ՌՈԼԱՆԴ ՇԻՄՄԵԼ ՊՖԵՆՆԻՆԳ / «ԿԻՆԸ ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԻՑ»
ՌՈԼԱՆԴ ՇԻՄՄԵԼ ՊՖԵՆՆԻՆԳԻ «ԿԻՆԸ ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԻՑ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում
ՌՈԼԱՆԴ ՇԻՄՄեԼ ՊՖԵՆՆՒՆԳ
ԿԻՆԸ ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԻՑ
Գործող անձինք
ՖՐԱՆԿ — 40-ն անց
ԿԼԱՈՒԴԻԱ — նրա կինը
ԱՆԴԻ — նրանց որդին
ՏԻՆԱ — Անդիի ընկերուհին
ՌՈՄԻ ՖՈԴԹԼԵՆԴԵՐ
Տեսարանների միջև ժամանակային անցումները պետք է հստակ տրվեն բանավոր, գրավոր կամ որևէ այլ միջոցով:
Բնակարանի ընդարձակ նախասրահ: Չորս դուռ, երկփեղկ՝ մուտքի, լոգարանի, որդու սենյակի ու ծնողների ննջարանի: Հնարավոր է ևս մեկ դուռ դեպի հյուրասենյակ կամ խոհանոց: Ազատ տարածքը շատ է: Միջանցքում շարված են արդեն կապված արկղերը: Չկա կահույք, ոչ էլ կտավներ՝ պատերին:
1.
Ֆրանկը կանգնած է մուտքի փակ դռան առաջ: Լոգարանից դուրս է գալիս Կլաուդիան՝ խալաթով, սրբիչը գլխին փաթաթած:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ո՞ւմ հետ ես խոսում:
ՖՐԱՆԿ – Ես:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դե, հա… Ո՞ւմ հետ էիր խոսում:
ՖՐԱՆԿ — Ոչ մեկի: Իսկ ո՞ւմ հետ կարող եմ խոսել:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ինձ թվաց՝ խոսակցություն լսեցի… ինչ-որ մեկի հետ չէի՞ր խոսում:
ՖՐԱՆԿ – Ոչ: Իսկ ի՞նչ կա:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այն, որ ես ձայներ եմ լսել:
ՖՐԱՆԿ — Ձայնե՞ր:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այո, այո, ձայներ:
ՖՐԱՆԿ — Բայց դու լոգարանում էիր:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դե, հա…
ՖՐԱՆԿ — Լոգարանում ձայները, պարզ բան է, խողովակներով են հասնում, մյուս հարկերից:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դե, չէ, ձայներն այստեղից էին: Միջանցքից…
ՖՐԱՆԿ — Այստեղ ոչ ոք չկա:
ԿԼԱՈՒԴԻԱ — Բայց այստեղ ինչ-որ մեկը եղել է:
ՖՐԱՆԿ — Այստեղ ոչ ոք չկա:
ԿԼԱՈՒԴԻԱ — (բացում է դուռը: Նրա դիմաց Ռոմի Ֆոգթլենդերն է: Հագին կարճ վերարկու է: Դադար:) Սա ով է: (Լռություն:) Ո՞վ է սա…
ՖՐԱՆԿ — Սա… սա Ոոմի Ֆոգթլենդերն է… Ռոմի Ֆոգթլենդերն է, նրան վերջին անգամ տեսել եմ քսանչորս տարի առաջ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ինչո՞ւ չասացիր, որ այս կինը կանգնած է դռան ետևում… Ինչո՞ւ չասացիր: Ինչո՞ւ ես ինձ խաբում:
ՖՐԱՆԿ — Նրա ներկայությունը ինձ էլ է հուսահատեցնում:
ՌՈՄԻ Ֆ. — Այս մարդը քսանչորս տարի առաջ իմ մեծ սերն էր… Մենք այն ժամանակ միասին էինք: (Կարճ դադար:) Մենք հիմա էլ միասին ենք:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ի՞նչ…
ՌՈՄԻ Ֆ. — Նա ու ես… այն ժամանակ միասին էինք: Հիմա էլ…
Կլաուդիան ապտակում է ամուսնուն ու դուռը շրխկացնում Ռոմիի դեմքին:
2.
Սրանից տասը րոպե առաջ: Դատարկ միջանցք: Ցնցուղից հոսող ջրի ձայնը՝ լոգարանից: Դռան զանգ: Գալիս է Ֆրանկը, մոտենում լսաֆոնին:
ՖՐԱՆԿ – Ալո՞… (Լռություն:) Ալո՛, ալո՛: (Լռություն:) Ալո՛: (Գնում է: Դռան զանգ: Նա վերադառնում է, վերցնում է լսափողը:) Ալո՛: (Լռություն: Կախում է լսափողը, գնում է: Դուռը թակում են: Լռություն: Նորից են թակում: Նա վերադառնում է:) Ալո՛… ո՞վ է: (Նորից են թակում:) Ալո՛: (Լռություն: Նա թափով բացում է դուռը: Շեմին կարճ վերարկուով կին է կանգնած:) Դե, ի՞նչ կա… (Լռություն:) Լսում եմ ձեզ: (Լռություն:) Լսեք…
ՌՈՄԻ Ֆ. — Ես քեզ փնտրել եմ: Քեզ գտնելը հեշտ չէր…
ՖՐԱՆԿ — Չէ հա՛… Կարող է պատահել: (Փակում է դուռը, անշարժ սպասում է: Դռան թակոց: Բացում է դուռը:) Լսեք, դուք… (Լոգարանում ջրի ձայնը կտրվում է:)
ՌՈՄԻ Ֆ. — Դու չճանաչեցիր ինձ…
ՖՐԱՆԿ — Ցավում եմ, բայց… (Ծիծաղելով:) Տեղը չեմ բերում: (Ուզում է դուռը փակել:)
ՌՈՄԻ Ֆ. — Ես եմ, Ռոմին… Ռոմի Ֆոգթլենդերը: (Կարճ դադար:) Բայց եթե ինձ չճանաչեցիր, ավելի լավ է՝ դուռը փակես…
ՖՐԱՆԿ — Ռոմի Ֆոգթլենդեր…
ՌՈՄԻ Ֆ. — Ու դու ինձ չես ճանաչում…
ՖՐԱՆԿ — Ռոմի… Ռոմի Ֆոգթլենդերը:
ՌՈՄԻ Ֆ. – Գիտե՞ս…
ՖՐԱՆԿ — Այո, այո…
ՌՈՄԻ Ֆ. — Ամբողջ ամառը միասին էինք…
ՖՐԱՆԿ — Ռոմի Ֆոգթլենդերը:
ՌՈՄԻ Ֆ. — Քսանչորս տարի առաջ:
ՖՐԱՆԿ — Ռոմի… այն ժամանակ… տասնյոթ տարեկան էինք:
ՌՈՄԻ Ֆ. — Հա, տասնյոթ… Իսկապես, ես տասնյոթ էի, դու՝ քսան: Այն ժամանակ դու խոստացար, որ միշտ կսիրես ինձ:
ՖՐԱՆԿ — (ծիծաղելով): Այո…
ՌՈՄԻ Ֆ. – Ծիծաղո՞ւմ ես… Ես էլ քեզ խոստացա: Որ միշտ սիրելու եմ քեզ: (Կարճ դադար:) Հիշո՞ւմ ես:
ՖՐԱՆԿ — Հա, գուցե…
ՌՈՄԻ Ֆ. — Ահա, եկել եմ, որ կատարեմ խոստումս:
Դադար:
ՖՐԱՆԿ – Ի՞նչ…
ՌՈՄԻ Ֆ. — Այստեղ եմ, որպեսզի կատարեմ խոստումս ու հիշեցնեմ քո խոստման մասին:
ՖՐԱՆԿ – Ի՞նչ խոստում…
ՌՈՄԻ Ֆ. — Որ միշտ ես ինձ սիրելու: Դու հո ասել ես…
ՖՐԱՆԿ — Բայց… բայց… Ես տասնինը տարեկան էի:
ՌՈՄԻ Ֆ. — Քսան:
ՖՐԱՆԿ — Տասնինը կամ քսան՝ ի՞նչ տարբերություն… (Կարճ դադար:) Ի՞նչ ես ուզում:
ՌՈՄԻ Ֆ. — Քեզ: Ուրիշ էլ ի՞նչ… Ես եկել եմ, որ քեզ հիշեցնեմ…
ՖՐԱՆԿ — Հիշեցնես…
ՌՈՄԻ Ֆ. — Որ մենք հավերժ սիրելու ենք իրար: Չէ՞ որ դու ես ասել…
Ֆրանկը վարանում է: Բացվում է լոգարանի դուռը: Ֆրանկը փակում է մուտքի դուռը: Փորձում է ուշքի գալ: Լոգարանից դուրս է գալիս Կլաուդիան՝ խալաթով, սրբիչը գլխին փաթաթած:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ո՞ւմ հետ ես խոսում:
ՖՐԱՆԿ – Ե՞ս:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դե, հա… Ո՞ւմ հետ էիր խոսում:
ՖՐԱՆԿ — Ոչ մեկի: Իսկ ո՞ւմ հետ կարող եմ խոսել:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ինձ թվաց՝ խոսակցություն լսեցի… ինչ-որ մեկի հետ չէի՞ր խոսում:
ՖՐԱՆԿ — Ոչ: Իսկ ի՞նչ կա:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այն, որ ես ձայներ եմ լսել:
ՖՐԱՆԿ — Ձայնե՞ր:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այո, այո, ձայներ:
ՖՐԱՆԿ — Բայց դու լոգարանում էիր:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դե, հա…
ՖՐԱՆԿ — Լոգարանում ձայները, պարզ բան է, խողովակներով են հասնում, մյուս հարկերից:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դե, չէ, ձայներն այստեղից էին: Միջանցքից:
ՖՐԱՆԿ — Այստեղ ոչ ոք չկա:
ԿԼԱՈՒԴԻԱ — Բայց այստեղ ինչ-որ մեկը եղել է:
ՖՐԱՆԿ — Այստեղ ոչ ոք չկա:
ԿԼԱՈՒԴԻԱ — (բացում է դուռը: Նրա դիմաց Ռոմի Ֆոգթլենդերն է: Հագին կարճ վերարկու է: Դադար:) Սա ո՞վ է: (Լռություն:) Ո՞վ է սա:
ՖՐԱՆԿ — Սա… սա Ռոմի Ֆոգթլենդերն է… Ռոմի Ֆոգթլենդերը: Նրան վերջին անգամ տեսել եմ քսանչորս տարի առաջ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ինչո՞ւ չասացիր, որ այս կինը կանգնած է դռան ետևում… Ինչո՞ւ չասացիր: Ինչո՞ւ ես ինձ խաբում:
ՖՐԱՆԿ — Նրա ներկայությունը ինձ էլ է հուսահատեցնում:
ՌՈՄԻ Ֆ. — Այս մարդը քսանչորս տարի առաջ իմ մեծ սերն էր… Մենք այն ժամանակ միասին էինք… Մենք հիմա էլ միասին ենք:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ի՞նչ…
ՌՈՄԻ Ֆ. — Նա ու ես… այն ժամանակ միասին էինք: Հիմա էլ…
Կլաուդիան ապտակում է ամուսնուն ու դուռը շրխկացնում Ռոմիի դեմքին:
3.
Տան առջև, սրանից մի փոքր ուշ:
ՏԻՆԱ — Ես ու Անդին… Տաք երեկո է… մեր վերջին երեկոն: Աշնանային արևը մայր է մտնում, ու մենք… մենք տուն գնալ չենք ուզում, չենք կարող բաժանվել իրարից, բայց վաղը նա ծնողների հետ մեկնում է այստեղից, մեկնում է շատ հեռու: Մենք սիրում ենք իրար: Նա իմ ընկերն է, իմ առաջին ընկերը: Ես չեմ ուզում, որ նա գնա: Բայց ամեն ինչ արդեն որոշված է, նրա ծնողներն ուղարկել են իրերը, ու հիմա մեր վերջին րոպեներն են: Մենք նստած ենք տան դիմացի բլրակի վրա ու չգիտենք՝ ինչ ասենք, ես սիրում եմ քեզ, ես քեզ երբեք չեմ մոռանա, մնա ինձ հետ, ինչ կլինի, եթե դու… Մենք սովորականի պես նստած ենք բլրակի վերևում ու տեսնում ենք, ինչպես վերարկու հագած կինը մոտենում, սեղմում է զանգի կոճակը: Ի՞նչ է լինելու մեզ հետ: Չգիտեմ: Գաղափար չունեմ: Ես բռնել եմ նրա ձեռքը, թե ինքը՝ իմը, մենք նստել ենք ու չգիտենք, թե ինչ է մեզ սպասում:
4.
Սրանից մի քանի րոպե առաջ, տանը:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ի՞նչ…
ՌՈՄԻ Ֆ. — Նա ու ես… այն ժամանակ միասին էինք: Հիմա էլ…
Կլաուդիան ապտակում է ամուսնուն ու դուռը շրխկացնում Ռոմիի դեմքին: Կարճ դադար:
ԿԼԱՈՒԴԻԱ — Եվ ինչպե՞ս կարողացար…
ՖՐԱՆԿ – Ի՞նչ կարողացա… Ես ոչինչ չեմ արել:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դու խաբել ես ինձ:
ՖՐԱՆԿ — Իսկ ինչպե՞ս բացատրեի, թե ինչու է այդ կինը կանգնած դռան ետևում:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այդ կինը, կարծեմ, քո ջահելության մեծ սերն է:
ՖՐԱՆԿ — Քսանչորս տարի առաջ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Եվ այդ մասին լսում եմ միայն այսօր:
ՖՐԱՆԿ — Ես մոռացել էի նրան, սկզբում նույնիսկ չճանաչեցի:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ուրեմն, դա ասա նրան:
ՖՐԱՆԿ — Ի՞նչ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ասա, որ մոռացել էիր նրան, անգամ չճանաչեցիր, այդպես էլ ասա: Թե չէ կանգնել ու լսում ես, թե ինչպես է երեսիս շպրտում, որ իրար հետ եք:
ՖՐԱՆԿ — Ես ի՞նչ մեղք ունեմ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Իսկ ո՞վ ունի…
ՖՐԱՆԿ — Արածս այն էր, որ բացել եմ դուռը: Ընդամենը…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ու խաբել ես ինձ:
ՖՐԱՆԿ – Ի՞նչ է նշանակում՝ խաբել ես: Հո չէի՞ կարող…
ԿԼԱՈՒԴԻԱ — (բացում է դուռը: Ռոմին այնտեղ է: Գոռում է:) Է՛, հետո:… Հիմա՞ ինչ է լինելու: Հետո՞ ինչ է լինելու:
ՌՈՄԻ Ֆ. — Հիմա…
ԿԼԱՈՒԴԻԱ — Հա, հիմա…
ՌՈՄԻ Ֆ. — Հիմա Ֆրանկը կհիշի, որ մի անգամ երդվել է ինձ, որ մեր սերը երբեք չի ավարտվի:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ահա՜ թե ինչ…
ՌՈՄԻ Ֆ. — Նա կհիշի ու կամ ինձ ներս կհրավիրի, կամ ձեզ դուրս կհրավիրի…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ինձ թվում է, ինչ-որ բան ձեզ հետ էն չէ…
ՌՈՄԻ Ֆ. — …կամ էլ կհագնի վերարկուն ու կգա ինձ հետ, եթե ձեր պատճառով այստեղ մնալ չենք կարող: Իսկ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Ես այնքան երկար եմ պատկերացրել այս պահը:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ոչ մի բան էլ չի՛ լինի, ոչինչ չի՛ ստացվի: Ոչ ձեզ ներս կհրավիրեն, ոչ Ֆրանկը ինձ դուրս կհրավիրի, ինչպես հույս եք փայփայում… ոչ էլ վերարկուն կհագնի ու կգա ձեզ հետ:
ՌՈՄԻ Ֆ. — Ո՞չ… Իսկ ինչո՞ւ եք այդքան համոզված: Որտեղի՞ց գիտեք…
ԿԼԱՈՒԴԻԱ – Ե՞ս… Դուք միանգամայն իրավացի եք: Իհարկե… Գնալը, այո, կգնա այստեղից, բայց միայն ի՛նձ հետ:
ՌՈՄԻ Ֆ. – Ինչպե՞ս թե՝ ձեզ հետ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Պատահականություն է, որ մեզ այստեղ գտաք: Մենք գնում ենք այստեղից: Վաղը:
ՌՈՄԻ Ֆ. — (Ֆրանկին): Ո՞ւր ես գնում նրա հետ, երբ ես այստեղ եմ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Հեռու: Այստեղից հեռու:
ՌՈՄԻ Ֆ. — Ո՞ւր:
ԿԼԱՈՒԴԻԱ — Մեր իրերի մեծ մասն արդեն բաց ծովում է, մնացածն այսօր կկապենք ու վաղն առավոտ կուղարկենք: Այնպես որ, դուք ձեր հայտնությունը ուշացրել եք:
ՌՈՄԻ Ֆ. — (Ֆրանկին): Ու դու լռո՞ւմ ես: Չի՛ կարող պատահել, որ ասելու բան չունենաս: Մի բան ասա… դու պիտի՛ ասես:
ՖՐԱՆԿ — Նա… ճիշտ է:
ՌՈՄԻ Ֆ. – Ի՞նչն է ճիշտ, ասա վերջապես:
ՖՐԱՆԿ — Համարյա քսան տարի ես ու Կլաուդիան միասին ենք, ամուսնացած ենք, չափահաս տղա ունենք…
ՌՈՄԻ Ֆ. — (կտրուկ): Ինչո՞ւ… ինչո՞ւ նա քեզնից երեխա ունի:
ՖՐԱՆԿ — …ու վաղը այստեղից գնում ենք: Այն, որ մի ժամանակ ճանաչել ենք իրար… չի կարող հավերժական պայմանագիր լինել:
ՌՈՄԻ Ֆ. – Կարո՛ղ է: Ավելի քան՝ կարո՛ղ է: Ախր, այդպես էլ ասացիր, չէ՞… Անգամ երգեցիր: Մի՞թե չես հիշում այն երգը: Որ ինձ համար երգեցիր այն ժամանակ…
ՖՐԱՆԿ — (ընդհատելով նրան): Կարևոր չէ, ինչ եմ ասել քսանչորս տարի առաջ, այսօր ասածս ուժը կորցրել է: Մենք հիմա իրար հետ չենք: Դա մի ամառ էր, ամենաշատը գուցե՝ երկու, իսկ ես ու Կլաուդիան իրար գիտենք քսան տարի:
ԿԼԱՈՒԴԻԱ — Եվ այդ ընթացքում, որքան հիշում եմ, նա ոչ մի անգամ չի երգել:
ՌՈՄԻ Ֆ. — Ես էլ դա եմ ասում, այս կինը քեզ նույնիսկ չի ճանաչում:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ես նրա երեխայի մայրն եմ: Ես այս մարդու կողքին եմ եղել նրա կյանքի ամենաորոշիչ պահերին: Ես գիտեմ նրա ամեն մի քայլը, ժեստը, ցանկացած միտքը: Ինքն էլ ինձ գիտի:
ՌՈՄԻ Ֆ. — Գիտենալը՝ գուցե գիտի, բայց սիրել… դու միայն ինձ ես սիրում արդեն քսանչորս տարի, ինձ՝ քո միակ կնոջը:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դե, բավակա՛ն է… Ասա նրան, որ բացարձակապես իրեն չես հիշում, որ առաջին պահին անգամ տեղը չբերեցիր…
ՌՈՄԻ Ֆ. – Չի՛ կարող պատահել, որ դու ինձ վռնդես… անհնար է: Սա սարսափելի երազ է, որը հիմա կավարտվի:
ՖՐԱՆԿ — Պատահել է…
ՌՈՄԻ Ֆ. — Սա սարսափելի երազ է, ու ես հիմա կարթնանամ… Իսկ երբ կբացեմ աչքերս, դու կխոնարհվես՝ դեմքդ դեմքիս, ու մեղմ կհարցնես. «Դե, ինչպե՞ս ես: Ամեն ինչ կարգի՞ն է»: Իսկ ես… Ես կպատասխանեմ. «Ես գիտեի՜… Վերջապես վերադարձար ինձ մոտ»: Ու մենք կհամբուրվենք:
ԿԼԱՈՒԴԻԱ — Իսկ ես ձեզ խոստանում եմ, որ նա չի վերադառնա ու ոչինչ չի ասի, ու չի էլ համբուրի: (Կարճ դադար:) Իսկ հիմա ես կփակեմ դուռը:
ՌՈՄԻ Ֆ. — Դե… առայժմ… առայժմ…
5.
Քիչ ավելի ուշ:
ՏԻՆԱ — Հետո, մի քանի րոպե անց, վերարկուով կինը դուրս եկավ: Երևում է, որ նա շփոթված է: Մի քանի քայլ արեց, կանգ առավ, ետ նայեց, հետո շրջվեց, էլի մի քանի քայլ արեց… Չգիտեմ՝ ինչու, ես վերցնում եմ քարն ու շպրտում նրա ետևից, բայց վրիպում եմ: Լսվում է, ինչպես է փողոցի սալաքարերին խփվող քարը կտոր-կտոր լինում: Մի ուրիշ քար եմ վերցնում, շպրտում ու երկրորդ անգամ եմ վրիպում: Կինը կանգնում, շրջվում է: Նրան զարմացնում են թռչող քարերը, բայց մեզ չի տեսնում, թեև նայում է ուղիղ մեր կողմը: Եվ այդ ժամանակ Անդին բաց է թողնում ձեռքս, քար է վերցնում ու շպրտում է… ու երկուսս էլ չգիտենք՝ ինչու: Նա շպրտում է հենց այն պահին, երբ կինն ուզում է հեռանալ…
6.
Բնակարանում: Ֆրանկն ու Կլաուդիան լուռ իրերն են կապում: Ֆրանկը նոր արկղ է դասավորում: Կլաուդիան արդեն հագնվել է և հյուրասենյակից միջանցք է քարշ տալիս լիքը արկղը:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ի՞նչ կա այս արկղում:
ՖՐԱՆԿ — Գաղափար չունեմ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Դո՞ւ չես դասավորել:
ՖՐԱՆԿ — Գուցե…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ես չեմ դասավորել:
ՖՐԱՆԿ — Ուրեմն, ես եմ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ու չգիտես՝ ի՞նչ կա մեջը:
ՖՐԱՆԿ — Գաղափար չունեմ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Արկղը շատ լիքն է:
ՖՐԱՆԿ – Շա՞տ… Բայց լավ էլ փակվել է:
ԿԼԱՈՒԴԻԱ — Չափից շատ է լցված: Հենց բարձրացնես՝ տակը կբացվի: Հարյուր անգամ ասել եմ, որ եթե արկղը ծանր լինի՝ տակից կպատռվի: Ու հարյուր անգամ խնդրել եմ, որ չխցկես…
ՖՐԱՆԿ — Այո, ամեն անգամ, երբ արկղը դասավորում եմ, զգուշացնում ես, հետո այդ նույն արկղը դու ես դասավորում, դրա համար էլ կրկնակի ժամանակ ենք կորցնում: Ընդ որում, իմ դասավորած արկղներից ոչ մեկը չի քանդվում, ո՛չ մեկը:
Զայրացած մոտենում է Կլաուդիայի քարշ տված արկղին, բարձրացնում մյուսների վրա դնելու համար, բայց արկղի տակը պատռվում է, միջինը թափվում է հատակին:
ԿԼԱՈՒԴԻԱ — (հանդիմանանքով): Ո՛չ:
ՖՐԱՆԿ – Սա՞ ինչ է…
Արկղից թափվում են պլաստիկե տոպրակների մեջ լցված ինչ-որ բաներ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ծակ քար:
ՖՐԱՆԿ — Այս արկղը ես չեմ դասավորել, այս քարերը քանի տարի է՝ ձեռքս չեմ առել: Նույնիսկ չգիտեի, որ դրանք դեռ մնացել են:
ԿԼԱՈՒԴԻԱ — (տոպրակից հանում է քարերը): Տե՛ս… (Նայում է քարի անցքի միջով:) Ասում են՝ ով նայում է ծակ քար միջով, նա տեսնում է ապագան:
ՖՐԱՆԿ — Կամ անցյալը, նայած, որ կողմից ես նայում:
ԿԼԱՈՒԴԻԱ – Իսկապե՞ս… (Զննում է քարը երկու կողմից:)
ՖՐԱՆԿ – Ինչո՞ւ ամեն քարն առանձին ես փաթաթել:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ինչո՞ւ… Նայիր: (Տոպրակը վեր է պարզում:) Ուշադիր նայիր:
ՖՐԱՆԿ — (միանգամից գլխի չի ընկնում, որ պիտի կարդա Էյֆելյան աշտարակի նկարով տոպրակի վրայի գրությունը:) Ո՛չ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Տեսնո՞ւմ ես, որտեղից է…
ՖՐԱՆԿ — Ու դու սրանք… այսքան տարի… Ուրեմն, տասնինը տարի դրանք պահե՞լ ես:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այո, պահել եմ:
Կարճ դադար:
ՖՐԱՆԿ — Արի այստեղ…
ԿԼԱՈՒԴԻԱ – Ո՛չ:
ՖՐԱՆԿ – Արի՛:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ո’չ: Մենք դեռ գործ ունենք:
ՖՐԱՆԿ – Արի՛…
ԿԼԱՈՒԴԻԱ — (կարճ դադարից հետո մոտենում է Ֆրանկին, գրկախառնվում են): Միայն երկու հնարավոր տարբերակ կա, թե ինչու նրա մասին ոչինչ չես պատմել:
ՖՐԱՆԿ – Վե՛րջ տուր: Ուրախ եղիր, որ նա ընդհանրապես գնաց:
ԿԼԱՈՒԴԻԱ — Կամ նա քեզ համար ոչինչ չի նշանակում, ու դու նրան պարզապես մոռացել ես… (Ֆրանկն ավելի կրքոտ է նրան գրկում:) Կամ հակառակը, նա քեզ համար ամեն ինչ է… (Ազատվում է նրա գրկից:) Այդ է պատճառը, որ երբեք նրա մասին չես խոսել, այսինքն՝ նրան թաքցրել ես ինձնից:
ՖՐԱՆԿ — Բացարձակապես մոռացել եմ: Անգամ լավ չեմ հիշում:
ԿԼԱՈՒԴԻԱ — Բայց դու նրան ասացիր…
ՖՐԱՆԿ — Ի՞նչ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Որ…
ՖՐԱՆԿ — Ոչ, դա… տեքստ էր… երգ… Չգիտեմ, անգամ չգիտեմ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Մի խոսքով, գուցե և ասել ես, բայց չես հիշում… Թշվա՜ռ կին…
7.
Ճռնչում է կողպեքը: Բացվում է մուտքի դուռը: Ներս է ընկնում Անդին: Հազիվ է շնչում, խոսել չի կարող: Ձեռքերին անկենդան Ռոմի Ֆոգթլենդերն է:
ԱՆԴԻ – Օգնեցե՛ք…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ի՞նչ…
ՖՐԱՆԿ – Ի՞նչ է պատահել…
ԱՆԴԻ — Այս կինն ընկած էր տան դիմաց, փողոցում…
ՖՐԱՆԿ — Ռոմին…
ԱՆԴԻ — Նա մեռել է:
ՖՐԱՆԿ – Մեռե՞լ է:
ԱՆԴԻ — Հա, մեռել է: Ընկած էր սալաքարերին, տան դիմաց…
ԿԼԱՈՒԴԻԱ — Կին… մեռած… Ինչո՞ւ նրան այնտեղ չթողեցիր:
ԱՆԴԻ — Ի՞նչ…
ԿԼԱՈՒԴԻԱ – Ինչո՞ւ նրան այնտեղ չթողեցիր:
ԱՆԴԻ – Թողնե՞լ… մեռածի՞ն…
ԿԼԱՈՒԴԻԱ — Այո:
ԱՆԴԻ — Ես չէի կարող:
ՖՐԱՆԿ — Նա հո չէ՞ր կարող…
ԿԼԱՈՒԴԻԱ – Ինչո՞ւ չէր կարող… հիմա ի՞նչ անենք… Ի՞նչ անենք այս դիակի հետ:
ԱՆԴԻ – Ե՞տ տանեմ… տան առաջ: Նորից գցեմ գետնի՞ն: Ո՛չ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ողջ կամ մեռած՝ այս կինն իմ տանը տեղ չունի:
ԱՆԴԻ — Ես չեմ կարող նրան ետ տանել:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ինչո՞ւ… այնտեղի՞ց չես բերել նրան:
ԱՆԴԻ — (պոռթկում է): Ե՛ս եմ սպանել նրան:
ՖՐԱՆԿ — Ինչ ես արե՞լ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այդ ի՞նչ ես ասում:
ԱՆԴԻ — Ես սպանել եմ նրան:
Կլաուդիան փորձում է փակել ջարդված դուռը, բայց դա անհնար է:
ՖՐԱՆԿ — Դիր նրան… այստեղ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Այսպես չի՛ կարող լինել…
ԱՆԴԻ – Չհասկացա՝ ինչպես պատահեց…
ՖՐԱՆԿ — Բայց ինչպե՞ս եղավ:
ԱՆԴԻ — Տինայի հետ էի… Այսօր մեր վերջին օրն է, արևը մայր էր մտել, իսկ էդ կինը… դուրս եկավ շենքից: Չգիտեմ՝ ինչու, բայց նա մեզ զայրացրեց, ինչ-որ բան նրա շարժումներում, քայլվածքի մեջ… չգիտեմ՝ ինչ… բայց մենք ջղայնացանք, երկուսս միաժամանակ… Ու հանկարծ Տինան քարը վերցրեց ու շպրտեց, չկպավ… երկու անգամ: Հեռու է, չի հասնի,- մտածեցի ու մի քար էլ ես շպրտեցի: Իսկ նա ոնց որ քարն իրեն ձգեր… Այն պահին, երբ նա շրջվեց… կպավ ուղիղ գլխին: Ընկավ ու էլ չշարժվեց: (Կարճ դադար:) Այս ի՞նչ արեցի… մի վայրկյանում, մի հարվածի համար ամբողջ կյանքում պիտի հատուցեմ:
Լռություն: Մայրը գրկում է որդուն: Հայրը շրջվում է անկենդան կնոջ կողմը:
ՖՐԱՆԿ — Նա ողջ է:
ԱՆԴԻ — Ի՞նչ…
ՖՐԱՆԿ — Շնչում է… Թույլ, բայց շնչում է:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ո՜ղջ է…
ՖՐԱՆԿ — Գիտակցությունն է կորցրել… Դու նրան չես սպանել:
ԱՆԴԻ – Չե՛մ սպանել…
ՖՐԱՆԿ — Նրան այստեղ թողնել չի կարելի, եթե ուղեղի ցնցում ունի, պետք է պառկի մթության մեջ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Եվ որտե՞ղ ենք նրան պառկեցնելու:
ԱՆԴԻ — Թախտի վրա…
ԿԼԱՈՒԴԻԱ — Թախտն արդեն չկա:
ԱՆԴԻ — Արդեն չկա…
ԿԼԱՈՒԴԻԱ — Մնացած կահույքի հետ ուղարկել ենք:
ՖՐԱՆԿ — Բայց այստեղ էլ չի կարելի թողնել, ո՞վ գիտի՝ ինչքան ժամանակ է պետք, որ ուշքի գա:
ԱՆԴԻ — Ուրեմն պառկեցրեք ձեր անկողնում:
ԿԼԱՈՒԴԻԱ – Երբե՛ք: Մեր անկողնո՞ւմ՝ ո՛չ մի դեպքում:
ՖՐԱՆԿ — Գուցե քո՞ անկողնում…
ԱՆԴԻ — Իսկ ես որտե՞ղ եմ քնելու: (Կարճ դադար:) Ու հետո, Տինան է ինձ մոտ գալու… վերջին անգամ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դուք այստեղ չպիտի հանդիպեք:
ԱՆԴԻ — Բայց… նրա մոտ էլ չենք կարող, նրա հայրն ինձ տանե՛լ չի կարողանում:
ԿԼԱՈՒԴԻԱ — Կինո գնացեք… քի՞չ տեղ կա…
ԱՆԴԻ — Իսկ հետո՞… գիշերն այդ կնոջ կողքին չեմ քնի:
ՖՐԱՆԿ — Իսկ դու չե՞ս կարող…
ԱՆԴԻ — Չեմ կարոդ:
ՖՐԱՆԿ — Իսկ չե՞ս կարող…
ԱՆԴԻ — Դա էլ չեմ անի: Իզուր էլ նրան այստեղ բերեցի… (Եփ գալով գնում է:)
ՖՐԱՆԿ — Արի նրան տեղափոխենք:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դու տեղափոխիր:
ՖՐԱՆԿ — Մենակ չեմ կարող:
ԿԼԱՈՒԴԻԱ – Մի՞թե… շա՞տ ծանր է: Իսկ ժամանակին հաստատ կարող էիր: Սա ի՞նչ է:
ՖՐԱՆԿ – Ի՞նչը…
ԿԼԱՈՒԴԻԱ — Այնտեղ… հատակին: Արյո՞ւն է…
ՖՐԱՆԿ – Արյո՞ւն:
ԿԼԱՈՒԴԻԱ — Այո:
ՖՐԱՆԿ — Որտե՞ղ…
ԿԼԱՈՒԴԻԱ – Հատակին:
ՖՐԱՆԿ — Ճիշտ որ… Բիծ է: Չեմ նկատել… (Զննում է:) Արյուն է… արնահոսություն: ԿԼԱՈՒԴԻԱ — Որտե՞ղ:
ՖՐԱՆԿ — Չեմ տեսնում:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ուրեմն տես…
ՖՐԱՆԿ — (զննում է պառկած կնոջը): Վերք չկա:
ԿԼԱՈՒԴԻԱ — Վերքը հագուստի տակ կլինի… կամ մազերի մեջ: Լավ նայիր: Դե, ձեռք տուր նրան, հո առաջին անգամը չէ՞: (Ֆրանկը շոշափում է:) Դե, ի՞նչ…
ՖՐԱՆԿ — Ոչինչ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Զգո՞ւմ ես նրան, ինչպես այն ժամանակ: (Ֆրանկը քարանում է, հայացքով խեթում է, հետո շարունակում շոշափել:) Հը, ի՞նչ է… զգո՞ւմ ես նրա մարմինը, հիշեցի՞ր… Հիշողությունները վերադառնո՞ւմ են…
ՖՐԱՆԿ — Ահա: (Պարզում է արնոտված ձեռքը:) Մազերի մեջ է… ճեղքվել է… Պետք է վիրակապել:
ԿԼԱՈՒԴԻԱ — Վիրակապել…
ՖՐԱՆԿ — Այո, վիրակապ գտիր, արյունը դեռ հոսում է:
ԿԼԱՈՒԴԻԱ — (ապարդյուն փորձում է բացել մի երկու արկղ): Որտեղի՞ց գտնեմ, ամեն ինչ կապկպած է:
ՖՐԱՆԿ — Այդ դեպքում մեքենայի միջից բերեմ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Դո՞ւ…
ՖՐԱՆԿ — Մեքենայի միջից…
ԿԼԱՈՒԴԻԱ — Իսկ ե՞ս…
ՖՐԱՆԿ — Կմնաս այստեղ, մինչև վերադառնամ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ո՛չ, նրա հետ չեմ մնա: Դու չես կարող ինձ նրա հետ թողնել: Ի՞նչ պիտի անեմ, եթե ուշքի գա: Հիշիր, թե ինչ ասացի նրան:
ՖՐԱՆԿ — Լավ, դու գնա, ես կմնամ նրա հետ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Մնաս նրա մո՞տ… Ու քեզ պիտի թողնեմ նրա հե՞տ…
ՖՐԱՆԿ — Ինչ-որ մեկը պե՞տք է մնա…
ԿԼԱՈՒԴԻԱ – Ինչո՞ւ նրան մի լավ թափ չտանք ու այստեղից դուրս չվռնդենք:
ՖՐԱՆԿ — Այդ վիճակո՞ւմ… Ուրախ եղիր, որ չի մահացել…
ԿԼԱՈՒԴԻԱ — Գուցե ամենալավը դա կլիներ:
ՖՐԱՆԿ — Վերջապես գնա ու մեքենայի միջից բեր վիրակապը:
ԿԼԱՈՒԴԻԱ — Իսկ ինչո՞ւ միասին չգնանք…
ՖՐԱՆԿ — (եռ գալով): Նրան մենակ թողնել չի լինի… Գնա՛, վերջապես…
Վիրավորված Կլաուդիան գնում է:
8.
Ֆրանկը, արկղի վրա նստած, ձեռքերի վրա է պահում ուշաթափ կնոջ գլուխը: Հայացքն ուղղված է անորոշ կետի: Ռոմին բացում է աչքերն ու երկար նայում նրան: Վերջապես Ֆրանկը զգում է նրա հայացքը: Եվ այդ ժամանակ՝
ՖՐԱՆԿ — Դե, ինչպե՞ս ես… ամեն ինչ կարգի՞ն է:
ՌՈՄԻ Ֆ. — Ես գիտեի… «Վերջապես դու վերադարձրիր ինձ»: Վերջապե՜ս…
ՖՐԱՆԿ – Ո՛չ…
ՌՈՄԻ Ֆ. – Այո՛… Թե չէ այստեղ չէի լինի…
Ռոմին կորցնում է գիտակցությունը: Ֆրանկը դեռ նստած է արկղի վրա՝ նրա գլուխը գրկած: Հետո բարձրանում է, գրկում ու նրան տանում է Անդիի սենյակը: Բեմը դատարկ է:
ԿԼԱՈՒԴԻԱ — (փութկոտ մտնում է՝ վիրակապը ձեռքին): Բերեցի:
Նախասրահում նա մենակ է:
9.
Ավելի ուշ, գիշերով, 3-ն անց կեսի մոտերքը: Դատարկ միջանցք: Ռոմին՝ վիրակապված գլխով, կիսախավարում դուրս է գալիս Անդիի սենյակից: Անշարժ կանգնում է… հետո նստում է արկղերից մեկի վրա: Ժամանակավոր սարքած մուտքի դռնից հայտնվում է Անդին: Իրար վրա դարսված արկղերից վերևինը ընկնում է, միջից դուրս են թափվում խաղալիքներ: Նա վառում է լույսը, Ռոմիին չի նկատում:
ԱՆԴԻ — Իմ արկղն է… (Հավաքում է թափված խաղալիքները:) Բայց ինչո՞ւ հենց սա պիտի ընկներ:
ՌՈՄԻ Ֆ. — Չվախենաք…
ԱՆԴԻ — (վախեցած): Օ՜յ… Ո՞ւր են ծնողներս:
ՌՈՄԻ Ֆ. — Քնած են:
ԱՆԴԻ — Իսկ դո՞ւք…
ՌՈՄԻ Ֆ. — Ես արթուն եմ:
ԱՆԴԻ — Ըհը…
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ դո՞ւ…
ԱՆԴԻ — Ես էլ…
ՌՈՄԻ Ֆ. — Որտեղ էի՞ր:
ԱՆԴԻ — Փողոցում:
ՌՈՄԻ Ֆ. — 3-ն անց կես է… քնել չե՞ս ուզում:
ԱՆԴԻ — Չէ:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ պառկել չե՞ս ուզում:
ԱՆԴԻ — Չէ-է՛… Իսկ դուք հոգնած չե՞ք:
ՌՈՄԻ Ֆ. — Ոչ:
ԱՆԴԻ — Անկողինը՝ ձեզ…
ՌՈՄԻ Ֆ. – Ի՞նձ… Բայց դա քոնն է:
ԱՆԴԻ — Իմն է: (Կարճ դադար:) Բայց և այնպես…
Լռում են: Հանկարծ Անդին շրջվում է, գրպանից հանում է սև մատիտն ու պատի վրա թանձր ստորագրում է: Հետո շրջվում, նայում է Ռոմիին: Դադար:
ՌՈՄԻ Ֆ. — Սա ի՞նչ է:
ԱՆԴԻ — Իմ նշանը:
ՌՈՄԻ Ֆ. — Ի՞նչ նշան…
ԱՆԴԻ — Սա ոնց որ իմ անունը լինի, ինձ է պատկանում…
ՌՈՄԻ Ֆ. – Ինչո՞ւ ես գրում:
ԱՆԴԻ — Սա իմ նշանն է, տեսնողը կիմանա, որ այստեղ ես եմ եղել:
ՌՈՄԻ Ֆ. – Ահա՜ թե ինչ…
ԱՆԴԻ — Ըհը…
ՌՈՄԻ Ֆ. — Բայց ո՞վ կտեսնի…
ԱՆԴԻ — Ի՞նչ…
ՌՈՄԻ Ֆ. — …որ դու այստեղ ես եղել:
ԱՆԴԻ — Չգիտեմ… Վաղը մեկնում ենք:
ՌՈՄԻ Ֆ. — Ու հավանաբար պատերը նորից կներկեն:
ԱՆԴԻ – Հետո՞ ինչ, ես հո այստեղ եղե՛լ եմ:
10.
ՏԻՆԱ — Նրա մոտ գնալ չենք կարող, այնտեղ այն կինն է, որին քարով խփեց: Ինձ մոտ էլ չի կարելի, որովհետև հայրս նրան տանել չի կարող: Հայրս ասում է, որ չի վստահում նրա հայացքին: Երեկոյան, ինչպես միշտ, հանդիպեցինք բլրակի մոտ ու գնացինք կինո: Իսկ ֆիլմը մի կնոջ մասին էր, որը պիտի գտներ Պանդորայի արկղը, քանի դեռ այն չէր ընկել մի տղամարդու ձեռքը, որն այդ արկղով կսպառնար աշխարհին: Նրան հետապնդում էին բոլոր մայրցամաքներում՝ Հունաստանից Անգլիա, Ռուսաստան, Չինաստան ու մինչև Աֆրիկա, որը մարդկության օրրանն է: Հերոսուհու հետ ճանապարհորդեցինք սուզանավերով, մոտոցիկլներով, ջիպերով, օդապարիկով, նավերով, ձիերով և ուղղաթիռներով:
Հետո տուն ենք գնում: Տասի կեսն է, ու մենք նորից հայտնվում ենք բլրակի վրա: Ցուրտ է, ես թեթև եմ հագնված, բայց դեռ շատ վաղ է ինձ մոտ գնալու համար: 12-ն անց կեսին է՛լ ցրտին չեմ դիմանում, ու գնում ենք ինձ մոտ: Ես դռնով եմ մտնում: Անդին սպասում է ներքևում՝ այգում, պատուհանիս դիմաց: Ներսում մութ է, խաղաղ, ծնողներս վերևում՝ երկրորդ հարկում քնած են: Իսկ իմ սենյակը կիսանկուղում է: Անդին անաղմուկ սողոսկում է նեղ պատուհանով:
Լուռ պառկած ենք իմ նեղլիկ մահճակալին: Առանց երաժշտության: Մութ է: Մեր վերևում ու շուրջը, ասես անտիկ դամբարան, տունն է՝ ներքևում լոգարանը, իմ սենյակն ու նկուղը՝ գործիքներով: Առաջին հարկում խոհանոցն ու հյուրասենյակն է, վերևում՝ ծնողներիս ննջարանն ու երկրորդ լոգարանը: Լրիվ մերկ մենք վազվզում ենք տան մեջ: Մթության մեջ սահում ենք սենյակներով, միջանցքով, հարկերում վեր ու վար ենք անում, կանգ ենք առնում ծնողներիս ննջարանի առաջ: Հետո մերկ դուրս ենք թռչում այգի՝ անտեսելով ցուրտը, հետո՝ նորից ինձ մոտ: Հանկարծ սենյակում հայտնվում է հայրս՝ պիժամայով. «Դո՛ւրս, հենց հիմա դո՛ւրս այստեղից»: Նա բռնում է Անդիին, վայնասունը գցած մորս կողքով քարշ է տալիս աստիճաններով ու շպրտում փողոց: Ես սլանում եմ աստիճաններով ներքև, դուռը ներսից փակում եմ ու հագուստներս առած ծլկում պատուհանից: Ինձ է հասնում հորս գոռոցը: Ճանապարհին Անդին գրպանից հանում է մատիտն ու ամենուր՝ պատերին, շենքերի վրա, բոլոր դարպասներին մենք թողնում ենք մեր նշանը՝ իմ ու նրա անունները՝ Անդի ու Տինա: Մեկ ես եմ գրում, մեկ՝ ինքը: Ոչ մի սրտիկ կամ պլյուս, միայն մեր նշանը՝ ինչպես մենք ենք՝ իրար կողքի:
Իսկ երբ կանգնած էինք նրա դռան մոտ, Անդին ասաց. «Դե, ահա… ես քեզ սիրում եմ, բայց մենք այլևս իրար չենք տեսնի»: «Հա,- ասացի ես,- գիտեմ: Ամենայն բարիք: Գնաս բարով»:
11.
Սրանից երկու օր առաջ: Ծնողները իրերն են կապում: Տղան իր սենյակից բերում է արկղն ու տանում միջանցք: Նրա վրա ուշադրություն չեն դարձնում: Նա մի պահ կանգնած է մնում, հետո շրջվում ու պատին սևով գրում է նշանը՝ ինչ-որ գաղտնագրված ստորագրություն:
Ցերեկ:
ՖՐԱՆԿ – Վե՛րջ տուր:
ԱՆԴԻ — Ինչ է՞, որ…
ՖՐԱՆԿ — Արածդ բանի նման չէ:
ԱՆԴԻ — Ինչո՞ւ:
ՖՐԱՆԿ — Պատերն ես փչացնում:
ԱՆԴԻ – Պատե՞րը…
ՖՐԱՆԿ — Այո, պատերը:
ԱՆԴԻ — Պատերն արդե՛ն փչացած են: (Կարճ դադար:) Երկու օրից կգան ներկարարներն ու նորից կներկեն ևս մի տասնինը տարվա համար:
ՖՐԱՆԿ — Պատերը փչացած չեն: Գուցե գունաթափ են, բայց փչացած չեն: Դու ես վւչացնում՝ այդ նշանը չի ներկվի:
ԱՆԴԻ — Ավելի լավ:
ՖՐԱՆԿ — (վերցնում է փոքրիկ դույլն ու գլանիկը թաթախելով մեջը՝ ներկում է նշանը): Տե՛ս, մնաց… (Նորից է ներկ քսում:) Ներկի տակից երևում է: Տե՛ս…
12.1.
Երկու օր հետո: Գիշեր:
ՌՈՄԻ Ֆ. — (շոշափելով արնոտ վիրակապը): Ի՞նչ է եղել գլխիս, չգիտե՞ս:
ԱՆԴԻ — Չէ…
ՌՈՄԻ Ֆ. — Չէ՞:
ԱՆԴԻ — Ձեզ վիրավորել են:
ՌՈՄ՚Ի Ֆ. — Այո… բայց չգիտեմ՝ ինչպես: Գլխիս ինչ-որ բան խփվեց… Իսկ երբ ուշքի եկա՝ արդեն այստեղ էի:
ԱՆԴԻ — (ուսերը թոթվելով): Ես փողոցում էի… Չգիտեմ՝ ինչ է եղել դրանից առաջ:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ որտեղի՞ց իմացար, որ ես այստեղ եմ: Դու որ եկար, գիտեիր, որ այստեղ եմ, այդպես չէ՞:
ԱՆԴԻ — (լուռ հավաքում է թափվածը, տնտղում մանկության խաղալիքները՝ մեքենաներ, պլաստիկե հնդկացիներ, լեգո: Զննելով փոքրիկ մեքենան): Սա մրցավազքային մեքենա է, թևերով: (Ցույց է տալիս վերև բացվող դռները:) Դռները ոնց որ թևեր լինեն… (Մեքենան գցում է արկղի մեջ:)
ՌՈՄԻ Ֆ. — Who knows how long I’ve loved you
You know I love you still
Will I wait a love lifetime
If you want me to — I will.
Լսած կա՞ս…
ԱՆԴԻ – Ե՞րգը… բա ո՜նց… Գիտեմ: Իսկ դո՞ւք որտեղից գիտեք: (Վերջին խաղալիքն է նետում արկղը, փակում է, կապում ու վրան գրում է իր նշանը:) Տեսա՞ք:
ՌՈՄԻ Ֆ. – Ի՞նչը:
ԱՆԴԻ — Նշանը: Սովորական արկղ էր, հիմա իմն է: Նշանը դրա համար է: Արկղն ինձ է պատկանում: Միայն ես ունեմ այդ նշանը, ուրիշն ինձ պետք չէ:
12.2.
Ավելի ուշ, այդ նույն գիշերը:
ԱՆԴԻ – Դա քար էր:
ՌՈՄԻ – Ի՞նչ քար…
ԱՆԴԻ — Քար էր… ես եմ շպրտել:
ՌՈՄԻ Ֆ. – Ո՜չ…
ԱՆԴԻ – Այո՛: Քար էր, մոտավորապես այս չափի: Կպավ ձեր գլխին…
ՌՈՄԻ Ֆ. – Որտեղի՞ց գիտես:
12.3.
Նույն գիշերը, փոքր-ինչ վաղ: Անդին կապում է կիսով չափ լցված արկղը, վրան գրում է իր նշանը:
ԱՆԴԻ – Տեսա՞ք:
ՌՈՄԻ Ֆ. — Ի՞նչը:
ԱՆԴԻ — Նշանը: Սովորական արկղ էր, հիմա՝ իմն է: Նշանը դրա համար է: Արկղն ինձ է պատկանում: Միայն ես ունեմ այդ նշանը, ուրիշն ինձ պետք չէ:
ՌՈՄԻ Ֆ. — Ընկերուհի ունե՞ս:
ԱՆԴԻ — Հա:
ՌՈՄԻ Ֆ. — Անունն ի՞նչ է:
ԱՆԴԻ — Տինա:
ՌՈՄԻ Ֆ. — Հիմա որտե՞ղ է:
ԱՆԴԻ — Իրենց տանը:
ՌՈՄԻ Ֆ. – Ինչո՞ւ այստեղ չէ:
ԱՆԴԻ — Տեղ չկա:
ՌՈՄԻ Ֆ. – Ահա՜ թե ինչ… Իսկ դու ինչո՞ւ նրա մոտ չես:
ԱՆԴԻ — Մոտն էի… քիչ առաջ:
ՌՈՄԻ Ֆ. – Սիրո՞ւմ ես նրան:
ԱՆԴԻ – Շա՜տ:
ՌՈՄԻ Ֆ. – Ինչքա՞ն՝ շատ:
ԱՆԴԻ — Ես նրան միշտ կսիրեմ:
ՌՈՄԻ Ֆ. – Մի՞շտ:
ԱՆԴԻ – Մի՛շտ:
ՌՈՄԻ Ֆ. — Ինքը գիտի՞:
ԱՆԴԻ — Գիտի:
ՌՈՄԻ Ֆ. – Դո՞ւ ես նրան ասել:
ԱՆԴԻ – Ե՞ս:
ՌՈՄԻ Ֆ. – Իսկապե՞ս:
ԱՆԴԻ — Հա: Ասել եմ: Որ միշտ կսիրեմ:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ նա լավի՞կն է:
ԱՆԴԻ — Եթե կարողանայի՝ նրան կնկարեի: Բայց չեմ կարող: Ես տան բոլոր պատերին, բոլոր դարպասներին կնկարեի նրան: Կնկարեի անտառի պատին, որի միջից հայտնվում է նրա մարմինը՝ արմատները, ճյուղերը, տերևները, այն ամենը, ինչ չի թառամում, ծաղկում է աչքիդ առաջ: Նրա մարմինը կլիներ կապույտ տերևներից, ճկուն, սլացիկ: Պատը, անտառը, ու նրա մարմինը՝ մութ, ճառագող: Այդպիսին կնկարեի նրան: Մեկ էլ՝ գազաններ, ձայներ… Անսպասելի բաց-կանաչավուն գույն, երբ արթնանում եմ նրա կողքին: Իսկ հետո՝ մութ խավար: Վագրեր, թութակներ… մի վայր, որն անգամ գոյություն չունի: Շփոթմունք, գեղեցկություն, խավար՝ նրա մարմինը: Խավար, որում անհնար է գոյատևել: Արևի մի քանի շող ընկնում են լճի վրա: Այնտեղ ինչ-որ մեկը լողում է: Երկուսն են: Ահա թե ինչ պիտի նկարվեր պատին՝ արմատներ, ձկներ: Այդ ամենը իմ ընկերուհու մարմինն է, նրա երիտասարդությունը և այն ամենը, ինչ դեռ լինելու է՝ ուրիշ կյանք, ուրիշ տղամարդիկ, երեխաներ… Նրա քայլվածքը: Որմնանկարչություն, որը բաղկացած է միայն անտառից, անտառով լցված պատից, բացատներից, որոնցում տեղ-տեղ, բարձր բարձունքում ինչ-որ մեկը պստլիկ պատուհաններ է բացել:
Կարճ դադար:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ դե՞մքը…
ԱՆԴԻ — Դեմքը…
ՌՈՄԻ Ֆ. — Դեմքը:
ԱՆԴԻ — Դեմքը երկինքն է: Երկինքը տան, պատի վերևում: Ծխնելույզները վիզն են: Ամպերը՝ մազերը, իսկ երկինքը անհնարին թափանցիկ աչքերն են:
ՌՈՄԻ Ֆ. — Անկարելի է… ինչքան նման ես հորդ: Երբ ջահել էր:
ԱՆԴԻ — Դա քար էր:
ՌՈՄԻ Ֆ. – Ի՞նչ քար:
ԱՆԴԻ — Քար, որով խփեցի քեզ:
ՌՈՄԻ Ֆ. – Ո՜չ…
ԱՆԴԻ – Այո՛: Քար էր, այս չափի… կպավ ձեր գլխին:
ՌՈՄԻ Ֆ. – Որտեղի՞ց գիտես:
ԱՆԴԻ — Գիտեմ, որովհետև ես եմ խփել:
ՌՈՄԻ Ֆ. – Դո՞ւ:
ԱՆԴԻ – Ե՛ս:
ՌՈՄԻ Ֆ. — Ուրեմն դո՞ւ ես ինձ այստեղ բերել:
ԱՆԴԻ — Հա, ես…
ՌՈՄԻ Ֆ. — Դու ես բերել, ոչ թե հայրդ…
ԱՆԴԻ — Չէ, ես… մտածեցի՝ մահացել եք:
Ռոմին մոտենում, կրքոտ համբուրում է նրան:
12.4.
Սրանից քիչ առաջ:
ՏԻՆԱ — Նա ասաց, որ այլևս իրար չենք տեսնի: Ասաց, որ սիրում է ինձ, բայց այլևս չենք հանդիպի: (Կարճ դադար:) Հետո տուն մտավ: Իսկ ես… ես մտածեցի՝ հիմա կվերադառնա: Իհարկե, ինքն ասել էր, որ այլևս իրար չենք տեսնի, բայց հիմա ի՞նչ էր անելու այնտեղ, պառկելու տեղ էլ չունի: Նա վառեց լույսը, բայց ոչինչ չերևաց:
Կանգնել եմ շենքի առաջ ու սպասում եմ, որ հիմա դուրս կգա: Ցուրտ է… Սպասում եմ հինգ րոպե, տասը: Նա չի գալիս: Մենակ կանգնած եմ լապտերի ստվերում: Բոլորը քնած են: Ոչ մեքենա կա, ոչ՝ ձայներ: Բարձր երկնքում ինքնաթիռն է… ի՞նչ են անում նրա մեջ նստածները: Փողոցում մարդ չկա: Սպասում եմ: Բայց նա չի վերադառնում:
12.5.
Փոքր ավելի ուշ: Անդին ու Ռոմին միջանցքում են: Նրանք սիրել են իրար:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ հիմա ո՞նց է ընկերուհիդ:
ԱՆԴԻ – Ի՞նչ կա որ…
ՌՈՄԻ Ֆ. — Այն, որ նրան հավերժ ես սիրելու… չէի՞ր խոստացել:
ԱՆԴԻ — (ծիծաղում է): Ասենք…
ՌՈՄԻ Ֆ. – Ե՞վ…
ԱՆԴԻ — Դա ոչինչ չի նշանակում:
ՌՈՄԻ Ֆ. – Ինչո՞ւ:
ԱՆԴԻ — Որովհետև էլ երբեք նրան չեմ տեսնի:
ՌՈՄԻ Ֆ. – Երբե՞ք:
ԱՆԴԻ — Այո, երբեք չեմ տեսնի:
ՌՈՄԻ Ֆ. – Ի՞նչ գիտես:
ԱՆԴԻ — Գիտեմ:
ՌՈՄԻ Ֆ. — Դու կարող էիր մնալ այստեղ… կամ վերադառնալ նրա մոտ:
ԱՆԴԻ — Ոչ:
ՌՈՄԻ Ֆ. — Բայց ինչո՞ւ:
ԱՆԴԻ — Շատ պարզ, սա վերջն է:
Անդին համբուրում է նրան: Այդ ընթացքում Ռոմին շոշափում է պլաստիկե տոպրակներից մեկը, որը տեսել էր վիրակապը փնտրելիս: Դա արդեն ծանոթ՝ Էյֆելյան աշտարակի նկարովն է: Նրանք գնում են Անդիի սենյակը:
12.6.
Մոտավորապես տասը ժամ առաջ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Նայիր… (Վեր է պարզում տոպրակը:) Ուշադիր նայիր:
ՖՐԱՆԿ — (միանգամից գլխի չի ընկնում կարդալ Էյֆելյան աշտարակի նկարով տոպրակի մակագրությանը:) Ո՛չ:
ԿԼԱՈՒԴԻԱ – Տեսնո՞ւմ ես, որտեղից է սա:
ՖՐԱՆԿ — Դու… Այս բոլոր տարիներին… Տասնինը տարի սա պահել ես…
12.7.
Մոտավորապես տասը ժամ անց:
Անդին ու Ռոմին գալիս են սենյակից. համբուրվում են, տղան ծիծաղում է, փորձում է նորից համբուրել: Կինը, շարունակելով համբուրվել, փորձում է նրա գլխին քաշել պլաստիկե տոպրակը: Նորից գնում են Անդիի սենյակը:
Վերադառնում են: Տոպրակն արդեն տղայի աչքերին է քաշած: Համբուրվում ու փորձում է ազատվել դրանից, դեռ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Նորից են անհետանում սենյակում:
Հաջորդ հայտնվելուն նա արդեն աշխատում է ազատվել, բայց չի հաջողվում՝ կինը տոպրակը քաշում է նրա գլխին: Տղան շնչահեղձ է լինում: Նետվում է սենյակ, փորձում է ղիմադրել, ոչինչ չտեսնելով՝ վերադառնում է միջանցք: Կինը նրան քաշում է սենյակ: Մյուս դռնից, կիսավարտիքով ու շապիկով, հայտնվում է քնատ մայրը: Լսե՞լ է ինչ-որ բան:
ԿԼԱՈՒԴԻԱ — Անդի՞…
Լռություն: Նա գնում է լոգարան, չրխկում է փականը: Այնտեղից լսվող ձայներ… Մահամերձ Անդին կարող է մեկ անգամ էլ հայտնվել միջանցքում: Զուգարանակոնքում թափվող ջրի աղմուկ: Ռոմին տղային քարշ է տալիս սենյակ: Մայրը դուրս է գալիս, գնում է իր սենյակը: Տղան վերջին անգամ կիսով չափ դուրս է սողում սենյակից, կինը նրան ներս է քաշում սենյակ:
13.
Հաջորդ օրը: Ֆրանկն ու Կլաուդիան միջանցքում են: Պատին Անդիի նշանն է:
ՖՐԱՆԿ — Պառավել ես:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դու էլ…
ՖՐԱՆԿ — Պառավ ես ու մաշված…
ԿԼԱՈՒԴԻԱ — (կամաց): Քեզ պես… Բայց գոնե քեզ պես վախկոտ չեմ:
ՖՐԱՆԿ — Դու պառավ ես, մաշված ու տգեղ: (Դադար: Արկղն է կապում:) Քեզնից ոչինչ չի մնացել:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ինչ դու ես ասում… ոչ մեկին չեն ասում, անգամ տասնինը տարվա ամուսնությունից հետո: Չի կարելի այդպես ասել: Չի կարելի ասել նրան, ով դաստիարակել է քո զավակին: Առավել ևս չի կարելի, եթե պատրաստվում ենք միասին մեկնել համատեղ ապագա… Պարզապես չի կարելի այդպես ասել:
14.
Այդ նույն առավոտ, մի քանի րոպե առաջ: Ֆրանկը միջանցքում է: Գալիս է Կլաուդիան:
ՖՐԱՆԿ – Արթնացա՞ր:
ԿԼԱՈՒԴԻԱ — Վատ երազներ եմ տեսել: Գիշերվա կեսը… վատ երազներ եմ տեսել: (Բացում է որդու սենյակի դուռը:)
ՖՐԱՆԿ — Մարդ չկա: Ռոմին գնացել է:
ԿԼԱՈՒԴԻԱ — Անդին ո՞ւր է:
ՖՐԱՆԿ – Անդի՞ն… չկա: Սենյակը դատարկ է:
ԿԼԱՈՒԴԻԱ — Որտե՞ղ է:
ՖՐԱՆԿ – Ի՞նչ իմանամ… երևի Տինայի մոտ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Դժվար թե… Նրա հայրը տանել չի կարող Անդիին:
ՖՐԱՆԿ — Մի տեղ պիտի լինի, չէ՞…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ափսոս:
ՖՐԱՆԿ – Հը՞…
ԿԼԱՈՒԴԻԱ — Ասում եմ՝ ափսոս…
ՖՐԱՆԿ – Այսի՞նքն…
ԿԼԱՈՒԴԻԱ — Որ նա գնացել է: Չէ՞ որ ափսոսում ես:
ՖՐԱՆԿ — Ասածդ ի՞նչ է:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ափսոսում ես, չէ՞, որ նա գնացել է:
ՖՐԱՆԿ – Ինչո՞ւ պիտի ափսոսամ:
ԿԼԱՈՒԴԻԱ — Որովհետև կուզենայիր էլի խոսել նրա հետ:
ՖՐԱՆԿ — Եվ ինչի՞ մասին կուզենայի խոսել:
ԿԼԱՈՒԴԻԱ – Ի՞նչ իմանամ, դու ավելի լավ կիմանաս:
ՖՐԱՆԿ — Չեմ հասկանում, ինչ ես ասում… Եթե ուզենայի հետը խոսել, պարզապես նրան ներս կհրավիրեի: Երեկ: Դուրս անելու փոխարեն:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ախ, այդպե՞ս… Բայց դու նրան դուրս չարեցիր: Դուռը ե՛ս փակեցի, ոչ թե դու… Իսկ դու նրան անկողնում պառկեցրիր: Վիրակապեցիր գլուխը:
ՖՐԱՆԿ — Ուրիշ ի՞նչ կարող էի անել:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ոչինչ:
ՖՐԱՆԿ — Ոչինչ…
ԿԼԱՈՒԴԻԱ — Փոխարենը անընդհատ գնում էիր սենյակ նայելու՝ ինչպես է իրեն զգում: Թեև նա գիտակցության չէր գալիս:
ՖՐԱՆԿ — Այո… նրան վիրավորել էին: Ես վախենում էի, որ էլ ուշքի չի գա:
ԿԼԱՈՒԴԻԱ — Եվ այդ վախը, ինչպես պարզվեց, միանգամայն անհիմն էր: Վախը միայն պատճառ էր: Նրան տեսնելու պատճառ… Թեև դա մեր վերջին երեկոն էր այս տան մեջ:
ՖՐԱՆԿ — Դու պառավել ես:
ԿԼԱՈՒԴԻԱ — Դու էլ…
ՖՐԱՆԿ — Պառավ ես ու մաշված…
ԿԼԱՈՒԴԻԱ — (կամաց): Քեզ պես… Բայց գոնե քեզ պես վախկոտ չեմ:
ՖՐԱՆԿ — Դու պառավ ես, մաշված ու տգեղ: (Դադար: Արկղն է կապում:) Քեզնից ոչինչ չի մնացել:
ԿԼԱՈՒԴԻԱ — Ինչ դու ես ասում… ոչ մեկին չեն ասում, անգամ տասնինը տարվա ամուսնությունից հետո: Չի կարելի այդպես ասել: Չի կարելի ասել նրան, ով դաստիարակել է քո զավակին: Առավել ևս չի կարելի, եթե պատրաստվում ենք միասին մեկնել համատեղ ապագա… Պարզապես չի կարելի այդպես ասել:
Ներս է մտնում Ռոմի Ֆոգթլենդերը:
ՌՈՄԻ Ֆ. — Դուռը բանի պետք չէ: Կողպեքը շարքից դուրս է եկել: Այդ ո՞նց է ստացվել… ի՞նչ է պատահել: Նորոգել չի լինի: (Լռություն:) Ես վերադարձա: Բարի օր: (Լռություն:)
ԿԼԱՈՒԴԻԱ — Ես հիմա կգնամ այստեղից: Քսան րոպե հետո… (Նայում է ժամացույցին:) Իսկ քսան րոպե հետո կվերադառնամ: Ու եթե այդ կինը դեռ այստեղ լինի, ես կգնամ ընդմիշտ: Եթե քսան րոպե հետո այդ կինը դեռ այստեղ լինի, մեր մեջ ամեն ինչ վերջացած է: (Դուռը շրխկացնելով գնում է:)
Դուռը փուլ է գալիս:
15.1.
Մոտավորապես քսանհինգ րոպե հետո: Վերադառնում է Կլաուդիան: Միջանցքը դատարկ է: Ձայներ՝ լոգարանից: Կանգնում, ականջ է դնում: Անցնում է սենյակներով, փնտրում է… Ոչ ոք չկա: Վերադառնում է: Ականջ է դնում լոգարանի դռանը:
ԿԼԱՈՒԴԻԱ — Բայց և այնպես՝ այո… գնացել է: (Ուրախացած:) Իսկ ես հույս չունեի, որ դու կարող ես: (Լռություն: Փորձում է փակել դուռը, չի ստացվում, ավելի համառությամբ է փորձում, այնպես է ոտքով խփում, որ դուռը վերջապես փակվում է:) Իսկ դուռը վերանորոգեցի: (Կամաց:) Շան քա՛ծ: (Լոգարանի կողմը:) Կարո՞ղ եմ մտնել: (Դուռը փակ է:) Ես համարյա հույս չունեի, որ կկարողանաս… Ցնցուղի տա՞կ ես: (Մարտահրավերով:) Ամուսնական կյանքի տասնինը տարիները մահվան օղակի պես են կապում: Քանդել չի լինի: Քեզ չի հաջողվի: Դրանք ավելի ամուր են կապում, քան ինչ-որ մի ամառ: (Կարճ դադար:) Քիչ առաջ Տինան այստեղից դուրս եկավ… Ինձ թվաց՝ ինչ- որ մեկին տեսա… (Տոնական կապված ոչ մեծ փաթեթ տեսնելով՝ դեպի լոգարանը:) Սա ի՞նչ է… Տինա՞ն է բերել: Ինչ հաճելի է… չէ, իսկապես, հրաշալի է: Դու չգիտե՞ս, ինչ է մեջը: (Կարճ դադար:) Իսկ Անդին… որտե՞ղ է վերջապես: Նրանը այս մի ա՞րկղն է…
Այն է՝ բացելու է արկղը, բայց կարողանում է իրեն զսպել: Վերցնում է նվերն ու գնում իր ննջարանը՝ ընթացքում պատռելով վրայի թուղթը: Դռան մոտ զարմացած կանգնում է:
15.2.
Մոտավորապես սրանից քսանհինգ րոպե առաջ: Մուտքի դուռը բացվում-փակվում է՝ Կլաուդիան լքեց բնակարանը: Ֆրանկն ու Ռոմի Ֆ.-ն մենակ են:
ՖՐԱՆԿ — Իսկ հիմա՝ ի՞նչ…
ՌՈՄԻ Ֆ. — Հիմա պիտի սպասենք՝ մինչև վերադառնա: Այդ ժամանակ վերջապես երկուսով կմնանք:
ՖՐԱՆԿ – Ո՛չ:
ՌՈՄԻ Ֆ. — Ինչպես ուզում ես… մենք կարող ենք գնալ նախքան նրա գալը: (Կարճ դադար:) Ուրեմն, գնացինք: (Ուղղվում է դեպի դուռը:)
ՖՐԱՆԿ- (մնում է տեղում): Ո՛չ:
ՌՈՄԻ Ֆ. – Ի՞նչ՝ ոչ:
ՖՐԱՆԿ — Չեմ ուզում, որ այստեղ լինես, երբ նա վերադառնա:
ՌՈՄԻ Ֆ. — Դու ուզում ես, որ գնա՞մ:
ՖՐԱՆԿ — Այո… Ուզում եմ, որ գնաս: Լավ կլինի՝ անմիջապես:
ՌՈՄԻ Ֆ. — Նրա համար նվեր եմ բերել:
ՖՐԱՆԿ — Ո՞ւմ համար:
ՌՈՄԻ Ֆ. — Քո կնոջ:
ՖՐԱՆԿ — Նա նույնիսկ վրան չի նայի:
ՌՈՄԻ Ֆ. — Ո՜վ գիտե…
ՖՐԱՆԿ — Մի խոսքով… Վերցրու նվերդ ու գնա:
ՌՈՄԻ Ֆ. — Չեմ կարող հավատալ:
ՖՐԱՆԿ — Ինչի՞ն…
ՌՈՄԻ Ֆ. — Դու ուզում ես, որ ես գնամ… Որ ուզում ես այստեղ մնալ: Դու ինձ չես վռնդի: Դու ինձ տարար սենյակ, գլուխս վիրակապեցիր…
ՖՐԱՆԿ — Հա, երեկ երեկոյան… դու վիրավոր էիր, օգնության կարիք ունեիր: Բայց հիմա… հիմա արդեն լավ ես: (Կարճ դադար:) Ու հանկարծ՝ նորից այստեղ ես: Ինչո՞ւ, ի՞նչ ես ուզում:
ՌՈՄԻ Ֆ. — Ուզում եմ քեզ հետ լինել: Ընդամենը:
ՖՐԱՆԿ — Բայց դու տեսնում ես իրավիճակը:
ՌՈՄԻ Ֆ. – Ասենք՝ տեսնում եմ:
ՖՐԱՆԿ — Դե, ուրեմն…
ՌՈՄԻ Ֆ. — Դու սիրում ես ինձ…
ՖՐԱՆԿ – Ինչի՞ց եզրակացրիր:
ՌՈՄԻ Ֆ. — Գիտեմ: Ու կինդ հենց նոր գնաց այստեղից: Վերջապես մեզ մենակ կթողնի: Քսան րոպեից կվերադառնա, իսկ հետո կանհետանա: Ընդմի՛շտ: Այսպես էլ կլինի:
ՖՐԱՆԿ — Այդպես չի՛ լինի:
ՌՈՄԻ Ֆ. – Ինչո՞ւ…
ՖՐԱՆԿ — Որովհետև տասնինը տարի է՝ մենք ամուսիններ ենք:
15.3.
Մի քանի րոպե անց:
ՖՐԱՆԿ — Լավ, արի գնանք: (Ուզում է վերցնել բաճկոնը:) Գնացինք: Իրավացի ես… համենայնդեպս, մնացածն ավելին չէ, քան կա:
ՌՈՄԻ Ֆ. — Կինդ…
ՖՐԱՆԿ — Կինս գնաց: Ու նա կտեսնի, որ ամեն ինչ վերջացած է: Վե՛րջ:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ ի՞նչ կլինի տղայիդ հետ: Կնոջիցդ հրաժարվելը քիչ է, դա տղայիդ էլ է վերաբերում:
15.4.
Սրանից մի քանի րոպե առաջ:
ՖՐԱՆԿ – Ինչի՞ց եզրակացրիր:
ՌՈՄԻ Ֆ. — Գիտեմ: Ու կինդ հենց նոր գնաց այստեղից: Վերջապես մեզ մենակ կթողնի: Քսան րոպեից կվերադառնա, իսկ հետո կանհետանա: Ընդմի՛շտ: Այսպես էլ կլինի:
ՖՐԱՆԿ — Այդպես չի՛ լինի:
ՌՈՄԻ Ֆ. – Ինչո՞ւ…
ՖՐԱՆԿ — Որովհետև տասնինը տարի է՝ մենք ամուսիններ ենք:
ՌՈՄԻ Ֆ. — Ո՞ւր են, ես չեմ տեսնում այդ տասնինը տարիները:
ՖՐԱՆԿ — Այդ տասնինը տարիները ավելի մեծ են, քան հսկա բեռնատարը: Միայն արկղերը յոթանասուն հատ են:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ ո՞ւր է այդ բեռնատարը:
ՖՐԱՆԿ — Ճանապարհին: Մնացածը կուղարկենք այսօր:
ՌՈՄԻ Ֆ. – Այդպե՜ս… Իսկ դու գիտե՞ս՝ ինչպես եմ ապրել այս տարիներին: Վերջին քսանհինգ տարիները… ինչ ասես՝ չի եղել: Տղամարդիկ, ու շատ՝ մեկը մյուսի ետևից, ընտրիր՝ ում ուզում ես. բժիշկներ, ասիստենտներ, փաստաբաններ, արվեստի մարդիկ… Որի՞ մասին քեզ պատմեմ: Թե՞ պատմեմ բնակարանների, մեքենաների մասին… արձակուրդների: Թե՞ բաժանումների… Ի՞նչ ես կարծում, ես ապրե՞լ եմ այդ քսանհինգ տարիները: Ես հազվադեպ եմ մենակ մնացել, բայց միշտ սպասել եմ… Որովհետև ոչ ոք, ոչ մեկը չի եղել այնպիսին, ինչպիսին էիր այն ժամանակ: Նրանցից ոչ մեկը չէր դառնում այն, ինչ պիտի դառնար: Ոչինչ չի եղել, ազատություն էլ չի եղել, ոչի՛նչ, այս բոլոր տարիներին եղել են միայն ծրագրեր, նախագծեր, պլաններ: Ու հիմա ինձ չասես, որ դու էլ նրան նման ես:
ՖՐԱՆԿ — (կարճ դադար): Լավ, գնացինք: (Ուզում է վերցնել բաճկոնը:) Գնացինք: Իրավացի ես… Համենայնդեպս, մնացածը ավելին չէ, քան կա:
ՌՈՄԻ Ֆ. — Կինդ…
ՖՐԱՆԿ — Կինս գնաց: Ու նա կտեսնի, որ ամեն ինչ վերջացած է: Վե՛րջ:
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ ի՞նչ կլինի տղայիդ հետ: Կնոջիցդ հրաժարվելը քիչ է, դա տղայիդ էլ է վերաբերվում:
ՖՐԱՆԿ — (չհասկանալով): Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել տղայիցս: (Ռոմին թոթվում է ուսերը:) Եթե անգամ գնամ այստեղից, տղաս միշտ էլ կմնա իմ տղան: Նա միշտ կլինի, ինչպես միշտ կլինեն այդ քսանչորս տարիներն առանց քեզ:
ՌՈՄԻ Ֆ. – Ո՛չ, ես պնդում եմ… ես պետք է քեզնից լսեմ, թե չէ… մենք երջանիկ չենք լինի:
ՖՐԱՆԿ – Ի՞նչ… ի՞նչ պիտի լսես: Դու ուզում էիր, որ գամ քեզ հետ: Ես պատրաստ եմ: Էլ ի՞նչ ես ուզում:
ՌՈՄԻ Ֆ. — Դու պետք է ասես… որ այդ տարիները չեն եղել:
ՖՐԱՆԿ – Ո՛չ:
ՌՈՄԻ Ֆ. — Ո՞չ… Ուրեմն ես կգնամ: (Ուղղվում է դեպի դուռը:)
ՖՐԱՆԿ — Բայց դրանք եղել են… անցել են: Այստե՛ղ: Ինչպե՞ս կարող եմ այդպիսի բան ասել:
ՌՈՄԻ Ֆ. — Այդ դեպքում գոնե ասա, որ լավ կլիներ՝ դրանք չլինեին, ո՛չ կին, ո՛չ ընտանիք, ո՛չ զավակ:
ՖՐԱՆԿ — Անհնար է:
ՌՈՄԻ Ֆ. – Ինչո՞ւ:
ՖՐԱՆԿ — Հնարավոր չէ:
Լռություն: Ռոմին դուրս է գնում:
ՖՐԱՆԿ — Դե, գուցե… շատ հնարավոր է, որ…
Ռոմին վերադառնում է:
ՌՈՄԻ Ֆ. — …որ Ի՞ՆՉ:
ՖՐԱՆԿ — …որ լավ կլիներ…
ՌՈՄԻ Ֆ. — Որ…
ՖՐԱՆԿ — …որ լավ կլիներ՝ չունենայի կին, զավակ: Հնարավոր է… շատ հնարավոր է… Վերադարձի՛ր:
ՌՈՄԻ Ֆ. — (համբուրում է): Իսկ հիմա երգիր… երգիր այն երգը…
ՖՐԱՆԿ — Չեմ կարող… (Կարճ դադար: Ծիծաղում է:) Ոչ միայն բառերն եմ մոռացել, այլև երաժշտությունը…
ՌՈՄԻ Ֆ. — Դու մոռացել ես ե՞րգը:
ՖՐԱՆԿ — Չէ… ես… պարզապես չեմ հիշում, ինչպես էր…
ՌՈՄԻ Ֆ. — (երգում է Լենոնի ու Մակքարտնիի «I will» երգը):
Who knows how long I’ve loved you
You know I love you still
Will I wait a love lifetime
If you want me to — I will.
For if I ever saw you
I didn’t catch your name
But it never really mattered
I will always feel the same.
Love you forever and forever
Love with all my heart
Love you whenever we’re together
Love you when we’re apart.
And song will fill the air
Sing it loud so I can hear you
Make it easy to be near you
For the things you do endear you to me
You knou I will
I will.
Հիշեցի՞ր…
ՖՐԱՆԿ — Հիշեցի:
ՌՈՄԻ Ֆ. — Էլ ի՞նչ ես հիշում:
ՖՐԱՆԿ — Ամեն ինչ:
ՌՈՄԻ Ֆ. — Այսինքն…
ՖՐԱՆԿ — Քեզ… մեզ…
ՌՈՄԻ Ֆ. — Հատկապես ի՞նչը…
ՖՐԱՆԿ — Սենյակը: Դպրոցը: Ծնողներիդ…
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ ինչպե՞ս էր կոչվում այգին: Հիշո՞ւմ ես այգին:
ՖՐԱՆԿ – Այգի՞ն… չգիտեմ: Անուն ունե՞ր…
ՌՈՄԻ Ֆ. — Իսկ արևածագը այգում հիշո՞ւմ ես…
ՖՐԱՆԿ – Արևը նոր էր բարձրանում արևելքում, դանդաղ լուսանում էր, թռչունները մեկը մյուսի ետևից սկսում էին երգել մութ ծառերի մեջ: Անտառի բացատը մեր ետևում է: Անտառի պատը: Շուրջը մարդ չկա: Միայն մենք ենք: Չենք քնում: Սիրահարված ենք: Այն ամառ մենք հաճախ էինք լինում այգում ու երբեք չէինք մրսում:
ՌՈՄԻ Ֆ. — Նկատի ունեմ այն արևածագը, երբ քեզ նվեր արեցի:
ՖՐԱՆԿ – Նվե՞ր…
ՌՈՄԻ Ֆ. — Դու մոռացե՞լ ես նվերի մասին:
ՖՐԱՆԿ — Դե, չէ… (Գաղափար չունի՝ ինչ մասին է խոսքը:)
ՌՈՄԻ Ֆ. — Ոչինչ չես հիշում: Անգամ չգիտես՝ ինչ եմ ասում: (Կարճ դադար:) Մոռացել ես նվերի մասին:
ՖՐԱՆԿ – Նվե՞ր… ի՞նչ նվեր: Դա շատ վաղուց էր… Այդքան ժամանակը չեմ կարող հաղթահարել:
ՌՈՄԻ Ֆ. — Ուրեմն, ինձ հետ չես գա… Բայց ասացիր, որ կգաս: Իսկ հիմա չես կարող…
ՖՐԱՆԿ – Ի՞նչ պետք է ասեմ… ես չգիտեմ՝ ինչ ես ինձ նվիրել:
ՌՈՄԻ Ֆ. — Այդ դեպքում ես հիմա կգնամ, ու դու կմնաս այստեղ:
Ռոմի Ֆոգթլենդերը լքում է բնակարանը:
16.
Ֆրանկը մենակ քարացել է միջանցքում: Հետո քանդում է վերնաշապիկը, ուզում է մտնել լոգարան: Թակում են մի կերպ փակված դուռը: Լռություն: Թակոցը կրկնվում է:
ՏԻՆԱ – Ողջո՛ւյն: (Պատասխան չկա: Ֆրանկը, ասես շոկի մեջ, կանգնած է միջանցքում:) Ողջո՛ւյն:
ՖՐԱՆԿ — Դուռը բաց է: (Տինան երկչոտ ներս է մտնում:) Տինա՞…
ՏԻՆԱ — (զարմացած է, որ մյուսները չկան): Ես ուզում էի խոսել Անդիի հետ:
ՖՐԱՆԿ – Անդիի՞… նա չկա:
ՏԻՆԱ – Չկա՞:
ՖՐԱՆԿ — Չէ… իսկ նա… Ես կարծում էի՝ քեզ մոտ է:
ՏԻՆԱ — Չէ: Նա այստեղ պիտի լինի:
ՖՐԱՆԿ — Բայց ես ասացի՝ այստեղ չէ:
ՏԻՆԱ — Նա պիտի այստեղ լինի: Նա կարող է լինել միայն այստեղ…
ՖՐԱՆԿ — Բայց ինչո՞ւ…
ՏԻՆԱ — Ես տեսա՝ ինչպես նա տուն մտավ:
ՖՐԱՆԿ – Ե՞րբ:
ՏԻՆԱ — Երեկ գիշեր:
ՖՐԱՆԿ — Երեկ գիշեր նա այստեղ չէր:
ՏԻՆԱ — Դե ոչ, այստեղ էր: Ես եմ տեսել… ու հետո… Ահա նրա նշանը: Նա այստեղ է եղել:
ՖՐԱՆԿ — Դե լավ… Գուցե եղել է կարճ ժամանակով ու հետո նորից գնացել է:
ՏԻՆԱ – Ո՛չ:
ՖՐԱՆԿ – Ինչո՞ւ՝ ոչ:
ՏԻՆԱ — Որովհետև ես նրան էի սպասում փողոցում, տան առաջ:
ՖՐԱՆԿ – Երկա՞ր սպասեցիր:
ՏԻՆԱ — Գիշերվանից: 3-ն անց կեսից…
ՖՐԱՆԿ – Լուսաբացի՞ 3-ն անց կեսից:
ՏԻՆԱ — Հա, այն պահից, երբ նա տուն մտավ:
ՖՐԱՆԿ — Լուսաբացից մինչև հիմա սպասել ես տան մո՞տ:
ՏԻՆԱ — (լացակումած): Հա, բայց նա դուրս չի եկել…
ՖՐԱՆԿ — Սենյակը դատարկ է: Ցավում եմ, բայց նա այստեղ չէ:
ՏԻՆԱ — (նայում է դատարկ սենյակից ներս, լացով դուրս է վազում): Բայց նա պիտի՛ այստեղ լիներ…
Ու նորից Ֆրանկը մենակ է միջանցքում: Վերցնում է գլանիկը դույլի միջից, բայց միտքը փոխում է ու ներկ չի քսում նշանի վրա: Գլանիկը դնում է մի կողմ: Հանում է վերնաշապիկը, մտնում լոգարան, դուռը փականով փակում է:
17.
Մտնում է Կլաուդիան: Լոգարանից աղմուկ է լսվում: Մոտենում, ականջ է դնում: Մտնում է սենյակները, փնտրում է՝ ոչ ոք չկա: Վերադառնում է: Լոգարանի մոտ կանգնում, ականջ է դնում:
ԿԼԱՈՒԴԻԱ — Բայց և այնպես՝ այո… գնացել է: (Ուրախացած:) Իսկ ես հույս չունեի, որ դու կարող ես: (Լռություն: Փորձում է փակել դուռը, չի ստացվում, ավելի համառությամբ է փորձում, այնպես է ոտքով խփում, որ դուռը վերջապես փակվում է:) Իսկ դուռը վերանորոգեցի: (Կամաց:) Շան քա՛ծ: (Լոգարանի կողմը:) Կարո՞ղ եմ մտնել: (Դուռը փակ է:) Ես համարյա հույս չունեի, որ կկարողանաս: (Կարճ դադար:) Ցնցուղի տա՞կ ես: (Մարտահրավերով:) Ամուսնական կյանքի տասնինը տարիները մահվան օղակի պես են կապում: Քանդել չի լինի: Քեզ չի հաջողվի: Դրանք ավելի ամուր են կապում, քան ինչ-որ մի ամառ: (Կարճ դադար:) Նոր Տինան այստեղից դուրս եկավ… Ինձ թվաց՝ ինչ-որ մեկին տեսա… (Տոնական կապված ոչ մեծ փաթեթ տեսնելով՝ դեպի լոգարանը:) Սա ի՞նչ է… Տինա՞ն է բերել: Ինչ հաճելի է… չէ, իսկապես, հրաշալի է: Դու չգիտե՞ս, ինչ է մեջը: (Կարճ դադար:) Իսկ Անդին… որտե՞ղ է վերջապես: Նրանը այս մի արկղն է՞…
Այն է՝ բացելու է արկղը, բայց կարողանում է իրեն զսպել: Վերցնում է նվերն ու գնում իր ննջարանը՝ ընթացքում պատռելով վրայի թուղթը: Դռան մոտ զարմացած կանգնում է, զննում է նվերր: Անսովոր ոչինչ, ընդամենը պլաստիկե տոպրակ է՝ Էյֆելյան աշտարակի նկարով: Նայում է լոգարանի կողմը: Մտնում է իր սենյակը: Քիչ անց լսվում է վայրի ճիչ:
18.
ՏԻՆԱ — Ես չե՛մ կարող գնալ: Այստեղի՛ց: Չե՛մ կարող… Չե՛մ կարող գնալ այնտեղից, որտեղ պիտի լինի Անդին ու որտեղ նա չկա: Բայց ո՞ւր է կորել: Նա պիտի այնտեղ լինի, բայց այնտեղ չէ: Վախեցած նետվում եմ աջ ու ձախ, սպասում եմ նրան բլրակի վերևում, մենք միշտ այնտեղ ենք հանդիպում, որտեղ միշտ քարեր էինք շպրտում: Ես նստել եմ այնտեղ, մենակ, նույնիսկ քարեր եմ շպրտում ոչ մի տեղ, որովհետև ոչ ոք չի գա ու չի գնա, Անդիի մորից բացի, նա հիմա տուն է մտնում: Հետո նորից վազում եմ աջ ու ձախ, տան ետևը, այնտեղից կարելի է նայել Անդիի ծնողների ննջարանից ներս, որտեղ մեծ պահարան ու մահճակալ կա… Ու տեսնում եմ Կլաուդիային: Նա սայթաքելով, զարմացած ու նույնիսկ շփոթված հայտնվեց շեմին, ձեռքին՝ պլաստիկե տոպրակ… Ինձ թվում է՝ այդ տոպրակը արդեն տեսել եմ… Նա դեռ շեմին է կանգնած, կարծես տատանվում է, հետո ներս է մտնում տոպրակը ձեռքին, ինձ չի երևում, բայց նա կարծես ինչ-որ բան չի հասկանում: Ձեռքը մտցնում է տոպրակի մեջ, այդ պահին, երբ ձեռքը մտցնում է (համենայնդեպս, պատուհանից այդպես է երևում), նրա մատները, ձեռքերը, ուսերը հանկարծ կրակով են բռնկվում: Ննջարանում կնոջ մարմինը կրակների մեջ է: Նա այրվում է, այրվում է կայծակնային արագությամբ ու դաժան… Թվում է՝ անգամ ճչալ չի կարող, փակ պատուհաններից ձայնը ինձ չի հասնում, բայց նրա բերանը բաց է, ցավագնորեն բաց է… Գոռո՞ւմ է նա, թե՞ ոչ… բայց ես եմ գոռում, գոռում եմ, ինչքան ուժ ունեմ, բայց ինձ լսողն ո՞վ է… Հետո դռների մեջ հայտնվում է Անդիի հայրը, տեսնում է կնոջը կրակների մեջ, տոպրակի հալված մնացորդը՝ ձեռքերում… ու կանգնած է այնտեղ, անշարժ, մինչև որ անհետանում է դռան ետևում: Ես վազում եմ, փախչում եմ… Հայտնվում է կահույք տեղափոխող բեռնատարը, կանգնում է տան առաջ: Բայց ո՞ւր է Անդին:
19.
Սրանից մեկ րոպե առաջ:
Լոգարանից դուրս է գալիս Ֆրանկը: Կոնքին կապած սրբիչից բացի հագին ոչինչ չկա: Մարմինը դեռ թաց է: Վազում է միջանցք, սայթաքում է, ընկնում՝ տրորելով մրցավազքային խաղալիք մեքենան, որը դուրս է պրծնում նրա ոտքերի տակից: Բարձրանում է, ցավից իրեն կորցրած՝ տրորում է պլաստիկե հնդկացուն: Վերցնում է հատակից, անվստահ տնտղում, հետո նրա հայացքը թափառում է թափված խաղալիքների վրա: Նա հավաքում է դրանք, ուզում է լցնել Անդիի արկղի մեջ: Բացում է արկղը՝ այնտեղ որդու դիակն է: Համր սարսափ ու հուսահատություն: Ձեռքերից թափվում են խաղալիքները: Նա նետվում է դեպի իրենց ննջարանը, նորից է սայթաքում՝ տրորելով մեքենան, որն ընկել էր ձեռքից: Բարձրանում է, նորից է ընկնում, գուցե վնասելով ողերը կամ էլի ինչ-որ բան:
Համարյա սողալով հասնում է ննջարան, բացում է դուռը և մի պահ քարանում դռան մեջտեղում: Նա տեսնում է կրակի մեջ բոցավառվող կնոջը: Հիմա ո՞ւր գնալ…
Սարսափահար փորձում է հասնել մուտքի դռանը: Կաղալով, սայթաքելով ու ընկնելով, մի կերպ հասնում է, պտտում է բռնակը:
Դուռը չի բացվում: Դեռ չհասկանալով՝ նորից է պտտում: Դուռն այնպես է լռվել, որ այլևս չի բացվելու: Դռան զանգ: Բայց նա այլևս բարձրանալու ուժ չունի: Ծնկները թուլացել են: Նորից զանգ: Բայց նա այլևս չի բացի դուռն ու էլ երբեք չի հասնի լսափողին: