Պավել ՊԱՎԼՈՎՍԿԻ / «ԷԼԵԳԻԱ»
Պավել ՊԱՎԼՈՎՍԿՈՒ «ԷԼԵԳԻԱ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում
Պավել ՊԱՎԼՈՎՍԿԻ
ԷԼԵԳԻԱ
Պիես երկու գործողությամբ
Գործող անձինք
ԻՎԱՆ ՍԵՐԳԵՎԻՉ ՏՈՒՐԳԵՆԵՎ
ՄԱՐԻԱ ԳԱՎՐԻԼՈՎՆԱ ՍԱՎԻՆԱ
Նախաբան
Երաժշտություն, հնարավոր է՝ Պ. Չայկովսկու «Մեծ արվեստագետի հիշատակին» տրիոն: Հայտնվում է Սավինան, ձեռքին՝ տետր-ալբոմ:
ՍԱՎԻՆԱ — (բարձրացնում է դեմքի քողը, դադարից հետո): Ամեն անգամ, երբ հոգուս մի առանձնակի տխրություն է պատում, երբ այս ինքնագոհ գռեհկության, բութ չնչինության, ապաշնորհների խղճուկ խարդավանքների մեջ անուժությունից կախվում են ձեռքերս, ես մտովի ձեզ եմ դիմում, Իվան Սերգեեիչ: Դուք չկաք… Երբ իմ կողքին չէիք, երբ հեռվում էիք, միայն այն գիտակցությունը, որ ինչ-որ տեղ Տուրգենև կա, որ նա գոյություն ունի՝ մխիթարական էր և ոգևորող: Իսկ հիմա դուք չկաք, ոչ մի տեղ չկաք: Ինչ այրող բառ է՝ չկաք… (Դադարից հետո:) Մի օր այս կապույտ տետրը նվիրեցիք: Երկար ժամանակ չէի դիպչում նրա էջերին: Բայց մի անգամ, հորդացող հիշողությունների ազդեցության ներքո, սկսեցի գրել: Կյանքում այնպիսի ակնթարթներ կան, այնպիսի զգացմունքներ… դժվար է դրանք վերարտադրել: Միայն կարելի է հիշել: Իսկ իմ հիշողությունները միշտ ինձ հետ են, իմ սրտում:
Նույն երաժշտությունը:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Պատկեր առաջին
Թատրոնի բեմ: Աջում՝ ոչ մեծ օթյակ, երկու բազկաթոռ: Գալիս է Սավինան: Հագնված է խստաոճ թավշյա սև շրջազգեստ, առանց զարդերի է:
ՍԱՎԻՆԱ — 1879 թվականն էր: Իմ բենեֆիսի համար երկար ժամանակ պիես էի փնտրում և անսպասելիորեն կանգ առա «Մի ամիս գյուղում» պիեսի վրա: Վերոչկայի դերն ինձ շատ դուր եկավ: Այն ժամանակ Տուրգենևը Փարիզում էր ապրում: Ես հեռագրեցի, որոշ կրճատումների համար նրանից թույլտվություն խնդրեցի: Շուտով եկավ պատասխանը. «Համաձայն եմ, բայց ցավում եմ, որ պիեսը բեմի համար չի գրված և արժանի չէ ձեր տաղանդին»: Տուրգենևն իմ «տաղանդի» մասին դեռ ոչ մի պատկերացում չուներ: Դա միայն սիրալիրության արտահայտություն էր: Պիեսը խաղացինք: Հաջողությունն ահռելի էր: Շուտով Տուրգենևը Պետերբուրգ եկավ: Ձմռան մի երեկո եկավ դիտելու ներկայացումը: Ի՜նչ սրդողությամբ էի սպասում իմ սիրելի գրողին և ինչպե՜ս խաղացի: Ես հստակորեն պատկերացնում էի, որ Վերոչկան ու ես նույն մարդն ենք…
Նայում է օթյակին, ուր հայտնվում է Տուրգենևը: Նա ֆրակով է: Սպիտակ, բայց դեռ խիտ մազեր: Շարժուն, արտահայտիչ դեմք: Սավինան խաղում է Վերոչկայի մենախոսությունը:
«Չի կարող պատահել… Բայց ինչո՞ւ հանկարծ նա որոշեց ինձ ամուսնացնել այդ պարոնի հետ… ինչո՞ւ էր համոզում ինձ… Օ՜, դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ խորամանկությամբ, ինչ ճարպկությամբ նա կարողացավ իմ խոստովանությունը կորզել… Հավատացեք ինձ, ես չեմ սխալվում: Ինչի՞ համար էր նա քրքրում իմ հոգին… ի՞նչ էի նրան արել: Խանդն ամեն ինչ ներում է: Դե, էլ ի՞նչ ասել… Հիմա ինձ համար ամեն ինչ պարզ է… Նա ուշքի եկավ, նա հասկացավ, որ ես իր համար վտանգ չեմ ներկայացնում: Իսկապես, ես ինձնից ի՞նչ եմ ներկայացնում: Հիմար աղջնակ, իսկ նա… Հերի՛ք է ինձ հետ խոսեք, ասես երեխա եմ… Ես կին եմ… Նա ձեզ չի՛ խաբել… Ախր, նա ինձ չի սիրում, դուք դա գիտեք, դուք խանդելու առիթ չունեք… Հավատացե՛ք ինձ, այլևս մի՛ խորամանկեք… (Դադարից հետո:) Ես, Նատալյա Պետրովնա, ձեր սանուհին չեմ, որին հետևում եք (հեգնանքով) ավագ քրոջ պես… Ես ձեր մրցակցուհին եմ… Չեմ հասկանում, թե ձեզ հետ խոսելիս որտեղի՞ց ինձ այս համարձակությունը… Գուցե այն պատճառո՞վ եմ այսպես խոսում, որ այլևս ոչ մի բանի հույս չունեմ, որ հարմար եք համարել ինձ տրորելը: Եվ դա կատարելապես ձեզ հաջողվեց… (Վեր է կենում:) Այո՛, ես որոշե՛լ եմ: Ոչ մի դեպքում այլևս չեմ մնա այս տանը»:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (մեկուսի): Շատ, շատ, շատ լավն է, և, ինչպես երևում է, շնորհալի է: (Մոտենում, բռնում է նրա ձեռքերը:) Վերոչկա… Դուք իսկական Վերոչկան եք… Ի՜նչ մեծ տաղանդ ունեք: Մի՞թե սա ես եմ գրել:
ՍԱՎԻՆԱ — Դուք, Իվան Սերգեևիչ, դուք…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեր ամեն մի շարժումը, ամեն մի քայլը, ձեր ամեն մի խոսքը ճշմարիտ է… Ասես տոն լինի՝ այնքան լավ է… Տվեք ձեր ձեռքը, Մարիա Գավրիլովնա: (Համբուրում է ձեռքը:) Դուք հրաշալի եք և շնորհալի… Ու որքան նուրբ եք հասկացել դերը: Երկա՞ր եք աշխատել դերի վրա:
ՍԱՎԻՆԱ — Սովորեցի, ու գնաց… Սարսափելի հուզվում եմ, երբ նոր դեր եմ խաղում: Կասկածում էի, թվում էր՝ ոչինչ չի ստացվում: Բայց ներկայացման ժամանակ հանկարծ ինձ Վերոչկա զգացի: Այդ պատճառով էլ իմ բոլոր հնչերանգներն արձագանք գտան հանդիսատեսի մոտ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Տարօրինակ է… տեսնել սեփական գործը բեմի վրա: Երբեք ինձ դրամատիկական գրող չեմ համարել: Եվ, այնուամենայնիվ, հեղինակի համար սեփական գործը բեմում տեսնելը ուսանելի է: Հանդիսատես ես դառնում, և ամեն մի երկարաբանություն, կեղծ էֆեկտ կայծակի հարվածի նման ցնցում է քեզ… Լավ է, որ պիեսը իր նախնական տեսքով է: Ես նրա մեջ բավական բարդ հոգեբանական խնդիր կդնեի, սակայն այն ժամանակ գրաքննությունը հարկադրեց դեն նետել Նատալյա Պետրովնայի ամուսնուն, իրեն էլ այրի դարձնել: Դա լրիվ աղավաղել է իմ մտադրությունները:
ՍԱՎԻՆԱ — Տնօրինությունը թույլ չէր տալիս այս պիեսը: Ասում էին՝ ո՞ւմ է պետք… Մենք արվեստ չունենք: Ունենք բարձր աշխատավարձ, մանր ինքնասիրություն և ամենանսեմ ինտրիգներ… Թող վատ պիեսներ լինեն, միայն թե դրանք վեճեր ծնեն… Ինչ հիմարություններ ասես՝ դուրս չեն տալիս:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Հիմարություններն էլ իրենց տրամաբանությունն ունեն, երբեք ոչինչ անսպասելի չի լինում:
ՍԱՎԻՆԱ — Մեզանում ավելի շատ մղում կա դեպի ֆրանսիական վոդևիլների և այլ զվարճալի ներկայացումների փոխադրումները, իսկ դրամաները,- ասում են,- կյանքում էլ հոգնեցրել են: Սա դրամա է, խեղճ Վերոչկայի իսկական դրաման:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մեր կյանքի չնչինությունը սարսափելի է: Որ կողմն էլ դառնաս, ինչի էլ մոտենաս՝ կյանքի դրաման է: Դեռ կան պարոնայք գրողներ, ովքեր բողոքում են, թե սյուժեներ չկան: Գրելու թեմա չկա… Կարևորն այն է, որ սեփական ձայնը լինի:
ՍԱՎԻՆԱ — Իհարկե, և ներշնչանք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ներշնչանք… դա կնոջ նման կամակոր է, մեկ գալիս է, մեկ՝ գնում:
ՍԱՎԻՆԱ — (ժպտալով): Իհարկե, դուք դա լավ կիմանաք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (սևեռուն նայում է:) Իսկ դուք բնավ դերասանուհու նման չեք: Ես ձեզ բոլորովին այլ կերպ էի պատկերացնում… Ինչո՞ւ ձեր դեմքն այդքան տխուր է: Միշտ այդպիսի՞ն է:
ՍԱՎԻՆԱ — Կյանք է… Խաղում եմ և փորձում, փորձում եմ և խաղում: Ամեն ուրբաթ ինչ-որ մեկի բենեֆիսն է, նշանակում է՝ նոր դեր ունեմ… Անչափ հոգնել եմ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Երբ նայում եմ ձեզ, մտածում եմ, որ կյանքն ինքն է բարձրացել մինչև իդեալական գեղեցկությունը: Դուք երիտասարդ եք: Եվ դա ամեն ինչ է… Իսկ կյանքը… Ծանոթ պետերբուրգցի մի պառավ ասում էր. «Կյանքը ոնց որ ճանճ լինի, անտանելի միջատ է, պիտի համակերպվես»:
ՍԱՎԻՆԱ — (ծիծաղում է): Միանգամայն ճիշտ է. պետք է համակերպվես: (Դադարից հետո:) Դուք երկա՞ր եք Պետերբուրգում մնալու: Ձեր գալուստը բոլորի համար մեծ ուրախություն է… Հատկապես երիտասարդությունը խանդավառությամբ է ձեզ ընդունում: Ձեզ շատ սիրում և գնահատում են…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ինձ «ներել են»… Շատ տարիներ անց, «Հայրեր և որդիներից» հետո… Նիհիլիստ բառը բոլորի շուրթերին էր: Իմ գիրքը կարդացած մի տիկին ասաց. «Ոչ հայրեր, ոչ որդիներ»՝ ահա ձեր վեպի իսկական վերնագիրը, իսկ դուք նիհիլիստ եք»: Երիտասարդության օտարվելն ինձնից և ամեն տեսակի մեղադրանքները հասկանում եմ… Երևում է, իմ վեպում ինչ-որ սխալ եմ թույլ տվել, որի պատճառով էլ անվանս վրա ստվեր է ընկել: Հիմա էլ Մոսկվայում երիտասարդ պրոֆեսորները ճաշկերույթ էին տվել… Ռուս բանասիրության սիրահարների նիստի ժամանակ ինձ այնպիսի ընդունելություն ցույց տվեցին, որ հազիվ չհիմարացա: Ընկերությունն ինձ ընտրեց պատվավոր անդամ… Երիտասարդ սերնդի վերադարձն ինձ չափազանց հուզեց և ուրախացրեց… Դե, հիմա օտարության մեջ խիղճս ինձ չի տանջի:
ՍԱՎԻՆԱ — Վերադարձեք, վերջնականապես վերադարձեք հայրենիք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Պատկերացրեք, արդեն որոշել եմ վերջնականապես արմատախիլ անել փարիզյան կապերս… Բայց ինչո՞ւ, ինչի՞ համար… Հավանաբար, ես կամ շատ շուտ եմ ծնվել, կամ՝ շատ ուշ… (Դադար:) Կներեք, ձեզ ձանձրացրի: Եթե թույլ տայիք ձեզ այցելել… Ձեզ հետ զրուցելը մեծագույն ուրախություն կպարգևեր ինձ:
ՍԱՎԻՆԱ — Ճիշտն ասած, չգիտեմ… Դե, լավ, եկեք վաղը: Ժամը չորսից վեցը ես տանն եմ: Ձեզ կսպասեմ:
Պատկեր երկրորդ
Սավինայի բնակարանը: Պատին Ալեքսանդրինյան թատրոնի դերասանուհի Վարվառա Ասենկովայի դիմանկարն է: Սավինան հարմարավետորեն տեղավորվել է լայն թախտին: Տուրգենևը հենվել է բազկաթոռի թիկնակին՝ ճակատին թափվող սպիտակ մազափնջով գլուխը խոնարհած:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես անվերջ մտածում եմ՝ որտեղի՞ց է ձեր աչքերի մեջ այդ անհուսալի թախիծը: Մի՞թե ձեր արվեստն ու հաջողությունները չեն ուրախացնում ձեզ: Դուք հանդիսատեսի սիրելին եք…
ՍԱՎԻՆԱ — Այդ հանդիսատեսին միայն սենսացիա է հարկավոր… Ես դահլիճի առջև լալիս եմ իսկական արցունքներով, մինչդեռ այդ նույն հասարակությունը հենց այդ պահին կամ ծիծաղում է, կամ էլ ընկույզ կոտրում… Ես հոգնել եմ, ցնդել եմ այս աշխատանքից, անիմաստ սերտումներից, անգիր անելուց: «Թատրոնը դպրոց է ժողովրդի համար»… Մեծ ու հնչեղ բառեր են… Նրանք իրենց կոճակներն են ոսկեզօծում, իսկ դու կառչում ես նրանցից, որպեսզի վերջնականապես չկորցնես հարգանքդ քո հանդեպ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Բոլոր թերթերը ձեր անկրկնելի խաղի մասին են գրում… Ես անգամ դրանք դուրս եմ գրել… (Բացում է նոթատետրը, կարդում:) «…Անսահման խորն է նրա դերասանական զգացողությունը, որը շատ հաճախ հուշում է նրան բացահայտելու ամենաանսպասելի, թերևս պարզ, սակայն խորքային էֆեկտներ… Հետևաբար, ի դեմս նրա պետք է ճանաչել հրաշալի «գեղարվեստական էությանը»: Ահա մեկ ուրիշը. «Ձեզ թվում է, որ բեմից խոսում և ծիծաղում է մի շարժուն, կենդանի, չարաճճի էություն: Նա կարծես ձեզ ընդառաջ է գնում, պատրաստ՝ դիպչել ձեզ, բայց բավական է երկարեք ձեր ձեռքը՝ կարծես բոլոր կողմերից շրջափակում է ձեզ ոտից-գլուխ ինչպես հորձանքից պոկված ալիք, թափվում է, հոսում և անհետանում…»: Տեսնո՞ւմ եք, ձեզ ծովային ալիքի հետ են համեմատում:
ՍԱՎԻՆԱ — Իսկ դուք թերթերից դուրս չե՞ք գրել, թե ինչպես անցած տարի Լեսսինգի ողբերգության մեջ Էմիլիա Գալոտտիի դերում տապալվեցի պիեսի հետ միասին: Ես չեմ կարող խաղալ իդեալական, հրապուրիչ տիպերի… սիմվոլիկ կանանց… Երբ յոթ տարի առաջ Կազանում ստիպված էի խաղալ «Սեր և խարդավանքում», ոչ մի կերպ չէի կարողանում գտնել Լուիզայի «Դու հրդեհ վառեցիր իմ անփորձ սրտում, և այդ հրդեհն հանգցնել երբևէ անհնար է» արտահայտության իսկական տոնը: Ես սովորում էի դերն ու լաց լինում… Հիմա, իհարկե, ես կարող եմ այդպիսի դեր խաղալ, բայց այն բացարձակ օտար կմնա… որովհետև կյանքից չի գալիս:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Գիտե՞ք, ձեր մեջ հատկապես ինչն է ինձ ապշեցնում: Պարզությունն ու բնականությունը և, իհարկե, նուրբ ճաշակը: Ձեր խաղային ձևերով ինձ հիշեցնում եք ֆրանսիացի դերասանուհի Դեկլեին: Նա մահացավ թոքախտից, քսանչորս տարեկան հասակում:
ՍԱՎԻՆԱ — Ինչպես Վարենկա Ասենկովան… Ընդամենը վեց տարի խաղաց բեմում: Չխնայեց իրեն: Նա էլ թոքախտից մահացավ, քսանչորսը չէր բոլորել… Ահա նրա դիմանկարը: Սա իմ ծննդյան օրվա առթիվ մեր դերասանուհի Ելիզավետա Մատվեևնա Լևկեևան է նվիրել: Նա կրկնակի մեծ է ինձնից և սիրում է ինձ, «մեր Վարենկա» է կոչում: Նկարը նվիրելիս ասաց. «Սավուշկա, թող այս դիմանկարը քեզ հիշեցնի, որ բեմը թողնել չի կարելի»: Ես հաճախ եմ մտածում դժբախտ Վարենկայի ճակատագրի մասին. «Դու մերժեցիր ամեն ինչ՝ և՛ ծերացած հարուստների ու հանդուգն երիտասարդների սիրահետումները, անհրապույր ոտանավորչիների հանգաբանությունները, և՛ թատերապաշտների լուռ հառաչանքները…»: Նա էլ հանդիսատեսի սիրելին էր…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այո, այո, հիշում եմ… Նրա մասին լեգենդներ էին շրջում, իբր կայսր Նիկոլայ Առաջինի ֆավորիտուհին էր:
ՍԱՎԻՆԱ — Նախանձները միշտ էլ ջանում էին աղավաղել նրա կերպարը… Բայց նա հասկացավ դերասանուհու կոչումը… Իսկ ես… Ինձ մոտ և՛ բեմի, և՛ կյանքի հանդեպ խոր զզվանք է ձևավորվել…
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Վաղո՞ւց եք Ալեքսանդրինյան թատրոնում:
ՍԱՎԻՆԱ — Հինգերորդ թատերաշրջանն է: Մտածում էի, որ թատերական աշխարհի հետ մտերմությունս շուտ կկայանա, բայց չգտա, ինչ փնտրում էի: Մեր տիկնայք ինձնից խույս են տալիս. «Գավառացի է», «Աստված գիտե՝ ինչպես է ապրում, ինչպես է իրեն պահում»: Ամեն օր ինձ վրա հազար ու մի կեղտ է թափվում… Բայց… բայց ոչինչ… Ինչպես տեսնում եք՝ ողջ-առողջ եմ… Միայն ափսոս, որ ընկերություն ստեղծելու մասին երազանքս այդպես էլ երազանք մնաց: Պետական ներկայացումներից զատ, երբեմն հարկադրված ենք լինում վաճառել բարեգործական դիմակահանդեսների տոմսեր: Վիճակախաղի թմբուկի մոտ մինչև առավոտ, երեք-չորս ժամ կանգնում եմ, իսկ ժամը իննին դարձյալ թատրոն՝ փորձի… հատկապես դա հոգնեցնում է ինձ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեզ միշտ հանդիսատեսների ամբոխն է ուղեկցում…
ՍԱՎԻՆԱ — Այո, այո… միշտ ինձ նայում են որպես կենդանի ապրանքի, և ամեն մեկը հույս ունի ձեռք բերել ինձ: Անտանելի է:
Դադար:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (մոտենում է ծաղիկներով լի զամբյուղին): Երկրպագունե՞րն են ուղարկում:
ՍԱՎԻՆԱ — Ծաղիկներն իմ թուլությունն են:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Երբեք չեմ տեսել այնպիսի գեղեցիկ ծաղիկներ, ինչպիսիք ինձ մոտ՝ Սպասսկում են լինում: Իմ հանգուցյալ մայրիկը… Նա խանդով էր հետևում պարտեզին, ուր ամենալավ, բացառիկ տեսակի վարդեր էին, կակաչներ… Մի անգամ ինչ-որ մեկը քաղել էր նրա թանկագին վարդակակաչը: Դրանից հետո բոլոր պարտիզպաններին սկսեցին հետևել… Մայրս սիրում էր թատրոն, նկարներ, գրքեր, ծաղիկներ և… անգթաբար էր վարվում գյուղացիների հետ, դաժանորեն… Հիշում եմ, մի ճորտ տղա կար… Նա նկարելու անօրինակ շնորհ ուներ: Մոսկվա ուղարկեցին գեղանկարչություն սովորելու: Այնպես էր հմտացել նկարչության մեջ, որ հանձնարարել էին նկարազարդել Մեծ թատրոնի առաստաղը: Իսկ հետո մայրիկը պահանջեց նրան վերադարձնել գյուղ, որպեսզի իր համար ծաղիկներ նկարեր: Հազարավոր ծաղիկներ նկարեց… Ե՛վ այգու, և՛ անտառային, նկարեց ատելությամբ, արցունքն աչքերին… Դրանք ինձ համար էլ զզվելի էին… Խեղճը սիրտը ետ էր տալիս, ատամներով կրճտացնում, իսկ հետո իրեն հարբեցողության տվեց ու մահացավ: Ես էլ մորիցս վախենում էի՝ ինչպես կրակից: Ամենաչնչին բանի համար ինձ պատժում էին, բռունցքներով խփում: Հատուկենտ էին առանց ծեծի օրերը… Մանկությունս հիշելու կարիք չունեմ, ինչո՞ւ հիշեմ: Ոչ մի լուսավոր հիշողություն… Իմ մայրը… Հիշում եմ, Սիբիր աքսորել տվեց երկու պատանու այն բանի համար, որ նրանք, հավանաբար ցրվածության պատճառով, գլուխ չէին խոնարհել: Թող Աստված ների նրա մեղքերը… Իմ կենսագրությունն իմ ստեղծագործություններում է: Այն ամենը, ինչ տեսել եմ, բորբոքել է ատելությունս, հիասթափությունս… Ես պիտի մեկնեի, պիտի փախչեի արտասահման…
ՍԱՎԻՆԱ – Փախչե՞լ: Ինչո՞ւ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես չէի կարող մնալ այն բանի կողքին, ինչն ատում էի: Ինձ պետք էր հեռանալ իմ թշնամուց, որպեսզի հետո առավել ուժգին հարձակվեի նրա վրա: Այդ թշնամին ճորտատիրական իրավունքն էր… Դրա դեմ որոշեցի մինչև վերջ պայքարել… Չէ, ես չէի գրի «Որսորդի հիշատակարանը», եթե Ռուսաստանում մնայի:
ՍԱՎԻՆԱ — Դա իմ ամենասիրած գրքերից է… և ձեր վեպերը… այդ ամենը տեսե՞լ եք: Այդ ամենն իրականում եղե՞լ է:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ինձ մոտ լավ էր ստացվում այն, ինչը վերցնում էի կյանքից: Կան դարաշրջաններ, երբ գրականությունը չի կարող միայն գեղարվեստ լինել… Կան բանաստեղծական հետաքրքրություններից առավել բարձր հետաքրքրություններ: Երբ «Որսորդի հիշատակարանն» էի գրում, Բելինսկին շնորհ արեց… Իմ ընկերը, հայրը և հրամանատարը… Հիմա էլ հիշում եմ առաջին հանդիպումը, մեր ծանոթությունը: Երբ նրա բնակարանը մտա, տեսա միջահասակ մարդու, նիհարակազմ, անհամաչափ, բայց հրաշալի դեմքի խիստ ու անհանգիստ արտահայտությամբ, որը լինում է միայնակ ու ամաչկոտ մարդկանց մոտ: Նա խոսեց ու անմիջապես սկսեց հազալ: Մեր զրույցն սկսվեց: Սկզբում Բելինսկին խոսեց բավական երկար ու արագ, բայց առանց ներշնչանքի ու ժպիտի… հետո մի քիչ աշխուժացավ, իսկ դեմքը կերպարանափոխվեց… Նրա աչքերի գեղեցկությունը նոր նկատեցի… Չէ, անհնար է պատկերացնել պերճախոս ուրիշ մեկին ևս… Դա բուռն ու անհանգիստ խոսք էր, սակայն հորդում էր պայծառ ու սթափ ուղեղից, որը տոգորված էր սրտից բխող մաքուր ու կրքոտ ջերմությամբ: Նա ճշմարտության ու գեղեցկության նուրբ զգացում ուներ… Հայրենիքի բարօրությունը, նրա վեհությունը, նրա փառքը Բելինսկու սրտում խոր և ուժգին արձագանք էին գտնում: Ափսոս, որ չտեսավ այն ամեն լավը, որ մեր գրականության մեջ հայտնվեց իրենից հետո: Նա ինչպե՜ս կուրախանար: Այո, հեռավոր, բայց լավ ժամանակներ էին: Ստանկևիչը, Գրանովսկին, Բելինսկին, Գոգոլը… Նրանք այլևս չկան, իսկ…
ՍԱՎԻՆԱ — Ես կարծում եմ, որ ամեն ժամանակ իր իդեալները պիտի ունենա:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դուք ճիշտ նկատեցիք, բայց մենք ծույլ ենք և անհետաքրքրասեր՝ ինչպես մեր մասին իրավացիորեն ասել է Պուշկինը: Մենք քիչ ենք հետաքրքրվում՝ ինչ է կատարվում մեր շուրջը: Ինձ թվում է, որ մեր գրողների գլխավոր թերությունը, իմը՝ նույնպես, այն է, որ մենք քիչ ենք առնչվում իրական կյանքի, կենդանի մարդկանց հետ… Ես, հավանաբար, էլ ոչինչ չգրեմ… Մնում է միայն հիշել:
ՍԱՎԻՆԱ — Դուք այնքան շատ բան եք տեսել կյանքում և այնքան բան գիտեք…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այո, իհարկե, հիշելու շատ բան կա: Եվ ողբերգական, և կոմիկական… Լույս տեսավ «Որսորդի հիշատակարանը»: Գրաքննիչ Լվովը, ով թույլատրել էր գրքի հրատարակումը, հեռացվեց աշխատանքից: Շուտով Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլը մեռավ: Ես նրա մահվան մասին անմեղ նամակ գրեցի: Այդ ժամանակ Գոգոլի անունը հիշատակելն անգամ արգելված էր: Այդ արարքի համար աքսորվեցի իմ հայրենի գյուղ, հսկողության տակ… Եվ մի զվարճալի դեպք պատահեց… Մի անգամ ձմռանը անհապաղ պիտի Մոսկվա մեկնեի: Հյուրախաղերով Մոսկվա էր եկել Պոլինա Վիարդոն… Ես վաճառականի կեղծ փաստաթուղթ հանեցի և մեկնեցի: Մոսկվայում բնակարան վարձեցի վաճառականի այրու մոտ: Իհարկե, տանը չէի մնում, գալիս էի միայն գիշերելու: Մի անգամ թատրոնից վերադարձա, պատրաստվում էի քնել: Հանկարծ որդու հետ հայտնվեց տանտիրուհին և ընկավ ոտքերիս առաջ: «Տեր իմ,- ասաց,- վերցրու իմ Գրիշկային քեզ մոտ արհեստ սովորելու»: Ի՞նչ պարզվեց: Նա երկար ուսումնասիրել էր, թե ինչ վաճառական եմ: Ոչ մի գործ չեմ անում, տանը չեմ նստում, ինձ մոտ ոչ ոք չի գալիս, թե ինչ եմ վաճառում՝ անհայտ է, մյուս վաճառականներին նման չեմ: Ու նա սկսել է երևակայել, որ ես մի այնպիսի խարդախ եմ, որի նմանին մայր հողը չի ծնել: Իսկ նրա տղան պարզմիտ պատանի է: Ուրեմն, որոշել էր տղային ինձ մոտ դաստիարակության տալ, որպեսզի նրան խարդախություն սովորեցնեի: Մեծ դժվարությամբ գլուխս ազատեցի:
ՍԱՎԻՆԱ — Զվարճալի պատմություն է: Բայց հիմա դուք չեք հետաքրքրվում ձեր կողմից մոռացված Ռուսաստանով:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դե, ախր…
ՍԱՎԻՆԱ – Մի՞թե հայրենիքը ձեզ չի ձգում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես ամբողջ հոգով մղվում եմ դեպի Ռուսաստանը… Օտար հողի վրա ռուսական ամեն ինչ ինձ առավել թանկ ու նվիրական է…
Դադար:
ՍԱՎԻՆԱ — Իվան Սերգեևիչ, ինչո՞ւ վաղուց ոչինչ չեք գրում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մեզ ոչ ոք չի լսում: Դե, ձեզ կասեմ: Ամեն անգամ, երբ սկսել եմ ինչ-որ բան գրել, սիրո դողն է պատել ինձ:
ՍԱՎԻՆԱ — Դուք փախաք արտասահման, հետո կարող էիք վերադառնալ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Չէի կարող:
ՍԱՎԻՆԱ – Նրա՞ պատճառով: Նշանավոր երգչուհի Պոլինա Վիարդոյի պատճառո՞վ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մոտ քառասուն տարի… Պոլինա Վիարդոյի հայտնությունը մեծագույն երջանկություն էր, և իմ նվիրվածությունն ու երախտագիտությունը կմեռնեն ինձ հետ միասին: Ես չէի կարող մնալ առանց նրա: Նրա բացակայությունն ինձ ինչ-որ ֆիզիկական վախ է հաղորդում, կարծես օդը չի բավականացնում… Սա թաքուն, կործանարար կարոտ է, որից չեմ կարող ազատվել:
ՍԱՎԻՆԱ — Եվ ի՞նչ, այդ զգացմունքի դեմ որևէ դեղ չկա՞:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իսկ սերը բնավ էլ զգացմունք չէ: Դա մարմնի և հոգու հիվանդություն է: Նրա հետ չի կարելի խորամանկել: Սիրո մեջ խանդ չկա: Մի բան է ստրուկը, մեկ այլ բան՝ տիրակալը: Սերը շղթա է, ծանր շղթա: Բայց նաև երջանկություն է եղել, վեհ երջանկություն… Տիկին Վիարդոն թագուհիների թագուհին է…
ՍԱՎԻՆԱ — Իսկ ինչո՞ւ ձեր թագուհու հետ չեք ամուսնանում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ի՞նչ, ողջ ամուսնու օրո՞ք:
ՍԱՎԻՆԱ — Դուք դա ֆրանսիական ձևով ասացիք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այո, գրեթե բառացի… Կեղծ դրություններից դուրս չեն գալիս, դուրս գալն անհնար է: Գիտե՞ք, ինչ բան է ամուսնությունը: Ինչպես ասել է Հիպոկրատը՝ «Ամուսնությունը ջերմախտ է, որն սկսվում է դողէրոցքով և ավարտվում հազով»: Այո, այո… Իսկ Մոնտենը նկատել է՝ «Երջանիկ ամուսնությունը հնարավոր է միայն կույր կնոջ և խուլ ամուսնու միջև»:
ՍԱՎԻՆԱ — Շատ սրամիտ է:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Կյանքն անցնում է, միևնույն ժամանակ մտածում ես, որ այն դեռ չի սկսվել: Կարծում եմ, ավարտելու ժամանակն է, հերիք է խելահեղությանը տուրք տալ… Ավելի լավ է ձեր մասին պատմեք… Ես, ախր, ձեր մասին շատ քիչ բան գիտեմ: Որտե՞ղ եք սովորել:
ՍԱՎԻՆԱ — Ոչ մի տեղ: Իմ համալսարաններն իմ ընկերներն են:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իսկ մանկությո՞ւնը:
ՍԱՎԻՆԱ — Չեմ ունեցել: Ինձ միշտ մեծ եմ զգացել և… դժբախտ: Տիկնիկներով խաղալ երբեք չեմ սիրել, չնայած նրանց համար հրաշալի զգեստներ էի կարում… Այդ ժամանակ էլ հագուստներով հրապուրվեցի: Ես ինձ լավ էի զգում, երբ պատկերացնում էի դրամայի հերոսուհու դերում: Գրքերն էին մեղավոր, կարդում էի ուշաթափվելու աստիճան: Կարդում էի՝ ինչ պատահեր:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դուք երևի մանկությունից եք երազել թատրոնի մասին:
ՍԱՎԻՆԱ — Ոչ, երբեք չեմ մտածել, որ բեմ կբարձրանամ, չնայած հայրս դերասան էր, ասենք՝ անընդհատ դերասանների միջավայրում էի գտնվում… Իսկ մայրս… նա ինձ չէր սիրում… Մինչև հիմա չգիտեմ՝ ինչու… Ես շատ նիհար էի և սարսափելի թխահեր, նեղ ուսեր ունեի, երկար ձեռքեր, կարճ կտրած մազեր, հագնում էի չափից մեծ կոշիկներ, այլանդակ կարված շրջազգեստներ, վիզս սագի վզի նման երկար էր, մատներս միշտ թանաքոտ էին: Ահա իմ դիմանկարը… Փոքր ժամանակ ինձ «գնչուհի» էին ասում: Այդ նրանից էր, որ աչքերս միշտ վախվորած էին ու փայլուն…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեր աչքերն իսկական դերասանուհու աչքեր են… «Գնչուհի»… Այդպես մայրս Պոլինա Վիարդոյին էր անվանում, անիծյա՛լ գնչուհի… Նա Պոլինային ատում էր, թեև մեկ անգամ էր տեսել… Խնդրում եմ, շարունակեք, դուք այնպես լավ եք խոսում:
ՍԱՎԻՆԱ — Էլ ի՞նչ պատմեմ: Վաղ հասակից եմ սկսել խաղալ: Գավառում: Դուք չգիտեք, թե ինչ կյանքով են ապրում գավառական դերասանները: Մշտական կարիք, նախանձ՝ ամեն մեկն ուզում է գլխավոր դերը խաղալ… Իսկ սեփական հանդերձարան ունենալու հոգսը պարզապես անհաղթահարելի է, առանց դրա չես կարող երազել անգաժեմենտի մասին: Հայրս փորձեց անտրեպրիզա պահել, բայց սնանկացավ, սկսեց քաղաքից քաղաք թափառել: Նրա հետ ես էլ էի թափառում… Տասնհինգ տարեկանում առաջին անգաժեմենտը ստացա՝ 30 ռուբլի ամսական, իսկ տասնվեց տարեկանում ամուսնացա դերասան Սավինի հետ: Չէ, ես նրան չէի սիրում: Նա անընդհատ ծաղրում էր ինձ, քննադատում. «Իմ կինը չպետք է այդպես վարվի», «Ե՞րբ կդադարեք աղջնակ լինելուց»: Մենք շատ ծանոթներ ունեինք, որոնք երկուշաբթի օրերին հավաքվում էին մեզ մոտ: Քանի դեռ չէի վարժվել, դա ինձ համար կատարյալ տանջանք էր, և երեկոյին պատրաստվելիս ամբողջ օրը լաց էի լինում: Իսկ երբ հյուրերը հեռանում էին, ամուսինս տեսարաններ էր սարքում. «Դուք ոչ մեկին չեք կարողանում զբաղեցնել, որևէ բանի մասին զրուցել, տիկնայք ձանձրանում էին, թեյը զզվելի էր, ընթրիքը ժամանակին չտվեցիք, թղթախաղի սեղանին ոչ մի անգամ չմոտեցաք: Եվ սա իմ կի՜նն է»: Ես քնում էի արցունքն աչքերիս՝ անիծելով հյուրերին: Երբ սկսեցի վարժվել տանտիրուհու դերին, նոր դժբախտություն վրա հասավ. «Ինչո՞ւ ոչ ոք չի սիրահետում ձեզ, դա վիրավորում է իմ ինքնասիրությունը: Դուք ձեզ պահել չգիտեք, ոչ ոք չի նկատում, որ դուք հաճելի կին եք»: Եվ հաճելի կինը պատասխանում էր, որ երբեք թույլ չի տա իր հանդեպ որևէ վերաբերմունք, և հազարերորդ անգամ խնդրում էի այդ կնոջն ազատել ամեն տեսակ քսմսվողներից: Ի պատասխան Սավինն ասում էր, որ այդ ամենն օգտակար է փորձ ձեռք բերելու համար, ու եթե ամուսինը թույլ է տալիս, ապա հիմարություն է դրանից չօգտվելը: Ես շարունակում էի հիմար մնալ և չօգտվել, չնայած երբեմն ափսոսում էի: Իմ կյանքը դժոխքի վերածվեց: Չափազանց տխուր ու ծանր էր վիճակս, մանավանդ, երբ Սավինը գալիս էր հարբած, առավոտյան ժամը ութին՝ վերջին փողերը թղթախաղում տանուլ տված… Հետո առաջին ծննդաբերությունը… մեռած աղջիկ… Եվ անհապաղ պիտի բեմ բարձրանայի, վախենում էր, որ անտրեպրենյորը կարող է պահանջներ ներկայացնել… ՏՈՒՐԳԵՆԵՎ — Կարծեմ, ամուսնուց բաժանվե՞լ եք:
ՍԱՎԻՆԱ — Մի քանի տարի է՝ չեմ կարողանում ապահարզան ստանալ: Մի կեղծ վիճակ էլ դա է, որից չեմ կարողանում ազատագրվել… Ու ես լրիվ միայնակ եմ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դուք սիրում եք մարդկանց… Սիրում եք, ինչպես ես էի ջանում սիրել նրանց:
ՍԱՎԻՆԱ — Ես հոգնել եմ… հոգնել եմ սիրելուց… Եվ, առհասարակ, մի քիչ հոգնել եմ, մինչդեռ երեկոյան իրար հետ պիտի կարդանք համերգին: Աֆիշայի վրա ձեր՝ նշանավոր գրողի անվան կողքին նաև իմ անունն է…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Գուցե իմ գալը ճիշտ չէ… Վախենում եմ խայտառակվել ձեր կողքին…
ՍԱՎԻՆԱ — Հասարակությունը ձեզ այնպես է սիրում… Ցտեսություն, Իվան Սերգեևիչ: Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ այցելեցիք: Ցտեսություն, մինչ երեկո:
Տուրգենևը համբուրում է նրա ձեռքն ու հեռանում:
Պատկեր երրորդ
ՍԱՎԻՆԱ — (գալիս է նախաբեմ): Իվան Սերգեևիչը հեռացավ, իսկ ես երկար մտածում էի նրա ասածի մասին: «Սիրեք մարդկանց… այնպես, ինչպես ինքս եմ ջանացել սիրել»: Չգիտես ինչու, այս արտահայտությունը մտավ հոգուս մեջ: Մենք հանդիպեցինք նույն օրվա երեկոյան, Բարեգործական ժողովի դահլիճում: «Գրական ֆոնդին» ի նպաստ կազմակերպված երեկո էր: Ծրագիրը հետաքրքիր էր կազմված՝ Տուրգենևի և Դոստոևսկու մասնակցությամբ: Մեր համարը երկրորդ բաժնում էր: Մենք պիտի կարդայինք Դարյա Իվանովնա Ստուպենդևայի և կոմս Լյուբինի տեսարանը Տուրգենևի «Գավառուհին» ստեղծագործությունից :
Բեմ են բերում սեղան, աթոռներ, մոմեր, երկու գիրք: Հայտնվում է Տուրգենևը, բռնում է Սավինայի ձեռքը: Նրանք խոնարհվում են, ապա նստում սեղանի մոտ, խաղում տեսարանը:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — (խոնարհելով աչքերը): Երկա՞ր ժամանակով եք մեր կողմերը եկել, Ձերդ պայծառափայլություն:
ԿՈՄՍ — Մի երկու ամսով…
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ – Սպասսկո՞ւմ եք կանգ առել:
ԿՈՄՍ — Այո, մայրիկի կալվածքում:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ —Հենց այն տա՞նը:
ԿՈՄՍ — Այո, հենց այն:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Այնտեղ անց եմ կացրել իմ կյանքի լավագույն օրերը:
ԿՈՄՍ — Ճիշտ է, չէ՞, որ մի ժամանակ այնտեղ շատ ուրախ էր…
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Իսկ դուք չե՞ք մոռացել:
ԿՈՄՍ – Ի՞նչը:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Անցած ժամանակները…
ԿՈՄՍ — Ես ոչինչ չեմ մոռացել, հավատացեք… Այո, լավ ժամանակներ էին: Հիշո՞ւմ եք մեր առավոտյան զրոսանքները թխկենիների պուրակում:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Չի կարելի չհիշել անցածը… Ձեր դեպքում՝ չգիտեմ…
ԿՈՄՍ — Իհարկե, մեծ քաղաքներում այնքան շատ է խառնաշփոթը, իհարկե, այդ բազմազան, աղմկոտ կյանքը… Բայց կարող եմ ձեզ հավատացնել, որ առաջին տպավորությունները երբեք չեն չքանում…
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ – Օ՜, իհարկե, կոմս, ձեզ հետ համաձայն եմ, տպավորությունները չեն կորչում: Ես դա զգացել եմ: Երջանկության համար քիչ բան է պետք… Տնային հարմարավետություն, ընտանիք և մի քիչ էլ լավ հիշողություններ…
ԿՈՄՍ — Իսկ դուք այդպիսի հիշողություններ ունե՞ք:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ – Ունեմ՝ ինչպես բոլորը: Դրանց ներկայությամբ հեշտ է տաղտուկը հաղթահարելը:
ԿՈՄՍ — Նշանակում է, երբեմն ձանձրանո՞ւմ եք:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Դա ձեզ զարմացնո՞ւմ է, կոմս: Ձեզ զարմացնո՞ւմ է, որ դեռ երիտասարդ տարիների սովորությունները վերջնականորեն չեմ մոռացել, որ դեռ ամբողջապես չեմ վերածվել գավառուհու… Դուք կարծում եք, թե այդ զարմանքով շոյո՞ւմ եք ինձ:
ԿՈՄՍ – Ի՜նչ հիմար ձևով եք մեկնաբանում իմ բառերը, Դարյա Իվանովնա:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Գուցե, բայց մի կողմ թողնենք դա, խնդրում եմ: Ցավ է պատճառում, թեկուզ և հին, վերքերին ձեռք տալը: Ընդ որում, ես վարժվել եմ իմ ճակատագրին, ու եթե ձեր ժամանումն իմ մեջ չարթնացներ հին հիշողությունները, ես դարձյալ չէի խոսի այս ամենի մասին… ցավալի է, որ ձեզ հազար ու մի ձևով զբաղեցնելու փոխարեն…
ԿՈՄՍ — Դե, ինձ ո՞ւմ տեղն եք դրել, թույլ տվեք հարցնել: Մի՞թե կարծում եք, որ չեմ հպարտանում ձեր վստահությամբ, չեմ կարողանում գնահատել այն: Բայց դուք ամբաստանում եք ինքներդ ձեզ, ես չեմ ուզում հավատալ, որ ձեր կրթությամբ և խելքով այստեղ աննկատ եք մնացել…
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Հավատացնում եմ ձեզ, կոմս, միանգամայն: Եվ դրա համար բնավ չեմ ափսոսում… Ես հպարտ եմ: Ես չեմ ուզում դուր գալ մարդկանց, որոնք ինձ դուր չեն գալիս… Ես գերադասում եմ միայնությունը: Ու ոչնչից չէի դժգոհի, ամեն ինչից գոհ կլինեի, եթե…
ԿՈՄՍ – Եթե՝ ի՞նչ…
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Եթե երբեմն… չնախատեսված… պատահական բաներ չխաթարեին իմ հանգստությունը:
ԿՈՄՍ — Դարյա Իվանովնա, ես չեմ կարողանում հասկանալ ձեզ:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Լսեք, կոմս, ձեզ հետ խորամանկել չեմ ցանկանում: Ես առհասարակ չեմ կարողանում խորամանկել, իսկ ձեզ հետ դա պարզապես ծիծաղելի կլիներ: Մի՞թե կարծում եք, որ կնոջ համար ոչինչ չարժե հանդիպել տղամարդուն, տեսնել նրան այնպես, ինչպես հիմա ես եմ ձեզ տեսնում… Խոսել ձեզ հետ, հիշել անցածը…
ԿՈՄՍ — Դուք հո չե՞ք մտածում, որ տղամարդու համար ոչինչ չարժե հանդիպել ձեզ նման մի կնոջ… Այն տղամարդու համար, ում, այսպես ասած, կյանքը շպրտել է աշխարհի տարբեր ծայրերը…
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Ի դեպ, այղ կնոջն հազիվ հաջողվեց համոզել տղամարդուն՝ մնալ ճաշելու:
ԿՈՄՍ— Իսկ դուք հիշաչար եք: Բայց չէ, ասացեք խնդրեմ, մի՞թե տղամարդու համար ոչինչ չի նշանակում:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Ես այդպես չեմ մտածում: Ահա, տեսնո՞ւմ եք, ձեզ հետ ինչքան անկեղծ եմ… Միշտ էլ հաճելի է հիշել երիտասարդության մասին, հատկապես այն պատճառով, որ այնտեղ դատապարտելի ոչինչ չկա:
ԿՈՄՍ — Դե, ասեք, ի՞նչ կպատասխաներ կինը տղամարդուն, եթե այդ տղամարդը հավատացներ… որ հանդիպումը նրա հետ, այսպես ասած, ջերմացնում է հոգին:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ – Նա՞ ինչ կպատասխաներ:
ԿՈՄՍ — Այո, այո, ի՞նչ կպատասխաներ նա:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Նա տղամարդուն կպատասխաներ, որ ինքն էլ շոյված է նրա քնքուշ բառերից, կառաջարկեր ձեռքը…
ԿՈՄՍ — Դուք հմայիչ եք, դուք նուրբ ու հաճելի եք, արտակարգ հաճելի:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ — Ա՜խ, ինչքան ուրախ եմ ես: Ինչքա՜ն ուրախ: Ես այնպես էի վախենում, որ չէիք ցանկանա հիշել իմ մասին:
Դադար:
ԿՈՄՍ — Մենք հաճախ կտեսնվենք, այնպես չէ՞: Դուք գեղեցիկ եք… Դուք հրեշտակ եք: Ես հիմա կվերադառնամ: Դուք հրեշտակ եք:
Ձեռքով է անում, հեռանում:
ԴԱՐՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ – Հաղթանա՜կ, հաղթանա՜կ: Մի՞թե… Եվ այսպես արագ, այսպես անսպասելի… Ես հմայիչ եմ, ես հրեշտակ եմ: Նշանակում է, ես դեռ կարող եմ դուր գալ այնպիսի մարդկանց, ինչպիսին նա է:
Գալիս է Տուրգենևը: Բռնում է Սավինայի ձեռքը, նրանք գլուխ են խոնարհում:
Պատկեր չորրորդ
ՍԱ ՎԻՆԱ — Իվան Սերգեևիչին ողողեցին ծաղիկներով: Անընդհատ բեմ էին կանչում: Պետերբուրգյան այդ այցի ժամանակ մենք հաճախ էինք հանդիպում: Ամեն հանդիպումը ինձնից մեծ ուժեր էր խլում: Ես հետևում էի ոչ միայն իմ ամեն մի բառին, այլև՝ ամեն մտքին: Նրա աչքին ծիծաղելի երևալու վախն ինձ բառացիորեն կաթվածահար էր արել: Իվան Սերգեևիչը մեկնեց Փարիզ: Սկսվեց մեր նամակագրությունը:
Բեմում են Սավինան և Տուրգենևը:
ՍԱՎԻՆԱ — (ձեռքին նամակ կա): «Բուժիվալ, Ֆրանսիա, 27 հոկտեմբերի, 1879 թվական: Մեկ ամիս հետո ձեզ տեսնելու երջանկությունը կունենամ, իսկ հիմա «հաճույք պատճառեք՝ ինձ մեկնելով ձեր փափուկ ձեռքերը, որպեսզի ես համբուրեմ կիսահոր… ընկերական զգացմունքով: Զգացմունք, որը տածում է Ձեզ անկեղծորեն սիրող Իվ. Տուրգենևը»: «Սանկտ-Պետերբուրգ, 1 փետրվարի, 1880 թվական: Մի ժամ առաջ ժամանեցի և երջանիկ կլինեմ ձեզ տեսնել…»: «13 փետրվարի: Թանկագին Մարիա Գավրիլովնա, դուք հասկանում եք, որ անհապաղ պետք է լինեմ թատրոնում և ձեզ տեսնեմ նոր դերում, ուստի ձեր օգնությանն եմ դիմում՝ ինձ համար մի տոմս ձեռք բերեք, որ տեղն ուզում է՝ լինի, ինչ ուզում է՝ արժենա…»: «30 մարտի: Իմ վստահված անձ Տոպորովը, ով ձեզ կփոխանցի իմ նամակը, ձեզ կհայտնի իմ մեծ ցավի մասին, որը թույլ չի տալիս ճաշել ձեզ մոտ: Ընդունեք իմ ամենաանկեղծ, թեկուզև հեռակա, շնորհավորանքները: Միևնույն ժամանակ ընդունեք նաև նամակին կցված չնչին նվերը, որը ձեզ կհիշեցնի իմ մասին…»: Մարտի 30-ին… իմ ծննդյան օրը Իվան Սերգեևիչը նվիրեց փոքրիկ ոսկյա ապարանջան: Այն պահում եմ որպես ամենաթանկարժեք նվեր: Սիրելի Իվան Սերգեևիչ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մոսկվա, 18 փետրվարի 80 թվական: Առավոտյան ժամանեցի այստեղ, իսկ երեկոյան մի երկտող ուղարկեցի Ձեզ: Չնայած Ձեզ խնդրել էի չգալ կայարան, բայց շատ կցավեի, եթե մեկ անգամ էլ Ձեզ չտեսնեի, չտեսնեի Ձեր դեմքը… Դուք հրաշալի խելացի ճակատ ունեք…
ՍԱՎԻՆԱ – Դա՞ որտեղից հնարեցիք: Իմ ճակատը շատ սովորական է, խելացի ճակատն անպայմանորեն պետք է բաց լինի և բարձր:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ընդհակաոակր, կանացի խելացի ճակատը պետք է լինի միջին մեծության, փոքր-ինչ թեք, մի քիչ անհարթ, հոնքերի տակ թանձր խորությամբ, քունքերի մոտ մի քիչ կլորավուն, լուսավոր երանգներ ընղունող… Դե, այնպիսին, ինչպիսին Ձերն է: Ասենք, Ձեր ամեն ինչն է խելացի, և՛ ճակատը, և՛ձեռքերը, իսկ աչքերը ոչ միայն խելացի են, այլև… Ասենք, Դուք լավ գիտեք: Պետերբուրգյան իմ հիշողություններից ամենաթանկն ու ամենալավը Դուք եք մնացել… Հոգուս տրամադրությունը մի քիչ տխուր է, բայց այդ ամենը կանցնի: Ինձ մի քանի տողով գրեք Ձեր մտադրությունների մասին… Գրեք նաև, թե ինչպես ընդունվեց Ձեր դերը նոր պիեսում… Խնդրում եմ Ձեզ՝ հավատալ Ձեզ անկեղծորեն նվիրված Տուրգենևի ազնիվ բարեկամությանը:
ՍԱՎԻՆԱ — Դուք շատ բարի եք և ինձ երես եք տալիս ձեր չափազանց ջերմ վերաբերմունքով… Իմ կյանքր նման է լարված մեքենայի: Առավոտյան ժամը տասից մինչև երեքը-չորսը փորձերի եմ, հետո՝ դերձակի մոտ, ինքս եմ ընտրում հերթական դերիս բեմազգեստները, իսկ վեց անց կեսին արդեն թատրոնում եմ: Այսպես՝ ամեն օր… Խաղում եմ-փորձում, փորձում եմ-խաղում, ասես երազ լինի… Իմ բենեֆիսի համար որոշել եմ վերցնել «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսը: Բենեդիկտի դերի համար հրավիրել եմ Լենսկուն, որն էլ պիտի բեմադրի պիեսն այնպես, ինչպես այն գնում է Մոսկվայում: Եթե միայն իմանայիք, թե դա ինչ սկանդալ առաջացրեց կուլիսներում և ղեկավարության մոտ: «Մի՞թե մենք դերասաններ չունենք: Ինչո՞ւ եք վիրավորել խմբին ու Նիլսկուն»: Նիլսկին դժկամությամբ է ինձ բարևում, բոլորն ինչ-որ բան են փսփսում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ուշ երեկոյան ստացա ձեր նամակը: Եվ ուրախացա, և Պետերբուրգից հեոանալուց հետո ոչ առաջին անգամ զգացի, որ իմ կյանքում դարձել եք մեկը, ումից երբեք չեմ բաժանվի… Մայիսի 25-ին կվերադառնամ Մոսկվա՝ պուշկինյան տոնին: Վախենում եմ, որ չեմ տեսնի ձեզ: Խնդրում եմ տեղեկացնեք, թե որ գնացքով եք Մոսկվայից հարավ մեկնելու: Ես ձեզ կդիմավորեի Մցենսկի կայարանում և կուղեկցեի մինչև Օրյոլ… Հաճույքով կառաջարկեի մեկ օրով հյուր լինել գյուղի իմ կալվածքում: Այն Մցենսկից ընդամենը տասը վերստ է հեռու, սակայն գիտեմ, որ դա ձեզ մեծ անհանգստություն կպատճառի, քանի որ մեկնում եք մենակ… Ինձ չճանապարհելու մասին խնդրանքս հիմարություն էր: Պարզապես չէի ուզում ձեզ հրաժեշտ տալ ամբոխի մեջ, իսկ ամբոխ, ըստ էության, չկար էլ: Ես անընդհատ նայում
էի կայարանի դռանը՝ հուսալով, թե գուցե… բայց դա տեղի չունեցավ… Ես չեմ ուզում ձեզ մոռանալ… Հենց նոր Օստրովսկին գնաց իմ մոտից, նա խնդրեց ձեզ փոխանցել իր խոնարհումը: Նա ձեզ շատ սիրում ե գնահատում է:
ՍԱՎԻՆԱ — Ալեքսանդր Նիկոլաևիչին իմ խորին հարգանքները հաղորդեք: Ես նրան երախտապարտ եմ Վայրենուհու և այլ դերերի համար… Օդեսայում պիտի խաղամ «Անօժիտը»: Մեզ մոտ բոլորը կարծում են, թե Լարիսան գրված է հատուկ ինձ համար:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մեծ ցավ եմ ապրում, որ ձեզ այդ դերում չեմ տեսել, իսկ Օդեսա հազիվ թե կարողանամ գալ:
ՍԱՎԻՆԱ – Չե՞ք գալու: Ի՞նչ անեմ: Ես կխաղամ «Անօժիտը»… ձեզ համար: (Դադար:) «Վանդակաշարի միջով նայում էի ներքև, գլուխս պտտվեց, ու ես հազիվ ինձ պահեցի՝ չընկնելու համար: Իսկ եթե ընկնես, ինչպես ասում են, վայրկենական մահ է… ճիշտ կլիներ թռչել այդտեղից: Չէ, ինչո՞ւ նետվել անդունդը… Վանդակաշարի մոտ կանգնել ու նայել ներքև… գլուխդ կպտտվի և կընկնես… Այո, դա լավ է…»:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ինչքա՜ն ճիշտ եք հասկացել դերը: Որքա՜ն նուրբ ու մեղմ եք խաղում: (Դադար:) «Հնարավոր է, իմ ուղեկցուհիներին ուղարկեմ Վարշավյան ճանապարհով, իսկ ինքս մեկնեմ Մոսկվա…»: Եթե դուք մենակ գայիք: Իմ երևակայությունն ինձ հանգիստ չի տալիս… Երկու օր Սպասսկում… Չէ, ոչինչ պետք չէ, լռություն՝ ինչպես Գոգոլն է ասում «Խելագարի հիշատակարանում»: Այստեղ, Մոսկվայում, շարունակում եմ պտտվել, ինչպես սկյուռը վանդակում… Ձեր մասին եմ հաճախ մտածում, առավել հաճախ, քան կարող եք պատկերացնել… Դուք մտել եք հոգուս մեջ… Հենց գյուղ հասնեմ, անմիջապես կգրեմ ձեզ ու կսպասեմ: Պուշկինյան տոների առթիվ աշխատանք են հանձնարարել, չգիտեմ, կկարողանա՞մ կատարել… Առողջ եղեք… Ես ձեզ սիրում եմ… շ
ՍԱՎԻՆԱ — Ես ձեզ կպատասխանեմ Բեատրիչեի բառերով. «…ես կարող էի ասել, որ ձեզ աշխարհում բոլորից շատ եմ սիրում: Բայց դուք ինձ մի հավատացեք, չնայած ես չեմ ստում: Ես ոչ մի բան չեմ խոստովանում, բայց ոչինչ էլ չեմ ժխտում… Իսկ հիմա կհարցնեմ. իմ ո՞ր արժանիքն է ստիպել ձեզ տառապել իմ սիրո համար»… (Դադար:) Ինչո՞ւ եք լռում: Պատասխանեք: Հիմա ձեր ռեպլիկն է:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ոչ միայն Բենեդիկտը, ցանկացած ոք կխենթանար ձեր պատճառով: (Գնում է դեպի սեղանը, նամակ գրում:) Սպասսկոյե-Լուտովինովո գյուղ: Շաբաթ, 17 մայիսի 80 թվական: Թանկագին Մարիա Գավրիլովնա: (Կտրվում է նամակից:) Ժամուկես առաջ վերադարձա այստեղ և, ահա, ձեզ նամակ եմ գրում: Գիշերը Օրյոլում անցկացրի, լավն էր այդ գիշերը, որովհետև մտքերս մշտապես ձեզնով էին զբաղված, և վատն էր գիշերը, որովհետև աչքերս փակել չէի կարողանում: Մտովի ճանապարհում եմ ձեզ Օդեսա ձեր ճանապարհով… Այսօր Սպասսկոյե ժամանելու ձեր օրն է, և օրն իսկապես դրախտային է: Երկնքում ամպի ծվեն անգամ չկա, քամի ևս չկա, տաք է: Եթե միայն դուք այստեղ լինեիք… Բայց իմ երազներն այդպես էլ երազներ մնացին: Պետք է դրանք հեռացնել, իսկ հեռացնելը դժվար է… Երբ երեկ երեկոյան վերադարձա կայարանից, իսկ դուք կանգնած էիք բաց պատուհանի մոտ, ձեր առջև համրացել, մնացել էի, այդ ժամանակ ես ասացի հուսահատություն բառը: Դուք այն ձեզ վերագրեցիք, իսկ իմ գլխում լրիվ ուրիշ բան էր: Ինձ գերեվարել էր ճիշտ և ճիշտ մի հուսահատ միտք՝ հափշտակել ձեզ ու տանել կայարանից… Բայց երրորդ զանգը հնչեց, ու ամեն ինչ վերջացավ… Ողջամտությունը, դժբախտաբար, հաղթանակեց… Բայց պատկերացրեք, թե ի՛նչ կգրեին մամուլում: Աչքիս է գալիս մի թղթակցություն. «Սկանդալ Օրյոլի կայարանում… Երեկ այստեղ անօրինակ մի բան տեղի ունեցավ: Գրող Տ-ն, դեռ մի բան էլ ծերունի, որն ուղեկցում էր Օդեսայում փայլուն անգաժեմենտի համար մեկնող դերասանուհի Ս-ին, մեկնումի թեժ պահին, խելագար կրքով բռնված, բռնեց վագոնի պատուհանի մոտ կանգնած տիկին Սավինային և, չնայած նրա հուսահատ դիմադրությանը, դերասանուհուն հափշտակեց պատուհանից… և այլն, և այլն… Ռուսաստանով մեկ ի՜նչ փոթորիկ կբարձրանար: Ի դեպ, այդ ամենը մազից էր կախված… Այստեղ կլինեմ մինչև մայիսի 24-ը, հետո՝ Փարիզ, Բուժիվալ: Խոստովանում եմ. ես համոզված եմ, որ դուք արտասահմանյան ուղևորության կմեկնեք, գուցե բախտն ինձ ժպտա, և երկրորդ անգամ հանդիպենք»:
ՍԱՎԻՆԱ — Դժվարանում եմ հիմա ձեզ պատասխանել, ամեն ինչ այնպես անորոշ է ու խառը… Միակ որոշակին այն է, որ իմ սիրտը միշտ ձեզ հետ է, դա կարող եմ հատկապես հիմա ասել… Ես խանգարեցի ձեր հանգիստը, գրողի հանգստությունը, ում պարզապես երկրպագում եմ… դուք իմ մեղքն եք…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ահա արդեն երեք օր է՝ աստվածային եղանակ է: Առավոտից երեկո շրջում եմ այգում կամ նստում եմ ծառերի տակ, ջանում եմ մտածել, ու մտածում եմ ամենատարբեր բաների մասին, իսկ այնտեղ, ինչ-որ տեղ՝ հոգուս մեջ, անընդհատ միևնույն նոտան է հնչում: Իմ շուրթերը շշնջում են. «Ի՜նչ գիշեր կանցկացնեինք միասին… Իսկ ի՞նչ կլիներ հետո: Այն, ինչ Աստված կամենար»: Եվ այս ամենին դանդաղ գումարվում է այն գիտակցությունը, որ դա երբեք չի լինելու, ու հենց այդ մտքերով էլ ուղևորվում եմ անծանոթ աշխարհներ՝ ինձ հետ տանելով երբեք չփորձարկածի մասին հիշողությունները: Չգիտեմ ինչու, ինձ երբեմն թվում է, թե մենք երբեք չենք տեսնվելու, և իզուր եք ձեզ մեղադրում՝ կոչելով ինձ ձեր մեղքը: Ավա՜ղ, ես այդպիսին երբեք չեմ լինի: Երկու-երեք տարի հետո հանդիպենք էլ, ես շատ ծեր կլինեմ, իսկ դուք, հավանաբար, կթևակոխեք ձեր կյանքի ամենածաղկուն շրջանը, և անցյալից ոչինչ չի մնա: Ձեր կյանքն աոջևում է, իմը՝ ետևում: Եվ այն մի քանի ժամը, որ անցկացրի վագոնում՝ ինձ զգալով քսանամյա պատանի, իմ լապտերի վերջին բռնկումն էր: Անգամ ինձ համար դժվար է բացատրել, թե ինչ զգացմունք ներշնչեցիք: Արդյո՞բ ես ձեզ սիրահարված եմ՝ չգիտեմ, նախկինում դա այլ արտացոլում ուներ: Դա անորոշ ձգտում է դեպի միավորումը, տիրապետումն այն հրաշալի զգացմանը, որը տանում է քնքուշ ինքնամոռացման: Ես, հավանաբար, հիմարություններ եմ ասում, բայց անպատմելիորեն երջանիկ կլինեի, եթե դուք, եթե դուք… Իսկ հիմա, երբ գիտեմ, որ դա չի լինելու, և ոչ էլ այն, որ երջանիկ չեմ, ես անգամ հատուկ մելանխոլիա չեմ զգում, բայց ինձ մեծ ցավ է պատճառում, որ այդ խոր գիշերը հավերժորեն կորած է, ինձ համար՝ անհասանելի… Ափսոսում եմ և՛ ինձ, և՛ ձեզ համար, որովհետև հավատացած եմ, որ դուք էլ չէիք մոռանա այն երջանկության մասին, որն ինձ կպարգևեիք: Ես այս ամենը ձեզ չէի գրի, եթե չզգայի, որ սա հրաժեշտի նամակ է: Բայց բանն այն չէ, որ մեր նամակագրությունն ընդհատվի: Ոչ: Հույս ունեմ, որ հաճախ իրար լուր կտանք մեր որպիսության մասին, բայց դուռը կիսաբաց էր, այն դուռը, որի արանքում ուրվագծվել էր ինչ-որ խորհրդավոր-հրաշալի մի բան… Այդ դուռը փակվեց հավերժ, անդառնալի… Ինչ էլ պատահի, ես այլևս չեմ լինի այն, ասենք, դուք՝ նույնպես: Դե, իսկ հիմա, բավական է: Կարող եք չպատասխանել այս նամակին… Խնդրում եմ, մի անհանգստացեք ապագայի համար… Այսպիսի նամակ դուք այլևս չեք ստանա…
ՍԱՎԻՆԱ — Ես ձեզ չհավատացի, կասկածեցի… Ներեցեք իմ ոչ բարի անկեղծությունը: Դուք իմ մասին վատ բան մի մտածեք, քանի որ, գիտեմ, չափազանց բարի եք: Ինձ համար ամենաթանկն ազատության հմայքն է… Եվ միշտ պայքարել եմ իմ անկախության համար… Անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ վերջապես կկարողանամ մեկնել Օդեսայից: Թատերախումբն այստեղ անտանելի է, թատրոնին բալագան անվանումն առավել կսազեր, իսկ հասարակությունը… Ինձ հրաշալի են ընդունում, բայց կգերադասեի չմեկնել Օդեսա: Հիացած-հետաքրքրասեր հայացքների բազմության մեջ խփվում եմ այնպես, ինչպես ձուկը՝ սառույցին: Միայն թե շուտ մեկնեմ այստեղից, այլապես կխեղդվեմ ծովում…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Խեղդվել ծովո՞ւմ… Եվ չե՞ք ամաչում այդ մասին գրել: Եվ այն նրբագեղ ձեռքերը, որոնք ես հաճույքով համբուրում էի, մի՞թե ուզում եք ձկներին կեր դարձնել: Թույլ տվեք մի փոքր քաշել ձեր ականջր: Առա՛ջ, մի՛ վշտացրեք ձեր բարեկամներին… Հուսով եմ, որ կդադարեք չարություններ անել, և, ինչպես ասում են պեդանտները, լիովին կնվիրվեք արվեստին… Չգիտեմ, երբ և որտեղ կհանդիպենք, բայց գիտեմ, որ երջանիկ կլինեմ ձեզ տեսնելիս: Ինչ էլ լինի, դուք շղթայել եք ինձ, և ճիշտ ասացի, որ ձեզ հետ միասին ինչ-որ բան մտել է իմ կյանքի մեջ: Մի բան, որից այլևս չեմ կարող բաժանվել… Բայց բավական է, ողջ և կայտառ եղեք, և, գուցե՝ ցտեսություն… Այնտեղ, Փարիզո՞ւմ… Դե, այդ ամենը մենք դեռ կտեսնենք:
Պատկեր հինգերորդ
Փարիզում: Տուրգենևի սենյակ-կաբինետը տան վերին հարկում, ուր տանում է մուգ կաղնեփայտե սանդուղքը: Կեսօր է: Կաբինետի վրա իր դրոշմն է թողել թափթփվածությունը: Վարագույրր պոկվել ու կախ է ընկել պատուհանի կենտրոնում՝ փակելով լույսի ճանապարհը: Տուրգենևը գրասեղանի առջև է, ուր կանոնավոր դասավորված են գրքերն ու թղթերը: Պատին Պոլինա Վիարդոյի մեծ դիմանկարն է: Տուրգենևի հագին հին, թավշյա բաճկոնակ է: Դիմահայաց բազկաթոռին նստած է Սավինան: Ներքևից, ուր երգեցողության դաս է, կանացի ձայներ են լսվում: Այս երգը լսվում է ողջ տեսարանի ընթացքում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Երկու ամիս Փարիզում եք և այդ մասին տեղեկանում եմ միանգամայն պատահաբա՞ր: Դուք չէի՞ք ցանկանում տեսնվել ինձ հետ:
ՍԱՎԻՆԱ — Ես ձեզ առաջ չէի ասում, չէի գրում… Դուք մեկնեցիք, և իմ կյանքի դատարկությունն առավել դաժանորեն սկսեց հիշեցնել իր մասին: Ես սկսեցի անտանելիորեն ձանձրանալ: Մռայլությունն օրավուր խտանում էր: Սովորություն դարձրի ներկայացումից հետո դեղին թեյ խմելը, ինչի պատճառով սկսեցի տառապել անքնությամբ, նյարդերս քայքայվեցին: Ձանձրույթը փարատելու համար սկսեցի փորձեր անել սիրահարված երկրպազուներիս վրա: Ներկայացումից հետո, որին նրանք, որպես օրենք, ներկա էին, ես՝ հոգնած, ծաղիկներով շրջապատված, հաջողության դափնիներին թիկն տված, բոլորին նստեցնում էի սենյակում, իմ սիրելի թեյի բաժակը ձեռքիս նստում էի գահավորակին և սկսում նրանց հոգու հետ խաղալ: Իմ առջև խնդիր էի դնում՝ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի՝ հավասարակշռությունից հանելու Կ.-ին կամ Ն.-ին: Լսելով խոստովանությունը, շատ հանգիստ երկու անգամ զանգում էի, և սպասուհին հայտնվում էր նրանց ուղեկցելու: Նա չէր էլ պատկերացնում, որ հյուրն հեռանում է ոչ իր կամքով: Դա ինձ միշտ հաջողվում էր և զվարճացնում: Հոգուս խորքում ինչ-որ չարություն էի զգում, դաժանություն ինչ-որ անծանոթ բանի հանդեպ, մեծանում էր անհագ ցանկությունը՝ վրեժխնդիր լինել բոլոր տղամարդկանցից: Ես չար կոկետուհի դարձա: Եյւկրպագուներն ինձ Թամար թագուհի էին կոչում, միայն այն տարբերությամբ, որ նրանց մարմինները, Թերեքի մեջ շպրտելու փոխարեն, նետում էի իմ տան կողքին գտնվող Սեմյոնովյան տարածք: Նրանք ասում էին, որ թագուհի Թամարն առավել բարի էր:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ինչե՞ր եք ասում… Դուք բարի և մեծ սիրտ ունեք: Դուք հրաշալի եք այս զգեստով, իսկական փարիզուհի… Եթե պատահաբար հանդիպեի փողոցում, հավատացեք, ձեզ չէի ճանաչի: Ձեր ֆրանսերեն խոսքն էլ չափազանց ճշգրիտ է:
ՍԱՎԻՆԱ — Բեմում հաճախ է առիթ լինում խոսել ֆրանսերեն: Վարձեցի դաստիարակչուհի և գիշեր ու զօր, ամեն ազատ պահի, աշակերտուհու նման ֆրանսերեն սովորեցի: Դուք այստեղ շատ բարեկամներ ունեք, հավանաբար վարժվել եք Եվրոպայի մթնոլորտին:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Եվրոպան շատ հաճախ ինձ պատկերանում է մեծ ու լուսավոր տաճարի տեսքով, հարուստ և շքեղ զարդարանքներով… Բայց այդ տաճարների կամարների ներքո խավարն է թագավորում… Ինչ վերաբերում է բարեկամներիս, որքան էլ նրանք մտերիմ լինեն, իմ ռուս ընկերներն առավել թանկ են ինձ համար:
ՍԱՎԻՆԱ — Ասում են՝ ձեր պատմվածքները ֆրանսերեն եք գրում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ինչպե՞ս կարող էիք այդպես մտածել: Ես ոչ մի տպագրված խոսք օտար լեզվով չեմ գրել: Գրում եմ միայն իմ թանկ ու հարազատ ռուսերենով: Պետք է սիրել և պահպանել Պուշկինի լեզուն:
ՍԱՎԻՆԱ — Պուշկինյան տոնահանդեսի ժամանակ դուք շատ լավ խոսք ասացիք…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Պուշկինի արձանի կառուցվածքը մեր մեծ սիրո արտահայտությունն է: Մեզ մնում է միայն ընթանալ նրա հանճարի նախանշած ճանապարհով: Հուշարձանի բացման ժամանակ նոր ու հետաքրքիր շատ բան կար, սակայն կար նաև շատ կեղծիք: Ահա Դոստոևսկին… Բոլոր թերթերում գրել են, թե հմայված եմ եղել նրա ճառով: Ես դա չեմ խրախուսում: Բայց չէ՞ որ դա այդպես չէ: Դոստոևսկու խոսքը շատ խելացի, փայլուն և խորամանկ էր: Իր ողջ կրքով հանդերձ, այն հենվում է կեղծիքի վրա, մի կեղծիք, որը շոյում է ռուսական ինքնասիրությունը… Պուշկինի Ալեկոն զտարյուն բայրոնյան կերպար է, բայց ոչ երբեք՝ ռուս աստանդականի տիպար… Օնեգինյան Տատյանան… Նրա բնավորությունը շատ նուրբ է, բայց մի՞թե միայն ռուս կանայք են հավատարիմ մնում իրենց ծեր ամուսիններին:
Լսվում է երգեցողություն:
ՍԱՎԻՆԱ — Երևի ոչ միայն նրանք…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (դադարից հետո): Լե Տոլստոյը՝ ահա ով է իսկական ժամանակակից գրողը: Ես վեցերորդ անգամ էլ հաճույքով կարդացի «Պատերազմ և խաղաղություն» վեպը: Ի՜նչ ուժ և ի՜նչ գեղեցկություն: Իմ խեղճ ընկեր Գուստավ Ֆլոբերը Տոլստոյին համեմատել է Շեքսպիրի հետ: Ես ձեզ համար կարդամ նրա նամակը: (Վերցնում է նամակը, կարդում:) «Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք կարդալու Տոլստոյի վեպը: Դա առաջնակարգ ստեղծագործություն է: Ի՜նչ գրող է և ի՜նչ հոգեբան… Երբեմն նա հիշեցնում է Շեքսպիրին: Ընթերցանության ժամանակ ես հաճախ հիացական ճիչեր էի արձակում… իսկ ընթերցանությունը երկար էր տևում»: (Դադար:) Չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս չեմ հանդիպելու Ֆլոբերին: Ոսկի մարդ էր և մեծ տաղանդ: Նա այստեղ բոլորիս միավորեց… Լև Տոլստոյի երկրպագուների թիվը Եվրոպայում անհամեմատելիորեն կաճի: Նրա փառքի ծաղկման համար էլ տարածում եմ նրա ստեղծագործությունները: Այո, Տոլստոյը մեր գրականության միակ հույսն է: (Դադարից հետո:) Ինչո՞ւ «Աննա Կարենինայից» հետո ոչինչ չի գրում: Կոմս Տոլստոյը պիտի վերադառնա գրական գործունեության: Պարտավո՛ր է:
ՍԱՎԻՆԱ — Դուք էլ, Իվան Սերգեևիչ, պարտավոր եք վերադառնալ… պիտի վերադառնաք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես գրչից ետ եմ վարժվել: Մի քանի ժամ նստում ես մի քանի տողի դիմաց… Երևում է, իմ մասնակցությունը ռուս գրականությանը պիտի սահմանափակվի նրանով, որ կարողանամ օգտակար լինել երիտասարդ ազգային տաղանդներին…
ՍԱՎԻՆԱ — Մենք հիմա երիտասարդ շատ գրողներ ունենք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Գրողների մեջ միայն Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինն է երևում: Անառարկելիորեն ինքնատիպ տաղանդ է: Բայց նա շատ հիվանդ է… հոգեկան հիվանդների հիվանդանոցում է: Ամեն մի տաղանդավոր մարդու ճակատագրում ինչ-որ ողբերգական բան կա… այնպես չէ՞: (Դադար:) Ինչո՞ւ եք լռում:
ՍԱՎԻՆԱ — Ես մտածում էի մի լավ ու տաղանդավոր գրողի մասին, որին շատ են սիրում և գնահատում Ռուսաստանում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իմ գործունեությունն արձագանք է գտել մեր ժողովրդի այն հատվածի մոտ, որը միշտ մոտ է եղել իմ սրտին… Բայց ես, հավանաբար, այլևս ոչինչ չկարողանամ գրել:
ՍԱՎԻՆԱ – Ինչո՞ւ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դա գրեթե անհնար է: Հեռու հարազատ արմատներից, բախումներից և մրցակցությունից… Եթե ապրեի Ռուսաստանում, հավանաբար, էլի նոր ու շատ բաներ գրեի… Բայց, ինչ արած, սա ինչ-որ կախարդված շրջան է: (Լսվում է կանացի շատ բարձր ձայն:) Լռությո՛ւն: Նա է: Ի՜նչ ձայն: Մինչև հիմա պահպանվել է… (Նայում է Վիարդոյի դիմանկարին:)
Ս ԱՎԻՆԱ — Դուք երկրպագում եք նկա՞րը:
Դարձյալ նույն ձայնը:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Երբ լսում ես նրան, մարմնովդ սառը դող է անցնում և… լաց ես լինում հիացումի արցունքներով: Քիչ բան կարող է ինձ ստիպել լաց լինել: Միայն երբեմն Պուշկինի բանաստեղծություններն են արցունքոտում իմ աչքերը: Ծերանում եմ: Ծերությունը ծանր ու մթամած ամպ է: Նա շրջափակում է և՛ անցյալը, և՛ ապագան: Պետք է պաշտպանվել այդ ամպից, բայց ինչպե՞ս: (Դադարից հետո:) Իսկ դուք ինձ համար Ռուսաստանի հետ նոր հանդիպում եք… Ես հաճախ եմ մտածում իմ հայրենիքի մասին: (Դադար:) Ուզո՞ւմ եք, ձեզ համար արձակ բանաստեղծություններից մեկը կարդամ: Ես մի քանի հատ գրել եմ:
ՍԱՎԻՆԱ – Բանաստեղծություն… արձա՞կ: Կարդացեք, խնդրեմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ռուս աղջկա մասին, մաքուր և առաքինի… Նա կանգնած է նոր կյանքի շեմին, պատրաստ Ռուսաստանի ապագայի համար ցանկացած տառապանքի: Այս բանաստեղծությունը «Շեմ» եմ կոչել: (Կարդամ է:) «Ես տեսնում եմ հսկայածավալ շենք: Առաջնամասում նեղ դուռն ամբողջապես բաց է, դռան ետևում՝ ահարկու մռայլ: Բարձր շեմի առջև կանգնած է աղջիկը… Ռուս աղջիկը: Սառնությամբ է շնչում այդ անթափանց մշուշը, և սառցակալված լարերի հետ շենքի խորքից լսելի է դառնում դանդաղընթաց, խուլ ձայնը:
— Օ՜, դու, որ ցանկանում ես անցնել այս շեմը, գիտե՞ս, թե քեզ ինչ է սպասում:
— Գիտեմ,- պատասխանում է աղջիկը:
— Ցուրտ, քաղց, ատելություն, ծաղր, արհամարհանք, վիրավորանք, բանտ, հիվանդություն և մահ:
— Գիտեմ:
— Խոր առանձնացում, մենակություն:
— Գիտեմ… Ես պատրաստ եմ: Ես կտանեմ բոլոր հարվածներն ու բոլոր տառապանքները:
— Ոչ միայն թշնամիներից, այլև հարազատներից ու բարեկամներից:
— Այո, և՛ նրանցից:
— Լավ, դու պատրա՞ստ ես զոհողության:
— Այո:
— Անանուն զոհողությա՞ն: Դու կզոհվես, և ոչ ոք… ոչ ոք անգամ չի իմանա, թե ում հիշատակը հարգել…
— Ինձ պետք չէ ոչ երախտագիտություն, ոչ ցավակցություն: Ինձ անուն պետք չէ:
— Արդյո՞ք պատրաստ ես դու հանցագործության:
Աղջիկր շարժեց գլուխը:
— Եվ հանցագործության եմ պատրաստ:
Ձայնը նույն պահին վերականգնեց հարցերը.
— Գիտե՞ս դու արդյոք,- վերջապես նա խոսեց,- որ ինչին հավատում ես հիմա, կարող է սուտ լինել, իսկ դու՝ խաբված, և իզուր կկործանես երիտասարդ կյանքդ:
— Եվ այդ գիտեմ: Այնուհանդերձ, ուզում եմ ներս մտնել:
— Մտի՛ր:
Աղջիկն անցավ շեմը: Եվ ծանր պատվարն ընկավ նրա ետևից:
— Հիմա՛ր,- կրճտացրեց մեկը ետևից:
— Սո՜ւրբ է,- լսվեց ինչ-որ տեղից պատասխանը»: (Դադար:) Գուցե սա ընթերցողի հոգում ինչ-որ բան շարժի… (Նայում է ժամացույցին:) Ես պետք է դեղատուն գնամ: Տիկին Վիարդոյի դուստրը հիվանդ է, անկողնում պառկած: Այս տանը միշտ ինչ-որ մեկը հիվանդ է: Ես ձեզ կուղեկցեմ…
ՍԱՎԻՆԱ — Ես մենակ չեմ եկել… Հիշո՞ւմ եք, այն ժամանակ կայարանում ասացի, որ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այո, այո… ինչ-որ… ինչ-որ «մի բան պետք է ազդեցություն ունենա ձեր առօրյայի վրա»…
ՍԱՎԻՆԱ — Դուք իմ ընկերն եք, չէ՞:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեր հանդեպ ունեցած իմ ընկերական վերաբերմունքը չպետք է կասկածի տակ առնեք:
ՍԱՎԻՆԱ — Դե լավ, ձեզ կպատմեմ… Ես պետք է ամեն ինչ ասեմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Շատ սիրալիր կլինեք:
ՍԱՎԻՆԱ — Եղավ, որ ազատ օր ունեցա և գնացի օպերա: Այդ երեկո «Աիդան» էր: Ես հրապուրված էի երաժշտությամբ, երբ հանկարծ տեսա, չէ, ավելի ճիշտ՝ զգացի ինձ ուղղված հեռադիտակը: Շրջեցի գլուխս և տեսա զինվորականի… Մագնիսի պես ձգեց այդ հեռադիտակը: Ես սկսեցի բարկանալ, որ չեմ կարողանում տեսնել դեմքը, վախեցա, որ այդ պարոնի վարքը կարող է սևեռել բոլորի ուշադրությունը: Կարծես ասեղների վրա էի նստած, իսկ ներկայացման ավարտից շուտ գնալը ծիծաղելի կլիներ և անհարմար: Վերջապես վարագույրն իջավ, ես պատրաստվեցի դուրս գալ: Եվ ի՜նչ կատարվեց… Անծանոթը կանգնած էր միջանցքում, իմ դիմաց՝ ասես գետնատարած… Գեղեցիկ դեմք, բարձր հասակ, փայլուն աչքեր… Մենք հայացքներ փոխանակեցինք, հետո ողջ գիշեր աչքերիս առաջ նրա պատկերն էր, որն այրում էր ինձ… Այդ փայլուն զինվորականն սկսեց լինել իմ բոլոր ներկայացումներին… Նրա հանդգնությունը, համառությունը և քաջությունը նրան քաղաքի հեքիաթը դարձրին… Ինձ ի՞նչ էր մնում… Հիմա նա այստեղ է, ինձ հետ՝ Փարիզում…
Դադար:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ո՞վ է նա:
ՍԱՎԻՆԱ — Գվարդիայի սպա Նիկիտա Նիկիտիչ Վսեվոլոժսկին: Հավանաբար, ճակատագիր է… Դուք գիտեք, որ շատ դերասաններ նման ես էլ սնոտիապաշտ եմ… (Դադար:) Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դուք պատրաստվում եք ամուսնանա՞լ այդ փայլուն զինվորականի հետ:
ՍԱՎԻՆԱ — Ես էլ չգիտեմ… Նա բացառիկ գեղեցիկ մարդ է և… նվաճել է իմ սիրտը…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դե, ինչ… Ինչպես հնում էին ասում, Աստված ձեզ սեր և միաբանություն տա…
ՍԱՎԻՆԱ – Դա՞ կարող եք ասել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեզ երջանկություն եմ ցանկանում… Իսկ ես առաջվա պես մենակ եմ: Մենակ, ինչպես միշտ… Եվ շան նման չեմ կարողանում ապրել այնտեղ, որտեղ նա չկա: Կտրվեցի ամեն մի թանկագին բանից, հայրենիքից: (Դադար:) Ես հագնվեմ և ուղեկցեմ ձեզ: (Դուրս է գնում:)
ՍԱՎԻՆԱ — (շուրջն է նայում): «Եվ նա, ով սիրող ձեռքով պահպանված չէ, ապահովված չէ…»: Պոլինա Վիարդո… «Թագուհիների թագուհի»… Նրան լրիվ գերել է:
Գալիս է Տուրգենևը՝ մուգ-գորշավուն վերարկուով:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Հիմա կգնանք: (Ուզում է կոճկել վերարկուն՝ փնտրում է կոճակը:)
ՍԱՎԻՆԱ — Զուր եք կոճակը փնտրում, այն չկա:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իսկապես: Այդ դեպքում մենք մյուս կոճակով կկոճկվենք: (Ուզում է կոճկվել, մյուս կոճակն էլ է պոկվում: Բարեհամբույր ժպտում է, անօգնական տարածում ձեռքերը: Նրանք գնում են: Լսվում է վոկալիզը:) Սպասեք: Երբ լսում եմ այս ձայնը, ժամանակն ինձ համար ասես կանգ է առնում: Կանգնի՛ր: Եվ հնարավորություն տուր դառնալու քո անմահության մասնակիցը, իմ հոգու մեջ պարպիր քո անմահության փայլը:
ՍԱՎԻՆԱ — Դուք այնպես եք արտասանում, ասես աղոթք եք մրմնջում:
Դադար:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մինչև Ռուսաստան մեկնելը… ձեզ կտեսնե՞մ:
ՍԱՎԻՆԱ – Ինչո՞ւ: Դուք ամեն ինչ ասացիք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեզ Վսեվոլոժսկի՞ն է սպասում:
ՍԱՎԻՆԱ — Այո:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեր զինվորը… Միայն մի բան եմ խնդրում, չշտապեք վճռական քայլ անել հետո չզղջալու համար… Պահպանեք ձեզ: Ինձ կգրե՞ք:
ՍԱՎԻՆԱ — Ուրախ էի ձեզ տեսնելու համար:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Պատկեր վեցերորդ
Բեմում են Սավինան և Տուրգենևը:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես բավարարված չեմ մեր հանդիպումից: Մենք հանդիպեցինք ու բաժանվեցինք ինչպես կիրթ անծանոթներ: Ես շատ լավ հասկացա, որ սա բաժանում էր, սակայն չեմ դադարում կենդանի մասնակցություն ունենալ ձեր ճակատագրում և տաղանդի մեջ: Դուք խոստացաք ինձ գրել, սակայն, իհարկե, քիչ էիք հավատում այդ խոստմանը: Դուք շատ գրավիչ և շատ խելացի եք, հատկանիշներ, որոնք ոչ միշտ են մեկտեղվում: Եվ ձեզ հետ գրավոր կամ բանավոր խոսակցությունները միշտ էլ հաճելի են: Պետերբուրգ վերադառնալուց հետո արդեն մի քանի նոր դերում եք հանդես եկել: Չե՞ք հայտնի մի քանի տեղեկություն դրանց մասին, ինչպես նաև ձեր առողջության մասին… Եվ հետո, արդյո՞ք շուտ կամուսնանաք: Պետք է հուսալ, որ կշարունակեք պառկել քնելու հանգիստ խղճով և այն անբավարարվածության զգացմամբ, որը և՛ տխուր է, և՛, ճակատագրի թելադրանքով, միշտ ուղեկցում է պարտքի հատուցմանը… Պետերբուրգ, հավանաբար, ես կգամ այս տարվա վերջին: Իսկ կհանդիպենք, թե ոչ՝ թեկուզև թատրոնում,- հարց է: Ամեն դեպքում, մենք կհանդիպենք ոչ նախկինի պես:
ՍԱՎԻՆԱ — Ինչ դժվար էր այն ժամանակ՝ Փարիզում, բաժանվել ձեզանից: Ի՜նչ զգացումներ եմ ունեցել… Դուք պարտավոր էիք հասկանալ… Դուք նշանավոր գրող եք, իսկ ես՝ խեղճուկրակ բալագանային դերասանուհի: Մի զարմացեք, այս պահին, որքան էլ տարօրինակ թվա, այն լրիվ համապատասխանում է իմ վիճակին: Այս շաբաթ խաղում եմ տասն անգամ, իսկ Աստված շաբաթը յոթ օրից է ստեղծել: Ես հարկադրված եմ երկու թատրոնում օրական երկուական ներկայացում խաղալ: Հավանաբար, սա լավ է, այս վիճակն ինձ օգնում է խլացնել իմ մեջ… Ձեզ շուտով կհոգնեցնի իմ ձեռագիրը, բայց դուք եք մեղավոր, ես անհրաժեշտություն եմ զգում ամեն ինչ խոստովանել ձեզ: Դեռ շատ բանի մասին էի ուզում ասել: Ձեզ հետ հանդիպումն ինձ համար… դե, ինքներդ գիտեք ու հասկանում եք… և չափից ավելի մի դատապարտեք դժբախտ դերասանուհի Սավինային…
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Հիշո՞ւմ եք, մի անգամ ասացի, որ դուք իմ կյանքում մեծ հետք եք թողել, և ինչ էլ անեմ, անհնար պիտի լինի այն ջնջել… Այն ժամանակ ճշմարտությունն ասացի… Բայց թույլ տվեք հարցնել, իՇնչ պատահեց, որ դուք չկարողացաք ձեզ ապահովագրել նման շահագործումից: Օրական երկու անգամ խաղալ, դա, իհարկե, հրեշավոր է: Բայց գուցե ձեզ նման գլխապտույտ գործունեությունը պետք է, որ օգնի «խլացնե՞լ»… Բայց, հատկապես, ի՞նչը… Ու հենց ձեր դեպքում կարելի է մեջբերել՝ «Միայն ժամանակավորն է հավերժական»: Օրերի մեջ կյանքդ ես առաջ տանում և մտածում. դա պարզապես հիմա է այսպես, միայն հիմա… սակայն նայում ու տեսնում ես, որ ամբողջ կյանքդ ես այդպես ապրել… Թերթերում կարդացել եմ Օստրովսկու պիեսում ձեր վերջին դերի մասին: Ասում են՝ դուք հրաշալի եք ռուսական տարազով, չե՞ք ուղարկի ձեր նկարը: Ի դեպ, ինչպես Բոգդանովիչն է ասել. «Բոլոր զգեստների մեջ էլ, հոգյակս, դու գեղեցիկ ես»:
ՍԱՎԻՆԱ — Վերջապես ե՞րբ կգաք Պետերբուրգ՝ տեսնելու իմ վերջին դերը:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Աստված ինչպես կամենա: Դա կախված է տարբեր հանգամանքներից, որոնք կարող են կամ շուտով իրականանալ, կամ էլ հետաձգվել… Հույս ունեմ Ռուսաստան վերադառնալ հունվարից ոչ ուշ: Ձեզ, իհարկե, կհանդիպեմ, սակայն ձեր ապագա ամուսնու ներկայությունը, ինչն ինձ փոքր-ինչ վրդովեց Փարիզում, կարող է որոշակի ազդեցություն ունենալ: Անցածը հազիվ վերադառնա, թեկուզև այն տեսքով, որն ուներ… Պիտի խոստովանեմ, որ ծերանում ու ծերանում եմ… ոչ միշտ են ցանկություններս համընկնում… Ի՞նչ անել: Ինչպես առածն է ասում՝ «Թռվռացիր, խաղացիր, հիմա արդեն չափն իմանալու ժամանակն է»…
ՍԱՎԻՆԱ — (կարդում է նամակը): «Փարիզ, 13 մարտի, 81 թվական: Եթե դուք շարունակեք այդպես շռայլել ձեզ, անպայմանորեն կկործանվեք և, չկատակելով, առաջարկում եմ պատիվ անել ինձ և մի քանի օր, կամ մի ամբողջ շաբաթ հանգստանալ իմ գյուղում: Պատկերացնում եմ, թե ինչպես պետք է ներգործություն ունենան ձեզ վրա Դոստոևսկու թաղումը, ապա՝ Ելիզավետա Մատվեևնա Լևկեևայի մահը: Ձեր նյարդերով պետք է զգուշանաք ամեն տեսակի հուզումներից: Մայիսին ես Սպասսկոյե կգամ և ամառն այնտեղ կանցկացնեմ: Ձեր առողջության պահպանման համար ավելի լավ բան չի կարելի մտածել, քան խաղաղ ու անդորր կյանքը գյուղում»:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ինձ մոտ՝ Սպասսկում, և՛ կլիման լավ է, և՛ւ հրաշալի այգի կա, և՛ առաջնակարգ խոհարար, և ձեզ ձեռքերիս վրա կպահեմ… Շատ հաճելի միտք է:
ՍԱՎԻՆԱ — (կարդում է): Քանի որ Պոլոնսկիների ընտանիքն է ինձ հյուրընկալվելու, բոլոր անհրաժեշտ պայմանները կլինեն: Այսպիսով, գուցե իրականանա այն, ինչի մասին դեռ անցած տարի էի երազում… Մտածեք և գրեք ինձ, որպեսզի ուրախությունս կանխավ լինի… Ինչքա՜ն լավ կլիներ, և ի՜նչ արագությամբ կկազդուրվեիք մեր սևահողային գոտում… Եվ ի՜նչ հագեցած ժամանակ կանցկացնեինք միասին…»:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ինչ էլ որ ասենք, այնուհանդերձ, մեր միջև մի այնպիսի կապ է ձևավորվել, որն աշխարհում ոչ մի ուժ չի կարողանա ավերել: Ինչի՞ համար եք գնում զոհողության, որպեսզի ամուսնանաք ձեր այդ փայլուն զինվորական Վսեվոլոժսկու հե՞տ: Թե՞ պարզապես ուզում եք ազատություն ստանալ»:
ՍԱՎԻՆԱ — (ինքն իրեն): Ես Վսեվոլոժսկու ոչ մի խոսքին չեմ հավատում: Չեմ հարգում նրան, անգամ ատում եմ, բայց… սիրում եմ, ինքնամոռաց սիրում եմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իսկ ձեր լուսանկարն այդպես էլ չուղարկեցիք: Թանկագին Մարիա Գավրիլովնա, ես ձեզ սիրում եմ, առավել շատ, քան ենթադրում էի, բայց ես մեղավոր չեմ… Շնորհակալություն, որ ընդունեցիք Սպասսկում հանգստանալու հրավերս: Տեսնենք, թե ինչպես կպահեք ձեր խոսքը… Հույս ունեմ, որ իմ հարկի տակ չեք տխրի… Ի՜նչ հաճելի կլինի նորից տեսնել ձեր հրաշալի աչքերր: Հատկապես այն պահին, երբ նրանցում տեսնեմ բավարարվածության կրակներ…
Պատկեր յոթերորդ
Սպասսկում: Տուրգենևի կաբինետը: Պատուհանից երևում է պարտեզը: Տուրգենևը փարիզյան շագանակագույն զգեստով է, փողկապի փոխարեն սպիտակ վզնոցով է: Նստած է գրասեղանի առջև դրված կաշվե բազկաթոռում: Լսվում է Գլինկայի երաժշտությունը: Տուրգենևը լսում է, հետո մեղմ երգում է ռոմանսի վերջին բառերը:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Զարմանալիորեն հարուստ է Ռուսաստանը տաղանդներով: Գլինկա… Նրա անունը երբեք չի մոռացվի: Իմ մասին երբևէ կհիշե՞ն… Ո՞ւմ կանացի քնքուշ ձեռքն է… «Դու քաղեցիր իմ բոլոր ծաղիկները, ու այցի չես գա իմ գերեզմանին»… ճամփան կորավ լեռան ստորոտում… ճակատագրով հաշվված օրեր… Բայց ինչպես նախկինում՝ մենակ եմ… Ի՞նչ անեմ ես: Ինչպե՞ս վարվեմ: Ես ասես բնավեր միայնակ թռչուն լինեմ… Ո՞ւր թռչեմ…
Մտնում է Սավինան: Նա սպիտակ շրջազգեստով է:
ՍԱՎԻՆԱ — Գնանք այգի: Ծառուղում այնպես լավ էինք երգում, այնքան ուրախ էր… Յակով Պետրովիչ Պոլոնսկին շատ բարեհամբույր է, իր բանաստեղծությունը նվիրեց:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դե, թույլ տվեք խոստովանել: Դուք ցանկանում էիք պատմել իշխանի հետ կապված պատմությունը…
ՍԱՎԻՆԱ — Գոլիցին-Գոլովկինի՞… Եթե ձեզ հետաքրքրում է:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այո, իհարկե, պատմեք, պատմեք, խնդրեմ:
ՍԱՎԻՆԱ — Դա պատահեց երկու տարի աոաջ, Ալեքսանդրինյան թատրոնում աշխատելու երկրորդ թատերաշրջանին… Հոգնածությունից, անհանգստությունից և տագնապներից հիվանդացա: Մի ամիս անկողնում անցկացրի: Բժիշկ Բոտկինն ասաց. «Ձեզ անհրաժեշտ է անհապաղ արտասահման մեկնել, ավելի լավ է՝ Իտալիա, ասենբ՝ Սորենտո»: Փետրվարի սկիզբն էր, թատերաշրջանի եռուն ժամանակը: Հիվանդությանս պատճառով մի քանի բենեֆիս հետաձգվեց, խումբը զայրույթով լցվեց իմ դեմ: Բժիշկները տեղեկանք տվեցին, ես դիմում ներկայացրի արտասահման մեկնելու թույլտվության մասին, ու նաև տնօրինությունից ճանապարհածախս խնդրեցի: Վեց ամսվա արձակուրդ տվեցին, իսկ գումար՝ ընդամենը երկու հարյուր ռուբլի: Այդ գումարով միայն Վիեննա կարող էի հասնել: Այդ վերաբերմունքն ինձ շատ վշտացրեց: Ստիպված էի մեծ պարտքեր անել և մեկնել: Կիսամեռ, ավելի շատ բարոյապես քայքայված, քան ֆիզիկապես՝ երկար ճամփորդության մեկնեցի անծանոթ մի աղջկա հետ: Ճանապարհելիս զգացի բարեկամներիս անկեղծ բարեմաղթանքները և թաքուն կանխազգացումը՝ չվերադառնալ: Այդպես թվաց ինձ, ասենք՝ բոլորին էլ… Ես չէի կարողանում տանել երկար ճանապարհը, ուստի Վենետիկում բառացիորեն տապալվեցի, որտեղից էլ ինձ Ֆլորենցիա տարան գրեթե անգիտակից վիճակում: Այնտեղ այդ ժամանակ հայտնվեց իշխան Եվգենի Յուրևիչ Գոլիցինը: Մենք նախկինում ծանոթներ էինք, ուստի հին բարեկամներ էինք համարվում: Նրա հետ հանդիպումն ինձ չափազանց ոգևորեց, ես հաճույքով ընդունեցի նրա խորհուրդը՝ հանգստանալ և ապրել Ֆլորենցիայում:
Դադար:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ինչո՞ւ լռեցիք: Շարունակեք, դուք հետաքրքիր եք պատմում:
ՍԱՎԻՆԱ — Չար լեզուները պնդում էին, թե նա սիրահարված է ինձ, բայց, չգիտեմ ինչու, չէի կարողանում հաշտվել այդ մտքի հետ, այն վիրավորական էր թվում: Ես դեռ հավատում էի կնոջ և տղամարդու բարեկամությանն ու իշխանին իդեալական ընկեր էի համարում… Երեք շաբաթ ապրեցի Ֆլորենցիայում, սկսեցի կազդուրվել, ու բժիշկը թույլ տվեց ծանոթանալ քաղաքին: Մարիա Միխայլովնան՝ իմ ընկերուհին, պատմեց, թե ինչ հոգատար է եղել իշխանը: Իրոք, ես շրջապատված էի ուշադրությամբ, որն առաջին օրերին չէի նկատում: Մի՞թե իշխանին, բարեկամությունից զատ, ուրիշ զգացմունք է առաջնորդել: Այդ միտքը վիրավորեց ինձ: Մարդը, ով գիտեր իմ կյանքը, տեսնելով, թե ինչ խոր ցավ եմ ապրում այդ օրերին, որքան թույլ եմ բոլոր հարցերում,- որոշում է իր զգացմունքով վիրավորել ինձ: Այս գիտակցությունն ինձ խոր հիասթափության տարավ… Որոշեցի գլորել ժամանակը, անորոշ հույս փայփայել, որ ես, այնուամենայնիվ, սխալվել եմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Եվ սխալվեցի՞ք:
ՍԱՎԻՆԱ — Եկավ իմ ծննդյան օրը, և իշխանն զգուշացրեց, որ ցանկանում է կարևոր բան ասել: Ես սարսափով էի սպասում իշխանին… համոզված էի, որ ամենաթեթև ակնարկի դեպքում անգամ «երկրպագուիս» կհայտնեմ իմ խոր ատելության մասին: Ես լաց էի լինում իմ հիասթափության համար: Մարտի երեսունը խոնավ օր էր, ցուրտ, նստել էի վառարանի առջև դրված մեծ բազկաթոռին, փաթաթվել էի, դողում էի ցրտից ու սպասումից… Վերջապես դուռը բախեցին… Ներս մտավ հսկայական ծաղկեփունջ գրկած իշխանը… Մենք մենակ մնացինք… «կարևոր խոսակցության» համար…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Նա ձեզ առաջարկությո՞ւն արեց:
ՍԱՎԻՆԱ — Իշխանն իմ ձեռքը խնդրեց: Ավելի քան ապշած էի… ուզում էի ներողություն խնդրել այն բոլոր հիմար մտքերի համար, որոնք ծնվել էին իմ ուղեղում…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Եվ ի՞նչ պատասխանեցիք իշխանին:
ՍԱՎԻՆԱ – Ի՞նչ կարող էի պատասխանել: Ասացի, որ դա անհնար է, անիմաստ է… Ես հազար պատճառ բերեցի, սակայն բոլորը իշխանը հերքեց. «Դուք բեմը չեք թողնի, ես գիտեմ, որ ոչնչով չեմ փոխարինի այն ամենին, ինչն արվեստն է տալիս, ես որոշում կայացնելուց առաջ խստորեն և հետևողականորեն քննարկել եմ իմ այս քայլը… Ես միայն ձեր հանգստությունն եմ կամենում և կարող եմ այն տալ ձեզ… Դուք դժբախտ եք, և չկա մեկը, ով կմխիթարի ձեզ, հիմա դուք ճակատագրի կողմից նետվել եք այս հեռուն… Ունենալով սիրելի լինելու բոլոր իրավունքները, քսաներկու տարեկանում դուք թունավորում եք ձեր կյանքը հիասթափությամբ»: Այսպես երկար խոսում էր և ասում այն ամենը, ինչը մտածել էի երկար ժամանակ, սակայն նա մոռացավ ամենակարևորը… Սավինի հետ իմ դժբախտ ամուսնությունից հետո ամուսնանալ մի մարդու հետ, ում չես սիրում, կնշանակեր խաբել և՛ նրան, և՛ ինձ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Նրան այդպես էլ ասացի՞ք:
ՍԱՎԻՆԱ — Ես իշխանից չթաքցրի, որ չեմ սիրում նրան… ամբողջ աշխարհում միայն նրան էի հավատում, աշխարհում ուրիշ ընկեր չունեի, բայց «ոչ» ասացի… Ես այլ կերպ չէի կարող: Ամբողջ կյանքը կապել չսիրած մարդու հետ… ինչի: համար… Այն ժամանակ դեռ ոչ ոքի չէի սիրում… ես միայն ազատություն էի ուզում…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Շնորհ արեք գրել:
ՍԱՎԻՆԱ – Ի՞նչ պիտի գրեմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Գրեք այն, ինչ ինձ պատմեցիք և ինչպես պատմեցիք… դուք հրաշալի եք շարադրում:
ՍԱՎԻՆԱ — Չեմ կարող, փորձել եմ: Օրագրեր գրել չեմ կարողանում: Հենց նստում ես սեղանի մոտ և սկսում գրել, ուզում ես այնքան շատ խելացի երևալ, որ գրողությունը վերջապես զզվելի է դառնում…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Գրողություն… շատ լավ ասացիք: Այնուամենայնիվ, փորձեք, ձեզ մոտ կարող է լավ ստացվել:
Դադար:
ՍԱՎԻՆԱ — Դուք խոստացել եք կարդալ նոր արձակ բանաստեղծությունները:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ուզո՞ւմ եք լսել:
ՍԱՎԻՆԱ – Ինչո՞ւ եք հարցնում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — «Նա ինձ պարզեց իր նուրբ, գունատ ձեռքր… և ես խիստ կոպտությամբ հրեցի այն: Երիտասարդ ու սիրելի դեմքի վրա նկարվեց նրա զարմանքը, երիտասարդ ու բարի աչքերը շեշտակի ինձ են նայում, ինձ չի հասկանում երիտասարդ ու անեղծ հոգին: «Ո՞րն է իմ մեղքը»,- շշնջում են նրա շուրթերը: «Քո մեղքը: Ամենապայծառ երկնքում գտնվող լուսավոր հրեշտակն անգամ կարող է մեղավոր լինել, քան դու: Եվ, այնուամենայնիվ, մեծ է քո մեղքը: Ուզո՞ւմ ես իմանալ, այդ ծանր մեղքը, որը չես կարող հասկանալ, որը քեզ բացատրելու ուժը չունեմ: Ահա այն՝ դու երիտասարդությունն ես, ես՝ ծերությունը»:
Դադար:
ՍԱՎԻՆԱ – Ինչո՞ւ… այսպես տխուր:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ինչո՞ւ: Ինչո՞ւ այցելեցիք ինձ: (Հավաքում է թղթերը, կարդում:) «Ինձ համար ծիծաղելի է… և ես զարմացած եմ ինքս ինձ վրա… Անփարատելի է իմ տխրությունը, ինձ համար ծանր է ապրելը, տխուր ու ցավագին են իմ զգացմունքները: Եվ, այնուհանդերձ, ես ջանում եմ դրանց փայլ ու գեղեցկություն հաղորդել, ես համեմատություններ ու պատկերներ եմ փնտրում, ես ամբողջացնում եմ իմ խոսքը, հետևում եմ բառերի և հնչյունների հնչողությանը: Ես քանդակագործի նման, ոսկերիչի նման ջանադրաբար ծեփում ու ամեն կերպ զարդարում եմ այն գավաթը, որով ինքս եմ քեզ թույն մատուցում»:
ՍԱՎԻՆԱ – Աստվա՛ծ իմ, պատկերների ի՜նչ ազդեցիկ քնքշություն, և այս ամենը որքան թախծոտ է: (Դադար:) Ասացեք, Իվան Սերգեևիչ… Ձեր նամակները… ինձ գրած… նույնպե՞ս բառեր են, «որոնց ջանում եք փայլ և գեղեցկություն հաղորդել»:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Չե՞ք հավատում: Չե՞ք ուզում հավատալ: Ձեզ իրական պատմություն պատմեմ… Մի անգամ մորս մոտ մի տիկին եկավ, նա որդուն էր կորցրել: Եվ այնպես հիմարաբար, այնպես անբնական էր պատմում իր վշտի մասին, այնքան շատ ֆրազներ էր օգտագործում, որ ես զզվանք զգացի: Այդ կինն ինձ ձևացնող թվաց, ով բացարձակապես ոչինչ չէր զգում և եկել էր միայն, որ իր հանդեպ խղճահարություն առաջացներ: Ես և մայրս հոգու խորքում նրան չէինք մեղադրում ու ծիծաղում էինք: Եվ ի՞նչ… Այդ տիրուհին այնպես խորն ապրեց վիշտը, որ մի շաբաթից խելագարվեց, ապա նետվեց լիճն ու խեղդվեց… Դժվար է ասել, թե որ արտահայտություններին կարելի է հավատալ, որոնց՝ ոչ: Հաճախ ճշմարտությունն էլ պարփակվում է միանգամայն կասկածելի ֆրազներով:
Դադար:
ՍԱՎԻՆԱ — Երևի մեծ երջանկություն է ստեղծագործելը:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Երջանկությունը հանգիստն է, իսկ հանգիստն ընդունակ չէ որևէ բան արարել… Կարծում եմ, արվեստագետը չի կարող երջանիկ լինել:
ՍԱՎԻՆԱ — Ես երջանիկ եմ, երբ խաղում եմ բեմում… Շատ երջանիկ եմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դուք պարզապես հրաշալի եք, դուք անկեղծությունն եք, որ կաք: (Համբուրում է ձեռքը:)
Դադար:
ՍԱՎԻՆԱ — (նայում է պատուհանից դուրս): Հավանաբար, այստեղ լավ եք զգում: Ավելի լավ, քան Փարիզում… Պատուհանից ի՜նչ հրաշալի տեսարան է բացվում: Այգին, թխկիները…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իմ ծառերը… Այո, իրավացի եք: Միայն այստեղ եմ կարողանում լավ գրել, այստեղ՝ ռուսական գյուղում: Հենց այս սեղանի վրա եմ գրել «Հայրեր և որդիներ» վեպը… Սիրում էի իմ Բազարովին… լաց եղա, երբ վեպն ավարտեցի իմ հերոսի մահով… Ի դեպ, երբ ստեղծում էի Բազարովի կերպարը, նրա անունից օրագիր էի պահում: Նոր գիրք էի կարդում, թե հանդիպում էի հետաքրքիր կամ անհետաքրքիր մարդու, զրուցում էի՝ այդ ամենը գրառում էի Բազարովի հայացքով և գնահատությամբ: Հաստափոր տետր ստացվեց և շատ հետաքրքիր, բայց կորավ: Ինչ- որ մեկը վերցրեց ու չվերադարձրեց… Այդ ժամանակվանից իմ համոզմունքները չեն փոխվել… Բազարովը… Մենք թևակոխում ենք միայն օգտակար մարդկանց դարաշրջանը, և այդ մարդիկ լավագույններն են: Նրանք, հավանաբար, շատ են լինելու:
ՍԱՎԻՆԱ — Ես ավելի շատ սիրում եմ ձեր «Ազնվականական բույնը»: Հրաժեշտ անցյալին… Եվ Լիզան… այնպես մաքուր է, թափանցիկ… շատ կուզենայի բեմում խաղալ նրան… Ինչո՞ւ ինձ համար դեր չեք գրում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Լիգա իսկապես կկարողանաք խաղալ: Ձեզ տեսնում եմ նաև Ինսարովի կողքին՝ Ելենայի դերում:
ՍԱՎԻՆԱ – Ինչո՞ւ եք ձեր վեպը «Նախօրյակին» կոչել: Ինչի՞ նախօրյակին:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Նոր կյանքի… Սկզբում վեպը կոչեցի «Ինսարով»՝ գլխավոր հերոսի անունով: Ինձ շատ խիստ քննադատեցին: Անգամ էպիգրամներ հայտնվեցին, իմ ստեղծագործությունը «Նախօրյակին» է կոչվել, որովհետև լույս է տեսել մի լավ վեպի նախօրյակին… Իմ գրքերից ոչ մեկի մասին այդքան հոդվածներ չեն տպագրվել: Ամենահանճարեղն, իհարկե, Դոբրոլյուբովի հոդվածն էր՝ «Վերջապես ե՞րբ կգա իսկական օրը»: Հոդվածն ինձ անհանգստացրեց ու շփոթեցրեց, և Դոբրոլյուբովի հետ մենք կապերը խզեցինք: Չերնիշևսկու, անգամ Նեկրասովի հետ էլ… (Դադար:) Բայց ամենամեծ հաջողությունն, իհարկե, «Ազնվականական բույնն» ունեցավ: Ինչի մասին այն տարիներին երազում էի՝ հառնեց իմ առջև: Լավրեցկին ախր ես եմ: Իմ վեպերում անհաջողակ սիրահարների կերպարներում ես միշտ ինձ եմ պատկերում:
ՍԱՎԻՆԱ — Մեղք է այդպես խոսելը: Ձեզ սիրում են, և դուք այդ շատ լավ գիտեք: Իսկ ի՞նչ կլինի, եթե տիկին Վիարդոն ձեզ գրի՝ եկեք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Պարտավորված կլինեմ մեկնել…
ՍԱՎԻՆԱ — Դուք այդ կնոջն եք տվել ձեզ, ձեր տաղանդը, ձեր սիրտը… Այսպիսի սեր… Ամբողջ կյանքի ընթացքում…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Սերն իսկական դժբախտություն է, երբ նրան տալիս ես ամեն ինչ: Հիվանդի պես փափագում ես հանգիստ, նախանձում ես ազատ ու անհոգ մարդկանց… Սա տաղտկալի ստրկություն է…
ՍԱՎԻՆԱ – Հեռացե՛ք, լրիվ հեռացե՛ք: Մի՛ վերադարձեք նրա մոտ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իմ տարիքում կյանքը նորից չեն սկսում: Ամեն ինչի համար նրան երախտապարտ եմ… Եվ հետո, նա դաստիարակել է իմ դստերը…
Դադար:
ՍԱՎԻՆԱ — Դուք անցյալո՞վ եք ապրում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ի՞նչ արած: Երջանկության հույսեր չկան, իսկ դրանց ետևից վազել չեմ ուզում:
ՍԱՎԻՆԱ — Գնանք այգի, անձրևը կտրվեց:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես պետք է մի քիչ էլ աշխատեմ: Դուք այգում, ա՛յ, այն նստարանին նստեք: Այնտեղ Լավրեցկին բաժանվեց Լիզայից…
ՍԱՎԻՆԱ – Մի՞թե նույն նստարանն է:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այո:
ՍԱՎԻՆԱ — Տվեք ինձ, խնդրում եմ, գիրքը, ուզում եմ վերհիշել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես կգամ ձեզ մոտ՝ այգի:
ՍԱՎԻՆԱ — Ձեզ կսպասեմ:
Վերցնում է գիրքն ու դուրս գալիս:
Պատկեր ութերորդ
Այգի: Հեռուն ձգվող ծառուղի: Սավինան նստած է նստարանին: Նա քնել է, գիրքն ընկել է ձեռքից: Երազ է տեսնում, որ Տուրգենևն ու Լավրեցկին նույն մարդն են: Երաժշտություն, Գլինկա, «Վալս-ֆանտազիա»: Մոտենում է Տուրգենևը:
ՍԱՎԻՆԱ – Ի՞նչ է պատահել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (պարզելով հանդեսը): Կարդացեք մատիտով ընդգծվածը: Խնդրում եմ դա գաղտնի պահել:
ՍԱՎԻՆԱ — Սարսափելի է: Այո, գուցե սա դեռ ճշմարտությունը չէ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այդ պատճառով էլ խնդրեցի որևէ մեկին չասել:
ՍԱՎԻՆԱ — Ասացեք, դուք չե՞ք վիրավորվել, բնա՞վ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես էլ չգիտեմ, թե ինչ եմ զգում:
ՍԱՎԻՆԱ — Բայց չէ՞ որ նախկինում դուք չեք սիրել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Սիրել եմ:
ՍԱՎԻՆԱ – Շա՞տ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Շատ:
ՍԱՎԻՆԱ — Եվ նրա մահը ձեզ չի՞ վշտացրել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Նա ինձ համար հիմա չի մահացել:
ՍԱՎԻՆԱ — Այն, ինչ ասում եք՝ մեղք է… Մի բարկացեք ինձ վրա: Ինձ ձեր ընկերն եք կոչում, ընկերն ամեն ինչ կարող է ասել: Ես, անկեղծ ասած, անգամ սարսափում եմ: Սա ձեզ որպես պատիժ է ուղարկվել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (դառը քմծիծաղով): Դուք կարծո՞ւմ եք: Լավագույն դեպքում՝ ես հիմա ազատ եմ:
ՍԱՎԻՆԱ — Հիմա ձեր ինչի՞ն է պետք ազատությունը: Դուք ոչ թե դրա, այլ նրան ներելու մասին պիտի հիմա մտածեք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես վաղուց եմ նրան ներել:
ՍԱՎԻՆԱ — Չէ, դա չէ: Դուք ինձ ճիշտ չհասկացաք: Դուք պետք է հոգ տանեք, որ ձեզ ներեն…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ո՞վ պիտի ինձ ների:
ՍԱՎԻՆԱ — Ո՞վ: Աստված: Ո՞վ կարող է մեզ ներել՝ Աստծուց բացի:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (բռնում է ձեռքը): Հավատացեք, այսպես էլ բավարար չափով պատժվել եմ: Ես արդեն ամեն ինչի համար հատուցել եմ:
ՍԱՎԻՆԱ — Դուք չեք կարող իմանալ… Իսկ ի՞նչ է լինելու ձեր դստեր հետ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Մի՛ անհանգստացեք: Ես արդեն ամեն տեղ նամակներ եմ ուղարկել: Իմ աղջկա վաղվա օրն ապահովված է… Բայց դուք ճիշտ եք, ի՞նչ եմ անելու ազատության հետ… Իմ ինչի՞ն է պետք:
ՍԱՎԻՆԱ – Մի՞թե լաց չեղաք:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ոչ, ես ցնցված էի, որտեղի՞ց վերցնեի արցունքներ: Լաց լինել անցածի համար, բայց չէ՞ որ այն ինձնից տարել է ամեն ինչ ու քամել է ինձ: Ես գուցե ավելի ճնշված ինձ զգայի, եթե այդ լուրն առնեի շատ ավելի վաղ:
ՍԱՎԻՆԱ – Վա՞ղ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այո, այո, դուք կռահեցիք: Այս օրերին, ինչ այստեղ եք, ես հասկացա, թե ինչ է նշանակում կանացի մաքուր հոգին, և իմ անցյալն ավելի հեռացավ ինձնից: Ես արդեն վարժվել եմ, որ ձեզնից ոչինչ չթաքցնեմ և հույս ունեմ, որ դուք էլ ինձ կհատուցեք նման վստահությամբ:
ՍԱՎԻՆԱ – Այդպե՞ս եք կարծում: Այդ դեպքում ես պարտավոր պիտի լինեի… դե, ոչ: Դա անհնար է: Ինձ թվում է, որ ես չպետք է… Եվ ընդհանրապես, կիսատ անկեղծություն չի լինում: Ես այսօր նամակ եմ ստացել… նրանից…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Նա ձեր ձե՞ռքն է խնդրում:
ՍԱՎԻՆԱ — Այո:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (դադարից հետո): Դե՞… և ի՞նչ եք նրան պատասխանել:
ՍԱՎԻՆԱ — Չգիտեի…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Չէ՞ որ նրան սիրում եք:
ՍԱՎԻՆԱ — Նա լավ մարդ է թվում…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես ուզում եմ իմանալ՝ սիրո՞ւմ եք նրան այն ուժեղ, կրքոտ զգացմունքով, որին մենք վարժվել ենք սեր կոչել:
ՍԱՎԻՆԱ — Ինչպես դուք հասկանում եք՝ ոչ… Ես նրա դեմ ոչինչ չունեմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Սակայն դուք տատանվում եք:
ՍԱՎԻՆԱ — Այո… և գուցե ձեր խոսքերն էլ այդ տատանման պատճառն են…
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Օ՜, իմ փոքրիկ: Խորամանկորեն մի՛ իմաստաբանեք, ձեր հոգու ճիչը մի՛ համարեք թուլություն… Այդ մարդու հանդեպ մի՛ վերցրեք այդպիսի պատասխանատվություն ձեր խղճի վրա: Այն մարդու, ում չեք սիրում, բայց ցանկանում եք նվիրվել…
ՍԱՎԻՆԱ — Ես հնազանդ եմ, ես ոչինչ չեմ վերցնում ինձ վրա:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Լսեք ձեր սրտին, միայն նա ձեզ ճշմարտությունը կասի… Փորձն ու բանականությունը ոչինչ են, ունայնության ունայնությանց: Մի՛ խլեք ձեզնից այս երկրի վրա ունեցած ձեր միակ երջանկությունը:
ՍԱՎԻՆԱ – Մի՞թե դա դուք եք ասում: Արդյո՞ք դուք երջանիկ եք եղել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իմ մասին չխոսեք: Դուք անգամ չեք կարող հասկանալ… Ես երջանիկ եմ եղել:
ՍԱՎԻՆԱ — Ինձ թվում է, որ երկրի վրա երջանկությունը մեզնից չի կախված:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մեզնից, մեզնից, հավատացեք ինձ: (Բռնում է նրա ձեռքը:) Միայն թե մենք չփչացնենք մեր կյանքը: Որոշ մարդկանց համար սիրելով ամուսնությունը կարող է դժբախտ լինել, բայց ոչ մեզ համար, մեր պարզ հոգով… Աղաչում եմ ձեզ, առանց սիրո մի ամուսնացեք: Հավատացեք ինձ, ես դա ասելու իրավունքն ունեմ… Ու եթե մեր Աստվածը… Մի բան եմ միայն ձեզ խնդրում, հիմա որոշում մի կայացրեք, սպասեք, մտածեք այն մասին, ինչ ձեզ ասացի… Դուք խոստանո՞ւմ եք չշտապել… (Դադար: Երաժշտություն:) Դուք կարդացի՞ք այդ գիրքը:
ՍԱՎԻՆԱ — Ոչ: Հիմա գիրք կարդալու տրամադրություն չունեմ: (Ուզում է հեռանալ:)
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մի րոպե սպասեք: Ես ձեզ հետ շատ վաղուց մենակ չեմ եղել: Դուք ասես վախենում եք ինձնից:
ՍԱՎԻՆԱ — Այո:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Բացատրեք, ինչո՞ւ:
ՍԱՎԻՆԱ — Չգիտեմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ասացեք, դեռ չե՞ք որոշել:
ՍԱՎԻՆԱ – Ի՞նչ եք ուզում ասել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դուք ինձ հասկանում եք…
ՍԱՎԻՆԱ — Ինձ մի հարցրեք… ոչինչ չգիտեմ, ես ինքս ինձ չգիտեմ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես չէի մտածել այստեղ գալու մասին… Ես ուզում էի մի քիչ էլ աշխատել… Ինձ այստեղ բերեց… Ես…ես…ես… ձեզ սիրում եմ…
ՍԱՎԻՆԱ — Այս ի՞նչ ենք անում: Ես վախենում եմ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ես ձեզ սիրում եմ: Ես պատրաստ եմ ձեզ տալ իմ կյանքը:
ՍԱՎԻՆԱ — Ամեն ինչ Աստծո կամոք է…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Բայց դուք ինձ սիրում եք… Մենք երջանիկ կլինենք:
Մոտենում է Սավինային: Սավինայի գլուխը հակվում է Տուրգենևի ուսին, նա խոնարհում է գլուխը, հպվում Սավինայի շուրթերին: Ապա դանդաղ հեռանում է:
Երազն ավարտվում է: Մեծ դադար: Երաժշտություն: Հայտնվում է Տուրգենևը՝ ծղոտե գլխարկով: Տեսնելով քնած Սավինային՝ կանգ է առնում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Կանգ առ: Ինչպիսին քեզ տեսնում եմ հիմա՝ այդպիսին ընդմիշտ մնա իմ հիշողության մեջ: Շուրթերից վերջին ներշնչված հնչյունը պոկվեց, աչքերը չեն փայլում ու չեն առկայծում. նրանք հանդարտ փակվում են՝ բեռնավորված երջանկությամբ, այն գեղեցկության երանավետ զգացմամբ, որն հաջողվել է քեզ պատկերել, այն գեղեցկության, որի հետքերով գնալով, դու ասես պարզում ես քո տանջահար ու անօգնական ձեռքերը: Ահա նա՝ բացված գաղտնիքը, բանաստեղծության, կյանքի, սիրո գաղտնիքը: Ահա նա, ահա նա՝ անմահությունը: Ուրիշ անմահություն չկա և պետք էլ չէ: Այս ակնթարթի մեջ դու անմահ ես: Կանցնի ակնթարթը, ու դա նորից կվերածվես մոխրի ծվենի, կնոջ, փոքրիկի… Այս ակնթարթի մեջ դու դարձար վեհ, դու եղար վերժամանակյա, վերազանցական: Քո այս ակնթարթը երբեք չի ավարտվի:
Դանդաղ գնում է դեպի նստարանը: Դադար: երաժշտություն:
ՍԱՎԻՆԱ — (արթնանում է): Աստված իմ, ի՜նչ հրաշալի երաժշտություն է: (Տուրգենևին.) Տարօրինակ երազ էր… Երազում տեսա, իբր դուք և Լավրեցկին նույն մարդն եք, և դուք եկաք այստեղ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Պատճառը, երևի, ծառերն են: Լուսավորված ծառերի մեջ խորհրդավոր ու ֆանտաստիկ մի բան կա, ինչն էլ թելադրում է երևակայությանը: (Մոտենում է ծառին:) Մի՞թե ծերացած ծառը նոր տերևներ կարձակի: (Դանդաղ գնում է այգու խորքը:)
Սավինան դանդաղ գալիս է նախաբեմ: Նույն երաժշտությունը:
ՍԱՎԻՆԱ — Ես միշտ երազել եմ խաղալ տուրգենևյան Լիզայի հրաշալի կերպարը: Գրեթե տասներեք տարի անց, իմ բենեֆիսին, 1894 թվականի հունվարի 27-ին, Ալեքսանդրինյան բեմում բեմադրվեց «Ազնվականական բույն» պիեսը Վեյնբերգի բեմական փոխադրությամբ: Իմ հուզմունքը սահման չուներ: Փոքրիկ անճշտությունն անգամ ինձ հուսահատության էր մղում: Լիզայի դերը խաղալու իմ հանդուգն որոշումը հրեշավոր էր ինձ թվում, ու ես վախենում է, որ Լիզան մեր օրերում ձանձրալի կթվար: Ինձ միայն մի բան էր ոգևորում՝ գոնե հասարակությունը կլսի Տուրգենևի լեզուն… Դա երաժշտություն է գրականության մեջ, ու թեև ոչ բոլորն են սիրում սիմֆոնիկ համերգներ, բայց, այնուհանդերձ, չեն հրաժարվում ներկա լինելուց… Հինգ օր հյուր եղա իմ բարեկամին, ով վերջին անգամ էր հայրենիք եկել: Իվան Սերգեևիչն ինձ համար կարդաց «Հաղթանակող սիրո երգը»: Հիշում եմ, նա ինձ հարցրեց, թե արդյոք դո՞ւր է գալիս իր վերջին վիպակը: Ի՞նչ կարող էի պատասխանել: Վատ էի հասկացել, բայց ինձ շատ դուր էր եկել… Տուրգենևը սիրում էր կարդալ իր գործերը:
Դարձյալ այգու ծառուղին: Տուրգենևը գալիս է Սավինային ընդառաջ:
ՍԱՎԻՆԱ – Ես չեմ դադարում հիանալ ձեր այգով: Այս ծաոերը…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այս հին այգիներից զատ ուրիշ ոչ մի հրաշալիք չգիտեմ, և աշխարհում ոչ մի տեղ նման բուրմունք չկա: Եվ այս նեղլիկ ծառուղիները, որոնք լցվել են մետաքսահյուս կանաչով ու հապալասներով… Ձեզ այստեղ լա՞վ եք զգում:
ՍԱՎԻՆԱ — Հրավերի համար այնքան երախտապարտ եմ: Այստեղ հոգով ու մարմով հանգստացա: Ամբողջ կյանքում ես ապրում եմ ուրիշ, բուտաֆորային անտառում: Շնչում եմ կուլիսների փոշին:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Մնացեք… ևս մի քանի օր հյուր եղեք ինձ:
ՍԱՎԻՆԱ — Ես չեմ կարող մնալ… չի կարելի խախտել պայմանագիրը… Եվ հետո, Վսեվոլոժսկուց, իմ ապագա ամուսնուց, նամակ եմ ստացել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այնուամենայնիվ որոշեցի՞ք:
ՍԱՎԻՆԱ — Մնալ նրա սիրելի՞ն: Դա անորոշ վիճակ է: Այս ստապատիր ու խառնակերպար Պետերբուրգում խրախուսվում է միայն դերասանուհիների հետ սիրավեպը, բայց ամուսնությունը՝ երբեք… Վսեվոլոժսկին գրում է, որ պատրաստվում է պաշտոնաթող լինել: Նա մեծ կալվածք ունի Սիվայում՝ Պերմի նահանգում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Կթողնե՞ք բեմը:
ՍԱՎԻՆԱ – Մի՞թե կարող եմ: Դա իմ կյանքն է: Եթե նա ինձ իսկապես սիրում է՝ կհասկանա… Իսկ դուք դարձյա՞լ Փարիզ եք գնալու:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ուրիշ ի՞նչ կարող եմ անել:
Դադար:
ՍԱՎԻՆԱ — Իմ խոնարհումը բերեք այդ կնոջը: (Տուրգենևը պոկում է մի վարդ, նվիրում Սավինային: Երաժշտության՝ Լանների հնագույն վալսը:) Աստվա՜ծ իմ… Ի՜նչ լավն է այս վարդը: (Դադարից հետո:) «Ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, սրանից շատ-շատ առաջ, ես կարդացել եմ մի բանաստեղծություն: Այն շուտով մոռացվեց իմ կողմից… Սակայն առաջին տողերն իմ հիշողության մեջ մնացին. «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը»… Հիմա ձմեռ է, սառնամանիքը պատուհանների ապակիներին իր նրբահյուս հետքերն է թողնում, խավար սենյակում մարմրում է մի մոմ: Ես նստել եմ՝ քաշված մի անկյուն, իսկ գլխումս հնչում են ու հնչում. «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»: Ես երբեք ձեզ չեմ մոռանա:
Սավինան գրկում, համբուրում է Տուրգենևին: Արագ հեռանում է:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — (մնալով մենակ): «Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը… Մոմը ծկլթում ու մարում է… Ո՞վ է այնտեղ հազում այդպես խուլ ու խռպոտ: Կուչուձիգ գալով, սրթսրթում ու դողդողում է իմ ոտքերի մոտ ծվարած շնիկը, իմ միակ ընկերը… Ես մրսում եմ… Ես դողում եմ… և նրանք բոլորը մեռել են… մեռել… Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»:
Պատկեր իններորդ
Բեմում են Սավինան և Տուրգենևը:
ՍԱՎԻՆԱ — Հաջորդ օր մեկնեցի Մոսկվա: Իվան Սերգեևիչը հաճախ էր ինձ գրում: (Թերթում է նամակները:) «Սպասսկում ձեր ներկայությունը անջնջելի հետք է թողել… Ես ձեզ ավելի լավ ճանաչեցի… Սենյակը, որտեղ ապրում էիք, առմիշտ կմնա «Սավինյան»… Ձեր հայտնած նորությունն ինձ շատ հետաքրքրեց, քանի որ այն վերաբերում է ձեր ապագային»…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Շատ կուզենայի ձեզ տեսնել այն պահին, երբ հարսնացուին արևշատություն են մաղթում: Միշտ էլ հաճելի է տեսնել ձեր դեմքը, հատկապես այդ պահին, կարծում եմ, այն շատ հետաքրքիր էր… Մենք ե՞րբ կհանդիպենք… եթե հանդիպենք, դուք այդ մասին կպատմեք այն նուրբ ու գեղարվեստական ճշմարտացիությամբ, որն հատուկ է ձեզ: Եվ այն սիրալիր վստահությամբ, որը ես վաստակել եմ ոչ որպես ուսուցիչ, այլ ձեր լավագույն ընկեր:
ՍԱՎԻՆԱ — Իմ հավատարիմ ընկեր…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այն, ինչ տեղի ունեցավ ձեր մեկնումի նախօրյակին, հիշեցեք, այն ժամանակ, այգում… ինձ համար դժվար է մոռանալը: Ե՞րբ և որտե՞ղ կտեսնեմ ձեզ: Եվ ինչպիսի՞ն կլինեք այդ ժամանակ, տիկին Վսեվոլոժսկայա:
ՍԱՎԻՆԱ — Չգիտեմ… ոչինչ չգիտեմ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Հույս ունեմ, որ ինձ առանց ձեր մասին տեղեկությունների չեք թողնի… Տարօրինակ բան է: Անցած տարի, երբ… Դե, դուք գիտեք, թե ինձ հետ ինչ տեղի ունեցավ, ես ոչ մի րոպե չէի կարող մտածել ձեր ամուսնության մասին, ինձ համար դա օտարոտի մի բան էր, իսկ հիմա հաճախ եմ ինձ տալիս այդ հարցը հավանաբար այն պատճառով, որ առավել շատ ու ամուր կապվեցի ձեզ:
ՍԱՎԻՆԱ — (կարդում է նամակը): «Կասկած չունեմ, որ այդ քայլին ձեզ մղում է ինքնատիպ արժանապատվությունը, ձեր դրությունն առավել ճիշտ է դառնում, կամ՝ նորմալ, բայց միաժամանակ, ավելի է մեծանում ձեր կախվածությունը: Ձեր ճակատագիրը կապում եք մի մարդու ճակատագրին, ում հետ դուք, որքան ես կարող եմ դատել, որևէ ընդհանուր բան չունեք… Կարծում եմ, դուք անառարկելիորեն կունենաք ազատություն բեմական գործունեության մեջ… Դա ձեզ համար նույնն է, ինչ թոքերի համար թթվածինը… Եվ դուք չեք խեղդի ձեզ… Ձեր ամուսնությունը շատ ավելի հասկանալի կլիներ, եթե լիներ ուժգին կիրքը… Բայց, պարզվում է, հենց դա չկա»: Դուք սխալվում եք, թանկագին Իվան Սերգեևիչ, սիրում եմ նրան, սիրում… Եվ չկա մի այնպիսի զոհողություն, որի առջև կանգ առնեի… Ի՞նչ անեմ… փախչե՞մ: Որպեսզի ոչ ոք չիմանա: Ինչ-որ հեռու տեղ, արտասահման:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դուք երազում եք, թե որքան լավ կլիներ սուսուփուս փախչել արտասահման, իսկ ես երազում եմ, թե որքան լավ կլիներ, եթե երկուսով ճամփորդեինք գոնե մեկ ամիս, բայց այնպես, որ ոչ ոք չիմանար, թե ով ենք մենք, որտեղ ենք մենք… Պատկերացրեք հապա հետևյալ տեսարանը՝ Վենետիկը հոկտեմբերին՝ լավագույն ամիսն Իտալիայում, կամ Հռոմը… քայլում են փողոցներով կամ գոնդոլներով նավարկում են երկու օտարերկրացի, մեկը բարձրահասակ, սպիտակահեր ու երկարոտք, սակայն անչափ երջանիկ, մյուսը՝ նրբիրան տիրուհի արտասովոր սևորակ աչքերով… Պատկերացնենք, որ նա էլ երջանիկ է: Նրանք ճեմում են պատկերասրահներում, ճաշում են միասին, երեկոյան միասին թատրոն են գնում, իսկ այնտեղ… Այնտեղ իմ երևակայությունը հարգանքով դադար է առնում… Սակայն այս երազանքներն այդպես էլ երազանք կմնան:
ՍԱՎԻՆԱ — Դուք աշխատո՞ւմ եք, թե՞ նոր միայն պատրաստվում եք: Թերթերը տեղեկացրին, որ պատրաստվում եք նոր կատակերգություն գրել:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ստել են: Ես սկսել եմ քիչ-քիչ աշխատել: Միայն՝ ոչ կատակերգություն: Ավա՜ղ: Ես դրա վարպետը չեմ, այլապես ձեզ համար մի այնպիսի՜ դեր կհորինեի:
ՍԱՎԻՆԱ — Ափսոս, շատ ափսոս: Չնայած հաջողություն ունեմ բեմում, բայց դա ինձ չի ուրախացնում: Թերթերը, ճիշտ է, կատակով, տեղեկացնում են, որ բարձրաշխարհիկ երիտասարդները տարին երեք անգամ են նոր զգեստներ կարել տալիս՝ Ծննդյան տոներին, Բարեկենդանին և Սավինայի բենեֆիսին: Իսկ մեր տիկնայք… Օ՜, այդ տիկնայք… Թատրոն գալիս են հատուկ իմ զգեստները պատճենելու համար: Իսկական դերեր չկան: Բոլորը միայն պնդում են, թե հասարակությունը դասական պիեսներ չի սիրում, տանել չի կարողանում: Ո՞ւմ է դա, իբր, պետք… «Ոչխարի աղբյուրը» համարում են անդրջրհեղեղյան պիես: Ի՞նչ է մնում: Այո, բեմն իմ կյանքն է, ավելի ճիշտ՝ իմ թույնը… Ես թունավորված եմ բեմով: Եթե բեմում ամիսը մեկ անգամ ստիպված չլինեի «մեռնել»՝ իրականում կմեռնեի: Այդ պատճառով էլ չեմ կարող արհեստական խաղ ցուցադրել: Չէ, կհեռանամ բեմից, վերջնականապես կհեռանամ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ – Ե՛վ թախծում, և՛ տրտնջում եք, բայց սա դեռ մեծ աղետ չէ: «Թախիծր հոգու հանգստությունն է»: Պուշկինն է ասել՝ այն երիտասարդ սրտերն են միայն տագնապում, ում համար ամեն ինչ դեռ առջևում է: Այդ թռչունն է, որ դեռ չի կարող թռչել՝ ուր ինքը կուզեր, բայց նա թևեր ունի, այն էլ ի՜նչ փառավոր թևեր: Եվ կթռչի:
ՍԱՎԻՆԱ — Ես շատ տխուր տրամադրություն ունեի, բայց ձեր նամակը ոչնչացրեց այդ տխրությունը… Ի՞նչ անեմ: Գուցե Իտալիա՞ մեկնեմ, մի քիչ հանգստանամ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Իտալիա մեկնելու ձեր մտադրությունը լիովին խրախուսում եմ: Շատ տարիներ առաջ տասը հրաշալի օր եմ ապրել Ֆլորենցիայում. այդ քաղաքը թողել է ամենաբանաստեղծական, ամենագերող հիշողություններ… Ես այնտեղ մենակ էի… Ի՞նչ կլիներ ինձ հետ, եթե ուղեկցուհի ունենայի՝ հմայիչ, գեղեցիկ ուղեկցուհի, դա իրոք անհրաժեշտ էր… Այն ժամանակ դեռ քառասուն չկայի: Պատկառելի տարիք էր… Բայց ես դեռ շատ երիտասարդ էի, թե չէ հիմա… Սակայն անցածն այլևս ետ չես բերի: Եթե Ֆլորենցիայում հայտնվեք, իմ խոնարհումը բերեք այդ քաղաքին: Ես այնտեղ տարա իմ սիրահար սիրտը… բայց անպատասխան սիրով ապրող սիրտը… Բայց ոչ, ես նրանց սիրահարված էի: Ա՜խ, այդ քարեղեն գեղեցկուհիներին: Դուք գեղեցկուհի եք, բայց ոչ քարեղեն, այլ իրական, սակայն չեք ջերմանում իմ ճառագայթներով:
ՍԱՎԻՆԱ — 82 թվականի հունվարին ինձ մոտ տարօրինակ հիվանդության դրսևորումներ հայտնվեցին… ուշաթափություններ էի ունենում: Բժիշկներն ասացին, որ ասթմա ունեմ: Փետրվարին ինձ Մերոն ուղարկեցին, այնտեղ կոկորդիցս արյուն էր գալիս: Երկու շաբաթ անց Վերոնա մեկնեցի, որտեղ Ջուլիետի տունն ու գերեզմանն են: Ի վերջո, հայտնվեցի Փարիզում… Իվան Սերգեևիչն ինձ նշանավոր բժիշկ Շարկոյի մոտ տարավ: Նա ինձ խորհուրդ տվեց Սիցիլիա մեկնել: Դա մարտի վերջերն էր: Ինչպես հիմա՝ տեսնում եմ Իվան Սերգեևիչի ամրապինդ մարմինը: Նա ինձ մոտ եկավ մարտի երեսունին, իմ ծննդյան օրը, երկու հրաշալի ծաղկեփնջերով: Մաղթեց բուրել այնպես, ինչպես դրանք: (Դադարից հետո:) Դա հրաժեշտ էր Տուրգենևին, այլևս նրան չտեսա: Բայց նամակները… նամակները շարունակվեցին… (Կարդում է:) «Կարծես կիսագնդով մեկ տարածում ենք մեր նամակները, թանկագին Մարիա Գավրիլովնա: Շատ ուրախ եմ, որ իմ նամակները ձեզ ուրախություն են պարգևում: Ձեր նամակները մխիթարում են ինձ իմ ոչ ուրախ իրավիճակում: Չնայած հիվանդությունս ծանր չէ, բայց… անբուժելի է… Գոնե մի տարի համբերեր այդ հիվանդությունը, ես կհասցնեի Սպասսկոյե մեկնել… Ինչքա՛ն պլաններ ունեի՝ և՛ գրական, և՛ գործնական, և՛ ամեն տեսակի: Հիմա այդ ամենը ջուրն է ընկել»… Նա երազում էր դեռ շատ գրել…
Փարիզյան կաբինետում, բազկաթոռին նստած է Տուրգենևը, ձեռքին՝ ձեռագրեր:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Հոգուս աշխույժն անհետացել է, ջանում եմ ապագային չնայել և այլևս ինձ թույլ չեմ տալիս երազել հանդիպման մասին:
ՍԱՎԻՆԱ — Իսկ ձեր նամակնե՞րը: Ուղարկե՞մ դրանք ձեզ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դրանց հետ կարող եք վարվել՝ ինչպես կամենաք… Ճիշտ այնպես, ինչպես կվարվեիք ինձ հետ, եթե միայն… եթե միայն… Ձեզ եմ հանձնարարում ավարտել այս արտահայտությունը…
ՍԱՎԻՆԱ — Չեմ հասկանում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Այ, եթե մեր կյանքերը շուտ հանդիպեին… Բայց ինչի՞ համար է այս ամենը: Ես, ինչպես իմ գերմանացի Լեմմը «Ազնվականական բույնում», դագաղին եմ նայում, ոչ թե վարդագույն ապագային… Տխուր բաներ եմ ձեզ ասում, ներեցեք ինձ, սակայն ձեզ հետ չեմ կարող ձևացնել… Ես ձեզ շատ, շատ եմ սիրում…
ՍԱՎԻՆԱ — Մենք ամենասերտ բարեկամություն էինք հաստատել, ես Փարիզ նոր պիեսներ էի ուղարկում, որոնցում ստիպված էի խաղալ, և նրանից ստանում էի խորհուրդներ: (Տուրգենևին.) Թատրոնում ցանկանում են բեմադրել Օստրովսկու «Ձյունանուշը»՝ Չայկովսկու երաժշտությամբ, բայց մտածում եմ, որ այդ բանաստեղծական կերպարն ինձ հարմար չէ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Համոզված եմ, որ այդ դերում հրաշալի կլինեք: Ես մեծ հաճույքով կնայեի ձեր սառցե արձանիկի տեսքը: Իսկ հույզերի պոռթկումը ձեզ կհաջողվի, դա արդեն անառարկելի է: Բայց չափածո ողբերգություն… Դուք չափածոն այնքան էլ լավ չեք կարդում: Դուք բանաստեղծություններն այն անկեղծությամբ չեք ներկայացնում, ինչը հատուկ է ձեզ… Տեսնո՞ւմ եք, անգամ քննադատաբար կարող եմ վերաբերվել ձեզ…
ՍԱՎԻՆԱ — (հավաքում է նամակները): «Բուժիվալ, 8 օգոստոսի, 1882 թվական: Նախ, թույլ տվեք շնորհավորել ոչ այնքան ամուսնության, որքան այն կեղծ վիճակից դուրս գալու համար, որը ձեզ տանջում էր: Անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի ձեր որոշման համար չապաշխարեք»: (Դադարից հետո:) Դուք կգա՞ք Պետերբուրգ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Անիմաստ է մտածել Ռուսաստան կատարելիք իմ ուղևորության մասին: Ես երջանիկ կլինեի ձեզ տեսնել, ասենք, դուք էլ ուրախ կլինեիք, տեսնո՞ւմ եք, ինչ ինքնավստահ մարդ եմ: Ձեր առողջության մասին չե՞ք հիշում: Նշանակում է, դուք փթթում եք այն վարդի նման: Հիշո՞ւմ եք:
ՍԱՎԻՆԱ – Մի՞թե կարող եմ մոռանալ:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ուժ հավաքեք հաջորդ թատերաշրջանի և նոր դերերի համար, գուցե դրանցից մեկում ձեզ տեսնելու երջանկությունը ունենամ:
ՍԱՎԻՆԱ — Հաջողությունն ինձ չի ուրախացնում: Ես սովորել եմ գնահատել այդ ծափերն ու դափնիները: Փառքի ճանապարհը փշոտ է: Նախկինում այս արտահայտությունն ինձ անիմաստ էր թվում: Հիմա ես լավ գիտեմ դրա իմաստը… Եթե իմ կողքին լինեիք՝ ամեն ինչ կհասկանայիք: Եկեք Պետերբուրգ, երիտասարդությունը ձեզ ձեռքերի վրա կտանի:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ինձ մտահոգում է, որ ես շատ ավելի լավ կկարողանայի հոգ տանել ձեր մասին, բայց, փառք Աստծո, հիմա ձեզ լավ եք զգում և ինձ նման մայրապետի կարիքը չունեք: Մեծագույն երջանկություն կլիներ տեսնել ձեզ, զրուցել ձեզ հետ…
ՍԱՎԻՆԱ — Ինձ համար նույնպես…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ձեր առողջությունը չպետք է վտանգեք ինտրիգների և բամբասանքների պատճառով: Հիշեցեք մի ծեր պալատականի՝ ինձ ասած խոսքերը. «Եթե մարդն ինքն իրեն չքայքայի, ուրիշ ոչ մեկին դա չի հաջողվի»: Դուք ձեզ մի ոչնչացրեք…
ՍԱՎԻՆԱ — Հուսամ, ձեր առողջությունը կարգավորվում է: Ինչի՞ վրա եք հիմա աշխատում:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Հաջողվեց ավարտել բավական ծավալուն «Կլարա Միլիչ» վիպակը: Որքան երջանիկ կլինեի դեմ հանդիման կարդալ ձեզ համար: Բայց ինչ լինում է՝ թող լինի… Չարժե ժամանակից առաջ վազել:
ՍԱՎԻՆԱ — Թանկագին Իվան Սերգեևիչ: Ես արդեն վարժվել եմ ամեն ինչ խոստովանել ձեզ: Կայսերական թատրոնների տնօրենի պաշտոնում նշանակել են Իվան Ալեքսանդրովիչ Վսեվոլոժսկուն՝ իմ ամուսնու հարազատին: Հիմա ինձ համար շատ ավելի վատ է: Նա վախենում է, որ իրեն կմեղադրեն հովանավորչության մեջ, իսկ ես չեմ ցանկանում կատաղեցնել գայլերին: Նա թույլ տվեց խլել ինձանից բենեֆիսը՝ «քմահաճույքի համար»: Ոչ, այլևս չեմ կարող… Թոշակի կանցնեմ…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ի սեր Աստծո, ի՞նչ է, դուք անգամ թոշակի մասի՞ն եք մտածում: Իսկ այն նոր դերե՞րը, որոնք ես ուզում էի տեսնել Պետերբուրգում, երբ կվերադառնամ… եթե միայն ինձ բախտ վիճակվի վերադառնալ… Դուք դեռ քառասուն տարի բեմում պիտի մնաք, ինչը ես, իհարկե, չեմ տեսնի, և ինչի համար այնքան էլ չեմ վշտանում…
ՍԱՎԻՆԱ — Չէ, իմ փառքն ինձանից երկար չի ապրի:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Դե, ի՞նչ եք, դուք էլ… ի սեր Աստծո: Եվ այլևս այդպես չխոսեք: Իսկ ես… ես… չորս օրից վաթսունչորս տարեկան կդառնամ: Հաշտվել եմ ես, սիրելի Մարիա Գավրիլովնա, հաշտվել եմ: Ինքս ինձ հարցնում եմ՝ մի՞թե ես եմ այն երիտասարդ, թեկուզև ճերմակահեր մարդը, որը կարող էր հրաշալի շուրթերի մի համբույրով բոցավառվել…
ՍԱՎԻՆԱ — Ես շատ եմ ուզում ձեզ տեսնել, խոսել ձեզ հետ: Դուք չե՞ք կարող Պետերբուրգ գա:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Պետերբուրգում մեր հանդիպման հեռանկարն ավելի ու ավելի է ծածկվում մշուշով… Իսկ ես ավելի մեծ իրավունքով, քան դուք, կարող եմ ասել, որ չեմ կարող պատկերացնել, թե ինչ կլինի ինձ հետ, երբ ձեզ տեսնեմ: Այդ պատճառով էլ հաճելի չէ մտածել այդ առեղծվածային ապագայի մասին… Ի դեպ… սատանան ինչե՞ր չի անի՝ կասեի ես, եթե միայն մտածեի, որ շատ հաճախ սատանան ինքն է խառնվում մարդկանց գործերին: Բայց նա, իր պարոնին նմանակելով, թույլ է տալիս, որ մարդկանց գործերն ընթանան այնպես, ինչպես նրանց խելքին կփչի… Եվ այս ամենով հանդերձ, ես չեմ ուզում կորցնել հույսս:
ՍԱՎԻՆԱ — Ինձ թվում էր՝ ես մեկ անգամ էլ կտեսնեմ նրան, և անպայման՝ Սպասսկում, նրա սիրելի Սպասսկում: Ես այնպես հավատում էի դրան…
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Ռուսաստան գալու մասին, ես, իհարկե, չեմ էլ մտածում, ու եթե ճակատագրով է որոշված մեր հանդիպումը՝ այն անպայման կլինի, և հենց այստեղ: Եթե երբևէ լինեք Սպասսկում, իմ կողմից խոնարհվեք տանը, ծառերին, այգուն, իմ սիրելի կաղնուն, հայրենիքիս խոնարհվեք, որը ես, հավանաբար, այլևս չեմ տեսնի…
Դադար: Դարձյալ հնչում է երաժշտություն. Չայկովսկու «Տրիոն»:
ՍԱՎԻՆԱ — Այլևս նամակ չստացա: Վերջին նամակը Իվան Սերգեևիչը գրել էր դժվարությամբ, մատիտով: Նամակր հասցեագրված էր նրան, ում նա համարում էր Ռուսաստանի առաջին գրողը:
Լուսավորվում է Տուրգենևի դեմքը: Սեղանին վառվող մոմ է:
ՏՈՒՐԳԵՆԵՎ — Բուժիվալ, 27 և 28 հունիսի, 1883 թվական: Թանկագին, սիրելի Լև Նիկոլաևիչ, երկար ժամանակ Ձեզ չեմ գրել, քանի որ եղել եմ ու գտնվում եմ, ճիշտն ասած, մահվան մահճում: Առողջանալ այլևս չեմ կարող և այդ մասին չեմ էլ մտածում: Գրում եմ Ձեզ, անկեղծ ասած, ասելու, թե որքան երջանիկ եմ ձեր ժամանակակիցը լինելու համար, որպեսզի հայտնեմ իմ վերջին անկեղծ խնդրանքը: Բարեկամս, վերադարձե՛ք գրական գործունեության: Ա՜խ, որքա՜ն ինձ երջանիկ կզգայի, եթե իմանայի, որ իմ խնդրանքն ազդել է ձեզ վրա: Ընկերս, ռուսական հողի մեծագույն գրող, ականջալուր եղեք իմ խնդրանքին: Այլևս չեմ կարող… Հոգնել եմ…
Մոմը մարում է: Իջնում է վարագույրը:
ՍԱՎԻՆԱ — (բեմառաջքում): Մեռնելով հայրենիքից հեռու՝ Տուրգենևը խնդրել էր իրեն թաղել Պետերբուրգում, Վոլկովյան գերեզմանատանը, Բելինսկու կողքին… Չեմ հավատում, չեմ ուզում, չեմ կարող հավատալ, որ նա չկա… Ես հիմա ոչինչ չեմ կարող… Ես լաց չեմ լինում, ես չեմ կարող արտահայտել իմ վիշտը… Նա, անգամ հեռվում, չկա: Այն ամենը, ինչ լսում, կարդում եմ այս օրերին, այնքան չնչին ու փոքր է թվում, և ինչի՞ համար է այս ամենը: Ինձ թվում է, ես կիսով չափ կուրացել եմ, լեթարգիական քնի մեջ եմ՝ լսում եմ, զգում, բայց չեմ կարող ճչալ: Ամբողջ գիշեր վերընթերցել եմ ինձ համար թանկ նամակները՝ նրա կյանքի վերջին չորս տարիները…
Երաժշտությունն ուժգնանում է՝ տարածվելով դահլիճում:
Ռուսերենից թարգմանեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ