Համլետ ՎԱՐԴԱՆՅԱՆ/ «ՀԱՐԲԱԾ ՆԱՎԸ»
Համլետ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ՀԱՐԲԱԾ ՆԱՎԸ» թատերապատկերը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում
Ես ծնվել եմ 1979 թ. Նոր Գյուղում (Աբովյան): Շատ վատ թվանշաններով ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցն ու մեկ տարի անց գնացել բանակ: Գալուց հետո ոչինչ չեմ արել, թեև միշտ նկարել ու գրքեր եմ կարդացել: Որոշեցի Գեղարվեստի ակադեմիա ընդունվել: Առաջին տարին չընդունվեցի: Հաջորդ տարի, թեև լավ պարապել էի, հրաժարվեցի մասնակցել` պատճառ բռնելով, թե իբր ուշացել եմ քննություններից, և այլն, և այլն… Դրանից հետո էլի ոչինչ չեմ արել, իսկ այդ դատարկությունն այնքան էի լցրել գիրք կարդալով, որ երբ անսպասելի ու պատահաբար, ինչպես երկնքից ընկած մանանա, իմ կյանքում հայտնվեց կինոն, ես հայտնաբերեցի, որ իմ գլխում եղածը իզուր չէ: Կասկածները երբեմն համակում էին ինձ, բայց մինչև այն պահը, երբ Զավեն Բոյաջյանը գրկեց ինձ ու ասաց, որ ֆիլմս հոյակապ էր: Այդ պահից միայն մի մտածմունք ունեմ` Կինոն: Այստեղից իմ կենսագրությունը գրեթե սպառվում է:
Համլետ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԱՐԲԱԾ ՆԱՎԸ
Թատերապատկեր
Քաղաքային մի շտրիխ այն հոգիների համար, ում հասու է գեղեցիկը:
Գործող անձինք
Մի անսովոր տղա
Մի կին
Մի ուրիշ կին
Մի տղամարդ
Մի մատուցող
Մի բարմեն
Գործողության վայրը` մի բար: Բարմենի բարձր սեղանիկին հենված տղան հարբած է: Հայտնվում է 40-ն անց մի կին, կանգնում է տղայի կողքին:
ԿԻՆ — Տղաս, դու էլի հարբած ես:
ՏՂԱ — Հա, քաղցրիկս… Հիմա պապիկները կգան:
ԿԻՆ — Ո՜ւֆ, զզվելի… Եթե տեսնեիր` երեկ ում հետ էի… Ի՛նչ սիրուն տղա էր…
ՏՂԱ — Է՜, տատիկ, ախր, զարմանում եմ… Բայց կուզենայի քեզ մարգարտե պատյանի մեջ տեսնել:
ԿԻՆ — Ի՞նչ մարգարտե պատյան:
ՏՂԱ — Միջնադարում մի նկարիչ կար, Բոտիչելլին, նա Վեներային նկարել էր ծովի ալիքների վրա լողացող հսկայական խեցու մեջ` լրիվ մերկ:
ԿԻՆ — Վատ չէր:
ՏՂԱ — Վատ էր, թե ոչ, բայց զզվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է քառասունն անց կինը բացում ազդրերն ու տեղի-անտեղի պատմում այն ճուտիկներից ու պապիկներից, որոնք նրան փող են տալիս, որոնք էլ իրենց հերթին են պատմում ուրիշներին` իբր քնել են իսկական Վեներայի հետ:
ԿԻՆ — (ծիծաղում է): Չգիտեմ, թե ով է այդ Վեներան, բայց հումորդ ռոմանտիկ է:
ՏՂԱ — Ի՞նչ կխմես:
ԿԻՆ — Գարեջուր:
ՏՂԱ — (բարմենին): Մի գավաթ գարեջուր, խնդրեմ: (Կնոջը.) Բայց դու գեղեցիկ պրոֆիլ ունես:
ԿԻՆ — Չէ, ի՞նչ ես ասում, մեծ քիթ ունեմ:
ՏՂԱ — Մեծ, բայց գեղեցիկ:
ԿԻՆ — Իսկը Վեներայի քիթ:
Մտնում է 30-33 տարեկան մի տղամարդ, նստում է կնոջ կողքը:
ՏՂԱՄԱՐԴ — (Կնոջը): Բարի օր:
ԿԻՆ — (Տղամարդուն): Նստիր, հիմա կգնանք:
ՏՂԱ — Կա մի նավ… Գիտե՞ք, ինչ լավ է երբեմն հարբած լինելը:
ԲԱՐՄԵՆ — Որովհետև ուշ-ուշ ես հարբում:
ՏՂԱ — Հարբելու հաճույքն այն է, որ հաստատ գիտես` հարբած ես: Դա մի տեսակ ինքնախոստովանություն է… Երբ ինքդ քեզանից չես ամաչում…
ԿԻՆ — (կամաց քչփչում է կողքինի ականջին): Մի քիչ ցնդած է, բայց հետաքրքիր տղա է:
ՏՂԱ — Երբ կարող ես մարդկանց բնութագրել ըստ իրենց հակումների ու մասնագիտության և չսխալվել…
ԿԻՆ — (կողքինի ականջին): Հավանաբար դեղնակտուց է կամ կույս, քանի որ ամբողջ օրն ինձ խելքից դուրս կոմպլիմենտներ է անում:
ՏՂԱ — Ինչպես ասում էր Բոդլերը` պետք է միշտ հարբած լինել, սատանա՛ն տանի…
ԿԻՆ — (կողքինի ականջին): Հենց նոր ինձ ծովի ալիքներին էր դրել ու քիչ էր մնում` հիացմունքից արտասվեր:
ՏՂԱ — Ախր, ամեն ինչ այնքան պարզ է ու թափանցիկ, այնքան սովորական, այնքան աստվածային…
ԿԻՆ — (կողքինի ականջին): Հետո էլ ծաղրեց, ինչ է, թե քնում եմ ճուտիկների ու ծերուկների հետ:
Ուժգին երաժշտությունը խլացնում է նրանց ձայները: Լույսերը մարում են: Բոլորն սկսում են պարել: Տղան մնում է նստած: Նա գլուխը դնում է արմունկներին: Քիչ հետո, երբ բարձրացնում է գլուխը, ամեն ինչ փոխված է տեսնում: Կնոջը փոխարինել է մեկ ուրիշը, 40-44 տարեկան` ասես առաջինի կրկնօրինակը: Տղան պղտոր հայացքով նայում է նրան, կինը ժպտում է:
ԿԻՆ — Էլի դու հարբա՞ծ էս, անուշիկս:
ՏՂԱ — Ըհը: (Ոտքի է կանգնում🙂 Մնաս բարով: (Երգելով🙂
Տրամ-պամ-պամ,
Կա մի նավ,
Տրամ-պամ-պամ,
Որն իմ սիրած աղջկան տարավ հեռուները: (Դուրս է գալիս բարից🙂