Անուշ ԹՈՎՄԱՍՅԱՆ/«ՔԱՈՍԻ ԴՈՒՌԸ»

Անուշ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ «ՔԱՈՍԻ ԴՈՒՌԸ» մենախաղը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում

Ես ծնվել եմ 1987 թ. հունվարի 21-ին: Ավարտել եմ թիվ 194 դպրոցը, ընդունվել եմ ԵՊՄՀ-ի մանկավարժության և իրավագիտության ‎ֆակուլտետը: Անչափ սիրում եմ թատրոն ու կինո, մասնակցել եմ «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնին, իսկ 2009 թ.` «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին «Քաոսի դուռը» պիեսով: Փառատոնից հետո հասկացա, որ ոչ միայն պաշտում եմ թատրոնը, այլև անչափ սիրում եմ գրել: Ինչո՞ւ: Ցանկանում եմ իմ ապրումները փոխանցել ընթերցողին, օգնել` բացահայտելու իրեն ու սիրել կյանքը…

Անուշ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՔԱՈՍԻ ԴՈՒՌԸ

Մենախաղ մեկ գործողությամբ

Անցյալը չես ջնջի ձեռքերով,

բայց նաև չպետք է թույլ տալ, որ անցյալը քեզ ջնջի:

Գործող անձիք

 ՄԱՐԴ

ՄԱՐԴՈՒ ԽԻՂՃԸ

Խաղն ընթանալու է մնջախաղի ու երկխոսության հերթագայությամբ:

ՄԱՐԴ Ինչո՞ւ, տեր Աստված, ինչո՞ւ այսչափ մենակ եմ, այսչափ դժբախտ, ինչո՞ւ…

ԽԻՂՃ — Ինչո՞ւ… Որովհետև փակվել ես քո մեջ ու վարպետորեն մարմնավորում ես կենդանի դիակի կերպարը: Քո մեջ սպանում ես քեզ: Բայց դրանով ոչինչ չես փոխի: Երբևէ քեզ հարցրե՞լ ես. «Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում այս կյանքից և, ի վերջո, ինչո՞ւ եմ լույս աշխարհ եկել: Իրավունք ունե՞մ ինչ-որ բան պահանջել կյանքից կամ մեղադրել նրան իմ անհաջողությունների համար»: Մեղավո՞ր է նա, որ ներփակվել ես` հաջողության սպասումը սրտիդ սեղմած` որ լույսը կբացվի, ու նրա հետ մեկտեղ հաջողությունը կթակի դուռդ: Տե՜ս, հանկարծ կողքովդ չանցնի:

ՄԱՐԴ Լռիր, լռիր… Չեմ ուզում ձայնդ լսել: Կարծես եղածը քիչ է, դու էլ մի կողմից ես հոգիս տակնուվրա անում:

ԽԻՂՃ (քմծիծաղով): Ի՞նչ, դու հոգի՞ էլ ունես: Իսկ ինձ թվում էր, թե նա վաղուց հիվանդացել ու գտնվում է մահվան թմբիրի մեջ:

ՄԱՐԴ — Դա քեզ միայն թվում է, տխմար: (Համր տեսարան): Փաստորեն, խիղճ ասվածը լինելուց բացի նաև գուշա՞կ ես: Կոչմանդ կից նոր մասնագիտությո՞ւն ես ձեռք բերել, թե՞ փիլիսոփայելն ու ճշմարտությունն ասելը բնատուր շնորհ է: (Դադար. սպասում է խղճի պատասխանին ): Դե, խոսիր, ինչո՞ւ պապանձվեցիր, չլինի՞ լեզուդ կուլ տվեցիր: Խոսիր: Չէ՞ որ դու ամեն ինչ հասկանում ես, միշտ ճիշտ ես վարվում: Եթե քեզ լսեմ` ամեն ինչ շատ լավ կլինի, հաջողությունը, սերն ու բարին դուռս կթակեն, և հոգիս կվերածնվի… (Ծիծաղում է): Ա՛յ միամիտ, կյանքը քեզ նմանների համար չէ, քո այդ երանելի հեքիաթային սպասումներով դու ոչինչ ես, լսո՞ւմ ես` ոչինչ:

ԽԻՂՃ (դադարից հետո): Ես լսում եմ, ես ամեն ինչ լսում եմ: Ասեմ` իմանաս. դու ես ինձ այսպիսին դարձրել` քո տաղտկալի լռությամբ ու շարունակական անգործությամբ, իսկ ինչ վերաբերում է հեքիաթային սպասումներին, ապա դու ես դրանց հավատում` անբան, թուլակամ:

ՄԱՐԴ Լավություն արա, հա՞, բերանդ փակիր, ուրիշ բան ու գործ չունե՞ս:

ԽԻՂՃ — Իհարկե, չունեմ, իմ գործը դու ես: Քո խնդիրը իմ խնդիրն է, քո ուրախությունը իմ ուրախությունն է, վերջապես, քո տառապանքը իմ տառապանքն է: Մենք իրար ենք ձուլված, մեզ միայն մահը կարող է բաժանել, լսո՞ւմ ես` մա՛հը:

ՄԱՐԴ Ի՜նչ եք ասում…

ԽԻՂՃ -Ցինի՛կ:

Այստեղ կարճ մնջախաղ` թելադրված իրավիճակով:

ՄԱՐԴ — Ինչ հեշտ ես խոսում… դու ի՞նչ գիտես` ի՛նչ է տառապանքը: Դու չես կարող զգալ` ինչ ես եմ զգում… Երբևէ լացե՞լ ես, գիտե՞ս` ինչ է արցունքը, թախիծը, կարոտը, կորուստը: Կորուստ, որը մաշում է հոգիդ և որի հետ չես համակերպվում: Ունենալ ամեն ինչ ու միանգամից կորցնել, լինել միայնակ, լքված: (Բեմի անկյունում դրված մոմակալը վերցնում է, փորձում է նրա կրակով տաքանալ ): Մարմինս ու հոգիս ջերմության կարիք են զգում, կարոտն ինձ շնչահեղձ է անում: (Մոմակալը կտրուկ դնում է հատակին ): Բայց ո՛չ այս արհեստական ջեմությունը, սա՛ չէ իմ ուզածը: Դու շատ հեշտ ես ասում` սա կյանքն է, ամեն ինչ մարդու համար է… Բայց, հասկացի՛ր վերջապես, անցյալը` անցյալ է, և այն չես ջնջի:

ԽԻՂՃ — Գիտեմ, իհարկե, գիտեմ, դու մոռանում ես, որ այդ ամենը իրար հետ ենք ապրել, միասին ենք ցավից լռել ու գոռացել: Բայց դա պատճառ չէ, որ փակվես ու ճանապարհ հարթես դեպի քաոս, որն արդեն բույն է դնում հոգուդ մեջ:

ՄԱՐԴ Ի՞նչ ես ասում… ի՞նչ քաոս, ի՞նչ ճանապարհ, խելագարվե՞լ ես, ի՛նչ է:

ԽԻՂՃ — Ես չեմ խելագարվել, իսկ դու եթե այսպես շարունակես` հաստատ կխելագարվես: Քաոս… Այն քաոսի մասին եմ ասում, որն ամեն մեկի մեջ կա, բայց լուռ է, պաղ… Իսկ քեզ մոտ սնվում է, ջերմանում… Քաոսը բազմաթիվ մուտքեր ունի, բայց ելք չկա, այնտեղ կպչուն ու հիվանդագին մտքերը սև ագռավների պես վրա են հասնում ու կտցահարում արդեն  բթացած ուղեղդ, իսկ հոգուն դրդում են ինքնասպանության: Ես ուզում եմ, որ դու ապրես: Ճամփա չհարթես դեպի այդ դուռը, որը վաղուց իր մուտքի առջև գորգ է փռել ու սպասում է քեզ: Իսկ դու ոչինչ չես անում դրանից խուսափելու համար, ավելին, ծնկաչոք  գնում ես այդ ճանապարհով` խնդրելով, որ քեզ կուլ տա, լափի խավարի ճանկերով:

ՄԱՐԴ Դե, բավակա՛ն է արդեն… Փակի՛ր գարշելի բերանդ: Ատո՛ւմ եմ քեզ:

ԽԻՂՃ (հունից դուրս գալով): Վիրավորի՜ր, վիրավորի՛ր` որքան կարող ես: Նախատելու միտք չունեմ, միայն մի բան կասեմ` գիտե՞ս, թե այսպես շարունակելով` ո՛ւր կհասնես: Կկորցնես հոգիդ ու ինձ, կմնաս մենակ ու կյանքիդ վերջ կտաս: (Մարդը ծիծաղում է ): Ինչո՞ւ ես ծիծաղում:

ՄԱՐԴ Վաղուց չէի ծիծաղել, իսկ դու արգելում ես: Ծիծաղում եմ, որովհետև դու քեզ կորցնում ես, հունից դուրս ես գալիս: Տե՜ր Աստված, վերջապես մարդկային մի զգացմունք քեզ հասու դաձավ:

ԽԻՂՃ — Ծիծաղիր, եթե քո կյանքում դա ինչ-որ բան կփոխի, բայց ինձ չծաղրես: Ու հիշիր` ինչ ասելու եմ: Թեև շատ համբերատար եմ ու ներողամիտ, բայց ես էլ կարող եմ վիրավորվել ու լռել… ընդմիշտ: (Դադարից հետո ): Իսկ դու ուզում ես` ապրիր, չես ուզում…

Տեսարան. օրեր անց:

ՄԱՐԴ — Նորից այս անտանելի խավարը, տհաճ սառնությունը: (Մնջախաղ ): Անգամ  պատերից այն կողմ ձայներ չեն լսվում: Չլինի՞` բոլորը քնած են: Իհարկե, քնած են, չէ՞ որ գիշեր է: Զարմանում եմ` հոգս չունե՞ն, ինչպե՞ս են կարողանում գիշերը քնել: (Դադարից հետո ): Մենակ չեն, դրա համար էլ կարողանում են: Կողքին սրտակից ու սրտացավ մարդիկ են, իսկ ես… մենակ եմ ու լքված: Նա էլ ինձ լքեց: (Դադար, որը կուղեկցվի համր խաղով ): Միայնությունը ամենուր է: Սնվում է հակասական ապրումներով: Նա կարծես իմ անբաժան ընկերն է դարձել, սահում է մարմնիս վրայով` սառնության շունչ փչելով իմ մեջ: Նրա ձեռքերը պարուրում են հոգիս, ասես անհետ սառեցնում են կապը անցյալիս հետ: Դա մաքրում է հոգիս: (Դադար ): Միայնությունը երբեմն կործանում է, երբեմն օգնում` թույլ տալով բացահայտել ինքդ քեզ: Ես չգիտեմ` որն է ճիշտ, բայց նա է բացառիկ միակը, որը միշտ քեզ հետ է: (Դադար ): Ո՞ւր ես, ո՞ւր կորար, ինչո՞ւ ես լռում, պատասխանի՛ր, խնդրո՜ւմ եմ… Դու չէի՞ր ասում, որ միայն մահը կարող է մեզ բաժանել: Մա՞հը… Մի՞թե ես մահացել եմ: (Շոշափում է իրեն ): Չէ, կարծես թե ողջ եմ… Այո, ողջ եմ, բայց չեմ ապրում: Ոնց որ խամաճիկ լինեմ: Ասենք, խամաճիկը գոնե իրեն խաղացնողն ունի, ես դա էլ չունեմ: Ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար: Ո՞ւր ես, տեր Աստված, ինձ ինչո՞ւ չես օգնում: Ես ուզում եմ ապրել, սա ապրել չէ, իսկ ես ուզո՛ւմ եմ ապրել: (Հոգեվիճակին համապատասխան խաղ, որը Խղճին կստիպի արձագանքել ):

ԽԻՂՃ — Իսկ դու ասում էիր` չե՜մ կարող, անզո՜ր եմ…

ՄԱՐԴ Ուրեմն, դու չէի՞ր լքել ինձ: Տե՜ր Աստված, նա կարող է լռել, բայց ես չեմ կարող չասել`  շատ էի Քեզ կարոտել: Ինձ այլևս մենակ չթողնես: Ես սիրում եմ քեզ, լսո՞ւմ ես, ես սիրո՜ւմ եմ քեզ:

ԽԻՂՃ — Իսկ կյա՞նքը…

ՄԱՐԴ — Կյանքը… կյանքը սիրում եմ, բայց միայն այն ժամանակ, երբ ապրում եմ: Ավելի ճիշտ` երբ խաղում եմ: (Դադար ): Երբ խաղում եմ` ապրում եմ, իսկ երբ ապրում ես` պարտավո՜ր ես խաղալ: Խաղալ կյանքի թելադրանքով, կյանքի հրամցրած  կանոններով: Կյանքը բարդ է, բայց ոչ` անտանելի, երբ նախընտրում ես խաղալ: Խաղն օգնում է թվացյալ ուրախության դիմակն ավելի համոզիչ ստեղծել ու ամուր պահել: Լինել անհոգ ու երջանիկ: Ես սիրում եմ խաղը, որովհետև այն մի այլ մոլորակ է, որտեղ ավելի շուտ ես վերածնվում թվացյալ նոր կերպարում: Գիտե՞ս, երբ ինձ լքել էիր, ես մի բան հասկացա: Ճիշտ է, անցյալը չես ջնջի, բայց չպիտի թույլ տաս, ոչ անցյալը քե՛զ ջնջի: Այս կյանքում հերոս է ոչ միայն նա, ով պատերազմում, կռվի մեջ մարդկանց կյանք է փրկում, այլև նա, ով կյանքի թոհուբոհից ու նրա լարած թակարդներից փրկում է իրեն իրենից` չբացելով քաոսի դուռը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։