Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ
Եռագրություն
ԴԱՐՊԱՍՆԵՐ
Առաջին պիես
Գործող անձինք
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ
ՀԱՐԲԵՑՈՂ
ԱՂՋԻԿ
ՊԱՀԱԿ
ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԾԱՌԱՅՈՂ
1-ին զինվորական
2-րդ զինվորական
Բեմում Դարպասներն են` սև ու մռայլ, մշտապես փակ: Երբեմն մոտիկ են, երբեմն` հեռվում, հազիվ նշմարելի, բայց այս պատմության ընթացքում նրանք հիմնական դերակատարներն են:
Տեսարան. Վերադարձող և Պահակ:
ՊԱՀԱԿ – Փա՛կ են: Ներսի՛ց: Մինչև լուսաբաց նույնիսկ ես քաղաք մտնելու իրավունք չունեմ: Զանգերը չլսեցի՞ր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Լսեցի: Վերջին ոլորանն անցա և… Ընդամենը մի քանի մետր էի հեռու դարպասներից:
ՊԱՀԱԿ — Եթե շտապեիր, կհասցնեիր ներս մտնել: Շա՞տ էիր հոգնել:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Շունչս կտրվեց մի թեթև…
ՊԱՀԱԿ — Երևի հուզմունքի՞ց:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ոլորանը զառիվեր էր:
ՊԱՀԱԿ — Հա՜… Պատահում է, մեկ էլ տեսար` հարթ ճանապարհը դարձավ զառիվեր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Էդ քո խելքի բանը չէ… Քեզ վերջին անգամ եմ ասում` բաց դարպասները:
ՊԱՀԱԿ – Վերադարձե՜լ է Վերադարձողը: Հա, քեզ նմաններին էդպես եմ անվանում: Դա է պատճառը, որ անունդ չեմ հարցնում:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Անունս…
ՊԱՀԱԿ — Ասացի` հիմա՛ չեմ հարցնում: Գործը դրան որ հասնի` անունդ էլ կիմանանք, մնացած ամեն ինչն էլ…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ի՞նչ ես դուրս տալիս… Քեզ քանի՞ անգամ ասեմ` ես վերադարձել եմ ու քաղաք եմ մտնելու: Նախկին կյանքից ինչ-որ բան այնտեղ մնացել է ինձ համար:
ՊԱՀԱԿ — Նախկին կյանքի՜ց… Նախկինը վերջացավ: Քո հեռանալուց հետո:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Սխալվում ես: Ես դիմացել եմ բաժանումի դառնությանը, որովհետև ամեն օր մտովի վերադարձել եմ:
ՊԱՀԱԿ — Վերադառնալը չի նշանակում շարունակություն:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Երբվանի՞ց են պահակները փիլիսոփայում: Քո գործը դարպասները բացելն է:
ՊԱՀԱԿ — Ուշացել ես:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինչե՞ր ես դուրս տալիս, քաղաքը միշտ էլ բաց էր, դարպասները ձևական մի բան էին:
ՊԱՀԱԿ – (չոր պաշտոնական): Համաձայն Վերին Ատյանի որոշման, քաղաքի դարպասները փակվում են ուղիղ կեսգիշերին ու բացվում արևածագից 1 ժամ, 40 րոպե, 15 վայրկյան հետո:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ու երբվանի՞ց է գործում այդ որոշումը:
ՊԱՀԱԿ — Քո հեռանալուց հետո… 1 օր, 3 ամիս կամ 5 տարի անց… Ի՞նչ կարևոր է:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ու մի հիմար որոշման պատճառով պիտի այստե՞ղ գիշերեմ, բաց երկնքի տա՞կ:
ՊԱՀԱԿ — Համաձայն նույն որոշման` օտարականները գիշերով քաղաքին չպիտի մոտենան առնվազն 50 մետր: (Պաշտոնական տոնը փոխելով, կիսաձայն:) Ձախ կողմում, տեսնո՞ւմ ես, լույս է երևում: Գնա էնտեղ` մինչև լուսանա: Եթե…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես այս քաղաքից եմ, մի քանի քայլ այն կողմ իմ պապի ու նրա հոր տունն է, ինչո՞ւ պիտի գիշերեմ` սատանան գիտե, թե որտեղ: Չէ՞ որ ես վերադարձել եմ:
ՊԱՀԱԿ — Ամեն վերադարձ չէ, որ սպասում ունի իր մեջ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Լեզվիդ զոռ տալու փոխարեն` բաց կողքի փոքրիկ դուռը, աննկատ ներս կմտնեմ:
ՊԱՀԱԿ — Կողքի դուռը վաղո՜ւց զմռսված է:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (կոտրված): Ո՞նց թե… Ընկերներով գնում էինք անտառ ու վերադարձին միշտ այդ դռնակով էինք ներս մտնում:
ՊԱՀԱԿ – Զմռսվե՛լ է: Քո գնալուց հետո… 1 օր, 3 ամիս… Լսիր, գնա լույսի կողմը: Գնա, մինչև լույսը բացվի: Եթե…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Էլի կրկնեցիր այդ եթե-ն: Ի՞նչ ես ուզում ասել:
ՊԱՀԱԿ — Հարցերիդ վերջ չկա… Վաղուց քեզ պես համառ օտարական չի մոտեցել քաղաքին:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ի՞նչ օտարական, ես Վերադարձողն եմ, դու չասացի՞ր… Ու քանի՞ անգամ կրկնեմ, որ այս խավարից այն կողմ իմ քաղաքն է:
ՊԱՀԱԿ — Իմ քաղա՜քն է… քաղաքը դադարեց քոնը լինելուց, երբ փորձեցիր վերադառնալ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Չէ՜, դու ինձ կխենթացնես… Ես-վե-րա-դար-ձել-եմ:
ՊԱՀԱԿ — Լույսը բացվելուց հետո կերևա: Եթե… հիմա գնա:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ու կգնա՛մ: Իսկ լույս բացվելուց հետո այնպես կմտնեմ քաղաք, որ քեզ չհանդիպեմ: Դու էլ խուսափիր հանդիպումից: (Հեռանում է, կեսճամփա վերադառնում է:) Դու երբևէ վերադարձած կա՞ս:
ՊԱՀԱԿ — (անխռով): Միշտ չէ, որ վերադառնալու միակ պայմանը ճանապարհն է:
Տեսարան. Ճանապարհամերձ պանդոկ: Անորոշ տարիքի տղամարդը նստած է
վառվող բուխարու դիմաց: Սրահը լուսավորված է միայն բուխարու կրակով:
Անկյունում, ցածրիկ թախտի վրա ինչ-որ մեկը քնած է` վերմակով ծածկված: Դռան թակոցը նրան չի արթնացնում: Մի քանի անգամ թակելուց հետո ներս է մտնում Վերադարձողը:
Վերադարձող, Պանդոկապան:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Դուռը կիսաբաց էր… Ես թակեցի, բայց… ես էլ այսպես, առանց հրավերի…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Առանց թակելու պիտի ներս մտնեիր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Որտեղից եկել եմ, դուռն անպայման թակում են:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Մոռացել ես, որ այստեղ դուռը բաց է:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Դարպասներն է՞լ…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Քաղաքի հետ գործ չունեմ: Դու… վաղո՞ւց ես հեռացել:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Կարծես երեկ էր, բայց երեկ այսքան հոգնած չէի: Ես… ես վերադարձել եմ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Գիտեմ: Իսկ դու այդ մասին քիչ հիշեցրու: Գոնե` մինչև լուսաբաց:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Վաղը քաղաք կմտնեմ, ամեն քայլս կդառնա հեռվում ապրած մեկ օր, այդ բոլոր օրերը կդարձնեմ կծիկ ու տունս հասնելով` կշպրտեմ հեռու-հեռու: Ու կմոռանամ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Իսկ տո՞ւնդ… հիշո՞ւմ ես տունդ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (լարված): Ինչո՞ւ ես հարցնում: Հիշո՞ւմ եմ… Հեռավոր, այդ պատճառով էլ անանուն քաղաքներից մեկում մի փողոց հանդիպեց: Սովորական փողոց էր, երկու կողմում միանման տներով: Քայլում էի ու… աջ կողմում պատահաբար օտար տան լուսամուտների արտացոլանքում տեսա իմ տունը… Ի՞նչ գիտես դու, պանդոկիդ բուխարուն գամված մարդ, թե ինչ է անանուն քաղաքի օտար տան առաջ լքված տանդ ձայնը լսելը:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ու դու կանգնեցիր այդ տան առջև երկա՜ր, երկա՜ր, աչքերդ էլ արցունքոտվեցի՞ն:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ծաղրդ անզոր է, կարոտին անծանոթ ես… Ես նույնիսկ քայլերս չդանդաղեցրի: Երեկոյան շան պես հարբեցի մի պանդոկում: Ինչո՞ւ են ասում` շան պես հարբած: Դու հարբած շուն շա՞տ ես տեսել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (անտարբեր): Ըհը, մեկն էլ անկյունում քնած է: Ուրեմն` հարբեցիր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ոչ միայն: Մինչև վերջին բաժակը ջարդուփշուր արեցի պանդոկի ամանեղենը: Հայելիներն էլ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Այստեղ հայելիներ չկան: Բայց բաժակ կգտնվի:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Առայժմ մի բաժակ` լիքը:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (մեկնելով բաժակը): Եվ ամեն անգամ, երբ ամանեղեն էիր ուզում ջարդել, անցնում էիր այդ փողոցո՞վ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ըհը: Երբեմն դրա համար մի քանի սահման եմ կտրել-անցել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ես կարող էի ասել` ընդամենը տուն պիտի վերադառնայիր: Բայց չեմ ասի: Միշտ չէ, որ վերադառնալը լքված տանդ մոտենալ է նշանակում:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ափսոս, այստեղ հայելիներ չկան… Հոգնել եմ ճամփաներից, բառերից: Թունդ խմիչք, տաք կրակ… վաղուց չեմ ունեցել: Իսկ սպասումս առաջվանն է:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ուրեմն` սպասիր:
Վերադարձողը նստում է բուխարու առջև: Լռության մեջ միայն այրվող փայտերի ճայթյունն է:
Տեսարան. Վերադարձող, Պանդոկապան, Հարբեցող:
Երկուսն անշարժ նայում են կրակին: Թախտին պառկածը կենդանության նշաններ է
ցույց տալիս, քիչ անց դեն է նետում վերմակն ու նստում` դեռ լրիվ ուշքի չեկած:
ՀԱՐԲԵՑՈՂ — Մի բաժակ ջուր տվեք: (Երկուսը կարծես չեն լսում:) Ինչո՞ւ զարթնեցի, լավ էլ երազ էր` երկար սեղան, խմիչքը` սրտիդ ուզածի չափ: Առաջին բաժակը ուզեցի խմել, մտքովս, գիտե՞ս ինչ անցավ` շշերի մեջ իսկապե՞ս խմիչք է: Ասենք` ի՞նչ պիտի լիներ… Մի բաժակ ջուր տվող պիտի լինի՞: Սատկել է, վե՛րջ, այդ անիծված պանդոկապանը սատկել-պրծել է: Մի օր ես եմ սատկելու` խմելուց, կասկած չունեմ, բայց որ նա չխմելո՜ւց է սատկել… (Խուլ ծիծաղում է, հետո` կտրուկ:) Քեզ հետ չե՞մ` ջուր տուր… Ամեն անգամ նույն պատմությունը: Ոչ ես եմ հոգնում, ոչ` դու: (Բարձրանում է, անհաստատ քայլերով գնում է սենյակի խորքը, ուզում է բաժակի մեջ ջուր լցնել, բայց միտքը փոխում է, ջրամանը քաշում գլուխը: Վերադառնում է տեղը` այդպես էլ չնայելով նրանց կողմը:) Այսօր դարպասները բաց էին` շուկայի օր էր: Բայց եկող-գնացողը` մի քանի մարդ: Պանդոկապան, շուկայում է՞լ մարդ չկար:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Գնա, աչքովդ տես:
ՀԱՐԲԵՑՈՂ — Թյո՜ւ… Պատասխանեիր` կմեռնեի՞ր: Վերջին անգամ հարցիս ե՞րբ ես պատասխանել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Այդ օրը եկար պանդոկ, իրար վրա մի քանի բաժակ կոնծեցիր ու հարցրիր` ո՞րն է կայարան տանող ճանապարհը:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ու դու պատասխանեցի՜ր:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Չպատասխանեցի՞:
ՀԱՐԲԵՑՈՂ — Այդ պատճառով էլ մինչև հիմա այստեղ եմ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Պատճառն այստեղ ի՞նչ գործ ունի: Իմ պատասխանից էլ մի կպչիր: Քանիսին եմ տվել նույն պատասխանը, ո՞ր մեկը լռվեց-մնաց պանդոկում, գնացքի տոմս չառավ: Քեզնից բացի էլ ո՞ւմ կհիշես, որ տասը տարի այս ճամփի կտորի վրա մոլորվել է:
ՀԱՐԲԵՑՈՂ — Միայն ես եմ…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ուրեմն` պատճառը պատճառ մի բռնիր…
ՀԱՐԲԵՑՈՂ — Բռնիր սեփական օձիքից: Տեր Աստված, էլի նույն պատմությունը… ոչ ես եմ հոգնում, ոչ` դու: Կեսգիշերին քամին դարպասների մոտ պտտվեց, բայց քաղաք չմտավ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Դու արդեն խմել էիր առաջին բաժակդ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Կեսօրին լուսինը հայտնվեց երկնքում ու միանգամից ծածկվեց ամպերով: Իսկ երկնքում ամպեր չկային:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Դու արդեն խմել էիր երկրորդ բաժակդ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ու ես հիշեցի ճերմակ թռչունների հեքիաթը:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Դու արդեն խմել էիր…
ՀԱՐԲԵՑՈՂ – Հարյուրերո՛րդ բաժակս: Պանդոկապան, կողքիդ նստածը գիտե՞ իմ մասին:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Նրան հետաքրքրում են հարբած շները:
ՀԱՐԲԵՑՈՂ — Հա՜… Վախենում ես իմ մասին պատմել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Չէ մի` սարսափում եմ: Նա քեզ հետ գործ չունի:
ՀԱՐԲԵՑՈՂ — Հիմա կասես` վերադարձել է:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Իրեն հարցրու:
ՀԱՐԲԵՑՈՂ — Կարծում ես` գիտե՞:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Փոխարենը դո՛ւ գիտես:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ես… Ես գիտեմ` ինչ գույն է ստանում բաժակը, երբ խմում եմ վերջին կումը: Գիտեմ, թե ինչ եմ զգում, երբ թմբիրին անցնելու վերջին քայլն եմ անում: Դա նման է անդունդին մոտենալուն, որտեղից գահավիժելը միակ ու վերջին ելքն է թվում… մինչև հաջորդ լուսաբացն ու սթափվելը:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ահագին բան գիտես:
ՀԱՐԲԵՑՈՂ — Այ, նայում եմ քեզ` լուրջ ես, սակավախոս, Վերին Ատյանը քո մասին լավ կարծիք ունի, եկամուտդ էլ, երևի, քիչ չէ…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Դե, եթե հաճախորդս դու ես…
ՀԱՐԲԵՑՈՂ — Ես հաճախորդ չեմ, դու լավ գիտես: Բայց դա` հեչ: Ինձ ասա, ի՞նչ ես անում այստեղ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Չգիտե՞ս:
ՀԱՐԲԵՑՈՂ — Չէ: Քեզնից առաջ քաղաքից քանի՜սը եկան այստեղ, բայց նրանցից ոչ մեկը ամսից ավելի չդիմացավ, վերադարձավ քաղաք:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Կամ էլ` գնաց կայարան:
ՀԱՐԲԵՑՈՂ — Հա, այդպես էլ եղավ: Բայց դա` հեչ: Դո՞ւ ինչու մնացիր, շաբաթներով քաղաք չես գնում:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Քաղաքում ոչ ոք չունեմ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ընտանիքդ, քույր-եղբայրներդ… ազգական-բարեկամներդ… ովքեր դեռ մնացել են… ոչ ո՞ք են:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (տեղից ելնում, շիշն ու բաժակը վերցնում, մոտենում է Հարբեցողին:) Ավելի լավ է` խմիր: Որքա՞ն ժամանակ է` ճանաչում ես ինձ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Մի տասը տարի:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Եթե տասը տարում ոչինչ չես հասկացել, հիմա ինչի՞դ է պետք: Դու խմիր… Այս կյանքում ամեն մարդ փախուստի իր բաժակն ունի: (Գնում-նստում է բուխարու առջև:)
ՀԱՐԲԵՑՈՂ — (դանդաղ լցնում է օղին, կարծես չկամ խմում): Վերադարձող, հեռուներից ի՞նչ ես բերել: Լռում ես: Քնել ես… կամ չես ուզում հարբեցողի հետ խոսել: Դու լռիր, ես կխոսեմ, քանի որ խմելն առանց խոսելու` հիմար գործ է: Խոսքը խմելուն լրջություն է հաղորդում: Լուռ խմելու մեջ վախեցնող բան կա: Այնպես որ, պիտի խոսեմ: (Չնայելով Վերադարձեղի կողմը:) Վերադարձո՛ղ, հեռուներից քեզ ի՞նչ մնաց: Ասենք` պատասխանեցիր` «ոչինչ», կամ էլ` «ամեն ինչ»: Բայց երկուսն էլ նույն բանն են: Կասես` ինչո՞ւ: Որովհետև եթե այդպես չլիներ, հիմա այստեղ չէիր լինի:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Որտե՞ղ կլինեի:
ՀԱՐԲԵՑՈՂ — Հա, խոսեցիր: Ուրեմն քնած չես: Որտեղ` չգիտեմ, բայց այստեղ չէիր լինի:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Կարծում էի` ինձ կընդունեք: Ուրախությունից չեք ուշաթափվի, բայց գոնե գոհ կլինեք, որ վերադարձել եմ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Սրտանց ճանապարհե՞լ ենք, որ ուրախ դիմավորենք:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Իմ բացակայության ժամանակ միակ փոփոխությունը այն է, որ մնացողներդ բառերի պահեստի եք վերածվել… որ պաշտպանվեք:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ումի՞ց:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Մեզնից:
ՀԱՐԲԵՑՈՂ — Բառերո՞վ…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Քի՞չ է:
ՀԱՐԲԵՑՈՂ — Չէ, դու իսկապե՞ս մտածում էիր, որ քեզ պիտի դիմավորեինք ծաղիկներով…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (Վերադարձողին): Բանի տեղ մի դիր, խումհարը կանցնի` կբարիանա:
ՀԱՐԲԵՑՈՂ — (Պանդոկապանին): Ձե՛նդ… նա քո օգնության կարիքը չունի: Վերադարձողը շա՜տ ուժեղ է… այնքան ուժեղ է, որ կարողացել է գնալ, իսկ հիմա` վերադառնալ: Պանդոկապան, նրա նմանները շա՞տ են եղել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Եղե՜լ են…
ՀԱՐԲԵՑՈՂ — Ե՞վ… Լսիր, Վերադարձող, ինչո՞ւ ես չարացած նայում ինձ: Դե, դե… խոր շունչ քաշիր, թուլացրու պրկված մկաններդ: (Խմում է:) Մեկ էլ տեսար` ժպիտ հայտնվեց աչքերիդ մեջ… Դու պիտի բարի լինես` Վերադարձողը դրանից մի քիչ պիտի ունենա: Ճանապարհներին հո լրիվ չե՞ս մսխել:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (գալիս-նստում է Հարբեցողի դիմաց): Զզվում եմ խմիչքից, զզվում եմ հարբեցողներից:
ՀԱՐԲԵՑՈՂ — Թեև ինքդ էլ պակասը չես:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ավելի շատ` այդ պատճառով: Բայց չարությունս կապ չունի քո օղու հետ: Ինչո՞ւ հարցրիր Պանդոկապանին` պատմե՞լ է ինձ քո մասին: Որովհետև վախենում ես: Շան պես վախենում ես:
ՀԱՐԲԵՑՈՂ — Շան պես հարբած… շան պես վախեցած… Զգույշ, հա՜, մեկ էլ տեսար` հաչեցի:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Չէ, արդեն ուշ է, տխմար կատակներիդ ժամն անցավ: Հիմա կասեմ` ով ես ու ինչ ես անում այստեղ: Քեզ նմաններին հեշտ է ճանաչելը` ցանկացած ճամփեզրի պանդոկում ձեզնից մեկն ունի իր բաժակն ու անկյունը: Ու նաև չարախոսության անսպառ պաշարը, որն ինչքան ծախսում եք, այնքան կրկնապատկվում է: Քեզ նմաններն ինձպեսներին տանել չեն կարող, ու դու լավ գիտես` ինչու: Մենք ուժեղ ենք, վճռական, ճամփաները մեզ չեն վախեցնում, իսկ թիկունքում թողածը չի թուլացնում մեր կամքը: Պատկերացրու, ինչ կլիներ, եթե մեզ նմանները չլինեին` ճամփաները կմամռակալեին մոռացության դեղին խոտով, որովհետև հորիզոնը կկորցներ իր գաղտնիքը: Քեզ նմանները ճոճանակի խղճուկ նմանակներ են` տարուբերվող, կասկածանքի մեջ տապլտկվող… Կարծում ես` արածդ մե՞ծ բան է… Մի օր փորձել ես հեռանալ քաղաքից, բայց լռվել-մնացել ես որոշումիդ ոլորանում… մինչև այսօր: Ոչ կարող ես քաղաք վերադառնալ, ոչ` կայարան գնալ: Իսկ Հեռացողն ու Վերադարձողը քեզ հիշեցնում են, որ թույլ ես, վախկոտ ես, ու մեջդ եղած նախանձից չխեղդվելու համար խմում ես, խմում ես շան պես ու վախենում` շան նման:
Լռություն:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Իսկապես ուժեղ մարդ ես, Վերադարձող:
Վերադարձողը Հարբեցողի ձեռքից վերցնում է բաժակն ու մի ումպով խմում:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ո՞վ քաղաք բերեց այս հիվանդությունը, այս համաճարակը… Մի օր բոլորը տեսան, որ քաղաքն ունի դարպասներ, չփակվող դարպասներ, իսկ ոլորանից այն կողմ… Չէ, այն կողմում հրաշք կյանքի խոստում չկար: Պարզապես մեր քաղաքում ոչինչ չէր մնացել` անհուսությունից բացի: Հենց այդ ժամանակ քաղաք մտավ այդ վարակը` ճամփաների հիվանդությունը, և մարդիկ կորան ոլորանից այն կողմ… Սկզբում ամեն հեռացողի ետևից լալիս էի, բայց քանի որ տղամարդ էի, մտքումս էի լալիս: Դա հարբելու ամենադաժան ձևն է: Հետո սկսեցի հայհոյել հերթական հեռացողին: Դա էլ պակաս չի հարբեցնում: Մի օր էլ վերջնականապես զզվեցի ու որոշեցի հեռանալ: Պանդոկապան, այն օրը որ եկա, գնացքի տոմսը գրպանումս էր: Չկարողացա քեզ ասել որոշմանս մասին ու հարցրի կայարանի ճանապարհը… Երբ խմեցի տվածդ առաջին բաժակը, հասկացա, որ չեմ կարող հրաժեշտ տալ: Երկրորդ բաժակից հետո հասկացա, որ ճամփաներին չեմ հարազատանա, երրորդ բաժակն էլ հուշեց, որ վերադարձը ոչ մեկին պետք չէ: Մնացած բաժակները նույնն էին ասում` ես չեմ կարող ապրել դատարկվող քաղաքում ու չեմ կարող հեռանալ նրանից: Ես միայն կարող եմ հարբել:
Գիտե՞ս, Վերադարձող, մինչև այս վարակը քաղաքում հրաշք էր լինում: Կեսօրին հանկարծ երկնքում ճերմակ թռչուններ էին հայտնվում: Ես պատմում էի մարդկանց, բայց ոչ ոք չէր հավատում, ծիծաղում էին վրաս, ասում, որ հարբած եմ, թեև այն օրերին ընդհանրապես չէի խմում: Հիմա օր ու գիշեր հարբած եմ, բայց երկնքում նրանց չեմ տեսնում: Կարո՞ղ ես ասել, Վերադարձող, ո՞ւր կորան թռչունները… (Երբ տեղից բարձրանում է, նոր է զգացվում, որ նա հարբած է: Նորից պառկում է թախտին ու ծածկվում վերմակով:)
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Պանդոկապան, այս Հարբբեցողը…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (կտրուկ): Նա հարբեցող չէ՛:
Տեսարան. Ներս են մտնում երկու զինվորական: 1-ին զինվորականը
կանգնում է դռան մոտ: 2-րդ զինվորականը մոտենում է բուխարուն, վառում սիգարետը և կողքից նայում Վերադարձողին:
2-րդ ԶԻՆՎ. — Վերջին երեք ամսում դու առաջին օտարականն ես, որ մոտեցել ես քաղաքի դարպասներին:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Դու մոռացար թափառական երգչին:
2-րդ ԶԻՆՎ. — Նա հաշիվ չէ: Ընդհանրապես երգիչները հաշիվ չեն, մանավանդ թափառական… Ես միշտ էլ կասկածանքով եմ վերաբերվել նրանց:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Նշանակում է` չես հասկացել:
2-րդ ԶԻՆՎ. — Ի՞նչ չեմ հասկացել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ոչ թե ինչ, այլ` ում: Երգիչներին չես հասկացել:
2-րդ ԶԻՆՎ. — Հասկանալու ի՞նչ կա… Գիտե՞ս, վերջին անգամ երբ եմ կարգին ծիծաղել: Երբ իմացա, որ աշխարհի բոլոր մեղեդիները ստեղծվում են ընդամենը 7 նոտայով: Բայց չշեղվենք: Օտարական, ինչո՞ւ ես եկել:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես չեմ եկել, ես վերադարձել եմ:
2-րդ ԶԻՆՎ. — Դա դեռ կպարզենք: Լուսաբացից հետո: Պանդոկապան, գուցե զեկուցե՞ս:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (ռոբոտի միապաղաղությամբ): Դուռը թակեց, հետո ներս մտավ: Հոգնել է, ուժեղ է, ծանոթ է կարոտին: Ճամպրուկ, պայուսակ հետը չի բերել:
2-րդ ԶԻՆՎ. — (քիչ մեղմացած): Հաջորդ շաբաթ կարող ես տուն գնալ: Երեք օրով… Չէ, երկու օրն էլ բավական է: Ասում ես` պայուսակ չունի՞:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Նա ոչինչ չունի:
2-րդ ԶԻՆՎ. — (անհանգստացած շրջվում է դեպի Վերադարձողը): Այդ ինչպե՞ս հասկանալ: Հենց այնպես, ձեռքերդ թափ տալով եկել-հասել ես այստե՞ղ: (Հույսով:) Գուցե ճամպրուկդ մոռացել ես Պահակի մո՞տ… Օգնականիս կասեմ` կբերի: Հը՞…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես ոչինչ չունեմ ինձ հետ: Ես… ես վերադարձել եմ:
2-րդ ԶԻՆՎ. — Հայտնվել ես կեսգիշերին ու անհիմն հայտարարություն ես անում: (Միանգամից խաղաղվելով:) Լսիր բարի խորհուրդս` գնա՛ այստեղից:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես ոչինչ չեմ հասկանում այն պահից, երբ մոտեցա դարպասներին: Ի՞նչ է կատարվում, ո՞ւմ համար է այս ներկայացումը: Գոնե դու մի բան ասա, Պանդոկապա’ն:
2-րդ ԶԻՆՎՈՐ. – (հայացքով շաղափելով Պանդոկապանին): Ինչո՞ւ դիմեց քեզ: Վստահություն կար ձայնի մեջ, կասկածելի է… Պանդոկապա՛ն, հաջորդ շաբաթ տուն չես գնա: (1-ին զինվորականին.) Սկսի՛ր:
Տեսարանը հիշեցնում է համր կինո: 1-ին զինվորականը գրպանից հանում է մետրը, չափում է Վերադարձողի հասակը: Կողքի պայուսակից հանում է լուսանկարչական ապարատը, նկարում տարբեր կողմերից: Հետո վերցնում է մատնահետքերը: Վերադարձողն ասես մանեկեն է` անսպասելի համակերպություն կա կեցվածքում: Խուզարկելուց հետո զինվորականը վերադառնում է տեղը:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ի՞նչ է նշանակում այս ամենը:
2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Ինչո՞ւ այդ հարցը չտվեցիր, երբ քեզ խուզարկում էր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ի՞նչ է նշանակում այս ամենը:
2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Դե, դե… չարժե այդպես բորբոքվել: Այդքան սահման ես կտրել-անցել, նման վերաբերմունքի պիտի սովոր լինես:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Դրանք օտար սահմաններ էին:
2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Չարժե բարդացնել: Հերթական ստուգում, ուրիշ ոչինչ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինձ չեք համոզի: Երբ քաղաք մտնեմ, հաշիվ եմ պահանջելու:
2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Դե, երբ քաղաք մտնես, այնտեղ էլ կշարունակենք խոսակցությունը: Իսկ մինչ այդ… (Սկսվում է խաղը: Հարբեցողի պատմածը նրա շուրթերից հնչում է որպես անթաքույց ծաղր: Եվ պարզ չէ` այդ ծաղրն ուղղված է դիմացինի՞ն, թե՞ իրեն:) Ուրեմն՝ կեսօրին հնչում էին քաղաքապետարանի ժամացույցի զանգերը և քաղաքի բնակիչները բացում էին պատուհանները: Այդ պահին երկինքը լցվում էր ճերմակ թռչուններով: Նրանք ճախրում էին քաղաքի վրա, ու մարդիկ հավատում էին, որ միշտ այդպես է լինելու: Հետո…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Հետո… ի՞նչ:
2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ – (թշնամական): Ոչի՛նչ: Նա հեռացավ քաղաքից: Ասաց. «Կվերադառնամ» ու գնաց:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ո՞վ էր նա:
2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Կարևոր չէ: Պարզապես երկնքից անհետացան թռչունները: (Կտրուկ տոնը փոխում է:) Տեսնում եմ` հեքիաթը դուրդ եկավ: Հմայված լսում էիր, մի քիչ էլ շարունակեի` ինչ-որ բան էիր ասելու: Անուղղելի մի բան: Ինչի համար պիտի ամաչեիր, նույնիսկ արհամարհեիր ինքդ քեզ: Տեսնո՞ւմ ես, բարի եղա և խաղը շուտ ավարտեցի: (Գործնական:) Քաղաքից հեռանալու ճանապարհն ուրիշ է: Պանդոկապանը քեզ ցույց կտա:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (հազիվ լսելի): Ես վերադարձել եմ:
2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — Ի՞նչ վերադարձ… Թռչունները չկան: (Դուրս է գնում:)
1-ին ԶԻՆՎՈՐԱԿԱՆ — (կողքանց մոտենալով Վերադարձողին): Ես արեցի ամեն ինչ… ես կաշվիցս դուրս եկա: Գիտե՞ս, ինչ դանդաղությամբ էի չափում բոյդ ու լայնքդ: Մատնահետքերդ վերցնելիս ինչքան քեզ ճզմեցի ու մորթեցի… Իսկ դու լուռ էիր, կարծես քո մատներին չէին կպչում իմ քրտնած ձեռքերը… Իմ փտած ատամների նեխահոտն անգամ քեզ հունից չհանեց: Եվ դու ուզում ես քաղա՞ք վերադառնալ: (Պոկվում է տեղից, շեմից շրջվում է:) Օտարի բաժակները ջարդելը դեռ ոչինչ չի՛ նշանակում: (Գնում է:)
Տեսարան. Վերադարձող, Պանդոկապան:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես ինչ-որ բան պիտի ասեմ… ինչ-որ բան պիտի անեմ… Բոլորդ ինձնից ինչ-որ բան եք սպասում: Բայց ես ոչինչ չգիտեմ: Պանդոկապան, մի բան ասա: Լռում ես, իսկ ես… իմ շուրջն ստվերների պատն է բարձրանում: Պանդոկապան, մի բան ասա, թե չէ ես ինձ կմխրճեմ ստվերների պատի մեջ… իսկ ես պիտի սպասեմ լուսաբացին: Պիտի՛ սպասեմ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Կողքի սենյակում փայտ կա, ներս բեր: Կրակը պիտի վառվի մինչև լուսաբաց:
Վերադարձողը դուրս է գնում:
Տեսարան. Պանդոկապան, Աղջիկ:
ԱՂՋԻԿ — (ներս է խուժում, շնչահատ, վատ թաքնված հուզմունքով): Նա այստե՞ղ է: Իզուր է լռելդ: Գիտեմ, որ եկել է: Նոր հանդիպեցի այն երկուսին, տարված էին խոսակցությամբ, ինձ չնկատեցին: Չէ, իսկապես ինձ չտեսան: Ես փաթաթվեցի ծառին ու ձուլվեցի նրան:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Դա ինձ չի վերաբերում: Իսկ դու գնա այստեղից:
ԱՂՋԻԿ — Ինչի՞ց ես վախենում:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Տարին մի քանի գիշեր դուրս ես գալիս քաղաքից, կյանքդ վտանգելով հասնում ես այստեղ… ձուլվում ես ծառին… Ինչքա՞ն կարելի է հուսալ: Գնա այստեղից:
ԱՂՋԻԿ — Չեմ գնա: Ես պիտի տեսնեմ նրան: Դու ընդամենը Պանդոկապան ես և իրավունք չունես քո վախով կամքդ թելադրել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Քանի դեռ հույսը անտեր շան պես թափառում է քաղաքի անստվեր փողոցներում, լքված տներում` ծառը դեռ անզոր է… Բայց մի օր կարող է, չէ՞… ծառն իր կեղևի մեջ կառնի քեզ: Չես ուզում հասկանալ… (Տեսնելով, որ Աղջիկն անհաղորդ է:) Դե լավ, եթե ճանաչի, կլռեմ, իսկ եթե…
ԱՂՋԻԿ — Եթե՞…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Դու քաղաք կվերադառնաս:
Աղջիկը նստում է Պանդոկապանի կողքը:
Տեսարան. Վերադարձող, Պանդոկապան, Աղջիկ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (փայտերը դնում է բուխարու մոտ, ասես չի նկատում Աղջկան): Երկար գիշեր է լինելու:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ոչ ավելի երկար, քան մնացած գիշերները:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Նոր նայեցի` երկնքում աստղերը մի թիզ անգամ տեղից չէին շարժվել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Լինում է, երբ աստղերն ու գիշերը կորցնում են իրար:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ա՜յ թե ասիր… Աղջի՞կդ է:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Այո կամ ոչ, որը կնախընտրես:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինձ համար միևնույն է:
ԱՂՋԻԿ — Իսկ ինչո՞ւ հարցրիր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Բարկացա՞ր: Ներիր… Ճիշտն ասած, խոսելու ցանկություն չունեմ: Կարևորը լուսաբացին հասնելն է, իսկ քանի որ աստղերն ու գիշերը կորցրել են իրար, ես պիտի աչալուրջ լինեմ:
ԱՂՋԻԿ — Երևում է` սովոր ես աչալուրջ լինելուն:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Հեռուներում դա շատ է օգնում` առաջին հայացքից տարբերում ես տեղացուն օտարից: Տեղացին աչալրջության կարիք չունի, դա ամենաազդու անձնագրից ավելին է:
ԱՂՋԻԿ — Դու էլ օտարական ես, քանի որ լա՜վ աչալուրջ ես:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Այո, այստեղ ես օտարական եմ: Վաղը, քաղաք մտնելուց հետո օրերի կծիկի հետ դեն կնետեմ նաև աչալրջության գարշելի դիմակը:
ԱՂՋԻԿ — Դու դիմա՞կ ես կրում: Ուզում եմ շոշափել դիմակդ: (Սկսվում է խաղը` տեղից բարձրանում է գայթակղող կինը:) Այստեղ կիսախավար է, բայց ոչինչ, ես ծնկի կգամ, ու բուխարու կրակը կլուսավորի քո դեմքը: Այս ի՛նչ աչքեր են, նրանց խորքում լույսը քնել է: Իսկ շուրթերդ երեսառած են, հեռուների համն ու բույրը դեռ պահում են իրենց վրա… Քունքերդ ճերմակել են… Տո՛ւր ձեռքդ: Այս քանի՞ ճամփա է ակոսվել ափիդ մեջ: Դրանք այնքան շատ են, որ ծածկել են կյանքիդ ու մահվան գծերը: Վերջը չի երևում…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինչո՞ւ ես ասում, այդ բառերդ վաճառվել են նախանցյալ շաբաթվա աճուրդում:
ԱՂՋԻԿ — (խուսափուկ): Բառերից ազատվելու լավագույն միջոցը դրանք բարձրաձայն ասելն է… երևի:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Դու քաղաքից ես, չէ՞… ինչպե՞ս ես դուրս եկել: Թեև դա կարևոր չէ: Առայժմ կարևոր չէ… Ի՞նչ կա քաղաքում:
ԱՂՋԻԿ — Քո տունը չկա:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (չզարմանալով): Չկա…
ԱՂՋԻԿ — Տունդ այնքան փակ մնաց, որ քաղաքի բնակիչները մոռացան նրա մասին: Իսկ մի օր այնտեղ հայտնվեց մեկը: Նա ոչ մի անգամ չբացեց դուռ ու լուսամուտ, բայց մենք լսում էինք, թե ինչպես է դուրս քաշում դարակները, գզրոցները, խառնում ծածկոց-վերմակները: Նա այնպես էր ներծծվել այդ ամենի մեջ, որ տունդ այլևս անկարող էր դիմանալ: Պարզ, արևոտ օր էր, այնքան խաղաղ, որ հասկացանք` ինչ-որ բան է լինելու: Առաջինը տանդ դուռը վայրկենապես վերածվեց մանր կտորտանքի ու գետնին չհասած` փոշիացավ: Հետո լուսամուտի ապակիները փշուր-փշուր եղան… հետո սկսվեց աներևակայելին` ամեն ինչ կտրտվում ու կոտորակվում էր հրեշավոր պայթյուն-աղմուկով: Դա տևեց այնքան, մինչև տունդ դարձավ սառցանման փոշեկույտ: Հետո մի մեծ հողմապտույտ բարձրացավ և իր մեջ առավ այդ ամենը: Դրանից հետո այդ մեկը հեռացավ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ո՞վ էր այդ մեկը:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Պարտվում ես, Աղջիկ, այս անգամ էլ ես պարտվում:
ԱՂՋԻԿ — (հուսահատ): Մի՞թե չես հիշելու… Ախր, ուզում ես վերադառնալ, չէ՞, ուրեմն որտե՞ղ ես կորցրել հուշերիդ քսակը: Նրա եզրերը ոսկե թելերով էին հյուսված, գույնզգույն հուլունքները չարաճճի պատկերներ էին դարձել երեսին: Քսակը քո ձախ ծոցագրպանում էր, երբ հեռանում էիր, շուտ-շուտ ստուգում էիր` չլինի՞ մոռացել ես կամ կորցրել: Իսկ մնացողներիս թվաց, թե սիրտդ է ցավում, ձեռքդ տանում ես սրտիդ: Իսկ գուցե ցավո՞ւմ էր…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես քսակ չեմ ունեցել, շփոթում ես:
ԱՂՋԻԿ – Չե՛մ շփոթում: Դու մոռանալու իրավունք չունե՛ս: Այս էլ որերորդ անգամ եմ գիշերով գալիս գողի պես` պահակներից թաքնվելով, թուփ-ծառի ձուլվելով: Գալիս եմ` ոտնահետքերս` հողին, շունչս` քամուն պահ տալով: Հարցնում ես` ինչպես է քաղաքը: Բայց չէ՞ որ հեռացողներիցդ և ոչ մեկը չկարողացավ հեռուներում պահպանել իր հուշերի քսակը, ու երբ ամեն անգամ պայթում է գարնան առաջին ամպրոպը, մնացողներիս գլխին են թափվում խունացած քսակներ, գունաթափ հուլունքներ, ոսկե թելերի կտորտանք… (Ծանր դադար: Այլ տոնով:) Ուշ է, գնամ: Պանդոկապան, իրավացի էիր: Այս էլ` որերորդ անգամ: Երևի համակերպվելու ժամանակն է: (Մոտենում, փարվում է Պանդոկապանին:) Ամեն անգամ ծիծաղում ես ինձ վրա… հաստատ հույսդ կտրել ես` անուղղելի եմ: (Ասես գաղտնիք է ասում:) Էլ չեմ գա: Դու ճիշտ էիր` անիմաստ է:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Չգիտեմ` ինչ է նշանակում այս ամենը, բայց գուցե մնայի՞ր: Քեզ կպատմեմ հեռուների մասին: (Այլ տոնով:) Ի՞նչ է հիմա իմ տան տեղում:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Գուցե դո՞ւ ասես:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Փորձեմ… Մեծ շենք, ասենք` դպրոց կամ եկեղեցի… Ո՞չ… Գուցե փողոց է… Այգի է, կանաչ պարտեզ…
ԱՂՋԻԿ — (մահու չափ հոգնած): Պարապուտ է, ամայի ու չոր պարապուտ: Որտեղ բնակվել է այդ մեկը, ուրիշ ոչինչ այլևս լինել չի կարող: Քիչ հեռվում կայարանն է: Գնա՛ այնտեղ: Իսկ ես, Պանդոկապան, այլևս չեմ գա այստեղ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — (Աղջկան): Չհամարձակվե՛ս: Դու գալու ես այստեղ: Թող ծաղրեն, ուսերը թոթվեն… Ուշադրություն մի դարձրու, արի: Եթե դու չգաս, ո՞վ պիտի հիշի բոլոր հեռացողների ոսկեկար քսակներ մասին:
ԱՂՋԻԿ — Քաղաքում արդեն գերակշռում են պարապուտները, Պանդոկապան:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Պարապուտներից բացի մի՞թե ինչ-որ բան չի մնացել քաղաքում…
Աղջիկն անխոս դուրս է գնում:
Տեսարան. Վերադարձող, Պանդոկապան:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ո՞վ էր:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Քո աղջիկը, քո կինը, քո սիրուհին… Ի՞նչ իմանամ, ո՞վ կլիներ քեզ համար, եթե չգնայիր քաղաքից: Իսկ նա եկել էր հենց դա քեզ ասելու:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Լա՜վ ասաց: Հեքիաթներ էր պատմում: (Անսպասելի դուրս է թռչում պանդոկից: Քիչ անց վերադառնում է` Աղջկան չի գտել: Փլվում է աթոռին:) Ոչ մի տեղ չկար: Ես մատներով տնտղեցի հողի ամեն մի գուղձը` նրա ոտնահետքը գտնելու հույսով: Ես բացվել էի քամու դեմ` նրա շունչն զգալու համար, բայց… Հողը համր էր, քամին` չար: Հետո ուժասպառ պառկեցի գետնին ու երկար նայեցի երկնքին: Պանդոկապան, աստղերը մի թիզ անգամ տեղից չեն շարժվել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Բայց դա չի նշանակում, որ գիշերը մոլորվել-մնացել է նույն տեղում:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Էլի հույս է, նշանակում է` լուսաբաց կլինի:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Որ լավ մտածես` լուսաբացը քեզ պետք չէ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես ոչինչ չեմ ուզում լսել: Ոչ թե որ` հոգնել եմ, դրանից վատթարը կա` չեմ ուզում ձեզ հասկանալ: Չեմ ուզում հասկանալ մնացողներիդ սպասումները, անիմաստ նայել ոչինչ չխոստացող դատարկ ճանապարհներին: Ի՞նչ եք ուզում ասել ձեր հեքիաթներով ու կշտամբանքներով: Չե՞ք վախենում, որ ես էլ կարող եմ ձեզնից հաշիվ պահանջել հեռանալուս համար: Ինչո՞ւ եք կարծում, որ ավելի հեշտ էր հեռանալ, քան կույրի համառությամբ կառչել Վարվա օրվանից վախեցող քաղաքի ստվերներին: Լռում ես, Պանդոկապան, ասելիք չունես…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Տարին մի քանի անգամ դիմավորում եմ քեզ` մի քանի ժամ հետո նորից ճանապարհելու համար: Ինչո՞ւ ես կարծում, որ ամեն անգամ նույն հարցիդ պատասխան եմ տալու:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Սխալվում ես… հեռանալուց հետո առաջին անգամ եմ այստեղ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Բոլորդ էլ նույնն եք ասում, իսկ հետո գալիս է լուսաբացն ու նորից ձեզ տանում է հորիզոնից այն կողմ: Եվ այդ օրը խավարում է լինում` արևի, լուսնի, աստղերի, քաղաքն ընկղմվում է սև ու մածուցիկ խավարի մեջ, մինչև Վերին Ատյանի հատուկ հրամանագրով քո հեռանալը որակվում է որպես հույժ կարևոր անհրաժեշտություն ու համարվում անվավեր: Գուցե հիշե՞ս` քանի անգամ ենք ես ու դու նույն հարց-պատասխանը տալիս ու առնում:
Տեսարան. Վերադարձող, Պանդոկապան, Ծառայող, Քարտուղար:
Ներս մտնելով` Քարտուղարը սեղանին է դնում թղթապանակը, կնիքը, թղթի մեջ
փաթաթված ինչ-որ բան: Վերադարձողին հանում է տեղից, վերցնում նրա աթոռը:
Գրպանից հանած լաթով մաքրում է աթոռը:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (ապշած` Պանդոկապանին): Սրանք քիչ առաջվա զինվորականները չե՞ն:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Հագուստները տարբեր չե՞ն:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Հագուստները տարբեր են, բայց դեմքերը… (Դավադիր:) Նույն մարդի՞կ են:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Լրիվ տարբեր: Աչքդ սովոր չէ, չի նկատում: Իսկ նմանությունը… կեսօրվա խավարումից հետո ինչ-որ բան պիտի մնա՞, գոնե դեմքերի վրա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (դժգոհ): Զզվել եմ… Այս վերադարձողները երևակայություն չունեն. ամեն անգամ նույն պատմությունն է` աթոռը, որի վրա նստում են, ծածկվում է արծաթավուն, կպչուն փոշով, և ամեն անգամ ստիպված մաքրում ու մաքրում եմ աթոռը: Անօգո՛ւտ: Փոշին կպչում է շորերիս, սենյակիս ծաղիկները գունատվում-թափվում են, վարագույրներն անհանգիստ տարուբերվում են` քնել չեն թողնում: Իսկ ես պետական ծառայող եմ, պատշաճ վերաբերմունք եմ պահանջում անձիս ու գործիս նկատմամբ:
ԾԱՌԱՅՈՂ – Վե՛րջ տուր փնթփնթոցիդ: Այդ փոքրիկ անախորժությունների համար հավելյալ վարձատրություն ես ստանում, երկու օր էլ` հանգիստ: Էլ ի՞նչ է ուզածդ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Իսկ որ մի քանի գիշեր միայն մղձավանջ եմ տեսնո՞ւմ` դատարկ ճամփաներ` անտեսանելի սյուներով երիզված, հուլունքների, ոսկե թելերի տարօրինակ անձրև…
ԾԱՌԱՅՈՂ – Վերջացրո՛ւ: Մղձավանջը քոնն է, ուրիշին մի պարտադրիր: (Պաշտոնական:) Ներեցեք: Անցնենք մեր գործին: Պանդոկապա՛ն, քանի անգամ եմ քեզ զգուշացրել` քաղաքից գիշերով դուրս եկած անձանց մասին անհապաղ տեղեկացնել մեզ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ձեր մարդկանցից հետո ոչ ոք չի եկել այստեղ:
ԾԱՌԱՅՈՂ — Քո ստով ծանրացրիր վիճակդ: Պանդոկապան, չգիտե՞ս, որ զանցանքիդ համար կարող ես պատժվել:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ամեն անգամ պատժել, իսկ հետո պատիժը վերացրել եք, որովհետև ինձնից բացի ոչ մեկը չի համաձայնվում աշխատել այստեղ:
ԾԱՌԱՅՈՂ — Դրա համա՞ր ես անտեսում հրահանգը: Լավ, այդ հարցը կքննարկենք առանց վկաների: Վերադարձող, Աղջիկը պայմանավորվե՞ց քեզ հետ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինչի՞ մասին:
ԾԱՌԱՅՈՂ — Հանդիպման:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Նրանք չպայմանավորվեցին:
ԾԱՌԱՅՈՂ — Վերջապես հիշեցիր պարտականությանդ մասին: (Վերադարձողին.) Ինչո՞ւ չպայմանավորվեցիք:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Չհասկացա` նա ինչո՞ւ հայտնվեց, ինչո՞ւ անհետացավ: Նրան երկար փնտրեցի… չգտա:
ԾԱՌԱՅՈՂ — Դե ինչ, պարզվում է` գործերն այնքան էլ վատ չեն:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ո՞ւմ համար:
ԾԱՌԱՅՈՂ — Նայած… Եթե այսպես գնա` կբաժանվենք հաշտ ու խաղաղ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինձ համար արդեն միևնույն է: Այս մի քանի ժամը բավական էր, որ էլ հարցեր չտամ:
ԾԱՌԱՅՈՂ — Կեցցես, ճիշտ ժամանակին ես հասկացել, որովհետև հիմա հարցեր տալու հերթը իմն է: Շատ արագ մի քանի հարցի կպատասխանես, հետո ազատ ես:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Բավական է, էլ չեմ կարող լսել… Ես վերադառնալու եմ քաղաք, ու ոչ մեկը, լսո՞ւմ ես, ինքնագոհ խրտվիլակ, ոչ մեկը չի արգելի ինձ:
ԾԱՌԱՅՈՂ — Ուր ուզում ես` գնա. քաղաք, կայարան, ո՞վ է քեզ արգելում: Նյարդերդ թույլ են` տանը նստիր, ի՞նչ ես ճամփաների բնակիչ դարձել: Բա վիրավորե՜լը… (Նմանակելով:) «Ինքնագոհ խրտվիլակ»…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ներիր… այս մի քանի ժամում այնքան մերժեցին քաղաք մտնելս, որ ակամա…
ԾԱՌԱՅՈՂ — (շարունակելով վիրավորվել): Ամեն ինչին կասկածում ես ու վիրավորում աջ ու ձախ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ես… ես…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (բարձրաձայն հուշում է): Ասա` էլ չեմ անի:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Էլ… չեմ… անի…
ԾԱՌԱՅՈՂ — Դե լավ, մոռանանք: Քարտուղա՛ր:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Գարնանային գիշերահավասար: Ժամը` կեսգիշերն անց: Աստղերը` տեղում քարացած: Ճանապարհները` անտեսանելի սյուներից ազատված: Քաղաքը` հանգիստ քնած: Աղջիկը… (Աչքի տակով նայելով Վերադարձողին:) Աղջիկը ծառին վերջնականապես ձուլված: Հորիզոնը… (Նորից նայելով Վերադարձողին:) …սպասում է նրան:
ԾԱՌԱՅՈՂ — Կարծում եմ` գոհ պիտի մնաս այսպիսի տեղեկատվությունից: Հիմա ասա, ինչպե՞ս ես մտնելու քաղաք:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Դարպասի կողքի դռնակով:
ԾԱՌԱՅՈՂ — Զմռսված է:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Փոքրուց նախընտրել եմ այդ դռնակը:
ԾԱՌԱՅՈՂ — Բարի: Իսկ ե՞րբ է զմռսվել:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Իմ հեռանալուց 1 օր, 1 ամիս, 1 տարի հետո: Բայց դա ի՞նչ կարևոր է:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Վերջին նախադասությունը չպիտի ասեիր:
ԾԱՌԱՅՈՂ – (հայացքով սաստելով): Պանդոկապա՛ն… (Վերադարձողին.) Ե՞րբ են բացվելու դռները:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Արևածագից 1 ժամ, 40 րոպե…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (բարձրաձայն հուշում է): 15 վայրկյան…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — 15… Ո՛չ, դարպասները կբացվեն արևածագի հետ:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – Կեցցե՛ս:
ԾԱՌԱՅՈՂ – Պանդոկապա՛ն… Ովքե՞ր են ամենազարմանալի մարդիկ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Երգիչները: Նրանք ընդամենը 7 նոտայով երգեր են հորինում:
ԾԱՌԱՅՈՂ — Իսկ ո՞ւր են իրերդ` ճամպրուկ, պայուսակ…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ոչ մի ճամպրուկ չի դիմանա այդ բեռի ծանրությանը: Ես եմ կրում այդ բեռը, բայց դու չես կարող դա հասկանալ, բարի մարդ:
ԾԱՌԱՅՈՂ – Էլի՛ վիրավորանք… Իսկ երբ 1-ին զինվորականը մատնահետքերդ էր վերցնում, ինչո՞ւ լռեցիր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Քաղաքը քնած էր, վախեցա` արթնանա:
ԾԱՌԱՅՈՂ – Ի՜նչ բարի ես… Իսկ ինչո՞ւ չփորձեցիր քաղաք մտնել: Նա պահակ է, պարտավոր է արգելել, իսկ դո՞ւ: Ինչո՞ւ դարպասները չթակեցիր, զմռսված դռնակի հետ կռիվ չտվեցիր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ուզում էի աննկատ մտնել քաղաք… դա էլ չես կարող հասկանալ, ազնիվ մարդ:
ԾԱՌԱՅՈՂ — Էլի՞ վիրավորանք… Իսկ որ քաղաքի մեջ բուն դրած սպասումը բորբոսով է պատել ամեն ինչ ու խարխլում է նրա հիմքը, ո՞վ է մեղավոր… Լավ, չշեղվենք: Ի՞նչ է եղել քո տունը:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Նրա տեղում պարապուտ է… (Կարճ մտորումից հետո:) Ո՛չ, տունս կա՛: Ի՞նչ անենք, որ կտուրը ծակվել է, պատուհանի փեղկը` լռվել: Հետո՞ ինչ, որ սենյակներում բորբոս է ու նեխահոտ: Ես կբացեմ դուռ-պատուհանները, մեծ ճանապարհի քամին կօդափոխի…
ԾԱՌԱՅՈՂ – (թշնամաբար ընդհատելով): Քո տան տեղում չոր պարապուտ է: Որտեղ էլ երբեք ծաղիկ չի աճի, ծառը արմատ չի տա… (Սառը-գործնական:) Մեր գործն ավարտվեց: Դու ազատ ես: (Քարտուղարը ինչ-որ թուղթ է կնքում ու տալիս Վերադարձողին:) Իմ պարտքն է հիշեցնել, որ կայարանը մի քանի կիլոմետրի վրա է, իսկ դարպասները կբացվեն 1 ժամ, 40 րոպե, 15 վայրկյան հետո: Պանդոկապան, հաշվետվությունը կուղարկես գրասենյակ: (Դուրս է գնում:)
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (կարճատև երկմտանքից հետո փաթեթը վերցնում է սեղանի վրայից, մոտենում Վերադարձողին): Ճանապարհին, ծառից ոչ հեռու ընկած էր: Ծառայողից թաքուն վերցրի… Քսակ է: Չգիտեմ ինչու, համոզված եմ` քոնն է: Ասա, որ քոնն է, ու ես հանգիստ սրտով գնամ: Չէ՞ որ սա քոնն է…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — (քսակը զննելով): Ինչ-որ մեկն ինձ պատմում էր… Թող մնա: Եթե իմն է` կպահեմ, կամ էլ Պանդոկապանի մոտ կթողնեմ:
Քարտուղարը քսակը դնում է սեղանին, գնում է:
Տեսարան. Վերադարձող, Պանդոկապան:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Լսեցի՞ր… կարող եմ գնալ հարավ, հյուսիս, քաղաք, կայարան… Նայիր, աստղերը կատաղի արագությամբ տեղաշարժվում են, փորձում են կորցրած ժամանակը շահել, արևելքն էլ սկսում է շառագունել: Հիմա որ հավատացի` գիշերն ավարտվեց:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Գիշերը դեռ ուժ ունի:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Վերջ տուր կասկածներիդ… (Տենդոտ:) Շնորհակալ եմ, քիչ առաջ օգնությանդ կարիքն ունեի: Երբ վերադառնամ քաղաք, շուտ-շուտ կհանդիպենք: Կհիշենք այս գիշերը, Աղջկան… Քարտուղարն ի՞նչ ասաց նրա մասին:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Չլսեցի՞ր:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Անհեթեթություն է… Ինչպե՞ս թե` ծառին ձուլվեց: Ոչինչ, գիշերը կավարտվի, ամեն ինչ իր տեղը կընկնի, կդառնա սովորական ու հասկանալի:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Լավատեսն ես…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինչո՞ւ ես ծաղրում: Ես տեսնելու եմ Աղջկան:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Քսակն ընկած էր ճանապարհի մեջտեղում, ծառից քիչ հեռու…
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Զզվեցրիք… Ի՞նչ է պատահել: Հեռացած մարդը ընդամենը փորձում է վերադառնալ: Եվ համոզված է, որ այն ամենը, ինչ թողել է, սպասում է իրեն` տունը, փողոցը, ծանոթ դեմքերը… (Վերցնում է քսակը, զննում: Այս պահից նա խոսում է քսակի հետ:) Գնացողը թողնում է ամեն ինչ և հույս ունի, որ վերադարձին այդ ամեն ինչը նրան է սպասում: Ու միայն վերջին պահին է գիտակցում, որ ամեն ինչ փոխվել է, ծանոթ դեմքերը հատուկենտ են, մտերիմները չկան: Դրան կհետևի օտարացումը, երբ մանկության դռնակը զմռսված կգտնես, դարպասները` փակ, տունդ` հուսահատությանբ բնակված: Նոր հրահանգ-հրամանները կսղոցեն հոգիդ, իսկ դու ոչ միայն բարձրաձայն բողոքելու, անգամ մտքում ընդվզելու իրավունք չունես, որովհետև դու չես քո բացակայության քաղաքի տերը, առանց քեզ է նա ապրել: Ու քեզ մնում է միայն համակերպվել հյուր-տանտիրոջ դերին ու ամեն անգամ ոտքդ գետնին դնելիս զգալ, որ երերում է…
Հարբեցողը կիսանստում է ու լուռ, չնկատված լսում:
Եվ ի՞նչ է նշանակում վերադառնալ, երբ ցանկացած գիշերվա մեջ հին կարոտ կա ու նոր ճամփաների կանչ: Նրանք այնպես են իրար հյուսվել, որ քեզ մի հարց է մնում քրքրել անընդհատ` ո՞վ կամ ովքե՞ր են այդ շուն-շանորդիները, որ իրենց վրա վերցրին քո թափառումների մեղքը: Ահա թե ինչ կասեմ քեզ, Պանդոկապան, երբ քո կամքով ես ընտրում ճանապարհը, կյանքիդ տերն ես: Իսկ ստիպողաբար` վերածվում ես ստրուկի:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ – (փորձում է համոզել): Եթե վերադառնաս քաղաք, գուցե Աղջիկը քեզ դիմավորի դարպասների մոտ:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ – (չոր, անտարբեր): Համաձայն Ծառայողի հրահանգի, դարպասների մոտ ինձ սպասելու է Պահակը, հետո` պարապուտը:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ի՞նչ ես ուզում, նրա՛նք են մնացել քաղաքում:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Իսկ ես հեռացել եմ: Ու երբևէ մեկը կփորձի՞ գտնել պատասխանը` ինչո՞ւ մենք հեռացանք… Ինչո՛ւ մեզ հեռացրին…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Պատասխա՞նը, թե՞ մեղավորին:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինձ համար արդեն մեկ է… Արևը ծագեց:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ճանապարհից առաջ կխմե՞ս:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Ինչի՞ համար…
ՀԱՐԲԵՑՈՂ — Իսկապես, ինչի՞ համար… Իսկ ես այսօր էլի եմ հարբելու, լսո՞ւմ ես, Պանդոկապան: Հարբելու եմ շան պես…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Իսկ քսա՞կը:
ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Չեմ հիշում` գրպանս դրեցի, թե մնաց սեղանին: (Դուրս է գնում:)
Տեսարան. Պանդոկապան, Հարբեցող:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Գնաց…
ՀԱՐԲԵՑՈՂ — Մնաց…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Քսակը վերցրեց…
ՀԱՐԲԵՑՈՂ — Քսակը չվերցրեց…
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Ասենք, դա ոչինչ չի նշանակում: Խմիչք բերեմ: Դու կխմես: Ես կնայեմ: Այս մի օրն էլ կապրենք:
ՀԱՐԲԵՑՈՂ – Լսիր… վերադառնա՞մ քաղաք:
ՊԱՆԴՈԿԱՊԱՆ — Իմա՞ստը…
ՀԱՐԲԵՑՈՂ — Չգիտեմ…
Հարբեցողը վերմակը քաշում է գլխին ու շրջվում դեպի պատը: Պանդոկապանը նստում է բուխարու առաջ և ակնդետ նայում կրակին: Եվս մի երկար գիշեր ավարտվեց պանդոկում: