Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/«ՄԻԱՅՆԱԿ ԼՈՒՍԻՆ»

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՄԻԱՅՆԱԿ ԼՈՒՍԻՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գործող անձինք

ՆԱՆՈԻԼ-ՆԱՆ — 30 տարեկան 

ԿԱՐԻՆԵ-ԿԱՐ — մինչև 20 տարեկան

Բեմը նկուղային սենյակ է, առաստաղին մեծ անցք կա: Կենտրոնում՝ մահճակալ և աթոռ, խորքում՝ հետնախորշ, որտեղից լսվում է շվիի շատ մեղմ երաժշտություն: Առաստաղից երևում է լիալուսինը: Անցքից կախվում է երկու պարան: Նանը և Կարը պատուհանով իջնում են, հետո ձգում են պարանը, որ ընկնի:

ՆԱՆ – Շո՛ւտ արա, պարանը ցած գցիր: 

ԿԱՐ- Անտերր չի պոկվում:

ՆԱՆ — Ուժեղ ձգիր… Կախվիր պարանից: (Երկուսով կախվում եմ, պարանները պոկվում են, նրանք ընկնում են հատակին:) Լավ պրծանք, էստեղ մեզ չեն գտնի: (Կարը բռնում է թևը, տնքում է:) Քեզ ի՞նչ եղավ:

ԿԱՐ — Ես նրա մերը… ուսիս հասցրեց: (Ձեռքն ուզում է բարձրացնել, չի կարողանում:) Ոնց որ թևս ջարդվել է:

ՆԱՆ — (շոշափում է թևը): Ցավո՞ւմ է:

ԿԱՐ — Հա: Ձեռքս չեմ կարողանում շարժել: 

ՆԱՆ — Բան չկա: Կմեծանաս՝ կմոռանաս: 

ԿԱՐ — Ցավին չեմ դիմանում:

ՆԱՆ — Ուրիշ ճար չունես: Ջուր ունենայինք՝ ձեռքիդ թրջոց կդնեի:

ԿԱՐ — Էստեղ ջուր չկա:

ՆԱՆ — Չէ, սպասիր… կարծեմ օղի պիտի լինի: (Հետնախորշից մի շիշ օղի է հանում:) Ասում էի, չէ՞… Մի կում խմիր: (Կարը խմում է:) Ձեռքդ տուր: (Օղի է լցնում ձեռքի վրա:) Հիմա լավ կզգաս: (Մի կում օղի է խմում:) Մի կում էլ խմիր:

Կարը խմում է: Նանը պառկում է մահճակալին: Դադար:

ԿԱՐ — Անխիղճ անասուն, բա լինգով կնոջը կխփե՞ն: Ձեռքս չբարձրացնեի՝ գլուխս կջարդեր: (Դադար:) Քեզ եմ հարցնում, լինգով կնոջր կխփե՞ն: (Նանը լռում է:) Հաստավիզ անասուն… թո՛ւ, ես քո մերը, իրեն տղամարդու տեղ է դրել: Քեզ պես տղամարդուն գիտե՞ս՝ ինչ կանեմ:

ՆԱՆ — Լավ, հերիք է հայհոյես, կարևորը, որ ողջ պրծանք: Հանաք բան չէր, երկու տղամարդու դեմ էինք կռվում:

ԿԱՐ — Դու չտեսար՝ նա ինձ ոնց խփեց: Դու պիտի որ տեսնեիր:

ՆԱՆ — Չէ, ես ուրիշ կողմ էի նայում:

ԿԱՐ — Ուրիշ կողմ էիր նայո՞ւմ: Ո՞ր կողմը: 

ՆԱՆ — Նայում էի, որ թիկունքից չխփեն: 

ԿԱՐ — Էդ հաստավիզը լինգը ձեռքին քո վրա էր գալիս: (Դադար:) Բայց լավ կռվեցինք, չէ՞, իսկական կնգա նման: Թող իմանան, որ մենք հենց ընենց տվողը չենք: Սկզբից փողը, հետո՝ անելիքդ արա ու ս…դ քաշի: Անասո՛ւն, բոզի՛ տղեք… ո՜նց էի կատաղել: (Պայուսակի մեջ սիգարետ է փնտրում:) Էն լակոտը ոնց որ մտել է պայուսակս… սիգարետս ու հեռախոսս է գողացել:

ՆԱՆ — Փողը տե՞ղն է:

ԿԱՐ — (փնտրելով): Հա, տեղն է:

ՆԱՆ — Լավ է: Մեզ պետք կգա:

ԿԱՐ — Նան, քո սիգարետից կպցրու… (Ծխում են:) Էս ի՞նչ ես ծխում: Թունդ սիգարետ չունե՞ս:

ՆԱՆ — Չէ: 

Դադար: Ծխում են:

ԿԱՐ – Գիտե՞ս, ուր ենք ընկել:

ՆԱՆ — Նեղն ընկած ժամանակ էստեղ ենք թաքնվում:

ԿԱՐ — Նրանք մեզ չե՞ն գտնի:

ՆԱՆ — Սրա տեղը միայն Մադամը գիտի: 

ԿԱՐ — Մադամը գիտի: (Դադար:) Հիմա ի՞նչ ենք անելու:

ՆԱՆ — Մի շաբաթ կմնանք, մինչև Մադամը գործր փակի:

ԿԱՐ — Բա որ չկարողանա՞…

ՆԱՆ — Նրա կապերն էնքան մեծ են… Կարծում ես՝ հե՞շտ է քաղաքի կենտրոնում բորդել բացել:

ԿԱՐ — Ուրեմն գործը կփակի:

ՆԱՆ — Եթե ուզենա՝ կփակի:

ԿԱՐ — Իսկ եթե չուզենա… Նան, նրան չեմ վստահում:

ՆԱՆ — Ես էլ: Նրանից ամեն ինչ սպասելի է: 

Դադար:

ԿԱՐ — Էս փոսում ո՞նց ենք դիմանալու: Ջուր էլ չկա, որ լվացվենք: Մեզ հաց ու ջուր կբերե՞ն: 

ՆԱՆ — Առավոտյան ամեն ինչ կունենանք: 

ԿԱՐ — Էստեղ եղե՞լ ես:

ՆԱՆ — Մի անգամ: Թեթև գործ էր: Երկու օր նստեցի, մինչև Մադամը գործը փակեց:

ԿԱՐ – Ե՞րբ էր, չեմ հիշում:

ՆԱՆ — Էն Ժամանակ դեռ չկայիր: Մադամը մի մարդ բերեց մոտս, ասաց՝ հարգիր պարոնին: Նայեց աչքերիս ու ժպտաց: Իսկ էդ մսագունդն արդեն մերկացել, մտել էր վերմակի տակ:

ԿԱՐ- Հարգեցի՞ր:

ՆԱՆ — Իհարկե: Լուսամուտից գցեցի: Բախտը բերեց՝ չմեռավ: Ոտքերն էր ջարդել:

ԿԱՐ — Լավ ես արել: Նրանց մերը… հենց դրան էլ արժանի են: Էդ մարդը մազութի տերը չէ՞ր:

ՆԱՆ – Հա՛: Մադամը վրան շատ էր կատաղել: Տոկոսով փող էր տվել, չէր կարողանում ետ ստանալ: Էդպիսի գործեր միայն ինձ է վստահում:

ԿԱՐ — Քեզ վստահո՞ւմ է:

ՆԱՆ — Կասկածում եմ: 

Դադար:

ԿԱՐ — Հիշեցի… աղջիկները քո մասին հարգանքով էին խոսում: Ես էլ անհամբեր սպասում էի, որ քեզ տեսնեմ: Կարգին անունով աղջիկ էիր: Հետո ի՞նչ եղավ:

ՆԱՆ- Ի՞նչ ես ուզում ասել:

ԿԱՐ — Վերջերս շատ ես փոխվել: Մադամն էլ է զգում:

ՆԱՆ — Ոնց կամ, էդպես էլ մնացել եմ: Ի՞նչս է փոխվել:

ԿԱՐ — Լավ, լավ, քեզ համար եմ ասում, ուշադիր չորս կողմդ նայիր:

ՆԱՆ – Ինչո՞ւ պիտի նայեմ… բան գիտես, ասա՛:

ԿԱՐ — Ոչ մի բան էլ չգիտեմ: (Դադար:) Բայց լավ կռվեցինք, չէ՞: Բոզի տղեք, որ փող ունեք՝ ձեզ պիտի ցուցադրե՞ք: Էն լակոտին տեսա՞ր, վզից ժնջիլ էր կախել՝ մի կիլո կլիներ: Բռնեցի ժնջիլից, քաշեցի ինձ ու ծնկով ուղիղ փորին… ընկավ, ես էլ ոտքով խփում էի, խփում էի, չէի հանգստանում: 

Դադար:

ՆԱՆ — Դու կրակեցիր:

ԿԱՐ — Հա, բայց էնպես, որ չդիպչի:

ՆԱՆ – Չկպա՞ր:

ԿԱՐ — Չկպա:

ՆԱՆ – Վստա՞հ ես…

ԿԱՐ — Որ կրակեցի, վախից տակը լցրեց, մտավ մահճակալի տակ:

ՆԱՆ — Քեզ ատրճանակը տվել էին միայն վախեցնելու համար:

ԿԱՐ — Ինչ է, ինձ պաշտպանելու իրավունք չունե՞մ: Ես թույլ չեմ տա, որ ինձ մատով կպնեն, արյունը կխմեմ:

ՆԱՆ — Սպանել ես:

ԿԱՐ — Չէ, գլխից մի թիզ վերև եմ կրակել: 

ՆԱՆ — Քեզ նայողը չի մտածի, թե ինչ կատաղած տիպն ես:

ԿԱՐ — Ես նրանց մերը… որ հիշում եմ՝ ձեռքերս դողում են: Ամեն տականք ուզում է հետդ պառկել:

ՆԱՆ — Նրանք քեզ վճարում են:

ԿԱՐ – Հետո՞ ինչ: Ես թույլ չեմ տա, որ ինձ շան տեղ դնեն: Բաներ են ուզում, որ սիրտդ խառնում է: Անասունից չեն տարբերվում: (Սիգարետ է վառում:) Էս ի՞նչ ես ծխում, մի մուխ քաշում եմ՝ վերջանում է:

ՆԱՆ — Էժանը չեմ ծխում: Հաճախորդի համար տհաճ է, երբ բերանիցդ թունդ սիգարետի հոտ է գալիս:

ԿԱՐ — Թողնում ես, որ շուրթերդ համբուրե՞ն:

ՆԱՆ – Ինչո՞ւ չէ: Հաճախորդների մեծ մասը տխուր, միայնակ մարդիկ են: Շատերն էնպես են տրվում, կարծես սիրած կինը լինեմ: Ինձ մոտ նրանք խոսում են ամեն ինչից, հատկապես իրենց կանանցից:

ԿԱՐ — Իսկ ես անզուգական, գեղեցկուհի Կառան եմ: Շամպայն չխմե՞նք, սիրելիս: Դու ինձ համար միակն ես ու անփոխարինելին: Ի՛նչ կիրք կա քո մեջ թաքնված: Դե բավակա՛ն է, վերջացրու, սիրելիս: Էշի տղա, փողերդ հանի՛ր: (Ծիծաղում են:) Մեկը կա՝ շաբաթը մեկ գալիս է: Գիտե՞ս, ինչ ենք անում: Ասեմ՝ չես հավատա: Ներս է մտնում, սուսուփուս նստում է աթոռին, շամպայն ենք խմում, ու նա ասում է՝ չսկսե՞նք: Ասում եմ՝ սկսիր, քաղցրիկս: Պառկում եմ մահճակալին ու քնած ձևացնում: Նա անաղմուկ մոտենում է, ծնկի է գալիս ու սկսում է շորերս հանել: Մի լավ նայում է, կամաց ձեռ գցում, հետո շորերս հագցնում է, փողը գցում է սեղանին ու փախչում: (Ծիծաղում են:) Ինչ տեսակի ասես, որ չեմ տեսել: Ես նրանց մերը… Հոգեկան հիվանդ են: Մեկն էլ կա, հենց ներս է մտնում, աքլորի նման ծուղրուղու է կանչում: Ուզում է ասել, որ ուժեղ տղամարդ է: Հինգ րոպեում հանում եմ ասֆալտ: Ասում եմ՝ դե գնա, բալիկս: (Ծիծաղում են:) Իսկ ամենից շատ ինձ դուր են գալիս իմպոտենտ տղամարդիկ: Հենց մտնում են, նրանց աչքերում վախ եմ տեսնում: Նրանք վախենում են, որ կծաղրեմ: Իսկ ես չեմ ծաղրում, ընդհակառակը, հանգստացնում եմ, ուզածներն էլ չնչին բան է, իսկ փող, ինչքան ասես՝ ունեն: Դե, ինձ էլ նրանց փողերն են պետք: 

Ծիծաղում են: Դադար: Աստիճանաբար հասկանում են իրենց վիճակի լրջությունը:

ՆԱՆ — Սիրտս վատ բան է գուշակում: Ասում ես՝ չկպա՞վ:

ԿԱՐ — Որ ասում եմ, ուրեմն պիտի հավատաս: 

ՆԱՆ — Վստահ չես ասում:

ԿԱՐ- Ոնց կարողանում եմ, էնենց եմ ասում: 

ՆԱՆ — Եթե խփել ես… Մեկ է, էլ ոչինչ չենք կարող փոխել:

ԿԱՐ — Չեմ հասկանում, ինչո՞ւ ինձ չես հավատում:

ՆԱՆ — Ես քեզ լավ գիտեմ: (Դադար:) Առավոտյան Մադամը քսիֆ կուղարկի: Էն ժամանակ կիմանամ: (Դադար:) Աստված տա, ասածդ ճիշտ լինի: Իսկ եթե Մադամը ճիշտ չասի՞:

ԿԱՐ – Ինչի՞ համար:

ՆԱՆ – Էնքա՜ն բան կա: Աղջիկներն ասում են, որ քեզնից մրսում է:

ԿԱՐ — Մրսում է, թող վերարկու հագնի, պռոշներին պամադա քսի, թշերն էլ կարմրացնի, որ հաճախորդներից գոնե մեկը վրան նայի: Էդ պառավը իրեն տասնյոթ տարեկանի տեղ է դրել, մինի յուբկա է հագնում, թորշոմած բդերն է ցուցադրում: Էս գործը որ վերջանա, վերջնահաշիվ եմ պահանջելու: Երեք տարվա աշխատանքս մոտն է, տոկոսն էլ՝ վրադիր: Կվերցնեմ ու ինձ համար մի գործ կդնեմ:

ՆԱՆ — Չի տա:

ԿԱՐ — Ինչ կանի՞… երևում է, ինձ լավ չես ճանաչում…

ՆԱՆ — Աղջիկները քո մասին շատ բաներ են խոսում:

ԿԱՐ – Ի՞նչ են դուրս տալիս:

ՆԱՆ — Ասում են՝ էլ էն չես: Գիտե՞ս, Մադամն ինչու էր քեզ ուղարկել ինձ մոտ:

ԿԱՐ — Քեզ ասացի՝ դժվար գործերին ինձ է ուղարկում:

ՆԱՆ — Քեզ փորձելու համար:

ԿԱՐ — Նա գիտի, որ ես կարող եմ ինձ պաշտպանել: Տեսա՞ր, ոնց լացացրի…

ՆԱՆ — Էլի սկսեցի՞ր…

ԿԱՐ — Նան, Մադամը ստիպում էր, որ քեզ հետևեմ:

ՆԱՆ — Ահա թե ինչ… Չասա՞ց՝ ինչի համար պիտի հետևես:

ԿԱՐ — Բոլոր աղջիկները մեկը մյուսին հետևում են: Մենք նրա ականջներն ենք:

ՆԱՆ — Դու մատնեցի՞ր Մանիկին:

ԿԱՐ — Ես… Չէ, Նա՛ն:

ՆԱՆ — Մեզնից մեկն էր: Մյուս օրը խեղճին գտան փողոցում մեռած:

ԿԱՐ — Ես գիտեմ այդ պատմությունը: 

Դադար:

ՆԱՆ — Քեզ օգնության եկա, որովհետև ձենդ գցել էիր գլուխդ, ամբողջ թաղը լսում էր: 

ԿԱՐ — Գոռում էի, որ վախենան: Էն մատնաչափ լակոտը իրենից բան չէր ներկայացնում, բայց թիկնապահը… Ես նրանց մերը, քիչ մնաց գլուխս ջարդեր: Ծնկով էնենց հասցրի… պիստալետս դրեցի ճակատին ու գոռացի՝ բոզի տղա՛, ուժդ աղջկա վրա՞ է պատում:

ՆԱՆ — Հերիք է պարծենաս, լուսամատից չթռչեինք՝ վերջներս եկել էր: (Դադար: Ժպտում է:) Ասում են՝ շա՞տ եմ փոխվել:

ԿԱՐ — Հա: Մի տարի է՝ հետևում եմ քեզ, գլուխ չեմ հանում: Ամռանը երեք ամիս անհետացար: Հետո երևացիր ավելի սիրունացած, փորդ էլ իջել էր: Հա, ամենից կարևորը, երեսիդ մի սիրուն ժպիտ տեսա:

ՆԱՆ — Ես միշտ էլ ժպտում եմ հաճախորդներին:

ԿԱՐ — Չէ, իմ տեսած ժպիտն ուրիշ էր, ո՞նց ասեմ, էնենց մեղմություն ու հանգստություն կար: (Նանը ժպտում է:) Ես շատ բան գիտեմ քո մասին:

ՆԱՆ — Էլ ի՞նչ գիտես:

ԿԱՐ – Ամեն գիշեր ժամը տասներկուսին անհետանում ես: Հասցեն ասե՞մ:

ՆԱՆՄադամը գիտի՞…

ԿԱՐ – Չէ՛:

ՆԱՆ — Գիտեցածը լեզվին չեն տալիս, դա մեր օրենքն է: Բորդելի տիրուհին մերը չէ:

ԿԱՐ — Ես իմ անելիքը գիտեմ:

ՆԱՆ – Տես, հա՜, հանկարծ չսխալվես: 

ԿԱՐ — Թե չէ՝ ի՞նչ…

ՆԱՆ — Ոչինչ: Մենք պարտավոր ենք իրար օգնել:

ԿԱՐ – Իսկապե՞ս: Ի՜նչ հրաշալի բան ասացիր: Սիրտս լցվեց, հիմա լաց կլինեմ: (Նանը վիրավորված շրջվում է, Կարը զգույշ նրան հրում է:) Նան, նեղացա՞ր, ներիր, հա՞: Մի՛ մտածիր, որ էն աղջիկներից եմ, որ մենթերի պոչից բռնած խեղճ տղա են բռնում, որ փող աշխատեն: (Դադար:) Մադամին քո մասին ոչինչ չեմ ասել: Մադամը հենց քո մասին հարցնում էր, ասում էի՝ նոր դուրս եկավ, հոգնել էր:

ՆԱՆ — Էդ պառավի համար օրը քսանչորս ժամ էլ աշխատես, կասի՝ քիչ է:

Դադար:

ԿԱՐ – Նա՛ն, էնքան լավ ես պահպանվել: Միշտ քեզ նախանձել եմ:

ՆԱՆ — Դրա համար պիտի քեզ հետևես: Ամեն առավոտ մարզվում եմ: Հաց քիչ եմ ուտում: Խմիչք քիչ եմ օգտագործում:

ԿԱՐ — Էդ ամենը նրանց համար ես անո՞ւմ: 

ՆԱՆ — Ոչ միայն… Ես երիտասարդ եմ, գեղեցիկ, կյանքը առջևում է:

ԿԱՐ — Իսկ ես ուզում եմ ինքնասպան լինել, հատկապես, երբ մենակ եմ լինում: Ո՞վ կասի, որ քսան տարեկան եմ: Ոնց որ չուչել լինեմ: Շորերս վրայիցս թափվում են: Գիտե՞ս, երբ կլիենտը հեռանում է, մտնում եմ վաննայի մեջ ու մի ժամ սապոնվում: Դա էլ չի օգնում: Մեկ-մեկ կանգնում եմ «Հաղթանակ» կամուրջի վրա ու ներքև նայում: Ես ցավից եմ վախենում, թե չէ վաղուց ինձ գցել էի: (Դադար:) Իսկ դու ի՞նչ ես անում:

ՆԱՆ — Ես նրանց չեմ զգում: Հասկացա՞ր: 

ԿԱՐ — Չէ, նրանք էնքան ծանր են:

ՆԱՆ — Դու պիտի կարողանաս նրանց չզգալ: 

ԿԱՐ — (ծիծաղում է): Ա՜յ թե ասիր… հարյուր կիլոգրամանոց տղամարդուն ո՞նց չզգամ: Ասեմ՝ չեմ զգում, ու վե՞րջ:

ՆԱՆ — Հաճախորդի ուզածը քո մարմինն է: Տուր նրանց մարմինդ, տուր այդ անիծյալ մարմինն ու ասա՝ արեք, ինչ ուզում եք: Իսկ դու դուրս ել քո մարմնից, կանգնիր նրանց կողքին ու նայիր տղամարդկանց անճարակ շարժումներին: Ծիծաղիր, ծիծաղիր այնքան, մինչև հռհռաս:

ԿԱՐ — Այ թե ասիր… Ո՞նց դուրս գամ իմ մարմնից:

ՆԱՆ — Արի քեզ սովորեցնեմ: Հանվիր ու պառկիր: (Կարը մերկ պառկում է:) Զգո՞ւմ ես մարմինդ:

ԿԱՐՀա:

ՆԱՆ — Աչքերդ փակի՛ր: (Կարը փակում է:) Հիմա պատկերացրու, որ տղամարդը քո վրա է: Զգո՞ւմ ես նրան:

ԿԱՐՉէ:

ՆԱՆ — Տրամադրվիր: (Դադար:) Հիմա զգա նրան, շունչը, մարմնի ծանրությունը… նա կեղտոտ բառեր է ասում, մարմինդ կոպիտ շուռումուռ է տալիս, մի կերպ ուզում է հանգստանալ, որովհետև դու նրան ոչինչ չես տալիս, միայն մարմին, մսագունդ: Իսկ հիմա վեր կաց: (Կարը ոտքի է կանգնում:) Նայիր, թե ինչ է անում քո մարմնի հետ: Էն հաստավիզը բռնել է ձեռքերդ, իսկ լակոտն ուզում է քեզ բռնաբարել: 

ԿԱՐ (լալիս է): Անասուննե՛ր, անասուննե՛ր… 

ՆԱՆԻսկ հիմա պիտի ծիծաղես: (Կարը փորձում է, չի կարողանում:) Դե, ծիծաղիր, շան աղջիկ, հռհռա: (Սկսում են հռհռալ:) Նրանք սիրում են պարծենալ իրենց ունեցվածքով: Տնքա ամբողջ ուժով, որ մտածի, թե իր նման տղամարդ չես տեսել: (Տնքում են ու ծիծաղում:) Նրանք չեն հասկանում, որ առանց սիրո սեքս չի լինում: 

Դադար:

ԿԱՐ — Նան, իսկ մեր արածն ի՞նչ է, սեքս չի՞: 

ՆԱՆ — Չէ: 

ԿԱՐ- Նան, իսկ ի՞նչ է սեքսը:

ՆԱՆ — Սեքսը… (Ժպտում է: Աչքերը փայլում են:) Երբ տղամարդը սիրում է քեզ, իսկ դու՝ նրան: Դու համբուրում ես նրա շուրթերը, լայն ճակատը, վճիտ աչքերը, իսկ նա էլ՝ քեզ: Հետո նա քեզ սեղմում է իր կրծքին այնպիսի ուժգնությամբ, որ ոսկորներդ ճռճռում են: Հետո գալիս է երանության պահը, կարծես երկրաշարժ լինի: Ամբողջ գիշեր զգում ես նրա տաքությունը, առնականությունը, մինչև լույս ապահով քնում ես նրա գրկում…

ԿԱՐՆան, դու ապրե՞լ ես այդ պահը: (Նանը երանավետ աչքերն է փակում:) Իսկ ես չեմ զգացել, անարդարացի է, չէ՞:

ՆԱՆ- Չգիտեմ…

Դադար: Նանը պառկում է, խորասուզվում է մտքերի մեջ: Կարը պտտվում է բեմով մեկ: Դուռն է ստուգում, կանգնում է կենտրոնում ու նայում է երկինք: Լուսինը կախված է նրա գլխավերևում: Ուզում է բռնել լուսինը, բայց այն հեռանում է:

ԿԱՐ — Նայիր, ինչ մեծ լուսին է: Տեր Աստված, այսպիսի լուսին չեմ տեսել: (Գոռում է:) Էհե՜յ, մենք էստեղ ենք, դու մեզ տեսնո՞ւմ ես:

ՆԱՆ — Խելքդ թռցրի՞ր, չե՞ս հասկանում՝ որտեղ ենք:

ԿԱՐ — Նան, արի ինձ մոտ, խնդրում եմ: (Նանը դժկամ մոտենում է:) Նայիր լուսնին: Ի՜նչ գեղեցիկ է: Էն մուգ գույնը լեռներն են: Մենք կարող ենք մի օր լուսին թռչել: Փոքր ժամանակ մի հեքիաթ եմ կարդացել, լուսնից իջնող տղան: Նա էնքան ուժեղ է, սպանում է բոլոր դևերին ու փրկում աղջկան: Մինչե հիմա նրան եմ սպասում: Ծիծաղելի է, չէ՞:

ՆԱՆ — Չէ… հույսդ մի կորցրու, մի օր նա կգա…

ԿԱՐ — Ու մենք կնստենք թևավոր ձին…

ՆԱՆ — Ու կթռչեք:

ԿԱՐ — Նան, արի պարենք, խնդրում եմ: (Պարում են:) Ստո՛ւմ ես, Նան, դու ստո՛ւմ ես, ես ոչ մի տեղ էլ չեմ թռչի: Չկա՛ էդպիսի տղա: 

ՆԱՆ — Փնտրիր, մի օր կգտնես:

ԿԱՐ – Որտե՞ղ փնտրեմ, այդ բոզարածների մե՞ջ:

ՆԱՆ — Ամեն ինչ փչացրիր: (Դադար: Նայում է մահճակալին:) Բոլորը վատը չեն: Կան տղամարդիկ, որոնք համբուրում են կանանց ձեռքը: 

ԿԱՐ – Կինոյո՞ւմ ես տեսել:

ՆԱՆ — Ոչ: (Դադար:) Քեզ մի գաղտնիք եմ ուզում վստահել:

ԿԱՐ — Երդվում եմ: (Համբուրում է երկու մատը, դնում սրտին:)

ՆԱՆ — (ժպտում է): Էսօր տղաս ութ ամսական դարձավ:

ԿԱՐ — Երեխա ունե՞ս… Ա՜յ քեզ բան: Մերոնք չգիտե՞ն… Մադամն է՞լ չգիտի:

ՆԱՆ — Հույս ունեմ, որ չես մատնի:

ԿԱՐ — Ես երդվեցի… մինչև մահ-գերեզման բերանս կողպված է: Նան, պատմիր, հա՞: 

ՆԱՆ — Սկսել է ինձ ճանաչել: Հենց տեսնում է, սկսում է թաթիկները թափահարել:

ԿԱՐ – Էսպե՞ս… (Ցույց է տալիս:)

ՆԱՆ — Ասում է՝ ինձ գրկիր, ման տուր, դուրս տար:

ԿԱՐ — Աչքերն ի՞նչ գույնի են:

ՆԱՆ — Կապույտ, հոր աչքերի գույնն է: 

ԿԱՐ — Ամուսին ունե՞ս: Չի կարող պատահել… չեմ հավատում:

ՆԱՆ — Կուզեի տանը լինել: Հիմա ամուսինս ճաշը եփել է, ինձ է սպասում: Որ ժամին էլ տուն գնամ, միասին ենք ճաշում:

ԿԱՐ- Ի՞նքն է ճաշ եփում:

ՆԱՆ — Երեխային էլ ինքն է պահում: Չթողեց՝ տանեմ մանկամսուր:

ԿԱՐ — Հրաշալի ամուսին ունես, ոտքերն ամուր են, ինքն էլ լուսնից է իջել:

ՆԱՆ — Հասկացող ամուսին ունեմ: Հիմա ինձ է փնտրում: Կսկսի զանգել մեր բոլոր ծանոթներին, հետո չգիտեմ՝ ինչ կանի: Հավանաբար կսպասի, մինչև լույսը բացվի: (Սկսում է ծխել:) 

ԿԱՐ — Դրա համա՞ր ես կեսգիշերին տուն գնում: Վաղն ի՞նչ ես ասելու, գիշերը որտե՞ղ ես եղել:

ՆԱՆ — Մի բան կմտածեմ: (Դադար:) Իսկ քեզ փնտրող կա՞:

ԿԱՐ — Չէ, մեր տանը ամեն մարդ իր գլխի տերն է: Խեղճ մերս էնքան է մեծացել, որ ինձ չի ճանաչում: Քույրս էլ ամբողջ օրն աշխատում է: Մենք իրար երես չենք տեսնում: Չէ, ես եմ ու իմ չոր գլուխը, որ մեռնեմ, ոչ ոք չի իմանա: Դու կեցցես, ամուսին ունես, երեխա ունես, դա երջանկություն է: Նան, որտե՞ղ ես ծանոթացել: 

ՆԱՆ — Կանգնած էի կանգառում, տեսնեմ՝ մեկն ինձ է նայում: Մտածեցի՝ երևի իմ հաճախորդներից է… Դե, որի՞ն հիշեմ: Մեկ էլ մոտեցավ ինձ ու ասաց. «Օրիո՛րդ, դուք այնքան գեղեցիկ աչքեր ունեք»:

ԿԱՐ — Քեզ օրիո՞րդ ասաց:

ՆԱՆ — Հա: (Ծիծաղում են:) Մտածեցի՝ ձեռ է առնում, բայց երբ նայեցի աչքերի մեջ, հասկացա. այն մարդն է, ում սպասել եմ ամբողջ կյանքում: Քիչ էր մնում՝ լաց լինեի:

ԿԱՐ — Ես չէի դիմանա, զռռոցս կգցեի: 

Ծիծաղում են:

ՆԱՆ — Հրավիրեց սրճարան, խոսեցինք, ծանոթացանք, հետո գնացինք ընկերոջ արվեստանոցը… բոլոր պատերին նկարներ էր կախած:

ԿԱՐ — Զարմանալի բաներ ես պատմում: 

ՆԱՆ — Ընկերն սկսեց բացատրել նկարների իմաստը, իսկ ես մտածում էի. «Տեր Աստված, էս ո՞ւր եմ ընկել»: Հաջորդ օրը գնացինք թատրոն. տխուր ներկայացում էր: Ես լաց եղա: 

ԿԱՐ — Կյանքումս թատրոն չեմ գնացել: Ինչի՞ մասին էր:

ՆԱՆ — Ջահելներն իրար սիրում էին, իսկ ծնողները դեմ էին: Նրանք էլ թույն խմեցին ու մեռան:

ԿԱՐ — Ես նրանց մերը… Չեն թողնում, որ մարդիկ իրար սիրեն: Եթե մեկն ինձ սիրեր, գիտե՞ս, նրան ոնց կպաշտպանեի:

ՆԱՆ — Հաջորդ օրը ընկերներին հրավիրեց իր տուն, որ ինձ հետ ծանոթանան: Ես առաջին անգամ տեսա տղամարդկանց:

ԿԱՐ — Էդ ի՞նչ ես ասում, դու տղամարդ չե՞ս տեսել:

ՆԱՆ — Նրանք ի՞նչ տղամարդ, բոզի զավակներ են, փողոցում թափառող շուն: Տղամարդը իմ ամուսինն է ու իր ընկերները: Նրանք ինձ հարգում են ու սիրում:

ԿԱՐ — Նան, ամուսինդ քեզ ասե՞լ է, որ սիրում է:

ՆԱՆ — Ամեն օր:

ԿԱՐ — Ոնց որ կինոյում:

ՆԱՆ — Հա:

ԿԱՐ — «Օրիորդ, ես սիրում եմ քեզ կյանքից ավելի, ես առանց քեզ մեկ րոպե չեմ ապրի, դու իմ կյանքն ես, իմ սիրտը, իմ թոքերը»: (Ծիծաղում են:) Անկողնում էլ է՞ ասում:

ՆԱՆ – Անկողնում՝ ավելի շատ… էնքան մեղմ ու քնքշանքով է դիպչում, որ միանգամից հալվում եմ:

ԿԱՐ — Շաքարի պես: Ուո՜ւ… Այ թե բախտավորն ես: Բեղ ունի՞:

ՆԱՆ — Չէ:

ԿԱՐ – Ուո՜ւ… Ես էլ կուզեի ամուսնուդ նման ամուսին ունենալ: Առանց բեղ, և ամեն օր սափրված լինի, իսկ բերանից ոչ թե օղու հոտ գա, այլ, ո՞նց բացատրեմ… հենց իրա հոտը: 

ՆԱՆ — Խենթուկ, մի օր դու էլ կամուսնանաս: 

ԿԱՐ — Ինձ ո՞վ կառնի: Գիտե՞ս, առաջ տղամարդ տեսնելիս հուզվում էի, մեջս ինչ-որ բան էր առաջանում, հիմա միայն զզվանքս է գալիս: Ես նրան ասում եմ քաղցրիկս, իսկ իրականում փսխուկը, ա՛յ, էստեղ է հասել, ուզում եմ ետ տալ ուղիղ երեսին: Նան, դու շատ ապրես, կարծում էի, մեզ նման կորած մարդ ես: (Դադար:) Ամուսինդ գիտի՞, ինչով ես զբաղվում:

ՆԱՆ — Հո չե՞ս ցնդել: Ասել եմ՝ կոմերսանտ եմ: 

ԿԱՐ — Կոմերսանտն ի՞նչ է:

ՆԱՆ — Ապրանք են ցրում քաղաքում: Դրա համար էլ կարող եմ ուշ տուն գնալ: Դե, սուտ է, էլի, ասում եմ:

ԿԱՐ — Լավ ես ֆռռցնում նրան:

ՆԱՆ — Վատն էն է, որ ինչ ասում եմ՝ հավատում է: Մեծ, խելացի աչքերը երբ հառում է վրաս, մարմինս կորչում է քրտինքի մեջ: 

ԿԱՐ — Բայց ո՞նց ես անում, որ մարդդ չի հասկանում… Ենթադրենք, պռոշներդ սրբում ես, թշերդ՝ լվանում, հետո բերանդ ծամոն ես գցում, որ ծխի, խմիչքի հոտը չգա: Էլ ի՞նչ ես անում: 

ՆԱՆ — Նա կույր է:

ԿԱՐ — Բայց ասիր, որ փողոցում ես հանդիպել:

ՆԱՆ — Նա ինձ սիրում է:

ԿԱՐ- Ուզում ես ասել, որ սիրում է՝ կո՞ւյր է: 

ՆԱՆ – Չգիտեի՞ր:

ԿԱՐ — Դու էլ նրան ես սիրում, չէ՞, էլ ինչո՞ւ ես գալիս մեզ մոտ:

ՆԱՆ – Հասկանո՞ւմ ես, ես եմ նրան պահում:

ԿԱՐ – Ֆո՛ւ, ես էլ ասի՝ կարգին տղամարդ ես ձեռք գցել: Ընկել է կնգա վզին՝ ուտում է: Լավ ես անում, նրան տեղն է: Բա ամբողջ օրն ի՞նչ է անում… Հո հարբեցող չէ՞:

ՆԱՆ — Չէ, թարգմանություններ է անում, ուզում է գիրք հրատարակել:

ԿԱՐ — Նան, քեզ մի բան կասեմ. եթե տղամարդը տուն փող չի բերում, մի օր չեն պահում: Երեխան ունես՝ հերիք է: Նրան էլ քշի, թող կորչի, գնա: Դու էլ չես քրտնի: 

Դադար:

ՆԱՆ — Գիշերը որ գնում եմ տուն, տեսնում եմ՝ ամուսինս ինձ է սպասում, իսկ երեխաս էլ թաթիկները դրած թշիկներին մուշ-մուշ քնած է, ասում եմ՝ տեր Աստված, սրանից ավելի ոչինչ չեմ ուզում: Է՛հ, ո՞ւմ եմ պատմում: Դու ինձ չես հասկանա: 

Դադար:

ԿԱՐ — Մադամն իմացավ՝ մարդուդ ծոցիցդ կհանի, ոնց որ Նառային արեց:

ՆԱՆ — Թող միայն փորձի: Կսպանեմ: 

ԿԱՐ — Նան, գնա մեր մոտից, մի օր սպիդով կվարակվես, նրանց էլ կվարակես: Մեղք չի՞ երեխան:

ՆԱՆ — Էս գործից հետո խոսք եմ տալիս հեռանալ:

ԿԱՐ — Բա ինչո՞վ ես ապրելու:

ՆԱՆ — Մի բան կմտածեմ:

ԿԱՐ — Քույրս ամբողջ օրը դախլի կողքին է կանգնում, երկու հազար դրամ է ստանում: Ես եմ նրան օգնում, որ երեխան համալսարանում սովորի: Մի օր մտա խանութը, տեսնեմ՝ տերը էնենց է վրան գոռում, քիչ մնաց պիստալետս հանեի ու ճակատին շարեի: Գիտես՝ մեջս մի բան կա, ինձ հանգիստ չի տալիս: Ես չեմ կարող քրոջս նման ամբողջ օրը դախլի կողքին կանգնել: Տեսա՞ր, էն լակոտը ինչ մեքենա ուներ: Քույրս քսանչորս ժամ էլ աշխատի, էդ մեքենայից չի կարա առնի: Իսկ ես կառնեմ: Կնստեմ ղեկին, կպտտվեմ քաղաքով, ու որ տղեն ինձ դուր գա, կքաշեմ մեքենայի մեջ ու հենց մեքենայի մեջ էլ կշինեմ:

ՆԱՆ — Լավ կանեիր՝ մտածեիր ապագայիդ մասին: Գնա քրոջդ կողքին կանգնի ու աշխատի:

ԿԱՐ — Ինձ ուզում ես ջարդե՞լ, ես էդ աղջիկը չեմ:

ՆԱՆ — Իսկ ես կաշխատեմ. համ խիղճս հանգիստ կլինի, համ էլ շուտ տուն կգնամ: Այ, մինչև կոկորդս կուշտ եմ:

ԿԱՐ — Էս ո՞վ է խոսում, քո անունը Նան չի՞: 

ՆԱՆ — Իմ անունը Նանուլ է, դուք եք ինձ Նան ասում:

ԿԱՐ — Ուզում ես ասել, որ ցեխոտվել էիր, մտար-լողացար, ուրիշ մարդ դարձար, հա՞: Էդքան հեշտ չես մաքրվի:

ՆԱՆ — Մարդու հոգին որ մաքուր եղավ, մարմինը կմաքրվի: Ժամանակի հետ կմաքրեմ ամեն մի բիծ: 

Դադար:

ԿԱՐ – Հավատո՞ւմ ես ճակատագրին:

ՆԱՆ — Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերը:

ԿԱՐ – Է՜, ասում ես, էլի… որ հարուստ ընտանիքում ծնվեի, կարծում ես, էս գործով կզբաղվեի՞: Չէ, չէի զբաղվի:

ՆԱՆ — Բա Մարգոն ո՞նց է գալիս:

ԿԱՐ – Նա ի ծնե բոզ է: 

Ծիծաղում են:

ՆԱՆ – Չե՞ս ուզում պառկել:

ԿԱՐ — Չէ, քունս չի տանում:

ՆԱՆ — Իսկ ես կպառկեմ:

ԿԱՐ — Քնիր, ես դռանը կնայեմ:

Նանը պառկում է, Կարը նայում է լուսնին: Լուսինը մտել է սենյակ: Կարն ուզում է ձեռք տալ, լուսինը բարձրանում է վերև:

ԿԱՐ – Քնա՞ծ ես:

ՆԱՆ — Կարծում ես, հե՞շտ է քնել, ուշքս ու միտքս տունն է:

ԿԱՐ — Մորս արև, էս լուսինը տեղից չի շարժվում: Չես հավատում՝ արի նայիր: (Նանը մոտենում է, նայում են լուսնին:) Գեղեցիկ է, չէ՞: Քանի ժամ է՝ էստեղ ենք, լուսինն էլ մեր գլխավերևում է: Տեղից չի շարժվում:

ՆԱՆ – Ինչի՞ ես շտապում, լույսը կբացվի, լուսինն էլ կգնա: (Դադար:) Վաղը որ գան մեզ հարցաքննելու, ի՞նչ ենք ասելու:

ԿԱՐ – Ի՞նչ պիտի ասեմ:

ՆԱՆ — Դու նրան չես սպանել, չէ՞, երդվիր, որ չես սպանել:

ԿԱՐ — Էնենց խառն էր, շունը տիրոջը չէր ճանաչում: Մի կողմից էլ մենթերը վրա տվեցին… 

ՆԱՆ – Գիտե՞ս, ում լակոտն է:

ԿԱՐ-Չէ:

ՆԱՆ — Սամոյի: Եթե հետը բան պատահած լինի, կորած ենք:

ԿԱՐ- Էշի տղան էնենց էր իրեն ցուցադրում, կարծես աշխարհը իրենն էր, մենք էլ իրա ճորտերն էինք: Արյունը խփեց գլխիս:

ՆԱՆ — Ճիշտն ասա, որ իմանանք մեր անելիքը:

ԿԱՐ — Նան… վախենում եմ, շատ կատաղես: 

ՆԱՆ – Ասելո՞ւ ես, թե՞ չէ:

ԿԱՐ — Ես նրա գլխին կրակեցի:

ՆԱՆ — Ուրեմն սատկացրել ես:

ԿԱՐ — Հա… ինքն ու թիկնապահը ուզում էին բռնաբարել…

ՆԱՆ – Տե՜ր Աստված… Ոչ մի հույս չկա՞…

ԿԱՐ — Չէ, առաջինը որ կրակեցի, վախից ընկավ, երկրորդը հենց գլխի մեջ թաղեցի:

ՆԱՆ — Գրողր քեզ տանի, կորած ենք: 

Դադար:

ԿԱՐ — Հիմա ի՞նչ ենք անելու:

ՆԱՆ — Կրակելուց առաջ մտածեիր:

ԿԱՐ — Կարծում ես, ուզո՞ւմ էի՝ ինձ բռնաբարեն… իհարկե, չէի ուզում: Ո՞վ կուզի… Գուցե հազարից մեկը, բայց ես էդ մեկը չեմ: Ես նրան ասում եմ՝ սիրելիս, իսկ նա էնենց խփեց գլխիս, մինչև հիմա ականջս տժժում է: Ամեն լակոտ որ ուզենա ինձ բռնաբարել, ո՞ւր կգնա: (Աչքի տակով նայում է Նանին:) Մենք ընկերներ ենք, չէ՞: (Նանը նրան չի նայում:) Ես ուզում եմ իմանալ՝ մենք ընկերնե՞ր ենք, թե՞ չէ:

ՆԱՆ — Եթե ընկերներ ենք, ուրեմն ինձ պիտի քաշես քո կեղտի մե՞ջ… Շնորհակալ եմ:

ԿԱՐ — Պարզ է:

ՆԱՆ – Ի՞նչն է պարզ:

ԿԱՐ — Մինչև լույսը բացվելը կարող ենք փախչել: Արի դուռը ջարդենք:

ՆԱՆ — Փորձիր, դուռը երկաթից է:

ԿԱՐ — Արի պարանն անցքից դուրս գցենք… ես ճարպիկ եմ, կբարձրանամ վերև, քեզ էլ կքաշեմ:

ՆԱՆ — Քաղաքից էլ չենք հասցնի դուրս գալ, կբռնեն: Չէ՛, դու չես հասկանում՝ ում լակոտին ես սպանել: Հիմա ամեն փողոցում մի մենթ է կանգնել… մեզ են ման գալիս:

ԿԱՐ — Ախր, ես նրան չէի ուզում սպանել, բայց նրանք ոտքերիցս էին քաշում… Թո՛ւ, ես ձեր մաման. լավ եմ արել, ես մարդ եմ: (Ծանր լռություն: Նանը պառկած տեղից բարձրանում է:) Հը՛, մի ճար գտա՞ր:

ՆԱՆ — Չէ…

ԿԱՐ — Մադամը մեզ չի պահի:

ՆԱՆ — Զարմանում եմ, որ մինչև հիմա ողջ ենք:

ԿԱՐ — Արդեն համակերպվել ես, որ մեզ կսպանե՞ն:

ՆԱՆ — (սառը տոնով): Մեզնից մեկին: 

Դադար:

ԿԱՐ – Ի՞նչ ես ուզում ասել:

ՆԱՆ — Առավոտյան, երբ նրանք կգան, կասես, որ պատահաբար ես սպանել: Եթե խղճան, ողջ կմնաս:

ԿԱՐ — Ուզում ես, որ իմ ձեռքով պարանր գցեմ վզի՞ս:

ՆԱՆ — Չսպանեիր:

Դադար: Լարված իրար են նայում: 

ԿԱՐ — Ես չեմ սպանել:

ՆԱՆ — Բա ո՞վ…

ԿԱՐ — Դու:

Լարված իրար են նայում:

Պատկեր երկրորդ

Նույն անձինք: Լարված իրար են նայում:

ՆԱՆ — Ուրեմն ասում ես՝ ես եմ սպանել, հա՞: 

ԿԱՐ- Հա, հենց դո՛ւ, ես էլ վկա եմ:

ՆԱՆ — Ուրեմն, դու վկա ես, հա՞: (Բռնում են իրար մազերից ու պտտվում:) Շան քած, որ ես չլինեի, քեզ էնքան կքշեին, որ կսատկեիր: Էս է՞ քո շնորհակալությունը:

ԿԱՐ — Եթե ձեռքս չբարձրացնեի, լինգը գլուխդ երկու կես կաներ: Իսկ հիմա ուզում ես պոչդ քաշես ու փախչե՞ս: Չէ, սիրելի ընկերուհի, էդ չեղավ, միասին ենք ընկել էս փոսը, միասին էլ պիտի պատասխան տանք:

ՆԱՆ — Ես կապացուցեմ, որ դու ես կրակել: 

ԿԱՐ — Ոչ ոք չտեսավ, որ ես կրակեցի: 

ՆԱՆ — Դու հինգ պատրոն ունես:

ԿԱՐ — Ճանապարհին կորցրի:

ՆԱՆ — Քո ատրճանակից բարութի հոտ է գալիս:

ԿԱՐ — Ինչ է, էքսպերտիզա պիտի տանե՞ս: 

ՆԱՆ — Որ պետք լինի՝ կտանեմ: (Կարը ծիծաղում է:) Ի՞նչ ես բերանդ բացել…

ԿԱՐ – Ինչի՞ մազերիցս չես քաշում:

ՆԱՆ — Բա դու ինչի՞ չես քաշում:

ԿԱՐ — Դու ինձնից մեծ ես, առաջինը դու քաշի:

ՆԱՆ – Գիտե՞ս, մազ պոկելը ինձ չի սազում: Ես բոզ չեմ:

ԿԱՐ — Կողքից լսողն էլ կասի՝ մենաստանի կույսերից է: (Կանգնում են, մազերը բաց են թողնում:)

ՆԱՆ — Արի կռվենք բարոյական կանանց նման:

ԿԱՐ — Կրակենք:

ՆԱՆ — Հա, էդ իմ սրտովն է:

ԿԱՐ — Համաձայն եմ: Սպասիր, մազերս կարգի բերեմ: (Սկսում է շպարվել:)

ՆԱՆ — Էդ ինչի՞ ես երեսդ քսմսում. կլիենտի ե՞ս սպասում:

ԿԱՐ — Որ մեռնեմ, էրեսս թող սիրուն լինի: Դու էլ քսվի. Ո՞վ գիտի, մեզնից ո՞վ է ոդջ մնալու: 

ՆԱՆ – Չգիտե՞ս, վերևում Աստված կա, մեզ է նայում:

ԿԱՐ — Մենք ո՞վ ենք, որ Աստված մեզ տեսնի: (Մի պահ մեջք-մեջքի տված շպարվում են:) Չէ, գլուխս չի մտնում, մարդդ ո՞նց չի ջոկում, որ դու ընկածի մեկն ես:

ՆԱՆ — Իսկ դու, տանը մնացած, նախանձում ես, որ վրադ նայող չկա:

ԿԱՐ — Ես քեզնից ջահել եմ ու սիրուն:

ՆԱՆ — Միայն լակոտներն են քեզ վրա տալիս:

ԿԱՐ- Իսկ ինչքան քաֆթառ շուն կա, պտուկներիցդ ուզում է կախվել:

ՆԱՆ — Դու էդ էլ չունես: Չորացած երկու ձողեր են ու կաչաղակի գլուխ, մեջքդ էլ տափակ, քամակ էլ չունես, որ ետևիցդ նայեն:

ԿԱՐ — Իսկ քո քամակը էնքան մեծ է, էնենց էլ քիպ ես հագնվում, ու որ քայլում ես, քամակդ ոնց որ ծամոն ծամի:

ՆԱՆ — Ձենդ կտրի, շա՛ն քած, որ վեր կացա, չէ՞

ԿԱՐ – Օ՛յ, վախեցրիր: 

Դադար:

ՆԱՆ – Չվերջացրի՞ր:

ԿԱՐ — Վերջացրի:

Շրջվում են, իրար են նայում:

ՆԱՆ — Էնքան ես դեմքդ կարմրացրել, ոնց որ Զատկի ձու լինես:

ԿԱՐ — Իսկ դու, պառաված կով, ինչ էլ անես, մեկ է, թշերդ կախված են: (Հանում են ատրճանակները, ստուգում:) Հաշվենք ու կրակենք: 

ՆԱՆ — Հա: (Իրար են նայում:) Արի հրաժեշտ տանք: (Դադար:) Լսիր, ես քեզ սիրում էի փոքր քրոջ պես: Ների՜ր ինձ, եթե քեզ սպանեմ:

ԿԱՐ — Ես էլ քեզ էի հավանում, որ ասեիր՝ ընկիր կրակի մեջ, խոսքիցդ դուրս չէի գա: Ների՛ր ինձ, եթե քեզ սպանեմ:

ՆԱՆ — Տասը քայլ ետ գնանք ու կրակենք: 

ԿԱՐ — Համաձայն եմ: Սկսենք: (Դադար:) Մեկ, երկուս, երեք, չորս, հինգ… Ինչո՞ւ չես ետ գնում:

ՆԱՆ — Իմաստ չունի, միևնույն է, երկուսիս էլ կսպանեն: (Ատրճանակը գցում է, ընկնում է մահճակալին, լալիս է:)

ԿԱՐ — Խնդրում եմ, մի լա… Լսո՞ւմ ես, մի թույլ տուր, որ քեզ խղճամ: (Դադար:) Նան, քեզ որ էսպես տեսնում եմ, ինքս էլ եմ հուսահատվում: Թո՛ւ, քո մերը… ինչ աղջիկ էիր, ամուսնացար, էս օրն ընկար… Հենց էս գործը վերջացնենք, կգնաս տուն ու էլ մեր մոտ չգաս: Լսո՞ւմ ես, չգաս, թե չէ տեղնուտեղը կսատկացնեմ: (Դադար:) Էս աղջիկը լրիվ իրեն կորցրել է: Ո՞ւմ ես թողնելու երեխայիդ: Ուզում ես, ո՞րբ մեծանա: Չգիտե՞ս որբի ճակատագիրը: Վերցրու ատրճանակդ ու պատրաստվիր, ես թույլ չեմ տա, որ անտեր շան պես մեզ սպանեն: Ով էլ որ էս դուռը բացի, կսպանեմ: Նան, մենք դիակների վրայով ճանապարհ կբացենք: (Դադար:) Լավ, կասեմ, որ ես եմ սպանել: Ոչ երեխա ունեմ, ոչ ամուսին: Թող իմ կյանքն էլ էսպես վերջանա: Հավատա ինձ, ես իմ խոսքի տերը կլինեմ: 

Դադար:

ՆԱՆ — Օգուտ չունի, մենք արդեն դիակ ենք:

Ծանր լռություն:

ԿԱՐ — (նայում է լուսնին): Ժամը քանի՞սն է: 

ՆԱՆ — Վեցը:

ԿԱՐ — Շուտով պիտի լուսանա, իսկ լուսինը տեղից չի շարժվում: (Բեմի խորքից լսվում է խուլ հեծեծանք: Իրար են նայում:) Լսեցի՞ր: 

ՆԱՆ — Հա: Էն կողմից էր:

ԿԱՐ — (վախեցած մոտենում է խոռոչին: Շշուկով): Էստեղ անցք կա: (Ականջը կպցնում է խոռոչին:) Մարդու ձայն եմ լսում: (Ձեռքը մտցնում է խոռոչի մեջ:)

ՁԱՅՆ — Ձեռքդ քաշիր, թե չէ կկրակեմ: 

ԿԱՐ — (վախեցած ձեռքը քաշում է): Նան, լսեցի՞ր, ինչ ասաց:

ՆԱՆ — Խոսիր հետը:

ԿԱՐ — (գոռում է): Հե՜յ, ո՞վ ես:

ՁԱՅՆ – Ե՞ս ով եմ: (Խելահեղ ծիծաղ:) Հարցնում է՝ ով եմ: Ապո՛ւշ, իսկ դու ո՞վ ես:

ԿԱՐ — (Նանին): Լսեցի՞ր… շատ քաղաքավարի ինձ հայհոյեց: Ա՛յ թե մազալու մարդ է: 

ՆԱՆ — Ուրեմն, մենք մենակ չենք: Հարցրու՝ ինչո՞ւ է լաց լինում:

ԿԱՐ — (գոռում է): Լսիր, ինչո՞ւ ես լաց լինում: 

ՁԱՅՆ – Է՜, գլխիցս ռադ եղիր: Կարո՞ղ է՝ տերտեր ես, որ քեզ խոստովանեմ:

ԿԱՐ — Չէ, տերտեր չենք, բայց կարող ենք քեզ ինչ-որ բանով օգնել:

ՁԱՅՆ — Ձեր կողմը փողո՞ց է:

ԿԱՐ — Չէ, սենյակ է:

ՁԱՅՆ — Դուռ ունի՞:

Կ Ա Ր — Հա:

ՁԱՅՆ – Կարո՞ղ ես դուռը բացել:

ԿԱՐ — Չէ, դուռը երկաթից է ու էնքան է ժանգոտել, որ չի բացվի:

ՁԱՅՆ- Ձեր գլխավերևում անցք կա՞:

ԿԱՐ — Հա:

ՁԱՅՆ – Փորձե՞լ եք պարանը գցել անցքից դուրս:

ԿԱՐ — Հիմա կփորձենք: (Վերցնում է պարանը, մի քանի անգամ փորձում է, չի ստացվում:) Նան, օգնիր… (Նանը փորձում է, պարանը ետ չի գալիս:) Էս մեկն էլ փորձիր: (Նանը գցում է, պարանը ետ չի գալիս: Կախվել է լուսնից: Զարմացած նայում են լուսնից կախված պարանին:) Նան, էս ի՞նչ արեցիր:

ՆԱՆ — Չեմ հասկանում… Լուսինը ինչո՞ւ էսքան մոտ է:

ԿԱՐ — (գոռում է անցքից): Լսիր, պարոն, գցեցինք, կախվեց լուսնից:

ՁԱՅՆ — Ուրեմն, ձեր կողմից էլ է երևո՞ւմ լքված լիալուսինը:

ԿԱՐ — Հա: Բայց ոնց որ տեղից չի շարժվում: 

ՁԱՅՆ — Այդպես էլ մտածում էի: Ափսոս, շատ ափսոս:

ԿԱՐ – Ինչո՞ւ ես լքված լիալուսին ասում: 

ՁԱՅՆ — (զայրացած): Չե՞ս տեսնում, կո՞ւյր ես… Ուշադիր նայիր՝ կտեսնես:

ԿԱՐ — (նայում է լուսնին): Ուշադիր նայեցի, բայց ոչինչ չեմ տեսնում:

ՁԱՅՆ — Որովհետև տգետ ես: Կյանքումդ գիրք կարդացած կա՞ս:

ԿԱՐ — Քո ի՞նչ գործն է: Ավելի լավ է ձենդ կտրես, մենք առանց քեզ էլ յոլա կգնանք: (Նանին.) Իրեն գիտունիկի տեղ է դրել, ո՜նց չեմ սիրում էդ ծակ պրոֆեսորներին: 

Լռում են:

ՆԱՆ – Հարցրու՝ ուտելիք ունի՞:

ԿԱՐ — Չէ, հետը չեմ ուզում խոսել:

ՆԱՆ — Ծարավից ուշքս գնում է:

ԿԱՐ — (անցքից գոռում է): Լսիր, մեզ ուտելու բան կարո՞ղ ես տալ:

ՁԱՅՆ — Ինչ որ ուզեք… փող ունե՞ք, ձրի ոչինչ չեմ տալիս:

ԿԱՐ – Խանո՞ւթ է:

ՁԱՅՆ — Հա, իմ սեփական խանութն է՝ սուպերմարկետ: Ինչ ուզեք, կարող եմ տալ: Կտրոն էլ կտամ, որ շահեք:

ԿԱՐ — Մեզ տուր հաց, պանիր, երշիկ, թե ավելի համով բաներ ունես, ուղարկիր երկու հոգու համար:

ՁԱՅՆ — Կարող եմ տալ հաց ու ջուր:

ԿԱՐ — Էլ ի՞նչ սուպերխանութ, որ միայն հաց ու ջուր ունի:

ՁԱՅՆ — Ատրճանակ էլ ունեմ, ուզո՞ւմ եք: 

ԿԱՐ — Չէ, երկու հատ էլ մենք ունենք: Դու մեզ հաց ու ջուր ուղարկիր:

ՁԱՅՆ — Սկզբից փողը:

ԿԱՐ – Ինչքա՞ն ես ուզում:

ՁԱՅՆ — Ինչքան որ ունեք:

ԿԱՐ — Մեզ մոտ կարող է շատ լինել:

ՁԱՅՆ — Ամբողջը կամ ոչինչ:

ԿԱՐ — (Նանին): Ի՞նչ անենք:

ՆԱՆ — Առ էս հինգ հազար դրամը, տուր ու ասա, որ էլ ոչինչ չունենք:

ԿԱՐ — (դրամը վերցնում է, մոտենում անցքին): Հե՜յ, էստե՞ղ ես:

ՁԱՅՆ -Ո՞ւր պիտի փախչեմ:

ԿԱՐ — Հինգ հազար դրամ ունենք, հերի՞ք է: 

ՁԱՅՆ — Չէ:

ԿԱՐ — Երդվում եմ, էլ ոչ մի լումա չունենք: 

ՁԱՅՆ — Ստում ես, ձեր մոտ հարյուր հազար դրամ կա: Պայուսակներդ թափ տվեք: Եթե չտաք, էս շոգին շունչներդ կփչեք:

ԿԱՐ- (Նանին): Էս աղջիկը հաստատ կոմերսանտ է:

ՁԱՅՆ — Էդ ես չեմ, ընկերուհիս էր:

ԿԱՐ — Էդ ընկերուհիդ ինչո՞ւ ձայն չի հանում: 

ՁԱՅՆ — Շատ խորը քնած է:

ԿԱՐ — (մոտենում է Նանին): Ի՞նչ անենք: Էս աղջիկն ուզում է մեզ կողոպտել:

ՆԱՆ — Նա որտեղի՞ց գիտի, որ հարյուր հազար դրամ ունենք:

ԿԱՐ — (մոտենում է անցքին ու գոռում): Հե՜յ, որտեղի՞ց գիտես, որ էդքան փող ունենք: (Ձայն չի լսվում:) Երևի անցքից լսել է:

ՆԱՆ — Բայց մենք փողի մասին չենք խոսել: 

ԿԱՐ — Ճիշտ է: Շան աղջիկը ոնց էլ գուշակել է: Արի տանք, վաղը էդ փողը էլի կունենանք: (Պայուսակներից փող են հանում:) Վերցրու: Կարող ես չհաշվել, չենք խաբում:

ՁԱՅՆ — Սա ձեզ հաց ու ջուր, անուշ լինի: (Անցքից Կարին է տալիս երկու կտոր սև հաց ու մի շիշ ջուր:)

ԿԱՐ- (վերցնում է): Քո խանութում էլ ի՞նչ կա: Խաղաթուղթ չունե՞ս, տուր բախտդ բացեմ: 

ՁԱՅՆ — Իմ բախտը վաղուց բացված է: 

ԿԱՐ — Տուր, մենք մեր բախտը բացենք: 

ՁԱՅՆ — Էս աղջիկը խելքը թռցրել է, այստեղ ի՞նչ խանութ: (Ծիծաղում է:) Ապուշը ոնց հավատաց, է՛:

ԿԱՐ – Դե՛, դե՛, ինձ մի զայրացրու:

ՁԱՅՆ – Պա՛հ, ընենց վախեցա:

Դադար: Կարը և Նանը ջուր են խմում, ուտում են հացը:

ԿԱՐ – Հե՜յ, քեզ հետ եմ, ինչո՞ւ հացը սև է: 

ՁԱՅՆ- Չես հասկանա:

ԿԱՐ – Թո՛ւ, քո մերր…

ՁԱՅՆ — Հացը ուրիշ գույն չունի:

ԿԱՐ — Սպիտակ հացը սև՞ է:

ՁԱՅՆ — Հա, սև է:

ԿԱՐ — (Նանին): Լսում ես, չէ՞, էս դալտոնիկին. ապուշը չի տարբերում սևը սպիտակից: 

ՆԱՆ — Էս հացը չենք մարսի, ամբողջ օրը պիտի զկռտանք:

ԿԱՐ – Լսի՛ր, էս հացը ո՞նց ես ուտում… որ սեղմեմ, մի բաժակ ջուր կկաթի:

ՁԱՅՆ — Ես էլ էի քեզ պես մտածում: Իսկ հետո… Տեր Աստված, ինչքա՜ն ժամանակ է անցել:

ԿԱՐ — (Նանին): Տեսա՞ր ոնց մեզ խաբեց, ինձ էսպես ոչ ոք չէր ֆռռացրել: Երկու կտոր սև հացի ու մի շիշ ջրի համար հարյուր հազար վերցրեց: Առավոտյան որ դուռը բացեն, ես սրան գիտե՞ս ինչ կանեմ… (Դադար:) Հե՜յ, էդտե՞ղ ես: (Լսվում է հայհոյանք:) Մենք առավոտյան տուն ենք գնալու: (Լռություն:) Կմտնենք Պռոշյանի խորովածանոց, մի շիշ օղի կառնենք, կհիշենք քեզ ու քո կենացը կխմենք: Հե՜յ, ձայն հանիր, քեզ հետ եմ խոսում: (Մոտենում է անցքին, գոռում է:) Հե՜յ, չմեռնես:

ՁԱՅՆ — Ինձնից ի՞նչ ես ուզում, էլ բան չունեմ: 

ԿԱՐ — Ասում եմ՝ առավոտյան գնալու ենք տուն, ոչ մի բան չե՞ս ուզում:

ՁԱՅՆ — Դու գնալու ես տո՞ւն, երբ երկնքում լուսինն է երևում, իսկ դուռը երկաթից է…

ԿԱՐ – Չե՞ս հավատում, առավոտյան մեր ետևից գալու են:

ՆԱՆ – Հարցրու՝ անունն ի՞նչ է:

ԿԱՐ – Հե՜յ, անունդ չե՞ս ասի:

ՁԱՅՆ — Իմ անո՞ւնր:

ԿԱՐ — Հա:

ՁԱՅՆ — Մարդիկ իմ անունը մոռացել են: Վաղո՜ւց, շա՜տ վաղուց: Ես այն ժամանակ քսան տարեկան էի:

ԿԱՐ — Հիմա քանի՞ տարեկան ես:

ՁԱՅՆ — Ամեն ինչ կորցրել եմ: Մազերս սպիտակել են, ատամներս՝ թափվել, էլ էրոտիկ երազներ չեմ տեսնում: Լսիր, ջահել ժամանակ ապուշի մեկն էի, մտածում էի՝ մեջս մի բան կա: Էդ ժամանակ էր, որ ընկա փորձանքի մեջ ու էս փոսում մնացի: (Նանը ծխում է:) Աղջիկներ, ծխի հոտ եմ առնում: Ծխախոտ ունե՞ք, չե՞ք տա՝ մի ծուխ քաշեմ:

ԿԱՐ — Նան, մի սիգարետ կպցրու: (Նանը սիգարետը վառում, տալիս է:) Ա՛ռ, ծխիր:

ՁԱՅՆ — Օ՜խ, վաղուց թոքերս չէի տաքսւցրել: (Դադար:) Վերևում ի՞նչ կա, էլի իրար խփո՞ւմ են:

ԿԱՐ — Հա, ամեն օր:

ՁԱՅՆ — Էս աշխարհը չի փոխվում: Նայե՛ք լուսնին: Էդ լուսնի տակ դուք ձեզ տեսնո՞ւմ եք… Ամեն մարդ պիտի իրեն տեսնի:

ԿԱՐ — Խեղճ կնիկը խելքը թռցրել է: (Դադար:) Փողն ի՞նչ ես անելու: Առավոտյան մենք տուն ենք գնալու, փողը ետ տուր, քեզ համար ուտելիք կառնենք, կբերենք: (Դադար:) Չեմ խաբում, որ խոստացա, անպայման կբերեմ: 

ՁԱՅՆ — Վերցրու, միևնույն է, մի օր վառելու ես:

ԿԱՐ — (խոռոչից վերցնում է դրամը, հաշվում): Բա փողը կվառե՞ն: Աշխարհի բոլոր մարդիկ փողն աստվածացրել են, փողի համար հարազատ երեխուն էլ կծախեն, իսկ դու ասում ես՝ փողը կվառեմ: (Ծիծաղում է:) Չէ, դու էս աշխարհից շատ ես հեռացել:

ՁԱՅՆ — Վատ է, որ էս լուսնի տակ քեզ չես տեսնում: Հետո դիմանալը դժվար կլինի… Էդ ընկերուհիդ ինչո՞ւ ձայն չի հանում: Չի՞ ուզում ինձ հետ խոսել:

ԿԱՐ — Ընտանիքին է հիշել, ամուսնուն ու երեխային:

ՁԱՅՆ — Ափսոս, ես չհասցրի ամուսնանալ: (Դադար:) Անունս Կարինե է, բայց ինձ Կար էին ասում:

ԿԱՐ — Ոնց որ ինձ:

ՁԱՅՆ — Քո անունն էլ է՞ Կարինե:

ԿԱՐ — Հա, ուզո՞ւմ ես՝ անձնագիրս ցույց տամ: (Նանին.) Նայիր, է, ո՛վ կմտածեր, որ մի պատ էն կողմ ադաշս է ապրում:

ՁԱՅՆ — Ես չեմ ապրում… Մի ընկերուհի ունեի, ամուսնացած էր, ութ ամսական տղա ուներ: Խեղճը կարոտին չդիմացավ՝ մեռավ: Մինչ ամուսնանալը քարի պես պինդ աղջիկ էր: 

ՆԱՆ — Անունն ի՞նչ էր:

ՁԱՅՆ — Նանուլ, բայց մենք Նան էինք ասում:

ԿԱՐ — Էս էլ՝ դու: Որ վաղը Մադամին պատմեմ՝ չի հավատա: Մազալու բան է, չէ՞: (Ծիծաղում է:)

ՆԱՆ — Բերանդ փակիր, չես հասկանո՞ւմ՝ ինչ է կատարվում: (Գոռում է.) Քեզ ո՞վ է հաց բերում: (Լռություն:) Պատասխանիր, քեզ ո՞վ է հաց բերում:

ՁԱՅՆ — Գլխիս վերևը միայն լուսինն է երևում, սպիտակ, կլոր լիալուսինը: Ի՞նչ ասեմ, նա տեղից չի շարժվում: Արդեն քանի տարի է՝ այս մթության մեջ միայն լուսին եմ տեսնում: Ես նրան ասում եմ. «Լսի՛ր, ես քեզ առաջ չէի հասկանում, քեզ դժվար է հասկանալ, ամեն ոք չէ, որ քեզ կարող է հասկանալ»:

Նանը և Կարը վախեցած նայում են լուսնին:

ԿԱՐ – Ե՞րբ է լույսը բացվելու, որ էս ցնդած պառավից պրծնենք:

ՁԱՅՆ — Մի բան կարող եմ ձեզ ասել. այս ոսն ընկնողը էլ դուրս չի գալիս:

ՆԱՆ – Ստո՛ւմ ես, առավոտյան կգան մեր ետևից…

ՁԱՅՆ — Ես էլ էի այդպես մտածում… արդեն քառասուն տարի է՝ սպասում եմ:

Դադար: Կարը փորձում է դուռը բացել: Նանը հուսահատ ընկնում է հատակին: Կարը նստում է նրա կողքին: Նանը օրորոցային է երգում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։