ԳԱՐՍՈՒ/ ԹՅՈ՜Ւ
ԳԱՐՍՈՒԻ «ԹՅՈ՜Ւ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում
Մի օր պապս ծնվեց, որ մի օր դառնար պապ` Սուրեն անունով… Ինչ-որ մի պահի ես, որ Գարիկ անունով թոռն եմ նրա, դարձա ԳարՍու. ես միացա պապիս` նրա մահից հետո… Հիմա ես ու պապս ՄԻ ենք, հիմա ես պապ եմ ու թոռ, հայր եմ ու երեխա… հիմա ես չգիտեմ` ինչ եմ, հիմա` ես… ո՜ւֆ… ավելի դժվար բան կյանքումս չեմ արել. նստեմ ու պատմեմ իմ մասին… հա, որ ի՞նչ:
Բարի օր: Ես ԳարՍուն եմ:
Սովորել, ավարտել եմ Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի միջնակարգ դպրոցը: Ծնվել եմ նույն գյուղում, 1983 թ. փետրվարի 10-ին: Ծառայել եմ ՀՀ ԶՈՒ-ում: 2003- 2005 թթ. սովորել եմ ԵՊԲՀ-ում: 2007-2008թթ. աշխատել եմ ԵՊԿԹ-ում` բեմի բանվոր: 2008 թ. մասնակցել եմ ՆՓԱԿԹԱՏՐՈՆում կազմակերպված «Մեկ քառակուսի մետր» 3-րդ թատերական փառատոնին «Բարև, մահ ջան» հեղինակային մենաներկայացմամբ, որը ստացավ «Հեղինակների ձայն» մրցանակը: 2008-ից մինչ հիմա ՆՓԱԿԹԱՏՐՈՆում եմ: 2009 թ. արտամրցույթային կարգով մասնակցել եմ 4-րդ «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին «ԹՅՈ՜Ւ…» հեղինակային ներկայացմամբ: Այդ փառատոնի օրերին էլ տեղի ունեցավ առաջին գրքիս` «Քնած չղջիկի վերելքը» պոեմ-ծաղկեփնջի շնորհանդեսը: Առայժմ այսքանը: Հետո, եթե էլի հետաքրքիր բան կատարվի իմ կյանքում` կասեմ…
Բարի օր…
ԳարՍու
ԹՅՈ՜Ւ…
Գործող անձինք
ԱՂՋԻԿ
ՏՂԱ
Բեմում դռան շրջանակ է` ուղղահայաց դրված դահլիճին: Ձախ կողմում կանգնած է աղջիկը, աջում` տղան: Նրանք հագնված են սահմանների, պատմության և այլ հարցերում խնդիրներ ունեցող պետությունների դրոշների նմանությամբ: Զգացվում է, որ տղան ավելի գերիշխող դիրքից է մոտենում աղջկան: Բեմում մութ է:
ՏՂԱ — Դե լավ, դե՛, վա՜յ, վա՜յ, դե լա՛վ…
ԱՂՋԻԿ — Ի՞նչ…
ՏՂԱ — Հաֆ, հաֆ, հաֆ… Աուուուուուուուոու…
ԱՂՋԻԿ — Հաչո՞ւմ ես… ոռնո՞ւմ ես:
ՏՂԱ — Լսի, բայց դու ի՞նչ խելք ունես. ո՛չ աչքիդ լսածին ես հավատում, ո՛չ ականջիդ տեսածին, ո՛չ էլ… հակառակը:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ:
ՏՂԱ — Ասում եմ` դուռը բաց` գամ:
ԱՂՋԻԿ — Գաս` ի՞նչ անես:
ՏՂԱ — Կանեմ` կզգաս:
ԱՂՋԻԿ — Չէ, զգամ` նոր արա:
ՏՂԱ — Չի՛ լինի… հո երազախաբությամբ չե՞նք զբաղվելու:
ԱՂՋԻԿ — Վա՜յ…
ՏՂԱ — Թե՞ մտածում ես` ձեռնաշարժությամբ ենք զբաղվելու… էդ առողջությանը կվնասի: էլ չեմ ասում հանրության կարծիքի մասին…
ԱՂՋԻԿ — Ես թքա՛ծ ունեմ հանրության կարծիքի…
Վառվում է լույսը:
ՏՂԱ — Դե՛, սահմանդ բա՛ց` մտնեմ:
ԱՂՋԻԿ — Չէ՛… վախենում եմ…
ՏՂԱ — Բա որ վախենում ես, ինչի՞ ասիր` արի մեր տուն ֆուտբոլ նայենք:
ԱՂՋԻԿ — Դե՜… էն ժամանակ… պապան տանն էր:
ՏՂԱ — Հիմա տանը չի՞:
ԱՂՋԻԿ — Տանն ա, բայց… քնած ա: Բերածդ գինուց մինչև հիմա մնացել ա… ամեն օր խմում ու քնում ա:
ՏՂԱ — Գիտես, չէ՞, էդ գինին իրա խաղողից եմ քաշել:
ԱՂՋԻԿ — Լո՞ւրջ: Ո՞նց ես հաջողացրել:
ՏՂԱ — Բա չե՞ս իմացել… Հերս հորդ ձեռից խաբել առել ա խաղողի այգիները… Ի՜նչ խաղող ա աճում… գիլաները ոնց որ տասնյոթ տարեկան աղջկա պտուկներ…
ԱՂՋԻԿ — Ինչ զզվելի՛ն ես բայց…
ՏՂԱ — Էլ մի՛ ասա… հերս էլ մեռավ, էդ այգին թողեց ինձ, ես էլ գինի եմ քաշում, գաղտնի խմում եմ ու ափաշկյարա խմցնում, բա՞… Աղջի՛, դուռը բաց` մտնեմ, էլ հրթիռս չի դիմանում:
ԱՂՋԻԿ — Լավ, կբացեմ, բայց մի պայմանով…
ՏՂԱ — Հո՛պ, ո՛չ մի նախապայման: Դու քո դուռն ես բացում, ես իմ հրթիռն եմ բաց թողնում:
ԱՂՋԻԿ — Մեկ-մեկ կթողնե՞ս` գամ հորս այգին տեսնեմ:
ՏՂԱ — Հա, բայց` մեկ-մեկ… էդ էլ էն դեպքում, եթե գաս աշխատես. խաղող հավաքես, գինի քաշես…
ԱՂՋԻԿ — Մենք գինու գործարան ունենք:
ՏՂԱ — Ըհը՛, լա՜վ էլ սարքվավ. հենց ձեր գործարանում էլ կքաշես ու գործարանի հետ կտաս ինձ: Ես էլ մի քիչ կտամ հորդ ու ախպորդ, կխմեն, կքնեն, մենք էլ իրար հետ… Աղջի՛, դե բա՛ց էդ անտերը, էլի՛…
ԱՂՋԻԿ — Ի՞նչը…
ՏՂԱ — Սահմանդ… էս ի՞նչ ուշ ես հասկանում…
ԱՂՋԻԿ — Բայց ինքը անտեր չի՛:
ՏՂԱ — Ի՞նչը:
ԱՂՋԻԿ — Սահմանը… Իմ սահմանն անտեր չի, իմ սահմանը…
Լսվում է դուդուկի տխուր մեղեդի:
ՏՂԱ — Լա՜վ, սաքսաֆոնդ անջատի: Չկերանք սահմանդ…
ԱՂՋԻԿ — Բա որ ուտե՞ս…
ՏՂԱ — Չեմ ուտի: Քո սահմանն ինձ ու մեր տղերքին պետք կգա մի օր:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ տղերք:
ՏՂԱ — Իմ ու քո տղերքը… մի քիչ էլ նազ ու տուզ կանես, հետո դուռը կբացես, կմտնեմ, կզգաս, ու կսկսենք տղե՜րք ունենալ: Նրանք երիտտղերք կլինեն, ու ամբողջ աշխարհը մերը կլինի… Աղջի՛, դուռը բաց` մտցնեմ…
ԱՂՋԻԿ — Չէ՜, վախենում եմ… ես կույս եմ:
ՏՂԱ — Ինչ ե՞ս…
ԱՂՋԻԿ — Է՜հ:
ՏՂԱ — Լա՜վ, մի ամաչի… բոլորն էլ թերություններ ունեն: Ես էլ խոյ եմ… կխոյահարեմ` կպրծնի կգնա:
ԱՂՋԻԿ — Անամո՛թ:
ՏՂԱ — Դու որ ամոթ ունես, գլուխդ հասել ա Աստծու բդերի՞ն… է՛հ, ասում եմ` բդերին. թոքերի՞ն… չոքերի՞ն…
ԱՂՋԻԿ — Անհավա՛տ… սրբապի՛ղծ…
ՏՂԱ — Տեսանք քո հավատացյալության խերը. ով հասավ` բռնաբարեց, հիմա էլ կույս-կույս ես խաղում: Էդ ո՞վ չգիտի, որ սահմանիդ կուսաթաղանթը կարաս մի հատ վիրահատությամբ վերականգնես… ամերիկյան ու եվրոպական տեխնոլոգիաներով:
ԱՂՋԻԿ — Ռա՛դ էղի… դու ոչ մի չափ չես ճանաչում:
ՏՂԱ — Ճանաչում եմ. իմ սահմանները:
ԱՂՋԻԿ — Դու սահման չե՛ս ունեցել… դու գողացել ես ուրիշների սահմանները:
ՏՂԱ — Ըհը՜… էս ի՞նչ ժողովուրդ ես, տո՜…
ԱՂՋԻԿ — Շատ լա՛վ ժողովուրդ եմ, հարց ունե՞ս… («Լուսամուտից».) Տիկի՛ն ջան, էդ աղբամանի կողքը էլ տեղ չկա, աղբամանի մեջ լցրեք ձեր աղբը… (Տղային.) Ընտի՛ր ժողովուրդ եմ, հարց ունե՞ս:
ՏՂԱ — Հա՛:
ԱՂՋԻԿ — Տո՛ւր:
ՏՂԱ — Զիբիլի հետ կապված:
ԱՂՋԻԿ — Հա՛, ասա՛, ի՞նչ…
ՏՂԱ — Էդ ճիշտ ա՞, որ դուք…
ԱՂՋԻԿ — Այո՛:
ՏՂԱ — Իսկ էդ ճիշտ ա՞, որ մենք…
ԱՂՋԻԿ — Այո՛:
ՏՂԱ — Իսկ էդ ճիշտ ա՞, որ նրանք…
ԱՂՋԻԿ — Այո՛:
ՏՂԱ — (նյարդային): Աղջի՛կ ջան, հարցը լսում են, նոր են հա ու չէ անում…
ԱՂՋԻԿ — Այո՛:
ՏՂԱ — Էդ ճիշտ ա՞, որ քո զիբիլանոցներում պեղումներ են կատարում:
ԱՂՋԻԿ — Հա՛:
ՏՂԱ — Իսկ էդ ճիշտ ա՞, որ էդ պեղումների արդյունքում բան են ճարել… էն… անունն ինչ էր, է՞… հա, քվեաթերթիկներ են ճարել… ճիշտ ա՞…
ԱՂՋԻԿ — Ո՞վ ա քեզ էդ ապուշությունն ասել:
ՏՂԱ — Եվրոմիությունում լավ ախպերներ կան, իրանք են ասել:
ԱՂՋԻԿ — Հիմա ասել էի` ինչ են կերել քո լավ ախպերները… Դրանք քվեաթերթիկներ չեն էղել, է՞, անձնագրեր են էղել:
ՏՂԱ — Չէ՜, չես խաբի, նայի… (Գրպանից հանում է թուղթն ու կարդում🙂 Համաձա՞յն եք բացել սահմանը… Այո՞, թե՞ ոչ…
ԱՂՋԻԿ — Ո՛չ:
ՏՂԱ — Քեզ չեմ հարցնում, աղջի՛կ ջան, ինչ ես քեզ մեջ գցում: Ստեղ ա գրած…
ԱՂՋԻԿ — Բա մնացածը ինչի՞ չես կարդում:
ՏՂԱ — Էս նախապայման ա, ինչ զհար ու զիբիլ ա… է՞դ:
ԱՂՋԻԿ — Հա, ինչի՞ չես կարդում:
ՏՂԱ — Կարդում եմ, լավ… Համաձա՞յն եք բացել սահմանը` մի շարք ստորացուցիչ նախապայմաններով:
ԱՂՋԻԿ — Ո՜՜՜՜՜՜՜՜չ:
ՏՂԱ — (վախեցած): Էսի ինձ ընկնավոր ա դարձնելու, գիտե՞ս… Քեզ չեմ ասում, էս եթիմ թղթի մեջ գրածն եմ կարդում:
ԱՂՋԻԿ — Կապ չունի… ոոոոոոոոոոոոոչ:
ՏՂԱ — Վա՜յ, ըսենց բանի հերը թաղեմ… հասկացա, մի՛ գոռա…
ԱՂՋԻԿ — Իսկ հասկացա՞ր, թե էդ եթիմ թուղթը ինչի համար ա հայտնվել զիբիլանոցում ու Եվրոմիության քո ախպերներն ինչի համար են քթները խոթել իմ զիբիլի մեջ:
Դադար:
ՏՂԱ — Լսի, ես լավ մասաժ եմ անում, կուզե՞ս:
ԱՂՋԻԿ — Չէ՛:
ՏՂԱ — Ինչի՞:
ԱՂՋԻԿ — Գեներիս մեջ քո արած մասաժի հետքերը շատ խորն են ու ցավոտ:
ՏՂԱ — Չջոկեցի, ազիզ, ի՞նչ գեն… տա՞տդ…
ԱՂՋԻԿ — Ո՜ւֆ… գնա՛, էլի՜…
ՏՂԱ — Դու էլ` արի:
ԱՂՋԻԿ — Ո՞ւր գամ:
ՏՂԱ — Արի գնանք մեր տուն, ֆուտբոլ նայենք… Էհ, ասում եմ` «նայենք»… Խաղանք:
ԱՂՋԻԿ — Երկուսո՞վ:
ՏՂԱ — Չէ՜, ի՞նչ երկուսով… թմերով:
ԱՂՋԻԿ — Չէ՛, ի՞նչ թմերով, երկուսով:
ՏՂԱ — Դու դարդ ես… չէ, դու դարդ ու ցավ ես:
ԱՂՋԻԿ — Բա դո՞ւ…
ՏՂԱ — Ես էլ դարդ ու ցավ վերացնող եմ… Լսի, որտե՞ղ ես տեսել երկու հոգանոց ֆուտբոլ:
ԱՂՋԻԿ — Կոմպում…
ՏՂԱ — Էն, որ… դու ես խաղո՞ւմ…
ԱՂՋԻԿ — Հա՛:
ՏՂԱ — Ջա՛ն, էդ երկու հոգանոց չի, էդ…
ԱՂՋԻԿ — Երկու հոգանոց ա. դու ես ու համակարգիչը:
ՏՂԱ — Հիմա դու «դո՞ւ» ես, թե՞ համակարգիչը:
ԱՂՋԻԿ — Չգիտեմ… հորս պիտի հարցնեմ երևի… Էն էլ քնից չի զարթնել դեռ…
ՏՂԱ — Կզարթնի՞:
ԱՂՋԻԿ — Չգիտեմ… երևի…
ՏՂԱ — Բայց ես էլի գինի ունեմ:
ԱՂՋԻԿ — Գնա՛, էլի…
ՏՂԱ — Չես գալի՞ս դու…
ԱՂՋԻԿ — Եթե երկուսով ենք խաղալու` կգամ…
ՏՂԱ — Չէ՛, թմերով:
ԱՂՋԻԿ — Լսի, ի՞նչ իմաստ ունի ավելորդ տեղը անձնակազմ զբաղեցնել…
ՏՂԱ — Ես առանց ոհմակի ինձ թույլ եմ զգում:
Դադար:
Այս տեսարանը ուղեկցվում է պլաստիկ լուծումներով. տեսարանի վերջում ստացվում է «բաժակի պատկեր». աղջիկն ու տղան ծնկներով և ոտնաթաթերի ծայրերով հպված են իրար, բռնված` ձեռքերով, իրանները` ետ… ըստ այս կոմպոզիցիայի` եթե որևէ մեկը բաց թողնի ձեռքը, երկուսն էլ կընկնեն` կորցնելով հավասարակշռությունը:
ԱՂՋԻԿ — Ինձ ծով կտա՞ս:
ՏՂԱ — Ինչի՞դ ա պետք:
ԱՂՋԻԿ — Ինչի՞ս… սրտի՛ս…
ՏՂԱ — Մեռանք խնդալուց: Իսկ ավելի լո՞ւրջ…
ԱՂՋԻԿ — Որ բուժվեմ աղակալված անցյալիցս:
ՏՂԱ — Մարդավարի խոսա` բան հասկանանք:
ԱՂՋԻԿ — Ծո՜վ… Իմ ծովը տուր ինձ… ե՛տ տուր իմ ծովը…
ՏՂԱ — Լսի, քո ծովն ինձ մոտ ի՞նչ գործ ունի, որ ինձնից ծով ես ուզում:
ԱՂՋԻԿ — Ես էլ եմ էդ ասում. իմ ծովը քեզ մոտ ի՞նչ գործ ունի… Տո՛ւր իմ ծովը:
ՏՂԱ — Աղջի, դու ինձ ծո՞վ ես տվել, որ հիմա ծով ես ուզում:
ԱՂՋԻԿ — Եթե ես տված լինեի, ետ չէի ուզի: Բայց դու…
ՏՂԱ — Ո՛չ մի «բայց դու»… Դու ծով չե՛ս ունեցել: Քո ունեցածը ծով չէ՛ր, քո ունեցածը աղջկական երազա՛նք էր, որին ամեն կերպ փորձում ես կյանք տալ, ինչպես քո հորինած տղամարդուն:
ԱՂՋԻԿ — Իմ տղամարդը երբեք հորինված չի եղել:
ՏՂԱ — Քո ամեն ինչն ա հորինված, դրա համար էլ մեկդ էրկուս չի դառնում
ԱՂՋԻԿ — Ինձ ուրիշի էրկուսը պետք չի, ինձ իմ մեկն էլ հերիք կանի:
ՏՂԱ — Էդ խելքին ես, էլի, որ հիմա մեկն էլ չունես:
ԱՂՋԻԿ — Ունեի… գողացավ…
ՏՂԱ — Ո՞վ…
ԱՂՋԻԿ — Երիտպա՛պդ:
ՏՂԱ — Լա՛վ արեց: Պինդ պահեիր, ուժեղ պահեիր` չգողանար…
ԱՂՋԻԿ — Հավատացի: Գողացավ…
ՏՂԱ — Լա՛վ արեց: Չհավատայի՛ր…
ԱՂՋԻԿ — Բա հիմա ո՞նց ես ուզում, որ քեզ հավատամ:
ՏՂԱ — Բայց ես ու իմ պապը հո նույնը չե՞նք, ազի՛զ ջան:
ԱՂՋԻԿ — Նույնն եք, ո՛չ մի տարբերություն… Եթե պապիդ արածն արդարացնում ես, ուրեմն նույնն ես:
Կարճ դադար:
ՏՂԱ — Հիմա… ծով ուզո՞ւմ ես, թե՞ չէ:
ԱՂՋԻԿ — Միշտ էլ ուզելու եմ:
ՏՂԱ — (գրպանից ինչ—որ ուտելիք է հանում): Ա՛ռ, կե՛ր, կինս հատուկ քեզ համար ա սարքել:
ԱՂՋԻԿ — Մենակ ե՞ս եմ ուտելու:
ՏՂԱ — (մի պահ մտածելով): Չէ, ես էլ կուտեմ: Դու կեր, ինչ որ մնաց` ես կուտեմ:
ԱՂՋԻԿ — (սկսում է ուտել):
ՏՂԱ — Հավատացիր… Հիմա ծով ուզո՞ւմ ես, թե՞ չէ…
ԱՂՋԻԿ — Ըհը՛:
ՏՂԱ — Դե, դուռդ բաց` մտնենք…
ԱՂՋԻԿ — Հըը՛…
ՏՂԱ — Ծով չունեցար:
ԱՂՋԻԿ — Ըըըըըըըը…
ՏՂԱ — Զհաաաար… Աղջի՛, բա՛ց դուռդ… (Ձեռքերով ցույց է տալիս🙂 Այսքա՜ն մեծ ծով կտամ քեզ:
ԱՂՋԻԿ — (ցույց է տալիս նույն չափը): Այսքա՞ն…
ՏՂԱ — Հա…
ԱՂՋԻԿ — (բնազդաբար մեկնում է ձեռքերը): Վատ եմ զգում ինձ…
ՏՂԱ — (բռնում է ձեռքերից, աստիճանաբար հասնում են բաժակի պատկերին): Ի՞նչ էղավ…
ԱՂՋԻԿ — Չգիտեմ… էս ի՞նչ տվեցիր… ինչի՞ դու չես ուտում…
ՏՂԱ — Ուտելու բան ա՞, որ ուտեմ, խոզի գրիպով հիվանդ մարդու միս էր… Գիտես, ես խոզի միս չեմ ուտում:
ԱՂՋԻԿ — Թո՛ղ ինձ…
ՏՂԱ — Թողնեմ` էրկուսս էլ մեջքախառը կընկնենք, գլուխ-մլուխներս կցխենք… լեշներս կփռվի…
ԱՂՋԻԿ — Կընկնե՞նք…
ՏՂԱ — Հա՛, բա՞…
ԱՂՋԻԿ — Ու իմ ծովը նորից կկորի՞…
ՏՂԱ — Հա՛, բա՞… (Ձեռքերով ալիքներ է անում🙂 Հլը նայի, տես, ի՜նչ սիրուն ծով ա…
ԱՂՋԻԿ — (անգիտակից): Հա՜, բայց ես չեմ ուզում, որ իմ ծովում օտարների նավերը լողան, տիրություն անեն:
ՏՂԱ — Բա… ուզում ես` հետները տանե՞ն: Չէ՜, ես քեզ նման անհեռատես քայլեր չեմ անի… օտար չկա, մեր եղբայրներն են… քանի մեզ պետք են…
ԱՂՋԻԿ — (հուզված, վերհուշով): Եղբա՜յրս… ամուսի՜նս…
ՏՂԱ — Ո՞ւր են…
ԱՂՋԻԿ — Օտարության հետ են ամուսնացել… երեխաներ են ունեցել, որոնց ոչ իրենք են ճանաչում, ոչ էլ երեխաներն` իրենց:
ՏՂԱ — Հիմա, փաստորեն, մենակ ես ու անպաշտպան:
ԱՂՋԻԿ — Հա… Էս ի՞նչ եղավ ինձ, խաբեցի՞ր…
ՏՂԱ — Հա, խաբեցի՛:
ԱՂՋԻԿ — Ի՜նչ մենակ եմ… լքված…
ՏՂԱ — Դե, բա՛ց դուռդ… գամ ու չլքեմ քեզ:
ԱՂՋԻԿ — Բացել եմ:
ՏՂԱ — Հլը ու չբացեիր, էլի՛… (Թողնում է ձեռքերը. աղջիկն ընկնում է🙂
Տղան դռան շրջանակից մտնում է ներս: Կեղծավոր խաղ. իբր օգնում է աղջկան ոտքի ելնել, հոգատար է: Ձեռքսեղմում է տեղի ունենում, լուսանկարվում են, պաշտոնական հանդիպման պես…
ՏՂԱ — Դե, էս թուղթը ստորագրի՛:
ԱՂՋԻԿ — Ինչի՞ համար ստորագրեմ:
ՏՂԱ — Որ ես մնալու եմ:
Աղջիկը, չիմանալով անելիքը, շփոթված նայում է թղթին… ուզում է ստորագրել… Լսվում են ձայներ. լույսն աստիճանաբար մարում է:
— Բալե՛ս, չստորագրե՛ս…
— Քույրի՛կ, չստորագրե՛ս…
— Սիրելի՛ս, չստորագրե՛ս…
Վառվում է լույսը: Դռան շրջանակը կտավի շրջանակ սարքած` կանգնած է Տղան, Աղջիկը ծնկած նրա կոշիկներն է մաքրում:
ՏՂԱ — (թափահարելով թուղթը): Ուշացա՜ք… Ուշացա՜ք… Ուշացա՜ք… Ուշացա՜ք… Ուշացա՜ք…
Լսվում է դհոլի ու զուռնայի հզոր պարեղանակ: Տղան շփոթվում է, ապա սարսափում: Լույսն աստիճանաբար մարում է: Լսվում են ուժեղ կրակոցներ:
Վառվում է լույսը: Կտավի շրջանակի պատկերը, բայց Աղջիկն է կանգնած, Տղան ձեռքի թղթով մաքրում է կոշիկները: Լսվում են ձայները:
— Էլ չե՛մ ուշանա, բալե՛ս…
— Էլ չե՛մ ուշանա, քույրի՛կ…
— Էլ չե՛մ ուշանա, սիրելի՛ս…