Արամ ԱՐՍԵՆՅԱՆ / «ԵՐՐՈՐԴ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ «ԵՐՐՈՐԴ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում
ԹԱԳԱՎՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ
Մանուկ հանդիսատեսին հասցեագրված մի հրաշալի ֆիլմ կա՝ «Տասներորդ թագավորությունը», որը զուտ բարություն ու հավատ է ներշնչում, ծանակում է չարն ու անարդարը և լուսավոր ապագայի կերոններ է վառում: Այդ ֆիլմը բազմիցս եմ դիտել, սակայն ամեն անգամ յուրովի ու նորովի եմ ընկալում այն, բոլորովին անծանոթ բաներ եմ հայտնաբերում և գյուտի զգացում եմ ունենում:
Վերջերս ծանոթանում էի տեղական հեռուստատեսություններից մեկի ծրագրին, և անմիջապես աչքիս զարկեց ֆիլմի վերնագիրը:
Առիթը բաց թողնելը բացառվում էր: Այդ գիշեր երազ տեսա: «Գունավոր» երազ, որ նույնիսկ վերնագիր ուներ՝ «Երրորդ թագավորությունը»: Առավոտյան սովորականի պես վաղ արթնացա և որոշեցի, որ անպատճառ պետք է ծայրից ծայր թղթին ու ընթերցողին հանձնեմ երազիս բովանդակությունը, որն ընդամենը մանր ու մեծ թագավորությանների, մանր ու մեծ թագավորների, մանր ու մեծ կենդանիների կյանքի ու վախճանի մանր ու մեծ պատմությունն է:
Արամ ԱՐՍԵՆՅԱՆ
ԵՐՐՈՐԴ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Երեք գործողությամբ առակ մեծահասակների համար,
ովքեր գուցե նման բան արդեն տեսել են, և փոքրահասակների համար,
որպեսզի նրանք երբեք չտեսնեն
Գործող անձինք
ԲՈՒ — ջունգլիների թագավոր
ԱՔԱՂԱՂ — միամիտ և մեծամիտ թռչուն
ԽԼՈՒՐԴ — բոլոր ժամանակների խլուրդ
ԱՐՋ — հզոր կենդանի
ԲՈՐԵՆԻ — նենգ կենդանի
ՎԻՇԱՊ — խելացի կենդանի
ԱՂՎԵՍ — խորամանկ կենդանի
ԾԵՐ ՎԱԳՐ — հավասարակշռված կենդանի
ՎԱՐԱԶ — անմաքուր բարքով կենդանի
ՄՈՒԿ — դժվարությամբ բռնվող գող կենդանի
ՍԻՐԱՄԱՐԳ — պալատական երգիչ
ՓԻՂ — ուժեղ կենդանի
Ժամանակը և վայրը՝ 21-րդ դարի սկիզբ, աշխարհի մոռացված անկյունում ծվարած փոքրիկ ջունգլի:
Կահավորանքը՝ ծառեր, թփեր, կոճղեր: Բոլոր հերոսները համապատասխան դիմակներով են:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
Գիշեր անտառում: Բուն մտախոհ նստած է: Մտնում է Աքաղաղը:
ԱՔԱՂԱՂ — (խոսում է շատ արագ, բառերի կեսը կուլ տալով): Տեր Բու, իմացած լինես, որ Խլուրդն ու Վիշապը Վարազին են միացել և քո դեմ ինչ-որ բան են մոգոնում:
ԲՈՒ — (խոսում է հանդարտ, կարծես ամեն բառի վրա մտածելով): Խլուրդն ու Վարազը վտանգավոր չեն:
ԱՔԱՂԱՂ — Խլուրդը փորող է, Վարազը՝ ավերող:
ԲՈՒ — Դրանց դեմն առնելը հեշտ է: Վիշապից պետք է զգուշանալ, որովհետև խելացի է:
ԱՔԱՂԱՂ — Ուրեմն, թող խելքը բարի նպատակով օգտագործի:
ԲՈՒ — Մի մոռացիր, որ ժամանակին, երբ մեր կողքին էր, համ մեզ մեծ օգուտ տվեց, համ էլ մյուս կենդանիներին:
ԱՔԱՂԱՂ — Բայց հիմա դեմ է մեզ, նշանակում է՝ մեր թշնամին է:
ԲՈՒ — Լավ հիշիր, մեր թագավորությունում ոչ ոք մյուսի թշնամին չէ: Եթե իրար թշնամացանք՝ մեր վերջը եկել է:
ԱՔԱՂԱՂ — Բա որ թշնամի չէ, ինչո՞ւ է ուզում աթոռիդ տիրանալ:
ԲՈՒ — Ով խելք ունի, իշխանության է ձգտում, որովհետև մեր ջունգլիում աթոռն ամեն ինչ է:
ԱՔԱՂԱՂ — Ծեր Վագրի ժամանակ աթոռ չունեինք: Վա՞տ էր:
ԲՈՒ — Բայց ձգտեցինք ունենալ, չէ՞: Ու հիմա, երբ աթոռի համը տեսել ենք, ամեն գնով պահում ենք, ճի՞շտ է:
ԱՔԱՂԱՂ — Բա ո՜նց… էնքա՜ն չուզող ունենք: Աթոռին չեղանք՝ գլուխներս կուտեն:
ԲՈՒ — Դրա համար էլ ուզենք-չուզենք՝ պետք է աթոռը պահենք:
ԱՔԱՂԱՂ — Բայց կենդանիները կթողնե՞ն, որ մեզ աթոռից զրկեն:
ԲՈՒ — Հիմա արդեն կենդանիներին հարցնող չկա: Էդ մենք էինք, որ հրապարակ էինք դուրս եկել ու խորհրդակցում էինք կենդանիների հետ: ԱՔԱՂԱՂ — Չնայած էլի մեր ուզածն էինք անում:
ԲՈՒ — Մեր ասածը նրանց ուզածից շատ չէր տարբերվում:
ԱՔԱՂԱՂ — Որովհետև իրենք էլ շատ բան լավ չէին հասկանում:
ԲՈՒ — Էսօր իրադրությունը փոխվել է:
ԱՔԱՂԱՂ — Կենդանիներն էլ են փոխվել:
ԲՈՒ — Ես կասեի՝ նրանց միայն մի փոքր մասը:
ԱՔԱՂԱՂ — Ինչ անում է՝ հենց էդ փոքր մասն է անում:
ԲՈՒ — Լավ կանես՝ Մկանն ուղարկես դրանց մոտ, թող իմանա, թե մտքներին ի՞նչ կա: Աղվեսին էլ ասա, որ մոտս գա: Զրուցելու բան ունեմ:
ԱՔԱՂԱՂ — Հրամանքդ: Հա, չմոռանամ, վերջերս Արջը մի տեսակ էն չի:
ԲՈՒ — Փորը ճարպ է ընկել ու հանգիստ չի տալիս:
ԱՔԱՂԱՂ — Լավ կլիներ՝ սանձերը ձգեիր:
ԲՈՒ — Էդ էլ կանենք, բայց Արջի հետ պետք է զգույշ լինել: Մեկ էլ տեսար՝ էնպիսի բան արեց, որ ոչ մեր մտքով կանցներ, ոչ էլ՝ իր:
Մտնում է Սիրամարգը:
ՍԻՐԱՄԱՐԳ — (խոսում է շեշտված հանդիսավորությամբ, գլուխն ու քիթը վեր է ցցել, կարծես երկնքից աստղեր է վար բերում): Ողջունում եմ ամենախելացի և ամենատես կենդանուն՝ մեր տեր ու տիրակալ Բուին և նրա ու իմ ամենամտերիմ ընկերոջը՝ ամենաազնիվ և ամենաբարի Աքաղաղին:
ԲՈՒ – Ի՞նչ հոգս ունի բոլոր կենդանիների ցավերով այրվող մեր երգիչը:
ՍԻՐԱՄԱՐԳ — Ինձ տանջող միակ միտքը Ձերդ պայծառափայլությունների ողջությունն է: Նաև վերջերս գրած երգս եմ բերել, որ մեծագույն սիրով ձեզ նվիրեմ:
ԱՔԱՂԱՂ — Ասա, մի քաշվիր: Որ եկել, էստեղ ես հասել, ուրեմն հարց ունես լուծելու:
ՍԻՐԱՄԱՐԳ — Տառապանքիս պատճառը ցեղակիցներիս անորոշ ապագան է:
ԲՈՒ — Հույս ունեմ, որ թնջուկը լուծելու ուղի ես գտել:
ՍԻՐԱՄԱՐԳ — Ձեր ողջախոհությանն ու շրջահայացությանն եմ ապավինում: Եվ կարող եմ օգտակար լինել, եթե որևէ նշանակալի դերակատարություն վստահեք ինձ:
ԲՈՒ — Եթե իսկապես ուզում ես ծառայել ցեղակիցներիդ, էդպիսի մի պաշտոն կա: Կմտածենք և Աքաղաղի միջոցով քեզ տեղյակ կպահենք:
Բեմը մթնում է:
Տեսարան երկրորդ
Խավարի մեջ կոճղերին նստած են Խլուրդը, Վիշապն ու Վարազը:
ԽԼՈՒՐԴ — (խոսելիս անընդմեջ ակնոցն է ուղղում): Վարազ եղբայր, էսօրվա դրությամբ բոլորովին կապ չունի, որ երբեք բարեկամներ չենք եղել: Ինձ նման դու էլ սովոր ես ստորգետնյա աշխարհին, էլ չասած, որ ինձնից լավ գիտես վերգետնյա կյանքը:
ՎԱՐԱԶ — (խոսելիս անընդմեջ տրորում է մռութը): Բայց հնարավոր է, որ ընկերներս սխալ հասկանան:
ՎԻՇԱՊ — (հայացքը մշտապես սառած-կենտրոնացած է): Նրանց ուզածը իշխանությունը գրավելը չէ՞:
ԽԼՈԻՐԴ — Շատ եմ մտածել, սրանից լավ առիթ դժվար թե լինի:
ՎԱՐԱԶ — Էդ դեպքում, մերոնցից մեկը պետք է թագավոր դառնա:
ՎԻՇԱՊ — Էս անգամ անհավանական է:
ՎԱՐԱԶ — Ուրեմն, մենք խաղից դուրս ենք գալիս:
ՎԻՇԱՊ — Դուք գիտեք:
ԽԼՈՒՐԴ — Մի շտապեք: Էնպիսի թեկնածու կա, որ բոլորիս համար էլ ընդունելի կլինի:
Վիշապն ու Վարազը հարցական Խլուրդին են նայում:
ԽԼՈԻՐԴ — Բորենին:
Վիշապն ու Վարազը բազմանշանակ իրար են նայում:
ՎԱՐԱԶ — Իսկ դո՞ւ, Վիշապ եղբայր, հրաժարվո՞ւմ ես:
ՎԻՇԱՊ — Էսօր իմ հարցը բարդ է: Ժամանակին հնարավորությունս կորցրի, հիմա ամեն բան փոխվել է, արդեն այլ կերպ կընդունվի:
ՎԱՐԱԶ – Թե՞ մտածում ես, որ հաջողելու ես ուղղորդել Բորենուն:
ՎԻՇԱՊ — Կարծում եմ, իմ օգնությունից չի հրաժարվի:
ԽԼՈԻՐԴ — Համաձայնության եկել ենք:
ՎԱՐԱԶ — Մենք էլ մեր պահանջներն ունենք:
ԽԼՈԻՐԴ — Ինձ թվում է, բոլոր հարցերն էլ լուծվող են:
ՎԻՇԱՊ — Ուրեմն, պայմանավորվեցինք:
Վարազը դուրս է գնում:
ՎԻՇԱՊ — Սխալ թույլ տվեցինք: Նախապես պետք է Արջի հետ խոսեինք:
ԽԼՈԻՐԴ — Ամեն ինչ հաշվի եմ առել: Հիմա նրա մտքին միայն Բուից ազատվելն է:
ՎԻՇԱՊ — Բայց հետևանքների մասին էլ է մտածում, չէ՞:
ԽԼՈԻՐԴ — Երկար մտածելու սովորություն չունի: Արջը արջ է մնում:
ՎԻՇԱՊ — Տես, հետո անհամություններ չլինեն:
ԽԼՈՒՐԴ — Ամեն բան լավ կլինի: Բոլորին հինգ մատիս պես գիտեմ:
ՎԻՇԱՊ — Հիշիր, Վարազի հետ շփվելիս զգոնությունդ չպետք է կորցնես: Սեփական շահի համար պատրաստ է ամեն ինչի:
ԽԼՈԻՐԴ — Հետաքրքիրն էն է, որ միայն մեր վարազներն են էդպիսին: Մյուս երկրներում դրանք կարգին կենդանի են, գիտե՞ս:
ՎԻՇԱՊ — Մեր ամեն ինչն էլ ուրիշ է: Մեր չափը չափազանցն է:
ԽԼՈՒՐԴ – Ե՛վ խելքն է չափազանց, և՛ հիմարությունը:
ՎԻՇԱՊ — Հավատարմությունն ու դավաճանությունը:
ԽԼՈՒՐԴ — Սերն ու ատելությունը:
ՎԻՇԱՊ — Համեստությունն ու փառամոլությունը:
ԽԼՈՒՐԴ — Նենգությունն ու ստորությունը:
ՎԻՇԱՊ — Չէ, էդ երկուսը դրսից են ներմուծված, դրսում ապրելով ենք ձեռք բերել, մեր արյան մեջ չի եղել:
ԽԼՈՒՐԴ — Մեր արյան մեջ շատ արյուններ են խառնվել:
ՎԻՇԱՊ — Դրա համար էլ խելքներս ավելացել է, իսկ հոգիներս՝ խաթարվել:
Տեսարան երրորդ
Միայնակ նստած է Բորենին: Խորասուզված ինչ-որ քարտեզ է ուսումնասիրում: Ներս են մտնում Աղվեսն ու Մուկը: Բորենին թեք հայացքով ու կասկածամտորեն նրանց է նայում:
ԲՈՐԵՆԻ – Հը՞, մի բան պարզեցի՞ք:
ԱՂՎԵՍ — Արջի հետ հանդիպեցի, քեզ ոնց որ էնքան էլ չի վստահում: Չորս գայլերի անհետանալու պատմությունը հիշեց, երևի քեզ է կասկածում: Բայց էնպես հասկացա, որ Աքաղաղի հետ էլ հարցեր ունի:
ԲՈՐԵՆԻ — Չի բացառվում, որ Աքաղաղը նույնպես թաքուն երազանք է փայփայում:
ԱՂՎԵՍ — Երազելը վատ չէ, բայց չափն անցնելը վտանգավոր է առողջության համար:
ԲՈՐԵՆԻ — Ես կասեի՝ նույնիսկ կյանքի:
ԱՂՎԵՍ — Աքաղաղի հարցում չէի ցանկանա էդքան հեռուն գնացող մտքեր ունենալ:
ԲՈՐԵՆԻ — Ամեն ինչ պետք է անենք, որ Աքաղաղին խաղից դուրս թողնենք: Չնայած մեր խաղերի մեջ մտնելու համար բավարար խելք չունի, գլուխը շատ արագ կաղանք: Եթե Արջը մեր կողմն անցնի, Աքաղաղի թևերն էլ կտրենք՝ հարցը համարյա լուծում ենք:
ԱՂՎԵՍ — Վարազի հարցը դեռ բաց է:
ԲՈՐԵՆԻ — Վարազի հարցում շտապել պետք չէ: Նրան սանձելու ձևը գտել եմ:
ՄՈՒԿ — Ես էլ Խլուրդի հետ եմ խոսել: Էսօր նա ու Վիշապը հանդիպելու են Վարազին: Հուսով եմ, որ կհամոզեն:
ԲՈՐԵՆԻ — Մուկ, լավ կանես՝ ինքդ Վարազի մոտ գնաս և իմ անունից նրա բոլոր պայմաններին համաձայնվես: Գործը կվերջացնենք, հետո կորոշենք, թե ինչ ենք զիջելու: Մեկ է, առանց մեզ ոչինչ չի կարողանալու անել: Դրա համար էլ նրան պետք է մինչև վերջ օգտագործել:
ՄՈՒԿ — Բայց Վիշապի հարցում շատ մեծ կասկածներ ունեմ: Նրա հետ պետք է զգույշ լինել:
ԲՈՐԵՆԻ — Վիշապով Աղվեսը կզբաղվի, էդ նրա խելքի բանն է:
ԱՂՎԵՍ — Դժվարը Վիշապին տեղից շարժելն է, մնացածն իր ձեռքով կանի: Չմոռանամ ասել, Սիրամարգին Բուի մոտ եմ ուղարկել, թող վստահությունը շահի, հետն էլ Վիշապին կսևացնի:
ԲՈՐԵՆԻ — Խելոք բան ես արել, բայց էդ գունավորին շատ երես չտաս: Դավաճանի համար կարևոր չի, թե ում է դավաճանում:
ԱՂՎԵՍ — Կուտը հեշտ է ուտում:
ՄՈՒԿ – Բայց՝ ցանկացածի տված կուտը:
ԲՈՐԵՆԻ — Նաև՝ երբ իրեն է հարկավոր լինում: Մուկ, դու նույնպես աչքդ վրան կպահես: Իսկ հիմա գնա ու փող բեր, ծախսերը գնալով ավելանում են:
ՄՈՒԿ — Հրամանքդ: (Դուրս է գնում:)
ԲՈՐԵՆԻ — Մկան մոտ շատ մի բացվիր: Փողասեր է, իսկ փող շատ սիրողին չի կարելի վստահել:
ԱՂՎԵՍ — Մեկը կա՞, որ փող չսիրի:
ԲՈՐԵՆԻ — Ասում են՝ կա, բայց առայժմ ոչ ոք չի տեսել:
ԱՂՎԵՍ — Եվ հազիվ թե երբևէ տեսնի:
ԲՈՐԵՆԻ — Բայց որ տեսնի, երևի զարմանքից ուշագնաց կլինի:
ԱՂՎԵՍ — Հարց չկա, մի քիչ փող կտանք, անմիջապես ուշքի կգա:
ԲՈՐԵՆԻ — Շատ ունես՝ քիչ ցույց տուր: Ու ինչքան շատ ես ունենում, էնքան ցանկացիր ավելի շատ ունենալ:
ԱՂՎԵՍ — Միևնույն է, երբեք չես կշտանալու:
ԲՈՐԵՆԻ — Աչքը տեսածով չի կշտանում: Աչքը նույնիսկ դուրս գալուց հետո էլի ուզում է տեսնել: Էնպես որ՝ աչքիդ էլ մի վստահիր:
ԱՂՎԵՍ — Մեր սկզբունքը գիտես, վստահում ենք նրան, ում կարիքը էդ պահին ունենք:
ԲՈՐԵՆԻ — Ճիշտ սկզբունք է: Բայց ավելորդ զգուշավորությունը չի խանգարի:
ԱՂՎԵՍ — Վարազի հետ ո՞նց եմ լեզու գտնելու: Գիտես, որ էնքան էլ իրար չենք սիրում:
ԲՈՐԵՆԻ — Մեծ գործեր անելու համար մանր-մունր համակրանքն ու հակակրանքը պետք է մոռանալ: Ես էլ շատերին չեմ համակրում, բայց ինձ նայելիս գլխի չեն ընկնում: Մանկուց եմ ինձ վարժեցրել:
ԱՂՎԵՍ — Ես էլ կփորձեմ:
ԲՈՐԵՆԻ — Վստահ եմ, որ կհաջողվի:
Աղվեսը դուրս է գնում: Բորենին կասկածկոտ հայացքով հետևում է նրան:
Տեսարան չորրորդ
Փիղը կոճղին նստած կնճիթն է սրբում և մեղեդին աղավաղելով՝ քթի տակ ինչ-որ խրոխտ քայլերգ է դնդնում: Մտնում է Արջը:
ՓԻՂ – Ի՛նչ լավ ես արել, որ եկել ես:
ԱՐՋ — Ավելի լավ բան ունենք անելու:
ՓԻՂ — Հարց չկա: Ինչ որ պետք ա՝ ասա:
ԱՐՋ — Ուզում ենք Բուից ազատվել:
ՓԻՂ — Բայց մեր ընկերն ա: Էդ ի՞նչ հանցանք ա գործել:
ԱՐՋ — Դեռ չի գործել, բայց ամեն ինչ դրան ա տանում:
ՓԻՂ — Չարածի համա՞ր ենք պատժելու:
ԱՐՋ — Անելուց հետո պատժելն անիմաստ կլինի:
ՓԻՂ — Ոնց կասես: Ուզո՞ւմ ես՝ վերացնենք:
ԱՐՋ — Չէ, էդ մեր ոճը չի: Մենք թշնամի վերացնող ենք, մերոնց վրա ձեռք բարձրացնող չենք:
ՓԻՂ — Որ խոսքով ասենք՝ թող ու գնա, կհասկանա՞:
ԱՐՋ — Ասողները որ շատ լինեն ու պինդ ասեն՝ կհասկանա:
ՓԻՂ — Բայց մեզ ի՞նչ ա արել, որ աթոռից զրկում ենք:
ԱՐՋ — Հարցեր կան, որ սխալ ա պատկերացնում ու սխալ ընթացքով ա տանում:
ՓԻՂ — Ավելի լավ չի՞՝ սխալն ուղղենք:
ԱՐՋ — Համոզված ա, որ ճիշտն ինքն ա:
ՓԻՂ — Բա տեղն ո՞ւմ ենք դնելու, Վիշապի՞ն:
ԱՐՋ — Չէ, Բորենուն:
ՓԻՂ — Հո չասի՞ր…
ԱՐՋ – Ընչի՞: Հո լավ ճանաչում ես:
ՓԻՂ — Դրա համար էլ դեմ եմ:
ԱՐՋ — Մեր դեմ չի կարա թպրտա:
ՓԻՂ — Բորենին տակից գործող ա:
ԱՐՋ — Չենք թողնի:
ՓԻՂ — Ճիշտ կանես՝ մինչև որոշում կայացնելը մի լավ գցես-բռնես: Աթոռին դնելը խաղ ու պար չի: Հետո որ փոշմանեցիր, դրանից պրծնել չի լինի:
ԱՐՋ — Ինձ մի աչքով ես նայում:
ՓԻՂ — Բանն էլ հենց էն ա, որ երկուսիդ էլ երկու աչքով եմ նայում:
ԱՐՋ — Մի խոսքով, որոշել եմ: Հիմա լսիր, թե ինչ ես անելու:
ՓԻՂ — Արդեն պարզ ա, մերոնց համոզելու եմ, որ չխառնվեն:
ԱՐՋ — Ոչ թե չխառնվեն, այլ ամուր կանգնեն ու հանկարծ Բուի կողմը չթեքվեն:
ՓԻՂ — Հրամանքդ, ընկեր:
ԱՐՋ — Ու էդ կասկածներդ էլ ուրիշների մոտ չհայտնես:
ՓԻՂ — Հանգիստ եղիր: Ինչ որ մտածում եմ, բերանիցս դուրս չի գա:
ԱՐՋ — Չափից ավելի զգույշ կլինես, չորս կողմը աչք ու ականջ է: (Դուրս է գնում:)
ՓԻՂ — Արջից գլուխ չեմ հանում: Բուի հետ էսքան գործ ենք արել, հիմա հազիվ մի փոքր շունչ ենք քաշում: Ի՞նչ սև կատու անցավ դրանց արանքով, որ թարսվեցին: Թե կիսելու բան ունեք՝ նստեք, մի բոլ խոսեք ու իրար հասկացեք: Թե չէ՝ անպայման ուզում եք ուրիշների՞ն ուրախացնել: Չե՞ք հասկանում, որ պայքարի ընկերոջը պաշտոնի ընկերոջ հետ չեն փոխում: Միամիտ Արջ՝ գնացել, Բորենու ջրերն ա ընկել: Մոռացե՞լ ես, թե որտեղից եկավ ու ինչ ձևերով ուր հասավ: Բայց, դե, Արջին բան հասկացնե՞լ կլինի: Որդը որ ուղեղը մտավ, էլ հանգիստ չի տա: Սիրտս վկայում ա, որ էս ամենից ամենաշատը հենց ինքն ա տուժելու: Ճիշտ են ասում՝ ով ինչ անի, իրեն կանի:
Տեսարան հինգերորդ
Նստած է Բուն, երկու քայլի վրա, մեջքը թեթևակի կորացրած, կանգնել է Աղվեսը և ուշադիր նրան է լսում:
ԲՈՒ — Խոսակցություններ են հասել ականջիս, որ թագավորությունում անհանգիստ շարժումներ են սկսվել:
ԱՂՎԵՍ — Առանձնապես բան չկա, սովորական անցուդարձ է: Մերոնք միշտ էլ տարօրինակ են եղել, տեղները հանգիստ նստող չեն:
ԲՈՒ — Լսել եմ, որ թագավորից դժգոհ են:
ԱՂՎԵՍ — Դժգոհել սիրում են:
ԲՈՒ — Բայց մեր վիճակը հաշվի չեն առնում:
ԱՂՎԵՍ — Սոված փորը թույլ չի տալիս, որ ուղեղը գործի:
ԲՈՒ — Ուղեղն էլ հենց նրա համար է, որ ստամոքսին ղեկավարի:
ԱՂՎԵՍ — Բայց կյանքում միշտ հակառակն է լինում:
ԲՈՒ — Դրա համար էլ պետք է թագավորին լսեն ու հասկանան:
ԱՂՎԵՍ — Մերոնք թագավոր սիրող չեն:
ԲՈՒ — Ես կասեի՝ ամեն մեկն ուզում էթագավոր լինել:
ԱՂՎԵՍ — Ո՞ր զինվորը չի ուզում գեներալ դառնալ:
ԲՈՒ — Բայց ոչ ուրիշին գցելու գնով:
ԱՂՎԵՍ — Մերոնց մեջ խելոքները շատ են, աթոռները՝ քիչ:
ԲՈՒ — Խելքը միայն աթոռին թառելը չի:
ԱՂՎԵՍ — Բայց աթոռն առանձնակի փայլ է տալիս:
ԲՈՒ — Բանն էլ էն է, որ ինքդ աթոռին փառք բերես:
ԱՂՎԵՍ — Պիտի ունենաս, որ բերես:
ԲՈՒ — Եղածով չբավարարվողը ավելիին չի արժանանա:
ԱՂՎԵՍ — Բացառություններ լինում են:
ԲՈՒ — Ու հետո էլ փորձանք են դառնում:
ԱՂՎԵՍ — Բայց առայժմ էդպիսի վտանգ չկա:
ԲՈՒ — Աստված տա, որ չլինի: Վիշապից ի՞նչ նորություն կա:
ԱՂՎԵՍ — Աջը քաշած՝ ապրում է իր համար:
ԲՈՒ — Իսկ Բորենո՞ւց:
ԱՂՎԵՍ — Նա էլ ոնց որ թե հանգիստ է:
ԲՈՒ – Չի՞ ուզում մի քիչ էլ վեր բարձրանալ:
ԱՂՎԵՍ — Էդպիսի տեղեկություն չունեմ: Համ էլ ինչի՞ն է պետք, ազնվորեն ձեզ է ծառայում:
ԲՈՒ — Ծառայելն ազնվորեն չի լինում: Ծառայում են պարտադրված:
ԱՂՎԵՍ — Բայց նրան պարտադրելը դժվար է:
ԲՈՒ — ճիշտ ես ասում, ինքն է իրեն պարտադրում, քանի դեռ իրեն է հարմար: Իր ուզածն էլ հաջողությամբ պարտադրում է ուրիշներին: ԱՂՎԵՍ — Էդպես որ չաներ, մեր ընդհանուր գործը շատ կտուժեր:
ԲՈՒ — Նկատի ունես՝ ձեր երկուսի…
ԱՂՎԵՍ — Չէ, բոլորիս: Երկուսով առանձին գործ չունենք:
ԲՈՒ — Դե տես, իսկ Բորենուց զգույշ եղիր: Ամեն դեպքում, քո մասին լավ կարծիքի եմ:
ԱՂՎԵՍ — Միշտ էլ կարող ես ինձ վստահել, տեր Արքա:
ԲՈՒ — Կյանքում ամենահեշտն ու ամենադժվարը վստահելն է:
ԱՂՎԵՍ — Իմ դեպքում ամենահեշտն է:
ԲՈՒ — Աստված տա:
Տեսարան վեցերորդ
Մտնում են Աքաղաղն ու Մուկը: Աքաղաղը, գլուխը վեր պահած, գնում է առջևից, նրան հետևում է գլուխը կախ, մանր քայլերով համարյա վազող Մուկը:
ԱՔԱՂԱՂ – Ի՞նչ պարզեցիր:
ՄՈՒԿ — Խլուրդը, Վիշապն ու Վարազն արդեն պայմանավորվել են: Ուզում են Բուից ազատվել:
ԱՔԱՂԱՂ — Իսկ Ա՞րջը:
ՄՈՒԿ — Ոնց որ Արջն էլ է համոզվել:
ԱՔԱՂԱՂ — Ասենք թե գցեցին, ո՞ւմ են տեղը դնելու:
ՄՈՒԿ — Որ ասեմ, երևի չհավատաս:
ԱՔԱՂԱՂ — Մի երկարացրու:
ՄՈՒԿ — Որոշել են Բորենուն թագավոր կարգել:
ԱՔԱՂԱՂ — Աղվեսն ի՞նչ մտքի է:
ՄՈՒԿ — Աղվեսն ու Բորենին մեկ են դարձել:
ԱՔԱՂԱՂ — Էդ ի՞նչ շուտ կցվեցին: Թարմ մսի հոտ են առե՞լ:
ՄՈՒԿ — Դրանց հոտառությունը միշտ էլ լավ է եղել:
ԱՔԱՂԱՂ — Կենդանու տեսակ կա, որ ուր էլ գցես, ելքը գտնում է: Մկներն էլ են, չէ՞, էդպես:
ՄՈՒԿ — Հո գիտես, որ միշտ ձեր կողքին եմ եղել: Գտածս ցորենն ախպերավարի կիսել եմ հետներդ:
ԱՔԱՂԱՂ — Գողի համար կարևոր չի, թե վերևում ով է, նրա գործը կիսվելն է:
ՄՈՒԿ — Ամեն մեկն իր գործը պիտի լավ անի:
ԱՔԱՂԱՂ — Ճիշտ ես ասում, վաղն էլ ուրիշի հետ կկիսվես:
ՄՈՒԿ — Աստված տա, էլի ձեզ հետ կիսվեմ:
ԱՔԱՂԱՂ — Էս անգամ դժվար թե տա:
ՄՈՒԿ — (մի պահ մտքերի մեջ է ընկնում, հետո արագ վրա է բերում): Չմտածես, մեջքիդ կանգնած եմ:
ԱՔԱՂԱՂ — Ուրեմն, մեջքս պիտի խոնարհեմ, որ մեջքիս կանգնես:
ՄՈՒԿ — Որ պետք եղավ, ժամանակավորապես խոնարհվելու մեջ վատ բան չկա:
ԱՔԱՂԱՂ — Խոնարհվելու ժամանակավորը ո՞րն է: Մի անգամ որ խոնարհվեցիր, ամբողջ կյանքում կուզեկուզ ես ման գալու:
ՄՈՒԿ — Կուզեկուզ նույնպես կարելի է լավ ապրել:
ԱՔԱՂԱՂ — Կուզեկուզի լավը ո՞րն է: Էդ արդեն ապրել չի, ուտել-թրքել է:
ՄՈՒԿ — Ուտելը վատ չի, թրքելն էլ պարտադիր է:
ԱՔԱՂԱՂ — Քո խելքի բանը չի: Ավելի լավ է գնաս, իմանաս՝ Փիղն ո՞ւմ կողմն է պահելու:
ՄՈՒԿ — Արդեն գնացի:
Դուրս գնալիս նրա դիմաց հայտնվում է Սիրամարգը:
ՍԻՐԱՄԱՐԳ — Հը՞, ի՞նչ կա:
ՄՈՒԿ — Սրանց համար ոնց որ թե լավ բան չկա:
Սիրամարգը շրջվում և նույնպես դուրս է գնում:
Տեսարան յոթերորդ
Բեմի անկյունում, խավարի մեջ նստած է Բուն: Ներս է մտնում Աքաղաղը և տեղավորվում է նրա կողքին: Մտնում են Արջը, Փիղը, Վարազը, Վիշապը, Խլուրդը և նստում են նրանց դիմաց: Քիչ անց հուշիկ քայլերով ներս են մտնում Աղվեսը, Մուկը, Սիրամարգը: Աղվեսը նստում է մյուսների կողքին, Մուկն ու Սիրամարգը կանգնում են քիչ հեռվում: Բոլորը լռում են: Լուսավորված է միայն Բուի դեմքը:
ԲՈՒ — (լուռ ծխում է և սառը հայացքով մի կողմ է նայում: Բարձրախոսից լսվում է նրա ձայնը): Ի՜նչ էլ առոք-փառոք բազմել են: Մի ամիս առաջ կուզեկուզ էին ներս մտնում: Հիմա տես, աչքերը չռած փքվել են, քիչ է մնում՝ տրաքեն, գլուխներն էլ էնպես են վեր ցցել, կարծես աստղերն են հոտոտում: Ոչինչ, սա էլ թող ձեր աստեղային ժամը լինի: Գուցե ճիշտը դա է: Հերթը ձերն է:
Լույսը տեղափոխվում է Աղվեսի դեմքին:
ԱՂՎԵՍ — (գլուխը կախ լռում է: Բարձրախոսից լսվում է նրա ձայնը): Ի՞նչ ես վանդակված առյուծի նման քեզ պատեպատ տալիս: Մեր պայքարը քո դեմ չէ: Աթոռդ է մեզ հարկավոր: Շատ խնդիրներ ունենք լուծելու: Իսկ դու անուղղելի երազող ես, մեր ուզածն անող չես:
Լույսը տեղափոխվում է Խլուրդի դեմքին:
ԽԼՈՒՐԴ — (բարձրախոսից լսվում է նրա ձայնը): Վերջապես սրանից պրծնելու ենք: Տեսնես Բորենին ինձ ի՞նչ գործ կտա:
Լույսը տեղափոխվում է Վարազի դեմքին:
ՎԱՐԱԶ — (բարձրախոսից լսվում է նրա ձայնը): Մեր ուզածին հասանք: Սրանց քթից կբերենք: Կտեսնեն, թե ինչը ոնց են անում:
Լույսը տեղափոխվում է Վիշապի դեմքին:
ՎԻՇԱՊ — (բարձրախոսից լսվում է նրա ձայնը): Սրա հարցը լուծեցինք: Հիմա պետք է մտածել, թե ոնց ենք Բորենուն կառավարելու:
Լույսը տեղափոխվում է Սիրամարգի և Մկան դեմքերին: Եռանդագին ինչ-որ բան են քչփչում:
Լուսավորվում է ամբողջ բեմը:
ԱՔԱՂԱՂ — Լավ էլ իրար նմաններով հավաքվել-եկել եք:
ԱՐՋ – Ինչո՞ւ ես վիրավորում:
ԱՔԱՂԱՂ — Որ իրար նման եք, վիրավորա՞նք է:
ԱՐՋ — Ամեն մեկն ինքն իր նման է:
ԱՔԱՂԱՂ — Էս պահին մեկ եք դարձել:
ՎԱՐԱԶ — Բայց չի նշանակում, որ իրար նման ենք:
ԱՔԱՂԱՂ — Ուրեմն, տարբեր բաներ անեիք:
ՎԻՇԱՊ — Էդպես էլ անում ենք:
ԲՈՒ — Քո արածը ոչ մեկը չէր անի:
ՎԻՇԱՊ — Որ կարողանային՝ կանեին:
ԲՈՒ — Քեզ հասնելու համար սրանք դեռ շատ ճամփա պիտի անցնեն:
ԱՐՋ — Մենք էլ քիչ բան չենք տեսել:
ԱՔԱՂԱՂ — Խլուրդի աչքերով եք տեսել:
ԱՂՎԵՍ — Բուն ու Խլուրդը նույն ձևով են տեսնում:
ԱՔԱՂԱՂ — Էն տարբերությամբ, որ Խլուրդը միայն ստորգետնյա աշխարհին է ծանոթ:
ԽԼՈՒՐԴ — Երկու աշխարհներն իրարից շատ չեն տարբերվում:
ԲՈՒ — Խլուրդի համար լուսինն ու աստղերը նշանակության չունեն:
ԱՔԱՂԱՂ — Մյուսների համար արևն էլ ոչինչ է:
ՎԻՇԱՊ — Ավելի լավ է՝ գործից խոսենք:
ԲՈՒ — Գործն արել, վերջացրել եք:
ԱՂՎԵՍ — Մենք չենք արել, կյանքի պահանջն է:
ԱՔԱՂԱՂ — Ձեր երազանքները կյանքի վրա մի բարդեք:
ԱՐՋ — Մենակ մերը չէ, բոլորինն է:
ՍԻՐԱՄԱՐԳ — Տառապյալ կենդանիների տենչն է:
ՓԻՂ — Եվ հզորների ցանկությունը:
ՄՈՒԿ — Շարքային կենդանիներն էլ են նույն կարծիքին:
Բուն և Աքաղաղը դուրս են գնում: Բեմը մթնում է:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան առաջին
Կոճղերին նստած են Բորենին, Արջն ու Աղվեսը: Հատակին վիսկիի հսկայական շիշ և մեծ բաժակներ են դրված: Բորենու կենացն են խմում:
ԱՂՎԵՍ — (բաժակը Բորենու բաժակին է զարկում): Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում եմ, որպեսզի մեր բոլոր նպատակներն իրականանան:
ԲՈՐԵՆԻ — Չմտածես, էն ամենը, ինչ ես ու դու որոշել ենք՝ անելու ենք: Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել:
ԱՂՎԵՍ — Քիչ էր մնում Ծեր Վագրը մեր հաշիվները խառներ:
ԱՐՋ — Ո՞վ կթողներ: Տեսա՞ր, ինչ արեցինք:
ԲՈՐԵՆԻ — Արջը որ չլիներ, մեր գործը շատ էր դժվարանալու:
ԱՂՎԵՍ — Աչքիս էն Աքաղաղն էլ էր Վագրին օգնում:
ԲՈՐԵՆԻ — Աքաղաղի հարցերը լուծելու եմ:
ԱՐՋ — Պետք չէ: Ժամանակին մեր լավ ընկերն է եղել, իրար հետ հազար լավ ու վատ օրեր ենք անցկացրել:
ԱՂՎԵՍ — Բայց տեսար, չէ՞, մատ թափ տվեց, թե՝ շատ բան ունեմ ասելու: ԲՈՐԵՆԻ — Չի հասցնի:
ԱՐՋ — Նորից եմ ասում, Աքաղաղին ձեռք չտաք: Հնարավորություն տվեք, թող սուս ու փուս անհետանա:
Արջը դուրս է գնում:
ԲՈՐԵՆԻ – Տեսա՞ր, ոնց իրար անցավ:
ԱՂՎԵՍ — Նրան կարելի է հասկանալ:
ԲՈՐԵՆԻ — Ինքը թող մեզ հասկանա: Ոչինչ, Արջի հարցն էլ էսպես չեմ թողնելու:
ԱՂՎԵՍ — Բայց հիմա դրա ժամանակը չէ: Ավելի կարևոր հարցեր ունենք:
ԲՈՐԵՆԻ — Ամեն բան ձեռքդ ես հավաքում: Ու առանց ինձ ոչ մի հարց չես լուծում: Լսեցիր, չէ՞:
ԱՂՎԵՍ — Ոնց կասես: Իսկ Վիշապի, Վարազի ու Խլուրդի հետ ի՞նչ ենք անելու:
ԲՈՐԵՆԻ — Հերթով կկարգավորենք: Վիշապին ու Խլուրդին մի-մի թուլափայ կգցենք, հետո գլուխները կաղանք: Վարազի հետ ավելի զգույշ կլինենք: Նրա բաժինն ավելի մեծ պետք է լինի:
ԱՂՎԵՍ — Բայց գործ անելուց ոնց որ թե նրա բաժինը փոքր էր:
ԲՈՐԵՆԻ — Չէ, նա դեռ շատ անելիք ունի: Համ էլ նրա արածները էդքան հեշտ չեն երևում: Մի քիչ էլ անցնի՝ ավելի շատ հանձնարարություններ եմ տալու:
ԱՂՎԵՍ – Չե՞ս վախենում, որ վաղը նույն բաները քո հանդեպ կանի:
ԲՈՐԵՆԻ — Դրա ձևն էլ գիտեմ: Ինձ մի աչքով չնայես:
ԱՂՎԵՍ — Մի աչքը ո՞րն է, չորս աչքով եմ նայում, բայց էլի մինչև վերջ գլխի չեմ ընկնում:
ԲՈՐԵՆԻ — Դրա համար էլ ինչ ասում եմ՝ էն արա: Ու հանկարծ չփորձես աղվեսությունդ իմ հանդեպ բանեցնել: Եղա՞վ: Խլուրդին ու Մկանն էլ կասես, թող աչքները Արջից չկտրեն: Վերջերս շատ է փոխվել:
ԱՂՎԵՍ — Հարց չկա: Ոնց կասես:
Տեսարան երկրորդ
Մտախոհ նստած է Վիշապը: Ներս է մտնում Խլուրդը:
ԽԼՈՒՐԴ – Լսե՞լ ես, Սիրամարգը Բուի ու Աքաղաղի մասին նոր երգ է գրել:
ՎԻՇԱՊ — Պատահաբար նորից փառաբանե՞լ է:
ԽԼՈՒՐԴ — Էն էլ ո՜նց: Էնպես է ցեխը կոխել, որ տասը ջուր էլ լվանաս, չեն մաքրվի:
ՎԻՇԱՊ — Երևի քիչ են լավություն արել:
ԽԼՈՒՐԴ — Նրանց ժամանակ լավ էլ օգտվեց:
ՎԻՇԱՊ — Հազիվ թե հաջողացնի սրանցից պատառ պոկել:
ԽԼՈՒՐԴ — Երևի ճիշտ ես ասում: Տեսա՞ր՝ մեզ ոնց խաբեցին:
ՎԻՇԱՊ — Չխաբեցին, այլ լավ դաս տվեցին:
ԽԼՈՒՐԴ — Բայց ի՞նչ հանցանք ենք գործել:
ՎԻՇԱՊ — Դավաճանել ենք:
ԽԼՈՒՐԴ – Ե՞րբ ենք դավաճանել:
ՎԻՇԱՊ — Միշտ:
ԽԼՈՒՐԴ — Չեմ հասկանում:
ՎԻՇԱՊ — Բարդ բան եմ ասո՞ւմ:
ԽԼՈՒՐԴ — Իրենց հանդեպ ազնիվ ենք եղել:
ՎԻՇԱՊ — Իբր մեր հաշվարկը չէինք արել, հա՞:
ԽԼՈՒՐԴ — Մենակ հիմարն առանց հաշվարկի կապրի:
ՎԻՇԱՊ — Էնպես էինք հաշվարկել, որ էն մյուսին վնաս տայինք:
ԽԼՈՒՐԴ — Նա էլ ժամանակին մեզ էր վնաս տվել:
ՎԻՇԱՊ — Բայց որ նրա մի աչքը հանեցինք, մեր երկուսը դուրս եկավ:
ԽԼՈՒՐԴ — Առանց աչք էլ կապրենք:
ՎԻՇԱՊ — Միայն գետնի տակ:
ԽԼՈՒՐԴ — Էնտեղից էլ կվարենք:
ՎԻՇԱՊ — Անվերջ իրար տակ փորելով՝ մինչև ո՞ւր ենք հասնելու:
ԽԼՈՒՐԴ — Մինչև վերին Երուսաղեմ:
ՎԻՇԱՊ — Էնտեղ հասնելու համար ոչ թե պետք է իրար տակ փորել, այլ մեկը մյուսի տակ աթոռ դնել ու ձեռք մեկնելով՝ իրար վեր բարձրացնել:
ԽԼՈՒՐԴ — Մերը միշտ հակառակն է եղել:
ՎԻՇԱՊ — Դրա համար էլ էս օրին ենք հասել:
ԽԼՈՒՐԴ — Հիմա ի՞նչ ես առաջարկում:
ՎԻՇԱՊ — Խաղից դուրս եմ գալիս:
ԽԼՈՒՐԴ — Սխալ ես անում: Մի կողմ քաշվեցիր՝ շատ կտուժես:
ՎԻՇԱՊ — Մնալով էլ չեմ շահելու:
ԽԼՈՒՐԴ — Նայած, թե ինչ ես ուզում շահել:
ՎԻՇԱՊ — Սրանց լրիվ հասկացել եմ: Ոնց էլ պտտվես, շահողը միշտ իրենք են լինում:
ԽԼՈՒՐԴ — Խելքը նրա համար է տրված, որ ուրիշի շահի մեջ քոնը փնտրես:
ՎԻՇԱՊ — Բայց ուրիշ կա, որ մեկ ուրիշին նույնիսկ չնչին հնարավորություն չի թողնում:
ԽԼՈՒՐԴ — Դրա համար էլ, ի վերջո, ինքն է տանուլ տալիս:
ՎԻՇԱՊ — Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
ԽԼՈՒՐԴ — Մեր աչքը վաղուց է դուրս եկել: Վախենալու տեղ այլևս չունենք:
ՎԻՇԱՊ — Դու գիտես: Վարվիր էնպես, ինչպես ճիշտ ես համարում:
Տեսարան երրորդ
Բեմը լուսավորված է, կենտրոնում՝ բարձր կոճղին, բազմել է Բորենին: Նրա շուրջը՝ ավելի փոքր կոճղերի վրա, նստած են Աղվեսը, Մուկը, Սիրամարգը, Վարազը:
ԲՈՐԵՆԻ — Լավ իմացեք, էս կոճղը գրավելն ավելի հեշտ է, քան պահելը: Դրա համար թիկունքս պետք է ապահով լինի:
ՎԱՐԱԶ — Էդ իմ վրա եմ վերցնում:
ԱՂՎԵՍ — Դու ավելի շուտ թիկունք փորող ես, քան պահող:
ՎԱՐԱԶ — Մեկինը պիտի փորես, որ մյուսինը պահես:
ԱՂՎԵՍ — Բայց դու միշտ էնքան ես փորում, որ բոլորինն էլ քանդում ես:
ՄՈՒԿ — Չէ, իրենը միշտ ամուր է մնում:
ՍԻՐԱՄԱՐԳ — Ավելի լավ է մի ամուր թիկունք ունենաս, քան ոչ մեկը:
ԲՈՐԵՆԻ — Հերիք է լեզուներիդ տաք: Մտածեք, թե ինչ անենք, որպեսզի մեր հիմքերն ամրացնենք: Էսօրվա վիճակով պետք է Վարազին վստահենք: Մնացածը ընթացքում կորոշենք:
ՎԱՐԱԶ — Միշտ պատրաստ եմ ծառայել:
ԱՂՎԵՍ — Սեփական նպատակներիդ:
ԲՈՐԵՆԻ — Աղվես, դու զբաղվելու ես կենդանիների ներքին կյանքով: Որսի ու մնացած շահույթի վերահսկողությունը քեզ է հանձնարարվում: Բոլորը քո մաղով են անցնելու:
ԱՂՎԵՍ — Ոնց կասես:
ԲՈՐԵՆԻ — Սիրամարգ, դու կազմակերպում ես կենդանիների հոգևոր վերելքը: Ու չմոռանաս էն մյուսներին սևացնել: Երևի Խլուրդին ու Վիշապին էլ դրանց կողքին դնես:
ՍԻՐԱՄԱՐԴ – Ուզո՞ւմ ես, Արջի վրայով էլ անցնեմ:
ԲՈՐԵՆԻ — Թեթևակի: Արջի հետ պետք է զգույշ լինել, ամեն դեպքում Փիղը նրա կողքին է: Իսկ Փղի հետ կատակ անելը վտանգավոր է:
ՄՈՒԿ — Երկու օր առաջ Արջին ու Աքաղաղին իրար հետ տեսնող է եղել:
ԲՈՐԵՆԻ — Լավ հիշեցրիր, Աքաղաղի հարցը պետք է արագացնել: Աղվես, դրանով կզբաղվես:
ԱՂՎԵՍ — Ճիշտ կլինի, որ էդ գործին չխառնվեմ:
ԲՈՐԵՆԻ — Ուրեմն, Վարազը կանի:
ՎԱՐԱԶ — Ընկերներիս հետ կխորհրդակցեմ և երեք օրից կպատասխանեմ:
ԲՈՐԵՆԻ — Չէ, երկու օրից:
ՎԱՐԱԶ — Շատ լավ, երկու օրից:
ՍԻՐԱՄԱՐԳ — Բուի մասին նոր երգ եմ գրել:
ԲՈՐԵՆԻ — Ինչ ուզում ես՝ գրիր: Բուն խաղից դուրս է: Պայման ենք դրել, փչակից այլևս դուրս չի գալու:
ՄՈՒԿ — Շատ խելոք է ու հասկանում է, որ մեզ հետ չի կարելի կատակել:
ՎԱՐԱԶ — Հատկապես քեզ հետ:
ԱՂՎԵՍ — Էս մի հարցում քեզ հետ համամիտ եմ:
ԲՈՐԵՆԻ — Էլի սկսեցի՞ք: Իրար գզելով բանի չեք հասնի: Վե՛րջ, գնացեք ձեր գործին:
Բոլորը վեր են կենում:
ԲՈՐԵՆԻ — Մուկ, դու մնա:
Մուկը՝ վիզը թեք, վերադառնում է, մյուսները դուրս են գնում:
ԲՈՐԵՆԻ — Նստիր: Հիմա ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում: Քո գործը միայն թշնամուն հետևելը չի: Աչքի տակով մերոնց էլ ես զննում: Նույնիսկ Աղվեսին: Հենց որ կասկածելի բան տեսար՝ գիշերը մեր տուն ես գալիս ու զեկուցում: Հասկացա՞ր: Ու էնպես կանես, որ հանկարծ գլխի չընկնեն:
ՄՈՒԿ — Սիրամարգին էլ հետևե՞մ:
ԲՈՐԵՆԻ — Առաջինը հենց Սիրամարգին: Դրան շատ չկա, մեկ էլ տեսար՝ ափեղ-ցփեղ բերանը շաղ տվեց:
ՄՈՒԿ — Բայց շատ վախկոտ է, չի համարձակվի:
ԲՈՐԵՆԻ — Մեկ-մեկ շատ վախենալուց գլուխը կորցնում է: Համ էլ վերջերս Վարազի հետ է մոտ-մոտ անում: Էդ էլ կարևոր է:
ՄՈՒԿ — Հրամանքդ, Արքա:
Տեսարան չորրորդ
Իրար կողքի նստած են Արջն ու Ծեր Վագրը: Փիղը նստած է քիչ հեռվում:
ԾԵՐ ՎԱԳՐ — Ժամանակին Բուն էլ էր ուզում, որպեսզի իրեն օգնեի, սակայն հրաժարվեցի: Ինչ-որ անելու էի, արդեն արել եմ: Այժմ ձեր ժամանակն է:
ԱՐՋ — Առանց ձեր աջակցության անհնար կլինի որևէ բան ձեռնարկել:
ԾԵՐ ՎԱԳՐ — Համոզված եմ, որ կարող եք, առավել ևս, որ մինչև հիմա բավական գործեր եք արել:
ԱՐՋ — Բայց էնպիսի մի սխալ ենք արել, որն ուղղելը պարզապես անհրաժեշտություն է:
ՓԻՂ — Կենաց և մահու կռիվ է:
ԾԵՐ ՎԱԳՐ — Բայց էդ կռվից, փաստորեն, հաղթանակով եք դուրս եկել:
ԱՐՋ — Էս մի կռիվն ավելի ծանր է: Էստեղ թշնամին միայն առջևումդ չէ, կողքիդ է, թիկունքումդ ու նույնիսկ ոտքերիդ տակ:
ԾԵՐ ՎԱԳՐ — Էդպիսի կռվի մեջ դեռ հաղթող չի եղել:
ՓԻՂ — Գոնե մի անգամ պետք է լինի:
ԾԵՐ ՎԱԳՐ — Ավելի ճիշտ, ժամանակավոր հաջողություններ եղել են, բայց հետո հաղթողը սեփական կյանքով է հատուցել:
ԱՐՋ — Կռվի գնալիս ապրելու մասին ո՞վ է մտածում:
ՓԻՂ — Ես մեռնելու մասին էլ չեմ մտածում:
ԾԵՐ ՎԱԳՐ — Ճիշտ եք ասում, եթե շատ մտածես, այլևս կռվի մեջ չես մտնի: Ցավն էն է, որ ես արդևն ծեր եմ և սկսել եմ չափից ավելի մտածել:
ԱՐՋ — Ինձ թվում է՝ մտածելը չափ չունի: Կամ մտածում ես, կամ՝ոչ: Եվ համոզված եմ, եթե մտածեք, որ մեր բոլոր կենդանիների կյանքն է նժարի վրա, անպատճառ կհամաձայնվեք:
ԾԵՐ ՎԱԳՐ — Կենդանիներն ինձ վաղուց են մոռացել:
ՓԻՂ — Ժամանակին էնպիսի գործեր եք արել, որ ձեզ երբեք չեն մոռանա:
ԾԵՐ ՎԱԳՐ — Վատ գործերի պատճառո՞վ:
ԱՐՋ — Եթե լրիվ անկեղծ լինենք, վատն էլ է եղել: Բայց լավն էնքան ծանրակշիռ է, որ վատի մասին համարյա ոչ ոք չի մտաբերում:
ՓԻՂ — Եկեք չմոռանանք, որ մեր թիկունքում էլ կենդանիների հսկա բանակ կա: Էդ երկու բանակները որ միացան, ամենամեծ գետի հունն էլ կփոխեն:
ԾԵՐ ՎԱԳՐ – Չե՞ք վախենում, որ հետևվանքները կարող են անկանխատեսելի լինել:
ԱՐՋ — Մեր նպատակն արդարացնում է բոլոր հնարավոր հետևանքները: Ցավով եմ ասում, բայց եթե չհաջողեցինք, իրավիճակն ավելի ծանր է լինելու:
ՓԻՂ — Անհաջողության դեպքում կենդանիների մեծ մասը կթողնի, կհեռանա մեր ջունգլիից:
ԾԵՐ ՎԱԳՐ — Հիմա էլ, կարծեմ, շատերը դրսում են:
ՓԻՂ — Իսկ հաղթանակի դեպքում բոլորը կվերադառնան:
ԾԵՐ ՎԱԳՐ — Ձեր ասածներից եզրակացնում եմ, որ հակառակորդը նենգ է և անչափ վտանգավոր:
ԱՐՋ — Ինչպես բազմափորձ Ոզնին է ասում՝ դեռ մի բան էլ ավելի:
ԾԵՐ ՎԱԳՐ — Եվ հույս ունեք, որ ազնիվ պայքարո՞ւմ եք հաղթելու:
ՓԻՂ — Դրանց համար ազնվությունը անհասկանալի բառ է, իսկ մեր հաղթանակի միակ միջոցը հենց ազնիվ կռիվն է:
ԱՐՋ — Ստիպելու ենք, որ գեթ մեկ անգամ ազնիվ խաղան: Էդ մի բանը հաստատ երաշխավորում եմ:
ԾԵՐ ՎԱԳՐ — Եթե պայմանը չի խախտվելու, համաձայն եմ:
Տեսարան հինգերորդ
Խավարի մեջ նստած են Բուն, Արջը, Փիղն ու Աքաղաղը:
ԱՐՋ — Շատ մեծ սխալ գործեցինք:
ԱՔԱՂԱՂ — Այսինքն, մե՞զ էլ նկատի ունես:
ԱՐՋ — Ոնց որ պետք էր, չդիմադրեցիք:
ԲՈՒ — Իզուր զոհեր էին լինելու:
ՓԻՂ — Ես էլ եմ էդ կարծիքին:
ԲՈՒ — Չի կարելի աթոռը զոհերի գնով պահել:
ԱՐՋ — Անցյալ անգամ զոռով պահեցինք:
ԱՔԱՂԱՂ – Բայց՝ առանց զոհերի:
ԲՈՒ — Էն ժամանակ էլ դեմ էի:
ԱՐՋ — Չնայած, մեկ է, ի վերջո, նույն բանն էր լինելու:
ԱՔԱՂԱՂ — Հաստատ չես ասի:
ԱՐՋ — Կասեմ: Դրանց միակ նպատակն էդ էր:
ԲՈՒ — Բայց դուք էլ էիք հետները:
ԱՐՋ — Սխալվելու իրավունքը բնության պարգևն է: Կարևորը սխալը հասկանալու կարողությունն է:
ՓԻՂ — Եվ դրանից հետո՝ ուղղելու:
ԱՔԱՂԱՂ — Եվ հիմա ումո՞վ եք ուղղելու:
ԲՈՒ — Ես խաղի մեջ մտնողը չեմ:
ՓԻՂ — Հզոր մեկին ենք գտել:
ԱՔԱՂԱՂ — Ձեզնի՞ց էլ հզոր:
ԱՐՋ — Հարյուր անգամ:
Բուն և Աքաղաղը հարցական Արջին են նայում:
ԱՐՋ — Ծեր Վագրը:
ԱՔԱՂԱՂ — Անհավատալի բան ես ասում:
ՓԻՂ — Էսքան բան տեսնելուց հետո այլևս անհավատալի բան գոյություն չունի:
ԲՈՒ — Հավանականություն կա, բայց որքանո՞վ է իրական:
ԱՐՋ — Երկար ենք համոզել:
ԱՔԱՂԱՂ — Եվ հավատա՞ց, որ միակ փրկիչն ինքն է:
ԲՈՒ — Եթե լավ մտածես, ինքդ էլ կհամոզվես:
ԱՔԱՂԱՂ — Դրա համար էր էն օրը Սիրամարգը Ծեր Վագրի մասին թոշնած տողերով նոր երգ գրել:
ՓԻՂ — Ո՜նց էլ հոտն առել է:
ԱՐՋ — Սիրամարգին որտեղի՞ց հոտառություն: Մուկն է գլխի գցել:
ՓԻՂ — Բայց Մո՞ւկն ինչ գիտի:
ԲՈՒ — Մուկը բոլոր ժամանակներում էլ ամենալավ հոտառությունն է ունեցել:
ԱՔԱՂԱՂ — Արջ, մոռացե՞լ ես, որ կողքիցդ չէր հեռանում ու լավ էլ ամեն բան հասցնում էր ականջիդ:
ԱՐՋ — Հիմա արդեն ուրիշ տեր ունի: Կյանքի օրենքն է:
ՓԻՂ — Բա մեր կյանքը ինչի՞ էդ օրենքին չի ենթարկվում:
ԱՔԱՂԱՂ — Որովհետև էդքան խելք չունես:
ԲՈՒ — Ուրեմն, էս հսկա փիղը մի մկան խելք չունի՞:
ՓԻՂ — Ձեր ասելով դուրս եկավ, որ դավաճանելը խելքի նշան է:
ԱՐՋ — Ճիշտ են ասում, անխելքը նույնիսկ կարգին դավաճանել չի կարող:
ՓԻՂ — Ոչինչ, թող անխելք լինեմ, մեկ է՝ դավաճան չեմ լինի:
ԲՈՒ — Մի կարծիր, թե էդ առումով քեզնից շատ ենք խելոք: Մենք էլ մեր չափով ենք անխելք:
ԱՔԱՂԱՂ — Դուրս եկավ, որ ամենախելոքը Սիրամարգն ու Մուկն են:
ԱՐՋ — Չէ, Բորենին ու Աղվեսն ավելի խելոք են:
ԲՈՒ — Հենց էդ խելքն էլ նրանց տունը քանդելու է:
ԱՔԱՂԱՂ — Աստված ձենդ լսի:
ԱՐՋ — Աքաղաղ, չմոռանամ ասել, վաղը չվում ես:
ԱՔԱՂԱՂ — Էդ երբվանի՞ց Աքաղաղը չվող թռչուն դարձավ:
ԱՐՋ — Էսօրվանից: Միակ փրկությունդ է: Երբ եղանակները տաքանան, կվերադառնաս:
Տեսարան վեցերորդ
Խավարի մեջ նստած են Բորենին ու Սիրամարգը:
ՍԻՐԱՄԱՐԳ — (խոսելիս կռանում, մի բուռ է դառնում): Պաշտելիդ իմ Բորենի, նոր երգս կարդացի՞ր:
ԲՈՐԵՆԻ — Էսքան չարչարանքի մեջ կարդալու ժամանա՞կ է մնում:
ՍԻՐԱՄԱՐԳ — Ախր, էնպիսի անմահական տողեր եմ գրել:
ԲՈՐԵՆԻ — Էդ ի՞նչ ես գրել, որ էդպես ոգևորվել ես:
ՍԻՐԱՄԱՐԳ — Բուին, Աքաղաղին. Արջին ու Ծեր Վագրին ջախջախել, հողին եմ հավասարեցրել:
ԲՈՐԵՆԻ — Լավ ես արել: Վաղն էլ ինձ ես սևացնելու, չէ՞:
ՍԻՐԱՄԱՐԳ – Ի՞նչ ես ասում, իմ միակ տեր ու պաշտպան: Մինչև վերջին պահը, քանի դեռ թոքերս օդ են ներծծում, քո հլու-հնազանդ հպատակն եմ լինելու:
ԲՈՐԵՆԻ — Ու կարևոր չէ՞, թե էդ պահին ես որտեղ կլինեմ:
ՍԻՐԱՄԱՐԳ — Դու միշտ իմ գլխից վեր կլինես, իմ անմար արեգակ:
ԲՈՐԵՆԻ — Քեզ որ լսում եմ, քիչ է մնում թևեր առնեմ ու երկինք թռչեմ:
ՍԻՐԱՄԱՐԳ — Երբեք, իմ երկրային տեր: Դու մեզ այստեղ ես հարկավոր:
ԲՈՐԵՆԻ — Լավ, որ շատ ես խնդրում՝ չեմ թռչի: Հիմա ասա տեսնեմ՝ ի՞նչ փորացավ ունես, որ եկել ես:
ՍԻՐԱՄԱՐԳ — Եկել եմ, որ քո ողջությունից տեղեկանամ և արևշատություն ցանկանամ:
ԲՈՐԵՆԻ — Արագացրու, գործեր ունեմ:
ՍԻՐԱՄԱՐԳ — Տառապանքիս պատճառը ցեղակիցներիս անորոշ ապագան է:
ԲՈՐԵՆԻ — Ես էլ էդ մտքին եմ:
ՍԻՐԱՄԱՐԳ — Դրա համար էլ Ձերդ մեծության ողջախոհությանն ու շրջահայացությանն եմ ապավինում: Եվ կարող եմ օգտակար լինել, եթե որևէ նշանակալի դերակատարություն վստահեք ինձ:
ԲՈՐԵՆԻ — Եթե իսկապես ուզում ես ծառայել, էդպիսի մի հնարավորություն կա: Կմտածեմ:
Սիրամարգը բեմի եզրին հասնելով՝ ուղղում է կուզը: Ներս է մտնում Մուկը:
ԲՈՐԵՆԻ — Ո՞ւր ես կորել: Նոր պահե՞ստ ես գտել:
ՄՈՒԿ — Էն էլ ի՜նչ պահեստ: Արջի ամենավստահելի կենդանիներից է:
ԲՈՐԵՆԻ – Հետո՞:
ՄՈՒԿ — Ծեր Վագրին համոզել են: Բուն ու Աքաղաղն էլ են թիկունք լինելու:
ԲՈՐԵՆԻ — Էդ պարզ էր: Ուրի՞շ…
ՄՈՒԿ — Քիչ է մնացել՝ Վիշապին ու Խլուրդին էլ իրենցով անեն, բայց սրանք որ Բուի ու Աքաղաղի մասին իմացել են, ետ են կանգնել:
ԲՈՐԵՆԻ — Վարազից ի՞նչ կա:
ՄՈՒԿ — Վարազի մոտ գաղտնի միջնորդ են ուղարկել, բայց հալալ է Վարազին, մտքով չի անցնում իր ուղուց շեղվել:
ԲՈՐԵՆԻ — Իզուր, ավելի ճիշտ կաներ խոսեցներ, բան-ման իմանար:
ՄՈՒԿ — Էդ հարցը Աղվեսն է լուծել: Ինքը կասի: Հա, չմոռանամ, էս էլ էն գտածս պահեստից է: (Տռզած ծրար է մեկնում:) Բարով վայելես:
Մուկը գրեթե սահելով դուրս է գնում: Մտնում են Աղվեսն ու Վարազը: Աղվեսի ձեռքին մեծ, տռզած թղթապանակ է: Բորենին սառած հայացքով հատակին է նայում:
ԱՂՎԵՍ — Գործերը ոնց որ թե լավ չեն:
Բորենին հարցական նրանց է նայում:
ՎԱՐԱԶ — Հավաստի տեղեկություն ունենք, որ կենդանիների ճնշող մեծամասնությունը նրանց կողմն է:
ԲՈՐԵՆԻ – Հետո՞:
ԱՂՎԵՍ — Մեր իմացած ձևերն էլ չեն աշխատելու:
ԲՈՐԵՆԻ – Ինչո՞ւ:
ԱՂՎԵՍ — Ամեն ինչ արել են, որ խախտումների դեմն առնեն:
ԲՈՐԵՆԻ — Առաջին անգամը չի:
ՎԱՐԱԶ — Էս անգամ լրիվ ուրիշ է:
ԲՈՐԵՆԻ — Բա մեր զորեղնե՞րը:
ԱՂՎԵՍ — Փիղն ու նրա հզորներր կազմ ու պատրաստ կանգնած են մերոնց դեմ:
ԲՈՐԵՆԻ — Դրսից ի՞նչ են ասում:
ԱՂՎԵՍ — Դու պիտի ճշտես:
ԲՈՐԵՆԻ — Ճշտել եմ: Ասում են՝ թող ավարտվի, հետո կերևա:
ՎԱՐԱԶ — Բա որ հետո ո՞ւշ լինի:
ԲՈՐԵՆԻ — Երբեք ուշ չի լինում, ուշացող և ուշացնող է լինում:
ԱՂՎԵՍ — Սրանք էլ հաշվետվությունները: (Բորենուն է մեկնում թղթապանակը:)
ԲՈՐԵՆԻ – Բոլո՞րն են ներկայացրել:
ԱՂՎԵՍ — Մի քանիսը ուշացնում են:
ԲՈՐԵՆԻ — Լավ, գնացեք: Կնայեմ, հետո կխոսենք:
Աղվեսն ու Վարազը դուրս են գնում: Բորենին բացում է թղթապանակը, որի մեջ ծրարներ են: Վերցնում է ծրարներից մեկը, պատռում է և հաշվում դոլարները:
Տեսարան յոթերորդ
Կոճղերին մտահոգ նստած են Բորենին, Աղվեսը, Վարազը, Մուկն ու Սիրամարգը:
ՎԱՐԱԶ — Էս հարցը մենք էսպես չենք թողնի:
ԱՂՎԵՍ – Կռի՞վ եք տալու:
ՎԱՐԱԶ — Պետք եղավ՝ մինչև վերջ կգնանք:
ՍԻՐԱՄԱՐԳ — Պատրաստ եմ նույնիսկ անմեղ գլուխս սրի տակ դնել:
ՄՈՒԿ — Գործ չունես, առայժմ ոչ սուր կա, ոչ էլ գլուխդ է անմեղ:
ԲՈՐԵՆԻ – Վերջացրի՞ք: Հիմա ինձ լսեք: Իրար չեք անցնում: Եթե ասածներս մինչև վերջ կատարեք, մի քանի ամսից շատ մեծ հաղթանակ կտոնենք:
ՎԱՐԱԶ — Դե ասա, ինչի՞ց ենք սկսում:
ԲՈՐԵՆԻ — Մի շտապիր, ամեն բան հերթով ու իր ժամանակին: Մուկ, Արջի հին ընկերներից ես, չէ՞: Արջն է ճանապարհդ հարթել: Կգնաս, հաղթանակը կշնորհավորես ու հին մտերմությունդ կվերականգնես: Ինչ կասի, ոնց կասի, էնպես էլ կանես: Բայց չմոռանաս, որ նախօրոք ինձ տեղյակ ես պահելու:
ՄՈՒԿ — Վախենամ, Աքաղաղը խաղաթղթերս խառնի:
ԲՈՐԵՆԻ — Վաղուց Աքաղաղով զբաղվելու ժամանակն է:
ԱՂՎԵՍ — Կարիք չկա: Արդեն ջունգլիում չէ, Աստված գիտի, թե նորից երբ կերևա էս կողմերում:
ՎԱՐԱԶ — Ո՞նց հասցրեց պոչը քաշել:
ԲՈՐԵՆԻ — Որ ինձ մնար՝ չէր փախչի: Աղվեսի համար օրը երկու մոմ պետք է վառի:
ՍԻՐԱՄԱՐԳ — Ափսոս: Անարգանքի սյունին էի գամելու: Ստոր արարած է:
ԱՂՎԵՍ — Զսպիր կատաղությունդ, ով քաջն Սիրամարգ, թե չէ քամին փետուրներդ կտանի:
ԲՈՐԵՆԻ — Ավելի լավ է եռանդդ բազմապատկես ու մի երկու լավ երգ գրես Ծեր Վագրի մասին: Վարազն էլ էստեղ-էնտեղ կկարդա ու կգովաբանի քեզ էլ, նրան էլ:
ՍԻՐԱՄԱՐԳ — Անչափ խորն են մտքերդ, գիտելիքի կաճառ:
ԲՈՐԵՆԻ — Էնքան խորն են, որ մեկ-մեկ վախենում եմ, թե կխեղդվեմ դրանց մեջ:
ՍԻՐԱՄԱՐԳ — Աստված մի արասցե, լուսապսակ առաջնորդ:
ԲՈՐԵՆԻ — Աղվես, դու զբաղվում ես Վիշապով ու Խլուրդով: Աչքդ վրաները կպահես, հանկարծ դրանց չմիանան: Թե չէ Արջին շատ չկա, մեկ էլ տեսար՝ ներեց ու մի տաքուկ անկյուն տվեց, ու էնտեղից կկարողանան մեր գործին խանգարել:
ԱՂՎԵՍ — Փղի հա՞րցն ինչ է լինելու:
ԲՈՐԵՆԻ — Փղի հետ գործ չունես: Արդեն որոշված է, թե ինչպես ենք նրան խաղից դուրս թողնելու: Դե, գնացեք: Ի գործ:
Բոլորը վեր են կենում: Վարազը զարմացած նայում է Բորենուն:
ԲՈՐԵՆԻ — Վարազ, ոտքդ կախ գցիր:
Մյուսները հեռանում են: Բորենին ու Վարազը նստում են կոճղերին:
ԲՈՐԵՆԻ — Քո խնդիրն ամենակարևորն ու ամենալուրջն է:
ՎԱՐԱԶ — Սիրում եմ պատասխանատու հանձնարարություններ կատարել:
ԲՈՐԵՆԻ — Պետք է ընդհատակում աշխատես:
ՎԱՐԱԶ — Դա էլ եմ սիրում:
ԲՈՐԵՆԻ — Խոր ընդհատակում:
ՎԱՐԱԶ — Սովոր եմ:
ԲՈՐԵՆԻ — Շատ խոր, որպեսզի օձն իր պորտով…
ՎԱՐԱԶ — Միշտ պատրաստ եմ:
ԲՈՐԵՆԻ — Ընտրում ես ամենալավ շնագայլերիցդ մի քանիսին, հարևան անտառն ես ուղարկում…
Բեմը մթնում է: Լսվում են կրակոցներ, որից հետո կիսախավար է տիրում: Բեմի խորքում ութ խաչերի պատկեր է լուսավորվում: Բորենին ու Վարազը կոճղերին նստած՜ ցածրաձայն զրուցում են: Վազքով ներս են խուժում Աղվեսը, Մուկն ու Սիրամարգը: Բոլորը հերթով ողջագուրվում են: Բեմը մթնում է:
ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ ԵՐՐՈՐԴ
Տեսարան առաջին
Զարդանախշած կոճղին նստած է Բորենին: Մտնում է Աղվեսը:
ԲՈՐԵՆԻ — Ուշանում ես, հարգելիս:
ԱՂՎԵՍ — Վիշապն ու Խլուրդն էին հյուր եկել:
ԲՈՐԵՆԻ — Լսել եմ, ինչ-որ բանից դժգոհ են:
ԱՂՎԵՍ — Դժգոհը մեղմ է ասված:
ԲՈՐԵՆԻ — Ուզածներն ի՞նչ է:
ԱՂՎԵՍ — Երևի մտածում են, որ իրենց բաժինը քիչ է:
ԲՈՐԵՆԻ — Էդքան էր հասնում:
ԱՂՎԵՍ — Ինչպես միշտ՝ ավելի մեծ բանի հույս ունեին:
ԲՈՐԵՆԻ — Ինձ չբամբասեցի՞ն:
ԱՂՎԵՍ — Աչքների մեջ կարդացի:
ԲՈՐԵՆԻ — Ոչինչ, թող մի քիչ տանջվեն: Մեկ է, հետո դեն եմ շպրտելու, էլ ինձ հարկավոր չեն:
ԱՂՎԵՍ — Խորհուրդ չէի տա: Եթե Փղին միանան, Արջի ընկերներն ու Բուն էլ հետները, կարգին բարդություններ կառաջացնեն:
ԲՈՐԵՆԻ — Ո՞վ կթողնի, որ միավորվեն: Մտածեք ու Փղին մի պաշտոն տվեք, Արջի ընկերներին էլ մի-մի փայ գցեք:
ԱՂՎԵՍ — Բա որ չհամաձայնվե՞ն:
ԲՈՐԵՆԻ — Ով չի համաձայնվի, գլխին մի բան կսարքեք ու կփակեք:
ԱՂՎԵՍ — Մի մասի գլխին սարքելն համարյա անհնար է:
ԲՈՐԵՆԻ — Էդ դեպքում թող էն աշխարհում բախտ որոնեն:
ԱՂՎԵՍ — Շատ են, էդքանին հնարավոր չի:
ԲՈՐԵՆԻ — Մի քանիսին որ պաժմեցիք, մյուսները պատի ծակը կմտնեն:
ԱՂՎԵՍ — Բայց մեջները մեր լավ ընկերներից էլ կան:
ԲՈՐԵՆԻ — Առաջ էին լավ ընկեր: Հիմա ընկերներ չունենք, կողմնակիցներ են կամ հակառակորդներ:
ԱՂՎԵՍ — Ոնց կասես:
ԲՈՐԵՆԻ — Հենց էդպես էլ կասեմ: Հիմա գնա ու չմոռանաս, որ մյուս ուրբաթ հաշվետվություն ես բերելու: Անցյալ անգամվա նման կիսատ-պռատ չլինի: Մեծ գործեր եմ ձեռնարկել:
ԱՂՎԵՍ — Չմոռանամ ասել, կենտրոնական բացատի ծառերը կտրում են ու կենդանիների բներն են քանդում: Խոսակցությունները շատ են:
ԲՈՐԵՆԻ — Քո գործով զբաղվիր: Ավել-պակաս խոսողների բերաններն էլ էնպես կփակես, որ մոռանան, թե խոսելն ինչ է:
ԱՂՎԵՍ — Հրամանքդ:
Աղվեսը դուրս է գնում:
Տեսարան երկրորդ
Նստած են Վարազը, Վիշապը, Խլուրդն ու Փիղը:
ԽԼՈՒՐԴ — Էս գործը էսպես էլ պիտի փակվի-մոռացվի՞:
ՓԻՂ — Հնարավոր բան չի: Առաջինը ես եմ մինչև վերջ գնալու:
ՎԱՐԱԶ — Բա որ մինչև վերջը հասնելը քո վերջն էլ գա՞:
ՎԻՇԱՊ — Փղի կարծիքով՝ ինքն էնքան մեծ ու հզոր է, որ անվերջ ու հավերժ է:
ՓԻՂ — Իմ կարճ խելքով՝ մեր կռիվն է անվերջ, իսկ մեր պարտությունը՝ հավերժ:
ԽԼՈՒՐԴ — Էնքան խորը բաներ ես ասում, որ գլուխ չենք հանում:
ՓԻՂ — Հարցն էն է, որ չափից լավ եք հասկանում, մենակ թե ամեն բան հակառակն եք անում:
ՎԱՐԱԶ — Մենք միշտ էլ ուղիղ ու ճշմարիտ ենք գործել:
ՎԻՇԱՊ — Չհաշված, որ ձեր բոլոր արածները գաղտնի ու հակասական են:
ՎԱՐԱԶ — Նրանից է, որ մեր ծառայությունները չեք ուզում գնահատել:
ՓԻՂ — Ճիշտ է ասում, որ իրենց ասածով անեինք, հիմա էս փոքրիկ ջունգլին էլ չէինք ունենա:
ՎԱՐԱԶ — Պարզունակ դատողություններ են, առանց քննելու-զննելու…
ՎԻՇԱՊ — Ստերիդ տոպրակը չբացես: Ճոռոմ ճառերով ու մութ գործերով բարի նպատակ չեն հետապնդում:
ԽԼՈՒՐԴ — Հետապնդելու հարցում սրանք ուրիշ են, նախկին ընկերներին էլ են հետապնդում:
ՎԱՐԱԶ — Մեզ էլ պակաս չեն հետապնդել:
ՓԻՂ — Բայց տեղին:
ՎԻՇԱՊ — Եվ ժամանակին:
ԽԼՈՒՐԴ — Լավ, եկեք մեր հիմնական նյութից չշեղվենք:
ՓԻՂ — Լսում ենք, ինչի՞ համար ես հրավիրևլ:
ԽԼՈՒՐԴ – Չե՞ք կարծում, որ մեր հույսերը չիրականացան:
ՎԱՐԱԶ — Նայած, թե ով ինչ հույսեր էր փայփայում:
ՎԻՇԱՊ — Փորձեք նեղ անձնականից վերանալ և համընդհանուր խնդիրների վրա կենտրոնանալ:
ՎԱՐԱԶ — Ասածդ էնքան բազմաբարդ ու ծավալուն է, որ կենտրոնանալը գրեթե անհնար կլինի:
ՓԻՂ — Որ քեզ անընդհատ էս ու էն կողմ չգցես, շատ լավ էլ կլինի:
ՎԱՐԱԶ — Զարմանում եմ, որ հարցը խորությամբ չես ընկալում:
ԽԼՈՒՐԴ — Որքանով հասկանում եմ, Վարազը բողոքելու առիթ չունի:
ՎԱՐԱԶ — Երբեք չեմ ունեցել:
ՎԻՇԱՊ — Էդքան շո՞ւտ մոռացար:
ՎԱՐԱԶ — Էն ժամանակներն աննախադեպ էին:
ՓԻՂ — Քեզ համար բոլոր ժամանակներն էլ աննախադեպ են:
ՎԱՐԱԶ — Լինում են աննախադեպ դրական և աննախադեպ բացասական ժամանակներ:
ՎԻՇԱՊ — Պարզ է, այլևս մի շարունակիր:
Վարազը շտապով դուրս է գնում:
ԽԼՈՒՐԴ — Սրան իզուր էլ կանչեցինք:
ՓԻՂ — Բա ի՞նչ էիր կարծում, Բորենին որ չլիներ, սա հիմա որտե՞ղ էր:
ՎԻՇԱՊ — Իր իսկական տեղում:
ԽԼՈՒՐԴ — Փիղ, դո՞ւ ինչ մտքի ես:
ՓԻՂ — Ես իմ կռիվը տալու եմ, բայց առայժմ ուրիշ գործով եմ զբաղված:
ՎԻՇԱՊ – Պաշտո՞ն են տվել:
ՓԻՂ — Քչից-շատից, բայց դա կապ չունի:
ԽԼՈՒՐԴ — Ո՞նց կապ չունի: Մեզ էլ են տվել, բայց հրաժարվելու ենք:
ՓԻՂ — Էդ արդեն ձեր գործն է: Ես ուրիշ խնդիրներ ունեմ:
ՎԻՇԱՊ — Ուրեմն, դու է՞լ գնացքից թռար:
Փիղը գլուխը կախ դուրս է գնում:
ԽԼՈՒՐԴ — Գուցե Բուի հե՞տ խոսենք:
ՎԻՇԱՊ — Բացառվում է:
ԽԼՈՒՐԴ — Էդ դեպքում սսկվում ենք:
ՎԻՇԱՊ — Առայժմ:
Տեսարան երրորդ
Կոճղերին նստած են Բուն և Աքաղաղը:
ԱՔԱՂԱՂ — Մկան դիմակը պատռվեց:
ԲՈՒ — Սիրամարգն էլ իր էությունը լրիվ պարզեց:
ԱՔԱՂԱՂ — Նրա վերաբերյալ երբեք կասկած չեմ ունեցել: Դրա գունագեղ փետուրներով միայն հիմարներն են խաբվում:
ԲՈՒ — Խորամանկ Աղվեսն էլ միշտ զույգ ոտքով է թակարդն ընկնում:
ԱՔԱՂԱՂ — Մեր Աղվեսը բացառություն է:
ԲՈՒ — Բացառությունը իրականի ժամանակավոր հապաղումն է:
ԱՔԱՂԱՂ — Գուցե մի անգամ է՞լ Վիշապին փորձենք:
ԲՈՒ — Բացառվում է:
ԱՔԱՂԱՂ — Բայց Խլուրդն էն օրը ինչ-որ ակնարկներ էր անում:
ԲՈՒ — Խլուրդի հետ ճամփա գնացողը տեղ չի հասնի:
ԱՔԱՂԱՂ — Վարագին էլ վստահել չի կարելի:
ԲՈՒ — Մնում ենք մենք ու մեր Փիղը:
ԱՔԱՂԱՂ — Մեկ էլ մանր-մունր կենդանիներն ու ոչխարի հսկայական հոտը:
ԲՈՒ — Իսկ գազազած ոչխարի մասին ի՞նչ կասես:
ԱՔԱՂԱՂ — Ոչխարի գազազելը մինչև ճիպոտի առաջին հարվածն է:
ԲՈՒ — Մեծաքանակ հոտի մասին եմ ասում:
ԱՔԱՂԱՂ — Հոտը որքան էլ մեծ լինի, առանձին ոչխարներից է կազմված:
ԲՈՒ — Բայց այծերին են հետևելու:
ԱՔԱՂԱՂ — Այծերին կբռնեն ու կփակեն:
ԲՈՒ — Էդքանին բռնել չեն համարձակվի:
ԱՔԱՂԱՂ — Էդ հարցում դրանց դեմ խաղ չկա:
ԲՈՒ — Ուրեմն, մեր պայքարն անհույս է:
ԱՔԱՂԱՂ — Եթե անհույս է, ուրեմն պայքար չէ:
ԲՈՒ – Ի՞նչ ես առաջարկում:
ԱՔԱՂԱՂ — Որ Փիղն ամուր կանգնի ու կնճիթը գործի դնի, հաղթանակ էլ կլինի:
ԲՈՒ – Զոհեր՝ նույնպես:
ԱՔԱՂԱՂ — Առանց զոհերի հաղթանակ տեսե՞լ ես:
ԲՈՒ — Իրենցը:
ԱՔԱՂԱՂ – Մոռացե՞լ ես, թե ինչեր արեցին:
Մտնում է Փիղը:
ՓԻՂ — Մերոնք պատրաստ են: Հենց որ հրաման եղավ, առաջ ենք շարժվում:
ԱՔԱՂԱՂ — Ո՞ւմ վրա եք շարժվում:
ՓԻՂ — Թշնամու:
ԲՈՒ — Էսօրվա թշնամին մերոնք են:
ՓԻՂ — Էնքան էլ մերոնք չեն:
ԱՔԱՂԱՂ — Մերոնք են, ուղղակի մեղրի տակառն են ընկել ու գլուխները կորցրել են:
ՓԻՂ — Հիմա ի՞նչ անենք, թողնենք՝ մեղրը վերջացնեն ու մե՞զ անցնեն: Չնայած մերոնց մի մասին արդեն կերել են:
ԲՈՒ — Եթե կռիվ տանք, մի մասի գլուխն էլ մենք կուտենք:
ՓԻՂ — Բայց մեծ մասինը կփրկենք:
ԲՈՒ — Համենայնդեպս, տարակուսանքս գնալով ահագնանում է:
ՓԻՂ — Էդ վերջին ասածդ ոնց որ լրիվ չհասկացա, բայց մի բան կասեմ: Դու քո խելքի ուժով կկռվես, մենք էլ՝ մեր բազուկների:
ԱՔԱՂԱՂ — Ճիշտ է ասում: Էդ երկու ուժերը որ միացան, աշխարհ շուռ կտան:
ԲՈՒ — Խելամիտ բաներ եք ասում, բայց այդ ամենը ճշմարիտ կլիներ ազնիվ պայքարում:
ՓԻՂ — Մեր պայքարը միշտ էլ ազնիվ է եղել:
ԱՔԱՂԱՂ — Մեզ նկատի չունի:
ՓԻՂ — Մենք մեր արածների համար ենք պատասխան տալիս:
ԲՈՒ — Բայց արդյունքում մեղավորը մենք ենք լինելու:
ՓԻՂ — Ազնիվը ո՞նց մեղավոր կլինի:
ԱՔԱՂԱՂ — Բանն էն է, որ վերջում միշտ էլ ազնիվն է մեղավոր դուրս գալիս:
ՓԻՂ — Ձեզնից գլուխ չեմ հանում: Ես գնացի, հենց որ վերջնական որոշում կկայացնեք, ինձ տեղյակ կպահեք:
Փիղը դուրս է գնում: Բուն և Աքաղաղը գլուխները խոնարհած՝ նստած են:
Տեսարան չորրորդ
Զարդանախշած կոճղին նստած է Բորենին: Նրա դիմաց՝ փոքր կոճղի վրա, նստած է Աղվեսը:
ԲՈՐԵՆԻ — Դու ես ինձ փոխարինելու:
ԱՂՎԵՍ — Ավելի լավ է՝ ամեն գնով պայքարենք, որ ինքդ մնաս գահին:
ԲՈՐԵՆԻ — Բացառվում է:
ԱՂՎԵՍ — Այդ դեպքում, գուցե մեկ ուրիշը, իսկ ես նրա թիկունքում կլինեմ:
ԲՈՐԵՆԻ – Օրինակ՝ ո՞վ:
ԱՂՎԵՍ — Թեկուզ Մուկը:
ԲՈՐԵՆԻ — Չի ընկալվի: Վարազի մասին ի՞նչ կասես:
ԱՂՎԵՍ — Կարճ ժամանակում մեր դահիճը կդառնա: Իսկ Հնդուհա՞վը:
ԲՈՐԵՆԻ — Լուրջ չի:
ԱՂՎԵՍ — Գուցե Կոկորդիլո՞սը:
ԲՈՐԵՆԻ — Դրա լալկան ձայնի տակ շատ թույն կա ամբարված:
ԱՂՎԵՍ — Ուրեմն, այլ ելք չունեմ:
Մտնում են Վարազը, Մուկն ու Սիրամարգը, տեղավորվում են փոքր կոճղերի վրա:
ԲՈՐԵՆԻ — Պայքարը մեզ համար ճակատագրական է լինելու:
ՍԻՐԱՄԱՐԳ — Ազնիվ կենդանիներիս օրհասական կռիվն է:
ԱՂՎԵՍ — Կենդանիները կապ չունեն:
ՎԱՐԱԶ — Ո՞նց կապ չունեն: Առանց կենդանիների ի՞նչ ենք անելու:
ՄՈՒԿ — Մինչև հիմա ինչ որ արել ենք՝ կենդանիների հետ ենք արել:
ՎԱՐԱԶ — Ճիշտը որ ուզում ես իմանալ, հենց կենդանիների հետ էլ արել ենք:
ԲՈՐԵՆԻ — Ասածդ ի՞նչ է, թողնենք, որ հիմա էլ կենդանիներն ինչ ուզում են՝ մեզ հե՞տ անեն:
ՍԻՐԱՄԱՐԳ — Իմ բարի, անհիշաչար կենդանիներ…
ՄՈՒԿ — …որ ոտնատակ կանեն մեզ:
ԱՂՎԵՍ — Եվ դարավոր դժգոհությունը մեր գլխին կթափեն:
ԲՈՐԵՆԻ — Մեր ընտանիքներին կվնասեն:
ՎԱՐԱԶ — Հատկապես նրանց, ովքեր մեծ գործեր են արել ու աչքի փուշ են դարձել:
ԱՂՎԵՍ — Ճիշտը էն կլինի, որ գահին էլի դու մնաս:
ԲՈՐԵՆԻ — Ես էլ շատ կուզեի, բայց հնարավոր չէ:
ՎԱՐԱԶ — Օրենքը կփոխենք:
ՄՈՒԿ — Շատերի հետ ենք խորհրդակցել, վտանգավոր է:
ՍԻՐԱՄԱՐԳ — Մեր կյանքը միշտ էլ վտանգներով լի է եղել:
ԱՂՎԵՍ — Էս մի վտանգը վերջինն է լինելու:
ՎԱՐԱԶ — Ուրեմն, մեզնից մեկը պետք է քեզ փոխարինի:
ԲՈՐԵՆԻ — Ուրիշ տարբերակ չունենք:
ՎԱՐԱԶ — Ես պատրաստ եմ ստանձնել այդ ծանր պարտականությունը:
ՄՈՒԿ — Շատ նուրբ հարց է:
ԱՂՎԵՍ — Ես էլ եմ համաձայն:
ԲՈՐԵՆԻ – Ինչի՞ն ես համաձայն:
ՍԻՐԱՄԱՐԳ — Վարազի առաջարկությանը:
ԱՂՎԵՍ — Որ շատ լուրջ հարց է, և սխալը կարող է մահացու լինել:
ՄՈՒԿ — Բոլորիս համար:
ԲՈՐԵՆԻ — Գնահատում եմ Վարազի անձնազոհությունը: Եվ համոզված եմ, որ նա շատ ուժեղ ղեկավար կլինի:
ՄՈՒԿ — Միայն ուժը քիչ է: Կենդանիները դեռ չեն մոռացել, որ նրա պապի թագավորության օրոք բազում իզուր կորուստներ ենք ունեցել:
ՍԻՐԱՄԱՐԳ — Անխուսափելի կորուստներ:
ԱՂՎԵՍ – Բայց՝ չպատճառաբանված:
ՎԱՐԱԶ — Վիճելի հարց է, և ես պատրաստ եմ պարզաբանումներ տալ:
ՄՈՒԿ — Խոսել շատ ես սիրում, բայց խոսքդ ու գործդ իրար չեն բռնում:
ՎԱՐԱԶ — Դու էլ ետ չես մնում:
ՄՈՒԿ — Բայց իմ արածով կենդանիներին վնաս չեմ տալիս, միայն ես եմ մի քիչ օգտվում:
ՎԱՐԱԶ — Դեռ հարց է, թե ո՞ւմ տված վնասն է ավելի մեծ:
ՍԻՐԱՄԱՐԳ — Բարոյական վնասի մասին չմոռանանք:
ԲՈՐԵՆԻ — Ձեր այս վեճն ինձ հուշում է, որ ուրիշ թեկնածու պետք է գտնենք:
ՄՈՒԿ — Աղվեսից հարմարը չկա:
ՍԻՐԱՄԱՐԳ — Շատ է փոքրամարմին:
ՄՈՒԿ — Խելքն ու զորությունը մարմնի մեծության մեջ չեն:
ՎԱՐԱԶ — Եթե այդպես եք հարմար գտնում…
ԲՈՐԵՆԻ — Բոլորդ ազատ եք: Վարազ, դու առայժմ մնա:
Աղվեսը, Մուկն ու Սիրամարգը դուրս են գնում:
ԲՈՐԵՆԻ — Էս ամենը խաղ է: Գորշ գեներալը դարձյալ ես եմ:
ՎԱՐԱԶ — Կասկածում եմ, որ Աղվեսը երկար հանդուրժի:
ԲՈՐԵՆԻ — Դրա համար էլ դու պետք է խելամիտ գործես:
ՎԱՐԱԶ — Բայց լծակներս քիչ կլինեն:
ԲՈՐԵՆԻ — Պահը կգա, դրանցից էլ կհրաժարվես:
ՎԱՐԱԶ -Էէդ դեպքում լրիվ անուժ կդառնանք:
ԲՈՐԵՆԻ — Ոնց էլ լինի՝ Աղվեսր շատ շոտով որևէ հարցում կտապալվի, կամ մենք կօգնենք, որ տապալվի: Ու հենց էդ ժամանակ էլ դու կակտիվանաս, ընդդիմադիր կդառնաս ու ինձ ետ կբերես:
ՎԱՐԱԶ — Բայց ես միայնակ չեմ կարող էդ ամենին հասնել:
ԲՈՐԵՆԻ — Միայնակ չես լինի: Ժամանակը կգա, քեզ օգնողներ կլինեն:
ՎԱՐԱԶ — Իսկ Աղվեսին ընտրելիս՝ եթե կենդանիները ոտքի կանգնեն, ի՞նչ ենք անելու:
ԲՈՐԵՆԻ — Ամեն գնով ճնշելու ենք:
ՎԱՐԱԶ — Բայց զոհեր կլինեն:
ԲՈՐԵՆԻ — Նախընտրում ես, որ զոհը մե՞նք լինենք:
ՎԱՐԱԶ — Ուրեմն, էդ առիթո՞վ Աղվեսից նեղանամ:
ԲՈՐԵՆԻ — Չէ, մի քանի ամսից մի ուրիշ պատճառ կգտնես:
Բեմը մթնում է:
Տեսարան հինգերորդ
Նստած են Վարազը, Վիշապն ու Խլուրդը:
ՎԱՐԱԶ — Երկար եմ մտածել և եզրակացրել եմ, որ մեր միակ փրկությունը Աղվեսն է:
ՎԻՇԱՊ – Քոնը՝ երևի:
ՎԱՐԱԶ — Կարծում եք, ձեզ խնայելո՞ւ են:
ԽԼՈՒՐԴ — Համևնայնդեպս, սրանից վատ դժվար թե լինի:
ՎԱՐԱԶ — Մենակ ձեր մասի՞ն եք մտածում: Բա մյուս կենդանինե՞րը:
ՎԻՇԱՊ — Չի բացառվում, որ խևդճ ու կրակների համար նույնիսկ ավելի լավ լինի:
ՎԱՐԱԶ — Ու էլի անհույս վիճակում կմնան:
ԽԼՈՒՐԴ — Աղվեսի գալով էլ նրանց գլուխը չի յուղոտվելու:
ՎԱՐԱԶ — Գոնե իրավիճակն ավելի չի վատացնի:
ՎԻՇԱՊ — Ճիշտ կանես՝ էդ ելույթդ հրապարակի համար պահես: Ինչո՞ւ ես կանչել:
ՎԱՐԱԶ — Եթե սկզբունքորեն ինձ հետ համամիտ չեք, մեր զրույցը չի ստացվի:
ԽԼՈՒՐԴ — Քևգ հետ համաձայն ենք միայն էն հարցում, որ Բուն չպետք է կրկին գահին հայտնվի:
ՎԱՐԱԶ — Դրանով ամեն ինչ ասված է, մնացածն այլևս անկարևոր է:
ՎԻՇԱՊ — Որքան հասկացա՝ ուզում ես, որ նրա դեմ աշխատենք:
ՎԱՐԱԶ — Ոչ թե նրա դեմ, այլ հանուն մեզ:
ԽԼՈՒՐԴ — Այդ դեպքում կենդանիները կտրականապես կմերժեն մեզ:
ՎԱՐԱԶ — Սխալ հասկացաք, մեզ ասելով՝ ամեն մեկիդ առանձին նկատի ունեմ, յուրաքանչյուրդ ձեզ համար եք պայքարում, ձեռքի հետ էլ Բուին եք վարկաբեկում:
ՎԻՇԱՊ — Եվ վերջում, Բորենու նման, Աղվեսն էլ է մեզ կոտրած տաշտակի առաջ թողնում:
ԽԼՈՒՐԴ — Չեմ կարծում, թե Աղվեսը Բորենու չափ նենգ ու հիշաչար լինի:
ՎԻՇԱՊ — Շատ լավ հիշում եմ, որ ժամանակին նույն բանը Բուի ու Բորենու մասին էիր ասում:
ՎԱՐԱԶ — Էդպես դատելը բնական է: Մեր ճակատագիրն է: Անվերջ դժգոհ ենք ներկայից և հույսով ենք տոգորված ապագայի հանդեպ:
ՎԻՇԱՊ — Որը ոչ մի կերպ ցանկալի ներկա չենք դարձնում:
ԽԼՈՒՐԴ — Որովհետև մեզ խանգարում են:
ՎԻՇԱՊ — Մեզ խանգարողը մենք ենք: Չարիքը պետք է միայն մեր մեջ փնտրենք:
ՎԱՐԱԶ — Ուրեմն, եկեք դրա դեմ պայքարենք:
ՎԻՇԱՊ – Վախենամ՝ առաջինը ինքներս հենց մեր դեմ պետք է պայքարենք:
ԽԼՈՒՐԴ — Էդպես էլ վարվում ենք: Հիմա Բուի դեմ կպայքարենք, վաղը պետք եղավ՝ Աղվեսի դեմ կպայքարենք:
ՎԱՐԱԶ — Դու անուղղելի խլուրդ ես: Լավ, ձեր վերջնական որոշումը:
ՎԻՇԱՊ — Ամեն դեպքում, Աղվեսին չվստահելով՝ ես դեմ եմ Բուին:
ԽԼՈՒՐԴ — Ես էլ:
Վիշապն ու Խլուրդը դուրս են գնում: Բեմի հակառակ կողմից մտնում է Բորենին:
ԲՈՐԵՆԻ — Վիճակն օրհասական է: Կենդանիները գլխի են ընկել, որ ուզում ենք դարձյալ խաբել իրենց, և ոտքի են կանգնել:
ՎԱՐԱԶ — Կանգնել են՝ կնստեցնենք:
ԲՈՐԵՆԻ — Էդքանին նստեցնել չի լինի:
ՎԱՐԱԶ — Գոնե առաջնորդողներին կարելի է:
ԲՈՐԵՆԻ — Մի մասին արդեն փակել ենք, բայց դրանից ավելի են ոգևորվում:
ՎԱՐԱԶ — Ցեց կգցենք ու ներսից կքանդենք:
ԲՈՐԵՆԻ — Հնդուհավն ու Կոկորդիլոսն ահագին գործ արեցին, բայց էլի քիչ է: Էս անգամ շատ են վճռական:
ՎԱՐԱԶ — Մենք էլ պակաս չենք:
ԲՈՐԵՆԻ — Հիմա գնում ես հարևան բացատը, լրացուցիչ ուժեր ես բերում, ես էլ էստեղ եմ մերոնց համախմբում, ու առավոտ ծեգին գրոհում ենք:
Վարազը դուրս է գնում: Բեմի հակառակ կողմից մտնում է Աղվեսը:
ԱՂՎԵՍ — Ավելի լավ է հայտարարենք, որ նորից ենք քվեարկելու:
ԲՈՐԵՆԻ — Բացառվում է: Կկործանվենք:
ԱՂՎԵՍ — Էսպես որ գնաց, էլի կործանվելու ենք:
ԲՈՐԵՆԻ — Առավոտ շուտ հարցերը կլուծենք:
ԱՂՎԵՍ — Ես դեմ եմ: Առանց էդ էլ էս ամենը սրտովս չէր, իսկ արյան գնով գահին տիրանալ չեմ ուզում:
ԲՈՐԵՆԻ — Քո կարծիքը հարցնող չկա: Առայժմ ես եմ թագավորը:
ԱՂՎԵՍ — Բայց վաղը ես եմ գահին նստելու, չէ:՞
ԲՈՐԵՆԻ — Իհարկե, նստելու ես: Բայց ես կողքիցդ չեմ հեռանալու: Քեզ որ թողնեմ, կարող է նույնիսկ գահից հրաժարվես:
ԱՂՎԵՍ — Ավելի լավ է՝ հրաժարվեմ, քան էս միջոցներով փառքի ու անեծքի արժանանամ:
ԲՈՐԵՆԻ — Ինձ որ էսքան անիծեցին, պակա՞ս վայելեցի:
ԱՂՎԵՍ — Կյանքի վայելքը միայն փողն ու իշխանությո՞ւնն է:
ԲՈՐԵՆԻ — Մնացածը մյուս աշխարհում է:
Բեմը մթնում է:
Տեսարան վեցերորդ
Աստիճանաբար լուսավորվում է բեմի խորքը, որտեղ հետևյալ պատկերն է:
++++++++++++++++++++++ +++
-+++++++++++++++++++++++++
++++++++++++++++++++++++++
++++++++++++++++++++++++++
++++++++++++++++++++++++++
Լսվում են կրակոցներ: Բեմի խորքում լուսավորված պատկերը փոխվում է:
++++++++++++++++++++++++++
+++++++++++++++++++
+++++++++++++++
++++++++++
++++++
Լսվում են պայթյուններ, աղիողորմ ճիչեր, վայնասուն: Բեմի խորքում լուսավորված պատկերը դարձյալ փոխվում է:
++++++++++++++++
+++++++++++
+++++++
+++
++
Հնչում է հանդիսավոր երաժշտություն: Բեմի խորքում լուսավորված է միայն մեկ պատկեր, որը, երաժշտությանը զուգընթաց, խոշորանում ու պայծառանում է և վերածվում հրե լեզվակներով այրվող պատկերի:
+
+
+
+
+