Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ/ «ԱԳՌԱՎԱՔԱՐ»
Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱԳՌԱՎԱՔԱՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում
Բառի ուղիղ իմաստով ճշմարիտ պատմություն ու պատմական հիշողություն չունենք, եղածն էլ, մեր իսկ մեղքով, թերի է ու սահմանափակ: Եթե պատմություն՝ ապա մերը առհասարակ մարդ արարածի պատմությունն է՝ տարածության ու ժամանակի մեջ՝ իր ողջ վերուվարումներով: Մեզ հատուկ է գոյության իրական-առասպելական կենսակերպի շաղախը: Մեզանում երբեմն մարդկային դժնի ճակատագիրն ընդհանրանում է առանձին խավերի, նույնիսկ՝ ողջ ազգի գոյապայքարով:
Նվազագույն ձեռքբերումները չպանծացրինք, վատից երբեք դաս չառանք ու բնավորման բնազդով, ծննդկան մոր պես, շատ հաճախ բավարարվեցինք առաջնեկի սպասման ոգևորությամբ միայն: Հայ գրականության վերջին ժամանակների մեծագույն գրողի՝ Հրանտ Մաթևոսյանի խորհրդով՝ այսուհետ ոչ թե մեջքներիս կպած պարտությունների սև ջադուն պիտի կրենք, այլ կարմիրներ հագած ու հաղթանակների ձին հեծած՝ դուրս գանք… Ագռավաքարից:
Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԳՌԱՎԱՔԱՐ
Դրամա 5 գործողությամբ
Գործող անձինք
ԳԵՎՈՐԳ ԵՂՅԱՆ — բանաստեղծ, 40 տարեկան
ՆԱԶԵԼԻ — Եղյանի կինը, 30 տ.
ՀԱՍՄԻԿ — Եղյանի բարեկամուհին, 35 տ.
ԱՐԱՐԱՏ ՄԱՍԻՍՅԱՆ — Եղյանի մտերիմ ընկերը, գրող, 43 տ.
ՎՌԱՄ ՆԱԴԻՐՅԱՆ — սկսնակ գրող, 28 տ.
ԳԱԳԱԹ ԳՆԹՈՒՆԻ — ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար, 45 տ.
ՏԵԼԵՄԱԿ ԱՉԵՐՅԱՆ — ՀԿԿ Կենտկոմի գործերի կառավարիչ, 42 տ.
ՄԻՍԱԿ ԼՍԱԿՅԱՆ — ՀԿԿ Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ, 55 տ.
ԳՈՌ ԷԽՅԱՆ (Գոռեխ) — ՀԿԿ Կենտկոմի կուսվերահսկողության հանձնաժողովի նախագահ, 35 տ.
ՄԱՐՏԻԿ ՀՈՏԱՌՅԱՆ — պետանվտանգության պետ, 40 տ.
ԶԱՐՄԱՅՐ ԲԱԲԱԽԱՆՑԱՆ — ոստիկանապետ, 40 տ.
ԿԻՐՊՈՏԻՆ — գրաքննադատ, 50 տ.
ՓԱՅԼԱԿ ՊՈՂՊԱՏՅԱՆ — գրողների միության նախագահ, 55 տ.
Գրողներ
ՍԵԴՐԱԿ ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ — 42 տ.
ԳԱՌՆԻԿ ՈՐԲՈՒՆԻ — 45 տ.
ՊԱՅՔԱՐ ԿԵՏԻԿՅԱՆ — 40 տ.
ԱՆՆԱ ԶՈՎՈԻՆՑ — 30 տ.
ՔԱՐՎԱՃԱՌ — բանտապետ, 55 տ.
ԲԱԲԿԵՆ — 60-ին մոտ մեկը
Բանտապահ
Երկու ոստիկան
Չորս ուրվական, որոնք հինգերորդ գործողության մեջ փոխակերպվում են հարալեզների
Երկու գթության քույր
Սպառազեն արքա
Դեպքերը տեղի են ունենում 20-րդ դարի 30-ական թվականներին:
Նախքան վարագույրի բացվելը հնչում են մուրճի ռիթմիկ զարկեր: Բեմի աջ կողմում՝ գրասեղան, վրան՝ հնաոճ հեռախոս, գրքեր, թղթապանակներ, ցիրուցան թղթեր: Գրապահարան: Սենյակի կենտրոնում կախված է մեծ, նախշազարդ գորգ կամ կարպետ: Պատերին՝ մի քանի գրաֆիկական գործեր: Ձախ կողմում թախտն է, վրան՝ բարձիկներ: Թախտի դիմաց՝ փոքրիկ սեղան, վրան՝ կոնյակի շիշ, բաժակներ, լավաշով, բաստուրմայով ու ձիթապտղով լի ափսեներ, սեղանի կողքին՝ բազկաթոռ: Ձախից մտնում է Եղյանը, մի ձեռքին գիրք է, մյուսում՝ ծխախոտ:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈԻՆ ԱՌԱՋԻՆ
Պատկեր 1
ԵՂՅԱՆ — (բարձրաձայն ընթերցում է): …Եվ պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով… (Մոտենում գրասեղանին, հանգցնում ծխախոտը, կանգնած սկսում է գրել:)
ՆԱԶԵԼԻ — (մտնում է, փոքր-ինչ նեղսրտած): Վերջապես սիրասուն աղջիկդ քնեց…
ԵՂՅԱՆ — (հայացքը թղթից չկտրելով): Ասում ես՝ քնե՞ց: (Վերամբարձ տոնով:) Տնայի՛ն պրինցուհիդ իմ, ի՛մ Նազելի, խնդրում եմ հաշվի առնել և երբեք չմոռանալ, որ պոետիս ուրախությունն ու մուսան իմ աննման բալիկով են պայմանավորված:
ՆԱԶԵԼԻ — Հոգիս հանեց քո այդ ուրախություն-մուսան: (Քնքշանքով:) Գևո՛րգ, ի՜նչ սիրուն, ի՜նչ անուշիկն է…
ԵՂՅԱՆ — (արտիստիկ): Իմ արյունն է… Անկեղծ ասա՝ իսկը իմ կտորն է, չէ՞, Նազ ջան:
ՆԱԶԵԼԻ — (իբր ընդդիմանում է): Դե, իհարկե… ուրեմն, ես նրա հետ ոչ մի կապ չունեմ, հա՞… (Ծիծաղով:) Քո՛նն է, քեզ նման է, քո արյո՜ւնն է, ու վերջ… Ճիշտ ես ասում, նա էլ քեզ նման համառ ու իր ասածի է: Մինչև չեմ երգում՝ աչք չի փակում:
ԵՂՅԱՆ — (փարվում է նրան): Չէ, Նազ ջան, պարզապես երկուսիս մեջ դու… չքնաղ ու մշտագո մի ծիածան ես, առանց քեզ՝ մի գրոշ անգամ չարժենք… (Արտիստիկ:) Իհարկե, չհաշված մեր բնատուր տաղանդը: Երբ մեր կողքին չես, անօգուտ զռռոցից երկուսս էլ թոշնում ենք: (Ծիծաղով:) Տիրուհի՛ս, բեր նրա ակաթի ու կաթի պես հոգեթով բույրն առնեմ մի քիչ: Խոստանում եմ համբուրել զգույշ ու չարթնացնել նրան:
ՆԱԶԵԼԻ — (ազատվելով նրա գրկից): Ես ասում եմ՝ հազիվ քուն մտավ, դու ասում ես՝ բույրն առնեմ…
ԵՂՅԱՆ — Լավ, լավ, մի նեղսրտիր: Գոնե ասա՝ այսօր նրան լողացնելո՞ւ ես…
ՆԱԶԵԼԻ — Երեկոյան անպայման կլողացնեմ: Չգիտե՞ս, առանց չոփիկ անելու չի դիմանում:
ԵՂՅԱՆ — Նազ ջան, անգամ եթե շատ զբաղված լինեմ, չմոռանաս ինձ կանչել, լա՞վ:
ՆԱԶԵԼԻ — Անպայման կկանչեմ, բայց դու ավելի լավ է՝ Արարատին գտիր: Նա, կարծեմ, քեզ կարևոր բան ուներ հայտնելու:
ԵՂՅԱՆ — Արարը զանգե՞լ է… Մի շաբաթ առաջ, երբ հեռախոսը նոր էին տեղադրել, զանգող չկար, հիմա զանգում են ու զանգում: Ե՞րբ է զանգել այդ հանճարեղ դմբոն:
ՆԱԶԵԼԻ — Մեկ ժամ կլինի:
ԵՂՅԱՆ — Բայց ես զանգի ձայն չեմ լսել:
ՆԱԶԵԼԻ — Երբ գրում ես, հարգարժան պոետ, ոչինչ էլ չես լսում:
ԵՂՅԱՆ — Ուրեմն, պատշգամբում եմ եղել… «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա…»: Աչքս չեմ կարողանում կտրել, հասկանո՞ւմ ես… (Կտրուկ շրջվում է:) Ի՞նչ էր ասում Արարը:
ՆԱԶԵԼԻ — Չկամեցա քեզ խանգարել…
ԵՂՅԱՆ — (քիչ նեղսրտած): Գոնե ասեիր՝ մեծարգո ամուսինս տանն է, համեցիր, ընկեր Արարատ: Հո օտար չէ՞… Կարծեմ տեղյակ ես, որ ես ու Արարը համերկրացիներ ենք, նաև՝ մարտական ընկերներ:
ՆԱԶԵԼԻ — Գիտեմ, չեմ մոռացել, որ նա մեր փոքրիկ հարսանիքի բացառիկ հյուրերից մեկն էր:
ԵՂՅԱՆ — Խաչեղբայրը, սիրելիս…
ՆԱԶԵԼԻ – Հա՛, Արարն ասաց… (Քունքերը շփելով:) Աստվա՛ծ իմ, ի՞նչ էր այդ մարդու անունը, միշտ մոռանում եմ… Նա, էլի, մեծ ականջներով սկսնակ գրողը… Ասաց՝ նա էլ հետն է…
ԵՂՅԱՆ – Վռա՞մը:
ՆԱԶԵԼԻ — Հենց նա: Արարն ուզում էր պարզել՝ հարմա՞ր է նորին մեծություն պոետին անհանգստացնել, ու եթե հարմար է, ինչպես ինքն է սիրում ասել. «Զինվա՞ծ գա, թե՞ դրոշ պարզած»:
Ծիծաղում են:
ԵՂՅԱՆ – Պա՛հ, պա՛հ, պա՛հ… Ողորմած հոգի մայրս կասեր՝ «Ինչղա՜ բաներ»: Նազ ջան, տեսնո՞ւմ ես, անգամ Արարն է պատկառում քո բանաստեղծ ամուսնուց: Կարծում ես, հանա՞ք բան է. Փաշայանը չկամեցավ Մոսկվա տանել, իսկ առաջնորդն անձամբ է ինձնով հետաքրքրվել: Բա ո՜նց, թույլտվություն են խնդրում, հա՞… Մի դրանց տես… (Արտիստիկ:) Սիրասուն տիկին իմ, ի՛մ միակ ու անկրկնելի, հիմա հասկացա՞ր, թե ամուսինդ որքան է գնահատված: Հանա՞ք բան է ինձ պես պոետին տեսնել, հետը խոսք փոխանակել, այն էլ՝ սեփական ու նոը բնակարանում: (Ծիծաղով:) Էն օրերը հիշո՞ւմ ես… մեր բնակարանը քարվանսարայի մի սենյակ էր: Տղերքը, իրար առաջ կտրելով, ո՜նց էին գալիս ու գալիս: Հիմա, տեսնո՞ւմ ես, զանգահարում են, կամքս հարցնում… Պրոգրե՜ս, պրոգրե՜ս, Նազ ջան… Այդ փառահեղ դմբոն որ մեկ էլ կզանգահարի, ասա՝ խորհրդային երկրի մեծագույն պոետը կամենում է… գլուխը նաիրապրոլետարական խոհերով լեցուն իր դարդիման ընկերը որքան հնարավոր է՝ շուտ ներկայանա «Եղյան ընտանեկան դրախտ», անձամբ՝ բանաստեղծ Գևորգ Եղյանին: (Քահ-քահ ծիծաղում է:)
ՆԱԶԵԼԻ — Կարծում ես, կզանգահարի՞.. Իսկ ինձ թվում է, քիչ հետո կամ դուռդ կթակի, կամ էլ արդեն Սողոմոնի մոտ քեֆի է նստել: (Անհանգիստ:) Կարո՞ղ է՝ իմ պատասխանը չկամություն համարվեց:
ԵՂՅԱՆ — Եթե այդպես է, լավ չէ, տիրուհիս, ինքս էլ ասելիք ունեի:
ՆԱԶԵԼԻ — Դե… ոչինչ, երեխային հո չէ՞ի կարող ննջարանում մենակ թողնել: Ասացի՝ փոքր-ինչ ուշ զանգահարիր, ինչ կա՞ որ…
ԵՂՅԱՆ — «Պառնասի՞ց» էր զանգահարում:
ՆԱԶԵԼԻ — Չգիտեմ, չասաց: (Դռան թակոց: Պայծառացած:) Ասում էի, չէ՞… Այ, կտեսնես, մարտական ընկերդ է… (Գնում է:)
Պատկեր 2
Մտնում են Նազելին, Արարատն ու Վռամը:
ԱՐԱՐԱՏ — (հանդիսավոր, անբռնազբոսիկ): Ողջո՛ւյն սովետահայ մեծ բանաստեղծին:
ԵՂՅԱՆ — (ողջագուրվում են): Բարով եկաք, տղե՛րք, բարով եկաք:
ԱՐԱՐԱՏ — Եթե մեր այցով խրտնեցրինք որոտընդոստ քո մուսային, ներող եղիր, պոետ եղբայր: (Ծիծաղում են:) Ինչպե՞ս է թանկագին առողջությունդ, սիրելիդ իմ Գևորգ:
ԵՂՅԱՆ — Ընկեր Արարատ, ձեզ տեսնելով ազատվում եմ իմ խստապահանջ մուսայի ճիրաններից ու շունչ առնում փոքր-ինչ: Բայց քո հիշատակած որոտընդոստ մուսան, ի դեպ, մինչ օրս այս պատերից ներս չի մտել: Դու պիտի հիշեիր, որ նրան վաղուց կնության է առել դարբին Հակոբը Հակոբյան: Եվ հետո, խնդրում եմ, խանդի տեսարաններ չսարքել: Բարև, Վռա՛մ Նա-դիր-յան, այսինքն՝ Նրա՝ Տիրոջ, դրածյան. Հա՞: (Ծիծաղում են:) Գիտեմ՝ Արարը քեզ շատ է հավանում, ես էլ ուրախ եմ քեզ կրկին տեսնելուս համար: Դեռ կեղծանուն չե՞ս ընտրել:
ՎՌԱՄ — (խոնարհվելով սեղմում է նրա ձեռքը): Հպարտ եմ ձեր ուշադրությանն արժանանալու համար, ընկե՛ր Եղյան, իսկ կեղծանուն խոստացել եք ինքներդ ընտրել:
ԵՂՅԱՆ — Եթե այդպես է… ուրեմն՝ Նադիր Շահ: Քո մեջ, այնուամենայնիվ, Նադիրը կա, ջահե՛լ…
ԱՐԱՐԱՏ — Նադիրների ժամանակն անցավ, Վռամը հայ պրոլետբանաստեղծ է:
ԵՂՅԱՆ — Նստեք, տղե՛րք, նստե՛ք… գործերն ինչպե՞ս են, ժողովո՛ւրդ: Գրագետ միտքը դեռ պտուղներ տալի՞ս է, թե՞ միությունում դեռ փթթում է նաիրապրոլետարական անհամ դիսպուտը:
Ծիծաղում են:
ԱՐԱՐԱՏ — Միտքն անդադրում է, վեճն ու կռիվն՝ անպակաս, էդ հեչ, սիրո հանելուկն է գրչակից ընկերոջդ համար մինչ օրս անլուծելի մնում, Գևորգ ջան:
ԵՂՅԱՆ — Էլի սիրահարվե՞լ ես:
ԱՐԱՐԱՏ — Այդպես է ստացվում… Եվ գիտե՞ս, կարևորն այն է, որ սիրահետելիս թե չեն բավում քո հիշատակած գրագետ միտքն ու իդեան, հաճախ դիմում եմ ոգուն խմիչքի կամ էլ համեմում խոսքս Ձերդ մեծության մոգոնած «ճոռոմ» տողերով: (Ծիծաղում է:) Բայց, մեկ է, դրանք էլ չեն օգնում…
ԵՂՅԱՆ — Համենայնդեպս, դա լավ է, Արար, առաջադիմում ես, թե չէ ո՞ւմ են պետք ոմանց կողմից սղագրվող դատարկ հույզերը կամ այն գրիչը, որն իր մետաղահնչյուն զառանցանքներով ու քծնախառն ներբողներով պրոլետարական այս հզոր երկրին բանաստեղծական թոռոմած պսակ է մատուցում միայն:
ՆԱԶԵԼԻ – Հյուրասիրվե՛ք, դեռ կհասցնեք զրուցել:
ԱՐԱՐԱՏ — Նազելի ջան, դու լավ գիտես, որ քո սիրելի ամուսնու կոնյակից երբեք չեմ խմում: Հետս տնական օղի եմ բերել, բայց…
ՆԱԶԵԼԻ – Ի՞նչ՝ բայց…
ԱՐԱՐԱՏ — Դռան մոտ թողեցի: Ի՞նչ կլինի, քույրիկ, շիշը վերադարձրու «մատռվակ տիրոջը»: (Լիաթոք ծիծաղում է:)
ՆԱԶԵԼԻ — «Ոգելից զոհիդ» դռան մոտ ինչո՞ւ ես թողել, Արարատ ջան: Մեր սեղանի եղած-չեղածն էիր ստուգո՞ւմ, թե՞… հասկանում եմ, հասկանում: Եթե քո սրտի ուզած խմիչքն այստեղ՝ մեր տանը գտնեիր, ետդարձին բերածդ Սողոմոնի մոտ էիր պարպելու, հա՞…
ԱՐԱՐԱՏ — Չէ, Նազելի ջան, չկռահեցիր… դռան մոտ շիշը թողեցի, որպեսզի քո ամուսնուն ու իմ վաղեմի ընկերոջը փաթաթվելիս չխանգարեր:
ՆԱԶԵԼԻ — Լավ, գնամ փնտրեմ մեղավորին: (Ծիծաղելով դուրս է գնում:)
Պատկեր 3
ԱՐԱՐԱՏ — Հարսխանումը հումորով էլ ետ չի մնում:
ԵՂՅԱՆ — Իմ միակ մխիթարությունն ու երեխաներիս մայրը անգնահատելի գանձ է, Արար:
ԱՐԱՐԱՏ — (քայլում է սենյակում): Քանի Նազելին այստեղ չէ, ասեմ-պրծնեմ: Սիրտս պայթում է, ախր… գործերը լավ չեն…
ԵՂՅԱՆ – Ի՞նչ է պատահել, չլինի՞ «պառնասը» մի անհեթեթ բանից կրկին փոթորկվել է:
ԱՐԱՐԱՏ — Փոթորկվել է, ախպե՜րս, բա ի՞նչ է արել… միանգամից ասեմ՝ գրքիդ «զապրետ» են դրել, տպագրությունն արգելել են…
ԵՂՅԱՆ – Ինչպե՞ս թե… Այդ ի՞նչ ես ասում, Արար, ո՞վ է «զապրետ» դրել: Մի ամիս առաջ Փաշայանն ինձ տեղեկացրեց, որ շարվածքն ավարտում են ու շուտով լույս կտեսնի:
ԱՐԱՐԱՏ — (կամաց): Կենտկոմի բյուրոյում հայ գրականության հարցերի վերաբերյալ երեկ ինչ-որ մեկը զեկուցում է կարդացել ու հիշեցրել ՀԳՄ վարչությունից և անդամությունից հեռանալուդ մասին: Հետո ձայների մեծամասնությամբ որոշել են արգելել գրքիդ տպագրությունը:
ԵՂՅԱՆ — (դադարից հետո, մռայլված): Ո՞վ է զեկուցել…
ԱՐԱՐԱՏ — Քո «շատ սիրած կուլտպրոբը»:
ԵՂՅԱՆ — (վեր թռչելով տեղից): Միսա՞կը, Լսակյա՞նը… Էլի էդ ողորմելի՞ն: Վայ, ես քո տիրոջ… էդ բանսարկուն ինձնից ի՞նչ է ուզում: Պետհրատից ազատել տվեց, այնպես արեց, որ գրողների միությունը, անգամ մեր խմբակի անդամներից շատերն ինձնից ձեռք քաշեցին, հետո… Առողջությունս է՞լ չեն խնայում: Արար ջան, դու լավ գիտես, հիմա էլ հո ինձ հեռու եմ պահում գրականությանը վերաբերող ալանի դիսպուտներից: (Գլուխն առնում է ափերի մեջ:) Չէ, դրա վերջն եկել է… էլ համբերություն չկա, հերիք է, արդեն հերիք է: Կատու ներկելիս լավ են, իսկ որ երեխեքին վերջնականապես զրկում են ապրուստի միջոցից, դա իրենց համար նշանակություն չունի, հա՞: (Նյարդային քայլում է սենյակում:) Մարդ ասում է՝ մի «նագան» առ ու մտի Կենտկոմ, էդ թշվառի վերջը տուր…
ԱՐԱՐԱՏ — Գևորգ ջան, չասացի, որ անտեղի բորբոքվես ու սպառնաս: (Ձայնը բարձրացնում է:) Բա ո՞նց, ախպե՛րս, ինքնակամ լքում ես «պառնասը», թքում հեռանում ու կամենում ես, որ բոլորը քեզ հետ սիրով ու բարյացակամ լինեն, է, եղա՞վ…
ԵՂՅԱՆ — Չէ, դրա ուզածն ի՞նչ է վերջապես… Ախր, Փաշայանը գիրքս գովում է, խոստանում օր առաջ տպագրել, իսկ լսակյանների նմանները քար են գցում գործի վրա… Негодяи, сволочи!
ՎՌԱՄ — Ասում են՝ բյուրոյի նիստին Փաշայանն էլ թերություններ է նշել, ընկեր Եղյան…
ԱՐԱՐԱՏ — (Վռամին): Ավելացրու՝ նաև զղջացել է, որ, ցավոք, ժողովածուի բովանդակությանն անդրադարձել է մակերեսորեն:
ԵՂՅԱՆ — (տարակուսած): Ստացվում է, որ գրքի տպագրությանը Փաշայանն է՞լ արդեն դեմ է:
ԱՐԱՐԱՏ — Այդպես է ստացվում: Փաշայանը Կենտկոմի բյուրոյի նիստում ոչ միայն գրքի բովանդակությունը, այլ նաև վարքագիծդ է քննության առել, տեղյա՞կ ես…
ԵՂՅԱՆ – Այսի՞նքն:
ԱՐԱՐԱՏ — Այսինքն… հաստատել է, որ գրքիդ մեջ ազգայնամոլական տարրեր կան: Իբր պրոլետկյանքը թողած՝ շարունակ հնի գովքն ես անում, ընկեր Գևորգ: Բա մերօրյա գրականությունը այդ ուղիո՞վ պիտի գնա, ընկեր Գևորգ, քեզ եմ հարցնում… Բացի այդ, Փաշայանը ժամանակին քեզ խորհուրդ է տվել, նույնիսկ զգուշացրել, որ հասարակական վայրերում սրա-նրա հետ վեճի չբռնվես, անուն չդնես, չծաղրես…
ԵՂՅԱՆ — Գաղափարական վեճը վերջնականապես քաղաքական պայքարի՞ վերածվեց, ինչ է…
ԱՐԱՐԱՏ — Վաղուց է վերածվել: Դեռ այն ժամանակ, ախպերս, երբ քո «Նոյեմբեր» խմբակը նոր խնդիրներ դրեց, ու մենք ընտրեցինք ազգային գրականության ու մշակույթի ակունքները՝ տուրք տալով «Ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական գրականություն» կարգախոսին:
ԵՂՅԱՆ — Սպասում էի, բայց ոչ այսքան սրությամբ… Թո՜ւ, ես ձեր… Արար, ասա, որ Փաշայանի հարցում կատակ արեցիր…
ԱՐԱՐԱՏ — Հետաքրքիր մարդ ես, Գևո՛րգ: Մոռանո՞ւմ ես… Որքան էլ Փաշայանը կենտկոմի քարտուղար է, բայց բոլորին, հատկապես կուսակտիվին քո հարցում հակադրվել չէր կարող: Անդրերկրկոմում ցանկացած ինֆորմացիա ժամանակին տեղ է հասնում, հարգելի՛ս: Տեղյակ չե՞ս… Մի քիչ էլ նրա մասին մտածիր, այ Գևորգ, նրանից առաջ քանի ազնիվ մարդ, քանի ղեկավար տեղի-անտեղի հրաժեշտ տվեց կյա… Լավ, էլ ի՞նչ ասեմ, ինձնից լավ գիտես… Հա, չմոռանաս, որ մարդը ընտանիքիդ կենցաղային ծախսերը հոգալու և բուժմանդ նպատակով արտասահման մեկնելու հրաման է ստորագրել:
ԵՂՅԱՆ — Ինձ ոչինչ պետք չէ, շնորհակալ եմ: Գիրքս սպանելով’ Փաշայանը փորձում է վերականգնել առողջությո՞ւնս… Շնորհակալ եմ…
ԱՐԱՐԱՏ — Գևորգ ջան, նա էլ անհանգստանալու բան ունի, ախր, որովհետև… մի խոսքով, նրան չեմ մեղադրում, որովհետև, ինձ թվում է, նա պարզապես պարտադրված է եղել… Հանգստացի՛ր, Նազելին թող չիմանա…
Պատկեր 4
ՆԱԶԵԼԻ — (ծիծաղելով բերում է մի ձեռքին՝ Արարատի օղու շիշը, մյուս ձեռքին՝ բանջարեղենով լի սկուտեղը): Էս էլ ձեր տնականը…
ԱՐԱՐԱՏ — (փորձելով թաքցնել հուզմունքը): Վայ, Նազելի՛ ջան, միշտ ասել եմ ու էլի կասեմ՝ մի պոետ էլ դու ես, հյուրասիրության Վանատուր աստծո չքնաղ դուստրը:
ՆԱԶԵԼԻ — (նայելով ձեռքերը կրծքին խաչած, սենյակի մի անկյունից մյուսը քայլող ամուսնուն): Գևորգ, քեզ ի՞նչ եղավ, վա՞տ ես զգում…
ԵՂՅԱՆ — Չէ, ոչինչ… (Լցնում է բաժակները, իրեն՝ կոնյակ:) Ո՛ղջ լինենք: Չկամից, բանսարկուից ու դավաճանից հեռու մնանք… (Բաժակը մոտեցնում է շուրթերին, ապա կտրուկ իջեցնում:) Դուք հասկանո՞ւմ եք, մենք առաջին հերթին հայ ենք, հետո նոր միայն այս մեծ երկրի քաղաքացին: Մենք պիտի ապրենք մեր ավանդույթներով ու արժանապատվությամբ: Մեկս մյուսին դավելով ճակատագրից չենք փախչի… Իսպառ կկործանվենք: Դուք գիտեք, ես սրի տակով անցնողը չեմ: Որքան էլ որոշել ենք բազում ազգ ու ազգությունների հետ կողք-կողքի ապրել, ոչ ոք չի կարող մեզ, հատկապես ինձ՝ հայ գրողիս, մի «վինտիկ» դարձնել: Մեր կորուստն ու գտածը միայն մենք գիտենք, ու ինչ էլ անեն, մեր «Դլև յամանը» «Չաստուշկա» չի դառնա: Իմ ստեղծագործություններից ոչ ոք անծնող ու երկաթբետոնե ժառանգ թող չսպասի… (Դադարից հետո, զայրույթով:)
Դե՛, զարկիր, զարկի՛ր, ո՛վ մուրճ Հակոբյան,
Զրնգա՛, երկա՛թ, որ կոփենք հարմար
Հետնորդներ անդեմ՝ այս մեծ տերության
Պրոլետարական գալիքին հարմար:
(Ձեռքն ուղղում է հանդիսատեսին:) Ի հեճուկս կամկար մորթապաշտների՝ ողջ ենք լինելու այսօր և հավետ: Մեր միտքն ու հոգին գիրք են դառնալու, մատյան, շարակնոց, հավերժի կոթող, որքան էլ փորձեն պատնեշներ շինել… (Շրջվելով:) Ո՛ղջ լինենք, տղերք, կենաց՝ իմ ժոովրդի ու նաիրյան երկրի… (Խմում է:)
ԱՐԱՐԱՏ — Անուշ լինի, Գևո՛րգ ջան: Գևո՛րգ, Նազելի՛ ջան, Վռա՛մ, ողջ լինենք: Երեխեքին կամենանք խաղաղ ու անամպ երկինք, մեզ էլ… փոքր-ինչ զգուշություն: Գևորգ ջան, ընկերական փոխադարձ սեր ու հարգանք: (Խնդրելով:) Տունդ, երկիրդ հնոց մի դարձրու, իմ պոետ եղբայր: Մեզ՝ համբերություն, ընտանիքիդ՝ արևշատության: Շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, ես հավատում եմ: Ո՛ղջ լինեք: (Խմում է:)
ՎՌԱՄ — (նկատելի քծնանքով): Ընկեր Եղյան, ես էլ եմ խմում մեր երկրի, ձեր ընտանիքի, ձեր և ձեր ստեղծագործությունների կենացը: Մեծ պոետի գրչի արգասիքը թող միշտ ծառայի նոր ուղի ընտրած սովետական երկրի բազմազգ ընտանիքին, ու մեր ժողովուրդը շարունակ փառավորվի ստեղծագործական ձեր նորանոր հաջողություններով:
ԵՂՅԱՆ — Միանգամից երեք կենաց ասացիր, տնաշե՛ն…
ՎՌԱՄ — (անհանգստացած): Դե, ինչպես ասեմ…
ԵՂՅԱՆ – Խմի՛ր, Վռամ-Նադիր, խմի՛ր, անուշ լինի… Դեռ ինչեր ենք տեսնելու…
ՎՌԱՄ — Շնորհակալ եմ, ընկեր Եղյան… (Խմում է:)
ՆԱԶԵԼԻ — (լսելով երեխայի լացը): Վայ, երեխան… ներող եղեք: (Գնում է:)
ԱՐԱՐԱՏ — Դե լավ, Գևորգ, քեզ մենակ թողնենք: Գնանք «պառնասի» կողմը, տեսնենք ուրիշ ինչ «սյուրպրիզներ» են մոգոնելու: Ասում են՝ Մոսկվայից Կիրպոտինն է ժամանել:
ԵՂՅԱՆ – Հա՞, ի՞նչ կա… կարծում եմ, Կիրպոտինը հենց այնպես չէր հայտնվի:
ԱՐԱՐԱՏ — Հայ գրողների համընդհանուր ժողով է հրավիրված…
ԵՂՅԱՆ — Շատ կուզենայի մասնակցել, բայց ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ առողջություն, հասկանո՞ւմ ես…
ՆԱԶԵԼԻ — (վերադառնալով): Արդեն գնո՞ւմ եք… Ինչո՞ւ եք շտապում: Առանց այն էլ վերջերս ընկերոջդ շատ եք մենակ թողնում: Նա նույնիսկ տնից դուրս չի գալիս…
ԱՐԱՐԱՏ — Թող գրի, Նազելի ջան, չխանգարենք: Նրա ամեն տողը մի հունդ է, որ վաղը առատ բերք է դառնալու: Հյուրասիրության համար շնորհակալ եմ, քույրիկ, մենք էլի կգանք: Պարզապես գործեր ունենք… Դու եղբորս լավ նայիր…
ՆԱԶԵԼԻ — Ես նրան չեմ խանգարում, այդ նա է իր համբույրներով երեխաների հոգին հանում:
ԱՐԱՐԱՏ — Խնայիր քեզ, Գևորգ, շատ մի հուզվիր, ես դեռ կանցնեմ…
ԵՂՅԱՆ — (անտրամադիր): Արա՛ր… թե հարկ կհամարես, այդ ժողովի մասին ինձ տեղեկացրու: Այս պահին, թերևս, տանը մնալը ճիշտ է: Ի տեսություն:
Արարատն ու Վռամը հրաժեշտ են տալիս: Նազելին ուղեկցում է նրանց:
Պատկեր 5
ԵՂՅԱՆ — (ծխելով քայլում է բեմում, ի վերջո կանգնում կենտրոնում): Սա՞ էր մեր երազը վես, գալիքի հանդեպ հավատը բոսոր… Բոլորն իրարու դեմ են… Այս ո՞ւր ենք գնում: Ամենուր դավ է ու դավադրություն, նաև՝ դատաստան… Մղձավա՜նջ, անե՜ծք: Մոտ ու համակիր, գաղափարակիր ընկեր, երկրի ղեկավար, պայքարի մարտիկ… Մի՞թե ոչ մեկին չարժե հավատալ, գրողը տանի… Գերին ենք դարձել մի բուռ տգետ սինլքորների: Էլ ի՞նչ կարմիր ուղի, ի՞նչ «Հոմո սափիենս», էլ ինչ «Կապիտալ» կամ կուսծրագիր, եթե վտանգված է ազգիդ լինելիության ակունքը… Սևին սև կասե՞ս, տրվողին՝ պոռնի՞կ կամ էլ անառա՞կ… Երևի ճիշտը խելոք լինելն է և սևին՝ սպիտակ ու պոռնիկին՝ կույս կոչելը, ավա՜ղ… Դրության տերը վախն ու քծնանքն են՝ վայելի՛ր, պոե՛տ: Երբ համատարած լծվել են սայլին երկաթբետոնե, էլ ո՞ւմ հավատալ… Օ՜, հարկ է, սակայն, որ զգույշ լինենք, Արարը ճիշտ է, չէ՞ որ մենակ ենք ու այնքան տկար… Գրիչդ անգամ անզոր է փրկել ոգին քո ազգի… (Բռնում է գլուխը:)
Բեմն աստիճանաբար մթնում է: Բեմի երկու կողմերից հայտնվում են ուրվականներն ու անշարժանում:
ԵՂՅԱՆ — (նայում է ուրվականների կողմն ու ձեռքերը տարածելով՝ ընդառաջ գնում նրանց): Եկա՞ք, եկա՞ք էլի, հայտնվեցի՞ք: (Ուրվականները դանդաղ պտտվում են նրա շուրջը:) Ինչո՞վ եմ պարտական ձեր հերթական այցելությանը, ո՛վ անցյալի անհանգիստ ոգիներ… Գոնե նշան տվեք՝ բարի՞ է խորհուրդը ձեր հայտնության, թե՞ հավատարիմ անեծքին դժխեմ՝ նոր գույժ է ու բոթ… (Դադար:) Եթե լռում եք, ինչպես շատ անգամ, գոնե ինչ-որ կերպ հարցմանն իմ շիտակ տվեք արձագանք… Գո՞ւյժ… (Ուրվականները ձեռքերը խաչում են կրծքներին ու խոնարհում գլուխները:) Ուրեմն՝ գո՞ւյժ… Օ՜, ո՛չ, ո՛չ… Մի մարդու համար, ով լլկվեց շարունակ, մի ազգի համար, որ դարեր ի վեր լույս է սերմանել, երկնել է, ծնել, ստեղծել միայն, մի՞թե շատ չէ բոթն ու գույժը ձեր… Բավակա՛ն է, հեռացե՛ք, ապա թե ոչ՝ ուղեղիս մորմոքն ինձ կկործանի… (Բռնում է գլուխն ու բերանքսիվայր ընկնում թախտի վրա:)
Ուրվականները դանդաղ, գլխահակ հեռանում են:
Պատկեր 6
ՀԱՍՄԻԿ — (մտնում է անաղմուկ): Բարև, Գևորգ:
ԵՂՅԱՆ — (դադարից հետո տեղից կտրուկ բարձրանալով): Չէ՛, դու պատկերացնո՞ւմ ևս, օրիորդ… Անիրավներն աշխատանքից զրկեցին, հիմա էլ գրքի հրատարակությունն են կասեցրել: Այն էլ ո՞վ՝ նույն այդ Լսակը… Չե՞ս գտնում, որ հարկ է Բերյակինին մի քանի տող գրել, ի վերջո, ընդունելություն խնդրել: Ի՞նչ կասես… (Բարկացած:) Դե, ձայն հանիր, ա՛յ աղջիկ…
ՀԱՍՄԻԿ — (շեշտելով բառերը): Բարև, Գևո՛րգ:
ԵՂՅԱՆ – Սկսվե՜ց, դասն սկսվե՜ց, երկու երեխայի հորը վաղեմի ու կրտսեր ընկերուհին հիմա խրատական ճառ կասի: Հասմիկ, այս գիշեր մեզ մոտ չէի՞ր գիշերել:
ՀԱՍՄԻԿ — (անվրդով): Ենթադրենք, հետո՞…
ԵՂՅԱՆ — (բորբոքվում է): Հետո այն, որ… օրիո՛րդ, կարծում ես, լուրերը մշտապես բարի՞ են, որ շարունակ պահանջում ես քո հանդեպ բարեհաճ լինել: Մենք հազար տարվա ընկերներ ենք, այդպես չէ՞, Հասմիկ: Հո կոկետություն չեմ անելու…
ՀԱՍՄԻԿ — Եղյան, դու պարզապես անուղղելի ես…
ԵՂՅԱՆ — Անուղղելի եմ, դե, իհարկե… Ես կամենում եմ քեզ հետ լուրջ հարցեր քննարկել, իսկ դու շարունակ տատիս պես նախատում ես, դիտողություններ անում…
ՀԱՍՄԻԿ — Բայց դեռ չեմ էլյ խոսել…
ԵՂՅԱՆ — Չես խոսել, բայց արդեն նախապատրաստվում ես… քեզ նո՞ր պիտի ճանաչեմ: Երբեմն քո չխոսելն ավելի վատ է, քան խոսելը:
ՀԱՍՄԻԿ — Լավ, մի զայրանա, խնայիր առողջությունդ… Ասա, միևնույն է՝ վերջերս իրար չենք հասկանում: Բերյակինից ընդունելություն խնդրել, համենայնդեպս, խորհուրդ չէի տա…
ԵՂՅԱՆ — Դու պարզապես չես ուզում ինձ հասկանալ, իմ դրության մեջ մտնել… (Հեռախոսազանգ: Արագ վերցնում է լսափողը:) Ալո, լսում եմ, լսում եմ: Ասա, լսում եմ: Ո՞վ, ո՞վ… Նորից կրկնիր, լավ չհասկացա, որտե՞ղ: Ինչե՞ր ես խոսում, մա՛րդ Աստծո: Ինչպե՞ս… ինչպե՞ս թե կարող էր ինքնասպան լինել, մտածո՞ւմ ես, ինչ ես խոսում: Չի կարող պատահել, էն էլ՝ Թիֆլիսում… (Լսափողը գցում ու անշարժանում է:)
ՀԱՍՄԻԿ – Դարձյա՞լ վատ լուր…
ԵՂՅԱՆ — (գլուխն ափերի մեջ առնելով): Վատ, շատ վատ, Հասմիկ ջան, այս ի՞նչ է կատարվում, Տեր Աստված…
Պատկեր 7
ՆԱԶԵԼԻ — (ջրի սափորը ձեռքին ներս է վազում): Ի՞նչ է պատահել, Գևորգ, երեխան կարթնանա: Գույնդ էլ գցել ես… Վիճե՞լ եք, Հասմիկ:
ՀԱՍՄԻԿ — Չէ… զանգահարեցին…
ՆԱԶԵԼԻ — Տեսնես էլի ով էր… Մի քիչ ջուր խմիր, Գևորգ ջան:
ԵՂՅԱՆ — (գոռում է): Հասկանո՞ւմ եք՝ զարկեցին, անիրավները զարկեցին, հասկանո՞ւմ եք… Մեծ մարդուն, մեծ հային, մեծ ընկերոջս են զարկել: Զարկվեց… լսո՞ւմ եք, զարկեցին: (Հեկեկում է:)
ՆԱԶԵԼԻ — Ո՞վ ում զարկեց, Գևորգ ջան, խոսի՛ր… դեղ բերե՞մ…
ՀԱՍՄԻԿ — Ո՞ւմ են զարկել, երևի գնդակահարե՞լ են, ո՞ւմ մասին է խոսքը…
ԵՂՅԱՆ — Փաշայանն այլևս չկա՜, չկա՜.. Ասում են… Թիֆլիսում ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել… Փաշայանն ինչպե՞ս կարող էր ինքնասպան լինել, ինչի՞ համար…
ՀԱՍՄԻԿ — Չի կարող պատահել…
ԵՂՅԱՆ — Ես էլ չեմ հավատում, բայց… Կորանք, ժողովո՛ւրդ: Սա դեռ սկիզբն է, երկրում տարածվող համաճարակի սկիզբը…
ՆԱԶԵԼԻ — Հանգստացիր, Գևորգ ջան, հիմա դեղ կբերեմ… (Ձեռքերը ծնկներին խփելով դուրս է գնում:)
ՀԱՍՄԻԿ — Զսպիր քեզ, Գևորգ ջան, ես քեգ հասկանում եմ:
ԵՂՅԱՆ — (փղձկալով փաթաթվում է Հասմիկին): Դու հասկանո՞ւմ ես, իմ հավատարիմ ընկեր… «Так кончается Пашаян и начинается следственное руководство…»: Հասմիկ ջան, մնա մեզ մոտ, ոչ մի տեղ մի գնա, քույրի՛կ ջան, մնա առայժմ…
ՀԱՍՄԻԿ — Բայց ես պետք է մեկնեի… դեռ ամեն ինչ պարզ չէ, գուցե սադրա՞նք է:
ԵՂՅԱՆ — Խնդրում եմ, վատ եմ զգում, մի գնա…
ՆԱԶԵԼԻ — (դեղը ձեռքին գալիս է): Պառկիր, Գևորգ…
ԵՂՅԱՆ – Վա՜յ, սատանայի զարմեր, վա՜յ, անօրեններ, ես ձեր… (Հասմիկին.) Դու չես գնա. չէ՞, քույր: Չես գնա, չէ՞, Հասմիկ ջան, մի գնա, դու ինձ պետք ես, լսո՞ւմ ես…
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Պատկեր 1
Բեմի կենտրոնում՝ պատին փակցված է աստղ, վրան՝ սատանայի պատկեր, աստղի տակ լոզունգ, ասենք՝ «Գրականության ֆրոնտում անշեղորեն իրագործենք հարազատ կուսակցության որոշումները»: Մուրճ ու մանգաղով երկու կարմիր դրոշ: Ամբիոն, կողքին՝ սեղան և երեք աթոռ: Ամբիոնի դիմաց՝ ևս մի քանի ցանուցիր աթոռ: Արագ, գործնական քայլերով մտնում են Լսակյանը և Պողպատյանը:
ԼՍԱԿՅԱՆ — Քիչ հետո ընկեր Կիրպոտինը կժամանի, աշխատիր ամեն հարց ժամանակին կարգավորել և պատշաճ ձևով դիմավորել մեծարգո հյուրին:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Ներկայացուցչական կազմն ապահովված կլինի, ընկեր Լսակյան, իսկ ցուցադրական ագիտացիան, ինչպես տեսնում եք… (Մատնացույց է անում դրոշները:) Արդեն ապահովված է:
ԼՍԱԿՅԱՆ — Կարծում եմ, հասկանում եք, որ հարցը ներկայացուցչական կազմի ապահովումը չէ միայն, ոչ էլ ցուցադրական ագիտացիան, հարգելի՛ս:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Հասկանում եմ… Ոմանց ներկայությունը ժողովին անցանկալի է, այնպես չէ՞:
ԼՍԱԿՅԱՆ — Դա էլ իր հերթին:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Ինչ վերաբերում է Եղյանին, ինձ թվում է, նա կխուսափի ներկա գտնվել, իսկ մյուսներն այնքան էլ վտանգավոր չեն: Անհոգ եղեք, անցանկալի ելույթները հենց տեղում կկանխվեն համախոհների ակտիվ ներգրավմամբ:
ԼՍԱԿՅԱՆ — Չափազանց ինքնավստահ եք, ընկեյւ Պողպատյան…
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Ներեցեք, ձեր օժանդակությունն ունենալով է, որ հանդգնում եմ այսպիսի ինքնավստահություն դրսևորել, ընկեր Լսակյան:
ԼՍԱԿՅԱՆ — Լավ, լավ, քեզ էլ ենք ճանաչում, Փայլակ: Համենայնդեպս, լսիր ուշադիր: Գտիր գրողներին անծանոթ, բայց կրակոտ մի ժողովրդական հռետոր, որ ժողովի ժամանակ կարողանա մեզ աջակցել…
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Կներեք, լավ չհասկացա…
ԼՍԱԿՅԱՆ – Ի՞նչ կա չհասկանալու… նա ժողովրդի անունից պետք է կրակոտ ելույթ ունենա, Եղյանին ու իր շայկային տեղը դնի, հասկացա՞ր:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Հասկացա… Այդ հռետորի տեղը լավ գիտեմ, չկասկածե՛ք: (Ձեռքերը շփելով:) Շատ լավ եք մտածել, ընկեր Լսակյան…
ԼՍԱԿՅԱՆ — Ո՞ւմ նկատի ունես, կայարանի Բաբկենը հո չի՞…
ՊՈՂՊԱՏՅԱՆ – Ինչպե՞ս կռահեցիք, ընկեր Լսակյան: Հարմար չէ՞…
ԼՍԱԿՅԱՆ — Ինքն է, որ կա:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Մեկ ժամից կգտնեմ նրան ու… հուսով եմ, գոհ կմնաք: ԼՍԱԿՅԱՆ — Так, так… Դև լավ, գործիր, Պողպատյան, իսկ ես գնամ Կիրպոտինի ետևից:
Հեռանում են:
Պատկեր 2
Բարձրաձայն վիճաբանելով՝ զույգ-զույգ ներս են մտնում Կարմիրշալյանը, Որբունին, Կետիկյանը, Աննա Զովունցը, Արարատը, Վռամը և ուրիշներ: Քիչ ուշացումով, թղթապանակը թևի տակ, արագ ներս է մտնում Պողպատյանը:
ՊՈՂՊԱՏՅԱՆ – Ընկերնե՛ր, Մոսկվայից ժամանել է գրականագետ ընկեր Կիրպոտինը՝ մասնակցելու հայ գրողների ընդհանուր ժողովի աշխատանքներին:
ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ — Հարազատ կուսակցության կենտկոմը մեզ չի մոռանում, ընկերնե՛ր:
ԶՈՎՈԻՆՑ – Կեցցե՛ փառապանծ կոմունիստական կուսակցությունը, նրա առաջնորդը՝ հայ գրողների պաշտպանն ու ապավենը:
ՈՐԲՈԻՆԻ — Ասում էի, չէ՞, առաջնորդի անաչառ աչքից ոչինչ չի վրիպում: Փա՛ռք մեր առաջնորդին, փա՛ռք կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին:
ԿԵՏԻԿՅԱՆ — Իբր ինչի՞ է վերկացել-եկել… Մենք մեր հարցերը տեղում չէի՞նք կարող լուծել:
ԱՐԱՐԱՏ — Ինչպես երևում է, ոմանք փորձելու են պղտոր ջրում ձուկ որսալ:
ՊՈՂՊԱՏՅԱՆ – Լռությո՛ւն, ընկերնե՛ր… ժամանակը կգա, յուրաքանչյուրդ հնարավորություն կունենաք ըստ էության արտահայտվելու:
Պատկեր 3
Մտնում են Կիրպոտինն ու Լսակյանը: Բոլորը ոտքի են կանգնում: Պողպատյանը ընդգծված քծնանքով ողջունում է հյուրերին, որոնք տեղավորվում են սեղանի շուրջը:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — (մոտենում է ամբիոնին, փոքր-ինչ անվստահ է): Ընկերնե՛ր, թույլ տվեք Սովետական Հայաստանի գրողների ընդլայնված ժողովը հայտարարել բացված: (Երկարատև ծափահարություններ:) Հաշվի առնելով ՀԿԲԿ կենտկոմի, անձամբ մեր մեծ առաջնորդի մշտական շահագրգիռ և հայրական ուշադրությունը հայ գրողներիս հանդեպ՝ թույլ տվեք Սովետական Հայաստանի բոլոր գրողների անունից ողջույնի ուղերձ հղել առաջնորդին: (Օվացիա:) «Մոսկվա, Կրեմլ: Հարգելի Իրակլի Վախթանգովիչ, Սովետական Հայաստանի գրողները սրտանց ողջունում են Ձեզ, մաղթում քաջ առողջություն և երկարակեցություն՝ ի շահ մեր անծայրածիր երկրի ողջ ժողովրդի բարեկեցության և կոմունիստական գաղափարների անվերապահ հաղթանակի: Մենք՝ Սովետական Հայաստանի գրողներս, երկրի գաղափարական թշնամիների՝ նացիոնալիստների, տրոցկիստների, ուկլոնիստների դեմ մղում ենք մշտական անհաշտ պայքար և մեր ստեղծագործություններով պատրաստ ենք օգնել ու օժանդակել հարազատ կուսակցությանը՝ իրականացնելու անձամբ Ձեր կողմից նախանշված պատվիրանները: Հարգանքով կոմունիստական կուսակցության նախանշած ուղուն անվերապահորեն հավատարիմ Սովետական Հայաստանի գրողներ»: (Օվացիա:) Ձայնը տրվում է Սովետական Միության հանրահայտ գրականագետ ընկեր Կիրպոտինին: (Բուռն ծափահարություններ:)
ԿԻՐՊՈՏԻՆ — (մոտենում է ամբիոնին, մաքրում կոկորդը, խոսքը խիստ է ու չոր): Հարգելի ընկերնե՛ր, ՍՍՌՄ գրողների միության անունից ողջունում եմ ձեզ՝ հայ գրողների համընդհանուր ժողովի բացման կապակցությամբ: (Ծափահարություններ:) Մոսկվայում անհանգստացած ենք Սովետական Հայաստանի գրողների շրջանում տեղի ունեցող անցանկալի միջադեպերի, պրոլետարական գրականությունից անհարկի շեղումների և հայ գրողների անդաստանում նացիոնալիստական հայացքների ներթափանցման համար: Ինչի՞ նման է այնպիսի հայ գրողների ետընթացը, ինչպիսիք են Գարեգին Պռոշյանը, Արարատ Մասիսյանը, Արտաշես Համբարյանը, Պայքար Կետիկյանը, Դրաստամատ Կարեյանը, Գևորգ Եղյանն ու այլք: Այն դեպքում, երբ թվարկվածներից հատկապես Գևորգ Եղյանի հանդեպ առաջնորդը դրսևորել է բացառիկ ուշադրություն, բարյացակամություն, գնահատել նրա գրողական շնորհքն ու հմտությունը: Հին և սխոլաստիկ գրականության անդրադարձն այս գրողի ստեղծագործություններում դարձել է լեյտմոտիվ: Ի՞նչ է նշանակում՝ ինքնակամ հեռանալ հայ գրողների միությունից: Եվ այս իրավիճակում հրատարակության է իջեցվում վերոնշյալ գրողի գիրքը: Միայն զարմանալ կարելի է: Պարզվում է՝ վերոհիշյալ մարդիկ նաև երբեմնի դաշնակցականներ են: Անկեղծ ասած, մենք մեծ հույսեր էինք կապում բանաստեղծ Եղյանի հետ, բայց, ավաղ, նրա ձեռքը բռնեց թշնամին… Ընկերնե՛ր, կարճ ասած, այսօր՝ հենց այս ժողովի ընթացքում, ձեր ճիշտ առաջարկություններով դուք ինքներդ կլուծեք հայ գրողական ընտանիքում ծառացած խնդիրները: Հակահեղափոխականներին, նացիոնալիստներին ու տրոցկիստներին արժանի հակահարված պետք է տրվի: Ընկերնե՛ր, դա ժամանակի հրամայականն է, հարազատ կուսակցության և անձամբ մեր մեծ առաջնորդի պատվիրանը: (Ծափահարություններ, աղմուկ:)
ՈՐԲՈՒՆԻ — Ընկեր Պողպատյան, կարելի՞ է:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Խնդրեմ, համեցեք, ընկեր Որբունի:
ՈՐԲՈՒՆԻ — (կուզը դուրս ցցած, ձեռքերն ու գլուխը թափահարելով մոտենում է ամբիոնին: Ամեն բառից հետո տնքում է): Ընկերնե՛ր, ճշմարտությունը պահանջում է ասել, որ բարձրացված հարցերն, իրոք, լիովին համապատասխանում են իրականությանը: Չի կարելի ապրել սովետական երկրում, օգտվել կոմունիստական կուսակցության ու պետության հոգածությունից ու գործել ընդդեմ խորհրդային գրականության: Ես կասեի՝ ով չի ըմբռնում նոր ժամանակը, ով դեռ իր հին երգն է հյուսում, մնացել է անցյալում, և այդպիսիների տեղը, բնավ, մեր շարքերը չեն, ընկերնե՛ր: Առաջարկում եմ նշված վայ-գրողներին անվերապահորեն հեռացնել կոմկուսի և Հայաստանի գրողների միության շարքերից: (Ոմանք ծափահարում են:)
ԶՈՎՈՒՆՑ — (սեթևեթում է): Կարելի՞ է:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Համեցեք, ընկեր Զովունց, համեցեք…
ԶՈՎՈՒՆՑ — (ծորուն, երգեցիկ ձայնով): Հայ կին գրողների անունից կամենում եմ արտահայտել իմ խոր անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ընկերնե՛ր, թողտվությունը չափից դուրս է մեզանում: Կներեք արտահայտությանս համար, բայց հաճախ արհամարհվում է անգամ սեռական պատկանելությունը: Չնայած այսօր կանայք, պետք է ասել, տղամարդկանց ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ մտավոր աշխատանքով չեն զիջում, ընդհակառակը, երբեմն նույնիսկ ավելի դիմադրողական են, սակայն այդպես էլ արժանի ուշադրության չեն արժանանում: Սովետական իրականության մեջ զգացմունքայնությունը համարելով երկրորդական ատրիբուտ՝ մենք տղամարդկանց հետ մեջք-մեջքի պատրաստ ենք հաղթահարել ցանկացած խնդիր, ցանկացած վայրում և իրավիճակում…
Ձայն դահլիճից — Մեկ օրում քանի՞ հոգու կարող ես զովացնել, տիկին Զովունց:
Ոմանք անհանդուրժող ու ցուցադրաբար շրջվում են ձայնի կողմը:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — (բարձրանալով տեղից): Ընկերնե՛ր, խնդրում եմ ելույթ ունեցողին չընդմիջել: Շարունակեք, ընկեր Զովունց:
ԶՈՎՈՒՆՑ — Պիտի խոստովանեմ, որ ոմանց անհաստատ և տատանվող վարքագիծը խոչընդոտում է գրողներիս գործն ու խաթարում մեր հեղինակությունը:
Ձայն դահլիճից — Մեռնեմ անխաթար հեղինակությանդ:
Ոմանք անհանդուրժող ու ցուցադրաբար շրջվում են ձայնի կողմը:
ԶՈՎՈՒՆՑ — Ինչպես տեսնում եք, նույնիսկ այս հանդիսավոր ժողովի ընթացքում ոմանք շարունակում են անհարկի և թույլ դարպասումներ բանեցնել, բայց, հավատացնում եմ, ոչինչ չի ստացվի. մենք հաստատ ենք մեր ընտրության մեջ և անգամ առօրյա հարաբերություններում կուլ չենք գնա հակահեղափոխականներին: Այո՛, ընկերնե՛ր, հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել…
ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ — (տեղից բղավում է): Իրենց իմաստուն կարծող որոշ մարդիկ մենացել են պետության կողմից հատկացված բնակարաններում ու կարծում են, թե մենք էլ՝ մեր, ինչպես իրենք են սիրում հաճախ արտահայտվել, անգրագիտության համար իրենցից ներողություն խնդրելով, պարտավոր ենք մեր գլխի վրա իրենց վերադարձնել գրողների ընտանիք: Երբե՛ք… Այդպիսիների տեղն Ագռավաքարն է, ընկերնե՛ր…
ԿԵՏԻԿՅԱՆ — Թու՞յլ կտաք, ընկեր Պողպատյան:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — (նկատելի դժկամությամբ): Եկեք, ընկե՛ր Կետիկյան:
ԿԵՏԻԿՅԱՆ – Ընկերնե՛ր, եկեք ծայրահեղությունների չգնանք: Ագռավաքար… Որոշ հարցերի վերաբերյալ գրողներն անգամ կարող են թյուրըմբռնում ունենալ: Հարկավոր է երկխոսությունների, քննարկումների, անհատական աշխատանքի միջոցով պարզաբանել, թե ինչ սկզբունք են նրանք ընտրում գրական այս կամ այն հարցին անդրադառնալիս: Ինչ վերաբերում է ընկերների հանդեպ ցուցաբերած հեգնանքին ու ծաղրին՝ կարծում եմ, որ չափազանցված է… Երբեմն անմեղ կատակն անգամ կարող է մարդու դեմ սուր ճոճելու առիթ դառնալ: Ինձ թվում է՝ ցանկացած անձի գրելու հակումը նաև երկիրը սիրելու, նրան նվիրվելու լավագույն ապացույցն է, և մեզնից յուրաքանչյուրն անում է այն, ինչը նպաստում է մեր խորհրդային երկրի կառուցմանն ու հզորացմանը:
ՈՐԲՈՒՆԻ — (տեղից): Գրելն՝ այո, բայց ինչի՞ և ինչպե՞ս գրելու մասին է խոսքը, ընկե՛ր Կետիկյան:
ԿԵՏԻԿՅԱՆ — Համենայնդեպս, քո ներշնչանքը բոլորիս համար գրելու առիթ չի կարող լինել, յուրաքանչյուրս մեր ոճն ունենք, մեր ըմբռնումն աշխարհի ու մարդու մասին…
ՊՈՂՊԱՏՅԱՆ — (տեղից): Ընկեր Կետիկյան, խնդրում եմ համառոտել ձեր խոսքը, արտահայտվողներ դեռ շատ կան:
ԿԵՏԻԿՅԱՆ — Եթե այդպես է, ապա առայժմ այսքանը:
ԱՐԱՐԱՏ — (մոտենում է ամբիոնին): Կարելի է, չէ՞… (Դահլիճը լուռ է:) Ընկերներ, ինձ թվում է՝ շատերի անուններն այստեղ անհարկի շոշափվեցին: Իսկ եթե անձնական խնդիրներ կան, կամ մարդկանց հարաբերություններում ինչ-որ բան այնպես չէ, հարկավոր է առանձին պարզել: Մենք, կարծեմ, ծագումնաբանությամբ մի ակունք ունենք, մեզնից շատերը նույնիսկ տարեկիցներ են ու նույն բախտին արժանացած գրողներ: Շատերս գաղթական ենք ու նաև հեղափոխության բովով անցանք… Մեր երկիրը մեկն է ու միակը մեզ համար, և չեմ կարծում, թե բարձրագոչ արտահայտվողն ավելի շատ է սիրում կամ նվիրված է կոմունիստական կուսակցությանն ու մեր լայնարձակ հայրենիքին… Որևէ երկրռւմ դատարկ տեղում գրականություն չի ստեղծվել, և ոչ մի գրող մեղավոր չէ, որ իր ստեղծագործությամբ երբեմն հիշեցնում է իրեն ծնող ժողովրդին, իր պապերի ավանդներն ու մշակույթը…
ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ — (տեղից բղավում է): Հա՛, հա՛, դու թևերդ փռիր… Հենց այստեղից էլ սկսվում են ուկլոնիզմն ու նացիոնալիզմը…
ԱՐԱՐԱՏ — Ընկեր Կարմիրշալյան, մենք լավ գիտենք, որ քեզ համար գեղարվեստական արժեքներ են երկաթը, բետոնն ու կոլտնտեսության կովերի քաղցրալուր բառաչը: (Ծիծաղ:) Ըստ քեզ՝ ստացվում է, որ ազգային ավանդներին ապավինող սովետահայ գրողը նացիոնալիստ է, արտահայտվողը՝ տրոցկիստ, զահլեն գնացած ու ստիպված լռողն էլ՝ ուկլոնիստ, հա՞… է, հետո՞…
Պատկեր 4
Գլխարկը հանելով ու ձեռքը պարզած՝ մտնում է Բաբկենը:
ԲԱՐԿԵՆ — (բղավելով): Հարգելի՛ գրող ընկերներ, խնդրում եմ, մի ձայն էլ ինձ տաք, ի՞նչ կլինի:
Հավաքվածները տարակուսած են՝ ո՞վ է: Դժգոհ ձայներ: Կիրպոտինն ու Լսակյանը խոսակցում են:
ԼՍԱԿՅԱՆ — (կանգնելով): Ընկե՛ր Մասիսյան… նստեք առայժմ: Դուք ո՞վ եք, ընկե՛ր:
ԲԱԲԿԵՆ – Ե՞ս… ժողովրդի ձայնն եմ, չե՞ք ճանաչում:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Ձեզ հրավիրե՞լ են…
ԲԱԲԿԵՆ — Բայց ինչի՞ պիտի հրավիրեին… ժողովուրդն ամենուր է, նրան հրավիրելու կարիք չկա, հատկապես էն հարցերի քննարկման ժամանակ, որոնք հենց իր հոգուն ու խղճին են վերաբերում:
ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ — (տեղից): «Ընկեր ժողովրդին» թույլ տվեք արտահայտվել:
ԼՍԱԿՅԱՆ — (խորհրդակցում է Կիրպոտինի հետ, նա ձեռքով համաձայնության նշան է անում): Ընկերնե՛ր, եկեք լսենք ընկերոջը: (Դահլիճում լռություն է տիրում:) Համեցե՛ք, ընկե՛ր…
ԲԱԲԿԵՆ — Շատ շնորհակալ եմ: Ես Բաբկեն Տավարածյանն եմ: Ակտիվ հեղափոխական գործիչ: (Ձայն դահլիճից՝ ա՛յ կլյաուզնիկ…) Ընկե՛ր գրողներ, ես, ճիշտն ասած, ոչ գրող եմ, ոչ էլ կարդացող, բայց կյանքում իմ աչքից ու ականջից ոչ մի բան չի վրիպում: Էն, որ մի քանիսն իրանց սովետական ինտիլգենցիայի ներկայացուցիչ են համարում ու իրանց գրի խոսքով փորձում ժողովրդին համոզել՝ ինչպես ապրել՝ սխալ է: Առաջին հերթին իրանք իրանց պիտի հաշիվ տան ու ճիշտ ապրեն: Ասելիքս էն է, որ… Բա գրողը օրվա կեսը գինետանը կանցկացնի՞, բա գրող մարդը հասարակության մեջ ղալմաղալ կսարքի՞: Իմ աչքի տեսածն եմ ասում… Կամ էդ Եղյանն ի՞նչ գրող է, որ դեռ պաշտոնյա եղած ժամանակ սրա-նրա վրա նագան էր քաշում, վախացնում, քեֆը լավ վախտն էլ՝ «Վախ, վախ, նագան ջան, յոթ կրական ջան» երգում: Տո՛, լավ էլ արեցին, որ պոստից հանեցին… էդպիսի գրողը ինձ՝ժողովրդիս, ոչինչ չունի տալու…
ԿԵՏԻԿՅԱՆ — (տեղից բղավում է): Հերիք է, ա՛յ շառլատան…
ԲԱԲԿԵՆ — Ես կառապան չեմ, բայց որ պետք լինի, ֆայտոն էլ կքշեմ: Հա, ինչ որ ասում եմ՝ ժողովուրդի անունից եմ ասում, է՛: Թե կուզեք՝ Սողոմոնին էստեղ բերեք, նա էլ նույնը կասի… Մեկ էլ էն, որ դրանցից ամեն մեկը մի քանի կին է ուզել ու բաժանվել… Ա՛յ մարդ, սովետական քաղաքացին պարտավոր է մի կին ունենա ու աչքն էլ սրա-նրա կնկան չգցի… Հետո, ես շատ եմ լսել, որ Սողոմոնի մոտ կերուխումի ժամանակ դրանք ոնց են պախարակում Սովետական Հայաստանի ղեկավարներին, սրան-նրան անուն դնում, ձեռ առնում… Բա դրանց երգած երգերը դաշնակցական խմբապետերի ու ֆիդայիների մասին… Դրանք իսկական նացիոնալիստ են, ես կասեի՝ նույնիսկ ավելի վատ՝ տրոցկիստ… Հետո… էլ ի՞նչ ասեմ, հարգելի՛ գրողներ, պրոլետարներ բոլոր երկրների, միացեք ու տեր եղեք մեր մեծ հայրենիքին՝ ձեր գրով-գործով, թե չէ սրանց նմանները աչք էլ չեն ճպի՝ կքանդեն երկիրը: Իսկ հարգելի ղեկավարությանը կխնդրեի, որ սրանց նմաններին, ինչքան հնարավոր է, շուտ մեկուսացնի ժողովրդից… էսքան բան: (Գլխարկը ծածկում է, ձեռնափայտը գետնին զարկելով՝ դուրս է գալիս: Դահլիճում աղմուկ է:)
ԼՍԱԿՅԱՆ — (ամբիոնին մոտենալով): Բոլոր ելույթներում, անգամ քիչ առաջ ելույթ ունեցող քաղաքացու ելույթում, մի բան հստակ էր: Կարմիր թելի պես ձգվում է այն գաղափարը, որ այսպես շարունակել չի լինի, ընկերնե՛ր: Ոմանց մոտ պատասխանատվության զգացումը բացարձակապես բացակայում է: Ոմանք ինքնակամ, թե ստիպողաբար հայտնվել են թշնամու բանակում, ոմանք էլ փորձում են թևերը փռել նմանների վրա: Չի՛ անցնի, ընկերնե՛ր: Հակահարվածը չի՛ ուշանա, հավատացնում ենք: Եվ ամենայն պատասխանատվությամբ ձեզ՝ ընկեր Կիրպոտին, հավաստիացնում ենք, որ Սովետական Հայաստանի Կենտկոմը, հայ գրողները անհապաղ կձեռնարկեն համապատասխան միջոցներ, որպեսզի հայ պրոլետարական գրողների շարքերը նման մարդկանցից զերծ մնան:
Մի մասը հոտնկայս ծափահարում է, Կետիկյանն ու Արարատը լքում են բեմը:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
Պատկեր 1
Կենտրոնում գրասեղան՝դիմադիր սեղանով: Գրասեղանին՝ երկու հեռախոս, գրչաման, լուսամփոփ, թղթապանակներ, թղթեր… Դիմադիր սեղանի երկու կողմում՝ աթոռներ: Աջ կողմում՝ գրապահարան, կողքին՝ կախիչ: Գրասեղանի վերևում՝ կարմիր ֆոնին, շրջանակի մեջ, սատանայի պատկեր:
ԳՆԹՈԻՆԻ — (մտնում է, կաշվե թիկնոցը կախում կախիչից, նստում գրասեղանի մոտ: Թերթում է գրությունները: Հեռախոսազանգ: Անշտապ): Ալո՛: Այո՛, այո՛: Հինգ րոպեից թող գա: (Լսափողը դնում, հակվում է գրասեղանին: Հեռախոսազանգ:) Ալո՛: Այո՛, ուրբաթ օրը, կեսօրին կժամանի: Պատրաստ եղեք: Դիմավորելու կգա Կենտկոմի ողջ ապարատը: Իհարկե, իհարկե, կայազորը թող վաղօրոք կայարան մեկնի: Մի խոսքով, աշխատիր, որ ամեն ինչ մարդավարի լինի: Կապահովեն, իհարկե, դրոշներ, դիմավորող պիոներներ, ծաղիկներ, բազմություն… Հա, ժամը իննին… (Լսափողը դնում, նայում է փաստաթղթերը: Հեռախոսի սուր, չընդմիջվող զանգ, որին զուգահեռ՝ սատանայի աչքերից ընդհատումներով կարմիր լույս է ճառագում: Լարված վերցնում է լսափողը, ոտքի կանգնում:) Алло! Слушаю, товарищ Берякин. Здравствуйте. Да-да, слушаю внимательно. Обязательно, товарищ Берякин, обязательно… Так точно! (Դադարից հետո:) Будет исполнено, не сомневайтесь, товарищ Берякин. Соберу всех, сегодня же. Спасибо, товарищ Берякин. Будет исполнено. С нетерпением ждем. До свидания! (Երկար մնում է կանգնած, ապա դնում է լսափողը: Կտրուկ վերցնում է մյուս լսափողը:) Գտիր Լսակյանին ու ասա՝ շտապ ինձ մոտ գա: Да, еще позвони Աչերյանին, Հոտառյանին, Էխյանին, Քարվաճառին: Не забудь также вызвать Бабаханяна. Жду! (Նստում է, գրչակոթով խփում սեղանին:)
Պատկեր 2
Մտնում է Լսակյանը:
ԼՍԱԿՅԱՆ — Թույլ կտա՞ք, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ — (հայացքը գրասեղանից չկտրելով): Եկեք, ընկեր Լսակյան:
ԼՍԱԿՅԱՆ — (ձեռքը ականջին տանելով): Ինչպե՞ս…
ԳՆԹՈՒՆԻ — (բարձր): Ասում եմ՝ նստե՛ք, ընկե՛ր Լսակյան, նստե՛ք:
ԼՍԱԿՅԱՆ — Շնորհակալ եմ, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ – Ուրեմն՝ այսպես…
ԼՍԱԿՅԱՆ – Ինչպե՞ս…
ԳՆԹՈՒՆԻ — (ավելի բարձր): Դրությունը լուրջ է, լուրջ, ընկե՛ր Լսակյան:
ԼՍԱԿՅԱՆ — (հակվելով Գնթունու կողմը): Իսկապե՞ս…
ԳՆԹՈՒՆԻ — Քիչ հետո ապարատը կհավաքվի, ու կսկսենք…
ԼՍԱԿՅԱՆ — (ոգևորվելով): Անշու՜շտ, ընկեր Գնթունի, անշուշտ, ի վերջո, մի օր պիտի սկսե՞նք, թե՞ ոչ…
ԳՆԹՈՒՆԻ – Ի՞նչը, ընկեր Լսակյան…
ԼՍԱԿՅԱՆ — Առհասարակ… Գործը ձգձգելու համար մեզ ոչ ոք չի ների, այնպես չէ՞, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ — Դուք այն ասեք, ցուցակները բերե՞լ եք:
ԼՍԱԿՅԱՆ – Ինչպե՞ս… Այո, իհա՛րկե: Միայն այն բնագավառները, որոնք ինձ էիք հանձնարարել: Այլախոհներին սրբորեն ցուցակագրել եմ, ընկեր Գնթունի, հաշվի առնելով առաջին հերթին…
ԳՆԹՈՒՆԻ — Հըմ, սրբորեն, ասում եք… Տվեք տեսնեմ: (Լսակյանը ձեռքի թղթապանակը մեկնում է նրան: Գնթունին թերթում է:) Ցուցակագրման սկզբունքը ո՞րն է եղել…
ԼՍԱԿՅԱՆ — Այդ էի ուզում ասել… Ոչ մի այլախոհ դուրս չի մնացել մեր տեսադաշտից: Ամբողջ մատերիալը գրավոր հիմնավորումներ ունի: Հիմնական ցուցակներից զատ, հիմնավորումների, եթե նկատեցիք, մի մասը անձամբ իրենց ձեռքով է գրված, մյուսը հաստատված է կուսակցական պատասխանատու աշխատողների ստորագրությամբ:
ԳՆԹՈՒՆԻ — Թիվը, թիվը… որքա՞ն է, այստեղ թվագրում չի արված…
ԼՍԱԿՅԱՆ – Ինչպե՞ս… Առայժմ 36 հոգի, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒԻՆԻ — Քիչ չէ՞…
ԼՍԱԿՅԱՆ — Անշու՜շտ, քիչ է, լիովին համամիտ եմ ձեզ հետ, բայց սրանք, ինքներդ էլ գիտեք, դեռևս վերջնական թվեր չեն:
ԳՆԹՈՒՆԻ — (զայրացած): Վերջապես կլինի՞՝ մի անգամ գործը բարեխիղճ կատարեք, ընկեր Լսակյան, այս ցուցակները վերջնական տեսքով ե՞րբ ենք ունենալու…
ԼՍԱԿՅԱՆ — (կմկմում է): Այսօր ամեն ինչ կընդհանրացվի, անպայման կավարտեմ, ընկեր Գնթունի…
ԳՆԹՈՒՆԻ – Հա՜, գրողների ժողովն ինչո՞ւ այդպես երկարեց… հինգ օր… Չլսված բան է, что это такое?
ԼՍԱԿՅԱՆ — Ասեմ… գրողների անաչառ խոսք լսելու ցանկությունն էր ու նաև միությունում կուտակված բազմաթիվ խնդիրները, որ ժողովն այդքան երկարեց: Ամեն մեկն ուզում էր արտահայտվել: Իմ կարծիքով, մենք՝ համատեղ ուժերով, հասանք կուտակված խնդիրների տրամաբանական վախճանին: Ի վերջո, աջ գրողներից ոմանք պատասխանատվության կենթարկվեն՝ պարտադիր: (Բազմանշանակ նայում են միմյանց:) Դա նաև գրողների միության և կուսակցական ընկերների ընդհանուր պահանջն էր, ընկեր Գնթունի, ամեն ինչ արձանագրվել է… Ի դեպ, ծառացած հարցերի վերաբերյալ ժողովրդի մոտ էլ հետաքրքրություն կա: Այդ օրերին նույնիսկ հանպատրաստից ելույթներ եղան: Մեզ չխնայելով օրնիբուն աշխատում ենք: Հավատացեք, կանենք ամեն ինչ երկիրը հակահեղափոխականներից ու նացիոնալիստներից լիովին մաքրելու համար՝ լինեն դրանք բանվոր ու գյուղացի, գրող թե մտավորական…
ԳՆԹՈՒՆԻ — Հասկանում եմ, լավ ես սարքել…
ԼՍԱԿՅԱՆ — Չէ, ի՞նչ եք ասում, բոլոր ելույթներն ինքնաբուխ էին, հավատացնում եմ ձեզ, ես միայն թարգմանչի ֆունկցիա էի կատարում:
Պատկեր 3
Գալիս են Աչերյանը, Հոտառյանը, Էխյանը, Բաբախանյանը, Քարվաճառը:
ԳՆԹՈՒՆԻ — Նստեք, ընկերնե՛ր, նստեք: (Նստում են:) Ընկերնե՛ր, քիչ առաջ զանգահարեց ընկեր Բերյակինը: (Բոլորը ոտքի են կանգնում:) Նստե՛ք: Հանրապետության Կենտկոմի գործունեությունը դարձյալ առաջնորդի ուշադրությանն է արժանացել: Դիտարկվել է, որ հանրապետությունում կուսակցական գծից շեղումները ծայրահեղ չափերի են հասել, պարզապես ծաղկում են հակահեղափոխականությունը, տրոցկիզմը, նացիոնալիզմն ու ուկլոնիզմը: Արդեն բացահայտ սկսել են գործունեություն ծավալել քողարկված դաշնակցական տարրերն ու նախկին խմբապետերը: Ընկեր Բերյակինի կողմից հիշեցվեց նաև, որ հանրապետության կուսակտիվի որոշ ներկայացուցիչներ հետևություններ չեն արել կուսակցական ուղուց շեղված կենտկոմի նախկին քարտուղարի անփառունակ ինքնասպանությունից հետո: Պահանջվեց անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և թշնամուն արժանի հակահարված տալ, հողին հավասարեցնել բոլոր դավաճաններին: Կարծեմ հասկանում եք պահի լրջությունը: Առաջնորդը և անձամբ ընկեր Բերյակինը տանել չեն կարող անկազմակերպ և ոչ հետևողական ընկերներին, նաև նրանց, ում գործունեության մեջ գերիշխողը զգացմունքն է, այլ ոչ պատասխանատվությունը կուսակցության և առաջնորդի առջև: Ես արդեն լսեցի ընկեր Լսակյանի թռուցիկ զեկույցը, որն այնքան էլ, պետք է ասեմ, գոհացուցիչ չէր… (Լսակյանը տեղում շարժվում է:) Դուք ի՞նչ կասեք, ընկերնե՛ր:
ԱՉԵՐՅԱՆ – Կարելի՞ է, ընկեր Գնթունի..
ԳՆԹՈՒՆԻ — (դժկամ): Արտահայտվեք:
ԱՉԵՐՅԱՆ – Ընկե՛ր Գնթունի, ես բազմիցս ասել եմ ու էլի կասեմ, որ կենտկոմի աշխատանքները հաճախ անբավարար են գնահատվում միմիայն որոշ կուսակցական ընկերների աշխատանքային թերացումների, հովանավորչության և կողմնակալության պատճառով: Ոմանք անարգել անում են այն, ինչ իրենց ձեռնտու է, ցանկացածի հետ վարվում՝ առանց հաշվի առնելու դիմացինի տարիքը, վաստակը, պաշտոնական, կուսակցական դիրքը, հեղինակությունը, հասարակական վայրերում հոխարտում այս կամ այն արժանապատիվ մարդու հասցեին, նույնիսկ փորձում հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Այնպես որ, թերացումների պատճառն ուրիշ տեղ փնտրել պետք չէ, այլ շուտափույթ պետք է միջոցներ ձեռնարկել և անդրադառնալ կադրային խնդիրներին, քանզի, ինչպես առաջնորդն է ասում՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»:
ԳՆԹՈՒՆԻ — Ստացվում է՝ հակահեղափոխական տարրերին, գաղափարական թշնամիներին թողած, կադրային հարցերի՞ն պիտի անդրադառնանք:
ԱՉԵՐՅԱՆ – Ընկե՛ր Գնթունի, կարծեմ այս պահին ես էլ նույն հարցին անդրադարձա: Պարզապես առաջարկվեց այլ ելակետ:
ԳՆԹՈԻՆԻ — (զայրացած): Ելակետեր առաջարկելով առաջ չենք գնա, գործ պիտի անել, գործ: Երկրում վխտում են հակահեղափոխականները: Լավ… լսենք մյուսներին: Դուք ի՞նչ կասեք, ընկեր Հոտառյան:
ՀՈՏԱՌՅԱՆ — Իմ հետևողական աշխատանքի շնորհիվ անցած մեկ ամսվա ընթացքում ներկայացվել է անբարեհույս մարդկանց ստվար ցուցակ՝ 67 հոգի: Դրանք հիմնականում հանրապետության տարբեր բնակավայրերի բնակիչներ են: Վերը հիշատակված անբարեհույս տարրերը ժամանակին, Բաբախանյանի միջոցով, տեղափոխվել են Ագռավաքար՝ Քարվաճառի մոտ և կրում են իրենց արժանի պատիժը:
ԳՆԹՈՒՆԻ — Հիմնավորումներն ապահովվա՞ծ են:
ՀՈՏԱՌՅԱՆ — Անկասկած, ընկե՛ր Գնթունի, հարյուր տոկոսով: Եթե կկամենաք՝ խոսենք փաստերով: Լոր գյուղի բնակիչ Արտավազդ Քերոբյանը հանդգնել է «Պրավղա» թերթի համարներից մեկը, որի առաջին էջին առաջնորդի նկարն է եղել, գցել քարին ու վրան նստած նարդի խաղալ հարևանի հետ: Կամ՝ սանահինցի Թորգոմ Առաքելյանը ընկեր Բերյակինի ռադիոելույթից հետո գյուղացիների ներկայությամբ ասել է. «Ստացվում է, որ մարդ, առանց հնգամյա պլանը կատարելու, անգամ սեփական կնոջ հետ իրավունք չունի անկողին մտնել»: Իսկ արթիկցի Վահրամ Ավանեսյանը, սովետական երգը թողած, թոռներին դաշնակցական Անդրանիկ Օզանյանին վերաբերող երգեր է սովորեցրել: Ի դեպ, վերը նշված անձանցից շատերը թաքցրել են նաև իրենց ունեցած անասունի գլխաքանակը և հրաժարվել ըստ կարգի կոլտնտեսությանը հանձնել դրանք:
ԳՆԹՈՒՆԻ – Ընկե՛ր Բաբախանյան, որքան հայտնի է, վաղը Հայաստանից էտապ է ուղևորվում՝ երեք վագոն բռնավոր: Այդպե՞ս է:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ – Ճի՛շտ այդպես, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ – Որքա՞ն է աքսորյալների թիվը:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — 94 հողի, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈԻՆԻ — Վիճակագրությունն ինչպիսի՞ն է:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — (թղթապանակը բացելով:) Վաղն Ալթայի երկրամաս կմեկնի 6 շրջկոմի ու շրջսովետի, 18 կոլխոզի նախագահ, 22 ֆինբաժնի վարիչ, 18 գանձապահ, 11 գիտնական, 7 ուսուցիչ, 5 գրող, 2 բանվոր և 5 գյուղացի: Նախորդ շաբաթ ձերբակալվել են ևս 23 անբարեհույս տարրեր, նրանցից 18-ը տեղափոխվել են Ագռավաքար, որոնցից 5-ը գնդակահարվել են:
ԳՆԹՈՒՆԻ — Էտապ մեկնողները բոլորն Ագռավաքարի՞ց են, թե՞…
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — Լոոուց ու Շիրակից ևս համալրում ունենք:
ԳՆԹՈՒՆԻ – Ընկե՛ր Քարվաճառ, Ագռավաքարում բանտարկյալների թիվն այս պահի դրությամբ որքա՞ն է:
ՔԱՐՎԱՃԱՌ — Հսկիչ ժողովրդին հաշվա՞ծ, թե՞ չհաշված, ընկե՛ր քարտուղար:
ԳՆԹՈՒՆԻ — Ինչ է, Ագռավաքարում հսկիչներն է՞լ են բանտարկյալ, ընկեր Քարվաճառ:
ՔԱՐՎԱՃԱՌ — (ծիծաղելով): Բա մարդուն անասունից չտարբերե՞նք, ընկեր քարտուղար:
ԳՆԹՈՒՆԻ — Հարցերին, խնդրում եմ, ուղիղ պատասխանել…
ՔԱՐՎԱՃԱՌ — Ուրեմն ասեմ, ունեինք-չունեինք՝ 19 ճգնավոր ունեինք, 207 քարհավաք: Քանի որ դրանցից 94-ը, ինչպես ընկեր Բաբախանյանն ասաց, էտապ են մեկնում, Ագռավաքարում մնում են 10 ճգնավոր և 122 քարհավաք, ընդամենը 132 շնչավոր:
ԳՆԹՈՒՆԻ — Բռնավորների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ տարվո՞ւմ են:
ՔԱՐՎԱՃԱՌ — Պիտի ասեմ, որ վերջերս քարի տակ մնացողը շատացել է, հարգելի՛ քարտուղար: Չնայած, հավաքողն էլ քիչ չի, բայց… Հա, քարհավաքների շնորհիվ ահագին այլախոհ ու տատանվող էլեմենտ հայտնաբերեցինք: Հոտառյանի միջոցով, ինչպես լսեցիք, դրանք Ագռավաքար են տեղափոխվել, էն էլ ասեմ…
ԳՆԹՈՒՆԻ – Ընկե՛ր Քարավճառ, ձեր երկիմաստ արտահայտություններն արդեն չափազանցության են հասնում:
ՔԱՐՎԱՃԱՌ — Էդ ի՞նչ ասացի, որ… Չնայած, ընկեր քարտուղար, ճիշտ ես ասում, բառերը միշտ էլ երկիմաստ են, իսկ մարդիկ՝ երկերեսանի: (Բարձր ծիծաղում է:)
ԳՆԹՈՒՆԻ — (կոպիտ): Խոստովանե՛ք, որ տատանվողների ուժերն այնքան էլ լավ չեք օգտագործում:
ՔԱՐՎԱՃԱՌ – Խոստովանե՞ք… էդ ի՞նչ է, բռնավո՞ր եմ, ի՞նչ եմ… Ընկե՛ր քարտուղար, ես էլ, հերս էլ, պապս ու պապիս պապն էլ Ագռավաքարում ենք բանել ու ոչ մեկին ոչ մի բան մինչև օրս չենք խոստովանել: Հետո, տատանվողի ուժը ո՞րն է, լուռ ու մունջ քար են հավաքում, էլի… Բայց ասեմ՝ կան, որ էտապը ավելի հարմար կլիներ:
ԳՆԹՈՒՆԻ — (արհամարհանքով): Լավ, լավ, դուք չէ, որ պիտի որոշեք: (Էխյանին.) Ընկեր Էխյան, կուսշարքերի կարգավորման ընթացքը…
ՔԱՐՎԱՃԱՌ — Էխյան… Անունը Գոռ է, ազգանունը՝ էխյան: Կարճ ասեք, էլի, Գոռեխ… (Ծիծաղում է:)
ԳՆԹՈՒՆԻ – Ընկե՛ր Քարավաճառ, դա արդեն չափից դուրս է: Դուք կենտկոմում եք գտնվում, վերջապես…
ՔԱՐՎԱՃԱՌ — (ձեռքերը բարձրացնելով): Ես՝ ներողություն, բայց կտեսնեք, մի օր էլ էս Գոռեխն է Ագռավաքարում քար հավաքելու: Գիտե՞ք ինչու, որովհետև էս անիրավը ում տունն ասես՝ մտնում է, ում գործին ասես՝ խաոնվում: (էխյանին.) Հը՞, էդ ինչի՞ ես աչքերդ չռել, սո՞ւտ եմ ասում, գյադա…
ԳՆԹՈՒՆԻ – Ընկե՛ր Քարվաճառ…
ԷԽՅԱՆ — (զայրույթով նայելով Քարվաճառի կողմը): Ընկե՛ր Գնթունի, պետք է ասեմ, որ վիճակը չափազանց անհանգստացնող է, ընկեր Լսակյանը կհաստատի: (Լսակյանը գլխով է անում:) Հատկապես մտավորականների ու գրողների շրջանում տիրող իրավիճակը… Այս կատեգորիայի որոշ մարդիկ հավակնում են իրենց վարքագծով ու գործունեությամբ պղծել սովետահայ գրական անդաստանը: Այդպիսիներին կենտկոմը և պրոլետ գրողների միությունը դավաճան Փաշայանի ինքնասպանությունից հետո անարգանքի սյունին չգամեցին, և նրանք շարունակում են անպատիժ մնալ ու վխտում են երկրում, թունավորում սովետական աշխատավորի անաղարտ միտքն ու հոգին: Գաղտնիք չէ, բոլոդ գիտեք, թե ովքեր են նախկին այդ դաշնակցական տարրերը: (Մատները ծալելով:) Բատիկյան, Մազմանյան, Վարդանյան, Սեդրակյան, Հարությունյան, Երկանյան, Կետիկյան, Մասիսյան, Եղյան…
ԳՆԹՈՒՆԻ – Դարձյա՛լ Եղյան: Եղյանին հանգիստ թողեք առայժմ, ընկեր Էխյան:
ԷԽՅԱՆ — Հասկանում եմ, ընկեր Գնթունի, առաջնորդն անձամբ հետաքրքրվել է նրանով, բայց… Չէ՞ որ Եղյանը և նրա նմանները նույն Փաշայանի շայկայից են… Ես գտնում եմ, որ դրանց նմաններին, հատկապես Եղյանին, օր առաջ հավաքել է պետք, այո՛, այո՛, հավաքել, թե չէ դրանց փոխարեն մենք ենք պատասխան տալու:
ԳՆԹՈՒՆԻ – Ասացի՝ Եղյանի հարցն առայժմ թողեք…
ԷԽՅԱՆ — Ինչպես կուզեք, սակայն կամենում եմ հիշեցնել, որ այդ նույն Եղյանը պատեհ-անպատեհ շարունակում է և՛ ձեզ, և՛ ընկեր Բերյակինին անհարկի նամակներ գրել: Կուզենայի հիշեցնել նաև, որ հանրապետության մասշտաբով կուսակցությունից հեռացվել է 61 և կուսակցության շարքերն է ընդունվել 83 հոգի…
ԳՆԹՈՒՆԻ — Բավական է, ընկեր Էխյան:
ԷԽՅԱՆ — Այնուամենայնիվ…
ՔԱՐՎԱՃԱՌ – Վա՛հ, այ մարդ, ասացին՝’ վերջացրու, էլի, չլսեցի՞ր…
ԳՆԹՈՒՆԻ — (խեթ նայում է Քարվաճառին, զանգում): Նադինկա, օրվա վերջին ինձ մոտ հրավիրեք Փայլակ Պողպատյանին և բանաստեղծ Եղյանին: (Լսափողը դնում է:) Ուրբաթ օրը ժամանում է ընկեր Բերյակինը: Ձեր ցուցանիշները դժվար թև նրան համոզիչ թվան: Գնացեք ու լրջորեն զբաղվեք անբարեհույս անձանց ճշգրտման հարցերով: Որքան հնարավոր է արդյունավետ աշխատեք, ձեր տված թվերը մեծ մասամբ չեն համընկնում վերևից իջեցված թվերի հետ: Այժմ ազատ եք: Ցտեսություն: Ընկեր Բաբախանյան, երեկոյան ժամը հինգին ձեզ կսպասեմ:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — Կլինեմ անպայման:
Բոլորը դուրս են գնում:
Պատկեր 4
Ներս է մտնում Պողպատյանը:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — (ցածրաձայն): Կանչե՞լ եք, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ — (պաշտոնական): Նստեք, ընկեր Պողպատյան: Գործերն ինչպե՞ս են գրողների միությունում:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Պետք է ասել, որ ընդհանուր ժողովին հաջորդած ձերբակալություններից հետո գրողները սթափվել են, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ – Ի՞նչ իմաստով…
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Առհասարակ…
ԳՆԹՈՒՆԻ — Բացի Կետիկյանից ու Մասիսյանից ուրիշների է՞լ են վերցրել:
ՊՈՂՊԱՏՅԱՆ – Երեկ՝ նաև Բատիկյանին, Մազմանյանին ու Սեդրակյանին:
ԳՆԹՈՒՆԻ — Հարությունյանն ու Երկանյանը դեռևս ազատության մե՞ջ են: ՊՈՂՊԱՏՅԱՆ – Ճի՛շտ այդպես, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ — Կետիկյանի ու Մասիսյանի վերաբերյալ ՉԵԿԱ-ն արդեն վճիռ է կայացրել, տեղյա՞կ ես:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Տեղյակ չեմ… և ի՞նչ…
ԳՆԹՈՒՆԻ — Расстрел! (Հեռախոսազանգ:) Ալո՛, այո՛… Թող սպասի, կկանչեմ: (Պողպատյանին.) Եղյանի մասին ի՞նչ եք մտածում:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Ընկեր Գնթունի, հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նա շարունակ ձեզնից տեսակցություն խնդրում: Հետո… դուք ինչպես հարմար կգտնեք: Դուք էլ լավ գիտեք, որ չափազանց մեծամիտ ու իրասածի է, ինձ թվում է՝ նրա վերադարձն անգամ ՀԳՄ հեղինակությունը կխաթարի: Բոլորը հոգնել են նրա մեծամտությունից ու անհարկի վիրավորանքներից: Գուցե առժամանակ նրան Ագռավաքարում պահեք…
ԳՆԹՈՒՆԻ — Ուզածն ի՞նչ է: Հակասությունը հիմնականում գաղափարաքաղաքակա՞ն, թե՞ անձնական հողի վրա է…
ՊՈՂՊԱՏՅԱՆ – Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Նա համարում է, որ բացի իրենից՝ բոլորը տգետ են: Իրեն համարում է հայ նորագույն գրականության հիմնադիրն ու գիտակը:
ԳՆԹՈԻՆԻ — Ախր, այդ անիրավը չափազանց վատառողջ է, դուք լավ գիտեք…
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Բայց որքա՞ն կարելի է համբերել:
ԳՆԹՈԻՆԻ — Կարծեմ հիմա նա տնից էլ դուրս չի գալիս:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Ըըը, այդպես է, բայց…
ԳՆԹՈԻՆԻ — Լավ, Եղյանն արդեն ընդունարանում է: Կանչեմ՝ ներս գա: (Զանգում է:) Նադինկա, Եղյանը թող ներս գա:
Պատկեր 5
ԵՂՅԱՆ — (մտնում է գլուխը բարձր, ինքնավստահ): Իմ ջերմ ողջույնները հայոց կենտկոմի նոր քարտուղարին, իմ վաղեմի ընկերոջն ու բարեկամին: (Պողպատյանին.) Բարև, Փայլակ, գործերդ ինչպե՞ս են, «պառնասի» տիրակալ:
ԳՆԹՈՒՆԻ — (տեղից քիչ բարձրանալով): Բարև, ընկեր Եղյան: Ինչպես ընկեր Գորկին էր ասել. «Ահա Երկիր Նաիրին»: (Ծիծաղում է:) Նստիր, Գևորգ: Ինչպե՞ս ես, պոետ:
ԵՂՅԱՆ — Ապրում եմ, շրջապատված տնեցիների ջերմությամբ ու մեծագույն մտածողների ընկերակցությամբ: (Ծիծաղում է, ծոցագրպանից հանում է մի թուղթ:) Հա, ի դեպ, գալուց առաջ, քանի մուսաս եկել էր, ձեզ մի ստիխ ձոնեցի, թե կուզեք՝ կարդամ:
ԳՆԹՈՒՆԻ — (հեգնանքով): Եղյա՛ն, ինձ նախկինում էլ բանաստեղծություններ էիր ձոնում, հիշո՞ւմ ես: Եթե նույն ոճով ես գրել՝ պետք չէ, պահիր…
ԵՂՅԱՆ — Այն ժամանակ հաճախ էինք կատակում, ընկեր Գնթունի, իսկ ձոնն այս անկեղծ է ու անմիջական՝ վայել ձեր բարձր կոչմանն ու դիրքին:
ԳՆԹՈՒՆԻ – Հա՞, որ այդպես է, դիր սեղանիս, հետո կկարդամ: Գևորգ, քեզնից շարունակ բողոքում են, ի՞նչն է պատճառը:
ԵՂՅԱՆ — Հաճախ ես ինքս էլ եմ ինձնից բողոքում, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ — Կատակը մի կողմ…
ԵՂՅԱՆ — Դե, բողոքողն ինքը կիմանա, ես ի՞նչ գիտեմ:
ԳՆԹՈՒՆԻ — Շատերին ես անուն դնում, հեգնում… Վերջին ստեղծագործություններիդ մեջ հաճախ շեղվում ես կոմունիստական, պրոլետարական գաղափարներից…
ԵՂՅԱՆ — Ցավում եմ, որ այդ տպավորությունն ունեք, ընկեր Գնթունի, բայց դա չէ ճշմարտությունը:
ԳՆԹՈՒՆԻ – Դո՞ւք ինչ կասեք, ընկեր Պողպատյան:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Եղյանն իր նախաձեռնությամբ գրողների միությունից հեռացավ, երեք ամիս հետո վերադարձավ… ճիշտն ասած, հիմա մենք քիչ ենք առնչվում…
ԳՆԹՈՒՆԻ — Պատճառն ի՞նչ է:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Թող ինքն ասի:
ԳՆԹՈՒՆԻ – Հը՞, ի՞նչ կասես, պոե՞տ:
ԵՂՅԱՆ — Ձեզ քաջ հայտնի է իմ նվիրվածությունը պարտիային, մեր մեծ հայրենիքին, նրա ապագային: Ես ինքս եմ ընտրել կյանքի այս նոր ու շռնդալի ուղին՝ համոզված լինելով, որ ազգիս ու երկրիս ապագան կապված է միայն կոմունիստական կուսակցության ու սոցիալիստական հասարակարգի հետ:
ԳՆԹՈՒՆԻ — Այո, կարծեմ սկզբում այդպես էր…
ԵՂՅԱՆ — Հավատացեք, այդպես է նաև այժմ և էականորեն ոչինչ չի փոխվել:
ԳՆԹՈՒՆԻ — Բովանդակությամբ սոցիալիստական գրականությունը հաճախ ստորադասում եք ձևով ազգայինին, այդպե՞ս է:
ԵՂՅԱՆ — Երկուսն էլ հավասարարժեք են, քանի որ մարդն ունի և՛ անցյալ, և՛ ներկա: Սոցիալիստականն իմ այսօրն է, ազգայինը՝ իմ անցյալը: Ինձ համար անընդունելին միայն ցածրարժեք գրականությունն է՝ լինի անցյալում ստեղծված, թե մեր օրերում:
ԳՆԹՈՒՆԻ — Գրողներից չկա մեկը, որ քո մասին դրական արտահայտվի: Բոլորը համոզված են, որ դու հեռացել ես ոչ միայն գրողների միությունից, այլ նաև մեր գաղափարախոսությունից, և պրոլետարական գրականությունն այսօր խորթ է քեզ համար:
ԵՂՅԱՆ — Ինձ համար գրականությունը, ճշմարիտ գրականությունը, ինչ մեթոդով էլ այն ստեղծված լինի, սպասված է ու հոգեհարազատ, սակայն ես չեմ պատրաստվում ամեն խզմզոց գրական գործ համարել և պաշտպանել ապաշնորհ գրչակներին: Ինչ վերաբերում է վերաբերմունքին… Ես այլախոհ չեմ ու ոչ էլ դավադիր: Հեռանալով գրողների միությունից՝ չեմ դադարել ստեղծագործել և փորձում եմ այսօր ավելին անել, քան մինչ այժմ եմ արել…
ԳՆԹՈՒՆԻ – Այսի՞նքն… ուզում ես ասել՝ այսուհետ ավելի ես շեղվելու, ի՞նչ է…
ԵՂՅԱՆ — Նկատի ունեմ միայն ճշմարիտ ստեղծագործությունները:
ԳՆԹՈՒՆԻ — (կեղծ ափսոսանքով): Քո երգը եթե ունկնդիր չունի և, ամենայն հավանականությամբ, այսուհետ չի ունենա, ավելորդ չէ՞, պոետ:
ԵՂՅԱՆ — Ցավալի բան ասացիք, բայց… Այսօր ինչին ասես ականջ են դնում… Հոգ չէ, վաղը երգիս ունկնդիրն էլ կգտնվի, ընկե՛ր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ — Ախ, վաղը… ուզում ես ասել՝ քո ստեղծագործություններն անմահ են:
ԵՂՅԱՆ — Ուզում էի ասել այն, ինչ ասացի, և ուրիշ ոչինչ:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Ընկեր Եղյան, գոնե հիմա այստեղ խոստովանիր, որ չես ընդունում կուսակցության կողմից հավանության արժանացած և անհրաժեշտ գրական թեմատիկան:
ԵՂՅԱՆ – Ընկե՛ր Փայլակ, ոչ մի գրողի թեմա պարտադրել չի կարելի, «պառնասի» վեճն այստեղ արի չշարունակենք: Քեզ որ մնա, մինչ հեղափոխությունը հայերը ծառերի վրա էին ապրում, մշակույթ չունեին, և ՀՊԳ ասոցիացիայի անդամներդ, իբրև նորօրյա լուսավորիչներ, բերեցիք թե՛ գրականությունը, թե՛ թեմատիկան: Դե, խմբովի շարունակեք սեր խոստովանել տրակտորին ու օդանավին: Գոնե հիմա գործազուրկիս հանգիստ թողեք իմ մենության մեջ… հիմա հեռու եմ, ու ոչ մեկն ինձնից վիրավորվելու առիթ չի ունենա այսուհետ: (Գնթունուն.) Ներողամիտ եղեք անկեղծ բացախոսության համար:
ԳՆԹՈՒՆԻ — Լավ, լավ, պետք չէ բորբոքվել, Գևորգ: Այնուամենայնիվ, խոստովանիր, որ գործերիդ մեջ նկատելի է գաղափարական- քաղաքական դիրքերից որոշակի նահանջ:
ԵՂՅԱՆ — (դադարից հետո): Ընկեր Գնթունի, եթե դուք էլ եք այդպես գտնում… Հավստիացնում եմ ձեզ, որ կփորձեմ վերանայել և կշտկեմ ինչպես մարդկային, այնպես էլ ստեղծագործական վրիպումներս: Ինձ ժամանակ տվեք և հավատացեք, ես կուղղեմ ամեն ինչ:
ԳՆԹՈՒՆԻ — Գնա, Գևորգ, ու լավ մտածիր: Մենք քեզ չենք անհանգստացնի, սակայն… Լավ, առայժմ, ցտեսություն…
Եղյանը հրաժեշտ է տալիս ու մոլորուն քայլերով հեռանում:
ԳՆԹՈՒՆԻ – Եղյա՛ն:
ԵՂՅԱՆ — (շրջվում է): Լսում եմ:
ԳՆԹՈՒՆԻ — Էլ նամակներ չգրես: Առանց այն էլ ամեն ինչ պարզ է:
Պատկեր 6
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Հիմա համոզվեցի՞ք, ընկեր Գնթունի…
ԳՆԹՈՒՆԻ — Համենայնդեպս, դեռ ժամանակը չէ…
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Կամքը ձերն է, բայց կամենում եմ հիշեցնել, որ Կիրպոտինը շարունակ հետաքրքրվում է այս հարցով: Կներեք, բայց ձեր պահվածքը կողմնապահություն չի՞ դիտվի:
ԳՆԹՈՒՆԻ – Գտնո՞ւմ ես: Մի՛ անհանգստանա, ինքն իր գլխին մի բան կսարքի, ու մեր հետագա ձեռնարկումներն ավելի հիմնավոր կլինեն: Առայժմ կառաջնորդվենք հարցաքննությունների անցկացմամբ և տնային կալանքով: Այսօր կարգադրություն կիջեցնեմ: Նրա հետ առնչվող ամեն հարցի մասին ինձ տեղյակ պահեք… Ագռավաքար տեղափոխելը սարերի ետևում չէ:
ՊՈՂՊԱՏՅԱՆ — Այ, դրանք արդեն որոշակի քայլեր են… Կարո՞ղ եմ գնալ, ընկեր Գնթունի:
ԳՆԹՈՒՆԻ — Գնացեք, հաջողություն: (Պողպատյանը գնում է:) Հոգնել եմ, հոգնել… (Գլուխն առնում է ափերի մեջ:)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ
Պատկեր 1
Եղյանի տունը: Եղյանը պառկած է թախտին՝ վրան ծածկոց: Թիկն տված կարդում է, նշումներ անում:
ՆԱԶԵԼԻ — (արագ մտնում է): Գևո՛րգ… Գևորգ ջան, խնդրում եմ, վատ չզգաս… չեմ կարող ասել, լեզուս չի պտտվում…
ԵՂՅԱՆ — (նստում է տեղում): Ասա, Նազելի, ոչինչ արդեն զարմանալի չէ, էլի ի՞նչ է պատահել…
ՆԱԶԵԼԻ — Վատ լուր է, Գևորգ, շատ վատ…
ԵՂՅԱՆ – Դե՛… խոսի՛ր, էլի…
ՆԱԶԵԼԻ — Արարատին գնդակահարել են…
ԵՂՅԱՆ — (տեղից ցատկում է): Էդ ի՞նչ ես ասում, ե՞րբ…
ՆԱԶԵԼԻ — Երեկ երեկոյան, Ծիծեռնակաբերդում…
ԵՂՅԱՆ — Հիմա էլ Արա՞րը… Ախ, իմ չարքաշ, ախ, իմ դժբախտ եղբայր… ինչի՞ համար, ո՞ր մեղքիդ համար… (Բռնում է գլուխը, հեկեկում:) Գնթունի՛, ես քո հավատն անիծեմ… էս ի՞նչ եք անում, անօրեննե՛ր: Չէ, Նազելի, հերթը ինձ հասավ, ի՛նձ, ի՛նձ… Ես եմ հաջորդը, կտեսնես: Սրանք իմ աչքի առաջ բոլոր ազնիվ տղերքին կվերացնեն, որ ինձ կենդանի-կենդանի գերեզման դնեն: Կտեսնե՛ս: Բորենինե՛ր… ես ձեր…
ՆԱԶԵԼԻ – Գիտե՞ս, ով է ցուցմունք տվել:
ԵՂՅԱՆ — Ո՞վ…
ՆԱԶԵԼԻ — Վռամ Նադիրյանը:
ԵՂՅԱՆ – Վռա՞մը… Նա մեղավոր չէ, Նազելի, ապրելու խնդիր է… Տղան այդ ձևով փորձել է փրկել իր կյանքը, մեղադրել չի կարելի, բայց իրեն էլ կանդրադառնան, կտեսնես…
ՆԱԶԵԼԻ — Բայց չէ՞ որ…
ԵՂՅԱՆ — Բայց չկա, սիրելիս, նա մեղավոր չէ… Ես ու Արարն ավելի շատ ենք մեղավոր: Մեր մեջքը մենք կոտրեցինք՝ անմիաբան լինելով: Մեզ իրար դեմ հանեցին, ցրիվ տվեցին, որ ջարդելը առանձին-առանձին հեշտ լինի… Իրենց ի՞նչ, թե դու ազգային պատկանելություն ունես, դարերի պատմություն, մշակույթ… Դու պիտի սովետական լինես ու քո գործով միմիայն անդեմ մարդու էսթետիկա քարոզես, վե՛րջ… Գտիր Հասմիկին, թող շտապ գա, իմ ժամն էլ մոտ է: Նրան բան ունեմ հանձնելու… շտապի՛ր…
ՆԱԶԵԼԻ — Ես չե՞մ կարող…
ԵՂՅԱՆ — Չէ, ինձ միայն Հասմիկը կարող է օգնել: Հարցեր կան, հարցեր, մի նեղանա…
Նազելին հեռանում է:
Պատկեր 2
ԵՂՅԱՆ – Մի՞թե սա վերջն է: Հիմա ինչ ուզում ես՝ արա, թեկուզ ափիդ մեջ ձվածեղ եփիր, երգդ երգված է… Ավաղ, չկարողացար ապացուցել, որ քո էությունն ու գործը նվիրված էին այս մեծ երկրին, հարազատ ժողովրդին ու կուսակցությանը, պայծառ գալիքին: Չկարողացար հաստատել, որ երբեք խորհրդային գաղափարախոսությանը դեմ չես եղել, այլ ընդդիմացել ես մարդկային ճղճիմությանը, բանսարկությանն ու գաղափարի խաթարմանը: Կինտոները հեռուն գնացին… էսօր աշխարհն իրենց շուրջն է պտտվում, այլ ոչ իր առանցքի: Ուզում էիր ապրել՝ դառնայիր Որբունի, Կարմիրշալյան… Ձոներ գրեիր, առաջնորդ փառաբանեիր, մոռանայիր երկիր ու ազգություն, հորդ, մորդ, անցյալդ ու ամեն սրբություն… Ի՞նչ ակունքներ, ի՞նչ ազգային գրականություն… Ով հա՛յ ժողովուրդ, տառապյա՛լ իմ ազգ, հերթական անգամ օրհասի մեջ ես… Պարտադրում են քեզ ապրել անանուն, առանց պատմության ու հիշողության, անկիրք ու անսեր… Քո ինչի՞ն է պետք տենչն ազատության կամ թե գալիքը՝ ուրիշին տրված: Օտարի ձեռքի խաղալիք ես դու ու նաև անկամ քո զավակների զոհը հալածյալ, որ բզկտում են միմյանց օտարի կամքին հլու-հպատակ: Դու անհոգ մնա, քո ապագան կորոշեն այլք, այլ ոչ պոետդ… (Բերանքսիվայր ընկնում է թախտին, հետո կտրուկ բարձրանում:) Սակայն դեռ ելք կա… Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է: Թեկուզ և այսպես ու անփառունակ այսօր մենք անցնենք, բայց դու դեռ կապրես, կապրես հավիտյան քո ոգու հանգույն՝ հպարտ ու անպարտ… (Բռնում է գլուխը:) Մեռնում եմ, մեռնում… Օ, ճակատագիր…
Բեմը մթնում է, ծովի շառաչ: Երկու կողմից մտնում են ուրվականները, անշարժ կանգնում են կենտրոնում՝ դեմքով դեպի հանդիսատեսը:
ԵՂՅԱՆ — (նայելով նրանց): Եկա՞ք, դարձյալ հայտնվեցի՞ք… ինչո՞վ եմ կրկին ձեր ուշադրությանն արժանացել, դարձյալ գո՞ւյժ… Գեթ մեկ անգամ պիտի խոսե՞ք… Թե՞ եկել եք ինձ տանելու…
Առաջին ուրվական — Դեռ վաղ է, վաղ է, վաղ է…
Երկրորդ ուրվական — Մենք էլ ենք ապրել, գործել, ճանաչել, ճանաչել, ճանաչել…
Երրորդ ուրվական — Ակնթարթի պես դեռ կանցնեն դարեր, դարեր, դարեր…
Չորրորդ ուրվական — Չկարողացար տիրել ինքդ քեզ, քեզ, քեզ…
ԵՂՅԱՆ — Ուզում եք ասել՝ չգտա՞ ես ինձ, ինչի կոչված էի՝ չհասա՞ երբեք…
Առաջին ուրվական — Սակայն օրհասը, օրհասը մոտ է, մոտ է, մոտ է…
Երկրորդ ուրվական — Ապրելու են դեռ զրկանքների մեջ, մեջ, մեջ…
Երրորդ ուրվական — Դեռ դարձի կգան անգետ ու հիմար, հիմար, հիմար…
Բոլորը միասին — Թույլ տուր խաչ հանեն մարմինդ, պոետ, պոետ, պոետ…
ԵՂՅԱՆ — Ո՞ր մեղքիս համար… Որ անդաստական կյանքս տվեցի ես անմնացորդ գալիքի՞ն երկրիս, որ մինչև այսօր չեմ դավել մեկին, անգամ՝ թշնամո՞ւս…
Առաջին ուրվական — Ոսիրւ քո բեռը, բեռը, բեռը…
Երկրորդ ուրվական — Քոնն է լինելու ժամանակն անկանգ, անկանգ, անկանգ…
Երրորդ ուրվական — Քարերի երկրում արքան քար դարձավ, դարձավ, դարձավ…
Չորրորդ ուրվական — Դու պիտի հասնես, հասնես արքային, արքային, արքային…
Բոլորը միասին — Արքան այստեղ է, այստեղ է արքան, նահատակությամբ կփրկես նրան…
Բեմը լուսավորվում է, ուրվականներն անհետանում են: Եղյանն ընկնում է թախտին:
Պատկեր 3
Նազելի, Հասմիկ:
ՆԱԶԵԼԻ — Գևորգ ջան, վա՞տ ես զգում…
ՀԱՍՄԻԿ — (կռանում է Եղյանի վրա): Կանչե՞լ ես, Գևորգ:
ԵՂՅԱՆ — Հասմիկ ջան, օրերս հաշված են, քույր իմ…
ՀԱՍՄԻԿ — Կրկին հոռետեսության գիրկն ընկար…
ԵՂՅԱՆ – Չէ՛, բանս բուրդ է, հաստատ եմ ասում:
ՀԱՍՄԻԿ — Նրանք չեն փորձի քեզ ձեռք տալ:
ԵՂՅԱՆ — Նրանք շուտով կգան, այս անգամ՝ ոչ հարցաքննության համար:
ՀԱՍՄԻԿ – Ի՞նչ ես կամենում, ինչպես որ ասես, այնպես էլ կանեմ…
ԵՂՅԱՆ — Պահարանում եղած ձեռագրերս Նազելու հետ հավաքեք, ու տար, թաքցրու մի տեղ: Անօրենները ոչինչ չեն խնայի, կայրեն ամեն ինչ, փրկիր ձեռագրերս, մի օր դրանք պետք կգան: Եվ որքան շուտ, այնքան լավ: Լսո՞ւմ ես…
ՀԱՍՄԻԿ — Լսում եմ, լսում… Ամեն ինչ կանեմ, բայց դու շտապում ես, Գևորգ:
ԵՂՅԱՆ — Ժամանակը չէ, էլի քարոզ մի կարդա… Նազելի՛, տանը թղթե պարկեր ունեինք, ձեռագրերը լցրու դրանց մեջ, տուր Հասմիկին: Միայն թե արագ:
ՆԱԶԵԼԻ — Սեղանիդ վրայի եղածն է՞լ…
ԵՂՅԱՆ — Միայն այն տետրը, մնացածն առայժմ կարևոր չեն:
Նազելին ու Հասմիկը հավաքում են ձեռագրերը:
ԵՂՅԱՆ — (բարձրանում է, մոտենում, փաթաթվում Հասմիկին): Մնաս բարով, թանկագի՛նս: Ներիր, եթե կոպիտ եմ եղել կամ չափն անցել երբեմն: Բարի հիշիր բանաստեղծ ընկերոջդ…
Եղյանն ու Նազելին ճանապարհում են Հասմիկին, նա տանում է ձեռագրերի կապոցը: Երկուսով լուռ նստում են թախտին:
Պատկեր 4
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — (մտնում է առանց թակոցի): Օրենքի անունից ձերբակալված եք, ընկե՛ր Եղյան:
ԵՂՅԱՆ — Սպասում էինք, բայց ոչ այսքան շուտ:
ՀՈՏԱՌՅԱՆ — Իրերդ հավաքիր: Տիկի՛ն, ձեր ամուսնու հետ միայն երկու ձեռք սպիտակեղեն կարող եք դնել, ուրիշ ոչինչ:
ՆԱԶԵԼԻ — (փղձկում է, փարվում ամուսնուն): Ես չեմ կարող, Գևորգ…
ԵՂՅԱՆ — Պետք չէ, Նազելի, մի հուզվիր, ամեն ինչ լավ կլինի: Դու երեխաներին լավ նայիր:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ – Տիկի՛ն, արագացրեք: (Ոստիկաններին.) Ի՞նչ եք տնկվել, պահարնները խուզարկեք: Ինչքան ձեռագիր գտնեք՝ վերցրեք…
Նազելին դուրս է գնում: Ոստիկանները տակնուվրա են անում պահարանը:
Առաջին ոստիկան — (ցույց տալով տետրը): Ընկե՛ր Բաբախանյան, բացի այս տետրից, ուրիշ ոչ մի ձեռագիր չկա:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ – Լա՛վ նայեք, լա՛վ, թախտի, սեղանի տակ…
Երկրորդ ոստիկան — Ոչինչ չկա, ընկե՛ր Բաբախանյան:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — (Եղյանին): Հասցրել ես թաքցնե՞լ, հա՞, պովետ:
ԵՂՅԱՆ — Վերջին ժամանակներս միտքս ու մուսաս հաճախ են ինձ դավաճանում… Անպտուղ եմ դարձել: Աշխատանքից ազատելն ու գրողների միությունից հեռացնելն էլ խեղդամահ արեցին… Ինչ հասցրի հրատարակել՝ դա էլ մնաց:
ՀՈՏԱՌՅԱՆ — Ձևեր չթափես, Եղյա՛ն, ձեռագրերիդ տեղն ասա: Վաղը դրանք կարող են ուրիշներին էլ թունավորել:
ԵՂՅԱՆ — (քամահրանքով): Մարտի՛կ Հոտառյան, ի տարբերություն քո գրածների, իմ գրվածքները ոչ թե թունավորում, այլ բուժում են մարդկանց:
ՀՈՏԱՌՅԱՆ — Կբուժեն, ինչպես չէ, կբուժեն: Շնորհիվ քո գրվածքների՝ տրոցկիստներն ուկլոնիստ դարձան, նացիոնալիստները՝ հակահեղափոխական, հապա ինչպես…
ԵՂՅԱՆ — Առողջ մարդուն հիվանդություն վերագրելը ձեզ նմաններին է հատուկ…
ՀՈՏԱՌՅԱՆ – Ինչի՞, առողջ հիվանդ է՞լ կա… Հիվանդին հիվանդություն վերագրելը մեղք չէ, հանրությանը հակահեղափոխական համաճարակից չփրկելն է մեղք:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — Հոգ չէ, ընկեր Հոտառյան, գետնի տակից էլ լինի՝ կգտնենք…
Նազելին, կապոցը ձեռքին, ներս է մտնում:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — Օհո, կապոցն արդեն պատրա՞ստ է: Շատ չե՞ք շտապում, տիկի՛ն: (Ծիծաղելով Եղյանի ձեռքերին ձեռնաշղթա է դնում:) Ծանր չեն, չանհանգստանաս, պոե՛տ: Գիտեմ, որ այս ձեռքերով բռնածդ ամենածանր բանը գրիչն է եղել:
ԵՂՅԱՆ — Սխալվում ես, ոստիկանապե՛տ: Այս ձեռքերը նաև զենք են կրել ու քեզ նման թշվառի համար դեպի այս օրը ճանապարհ հարթել:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — Ինչպես ժողովուրդն է ասում. «Լեզուն որ չլինի, ագռավներն աչքերը կհանեն»: Դե, առաջ ընկիր, առաջ…
ԵՂՅԱՆ — (Նազելին փաթաթվում է նրան): Չվհատվե՛ս, սիրելի՛ս, սա դեռ վերջը չէ… Շուտով մի դուռ կբացվի, հավատա՛: Ամեն առավոտ ու իրիկուն իմ փոխարեն համբուրիր երեխաներին: Մնաս բարով…
Եղյանին տանում են:
ՆԱԶԵԼԻ – Ի՞նչ եմ անելու, Աստված իմ… Գուցե դեռ ամեն ինչ կորած չէ… Մենք դեռ կհանդիպենք, Գևո՛րգ…
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Պատկեր 1
Բեմը հիշեցնում է կիսամութ քարանձավ: Ձախ կողմում՝ քարերի կույտ: Կենտրոնում՝ դուռ-ժայռաբեկոր: Դռան աջ կողմում՝ հարթ, սպիտակ պատ՝ կալանավորի փայտյա թախտ: Թախտի դիմաց, բեմեզրին՝ ճաղաշար: Վերևից կախված են պարաններ, մի քանիսը օղակված է, մյուսներից կախված են մանգաղ հիշեցնող շեղբեր: Զնդանին զարկվող մուրճի ձայն: Զարկերն ահագնանում են ու հնչում ավելի մոտիկից: Բեմի աջ կողմից, բանտային համազգեստով Եղյանին հրելով, ներս են մտնում Քարվաճառն ու բանտապահը:
ԲԱՆՏԱՊԱՀ – Գնա՛, գնա՛, տեղդ հազիվ գտար, թշվա՛ռ… Թե չէ արդեն հոգի էիր հանում բանաստեղծական զառանցանքներով. «Ես խիղճն եմ իմ ազգի, ես միտքն եմ մարդկության, ես, ես…»:
ԵՂՅԱՆ – Մի՛ հրիր, մի՛ խփիր, շո՛ւն-շանորդի՛…
ԲԱՆՏԱՊԱՀ – Լսեցի՞ք, ընկեր Քարվաճաո, նա ինձ վիրավորեց: Հետո էլ կասի՝ ես գրագետ, բանաստեղծ մարդ եմ…
ՔԱՐՎԱՃԱՌ — Հիմա քեզ մենակ կթողնենք, ու ոչ մի չար ուժ չի հանդգնի քո պոետական անդորրը խախտել, չի կասեցնի դեպի անհունը սավառնող մտքիդ թռիչքը: (Բամբ ձայնով ծիծաղում է:)
ԵՂՅԱՆ — Իմ մեղքը ո՞րն է, դահիճնե՛ր…
ԲԱՆՏԱՊԱՀ — Ազատության մեջ դու քո դաշնակցական գործն էիր անում, մենք էլ այստեղ՝ Ագռավաքարում, մեր ուղղիչ գործն ենք անելու:
ՔԱՐՎԱՃԱՌ — Ի տարբերություն Ձերդ մեծության, որ թե՛ կին ունի, թե՛ մուսա, մենք մի տեր ունենք, ու նրա կամոք և հրամանով դու այստեղ ես՝ արդ: (Ծիծաղելով:) Այսպե՞ս եք սիրում խոսք ու հանգ կապել, ընկեր բանաստեղծ, նման չէ՞ր արդյոք քո էն վերամբարձ ոճին մեղսական: (Թփթփացնում է Եղյանի ուսին:) Ախր, մի քիչ էլ ես եմ բանաստեղծ:
ԵՂՅԱՆ — Ձեր տերը ո՞վ է: Երևի թե նա, այն տխրահռչակ անձը սինլքոր, որ ինձնից առաջ շատերին զարկեց իրենց պապերի սուրբ ավանդները պահելու համար, այն, որ իրենցն էր, միայն իրենցը այս երկնքի տակ, ու փորձեց գտնել միջոց ու հնար դեմք ու դիմագիծ պղծելու համար:
ԲԱՆՏԱՊԱՀ – Դե՛, դե՛, չափդ մի՛ անցիր, աներես պոետ, առանց այն էլ ուժ չկա վրադ, թե չէ քո էդ սմքած քամակին աքացի կտամ:
ԵՂՅԱՆ — Իմ վճիռն ո՞ւր է: Այդ ո՞ր օրենքով, ի՞նչ իրավունքով եք ինձ այստեղ բերել, դժոխքի՛ տղերք…
ՔԱՐՎԱՃԱՌ — Տեղեկացնում ենք, հարգելի ընկե՛ր, կամ էլ հիշեցնում, որ այդ վճիռը քո արդար ձեռքով դու ինքդ ես գրել քարտուղարին ու միանգամից քրեական հինգ հոդվածով ընկել ես այստեղ: Ողորմածությամբ մեր միակ տիրոջ ու նրա բարի կամքի շնորհիվ, այստեղ ես հիմա՝ ի պաշտպանություն ձախ-ընկերներից երկրում վխտացող: (Ծիծաղում է:)
ԵՂՅԱՆ – Սո՛ւտ է: Թե՞ ակնարկում ես հաշվետու խոսքս՝ ուղղված Կենտկոմին, Գագաթ Գնթունուն: Դրանով միայն վերլուծել եմ ես անցուդարձն անցյալ՝ սիրտս բացելով իմ ու իր առջև՝ որպես բարեկամ հրկեզ օրերի, որպես ղեկավար երկրիս նորօրյա ու նաև խնդրել ներում նրանից: Ո՞վ չի վրիպել…
ՔԱՐՎԱՃԱՌ — Լավ, լավ, հերիք է, ժամանակ չկա: Լսիր, հիշեցնեմ այստեղ քո գործը: Սրանից հետո այստեղ՝ այս խորշում, քո ազգի համար քար կհավաքես: Մոռացիր գրիչն ու թանաքը դու: Ա՜յ, տեսնո՞ւմ ես այն թիկունքիդ ժայռը, մեր թշնամին այդքան հզոր է դեռ, և հարկ է նրան զարկել ու փշրել, փոշի դարձնել, որ այդ տարածքում այգիներ հիմնենք: Ու թե դու քարերի կույտը ջանադրաբար հավելես, քեզ էլ քարվաճառ կկարգենք: (Քահ-քահ ծիծաղում է:) Հա՛, քարերը քեզնից ես ինքս կառնեմ: Լավ էլ գին կտամ, դու անհոգ մնա: Դա ղեկավարի կամքն է աներկբա: Խոստանում եմ, տե՛ս, ինչ գին էլ ասես՝ ես կհատուցեմ: Դե, համաձա՞յն ես…
ԵՂՅԱՆ — Բայց ես ի՞նչ ունեմ քո էս դուքանում: Իմը գրիչն է, որով ես անխոնջ երգն էի հյուսում երկրիս նորօրյա, նաև՝ գալիքի, սեր ու հավատամք: Ես դեռ վերևում խոհ ու ապրումի նոր հուն պիտի գծեի իմ երկրի գալիք օրերի համար և պատրաստ էի, թեկուզ թողությամբ, դարձի բերել ինձպես շատերին:
ՔԱՐՎԱՃԱՌ — Հենց դա եմ ասում, քո իսկ հավաքած ամեն քարի հետ այլախոհների անուններ կտաս կամ տեղը կասես նրանց լինելու… Անհնազանդներին մենք էլ չենք սիրում, մեր ճամփին ընկած քար են, քար, եղբա՛յր, ու դրանց դարձի բերելու անդուլ գործն է, որ կշինենք մենք այստեղ՝ մեկտեղ: Սրան ի՞նչ կասես, ո՛վ նախկին պոետ:
ԵՂՅԱՆ — Ուզում եք պղծե՞լ անունս ու գործս: Չի՛ հաջողվի ձեզ, դևի ժառանգներ:
ՔԱՐՎԱՃԱՌ — Դև լավ, հերի՛ք է, վե՛րջ տուր, այլախհհ: Սո՞ւրբ ես ձևանում, չարի՛ քարոզիչ, դեռ կամենում ևս մեր ճամփի հանդեպ քո ատելությամբ, նացիոնալիստի ու տրոցկիստի դավադիր բարքով օրինա՞կ լինել շատերի համար, մարդկության գործի մեծ կերտողների ճամփեքին բուսած ո՜վ դու մոլախոտ: (Ծիծաղում է:)
ԵՂՅԱՆ — Դու հանդգնում ես ինձ ծաղրե՞լ, ստահա՛կ, այն էլ այն դեպքում, երբ կրակներում հրկեզ օրերի գրիչս զենք էր ու երգս՝ գինի:
ՔԱՐՎԱՃԱՌ — Օհ, օհ… Ագռավաքարը լի է քեզ նմաններով, բայց ոչ մի խելոք դեռ չի հանդգնել լեզու թրջել՝ խոսքիս հակառակ: Նրանք գլուխները կախ քար են հավաքում, մինչև կդառնան հմուտ վաճառող կամ… ճամփա կընկնեն՝’ ուր որ ձգտում է նրանց սիրտը մառ: Եվ գիտե՞ս, թե այդ ամենն ինչից է գալիս, պոե՛տ: Ավաղ, չգիտես… Այդ նրանից է, որ դարեր ի վեր դուք դասեր չառաք ո՛չ պատմությունից, ո՛չ լավ ու վատից՝ ձեր ազգին տրված, ու ձեր թշնամուն ձեր մեջ փնտրեցիք անգիտակցաբար:
ԵՂՅԱՆ — Ինձ մենակ թողեք, թողե՛ք, հագեցա ձեր բիրտ խոսքերից, թողե՛ք, որ հալածական հոգիս փոքր-ինչ խաղաղվի…
ՔԱՐՎԱՃԱՌ — Այ, դա ուրիշ բան: Հա, ուրեմն այսպես, սա՝ քեզ անկողին… ավաղ, անկնիկ, սա էլ… (Ցույց է տալիս քարերի կույտը:) Քո գործը: (Բանտապահին.) Իզուր չեն ասել. «Կա քարեր գլորելու ժամանակ, և կա դրանք հավաքելու ժամանակ»: Ասա՛, բանտապա՛հ, այդ ո՞վ էր ասել, Ագռավաքարում նա հո չի՞ եղել:
ԲԱՆՏԱՊԱՀ – Կարծեմ՝ մի արքա, որ քար է դարձել իր քարոտ երկրում… (Ձեռք ձեռքի են զարկում ու ծիծաղում:)
ՔԱՐՎԱՃԱՌ — Դե լավ, բռնավոր, այժմ աղոթիր… Օ՛հ, ի՞նչ եմ ասում՝ քարեր հավաքիր, հավաքիր հոգուդ ու մտքիդ մեղքերի բեռը: Գուցե ցանուցիր այս քարերը քեզ կհիշեցնեն չար ու չարակամ նոր-նոր անուններ, քողարկված խմբեր, գուցե խմբակներ… Գնողը ես եմ, զույգ աչքիս վրա, շատ էլ թանկ կառնեմ, նորից ես ասում: Հիշի՛ր, բռնավոր, ամեն մի անուն՝ մի ազատ օր է…
Քարվաճառն ու բանտապահը հեռանում են:
Պատկեր 2
ԵՂՅԱՆ — (գլուխն ափերի մեջ առնելով): Այսպես պիտի լիներ և եղավ, եղավ: Սա էր քոր հրկեզ գալիքը: Չէ՛, սա սկիզբն է դաժան վերջաբանի: Ողորմի՛ ձեզ, տղե՜րք, ողորմի՛, ինձ էլ ողորմի… Ընկերնե՛ր՝ խաբված ու ստորաբար կյանքից հեռացված: Դուք ինձ սպասեք ձեր լույս դրախտում: Շուտով, շատ շուտով ձեզ կմիանամ գանգս փշրող փամփուշտի զարկից կամ էլ կմնամ այս քարերի տակ… Գուցե դեռ ե՞լք կա, գուցե ազգը դեռ ոտքի կկանգնի ու չի թողնի, որ մեկը մյուսին այսպես «ծախելով»՝ իսպառ վերանա: Իսկ կա՞ն այդպիսիք, դեռ մնացե՞լ են, որ ելք որոնեն փրկության համար: Ի՞նչ է ուզում մառ մշուշն այս թունոտ, որ կախվել է մեր գլխի վերևում: Ի՞նչ են ուզում մեզնից, ի՞նչ են ուզում ինձնից, ի՞նչ են ուզում չորսդին վխտացող բորենիներն այս ու նրանց սնող արյունարբու կինտոները… Երկիրս, ազգս, երեխաներս, գործս, պատիվս, ավաղ, մնացին բախտի քմահաճույքին… (Ընկնում է թախտին, հեկեկում, հետո հանում է վերնազգեստը, շապիկը, մերկ մարմնին հագնում վերնազգեստը, թախտի տակից դուրս է բերում մատիտ և ծնկի լոքած՝ շապիկի վրա գրում է: Սալին զարկվող մուրճի ձայն: Թաքցնում է մատիտն ու շապիկը խոթում գոտկատեղը:)
Պատկեր 3
Մտնում է բանտապահը:
ԲԱՆՏԱՊԱՀ – Ընկե՛ր բանաստեղծ, թանկագին կինդ է ժամանել: Ասում է՝ նոր ներքնաշոր է բերել: Ա՛յ ընկեր, հո գիշերները տակդ չե՞ս թրջում: (Ծիծաղում է:) Նա վերջերս շուտ-շուտ է ներքնաշոր բերում: Լա՛վ, լա՛վ, քեզ վատ մի զգա, ո՞ւմ հետ չի պատահում… Լսիր, բանաստե՛ղծ, ես գրի ու գրականության հանդեպ անտարբեր մարդ չեմ, գիտե՞ս… (Դեմքը հպում է ճաղերին:) Ականջդ բեր՝ ասեմ: (Նայում է չորսբոլորը:) Նրան ներս կթողնեմ, բայց ոչ ոք չպետք է իմանա, անգամ երեխեքդ, լսո՞ւմ ես: Զգուշացնում եմ՝ ավելորդ բաներ չլինեն: Դու գիտես՝ ամեն ինչ տեսնում եմ: Նրա բերածն արդեն ստուգել եմ, բայց վայն եկել՝ երկուսիդ տարել է, եթե քո կամ նրա մոտ ավելորդ բան գտնենք: Էստեղ մի հարմար «բնակարան» էլ նրան կհատկացնենք, ու երեխեքդ անտեր կմնան: Հասկացա՞ր, ընկե՛ր բանաստեղծ:
Եղյանը գլխով է անում: Բանտապահը հեռանում է:
Պատկեր 4
Մտնում է Նազելին՝ կապոցը ձեռքին:
ՆԱԶԵԼԻ — (մոտենում է ճաղաշարին, կապոցը ցած դնում, առժամանակ լուռ զննում են միմյանց): Բարև, Գևո՛րգ:
ԵՂՅԱՆ — Բարև, Նազելի… (Շնչահեղձ լինելով:) Ինչպե՞ս ես, սիրելի՛ս, երեխեքն ինչպե՞ս են…
ՆԱԶԵԼԻ — Լավ են, Գևորգ ջան, մի՛ անհանգստանա: Դու ինչպե՞ս ես…
ԵՂՅԱՆ — Ձեզ շատ եմ կարոտում… էնպես՝’ ոչինչ: Տկարությանս պահերին գթության քույրերն օգնում են, փառք Աստծո…
ՆԱԶԵԼԻ — Նամակ գրեցի Գնթունուն, մի քանի անգամ տեսակցություն խնդրեցի: Չարձագանքեց…
ԵՂՅԱՆ — Բաբախանյանի գյադեքը էլի՞ եկան…
ՆԱԶԵԼԻ — Այն էլ քանի՜ անգամ, բայց մեկն ավելի հաճախ է գալիս, ասում է՝ իրեն է հանձնարարված ունեցվածքը հսկել:
ԵՂՅԱՆ — Բան տարա՞ն…
ՆԱԶԵԼԻ — Քո բոլոր գրքերը…
ԵՂՅԱՆ — Ես ձեր… Հասմիկին հաջողվե՞ց ձեռագրերը թաքցնել:
ՆԱԶԵԼԻ — Քեզ այստեղ բերելուց հետո Հասմիկին չեմ տեսել, չի եկել:
ԵՂՅԱՆ — Երևի վախենո՞ւմ է…
ՆԱԶԵԼԻ — Չգիտեմ, չեմ կարող ասել…
ԵՂՅԱՆ — Լավ, ուրի՞շ…
ՆԱԶԵԼԻ — Այդ մարդն ասում է՝ շուտով մեզ ուրիշ բնակարան կտեղափոխեն:
ԵՂՅԱՆ — Պարզ է: Շուտով տունն էլ ձեռքիցդ կառնեն: Քանի տեսակցության ժամանակը չի լրացել… կապոցդ տուր: (Արագ դատարկում է կապոցը, մեջը տեղավորում շապիկը, տալիս Նազելուն:) Շապիկին բան կա գրված, որ թրջես՝ կերևա: Հասկացա՞ր…
ՆԱԶԵԼԻ — Հասկացա, Գևորգ…
ԵՂՅԱՆ — Բաճկոնիս ծոցագրպանում մի քիչ փող կա, եթե չեն գտել, ծախսիր երեխաների համար:
Պատկեր 5
Գալիս է բանտապահը:
ԲԱՆՏԱՊԱՀ — Տեսակցության ժամն ավարտվեց, տիկի՛ն: Մինչև հրաժեշտ տալդ կապոցը տեսնեմ:
ՆԱԶԵԼԻ — (բացում է կապոցը բանտապահի ոտքերի մոտ): Ներքնաշորերն են միայն, ուրիշ ոչինչ…
ԲԱՆՏԱՊԱՀ — Չեմ էլ կասկածում, բայց, դե, կարգ է, քույրիկ: (Քրքրում է կապոցն ու մեկնում:) Հետևիր ինձ…
ՆԱԶԵԼԻ — Գևորգ, քեզ լավ պահիր, ես էլի կփորձեմ տեսակցություն խնդրել նրանից: Գուցե մի բան ստացվի:
ԵՂՅԱՆ — Երեխաներին լավ նայիր, հարազատս… Նազելի, երեխեքի կողքին եղիր, ինձ չմոռանաք: (Գլուխը բռնում է ու հեկեկում:)
Բանտապահն ու Նազելին հեռանում են:
Պատկեր 6
ԵՂՅԱՆ — (պատեպատ է խփվում, հետո բռնում է պարաններից մեկը, ձգում ու գոռում): Մեռնում եմ… մեռնում եմ, ինձ դեղ բերեք, դեղ… (Օրորվելով մոտենում է թախտին, գլուխը բռնած՝ պառկում է:)
Մտնում են բանտապահն ու գթության քույրերը:
ԲԱՆՏԱՊԱՀ – Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել: (Գթության քույրերին.) Տեսեք, ինչ է ուզում հիվանդը:
Գթության քույրերից մեկը բռնում է Եղյանի թուլացած ձեռքը, մյուսը սրսկում է, անխոս դուրս են գնում: Եղյանը անշարժ պառկած է:
ԲԱՆՏԱՊԱՀ — (բղավում է): Մյուս անգամ չգոռաս, լսեցի՞ր, ա՛յ ընկեր: (Եղյանը չի արձագանքում:) Քեզ խելոք պահիր, տված գործն արա, որ իրիկունը ման գալու տանեմ: (Կռանում է:) Լսեցի՞ր… պահո՜, ձայն չի հանում: (Գնում է կենտրոն, ձիգ տալիս պարաններից մեկը: Լսվում են եկեղեցու գանգեր:) Էս ի՞նչ էր, իյա… (Վախեցած դուրս է վազում:)
Պատկեր 7
Մտնում են Գնթունին, Բաբախանյանը, Լսակյանն ու Էխյանը:
ԲԱՆՏԱՊԱՀ — Ահա… կարծես քնած է…
ԳՆԹՈՒՆԻ — (Բաբախանյանին): Ասում եք՝ վիճակը լավ չի՞…
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — Քարվաճառն ասաց, որ հիմնականում պառկած է լինում, ընկեր Գնթունի:
ԼՍԱԿՅԱՆ — Հին ցավերը նոր են դուրս գցում… թմրամոլ է, չէ՞:
ԳՆԹՈՒՆԻ — (բանտապահին): Բանտի բժիշկն ի՞նչ է ասում:
ԲԱՆՏԱՊԱՀ — Ասում է՝ հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել, ընկե՛ր… Գանգունի:
ԷԽՅԱՆ — (զայրույթով): Ընկեր Գնթունի:
ԲԱՆՏԱՊԱՀ — Հա, վայ, ներողություն, ընկեր Գանձունի, ասում է. «Երկու օր էլ չի ապրի»:
ԷԽՅԱՆ — Սրա վերջն էլ եկավ:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — (Գնթունու հետ հեռանում են անկյուն): Վաղ թե ուշ, մի օր սրա հարցն էլ պիտի լուծվեր: Ավելի լավ է ինքն իր կամքով էն աշխարհ մեկնի…
ԳՆԹՈՒՆԻ — Համենայնդեպս, ավելորդ միջամտություն պետք չէ:
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — Հասկանալի է: Ես Քարվաճառին կզգուշացնեմ…
ԳՆԹՈՒՆԻ — Ուրեմն միջոցներ ձեռնարկեք, որ…
Պատկեր 8
Ներս են խուժում Հոտառյանը, Քարվաճառը, երկու ոստիկան:
ՀՈՏԱՌՅԱՆ — (ձեռքին ատրճանակ է, բղավում է): Չշարժվե՛լ: Օրենքի անունից դուք ձերբակալված եք: Բոլո՛րդ, առանց ժամանակ կորցնելու, զենքերդ հանձնեք ոստիկաններին:
ԳՆԹՈՒՆԻ — Ընկեր Հոտառյան, երևի մոռացել եք, թե ովքեր են ձեր դիմաց կանգնած…
ՀՈՏԱՌՅԱՆ – Բնա՛վ, քարտուղար: Ահա ընկեր Բերյակինի հրամանը: (Ծոցագրպանից թուղթ է հանում, մեկնում Գնթունուն:)
ՔԱՐՎԱՃԱՌ — Տիրոջ տերն է հրամայում, ընկե՛ր Գնթունի: (Բարձր ու դիվական ձայնով ծիծաղում է:) Դե, հանձնեք, հանձնեք զենքերը:
ԷԽՅԱՆ — Բայց դուք իրավունք չունեք… Մինչև Ագռավաքար գալը մեզ կարող էիք տեղեկացնել…
ՀՈՏԱՌՅԱՆ — Հատկապես քեզ՝ էխյան, ես պարտավոր չէի:
ՔԱՐՎԱՃԱՌ — Ասում էի, չէ՞, Գոռեխիկ, մի օր էլ դու ես Ագռավաքարում քար հավաքելու: Կարծում էիր՝ Աչերյանին պատուհանից գցելը վրադ էժա՞ն է նստելու… այ ք..-ի ճանճ.
ԲԱԲԱԽԱՆՅԱՆ — (հանձնում է զենքը, գոռգոռալով մոտենում ճաղավանդակին): Ես հիմա կպարզեմ, շո՛ւն-շանորդիք, սրա համար դեռ պատասխան կտաք…
ՔԱՐՎԱՃԱՌ – Զարմա՛յր… կանգնի՛ր, կանգնի՛ր՝ ասում եմ: (Կրակում է, Բաբախանյա-նը ընկնում է:)
ՀՈՏԱՌՅԱՆ — Շտապում ես, քեզ ո՞վ հրաման տվեց… Մյուս անգամ առանց հրահանգի չկրակել:
ՔԱՐՎԱՃԱՌ – Լսո՛ւմ եմ, ընկե՛ր Հոտառյան, բայց դրան տեղն է: Դրա փորում շատ արյուն կար, շատ…
Ոստիկաններն ու բանտապահը մյուսների ձեռքերին ձեռնաշղթաներ են դնում ու դուրս տանում: Եղյանն անշարժ պառկած է: Քիչ անց բանտապահն ու ոստիկանը քարշ տալով դուրս են տանում Բաբախանյանի դին:
Պատկեր 9
Բեմն աստիճանաբար մթնում է: Հայտնվում են ուրվականները:
ԵՂՅԱՆ — (դանդաղ նստում է տեղում, նայում նրանց, ապա՝ ընկրկելով): Արար, դո՞ւ ես… կողքինդ Կետիկյանը չէ՞: (Ուրվականները լուռ են: Մոտենում է՝ նրանք տեղաշարժվում են, Եղյանը վրիպում է, շրջվում:) Ինձ չե՞ք ճանաչում: Ես եմ՝ Գևորգը, տղե՛րք…
Ուրվականները դանդաղ հեռանում են:
ԵՂՅԱՆ — (կանգնում է, գոռում): Ինձ մենակ մի՛ թողեք այստեղ, մի՛ թողեք… (Թուլացած մոտենում է ճաղաշարին:)
Պատկեր 10
Մտնում են Քարվաճառն ու Բանտապահը:
ԲԱՆՏԱՊԱՀ — Էլի ոռնո՞ւմ ես, ա՛յ մարդ… Էդ ո՞ւմ հետ էիր խոսում: Չէ, քո բանը բուրդ է, նախկին բանաստեղծ…
ՔԱՐՎԱՃԱՌ – Ինչո՞ւ հանգիստ չես մնում, հը՞, էս խեղճ մարդուն ինչի՞ ես տանջում, նեղացնում:
ԲԱՆՏԱՊԱՀ — Շարունակ գոռում է: Քիչ առաջ էլ ինչ-որ մեկի հետ էր խոսում:
ՔԱՐՎԱՃԱՌ — (պտտվում է Եղյանի շուրջը): Ա՛յ ընկեր, քեզ ասացինք՝ գործ արա, քար հավաքիր, դու մարդ-մուրդ ես կանչում…
ԵՂՅԱՆ — (ցնորվածի պես շրջվում է Քարվաճառի կողմը): Էլի եկել էին, հասկանո՞ւմ եք…
ՔԱՐՎԱՃԱՌ – Ո՞վ, ովքե՞ր էին եկել…
ԵՂՅԱՆ – Տղե՛րքը, տղերքը եկան, բայց ինձ հետ չխոսեցին, հասկանո՞ւմ եք…
ՔԱՐՎԱՃԱՌ — (բանտապահին): Սրա վիճակը վիճակ չի… (Թևանցուկ Եղյանին հասցնում է թախտին, պառկեցնում:) Պարանները ձգիր, քույրերը գան…
Բանտապահը ձգում է պարանը, դարձյալ հնչում են եկեղեցու զանգերը;
ՔԱՐՎԱՃԱՌ — Էս ի՞նչ զանգի ձայն է, դու է՞լ ես լսում…
ԲԱՆՏԱՊԱՀ — Առավոտյան նույնը կրկնվեց… մեզ վրա գործ չսարքե՞ն: ՔԱՐՎԱՃԱՌ — Երկրորդ անգամ են զանգերը հնչում:
ԲԱՆՏԱՊԱՀ — Հա, երկրորդ անգամ…
ՔԱՐՎԱՃԱՌ — Ողորմած հոգի պապս ասում էր. «Թե Ագռավաքարում ժամի զանգեր հնչեն, ուրեմն բացվելու է…»:
ԲԱՆՏԱՊԱՀ – Ի՞նչն է բացվելու, ընկեր Քարվաճառ:
ՔԱՐՎԱՃԱՌ – Ժա՛յռը… ժայռը շուտով կբացվի, մենք այստեղ անելիք չունենք: Գնա՛նք, շո՛ւտ… (Գնում են:)
Եղյանը դանդաղ տեղից ելնում, մոտենում է ժայռեղեն պատին: Վերցնում է մի քար (կավիճ), գրում. «Միասնություն՝ ի փրկություն»: Քարը գցում է, օրորվելով հասնում է թախտին: Զարկվածի պես ընկնում է թախտին:
Պատկեր 11
Երրորդ անգամ հնչում են զանգերը: Բեմը մթնում է: Հայտնվում են հարալեզները՝ պատգարակով, այն դնում են թախտի մոտ: Կռանում են Եղյանի վրա, ձեռքերը տարուբերում Եղյանի մարմնից վերև, ապա ուղղվում ու կանգնում՝ իբրև պատվո պահակ: Քիչ անց Եղյանին տեղափոխում են պատգարակի վրա, բարձր պահած կանգնում բեմեզրին: Այնտեղից հանդիսավոր մոտենում են դռանն ու պատգարակը երեք անգամ զարկում: Լսվում է որոտի խուլ ու տևական ձայն:
Առաջին հարալեզ — Ընդունիր, արքա, ևս մի մարտիկ քեզ հավատակից:
Ձայն ներսից — Ո՞վ է նա:
Երկրորդ հարալեզ — Քո իսկ երկրի մեջ մեղավորներից անմեղը միակ:
Երրորդ հարալեզ — Արայի ցեղից, այր մատենագիր, հմուտ տաղասաց:
Չորրորդ հարալեզ — Նա ժողովրդիդ վաղն էր ցուցանում ու չէր թերանում: Ձայն ներսից – Ինչի՞ համար:
Առաջին հարալեզ — Ողջ կյանքը տքնեց՝ որպես արարիչ ճշմարիտ խոսքի:
Երկրորդ հարալեզ — Նա ի պահ տվեց ոգեղեն գանձեր:
Երրորդ հարալեզ — Հողր թուլացավ սակայն ոտքի տակ, բայց մնաց հաստատ:
Չորրորդ հարալեզ — Դարերում քեզ հետ, քո կողքին, արքա, նա դեռ կքայլի…
Ճռնչոցով բացվում է ժայռեղեն դուռը: Հարալեզները պատգարակը ներս են տանում: Դուռը փակվում է: Բեմն ավելի է մթնում:
Քիչ անց ժայռադռան վրա լույս է ճառագում: Շեփորների ու թմբուկների ձայն: Դուռը կրկին բացվում է, բեմը ողողվում է լույսերով: Դուրս են գալիս սպառազեն արքան, աջ ձեռքը՝ սրին, ձախը՝ կրծքին պահած: Նրան հետևում են Եղյանը, Արարատը, Կետիկյանը, ողջ դերասանական կազմը: Արքայի գլխավորությամբ շարքը սեպի պես հասնում է բեմեզր ու ձեռքերը բռունցքած արձանանում: Բոլորը միասին գոչում են. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է»: