Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / ՄԽԻԹԱՐՎԱԾ  ԽԵՆԹԸ

Բայրոնի հայկական ռոմանսը

Գեղարվեստա-փաստագրական դրամա տասը պատկերով

Գործող անձինք

Լորդ Բայրոն — բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոն

Աբբահայր — արքեպիսկոպոս Ստեփաննոս Ագոնց

Հայր Հարություն (հայր Պասկալ) — Վարդապետ Հարություն Ավգերյան

Հայր Սուքիաս — քահանա Սուքիաս Սոմալյան

Ժանդարմ սպա

Ժանդարմ զինվոր

Երկու երիտասարդ վանական

Կոմս Կվիչիոլի

Թերեզա

Վանականներ

Դեպքերը տեղի են ունենում ս. Ղազար կղզում և Վենետիկում, 1810-1820-ական թվականներին:

ՊԱՏԿԵՐ Ա

Գրադարանում դանդաղ շրջում է հ. Հարությունը՝ ծերունական տարիքն առած, ճերմակափայլ մորուքով, եկեղեցական-տոնական հանդերձով ու ձեռնափայտով: Նա ձեռքը սահեցնում է գրադարակների գրքերի վրայով, հետո վերցնում գրասեղանին դրված օրագիրը, թերթում, ապա ինչ-որ բան վերհիշելով՝ առաջանում է բեմեզր: Նրա ձայնը մի փոքր դողդոջուն է հնչում, բայց՝ պարզ ու ներշնչված:

Հ. Հարություն — Իմ երկար կյանքի մայրամուտին ուզում եմ մեկ անգամ ևս վերհիշել այն պայծառ ու երանելի, ոգեշունչ ու հուզախռով օրերը, երբ մեզ մոտ՝ Մխիթարյաններիս միաբանությունում հյուրընկալեցինք անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնին… Ինձ համար հիշողության տաղավար տոն եմ հայտարարում այսօր… այո, թող այդպես կոչվի: Շատ բան արդեն պահ եմ տվել օրագրիս, բայց ուզում եմ ձեզ համար հատուկ նկարագրել անցյալի այն ամբողջ պատկերաշարը, որ հսկայական պաննոյի պես դրված է աչքերիս դեմ՝ իբրեւ անձնական կյանքս ամփոփող ավետարանի շքեղ տիտղոսաթերթ: (Դադար:)  Նրա ստեղծագործությունները ոսկով էին կշռվում այն ժամանակ… հիմա՝ նույնպես, այո-այո: Մի կարճ ժամանակ ես եղա նրա ուսուցիչը, բայց պիտի խոստովանեմ, որ մեզ տված նրա դասերը պակաս կարևոր չէին… Նա շատ կրակոտն էր, բռնկուն ու կրքոտ, ուրախ ու աշխույժ, բայց և անհավասարակշիռ էր ու դյուրաբորբոք, նրա անսովոր շարժումները հաճախ մեր ժպիտն ու տարակուսանքն էին հարուցում… Մի խոսքով՝ խենթի մեկն էր, բայց ինչպիսի՜ հոգի ուներ, ինչպիսի՜ մեծահրաշք խելք, հանճարի դրոշմը կար նրա գեղեցկափայլ դեմքին: Նա երիտասարդության ճառագայթող մարմնացում էր, մի հրեղեն մրրկահավ, որ հայտնագործեց հավերժական թռիչքի օրենքը: (Դադար:) Ձախ ոտքից թեթևակի կաղում էր, սակայն իր մարմնական կարողություններով գերազանցում էր շատ-շատերին, անգամ՝ աժդահանների. Եվրոպայում բյուր խավարամիտներ նրան դեւ էին համարում, մինչդեռ նա Աստծո սիրելի ընտրյալն էր, քերովբե՜… (Դադար:) Ես պետք է իմ պատմությունն անեմ իմ հարազատ ու սքանչելի հայերենով, որպեսզի իմ հայ ունկնդիրների համար թյուրիմացություններ չծագեն… Բայրոնի հետ մենք առավելապես խոսում էինք անգլերենով, հաճախ՝ իտալերենով, մեկ-մեկ՝ հայերենով… Կթարգմանեմ նույնիսկ նրա բանաստեղծական այն տողերը, որ մեզ համար կարդաց ձիթենիների պուրակում: (Դադար:) Արդեն անցել է մոտ քառասուն տարի. գուցե և որոշ մանրամասներ մոռանամ դեպքերն ու նրան վերհիշելիս, գուցե և ժամանակագրության մեջ երկրորդական կարգի խճողումներ թույլ տամ, բայց գլխավորում չեմ մեղանչի՝ նրա կերպարը ձեզ կմատուցեմ անխաթար. նրա մասին իմ հոգու հիշողությունը չափազանց վառ ու հստակ է, իսկ նրա ոգու սլացքը, որի ականատեսը եղանք, պարզապես անմոռանալի է… Եվ այսպես՝ 1816 թվականի դեկտեմբերի մեկն էր… 

ՊԱՏԿԵՐ Բ

Իր առանձնասենյակում ծերունազարդ աբբահայրը, գրասեղանի առջև նստած, թղթեր է կարդում և նշումներ անում: Ներս են մտնում լ. Բայրոնը և հ. Սուքիասը: 

Հ. Սուքիաս — Աստված օգնական, աբբահայր: (Մոտենում, համբուրում է աբբահոր աջը:)

Աբբահայր — Աստված օգնական, որդիս:

Լ. Բայրոն — Իմ բարեմաղթանքները ձեզ, աբբահայր: (Խոնարհվում է նրա աջին:) Ես ձեր անկոչ հյուրն եմ:

Աբբահայր — Հյուրն Աստծունն է, որդիս… Հրամմեցեք, նստեք:

Լ. Բայրոն — Ձեր վեհափառությունը ստիպում է ինձ կանգնած մնալ. հարգանքներիս հավաստիքը:

Հ. Սուքիաս — Սրբազան հայր, լորդ Ջորջ Գորդոն Բայրոնն է, բանաստեղծ՝ Անգլիայից: Մեզ հասած տեղեկություններով՝ նա արդեն մեծ հռչակի տեր քերթող է, չնայած երիտասարդ տարիքին: Տիար լորդը մեզ այցելել է որոշակի նպատակով, մեզ համար սրտահաճո մտադրությամբ:

Աբբահայրը հարցական նայում է լ. Բայրոնին:

Լ. Բայրոն — Մեծարգո աբբահայր, կկամենայի ձեր վանքում սովորել ձեր հնագույն լեզուն, այն ինձ գրավում է խորհրդավոր հավքի պես: Ես կանխազգում և կանխատեսում եմ, որ հայերենի յուրացմամբ կգտնեմ մի նոր հոգևոր հայրենիք, որի կարիքը այնպես զգում եմ հիմա:

Աբբահայր — Դուք փրկությո՞ւն եք փնտրում, որդիս… Ձեր խոսքը մի տեսակ հալածականի շեշտ ունի:

Լ. Բայրոն — Օ՜ աբբահայր, դուք իսկական պայծառատես եք: (Դադար:) Իմ հայրենի Անգլիայում ինձ անխնա հալածել են վերջին տարիներս. լորդերն ու կառավարիչները, նրանց ծախու գրչակները, բարձրաստիճան կղերականները, փարիսեցիները և այլ սինլքորներ կամենում են ինձ կործանել որպես բանաստեղծի, քաղաքական գործչի ու քաղաքացու… Եվ ես հարկադրյալ վտարանդվեցի գիշատիչ Ալբիոնից՝ այլևս այնտեղ չվերադառնալու անսասան որոշմամբ:

Աբբահայր — Ծանր խոսքեր են, որդիս: Ինչպե՞ս կարողացաք զայրացնել անգլիական վերնախավին: Դուք ապստամբե՞լ եք…

Լ. Բայրոն — Դե ապստամբելը մի քիչ չափազանցված է իմ վարքի պարագայում, բայց, ինչպես հարկն է՝ ես մի լավ ձաղկել եմ նրանց… առայժմ խոսքով ու գրչով միայն: Ես պարզապես ազատամիտ մարդ եմ, աբբահայր, անուղղելի ազատամիտ: Դա ինձ տրված մի բացառիկ շնորհ է, որին ուզում եմ տիրություն անել ցմահ:

Հ. Սուքիաս — Բայց ավելի բացառաիկ շնորհ էլ ունի նա, սրբազան. նա մե՜ծ բանաստեղծ է: Հայր Հարությունը հաստատուն պնդում է, որ լորդ Բայրոնի մեծության քերթող այժմ մեկ ուրիշը չկա Եվրոպայում, գուցեև չկա ողջ աշխարհում:

Լ. Բայրոն – (ուրախացած): Ձեր այդ հայր… Հա-րու-թյունը (դժվարությամբ է արտաբերում) քաջատեղյակի մեկն է երևում: Հրաշալի անակնկալ է՝ այդպիսի գիտունի ներկայություն այստեղ: Հուսամ՝ ինձ կծանոթացնեք նրա հետ:

Աբբահայր — Հայր Սուքիաս, խնդրեմ՝ համեցեք մեզ մոտ հրավիրել հայր Հարությունին:

Հ. Սուքիաս — Սիրով, աբբահայր: (Դուրս է գնում:)

Աբբահայր — Լորդ, ասացեք, խնդրեմ, Ալբիոնի ձեր տեր այրերը գիտե՞ն, թե հիմա որտեղ եք գտնվում:

Լ. Բայրոն— Վստահ եմ, որ նրանք շարունակում են հետևել ինձ և տեղյակ են, թե ինչով եմ իրականում զբաղված… Ցավոք, նրանց ձեռքերը երկար են, բայց ինձ ճանկել չեն կարող, աբբահայր: Ես անճարակ ու թուլակամի մեկը չեմ, գիտեմ՝ ինչպես պաշտպանել ինձ ու իմ բարեկամներին: Ուզում եմ փափագել, որ դուք և ձեր միաբանությունը կդառնաք իմ մեծագույն ու պահանջված բարեկամը:

Աբբահայր — Դա Աստծո կամենալիքն է, որդիս:

Լ. Բայրոն — Աբբահայր, պիտի խոստովանեմ ձեզ, որ գովելի հավատացյալ չեմ և իմ գործերը Աստծո հույսին չեմ թողնում: Ես նախևառաջ հավատում ու վստահում եմ ինձ և ազնիվ ու պատվական մարդկանց: Հենց նրանց շնորհիվ են աշխարհում ավելանում բարին ու գեղեցիկը:

Աբբահայր — Բայց Աստծո սերն ու օրհնությունը ուրիշ է, որդիս: Հնարավոր չէ առանց Աստծո սիրո ու ողորմածության արարել այս աշխարհում և հաշտ լինել այլոց հետ:

Լ. Բայրոն — Ես շատերի հետ հաշտ եմ և շատերի հետ՝ անհաշտ, աբբահայր, և այդ իրավիճակների համար պատասխանատու ենք ես և այդ շատերը… Ինձ առաջնորդում է իմ ներքին ձայնը: Աստված մասնակցություն չունի մեր անձնական, հանրային ու ազգամիջյան խրթին հարաբերություններին:

Աբբահայր – (ներողամտորեն նայելով զրուցակցին): Հասկացա, դուք ազատամիտ մարդ եք, հուսամ՝ ոչ հերետիկոս:

Լ. Բայրոն — Ես ամենից առաջ բանաստեղծ եմ, աբբահայր: Իմ քայլերի մեծ մասը կատարում եմ նրա նշանի տակ, ես մշտապես ու ամենուր պոեզիա եմ փնտրում. քաղաքականության պոեզիան, պայքարի պոեզիան, սիրո պոեզիան … Մի խոսքով՝ կյանքի պոեզիայի ետևից շնչասպառ վազողի մեկն եմ:

Աբբահայր — Ուզում եմ խորհել, որ ձեզ մի օր կհամակի նաև մաքուր քրիստոնյայի հավատքի պոեզիան:

Լ. Բայրոն — Ինչու չէ: Բայց, ինչպես դուք կասեք, դա թողնենք Աստծո հայեցողությանը: (Դադար:) Աբբահայր, ես ավելի կարևոր տեղեկություն պիտի հաղորդեմ ձեզ. ինձ ձեր կղզին է բերել ճակատագրի պոեզիան: (Ներս են մտնում հ. Սուքիասը և հ. Հարությունը: Լ. Բայրոնը ուշադիր, ակնածալից հայացքով նայում է հ. Հարությունին: Նա ընդհատված խոսքը շարունակում է ավելի ոգեշունչ տոնով:) Թող խլանան ու կուրանան ճակատագրի բոլոր մունետիկները, եթե ես հորինում եմ չզգացած ու մտովի չվերապրած բաներ… Ես մեկ ժամ առաջ գոնդոլով զբոսնում էի Լագունի ծովալճակում, երբ տեսա ձեր կղզյակը. միանգամից զմայլվեցի նրա գեղեցկությամբ ու բիբլիական խաղաղավետությամբ: Իմ թիավար Տիտոն պատմեց, թե ինչ դրախտային հրաշալիք է այս վայրը: Ոտք դնելով՝ անմիջապես կամեցա լինել Հայոց կղզու՝ սուրբ Ղազարի բնակիչն ու նրա նորահայտ երգիչը: Ես ուզում եմ միանալ պատվարժան հայ վանականների միաբանությանը, սակայն՝ որպես գրող ու աշխարհիկ մարդ: Ես դա ուզում եմ անել հայ լեզուն սովորելու գնով: Արգո հայրեր, խնդրում եմ՝ օգնեք ինձ սովորելու ձեր լեզուն: (Հայր Սուքիասին.) Տեր հայր, ինչպե՞ս կոչեցիք ձեր միաբանության անունը…

Հ. Սուքիաս — Մխիթարյանների միաբանություն, լորդ Բայրոն:

Լ. Բայրոն — Այո… Մխի-թար-յան-ների… (Արտասանում է դժվարությամբ:) Ներեցեք, որ դեռևս ստուգապես չեմ արտասանում ձեր միաբանության անունը: Ուզում եմ հուսալ, որ մոտ ապագայում, երբ կսովորեմ հայերեն, սահուն կասեմ և անսխալ կգրեմ հայկական բոլոր կարևոր անվանումները:

Աբբահայր — Դա դեռ կտեսնենք… Հիմա, միլորդ, ծանոթացեք հայր Հարությունի հետ. նա հիանալի գիտե անգլերեն, իտալերեն, հունարեն…

Հ. Սուքիաս — Եվս հինգ լեզու, ընդամենը՝ ինը:

Աբբահայր — Այո, նա շատ գիտուն է, բանիմաց՝ աստվածաբանության, բանասիրության ու պատմության մարզերում: Հայր Հարությունը ցանկալի զրուցակից կարող է լինել ձեզ համար: 

Լ. Բայրոն – (փութաջան մոտենում է հ. Հարությունին, թեթևակի խոնարհվելով՝ ողջագուրվում է նրա հետ): Անչափ ուրախ եմ, հայր… Հա-րու-թյուն, ձեզ հետ ծանոթանալու համար: Մենք այնքա՜ն հետաքրքիր թեմաներ կարծարծենք:

Հ. Հարություն — Նմանապես ուրախ եմ, տիար: Ես այդպես էլ ձեզ պատկերացնում էի՝ զվարթ, հախուռն ու անկեղծ մի այր:

Լ. Բայրոն- Դուք ծանո՞թ եք իմ ստեղծագործություններին, հայր… ըմմմ… թույլ կտա՞ք, որ ձեզ միառժամանակ կոչեմ… ասենք՝ հայր Պասկալ:

Հ. Հարություն — Մի կարճ ժամանակամիջոց՝ այո, եթե խոստանաք, որ արագ կսովորեք անվանս հայերեն արտասանությունը:

Լ. Բայրոն — Պայմանավորվեցինք… հայր Պասկալ… Լսեցի, որ դուք մի չլսված բայրոնագետ եք:

Հ. Հարություն – Դեռևս նման գիտական աստիճան չունեմ, բայց կասեմ, որ կարդացել եմ ձեր բոլոր հրատարակած ստեղծագործությունները… ձեր մայրենի անգլերենով: Պիտի ասեմ, որ ձեր բանաստեղծական լեզուն հիասքանչ է: Շատ խորն եք ճանաչում մարդկային հոգու թռիչքներն ու անկումները: Դուք վեհի, պանծալիի բանաստեղծ եք:

Լ. Բայրոն – (ծիծաղում ու ծափ է զարկում): Հապա մի տեսեք՝ այս օտար մարդը ավելի շիտակ ու իմաստալից գնահատական է տալիս իմ ստեղծվածքներին, քան դա կարողանում են անել իմ անգլիացի գրադատ կոչեցյալներից շատերը, որոնք հետամուտ են՝ պիղծ ու անպիտան հռչակելու իմ տաղանդը… Նրանք ջանում են փոշիացնել իմ պոեզիան… և ամայացնել անգլիական ժամանակակից գրականությունը:

Հ. Հարություն — Միանգամայն զուր ջանքեր, լորդ Բայրոն: Դույզն իսկ մի հավատացեք, թե ձեր հակառակորդները կարող են կյանքի մեծազոր օրենքներից դուրս թողնել ձեր հրաշակերտ քերթվածները, օրինակ՝ «Ծովահենը», «Շիլիոնի կալանավորը», «Պրոմեթևսը», «Լարան», «Երազը», մյուս պոեմները. դրանք անզուգական ու մշտահունչ ստեղծագործություններ են:

Լ. Բայրոն — Շնորհակալ եմ և ոգեշնչված ձեր գնահատանքից, հայր աբբա: Դուք շատ քաջալերեցիք ինձ: Իմ հալածական հոգին կարիք ունի նման մխիթարության… Ես տեսնում եմ, որ հոգեկից ընկեր եմ գտել: (Ձեռքը դնում է հ. Հարությունի ուսին:)

Աբբահայր — Դրանում դեռ պետք է համոզվել, լորդ, երբ միասին որոշ ճանապարհ կանցնեք… Հայր Հարություն, չէի՞ք հաճի լինել մեր հյուր բանաստեղծի ուսուցիչը, նա կամենում է հայերեն սովորել…

Հ. Հարություն — Սիրով և ուրախությամբ, աբբահայր: Ինձ համար հոգու մեծ պարգև կլինի՝ դառնալ լորդ Բայրոնի ուսուցիչը: Այսպիսի մեծատաղանդ սան երբևէ չեմ ունեցել: 

Լ. Բայրոնը ուրախությունից պտտվում է տեղում, գրկում ու համբուրում հ. Հարությունին, ապա՝ աբբահորն ու հ. Սուքիասին: Այնուհետևւ պարային գեղեցիկ մի կարճ կտոր է ցուցադրում: Դա կաղ մարդու յուրահատուկ, իսկական «կաղապար» է: «Խենթ է, խենթ է այս մարդը»,- ինքնաբուխ ու կամաց արտաբերում են աբբաները:

Լ. Բայրոն – (կտրուկ դադարեցնելով պարը): Սիրելի հայրեր, ես հավիտյանս երախտապարտ կմնամ ձեզ: Բայց մի խնդրանք ևս ունեմ. թույլ տվեք բնակվել ս. Ղազարում, գոնե միառժամանակ, մինչև հայերենի դասերիս ավարտը: Ես կսովորեմ ու կբանեմ ձեզ հետ, կհետևեմ ձեր հանձնարարականներին… Հը՞, տիարք, իմ հյուրընկալ հայրեր… (Հայրերը երկմտած միմյանց են նայում, ապա՝ լ. Բայրոնին: Լռություն:) Ինչո՞ւ եք լռում… Ես վարձահատույց կլինեմ ձեզ նաև նյութապես, չէ՞ որ ես լորդ եմ, միջոցների տեր… առատաձեռն պարոն եմ, ոչ թե աղքատ ու աղերսարկու մեկը:

Հ. Հարություն — Աբբահայր, գուցե՞…

Հ. Սուքիաս — Աբբահայր, գուցե՞…

Աբբահայր – (կասկածանքով նայում է լ. Բայրոնին, հետո կշտամբալից հայացքը հառում աբբաներին: Ի վերջո կրկին ակնդետ սևեռվում է լ. Բայրոնի վրա):  Տիար Բայրոն, խնդրեմ՝ մի պահ մեզ մենակ թողեք հայրերով: Մենք պետք է խորհրդակցենք:

Լ. Բայրոն — Խնդրեմ, աբբահայր… Բայց դուք իմաստուն ու արժանի վճիռ եք կայացնելու, չէ՞… «Ինձ չմատնեք բախտի գիշանգղերի՜ն, ձեր խաչը սրտիս չդնեք»: (Երգելով դուրս է գալիս:)

Աբբահայր — Հայրեր, մենք պետք է մի լավ կշռադատենք մեր վերաբերմունքը լորդ Բայրոնի հանդեպ: Տեսնում ենք, որ նա պատահական ու երկրորդական անձ չէ. նրա հետ հակամարտության մեջ է Անգլիայի իշխող վերնախավը: Կարո՞ղ ենք մենք ապաստան տալ մեկին, ով անօրեն է հայտարարված բրիտանական կառավարիչների կողմից… Լորդ Բայրոնը քիչ առաջ իր շուրթերով մեզ հիշեցրեց, որ Ալբիոնի ձեռքերը շատ երկար են, դրանք կարող են նաև մեզ հասնել: (Դադար:)

Հ. Սուքիաս — Աբբահայր, կարծում եք, անգլիացիները մեզ կանհանգստացնե՞ն…

Աբբահայր — Համոզված եմ դրանում:

Հ. Հարություն — Աբբահայր, իսկ չե՞ք կարծում, որ մերժելով Բայրոնին ապաստան տալը, մենք նրա աչքին անհյուրընկալ ու ավելորդ զգուշավոր կերևանք, եթե չասեմ՝ վախկոտ… ինչ է թե՝ Ալբիոնը կարող է զայրանալ մեզ վրա…

Աբբահայր — Միաբանությանս շահերն են թելադրում, որ մենք զգուշավոր լինենք: Եվ թող Բայրոնն ինքը պատասխանատու լինի իր կարծիքի ու տպավորությունների համար:

Հ. Սուքիաս — Աբբահայր, զգում եմ, որ մենք ունենք բարեպատեհ առիթ՝ նշանավոր ու բարեհաճ բանաստեղծի միջոցով բարձրացնելու մեր հեղինակությունն ու անունը եվրոպացիների աչքին:

Աբբահայր — Մենք պատրանքներով չենք կարող առաջնորդվել, հայր Սուքիաս: (Դադար:) Մենք այս նուրբ ու խրթին իրավիճակում պարտավոր ենք ընտրել… ոսկե միջինի ուղին՝ լինել բարեկիրթ ու հյուրասեր, ինչպես վայել է մեր ազգին ու քրիստոնեական ոգուն, այլև՝ լինել զգուշավոր ու հեռատես՝ օտար եզերքում օտարական բիրտ ու անակնկալ հարվածներից խույս տալու համար: Համաձա՞յն եք, հայրեր…

Հ. Հարություն — Համամիտ եմ ձեզ հետ, աբբահայր:

Հ. Սուքիաս — Համաձայն եմ:

Աբբահայր — Ուրեմն՝ ներս հրավիրենք մեր հյուրին և հայտնենք մեր վճիռը:

Հ. Սուքիասը դուրս է գնում և արագ վերադառնում լ. Բայրոնի հետ:

Լ. Բայրոն — Ես խոնարհաբար կլսեմ ձեր վճիռը: Հուսամ, ինձ չեք վտարի ձեր դրախտից՝ որպես վտանգավոր մեղսավորի ու վերջին թափառականի…

Աբբահայր — Տիար, մենք հայրերով անկեղծ խորհուրդ արինք ու վճռեցինք հետևյալը. դուք վանքում հայերենի դասեր կառնեք հայր Հարությունից, որքան ժամանակով որ կամենաք: Բայց սուրբ Ղազարում գիշերելու, իմա՝ լիովին հանգրվանելու արտոնություն ձեզ չենք տալիս… իրավիճակի հրամայականով: Դուք Վենետիկում ապահով կացարան ունե՞ք, լորդ…

Լ. Բայրոն — Այո, աբբահայր, չեմ դժգոհում, վենետիկյան կացարանս հարմարավետ է, բայց կգերադասեի փոխադրվել ձեր միաբանության աշխարհը… թեև տեսնում եմ՝ դուք արդեն վճռել եք մերժել ինձ այդ հարցում:

Աբբահայր — Լորդ Բայրոն, ձեզ մերժում ենք սոսկ բնակության հարցում, և հավատացեք՝ խիստ հիմնավոր պատճառներով: Ս. Ղազարի վանքը ձեզ համար չի կարող լինել գիշերային օթևան, բայց կարող է լինել լավ ուսումնարան ցերեկվա ողջ ժամերին:

Լ. Բայրոն(մի պահ մտորելով, ապա՝ զվարթ ձայնով): Լիովին համաձայն եմ ձեզ հետ, արգո հայրեր: Եվ երախտապարտ եմ ձեզ՝ ինձ մատուցվող ընծայական հնարավորության համար: Ամեն օր առավոտյան այստեղ կգամ՝ հայերեն պարապելու հայր Պասկալի հետ, երեկոյան կողմ կվերադառնամ Վենետիկ:

Աբբահայր — Շատ լավ, լորդ: Հայր Հարությունը ցույց կտա ձեր պարապմունքների սենյակը և կտեղեկացնի ուսուցման կարգի ու ժամանակացույցի մասին: Գնացեք մեր հայրերի հետ, նախ, մի փոքր հանգիստ առեք ու հյուրասիրվեք ճաշով, ապա անցեք գործի: Թող ձեզ պահապան լինեն Աստված… և մեր հավերժախոս հայերենը:

Լ. Բայրոն — Շնորհակալություն, աբբահայր: Դուք իմաստուն մարդ եք, երևի մի օր անդրադառնամ ձեր լուսաճաճանչ կերպարին իմ ստեղծագործություններից մեկում… Ցտեսություն:

Աբբահայր(մեղմ հանդիմանանքով): Գնացեք, գնացեք… Եթե փնովանքի էլ չարժանանամ ձեր կողմից, դարձյալ գոհ կմնամ:

Լ. Բայրոնը, հ. Հարությունը և հ. Սուքիասը ծիծաղելով դուրս են գնում:

ՊԱՏԿԵՐ Գ

Համեստ ու կոկիկ գրադարան. հ. Հարությունը և լ. Բայրոնը շրջում են գրապահարանների առջևով և զրուցում:

Հ. Հարություն — Սա մեր Գրչագրաց մատենադարանն է, կամ, ինչպես մենք ենք հաճախ ասում՝ փոքր գրադարանը: Այստեղ էլ ձեզ հետ կպարապեմ: Հայերենից բացի, լորդ Բայրոն, ձեզ կուսուցանեմ նաև հայոց պատմություն և մշակույթ, եթե, իհարկե, ցանկություն ունեք խորամուխ լինելու այդ գիտությունների մեջ:

Լ. Բայրոն – Ցանկությո՞ւն… ի՞նչ եք ասում, հայր Պասկալ, ես ուղղակի տենչում եմ յուրացնել հայերի հետ կապված բոլոր կարևոր գիտելիքները: Դուք ինձ համար մի նոր Քեմբրիջ բացեք այստեղ, ես միայն պարտական կլինեմ ձեզ: (Զարմանքով ու հիացական նայելով գրապահարանների գրքերին:) Այս բոլոր գրքերը հայերե՞ն են, հայր Պասկալ…

Հ. Հարություն — Մեծամասնությունը հայերեն են՝ և տպագիր, և ձեռագիր, կան նաև օտար լեզուներով գրքեր՝ հունարեն, լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն…

Լ. Բայրոն — Գլխավորապես աստվածաբանակա՞ն գրքեր են…

Հ. Հարություն — Ոչ, լորդ, մեր գրապահոցներում շատ կան նաև պատմական, մշակութաբանական մատյաններ, դրանց մի մասը բացառիկ են, պահվում են միայն մեզ մոտ:

Լ. Բայրոն — Պիտի հետո աղաչեմ ձեզ, որ ծանոթացնեք ձեր բացառիկ գանձերի հետ, խոստանում եմ դրանք չթռցնել:

Հ. Հարություն – (խստացնելով ձայնը): Թույլ չենք տա, լորդ, մենք ուժեղ ենք վերահսկում մեր գրապահոցները… Հա, պիտի ասեմ նաև, որ մեզ մոտ պահվող տպագիր գրքերի մեծ մասը հրատարակել ենք այստեղ՝ միաբանության տպարանում:

Լ. Բայրոն — Դուք նաև տպարա՞ն ունեք…

Հ. Հարություն — Այո, և մերն իր կարողություններով բնավ չի զիջում Եվրոպայի լավագույն տպարաններին:

Լ. Բայրոն — Հիացած եմ, Տեր հայր: (Վերցնում է առանձին գրքեր, հապճեպ զննում:) Այո, բարձրակարգ տպագրություն է… Հայաստանո՞ւմ էլ կան արդիական տպարաններ:

Հ. Հարություն – Դեռևս ոչ, լորդ:

Լ. Բայրոն — Ցավալի է… Ես դեռ չեմ եղել Հայաստանում, հուսով եմ՝ մի օր կգնամ այդ բիբլիական ու առեղծվածային երկիրը: Կգնամ ձեր և մյուս վանականների ուղեկցությամբ, կգնանք մե՜ծ առաքելությամբ:

Հ. Հարություն — Ի՞նչ առաքելությամբ, լորդ Բայրոն…

Լ. Բայրոն — Որ ազատագրենք ձեր երկիրը օտար բռնակալներից: Կարո՞ղ է, արդյոք, դրանից առավել վեհ ու ազգանվեր առաքելություն լինել…

Հ. Հարություն(կասկածով նայում է զրուցակցին, ապա մտախոհ, ասես ներամփոփվելով իր մեջ՝ արձագանքում): Երազանքնե՜ր, երազանքնե՜ր… Ձեզ համար՝ բանաստեղծական երազանքներ… Մենք թեև հավատավոր ժողովուրդ ենք, բայց գիտենք, թե որքան անասելի ծանր է անգամ Աստծո օրնությամբ կյանքի կոչել մեր անթառամ բաղձանքները: (Դադար:) Լորդ, երևում է, դուք որոշ բաներ գիտեք հայերի ու Հայաստանի մասին, և կարծում եմ, այնքան էլ պատահականորեն չեք հայտնվել մեր կղզում: Ճշմարի՞տ է…

Լ. Բայրոն — Հայր Պասկալ, պատահականությունները հաճախ մեծ դեր են խաղում իմ կյանքում, այս դեպքում էլ առկա է պատահականության տարրը… Բայց ինձ թվում է՝ ներքին մղումով եմ հասել այս բարեպատեհությանը: Ես քիչ, կցկտուր տեղեկություններ ունեմ հայերի մասին, ընդամենը այն, որ հայերը հին ու փոքրաթիվ քրիստոնյա ազգ են և վաղուց տառապում են թուրք ու պարսիկ բռնակալների ճնշումների տակ: Եվ նրանք շատ վտարանդիներ ունեն աշխարհի տարբեր անկյուններում: Բայց դեռ կենդանի է ձեր երկիրը և սպասում է իր վերածնությանը, իր ազատ արշալույսներին…

Հ. Հարություն — Այո, դուք կարևորի մասին տեղեկացված եք: Իսկ ի՞նչ գրքերից եք քաղել ձեր տեղեկությունները:

Լ. Բայրոն — Չէի ասի, թե մինչ օրս շատ բան եմ կարդացել հայկական թեմայով, հիմնականում բանավոր-թռուցիկ պատումներ եմ լսել զանազան մարդկանցից: Հայերի մասին առաջին հիշատակությանը հանդիպել եմ Շիլլերի «Ոգետեսը» վեպում, որի գլխավոր հերոսը հայ է… Այդ օրվանից հետաքրքրված եմ ձեզնով:

Հ. Հարություն — Եվ դուք անմռունչ եկել եք ձեր հետաքրքրության ետևից:

Լ. Բայրոն — Միանգամայն ճիշտ եք, աբբա: Երբ գոնդոլավար Տիտոն հայտնեց, որ այս կղզում հայ վանականների միաբանություն է հիմնված, վայրկենապես անզուսպ փափագ զգացի՝ աղերսվել ձեզ հետ, շոշափել ձեր ազգային էությունը, տեսնել, թե իրականում ինչ մարդիկ են այս հայերը, ինչով են նրանք խորհրդավոր ու յուրահատուկ: (Դադար:)

Հ. Հարություն — Լորդ Բայրոն, խնդրում եմ, ասեք ամենայն անկեղծությամբ. սոսկ այդ դրդապատճառներո՞վ եք մեզ հետ հարաբերվել կամենում, թե՞ կան այլ շարժառիթներ ևս… դե ասենք՝ ինչ-որ հատուկ հանձնառություն, կամ ասենք՝ կնոջ, իմա՝ սիրո խնդիր կա, հը՞… Գուցե Վենետիկում գեղեցիկ, հպարտ ու երիտասարդ հայուհու եք հանդիպել և հիմա ուզում եք նրա սիրտը շահել նրա իսկ մայրենի բարբառով… և եկել եք արագորեն սովորելու հայերեն մի քանի նախադասություն… սիրային բովանդակությամբ…

Լ. Բայրոն(ծիծաղում է, գլուխը բացասաբար շարժում): Օ՜, ինչ փայլուն երևակայություն ունեք, հայր Պասկալ… Ոչ-ոչ, ինչ որ հիշատակեցիք՝ ոչ մի առնչություն չունեն ինձ հետ: Ես ինքնագլուխ ու ինքնասածի մարդ եմ, աբբա: Բայց կգերադասեի, որ գեղեցիկ հայուհու մասին ձեր վարկածը իրական լիներ: (Դադար:)  Իմ նախորդ պարզաբանումներին, աբբա, կավելացնեմ միայն հետևյալը. ես խորը ընկճախտի ու հուսաբեկության մեջ եմ, ինձ հոռի մտքերը հանգիստ չեն տալիս… Անգլիայում դատապարտեցին ինձ և խլեցին ընտանիքս՝ կնոջս ու դստերս, ինչ է, թե իմ վարքը նրանց կեղծավորության շրջանակում համատեղելի չէ… Ինձ նաև կամենում են ոչնչացնել իմ ճառերի համար, որոնցով լորդերի պալատում դիմակազերծել եմ անգլիացի կեղեքիչներին ու գաղութարարներին… Չլսված բան է, աբբա, նրանք անգամ չեն խնայում սեփական աշխատավոր մարդկանց. եթե իմանայիք, թե ինչ օրն են գցել մեր խեղճ ջուլհակներին… Ես մի մեծ փուշ եմ՝ մեծապատիվ, իրականում՝ զազիր ու ընչաքաղց Ալբիոնի կոկորդում խրված: Եվ ես հիմա հալածյալ եմ, հայր… Հա-րու-թյուն… Ես միայնակ մի բանաստեղծ եմ, որին հոշոտել կամեցողների թիվը մեծ է ոչ միայն Բրիտանիայում: (Դադար, ապա տխուր արտասանում է).

Արդ, մենակ եմ ես աշխարհում ու տխրադեմ.

Լայն ու արձակ ծովի վրա հավետ անմար,

Ուրիշների համար ինչո՞ւ արցունք թափեմ,

Երբ ոչ մի մարդ չի հառաչում կյանքիս համար…

Երեկ տեսա մի փորագրություն ձեր կղզու ժայռի վրա. «Ով մենություն՝ միակ երջանկություն». հավերժական ու դառը ճշմարտություն է: Ինձ ներկայումս պետք է մի ահռելի ու գեղեցիկ հափշտակություն, մի զորավոր հրապուրանք, մի չնաշխարհիկ հոգեզմայլանք, որով կարողանամ մեղմել իմ սուրսայր ու դառնաղետ մտքերը և մի փոքր հանգստություն տալ իմ միայնակ հոգուն:

Հ. Հարություն — Դուք չափազանց դառնացած ու վիրավորված եք… և հիմա փրկության կղզի եք երազում:

Լ. Բայրոն — Ճշմարի՜տ, ճշմարի՜տ, Տեր հայր… Ես այսօր ներըմբռնեցի, որ ցանկալի հոգեզմայլանքի դերը փայլուն կարող են կատարել հայկականության հետ կառուցելիք իմ հարաբերությունները… Թույլ տվեք, հայր Պասկալ, իմ հոգու ու մտքի բոլոր ելևեջումներով աղերսվել ձեզ հետ և վերածնվել յուրովի: Եթե ոչ, ապա հենց հիմա վտարեք ինձ ձեր կղզյակից՝ որպես մի եսասեր արարածի, որպես մի չարքի, որը խռովել է կամենում ձեր դժվար վաստակած անդորրը: (Մոտենում, խոնարաբար գլուխը հակում է հ. Հարությունի առաջ:)

Հ. Հարություն — Բարձրացրու գլուխդ, մի կորցրու արիությունդ, որդիս: (Մի փոքր պաշտոնական ձայնով:) Ձեզ ոչ ոք վտարելու միտք չունի, ես՝ առավելս: Դուք մեր թանկագին հյուրն եք, և ձեզ կշրջապատենք սիրով ու հոգատարությամբ: (Մտերմաբար:) Ես և հայր Սուքիասը կլինենք ձեր պահապան հրեշտակները… Դուք Անգլիայի մեծագույն բանաստեղծն եք, և մի՞թե երջանկություն չէ՝ պատվել ու փայփայել իսկական քերթողին… (Դադար:) Մի նոր փափագ ծնվեց հոգուս մեջ…

Լ. Բայրոն — Ի՞նչ փափագ, հայր Պասկալ…

Հ. Հարություն — Կուզենայի, որ ապագայում, երբ հայերենը լավ յուրացրած լինեք, դառնայիք նաև մեր՝ հայերիս բանաստեղծը… բանաստեղծություններ երկնեիք նաև մեր ոսկեղենիկ հայերենով:

Լ. Բայրոն — Թող դա լինի նաև իմ երազանքներից մեկը, աբբա: Իսկ որպեսզի դա իրականանա, պետք է նպատակասլաց ջանք թափի իմ ուսուցիչը՝ դուք, հայր… Հա-րու-թյուն, որպեսզի լավ տիրապետեմ հայերենին, այնքան, որ նրանով բանաստեղծություն գրելու ցանկություն ծնվի իմ մեջ: Իսկ մինչ այդ պիտի կարդամ հայ բանաստեղծության ընտիր հատվածները ձեր բացատրություններով:

Հ. Հարություն — Նպատակասլացություն խոստանում եմ իմ կողմից, բանաստեղծ: Սակայն նկատի ունեցեք ի սկզբանե, որ ամենաշնորհալի ուսուցիչն անգամ անզոր է լավագույնս ուսուցանել ապաշնորհ ու ծույլ աշակերտին:

Լ. Բայրոն — Ես ժրաջան ու շնորհաշատ աշակերտ կլինեմ: (Կատակով ու զվարթ:) Պատրաստեք ձեր պատվոգրե՜րը, միաբան հայրեր…

Հ. Հարություն(ժպտալով): Տաղանդավոր բանաստեղծ լինելը դեռ չի նշանակում նաև տաղանդավոր աշակերտ լինել օտար լեզվի յուրացման գործում: Լորդ, պիտի ձեզ նախապես զգուշացնեմ, որ հայոց լեզուն դժվարագյուտ բարբառ է, շատերը լուրջ բարդություններ են ունենում այն սովորելու ընթացքում:

Լ. Բայրոն — Եռանդ չեմ խնայի, որպեսզի ձեր շնորհիվ առաջիկա ամիսներին խոսեմ ու գրեմ հայերեն:

Հ. Հարություն — Տա Աստված: Եվ դուք պետք է ապացուցեք, որ օժտված եք նաև լեզվաընկալունակությամբ, ավելին՝ հայերենի լեզվազգացողությամբ պետք է աչքի ընկնել: Ես կջանամ այդ ջիղը հայտնաբերել ձեր մեջ… Եթե ձախողվեք հայերենում, դա մեծ դժբախտություն չհամարեք, լորդ, քանզի կրկնեմ՝ հայերենը բավականաչափ դժվարագյուտ լեզու է, նրա առջև հաճախ ընկրկում են կիրթ ու ուսումնատենչ շատ օտարազգիներ:

Լ. Բայրոն — Ես ընկրկողներից չեմ, հայր Պասկալ, կձգտեմ բացառիկ լինել այդ պատվախնդիր գործում:

Հ. Հարություն — Դրանով մեծ բավականություն և ուրախություն պատճառած կլինեք մեզ: Այս թեման ուզում եմ եզրափակել մի զվարճալի ու ուսանելի պատմությամբ… Չորս տարի առաջ ֆրանսիացիներն այստեղ հիմնեցին հայագիտական ամբիոն. քսան աշակերտ անդամագրվեցին ուսումնառությանը՝ լի ազնիվ եռանդով, պայծառ երիտասարդությամբ ու անզուգական ճարտարությամբ: Իրենց ազգին ու աշխարհակալ հաղթությանն արժանի քաջությամբ… նրանք դիմակայեցին ընդամենը… չորս օր, մինչև որ նրանցից տասնհինգը ուժասպառ ընկան հայոց այբուբենի քսանվեցերորդ տառի վրա… Դա այբուբենի մի իսկական Վաթեռլո էր նրանց համար:

Լ. Բայրոն(ծիծաղելով): Դա այնքա՜ն բնորոշ է ֆրանսիացիներին, աբբա. այբուբենի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին իրենց թագավորների հետ՝ լքել և մեկին, և մյուսին: Իսկը նրանց համար է ասված հին առակը. «Վերցրու մի բան, և տուր մի բան: Վերցրու արքա և տուր արքա»:

Հ. Հարություն(ժպտում է):  Ուրեմն ձեր անգլիական ավյունով պատրա՞ստ եք հանուն հայոց այբուբենի ձեր Վաթեռլոն շահել…

Լ. Բայրոն — Անշուշտ, հայր Պասկալ, անշուշտ: Ես այդ ճակատամարտը կավարտեմ հաղթությամբ:

Հ. Հարություն — Բարի, Աստված մեզ օգնական:

Լ. Բայրոն(մեկուսանալով, ցածրաձայն, խոսելով աներևույթ զրուցակցի հետ): Իսկ եթե կարողություններս չներեն և ինձ անմատչելի մնա հայերենը, չնայած աբբայի գործադրած ջանքերին, ի՞նչ երեսով պիտի նայեմ ուսուցչիս, աբբահորը, հայր Սուքիասին, մյուս վանականներին… Չէ, պետք է ասպետական երդում տալ, որ հաջողությամբ կպսակեմ այս արկածախնդրությունը: (Դադար:) Ինքս ինձ հետ ուխտ եմ կնքում, որ չեմ պարտվի հայերենի յուրացման պայքարում, և այդ պայքարում… (Արդեն բարձրաձայն, արձագանքելով հ. Հարությունին:) Թող մեզ ապավեն լինեն մեր նախնյաց գիտուն ոգիները:

ՊԱՏԿԵՐ Դ

Աբբահայրն իր առանձնասենյակում ցածրաձայն աղոթում է Աստվածամոր սրբապատկերի առջև: Շփոթահար ու փութաջան ներս է մտնում հ. Սուքիասը:

Հ. Սուքիաս — Ներեցեք, աբբահայր… (Աբբահայրը չի լսում, շարունակում է աղոթել:) Աբբահայր… ներեցեք…

Աբբահայր(դանդաղ շրջվում է, զարմացած նայում եկվորին): Ի՞նչ կա, հայր Սուքիաս, տագնապած դեմք ունես…

Հ. Սուքիաս — Աբբահայր, մեր կղզին ու վանքը խուզարկում են:

Աբբահայր – Խուզարկո՞ւմ են… ովքե՞ր, ինչո՞ւ…

Հ. Սուքիաս — Վենետիկի ժանդարմներն են, զենք են փնտրում այստեղ:

Աբբահայր — Զե՞նք, ի՞նչ զենք…

Հ. Սուքիաս — Չգիտեմ, սրբազան: Խուզարկու ջոկատի հրամանատարն ինձ թռուցիկ ասաց միայն, որ ենթադրում են՝ իբր սուրբ Ղազարում զենք է դիզվում:

Աբբահայր — Սուբ Ղազարում զե՞նք է դիզվում… Տեր Աստված, ի՞նչ բանդագուշանք է… (Դադար:) Այդ խուզարկու հրամանատարին կանչիր ինձ մոտ:

Հ. Սուքիաս — Հիմա: (Շտապ դուրս է գնում:)

Աբբահայր — Ո՞ր սատանի մտքով է անցել մեր այս անմեղ ու փոքրիկ կղզին զինանոց դարձնել… Թե՞ դա մի ստուգիչ քայլ է՝ տեսնելու, թե ինչ կեցվածք ունենք Իտալիայում կատարվող դեպքերի վերաբերյալ Կամ սա մի չար կատակ է… Կամ մենք կասկածյալների ու անվստահելիների մեջ ենք՝ Վենետիկի ավստրահաճո կառավարության աչքին… Իսկ եթե, այնուհանդերձ, մեկնումեկի խելքին փչել է զենք թաքցնել մեր կղզում… Բայց ո՞վ կարող է լինել այդ հանդուգն սրիկան, ո՞վ է փորձում վտանգել մեր խաղաղ ու անշառ գոյությունը, վնասել մեր բարի համբավը… Ո՞վ է մտադիր մեզ փորձության տանել… (Կանգնում, մտորում, հանկարծ հոնքերը վեր է տանում:) Էդ անգլիացի՞ն… Չէի ուզենա հավատալ:

Ներս է մտնում հ. Սուքիասը՝ ուղեկցելով ժանդարմ սպային: Վերջինս թեթև գլուխ է տալիս աբբահորը:

Հ. Սուքիաս — Աբբահայր, ահա խուզարկուների գլխավորը, պարոն… ըմմմ…

Ժանդարմ սպա — Պարոն Պաոլո Կացինի՝ ինքս: Աբբահայր, ներողամիտ եղեք մեր անակնկալ ներխուժման համար, հրաման է:

Աբբահայր — Հրամա՞ն…  Ի՞նչ հրաման, ումի՞ց…

Ժանդարմ սպա(խոսելու ընթացքում քայլում, խուզարկու աչքով զննում է սենյակը): Դե, հրամանները միշտ գալիս են վերևներից… Մենք ծանրակշիռ կասկած ունենք, որ ձեր այցելուներից մեկը, հնարավոր է, զենք է պահեստավորում ձեր վանքում, մտածելով, որ այս վայրը ժանդարմերիայի տեսդաշտից դուրս է:

Աբբահայր — Մեր ո՞ր այցելուի մասին է խոսքը, պարոն, ամեն օր այստեղ շատ այցելուներ ենք ունենում:

Ժանադարմ սպա — Այդ տիպը շատ առանձնահատուկ այցելու է, և դեռ մեզ հայտնի չէ, թե նա ինչու է իր հիմար ծրագրերի համար միջոց ընտրել նաև ձեր կղզին:

Աբբահայր – Ո՞ւմ նկատի ունեք, պարոն:

Ժանդարմ սպա — Անգլիացի լորդին, աբբահայր… Նրան, ով արդեն մի ամիս ամեն օր գալիս է ձեր վանքը:

Աբբահայր — Ուրեմն ձեր կասկածը լորդ Բայրոնի վրա՞ է… (Տարակուսանքով նայում է ժանդարմին, ապա՝ հ. Սուքիասին:)

Հ. Սուքիաս — Գիտցեք, պարոն ժանդարմ, որ լորդ Բայրոնը մեծ բանաստեղծ է և անվիճելի մարդասեր, միանգամայն անկեղծ ու ազնիվ մարդ. նա մեր բարեկամն է ու մեր կղզում երբեք չի կատարի մեզ համար անցանկալի ու անհաճո քայլեր:

Ժանդարմ սպա — Իսկ գուցե՞ դա ցանկալի ու հաճելի է ձեզ… Իսկ գուցե՞ նա զենքն այստեղ թաքցնում է ձեր գիտությամբ ու համաձայնությամբ…

Աբբահայր – (խիստ ձայնով): Ժանդարմ, ձեզ հաշիվ տվեք ձեր խոսքերի համար, դուք շատ հեռուն գնացիք: Ձեր մութ կասկածները մի փռեք մեզ վրա: Ստիպված եմ իրազեկել ձեզ, որ Մխիթարյանների միաբանությունը իր հիմնադրման օրվանից ի վեր զբաղված է բացառապես եկեղեցական-գիտական գործերով. մեր հիմնարկի կարգավիճակը վավերացված է Նապոլեոն կայսեր ձեռամբ: Մենք երբևէ չենք խառնվել ու չենք խառնվում հասարակական-քաղաքական խմորումներին: Եթե անգամ ովևէ մեկը, լինի դա լորդ, կառավարիչ, զինվորական, թե գոնդոլավար, ինչ-որ անօրենություն կատարի այստեղ, ապա, նախևառաջ, մենք կդատապարտենք նրան, ապա կհանձնենք իշխանություններին: Իսկ եթե մեկնումեկը չար կատակ է խաղում մեզ հետ, ապա, պարոն, մենք ևս շահագրգռած ենք, որ նա հայտնաբերվի ու պատժվի: Այդ հարցում մենք համախոհներ ենք:

Ժանդարմ սպա — Հարգարժան աբբաներ, ձեզ հայտնի՞ է, որ լորդ Բայրոնը ներգրավված է Իտալիայի կարբոնարիստական շարժման մեջ:

Աբբահայր — Ոչ: (Հարցական նայում է հ. Սուքիասին:)

Հ. Սուքիաս — Ոչ, մեզ հայտնի չէ նման տեղեկություն: (Թաքցնում է հայացքը, որպեսզի ժանդարմը չտեսնի իր դեմքին գծագրված ժպիտը:)

Ժանդարմ սպա — Ուրեմն՝ իրազեկվեք, աբբաներ, որ անգլիացի լորդը ոչ միայն կարբոնարիստների գաղափարակիցն է, այլև սեփական միջոցներով զինում է նրանց, որպեսզի նրանք զինված ապստամբություն բարձրացնեն և Իտալիան ազատագրեն Ավստրո-Հունգարիայի տիրապետությունից: Հա-հա՜… 

Հ. Սուքիաս(պոռթկուն ու ուրախ): Հիանալի՜… 

Ժանդարմ սպա — Ի՞նչ…

Աբբահայր – (կանխելով հ. Սուքիասին): Նա ուզում է ասել՝ հիանալի է, որ այդ մասին ժամանակին իրազեկում եք մեզ: Մենք կարևորում ենք ձեր փոխանցած տեղեկությունը, պարոն ժանդարմ:

Ժանդարմ սպա – (կասկածանքով նայելով հ. Սուքիասին, ապա աբբահորը): Հիանալի՛… ասում եք…

Փութով ներս է մտնում ժանդարմ զինվորը, պատիվ տալիս սպային, ապա թեթևակի գլուխը հակում աբբաների կողմ:

Ժանդարմ զինվոր — Պարոն, թույլ տվեք զեկուցել՝ խուզարկությունն ավարտեցինք:

Ժանդարմ սպա — Եվ ի՞նչ…

Ժանդարմ զինվոր — Ոչինչ, պարոն, ոչինչ, կղզին մաքուր է:

Աբբահայր(ուրախացած): Տեսնո՞ւմ եք, սպա, մեր այցելուները պարկեշտ ու հավատացյալ մարդիկ են, նրանք անօրեն քայլեր չեն կատարում այստեղ:

Հ.Սուքիաս – (խորհրդավոր տոնով): Ավելին՝ մենք հպարտանում ենք մեր այցելուներով և աղոթում նրանց կյանքի ապահովության համար:

Ժանդարմ սպա(մեկ անգամ ևս խուզարկու հայացքով զննելով սենյակը): Դե, հարգարժան աբբաներ, կրկին ներողամիտ եղեք մեր հանկարծակի այցի համար. բոլոր կասկածները չէ, որ հաստատվում են… ինչ արած: Մենք կատարում ենք մեր պարտականությունները, որ չխաթարվի մեր երկրի խաղաղ կյանքը: Համենայնդեպս, ես նույնպես ուրախ եմ, որ դուք մասնակից չեք ինչ-որ դավադրության… Հաջողություն ձեզ, աբբաներ: Հուսամ՝ մեզ համար ևս կաղոթեք:

Աբբահայր — Հաջողություն և ձեզ: Թող Աստված բարին կատարի:

Ժանդարմները դուրս են գնում:

Հ. Սուքիաս(ժանդարմների ետևից ցույց է տալիս ծալված աջ բազուկը): Առ, հա, կաղոթենք ձեզ համար. բա ի՜նչ…

Աբբահայր(կշտամբանքով): Հայր Սուքիաս, մի՞թե չես կարող քեզ ավելի զուսպ պահել… «հիանալի», «առ հա»… Դու կրակի հետ ես խաղում: Զուսպ ու զգուշավոր եղիր, որդիս, մենք դժվար ու սայթաքուն ժամանակներում ենք գոյատևում… Թեպետ հարյուր տարի է արդեն, ինչ մեր միաբանությունը գործում է այստեղ, նրանց համար մնացել ենք նույն օտարները, և տեղիս տիրակալների հարվածը մեզ վրա սովորականից առավել բիրտ ու ցավոտ է լինելու: (Դադար:) Հայր Սուքիաս, հիմա մենակ ենք, ասա ինձ անկեղծորեն՝ լորդ Բայրոնը կարո՞ղ է մեզ փորձության ենթարկել… անխոհեմ ու անհեռատես ինչ-ինչ արարքներով:

Հ. Սուքիաս — Ոչ, սրբազան, ոչ: Ասում եմ՝ լիովին հավատալով նրան, ոչ: Նա ասես լուսապսակով մարդ լինի, նա խորզգա նվիրյալ է, նա երբևէ մեր հանդեպ գեշ արարք չի գործի: Նրա հոգու պոեզիան բնավ թույլ չի տա, որ հայտնվի ճղճիմ իրադրություններում, վարկաբեկելով նաև այլոց… Դե, կանանց հետ կապված պատմությունները մի կողմ, դրանք զուտ այրական չարաճճիություններ են:

Շեմին աննկատ հայտնվում է հ. Հարությունը:

Աբբահայր — Իսկ ի՞նչ կասի հայր Հարությունը, նա պետք է որ ավելի լավ ճանաչած լինի լորդին, չէ՞ որ նրա ուսուցիչն է և ամեն օր երկարաժամ շփումներ է ունենում իր տարօրինակ սանի հետ:

Հ. Հարությունը առաջանում է դեպի աբբահայրն ու հ. Սուքիասը:

Հ. Հարություն — Պիտի խոստովանիմ, աբբահայր, որ լորդ Բայրոնը շարքային տարօրինակ մարդ չէ, այլ մի վսեմ ու հանճարեղ խենթ. նա ունակ է միայն վեհ ու արտակարգ գործերի: Նա բանաստեղծ է ոչ միայն գրական ասպարեզում, այլև կյանքում է բանաստեղծ, պոետ՝ ինչպես ասում են եվրոպացիք: Իսկ պոետները երբեք չեն դավաճանում իրենց լուսեղեն մուսաներին, եթե անգամ նրանք երբեմն չեն ներշնչում հիասքանչ պոետական գործեր… Մենք՝ մեր միաբանությունը, մեր փոքրիկ սուրբ Ղազարը լուսեղեն մուսա ենք հիմա բանաստեղծ Բայրոնի համար: Նա մեզ երբեք չի մատնի փորձության, գուցե ավելի շուտ պատրաստ լինի գնալ զոհողության վասն իր սիրելիների: Մենք նրա սիրելի հայերն ենք:

Աբբահայրը հոգոց է հանում և նայում հայրերին: Նրա ծերունական ու վեհաշուք դեմքին խոր տրտմություն է դրոշմվել: 

Հ. Սուքիաս — Եղբայր Հարություն, հիանալի ու ճշմարիտ խոսեցիք: Աստված թող կորով տա ձեր մեծ սրտին և զորություն՝ ձեր ճարտար լեզվին:

Աբբահայր(ասես վերգտնելով իրեն): Լավ, հիմա որոշենք մեր անելիքը… Հայր Հարություն, որտե՞ղ է Բայրոնը:

Հ. Հարություն — Ժամ առաջ վերադարձավ Վենետիկ. շատ ոգևորված էր, ասաց, որ կարևոր հանդիպում ունի իտալացի ընկերների հետ, պիտի մի քիչ շուտ գնա, որ նախապատրաստվի այդ հանդիպմանը:

Աբբահայր — Իսկ չասա՞ց, թե ինչ հարցեր է քննարկելու իտալացի… կարբոնարիստների հետ:

Հ. Հարություն — Ոչ, աբբահայր: Նա ինձ հետ քաղաքական հարցերից չի խոսում, նրբանկատորեն ձեռնպահ է մնում նման թեմաներից:

Հ. Սուքիաս(կատակով): Կանանցի՞ց էլ չի խոսում, եղբայր Հարություն…

Աբբահայր — Սուքիաս, ասացի՝ զուսպ պահիր քեզ: (Խստահայաց նայում է հ. Սուքիասին: Դադար:) Լավ, բարի… Ուրեմն՝ ինչպե՞ս ենք վարվում լորդ Բայրոնի առնչությամբ… (Դադար:) Ավելի հոգատար ու ուշադիր եղեք նրա նկատմամբ, հայրեր, այնպես, որ իրեն հիանալի զգա մեր կղզյակում: Խնդրանքս փոխանցեք մյուս վանականներին ևս:

Հ. Սուքիաս — Հիանալի՜, աբբահայր, հիանալի՜… (Ձեռքերը հաղթական վեր է բարձրացնում:)

Հ. Հարություն — Շնորհակալ եմ, սրբազան: Ձեր խնդրանքը կկատարվի ճշտորեն:

Հ. Հարությունը և հ. Սուքիասը համերաշխորեն դուրս են գնում:

Աբբահայր Մի օր կխենթանամ էս խենթերի ձեռքին: (Մոտենում է Աստվածամոր սրբապատկերին, շարունակում ընդհատված աղոթքը:)

ՊԱՏԿԵՐ Ե

Գրադարանում են լ. Բայրոնը և հ. Հարությունը: Նրանք բարձր տրամադրությամբ զրուցում են:

Լ. Բայրոն — Բայց ձեր հայկական գինին ընտիր է, հայր Պասկալ, ոչ թե խմում,  ըմբոշխնում եմ այն: Այդ գինու մեջ նաև բիբլիական Արարատի ցոլանքը կա: Ես այն տեսնու՜մ եմ:

Հ. Հարություն — Ի՜նչ նրբազգաց քիմք ունես, Ջորջ: Երբ գինովանում ես, ավելի խենթ ես դառնում, բայց և ավելի համակրելի ու խելացի:

Լ. Բայրոն — Օ՜, շնորհակալ եմ, իմ ամենատես ուսուցիչ: Դուք գիտեք, թե ձեր անկեղծ գնահատականները ինչպես են թևավորում ինձ… Հիմա ուզում եմ սավառնել ու հասնել ձեր երկիրը, տեսնել, թե հայ հոգին ինչպես է զգում իրեն հայրենի հողի վրա… Ջրհեղեղից հետո այնքա՜ն ժամանակ է անցել, ո՞վ գիտե, թե դեպի ուր են թեքվել հայ հոգին ու ոգին… Դե, պարզ է, ուզում եմ տեսնել նաև փառահեղ Մասիսները… Հավանաբար այդ տեսակցությունից հետո կծնվի իմ հայկական պոեմը:

Հ. Հարություն — Քո բանաստեղծական երազանքները չափազանց գրավիչ ու հաճելի են, սիրելի Ջորջ, բայց ժամանակն է, որ վերսկսենք պարապմունքը: (Նայում է սեղանին դրված թղթերը, ապա վերցնում մի գիրք:) Հիմա դու պետք է կարդաս մի երկու հատված Նարեկացու Մատյանից, տեսնենք՝ ինչպես ես առաջադիմում ընթերցանության մեջ, նաև՝ ինչպես ես հասկանում կարդացածդ: (Գիրքը դնում է լ. Բայրոնի առջև:) Ահա, կարդա այս էջից:

Լ. Բայրոն – (ընթերցում է՝ հեգելով ու վանկարկելով).

Մատյանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրյալ,

Թող կենսատու դեղ ու դարման լինի

Եվ բժշկի քո արարածների հոգու եւ մարմնի ցավերը բոլոր:

Սկսածն այս՝ իր ավարտին հասցրու դու,

Եվ թող քո Հոգին խառնվի սրան…

(Կտրուկ ընդհատելով ընթերցանությունը:)

Դե, ինչպե՞ս եմ Նարեկացի կարդում, ուսուցիչ, ի՞նչ եք գնահատում…

Հ. Հարություն — Գնահատականները վերջում, Ջորջ: Մի հատված էլ կարդա ահա… (թերթում է Մատյանը, դնում լ. Բայրոնի առջև), կարդա այս էջից, հետո փոքրիկ ամփոփում կանենք:

Լ. Բայրոն – (դժվարությամբ կարդում է).

Ցույց տուր Աստծուն պարտությունը քո հալածյալ անձի,

Որպեսզի ընդունես դու փոխատուից պարտքերիդ թողություն:

Հ. Հարություն — Բավ է, ապրես, Ջորջ: Ընթերցանության մեջ առաջադիմում ես: Կարծես թե արդեն զգում ես հայերենի շնչառությունը…

Լ. Բայրոն — Ուսուցիչ, ավելի շուտ ես զգում եմ հայերենի ալեկոծությո՜ւնը…

Հ. Հարություն – (ժպտալով): Դա նույնպես լավ է: Իսկ ի՞նչ հասկացար քո կարդացածից, Ջորջ, ի՞նչ մրմնջաց Նարեկացին քո ականջին…

Լ. Բայրոն — Բոլոր բառերը չեն, որ հասկանալի եղան ինձ, ուսուցիչ: Երկար բառեր շատ ունեք, դժվար են կարդացվում ու հիշվում: Դուք ինձ հետո կբացատրեք, չէ՞, այդ երկար անհասկանալիների իմաստը:

Հ. Հարություն — Այո, այո, անհոգ եղիր:

Լ. Բայրոն — Ուրեմն՝ ընդհանրական իմաստով ասեմ, որ ինչպես և նախորդ օրերին կարդացած հատվածներում, Նարեկացին լիովին ապավինում է Աստծուն, պատրաստ է անգամ իր պարտությունը ի ցույց հանել նրան: Հեղինակը մարդ-անհատին չի վերապահում ինքնուրույն գործելու և հաղթելու առաքելություն… Մի տեսակ շատ նիհիլիստական է, ինչը իմ սրտով չէ: Ես ուզում եմ մարտնչել ու հաղթել՝ ինքնապավեն, առանց հույս դնելու Աստծո վրա:

Հ. Հարություն — Ինքնապավե՜ն… Ախ, Ջորջ, Ջորջ, իմ խենթ սանիկ: Դու շատ յուրովի ես մեկնաբանում Նարեկացուն, կարելի է ասել՝ հակառակ ծայրից… Գուցև դրա իրավունքն ու մտահասությունն ունես, բայց գիտցիր, որ մենք՝ հավատացյալ քրիստոնյա հայերս, երբեք չենք համաձայնի քո տեսակետի հետ:

Լ. Բայրոն Ինչո՞ւ, հայր, ինչո՞ւ…

Հ. Հարություն – Որովհետև Մատյանը մեզ համար հոգու փրկության մի աշխարհ է, անփոխարինելի մի տիեզերք: Որովհետև Մատյանը՝ Նարեկը, բժշկում է մեր հիվանդ հոգիները և հուսադրում:

Լ. Բայրոն — Չեմ վիճի ձեզ հետ, ուսուցիչ, նման շռայլություն ինձ չեմ վերապահի: Ավելի էական ասելիք ունեմ. ես խորին հարգանք, կասեի՝ ակնածանք եմ տածում ձեր ազգի՝ Նարեկացու հանդեպ ունեցած սրբազան սիրո վերաբերյալ: Դուք անվերապահորեն սիրող ազգ եք, իսկ ինձ համար դա չափազանց կարևոր է:

Հ. Հարություն — Ապրես, Ջորջ, խորապես շոյված եմ քո հոգեբուխ խոսքից: (Դադար:) Ի դեպ, դու խոսեցիր Նարեկացու չեղած նիհիլիզմից… Իսկ ձեր երկերում շատ են թախծամոլությունն ու մելամաղձոտությունը, սակայն իմ մտքով չի անցնում ձեզ քննադատել ինչ-որ անկումայնության՝ նիհիլիզմի համար:

Լ. Բայրոն — Ա՜, վերջապես գտա իմ չտված հարցերից մեկի պատասխանը. հայր Պասկալ, դուք այդ թախծամոլության ու մելամաղձության պատճառո՞վ չեք թարգմանում իմ ստեղծագործությունները… Ինձ թվում է՝ իմ երկրպագու գիտունը պետք է որ հակում ունենա թարգմանելու իմ երկերը… Բայց դուք ուրիշ անգլիացի գրողների եք թարգմանում, որոնց երեսն անգամ տեսած չկաք, և կասկածում եմ, որ ճիշտ եք հասկանում նրանց:

Հ. Հարություն — Բայրոն, ես ձեր երկերը չեմ թարգմանում, որովհետև դեռևս պատրաստ չեմ նման խիստ պատասխանատու աշխատանքի: Ես դեռ պետք է հասնեմ գեղարվեստական ընկալումի այդ մակարդակին:

Լ. Բայրոն — Լավ-լավ, թողնենք այդ հանելուկային հարցը: (Զրուցակցի հոգու հետ խաղալով:) Հայր Պասկալ, ասում եք՝ բժշկո՞ւմ է Նարեկը… Ես մի քանի ցավեր ունեմ ահա էս տեղերում… (ցույց է տալիս մարմնի տարբեր մասեր), ինձ կասե՞ք, Մատյանի որ հատվածները կարդամ, որպեսզի ապաքինվեմ…

Հ. Հարություն — Դե, Ջորջ, դու անբուժելի հիվանդ ես, քեզ ոչ մի Նարեկ չի փրկի: (Ներողամտորեն ժպտում է:)  Լավ, լրջանանք ու շարունակենք պարապմունքը: Հիմա գրավոր առաջադրանքի ժամն է. փորձիր անսխալ գրել,- թաքուն չարտագրես, Ջորջ,-  փորձիր գրել, նախ՝ անունդ: Գրիր գեղատառ հայերենով:

Լ. Բայրոնը դանդաղ գրում է, քիչ անց թուղթը մեկնում է հ. Հարությունին:

Լ. Բայրոն — Ահա, ուսուցիչ… Հայերենս կարծես թե անգլերենից ավելի վայելչագիր է ստացվում…

Հ. Հարություն — Ինքնագովա՜ն… (Ուշադիր նայում է գրվածին:) Դեռ թերություններով ես գրում, բարեկամս: «Լորդը» լրիվ չես գրել, վերջին երկու տառը բաց ես թողել: (Լրացնում է բացակա տառերը և ցույց տալիս:)  Լ ո ր դ՝ վերջում՝ րդ… Իսկ Բայրոնը ճիշտ ու գեղեցիկ ես գրել: Լավ է, դու հայերեն արդեն կարող ես ստորագրել… Այժմ գրիր՝ Նարեկացի, Նարեկ, Մատյան:

Լ. Բայրոն – (չարաճճիորեն):  Բայց, հայր Պասկալ, դա գրելուց հետո էլ չեմ փոխի կարծիքս Նարեկի մասին:

Հ. Հարություն — Դե-դե, գրիր, Ջորջ, դա հետո կերևա: Աշխատիր տառասխալներ չանել… Նա-րե-կա-ցի, Նա-րեկ, Մատ-յան…

Լ. Բայրոնը դանդաղ ու կենտրոնացած գրում է: Հ. Հարությունը գրապահարանից մեծադիր գիրք է վերցնում, արագ սուզվում ընթերցանության մեջ:

Լ. Բայրոն — Վերջացրի, ուսուցիչ, ահա, նայեք: (Մոտենում, թուղթը տալիս է հ. Հարությունին:)

Հ. Հարություն — Նարեկացին և Նարեկը ճիշտ ես գրել, իսկ ահա Մատյանում երկու սխալ ես թույլ տվել. ոչ թե Մաթիան, այլ՝ Մատյան: (Ուղղում է գրությունը, թուղթը տալիս զրուցակցին:) Ջորջ, Մատյանի գրության ճիշտ ձևը դա է:

Լ. Բայրոն — Պարզ է, պարզ է, ուսուցիչ, այլևս չեմ սխալվի:

Հ. Հարություն — Ցանկալի կլինի, որ Մատյանի հարցում ընդհանրապես չսախլվես… Լավ, հիմա մի փոքր ամփոփենք անցած երկու ամիսների մեր պարապմունքների արդյունքները: Միանգամից ասեմ, թանկագին Ջորջ Բայրոն, որ ընդհանուր առմամբ գոհացուցիչ են այս ընթացքում հայագիտությունից ձեռք բերած քո գիտելիքները: Դու նորելուկ հայագետի անուն ստանալու ճանապարհին ես: (Կատակով:) Հնարավոր է՝ գոնե դրա համար քեզ Անգլիայում արժանիորեն գնահատեն:

Լ. Բայրոն – (տխուր ձայնով): Նրանք հիմա ունակ չեն ինձ գնահատելու և ոչ մի հարցում:

Հ. Հարություն — Մի սևեռվիր այդ խնդրի վրա, կգան նոր ժամանակներ, և դու կլինես Անգլիայի սիրելին: Բայց չշեղվենք մեր գործից: (Դադար:) Դու արդեն տիրապետում ես հայոց այբուբենի բոլոր 39 տառերին՝ անսխալ կարդում ու գրում ես դրանք. այբուբենի Վաթեռլոն շահել ես: Սկսել ես յուրացնել հայերենի քերականությունը, անգամ ձգտում ունես հայ բանաստեղծության տաղաչափության մեջ խորամուխ լինելու: Խոսակցական հայերենի տիրույթում արագ առաջադիմում ես, արդեն բավական գիտելիքներ ես ձեռք բերել հայոց պատմությունից և մշակույթից:

Լ. Բայրոն(պարծենկոտաբար): Դե, իհարկե, ուսուցիչ. գիտեմ, օրինակ, թե ինչպես է հայոց Արշակ երկրորդ արքան հայրենի հողի վրա կանգնելով՝ անվախորեն հոխորտում իրեն բանտարկած պարսից շահի դեմ… կամ՝ ով է մանրանկարիչ Թորոս Ռոսլինը. ի՜նչ աստվածային վրձին ունի նա: (Խոսքի տոնը կտրուկ փոխելով, տխրագին ձայնով:) Ի դեպ, հայր Պասկալ, ձեր քաջակորով արքայի արարքը ինձ համար ընդօրինակելի չէ. եթե հիմա բանտարկեն ինձ և ոտքերիս տակ անգլիական հող փռեն, այն ինձ խիզախություն և ավյուն չի հաղորդի, վախենամ, թե այդ հողը վառվի ոտքերիս տակ… Մի՞թե նզովյալ Անգլիան կարող է ինձ ոգեշնչել որևէ կերպ…

Հ. Հարություն – (մի պահ լարված ու ակնդետ նայում է լ. Բայրոնին): Լորդ Բայրոն, մի նզովեք ձեր հայրենի Անգլիան, որքան էլ նա վիրավորած լինի ձեր զգայուն սիրտը… Անգլիան, ինչպես դիպուկ եք բնութագրում՝ ագահ, բիրտ ու գաղութարար լորդերը և իշխանավորները չեն, Անգլիան հասարակ, հավատացյալ ժողովուրդն է՝ իր հայրենիքով, և դուք, տիար, ձեր հոգու խորքում անչափ սիրում եք ձեր հայրենիքը: (Դադար:)

Լ. Բայրոն — Շնորհակալ եմ, հայր Պասկալ, որ ինձ հիշեցնում եք անողոք ու անջնջելի ճշմարտություններ: (Կրկին վերգտնելով զվարթ տոնը:) Ուսուցիչ, խնդրում եմ, ասեք անկեղծորեն՝ ձեր Տրդատ թագավորը իր ինքնաբուխ հավատքի ուժո՞վ է քրիստոնեությունը պետականացրել Հայաստանում, թե՞ դա արել է այլ հանգամանքների դրդմամբ:

Հ. Հարություն — Հավատքի ուժով է արել, որդիս:

Լ. Բայրոն — Իսկ ես այլ տպավորություն ունեմ, վարդապետ. կարծում եմ՝ նա պարզապես երախտահատույց է եղել քրիստոնյա Գրիգորին, Լուսավորչին, ինչպես դուք եք ասում, քանզի վերջինս բուժել է նրա ծանր հիվանդությունը: Մահից մազապուրծ եղածը ի՜նչ խենթություններ ասես՝ կանի:

Հ. Հարություն — Դու հաճախ ես այլ կարծիք ունենում, Ջորջ, չնայած պատմության անհերքելի փաստերին. հաճախ հակված ես բանավիճելու: Երևի ազատամիտ մարդու լավագույն շնորհը հենց դա է… Ինչևէ, որդիս, շարունակենք ուսումնառության հետ կապված մեր խոսակցությունը:

Լ. Բայրոն — Հայր Պասկալ, խնդրում եմ՝ մի պահ դադար տվեք ուսումնական թեմային… Մի առաջարկություն ունեմ. հիմա ուզում եմ մի փոքր էլ ես ուսուցանեմ ձեզ:

Հ. Հարություն – (հեգնանքով): Հայագիտությո՞ւն…

Լ. Բայրոն — Չէ, չէ, դա ձեր մենաշնորհն է: Ձեզ հիմա մի քիչ կսովորեցնեմ… սուսերամարտ…

Հ. Հարություն — Ի՞՜նչ…

Լ. Բայրոնը շտապ մոտենում է գրապահարաններից մեկին, դրա ետևից հանում հաստ շորով պատանքված երկար փաթեթ, բացում է, երկու սուսեր առած՝ մոտենում հ. Հարությունին:

Լ. Բայրոն – (ոգեւորությամբ): Ահա, հայր Պասկալ, վերցրեք: (Սուսերներից մեկը տալիս է հ. Հարությունին. վերջինս ընկրկում է:) Վերցրեք, հայր Պասկալ, վերցրեք սուսերը, մի վախեցեք: Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես են բանեցնում սա մարտում… Վերցրեք: 

Հ. Հարություն — Բայց ինչի՞ համար, ես չեմ ուզում, ես վանական եմ, զենքի հետ գործ չունեմ, Ջորջ, ինձ մի ստիպիր… Ընդհանրապես ինչո՞ւ ես զենք բերել մեզ մոտ, դա վաղո՞ւց է այստեղ:

Լ. Բայրոն — Ոչ, այսօր եմ բերել, կարող եմ հենց այսօր էլ ետ տանել: Բայց ուզում եմ ձեզ մի քիչ մարտարվեստ սովորեցնել: 

Հ. Հարություն – Ինչո՞ւ…

Լ. Բայրոն — Որ կարողանաք ինքնապաշտպանվել, երբ դրա կարիքը լինի:

Հ. Հարություն — Հիմա հրազեն են ավելի շատ օգտագործում, սուսերն՝ ի՞նչ. եթե ուզենան՝ հրացանով կամ ատրճանակով հեռվից ինձ կխոցեն, էլ չեմ ասում՝ թնդանոթով…

Լ. Բայրոն — Ճիշտ է: Հետո ձեզ կսովորեցնեմ նաև հրազեն բանեցնել, հայր Պասկալ, բայց, նախ՝ սուսեր, այն դեռ կարևոր զենք է… Ասենք, երբ ավազակները մտնեն ձեր վանքը և ցանկանան կողոպտել, դուք, առանց բարձր տրաքոցների, սուսերով կարող եք նրանց հախիցը գալ, վախեցնել ու քշել, դե, հարկ եղած դեպքում նաև գետնին տապալել:

Հ. Հարություն — Բայց ես ի՞նչ զինյալ…

Լ. Բայրոն — Հայր Պասկալ, դուք գիտեք, չէ՞, թե Արևելքում վանականները ինչքան հմուտ են մարտարվեստում:

Հ. Հարություն — Գիտեմ:

Լ. Բայրոն— Դե, ուրեմն օրինակ վերցրեք նրանցից: Կյանքն է դա ստիպում: (Հ. Հարությունը ի վերջո վերցնում է համառորեն իրեն մեկնված սուսերը:) Հիանալի, հիմա սկսում ենք սուսերամարտի դասը… Հայր Պասկալ, աշխատեք ուշադիր լինել և ճշտորեն կատարել իմ ցուցումները: Ես անհամբեր ուսուցիչ եմ, հնարավոր է և՝ զայրանամ, ներող կլինեք… Դե, սկսեցինք: (Մի փոքր հեռանում է և սուսերամարտիկի կեցվածք ընդունում:) Ընդօրինակեք ինձ… Սուսերը բռնում են ահա այսպիսի մարտական դիրքում… (Հ. Հարությունը կրկնում է լ. Բայրոնի շարժումները:) Լավ է, իսկ այսպես առաջանում ենք դեպի հակառակորդը և ձգտում նրան խոցել: (Հ. Հարությունը ետ է քաշվում:) Մի վախեցեք, ձեզ չնչին իսկ վնաս չեմ պատճառի, սա ընդամենը դաս է… Ահա այսպես սկսում ենք ճոճել սուրը, որ վախեցնենք հակառակորդին: (Հ. Հարությունը կրկնում է շարժումը:) Ավելի ակտիվ ու համառ շարժեք սուրը, հայր Պասկալ… Լավ է…

Մտնում է հ. Սուքիասը և զարմացած կանգնում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում:

Հ. Սուքիաս — Օհո՜, Գրչագրաց մատենադարանը վերածվել է սուսերամարտի վարժասրահի… Հետաքրքի՜ր է… (Ծիծաղում է:) Եղբայր Հարություն, սուրը սազում է ձեզ, իսկ դուք, սիրելի Բայրոն, սրով ուղղակի անզուգական եք:

Լ. Բայրոն – Ուզո՞ւմ եք, հայր Սուքիաս, մի քիչ էլ դուք պարապել… Հայր Պասկալը թող շունչ քաշի:

Հ. Սուքիաս — Իհարկե, ուզում եմ: (Հ. Հարությունից վերցնում է սուսերը:)

Լ. Բայրոն — Հայր Սուքիաս, նախ՝ այսպիսի կեցվածք ընդունիր: (Լ. Բայրոնը հ. Սուքիասին նույնությամբ ցույց է տալիս այն, ինչ սովորեցնում էր հ. Հարությունին: Հ. Սուքիասն ավելի եռանդով ու ճարպիկ է կատարում սուսերամարտի ուսուցողական գործողությունները:) Լավ է, շատ լավ է, հայր Սուքիաս… Դուք ավելի ընդունակ աշակերտ եք, քան հայր Պասկալը:

Երեքով համերաշխ ծիծաղում են: Հ. Սուքիասը սուսերը հանձնում է հ. Հարությունին:

Հ. Սուքիաս — Դուք շարունակեք պարապել, եղբայր Հարություն… Հա, ի դեպ, քիչ մնաց մոռանայի. եկա ձեզ հայտնելու, որ աբբահայրը այսօր տկարություն ունի, խնդրեց, որ այցելու նորապսակների ուխտը դուք ընդունեք:

Հ. Հարություն — Լավ, շուտով կգնամ աբբահորը տեսակցության… Հա, եղբայր Սուքիաս, ինչ-որ տեսաք՝ դա միայն երեքիս գաղտնիքն է:

Հ. Սուքիաս — Իհարկե, անհոգ եղեք, կարիք չկա զգուշացնելու: Մի՞թե ես ձեր վստահելի եղբայրը չեմ, հայր Հարություն…

Հ. Հարություն — Անշուշտ, եղբայր Սուքիաս:

Հ. Սուքիաս — Բարի… Դե ես գնամ, աբբահայրը ուրիշ հանձնարարություններ էլ է տվել, պիտի հասցնեմ կատարել: Իսկ դուք սուսերամարտում չթերանաք: (Դուրս է գնում:)

Հ. Հարություն — Լավ, Բայրոն, թողնենք սուսերամարտը. զենքը թաքցրու, ու արի ավարտին հասցնենք մեր այսօրվա պարապմունքը:

Լ. Բայրոն — Ըստ ձեր ասածի, ուսուցիչ: (Սուսերները փաթաթում է շորի մեջ, դնում նույն պահարանի ետևը:)

Հ. Հարություն — Ոչ, Բայրոն, այդտեղ շատ ապահով չէ, թող… (Գնում, հանում է  փաթթոցը, տեղափոխում խորքի սենյակ: Վերադառնալով՝ հանգիստ շունչ է քաշում:) Այնտեղ չեն գտնի:

Լ. Բայրոն — Հետո, հայր Պասկալ, մի ուրիշ հարմար օր, այնտեղ՝ Լիդոյում, ձեզ կսովորեցնեմ հրաձգություն, նաև՝ ձիավարություն:

Հ. Հարություն — Հա, վենետիկցիներն ասում են, որ լավ ձիավար ես, նաև՝ հաղթական լողորդ:

Լ. Բայրոն — Իսկ ուրիշ ի՞նչ են ասում… Որ ես անառակի մե՞կն եմ… (Հ. Հարությունը ժպտալով լռում է:) Դե վենետիկցիները ինձ լոկ նման կողմերից են ճանաչում: Այ, որպես բանաստեղծի՝ Վենետիկում միայն դուք՝ հայ վանականներդ եք ինձ մեծարում:

Հ. Հարություն — Կգա ժամանակը և քեզ ամենուր կմեծարեն, Ջորջ Բայրոն: (Դադար:) Լավ, շարունակենք մեր անդրադարձը հայագիտական գիտելիքներիդ… Ջորջ, կարծում եմ, դու պետք է կամաց-կամաց սկսես թարգմանություններ կատարել հայերենից: Դրա համար արդեն ունես նվազագույն պաշար: Անգլիական գրականությունը կարող ես հարստացնել արժեքավոր թարգմանական էջերով:

Լ. Բայրոն — Մեծագույն սիրով ու պատրաստակամությամբ, ուսուցիչ… եթե, իհարկե, ինձ սիրահոժար օգնեք:

Հ. Հարություն — Մի կասկածիր, այդ գործում ամենայն օգնությունն՝ իմ կողմից:

Լ. Բայրոն — Իսկ ես մինչև երկինք երախտապարտ կլինեմ ձեզ… Չէ, երախտագիտությունս այստեղից կձգվի մինչև Հայաստան:

Հ. Հարություն — (ժպտում է): Լավ, ի՞նչ կկամենայիր թարգմանել. արդեն ծանոթ ես հայերեն տասնյակ գրքերի ու թղթերի, և նախասիրություններ էլ ունես…

Լ. Բայրոն — Ասեմ, հայր Պասկալ. նախ, կցանկանայի թարգմանել Ներսես Շնորհալու «Հիսուս որդուց» այն հատվածը, որ նվիրված է Հռիփսիմեին. հանճարեղ երգ է, ինձ շատ դուր եկավ: Հետո կթարգմանեի մի քանի գլուխ Խորենացու «Հայոց պատմությունից», այն գլուխները, որոնք առավել արժանահավատ ու հետաքրքիր եմ համարում:

Հ. Հարություն — Ուրեմն՝ ուզում ես թարգմանել «Ը» և «Թ» գլուխները:

Լ. Բայրոն — Կուզենայի նաև, ուսուցիչ, անգլերեն թարգմանել սուրբ Պողոսի նամակագրությունը կորնթացոց հետ, այն երկու թուղթը, որոնց բնագիրը կորած է համարվում, իսկ հայերեն թարգմանությունը պահպանվում է ձեզ մոտ: Այ թե անգլիացի քրիստոնյաների համար ինչ գյուտ է լինելու դա… Ուրիշ թարգմանական գաղափարներ էլ ունեմ…

Հ. Հարություն — Ասենք՝ Լամբրոնացու «Ճարտասանությունը», ճի՞շտ է…

Լ. Բայրոն — Ճշմարիտ:

Հ. Հարություն — Բարի, որդիս, գրական լավ ճաշակ ունես: Դու կարող ես սկսել այդ երկերի թարգմանությունը, քեզ բազմակողմանի աջակցություն ցույց կտամ:

Լ. Բայրոն — Շնորհակալություններս, ուսուցիչ: Վաղն ևեթ կսկսեմ:

Հ. Հարություն — Հիանալի, Ջորջ: Հավատում եմ, որ չեք մոռացել նաև համատեղ մեր իրագործելիք այն ծրագրերը, որոնց շուրջ երկար քննարկումներ ենք ունեցել մեկ ամիս առաջ:

Լ. Բայրոն — Ոչինչ էլ չեմ մոռացել, հայր Պասկալ… Հա, ի դեպ, ո՞ւր մնաց անգլերեն-հայերեն քերականության ձեր հեղինակած ձեռնարկը, դեռ տպարանո՞ւմ է…

Հ. Հարություն — Այո, լորդ:

Լ. Բայրոն — Ձեզ խոստացել եմ սրբագրել անգլերեն էջերը: Խոստացել եմ նաև հոգալ գրքիդ տպագրության ծախքը. խոստումներս ուժի մեջ են: Ո՞ւր մնացին սրբագրության էջերը, հայր Պասկալ, տվեք, այսօր իսկ կսկսեմ մաքրել:

Շեմին հայտնվում է երիտասարդ վանականը՝ թղթերով:

Հ. Հարություն – (նկատելով եկվորին): Ի՞նչ կա, որդյակ…

Երիտ. Վանական — Հայր Հարություն, տպարանից են փոխանցել այս թղթերը, խնդրեցին՝ ձեզ հանձնեմ: (Թղթերը դնում է սեղանին:)

Հ. Հարություն — Ապրես, որդիս: (Նայում է բերած թղթերը: Երիտասարդ վանականը քրիստոնեաբար ողջունում է լ. Բայրոնին, ապա հուշիկ հեռանում:) Բարեկամս, ահա և քերականության էջերը:

Լ. Բայրոն — Տվեք ինձ, երկու-երեք օր անց սրբագրված կվերադարձնեմ ձեզ: (Հ. Հարությունից վերցնում է թղթերը:)

Հ. Հարություն — Շնորհակալ եմ, Բայրոն:

Լ. Բայրոն— Շնորհակալության կարիք չկա, հայր Պասկալ: Այսօր-վաղը ճշտեք ու հայտնեք ինձ, թե ինչ է արժենալու այս գրքի տպագրությունը:

Հ. Հարություն — Բարի, լորդ:

Լ. Բայրոն — Հենց այս ձեռնարկի հրատարկությունն ավարտենք, ձեռնամուխ կլինենք հայերեն-անգլերեն քերականության դասագրքի կազմմանը. ժամանակն է, որ անգլիացիները ևս սովորեն հայերեն… Այդ գրքի տպագրության ծախքը դարձյալ ես կհոգամ: Հայր Պասկալ, մեր ոչ մի լավ ու պիտանի մտահղացում անկատար չենք թողնի:

Հ. Հարություն — Այսինքն՝ լույս կընծայենք նաեւ անգլերեն-հայերեն բառարա՞նը…

Լ. Բայրոն — Անշուշտ: Նոր գաղափարներ ևս կառաջարկեք: (Պարծենկոտաբար) Հայագետիս պարտքը լինի՝ ծառայե՜լ հայ ազգին:

Հ. Հարություն – (բայրոնավարի): Իսկ մեր պարտքն է՝ ծառայե՜լ բանաստեղծ Բայրոնին:

Բարեկամաբար գրկախառնվում են:

ՊԱՏԿԵՐ Զ

Ձիթենիների տակ, նստարանին լ. Բայրոնը թղթեր է կարդում և նշումներ անում, ապա փակ աչքերով մտորում է: Նրան են մոտենում հ. Հարությունը և հ. Սուքիասը:

Հ. Հարություն – (գրեթե շշուկով): Նա ստեղծագործում է, հայր Սուքիաս:

Հ. Սուքիաս — Գիտեմ, եղբայր Հարություն, գիտեմ: Քանիցս նրան տեսել եմ նման իրավիճակներում: 

Լ. Բայրոն (բացում է աչքերը, տեսնում եկվորներին, զվարթ): Օ, սիրելի հայրեր… Դուք լսում էիք իմ մտքե՞րը… 

Հ. Սուքիաս — Սիրելի Բայրոն, հազիվ թե նման շնորհքով օժտված ենք… Նոր քերթվա՞ծ եք գրում:

Լ. Բայրոն — Այո, բարեկամներս, այո: Դուք հրաշալի գիտեք, թե սուրբ Ղազարի ծովեզրյա այս ձիթենիների պուրակը որքան ներշնչող է: Այստեղ իմ մուսան քառապատիկ ուժեղ ու շռայլ է: Ձեր կղզին իսկը պոեզիա երկնելու համար է… Լսեք, հայրեր, մի առաջարկություն ունեմ. եկեք աբբահորը դիմենք, որ թույլ տա սուրբ Ղազարը վերածենք նաև բանաստեղծների կղզու. այստեղ հրավիրենք հայ և եվրոպացի լավագույն պոետներին, որպեսզի նրանք, ձեր ընկերակցությամբ, միառժամանակ հանգրվանեն այստեղ ու ստեղծագործեն: Գիտե՞ք, թե կարճ ժամանակամիջոցում համաշխարհային պոեզիան ինչպես կհարստանա բազում գոհարներով… Հը, ի՞նչ կասեք, հայրեր, հանճարեղ գաղափար է, չէ՞…

Հ. Հարություն — Աբբահայրը կասի, որ մի խենթին ավելանալու են բազումք, մենք (ցույց տալով իրեն ու հ. Սուքիասին) ներառյալ. մի խոսքով՝ իսկական գժանոց է լինելու… (Ծիծաղում է, նրա հետ միասին՝ հ. Սուքիասը:) Դե, Բայրոն, եթե անգամ լրջորեն քննարկելու լինենք ձեր առաջարկությունը, պիտի ասեմ, որ մենք՝ վանականներս, հազիվ թե կարողանանք երկար վայելել մեծաթիվ պոետների ընկերակցությունը… Դուք գիտեք, որ պոետներն առավելապաշտ մարդիկ են, նրանք որոշ ժամանակ անց մեզ վտարելու են այստեղից՝ իրենք տիրանալով սուրբ Ղազարին:

Հ. Սուքիաս — (երկիմաստ): Սիրելի բանաստեղծ, իսկ չի՞ լինի, որ դուք ձեռնադրվեք վանական ու անդամագրվեք մեր միաբանությանը. և կբանաստեղծեք, և կաղոթեք… ձեր փոթորկված հոգու խաղաղության համար:

Լ. Բայրոն — Բայց ես արդեն վանական եմ, ահա իմ սքեմը: (Ցույց է տալիս նստարանին դրված սքեմը:)

Հ. Հարություն — Դե դու ստեպ-ստեպ ես վանական… հատուկ նշանակությամբ:

Հ. Հարությունը և հ.Սուքիասը նայում են իրար և ծիծաղում:

Լ. Բայրոն — Արդեն գիտե՞ք իմ գաղտնիքը

Հ. Սուքիաս — Այո, միամիտ բանաստեղծ: Դա գիտեն մեր բոլոր իննսուն վանականնները և այստեղ եկող վենետիկցի գոնդոլավարները:

Լ. Բայրոն(զարմանքից մի պահ քարանալով, ապա՝ խնդագին): Ա՜հ, ամենատես վանականներ… Դատապարտո՞ւմ եք ինձ այդ չարաճճիության համար…

Հ. Հարություն — Դե, առանձնապես ոչ, բայց հուսանք, որ պարկեշտությունը չեք սահմանազանցի:

Լ. Բայրոն — Չէ-չէ, չափի մեջ կմնամ: Կսիրահետեմ միայն անմեղ պատանու պես: Պլատոնաբար:

Հ. Սուքիաս — Բայց ձեզ վանականի սքեմը սազում է, լորդ Բայրոն: Այդ հանդերձով աշխարհի ամենագեղեցիկ վանականն եք:

Լ. Բայրոն — Շոյված եմ, հայր Սուքիաս: (Դադար:) Սիրելի հայրեր, ներողամիտ եղեք, որ սքեմով մեկ-մեկ հագուրդ եմ տալիս այրական բնատուր հետաքրքրությանս: Ես միայն ծիկրակում եմ և մեկ-երկու բառ փոխանակում սիրունիկ նորահարսերի հետ:

Հ. Սուքիաս — Իսկ եթե բախտդ բերում է, նաև ժամադրում ես նրանց…

Հ. Հարություն — Ոչինչ, որդյակ իմ, ոչինչ. մենք հասկանում ենք քեզ, ներում: Համարենք, որ դու մեր անառակ որդին ես: Սա ասում եմ՝ որպես քո ուսուցիչ, Ջորջ:

Լ. Բայրոն(կարմրատակում է, ապա ուրախ արձագանքում): Ընդունա՜յն լինի ձեր խոսքը, ուսուցիչ:

Հ. Սուքիաս — Լորդ Բայրոն, սակայն կցանկանայինք ձեզ հետ խոսել մեզ համար էական ու հրատապ հարցերից:

Լ. Բայրոն — Ուշի-ուշով լսում եմ ձեզ, հայրեր, պատրաստ եմ ձեզ ծառայելու հոգով, սրտով ու իմ միջոցներով:

Հ. Հարություն — Լորդ, շուտով հայր Սուքիասը և հայր Սարգիսը Անգլիայի վրայով պիտի մեկնեն Հնդկաստան՝ կարևոր գործով: Կարո՞ղ եք դիմել անգլիացի ձեր բարեկամներին, որպեսզի նրանք որևէ կերպ դյուրացնեն մեր աբեղաների ուղևորությունը:

Լ. Բայրոն — Անշուշտ, հայր Հարություն, ուրախությամբ օգտակար կլինեմ այդ հարցում: Այսօր իսկ նամակ կգրեմ իմ հրատարակիչ Մըրրեին, որպեսզի նա անհրաժեշտ հանձնարարական նամակներ պատրաստի հայ աբեղաների բարեհաջող ճամփորդության համար: Մըրրեն կապեր ունի Հնդկաստանում գործարքներ անող անձանց ու ընկերությունների հետ, նա լավ գիտե, թե ովքեր են նման հարցերը կարգավորում… Ուրի՞շ, ուրիշ ի՞նչ խնդիրք ունեք, սիրելի հայրեր, ասեք առանց քաշվելու:

Հ. Հարություն — Շնորհակալ ենք, թանկագին լորդ, ուրիշ խնդիրք չունենք:

Հ. Սուքիաս(շտապով): Ես ունեմ… Տիար բանաստեղծ, չէի՞ք բարեհաճի մի քանի խոսք ասել ձեր նոր ստեղծագործությունների մասին, որ մտահղացել եք սուրբ Ղազարում, և մեզ համար կարդալ որոշ հատվածներ:

Լ. Բայրոն — Սիրով, սիրով, հայրեր: (Նստարանից վերցնում է իր թղթերը, մի կարճ պահ ուսումնասիրում դրանք:) Նախ, պիտի ասեմ, որ այս կղզյակում վերգտել եմ իմ ստեղծագործական արգասավոր ընթացքը: Գրական իմ այս փուլը կարող եք կոչել սուրբղազարյան շրջան: Անցած երեք ամիսներին խորին ներշնչանքով գրեցի… «Չայլդ Հարոլդի» չորրորդ նվագը, կարծում եմ, այն ամենագեղեցիկ հատվածն է այդ պոեմի, գրել եմ «Բեպպո» պոեմը, «Դոն Ժուանի» առաջին երկու երգերը, «Մանֆրեդի» մի արար… առանձին բանաստեղծություններ:

Հ. Հարություն — Թող Աստված օրհնի ու նոր զորություն տա ձեր մեծ ձիրքին, Բայրոն, թող միշտ այդպես շնորհառատ լինեք… Իսկ հայկական նյութ ներառե՞լ եք ձեր նոր երկերում, որդիս:

Լ. Բայրոն — Դե, հայր Պասկալ, քանի որ սուր աչք ունեք, երբ կարդաք նշածս և այլ գրելիք գործեր, այնտեղ կտեսնեք հայկական հետաքրքիր հետքեր… Բայց ավելի որոշակի ասեմ հետևյալը. «Մանֆրեդի» գործող անձերից մեկի՝ քահանայի կերպարը կերտելիս որպես նախատիպ նկատի եմ ունեցել ձեզնից մեկին, իմ թանկագին հայրեր… (Ժպտալով մատնացույց է անում հ. Հարությունին և հ. Սուքիասին: Խորհրդավոր:) Իսկ թե անձամբ ում եմ նկատի ունեցել, առայժմ թողնենք իբրև գաղտնիք, ինքներդ հետագայում կհստակեցենեք այդ հարցը:

Հ. Սուքիաս — Գլուխկոտրուկ է առաջարկում… Լավ, կփորձենք լուծել այն: Ի դեպ, երիտասարդ վանականների հետ միտք ունենք բեմադրել ձեր «Երկիր և երկինք» թատերգությունը: Կօգնե՞ք մեզ՝ բեմադրությունը գլուխ բերելու… 

Լ. Բայրոն – (զարմանքով): Այդ միստիկական գործը գրավել է ձեզ այն աստիճան, որ բեմադրե՞լ եք ցանկանում… (Հ. Սուքիասը գլխով է անում:) Հասկանում եմ, դրամայի գործողությունները տեղի են ունենում Արարատի լանջերին… Իսկ որտե՞ղ պիտի բեմադրեք, այստեղ՝ վանքո՞ւմ…

Հ. Սուքիաս — Ոչ, կխաղանք Վենետիկի թատերասրահներից մեկում: Վենետիկի մեր հայրենակիցները նույնպես խոստացել են օգտակար լինել այդ հարցում:

Լ. Բայրոն – Լավ, կօգնեմ, որ ճիշտ մեկնաբանեք այդ թատերախաղը: Դե, բեմադրական այլ կարգի օգնություն էլ ցույց կտամ, բարի՞…

Հ. Սուքիաս — Շատ շնորհակալ ենք, սիրելի Բայրոն… Այժմ մեզ համար մի քիչ չե՞ք ընթերցի ձեր նորագիր քերթվածներից:

Լ. Բայրոն — Հաճույքով, հայր Սուքիաս: (Առանձնացնում է ձեռքի թղթերից մեկը:) Կարդամ… «Դոն Ժուանի» առաջին օկտավներից… Հա, դուք իմ առաջին ունկնդիրներն եք, այնպես որ… խանդավառվեք… (Կարդում է).

Հերոս եմ փնտրում,- գուցե անսովոր

Մի ցանկություն է զարթնել իմ հոգում,-

Երբ հերոսներ են ծնվում ամեն օր,

Թերթերը նրանց փառքն են խնկարկում,

Բայց հերոսներ չեն ճշմարիտ ու նոր:

Ոչ, նման հերոս չեմ ընտրել կյանքում,

Ինձ Դոն Ժուանն է գրավում միայն,

Ում դեռ պատանի՝ դյութեց սատանան…

(Ընդհատում է ընթերցանությունը):

Բայց ոչ, ձեզ համար ավելի հետաքրքիր հատվածներից կարդամ. թող մի քիչ տաքանան ձեր մարմիններն ու հոգիները:

(Առանձնացնում է ուրիշ թղթեր, շարունակում կարդալ, ապա անցնում է արտիստիկ ասմունքի: Նրա շուրջ անաղմուկ խմբվում են այլ վանականներ, համակ ուշադրությամբ լսում): 

Երկիրն է դառնում իր առանցքի շուրջ,

Նրա հետ հավերժ՝ մի ողջ մարդկություն,

Մենք պիտի տանենք մեր բախտն անտրտունջ,

Մեր իսկ շապիկը պարզելով քամուն:

Արքան, բժիշկը, քահանան խիստ լուրջ

Տնօրինում են մեր բախտն անանուն,

Մեզ պարգևում են սեր, գինի ու փառք,

Բայց կյանքը, ավա՜ղ, անցնում է արագ:

Իմ Դոն Ժուանը Քադիս ուղարկվեց,-

Չքնաղ քաղաքն այդ ես միտս եմ բերում,

Նա առ ու ծախի շուկա էր շատ մեծ,

Երբ շղթաները չէր փշրել Պերուն:

Այնպես սիրուն են աղջիկներն այնտեղ,

Նրանց քայլվածքից սիրտդ է թրթռում,

Լուսնի տակ ծնված և ոչ մի գրիչ

Զորու չէ ցույց տալ քայլերն այդ դյութիչ:

(Ասմունքի ընթացքում աչքունքով է անում վանականներին):

Արաբիո ոչ մի գեղեցիկ աշխետ,

Ոչ մի հեզ եղնիկ, ոչ մի նուրբ գազել

Չեն կարող մրցել նրանց քայլքի հետ:

Ինչպիսի՜ ոտքեր, ինչպիսի՜ մազեր,

Ինչպիսի՜ քնքուշ դեմքի քող, զգեստ:

Գովքի մի ամբողջ երգ պիտի ասել…

(Հանկարծ ընդհատում է ելույթը և չքմեղանքով նայում հավաքվածներին:) Ամբողջ միաբանությո՞ւնն է հավաքվել այստեղ, թե՞ բացականեր կան… (Վանականները ժպտալով միմյանց են նայում, ապա՝ բանաստեղծին:) Լավ, պոեզիայի ժամն ավարտենք: Խնդրում եմ՝ գնացեք ձեր գործին, թե չէ աբբահայրը կհանդիմանի ինձ, թե ես կաթվածահար եմ արել միաբանության աշխատանքը:

Լ. Բայրոնին է մոտենում երիտասարդ մի վանական մատուցարանով, վրան՝ թխվածք:

Վանական — Հյուրասիրվեք, միլորդ, հայկական գաթա է:

Լ. Բայրոն — Օ, մեծ ախորժակով: (Վերցնում է գաթան՝ հաճույքով ուտում:) Քաղցր ու համով է: Սրա բաղադրատոմսը կտա՞ք ինձ, Վենետիկի իմ ընկերուհիներից մեկին խնդրեմ, որպեսզի այս գաթայից թխի ինձ ու եվրոպացի հյուրերիս համար. հաջորդ շաբաթ նրանց պիտի ընդունեմ իմ կացարանում:

Վանական — Սիրով, միլորդ, կգրեմ բաղադրատոմսն ու կփոխանցեմ ձեզ, նախքան կղզուց կմեկնեք:

Լ. Բայրոն — Շնորհակալ կլինեմ… Երիտասարդ, դուք ամուսնանալո՞ւ եք…

Վանական – (ամոթխած): Երևի այո, միլորդ, ես սրբակրոն քահանա չեմ ձեռնադրվի… Այդպես եմ մտադրվել:

Լ. Բայրոն — Հիանալի՜, ուրեմն քեզ համար արժանավոր հարսնացու կգտնեմ՝ կույս և գեղեցիկ… հա, որ լինի նաև հայուհի: (Վանականները ծիծաղում են:) Դե, դե, ցրվեք, գնացեք, թե չէ աբբահոր ձեռից այս անգամ չեմ պրծնի:

Վանականները հեռանում են, բացի հ. Հարությունից և հ. Սուքիասից: Նրանք մի կողմ են քաշվում և կամացուկ զրուցում: Լ. Բայրոնը նստում է նստարանին, փորձում կրկին տրվել ստեղծագործական վայելքին: Րոպե անց կանգնում, ուշադիր նայում է հեռուն:

Լ. Բայրոն — Ի՜նչ գեղեցիկ է Ադրիատիկ ծովը իր խաղաղ ծփանքով, ասես բոլոր հրաշալի երազներն է ներծծել իր մեջ… (Ուրախացած:) Գոնդո՜լ է մոտենում մեր ափին… Նորապսակնե՜ր են… 

Շտապ հագնում է սքեմը, թաքնվում ս.Կույսի արձանի ետևում: Ներս է մտնում նորապսակ զույգը՝ տարեց տղամարդ՝ կոմս Կվիչիոլին և երիտասարդ ու գեղեցիկ կին՝ Թերեզան հարսանեկան զգեստով: 

Լ. Բայրոն (տեղում անհանգիստ ճոճվում է եւ եկվորների համար անլսելի բացականչում): Աստվա՜ծ իմ, էդ ստահակ կոմսը ամուսնանում է չնաշխարհիկ Թերեզայի հետ:

Թերեզան ծնրադրում է ս. Կույսի արձանի առջև, ջերմեռանդ աղոթում: Կոմսը մի պահ կանգնում է նրա մոտ՝ չիմանալով անելիքը: Նրան է մոտենում հ. Սուքիասը:

Հ. Սուքիաս — Բարի գալուստ, կոմս:

Կոմս Կվիչիոլի – Բարև, աբբա: (Թերեզային.) Լավ, սիրելիս, դու աղոթիր, իսկ ես գնամ աբբահոր մոտ:

Հ. Սուքիաս — Այո, կոմս, ես կուղեկցեմ ձեզ: (Կոմսը և հ. Սուքիասը հեռանում են:)

Լ. Բայրոն – (արձանի ետևից կամաց կանչում է): Թերեզա՜, Թերեզա՜, հրեշտակս…

Թերեզա – (ընդհատում է աղոթքը, ապշած նայում վանականի սքեմով լ. Բայրոնին): Հարո՜լդ, Ջո՜րջ, սիրելի՜ս… Էս ի՞նչ է՝ սքեմի մեջ ես… վանակա՞ն ես դարձել…

Լ. Բայրոն — Դե չէ, պարզապես մի քիչ ցուրտ է, աբբաները տվին՝ հագնելու: (Տխուր ձայնի անցնելով:) Դու ամուսնանում ես էդ քավթառ կոմսի հե՞տ…

Թերեզա — Ի՞նչ անեմ, ծնողներս են ստիպում… Բայց դու գիտես, որ իմ իսկական սիրելին դու ես, Հարոլդ-Ջորջ:

Լ. Բայրոն — Իսկ այս գիշերը նա է անցկացնելու քեզ հետ:

Թերեզա — Երանի՜ քեզ հետ լինեին իմ առաջին ու հետագա բոլոր գիշերները…

Լ. Բայրոնը մոտենում է Թերեզային, գրկում, երկար համբուրում է:

Թերեզա – (դժվարությամբ պոկ գալով): Թող, հերիք է… շունչս կտրվեց:

Լ. Բայրոն — Դու պինդ ու երկար համբույրներին դեռ չես դիմանում, Թերեզա: Ոչինչ, հետո էդ կարևոր փորձառությունը ձեռք կբերես:

Թերեզա — Ե՞րբ, թանկագինս, կոմսի հետ ի՞նչ փորձառություն…

Լ. Բայրոն — Շուտով… Ես չեմ թողնի քեզ էդ սրիկայի ձեռքին, կպոկեմ նրանից, և կդառնաս իմ կինը:

Թերեզա(ծիծաղելով): Ի՜նչ անուղղելի ռոմանտիկն ես, Հարոլդ, անվերջ երազում ես:

Լ. Բայրոն — Դե կտեսնես: Միայն դու ցանկանաս, հանկարծ չհրաժարվես մեր սիրուց:

Թերեզա — Չեմ հրաժարվի, սիրելիս: Բայց չգիտեմ, թե ինչպես պետք է գլուխ բերես էդ գործը… Կոմսը չի զիջի ինձ, հայրս էլ չի համաձայնի:

Լ. Բայրոն — Երկուսն էլ կհամաձայնեն ի վերջո, որ ինձ պատկանես: Սիրո օրենքն անողոք է… Հա, կամուսնանք, և դու որպես նորահարս երկրորդ անգամ կգաս սուրբ Ղազար, որ օրինականացնես երկրորդ… հուսամ՝ արդեն վերջին ամուսնությունդ:

Թերեզա — Ի՜նչ ռոմանտիկն ես, իրոք, Ջորջ, միշտ երազանքների մեջ ես, և ո՜նց եմ քեզ սիրում դրա համար… (Վախեցած:) Գալիս են, թաքնվիր:

Վերադառնում են կոմս Կվիչիոլին և հ. Սուքիասը:

Հ. Սուքիաս — Արգո կոմս, մեկ ագամ ևս անչափ շնորհակալ ենք ձեր առատաձեռն նվիրատվության համար:

Կոմս Կվիչիոլի — Դե, ամեն օր հո չենք ամուսնանում… (Ցույց է տալիս Թերեզային:) Այն էլ այսպիսի գեղեցկուհու հետ: (Նկատում է արձանի ետևում կանգնած լ. Բայրոնին, գոռում:) Ի՞՜նչ, դու այստեղ է՞լ ես հետապնդում իմ կնոջը… այս վանքի մե՞ջ… Անիծյալ անգլիացի, դեռ կլսես իմ անունը: (Հ. Սուքիասին.) Շղթայեք այս սանձարձակ գիշատչին մի խուլ խցում, որպեսզի երկար ժամանակ արևի երես չտեսնի: (Փութով ու մոլեգին հեռանում է՝ քարշ տալով Թերեզային:) 

Հ. Հարություն(ով հեռվում կանգնած՝ քթի տակ խնդմնդալով հետևում էր այդ միջադեպին, մոտենում է լ. Բայրոնին ու հ. Սուքիասին՝ օրորելով գլուխը): Դոն Ժուանի հերթական ձախավեր արկա՜ծը… (Ապա՝ մտահոգ ձայնով:) Ծերուկը վրիժառությամբ լցվեց:

Լ. Բայրոն — Ես սիրում եմ Թերեզային, ափսոս է, որ նման վարդը թոշնի էդ կատաղած ծերուկի ոսկրոտ բազուկներում:

Հ. Հարություն — Սիրո՜ւմ եմ, սիրո՜ւմ եմ… Լավ, խորհենք՝ ինչ ենք անելու…

Հ. Սուքիաս — Բայրոն, չմտահոգվեք, մենք թույլ չենք տա, որ կոմսի խանդոտ ու բիրտ ձեռքը հասնի ձեզ:

Հ. Հարություն – (լ. Բայրոնին): Ուրեմն այսպես. բացառության կարգով այսօր կգիշերես մեզ մոտ, վանքում, պետք չէ Վենետիկ վերադառնալ, ո՞վ գիտե, թե կոմսը ինչեր կարող է ձեռնարկել քո հանդեպ. թող մի փոքր ժամանակ անցնի, և նա կխաղաղվի:

Հ. Սուքիաս — Հիանալի միտք է, եղբայր Հարություն, աբբահորն էլ կխդրենք, որ միջոցներ ձեռնարկի՝ այս գիշեր կղզին առավել ուժեղ հսկողության տակ առնելու համար: Մեզ պետք չեն… գիշերային վարձկաններ:

Լ. Բայրոն(հասկանալով ասվածի իմաստը): Երախտապարտ եմ ձեզ, սիրելի հայրեր: (Ուրախացած:) Ուրեմն՝ բուռն գիշե՜ր է սպասվում մեզ… Կհյուրասիրեք ձեր անուշահամ գինուց, իսկ ես ձեզ համար բանաստեղծություններ կկարդամ:

Հ. Սուքիաս — Կարծում եմ՝ սուսերները պետք է փոքր մատենադարանից տեղափոխել մեր գիշերակացի սենյակ… կարող են պետք գալ:

Լ. Բայրոն — Շատ ճիշտ առաջարկություն է:

Հ. Հարությունը գլխով համաձայնության նշան է անում:

Հ. Սուքիաս — Ափսոս, ընդամենը երկու սուսեր կա, գոնե երրորդն էլ լիներ. երեքով ենք, չէ՞…

Լ. Բայրոն — Շուտով երրորդն էլ կունենանք, և այդպես կստեղծենք սուրբ Ղազարի ինքնապաշտպանական ջոկա՜տը…

Հ. Հարություն — Դե, այդքան մի ոգևորվիր, Բայրոն, խոսքն ընդամենը մի գիշերվա մասին է:

Լ. Բայրոն — Ո՞վ գիտե, թե էլ ինչ անհանգիստ գիշերներ կարող են լինել այստեղ…

Հ. Հարություն — Լավ, գնացինք, Աստված մեզ պահապան:

Հ. Սուքիաս — Աստված մեզ պահապան… մեր սրերի հետ: 

Երեքով հեռանում են:

ՊԱՏԿԵՐ Է

Վանքի բակը: Լիալուսին: Աբբահայրը դանդաղ ու զգուշորեն շրջում է՝ ստեպ-ստեպ ականջ դնելով հեռավոր ձայներին և շուրջը նայելով:

ԱբբահայրՎաղուց այսպիսի լիալուսին չեմ տեսել… (Նայելով վերև:) Հրա՜շք է իսկական, Աստված մեզ հոգ է տանում նաև գիշերով՝ իր լույսով ու գեղեցկությամբ… Ո՞ր տմարդը կարող է խանգարել մեր խաղաղ քունը այսպիսի հրաշալի ժամերին…. Թեև, ավա՜ղ, չարի համար գեղեցկություն ու մարդկայնություն գոյություն չունի: (Դադար:) Մեր արածը մի մեծ բան չէ, ընդամենը օտարազգի մարդ ենք հյուընկալել մեր հարկի տակ… մեր հանդեպ շատ հարգանք ու սեր է տածում, չպաշտպանե՞նք նրան… Մենք էլ նրան ենք սիրում ու հարգում: (Դադար:) Նա էլ մեզ նման մի հալածական տարագիր է… Մեր ճակատագրերը նման են, մենք իրար պաշտպանում ենք ընդամենը, և Աստված օգնական է մեզ: (Մոտենալով վառվող ճրագով  պատուհանի, տեսնում է՝ երկու երիտասարդ վանական ուշք են դրել լուսավորված սենյակից լսվող ուրախ աղմուկին ու երգեցողությանը:) Որդիք, այս ի՞նչ գործի եք…

Երիտասարդ վանականներն անակնկալի են գալիս՝ տեսնելով իրենց թիկունքում կանգնած աբբահորը:

Վանական Ա(կմկմալով): Ներող եղեք… աբբահայր… Նրանք այնքան զվարճալի ու հետաքրքիր են զրուցում… (Ցույց տալով լուսավոր պատուհանը:) 

Աբբահայր — Ովքե՞ր են…

Վանական Բ — Հայր Հարությունը, հայր Սուքիասը և լորդ Բայրոնը… Նրանք մի փոքր գինովցած են, բայց զարմանալի-ուշագրավ դատողություններ են անում… և հիանալի երգում են:

Աբբահայր — Բայրոնն է՞լ է երգում…

Վանական Ա — Այո, սրբազան, նաև՝ հայերեն… դե, ձայնակցում է հայրերին… Շվի նվագող էլ կա:

Աբբահայր — Հա՞… (Ունկ է դնում: Լսվում է ուրախ խմբի, թեեւ ոչ այնքան ներդաշնակ, բայց գրավիչ ու միահամուռ երգը շվիի ընդհատուն նվագակցությամբ. նրանք երգում են հայկական ժողովրդական սիրային ուրախ երգ:) Այո՜… Լավ, թող երգեն, իսկ մենք գնանք մեր բանին: (Վանականներին.) Մի պահ շրջեք խարսխաափին, հետո գնացեք հանգիստ առնելու:

Վանականներ — Բարի, աբբահայր: (Հեռանում են:)

Աբբահայր – (շրջվում, նայում է լուսավոր պատուհանի կողմը): Խենթե՜ր են… Երանի՜ ձեզ… դեռ ջահել եք ու խենթությամբ լի… (Հեռանում է:)

ՊԱՏԿԵՐ Ը

Աբբահոր առանձնասենյակը. նստած են աբբահայրը, հ. Հարությունը, հ. Սուքիասը, ևս չորս վանական: Նրանք մտահոգ ու անհանգիստ են, ծանր լռություն է տիրում:

Աբբահայր – Ինչո՞ւ է լորդը ուշանում, նա խոստացավ, չէ՞, հայր Հարություն, որ այս ժամին կլինի մեզ մոտ:

Հ. Հարություն — Այո-այո, աբբահայր, հիմա կգա, շատ չի ուշանա… Գուցե մի փոքր տարվել է էլի…

Հ. Սուքիաս — Նա երբեմն անկանխատեսելի է դառնում, բայց մեր առնչությամբ սովորաբար ձգտում է լինել բարեխիղճ:

Արագաքայլ ու ուրախ ներս է մտնում լ. Բայրոնը:

Լ. Բայրոն — Խորին հարգանքներիս հավաստիքը, իմ սիրելի հայրեր: Ներողամիտ եղեք, որ մի փոքր ուշացա: Եթե տեսնեիք, թե ինչ գեղեցկուհի՜ էր էդ հարսնացուն… ափսոս, նա էլ է ինչ-որ տարեց կոմսի հետ ամուսնանում: (Ներկաներից ոմանք փռթկացնում են:) Բայց դե գեղեցկուհի է, հա՜… (Նկատելով աբբահոր, ինչպես և մյուսների տխուր ու խոժոռ դեմքերը:) Էս ի՞նչ է պատահել ձեզ… Ի՞նչ եք երկնքի սև ամպերն առել ձեր դեմքերին… Կորու՞ստ ունեք… Դե, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք ինձ կանչել…

Աբբահայր — Լորդ Բայրոն, այստեղ հավաքված է մեր միաբանության գիտական խորհուրդը: Մենք որոշեցինք խորհրդի միասնական կարծիքը փոխանցել ձեզ:

Լ. Բայրոն — Ի՞նչ կարծիք, աբբահայր… Էլի ինչ-որ զանցա՞նք եմ թույլ տվել…

Աբբահայր — Մեր կարծիքը հայր Հարությունի կազմած հայերեն-անգլերեն քերականության ձեռնարկի համար ձեր գրած առաջաբան խոսքի վերաբերյալ:

Լ. Բայրոն — Ա՜… սիրտս թեթևացավ, իսկ իմ մտքով վատ բաներ էին անցնում… Դե ինչ, պատրաստ եմ լսելու ձեր գովեստի խոսքերը իմ համեստ առաջաբանի վերաբերյալ:

Աբբահայր — Թանկագին Բայրոն, նախ, հայտնում եմ ձեզ, որ մենք երկար ենք քննարկել ձեր գրվածքը, և պիտի ասեմ՝ նույնիսկ սուր բանավեճ ունեցանք:

Լ. Բայրոն(խիստ զարմացած): Բանավե՞ճ… Բայց հայր Հարությունը մի քանի օր առաջ ինձ հայտնել էր, որ հիացած է իմ առաջաբանով, և իր գիրքը մեծ արժեք ու նշանակություն է ունենալու նաև առաջաբանի շնորհիվ… Ես ճի՞շտ եմ վերաարտահայտում ձեր գնահատականը, հայր Հարություն…

Հ. Հարությունը գլուխը կախ, մռայլված լռում է:

Աբբահայր — Հայր Հարությունին չմեղադրեք, լորդ, նա անկեղծ է իր կարծիքում: Բայց այս կարգի հարցերը վճռում ենք միասնաբար՝ ելնելով մեր միաբանության շահերից… Մեր խորհրդի վերջնական եզրակացությունն այն է, որ ձեր խոսքն այս տեսքով չենք կարող հրապարակել:

Հ. Հարություն — Որդիս, գուցե՞ մի նոր առաջաբան գրեք, ավելի մեղմ ու անվնաս մի խոսք…

Լ. Բայրոն — Բայց ինչո՞ւ, հայր Պասկալ, մի՞թե վատ եմ գրել. իմ ճշմարիտ միտքն ու հոգին եմ դրել այդ գրության մեջ:

Աբբահայր — Ոչ-ոչ, Բայրոն, ամեն ինչ փայլուն ու իմաստալից եք գրել, մենք նույնիսկ մի պահ ոգեշնչվեցինք:

Լ. Բայրոն — Չեմ հասկանում, այդ դեպքում ի՞նչն է ձեզ մտահոգում… Ինչպե՞ս կարելի է հրաժարվել փայլուն ու իմաստալից խոսքից:

Աբբահայր — Քաղաքական հանգամանքներն են խանգարում, լորդ, բացառապես՝ քաղաքական:

Լ. Բայրոն — Այսինքն՝ մտավախություն ունեք, որ իմ առաջաբան խոսքը կարող է քաղաքական վտա՞նգ հարուցել ձեր միաբանության համար… Կարող է խաթարել ձեր անդո՞րրը…

Աբբահայր — Այո, լորդ Բայրոն, հենց այդ մտավախությամբ ենք մերժում ձեր առաջաբանի հրապարակումը: Դուք կծու բառեր եք օգտագործել թուրքերի ու պարսիկների հասցեին. նրանք կկարդան և ձեր Անգլիայի ու Իտալիայի կառավարությունների ձեռքերով մեզ կպատժեն:

Լ. Բայրոն — Մի վայրկյան, աբբահայր… (Աբբահոր առջևից վերցնում է մի թուղթ:) Կարդամ այդ հակաթուրքա-պարսկական հատվածը, տեսնենք՝ որտեղ եմ չափն անցել. «…դրախտի անհետացման հետ սկսվեց նաև Հայաստանի տարաբախտությունը, որովհետև, թեպետև երկար ժամանակ նա եղավ մի զորավոր թագավորություն, բայց հազիվ երբեք անկախ մնաց. և պարսից սատրապները, և թուրք փաշաները հավասարապես անապատ դարձրին այն երկիրը, ուր աստված ստեղծել էր մարդուն ըստ իր հատուկ պատկերի»: (Զարմացած, ուշադիր նայում է ներկաներին:) Այս բառերի համա՞ր եք տագնապ բարձրացրել, աբբաներ… (Լռություն:) Եվ ի՞նչ կանեն ձեզ, ուրիշների ձեռա՜մբ, ձեր հակառակորդները, երբ կարդան այս տողերը… (Հեգնանքով:) Միաբանությունը կփակեն ու կվտարե՞ն ձեզ Վենետիկից, բա՞նտ կնետեն, խարույկ ու կախաղա՞ն կհանեն ձեզ… 

Աբբահայր — Հավանաբար նման մի պատիժ կլինի:

Լ. Բայրոն — Մի՞թե այդքան թույլ ու անպաշտպան եք պատկերացնում ձեզ…

Աբբահայր — Լորդ, մենք ընդամենը կղերական-գիտական հիմնարկ ենք մի օտար երկրում, մեզ հեշտ է գցել քաղաքական խարդավանքների ծուղակը… Տիար, մեծարգո բարեկամ, առաջարկում ենք փոխզիջումային տարբերակ. համաձայնվեք ձեր գրությունից հանել այդ… թուրքա-պարսկական գլխացավանքը, և մենք կհրապարակենք առաջաբանը: Մնացած հատվածներն ևս շատ ծանրակշիռ ու այժմեական են… Լորդ Բայրոն, մի զրկեք մեզ ու ձեզ այդ հիանալի գրվածքը տպագրված տեսնելու հաճույքից ու օգտակարությունից:

Լ. Բայրոն — Ո՜չ, աբբահայր, ո՜չ, համաձայն չեմ, որքան էլ ձեր առաջարկությունը բարի փոխզիջում կոչվի: Կամ դուք իմ խոսքը հրապարակում եք ամբողջովին, ինչպես հանձնել եմ ձեզ, կամ այն չի հրապարակվում: Եվ մի դատեք ինձ իբրև կամակորի: Հարցը բարոյական ու գաղափարական սկզբունքայնության մեջ է:

Լռություն:

Աբբահայր — Լորդ Բայրոն, չենք կարող թույլ տալ, որ մի գրության պատճառով մենք փորձության ենթարկվենք:

Լ. Բայրոն — Եվ դա ձեզ համար ընդամենը մի գրությո՞ւն է… (Պոռթկալով:) Իմ խոսքի մեջ ես ցույց եմ տալիս իմ խորին-անկեղծ սերը հայ ազգի ու Հայաստանի հանդեպ. այնտեղ ընդամենը մեղմ ակնարկով եմ նշել ձեր երկրի ներկայիս դժբախտության հեղինակներին: Դուք վախենում եք հրապարակավ ասել, թե ովքեր են Հայաստանի ներկայիս կեղեքիչներն ու բռնակալները… Չեմ ուզում հավատալ, որ այդ աստիճանի վախկոտ եք, հայ հայրեր… Դուք նույնիսկ ավետարանն եք անտեսում. գրված է, չէ՞՝ հավատացեք, ու երբեք չեք վախենա: Դուք ավետարան էլ չեք կարդում:

Հ. Հարություն — Բայրոն, հանգստացիր, վիրավորական խոսքեր մի ասա:

Լ. Բայրոն(ավելի պոռթկուն): Ո՜չ, վարդապետ, ո՜չ: Հիմա ես պետք է ձեզ սովորեցնեմ. զսպվածությունը, ավելորդ զգուշավորությունն ու սարսափը վտանգներից՝ հաճախ կործանման են հանգեցնում և մարդուն, և ազգերին: Նրանց պետք է պայքարի կոչել՝ հանուն իրենց ազատության… Դուք գիտե՞ք ձեր հայրենիքի իրական վիճակը, թե՞ այս անդորրավետ կղզին վերջնականապես ընդարմացրել է ձեր ազգային հպարտությունն ու հայրենական գիտակցությունը… Ես պետք է մարտակո՜չ գրեի ձեզ համար, ես պետք է ի զե՜ն կոչեի աշխարհի ողջ հայերին՝ հանուն իրենց հին ու մաքառուն, պանծալի ու հետաքրքիր, բայց հիմա՝ լլկվող ու ոչնչացող երկրի ազատագրության համար: Հարկ է, հանուն հայության ազատության ու անկախության, շեփորներ հնչեցնել ու ծիրանագույն դրոշներ ծածանել հայկական հողում… Ես թաքուն հույս ունեի, որ մի օր դուք՝ կիրթ ու գիտուն աբեղաներ, որ հայ ազգի սերուցքը կարող եք լինել… որ մի օր դուք կդառնաք հայոց արժանապատվության, ազատագրության ու վերածնության դրոշակակիրն ու ջահակիրը, և ես պիտի լինեի ձեզ հետ՝ պատրաստ ուս-ուսի մարտնչելու վայրագների դեմ ու հաղթելու, կամ՝ զոհվելու… Այո, ես մինչ օրս պատրաստ էի զոհվել Հայաստանի համար՝ ձեր նվիրումի, պայքարի, քաջության ու աղոթքների տակ: Ես համարում էի, որ սուրբ Ղազարը Հայաստանի անկախության շտաբն է, այդ մասին հպարտանալով ասում էի իտալացի կարբոնարիստ իմ ընկերներին… Ինչպիսի՜ հուսախաբություն, հայոց պատվական ազգի ինչպիսի՜ մորթապաշտ ու խղճուկ շառավիղներ:

Հ. Հարություն(այլայլված): Բայրոն, վերջ տուր վիրավորական խոսքերիդ, մենք արժանի չենք դրանց: Պետք չէ ծայրահեղական խոսքեր հեղել պահի տակ: Դու իսկապես խենթացել ես:

Լ. Բայրոն — Խենթ հա խենթ… միանգամից ասեք սատանա՝ պրծնենք: (Հեգնալից ծիծաղում է:) Գուցե դուք է՞լ եք գերմանացի ցնդած փիլիսոփայի պես կարծում, թե շփվում եմ սատանայի հետ…  

Աբբահայր – Հարգարժան լորդ, մենք չենք կիսում այլոց անհաճո կարծիքները ձեր վերաբերյալ: (Լ. Բայրոնը հարցական նայում է Աբբահորը, ապա մյուսներին:) Դե, օրինակ, Տոսկանայի իշխանավորներն այն միահամուռ կարծիքին են, որ դուք… անառակ նոբլմեն եք… այլև՝ վտանգավոր ազատամիտ, լիբերալիզմի էմիսար և պետք է գտնվեք մշտական հսկողության տակ:

Լ. Բայրոն – Եվ դուք համամիտ եք նրանց հետ:

ՆԵՐԿԱՆԵՐ – Ոչ-ոչ-ոչ:

Լ. Բայրոն – Կարծում եք՝ ձեր այդ ոչ-ի դիրքորոշումն ինձ ոգևորո՞ւմ է… Լսեք, ես երբևէ այսքան սթափ ու ողջախոհ չեմ եղել, ուստի ձեզ կասեմ ամենայն անկեղծությամբ… (Մատնացույց անելով ներկաներին, դատապարտող տոնով:)  Ստրուկներ ու վախկոտնե՜ր, դուք արժանի եք բռնակալների ու ստորացման… դուք… դուք արժանի՜ չեք այն մեծ ազգին, որից ծագում եք: (Ձեռքի թուղթը ճմռթում, նետում է հատակին, ապա փութով դուրս է գալիս:)

Վանականները տագնապած խաչակնքում են՝ «Տեր Հիսուս» մրմնջալով: Քար լռություն է տիրում մի պահ:

Աբբահայր(նվաղուն ու տրտմալից ձայնով): Խենթ է այդ տղան, իսկական խենթ:

Հ. Հարությունը և հ. Սուքիասը դուրս են գալիս լ. Բայրոնի ետևից: Մյուսները շվար ու գլխիկոր մնում են նստած:

ՊԱՏԿԵՐ Թ

Լ. Բայրոնի վենետիկյան սենյակը: Նստած գրում է: Ներս է մտնում Թերեզան:

Թերեզա(մոտենում, մի պահ անշարժանում է լ. Բայրոնի դիմաց: Վերջինս չի նկատում նրան): Ներիր, սիրելիս, որ պիտի խանգարեմ քեզ:

Լ. Բայրոն — (վերջապես գլուխը բարձրացնում է): Ի՞նչ կա, աղունիկս…

Թերեզա — Ուզում եմ հիշեցնել այսօրվա համար տվածդ խոստումը:

Լ. Բայրոն — Ի՞նչ խոստում…

Թերեզա — Ի՜նչ մոռացկոտն ես, Ջորջ… Մի օր էլ ինձ էդպես կմոռանաս:

Լ. Բայրոն — Դե ասա, թանկագինս, միտքս շատ զբաղված է հիմա, կարող է և ինչ-որ բան մոռանամ:

Թերեզա — Այսօր լրանում է մեր ամուսնության առաջին տարեդարձը:

Լ. Բայրոն — Օ՜, հրաշալի է… Մի՞թե դա մոռանալու բան է… Բայց քեզ լավ պոկեցի, չէ՞, էդ ագահ կոմսից… Մի փոքրիկ փրկագինը բավ էր, որ քեզնից հրաժարվեր: 

Թերեզա — Հա, թանկագինս, դու լավ ազատագրեցիր ինձ… Շնորհակալ եմ կրկին: (Համբուրում է լ. Բայրոնին, ապա մի կարճ սիրախաղ է տեղի ունենում նրանց միջև:)

Լ. Բայրոն — Լսիր, Թերեզ, բայց էդ խորամանկ կոմսն էլ է շահած դուրս եկել իրավիճակից. և փող է ստացել, և ազատվել անհավատարիմ կնոջից: Հա-հա-հա… (Կեղծավոր ծիծաղում է:)

Թերեզա — Ես սրտով երբեք էլ նրա կինը չեմ եղել, մի անտեսիր էդ կարևոր հանգամանքը… Լավ, սիրելիս, հիշեցնեմ. դու խոստացել ես, որ ինձ այսօր կտանես Վենետիկի հարուստ խանութները՝ գնումների, իսկ հետո կընթրենք Լիդոյի քո նախասիրած պանդոկում: Էդպես կտոնենք մեր ամուսնության առաջին տարեդարձը… Հա, խոստացածդ նվերն էլ չմոռանաս: 

Լ. Բայրոն — Խոսքիս տերն եմ, անուշիկս, միայն թե մի քիչ համբերիր՝ վերջացնեմ նամակներս, նոր գնանք:

Թերեզա — Ա՜, մոռացել էի՝ երկուշաբթին քեզ համար նամակագրության օր է… Դեռ շա՞տ ունես գրելու… (Մի փոքր հեռանում է լ. Բայրոնից:) 

Լ. Բայրոն(շարունակում է գրել ու միաժամանակ զրուցել Թերեզայի հետ): Մի նամակ մնաց…

Թերեզա — Թույլ կտա՞ս կարդամ… Չիմանա՞մ… գուցե կանանց էլ ես գրում…

Լ. Բայրոն — Ուզում ես՝ կարդա… քանի դեռ ծրարների մեջ չեմ դրել:

Թերեզա — Իհարկե՝ ուզում եմ: (Վերցնում է սեղանի թղթերից մեկը, կարդում, նախ, անձայն, ապա՝բարձր:) Պարոն Մըրրեին… կուզենայինք իմանալ, թե կա՞ն, արդյոք, հայերեն տպատառեր և հայ մամուլ Անգլիայում՝ Օքսֆորդում, Քեմբրիջում կամ որևէ այլ տեղ: Դուք, իհարկե, տեղյակ եք, որ շատ տարիներ առաջ Վիստոնները Անգլիայում հրատարակեցին «Հայոց պատմության» բնագիրը՝ իրենց կատարած լատիներեն թարգմանության հետ մեկտեղ: Գոյություն ունե՞ն, արդյոք, այդ տպատառերը և որտեղ են դրանք: Խնդրում եմ՝ հարց ու փորձ արեք ձեր քաջատեղյակ ծանոթներին»… Շատ մասնագիտական նամակ է: (Թուղթը դնում է սեղանին, վերցնում մեկ ուրիշը:) «Հայերեն քերականությունը հրատարկվում է, բայց հայերենի դասերս առայժմ ընդհատվել են, մինչև գլխացավս մի քիչ մեղմանա…»: Սիրելիս, քո գլխացավն էդքան ուժե՞ղ է, որ դրա մասին Անգլիա ես գրում… Գուցե՞ իմ պատճառով է գլխացավդ…

Լ. Բայրոն — Դե չէ, դա ավելի շատ գրել եմ փոխաբերական իմաստով:

Թերեզա — Լավ, համոզեցիր: (Վերցնում է մի ուրիշ թուղթ:) «Ինչո՞ւ չուղարկեցիք նամակիս պատասխանը և հայկական Եվսեբիոսի թարգմանության բաժանորդների ցուցակը, որի հայտագրի օրինակները ուղարկեցի ձեզ երկու ամիս առաջ… Դուք չպետք է անուշադրության մատնեք իմ հայերին»… Իմ հայերի՜ն… Ի դեպ, ամուսնյակս, վաղուց չես այցելում քո հայերին… ինչո՞ւ, նեղացե՞լ ես նրանցից…

Լ. Բայրոն(մի պահ ակնդետ նայում է Թերեզային): Քո խելքի բանը չէ… Վերջացնում եմ, հագնվիր՝ դուրս գանք:

Թերեզան դուրս է գալիս, քիչ անց վերադառնում՝ տոնականորեն հագնված:

Թերեզա — Ես պատրաստ եմ… Սիրելիս, պիտի քեզ հիշեցնեմ մի խոստումդ ևս. մենք դեռևս չենք գնացել սուրբ Ղազար՝ օրինականացնելու մեր ամուսնությունը. ե՞րբ ենք գնալու:

Լ. Բայրոն — Շուտով:

Թերեզա — Ուռա՜… Ես էլ քեզ պես սիրում եմ էդ կղզին… էդ բարեհամբույր ու գեղեցկատես հայ աբեղաներին՝ նույնպես: (Չարաճճի նայում է լ. Բայրոնին:)

Լ. Բայրոն — Դու իմ հոգու հետ չխաղաս: (Նամակները տեղադրում է ծրարներում, ծրարները՝ պայուսակի մեջ: Հագնվում է:) Կհիշեցնես, որ նամակները ճանապարհին հանձնեմ փոստատուն:

Թերեզա — Լավ, սիրելիս:

Թևանցուկ դուրս են գնում:

ՊԱՏԿԵՐ Ժ

Ձիթենիների պուրակում շրջում են հ. Հարությունը և հ. Սուքիասը: Կանգ են առնում,  մտասույզ նայում հեռուն:

Հ. Հարություն — Ինչքա՜ն կարոտ կա իմ մեջ… և իմ բաղձանքները հեռուներում են…

Հ. Սուքիաս — Եղբայր Հարություն, հիշո՞ւմ եք՝ այսօր ինչ օր է…

Հ. ՀարությունՀիշում եմ, եղբայր Սուքիաս, հիշում եմ… Ուղիղ վեց տարի է, ինչ Բայրոնը առաջին անգամ ոտք դրեց մեր կղզին:

Հ. Սուքիաս — Այո՜… Թվում է, հեռավոր անցյալում է այդ 1816 թվականի դեկտեմբերի 1-ը, չէ՞, եղբայր…

Հ. Հարություն — Այո-այո… Ես ամեն օր հիշում եմ նրան՝ իմ խենթ աշակերտին:

Հ. Սուքիաս — Ես նույնպես կարոտում եմ նրան… Նա մեզ լքեց խռոված հոգով, մենք խորապես խոցել ենք նրա դյուրազգաց ու ազատասեր սիրտը: Նա հազիվ թե երբևէ ցանկանա վերականգնել կապերը մեզ հետ:

Հ. Հարություն(տխրագին): Մենք ուժգին ենք վիրավորել նրան… դե նա էլ՝ մեզ. շատ հուսախաբված գնաց մեզնից: Դեռ էլի ժամանակ է պետք, որպեսզի լիովին խաղաղվի ու ների մեզ:

Հ. Սուքիաս — Արդեն հինգ տարի է՝ ոտք չի դնում այստեղ:

Հ. Հարություն — Հավատա, եղբայր Սուքիաս, մի օր մեր խենթը կվերադառնա… Ես հավատում եմ դրան, ես նրան ճանաչում եմ:

Հ. Սուքիաս — Երանի ձեր ասածը ճշմարիտ լինի, եղբայր Հարություն… Թող Աստված լսի մեր կարոտի ձայնը: (Դադար: Հեռվում նկատելով ինչ-որ բան՝ փոքր-ինչ զվարթ:) Գոնդոլ է մոտենում մեր ափին… երևի դարձյալ նորապսակներ են… Չէ, երկու տղամարդ են՝ թիավարը և…

Հ. Հարություն — Բայրո՜նը…

Հ. Սուքիաս — Ի՞՜նչ, գուշակությո՞ւն եք անում… Այստեղից հստակ չի երևում եկողի դեմքը:

Հ. Հարություն— Սիրտս է վկայում, եղբայր, Բայրոնն է:

Դադար: Սպասում են այցելուների մոտենալուն:

Հ. Սուքիաս(հախուռն ուրախությամբ բացականչում է): Այո՜, Բայրո՜նն է… Եղբայր Հարություն, դուք իսկական պայծառատես եք, Բայրո՜նն է…

Հ. Հարություն — Հրաշալի, հրաշալի… (Ինքնիրեն, կամաց:) Վերադարձավ մեր անառակ որդին:

Ներս է մտնում լ. Բայրոնը՝ ուսապարկը ձեռքին, ներողամտորեն ժպտալով:

Լ. Բայրոն — Իմ սիրելի հայրե՜ր, հազար ողջույն ձեզ: (Ողջագուրվում է նրանց հետ:) Ես ձեզ անչափ կարոտել եմ…

Հ. Հարություն – (հայրաբար): Հազար ողջույն, Ջորջ:

Հ. Սուքիաս — Ողջույննե՜ր, Բայրոն: Մեր աչքը ջուր կտրեց՝ ձեզ սպասելով: Բարի վերադարձ… Այսօր մի լավ կտոնենք ձեր վերադարձը:

Լ. Բայրոն — Հա՞… էն գինուց դեռ մնո՞ւմ է…

Հ. Սուքիաս — Տակառիկները լի՝ սպասում են մեզ:

Լ. Բայրոն— Իմ բաժինը կպահեք, հետո կվայելենք… Դե, ինչպե՞ս եք, թանկագին հայրեր… Լավ է, տեսնում եմ՝ ողջ-առողջ եք: (Կեղծ կշտամբանքով:) Իմ կարոտից չեք նիհարել բնավ:

Երեքով ծիծաղում են:

Հ. Հարություն — Դու ինչպե՞ս ես, որդիս… Արևհարված ես, նիհարած… Երևի շատ ես ձիավարում, լողում…

Հ. Սուքիաս — Կամ՝ կանանց ձեռքին չարչարանքներ կրում…

Լ. Բայրոն — Դե չէ, ես Իտալիայում շարունակ ճամբորդությունների մեջ էի այս վերջին երեք-չորս տարիներին… դե … կարբոնարիստների գործերով…

Հ. Հարություն — Հա՜… Ուրեմն՝ մոռացել ես հայերենը…

Լ. Բայրոն — Չեմ մոռացել, ուսուցիչ, ձեր տված հայերեն գրքերը կարդում էի ազատ ժամանակս, բայց դե նոր թարգմանություններ չեմ կատարել:

Հ. Հարություն — Ուրեմն պետք է վերսկսենք հայերենի պարապմունքները:

Լ. Բայրոն — Ուրախ կլինեի դրա համար, բայց ներկայումս ես սևեռված եմ մի շատ կարևոր առաքելության վրա:

Հ. Սուքիաս – (կասկածամտորեն): Գուցե՞ հայկական ոլորտն այլևս քեզ համար հետաքրքրություն չունի, Բայրոն… 

Հ. Հարություն — …կամ՝ մոռացել ես ուրիշ սուր խոսքեր, և հիմա եկել ես, որ դրանք էլ նետես մեր երեսին… Արժանի էինք:

Լ. Բայրոն — Չէ-չէ, հայր Սուքիաս, հայր Հարություն, մոռացեք այդ ամենը, գժտության միջադեպը վաղուց անցյալում է, պետք չէ այն փորփրել ու ջրի երես հանել: Ես չարություն ու ոխ չեմ տածում ձեր հանդեպ, ձեր նկատմամբ նման տմարդի վարմունքի ընդունակ չեմ: Դուք իմ հոգու լավագույն կղզյակում եք, ես միշտ կսիրեմ ձեզ… Ես շա՜տ եմ պարտական ձեզ:

Հ. Հարություն — Բայրոն, դուք ոչնչով պարտական չեք մեզ:

Լ. Բայրոն — Ուսուցիչ, երախտամոռի մեկը չեմ: Ես հիշում ու չափազանց արժևորում եմ այն ամենը, ինչ դուք՝ հայ հայրեր, արեցիք ինձ համար: Հիշում եմ ամեն ինչ՝ ձեր սերն ու հոգատարությունը, ձեր անաղմուկ ջանքերը, որ փրկվեմ խորը ընկճախտից ու հուսալքությունից, որ պաշարել էին ինձ Անգլիայից վտարանդվելուց հետո… Ինձ չափազանց ոգեշնչեց ձեր հին ու գեղեցիկ, բայց և բարդ ու դժվարին լեզուն՝ ձեր գրաբարն ու աշխարհաբարը, ինձ նոր երազանքների մղեց հայ ազգի իմաստալից ու խայտաբղետ պատմությունը… Հայերը եղան իմ մեծ սերը: Ես իմ մեծ սերերից ոչ մեկը անտերության չեմ մատնում… Այս տարիներին՝ ուր որ եղել եմ, ինչ կիրթ մարդկանց հանդիպել եմ՝ պատմել եմ ձեր մասին եղբայրական գորովով: (Սիրառատ հայացքով նայում է աբբաներին:) Իմ սիրելի՜ հայրեր… ես եկել եմ ձեզ հրաժեշտ տալու:

Հ. Հարություն, հ. Սուքիաս(միաբերան): Հրաժե՞շտ…

Լ. Բայրոն — Այո, բայց, նախ, թույլ տվեք աբբահորն ու մյուս վանականներին հրաժեշտ տամ… Թեպետ շատ եմ շտապում, ձեզ հետ մի փոքր երկար կզրուցեմ… Հայրեր, քիչ մը սպասեք, շուտով կվերադառնամ: (Շտապ հեռանում է:)

Հ. Հարություն – Ո՞ւր է մեկնում այս տղան, հը՞, եղբայր Սուքիաս… Սիրտս ինչ-որ տագնապ խուժեց…

Հ. Սուքիաս — Կարող եմ միայն կռահել. նա մեկնում է… ինչ-որ թեժ երկիր, ուր ազատության համար պայքար է ծավալվում…

Հ. Հարություն(տագնապած): Այսինքն՝ գնում է կռվելո՞ւ…

Հ. Սուքիաս — Կարծում եմ՝ այո… Գնում է մարտնչելու և…

Հ. Հարություն — Եվ ի՞նչ… (Դադար:)

Հ. Սուքիաս — Եղբայր Հարություն, ավելի լավ է՝ մի քիչ սպասենք, հիմա նա կգա՝ ինքն էլ կպատմի իր գալիք արկածախնդրությունների մասին:

Հ. Հարություն — Բայց նա չի կարող խոստովանել այն, ինչն Աստծո ու ճակատագրի գործն է:

Հ. Սուքիաս — Այո, եղբայր, դա կարող ենք կռահել մենք, որ այդքան սիրեցինք նրան… և մեծ տագնապ ունենք նրա ապագայի վերաբերյալ:

Տրտում նայում են հեռուն՝ ունկնդրելով ծովի մեղմ շառաչը: Ներս են մտնում աբբահայրը և լ. Բայրոնը

Լ. Բայրոն — Սիրելի հայրեր, աբբահոր հետ եկել ենք ձեզ հրաժեշտ տալու… Նա գալիս է ինձ հետ:

Աբբահայր — Դե, նա կատակելու սիրտ ունի նույնիսկ… Ես եկա, որ ծովափին միասին հրաժեշտ տանք մեր խռովարար բանաստեղծին:

Հ. Հարություն – Ո՞ւր ես մեկնում, որդիս…

Լ. Բայրոն(ոգեւորությամբ): Հունաստան, հայր Հարություն, Հունաստան:

Հ. Սուքիաս — Ասում էի, չէ՞, որ թեժ երկիր է գնում:

Հ. Հարություն — Ի՞նչ ես կորցրել Հունաստանում, որդիս… Այնտեղ ապստամբություն է բորբոքվում թուրքերի դեմ, արյուն է հեղվում: 

Լ. Բայրոն — Այո՜… (Արտասանում է).

Շուրջդ դրոշ, դաշտ արնածուփ,

Սուր, Հունաստան և բեմ փառքի,

Իսկ դու հպարտ սպարտացուց՝

Վահանակիր…

Հ. Հարություն — Դա հույների գործն է, պետք չէ խառնվել, կարող են քեզ ճիշտ չհասկանալ, որդիս…

Լ. Բայրոն — Ովքե՞ր ճիշտ չեն հասկանա ինձ, հայր Հարություն… Անգլիացի՞ք… թուրքե՞րը, որոնք արդեն ինձ «բարձր դռան» թշնամի են հայտարարել… Դե դա իսկապես նրանց գործը չէ…  Հայր ուսուցիչ, Հունաստան մեկնելը նաև իմ գործն է, իմ՝ անգլիացի բանաստեղծ Բայրոնի, ով տանել չի կարող բռնություն ու կեղեքում, որ երկրում էլ դրանք գործադրվեն… Ես մի՞թե նաև աշխարհի զավակը չեմ, մի՞թե իմ ձայնը չպետք է միանա աշխարհի յուրաքանչյուր անկյունում ազատության համար վեր բարձրացող ձայներին… Հունաստանը հիմա ազգի գերեզման է առավելս ու աստվածների հին բնակատեղի, ուր խորանների վրա այլևս լույսեր չեն վառվում. ո՞վ պետք է այդ լույսերը վառի… «Այնտեղ նստած է մուսուլմանը, թեթևամիտ հույնն է անցնում երգելով»… Եվ ի՞նչ պիտի թելադրի ինձ այդ ծանր կացությունը… (Արտասանում է).

Լինի այդտեղ դամբանը քո,

Քեզ զինվորի շիրիմ հարմար,

Փնտրիր անդող, գտիր քեզ հող

Եվ հանգիստ առ:

(Դադար): Գիտեմ՝ թագավորների ժամանակներն արագորեն մոտենում են իրենց վախճանին: Արյունը հոսելու է ինչպես ջուր, իսկ արցունքն՝ ինչպես մառախուղ, բայց վերջ ի վերջո հաղթելու են ժողովուրդները: Ես չեմ ապրելու այնքան, որ տեսնեմ այդ օրերը, բայց ես այդ բանը գուշակում եմ: (Աբբահորը և հ. Սուքիասին:) Եթե այս պահին ազատագրական պայքար լիներ Հայաստանում, ես անմիջապես կմեկնեի այնտեղ, կմիանայի ազատատենչ իմ հայ եղբայրներին: (Խորհրդավոր:) Դե, իմաստուն հայրեր, ե՞րբ եք ազատության ջահերը վառելու Հայաստանում, ես կտեսնե՞մ այդ օրը… (Լռություն:) Լավ, ձեզ չտանջեմ հրաժեշտի պահին… Հա, չմոռանամ տանել հետս, ես ձեզ համար նվերներ եմ բերել: (Ուսապարկից հանում է գրքեր և երկու փաթեթ, հանձնում հ. Հարությունին և հ. Սուքիասին:) Աբբահորը արդեն տվել եմ… Հայր Հարություն, դրանք այն գրքերն են, որ խոստացել էի Անգլիայից ստանալ ձեզ համար. դուք ուզում էիք այդ ստեղծագործությունները հայերեն թարգմանել:

Հ. Հարություն — Շնորհակալ եմ, որդիս: (Նայում է գրքերից մեկը:) Այո, վաղուց փափագում եմ Միլտոնի «Դրախտ կորուսյալը» թարգմանել… Ջորջ, ինձ կօգնես, չէ՞, այս գործում:

Լ. Բայրոն — Եթե դրա հնարավորությունն ընձեռվի, անշուշտ, ուսուցիչ… Ես հեռուներում կլինեմ երկար ժամանակով… Դե, ոչինչ, հայր Հարություն, իմ օգնության կարիքը կարող է առանձնապես չզգացվել. դուք լավ եք տիրապետում անգլերենին, ոչ այնպես, ինչպես ես՝ հայերենին… և արդեն ունեք ձեր իսկ կազմած անգլերեն-հայերեն հարուստ բառարանը… Ասում եք՝ քանի՞ բառ եք ընդգրկել այնտեղ…

Հ. Հարություն — Քառասուն հազար:

Լ. Բայրոն — Հոյակապ է, քեմբրիջյան հրատարկություններին հավասարազոր աշխատություն է. արդեն տպագրե՞լ եք…

Հ. Հարություն — Այո, Բայրոն, քեզ համար հատուկ օրինակ եմ պահել, բայց կհանձնեմ քեզ, երբ վերադառնաս… Խոստանում ես, չէ՞, որ կվերադառնաս…

Լ. Բայրոն(մտախոհ): Կվերադառնամ, հայր Հարություն… բայց դե ճակատագրի հետ պիտի խոսեմ այդ հարցով:

Հ. Սուքիաս — Բայրոն, կարո՞ղ եմ միանալ ձեզ…

Լ. Բայրոն(զվարթացած): Մարտիկի ոգի՜ն արթնացավ ձեր մեջ… Բայց՝ ոչ, հայր Սուքիաս, հիմա՝ ոչ: Դուք դեռ պետք է մնաք սուրբ Ղազարում: (Ուրախ դեմքով նայում է ներկաներին:) Դուք նույնպես ազատասեր ու լուսավոր մարդիկ եք. կարծում եք՝ չգիտե՞մ, որ համակրում եք իտալացի կարբոնարիստներին… Ես իմ կարողությունների չափով օգտակար եղա նրանց այս տարիներին, բայց պայքարը դեռևս մեր ցանկալի հունով չի ընթանում… Հիմա Հունաստանի ժամն է, ինձ Զևսն ու Ապոլլո՜նն են կանչում, հայրեր… 

Ներկաներին անաղմուկ միանում են այլ վանականներ՝ հրաժեշտին մասնակցելու:

Աբբահայր(համբուրում է լ. Բայրոնի ճակատը): Պահպանիր քեզ, որդիս, մեր օրհնությունն ու բարի կամքը քեզ հետ են:

Հ. Հարություն(համբուրելով լ. Բայրոնի ճակատը): Պահպանիր քեզ, որդիս, մենք կաղոթենք քո վերադարձի համար:

Հ. Սուքիաս(սուսերամարտի շարժում անելով): Բայրոն, թող նաև մեր հայ աստվածները պահապան լինեն ձեզ: Ձեր ողջության համար ես ամեն օր կաղոթեմ:

Լ. Բայրոն — Շնորհակալ եմ, հայ հայրեր, շնորհակալ ու զգացված եմ խորապես… Բայց, հայր Սուքիաս, իմ հոգին առավել փառավորված կզգա, եթե ինձ համար աղոթելու փոխարեն ձեր ազգին նախապատրաստեիք ազատագրական պայքարի… Բայց դե դուք ավելի լավ գիտեք, թե ինչ պետք է անել: (Դադար:) Ձեր ազգը, զարմանալի՜ է, դարավոր բռնությունից չի կորցրել իրեն, չի աղավաղվել ու չի այլասերվել, նա մի ազգ է, որ հակառակ պարտության, անաղարտ է պահել իր ավանդույթների վեհությունը և իր հին համոզմունքների գեղեցկությունը… Եվ հետո, խնդրում եմ, չմոռանաք իմ այս կանխագուշակությունը. ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը,- իսկ դա անցյալում դառն է եղել,- ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը:

Հ. Սուքիաս — Բանաստեղծ. մենք չենք մոռանա ձեր ոչ մի հայկական խոհ ու պատգամ:

Լ. Բայրոն — Աբբահայր, դուք եք ինձ ասել, չէ՞, որ Հայաստանում հինավուրց ավերակները պահպանում են անհետացած փառքի և կորած երջանկության հոյակապ պատմությունը, այդ պատմությունը շարունակել է պետք… Ես ընդամենը հիշեցրի ձեզ:

Լ.Բայրոնը ողջագուրվում է հայրերի հետ:

Լ. Բայրոն — Հայր Հարություն, ողջ եղեք, ձեր գիտությամբ ու բարությամբ այնպե՜ս ողողել եք ինձ… Հայր Սուքիաս, դուք իմ հույսերից եք, կորով ու լուսեղեն հեռատեսություն ձեզ, ողջ եղեք: (Համբուրում է աբբահոր աջը:) Գերապայծառ աբբահայր, ողջ եղեք, ձեր իմաստնությամբ ներշնչված եմ… Ես գնում եմ՝ սքանչելի սուրբ Ղազարը սրտիս մեջ… Մնաք բարյավ, շնորհափա՜յլ հայ հայրեր: (Հրաժեշտ է տալիս մյուս վանականներին և հեռանում:)

Աբբահայր — Օրհնյալ լինես, որդիս, գնաս բարյավ…

Հ. Հարություն — Օրհնյալ լինես, որդիս, գնաս բարյավ…

Հ. Սուքիաս — Գնաս բարյավ, Բանաստեղծ…

Վանականներ — Գնաք բարյա՜վ…

Արդեն հեռվից լսվում է լ. Բայրոնի բացականչությունը:

Լ. Բայրոն — Ես մխիթարվա՜ծ եմ հեռանում ձեզնից, Մխիթարյաննե՜ր…

Աբբաները, մյուս վանականները ժպտում են, սրբում արցունքներն աչքերից:

Հ. Հարություն — Գնա՜ց  մեր խենթը… Աստված իմ, թող նա իսկապես մխիթարված հեռանա մեզնից:

Հ. Սուքիաս — Բայրոնը գնաց Հունաստանում կերտելու իր և հայրենի Անգլիայի նոր փառքը…

Աբբահայր — Նա գնաց այնտեղ իրեն զոհաբերելու…

Հ. Հարություն — Բայրոնը Հունաստանում կզոհվի նաև Հայաստանի համար…

Ներկաները տրտմագին նայում են միմյանց,

գլխով համաձայնության նշան անում, ապա հայացքները

հառում են հեռուն: Լսվում է ծովի սաստկացող ալեկոծությունը:

հոկտեմբեր, 2018 թիվ

Ծանոթագրություն.

Թատերախաղում Բայրոնից մեջբերված չափածո հատվածների թարգմանությունը՝

 Հենրիկ Սեւանի:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։