Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ «ՊԱՏԱՆԴԸ»

Այսօր արձակագիր, դրամատուրգ Խորեն ԱՐԱՄՈՒՆԻՆ նշում է իր 75-ամյա հոբելյանը: 

Ծնվել է Իրանում, հայրենադարձել է, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, արտագաղթել է ԱՄՆ:

Թեհրան – Երևան – Լոս Անջելես…

Ու կրկին ԵՐԵՎԱՆ, որտեղ երկրորդ տունն է ստեղծել և ապրում է Երևան – Լոս Անջելես օդային երթուղիների ժամանակացույցով:

Ստույգ տվյալ չկա, թե առաջին անգամ երբ է գրել-ստեղծագործել, բայց հաստատ է, որ դրանից հետո և առ այսօր գրում-ստեղծագործում է, վկան՝ նրա պատմվածքների, վիպակների, պիեսների ժողովածուները, «Թատրոն» վեպն ու «Դպրոցի ճամփան» հուշապատումը։ Բնական է, որ նրա բեմադրված պիեսների մեծ մասը երկու պրեմիերա պիտի ունենային, մեկը՝ Լոս Անջելեսում, մյուսը՝ Երևանում: Դրանցից մեկին անպայման անդրադառնանք՝ «Անվերջ ապագա» պիեսը, որը հաջողությամբ բեմադրվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

tatron-drama.am կայքը ջերմորեն շնորհավորում է Խորեն ԱՐԱՄՈՒՆՈՒՆ և աոողջության, արևշատության, ընտանեկան երջանկության և ստեղծագործական նոր հաջողությունների բարեմաղթանքներին հավելում է նոր պիեսների սպասման «պահանջ-մաղթանքը»:

  tatron-drama.am

Խորեն ԱՐԱՄՈՒՆՈՒ «ՊԱՏԱՆԴԸե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում

Այս պիեսը գրվեց «Խրամատից դուրսե վեպիս վրա աշխատելուն զուգընթաց: Տառապալից աշխատանք էր, գլխավոր հերոսիս կերտման ու ձևավորման գործընթացում աստիճանաբար հոգուս մեջ կուտակվում ու կծկվում էին հերոսիս հոգեկան տառապանքները, որոնք նրան հասցնում են ողբերգական վախճանի

Ես ևս պիտի ձերբազատվեի դրանից: Այս պիեսը իմ ստամոքսում կծիկ դարձած վեպիս հերոսի փոխումն է:

 Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ

ՊԱՏԱՆԴԸ

Գործող անձինք

ԱՐԱՄ — ազատամարտիկ, 30-35 տարեկան

ԳԱՅԱՆԵ — Արամի կինը

ԲԺԻՇԿ

ՈՍՏԻԿԱՆ

Երևանյան սովորական սենյակ, հնացած կահ-կարասի: Արամը լուսամուտի մոտ պարաններ է կախում, դրանց ամրությունն է ստուգում, հետո թաքցնում է: Նայում է փողոց, ապա երկինք, բարձրանում է պատուհանի գոգին, կախված պարանի ամրությունն է ստուգում, նորից նստում ու հետևում է բակի անցուդարձին:

ԱՐԱՄ(լուսամուտից կախվելով): Ղազա՛ր, բարձրացիր:

ՂԱԶԱՐ(ներքից լսվում է ձայնը): Լիֆտը չի աշխատում, ցավդ տանեմ:

ԱՐԱՄ — Ե՞ս իջնեմ:

ՂԱԶԱՐ — Չէ՛, չէ՛, բարձրանում եմ, բարձրանում եմ…

ԱՐԱՄ(քթի տակ): Ինը հարկ ա, բարձրացիր, էլի՛

Դուռը թակում են, Արամը դուրս է գնում, վերադառնում է հաստ ու երկար պարան, երկու շիշ օղի ձեռքին, որոնք թաքցնում է թախտի տակ, նորից կախվում է լուսամուտից:

ԱՐԱՄ — Էկավ, Գայանն էլ էկավ:

ԳԱՅԱՆԵ(ներս է մտնում, ձեռքին` ջրով լիքը դույլ, հևում է): Վա՜յ, ձեր մարդ ասողին, կարելի՞ ա ինը հարկ ջուր բարձրացնել… Էդ Ղազարը ինչի՞ էր եկել:

ԱՐԱՄ — Հենց էնպես:

ԳԱՅԱՆԵ — Հենց էնպես ոչինչ տեղից չի շարժվում:

ԱՐԱՄ — Չօգնե՞ց:

ԳԱՅԱՆԵ — Օգնեց:

ԱՐԱՄ — Այ, դրա համար էլ եկել էր:

ԳԱՅԱՆԵ — Ես էլ իմ շնորհակալությունը հայտնեցի:

ԱՐԱՄ — Ապրես, էդպես որ շարունակես, մեծանաս` լավ աղջիկ կդառնաս: (Ինքն իրեն): Խեղճ տղա, նորից բարձրացել, իջել ա: (Գայանեն մտնում է խոհանոց): Էդ ինչո՞ւ ես մտնում խոհանոց:

ԳԱՅԱՆԵ — Ի՞նչ պիտի ուտենք:

ԱՐԱՄ — Ե՛ս պիտի հարցնեի:

ԳԱՅԱՆԵ — Հարցրու:

ԱՐԱՄ — Ի՞նչ պիտի ուտենք:

ԳԱՅԱՆԵ — Մենյու ունե՞ս, թե՞ բերեմ:

ԱՐԱՄ — Բեր:

ԳԱՅԱՆԵ(սպիտակ թուղթ է բերում): Համեցեք, ընտրեք, ես հիմա սեղանը կպատրաստեմ:

ԱՐԱՄ (ուշադիր զննում է թուղթը): Խաշլամա:

ԳԱՅԱՆԵ — Ցավոք, այսօր չունենք:

ԱՐԱՄ — Իշխան ձո՞ւկ:

ԳԱՅԱՆԵ — Չունենք, ցավում եմ:

ԱՐԱՄ — Հավ…

ԳԱՅԱՆԵ — Մոռացիր:

ԱՐԱՄ — Հաց, պանիր, կանաչի…

ԳԱՅԱՆԵ — Շարունակիր, շարունակիր, ախորժակդ գրգռիր, ուրիշ ի՞նչ ճաշատեսակ գիտես: Շաքար-շաքար ասելով բերանդ չի քաղցրանա…

ԱՐԱՄ — Էս կատակի հավեսից էլ որ ընկնենք, ասա` մեռած ենք, էլի՛… Ախորժակով քեզ կուտեի:

ԳԱՅԱՆԵ — Էն ժամանակ որ ուտվելիք էի` չկերար: Ուտեիր` պրծնեի, էլի՛… (Մտնում է խոհանոց):

ԱՐԱՄ — Գայան, ո՞ւր ես:

ԳԱՅԱՆԵ(թաց ձեռքերով ներս է մտնում): Դու ինձնից չե՞ս հոգնել:

ԱՐԱՄ — Հարցդ մտածելու տեղիք ա տալիս:

ԳԱՅԱՆԵ — Մտածելո՞ւ…

ԱՐԱՄ — Հա, էդ մասին չէի մտածել, մտքովս չէր անցել:

ԳԱՅԱՆԵ — Դե, մտածիր: Նորից եմ հարցնում` դու ինձնից չե՞ս հոգնել:

ԱՐԱՄ — Ես ավելի շատ ինձնից եմ հոգնել:

ԳԱՅԱՆԵ — Չեմ հավատում, լավ մտածիր:

ԱՐԱՄ (մոտենում, ուզում է գրկել, Գայանեն խույս է տալիս): Մտածել, միտք ածել… (Նորից է փորձում բռնել նրան):

ԳԱՅԱՆԵ — Խնդրում եմ, ինձ հանգիստ թող:

ԱՐԱՄ — Բայց սիրուն բառ ա, չէ՞, «մտածել»… միտք ածել, մտահղացում, այսինքն` միտքը հղիացնել, որ հետո ծնվի, ճիշտ էնպես, որ հավն ա ածում: Գայան, կարո՞ղ ես պատկերացնել, ի՛նչ հրաշալի կլիներ, որ մարդն էլ հավի պես ամեն օր միտք ածեր ու տաներ շուկա` վաճառելու:

ԳԱՅԱՆԵ — Դա հենց գիրք ասածը չի՞:

ԱՐԱՄ — Չէ, ասում եմ` ձվի նման դառնար սնունդ: Պատկերացնո՞ւմ ես` անգրագետ տերերը մտածող մարդկանց ինչպես էին պահելու…

ԳԱՅԱՆԵ — Լրիվ ցնդել ես:

ԱՐԱՄ — Գայան ջան, էնպես եմ կարոտել, ցնդել եմ, բա ի՞նչ եմ արել, էդ էլ ա մի բան, ոչինչից լավ ա:

ԳԱՅԱՆԵ — Ասի` ինձ հանգիստ թող:

ԱՐԱՄ — Տասը տարի ա հանգստանում ես, հերիք չի՞: (Գնում պառկում է):

ԳԱՅԱՆԵ — Դու էլ աշխատելով կոտորվել ես: Հլա ինը հարկ իջիր ու ջրով լիքը դույլը ձեռքիդ բարձրացիր…

ԱՐԱՄ — Ասում են` կանայք ավելի պինդ են: Ես էլ էնքան չեմ աշխատել` ալարում եմ շարժվել: Էսքան էլ հորանջել կլինի՞… (հորանջում է) դարձել եմ ջրաձի, հլա մի բերանս նայիր, տես` ոնց ա մեծացել…

ԳԱՅԱՆԵ — Փակիր, փակիր, գարշահոտը տանել չեմ կարող:

ԱՐԱՄ — Վայ թե ես էլ եմ հոտ առնում: (Քիթը բռնում է):

ԳԱՅԱՆԵ — Հոտում ենք, բա ի՞նչ ենք անում, դրա համար էլ ինը հարկ ջուր եմ բարձրացնում:

ԱՐԱՄ — Քաղաքն ա հոտել, առնետների, կրծողների թագավորություն ա:

ԳԱՅԱՆԵ — Դե, թող կրծեն, ինչո՞ւ են կրակում:

ԱՐԱՄ — Երևի մարդկանց ու շներին չեն ջոկում… (Դադար): Ստամոքսիս որդերն անգամ ցույցի են դուրս եկել, սոված մեռա…

ԳԱՅԱՆԵ — Գնա, միացիր` հացադուլ արա… դու կդիմանաս, սովին սովոր ես:

ԱՐԱՄ — Ինչի՞, իշխանափոխություն անե՞մ: Աթոռ էր` ունեին, ինչո՞ւ չպահեցին:

ԳԱՅԱՆԵ — Թողեցի՞ն որ…

ԱՐԱՄ — Ո՞վ չթողեց:

ԳԱՅԱՆԵ — Մենք, ես, դու: Նրանց օրոք էլ մենք էինք փողոց դուրս գալիս, չե՞ս հիշում մեր նստացույցերը, մեր հացադուլները… Մինչև հիմա էլ շարունակում ենք, սոված մեռնում ենք: Լսիր, կարո՞ղ ա` մարդիկ բթացել են, ամեն ինչ շատ շուտ են մոռանում:

ԱՐԱՄ — Ընդհակառակը` սրամտացել են: Վարդանիկին ասում են` «աշխատել» բայը խոնարհի, ասում ա` «Աշխատում եմ, աշխատում ես, ուտում ա»:

ԳԱՅԱՆԵ — «Սիրելը» ո՞նց կխոնարհեիր:

ԱՐԱՄ — Վարդանիկը` չգիտեմ, ես էլ, գիտես, էլի՛, քերականությունից բոբիկ եմ:

ԳԱՅԱՆԵ — Հեշտ ա, սովորիր` սիրում եմ, սիրում ես… Արամ, իսկականից, հիմա մարդիկ սեքս անո՞ւմ են:

ԱՐԱՄ Բարդ հարց ա, Գայան: Բառարանը բեր:

ԳԱՅԱՆԵ — Ինչո՞ւ:

ԱՐԱՄ — Հայոց լեզվի ժամանակակից բառարանը բեր, թե չէ` կհորանջեմ:

ԳԱՅԱՆԵ — Ի սեր Աստծո, ամեն ինչ կանեմ, միայն չհորանջես: (Բառարան է բերում):

ԱՐԱՄ — Սեքս… (Ստուգում է): Չկա, բառարանում չկա, չգիտեմ` էդ ինչ բան ա, մեր ժողովուրդը, ըստ երևույթին, սեքսով չի զբաղվում, թե ոչ` էդ բառը էստեղ կլիներ, համ էլ երեխա կծնվեր:

ԳԱՅԱՆԵ — Ես էլ եմ այն կարծիքին, որ եթե ինչ-որ բան վերանում ա, դրան համապատասխան բառն էլ բառարանից դուրս ա գալիս: Հիշո՞ւմ ես, վերջին անգամ մենք ե՞րբ ենք կարգին համբուրվել:

ԱՐԱՄ (բառարանը ստուգելով): Համբուրվել, հա՞… ասիր` համբուրվե՞լ: Գտա, լսիր. «Շրթունքներով մեկին` մի բանի մի անգամ հպվելը որպես սիրո, գգվանքի` ողջույնի և այլն արտահայտություն»:

ԳԱՅԱՆԵ — Ասա` պաչել, էլի՛:

ԱՐԱՄ — Հա՛, հիշեցի… բայց չէ, հազիվ եմ հիշում, լավ օրեր էին, երանելի օրեր, Բրեժնև, պոլիտբյուրո, հնգամյա պլան, գերակատարում, մեդալ, մայիսի մեկ… Հիշո՞ւմ ես, ոնց էին իրար պաչպչում, միակ բանն էր, որ կարելի էր, թե չէ ինչ անում էինք, ասում էին` չի կարելի:

ԳԱՅԱՆԵ — Արամ…

ԱՐԱՄ — Հա:

ԳԱՅԱՆԵ — Զառանցո՞ւմ ես, թե՞ կարոտել ես:

ԱՐԱՄ — Բրեժնևի՞ն` հա՛, կարոտել եմ, բա ի՞նչ եմ արել… իրա ցավը տանեմ, որ հիմա էստեղ լիներ, բա ես նրա մերը սեքս չէ՞ի անի…

ԳԱՅԱՆԵ — Վեր կաց, վեր կաց, էն վեդրոյի ջուրը գլխիս լցրու:

ԱՐԱՄ — Ինչի՞:

ԳԱՅԱՆԵ — Ուզում եմ մաքուր մեռնել:

ԱՐԱՄ — Ժամանակը չի:

ԳԱՅԱՆԵ — Լավ, ուզում եմ չհոտել… Գիտե՞ս ինչ, Արամ, հիշում եմ, որ ես քեզ սիրում էի:

ԱՐԱՄ — Սիրո՞ւմ էիր… «Սիրել». սպասիր, սպասիր, սիրել, սիրել… (Բառարանն է բացում): «Մեկին մի բանի նկատմամբ խորին կապվածություն զգալ»: Ուզում ես ասել` ինչ-որ ժամանակ կապված ես եղել ինձ, հա՞…

ԳԱՅԱՆԵ — Հա՛: Հիշո՞ւմ ես, օրը քանի անգամ էի կրկնում` ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ…

ԱՐԱՄ — Ինչո՞ւ էիր կրկնում: Չէի հավատո՞ւմ, թե՞ վախենում էիր` մոռանայիր:

ԳԱՅԱՆԵ — Չես ուզում վեդրոյի ջուրը գլխիս լցնես, հա՞:

ԱՐԱՄ — Գնա բեր, գնա բեր ու ասա` քեզ սիրում եմ, մի քանի անգամ կրկնիր, թող հիշողությունս թարմանա: Հենց որ հիշեմ` կլցնեմ… Սիրել, պաչիկ անել, համբուրել, հետո մի բան էլ էինք անում, էդ ի՞նչ էր:

ԳԱՅԱՆԵ — Դա արդեն քո գործը չի: Հայաստանում տղամարդ չի մնացել, հիմա տղամարդիկ Ռուսաստանում միայն փող են շինում, անճարներն էլ հորանջում են…

ԱՐԱՄ (հորանջում է): Գոնե մի բան շինում են… ասում եմ` Ուստիա՛ն ջան, ես կարա՞մ քարվան կտրել:

ԳԱՅԱՆԵ — Որ ուզես` կարող ես:

ԱՐԱՄ — Ուզում եմ:

ԳԱՅԱՆԵ — Երանի՜ քեզ, Նազարից ոչ մի բան պակաս չունես:

ԱՐԱՄ — Նազարը կարո՞ղ էր մարդ սպանել:

ԳԱՅԱՆԵ — Նազարը անգամ ճա՛նճ չէր կարող սպանել:

ԱՐԱՄ — Ես կարո՞ղ եմ:

ԳԱՅԱՆԵ — Դո՞ւ… (Բարձր ծիծաղում է):

ԱՐԱՄ — Նախ, էդպես բարձր մի ծիծաղա, էներգիա ես ծախսում, հետո էլ` հա՛, ես ուզում եմ քեզ սպանել:

ԳԱՅԱՆԵ — Նո՞ր ես ուզում սպանել: Սպանել ես, բա ի՞նչ ես արել, մեռած եմ` թաղված չեմ:

ԱՐԱՄ — Չէ, չէ, լուրջ եմ ասում, ուզում եմ քեզ մորթել… դնեմ ու մորթեմ, կամ կախեմ…

ԳԱՅԱՆԵ — Բարի գործ կանես:

ԱՐԱՄ — Իսկականից, արի քեզ բարություն անեմ: Ճիշտ ես ասում, էս կյանք չի, որ դու ես ապրում: Կարգին դանակ ունե՞նք:

ԳԱՅԱՆԵ — Որ մտքիս դնեմ` կգտնեմ:

ԱՐԱՄ — Որ շա՜տ խնդրեմ, մտքիդ կդնե՞ս…

ԳԱՅԱՆԵ — Մեծ ուրախությամբ:

ԱՐԱՄ — Դե, խնդրում եմ, գնա, մի սուր դանակ գտիր` բեր:

ԳԱՅԱՆԵ — Հորդ տղան չես, եթե վիզս չկտրես:

ԱՐԱՄ — Թե ոնց կսպանեմ` էդ ինձ թող: Հազար անգամ ասել եմ` կինը տղամարդու գործին չի խառնվի: Մորդ աղջիկը չես, եթե մի սուր դանակ չբերես:

ԳԱՅԱՆԵ — Հերոսիս տես… (Մտնում է խոհանոց):

ԱՐԱՄ (ոտքի է կանգնում, հենվում է լուսամուտին, նաjում է վերև, ինչ-որ բան է ստուգում, ետ է քաշվում): Գայան, էդ ո՞ւր մնացիր:

ԳԱՅԱՆԵ — Դանակ եմ սրում: Էնքան չենք օգտագործել` ժանգոտվել, բթացել ա…

ԱՐԱՄ — Բութ: Բութը սիրուն բառ ա, չէ՞, Գայան ջան: Կարո՞ղ ես բութ բառով հինգ բարդ բառ ասել:

ԳԱՅԱՆԵ — Բթամիտ:

ԱՐԱՄ — Մեկ:

ԳԱՅԱՆԵ — Բթամատ:

ԱՐԱՄ — Երկու:

ԳԱՅԱՆԵ — Բթասիրտ:

ԱՐԱՄ — Չեղավ: Ոչ թե բթասիրտ, այլ` գթասիրտ:

ԳԱՅԱՆԵ(դանակը ձեռքին ներս է մտնում): Վերցրու, կարծում եմ` գործը գլուխ կբերի, իսկ լեզվի հարցերը թող մասնագետներին:

ԱՐԱՄ (դանակի սրությունը փորձելով): Քեզ թվում ա` կատա՞կ եմ անում. բթաշեղբ, բութ շեղբ…

ԳԱՅԱՆԵ — Չէ, կատակ չես անում, պարզապես սիրտը չունես: Դու անգամ հավ չես կարող մորթել, ինձ ո՞նց…

ԱՐԱՄ — Հավը մեղք ա: Քեզ ուզում եմ մատաղ անեմ, որ Աստված ժողովրդիս հաց տա, խաղաղություն տա, մեր օլիգարխների ախորժակն էլ մի քիչ պակասեցնի, ստամոքսների փոխարեն ուղեղներին զոռ բերեն, որ էս դանակի պես չբթանան, որ մարդկանց տանջամահ չանեն, մորթելուց գոնե տանջամահ չանեն:

ԳԱՅԱՆԵ — Ճիշտ ես ասում, հավը մեղք ա, բայց պատերազմում քանի՞ մարդ ես սպանել:

ԱՐԱՄ — Պատերազմի ժամանակ մարդ չեն սպանում, պարզապես թշնամուն վերացնում են: Հիմա էլ ներքին պատերազմ ա հայտարարված, ում թուրը կտրում` հակառակորդին վերացնում ա… Ես ուզում եմ քեզ փրկել էս պատերազմից, բա մեղք չե՞ս, էս կյանք ա՞, որ դու ունես: Երանի մատաղս ընդունելի լինի, Աստված փրկեա մեզ ի չարէ: 

ԳԱՅԱՆԵ — Տղամարդ ես` խոսքիդ տերը եղիր, վեր կաց` մորթիր: Բայց չէ, նախ աղոթիր…

ԱՐԱՄ — Մորթը ոչ թե հավատքի սկզբունքով է լինելու, այլ քաղաքական:

ԳԱՅԱՆԵ — Բան չեմ հասկանում: Գոնե էն ջուրը գլխիս լցրու, որ մատաղդ մաքուր լինի:

ԱՐԱՄ — Աղ ունե՞նք:

ԳԱՅԱՆԵ — Ոչխա՞ր եմ, ի՛նչ ա: (Դուրս է գնում):

ԱՐԱՄ — Գայան ջան, չմրսես… (Լուսամուտից դուրս է նայում: Ինքն իրեն): Քաղաքն է մորթվում, թե մե՞նք ինչու ենք ապրում…. (Հեռախոսազանգ): Լսում եմ, հա… Սարգիս ջան, դո՞ւ ես: Չէ, ցավդ տանեմ, ամբողջ օրը հորանջում եմ: Գայանեին ասում եմ` ջրաձի եմ դարձել, չի հավատում: Չէ, ցավդ տանեմ, վաղը կգաս մատաղ ուտելու, մատաղ եմ անում… Չէ, ժողովրդիս փրկության համար, խոստացել եմ, խորհուրդ ա, պիտի անեմ: Հա, վաղը տղերքին կասես, սաղ քաղաքը ոտքի եմ հանելու: Հա՛, բա ո՞նց… մեր շենքի բակում: Չէ, էգուց կգաս, կխոսենք… Հա, ցավդ տանեմ, հա…

ԳԱՅԱՆԵ(դրսից): Արի, Արամ ջան, արի, որ էն բրեժնևյան ժամանակների պես դու էլ անընդհատ կրկնես` ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ…

ԱՐԱՄ — Ցավդ տանեմ, որ չսիրեմ` մատաղը ընդունելի չի լինի:

Կաղալով գնում է Գայանեի մոտ: Ջրի ձայն: Հաջորդ տեսարանում լոգարանից լսվում են նրանց ձայները:

ԳԱՅԱՆԵ — Կամաց, ա՛յ տղա, սառն ա… Ջուրը խնայիր, քիչ ա: Կամաց… օճառը տուր:

ԱՐԱՄ — Կթողնե՞ս…

ԳԱՅԱՆԵ — Ի՞նչ:

ԱՐԱՄ — Ես լվանամ:

ԳԱՅԱՆԵ — Չէ մի` լողացրու: Քեզ շատ եմ կարոտել:

ԱՐԱՄ — Քեզ շատ եմ կարոտել, Գայան…

ԳԱՅԱՆԵ — Կուզե՞ս` մորթվելուց առաջ քեզ համբուրեմ:

ԱՐԱՄ — Չէ, չեմ ուզում, վախենում եմ` ձեռքս դողա ու դու շատ տանջվես:

ԳԱՅԱՆԵ — Լավ, ջուրը լցրու գլխիս ու գնա:

ԱՐԱՄ — Մինչև զոհաբերվելդ ուզում եմ քեզ հետ վայրի սիրաբանվել, Գայան:

ԳԱՅԱՆԵ — Ինչ ուզում ես` արա, ոնց ուզում ես` արա, միայն ինձ սիրի, սիրել կարողացիր:

ԱՐԱՄ — (ներս է գալիս): Էդ ձևի մասին որ ասում եմ` շատ դաժան ա: Արտասահմանյան ֆիլմերում եմ միայն տեսել:

ԳԱՅԱՆԵ(լոգարանից): Միևնույն է, ինձ պիտի կապես` նոր մորթես, թե ոչ` չեմ դիմանա:

ԱՐԱՄ — Դե լավ, արի, քեզ եմ սպասում: (Գայանեն, մազերը չորացնելով, ներս է մտնում): Էդպես խոնավ ավելի հետաքրքիր ես, մոտիկ արի:

Գայանեն մոտենում, փարվում է Արամին: Սիրում են իրար: Արամը դանդաղ հանում է պարանն ու կես կատակ, կես լուրջ Գայանեի ձեռքերը կապում է թիկունքին:

ԳԱՅԱՆԵ — Բավականին առաջադիմել ես, անկախությունը քեզ շատ հեռուներ ա տարել… Եվրումիություն ենք մտնում… արա, լա՛վ ես անում, արա…

ԱՐԱՄ — Քեզ ասի, չէ՞, շատ եմ կարոտել, գազազած եմ: (Կապում է նաև ոտքերը):

ԳԱՅԱՆԵ — Արա՞մ, էս ի՞նչ ես անում:

ԱՐԱՄ — Աղ չե՞ս բերել: Մատաղ եմ անում, ցավդ տանեմ, առանց աղ ո՞նց կլինի:

ԳԱՅԱՆԵ — Գժվե՞լ ես, ի՛նչ է: Ոտքերս բաց, ա՛յ տղա:

ԱՐԱՄ — Մորթվելուց կցնցվես, ցավդ տանեմ, վայ թե չկարողանամ մինչև վերջ… վախենում եմ` շատ տանջվես:

ԳԱՅԱՆԵ — Ոտքերս կապտեց, մի ձգիր, լուրջ եմ ասում:

ԱՐԱՄ — Դիմացիր, մի քիչ էլ դիմացիր, գիտեմ, դժվար ա, շատ դժվար, բայց ելք չկա, մի նոր ավետարան է գրվելու. «Սուրբ Գայանեն կյանքը զոհեց իր ազգի փրկության համար»: Հետո քո լուսանկարի վրա լուսապսակ կդնեն, նրա առաջ կաղոթեն, մոմ կվառեն…

ԳԱՅԱՆԵ — Թե որ վերջ չտաս` կգոռամ… Ոտքերս ջարդեցիր, էս ի՞նչ ես անում…

ԱՐԱՄ — (բերանը թաշկինակ է խոթում): Դե, հիմի գոռա:

Ավելի է ձգում պարանը, օգտագործում է նաև Ղազարի բերած պարանը, կապում է լուսամուտի վերևից կախված պարանին, Գայանեի բերանից հանում է թաշկինակն ու նրան կախում է լուսամուտից դուրս: Գայանեն չի երևում: Ձգված պարանը ետուառաջ է լինում, լսվում են Գայանեի աղերսանքները, ականատեսների զարմացական հառաչանքներն ու ճիչերը:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Նույն սենյակը: Սեղանին ավելացել է օղու շիշը: Հեռուստացույցը միացված է: Արամը գինովցած է: Ձեռքի դանակը մոտեցնում է պարանին:

ԱՐԱՄ — Ո՛չ մի դեպքում, եթե մեկը փորձի ներս մտնել, Աստված վկա է, պարանը կկտրեմ: Մեկ ժամ է` ոչ մի հեռուստաընկերություն չի երևացել: Առաջին պահանջս  ուղիղ եթերն է: Մինչև ինձ հեռուստացույցով չտեսնեմ` ոչ մեկին չեմ պատասխանելու: Պատանդս ջուր կստանա միայն ուղիղ եթերից հետո:

ԳԱՅԱՆԵ(ձայնը` դրսից): Արամ ջան, էլ չեմ դիմանում… խնդրում եմ, մի բաժակ ջուր… աղաչում եմ…

ԱՐԱՄ — Տասնհինգ տարի ա` ժողովուրդդ էսպես սոված, ծարավ օդից կախված ա, բա ո՞նց ա դիմանում:

ԳԱՅԱՆԵ — Խնդրում եմ, խիղճ ունեցիր…

ԱՐԱՄ — Խի՞ղճ: Չկա, բառարաններից հանել են: (Շշից օղի է խմում: Հեռախոսազանգ): Լսում եմ… հա, ես եմ, միայն կարճ խոսիր, ժամավճար է, փող չունեմ: Հա, ո՞վ… հեռուստատեսությունի՞ց, տնօրե՞նը… հասկացա, հասկացա: Նախ` ուղիղ եթեր, հետո` բանակցություն ուղիղ եթերով: Բացի դրանից, ուզում եմ, որ ինձ միացնեք CNN-ին… Ո՛չ մի դեպքում, Աստված վկա, պարանը կկտրեմ: Ուղիղ եթեր, ուղիղ եթեր, ու վե՛րջ:

ՁԱՅՆ դռան ետևից — Ես «Ազատության ձայնից» եմ, հարցեր ունեմ:

ԱՐԱՄ — Միայն ուղիղ եթերով:    

ԳԱՅԱՆԵ — Արամ, անխիղճ…

ԱՐԱՄ — Դիմացիր, ցավդ տանեմ, դիմացիր: Ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ… ուզո՞ւմ ես` կրկնեմ. ժողովուրդ ջան, ես Գայանեիս սիրում եմ, շա՜տ եմ սիրում…

ԳԱՅԱՆԵ — Անխիղճ, անաստված… չեմ հավատում, չեմ դիմանում:

Հեռուստահաղորդավարի ձայնը — Հարգելի հեռուստադիտողներ, արդեն քանի ժամ է, ինչ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի ինը հարկանի շենքերից մեկի իններորդ հարկից կնոջն է ներքև կախել Արցախյան ազատամարտի հերոս Արամ Սարիբեկյանը: Արամի կինը` պարանով կապկպված, ողջ է: Որպես փրկագին Արամը պահանջել է հեռուստատեսային ուղիղ եթեր: Նրա ցանկությանը ընդառաջ է գնում հանրային հեռուստատեսությունը: Մի քանի րոպեից դուք ականատես կլինեք նախադեպը չունեցող սահմռկեցուցիչ տեսարանին:

ԱՐԱՄ — Կեցցե՛ հաղթանակը… (Շշից խմում է): Ահա թե ինչ, մեր փողոցը, ժողովուրդը, լուսամուտս ու Գայանես… բայց ի՛նչ մեղք ա… Եկա, Գայան ջան, եկա…

Վազում է դեպի լուսամուտը, Գայանեին վեր է քաշում, գրկում, համբուրում է, նստեցնում է լուսամուտագոգին:

ԳԱՅԱՆԵ(դողահար, սարսափած, լացակումած): Դու հո չե՞ս ցնդել…

ԱՐԱՄ — (լուսամուտից պարան է կախում): Ներքևի հարկերից շշերով ջուր ուղարկեք, Գայանես ծարավ ա… (Շշուկով` Գայանեին): Գայան ջան, դիմացիր, էս խաղը սկսել եմ ու կյանքիս գնով պիտի ավարտեմ: Համբերիր, ցավդ տանեմ, ուղիղ եթերում ենք, հիմա ջուր կխմես, մի քիչ կհանգստանաս ու նորից կկախվես: Կդիմանաս, չէ՞… Խոսք տուր, որ կդիմանաս, խոստացիր, ես քեզ սիրում եմ… Դու կապրես, անպայման կապրես… չե՞ս դիմանա` ներող կլինես…

Պարանը շարժվում է, Արամը վեր է քաշում շշերը, ջուր է տալիս Գայանեին:

ԳԱՅԱՆԵ — Արամ, չեմ դիմանում… կմեռնեմ, էս խաղը մահացու է, ինձ չես խղճում` քեզ խղճա… Պարանը քանդիր, ամբողջ մարմինս կապտած կլինի… Դու երկուսիս էլ սպանեցիր:

Հեռախոսազանգ, Արամը չի պատասխանում, զանգը կրկնվում է:

ԱՐԱՄ — Ճամփի կեսից ավելին անցել ենք, ետդարձ չկա, քեզ համբերություն… Գայանեին գրկում, համբուրում ու նորից ներքև է կախում:

ԳԱՅԱՆԵ(դրսից): Օգնեցե՜ք, խնդրո՜ւմ եմ, օգնեցե՜ք…

Հեռախոսազանգ:

ԱՐԱՄ — Լսում եմ, ո՞վ ա… ո՞վ… Ոստիկանապե՞տը… Պարոն Սիմոնյան… ես հրաշալի եմ, հա, ինձ շատ երջանիկ եմ զգում, վերջապես պատիվ ունեցա ձեզ հետ անձամբ զրուցելու: Չէ, պարոն Սիմոնյան, ոչ կատակ չէ, հիմա կմոտենամ լուսամուտին ու ինքս ինձ հեռուստատեսությամբ կվայելեմ: Գիտեմ, որ ամբողջ հանրապետությունն է ինձ լսելու… Հա, պատրաստ եմ: (Դանակը մոտեցնում է պարանին): Իհարկե, տեսնում եմ… հա, էկրանի վրա ես եմ… չէ, ես իմ պահանջներն ունեմ: Մինչև չկատարվի կամ ինչ-որ բաներ չխոստանաք` չեմ վերջացնի: Չգիտեմ`  որտեղից եք զանգահարում, եթե հեռուստացույց ունեք` նայեք… Սա դանակ է (ցույց է տալիս), սա էլ այն պարանն է, որից կախված է կնոջս կյանքը: Եթե կնոջս կյանքի թելը կտրվի, դու էլ ես պատասխանատվության կանչվելու: Իսկ սա ատրճանակ է, օրենքով ձեռք բերված զենք: Կնոջս մահից հետո… (Զենքը պահում է գլխին): Դու ինձ լսո՞ւմ ես… թող ոչ ոք չփորձի դուռս ջարդել: Գիտեմ, հիմա աստիճաններին լիքը զինված ոստիկաններ են: Նրանց հաղորդիր, որ խելոք մնան, թե չէ ողբերգությունը… Ասում եմ` ո՛չ, ո՛չ մի դեպքում, ո՛չ մի նախապայման… (Շշից օղի է խմում: Մի ձեռքին դանակ, մյուսին` ատրճանակ): Ժողովո՛ւրդ ջան, հավատացեք ինձ, ես չեմ գժվել: Իմ այս քայլն արել եմ մի քանի ամիս մտածելուց հետո: Ո՛չ, փողի համար չեմ արել, ոչ էլ մի պատառ հացի: Արել եմ իմ ու իմ ժողովրդի արժանապատվության համար: Ես իմ ու իմ ժողովրդի խլած արժանապատվությունն եմ պահանջում: Այն պահանջում եմ ոչ միայն մեր իշխանավորներից ու անգրագետ օլիգարխներից, այլև աշխարհի այն գերպետություններից, որոնք հանուն իրենց շահերի` աչք են փակում տարածաշրջանում տեղի ունեցող ամենաայլանդակ ու լկտի  հանցագործությունների վրա, որոնք տեղի են ունենում օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ, ու հանցագործը թրքաբարո քրքիջով, հանգիստ, առանց պատասխանատվության չնչին իսկ զգացումի հեռանում է… (Դռան թակոց: Դանակը մոտեցնում է պարանին, լսվում է Գայանեի նվաղած աղերսանքը: Օղու շիշը մոտեցնում է շուրթերին): Ոչ ոք չհամարձակվի՛… ներս մտնողը պատասխան կտա, չհամարձակվե՛ք…

ՁԱՅՆ — CNN-ից է, կարո՞ղ եմ ներս մտնել;

ԱՐԱՄ — Ո՛չ մի դեպքում, հարցերը կարող եք տալ փողոցից` բարձրախոսով: Ես զինված եմ: Նորից եմ զգուշացնում` ներս մտնողը պատասխան կտա…

ՂԱԶԱՐ(դրսից): Արամ, ես եմ, Ղազարը, լսո՞ւմ ես:

ԱՐԱՄ — Հա՛, լսում եմ, դու մի խառնվիր… ինձ լավ գիտես, լավ է` հեռանաս:

ՂԱԶԱՐ — Ուզածդ ի՞նչ ա… Գայանը մեղք ա, թող ներս գամ, խնդրում եմ:

ԱՐԱՄ — Ամբողջ ազգդ ա տառապում, Գայանի՞ն ես խղճում: Ազգիդ են կախել, վրեդ խաբար չկա… Օդից կախված ժողովուրդ ենք, Գայանի պես, հա՛, Գայանի պես… (Պարանը տարուբերվում է, Արամը տագնապում է): Դիմացիր, ցավդ տանեմ, դիմացիր… Ժողովո՜ւրդ, բժի՜շկ, շտապ-օգնությո՛ւն… Էդ բժիշկներից մեկին ուղարկեք վերև դատարկ գրպաններով ու ձեռքերով: Գործիքները կապեք էս պարանից: (Պարան է կախում): Գայան ջան, դիմացիր, էս ա` բժիշկ ա գալիս… (Դռան թակոց): Ո՞վ ա…

ԲԺԻՇԿ(դրսից): Բժիշկն է, կարո՞ղ եմ ներս մտնել:

ԱՐԱՄ — Չէ, սպասիր… (Մոտենում է դռանը, հենվում է պատին): Տեղյակ ես, չէ՞, զինված եմ:

ԲԺԻՇԿ — Դուռը բաց, խնայիր կնոջդ:

ԱՐԱՄ — Դու ինձ հասկանո՞ւմ ես:

ԲԺԻՇԿ — Հա, բաց արա:

ԱՐԱՄ — (դիտակից նայում է): Թող էդ ոստիկանները հեռանան, աստիճաններին մարդ չերևա:

ԲԺԻՇԿ — Հեռացե՛ք, հեռացե՛ք, թե չէ ուշ կլինի… Դուռը բաց, մարդ չկա:

ԱՐԱՄ — Նախ ձեռքերդ ներս բեր, հետո կնստես ու ծնկաչոք կմոտենաս: Լսո՞ւմ ես… (Դուռը բացում է, բժիշկը ներս է մտնում: Արամը զենքը մոտեցնում է նրա գլխին): Ո՛չ մի ավելորդ շարժում: Պարտականությունդ կկատարես ու… (Մոտենում է լուսամուտին, Գայանեին վեր է քաշում):

ԲԺԻՇԿ — Պայուսակս կտա՞ս:

ԱՐԱՄ — Համբերիր: (Պայուսակը ստուգում, տալիս է բժշկին):

ԲԺԻՇԿ — Կնոջդ ես սպանում, այ տղա: Էս ի՞նչ վիճակ է…

ԱՐԱՄ — Քո գործը չի: Արագացրո՛ւ, ոնց որ ուշքից գնացել ա: Գայան, Գայան…

ԲԺԻՇԿ — Հանգիստ թող նրան: Իմ գործերին մի խառնվիր, ինչ կասեմ` էն էլ արա: Ջուր…

Արամը ջուր է տալիս, հետևում է դրսի անցուդարձին: Հեռախոսազանգերին չի պատասխանում:

Հեռուստահաղորդավարի ձայնը — Պատանդի ինքնազգացողությունը երևի վատացել էր: Ամուսինը բժիշկ պահանջեց: Շտապօգնության բժիշկը այժմ նրանց բնակարանում է: Թե ինչ է կատարվում այնտեղ` մենք չենք կարող տեսնել, բայց  Արամը հետևում է դրսի անցուդարձին:

ԲԺԻՇԿ – Ձեռքերն արձակիր:

ԱՐԱՄ — Ոչ մի դեպքում:

ԲԺԻՇԿ — Հո խենթ չե՞ս: Նա մեռնում է:

ԱՐԱՄ — Եթե մեռավ` քեզ էլ եմ սատկացնելու: Ավելորդ բաներ չպահանջես…

ԲԺԻՇԿ — Գոնե ոտքերը…

ԱՐԱՄ — Քիչ խոսա, շատ աշխատիր:

ԳԱՅԱՆԵ — Արամ…

ԱՐԱՄ — (համբուրում է): Դիմացիր, ցավդ տանեմ, ամեն ինչ լավ ա լինելու…

ԳԱՅԱՆԵ — Խնդրում եմ, ինձ մորթիր` էսքան մի տանջիր…

ԱՐԱՄ — Մի քիչ էլ դիմացիր, ցավդ տանեմ:

ԳԱՅԱՆԵ — Դանակ եմ սրել, չէ՞… իմ ձեռքով եմ սրել, խնդրում եմ…

ԲԺԻՇԿ — Հանգստացիր, հանգստացիր… ամեն ինչ լավ կլինի:

ԱՐԱՄ — Ճնշումը ո՞նց ա:

ԲԺԻՇԿ — Բարձր… լավ չի…

ԱՐԱՄ — Լավ ա, լավ, մոտեցիր լուսամուտին ու ինչ ինձ ասիր` ասա ժողովրդին:

ԲԺԻՇԿ(մոտենում է լուսամուտին): Ժողովուրդ, եթե այսպես շարունակվի, նա երկար չի դիմանա: Արյան ճնշման խախտում, սրտի անբավարար աշխատանք, ուշքը կորցրել է…

ԳԱՅԱՆԵ — Ջուր, Արամ ջան, ջուր… (Ջուր են տալիս):

ԲԺԻՇԿ – Թող` պարանները բացեմ, գոնե թուլացնեմ, արյան շրջանառությունը շատ վատ է…

ԱՐԱՄ — Մի պայմանով:

ԲԺԻՇԿ — Ի՞նչ պայման…

ԱՐԱՄ — Քեզ կապեմ ու նրա փոխարեն քեզ կախեմ:

ԲԺԻՇԿ — Դու քո արածից բան հասկանո՞ւմ ես:

ԱՐԱՄ — Լավ էլ հասկանում եմ, շատ լավ եմ եմ հասկանում:

ԲԺԻՇԿ(սրսկում է Գայանեին): Ուզածդ ի՞նչ ա, չեմ հասկանում:

ԳԱՅԱՆԵ — Արամ ջան, չեմ դիմանում: Փրկիր ինձ, խնդրում եմ, արձակիր ոտքերս…

ԱՐԱՄ — Տեսնո՞ւմ ես, բժիշկ, կնոջս ուզածը շատ քիչ բան ա, բայց չեմ կատարում, հաճույք եմ ապրում: Հիմա պիտի ասես` սադիստ եմ… հա, բա ի՞նչ եմ, ես հիվանդ եմ, ամբողջ երկիրն ա տառապում, մի ողջ ժողովուրդ ցավից բոռում ա, ո՞ւմ տանձին ա…

ԲԺԻՇԿ — Պատերազմի հերոս ես, հանրապետությունում ճանաչված, հարգված մարդ…

ԱՐԱՄ — (գրապահարանի վրայից շքանշանը վերցնում, կախում է բժիշկի կրծքին): Քեզ եմ նվիրում, գոհացա՞ր…

ԲԺԻՇԿ — Կատակդ տեղին չէ… (Շքանշանը կրծքից պոկում, տեղն է դնում): Գայանեի վիճակը ծանր է:

ՁԱՅՆ(դրսից): Արամ, Երևանի ոստիկանապետը ուզում է հետդ խոսի:

ԱՐԱՄ — (լուսամուտից դուրս): Նրան ասելիք չունեմ: Ինձ պետք են նախագահը, վարչապետն ու նախարարները:

ԲԺԻՇԿ(կախվում է լուսամուտից, Արամը զենքը պահում է նրա գլխին): Արամի կնոջ վիճակը ծանր է, զգուշացնում եմ, եթե որևէ բան չձեռնարկվի` ավարտը ողբերգական կլինի:

ԱՐԱՄ — Եթե կնոջս բան պատահի` ոչ միայն բժիշկը, այլև շատ իշխանավորների օրը սև է լինելու: Կատարե՛ք բժիշկի պահանջները…

ՁԱՅՆ(դրսից): Արամ, վարչապետը անձամբ ուզում է խոսել: Նա խոստացել է, որ քեզ վտանգ չի սպառնա, եթե կամավոր վերջ տաս այս խեղկատակությանը:

ԲԺԻՇԿ — Արամ, խնդրում եմ, թող` պարանները քանդենք:

ԱՐԱՄ — Պարոն վարչապետին հաղորդեք, որ նրան սիրով կընդունեմ իմ բնակարանում, եթե մեկ ժամում զարմիկիս Էրեբունի հիվանդանոցից տեղափոխեն Նորք և անմիջապես վիրահատեն:

ԲԺԻՇԿ — Ի՞նչ բողոք ունի:

ԱՐԱՄ — Սրտանոթային, անհապաղ վիրահատության կարիք ունի:

ԲԺԻՇԿ — Հետո՞:

ԱՐԱՄ — Չեն անում:

ԲԺԻՇԿ — Ինչո՞ւ:

ԱՐԱՄ — Միամիտ մի ձևանա, իբր չգիտես, հա՞: Փող են ուզում: Յոթ հազար հինգ հարյուր դոլար: Չունի, հասկանո՞ւմ ես` չու-նի՛: Երկու օր կյանք են տվել: Քսան տարում յոթ հազար դոլար չի աշխատել… նրա երեխաները, կինը…

ԲԺԻՇԿ — Հեռախոսից կարո՞ղ եմ օգտվել:

ԱՐԱՄ — Քեզ համար` ո՛չ:

ԲԺԻՇԿ — Հիվանդանոց պիտի զանգեմ:

ԱՐԱՄ — (լուսամուտից): Վարչապետին ասեք, նախքան ինձ մոտ գալը թող հանդիպի զարմիկիս կամ նրան Էրեբունիից տեղափոխի Նորք:

ԲԺԻՇԿ(համար է հավաքում): Ալո, ես եմ, գլխավորին եմ խնդրում… Շտա՛պ, հնարավորին չափ արագ…

ԱՐԱՄ — Երասխավանում, սահմանի բերանին, ձմերուկ ա ցանում: Առանց ջրի, առանց տեխնիկայի, մի կերպ բազմազավակ ընտանիքի գոյությունն ա քարշ տալիս… Ցնդել կարելի ա, արա՛, սրանք աննորմալ են… (Օղի է խմում): Սահմանամերձ գյուղում մի ընտանիք ա արմատախիլ լինում, ու ոչ մեկի տանձին չի:

ԲԺԻՇԿ — Արամ, հիվանդի անունն ի՞նչ է:

ԱՐԱՄ — Յոթ հազար հինգ հարյուր դոլար:

ԲԺԻՇԿ — Հարցնում եմ` հիվանդի անունն ի՞նչ ա:

ԱՐԱՄ — Մա՛րդ: Ի՞նչ նշանակություն ունի, թող գտնեն ու վիրահատեն: Ով վիրահատման կարիք ունի` թող վիրահատեն…

ԲԺԻՇԿ(հեռախոսով): Հա, Երասխավանից է, փոխադրեք, անպայման… հա… ես հենց էստեղից եմ զանգում, չձգձգեք, խնդրում եմ, ես նորից կզանգահարեմ…

ԱՐԱՄ — Դուխով բժիշկ ես երևում… Արի անկեղծ խոսենք. եթե էս ամենը երեկ քեզ ասեի, էս լավությունը անելու համար ինչքա՞ն փող կուզեիր: (Խմում է):

ԲԺԻՇԿ — Մի խմիր, հա՞…

ԱՐԱՄ — Ասա՛, ինչքա՞ն կուզեիր:

ԲԺԻՇԿ — Հիմա դրա ժամանակը չի, հիմա Գայանեին հանգիստ տալու ժամանակն է…

ԱՐԱՄ — Աստված գիտի, թե պատգամավորներն ու նրանց լակոտները որ կազինոներում են մեր փողը մսխում… յոթ հազար հինգ հարյուր դոլարի համար կարելի՞ ա մարդ սպանել, մի ամբողջ ընտանիք ուղարկել թշվառության գիրկը: Երևանում օրը քանի՞ երեխա է ծնվում, քանի՞ ջահելի են վասն փողի ուղարկում գրողի ծոցը: Հա, գիտեմ, որ նորություն չի, բայց մենք ամեն ինչ տվեցինք վասն արդարության, մենք հավատացինք…

ԲԺԻՇԿ — Ես ստիպված եմ Գայանեի ձեռքերը բացել, արյունը չի հասնում…

ԱՐԱՄ — Պայմանավորվեցինք, չէ՞: Նախ պիտի քեզ կապեմ, հետո… միայն թե չփորձես…. ես լուրջ մարդ եմ, կատակել չեմ սիրում: Նպատակներ ունեմ…

ԲԺԻՇԿ — Գայանեն քո կինն է…

ԱՐԱՄ — Դե, ուրեմն, թող իմ սիրտը ցավա: Դու քո խիղճը խնայիր, ուրիշ տեղ կօգտագործես:

ԲԺԻՇԿ — Ես իմ պարտականությունն եմ կատարում, իրավունք չունեմ…

ԱՐԱՄ — Իսկ հիվանդանոցում իրավունք ունե՞ս: Եթե կնոջս մի բան պատահի… մի քանի դոլարի համար քանի՞ մարդ ես սպանել:

ԲԺԻՇԿ(փորձում է Գայանեի կապանքները քանդել): Անխիղճ ես, անխիղճ…

ԱՐԱՄ — Աստված վկա, կկրակեմ… Առաջինը նա պիտի սրբանա, դու դրան արժանի չես:

ԲԺԻՇԿ — Լավ, դու քանդիր, նա մահանում է… հարցը շատ ավելի լուրջ է, քան դու ես կարծում: Ինձ որ հարցնես` անմիջապես կփոխադրեի հիվանդանոց:

ԱՐԱՄ — Փող չունեմ:

ԲԺԻՇԿ — Դա թող ինձ:

ԱՐԱՄ — Չեմ ուզում պարտքի տակ մնալ:

ԲԺԻՇԿ — Դու հարբած ես…

ԱՐԱՄ(զենքը բժշկի վրա պահած` սկսում է նրան կապկպել): Քո սիրտն ավելի՞ է ցավում, քան իմը… ոչինչ, կփոխարինես… (Օղի է խմում): Գնահատում եմ սրտացավությունդ, լավ մարդ ես երևում:

ԲԺԻՇԿ — Ինչ ուզում ես` արա, միայն մի խմիր:

ԱՐԱՄ(կապում է բժշկին ու կախում է լուսամուտից): Ժողովո՛ւրդ ջան, բժիշկը կամավոր ուզեց Գայանեի փոխարեն կախվել: (Դանակը պահում է պարանին): Հիմա դուք ասեք` ո՞ւր են 90-ականների մարդասպանները, հանցագործ իշխանավորները, ինչո՞ւ գնահատական չտրվեց առաջին նախագահի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը, ինչո՞ւ չպատժվեցին հոկտեմբերի 27-ի իսկական դերակատարները, ովքե՞ր օրը ցերեկով կրակեցին անմեղ քաղաքացիների վրա… Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը, թող բարձրանա:

Մոտենում, քանդում է Գայանեի կապերը, փարվում է նրան: Գրկախառնվում են:

ԳԱՅԱՆԵ — Քեզ սիրում եմ, Արամ:

ԱՐԱՄ — Հա, էդ բառը դեռ մեր բառարաններից դուրս չի եկել, դեռ կարող ենք սիրել, սիրահարվել, երևի հենց դա է աշխարհը փրկելու…

ԳԱՅԱՆԵ — Արամ, վերջ տուր այս խաղին…

ԱՐԱՄ — Արդեն ուշ է:

ԳԱՅԱՆԵ — Ջուր կտա՞ս:

ԱՐԱՄ — (ջուր է տալիս): Խմիր ու պառկիր:

ԳԱՅԱՆԵ — Խնդրում եմ, վերջացրու…

ԱՐԱՄ — Ներիր, Գայան ջան, պատերազմ է, ամեն անակնկալի պիտի պատրաստ լինես: Խաղաղ թվացող էս պայմաններում ավելի շատ են զոհվում, քան իրական պատերազմում: Միլիոնից ավելի փախան, սպիտակ ջարդ ենք ապրում: Ավելի քան մեկ միլիոն, հասկանո՞ւմ ես…

ԳԱՅԱՆԵ(ցնցումների մեջ): Ձեռքերս, ձեռքերս բռնիր…

ԱՐԱՄ — Ամեն ինչ լավ կլինի, համբերիր, մի քիչ էլ համբերիր… (Հեռախոսազանգ): Լսում եմ… ո՞վ, վարչապե՞տը… Այո, լսում եմ: Ոչ մի դեպքում, կգաք իմ լուսամուտի տակ, ձեր աչքով կտեսնեք… բժշկին եմ կախել, հա: Միջազգային լրատվությանը կտաք ձեր խոստումները… ո՛չ մի դեպքում, միայն ժողովրդի ներկայությամբ: Չէ, պարոն վարչապետ, մենք ընկերներ ենք եղել, մարտի դաշտում ուս-ուսի կռվել ենք, բայց էս օրերում դեմդիմաց ենք կանգնած, չե՞ս կարծում, որ սա ավելի վտանգավոր է: Որ էդպես է` արի, ու դու` ներքևից, ես` վերևից, բաց ճակատով բանակցենք: Գայանեն լավ չի զգում, ներող եղիր, պարոն վարչապետ: (Լսափողը կախում է):

ԳԱՅԱՆԵ — Արամ, ոտքերիս ծակոցներ են սկսվում:

ԱՐԱՄ — (Գայանեի ոտքերը մերսում է): Ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ է լինելու…

ԳԱՅԱՆԵ — Դու կորած ես, Արամ, իսկ ես առանց քեզ չեմ կարող…

ԱՐԱՄ — Ոչինչ էլ չի լինի, մենք միշտ միասին կլինենք, հավատա ինձ…

ԳԱՅԱՆԵ — Գիտեմ, որ ինձ սիրում ես, ինչո՞ւ դիմեցիր այս քայլին:

ԱՐԱՄ — Ուրիշի հետ չէի կարող էս խաղը խաղալ: Ես ու դու միշտ էլ երջանիկ ենք եղել…

ԳԱՅԱՆԵ — Ուզում եմ քեզ համբուրել: (Համբուրվում են):

Ուղղաթիռի ձայն է լսվում: Արամը մոտենում է լուսամուտին, դանակը մոտեցնում է պարանին: Լսվում է մարդկանց աղմուկ-աղաղակը:

ԱՐԱՄ — Եթե ուղղաթիռը մի քիչ էլ մոտենա, Աստված վկա` պարանը կտրելու եմ… (Դռան ետևում ձայներ են լսվում): Ո՞վ է այդտեղ… հեռացե՛ք, թե չէ պարանը կկտրեմ, հավատացնում եմ, պարանը կկտրեմ:

Շփոթահար մեկ պարանին է մոտենում, մեկ` դռանը: Ուղղաթիռի ձայնը մոտիկանում է:

ԳԱՅԱՆԵ(մի կերպ հասնում է բազմոցին դրած զենքին, վերցնում ու փողը պահում է քունքին): Արամ ջան, խնդրում եմ, դանակը ցած դիր…

ԱՐԱՄ — Գժվե՞լ ես…

ԳԱՅԱՆԵ — Փրկիր ինձ, խնդրում եմ, դու անգամ հավ մորթել չես կարող:

ՈՍՏԻԿԱՆ(դուռը ջարդում, ներս է խուժում, զենքն ուղղում է Արամի վրա): Արա՛մ, չշարժվե՛ս: Գայանե՛, զենք ցած դիր… Ի՛նձ տվեք…

ԳԱՅԱՆԵ — Արամը մարդասպան չէ, սա խաղ է, խնդրում եմ, խաղը համարեք ավարտված, նա հիմա կհանձնվի… Արամ, խնդրում եմ, դանակը ինձ տուր…

ԱՐԱՄ — Գայան, բոլոր ծրագրերս հօդս ցնդեցին: Դու զենքը ցած դիր, ես գործ ունեմ հանցագործ խմբի հետ… (Մոտենում է լուսամուտին, դանակը քսում է պարանին): Ոչ ոք չմոտենա…

ԳԱՅԱՆԵ — Չէ, Արամ, չէ… (Դուռը լայն բացվում է, երևում են հրացանի փողեր: Գայանեն մոտենում է Արամին): Դանակ տուր, խնդրում եմ…

ԱՐԱՄ — (համբուրում է նրան, դանակը մի կողմ է շպրտում): Տարե՛ք ինձ:

Արամին ձերբակալում են: Բեմը մթնում է: Երբ նորից աղոտ լուսավորվում է, Արամը, զսպաշապիկով, կապանված, խոսում է ինքն իր հետ:

ԱՐԱՄ — …արդ ով որ մարդոց առջև ինձ դավանի, ես էլ անիկա պիտի դավանիմ` հորս արև… Եվ ով որ մարդոց առաջ ինձ ուրանա, ես ալ նրան պիտի ուրանամ` մորս արև…

Նույնը կրկնվում է մինչև վարագույրի իջնելը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։