Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / ԴԱՐՊԱՍԻ ՄՈՏ ՆՍՏԱԾ ԳԱՅԼԸ

Դրամա չորս արարով

Գործող անձինք

ՀՈՎՍԵՓ պապ մոտ 65 տարեկան

ՀԵՂԻՆԵ տատ մոտ 60 տարեկան

ՄԵՍՐՈՊ — Հովսեփի ու Հեղինեի որդին՝ մոտ 35 տարեկան

ՄԱՐՈ — Մեսրոպի կինը՝ մոտ 35 տարեկան

ԱՐԱՅԻԿ – Մեսրոպի և Մարոյի որդին՝ 10 տարեկան

ԶՎԱՐԹԻԿ — Մեսրոպի և Մարոյի դուստրը՝ 8 տարեկան

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Ընդարձակ խոհանոցում Հեղինե տատը նախաճաշի սեղան է պատրաստում: Տագնապած ներս է մտնում Հովսեփ պապը՝ որսորդական երկփողանի հրացանով ու փամփշտակալով, անխոս նստում է սենյակի հեռավոր անկյունում դրված աթոռին:

Հեղինե — Հովսե՞փ… էդ ինչի՞ ետ եկար… Վա՞տ ես զգում…

Հովսեփ — Չէ… այսինքն՝ հա…

Հեղինե — Սի՞րտդ է էլի… Առանց դեղը խմելո՞ւ ես դուրս եկել…

Հովսեփ — Չէ, սրտի հարց չէ, այլ…

Հեղինե — Այլ՝ ի՞նչ…

Հովսեփ Հոգու:

Հեղինե – Հոգո՞ւ… Էդ ինչի՞ մասին ես խոսում…

Հովսեփ Գայլի…

Հեղինե Գայլի՞… (Մոտենում է Հովսեփին, ձեռքով շփում նրա ճակատը): Դե հիմա ավելի պարզ խոսիր:

Հովսեփ — Դարպասի մոտ գայլ կա…

Հեղինե — Ի՞նչ գայլ… ինչո՞ւ է էնտեղ կանգնել…

Հովսեփ — Կանգնած չէ, նստած է. երևի ամբողջ գիշեր էնտեղ սպասում էր… Հոգնել է ու նստել:

Հեղինե – Ո՞ւմ է սպասում…

Հովսեփ Ինձ:

Հեղինե Ինչո՞ւ, քեզ հետ ի՞նչ հաշիվ ունի…

Հովսեփ — Ինձ հետ… մեծ հաշիվ ունի…

Հեղինե(վախեցած):  Էդ ի՞նչ ես արել նրան, որ եկել՝ հաշիվ է պահանջում քեզնից…

Հովսեփ — Նրա ձագերին սպանել եմ:

Հեղինե — Ի՞նչ… հո խելքդ չե՞ս թռցրել, ինչի՞ ես սպանել ձագերին…

Հովսեփ — Էդպես ստացվեց… Չէի ուզում, բայց սպանեցի:

Հեղինե — Ինքնապաշտպանվելու համա՞ր ես դա արել… (Հովսեփը լռում է): Ձեն հանիր, այ մարդ, դե ասա, որ ինքնապաշտպանության նպատակով ես սպանել…

Հովսեփ — Չէ:

Հեղինե — Ի՞նչ… բա ինչի՞ համար ես սպանել ձագերին…

Հովսեփ(կմկմալով): Չգիտեմ… դժվարանում եմ բացատրել… Մայր գայլը ինձ շատ կատաղեցրեց…

Հեղինե — Մորը սպանեիր… ձագերի՞ն ես սպանել… (Դադար):   Քանի՞ հատ էին…

Հովսեփ — Չորս…

Հեղինե — Խե՜ղճ ձագուկներ… Հիմա էդ դրանց մե՞րն է մեր դարպասի մոտ նստած…

Հովսեփը գլխով է անում: Աշխուժորեն ներս են մտնում Մարոն, Արայիկն ու Զվարթիկը: Նրանք «Բարի լույս» են մաղթում պապիկին ու տատիկին:

Մարո — Մայրիկ, երեխեքի՝ դպրոց տանելու բուտերբրոդներն է՞լ ես պատրաստել…

Հեղինե(տխուր): Հա, էն է… (Ցույց է տալիս խոհարարական տախտակի վրա դրված երկու տոպրակը): Բայց դուրս չգաք, դեռ պիտի սպասեք…

Արայիկ – Ինչո՞ւ, տատիկ, բա որ ուշանանք դպրոցից…

Զվարթիկ — Սպասենք՝ հայրի՞կն էլ միանա մեզ…

Հովսեփ — Նախաճաշեք, հետո կասենք՝ ինչ անեք…

Արայիկ — Պապիկ, էսօր որսի մի՞ս ես բերելու…

Մարո(մոտենալով գլխիկոր նստած Հովսեփին): Ինչ-որ բա՞ն է պատահել, հայրիկ…

Հովսեփ — Հա… Դարպասի մոտ գայլ կա… Դեռ դուրս չգաք, մինչև նրա հարցը չլուծենք…

Մարո — Գա՞յլ… ի՞նչ գայլ…

Արայիկ — Գա՞յլ…Պապիկ, բա ինչի՞ չես գնում նրան սպանես, նա կարող է մեզ հոշոտել, չէ՞…

Հովսեփ — Հա, նա հենց հոշոտելու համար էլ եկել է:

Զվարթիկ — Պապիկ, նա Կարմիր գլխարկի գայլի նմա՞ն է…

Մարո(խիստ վախեցած): Ո՞ւմ է ուզում հոշոտել… (Նայում է երեխաների կողմը)։ Էդ գայլը ի՞նչ գործ ունի մեզ հետ…

Հովսեփ — Գործ ունի… Հիմա Մեսրոպը կիջնի ու մենք միասին կորոշենք մեր անելիքը: (Հանում է փամփշտակալը և հրացանի հետ դնում սենյակի մի անկյունում)։

Մարո Որսորդը դու ես, հայրիկ, ինչո՞ւ չես գնում էդ գայլին սպանես…

Հովսեփ — Չեմ կարող… իրավունք չունեմ… վտանգավոր է…

Մարո – Վախենո՞ւմ ես… Մեսրոպը կգնա ու կսպանի… Հո չենք թողնի, որ նա հարձակվի երեխաների… մեզ վրա… (Փութով գնում է ու երեխաներին առնում թևերի տակ)։

Հեղինե — Սպասիր, Մարո ջան, խուճապի մի մատնվիր: Մենք պիտի մի լավ կշռադատենք ու նոր որոշում կայացնենք:

Մարո(գրեթե ճչալով): Ի՞նչ կշռադատելու բան կա, գայլը մեր դռանը սպասում է, որ մեզ հոշոտի, իսկ մենք չգիտե՞նք ինչ անել… Մեսրո՜պ…

Ներս է մտնում Մեսրոպը:

Մեսրոպ — Էս ի՞նչ աղմուկ է, ի՞նչ է պատահել, Մարո… Հայրի՞կ, մայրի՞կ…

Մարո — Մեսրոպ, դարպասի մոտ գայլ կա… նրան սպանել է պետք:

Մեսրոպ — Գա՞յլ… ի՞նչ գայլ… Մարո, ինչե՞ր ես մոգոնում…

Մարո — Հայրիկին հարցրու…

Մեսրոպ — Հայրիկ, ի՞նչ գայլի մասին է խոսքը… որտե՞ղ է նա…

Հովսեփ — Դարպասի մոտ նստած է, դրսից…

Մեսրոպ — Դու նրան տեսե՞լ ես…

Հովսեփ — Հա…

Մեսրոպ Հապա ինչու՞ չսպանեցիր…

Հովսեփ — Շատ դժվար հարց է, տղաս…

Մեսրոպ — Ի՞նչն է դժվար… Եթե վախեցել ես, ասա, ես կգնամ ու կսպանեմ, տուր հրացանը…

Հովսեփ — Սպասիր, Մեսրոպ, դու չգիտես, թե դա ինչ գայլ է… ինչու է էնտեղ…

Մեսրոպ — Դե գայլը գայլ է, էլի, ի՞նչ տարբերություն, թե որ ոհմակից է…

Հովսեփ — Հարցն էդքան էլ պարզ չի, տղաս… Էդ գայլը մեզ հետ հաշիվ ունի… պիտի մտածենք ու ճիշտ որոշում կայացնենք:

Մեսրոպ — Հաշիվ ունի մեզ հե՞տ… Հայրիկ, ինչի՞ մասին ես խոսում…

Հովսեփ — Երեկ սպանել եմ նրա ձագերին… Նա հիմա եկել ու իր վրեժն է ուզում լուծել… (Լսվում է գայլի ոռնոց)։ Նա է, ինձ է կանչում կամ…

Մեսրոպ — Կամ՝ ո՞ւմ…

Հովսեփ — Երեխաներին…

Մեսրոպ և Մարո(միասին): Ի՞՜նչ…

Զվարթիկ — Ես վախենում եմ գայլից…

Հեղինե — Այ մարդ, ի՞նչ ես լեղաճաք անում երեխեքին, ի՞նչ ես էդ գայլից սրտապատառ եղել, գնացեք ու սպանեք նրան… Տեսնո՞ւմ ես՝ ոնց են վախենում: (Ցույց է տալիս երեխաների կողմը)։

Հովսեփ — Նրանց ոչինչ չի պատահի… (Գոռում է)։ Թույլ չե՜մ տա…

Մեսրոպ — Հայրիկ, հանգստացիր, ես հիմա կգնամ ու կսպանեմ էդ գայլին: Դու ինձ լավ կրակել ես սովորեցրել, չէ՞… չեմ վրիպի: (Մոտենում, վերցնում է անկյունում դրված հրացանը, լիցքավորում այն)։

Հովսեփ — Սպասիր, Մեսրոպ… Նա շատ խելացի ու ճարպիկ գայլ է, էդքան հեշտ չի լինի նրան սպանելը… Պետք է նախ մի լավ մտածել…

Մեսրոպ(մոտենում է պատուհանին ու դուրս նայում):  Չի երևում… հա, դարպասի մյուս կողմում է… Ուրեմն՝ կգնամ, այգու վերևի կողմից դուրս կգամ, հետո աննկատ մոտենալով՝ կկրակեմ… Նրան էդպես անակնկալի կբերեմ:

Հովսեփ Չէ, չի ստացվի էդպես, նա խույս կտա քո գրոհից ու ինքը կհարձակվի քեզ վրա: Դու չես հասցնի նորից այգի մտնել ու թաքնվել…

Մեսրոպ — Հայրիկ, ինչո՞ւ ես էդքան գերագնահատում էդ գայլին, նա հո բացառիկ չէ՞… Հո օժտված չէ՞ գերբնական կարողություններով…

Հովսեփ — Ասացի՝ ձագերը կորցրած մայր գայլ է, գումարած՝ շատ խորամանկ ու ճարպիկ: Նա լավ մտածել է իր անելիքը, նախքան հասել է մեր դարպասի մոտ:

Արայիկ — Պապիկ, բայց իսկապես զարմանալի է՝ ո՞նց է մեր տունը գտել… որտեղի՞ց գիտի, որ դու … մենք էստեղ ենք ապրում…

Հովսեփ — Արդարացի վրեժի զգացումը կենդանուն խելոք, հնարամիտ ու անզսպելի է դարձնում… Նա եկել է իմ հոտի վրա՝ վրիժառության իր սուր բնազդով: (Դադար)։  Ներող եղեք, մեղքը ես եմ գործել, բայց պատասխան ենք տալիս բոլորս…

Մեսրոպ — Լավ, հայրիկ, էդքան մի թանձրացրու գույները: Ես էդ գայլին կոչնչացնեմ (մյուսներին), մի անհանգստացեք, թույլ չեմ տա, որ ինչ-որ մի գազան վնասի մեր ընտանիքը… Մե՞նք ենք ուժեղ, թե՞ նա…

Արայիկ և Զվարթիկ(միասին): Մե՜նք…

Մեսրոպ — Ապրեք… Հայրիկ, մեկ-երկու հարց էլ ճշտեմ ու նոր գնամ գայլին սպանելու… Նա շատ արագավա՞զն է…

Հովսեփ — Շատ… մինչև հասցնում ես հրացանը բարձրացնել ու նշան բռնել, մի հիսուն մետրից վայրկենապես հայտնվում է քո դիմաց…

Մեսրոպ — Իսկ լսողությունն ինչպիսի՞ն է…

Հովսեփ — Շատ ուժեղ լսողություն ունի, մի հարյուր մետրից ոտնաձայներդ լսում է խշշացող անտառում…

Մեսրոպ — Ուրեմն պարզ է՝ ինչ տեսողություն ունի…

Հովսեփ Հա, տղաս, արծվի պես սուր տեսողություն ունի… Երբ հետապնդում էինք միմյանց, մի պահ մառախուղի մեջ հայտնվեցինք, թաքնվեցի մի հաստաբուն կաղնու ետևում, հուսալով, որ նա ինձ չի նկատի, բայց էլի հայտնաբերեց տեղս… Կրակում ու նրան ետ էի քշում…

Մեսրոպ — Դու լավ որսորդ ես, հայրիկ, ո՞նց եղավ, որ չկարողացար նրան կպնել…

Հովսեփ Չգիտեմ… Երևի մի քսան անգամ կրակել եմ նրա ուղղությամբ… իզուր…

Մեսրոպ — Իսկ ձագերին ո՞նց սպանեցիր… Ո՞նց եղավ, որ նման հնարամիտ գայլը չկարողացավ պաշտպանել իր ձագերին…

Հովսեփ(պատմում և ցույց է տալիս իր գործողությունները): Տարօրինակ բան տեղի ունեցավ, մինչև հիմա էլ լավ չեմ հասկացել նրա արարքը, միայն կռահում եմ… (Դադար)։ Մեր մենամարտից մի երկու ժամ էր անցել, երբ մի քանի րոպե գայլին այլևս չէի նշմարում իմ տեսադաշտում… Մտածեցի, որ հեռացել է: Ցանկացա տուն վերադառնալ, բայց որոշեցի մի անգամ էլ նայել անտառի էն բացատը, որտեղ սկսվեց իմ ու գայլի պատմությունը… Հիմա եմ հասկանում, որ մեծ սխալ եմ գործել՝ վերադառնալով բացատ… Մի երկու րոպե էդ բացատի տեղանքը հեռակա տնտղելուց հետո ուզում էի ետ գնալ, երբ հանկարծ գայլը նորից հայտնվեց մոտ քառասուն մետր հեռավորության վրա… Ես կրակեցի նրա ուղղությամբ, բայց նա դարձյալ հաջողությամբ խույս տվեց իմ կոտորակից ու մի պահ չքացավ աչքիցս… Ես առաջացա դեպի բացատի կենտրոն, կարծելով, որ գայլը կարող է պտույտ գործել ծառերի արանքով ու հայտնվել իմ թիկունքում և էնտեղից հարձակվել, ինչը մահացու կլիներ ինձ համար… Հասա բացատի կենտրոն ու կանգ առա՝ սպասելով, թե որտեղից կսկսի իր նոր հետապնդումը… Էդ անգամ շատ էի վճռական տրամադրված, ուզում էի անպայման գայլի վերջը տալ, հատկապես, որ ինձ մոտ մնացել էր ընդամենը երկու փամփուշտ… Նորից հայտնվեց գայլը… աջ կողմից… իր չորս ձագերի հետ… ու հանգիստ առաջացավ դեպի ինձ… Նա ինչ-որ բան էր ուզում ինձ ասել իր էդ… ընտանեկան շքերթով, բայց քանի որ սաստիկ վախեցած ու շփոթված էի, ուղեղս պատրաստ չէր ճիշտ ընկալելու գայլի անսովոր արարքը… գիտակցաբա՞ր, թե՞ ինքնապաշտպանական բնազդից մղված՝ կրակեցի… գայլուկների վրա… կրակեցի երկու անգամ… Մայր գայլը քարացավ տեղում, ապա սկսեց դանդաղ պտտվել ընկած ձագերի շուրջ… Ես ետ-ետ գնացի, տեսնելով, որ թփերից դուրս եկավ ևս մի գայլ… արուն էր… Նրանք երկուսով կանգնել՝ ոռնում էին… (Դադար)։

Մեսրոպ — Ուրեմն՝ արուն էլ կա…

Հովսեփ — Հա…

Արայիկ — Հովսեփ պապիկ, էդ մայր գայլը իր ո՞րջն էր պաշտպանում՝ քեզ հետապնդելով…

Հովսեփ — Հա, բալիկս, ես դա հասկացա հետո, երբ այլևս ուշ էր… Մայր գայլն ուզում էր ինձ հեռու քշել իր որջից… Ընդամենը…

Մարո — Իսկ ինչո՞ւ էդ վերջին անգամ քո դեմ դուրս եկավ իր ձագերի հետ…

Հովսեփ — Նա ուզում էր, որ խնայեմ իրեն ու ձագերին… չկրակեմ… Դա էր ուզում ինձ հասկացնել:

Մեսրոպ — Այսինքն՝ եթե դու էդ պահին չկրակեիր, գայլը չէ՞ր հարձակվի քեզ վրա…

Հովսեփ Հաստատ չէր հարձակվի… Նա ուզում էր պայմանավորվել ինձ հետ էդ հարցով…

Մեսրոպ — Բայց դու էդ պահին դա չհասկացար…

Հովսեփ — Հա, տղաս, ներող եղիր… վախը մթագնում է մարդու ուղեղը:

Հեղինե — Թե՞ ավելի եսամոլ է դարձնում նրան…

Հովսեփ — Դեպքից հետո հեշտ է խորիմաստ մեկնաբանություններ անելը… Հիմա մենք գրեթե նույն բարդ իրավիճակում ենք… Դրա համար եմ ասում, որ պետք է լավ կշռադատել ու նոր գործել…

Մեսրոպ — Հայրիկ, բայց մենք ունե՞նք ուրիշ ընտրություն, քան գայլին սպանելը…

Մարո – (կիսահեգնական): Հո չենք կարող գնալ ու ասել գայլին, թե՝ հարգելի գայլ, ներող եղեք մեր կատարած հանցանքի համար, խորապես ցավակցում ենք, այլևս նման բան չենք անի, անաղմուկ հեռացեք մեր դարպասի մոտից ու թողեք, որ մենք խաղաղ ու հանգիստ ապրենք ու մեր գործերով զբաղվենք… Գայլն էլ կլսի մեր մեղայականն ու ցավակցականը և կհեռանա ընդմիշտ… (Դադար)։ Տեր Աստված, մենք արդեն դասերից բավական ուշացել ենք…

Մեսրոպ — Հիմա դասերն ամենաերկրորդական հարցն է, որ պիտի մեզ հուզի… Մարո, երեխեքին վերցրու՝ բարձրացեք վերին հարկ, փակվեք մեր սենյակում ու միառժամանակ մնացեք էնտեղ, մինչև գայլի հարցը լուծենք…

Մարո — Լավ, բայց խնդրում եմ, Մեսրոպ, մեզ շուտ հանեք էս տագնապալի վիճակից… Գնացինք, երեխեք…

Արայիկ — Հայրիկ, ես մնամ, հա՞… Ասում ես, չէ՞, որ ես արդեն տղամարդ եմ: Տղամարդիկ պիտի գործ ունենան գայլի հետ, չէ՞…

Մեսրոպ Առայժմ բարձրացիր վեր, տղաս, երբ քո օգնության կարիքը լինի, կկանչեմ… Գնացեք:

Հովսեփ — Եվ ոչ մի զանգ ուրիշներին… էս հարցով:

Մեսրոպ – Լսո՞ւմ եք… Ոչ մի հեռախոսազանգ ուրիշներին…

Արայիկ — Լավ, հայրիկ… Տես՝ քո կանչին եմ սպասում, ինձ չմոռանաս:

Մարոն ու երեխաները, ձեռքձեռքի տված, դուրս են գնում:

Մեսրոպ — Հայրիկ, մայրիկ, դուք մնացեք էստեղ, շուտով կգամ: (Գնում է դեպի ելքը)։

Հեղինե — Սպասիր, Մեսրոպ ջան…

Հովսեփ Կաց, Մեսրոպ… Նախ, մի անգամ էլ ես գնամ, եթե չհաջողվի սպանել, նոր կգնաս դու:

Մեսրոպ — Հայրիկ, բայց արդեն մի անգամ գնացել ես, չէ՞… Դու շատ վախեցած ես, պետք չէ երկրորդ փորձն անել… դա կարող է շատ վատ հետևանք ունենալ…

Հովսեփ — Դա անակնկալ հանդիպում էր գայլի հետ, ես միանգամից շփոթվեցի… Հիմա սառնասրտությունս վերգտել եմ… պատրաստ եմ նրա հետ կռվելու…

Մեսրոպ — Հայրիկ, մեզ նրա հետ կռիվ պետք չէ, մեզ պետք է արագ փակել մեր հաշիվը նրա հետ, սպանել… կամ քշել հեռու, այնպես, որ էլ չվերադառնա… Չէ, ի՞նչ եմ ասում, նրան պետք է միայն սպանել:

Հովսեփ — Տղաս, դու իրավիճակը հասկացար, բայց, միևնույն է, առաջինը ես պիտի գնամ փորձեմ… Հիմա զգում եմ մի էնպիսի այրող ու շամփրող պատասխանատվություն, որ երբևէ չեմ զգացել նույնիսկ պատերազմի ծանր տարիներին, երբ մի ամիս չգիտեի ձեր գտնվելու վայրը… կարծում էի՝ գերի եք ընկել…

Հեղինե — Դու էնքան էլ լավ չէիր փնտրում մեզ, ուշքդ լրիվ կռվի վրա էր…

Մեսրոպ — Մայրիկ, խնդրում եմ, նորից չվիճեք էդ թեմայով, հերիք է, հատկապես հիմա դրա ժամանակը չէ:

Հովսեփ — Ճիշտ է, հիմա պետք է համախմբվել ու միասնական գործել, և պետք է ենթարկվեք ձեր հրամանատարին… ինձ… Ես մի ժամով ռազմական դրություն եմ հայտարարում մեր տանը… Ուրեմն, Մեսրոպ տղա, տուր հրացանն ու մայրիկի հետ սպասեք էստեղ կամ ավելի լավ է՝ գնացեք հյուրասենյակ, էնտեղից բակն ու դարպասը լավ են երևում: (Մեսրոպից վերցնում է հրացանը, ապա ամրացնում փամփշտակալը)։

Հեղինե — Հովսեփ, իսկ ինչո՞ւ Մեսրոպի հետ միասին չեք գնում… իրար օգնելով՝ գայլի հախիցը կգաք…

Մեսրոպ — Ճիշտ որ… Հայրիկ, միանամ քեզ…

Հովսեփ — Լավ գաղափար է, բայց անհրաժեշտության դեպքում էդ քայլին կդիմենք: Հիմա իմ գնալու ժամանակն է… Դե, պինդ կացեք, մինչև վերադառնամ:

Մեսրոպ — Հաջողություն, հայրիկ… Մենք հյուրասենյակի մեծ պատուհանից կնայենք… Հենց դժվարացար, ձեն տուր, իսկույն կգամ…

Հեղինե — Զգույշ եղիր, Հովսեփ…

Լսվում է գայլի ոռնոց: Հովսեփը շտապ դուրս է գնում:

ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

Հյուրասենյակում են Հեղինեն ու Մեսրոպը: Նրանք պատուհանից դուրս են նայում:

Մեսրոպ Իզուր հայրիկը չհամաձայնվեց՝ գնայի հետը: Թեև ասում է՝ սառնասրտությունը վերգտել է, ավելի շուտ շփոթվածություն ու տագնապ տեսա նրա մեջ, երբ դուրս էր գալիս… Իսկ նման իրավիճակում էդպիսի վրիժառու գայլին չես չեզոքացնի…

Հեղինե — Հերդ իրեն չի ների, եթե էդ գայլի հարցը ինքը չլուծի. ես Հովսեփին լա՜վ եմ ճանաչում… Նա մարտադաշտը լքողներից չէ… Բայց ավելի կարևոր հարց էլ կա…

Մեսրոպ Ի՞նչ հարց, մայրիկ…

Հեղինե — Նա մեր ընտանիքի մեծն է՝ գլխավոր պատասխանատուն. նա ամեն ինչ կանի, որ իր ընտանիքը չվնասվի, դրա համար իրեն էլ կզոհաբերի: Դրանից բացի… (Դադար)։

Մեսրոպ — Դրանից բացի՝ ի՞նչ…

Հեղինե — Նա կրկնակի է պարտավորված զգում, քանի որ իր մեղքով է գայլը հայտնվել մեր դարպասի մոտ… Ուստի շա՜տ է ձգտում, որ էս խնդիրն ինքը կարգավորի:

Մեսրոպ Այսինքն՝ հայրիկի խիղճն է՞լ է անհանգիստ…

Հեղինե — Հա, տղաս… Հերդ նաև խղճի մարդ է:

Մեսրոպ Իսկ որ նա սպանել է ձագերին, հետո նրանց մորը պիտի սպանի, դա նրա խղճի վրա շատ ծանր չի՞ նստի…

Հեղինե — Իհարկե, կտանջվի դրանից, բայց ոչ էնպես, եթե նրա ընտանիքին վատ բան պատահի… առավել ևս՝ իր պատճառով: Պիտի ընտրություն կատարել, թե խիղճդ առավելս որ դեպքում է տանջում… Հովսեփը իր ընտանիքի նվիրյալ պահապանն է… Տեսնո՞ւմ ես, թե գայլը ոնց է ուզում պաշտպանել իր ընտանիքի պատիվը…

Մեսրոպ Ստացվում է, որ հայրիկն ու… գայլը իրենց բարոյական նկարագրով նո՞ւյնն են:

Հեղինե — Կարելի է նման համեմատություն անել… (Դադար)։ Գիտե՞ս՝ մեծ հաշվով նշանակություն չունի, թե ով կլինի հաղթողը՝ Հովսե՞փը, թե՞ գայլը…

Մեսրոպ — Էդ ի՞նչ ես ասում, մայրիկ, ինչպե՞ս թե՝ նշանակություն չունի… Հայրիկը պիտի հաղթի, նա ողջ-առողջ պիտի վերադառնա էդ մենամարտից…

Հեղինե Ես աղոթում եմ դրա համար, որդիս… ուղղակի ուզում էի ասել, որ երկու դեպքում էլ հաղթում է կենդանի արարածին վերապահված բարոյականությունը…

Մեսրոպ Մայրիկ, դու Աստծո դիտանկյունից ես դատողություններ անում, մինչդեռ մեր ընտանիքի շահը թելադրում է շատ որոշակի կեցվածք:

Հեղինե — Այո… Այսպես թե այնպես՝ գայլին պետք է հեռացնել մեր դարպասից: Թող Աստված օգնական լինի մեզ… (Խաչակնքում է)։

Հեռվից լսվում է հրացանի կրակոց: Լռություն:

Մեսրոպ — Ինձ թվում է՝ հայրիկը վրիպել է…

Հեղինե — Ինչի՞ց ենթադրեցիր…

Մեսրոպ — Եթե գնդակը կպած լիներ, գայլի մահագույժ կաղկանձյունը կլսվեր…

Հեղինե — Հա՜…

Մեսրոպ – Թեև կարող է և սպանած լինել, չէ՞ որ անսովոր գայլի հետ գործ ունենք… Հնարավոր է՝ գերադասում է շունչը փչել անաղմուկ, առանց կաղկանձյունի… հպարտ ու ասպետաբար…

Հեղինե — Էդ գայլին կարծես թե արդեն լավ ճանաչում ես… (Հեռանում է պատուհանից, նստում աթոռին)։

Մեսրոպ — Հա… նա ասես միշտ կար իմ մտապատկերում… Ահա, հայրիկը գալիս է… Բայց ձեռքը ոնց որ թե վնասել է…

Ներս է մտնում Հովսեփը՝ արյունոտված ձեռքով:

Հեղինե — Ի՞նչ է եղել ձեռքիդ, Հովսեփ… Սպասիր՝ տեսնեմ…

Մեսրոպ — Ի՞նչ է եղել, հայրիկ…

Հեղինեն կոմոդի դարակից շտապ հանում է թանզիֆ, բամբակ, սպիրտի սրվակ, մաքրում է Հովսեփի վնասված ձեռքը, վիրակապում:

Հովսեփ — Ցանկապատն անցնելիս վնասեցի:

Հեղինե — Սպանեցի՞ր գայլին…

Հովսեփ — Չէ… (Դադար)։ Թվում է՝ կոտորակն անցնում է նրա միջով, բայց չի վնասում…

Հեղինե — Դե ասա ուրվականի պես է քո էդ գայլը, էլի…

Հովսեփ — Հա, ուրվականի պես է… Երբ նշան բռնեցի, շրջվեց իմ կողմը… գիտեր, որ այգու հեռավոր անկյունադարձի մոտ եմ… Նստած դիրքով շրջվեց իմ կողմը, առջևի ոտքերը վեր բարձրացրեց, ասես ինձ հուշելով, որ կրծքաբաց պատրաստ է ընդունելու իմ կրակոցը… Կրակեցի… Մի պահ չքացավ աչքիցս, ապա կրկին հայտնվեց նույն, նախկին դիրքով նստած… ու էլի հանգիստ նայում է… եկեղեցու ուղղությամբ… էլի սպասում է… Ուզեցի երկրորդ անգամ կրակել, բայց մտածեցի, որ զուր է, դրանով միայն ավելորդ աղմուկ կառաջացնեի ավանում ու կվախեցնեի մարդկանց…

Հեղինե — Մարդիկ կայի՞ն մեր տան ճամփի վրա…

Հովսեփ — Չէ, ոչ ոք չէր երևում: (Դադար)։ Պիտի հիմա խորհրդակցենք, թե հետո ինչ պիտի անենք…

Մեսրոպ — Հիմա կգնամ ու գայլին վերջնականապես կոչնչացնեմ. չենք կարող էսպես երկար ձգել… Հայրիկ, մի տեսակ պատրանքի մեջ ես ընկել… բարդույթավորվել ես գայլի հետ ծագած հարաբերություններում: Ես սթափ աչքով կնայեմ… Նրան էդքան մեծ նշանակություն չեմ տա, մի փոքր կմոտենամ… հիմա՝ այգու աջ անկյունից նշան կբռնեմ ու կփռեմ գետնին… (Դադար)։ Իսկ եթե անսպասելի բացեմ դարպասի դռնակն ու միանգամից կրակեմ նրա վրա՞… հը՞, հայրիկ…

Հովսեփ — Ոչ-ոչ, տղաս, էդ մեկը հաստատ չանես, թույլ չեմ տալիս… Դռնակը չես հասցնի բացել՝ կցատկի ու ժանիքներով կբռնի կոկորդդ… Փորձիր այգու աջ անկյունից մի փոքր մոտենալ ու կրակել… Հա, դա ավելի խելամիտ մարտավարություն է:

Հեղինե — Նորից եմ ասում՝ գնացեք երկուսով…

Մեսրոպ — Չէ, հայրիկը վիրավոր է, թող հանգստանա, կգնամ մենակ, էդպես ավելի սառնասրտորեն կգործեմ:

Հովսեփ — Լավ, գնա…

Մեսրոպը Հովսեփից վերցնում է փամփշտակալը՝ ամրացնում իրեն ու լիցքավորում հրացանը:

Հեղինե — Շատ զգույշ եղիր, տղաս, հենց վտանգ զգացիր՝ փախիր, տուն արի: Ուրիշ տարբերակ կմտածենք…

Մեսրոպ Մի անհանգստացիր, մայրիկ… Հայրիկի հետ հաճախ ենք վտանգավոր իրավիճակներում հայտնվել որսի ժամանակ. երբեք չեմ վախեցել ու խուճապի չեմ մատնվել, չէ՞, հայրիկ…

Հովսեփ — Մի անգամ վախեցար կարգին… երբ արջը դուրս եկավ որջից…

Հեղինե — Պարտադի՞ր էր դա հիմա հիշեցնել…

Մեսրոպ Դե, առանձնապես չվախեցա… առաջին անգամ էի արջ տեսնում… էդքան մոտիկից…

Հովսեփ — Հա, բնական է… Մեսրոպ, եթե առաջին կրակոցով չսպանես, երկրորդ կրակոց չարձակես. պետք չէ, տղաս, իրարանցում սարքել վատ տեսածի շուրջ…

Մեսրոպ — Ես պատրանքին չեմ տրվի, հայրիկ… Դե գնացի…

Հեղինե — Չվախենաս, մենք քեզ հետ ենք, տղաս, զգույշ եղիր…

Կրկին լսվում է գայլի ոռնոցը:

Մեսրոպ — Հիմա էլ ինձ է կանչում, գնամ…

Մեսրոպը դուրս է գնում:

Հովսեփ — Ինձ թվում է՝ Մեսրոպը կկարողանա էդ գայլի հարցը լուծել…

Հեղինե — Վստա՞հ ես…

Հովսեփ — Դե, ոչ էնքան, բայց իմ համեմատությամբ առավելություն ունի:

Հեղինե — Մեսրոպը շատ առավելություններ ունի քո համեմատ:

Հովսեփ — Դրա համար միայն ուրախ եմ: (Մոտենում է պատուհանին, նրան միանում է Հեղինեն)։ Մեսրոպը ավելի ազատ, անկաշկանդ կարող է գործել գայլի դեմ… Նա չէ ձագուկներին սպանողը:

Հեղինե — Գայլը կարո՞ղ է հասկանալ, որ Մեսրոպը քո ժառանգն է…

Հովսեփ — Հա, կհասկանա:

Հեղինե – (վախեցած): Էդ դեպքում գայլը նրա դեմ կգործի նույն ագրեսիվությամբ …

Հովսեփ — Չէ… ավելի մեղմ կվերաբերվի…

Հեղինե – Ինչո՞ւ, չէ՞ որ նա իրավունք ունի… թող լեզուս պապանձվի… իր ախոյանի զավակներին տեսնել նույն ճակատագրով դատապարտված, ինչին արժանացան իր ձագերը…

Հովսեփ — Սկզբում ես էլ էի էդպես կարծում… Հիմա կարծում եմ, որ նրա միակ թիրախը ես եմ…

Հեղինե — Համոզվա՞ծ ես…

Հովսեփ — Լիովին ոչ… Դե գազանի… կենդանի արարածի հարցում չի կարելի կատարյալ վստահություն ունենալ… Գայլը դարպասի մոտ ինձ է սպասում, առաջին հերթին՝ ինձ…

Հեղինե — Իսկ երեխաներին ձեռք չի՞ տա…

Հովսեփ — Կարծում եմ՝ ոչ… չի ուզենա տեսնել նույն ողբերգությունն ուրիշի ընտանիքում…

Հեղինե — Ի՞նչ հիմք ունես նման ենթադրություն անելու, նա ընդամենը գազան է:

Հովսեփ — Նախ, կենդանի արարած է՝ բնության մի մաս, Աստծո ստեղծվածք… աստվածային նույն բարոյականությամբ արարված…

Հեղինե — Բնապաշտ, աստվածապաշտ փիլիսոփա՜… Քո տեսությունը փորձով հիմա ապացուցելու իսկական ժամանակն է:

Հովսեփ — Կարծում եմ՝ գայլը հաշիվ ունի պահանջելու միայն ինձնից:

Հեղինե — Դու ընդամենը կարծում ես… Հիմա կարո՞ղ ենք երեխաներին անվնաս դուրս տանել դարպասով… գայլի կողքով…

Հովսեփ – Դե, ես գայլից գրավոր երաշխավորագիր չունեմ երեխաների մասով:

Հեղինե Դեռ կատակո՞ւմ ես… Ո՞նց կարողացար սպանել գայլուկներին…

Հովսեփ — Արդեն պատմել եմ… չգիտեմ… դա իմ կյանքի ամենամեծ թյուրիմացությունն է… (Դադար)։

Հեղինե — Ճիշտն ասա, Հովսեփ, Նորայրիկի առիթո՞վ ես սպանել գայլի ձագերին… Ուզում էիր ինչ-որ ձևով վրեժ առնել ու հոգիդ խաղաղեցնե՞լ… (Հովսեփը շրջում է գլուխը, լռում)։ Մեր որդու մահվանից երեսուն տարի է անցել, բայց դեռ հոգիդ չի հանգստանում… Իմն էլ չի հանգստանում, սակայն դա չպիտի պատճառ լինի, որ ուրիշներին վնասենք, հատկապես մեզ հետ առնչություն չունեցող արարածներին… Դա ի՞նչ չարություն է… Էն ժամանակ ուզում էիր էն բժշկին սպանել,- Նորայրիկի մահվան մեջ նրան էիր մեղադրում… Բայց դու գիտես, Հովսեփ… (լացակումած)  որ մեր երեխան անբուժելի հիվանդ էր… գուցե մի քանի օր էլ հնարավոր էր երկարեցնել նրա կյանքը, ոչ ավելին… Բժիշկը առանձանապես մեղք չուներ… Դու նրա քողարկված վրեժն էիր ուզում լուծել, ճի՞շտ է… Երբ գայլուկներին նշան էիր բռնում, պատկերացնում էիր, որ դրանք բժշկի զավակնե՞րն են… Աստված իմ, պետք չէ… (Դադար): Լավ, ներիր, գիտեմ, որ տանջվում ես… (Բռնում է Հովսեփի վիրավոր ձեռքը, շոյում: Դադար)։

Հովսեփ Ամռանը քեզ ծովափ կտանեմ, աշխարհի լավագույն ծովափերից մեկը… Երեխեքին էլ կտանենք:

Հեղինե(ժպտում է): Համարենք դա տղամարդու խոստում:

Հովսեփ — Հա, մի կասկածիր:

Կրակոցի ձայն: Հովսեփն ու Հեղինեն ակնապիշ նայում են պատուհանից դուրս: Լռություն:

Հեղինե — Սպանե՞ց…

Հովսեփ — Ոչ… վրիպեց: (Լսվում է երկրորդ կրակոցը: Լռություն)։ Դարձյալ վրիպեց… Բայց ես խնդրեցի Մեսրոպին՝ երկրորդ կրակոց չարձակել, ինչո՞ւ է իզուր տաքացել…

Հեղինե Ուզում է արագ վերջակետ դնել էս անախորժ պատմությանը…

Հովսեփ — Զուր, սա շտապելու գործ չէ, այլ՝ մանրակրկիտորեն պլանավորելու…

Հեղինե — Հիմա ի՞նչ ենք անելու…

Հովսեփ — Սպասենք՝ Մեսրոպը գա, կորոշենք:

Հովսեփը նստում է աթոռին, մտախոհ գլուխը հակում ցած: Հեղինեն շարունակում է նայել պատուհանից դուրս:

Հեղինե — Եկա՜վ Մեսրոպը…

Ներս է մտնում Մեսրոպը՝ հուզախռով ու կարմրատակած:

Հովսեփ — Տուր հրացանն ու փամփշտակալը, տղաս…

Մեսրոպը Հովսեփին է տալիս զենքզինամթերքը, որը դրանք զգույշ տեղավորում է սենյակի հեռավոր անկյունում:

Հեղինե — Էնտեղ ի՞նչ եղավ, Մեսրոպ, վրիպեցի՞ր, թե՞…

Մեսրոպ — Ասես գնդակները… հատուկ շեղվում ու խույս էին տալիս… Անհասկանալի բան կատարվեց…

Հովսեփ — Նա նստա՞ծ էր…

Մեսրոպ — Հա:

Հովսեփ — Շրջվե՞ց քո կողմը…

Մեսրոպ — Ոչ…

Հովսեփ — Ուրեմն ճիշտ է՝ իմ ժառանգների հետ հաշիվ չունի:

Մեսրոպ — Իսկ գնդակները ինչո՞ւ չէին կպնում, Էդ ի՞նչ ուժ էր շեղում կոտորակների ընթացքը…

Հովսեփ – Երևի արդար վրիԺառության ուժը…

Մեսրոպ — Հիմա ի՞նչ… էդ գայլն անսպանելի՞ է…

Հովսեփ — Էս պահին՝ այո… Նրա հետ շփվել է պետք… անկեղծ ու ազնվորեն… Նրան պետք է իմ արյունը… կամ՝ իմ սիրտը…

Հեղինե – (բորբոքված ու բարձր, գրեթե գոռալով): Դե հերիք է սոփեստություններ դուրս տաք… Տվեք ինձ էդ հրացանը… (Արագ գնում է՝ հրացանը վերցնում, փորձում փամփշտակալը ամրացնել գոտկատեղին: Հովսեփն ու Մեսրոպը աճապարանքով մոտենում են Հեղինեին)։

Մեսրոպ — Մայրիկ, պետք չէ, տուր հրացանը… (Փորձում է հրացանը վերցնել)։

Հովսեփ — Հեղինե, հիշիր՝ ռազմական դրություն է հայտարարված տանը, կամայական գործելակերպն արգելված է. ցած դիր հրացանը, դա քո գործը չէ: Մենք ամեն ինչ կկարգավորենք:

Հեղինե – Ե՞րբ կկարգավորեք, ինչքան ժամանակ է՝ երեխեքը էնտեղ վախից դողացնում են… Գնում-գալիս եք՝ հեքիաթ ու ավետարան կարդում գլխիս… (Լաց է լինում)։

Մեսրոպ — Հանգստացիր, մայրիկ… Մի քիչ շունչ քաշենք ու հետո կանցնենք… վճռական քայլերի…

Հեղինե(լացելով): Էդ գայլը ձեզնից և ուժեղ է, և խելոք, և արդարամիտ, և հնարամիտ, և… գեղեցիկ…

Հովսեփն ու Մեսրոպը փռթկացնում են:

Մեսրոպ(ծիծաղը զսպելով): Հա, մայրիկ, իրոք որ գեղեցիկ գայլ է… խոշոր, շագանակագույն աչքերով, գորշասպիտակավուն մազերով… ժանիքներն ու ականջները՝ խնամված…

Հեղինեն չկամ՝ հրացանը տալիս է Մեսրոպին, ցած է դնում փամփշտակալը:

Հովսեփ ու Մեսրոպ — Այ էդպե՜ս…

Մեսրոպը հրացանն ու փամփշտակալը դնում է նույն անկյունում:

Հեղինե(մի փոքր խաղաղված): Հիմա ի՞նչ եք առաջարկում… (Հովսեփին.) Հրամանատար, մի խելոք բան հրամայիր…

Հովսեփ — Լավ, մի րոպե թողեք՝ մտածեմ… (Դադար)։

Մեսրոպ Հայրիկ, առաջարկում եմ օժանդակ ուժ հրավիրել օգնության…

Հովսեփ — Ի՞նչ օժանդակ ուժ…

Մեսրոպ — Ասենք՝ փրկարարներին…

Հեղինե — Հա, ճիշտ է, թող գան ու իրենք վերացնեն էդ գայլին:

Հովսեփ — Ուզում եք՝ խայտառա՞կ լինենք ավանով մեկ… ասեն՝ տան երեք տղամարդիկ… Արայիկն էլ մեզ հետ… չկարողացան մի գայլի հախիցը գալ… Հետո էլ… կիմանան, որ գայլուկների եմ սպանել… պետք չէ…

Մեսրոպ — Հա՜, պիտի փրկենք և մեր անձը, և մեր անունն ու պատիվը… (Դադար)։

Հովսեփ — Մեսրոպ, մորդ արդեն ասել եմ, քեզ էլ պարզաբանեմ. գայլին ես եմ պետք, միայն ես… Էս անգամ էլի ես կգնամ, բայց ոչ թե սպանելու, այլ նրա հետ դեմ առ դեմ հանդիպման, բանակցելու, հենց դարպասի մոտ, որտեղ նստած է…

Հեղինե — Վերջ տուր, Հովսեփ, գայլը քեզ կհոշոտի… Քեզ բաց չենք թողնի, հաստատ իմացիր…

Մեսրոպ Հայրիկ, քեզ մենակ չենք թողնի նրա մոտ. մայրիկը ճիշտ է ասում՝ գայլը քեզ կհոշոտի:

Հովսեփ Չէ… կարծում եմ՝ ինձ հասցրած մի քանի ճանկռվածքներով կբավարարվի ու կհեռանա… Մահացու չի հոշոտի:

Հեղինե — Էս մարդը էնպե՜ս է խոսում, ասես գայլի մտքերը թղթի վրա գրված-դրված են աչքի դեմ, ինքն էլ գերազանցիկ աշակերտի պես մեկ առ մեկ անսխալ կարդում է…

Հովսեփ — Հա, համարիր էդպես:

Մեսրոպ Հայրիկ, էդ քո դեմ առ դեմ հանդիպման գաղափարն ինձ դուր չի գալիս… Արի մի քսան-երեսուն րոպե զինադադար հայտարարենք, հանգստանանք ու նոր որոշում կայացնենք:

Հովսեփ — Լավ… զինադադար քսան րոպեով… Հեղինե ջան, մեզ թեյ հյուրասիրիր:

ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ

Ննջասենյակում Մարոն է երեխաների հետ: Մարոն դանդաղ ու մտահոգ քայլում է: Արայիկը մահճակալի եզրին նստած՝ տարված է պլանշետով, իսկ Զվարթիկը ծնկներին դպրոցական դասագիրք կա, սակայն նա չի կարդում, սևեռուն նայում է դիմացը:

Մարո – (խոսում է ինքնիրեն, կամաց, բայց գրգռված տոնով): Արդեն ժամից ավել է՝ էստեղ ենք պատանդների պես… Էդ մեր տղամարդիկ, ի՞նչ է, չեն կարողանո՞ւմ մի գայլի հարց լուծել… Մեր առանձնատունը իսկական պաշարման մեջ է առել ինչ-որ գայլ… Ճիշտ է՝ ինչ-որ չէ, ձագերը կորցրած, ցավով ու վրիժառությամբ լցված մայր գայլ է, բայց, համենայնդեպս… որքան էլ գազազած լինի, մի՞թե էդքան ուժ ու կարողություն ունի, որ մեզ սարսափի մատնի ու իր կամքը թելադրի…

Արայիկ — Մայրիկ, նայիր, գայլերի մասին հետաքրքիր էջ գտա համացանցում… Լսիր՝ ինչ է գրված, Զվարթիկ, դու էլ լսիր… (Կարդում է)։  «Գայլերը միշտ կարևոր դեր են խաղացել մարդու կյանքում. նրանք աստվածներ են համարվել, օրինակ, նորվեգական դիցաբանությունում, կերակրել են Ռոմուլին ու Ռեմային, հիմնադրել են Հռոմը: Նրանք առաջին կենդանիներն են, որոնց վարժեցրել է մարդը…»…

ԶվարթիկԳայլերին վարԺեցնո՞ւմ են… Մայրիկ, արի էդ… մեր գայլին վարժեցնենք…

Մարո — Հիմա գայլն է մեզ վարժեցնում…

Արայիկ(շարունակում է կարդալ): «Գայլերը միշտ եղել են մարդու լավագույն ընկերները, ոգեշնչման աղբյուրը, բայց իրականում քիչ բան գիտենք նրանց մասին…»…

Մարո — Այո, եթե շատ բան իմանայինք, էս օրը չէինք ընկնի: (Դադար)։ Արայիկ ջան, ի՞նչ կասես, չզանգե՞մ քեռի Գրիգորին, որ գա իր զինվորներով ու զինտեխնիկայով… մեզ ազատագրի…

Զվարթիկ — Ուռա՜, մայրիկ, զանգիր, թող քեռի Գրիգորը գա իր տանկով…

Արայիկ — Հայրիկն ու պապիկը չասացի՞ն՝ ոչ մի զանգ ուրիշներին…

Մարո Հա, ասել են, բայց…

Արայիկ Չէ, մայրիկ, մի զանգիր, չի կարելի, արի լսենք մեծերին, նրանք գիտեն՝ ինչ են անում…

Մարո Լավ, դեռ համբերենք, թեև կարծում եմ՝ նրանք չգիտեն ինչ անել…

Արայիկ Սպասենք, մայրիկ, սպասենք… Լավ կլինի:

Մարո — Դասերից բացակայեցիք, ես էլ՝ աշխատանքից…

Արայիկ — Բան չկա, մայրիկ, ես ու Զվարթիկը բաց թողած դասերը կսովորենք… Դե դու էլ… բժշկական տեղեկանք կտանես տնօրենիդ… Միշտ էդպես ես անում, չէ՞, երբ բացակայում ես…

Մարոն թեթևակի ժպտում է:

Մարո — Լավ, երեխեք, եկեք մի հետաքրքիր ու օգտակար բանով զբաղվենք, որպեսզի ժամանակն արագ անցնի և չտրվենք վախին ու ճնշող տրամադրությանը… Դե, ի՞նչ առաջարկություններ ունեք…

Զվարթիկ — Մայրիկ, էսօր պարի պարապմունք ունեմ դասերից հետո… Արի իմ պարը միասին պարապենք…

Մարո Լավ առաջարկություն է… Ի՞նչ պար է:

Զվարթիկ — Արայիկը գիտի… Արայիկ, միացրու, խնդրում եմ, էդ պարեղանակը…

Արայիկ — Հիմա…

Հնչում է պարային դիսկո ոճի երաժշտություն: Զվարթիկը ցույց է տալիս պարաքայլերը, ապա սկսում է պարել Մարոյի հետ: Նրանց միանում է Արայիկը:

ԱՐԱՐ ՉՈՐՐՈՐԴ

Հյուրասենյակում են Հովսեփը, Հեղինեն ու Մեսրոպը, սեղանին դրված թեյի բաժակների շուրջ նստած:

Հովսեփ Լավ, զինադադարն ավարտվեց… Դուք մնում եք էստեղ, ես անզեն գնում եմ գայլի հետ հանդիպման… այսպես ասած՝ խորհրդակցելու և համաձայնության գալու նրա հետ:

Մեսրոպ — Չէ-չէ-չէ, համաձայն չեմ… Լավ գիտես, թե գայլը քեզ ինչ կանի, մենք էլ գիտենք… Չենք կարող թույլ տալ, որ քո ոտքով գնաս ու… զոհաբերվես… Մեզ նման կորստով փրկություն պետք չէ: Ոչ, հայրիկ, ուրիշ բան մտածենք…

Հեղինե — Ես էլ կտրականապես դեմ եմ… Հովսեփ, քեզ որ հոշոտեց գայլը, մենք էլ իբր փրկվեցինք, կարծում ես՝ դա փրկությո՞ւն է լինելու մեզ համար, դու իրո՞ք էդպես ես կարծում… Ախր, ողջ կյանքում մենք տանջվելու ենք քո պատճառով, էլ փրկությունն ո՞ւր մնաց, ի՞նչ փրկություն, երբ հոգիդ խաղաղ չէ, խիղճդ հանգիստ չէ… Ոչ, Հովսեփ, դու մենակ չես գնա գայլի դեմ:

Հովսեփ Ես գայլի դեմ չեմ գնում, այլ՝ նրա դեմը…

Հեղինե — Հերթական սխալդ ես ուզում գործել. համաձայն չեմ, չես գնա:

Մեսրոպ — Հայրիկ, մենք ընդամենը սովորական մարդիկ ենք, չենք կարող մեր ուսերին վերցնել մի էնպիսի բեռ, որը տանել չենք կարող… Ու քանի որ սովորական մարդիկ ենք, էս խնդիրը պիտի լուծենք մար-դա-վարի… Այսինքն՝ պիտի հաղթենք գայլին, բայց և ցույց տանք նրան, որ գազաններ չենք…

Հեղինե Մեսրոպս էլ է փիլիսոփա… Էդ ո՞նց հանկարծ էդքան պերճախոս, իմաստախոս դարձաք… էդ գայլի՞ց եք ազդվել էդպես… Հետաքրքիր է՝ էդ վայրի կենդանին բարերար ազդեցություն է գործել ձեզ վրա… Լավ, իմ տարբերակն եմ առաջարկում, պիտի համաձայնվեք:

Հովսեփ Ասա:

Հեղինե — Գայլի հետ հանդիպման գնում եմ ես, նա ինձ հետ մեղմ կվերաբերվի… դե, ես նրա ողբերգության համար ուղղակի պատասխանատու չեմ, ինչպես դու, Հովսեփ… Նաև մի որդեկորույս մայր էլ ես եմ… նրա հետ որոշ չափով բախտակիցներ ենք… Նա կհասկանա ինձ ու կընդունի մեր առաջարկությունը…

Հովսեփ — Ի՞նչ առաջարկություն…

Հեղինե — Չգիտեմ, ի՞նչ ենք առաջարկում նրան, դուք ասեք…

Հովսեփ — Հա… պիտի գայլի հետ համաձայնության գանք հետևյալում. նա հեռանում է իր անտառը, էլ ոտք չի դնում էստեղ, ես էլ պարտավորվում եմ որս չանել նրա տարածքներում… Կատարվածը կատարված է:

Մեսրոպ — Չէ, հայրիկ, պիտի պարտավորվես՝ ընդհանրապես որս չանել:

Հեղինե — Ճիշտ է:

Հովսեփ — Տխուր բան եք ասում, բայց ստիպված եմ համաձայնվել:

Մեսրոպ Քո կենսաթոշակային շրջանը հետաքրքիր դարձնելու ուրիշ միջոցներ կգտնենք… երկու տարի է՝ թոշակի ես անցել, բայց դեռ տեղդ չես գտնում…

Հովսեփ — Հա, հեշտ չէ ինձ համար, տղաս, ակտիվ կյանքից հետո էսպես… պասիվ կենսակերպի անցնել… (Դադար)։ Բայց գայլի հետ բանակցողը միայն Հեղինե՞ն լինի… Թեև գայլին ճանաչեցի խորքով, սակայն վախենամ՝ ցավալի անակնկալ մատուցի… ի վերջո գազան է… (Հեղինեին.) Իսկ որ հարձակվեց քեզ վրա՞…

Հեղինե — Դե հերիք է վախենաս, Հովսեփ… Նա ինձ վրա չի հարձակվի… սիրտս է հուշում:

Լսվում է գայլի ոռնոց: Ապա հաջորդում է մեկ ուրիշ ոռնոց:

Հովսեփ(տագնապած): Ի՞նչ…

Մեսրոպ — Էլի ու էլի ոռնում է, երևի շտապեցնում է մեզ, որ հարցը արագ կարգավորենք… Գայլը ուզում է անտառ վերադառնալ…

Հովսեփ — Չէ, ուրիշ բան կա… Արուն է եկել, էգին միացել… Էն երկրորդ ոռնոցը արուինն է:

Մեսրոպ — Համոզվա՞ծ ես…

Հովսեփ — Հա… Հիմա երկուսով են… Հիմա երևի կրկնակի դժվար է նրանց հետ պայմանավորվելը… Կամ գուցե հակառակը…

Հեղինե – (տագնապած):  Իսկ եթե նրանց ողջ ոհմակը գա՞…

Հովսեփ — Դե չէ, էդ մեկը՝ չէ… Դա էդ զույգի ընտանեկան հոգսն է:

Հեղինե(համարձակորեն): Լավ… քանի դեռ ոհմակը չկա, գնամ ու հանդիպեմ նրանց… Հնարավոր է՝ էգ-արուի հետ ավելի հեշտ լինի լեզու գտնելը… (Մի պահ տնտղում է իրեն)։ Փոխվեմ ու նոր գնամ… (Արագ դուրս է գնում)։

Մեսրոպ — Հայրիկ, իսկապե՞ս մայրիկին թողնում ենք մենակ…

Հովսեփ Մի վախեցիր, մայրիկին ոչինչ չի պատահի… Նա իրավիճակը սկսել է ճիշտ հասկանալ:

Մեսրոպ — Բայց նա պիտի շփվի գայլերի հետ, կատակ բան չէ, հայրիկ… Գայլերից ամեն ինչ սպասելի է…

Հովսեփ Էս պահին ուրիշ լավ քայլ չունենք… Համ էլ, տղաս, մայրիկն արդեն տեսել է գայլի աչքերը. նա էդ վախը ժամանակին հաղթահարել է զարմանալի հաջողությամբ… Պատերազմի ժամանակ միայնակ քեզ ու քույրիկիդ հանել է պաշարված մեր գյուղաքաղաքից ու անվտանգ տեղ հասցրել… ոտքով… գիշերով, երբ թշնամին սաստիկ հրետակոծում էր… Գիտես, որ մեր համաքաղաքացիներից ոմանք վախեցան դուրս գալ թաքստոցներից ու հեռանալ, վախեցան արկերից ու… զոհվեցին… Հեղինեն մեկ-մեկ ինձ կշտամբում է, թե ինչու չեկա ժամանակին ու ինքս ձեզ չտարա քաղաքից հեռու՝ ապահով տեղ… Ես չգիտեի, ոչ ոք չգիտեր, որ թշնամին էդքան արագ կմոտենա մեր քաղաքին… Եվ հետո՝ ես մեր ջոկատի հետ շատ կարևոր դիրք էի պահում, չէի կարող դիրքս լքել… Ես հավատում էի Հեղինեի խիզախությանն ու պատասխանատվությանը… Հավատում էի, որ ընտանիքը չի թողնի բախտի քմահաճույքին… Բայց հետո շատ եմ տանջվել… մինչև ձեզ գտնելը…

Ներս է մտնում Հեղինեն՝ բաց մոխրագույն զգեստով ու սպիտակ պիջակով, ձեռքին՝ սպիտակ հեղուկով լի շիշ:

Մեսրոպ – Մայրիկ, էս ի՞նչ զգեստ ես հագել… Կարծես տոնակատարության ես գնում… կամ առաջին ժամադրության…

Հովսեփ(ժպտալով): Նա ուզում է գայլերին դուր գալ… Ճիշտ է անում, էդպես ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելը:

Հեղինե — Հովսեփը խանդի տեսարան չի սարքում էս կրիտիկական պահին, դա լավ է… (Իրեն զննում է հայելու առաջ)։

Մեսրոպ Մայրիկ, ի՞նչ շիշ է ձեռքիդ…

Հեղինե — Հովսեփը պիտի որ իմանա… Դե, ես գնացի, խելոք մնացեք: (Դուրս է գնում)։

Մեսրոպ Մայրիկը ի՞նչ շիշ տարավ հետը…

Հովսեփ Կաթ է…

Մեսրոպ — Կա՞թ… գայլերի համա՞ր… պիտի խմեցնի՞ նրանց…

Հովսեփ – Դե, ո՞նց բացատրեմ… սպանված ձագերի պատվին է տանում… նրանց հիշատակի համար: (Մոտենում է պատուհանին: Նրան է միանում Մեսրոպը)։

Մեսրոպ — Գիտե՞ս, մայրիկը մինչև հիմա էլ մտածում է, որ դու էն ժամանակ… մեր տեղահանության օրը, իբր լքել ես մեզ…

Հովսեփ Ցավոք, էդպես է, գիտեմ… Ես չեմ կարող նրա մտածելակերպը փոխել, բայց իմ վարքով հետո արժանացել եմ նրա ներումին ու փոխըմբռնմանը…

Մեսրոպ Հա, քեզ գնահատում է… բայց շարունակում է իր կարծիքին մնալ:

Հովսեփ — Հեղինեին բնորոշ է իսկական կնոջ, իսկական մոր մտածելակերպը… ընտանիքի մոր մտահոգությամբ է նա լեցուն: (Դադար)։ Գիտե՞ս՝ մոր ամենագլխավոր մտահոգությունն իր ընտանիքն է, նրանից առաջ ու վեր նա այլ բան չի ճանաչում… Հեղինեն իր մայրական առողջ բնազդով համոզված է, որ ցանկացած իրավիճակում պետք է նախ հոգ տանել ընտանիքի մասին. եթե ընտանիքը չկա, մնացած ամեն ինչ անկարևոր է… Բայց դու գիտես, տղաս, որ մենք՝ տղամարդիկս, ընտանիքի հայրերը, ավելի լայն հոգեբանության կրողներ ենք… Ես իրոք էն համոզմանն եմ, որ ընտանիքդ չի կարող երջանիկ ու ապահով լինել, եթե քո համայնքում, քո երկրում տագնապալի է ու ծանր կացություն… Ընտանիքի հայրերը միայն ընտանիքի համար չեն պատասխանատու, այլև հայրենի տիրույթի… եթե կուզես՝ աշխարհի համար…

Մեսրոպ — Հայրիկ, լավ եմ հասկանում քեզ, ինձ հոգեհարազատ է քո մտածելակերպը… Մենք էս թեմայով երբևէ չենք խոսել, բայց քո պահվածքով, թվում է, ինձ ամեն օր ասել ես էդ խոսքերը… (Դադար)։ Քո բոլոր գործողությունները ինձ համար հասկանալի ու գնահատելի են, բացառությամբ մեկի…

Հովսեփ — Ո՞րը, տղաս…

Մեսրոպ Երբ դատավորի հետ գնացել ես հանդիպման… նրանց տանը…

Հովսեփ Ո՞վ է ասել քեզ էդ մասին…

Մեսրոպ — Հորեղբայր Հենոն:

Հովսեփ — Չպիտի ասեր… (Դադար)։ Տղաս, մեզնից անկախ կատարվող տխուր դեպքերին պիտի դիմակայենք, հակառակ դեպքում շատ անիմաստ ու անտեղի կորուստներ կունենանք:

Մեսրոպ — Եթե չգնայիր դատավորի հետ խոսելու, կարծում ես՝ քեզնից կնեղանայի՞… Ես պիտի պատասխան տայի, չէ՞, իմ արարքի համար…

Հովսեփ Իրավունք ունես էդպես մտածելու, իսկ ես իրավունք ունեմ վարվելու, ինչպես իմ հոգին է թելադրում և… խիղճը…

Մեսրոպ — Շնորհակալ եմ, հայրիկ, ես շատ վախեցած էի էն ժամանակ… (Դադար)։ Մայրիկը գալիս է…

Հովսեփ — Այո՜… Քայլվածքից դատում եմ, որ Հեղինեն խնդիրը լուծել է…

Մեսրոպ — Հա՞… գայլերին ե՞տ է ուղարկել…

Հովսեփ — Թող ինքն ասի:

Ներս է մտնում Հեղինեն՝ ցասկոտ հայացքով:

Հեղինե — Մեսրոպ տղա՞… էդ ի՞նչ շանտղայություն ես արել, որ մինչև հիմա տեղյակ չեմ… ի՞նչ գեշ արարք ես գործել ու թաքցնում ես մեզնից…

Մեսրոպ(շփոթված): Մայրիկ, ինչի՞ մասին ես խոսում… (Կարկամած)։  Դու էն ասա՝ գայլերը գնացի՞ն, թե՞ դեռ սպասում են մեզ…

Հեղինե — Եթե դու չասես քո վատ գաղտնիքը, գայլերը չեն գնա, տղաս… Դե ասա՝ ի՞նչ ես արել, որի մասին մենք տեղյակ չենք…

Հովսեփ — Էդ դու տեղյակ չես, Հեղինե… Մենք քեզ խնայել ենք:

Հեղինե — Հա՞…Մեսրոպ, ի՞նչ ես արել…

Հովսեփ Ասա, տղաս, արդեն անցած բան է:

Մեսրոպ — Մայրիկ, ես մի երեխայի եմ ավտոյով վրաերթ արել…

Հեղինե(վախեցած): Ե՞վ… նա մահացա՞վ…

Մեսրոպ — Չէ, մայրիկ, ողջ մնաց, բայց…

Հեղինե Հաշմանդամ է դարձել…

Մեսրոպ Հա… Բժիշկները ասում են, որ լրիվ առողջանալու հավանականություն կա… ողնաշարի հետ է կապված…

Հեղինե — Աղջի՞կ է, տղա՞…

Մեսրոպ — Աղջիկ է… տասնմեկ տարեկան էր…

Հեղինե — Ե՞րբ էր պատահարը եղել… որտե՞ղ…

Մեսրոպ — Հինգ տարի առաջ… Երևանի կենտրոնում…

Հեղինե — Եվ դուք էսքան ժամանակ թաքցնո՞ւմ էիք ինձնից… Իրավապահներից է՞լ եք թաքցրել… Մարոն գիտի՞ էդ մասին..

Մեսրոպ — Չէ, Մարոն էլ չգիտի… Իրավական գնահատական եղավ, մայրիկ… Ես անմեղ էի… Էդ աղջիկը՝ Վարդուշիկը, վազքով հանկարծակի հայտնվել էր փողոցի արգելված մասում, էդ հատվածով միայն ավտոները կարող են անցնել, հետիոտներին արգելված է… Շատ անսպասելի ձևով հայտնվեց իմ դիմաց:

Հեղինե — Արա՞գ էիր քշում… հո խմած չէի՞ր…

Մեսրոպ — Չէ, գիտես, որ չեմ խմում… Թույլատրելի արագությամբ էլ քշում էի. կտրուկ արգելակեցի, թե չէ հետևանքն ավելի վատ էր լինելու… Վարդուշիկը ջարդվածքներ ստացավ… Տեղափոխեցի հիվանադանոց: Նրա բուժման ծախսերը վերցրինք մեզ վրա… հայրիկի հետ…

Հեղինե — Քեզ դատե՞լ են…

Մեսրոպ — Դատ եղավ… Ինձ արդարացրին, քանի որ ոչ մի խախտում չէի կատարել… Տուժող կողմն էլ որևէ պահանջ չուներ, ընդունեցին, որ աղջկա մեղքով է եղել պատահարը…

Հեղինե — Պարզ է, ուրեմն Հովսեփը էն ժամանակ ծախսել է մեր խնայողությունները… (Հովսեփին.) Իսկ ասում էիր, թե ինչ-որ բիզնեսի մեջ ես դրել տնից վերցրած գումարը ու վառվել… Սուտասան Հովսեփ, դու ինձ, միևնույն է, պիտի ասեիր կատարվածի մասին…

Հովսեփ — Դա զուտ տղամարդկային հարց էր, պիտի ինքներս կարգավորեինք:

Հեղինե(մի փոքր ջղային տոնով): Դե վերջ տուր քո էդ սովորությանը, հարցերին հա՜ սեռական բնութագիր ես տալիս… (Դադար)։ Լավ, հասկանում եմ ձեզ… Հիմա ինձ ասա, Մեսրոպ ջան, էդ վրաերթից խուսափելու շանս ունեի՞ր… Կարո՞ղ էիր մի կերպ խույս տալ ու չհարվածել աղջկան… Հետո, երբ վերլուծել ես իրավիճակը, նման հնարավորություն տեսա՞ր…

Մեսրոպ(դժվարությամբ արտաբերելով բառերը): Հա, մայրիկ… հետո հասկացել եմ, որ կարելի էր երեխայից աջ թեքվել ու… բախվել բետոնե էլեկտրասյանը…

Հեղինե — Էդպես դու շատ կվնասվեիր… (Դադար)։ Պարզ է, քո մեջ գործել է ինքնապաշտպանական բնազդը, բայց հետո գիտակցությունդ լուսավորվել է ու… խիղճդ մինչ օրս տանջում է քեզ, տղաս… Քեզ թվում է, թե դեռ պատասխան պիտի տաս կատարվածի համար, սպասում ես, որ մի օր կհայտնվի հիմնավոր փոխհատուցում պահանջողը, էն արդարամիտ պահանջատերը… Դու միշտ սպասել ես նրան… Եվ նա հայտնվել է, տղաս… հայտնվել է ուրվական-գայլի տեսքով, ինչպես քո հոր պարագայում է… Էդ երկրորդ գայլի ոռնոցը, որ լսել ես, քեզ էր ուղղված, տղաս… Իսկ մինչ այդ ոռնում էր Հովսեփի դատավոր-ուրվական-գայլը… Մեսրոպ, դու հեշտությամբ տեսար քո հոր գայլին, որովհետև խիղճդ էնքան պրկված է, որ պարզ տեսնում ես հարազատներիդ հասցեին ոռնացող արարածներին… Եվ էդ պահին քո ներսում սկսել է ոռնալ քո գայլը, քո պահանջատեր գայլը… Դու տեսել ես նաև նրան… (Տրտմալից ձայնով)։  Էդ ինչքա՜ն զգայուն ես, տղաս… (Դադար)։ Էս ամենը կռահեցի, երբ մի քանի րոպեով ետ ու առաջ արի մեր փողոցով, ապա նստեցի մեր դարպասի մոտի նստարանին… Չե՞ք նկատել, որ էդ նստարանը հեռվից նման է շան կամ գայլի…

Հովսեփն ու Մեսրոպը տարակուսած միմյանց են նայում:

Հովսեփ — Հիմա գայլերը էնտեղ չե՞ն…

Հեղինե — Չէ, Հովսեփ, նրանց ձեր ու իմ անունից խնդրեցի անհետ հեռանալ, խոստացա, որ դուք… մենք այլևս չենք շեղվի մեզ համար սահմանված մարդկային երկար ու ոլորապտույտ ճանապարհից: (Մոտենում է պատուհանին, բացում ու գոռում)։ Գայլե՜ր, հեռացեք մեր դարպասից, հեռացեք մեր քաղաքից, հեռացեք մեր երկրից, հեռացեք աշխարհից… Մենք խոստանում ենք այլևս չկատաղեցնել ձեզ… (Դադար)։ Էնտեղ՝ դարպասի մոտ, հիմա գայլ չկա, կարող եք դուրս գալ…

Մեսրոպ — Իսկապե՞ս, մայրիկ…

Հեղինե — Այո, որդիս… Դու, Հովսեփը այսուհետ ավելի հանգիստ կլինեք, բայց հիշեք՝ գայլերը կարող են նաև վերադառնալ…

Մեսրոպ (գրկում է մորը): Շնորհակալ եմ, մայրիկ… մեզ էս անգամ էլ կարողացար տեղահանել անվտանգ տեղ:

Հովսեփ(գրկում է Հեղինեին ու Մեսրոպին): Շնորհակալ եմ, Հեղինե…

Հեղինե(կամաց հեռանալով նրանցից): Երեկոյան գնանք Վարդուշիկին տեսության… Նա հիմա տասնվեց տարեկան է, հա՞…

Մեսրոպ — Հա, մայրիկ:

Հեղինե Եվ գամված է սայլակին…

Հովսեփ(գլխով է անում): Գեղեցիկ աղջիկ է, խելացի, մարդասեր… դժբախտ պատահարի օրը վազում էր հիվանդ մոր համար դեղ գնելու…

Հեղինե — Խե՜ղճ աղջիկ…

Մեսրոպ Հույս կա, որ կարող է ոտքի կանգնել…

Հեղինե — Լավ, կանչիր երեխեքին, թող իջնեն ու հանգիստ գնան իրենց գործին:

Մեսրոպ — Հիմա: (Գնում է դեպի դուռը)։

Հեղինե — Սպասիր… Ինչպե՞ս պիտի կատարվածը բացատրես երեխեքին ու Մարոյին…

Մեսրոպ — Կասեմ, որ մայրիկը քշեց գայլերին…

Հեղինե — Չէ, ասա, որ մենք քշեցինք: (Ցույց է տալիս նրան, Հովսեփին ու իրեն)։

Հովսեփ — Հա, Մեսրոպ, էդպես ասա, գայլերին մենակ քշելը հեշտ չէ, կնոջ համար՝ առավել ևս:

Հեղինե Մեսրոպ, Մարոյին մենք կպատմենք պատահարի մասին…

Հովսեփ Հա, տղաս, ավելի լավ է՝ էդ հին նորությունը մենք ասենք կնոջդ… Նա մեզ ավելի է հավատում… Թող քեզնից կասկած չմնա նրա մեջ:

Մեսրոպ(ժպտում է): Լավ, ինչպես կասեք… (Դուրս է գալիս) ):

Հեղինե(մոտենալով Հովսեփին): Ասում ես՝ ամռանը լողա՞փ ես տանելու մեզ…

Հովսեփ — Աշխարհի լավագույն լողափը՝ քեզ…

Հովսեփը գրկում է Հեղինեին: Լսվում են տան ներքին աստիճաններով ցած իջնող երեխաների աշխույժ բացականչությունները «Մերոնք քշեցի՜ն գայլերին»:

                                                                                                                              նոյեմբերդեկտեմբեր, 2018թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։