Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԱՌԱՆՑ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ

(Հարցազրույց դրամատուրգ Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ)

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ – Պրն Խալաթյան, «Արտավազք» պիեսը գրել եք 2005 թվականին, այն  բեմ բարձրացավ 2022-ին. պիեսի ուղերձները որքան էլ ի սկզբանե արդիական լինեին, նոր «հավելումներ» ունեցա՞ն: 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ — Չունեցան, և թվում է, թե պիեսը գրվել է բոլորովին վերջերս: Ցավոք, դա ինքնին վկայում է, որ մեզանում, վերջին շուրջ 20 տարվա ընթացքում, հասարակական-քաղաքական-ազգային կյանքում արտավազքը շարունակվում է: Միակ «հավելումը», թերևս, իմ համաձայնությամբ բեմադրիչի կողմից ներմուծած դետալն է, որ Արտավազդ արքային պարտադրաբար պատվաստում են ու ստիպում դիմակ կրել…

Կ. Խ. — Որպես հեղինակ, բայց արդեն նստած դահլիճում, ինչպե՞ս եք ընկալում բեմադրությունը:

Ս. Խ. — Սկզբում ինձ չէր համոզում, որ պիեսը ներկայացվում է կոմիքսային ոճաբանությամբ: Ես «լուրջ» կատակերգության էի հակված:  Սակայն բեմադրիչի, դերասանների ոգևորությունն ու կոմիքսին  մղվելու մեծ ցանկությունը, իսկ հետո՝ հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու այդ ոճի մեջ պարփակված այսօրվա լրջագույն, ցավալի իրողություններին թատերարվեստի միջոցով առերեսվելով՝ համապատասխան արձագանքը, հաշտեցրին ինձ դրա հետ, մանավանդ,  որ  բեմադրության  ֆինալն առավել  քան խորհրդանշորեն սթափության է մղում թմբիրի մեջ հայտնվածներիս:

Կ. Խ. — «Հանդիպում հարյուր տարի անց» նախագծի մասին խոսենք. ինչպե՞ս ծնվեց մտահղացումը, որ ինքնին շատ հետաքրքիր ու յուրօրինակ է:

Ս. Խ. — Պիեսը  գրելու առաջարկն ստացել եմ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր-ղեկավար Մարիամ Մուղդուսյանից: Կենտրոնը, ինչպես նաև նրա «Նաիրյան» վոկալ համույթը բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնությունների և բարեգործությունների հեղինակ են: Խնդիրն այս էր՝ անցած դարասկզբի քաղաքական-հասարակական և մշակութային ոլորտների ականավոր կին գործիչների օրինակով ոգևորել ժամանակակից կանանց՝ առավել ակտիվ լինելու և իրենց կարողություններն ի սպաս դնելու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործին: Հայտնի է, որ կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք, աշխարհում առաջինը, ունեցել են Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանական ընտրություներում: Պիեսը և բեմադրությունը, որն իրականացվեց ՄԱԿ-ի Բնակչության (ՄԱԲՀ) և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, առաջին կին պատգամավորների՝ Վարվառա-Վարյա Սահակյանի, Կատարինա Զալյան-Մանուկյանի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի, ինչպես նաև գրող-հրապարակախոս, հասարական-քաղաքական գործիչներ՝ Զապէլ Եսայանի ու Շուշանիկ Կուրղինյանի մասին է:

Կ. Խ. — Պատմեք պիեսի հերոսուհիների մասին՝ Ձեր պիեսի «տեսանկյունից»:

Ս. Խ. — Նախ, խոստովանեմ, որ կարճատև (տևողությունը՝ 40 րոպե է) ներկայացման համար բարդ խնդիր էր վավերագրական հենքի վրա ստեղծել թատերգություն՝ սեղմ իրադարձություններով և նպատակային խնդիրների համապարփակությամբ: Պիեսի ստեղծագործական հնարանքով, գործող անձինք 100 տարի անց՝ մեր օրերում, հանդիպում են սրճարանում և իրենց  վերհուշներով, նաև քաղաքական հալածանքներին դիմակայելու տոկունության մասին պատումներով ներկայանում են հանդիսատեսին: Նրանց կողմից հիշատակվում են նաև հայազգի այլ մեծավանդ կին գործիչներ: Ի պատիվ Նաիրյանցիների և բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի, դիտելի, գրավիչ բեմադրություն է ստացվել՝ կին գործիչների մասին շատերին անծանոթ փաստերի տեղեկացմամբ և, իհարկե, երգերի բարձրարվեստ կատարումներով: Հանդիսատեսը ոչ միայն ջերմությամբ ընդունեց ներկայացումը, այլև, շատերի խոստովանությամբ, ցանկություն է առաջացրել ձեռք բերել վավերագրություններ և ավելին իմանալ նրանց անցած ուղու մասին: Ի դեպ, Վանաձորում, ներկայացմանը հաջորդած քննարկման ժամանակ,  դժգոհությամբ  ասվեց, որ երրորդ քաղաքում հայ ականավոր կին գործիչներից և ոչ մեկի անունով անվանակոչված փողոց չկա, միակը՝ Շուշանիկ Կուրղինյան փողոցն էլ վերանվանվել է…

Կ. Խ. — Եվ, իհարկե, հավերժական հարց. ինչպե՞ս կբնութագրեք թատրոն-դրամատուրգ համագործակցությունն այսօր: 

Ս. Խ. — Իհարկե, հավերժական հարց է, բայց չեմ կարծում, որ այդ հարցը տվողներն  ու պատասխանողները հավերժության մեջ մնան, քանի որ թատրոններն ու դրամատուրգները շարունակում են «իրար ուտել» և, թվում է, հեռու չէ այն ժամանակը, երբ  առանց հայ դրամատուրգիայի ազգային թատրոն չենք ունենա, առանց թատրոնի՝ կվերանա հայկական թատերգության ժանրը: Կատակով ասված պատասխանիս մեջ խոր լրջություն ու  մտահոգություն կա: Տեսեք, Երևանում գործում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը: Խորին հարգանք ու ջերմ վերաբերմունք ունենալով բարձրարվեստ այդ օջախի նկատմամբ, այդուամենայնիվ, կարծում եմ, որ նա ռուսական չէ, հայկական թատրոն է՝ ռուսերեն բեմադրություններով: Մի՞թե այդ թատրոնի ստեղծագործական հավատամքը  ռուսական թատերարվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանն են միտված: Ո՛չ: Նույնկերպ, մեզանում,  ազգային թատրոն  ասածդ մի քանիսն են, այն էլ՝ ոչ լիարժեք: Պարզունակ մտածողներ կան, որոնց թվում է, թե մեկ-երկու հայ հեղինակի գործ բեմադրելով՝ ազգային թատրոնի խնդիր են լուծում: Այս թեման ծավալուն է, չընդրձակվեմ, ասեմ միայն, որ մեր ժամանակներում հայ դրամատուրգների և հայկական թատրոնների միջև առաջացած վիհն արդեն իսկ ուղղակիորեն ազդել է ազգային թատրոնի  ավանդույթների պահպանման ու զարգացման ընթացքի վրա: Բեմադրիչներին գրավում է արտասահմանյան թատրոնների ոճն ու ձեռագիրը, իսկ մեր թատերագիրները, հատկապես՝ շնորհալի երիտասարդ դրամատուրգների զգալի մասը, բեմադրվելու անզուսպ ցանկությամբ, որդեգրել են օտար ոճ ու ձեռագիր և, արդյունքում, մենք ունենք հայկական թատրոններ ու հայերեն պիեսներ, որոնք չեն սնվում ազգային արմատներից, չեն նպաստում ազգային թատերարվեստի զարգացմանը:

Էութամբ ազգային, ասելիքով՝ համամարդկային. սրան պիտի հասնել դրամատուրգթատրոն համագործակցությամբ, աշխարհի բոլոր առաջադեմ թատրոնների դավանանքը սա է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։