Արթուր ԷԴԱՐ / ՍՈՒԻՑԻԴ
Արթուր ԷԴԱՐԻ «ՍՈՒԻՑԻԴ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում
Անավարտ դրամա, որը շարունակվում է այսօր էլ…
Գործող անձինք
ԱԴԱՄ
ԵՎԱ
Գործողության վայրը՝ Աստվածաշնչյան դրախտի այգին
Դրախտի այգին: Կենտրոնում Բարու և Չարի իմացության ծառն է: Քիչ այն կողմ՝ Կենաց ծառը: Մտնում է Ադամը: Հեռվից՝ Եվան:
ԱԴԱՄ — (սրտնեղած): Չէ, Աստված քեզ իմ գլխին պատիժ ստեղծեց, պատի՜ժ…
ԵՎԱ — Հիմա էլ պատի՞ժ… քիչ առաջ ասում էիր՝ օգնական…
ԱԴԱՄ — Լսիր, կին, դու իրո՞ք անխելք ես, թե՞ ձևացնում ես:
ԵՎԱ — Գիտես, որ անխելք չեմ, ինչո՞ւ ես հարցնում:
ԱԴԱՄ — Հասկացիր, հոգնել եմ քո անմիտ հարցերից:
ԵՎԱ — Էդ դու ես, որ անմիտ կյանքով ես ապրում: Ցերեկը՝ գործի, գիշերը՝ քնած: Հեչ չես մտածում մեր կյանքի մասին:
ԱԴԱՄ — Մեր կյանքի մասի՞ն… Հանգիստ թող ինձ, կին, հավեսդ չունեմ:
ԵՎԱ — Չեմ թողնի, մինչև ինձ չասես ճշմարտությունը…
ԱԴԱՄ – Ի՞նչ ես մի գլուխ՝ ճշմարտությո՜ւն, հա ճշմարտությո՜ւն… Ի՞նչ ճշմարտություն:
ԵՎԱ — Այն որ… ճիշտն ասա, Աստված ինձ քե՞զ համար ստեղծեց:
ԱԴԱՄ — Ուզում ես ասել՝ արարե՞ց:
ԵՎԱ — Հա՛, արարեց: Քե՞զ համար արարեց:
ԱԴԱՄ — Ասենք թե… հետո՞ ինչ:
ԵՎԱ — (աշխուժանալով): Իսկ… իսկ ինչո՞ւ: (Վրա բերելով:) Սպասիր, ես կասեմ… Դու ես, չէ՞, Աստծուն խնդրել, որ ինձ արարի:
ԱԴԱՄ — Չէ մի՝ խնդրել… մտքո՛վս էլ չի անցել:
ԵՎԱ — (հիասթափ): Ինչպե՞ս թե…
ԱԴԱՄ — Հենց էդպես, չի անցել, և վե՛րջ:
ԵՎԱ — Իսկ… իսկ ինչո՞ւ:
ԱԴԱՄ- Ի՞նչն՝ ինչու:
ԵՎԱ — Ինչո՞ւ Աստված արարեց հենց ինձ: Ուրեմն, քեզ կին էր պետք, չէ՞…
ԱԴԱՄ – Չէ՛: Ինձ ընդամենը օգնական էր պետք, հենց դրա համար էլ Աստված արարեց քեզ, կի՛ն:
ԵՎԱ — Բայց ինչո՞ւ հենց կին, և ոչ թե քեզ նման մեկին:
ԱԴԱՄ – Ինչո՜ւ, հա ինչո՜ւ… ի՞նչ իմանամ:
ԵՎԱ — Իսկ Աստված քեզ չի՞ բացատրել, թե ինչն-ինչոց է:
ԱԴԱՄ — Չէ, չի բացատրել: Ես միայն գիտեմ, որ ինձ պատվիրել է մշակել ու պահպանել այգին, ու քեզ էլ օգնական է տվել ինձ, որ օգնես ժամանակին այդ ամենն անելու համար: Իսկ դու, օգնելու փոխարեն, ավելորդ, անմիտ հարցեր ես տալիս ու գործից կտրում:
ԵՎԱ — (չհանձնվելով): Էլ ուրիշ ոչինչ Աստված չի՞ ասել…
ԱԴԱՄ- Ուրիշ՝ ի՞նչ:
ԵՎԱ — Դե… մեր մասին:
ԱԴԱՄ – Էլի՞ մեր մասին, էլի՞ մեր մասին… Քեզ ինչքա՞ն ասեմ՝ մեր մասին՝ ոչի՛նչ: Միայն այդքա՛նը… (Հիշելով:) Հա, մեկ էլ պատվիրել է… ա՜յ, այն ծառը տեսնո՞ւմ ես, պատվիրել է այդ ծառի պտուղներից չուտել: Հիշո՞ւմ ես, քեզ արդեն ասել եմ այդ մասին:
ԵՎԱ — Ճիշտը որ ասեմ՝ մոռացել էի:
ԱԴԱՄ – Տեսնո՞ւմ ես… ինչը պիտի լավ իմանաս՝ մոռանում ես, ինչը պետք չէ՝ հետաքրքրվում ես, հարցեր ես տալիս…
ԵՎԱ — (տեղի տալով): Լավ, գոնե կասե՞ս, թե ինչո՛ւ է արգելված այդ պտուղն ուտելը:
ԱԴԱՄ — (երկյուղածությամբ): Որովհետև կերած օրդ մահով կմեռնես:
ԵՎԱ — Կմեռնե՞մ:
ԱԴԱՄ- Կմեռնե՛ս:
ԵՎԱ — Աստվա՞ծ է ասել:
ԱԴԱՄ — Աստված: Հենց ինքը:
ԵՎԱ — Իսկ դա ի՞նչ ծառ է:
ԱԴԱՄ — Բարու ու Չարի իմացության:
ԵՎԱ — Իսկ ի՞նչ է Բարին, և ի՞նչ է Չարը:
ԱԴԱՄ — Պտուղը կերե՞լ եմ, որ իմանամ: Եսի՞մ…
ԵՎԱ — Բա ինչո՞ւ չես ուտում:
ԱԴԱՄ – Ինչպե՞ս թե՝ ինչու… նոր չասի՞… կմեռնե՛մ:
ԵՎԱ — Իսկ ի՞նչ է մեռնելը: Դա լա՞վ է, թե՞ վատ:
ԱԴԱՄ – Չգիտեմ՝ ինչ է, բայց որ հիշում եմ Աստծո դեմքը՝ երկյուղ եմ ապրում:
ԵՎԱ — Վախենո՞ւմ ես:
ԱԴԱՄ – Հա՛:
ԵՎԱ — Ուրեմն գիտես, թե ինչ է մահը:
ԱԴԱՄ – Ասի՝ չգիտեմ:
ԵՎԱ — Քեզ չեմ հավատում:
ԱԴԱՄ — Էլի սկսեցի՞ր…
ԵՎԱ — Չեմ հավատում: Դու ամե՛ն ինչ գիտես: Աստված քեզ ասել է ամեն ինչ:
ԱԴԱՄ — (սառը): Լսիր, կին, ես ասացի այն, ինչ գիտեմ, ինչ Աստված է պատվիրել: Դա է ճշմարտությունը:
ԵՎԱ – Ո՛չ: Դու ասիր՝ ինչ քեզ է հարմար, որ իմանամ: Իսկ ճշմարտությունն ինձնից պահում ես: (Մեկուսի, կասկածով:) Կամ… գուցե իրո՞ք Աստծո գործերից դու անտեղյակ ես:
ԱԴԱՄ — Ես գիտեմ այնքան, որքան պետք է մարդն իմանա:
ԵՎԱ — Ուրեմն, ինձ ասա՝ ես էլ իմանամ: Ես էլ մարդ եմ, չէ՞…
ԱԴԱՄ — Դու ի՞նչ մարդ… դու կին ես:
ԵՎԱ — Իսկ կինը մարդ չէ՞:
ԱԴԱՄ – Իհարկե՝ չէ: Մարդ որ լինեիր, քեզ կին չէին կոչի:
ԵՎԱ — Բայց… ախր, հենց ինքդ ինձ կին կոչեցիր:
ԱԴԱՄ — Ու ճիշտ էլ արեցի: (Թփթփացնելով մարմնի այն մասը, ուր կողոսկրներն են:) Այստեղ, տեսնո՞ւմ ես, դատարկ է, չկա՛: Իսկ տեղն ինչ է՞…
ԵՎԱ — Ի՞նչ:
ԱԴԱՄ — Իսկ տեղը դու ես, ահա թե ի՛նչ…
ԵՎԱ — Ուզում ես ասել՝ Աստված քեզնո՞վ է կնոջն արարել…
ԱԴԱՄ — Հենց այդ է, որ կա:
ԵՎԱ — (ուրախացած): Բայց դա հրա՛շք է: Դա հոյակա՜պ է…
ԱԴԱՄ — Նայած ո՛ւմ համար…
ԵՎԱ — (հիացած): Ի՜նչ զոհողություն…
ԱԴԱՄ – Ի՞նչ զոհողություն… ինչ էլ բառեր են գլուխդ գալիս: Պարզապես երբ Աստված քեզ արարեց՝ ես քնած էի:
ԵՎԱ — (հիասթափ): Ինչպե՞ս թե՝ քնած:
ԱԴԱՄ — Այո, խոր քուն էր վրաս բերել: Թե չէ որ հարցներ՝ կողդ կտա՞ս, ես չէի տալու:
ԵՎԱ — Կատակո՞ւմ ես:
ԱԴԱՄ — Չէ, լուրջ եմ ասում:
ԵՎԱ — Իսկ հիշո՞ւմ ես, թե հետո ինչ ասացիր…
ԱԴԱՄ — Չէ: Ի՞նչ եմ ասել:
ԵՎԱ — Որ կնոջ համար մարդը կթողնի իր հորը և մորը, և կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն:
ԱԴԱՄ – Ե՞ս եմ ասել:
ԵՎԱ — Այո, դո՛ւ:
ԱԴԱՄ — Չեմ հիշում:
ԵՎԱ — (բորբոքված): Ինչպե՞ս՝ չես հիշում: Ինչպե՞ս թե՝ չես հիշում…
ԱԴԱՄ — (տեղի տալով): Լավ, ասենք, թե ասել եմ: Հետո՞ ինչ:
ԵՎԱ — Ինչպե՞ս թե՝ հետո ինչ…
ԱԴԱՄ — Լսիր, կին, դու գիտե՞ս, թե ինչ բան է հայրը…
ԵՎԱ — Ո՜չ:
ԱԴԱՄ — Իսկ մա՞յրը…
ԵՎԱ — Ո՛չ:
ԱԴԱՄ – Տեսնո՞ւմ ես… Ես էլ չգիտեմ: Դա ուղղակի բերանիցս դուրս թռավ:
ԵՎԱ – Միամի՞տ:
ԱԴԱՄ – Միամի՛տ:
ԵՎԱ — Ու դու չհասկացար, թե ի՞նչ ես ասում…
ԱԴԱՄ — Այո, չհասկացա: Դու ինչպե՞ս կարող ես հասկանալ ասածս, եթե ես չգիտեմ, թե ինչի մասին եմ խոսում:
ԵՎԱ – Հետևաբար, չէիր կարող համոզված ասել, որ մարդը կթողնի նրանց և կմիանա կնո՞ջը:
ԱԴԱՄ – Ապրե՛ս: Դու խելացի ես մարդու պես:
ԵՎԱ — (դառնացած): Հաճոյախոսո՞ւմ ես:
ԱԴԱՄ — Չէ, գովում եմ:
ԵՎԱ — Իզուր:
ԱԴԱՄ — Բայց դա վատ է, որ նորից փքվում ես…
ԵՎԱ — Դու երբեք ինձ չես գովել:
ԱԴԱՄ — Իսկ հիմա գովում եմ:
ԵՎԱ – Ի՞նչ արեցի որ…
ԱԴԱՄ — Քո դատողությունն ինձ շատ դուր եկավ:
ԵՎԱ – Ինչո՞ւ… որ քո օգտի՞ն էր:
ԱԴԱՄ — Նորից սկսվե՜ց… հանգիստ կյանք չկա՜…
ԵՎԱ — Կլինի, երբ ինձ հետ միանաս:
ԱԴԱՄ — Քեզ հետ հանգիստ կյա՞նք: Չեմ հավատում, չէ՛…
ԵՎԱ — Դու պետք է միանաս ինձ, պետք է, լսո՞ւմ ես…
ԱԴԱՄ — Իմ ինչի՞ն է պետք քեզ միանալը… ճիշտը որ ասեմ, առանց քեզ ապրելն ավելի հեշտ էր: Ե՛րբ ինչ ուզեի՝ այն էլ կանեի: Իսկակա՜ն դրախտ: Հենց դու հայտնվեցիր, ամեն ինչ փոխվեց…
ԵՎԱ — Հիմա հասկացա, թե ինձնից ինչ ես թաքցնում:
ԱԴԱՄ — Եվ ի՞նչ ես հասկացել…
ԵՎԱ — Աստված էր քեզ ասել, որ մենք միանալու ենք: Իսկ դու չես ուզում:
ԱԴԱՄ — Աստված ինձ նման բան չի ասել երբեք:
ԵՎԱ — Բա ինչո՞ւ ասացիր: Մի բան գիտեիր, չէ՞, որ ասացիր:
ԱԴԱՄ — Ոչինչ էլ չկար: Աստծուն էլ հարցնես, նույնն է ասելու՝ դու մնալու ես իմ օգնականը, և վե՛րջ: Լսո՞ւմ ես, կի՛ն…
ԵՎԱ — (վճռական): Ես դառնալու եմ քո կինը, և վե՛րջ: Լսեցի՞ր, մարդ…
ԱԴԱՄ — (անակնկալի եկած): Ինչ ասացի՞ր…
ԵՎԱ — Ինչ լսեցիր: Մենք միանալու ենք, հասկացա՞ր:
ԱԴԱՄ — Հասկացա: Հասկացա, որ ինձ օգնական պետք չէ:
ԵՎԱ — Եվ դու ճիշտ ես: Քեզ ոչ թե օգնական, այլ կին է պետք, կի՜ն:
ԱԴԱՄ – Ո՛չ կին, ո՛չ էլ օգնական: Ինձ ոչի՛նչ պետք չէ:
ԵՎԱ – Պե՛տք է, դու չգիտես:
ԱԴԱՄ – Ի՞նչ…
ԵՎԱ — Դե… չես հասկանում:
ԱԴԱՄ – Ե՞ս չեմ հասկանում:
ԵՎԱ — Զարմանալու ի՞նչ կա: Քիչ առաջ ինքդ էիր պնդում, որ Աստծո գործերից բան չես հասկանում:
ԱԴԱՄ — Աստծո գործերից՝ այո, բայց կյանքից, փառք Աստծո, գլուխ հանում եմ:
ԵՎԱ — Իսկ կյանքն ի՞նչ է, Աստծո գործը չէ՞: (Ադամը չգիտի՝ ինչ պատասխանի:) Մի խոսքով, իմ կարծիքով…
ԱԴԱՄ — (ընդհատելով): Ուղտին հիշեցի:
ԵՎԱ – Նա՞ ինչ կապ ունի…
ԱԴԱՄ — Հիշեցի, թե ինչ առատ թուք ունի:
ԵՎԱ – Դա՞ ինչ կապ ունի…
ԱԴԱՄ — (պոռթկալով): Այն, որ թքել եմ կարծիքիդ վրա:
ԵՎԱ — (վիրավորված): Գիտե՞ս, որ դու… դու քեզ տղայի պես ես պահում:
ԱԴԱՄ — Ում պե՞ս:
ԵՎԱ — Տղայի:
ԱԴԱՄ — Դա՞ ինչ է:
ԵՎԱ — Չգիտեմ: Բերանիցս դուրս թռավ…
ԱԴԱՄ – Ինչպե՞ս թե՝ չգիտեմ: Չգիտես ու ասո՞ւմ ես…
ԵՎԱ — Հա, ոնց որ դու… միամի՜տ:
ԱԴԱՄ – Ի՞նչ ես ուզում ասել:
ԵՎԱ — Ուզում եմ ասել, որ դու քեզ տղա-մարդու նման ես պահում:
ԱԴԱՄ – Գիտե՞ս ինչ, հերիք համբերությանս հետ խաղաս…
ԵՎԱ — Չէ, ճիշտ եմ ասում, դու տղա-մարդ ես, այլապես խոսքիդ տեր կկանգնեիր:
ԱԴԱՄ — Դա արդեն չեղավ: Լսո՞ւմ ես, կի՛ն, դու չափն անցնում ես, ու ես քեզ արգելում եմ դատողություններ անել:
ԵՎԱ — Ինչ չես կարող ինքդ անել, մի արգելիր ուրիշներին:
ԱԴԱՄ — Չեմ հասկանում, դու ինձ խրատո՞ւմ ես…
ԵՎԱ — Ինչպես կուզես, այնպես էլ հասկացիր: Ինձ համար արդեն ամեն ինչ միևնույն է:
ԱԴԱՄ — (համբերությունը հատած): Իսկ ինձ համար էն գլխից է միևնույնը եղել: Ես հեռանում եմ: Դու ինձ հոգնեցրիր… Օգնական չեղար, իսկական պատիժ… Մի խոսքով, մտածիր, կա՛մ օգնական, կա՛մ ոչինչ:
ԵՎԱ — Օգնակա՞ն…
ԱԴԱՄ — Այո:
ԵՎԱ — Եվ միա՞յն…
ԱԴԱՄ — Այո:
ԵՎԱ — Առանց մեկ մարմի՞ն, առանց միանա՞լ…
ԱԴԱՄ – Ինչե՞ր ես խոսում: Խելքդ գլխի՞դ է…
ԵՎԱ – Հաստա՞տ է, այո՞…
ԱԴԱՄ — Քեզ Աստծո տեղեկանք է պետք, որ խոսքիս հավատա՞ս:
ԵՎԱ- (տխրամած): Չէ… հավատում եմ:
Ա ԴԱՄ — Ա՜յ, ապրես: Դե վճռիր, թե ինչ…
Ե Վ Ա — (վճռական): Ես արդեն գիտեմ՝ ինչ:
ԱԴԱՄ – Եվ ի՞նչ…
ԵՎԱ – Ոչի՛նչ:
ԱԴԱՄ — (ձեռքը թափ տալով): Ինչպես կուզես… (Գնում է:)
ԵՎԱ — (մեկուսի): Այո, ես որոշել եմ: Որոշել եմ՝ «ոչինչ»… (Չիմանալով՝ ինչ անել:) Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար: Այդ «ոչնչի» համար… Այլևս երբեք չտեսնել Ադամին: Հնարավոր չէ… Չխոսել նրա հետ: Ոչինչ չի փոխվի… Գուցե հեռանա՞լ: Հեռանալ… չլինել այստեղ… Իսկ ո՞ւր լինել: Ախր, ո՞ւր… Բայց ո՞ւր… Մի տեղ, ուր… ուր որ նա՞ չկա: Չէ, բայց նա կա: Այգին էլ: Ես կամ: Ես կամ… Իսկ կարո՞ղ եմ չլինել: Հը՞, կին, մտածիր, դու կարո՞ղ ես չլինել… Դու կարող ես չլինե՞լ: (Պայծառացած:) Ոնց որ թե կարող եմ… Այո, ես կարող եմ, ես կարող եմ չլինել: (Հիշողությունը պրպտելով:) Հիմա կհիշեմ… կհիշեմ, կհիշեմ… Աստված ասել էր… այո, ասել էր, թե այն ծառի պտուղն ուտողը… նույն օրը կմահանա: Այո, նույն օրը, ես լավ եմ հիշում: Ադամը չասա՞ց, հենց նոր, քիչ առաջ. «Մահով կմեռնես»: Կմեռնես… Կմեռնեմ: Ա՜յ քեզ հայտնություն: Ինչպե՞ս դրան ուշք չեմ դարձրել: Լավ, իսկ դա ի՞նչ է, այդ մահ կոչվածը: Մի բան, որ Ադամը թաքցնում է ինձնից: Բայց նա ի՞նչ գիտի: Աստված է ասել: Այո, հաստատ է, Աստված է ասել: Վախեցած էր շատ, երբ խոսում էր այդ մասին: Բայց ումի՞ց էր վախեցած՝ Աստծո՞ւց, թե՞ մահից… Հասկանալ է պետք: Աստծուց առանց այդ էլ նա վախենում է, դա հեչի՛ պես պարզ է: Իսկ մահի՞ց… նույնպես: Եվ ինչո՞ւ… Դա ի՞նչ է, այդ մահը, որ վախենում էր նրանից: Թե՞ Աստված էր վախեցրել նրան: Հասկանալ է պետք… Հա, խորհրդավոր է: Մահն իրոք խորհրդավոր է… (Կանխազգալով ինչ-որ բան:) Գլխումս հենց հիմա նոր միտք հայտնվեց, որից կարծես թե նույնպես… վախենում եմ: Վախենո՞ւմ… Այո, վախենում եմ: Ես, ինչպես Ադամը, վախենում եմ շատ չիմացածն անել… Բայց նույն բանը չեն չիմացածն ասելն ու չիմացածն անելը: Իհարկե, չէ՛: Մահն ուրիշ բան է: Դա լեզվին տալ չէ, որ ասես ու պրծնես… հոգիդ ազատես: (Գյուտ արածի պես:) Ի՜նչ մտածեցի… Գուցե Աստված հենց դրա՞ համար մեզ թույլ չի տալիս այդ պտուղն ուտել, որ չմահանանք և հոգիներս ազատ արձակենք: Ահա թե ի՛նչն են ինձնից թաքցնում: (Որոշում կայացրած:) Ես որոշեցի, էլ կասկած չունեմ: (Մոտենում է Իմացության ծառին, ձեռքը մեկնում պտուղին:)
ՕՁ — (ծառի վրա, քիչ վերև է, մտքերի մեջ ընկած՝ Եվան նրան չի նկատել): Անօգուտ բան է…
ԵՎԱ — (անակնկալի եկած): Ադա՞մ… դո՞ւ ես…
ՕՁ — Անօգուտ բան է…
ԵՎԱ — Ադամ, որտե՞ղ ես…
ՕՁ — Վերև նայիր:
ԵՎԱ — Դու Ադամը չես…
ՕՁ — Ես էլ գիտեմ: Օձն եմ ես, օ՛ձը:
ԵՎԱ — Դու խոսո՞ւմ ես:
ՕՁ — Իսկ դու զարմանո՞ւմ ես:
ԵՎԱ — Այո, զարմանում եմ: Ինձ թվում էր, թե կենդանիներր…
Օ Ձ — Որ ի՞նչ… չե՞ն խոսում: Ուղղակի մարդու հետ գլուխ չեն դնում:
ԵՎԱ – Ադամի՞:
ՕՁ — Հենց Ադամի:
ԵՎԱ – Ինչո՞ւ:
ՕՁ — Դե, գիտե՞ս… Մի խոսքով, նա շատ է մեծամիտ:
ԵՎԱ — Այդ մեկը ճիշտ է, իրենից բացի մարդ չի ճանաչում:
ՕՁ — Տեսնում եմ՝ քեզ էլ է նեղացրել:
ԵՎԱ – Ի՞նչ իմացար:
ՕՁ — Դե… եթե այս ծառի պտուղն ես ուտելու՝ մեռնել ես ուզում:
ԵՎԱ — Այո, ուզում եմ:
ՕՁ — Եվ գիտես, թե ի՞նչ է մահը…
ԵՎԱ — Չգիտեմ:
ՕՁ — Կնոջ խելք, որ ձգտում է միշտ նրան՝ ինչ չունի:
ԵՎԱ — Մարդու խելք, որ ձգտում է միշտ նրան՝ ինչ չկա:
ՕՁ – Դու՝ մա՞րդ… Թող քնենք…
ԵՎԱ — Այո, իսկ ի՞նչ է…
ՕՁ — Թող քնենք՝ ասի… Դու՝ ի՞նչ մարդ… այդպես տձև, անճոռնի:
ԵՎԱ – Տձև՞: Անճոռնի՞…
ՕՁ — Մի քեզ նայիր: Կուրծքդ երկար է, կոնքերդ՝ կլոր: Էլ չասած, որ առնանդամ չունես:
ԵՎԱ — Բայց ես կին եմ, չէ՞…
ՕՁ — Ա՜յ, ապրես, դու կին ես, ու ճիշտ կանես՝ լեզվիդ տալու փոխարեն գնաս այստեղից և գործդ անես:
ԵՎԱ — Ահա, նույնիսկ դո՛ւ, օ՛ձ, իմ մեջ մարդկային ոչինչ չես տեսնում:
ՕՁ — Իսկ ինչո՞ւ ես, կի՛ն, ինձ հետ այդ տոնով խոսում: Չգիտե՞ս, որ Աստված ինձ մարդուց առաջ է ստեղծել:
ԵՎԱ — Ադամն այդ մասին ոչինչ չի ասել:
ՕՁ — Ասել էի, հա՜… Կորե՛ք գրողի ծոցը… դու էլ, քո Ադամն էլ:
ԵՎԱ — Ինքդ կորի: Չե՞ս տեսնում, այստեղ գործ եմ անում:
ՕՁ — Չէ մի՝ գործ… Մարդո՛ւն այդպես կխաբես: Դու այստեղ եկար, որ կյանքիդ վերջ տաս:
ԵՎԱ — Քո գործը չէ, ինչ ուզեմ՝ այնպես էլ կանեմ:
ՕՁ — Բա Աստվա՞ծ…
ԵՎԱ — Նա արդեն իրենն ասել է:
ՕՁ – Հը՜մ… տարօրինակ է:
ԵՎԱ – Ի՞նչն է տարօրինակ:
ՕՁ — Մարդուն շատ նման ես:
ԵՎԱ – Ինչո՞վ:
ՕՁ — Դյուրահավատ ես:
ԵՎԱ – Ի՞նչ ես ուզում ասել…
ՕՁ — Այն, որ անօգուտ է այս պտուղն ուտելը: Չե՛ս մահանա:
ԵՎԱ – Ինչպե՞ս…
ՕՁ — Հենց այդպես:
ԵՎԱ — Բայց Ադամն ինձ ասաց…
ՕՁ — Ադամն ի՞նչ գիտի:
ԵՎԱ — Աստված է ասել:
ՕՁ — Նա ձեզ խաբել է:
ԵՎԱ – Խաբե՞լ է…
ՕՁ — Դե, որ մեղմ ասենք՝ ճիշտ չի ասել:
ԵՎԱ – Ինչպե՞ս…
ՕՁ — Հենց այդպես:
ԵՎԱ — Հենց ինչպե՞ս, դե ասա…
ՕՁ — Այն, որ ուտես էլ, չուտես էլ՝ այսօր էլ, վաղն էլ չես մահանա:
ԵՎԱ — Բա ի՞նչ կլինի:
ՕՁ — Այ, դա ուրիշ հարց է… Գիտե՞ս՝ Բարին ու Չարը ինչ են:
ԵՎԱ — Չգիտեմ:
ՕՁ – Կիմանա՛ս: Ինչպես աստվածները գիտեն:
ԵՎԱ — Եվ ի՞նչ կլինի…
ՕՁ — Ինչ ինձ հետ եղավ: Բայց լավ է՝ չիմանաս…
ԵՎԱ — Դու է՞լ գիտես:
ՕՁ — Դե… գիտեմ:
ԵՎԱ – Պտո՞ւղն ես կերել:
ՕՁ — Չեմ կերել:
ԵՎԱ — Բա ի՞նչ իմացար:
ՕՁ — Քեզ նմանների մեջ որ ապրես, շուտով կիմանաս՝ ինչ է Չարը և որն է Բարին:
ԵՎԱ — Դու… մենակ չե՞ս:
ՕՁ — Հիմա մենակ եմ: Մինչդեռ ապրել եմ սողունների հետ, որ լիքն են այս այգում: Թողել եմ այգում ամեն ինչ, եկել ու այս ծաոի վրա եմ ապրում:
ԵՎԱ — Բայց ինչո՞ւ…
ՕՁ — Մտածել եմ, որ այս ծառին ոչ մի շունչ չի մոտենա ու ես մենակ, բոլորից հեռու կապրեմ հանգիստ:
ԵՎԱ — Դու սխալվել ես…
ՕՁ — Տեսնում եմ:
ԵՎԱ — Լավ կլինի՝ ասես, թե ինձ նմանի տեսե՞լ ես այգում:
ՕՁ – Ո՛չ: Դու ես… մեկ էլ մարդը:
ԵՎԱ – Ադա՞մը:
ՕՁ — Ուրիշ էլ ո՞վ… Չնայած լսել եմ թռչուններից, որ արևմուտքում՝ այստեղ, Աստծո մոտ, քեզ անչափ նման հրեշտակներ կան…
ԵՎԱ — (ոգևորվելով): Ճի՞շտ ես ասում:
ՕՁ — Ես որ չեմ տեսել: Թռչուններն ասին: Բայց խելքին մոտ է: Մարդու արարումն աչքովս եմ տեսել ու լավ եմ հիշում Աստծո խոսքերը. «Մեր պատկերովը և մեր նմանության պես շինենք այս մարդը»:
ԵՎԱ- Բայց դա ասվել է մարդու համար:
ՕՁ — (երկիմաստ): Գուցե այդ մտքով քե՞զ է արարել, մենք ի՞նչ իմանանք…
ԵՎԱ — Բայց չէ՞ որ…
ՕՁ — Չէ որ՝ ի՞նչ:
ԵՎԱ — Այդ դեպքում ստացվում է, որ ես նույնպես… մա՞րդ եմ:
ՕՁ — (խուսափող): Չգիտեմ, չգիտեմ…
ԵՎԱ — (տխրելով): Դու է՞լ ճշմարտությունը թաքցնում ես ինձնից:
ՕՁ — Դա քեզ ոչ ոք և երբեք չի ասի: Ճշմարտությունը լոկ Աստված գիտե, ինքը…
ԵՎԱ — (ընկճված): Ուրեմն՝ հաստատ է: Ես կուտեմ այս պտուղը:
ՕՁ – Ինչո՞ւ…
ԵՎԱ — Որ մեռնեմ ու հոգիս ազատեմ:
ՕՁ — Քեզ չասի՞, որ չես մեռնի:
ԵՎԱ — Քեզ չեմ հավատում, դու էլ, մարդու պես, ճիշտ չես ասում:
ՕՁ — Չէ, ճիշտ եմ ասում: Ուզո՞ւմ ես՝ երդվեմ: (Համոզելով:) Եվ ի՞նչ կարիք կա այդքան ջահել մեռնել: Կյանքն առջևում է, դեռ ինչե՜ր են լինելու… (Խորամանկ:) Այ, որ ինձ լսես, կողքի ծառի պտուղը կուտես…
ԵՎԱ — Դա ի՞նչ ծառ է:
ՕՁ — Պահ, չգիտե՞ս: (Փորձելով գայթակղել:) Կենաց ծառն է սա: Հենց կերար պտուղը՝ անմահ կդառնաս ու էլ չես մեռնի: Հա, այն էլ ասեմ, որ Աստված չի արգելել ձեզ այդ պտուղն ուտելը: Մուտքն ազատ է:
ԵՎԱ — Հենց դա է… Աստված չի արգելել այդ պտուղն ուտելն ու անմահանալը… Ես հասկանում եմ… Ես համոզվեցի…
ՕՁ — Եվ ո՞րն ես ընտրում:
ԵՎԱ — (կանացի վճռականությամբ): Ես ընտրում եմ «ոչինչը»: Ես մեռնել եմ ուզում… (Համարձակ քաղում է պտուղը և կծում:)
Վարագույր