ԺԵՆՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ / ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԲԵՄԻՆ

(26. 07. 1931 – 04. 11. 2021)

Բեմում հիվանդասենյակ է: Բայց անսովոր. հիվանդասենյակի ճերմակությունը գունազարդված է մանկական խաղալիքներով, երեխայի իրերով… Դաժան է: Իսկ եթե հիվանդությունը երեխայի ճակատագիր է` դատապարտվածության խարանով ու դարձել է բեմական կերպար, ուրեմն, բեմում կատարվողը «դաժան» բառից անդին է, որովհետև մահը, երեխայի՛ մահն է նրա վերջաբանը այն դեպքում, երբ կատարսիսը միայն կարող է փրկել քեզ անզոր հուսահատությունից:

Օսկարը անբուժելի հիվանդ է, նրա կյանքի վերջին Ժամանակը պիտի անցնի այս հիվանդասենյակում, իրեն բախտակից հիվանդ երեխաների ընկերակցությամբ, բժիշկների աչալուրջ հսկողության տակ և… Վարդագույն տիկինների փրկարար ներկայությամբ, որոնք երևի թե երկնքից ուղարկված հրեշտակներ են Օսկարի և նրա ընկերների համար:

Պիեսներ կան, որոնք գրվելու պահից իսկ թելադրում են իրենց բեմական հետագիծը, ազդեցության ու ներգործության լիցքը: Երբ Էրիկ Էմանուիլ Շմիթը գրում էր «Օսկարը և Վարդագույն հագուստով տիկինը», հաստատ գիտեր, տեսնում էր ի՛ր հանդիսատեսին, ով ներկայացման ընթացքում Օսկարի հետ պիտի անցներ կյանքից մահ տանող գողգոթան և Օսկարի նման սիրեր կյանքը` տասնամյա մանչուկի հարյուրամյա սիրո խորությամբ:

Պիեսն ի սկզբանե հաջողության գրավականով է, իսկ եթե ասվածին ավելացնեմ, որ բեմում և՛ տասնամյա Օսկարը, և՛ տարեց տիկինը, ում Օսկարն անվանում է Վարդագույն մայրիկ, նույն դերասանուհին է, ով վայրկյանի հարյուրերորդական ակնթարթում փոխում է ձայնը, տեսքը, շարժուձևը, ավելին` հոգեվիճակը և մե՛կ մանուկ է, մե՛կ` ծեր, ու երկու դեպքում` համոզիչ, ազդող ու հավաստի, այս տողերն ընթերցողը պիտի հասկանա, թե ինչու ներկայացումը դիտելուց ամիսներ անց չեմ կարող, և ազնվորեն ասած, չեմ էլ ուզում ազատագրվել Ժենյա Ներսիսյանի մարմնավորած այս երկու կերպարների կախարդանքից, չեմ ուզում սրտիցս թոթափել կսկիծն ու ցավը, որ ինձ փոխանցվեց Օսկարի մահով ու շատ եմ ուզում գոնե մի փոքր մասնակից դարձնել այն հուզմունքին ու հիացմունքին, որ տիրում էր դահլիճում, երբ վառվեցին լույսերն ու բեմ վերադարձավ Դերասանուհին: Վաղուց կորցրել եմ տեսածս ներկայացումների քանակը, որոնց մեջ քիչ չեն անկեղծ ու հիացած օվացիաներով ավարտվողները, ու սա այդ եզակիներից մեկն էր, որովհետև դու Դերասանուհու կատարյալ խաղի լոկ ականատեսը չես. նրա Վարդագույն մայրիկը այսուհետ քեզ հետ է, ու հատկապես դժվարին պահին, որն անպայման քեզ է սպասում կյանքիդ ցանկացած ոլորաններից մեկում: Եվ այսքանն իմաստավորելուց հետո, շաբաթներ անց, երբ հանդիպեցի Ժենյա Ներսիսյանին, առաջին հարցերից մեկը եղավ. «Ինչո՞վ «նվաճեց» ձեզ Օսկարի կերպարը»:


ԺԵՆՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ – Առաջին հերթին իր հոգևոր հարստությամբ: Մտածեցի` պարտք ունեմ իմ հանդիսատեսին. առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդը պիտի իմաստավորի քիրստոնեական արժեքները, պահի իր մեջ: Վարդագույն մայրիկը պիտի թեթևացնի երեխայի մահը, ավելին` ազատի նրան մահվան վախից: Իսկ դրա համար կա մեկ միջոց` մտերմանալ Աստծո հետ այնպես, ինչպես կմտերմանային երկու տղեկները` պարզ ու անմիջական, որպեսզի նրանցից մեկը կարողանար այդքան անհայտ ու վախ պատճառող հարցերը տալ Մյուսին ու հավատալ, որ անպայման կլսի պատասխանը, թեկուզ Նրա վստահյալից` Վարդագույն մայրիկից:

Օսկար – Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ Փեգին և ինձ նմանները լույս աշխարհ գան:
Վարդագույն մայրիկ – Փառք նրան, որ թույլ է տալիս, որովհետև կյանքն առանց ձեզ այդքան հրաշալի չի լինի:

Կամ՝ թե`
Վարդագույն մայրիկ – Օսկար, գուցե դու նամա՞կ գրես Աստծուն:
Օսկար – Չե՛մ գրի, ես չե՛մ հավատում:

Վարդագույն մայրիկ – Ինձ լսիր, Օսկար, եթե քիչ-քիչ սկսես հավատալ նրան, այնքան ավելի շատ կզգաս նրա գոյությունը: Իսկ եթե ամբողջ հոգով հավատաս` լիովին կզգաս նրա զորության ուժը: Եվ այդ ժամանակ էլ, իհարկե, Աստված կօգնի քեզ:
Ընդունված չէ ասել կնոջ տարիքը, դերասանուհունը` առավել ևս, բայց սա այն դեպքն է, որ մի փոքր պիտի շեղվեմ ընդունված կանոնից, և ասեմ` ինչու: Տասնյակ տարիներ առաջ Ելենա Գոգոլևան, 78 տարեկանում, խաղաց Սելինա Մուռէ` Մամուռէի դերը (Ժ. Սարման, «Մամուռէ»): Հիշում եմ, էկրանից` հաղորդավար թե թատրոնի աշխարհի մարդ, ինչպիսի՛ ակնածանքով ու հպարտությամբ էին խոսում, թե տարիքն անզոր է Աստծո տված շնորհի դեմ, ի՛նչ երկյուղածությամբ էին արժևորում մեծ դերասանուհու խաղը: Գրում եմ այս տողերն ու մտածում. իսկ մե՞նք… 80-ի շեմն հատած Ժենյա Ներսիսյանը միաժամանակ երկու դեր է խաղում և էմոցիոնալ ինչպիսի լարվածության մեջ է պահում հանդիսատեսին: Եվ ի՞նչ… հիմնականում լռություն, ամենաշատը` երևույթն արձանագրող լրագրողական տողեր: Իսկ ո՞ւր է այն «գոգոլևային» հարիր հիացմունքը, որին առավել քան արժանի է մե՛ր Դերասանուհին:
Բեմում երկու ժամից ավելի միայն Ժենյա Ներսիսյանն է` մահացող երեխա ու մահվան հետ չհաշտվող, բայց հաշտեցնող տարեց կին: Հոգեբանական ինչպիսի՛ խաղ է պահանջում դերասանական այս երկվությունը, պրոֆեսիոնալ ի՛նչ պատրաստվածություն է, որը տակնուվրա է անում քեզ, երբ մանկական նեղացկոտ ու միաժամանակ չարաճճի ձայնին հաջորդում է իր ապրած տարիներից ավելի երեխայի մահվան անխուսափելիության գիտակցումից ծերացած կնոջ հոգնատանջ ու հուսադրող մրմունջը: 

Ահա Օսկարը, մի քանի րոպե ցավը մոռացած, ժամադրության է գնում իր առաջին սիրո` Փեգիի մոտ: Բեմում քայլում է սեփական համարձակությունից շփոթահար մանչուկը, որն ամեն վայրկյան պատրաստ է փախչել ու պատսպարվել իր հիվանդասենյակում, բայց հաջորդ պահին արդեն Վարդագույն տիկինը մանչուկին շա՜տ կարևոր խորհուրդներ տալիս` ի՛նչ անել, ի՞նչ խոսքեր գտնել` այդ շա՜տ բախտորոշ հանդիպման համար: 

Եվ այսպես` երկու գործողություն, Օսկար անունով մանչուկի կյանքի վերջին Ժամանակը` տրված քեզ, որ պիտի նրա հետ ապրես` անցնելով մահից վախեցող սարսափահար սրտիկով տղեկից մինչև այնքան իմաստնացած մարդու ուղին, ով ֆինալում պիտի կարողանա ասել. «Անհայտությունից ես չե՛մ վախենում, ես միայն ափսոսում եմ կորցնել այն, ինչ իմացա այսօր»: Բառեր, որոնք երբեմն հասու չեն անգամ հարյուր տարի ապրող շատ-շատերին:

Երբ ապագա ներկայացման բեմադրիչը` Վահան Բադալյանը, Ժենյա Ներսիսյանին տվեց պիեսը, առաջին իսկ ընթերցումից դերասանուհին հասկացավ` իր փնտրածն է, ստեղծագործություն, որի ծալքերի մեջ կարող ես անընդհատ նորը, բայց նաև սպասելին գտնել, որը խոցում է իր սիրով առ մերձավորն ու սփոփում ցավով: Պիեսի առաջին ընթերցումից մինչև պրեմիերան ընկած ժամանակահատվածը` երեք ամիս, Ժենյա Ներսիսյանը Օսկարի և Վարդագույն տիկնոջ կերպարները բացահայտեց ամբողջ խորությամբ և ասելիքի կարևորությամբ, դարձրեց «երկրորդ մաշկ»` բաց նյարդերով ու տրոփող արյամբ, վերածեց սեփական ապրումի ու վերապրումի: Ի՞նչ կարող է լինել ավելի սարսափելի, քան երեխայի մահը. ու դու, դահլիճում նստած, Դերասանուհու հետ վերածվելով Օսկարի և Վարդագույն մայրիկի, անցնում ես նրանց գողգոթայով, և աչքերդ այրող կսկծից ես միայն հասկանում, որ արտասվում ես նրանց հետ ու նրանց փոխարեն…

Իսկ հետո իջնում է վարագույրը: Դու, դեռ Մահվան ու Փրկության ներկայությունից չազատագրված` ոտքի ես ելնում` միայն այդպես պիտի դիմավորես բեմ վերադարձող Դերասանուհուն: Ու միայն այդ պահին ես զգում` ինչքա՜ն հոգնած է նրա մարմինը, բայց հոգին` լիքը, զգացմունքների ի՛նչ հորձանք է անցել նրա միջով այդ ժամերի ընթացքում ու հասկանում ես, թե ինչու նրա ժպիտը` ուղղված հանդիսատեսին` իր ներսն է քննում, ինչո՛ւ լիաբուռն չի ըմբոշխնում քո արցունքախառն հիացքը, այլ նայում է ինչ-որ տեղ, քեզնից այն կողմ, որովհետև դու ապրել ես քո կատարսիսը, մաքուր հայացքով ու ցավող սրտով քիչ անց դուրս կգաս փողոց, իսկ նա դեռ իր կերպարների գծած տարածքում է, որտեղ շարունակում է մեռնել Օսկարը, իսկ Վարդագույն մայրիկը հեծեծում է անսփոփ…

Եվ այդքանը հասկանալուց, ավելի ճիշտ` զգալուց հետո մեկ անգամ ևս համոզվում ես, որ գաղտնիք է Տաղանդի էությունը, որ Ժենյա Ներսիսյանը այս խաղով հերթական քայլն արեց այն բարձունքը, որին տանողը շռայլ ու բարի բնությունն է, Արարիչը, ով օժտել է նրան ՍԵՐԸ, ԿՅԱՆՔՆ ու ՄԱՀԸ հավասարաչափ ընդունելու իմաստությամբ և այդ իմաստությունը բեմին անմնացորդ նվիրաբերելու շնորհով:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Գրական թերթ», 30.08.2013 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։