն էլ ոտք չեմ դնի:

ՏԻԳՐԱՆԱ – Հանգստացի՛ր… Խնդրում եմ, հանգստացի՛ր, և վերջապես պատմե՛ք, թե ինչ է եղել:

ՎԵՐՈՆԻԿ — (տեսնում է Լոլիտային, նետվում է նրա վրա): Լի՜րբ, անամո՜թ… էլ տղամարդ չմնաց, պիտի Բենոյի՞ն կապեիր… Աչքերդ կհանե՛մ…

ԼՈԼԻՏԱ — (խուսափելով նրանից): Վերջացրո՛ւ, դու սխալ ես հասկացել: Ես ու Բենոն միայն ընկերներ ենք, մեր մեջ ոչինչ չէր կարող լինել: Չես էլ ամաչում, ինչե՜ր ես մտածել: Բենոն ինձ մատով չի դիպել…

ՎԵՐՈՆԻԿ – Հա՜, մատով չի դիպել, բայց գլուխը դրել էր դոշիդ:

ԼՈԼԻՏԱ – Ի՜նչ գռեհիկ երևույթ ես դարձել… իսկ դու նեխել, ո՞ւր էիր փախել, որ խեղճ մարդդ հարազատ դոշ չգտնելով գլուխն իմ դոշին պիտի դներ:

ՎԵՐՈՆԻԿ – Լսեցի՞ք, չի էլ հերքում: Կարո՞ղ ես ասել, թե իմ մարդը երբվանից է խեղճ դարձել, հը՞… ու քո դոշը երբվանի՞ց է նրան հարազատ դարձել: Անամո՜թ… Մազերդ բոլորի աչքի առաջ պիտի պոկեի, բայց դեռ ուշ չէ, հիմա կպոկեմ…

ԼՈԼԻՏԱ — Երկուսդ էլ կատարյալ ապուշ եք… Մեկ դու, մեկ քո մարդը, քո միակ ու անզուգական լխկած դամբուլ մարդը… Ամբողջ գիշեր չթողեց քնեմ…

ՎԵՐՈՆԻԿ — (գոռալով հետապնդում է Լոլիտային): Ամբողջ գիշե՜ր… լսո՞ւմ եք: Դեռ գլուխ է գովում: Եթե մարդս լխկած դամբուլ է, ինչո՞վ էիք զբաղված ամբողջ գիշեր:

ԼՈԼԻՏԱ – Վերոնի՛կ, հանգստացի՛ր, թող բացատրեմ: Լավ, ների՛ր…. Քո մարդը լխկած դամբուլ չի, կարգին տղա է, բայց, միևնույն է, ինձ պետք չի: Ինձ իմոնք էլ լրիվ հերիք են: Հանգստացի՛ր: Հանգստացի՛ր, հա՞… Ի՞նչ ես անում… Դուք ի՞նչ եք նայում… հանգստացրե՛ք այս խելագար էգին…

Կատարյալ խառնաշփոթ է:

ՎԵՐՈՆԻԿ — Անտեր շո՛ւն… Ուրեմն քեզ դրանք հերիք չէին, հա՞… Մի Բենո էր ինձ հասել…

ԼՈԼԻՏԱ — Վերոնիկ, ձայնդ կտրիր ու հանգստացի՛ր, թող խոսեմ… Միայն չխփե՛ս: Չխփե՜ս… ՉԽՓԵ՜Ս, ԵՍ ՀՂԻ ԵՄ….

Բոլորը լռում են: Վերոնիկը նստում է:

ՎԵՐՈՆԻԿ — (սարսափահար շշուկով): Դու է՞լ… Բենոյի՞ց…

ԼՈԼԻՏԱ — Հա, բա ո՜նց… Գրպանդ բաց, մի քիչ էլ քեզ տամ: Ուշքի արի… Ութ տարի քեզ չհղիացրեց, հենց գլուխը դոշիս դրեց՝ ինձ երջանկացրե՞ց: Թե՞ մինչև հիմա չես իմացել, որ նրա հղիացնող գործիքը ճակատից չի կախված: Գիտե՞ս ինչ… Դու էլ, քո Բենոն էլ… ես բռնոցի խաղալու առողջություն չունեմ: 

ՎԵՐՈՆԻԿ — (կատարյալ հուսահատության մեջ): Մենք բուժվել ենք… Ուրեմն Բենոյի մոտ սկսել է ստացվե՜լ…

ՏԻԳՐԱՆԱ — Հանգստացեք երկուսդ էլ… Ի՞նչ եք ասում, չեմ հասկանում… Ասում ես՝ Բենոյի մոտ սկսել է ստացվե՞լ… Այսինքն… Հիմա ձեզնից ո՞ր մեկն է հղի…

ՎԵՐՈՆԻԿ, ԼՈԼԻՏԱ — (միասին): Ես: 

ՎԱՆԴԱ – Դո՞ւ… Դու է՞լ… Բայց դո՛ւ՝ ումի՞ց… 

ՏԻԳՐԱՆԱ — (գործնական տոնով): Դե, դա արդեն կարևոր չէ: Բայց չէ… ինչպե՞ս թե՝ կարևոր չէ: Հիմա ո՞վ ումի՞ց է հղի… Միայն չասեք, թե երկուսդ էլ Բենոյից եք հղի: 

ՎԵՐՈՆԻԿ — (բարձրաձայն լալիս է): 

ԼՈԼԻՏԱ — Վերջացրեք, հա՞… Ես՝ ո՜ւր, Բենոն՝ ո՜ւր… Այդ էր պակաս: Ուրեմն, քաղաքում էլ սիրուն տղա չմնաց, պիտի Բենոյից հղիանայի… Ո՛Չ… Ասացի՝ ո՛չ… Ես Բենոյի շվաքի հետ էլ չեմ եղել…

ՎԵՐՈՆԻԿ — (բարձրաձայն լացով): Չե՜մ հավատում…

ԼՈԼԻՏԱ — Այդ ինչո՞ւ չես հավատում: Եթե երեխա շինելու շնորհք ունենար, արդեն երեքին շինած պիտի լիներ: Իսկ իմ երեխայի հայրը… համենայնդեպս, գեղեցիկ և առողջ երիտասարդ է:

ՏԻԳՐԱՆԱ — Ո՞վ է:

ԼՈԼԻՏԱ — Օ՜ֆ… չգիտեմ… Բավարարվա՞ծ եք: 

ՎԵՐՈՆԻԿ — Ուրեմն, Բենոն չի՞: 

ՏԻԳՐԱՆԱ – Չլսեցի՞ր, ասաց՝ ոչ: 

ԼՈԼԻՏԱ – Հանգստացի՛ր, միայն քեզ է վիճակված քո Բենոյից երեխա ունենալ: (Ծիծաղում է:) Այդ մեկը հաստատ գիտեմ: 

ՎԵՐՈՆԻԿ — (վայնասունով): Սուտ ես ասո՜ւմ:

ԼՈԼԻՏԱ — (նետվում է դեպի Վերոնիկը): Վերոնի՛կ, քույրի՛կս, ինչպե՞ս կարող էիր ինձ կասկածել: Դուք իմ միակ հարազատներն եք, ձեր ընտանիքն ինձ համար սրբություն է: Բենոյին ուղղակի ընկերական խորհուրդ էր պետք: Եվ ամբոդջ գիշեր մենք խոսել ենք… միայն խոսել ենք, այն էլ՝ քեզնից:

ՎԵՐՈՆԻԿ – Հա՜, երևի ծիծաղել եք ինձ վրա:

ԼՈԼԻՏԱ — Համ էլ ծիծաղել ենք, որովհետև Բենոդ շատ վախեցած է ու տառապում է թերարժեքության բարդույթով: Նա համոզված է, որ դու օրգազմ չես ունենում, վախենում է, որ մի օր կիմանաս, թե դա ինչ բան է և իրեն գրողի ծոցը կուղարկես:

ՏԻԳՐԱՆԱ — Եվ դու ամբողջ գիշեր նրան բացատրում էիր, թե ինչպես Վերոնիկին օրգազմի՞ հասցնի:

ԼՈԼԻՏԱ — Դե…. ըըմ… այո՛: Տեսականորեն, անշուշտ… Ինչ կա՞ որ… Ես բավարար փորձ ունեմ: Գուցե սկսեմ գրել… Եթե ուրիշներն իրենց բորբոսնած բարբաջանքով պարգևներ են ստանում… Ինչո՞ւ ոչ… Գուցե ես էլ սկսեմ գրել մարդկանց համար շատ կարևոր ու անհրաժեշտ գրքեր սեքսի մասին: Ինձ, ի վերջո, մշտական ապրուստի աղբյուր է պետք: Ես շուտով մայրիկ եմ դառնալու:

ՎԱՆԴԱ — Օ՜հ, Աստվա՜ծ իմ, ես նոր հասկացա… Լոլա, իրո՞ք հղի ես… Ի՜նչ ուրախություն… Ի՜նչ լավ է…

ՏԻԳՐԱՆԱ — Ի՞նչն է լավ, հիմարի՛կ… Ո՛չ կարգին գործ ունի, ո՛չ խելքը գլխին մասնագիտւթյուն, վախեցած մտագարի պես ընկած է դռնեդուռ ու չգիտի, թե ով է երեխայի հայրը: 

ՎԱՆԴԱ – Տի՛գրա, հիմա ամեն ինչ կփոխվի… չլսեցի՞ր, նա կարող է գրել: Իսկ երեխան Աստծո նվեր է: Ի՜նչ երջանկություն… Ի՜նչ ուրախ եմ քեզ համար, Լոլա:

ՏԻԳՐԱՆԱ – Ինչքա՞ն է հղիությունդ: 

ԼՈԼԻՏԱ — Ութ շաբաթ:

ՏԻԳՐԱՆԱ – Պահելո՞ւ ես:

ԼՈԼԻՏԱ – Անկասկա՛ծ: Մի՛ հուզվեք, խնդրում եմ, ինչ պետք է իմանալ հոր մասին՝ ես գիտեմ:

ՏԻԳՐԱՆԱ — Պարզ է: Իսկ քո՞նը ինչքան է: 

ՎԵՐՈՆԻԿ — (հոգոցով սրբելով արցունքները): Տասը շաբաթ:

ՏԻԳՐԱՆԱ — Ուրեմն, իսկապես կարելի է շնորհավորել մեզ: Իսկ Բենոյից բաժանվելու միտքը լուրջ չի, չէ՞: Ասենք, ինչո՞ւ եմ հարցնում, եթե գիտեմ պատասխանը: Դա արդեն կարևոր չէ: Համենայնդեպս, ոչնչից չվախենաս: Դու էլ… Միասին կմեծացնենք:

Աղջիկները ծիծաղելով գրկախառնվում են: Վերոնիկն ուշադիր զննում է Լոլիտայի դեմքը:

ՎԵՐՈՆԻԿ — Երդվիր, որ ձեր մեջ ոչինչ չի եղել:

ԼՈԼԻՏԱ — Դու գիտես, ես ընդհանրապես չեմ երդվում… Լավ, լավ, հանգստացի՜ր: Երդվում եմ… Ինչպե՞ս կարող ես ինձ խանդել, այ հիմարիկ, դու ինձ համար քրոջից էլ թանկ ես: Ոչ միայն չի եղել, եթե իմանամ, որ նա հանդիպում է մեկի հետ, ինքս նրա աչքերը կհանեմ: Հիմա հանգստացա՞ր…

ՎԵՐՈՆԻԿ – Ափսո՜ս, գոնե Բենոյից լիներ: Ես շատ եմ վախենում ծննդաբերելուց: Դու, ինչպես միշտ, կթռնեիր-կգնայիր… Իսկ եթե երեխադ Բենոյից լիներ՝ ես կպահեի:

Ծիծաղում են: Տիգրանան և Վանդան մոտենում են սեղանին:

ԼՈԼԻՏԱ — Վերոնիկ, իսկ դա ճի՞շտ է:

ՎԵՐՈՆԻԿ – Ի՞նչը:

ԼՈԼԻՏԱ – Դե՜… որ դու ու Բենոն ոչ մի անգամ… որ Բենոն քեզ ոչ մի անգամ… դե, որ օրգազմ չես ունենում:

ՎԵՐՈՆԻԿ — Ես կգերադասեի այդ մասին չխոսել, բայց ստիպված եմ խոստովանել, որ այդպես է:

ԼՈԼԻՏԱ – Աստվա՜ծ իմ… ուրեմն դու մինչև օրս… ու մեզ ոչինչ չես ասել: Չէ՜, դու ուրիշ դեպք ես… Լավ, գոնե մի անգամ ծպտուն հանեիր: 

ՎԵՐՈՆԻԿ — Ես նրան այնքան եմ սիրել, որ նրա կոդքին լինելն ու նրան հաճույք պատճառելը ինձ համար բավարար է եղել: Հետո… ամաչում էի: Հիմա եմ հասկանում, որ երբեք կատարյալ վայելք չեմ զգացել, միշտ ինչ-որ բան պակաս է եղել:

ԼՈԼԻՏԱ  — Ես գիտեմ, որ Բենոյից բացի քեզ համար աշխարհում ուրիշ տղամարդ չի եղել, բայց գոնե չե՞ս փորձել պատկերացնել…

ՎԵՐՈՆԻԿ – Պատկերացնե՞լ… Փորձել եմ: Միևնույն է, Բենոյից լավը չկա, ու ամեն անգամ քիչ է մնացել՝ խելագարվեմ մեղքի զգացումից: Գուցե հենց դա է իմ գերհոգատարության և խանդի պատճառը, որովհետև միշտ վախեցել եմ, որ նույն բանը կատարվում է նրա հետ: 

ԼՈԼԻՏԱ — Իսկ գուցե փորձե՞ս, թե ինչպիսին կարող է լինել մեկ ուրիշ տղամարդ:

ՎԵՐՈՆԻԿ – Երբե՛ք… Բենոյից բացի ուրիշ տդամարդ չի կարող լինել ինձ համար ֆիզիկական աշխարհում: Անուրջներում՝ գուցե… Անուրջներում աշխարհի բոլոր տղամարդիկ իմն են, բայց ես ավելի շուտ կմեռնեմ, քան թույլ կտամ, որ ուրիշ տղամարդ ինձ դիպչի:

ԼՈԼԻՏԱ — (ծիծաղում է): Գիտե՞ս, սիրելիս, չեմ էլ իմացել, թե իմ ընկերուհին այդքան բարդույթավոր է: Ինչ վերաբերում է ինձ, ես կասեմ՝ ընդհակառակը… ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ընդամենը մեկ տղամարդ ճանաչել ամբողջ կյանքում, առավել ևս, որ կյանքը մարդուն մեկ անգամ է տրվում: Ուրիշ բան, եթե իմանայի, որ կարող եմ բազմաթիվ կյանքերով ապրել, այդ դեպքում կարելի կլիներ երևի համակերպվել ամեն մի կյանքում միայն մեկ տղամարդ ճանաչելու մտքին:

ՏԻԳՐԱՆԱ — Իսկ երբևէ պատկերացրե՞լ ես, որ աշխարհի կին բնակչության մեկ քառորդը համակերպվում է միայն մի տղամարդու բազմաթիվ կանանցից մեկը լինելու ճակատագրով, այն էլ ստրուկի ու իրի կարգավիճակով:

ԼՈԼԻՏԱ — Իհարկե, մտածել եմ… Չէ՜, սիրելիներս, այդ տեսակետից մենք, կարելի է ասել, դրախտում ենք ծնվել: Իրոք, ի՜նչ երջանկություն, որ աշխարհի բնակչության այդ քառորդից չենք: Աշխարհում այնքան հմայիչ ու հետաքրքիր տղամարդիկ կան… Ամեն մեկն ինձ գայթակղում է յուրովի, մեկը՝ ինտելեկտով, մյուսը՝ կամքի ուժով, մեկը՝ մեծահոգությամբ, մյուսը՝ ավյունով… ու ես միշտ սիրահարված եմ:

ՎԵՐՈՆԻԿ – Երնե՛կ քեզ… Գիտե՛ս, Բենոն շատ առումներով չի համընկնում տղամարդու իմ իդեալին, բայց այնքան եմ սիրում նրան, որ գրգռվում եմ նրա ու իմ իդեալի այդ տարբերությունից: Միայն մի բան եմ ուզում՝ նա միշտ ինձ հետ լինի ու սարսափում եմ, որ հանկարծ կարող է մտածել, որ ինձնից ավելի գեղեցիկ, խելացի ու շնորհքով կանայք կան: Եթե հասկանա՝ կթողնի կգնա, իսկ ես մենակ կմնամ…

ԼՈԼԻՏԱ — Այ, հենց դա է քո ամենամեծ սխալը, սիրելիս: Դու քեզ չես սիրում: Միայնակ մնալու վախը քեզ կուրացնում է ու քո Բենոյից բացի ոչինչ չես տեսնում:

ՎԵՐՈՆԻԿ — Բա էլ ո՞ւմ պիտի տեսնեմ: 

ՏԻԳՐԱՆԱ — Առաջին հերթին՝ ինքդ քեզ: Հանիր միջիցդ այդ վախն ու հանգիստ թող Բենոյին… քո խանդով նրան իմպոտենցիայի կհասցնես:

ՎԵՐՈՆԻԿ – Ի՞նչ ես խոսում, ի՞նչ ես խոսում…

ԼՈԼԻՏԱ — Եթե ուզում ես, որ Բենոն քեզ միշտ սիրի ու հիանա քեզնով, առաջին հերթին քո նկատմամբ հոգատար եղիր: Հղկիր քեզ, սիրիր ու հիացիր քեզնով:

ՏԻԳՐԱՆԱ — Լոլան ճիշտ է ասում: Իսկական սերն ազատություն է սիրում: Եթե իրոք քոնն է՝ ետ կգա: Եթե սիրում ես, կերակրում ես քո քնքշանքով ու հոգատարությամբ, ուր գնաս՝ ետևիցդ կգա նվիրված շան նման:

ՎԵՐՈՆԻԿ — Բա էդ քոնոնք ո՞ւր են, ինչո՞ւ բաց թողածներիցդ ոչ մեկը կողքիդ չի: 

ՏԻԳՐԱՆԱ — Մի շտապիր եզրակացություն անել: Հավատարիմ շանը պետք է առանց կապի պահել:

ՎԵՐՈՆԻԿ — Հա, բա ո՜նց, բա որ փախչի գնա ու մեքենայի տակ ընկնի՞:

ԼՈԼԻՏԱ — Օ՜ֆ, Վերոնիկ, դու վերացական մտածելու ունակություն չունես: Նա փոխաբերական իմաստով էր ասում: Արդեն մոռացա՞ր, որ Բենոյի մասին ենք խոսում:

ՎԵՐՈՆԻԿ — Օյ, իրոք… Բա որ Բենոն ինձ թողնի գնա՜…

ՏԻԳՐԱՆԱ — Եթե իրոք ուզենա գնալ, չես պահի… Բայց ո՞ւր պիտի գնա… Մի քիչ կֆռֆռա ու նորից կվերադառնա այնտեղ, որտեղ իրեն սիրում ու կերակրում են:

ՎԵՐՈՆԻԿ – Հա՞… բայց դու ճիշտ ես ասում, իմ խանդն առաջին հերթին ինձ է սպանում: Ես իրոք վախենում եմ: Ես քեզ ու Տիգրայի նման չեմ՝ չեմ կարող մենակ մնալ: Ես ուզում եմ իմ Բենոյի հետ ծերանալ, չեմ պատկերացնում՝ ինչպես եմ ապրելու առանց նրան…

ՏԻԳՐԱՆԱ — Այ, քո պրոբլեմը դա է, քեզ թվում է, չես կարող ապրել առանց որևէ մեկի… Ո՞վ ասաց… Եթե Աստված Բենոյին կամ ինչ-որ մեկին հատուկ քեզ համար ստեղծած լիներ, ապա Բենոն կամ ինչ-որ մեկը պիտի կպած լիներ քո շնչառական կամ մարսողական ապարատին… Իսկ մարդ նույնիսկ առանց կույրաղիքի կարող է հարյուր տարի ապրել:

ՎԱՆԴԱ — Դու շատ դաժան ես խոսում, ինչպես միշտ… Ուրեմն, ստացվում է, որ նա էլ կարող է պետք չլինել Բենոյին: Բա սերն ո՞ւր մնաց…

ՏԻԳՐԱՆԱ — Հա, սե՜րը… Դե, սերն արդեն ուրիշ պատմություն է… իրականում սերը ձեր պատմության հետ ընդհանրապես կապ չունի: Մարդիկ սեր են անվանում իրենց վախը, սեփականատիրության զգացումը, ծուլությունից կարծրացած սովորությունը, անգամ վիտամինների պակասից առաջացած գարնանային շորշոփը… Ես նորից եմ ասում, եթե իրոք սիրում ես, բաց թող… Թող ինքը հասկանա իր լավն ու վատը…

ՎԵՐՈՆԻԿ — Հեշտ է ասելը… Բայց գիտե՞ք… երբեմն մտածում եմ, որ ես տղամարդու իդեալ չունեմ: Երևի ինձ համար իդեալական տղամարդը նա է, ով կարող է գալ ու ասել՝ ես եմ, եկել եմ ու ես եմ քո իդեալը…

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ ՏԱՆԳՈ

Լույսերը մարում են, բեմի վրա հայտնվում է գեղեցիկ, սլացիկ երիտասարդ: Սկսում է կրքոտ լատինաամերիկյան տանգո պարել Վերոնիկի հետ, հետո՝ Տիգրանայի, հետո՝ Լոլիտայի, հետո՝ Վանդայի: Տանգոն ավարտվում է: Դռան զանգ: Զարմացած են, ուրիշ ոչ մեկին չէին սպասում: Մտնում է շքեղ հագուկապով շատ գեղեցիկ Կին:

ՍԱԹԵՆ — Բարև, աղջիկնե՛ր… Տիգրա՛նա, Վերոնի՛կ, Վա՛նդա… Լոլի՛տա… Իհարկե, ինձ չճանաչեցիք: Ո՞վ ինձ կհիշի… Ես ձեր դասարանի Սաթենիկն եմ, Սաթենը: 

ԱՂՋԻԿՆԵՐ — Օ՜հ… Ա՜հ… Ա՜խ… Վա՜յ… Սաթենի՜կ… Սաթե՜ն… Ինչպե՜ս ես փոխվել… Ինչպե՜ս ես գեղեցկացել… Հազիվ ճանաչեցինք… Ձայնիցդ, գիտե՞ս… Ձայնդ բոլորովին չի փոխվել… Ամուսնացե՞լ ես… Այս ի՞նչ առիթով ես գտել մեզ… Հո մարդ չի՞ մեռել… Ինչպե՞ս ես գտել մեզ… Որտեղի՞ց իմացար, որ այստեղ ենք…

ՍԱԹԵՆ — Ներեցեք ինձ, որ առանց նախազգուշացման եմ եկել… Իմիջիայլոց, այս նույն շենքում եմ ապրում, կողքի մուտքում: Երբ տեսա, որ բոլորը մտան այս մուտք, ենթադրեցի, որ քեզ մոտ են եկել ու որոշեցի, որ եթե հենց հիմա չգամ, ապա բոլորիդ միասին գտնելու ավելի լավ առիթ չեմ ունենա:

ՏԻԳՐԱՆԱ — Օ՜հ, ինչ լավ ես արել, ավելի շուտ պետք է եկած լինեիր: Բայց ինչո՞ւ ավելի շուտ չենք հանդիպել:

ՍԱԹԵՆ — Հանդիպել ենք, դու միշտ ցրված ժպտում էիր ու ես հաստատ գիտեի, որ չես ճանաչում ինձ:

ՏԻԳՐԱՆԱ — Ուրեմն այն սև մեքենան, որ ինձ միշտ զիջում է գարաժից դուրս գալու ճանապարհին, քո՞նն է:

ԼՈԼԻՏԱ — Իրոք, ինչո՞ւ ավելի շուտ չենք… Ուրեմն այն սև մեքենան քո՞նն է… (Կամաց նահանջում է:)

ՎԱՆԴԱ — Ես քեզ անմիջապես ճանաչեցի, Սաթեն, ու ասեմ, որ երբեք էլ չեմ մոռացել: Նույնիսկ ավելին, ես աշխատում եմ ամուսնուդ ընկերությունում, և շատ վաղուց: Մենք նույնիսկ հանդիպել ենք մի քանի անգամ ընդհանուր երեկույթներին:

ՍԱԹԵՆ – Ճի՞շտ ես ասում, իսկ ես կարծել եմ, որ ինձ չես հիշում և չեմ մոտեցել քեզ:

ՏԻԳՐԱՆԱ – Ինչո՞ւ, սիրելիս… ինչպե՞ս կարող էինք մոռանալ քեզ:

ՎԵՐՈՆԻԿ – Օ՛հ, ես հազիվ ճանաչեցի: Եթե չասեիր, պիտի մտածեի, որ մեծահարուստի կին ես ու հաստատ չէի համարձակվի մոտենալ քեզ: Աստվա՛ծ իմ, ինչքան կլանված եմ եղել իմ հոգսերով… Ինչքան տարված եմ եղել իմ փոքրիկ աշխարհով, որ շատ բան մոռացել եմ:

ՍԱԹԵՆ – Աղջիկնե՛ր, դուք միշտ միասին եք եղել, միշտ իրար հասնող, միշտ համերաշխ: 

ՏԻԳՐԱՆԱ — Բա ո՜նց… Հինգ րոպե առաջ եկած լինեիր…

ՎԵՐՈՆԻԿ — Շը՜շ, նստի՛ր, Սաթեն, պատմիր քո մասին:

ՍԱԹԵՆ — Չեք պատկերացնի, թե որքան եմ ուզել այսպես ձեզ հետ նստել… Չեք հավատա, եթե ասեմ, որ ամբողջ կյանքում երազել եմ ձեզ պես հարազատ ընկերուհիներ ունենալ: (Լալիս է: Աղջիկները խառնվում են իրար:)

ՏԻԳՐԱՆԱ — Սաթիկ ջան, մենք միշտ պատրաստ ենք եղել ընկերություն անել քեզ հետ: Դու դպրոցում էլ շատ մեկուսի էիր քեզ պահում, շատ գոռոզ…

ԼՈԼԻՏԱ — Բայց դու դպրոցում այսքան սիրուն չէիր… Վիրահատությո՞ւն ես արել: Ի՞նչդ ես փոխել:

ՍԱԹԵՆ – Ո՛չ, ո՛չ մի վիրահատություն չեմ արել: Դուք ուղղակի ինձ չէիք նկատում ու ես… շատ վատ մաշկ ունեի ու… ինձ տնից ոչ մի տեղ չէին թողնում… Ես խուսափում էի ընկերանալ որևէ մեկի հետ… Ես վախենում էի, որ կծիծաղեք ինձ վրա… Դուք բոլորի ուշադրության կենտրոնում էիք, բոլոր տղաները ձեզ էին սիրահարվում…

ՎԵՐՈՆԻԿ – Օ՜յ, Սաթեն, ինչե՞ր ես ասում, երբեք մտքովս չէր անցնի…

ԼՈԼԻՏԱ – Ամուսնացա:ծ ես… երևի բալիկներ էլ ունես…

ՏԻԳՐԱՆԱ — Դե, պատմի՛ր, ո՞ւմ հետ ես ամուսնացել, ինչո՞վ ես զբաղված:

ՍԱԹԵՆ — Ես, կարելի է ասել, ոչնչով զբաղված չեմ:

ՏԻԳՐԱՆԱ — Սպասիր, ես հիշում եմ, որ բժշկական համալսարան էիր ընդունվել: Հիշեցի, ու շատ լավ դաշնամուր էիր նվագում: 

ՍԱԹԵՆ – Այո՛, ավարտել եմ և՛ բժշկական համալսարանը, և՛ մինչև օրս էլ դաշնամուր եմ նվագում, բայց… հենց այնպես… Կարելի է ասել, տանը նստած դաշնամուր եմ նվագում ու ծաղիկներ խնամում:

ՎԵՐՈՆԻԿ – Երնե՜կ քեզ…

ԼՈԼԻՏԱ — Իսկ դու մի՛ շտապիր երնեկ տալ: 

ՍԱԹԵՆ — Լոլիտան ճիշտ է… Եվ պետք է ասեմ, որ այսօր իմ այստեղ գալու պատճառը հենց նա է: Ուրիշ անգամ համարձակությունս չէր հերիքի:

ՏԻԳՐԱՆԱ – Իրո՞ք: Արդեն հետաքրքրությունից այրվում եմ:

ԼՈԼԻՏԱ — Ա՜խ… Ուրեմն դո՞ւ էիր սև մեքենայով հետևում ինձ… Իսկ ամուսնուդ անունը ի՞նչ է:

ՍԱԹԵՆ — Տ.Օ.Տ.

ԱՂՋԻԿՆԵՐ — (բացի Վանդայից, տարբեր զգացմունքներով): Տ.Օ.Տ…

ՏԻԳՐԱՆԱ — Ուրեմն, դու Տ.Օ.Տ.-ի կինն ես. այ քեզ հաջողություն… Վանդա՞, ուրեմն դու գիտեիր ու ինձ ոչինչ չէի՞ր ասում: Իսկ ես մարդ եմ փնտրում, որպեսզի Տ.Օ.Տ.-ի հետ ծանոթացնի մեր նոր նախագծի համար:

ՎԵՐՈՆԻԿ — Ուրեմն, դու Տ.Օ.Տ.-ի կի՞նն ես… Կարելի էր հասկանալ հագուկապիցդ, թե ինչ կարգի մարդ պետք է լինի ամուսինդ: 

ԼՈԼԻՏԱ — Ուրեմն, դո՞ւ ես Տ.Օ.Տ.-ի կինը. (Գունատվում է, ուզում է գնալ:)

ՍԱԹԵՆ — Լոլիտա, մի՛ գնա, ես եկել եմ քեզ հետ խոսելու համար:

ԼՈԼԻՏԱ — Չեմ հասկանում, թե ինչի մասին կարող ենք խոսել:

ՍԱԹԵՆ – Հանգստացի՛ր, ես չեմ եկել կռվելու համար:

ԼՈԼԻՏԱ — (կասկածանքով): Նախ ասա՛, թե ինչո՞ւ ես ինձ հետևում… (Խուճապահար:) Եվ. վերջապես, ի՞նչ ես ուզում ինձնից… Ես ամուսնուդ հետ արդեն երեք տարի է՝ չեմ հանդիպել… այն օրից, ինչ իմացա, որ նա ամուսնացել է: 

ԱՂՋԻԿՆԵՐ — (բացի Լոլիտայից և Սաթենից, շշուկով): Այ քեզ բան… Վա՜յ… Լո՛լա…

ՍԱԹԵՆ – Լո՛լա, ամեն ինչ կախված է քեզնից և ամեն ինչ դու պետք է որոշես:

ԼՈԼԻՏԱ — Շատ հետաքրքիր է, թե ես ինչ կարող եմ որոշել… ես ոչ մեկին վատություն չեմ արել: Եվ, ընդհանրապես, ամուսնացած տղամարդկանց հետ ես չեմ հանդիպում… և իմ միջոցներն էլ շատ սուղ են… ինչ-որ որոշումներ կայացնելու համար: Ի՞նչ ես ուզում ինձնից, ես Տ.Օ.Տ.-ի հետ ոչ մի կապ չունեմ, իսկ հիմա՝ առավել ևս… Չլինի՞ թե եկել ես…

ՍԱԹԵՆ — Ես միշտ էլ իմացել եմ ձեր կապի մասին, բայց հավատա ինձ, որ մտքովս վրեժ չի անցել, նաև գիտեմ, որ արդեն երեք տարի՝ չեք հանդիպում: Ես եկել եմ քեգ խնդրելու, որ… որ… վերադառնաս…

ԼՈԼԻՏԱ – Վերադառնա՞մ… Ո՞ւր վերադառնամ… Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձնից: 

ՍԱԹԵՆ — Ես խնդրում եմ, որ վերադառնաս ամուսնուս մոտ: Ձեր բաժանումից հետո մեր ընտանեկան կյանքն անտանելի է դարձել: Արդեն երկու տարի նա տարօրինակ անտարբեր է բոլոր կանանց նկատմամբ, իսկ ինձ օր ու արև չի տալիս: Իր խանդով ինձ խելագարության կհասցնի: Երբ դու կայիր, մեր ընտանեկան հարաբերությունները, կարելի է ասել, ավելի մարդկային էին, բայց հիմա… Խնդրում եմ, վերադարձի՛ր ամուսնուս մոտ, միայն դու կարող ես խաղաղություն բերել մեր ընտանիքին: Քեզնից է կախված մեր ընտանիքի ապագան, որովհետև… որովհետև… ես վերջապես հղի եմ… 

ԼՈԼԻՏԱ – Տե՜ր Աստված…

ՎԵՐՈՆԻԿ – Ա՛յ քեզ պատմություն…

ՎԱՆԴԱ – Ի՜նչ հրաշալի զուգադիպություն… 

ՏԻԳՐԱՆԱ — Դու է՞լ… Հղիությունը վարակի՞չ է դարձել…

ԼՈԼԻՏԱ — Ուրեմն, դու հղի ես… և ուզում ես, որ ես… Գրողը տանի, բայց ես ի՞նչ կապ ունեմ… Ես ինչպե՞ս կարող եմ…

ՍԱԹԵՆ — Ես գիտեմ, որ նա դեռ սիրում է քեզ ու վախենում եմ, որ նորից կսկսի դավաճանել ինձ: Ավելի լավ է դու լինես, քան ուրիշը… 

ԼՈԼԻՏԱ — Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ ես կհամաձայնեմ… Բացառվում է: Այդ էր պակաս…

ՍԱԹԵՆ — Բայց ի՞նչ կլինի որ… Առաջ ինչպե՞ս էր… Քանի՞ տարի էիք հանդիպում, և ոչինչ… ամեն ինչ լավ էր… դուք մինչև մեր ամուսնանալն էիք հանդիպում…

ԼՈԼԻՏԱ — Այ, հենց թե՛… Ես չեմ կարող ներել նրան, որ ինձ հետ չամուսնացավ: Ո՛չ, չեմ կարող… Հետո, ես նրան այլևս չեմ սիրում, այսինքն՝ արդեն այնքան էլ չեմ սիրում… Այսինքն… Վե՛րջ… Դա լինելու բան չէ… ու ես քեզ չեմ հավատում… Դու ուզում ես ինձ ծուղակի մեջ գցել: Ես շատ ուրախ եմ, որ հեռու եմ ձեր ընտանիքից… Ո՛չ դու, ո՛չ քո ամուսինը ինձ չեք հետաքրքրում և ինձնից որևէ բան ուզելու իրավունք չունեք… Հանգիստ թողե՛ք ինձ: Ես արդեն մեկ անգամ արել եմ իմ ընտրությունը և էլ չեմ ուզում ետ նայել: Իսկ եթե ձեր կյանքն այդքան վատ է, բաժանվի՛ր նրանից… (Սկսում է լաց լինել:)

ՍԱԹԵՆ — Մենք չենք կարող բաժանվել, դու շատ լավ գիտես, թե ինչու: Մեզ ավելին է կապում, քան զուտ անձնական հարաբերությունները: Մեր ընտանիքները դա չեն հանդուրժի, բայց եթե կրկին նրա հետ լինես, ամեն ինչ կդառնա առաջվա պես: Հասկացի՛ր ինձ, ես սպառել եմ ընտանեկան կյանքս կարգավորելու բոլոր միջոցները, միակ տարբերակը քեզ վերադարձնելն է:

ԼՈԼԻՏԱ — Ուրեմն, դրա համա՞ր էիր ինձ երկու շաբաթ հետապնդում:

ՍԱԹԵՆ – Այո՛… ես նրան սիրում եմ… շատ եմ սիրում ու եթե նա քեզ հետ իրեն երջանիկ է զգում… ես չեմ առարկի ձեր կապին… (Սկսում է լաց լինել:)

ՏԻԳՐԱՆԱ — Բայց, Սաթեն, ասում ես, որ նա անտարբեր է դարձել ուրիշ կանանց նկատմամբ: Չեմ հասկանում, ինչո՞ւ ես ուզում արթնացնել քնած շանը:

ՍԱԹԵՆ — Ես վախենում եմ, որ այդ հանդարտությունը կեդծ է՝ ինչպես մեծ փոթորիկից առաջ: Նա այն տղամարդկանցից չէ, որոնք կարող են մեկով բավարարվել, հատկապես, երբ այդպիսի մեծ հնարավորություններ ունեն: Ավելի լավ է Լոլիտան լինի, քան ուրիշը:

ԼՈԼԻՏԱ — (վերականգնված ինքնավստահությամբ): Պետք է համակերպվես, որ ամուսինդ ֆռֆռալու է: Մեծ բան… թող ֆռֆռա: Ման կգա, ման կգա ու էլի տուն կգա, ո՞ւր պիտի գնա: Իսկ դու երեխա ունեցիր, դա կօգնի, որ զբաղված լինես միառժամանակ: Հետո մեկին էլ կունենաս… էլի զբաղված կլինես, միառժամանակ… Իսկ քանի որ ձեր ընտանիքի տնտեսական հնարավորությունները թույլ են տալիս, չկասկածե՛ս, մինչև հինգերորդին ծծից կտրես, նրա ֆռֆռալիքը կթոշնի:

ՏԻԳՐԱՆԱ — Լոլիտա, հղիությունը քեզ վրա ակնհայտորեն հետաքրքիր ազդեցություն է թողնում:

ՍԱԹԵՆ — Դու է՞լ հղի ես…

ՎԵՐՈՆԻԿ — (հպարտությամբ): Ո՛չ միայն նա: 

ԼՈԼԻՏԱ — Եվ դա ի՞նչ ազդեցություն է թողնում, քո կարծիքով:

ՏԻԳՐԱՆԱ — Դու վերջապես սկսել ես մտածել: Եթե մի քիչ էլ լեզվական ոճի վրա աշխատես, գուցե քեզնից հետաքրքիր գրող ստացվի:

ՍԱԹԵՆ — Աղաչում եմ, Լոլիտա, հավատա, որ անկեղծ եմ, վերադարձի՛ր ամուսնուս մոտ: Ավելի լավ է քեզ հետ լինի, քան ուրիշի… Ես նրան այնքան եմ սիրում, որ պատրաստ եմ շարունակել ձևացնել, թե ոչինչ չգիտեմ ձեր կապի մասին: Ինձ թվում է, որ դու նույնպես սիրում ես նրան: Եթե նորից սկսեք հանդիպել, երեքիս համար էլ լավ կլինի…

ԼՈԼԻՏԱ — Թե ես ինչ եմ զգում հիմա՝ նշանակություն չունի: Արդեն ասացի, որ որոշումս չեմ փոխի: Դրանից բացի, ես շուտով շատ զբաղված եմ լինելու: (Խորը շունչ է քաշում և ծիծաղում:) Բայց իզուր ես քեզ այդքան դժբախտ զգում: Ինձ թվում է, որ օգնությունս ոչ թե ամուսնուդ է պետք, այլ քեզ, ու եթե իրոք անկեղծ ես, ապա մեր ընկերությունը քեզ ավելի շատ բան կտա: Եվ հետո, շատ հետաքրքիր է, թե մենք ինչպես էինք աշխատանքի բաժանում կատարելու… Ես ցերեկային կինն էի լինելու, իսկ դու՝ գիշերայի՞ն, թե՞ ընդհակառակը…

Բոլորը ծիծաղում են:

ՏԻԳՐԱՆԱ — Սաթեն, Լոլիտան ճիշտ է ասում: Երջանկության գաղտնիքը քո մեջ է: Եթե ուզում ես երջանիկ լինել, ուրեմն եղիր և երջանկությանդ խանգարող պատճառները միայն քո մեջ փնտրիր: Ոչ ոք քեզ չի կարող երջանկացնել, եթե դու քեզ թույլ չես տալիս երջանիկ լինել:

ՍԱԹԵՆ — Իրոք… չեք պատկերացնի, թե ինձ համար որքան բարդ է երջանիկ լինելը: Երբեմն թվում է, որ ուղղակի անիծված եմ: Ես միշտ ամեն ինչից ավելի շատ եմ ունեցել, քան ինձ պետք է եղել և ավելի շատ՝ քան ուրիշները: Ինձ համար միշտ մեծագույն առեղծված է եղել, թե ինչպես են մարդիկ, այդքան քիչ բան ունենալով, երջանիկ լինում, գրեթե ոչինչ չունենալով՝ ուրախ են ու անհոգ: Իսկ ես ամեն ինչ ունեմ, բացի երջանկությունից: Սովորեցրե՛ք ինձ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում երջանիկ ու սիրված լինել: Աշխարհում շատ մարդ պատրաստ է վճարել երջանկության ձեր գաղտնիքն իմանալու համար:

ԼՈԼԻՏԱ — Էհ, սիրելիս, եթե իրոք այդպես լիներ, բոլորիցդ հարուստ պետք է լինեի: Իրոք, ինչո՞ւ մարդիկ գիտական ուսումնասիրություն չեն անում երջանկության մեխանիկա մշակելու ուղղությամբ: Ես դրանով կզբաղվեմ և հատուկ ուսումնական դասընթաց կմշակեմ դպրոցական տարիքից ինքնաերջանկացման տեխնիկա սովորեցնելու համար:

ՍԱԹԵՆ — (զանգում է Սաթենի հեռախոսը, նա վախեցած պատասխանում է): Այո՛… Ո՛չ, ես տանը չեմ… Քեզ արդեն զեկուցեցի՞ն… Ընկերուհուս տանն եմ… Մեր դասարանից… Այն մեկի, որը մեր հարևան մուտքում է ապրում: Այո՛… Չգիտեմ, երբ տուն կգնամ: Այո՛… Նա նույնպես այստեղ է…

ՏԻԳՐԱՆԱ — Եթե ամուսինդ է, ասա, որ կմնաս մեզ հետ ճաշելու:

ՍԱԹԵՆ — (Լոլիտային): Նա գիտի, որ դու այստեղ ես:

ԼՈԼԻՏԱ — Դա ոչինչ չի նշանակում… նա քո մասին է անհանգստանում: Մի՞թե չես հասկանում… կես ժամ չի իմացել՝ որտեղ ես, և արդեն փնտրում է: Պարզ է, որ նրան արդեն զեկուցել են, որ այստեղ ես… ի՞նչ ես կարծում, նա չգիտի՞, թե ով է Տիգրանան և այս պահին ով կա այստեղ: Մոռանո՞ւմ ես, որ թիկնապահները կանգնած են դռան ետևում… Իսկ նա չկարողացավ սպասել՝ մինչև տուն գնաս, որ քեզ անձամբ հարցնի: Մի՞թե չես հասկանում, թե դա ինչ է նշանակում: Իզուր ես տառապում, սիրելիս: Սրբիր արցունքներդ և լավ մտածիր… Ես սիրում էի նրան… Ես ոչ մի տղամարդու հետ ինձ այնքան լավ չեմ զգացել, ինչպես նրա հետ: Ինձ թվում էր, որ նա նույնպես սիրում էր ինձ.. Բայց նա քեզ ընտրեց: Դա քեզ ոչինչ չի՞ ասում:

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ ՖԼԱՄԵՆԿՈ

Երաժշտություն: Դուրս է գալիս գեղեցիկ երիտասարդն ու սկսում է պարել Լոլիտայի և Սաթենի հետ: Ֆլամենկոն վերածվում է պորտապարի, հետո երիտասարդն աննկատ հեռանում է, իսկ բոլորը շարունակում են պարել պորտապար, որը վերածվում է կանկանի: Քիչ անց ծիծաղելով փլվում են բազմեցին: Տիգրանան առաջարկում է մի բան խմել… Թեթև, կիսաքաղցր կարմիր գինի, որն անհրաժեշտ է հղիներին: Խմում են Սաթենի կենացը, որը, պարզվում է, շատ լավ աղջիկ է և իզուր այդքան տարի կորցրել է իրենց ընկերակցությունից: Սկսում են հիշել մանկության տարիները, ուսուցիչներին, ընդհանուր ծանոթների… Ի՞նչ կար այն ժամանակ բոլորին միավորող… Ֆիզիկայի դասատուն… Հռհռում են… Մաքսը… Ա՜խ, ի՜նչ տղա էր, օ՜խ, ի՜նչ տղա էր, ի՜նչ մարմին ուներ, ոնց որ արքայազն՝ արաբական հեքիաթից… ի՜նչ խելացի էր, ինչպե՛ս էինք բոլորս սիրահարված Մաքսին… Դու է՞լ… Ես էլ… Իսկ դո՞ւ… Ես էլ…

ՏԻԳՐԱՆԱ — Բայց Մաքսին բոլորից շատ սիրահարված էր Վանդան:

ՎԱՆԴԱ — Իմիջիայլոց, արդեն մեկ ամիս է, ինչ նա մեր ընկերության տնօրենն է: 

ՎԵՐՈՆԻԿ – Ինչպե՞ս թե…

ՏԻԳՐԱՆԱ – Լո՞ւրջ ես ասում… 

ԼՈԼԻՏԱ – Հետո՞…

ՍԱԹԵՆ – Այո՛, այո՛, ամուսինս պատմել է Եվրոպայից վերադարձած տնտեսագետ փաստաբանի մասին, ուրեմն դա մեր Մա՞քսն է…

ՎԵՐՈՆԻԿ — Եվ ի՞նչ…

ԼՈԼԻՏԱ — Հետը խոսեցի՞ր…

ՏԻԳՐԱՆԱ – Ճանաչե՞ց քեզ…

ՍԱԹԵՆ — Ախր, դու շատ լո՜ւրջ էիր սիրահարված…

ՏԻԳՐԱՆԱ – Լո՞ւրջ… Մաքս անունով արդեն երկրորդ կատվին է պահում…

ՎԵՐՈՆԻԿ — Վանդայի մաքսամանիան վաղուց անցել է խելագարության սահմանները, համոզված եմ, որ նույնիսկ կուսությունը ի սեր Մաքսի է պահպանել…

ՎԱՆԴԱ – Վերջացրո՛ւ… Նա ինձ ճանաչեց և առաջինը մոտեցավ… նույնիսկ երեկոյան ընթրիքի հրավիրեց:

ՎԵՐՈՆԻԿ – Ինչպե՞ս թե…

ՏԻԳՐԱՆԱ – Ե՞րբ…

ԼՈԼԻՏԱ — Այ քեզ բա՜ն…

ՎԵՐՈՆԻԿ — Բա ինչո՞ւ մինչև հիմա մեզ ոչինչ չես ասել:

ՏԻԳՐԱՆԱ – Հետո՞…

ԼՈԼԻՏԱ – Գնացի՞ր… ի՞նչ էիր հագել…

ՏԻԳՐԱՆԱ — Ո՞ւր հրավիրեց…

ՎԵՐՈՆԻԿ — Վերջն ի՞նչ եղավ…

ԼՈԼԻՏԱ — Մի բան եղա՞վ…

ՏԻԳՐԱՆԱ — Շուտ ասեիր, խելո՛ք, դեռ չհագած երեկոյան զգեստ ունեմ, այդ առիթով թույլ կտայի, որ առաջինը դու հագնես:

ՎԵՐՈՆԻԿ — Հավատս չի գալիս… Մաքսը քեզ հրավիրել է ընթրիքի…

ՍԱԹԵՆ — Ուրեմն, քեզ ճանաչե՞ց…

ՏԻԳՐԱՆԱ – Ամուսնացա՞ծ է…

ՎԵՐՈՆԻԿ — Շուտ արա, ասա՛, ո՞նց էր…

ԼՈԼԻՏԱ — Վերջը մի բան եղա՞վ…

ՎԱՆԴԱ – Հանգստացե՛ք, աղջիկներ… Նա շատ դժբախտ ու միայնակ մարդ է: 

Բոլորը մի պահ սսկվում եմ:

ՏԻԳՐԱՆԱ – Ի՞նչ է պատահել, հո հիվանդ չի՞…

ՎԱՆԴԱ — Ոչ:

ՎԵՐՈՆԻԿ — Վերջը պատմելո՞ւ ես, թե՞ չէ… 

ՎԱՆԴԱ — Եթե սուս անեք, կպատմեմ… Երբ տեսա նրան, մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ, ծնկներս թուլացան, կոկորդս չորացավ, այնպիսի էյֆորիայի մեջ ընկա, որ եթե մատով դիպչեր ինձ, պատրաստ էի ընդհանուր ժողովի սեղանին տրվել նրան: Նա ժպտալով մոտեցավ… ասաց՝ Վանդա՞, գեղեցկուհի ես դարձել: Քանի տարի է անցել, ինչպե՜ս ես փոխվել… Ո՞վ կմտածեր, որ երկար հյուսքերով ամաչկոտ Վանդան այսպիսի շքեղ կին կդառնա… Այնպես էի պապանձվել, որ վախենում էի շնչել: Հետո հրավիրեց «Լա Լունա»՝ ընթրիքի:

ՎԵՐՈՆԻԿ — «Լա Լունա՞»… Ճաշակով տղա է մեր Մաքսիկը:

ՏԻԳՐԱՆԱ — Ես կասեի՝ քսակով: 

ԼՈԼԻՏԱ — Հետո՞…

ՎԵՐՈՆԻԿ – Հետո՞…

ՎԱՆԴԱ — Այնպես էի ինձ կորցրել, որ չեմ հիշում, թե ինչ եմ ասել, բայց չհասցրի նույնիսկ տուն գնալ՝ երեկոյան զգեստ հագնելու: Ժողովից հետո նստեցրեց մեքենան ու տարավ «Լա Լունա»… Չեմ հիշում՝ սկզբում ինչի մասին էինք խոսում… միայն հիշում եմ, որ հաստատ որոշել էի սիրտս բացել: Եթե անգամ ծիծաղեր ու մերժեր… Որոշել էի ասել, որ նա է կյանքիս միակ սերն ու երազանքը, որ դպրոցն ավարտելուց հետո տասնվեց տարի միայն նրան եմ տեսնում երազներում, որ եթե ինձ որպես կին չսիրի, մինչև կյանքիս վերջը ոչ մեկին թույլ չեմ տա դիպչել ինձ…

ՏԻԳՐԱՆԱ – Նա՞ ինչ էր ասում…

ՎԱՆԴԱ — Հաճոյախոսում էր, այնպիսի գեղեցիկ բաներ էր ասում, որ… որ քիչ էր մնում՝ երջանկությունից խելքս թռցնեի: Ախր, ճիշտ այդպիսին եմ տեսել նրան տասնվեց տարի, ճիշտ նույն բառերն եմ լսել նրա շուրթերից իմ բոլոր երազներում…

ՎԵՐՈՆԻԿ – Ե՞վ…

ՎԱՆԴԱ — Եվ նստեցինք, շամպայն խմեցինք, ընթրեցինք… Գլուխս պտտվում էր երանությունից…

ՏԻԳՐԱՆԱ – Հետո՞…

ԼՈԼԻՏԱ – Ասացի՞ր…

ՎԵՐՈՆԻԿ — Իր մոտ գնացի՞ք…

ՏԻԳՐԱՆԱ — Քեզ տուն ուղեկցելուց առաջ ոչինչ չառաջարկե՞ց…

ՎԵՐՈՆԻԿ — Գոնե համբուրվեցի՞ք… 

ՎԱՆԴԱ — Նա խոսում էր ու խոսում, որ պարզապես երջանիկ է, որ աշխատելու ենք նույն ընկերությունում, անմիջապես բարձրացում առաջարկեց՝ տնօրենի օգնական PR-ի գծով…

ԼՈԼԻՏԱ – Wow! Դեո անկողին չմրտա՞ծ….

ՎԱՆԴԱ — (բեկբեկուն ձայնով գոռում է): Լոլիտա, անկողին չի եղել և չի էլ կարող լինե՛լ… 

ԼՈԼԻՏԱ — Քաղցրիկս, քեզ ի՞նչ եղավ…

ՎԵՐՈՆԻԿ — Հո չի՞ նեղացրել… կոպիտ չի՞ եղել քեզ հետ…

ԼՈԼԻՏԱ — Ես ուղղակի ուրախանում էի քեզ համար, անուշիկս, հանգստացի՛ր…

ՏԻԳՐԱՆԱ — Բայց ինչո՞ւ, ի՞նչն է պատճառ, որ…

ՎԱՆԴԱ — Նա աշխարհի ամենացանկալի տղամարդն էր այդ մեկուկես ժամվա ընթացքում… Երբ զարմացա, որ հիշում է ինձ, ասաց՝ ինչպե՞ս կարող էր մոռանալ իմ գեղեցիկ ու բարի աչքերը, որ կյանքում դեռ ինձ նման մաքուր ու բարի, կարեկից ու հասկացող մարդու չի հանդիպել: Ասաց, որ ինձ նման սրտակից բարեկամի կարիքը շատ ունի, որ ես ուղղակի ճակատագրի նվեր եմ, որ դժբախտության պահին ինձ նման հասկացող ընկերն ուղղակի Աստծո պարգև էր… Ասաց, որ շատ դժբախտ է ու շատ միայնակ այն օրից ի վեր, ինչ… ինչ բաժանվել է իր… Ուգոյից:

ՎԵՐՈՆԻԿ – Ուգոյի՞ց…

ՏԻԳՐԱՆԱ — Ումի՞ց…

ԼՈԼԻՏԱ – Վա՜յ, մամա՛ ջան…

ՏԻԳՐԱՆԱ — Ուրեմն… թո՛ւ, գրողի տարած… արվամո՞լ է…

ՎԵՐՈՆԻԿ – Միասեռակա՜ն… Քոռանամ ես, էն գոզալ տղե՞ն…

ՏԻԳՐԱՆԱ – Ի՜հ, մի շտապիր քոռանալ… Կարող է և բիսեքսուալ լինել:

ԼՈԼԻՏԱ – Ուրեմն՝ համ ըսենց, համ ընեն՞ց…

ՎԵՐՈՆԻԿ — Թուհ, թուհ, ես նրա հետ համբուրվել եմ ութերորդ դասարանում…

ԼՈԼԻՏԱ — Վերոնի՞կ… Է՞լ ինչ ես արել: 

ՎԵՐՈՆԻԿ — Ընդամենը համբուրվել եմ, ու մի մոռանա, որ երեխա էինք:

ՏԻԳՐԱՆԱ — Վանդա, հոգյա՛կս, հանգստացիր, քա՛ղցրս…

ԼՈԼԻՏԱ — Վանդա, հանգստացի՛ր…

ՎԵՐՈՆԻԿ – Թողե՛ք, թողե՛ք լաց լինի… ու հասկանա, որ մի տղամարդու խաթեր, որը, պարզվում է, ըսկի տղամարդ էլ չի, ամբողջ կյանքում կույս մնալը շատ մեծ հիմարություն է: 

ՏԻԳՐԱՆԱ — Վանդա, խելո՛քս, քեզ մի տանջիր, այսպես նույնիսկ ավելի լավ եղավ… 

ՎԵՐՈՆԻԿ — Բա որ սիրեիք իրար, ամուսնանայիք ու հետո պարզվեր, որ…

Վանդան աղիողորմ լաց է լինում, աղջիկները սփոփում են նրան, թեյ բերում, բրենդի տալիս, ձեռքերը շփում, հերթով գրկում ու գուրգուրում:

ԼՈԼԻՏԱ – Է՛խ, Մա՛քս, Մա՛քս… Այդպես հեռանում են լավագույն տղաները…

ՎԵՐՈՆԻԿ — Իմիջիայլոց, տատս, հոգին լուսավորվի, ասում էր, որ այդ տղայի մեջ ինչ-որ անբնական բան կա…

ՍԱԹԵՆ — Ես վաղուց գիտեի… Մենք ուղղակի չենք շփվել, որպեսզի քեզ ասեի, իսկ երբ սկսեցիր պատմել, արդեն գիտեի, թե ինչով է վերջանալու պատմությունդ:

ԼՈԼԻՏԱ — Բայց ի՜նչ անարդարացի է, աղջիկներ…

ՎԵՐՈՆԻԿ — Եվ ի՞նչ, մի՞թե դրա դեմ որևէ դեղ չկա…

ԼՈԼԻՏԱ — Դա հո հիվանդություն չէ, հիմարի՛կ…

ՎԵՐՈՆԻԿ — Բա ի՞նչ է…

ԼՈԼԻՏԱ – Օ՜ֆ, հիմա ժամանակ չունեմ քեզ տեսական բացատրություն տալու…

ՎԵՐՈՆԻԿ — Բայց առաջ ինչո՞ւ նման բաներ չկային…

ՏԻԳՐԱՆԱ – Միամի՛տ, դա աշխարհի պես հին երևույթ է, ուղղակի առաջ վախենում էին այդ մասին բարձրաձայն խոսել և հպարտանում էին, որ դա չեն հանդուրժում, իսկ հիմա բարձրաձայն հպարտանում են ու վախենում, որ հանկարծ իրենց չմեղադրեն անհանդուրժողականության մեջ:

ՎԵՐՈՆԻԿ — Մոդայի նման բան է կանցնի, կգնա:

ՍԱԹԵՆ – Ի՞նչ ես խոսում, աշխարհը շուտով հենց դրանց նմաններինն է լինելու, եթե արդեն նրանցը չէ…

ԼՈԼԻՏԱ — Հա, ավելի լավ է, թող նրանցը լինի, քան գռեհիկ, բիրտ ու անուղեղ, անասուն որձերինը…

ՏԻԳՐԱՆԱ – Օ՜ֆ, չգիտեմ, աղջիկներ… Ոչ էն է մի բան, ոչ՝ մյուսը: Երևի թե մեղավորը մենք ենք, որ թույլ ենք տալիս որձերին ընկնել երկու ծայրահեղություններից մեկի մեջ: Մենք դեռ մինչև վերջ չենք հասկացել մեր առաքելությունը… Աշխարհը կարող է պատկանել նաև խելացի և առողջ նախասիրություններով կանանց, եթե միայն նրանք հասկանան, որ այղ երկու ծայրահեղությունների միջև տղամարդկանց հավասարակշռության մեջ պահող միակ զորեղ ուժը իրենք են:

ՍԱԹԵՆ — Բայց ինչպիսի հիասթափությո՜ւն… 

ԼՈԼԻՏԱ – Խե՜ղճ քույրիկս…

ՎԵՐՈՆԻԿ — Հիմա արդեն գիտես՝ ինչն ինչոց է, հուսով եմ, այլևս քեզ միանձնուհու պես չես պահի:

ՎԱՆԴԱ – Ո՛չ, ես հիասթափված չեմ… Ես սպասում էի, որ դրա նման մի բան կլինի: Ես պատրաստ էի ընդունել, որ մենք միասին չենք լինի, ուղղակի շատ շփոթվեցի նման շրջադարձից… Միևնույն է, սիրում եմ նրան… կամ այն կերպարը, որն արդեն ընդմիշտ դաջված է իմ հոգում: Նա ինձ անկեղծ ընկերություն առաջարկեց և… և ես չմերժեցի: Ես էլ նրանից մի բան խնդրեցի ու նա ինձ չմերժեց, անգամ ասաց, որ դա իր գերագույն երազանքն էլ է… Չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ: Նա ինձ չմերժեց, այսուհետ մի ընդհանուր բան եմ ունենալու նրա հետ: Հավատացե՛ք, ինձ ավելին պետք չէ: Ես նույնիսկ չէի կարող երազել նման երջանկության մասին:

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ ՎԱԼՍ

Դուրս է գալիս գեղեցիկ, սլացիկ երիտասարդ և սկսում է վալս պարել Վանդայի հետ, հետո՝ Տիգրանայի, Լոլիտայի, Վերոնիկի և Սաթենի հետ:

ՎԵՐՈՆԻԿ — Այդ ի՞նչ ես խնդրել նրանից, որ չի մերժել:

ՏԻԳՐԱՆԱ — Հուսով եմ, խելքդ հերիքեց, որ չհրաժարվես պաշտոնի բարձրացումից: 

ՍԱԹԵՆ — Իմիջիայլոց, ես էլ կարող եմ միջամտել պաշտոնիդ բարձրացմանը:

ԼՈԼԻՏԱ — Շատ հետաքրքիր է, թե նա ինչ կարող է քեզ տալ:

ՎԱՆԴԱ — Նրան ասացի, որ իմ ամենամեծ ցանկությունը երեխա ունենալն է: Բայց չեմ կարող դավաճանել իմ սիրուն և ուրիշ տղամարդու հետ լինել… իսկ առանց սիրելու ես չեմ ամուսնանա: Նրան խնդրեցի, որ օգնի արհեստական բեղմնավորման հարցում:

ՎԵՐՈՆԻԿ — Միայն դու կարող էիր նման ցնդած բան ուզել:

ՏԻԳՐԱՆԱ — Այ քեզ բա՜ն… և ինչպե՞ս ես դա պատկերացնում:

ԼՈԼԻՏԱ — Ինչ հրաշալի կլինի, ուրեմն միասին կմեծացնենք:

ՍԱԹԵՆ — Նա մեծ հնարավորությունների տեր մարդ է, բայց մի շարք էթիկական և իրավական… մի խոսքով, հարցեր կան: 

ՎԵՐՈՆԻԿ — Քեզ ի՞նչ պատասխանեց: 

ՎԱՆԴԱ – Ասաց՝ կհամաձայնե՞մ, եթե երեխայիս որդեգրի:

ԼՈԼԻՏԱ — Այ, տղա եմ ասել… ի՜նչ տղամարդ արվամոլ դուրս եկավ:

ՏԻԳՐԱՆԱ — Ինձ անհասկանալի է դրա իրավաբանական կողմը:

ՍԱԹԵՆ — Ուրեմն, նա պատրաստ է հոգալ քո և երեխայի բոլոր ծախսե՞րը:

ՎԱՆԴԱ — Դեռ ավելին… Նա ասաց, որ երջանիկ կլինի, եթե իրեն համարեմ ընտանիքիս անդամը և կհոգա ոչ միայն հղիության ծախսերը, այլև երեխայի բոլոր, անգամ կրթության ծախսերը: Իսկ եթե երեխան դառնա հոգեզավակը՝ իր ազգանունը կտա:

ՎԵՐՈՆԻԿ — Էլ չեմ դիմանում… ուղղակի հրաշք է: Կոկորդս սեղմվեց, Աստվա՜ծ իմ:

ՏԻԳՐԱՆԱ – Ե՞րբ է կայանալու շատ արկածախնդիր գիտա-իրավական գործողությունը: 

ՎԱՆԴԱ — Արդեն…

ՏԻԳՐԱՆԱ — Ինչպես թե…

ԼՈԼԻՏԱ – Ե՞րբ հասցրիք…

ՎԵՐՈՆԻԿ — Այ դու տափո՛ւկ, օձի կծա՛ծ, ուրեմն դրա համա՞ր էիր գինեկոլոգի մոտ գնում առանց ինձ… Լավ, ի՞նչ կլիներ, որ ավելի շուտ ասած լինեիր:

ՏԻԳՐԱՆԱ — Ես քեզ չեմ ների, որ ամեն ինչ արել ես առանց խորհրդակցելու:

ՍԱԹԵՆ — Ֆանտաստիկ է… ուզում ես ասել, որ արդեն հղի՞ ես: Պետք է խորհրդակցեիր աղջիկների հետ:

ՎԱՆԴԱ — Ներեցեք ինձ, աղջիկնե՛ր, բայց ես…

ԼՈԼԻՏԱ – Վերջացրո՛ւ, ումի՞ց ես ներողություն խնդրում, այ խելառ… Իսկ դու, Տիգրա, ձայնդ կտրի՛ր: Ապրե՛ս, ամեն ինչ շատ լավ ես արել:

ՎԵՐՈՆԻԿ — Ես դեռ ուշքի չեմ եկել… Աստված իմ, ուրեմն Վանդան նույնպես հղի է… Ինչ հրաշք է…

ԼՈԼԻՏԱ — Չես պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ քեզ համար…

ՏԻԳՐԱՆԱ – Լա՛վ, երևի շատ կոպիտ ասացի… իհարկե, քո գործն է, բայց դուք, հուսով եմ, ինչ-որ թղթեր եք ստորագրել կամ պայմանագիր եք կնքել: Հասկացի՛ր, սիրելի՛ս, այնպես չլինի, որ հետո առանց միջոցների մնաս, երեխայի հետ՝ մենակ:

ԼՈԼԻՏԱ — Ա՜հ, աշխարհը մեծ է… Վանդայի նման խելոք ու աշխատասեր կինը առանց միջոցների չի մնա: Նույնիսկ ես չեմ անհանգստանում, ուր մնաց՝ Վանդան անհանգստանա: 

ՎԱՆԴԱ – Պատկերացնո՞ւմ եք, ինքն ինձ այստեղ բերեց:

ՏԻԳՐԱՆԱ — Համենայնդեպս, լավ կլինի, եթե ինձ ցույց տաս ձեր բոլոր թղթերը: Հուսով եմ, ինչ-որ թղթեր ստորագրել եք, չէ՞…

ՎԱՆԴԱ — Հա, ստորագրել ենք… պայուսակիս մեջ են:

ՍԱԹԵՆ — Ինչ լավ է ընտանիքում փաստաբան ունենալը:

ՎԵՐՈՆԻԿ — Գոնե մեկնումեկս գինեկոլոգ լիներ…

ՍԱԹԵՆ — Իսկ ձեր կարծիքով, ես հինգ տարի ի՞նչ եմ ուսումնասիրել:

ԼՈԼԻՏԱ – Լո՞ւրջ ես ասում… Ինչ լավ է, ուրեմն ազատվեցի գինեկոլոգիական ծախսերից: 

ՍԱԹԵՆ — Խնդիր չունես:

ՏԻԳՐԱՆԱ — Տեսնում եմ, մենք այսօր տոնելու հրաշալի առիթներ ունենք:

ՎԵՐՈՆԻԿ — Այս ի՜նչ օր էր… ի՜նչ հրաշալի նորություններ իմացանք:

ԼՈԼԻՏԱ — Եկեք մի բան ուտենք, սովից մեռնում եմ: Առավել ևս, որ բոլորս, օյ, ներեցեք, ճնշող մեծամասնությունը հղի ենք:

Հռհռալով մոտենում են սեղանին:

ՎԱՆԴԱ — Տիգրա, ինչո՞ւ էիր պնդում, որ այսօր քեզ մոտ գանք…

ՏԻԳՐԱՆԱ — Սիրելիներս, կարծում եմ, շատ օրինաչափ է, որ մենք ընկերուհիներ ենք: Միայն հարազատ ընկերուհիները, անգամ չկիսվելով միմյանց հետ, կարող են այնքան համահունչ զգացմունքային վիճակներում լինել, ինչպես մենք, և դա ինձ կրկին անգամ հավաստիացրեց, որ մեր ընկերությունը պատահական չէ: Աստված է մեզ ուղարկել միմյանց կողքին լինելու համար:

ԼՈԼԻՏԱ — Որ խնդրեմ, հետո այդ բառերը չե՞ս կրկնի… գրի կառնեմ մի տեղ օգտագործելու համար:

ՎԵՐՈՆԻԿ – Զգո՛ւյշ, նա հեղինակային իրավունքի համար հոնորար կպահանջի:

ՎԱՆԴԱ – Վերջացրե՛ք, թողե՛ք խոսի, ես սկսել եմ ինչ-որ բաներ կռահել…

ԼՈԼԻՏԱ — Իրոք, առանց մի բան ասելու, երեք շաբաթով ո՞ւր էիր գնացել:

ՍԱԹԵՆ – Ի՜նչ լավն եք, աղջիկներ, չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ, որ ձեզ հետ եմ:

ՏԻԳՐԱՆԱ — Փարիզ էի գնացել, հետո Հռոմ…

ՎԵՐՈՆԻԿ – Օ՜… ես էլ սկսեցի ինչ-որ բաներ կռահել:

ՍԱԹԵՆ — Ուրեմն, իրոք, բոլոր ճանապարհները Հռոմ են տանում:

ԼՈԼԻՏԱ — Ո՜չ, սիրելիս, բոլոր ճանապարհները տուն են տանում:

ՏԻԳՐԱՆԱ – Խելո՛քս, դու միանշանակ սկսել ես հիացնել ինձ: Շատ ճիշտ ասացիր՝ բոլոր ճանապարհները տուն են տանում, ահա ինչու ես ձեզ հետ եմ և իմ տանը…

ՎԵՐՈՆԻԿ — Դե ասա՛, վերջապես… արտաշնչի՛ր… ծնի՛ր… (Հռհռում են:)

ՏԻԳՐԱՆԱ — Ասածդ հեռու չի ճշմարտությունից: Ոչ մեկդ երևի ուշադրություն չի դարձրել, երբ Ծննդյան տոներին ասացի, որ ուզում եմ երեխա ունենալ:

ՎԵՐՈՆԻԿ – Ինչպե՞ս թե՝ չի դարձրել, քո կարծիքով, հիմա ո՞ւմ գաղափարական ազդեցության զոհերն ենք:

ԼՈԼԻՏԱ — Մոռանում ես, որ մեր բոլոր լավ գործերի իրական գաղափարախոսը դու ես եղել: Եթե մի օր ասես, որ գնալու ենք բանկ թալանելու, չզարմանաս, որ չորս ամիս անց պատրաստ լինենք նման գործողության:

ՎԱՆԴԱ — Հնարավոր է… Բայց պետք է խոստովանել, որ մեր բոլոր սքանչելի գաղափարները առաջին հերթին քո գլխում են ծնվել: 

ՏԻԳՐԱՆԱ — Ես երկար մտածեցի և որոշեցի, որ մեծերն իզուր չեն ասում, որ փորձած թանը անփորձ մածունից լավ է, ու քանի որ կողմնակից եմ միայն բնական գործողություններով ստացված արդյունքներին, հատկապես եթե դա վերաբերում է կյանքին և առողջությանը, որոշեցի դիմել նախկին ամուսիններիս՝ առաջարկելով անել այն, ինչը ժամանակին հիմարաբար չեմ արել:

ԼՈԼԻՏԱ — Դու ֆանտաստիկ իմաստուն կին ես:

ՎԵՐՈՆԻԿ — Էլ չեմ դիմանում, միանգամից ասա, մի՞թե դու էլ հղի ես…

ՎԱՆԴԱ – Ի՜նչ խելացի բան ես արել, գուցե կրկին միանաս… ըըմ, մեկնումեկի հետ: 

ՍԱԹԵՆ – Աղջիկնե՛ր, դուք հրաշք եք: 

ՏԻԳՐԱՆԱ – Պատկերացնո՞ւմ եք, երեքն էլ արձագանքեցին… (Հռհռում են:) Երկուսին հանդիպեցի Փարիզում:

ՎԵՐՈՆԻԿ — Միասի՞ն…

ԼՈԼԻՏԱ — Խելքդ թռցրի՞ր…

ՏԻԳՐԱՆԱ — Բնականաբար, առանձին-առանձին… Պարզեցի, որ երկրորդս կրկին ամուսնացել է և պատճառ է փնտրում կնոջից փախչելու համար: Երրորդը հայրիկ դառնալու դեռ պատրաստ չէ, թեև առաջին անգամ կյանքում անվերապահ պատրաստակամություն հայտնեց մասնակցելու իմ առաջարկածին: Իսկ առաջինը չեկավ…

ԼՈԼԻՏԱ — Ես չէի էլ կասկածում… Նա սիրում էր քեզ և կարգին տղա էր:

ՎԱՆԴԱ — Նա չէր գա: Նրա նման հպարտ անձնավորությունը… Հաստատ գլխի էր ընկել, որ նման խաղեր ես խաղալու և չէր մասնակցի դրան…

ՎԵՐՈՆԻԿ – Ափսո՜ս…

ՏԻԳՐԱՆԱ — Նա ինձ զանգեց… Եվ ասաց, որ պատրաստ է ինձ եռակի անգամ մայրիկ դարձնել, եթե միայն ինքս գնամ նրա մոտ ու ամուսնանամ:

ԼՈԼԻՏԱ — Ա՜խ… տղա եմ ասել…

ՎԵՐՈՆԻԿ — Ասում ես՝ Հռոմի՞ց ես գալիս: 

ՎԱՆԴԱ – Իրո՞ք գնացիր…

ՏԻԳՐԱՆԱ – Այո՛: 

ԲՈԼՈՐԸ – Ե՞վ…

ՏԻԳՐԱՆԱ — Եվ հրավիրել էի ձեզ ասելու իմ մեծ նորությունը… Բայց բոլորդ ինձնից առաջ անցաք: Երկու շաբաթից մենք նորից միասին կլինենք: Եվ ինձ թվում է… ես նույնպես հղի եմ:

Դռան զանգ, ծիծաղելով զարմացած իրար են նայում: Մի երիտասարդ բերում է ահռելի մեծության ծաղկեփունջ:

ԱՂՋԻԿՆԵՐ — Օ՜խ… ա՜խ… ի՜նչ հրաշք է… ի՜նչ շքեղ ծաղկեփունջ է… ո՞վ է ուղարկել…

ՏԻԳՐԱՆԱ — Տարօրինակ է, ձեզնից բացի ոչ ոք չգիտեր, որ այսօր տանն եմ լինելու: 

ՎԵՐՈՆԻԿ — Այստեղ երկտող կա: 

ԼՈԼԻՏԱ — Հիմա կտեսնենք, թե ումից է: 

ՏԻԳՐԱՆԱ — Ստորագրություն չկա… Ոչ էլ գրված է, թե ում համար է… (Վերցնում է երկտողը և հուզված կարդում).

ԻՄ ՄԻԱԿ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ

ՆԵՐԻՐ ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ,

ԵՎ ԱՅՍՈԻՀԵՏ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՂԻՐ: 

ՎԵՐՈՆԻԿ — (թռցնում է երկտողը և հուզված, արցունքոտ աչքերով կարդում).

ԻՄ ՄԻԱԿ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ,

ՆԵՐԻՐ ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ,

ԵՎ ԱՅՍՈԻՀԵՏ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՂԻՐ: 

ԼՈԼԻՏԱ — (վերցնում է երկտողը, նայում պիտակին, բազմանշանակ ժպտում, կարդում զգացմունքային ու հաղթական).

ԻՄ ՄԻԱԿ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ,

ՆԵՐԻՐ ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

ԵՎ ԱՅՍՈԻՀԵՏ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՂԻՐ: 

ՍԱԹԵՆ — (զսպելով արցունքները՝ վերցնում է երկտողը, լացակումած կարդում).

ԻՄ ՄԻԱԿ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ,

ՆԵՐԻՐ ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

ԵՎ ԱՅՍՈԻՀԵՏ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՂԻՐ: 

ՎԱՆԴԱ — (վերցնում է երկտողը, մեղմ ժպտալով ու անսահման երջանիկ կարդում).

ԻՄ ՄԻԱԿ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ, 

ՆԵՐԻՐ ԻՆՁ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ 

ԵՎ ԱՅՍՈԻՀԵՏ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՂԻՐ:

Երաժշտություն, բոլորը պարում են ռումբա գեղեցիկ երիտասարդի հետ:

ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Հիվանդասենյակ: Կողք-կողքի մահճակալների վրա պառկած են Վանդան ու Լոլիտան: Տիգրանան ու Սաթենը մեծ փորիկներով, անվավոր աթոռի վրա ներս են գլորում Վերոնիկին: Երաժշտություն և նորածին երեխաների լաց:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։