ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Հունվարի ցրտաշունչ վերջին օրը Մետրո թատրոնի ոչ այնքան տաք, բայց հյուրընկալ դահլիճում հաճելի սպասում էր. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնի 1-ին կուրսի ուսանողները քննության էին՝ ներկայացնելու էին իրենց ԱՌԱՋԻՆ բեմականացումները: Պատահական չէ, որ Բառը գրվեց մեծատառերով. ինչպես իր խոսքում նշեց կուրսի ղեկավար Արթուր Սահակյանը՝ ապագա ռեժիսորներն այդ երեկո ներկայացնելու էին մի բան, որ վաղը հերքելու են, բայց իմ կողմից ավելացնեմ, որ Առաջին բեմադրության անկրկնելի զգացողությունը երկար, եթե ոչ ընդմիշտ, կմնա նրանց հիշողության մեջ:
Իսկ ինձ ոգևորել էր այն փաստը, որ բեմականացվել էին հայ հեղինակների գործեր, ընդ որում, արձակ գործեր. Արթուր Սահակյանը առաջին կիսամյակի գրականությունը «տեղափոխել» էլ հայ գրական տիրույթ:
Ուրախությամբ շեշտեմ, որ և՛ ռեժիոսրները, և՛, իհարկե, հեղինակները լավագույնս հանձնեցին քննությունը՝ միասին մեկ անգամ ևս փաստելով, որ լավ գրականությունը ժամանակից ու հանգամանքներից վեր է: Ինչ խոսք, ներկայացված աշխատանքների մեջ և՛ առավել հաջողվածը կար, և՛ ոչ այնքանը… բայց նրանք համարյա երկու ժամ ցուրտ դահլիճը կարողացան ջերմացնել երիտասարդական անսպառ եռանդով, ստեղծագործական երևակայությամբ և ձանձալի չլինելու ողջունելի ունակությամբ:
Եվ այսպես. բեմականացումները՝ լուսանկարներով.
- Աղասի Այվազյան «Չորս բարի պատ» (բեմ.՝ Ամինա Մովսիսյան)
- Լեռ Կամսար «Սաստիկ կոմունիստներ» (Գրիգոր Ազիզյան)
- Նարինե Աբգարյան «Հաղթած տատիկների երկրում» (Աստղիկ Մելիքսեթյան)
- Վիլյամ Սարոյան «Խորհուրդներ ամերիկացի ճանապարորդներին» (Դավիթ Միրիջանյան)
- Ստեփան Զորյան «Էլեկտրական լամպը» (Համլետ Դովլաթյան)
- Լեոնիդ Ենգիբարյան «Սիրելի Լյոնյա» (Մարինե Պետոյան)
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ