Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/«ՕՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՕՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՕՐԸ  ԴԵՌ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ  Է

Գործող անձինք

ՖՐԻԴԱ

ԴԻԵԳՈ

ՍՐՃԱՐԱՆԻ ՏԻՐՈՒՀԻ — ՔՐԻՍՏԻՆԱ

Բեմում բար է` խմիչքով, բաժակներով: Հնչում է մեքսիկական բալլադ: Կուլիսներում լսվում է բացվող դռան ձայնը, հնչում է երաժշտական ազդականչը: Ներս է մտնում սրճարանի տիրուհին (այսուհետ` Տիրուհին): Նա գրկած պահում է հաստ ստվարաթղթով փաթաթված ինչ-որ բան, զգացվում է, որ ծանր է: Փաթեթը հենում է բարին, զննում է շուրջը, աթոռ-սփռոց է ուղղում: Տեկիլա է լցնում, խմում է, լիմոնի շերտիկը գցում է բերանը, մոտենում է փաթեթը բացելու` լսվում է դռան բացվելն ու ծլնգոցը:

ՏԻՐՈՒՀԻ — (առանց դիրքը փոխելու, բայց փաթեթը չի բացում: Կռվարար): Փա°կ է: 

ՖՐԻԴԱ — (ձայնը` կուլիսներից): Երբվանի՞ց ես ընդմիջում անում:

ՏԻՐՈՒՀԻ — (տեղից բարձրանում է, բայց չի շրջվում դռան կողմը): Էդ ո՞վ ասաց ընդմիջման մասին:

ՖՐԻԴԱ — Ե°ս:

ՏԻՐՈՒՀԻ — Էլ ո՞վ կարող է` քեզնից բացի… (Շրջվում, նայում է կուլիսները:) Փակիր դուռը: (Կանխելով Ֆրիդայի ասելիքը:) Դրսի°ց:

ՖՐԻԴԱ — (առաջ է գալիս: Հագին սև, երկար վերարկու է: Գլխին կապել է գունեղ գլխաշոր): Իսկ տեկիլան ո՞վ պիտի խմի: (Հայացքով ցույց տալով դատարկ բաժակը:) Արդեն մենակ ես կոնծում… էդ օրի՞ն ես հասել:

ՏԻՐՈՒՀԻ — (հայացքով շամփրելով): Կարծեմ ասացի, որ սրճարանս փակ է: Ու հատկապես քեզ համար: 

ՖՐԻԴԱ — (բարեհոգի): Շան քած… Դե, դե… հանգիստ, գիտես, որ սիրում եմ էդ բառը, երբ տեղին է ասված: Ու հատկապես` քեզ համար: (Մոտենում, երկիմաստ շոյում է նրա այտը:) Դու իսկապե՞ս չես ուզում խմել ինձ հետ:

ՏԻՐՈՒՀԻ — Չէ մի` ուշքս գնում է… 

ՖՐԻԴԱ — Բայց ինչո՞ւ…

ՏԻՐՈՒՀԻ — Քեզ հետ խմե՞լ կլինի: Հերիք չէ` երկու բաժակից քեզ կորցնում ես, դեռ մի բան էլ ստիպում ես, որ սուտի պատմություններդ լսեմ: Հազարերորդ անգամ:

ՖՐԻԴԱ — Որ ասում եմ` շան քա՞ծ… (Չոր:) Ասացի` հանգիստ… Հաճախորդներդ ո՞ւր են:

ՏԻՐՈՒՀԻ — Քե՞զ ինչ…

ՖՐԻԴԱ — Փախել են: Փնթփնթոցիդ ո՞վ կդիմանա… ինձնից բացի: Լսիր, կարո՞ղ է` գործերդ վատ են: 

ՏԻՐՈՒՀԻ — Շա~տ կերազեիր:

ՖՐԻԴԱ — Թե՞ խմիչքիցդ զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: 

ՏԻՐՈՒՀԻ — Իսկ զրպարտության համար պատասխան կտաս…

ՖՐԻԴԱ — (հոտ քաշելով շշից): Չէ, էս մեկը ոնց որ նորմալ է: Նախատեսված է հատուկ դեպքի համա՞ր: (Տիրուհին ցուցադրաբար բաժակն է փայլեցնում:) Հանկարծ ու` պարզվի, որ ինձ համար ես պահել… (Իզուր փորձելով թաքցնել հուզմունքը:) Լավ, այդքան դժվա՞ր է խոստովանել, որ ինձ էիր սպասում:

ՏԻՐՈՒՀԻ — (թվում է` հակաճառելու է, բայց վերջին պահին միտքը փոխում է, փայլեցրած բաժակի մեջ տեկիլա լցնում, մեկնում է նրան): Ինչքան լեզվիդ տվեցիր` հերիք է: Ծարավդ կոտրիր: 

ՖՐԻԴԱ — (գոհ): Ա°յ, սա արդեն ուրիշ խոսակցություն է: (Խմում է: Հաճույքից ծպպացնելով:) Որակը պահում ես… (Անտարբեր տեսք ընդունած Տիրուհուն:) Դե՞…

ՏԻՐՈՒՀԻ — (նորից է լցնում բաժակը, խոցելու միտումով): Թե ուզածդ սա է` հեշտ պրծանք…

Ֆրիդան խմում է փակ աչքերով: Հնչում է բալլադը: Լսում են` իրարից առանձնացած, ներփակ:

ՖՐԻԴԱ — (բալլադի ավարտից հետո): Քաղաքում ի՞նչ կա:

ՏԻՐՈՒՀԻ — Ծնվողը մահացավ, ամուսնացողը բաժանվեց, հավատարիմը դավաճանեց, անմեղը մեղավորվեց: Բայց գնացողը եկավ:

ՖՐԻԴԱ — Իսկ քաղաքո՞ւմ ինչ կա:

ՏԻՐՈՒՀԻ — Ձմեռը երկարեց, գարունը կուշանա, անձրևների փոխարեն երաշտ կլինի:

ՖՐԻԴԱ — Ոտքս քաշեցի` փիլիսոփա դարձար, իսկ քաղաքում այդպես էլ ոչինչ չի փոխվել:

ՏԻՐՈՒՀԻ — (չարախինդ): Հա, ցուցանակը էդպես էլ չկա, որտեղ որ պիտի լիներ: Մտքինդ էդ չէ՞… 

ՖՐԻԴԱ — (փորձելով անտարբեր երևալ:) Մի քոսոտ ցուցանակն ի՞նչ է, որ… 

ՏԻՐՈՒՀԻ — (բացահայտ ծաղրով): Ցուցանա~կը… քոսոտ ցուցանակը ամրացնող չկա: Էս բացատրությունը քեզ բավարարո±ւմ է:

ՖՐԻԴԱ — (արհամարհանքով): Բացատրությունները երբեք ինձ չեն բավարարել… ու հատկապես` քոնը:  

ՏԻՐՈՒՀԻ — Իսկ հիմա պիտի բավարարվես: Հակառակ դեպքում…

ՖՐԻԴԱ — Հիմա մի կեղտոտ բան կասես…

ՏԻՐՈՒՀԻ — Ու կասեմ… (Կռվարար, մի շնչով:) Էլ բան ու գործ չունենք, քոսոտ ցուցանակի ետևից պիտի ընկնենք:  

ՖՐԻԴԱ — (ասես չի լսել նրա վերջին խոսքերը): Իսկ քաղաքային իշխանություննե՞րը… որոշում էին ընդունել, ինչո՞ւ չեն կատարում:

ՏԻՐՈՒՀԻ — Իսկ, քո կարծիքով, ես ինչի՞ եմ էստեղ վեր ընկած:

ՖՐԻԴԱ — Իմ կարծիքով` մարդկանց կեղտոտ բնազդները բավարարելու համար:

ՏԻՐՈՒՀԻ — Շատ լավ գիտես` քանի կամ ու էստեղ եմ` թույլ չեմ տա, որ հեքիաթներդ գրություն դառնան ցուցանակի վրա ու հիմա էլ քաղաքին մոլորեցնեն:

ՖՐԻԴԱ — Հեքիաթներիցս ո՞րն է սուտ:

ՏԻՐՈՒՀԻ — Բոլո°րը: Հենց մեկը` ծնված թիվդ: Ծնվեցիր յոթ թվին, գրեցիր` տասը: Բա եղա±վ… Ես, իհարկե, հասկանում եմ քեզ, ո՞ր մի կինը չի ուզենա երեք տարվա պակասորդ ունենալ…

ՖՐԻԴԱ — Իսկապե՞ս կարծում ես, որ դա արել եմ ընդամենը տարիքս փոքրացնելու համար: 

ՏԻՐՈՒՀԻ — Միայն ու միա՛յն: Բայց հենց հիմի մի բան կմոգոնես, նոր պատճառաբանություն կգտնես… առաջին անգա՞մն է, ինչ է:

ՖՐԻԴԱ — Գիտե՞ս, ինչն է անհաջող կյանքիդ պատճառը. երևակայության պակասը: Իսկ ավելի ճիշտ` երևակայության լիակատար բացակայությունը: Դե, մի անգամ խելքիդ զոռ տուր.  ես կարո՞ղ էի ծնվել սովորական, ոչ մի բանով աչքի չընկնող տարում: Իհարկե, ոչ: Բայց մեղավո՞ր էի, որ իմ ծնվելուց երեք տարի հետո միայն հեղափոխություն եղավ: Այն հեղափոխությունը, որին հավատացի, պայքարեցի, կյանքիս մի մասը նվիրեցի նրան: Այնպես որ, ես պարտավո°ր էի ծնվել հեղափոխության տարում: Ես էլ ծնվեցի°: Կարողացա այդ բանն անել, թեկուզ… թղթի վրա: Իսկ դու ոչ միայն դրան ընդունակ չես, դու անգամ չես հասկանում այդ պարզ բանը:

ՏԻՐՈՒՀԻ — Դե, իհա~րկե, դու միշտ էլ գերագնահատել ես քո իրական արժեքը:

ՖՐԻԴԱ — Հիմա°ր: Ես իմացել եմ ինչ լինելս: Ով լինելս դրանից առաջ գիտեի: (Վիրավորելու միտումով` բայց քաղցրումեղցր:) Ի դեպ, մարդդ ո՞նց է… Ասենք, կարող ես չպատասխանել: Խելոք նստած հաշիվներն է ստուգում: Քանի՞ տարեկան էիր, որ ձեռ գցեցիր էդ գրասենյակային առնետին:

ՏԻՐՈՒՀԻ — Մտքինդ ի՞նչ է:

ՖՐԻԴԱ — Քսանհինգ տարեկան էիր, ձեռ գցածդ էլ` հաշվապահ… թե՞ հաշվետար: Դրանց տարբերությունը այդպես էլ չհասկացա: Իսկ ես ծննդյան թիվս կեղծելուց առաջ գիտեի, որ պիտի ամուսնանամ միայն հանճարի հետ: Այն էլ` աշխարհահռչակ: Ու հանճարիս ձեռ գցեցի քսաներկու տարեկանում: Տարբերությունն զգացի՞ր:

ՏԻՐՈՒՀԻ — (ոչ պակաս թույնով, բայց քաղցրումեղցր): Փոխարենը մենք ողջ ենք, մեր բիզնեսը ծաղկում է, մեր երեխաներն էլ առողջ են ու հաջողակ: Զգացի՞ր տարբերությունը: (Տեսնելով Ֆրիդայի այլայլվելը, անկեղծ զղջումով:) Երեխաների մասին… ներիր, բորբոքվեցի:

ՖՐԻԴԱ — (արհամարհանքով): Դու ո՞վ ես, որ ինձ վիրավորես:  

ՏԻՐՈՒՀԻ — (միանգամից եփ գալով): Դե, իհա~րկե… իմը առնետ է: Իսկ քո հանճարը` ցեղական ցուլ, որ քեզնից հետո մի տարի չանցած նորից ամուսնացավ:

ՖՐԻԴԱ — (ինքնատիրապետումը կորցրած): Ո~ոոոո-ոոոոոչչչչ:

Գլուխն առած ձեռքերի մեջ` քարանում է: Մթնում է: 

Լուսավորվում է: Ֆրիդան գնում է դեպի Տիրուհին` դանդաղ քանդելով վերարկուի անթիվ կոճակները:

ՖՐԻԴԱ — (ամեն մի բառը շեշտելով): Ես եղել եմ նրա կյանքի ամենամեծ փաստը: Նրա° խոսքերն են: Նա հիացել է ինձնով, իմ նկարներով: Ես եղել եմ նրա սերը, սիրուհին, կինը… ներշնչել եմ ու ներշնչվել նրանով… ամեն անգամ պառկել եմ հետը` վերջին անգամվա զգացումով, անձնատուր եմ եղել` նվաճելով ու…  

ՏԻՐՈՒՀԻ — (ծոր տալով): Իսկ ո՞վ է կասկածում. երկուսդ էլ գիժ ու իրար համար ծնված… չէ՞ որ ձերը 20-րդ դարի ամենամե~ծ սերն էր: Ասել եք ու հավատացել, հավատացել եք ու… հավատացրել: Բայց արի վերջապես ճշտենք. ձեր սերը չէ մի չէ` 20-րդ դարի… շատ որ ձգենք` վերջին տասնամյակին հազիվ հերիքի, ու եթե ամենամեծ` ապա միայն տարիքային առումով: (Նկատելով Ֆրիդայի արհամարհական ժպիտը:) Դե, գոնե էսօր մի խաղա, եղածը մի գունազարդիր ներկակալիցդ գողացած ներկերով… Հանճարդ քո երկու տարիքն ուներ, գեր էր, շատակեր, եսասեր, մնացածի մասին լռում եմ… դու չէի՞ր, որ նրան դոդոշ էիր ասում: Ու ձևեր  չթափես, դոդոշը փաղաքշանք չէ, եթե անգամ դրանից առաջ «իմ թանկագին» ես ավելացնում: (Ֆրիդայի լռությունից ավելի բորբոքվելով:) Ասենք, մնացածի մասի՞ն ինչի պիտի լռեմ… մի քանի անգամ ամուսնացած, մանր ու մեծ երեխաներ, բա սիրուհինե՞րը, որոնց մոտավոր թիվն անգամ ինքը չգիտեր: Պառկում էր աջ ու ձախ, պառկեցնում արժանին ու անարժանին… հետո գալիս…

ՖՐԻԴԱ — Նա ինձ հետ չի° պառկել, նա ինձ սիրե°լ է: Այնպես է սիրել, ինչպես քո առնետը երևակայել անգամ չի կարող:

ՏԻՐՈՒՀԻ — Սիրե՞լ… Սիրել` չգիտեմ, բայց հանճարեղ նկարիչ էր` ո՞վ է վիճում: (Կծու ակնարկով:) Բայց ամենակարևորը` փող ուներ:

ՖՐԻԴԱ — (անտարբեր, անգամ բարեհոգի): Շան քած, հասկանում եմ, ինչ ես ակնարկում:

ՏԻՐՈՒՀԻ — Չե°մ ակնարկում: Պարզ ասում եմ` ձերը հաշվենկատ ամուսնություն էր: Գոնե` ծնողներիդ համար: Թե չէ կարո՞ղ է` ամուսնանալուց հետո ե°ս վճարեցի ձեր տան գրավը, որ ծնողներդ սեփական հարկի տակ մեռնելու հնարավորություն ունենան: Չէ~, հանճարդ վճարեց թարմ, երիտասարդ մարմնիդ համար: Ու թեև մարմնի գործում փորձված աղվես էր, քո հաշվով երկու ոտքով թակարդն ընկավ:

ՖՐԻԴԱ — Ա~յ, հիմա ստիպված պիտի գովքս անես, ինչքան էլ լեզուդ չուզենա պտտվել գարշահոտ բերանիդ մեջ:

ՏԻՐՈՒՀԻ — Ի գիտություն ոմանց` ոչ մի փտած ատամ չունեմ: Իսկ գովասանքը… հենց սկզբից էլ գիտեի, որ դու նրանից լավ նկարիչ ես:

ՖՐԻԴԱ — Վեր-ջա-պե~ս… խոստովանեցիր, ու լեզուդ չչորացավ:

ՏԻՐՈՒՀԻ — Հա, հետո՞ ինչ… Դիեգոն էլ միանգամից հասկացավ: Ու դա չխանգարեց, որ մնացածն էլ հասկանար: (Անկեղծ հիացմունքով:) Բայց դու լավի~կն էիր: Պստիկ էիր, ու կրակ կար մեջդ, հատկապես աչքերիդ մեջ: Սատանա°: Սատանա, որ նկարում է, ու դեռ էնպե~ս պիտի նկարի, որ ամենազոր Դիեգոն նրա կյանքը վերածի դժոխքի ու դրախտի` միաժամանակ:

ՖՐԻԴԱ — Ամեն ինչդ է ծայրահեղություն, անգամ գովասանքդ:

ՏԻՐՈՒՀԻ — (անտեսելով նրան, նույն պոռթկումով): Գուցե Աստված երկուսիդ էլ տաղանդի նույն բաժնին էր արժանացրել, բայց նա ճակատագրի երեստվածն էր, մինչդեռ դու…

ՖՐԻԴԱ — (համառ): Ես է°լ պակասը չէի:

ՏԻՐՈՒՀԻ — Քո ինչն եմ շատ սիրո՞ւմ` հումորի զգացումը:  Հումորդ որ չլիներ` էդքան չէիր ձգի, ոչ թե նկարել` ապրել չէիր կարողանա… (Շփոթվելով` փորձում է իրավիճակը փրկել:) Էս բաժակն ի±նչ եղավ… տես, է, քթիս տակ` չեմ տեսնում… (Բաժակները լցնելով:) Կրկնե՞նք…

ՖՐԻԴԱ — (հասկացող, ներողամիտ ժպիտով): Մի թմբլիկ, բայց փշոտ կակտուս եմ նկարելու, տակն էլ գրեմ անունդ…

ՏԻՐՈՒՀԻ — Միայն խոստանում ես… Իսկ ինքդ հայելին դեմդ պահած` միայն սփաթդ ես նկարում… մեկ-մեկ էլ` հանճարիդ: Հավասարակշռությունը պահում ես… 

ՖՐԻԴԱ — Չեմ հասկանում` խելացվորվե՞լ ես, թե՞ վերջապես սովորեցիր մտքինդ ասել… 

ՏԻՐՈՒՀԻ — (չլսելու տալով): Բայց հույսս չեմ կորցնում, մեկ էլ տեսար` կակտուս նկարեցիր: Թեկուզ` փշոտ: Կենա°ցդ: (Խմում են, դադարից հետո:) Վերջերս ցուցահանդեսդ եղավ: Մահվանիցդ քսաներեք տարի հետո: Ցուցասրահի բարձր, հսկա պատերից հսկա լուսանկարներդ էին կախել` ավտովթարից հետո խեղված կյանքիդ պատմությունը… Իսկ նկարներդ… ինձնից լավ գիտես չափերը, էդ հսկա լուսանկարների կողքը` պստիկ բաներ էին… Մարդիկ մոտենում էին ավելի լավ տեսնելու համար ու… ընկնում էին կախարդանքի մեջ: Քո սատանայական կախարդանքի մեջ:

ՖՐԻԴԱ — Կարո՞ղ է, դու էլ ես այնտեղ եղել:

ՏԻՐՈՒՀԻ — Էլ բան ու գործ չունեմ… Բայց դրանց նայելով` հասկացա, որ կարողացել ես ցավդ էնքան վեր հանել, բարձրացնել, որ դառնա արվեստի գործ: (Մոտենում, անսպասելի գրկում է: Անսպասելի գորովանքով:)  Ո՞նց ես, կաղլիկս… 

Ֆրիդան գալիս է նախաբեմ:

Ֆրիդայի առաջին մենախոսությունը

ՑԱՎ

Եթե չնստեի այդ ավտոբուսը… Հարվածից հետո ուշքի գալով մտածում էի միայն ձեռքիս մեջ ամուր սեղմած խաղալիքի մասին: Ես չէի պատկերացնում, թե ինչ է կատարվել և ինչ է սպասվում ինձ: Մարմինս դրել էին բիլիարդի սեղանին, իսկ մարմնիս մեջ մետաղյա ձողն էր, որը ջարդել էր ողնաշարս, կոնքս, ոտքս: Ավտոբուսում ինչ-որ մեկի ներկի փաթեթը պատռվել էր, ու ոսկեգույն փոշին թափվել էր արնոտ մարմնիս վրա: Նկարելու արժանի տեսարան` ոսկին ու արյունը տասնութ տարեկան աղջկա մերկ մարմնին, իսկ մարմինը` խոցված մետաղյա ձողով: Տեսարանն իրոք արժանի էր կտավ դառնալու, բայց ես այդպես էլ չկարողացա նկարել: 

Հետո` գիպսե անշարժություն, վիրահատություններ, ու ցավ, ցավ, ցավ… գիշերները մահճակալիս շուրջը պար էր բռնում մահը: Մոտ-մոտ էր անում, հեռանում էր, ավելի էր մոտենում, նորից էր հեռանում… ու դա շարունակվեց այնքան, մինչև սովորեցի նրա ներկայությանը: Դրանից հետո նա հեռացավ` իր փոխարեն թողնելով ցավը:

Այս ընթացքում Տիրուհին վերարկուի վրայից վիրակապում է նրան:

Կանգնելը, քայլելը, վազելը դարձել էր ցնորք: Ես, որ մի շնչով էի բարձրանում հարկերով, ընթացքից թռչում էի մեքենայի մեջ կամ պարում էի ինքնամոռաց, կրքոտ, ինչպես կարող է պարել մեքսիկուհին…

Կրակոտ երաժշտության տակ նա մարիոնետի նման փորձում է պարել: Հուսահատված` քարանում է: Երաժշտությունը լռում է:

Մարմինս կապանքների մեջ էր, ես` մահվան եզրին, բայց ոնց էի ուզում սիրվել… մարմինս տենչում էր, տոչորվում էր ցանկությունից… Այդ գիշերներն ինձ հասկացրին, որ ամենակրքոտ ցանկությունն արթնանում է մահվան մոտիկությունից, ու ես ինձ հետ պայման կապեցի, որ եթե ապաքինվեմ` վայելելու եմ կյանքն ու կիրքը ցմրուր: 

Այդ ժամանակ էլ առաջին անգամ լրջորեն մտածեցի նկարելու մասին: Ուրիշ ելք չունեի: Ցավիս հետ էլ պայման կապեցի. նկարելու պահին նա մի կողմ էր քաշվելու, փոխարենը հետո կրկնակի պիտի տանջեր: 

Ես դեռ չգիտեի, որ կյանքիս մնացած օրերը պիտի լինեին անիծված սեպտեմբերի 17-ի շարունակությունը: Բայց արդեն գիտեի, որ ցավին չեմ կարող ոչնչացնել: Ես նրան պիտի հաղթեի նկարելով:

Մենախոսության ավարտը

ՖՐԻԴԱ — (վերադառնալով Տիրուհու մոտ): Այնպես որ, դեռ հարց է, թե ով է ճակատագրի երեսառածը: Ի՞նչ իմանաս, եթե ցավը չլիներ, կլինեի՞ն իմ նկարները:

ՏԻՐՈՒՀԻ — Ա°յ, հիմա իրոք անկեղծ ես: Որովհետև դու ամեն ինչ ու ամենքին օգտագործել ես քո նկարչության համար: Օգտագործել ես սառնասիրտ, հաշվենկատ, բայց… կրքոտ, ինքնամոռացումով: Ու քանի որ սահմանդ անսահմանն էր` ավելի հաճախ խառնել-շփոթել ես, չես իմացել` օգտագործո՞ւմ ես ամենքին, թե՞ ամենքն են օգտագործում քեզ…

ՖՐԻԴԱ — Վերջապե°ս խելքը գլխին բան ասացիր` օգտագործողը կրկնակի է օգտագործվում: (Ասես նոր տեսնելով վրայի վիրակապերը, նյարդային:) Էս ի±նչ ես կապկպել, քանդիր, շուտ… մենախոսության տեսարանն ավարտվեց, խոստովանությունս էլ` հետը: (Վրայից շպրտում է վերարկուն:)

ՏԻՐՈՒՀԻ — Աստվա°ծ խոստովանություն համարի:

ՖՐԻԴԱ — Չէ, ինչի՞… վատ չստացվեց: Հագուստիդ վերջին լաթը վրայիցդ ցած գցելու պես մի բան էր: Դե, ի՞նչ ես քաշքշում, արձակիր կապերը… ո~նց էլ հասցրիր մթան մեջ… Անցած օրերս հիշեցրիր: (Վերջին վիրակապից ազատվելով` հաճույքով ճմլկոտում է:) Նույն հաճույքն էր, երբ վերգտա պարզապես քայլելու, պարզապես ապրելու ուրախությունը: (Ասես իմիջիայլոց, բայց պիտի զգացվի, որ լավ էլ խոցված է:) Հա, մետաղյա ձողը խաչ քաշեց նաև առաջին սիրուս վրա: 

ՏԻՐՈՒՀԻ — Հիշում եմ, միասին ի~նչ օյին ասես` չէիք բանեցնում: Ի դեպ, կուսությանդ մասին պատմությունը… (Բազմանշանակ:) Ձողից առաջ Ալեխանդրոն չէ՞ր…

ՖՐԻԴԱ — Որ ասում եմ` շան քա±ծ… (Անսպասելի չարությամբ:) Չփորձե°ս քիթդ խոթել իմ պատմությունների մեջ: (Ու միանգամից անցնելով նախկին տոնին:) Ծնողները նրան «աքսորեցին» Եվրոպա: Նրանք լա~վ գիտեին, որ սիրո ամենամեծ թշնամին տարածությունն է: (Տոնը փոխելով:) Ճիշտ ես անում, որ գրասենյակային առնետիդ փեշիցդ հեռու չես թողնում:

ՏԻՐՈՒՀԻ — Դու քո դարդը լաց:

ՖՐԻԴԱ — Լամ: Հասուն օրիորդ` հաշմանդամ, առանց լուրջ կրթության, առանց սիրեկանի… հեչ վատ չէր, գիտե՞ս:

ՏԻՐՈՒՀԻ — Ու էդքանից հետո փորձեցիր ոտքի կանգնել` հաշմանդամ ոտքդ քարշ տալով:

ՖՐԻԴԱ — Ջահել էի, ջահե~լ… Դրա համար էլ կարող էի ողնաշարս կորսետի մեջ դրած, ոտքս քարշ տալով պարել:

Ֆրիդան շպրտում է վերարկուն, գլխաշորը: Վառ, մեքսիկական ազգային զգեստով է: Պարում է: Հայտնվում է Դիեգոն: Կանգնած նայում է Ֆրիդային: Տիրուհին ուզում է նրան մոտենալ, բայց ոչ բարևելու, Դիեգոն հայացքով ու ձեռքի շարժումով ստիպում է նրան անշարժանալ: Տիրուհին անզոր չարությունից շուրթերն է կծոտում: Հերթական պտույտից հետո Ֆրիդան հայտնվում է Դիեգոյի գրկում: Լռություն: Տաք գրկախառնությունից հետո Ֆրիդան կտրուկ իրենից վանում է Դիեգոյին:

ԴԻԵԳՈ — (հմայող դոնժուանյան շեշտով): Տղամարդը իր էությամբ վայրենի է: Նա այսօր էլ վայրենի է: Պատմությունը ցույց է տալիս, որ առաջընթացը իրականացնում են կանայք: Տղամարդիկ նախընտրում են մնալ կռվող ու որս անող ապուշներ: Իսկ կինը, իր տունն ստեղծելով…

ՏԻՐՈՒՀԻ — (ընդհատելով, կծու` Ֆրիդային): Այ, էս տեսակ խոսքերով հմայված` կանայք հերթ էին կանգնում բնորդի պատվանդանին կանգնելու, իսկ հետո` նրա անկողնում պառկելու համար:

ՖՐԻԴԱ — (ցինիկ): Կամ հակառակը` նախ անկողին, հետո` բնորդի պատվանդան:

ԴԻԵԳՈ — (Ֆրիդային): Բայց ո°չ քո դեպքում:

ՏԻՐՈՒՀԻ — Նա քո իմացած քածերից չէր: Նա եկել էր Ուսուցչի մոտ… մաե°ստրո: Խորհուրդ հարցնելու էր եկել: Հետո՞ ինչ, որ խելքդ էլ հետը կերավ: (Չարախինդ:) Բայց լա~վ քեզ ֆռռացրեց երեկվա լակոտը…

ԴԻԵԳՈ — (բարեհոգի): Շան քած… դե, դե, հանգիստ… (Մատնացույց անելով Ֆրիդային:) Նրա սիրած բառն եմ կրկնում: Հեչ բնավորությունդ չես փոխել:

ՏԻՐՈՒՀԻ — Որովհետև ձեր ցեղը լավ եմ ճանաչում: Ու քեզ էլ լավ գիտեմ: Բայց եթե հիմի դժոխքում չես… Ի դեպ, դժոխքում չես, էնպես չէ՞…

ԴԻԵԳՈ — Նայած` դժոխք ասելով` ի°նչ ես հասկանում:

ՏԻՐՈՒՀԻ — Նույն փչանն ես մնացել: Մի խոսքով, որտեղ որ ես, էդ տեղի համար պարտական ես…

ԴԻԵԳՒ — (իբր վախեցած ընդհատելով): Միայն չասես, որ Ֆրիդային եմ պարտական:

ՏԻՐՈՒՀԻ — Էդքան տափա՞կն եմ… Պարտական ես քեզ, որ իմ կաղլիկի համար եղար այն, ինչ որ եղար: 

Ֆրիդայի ու Դիեգոյի երկխոսությունը

ՖՐԻԴԱ — Իմ կյանքում երկու ծանր դժբախտություն ապրեցի: Առաջին անգամ ընկա ավտոբուսի տակ, երկրորդ անգամ` Դիեգոյի… տակ:

ԴԻԵԳՈ — Իմ կյանքում ամենակարևոր իրադարձությունը եղել է Ֆրիդան:

ՏԻՐՈՒՀԻ — (դահլիճին): Ֆրիդան նրան այնպես էր վերաբերվում, ասես իր սիրելի շունը լիներ: Դիեգոն նրան այնպես էր վերաբերվում, ասես իր սիրելի առարկան լիներ:

ԴԻԵԳՈ — Եթե սիրում էի կնոջը, ինչքան շատ էի սիրում, այնքան շատ էի ուզում նրան տանջել: Իմ բնավորության այդ զզվելի գծի ամենաակնհայտ զոհը Ֆրիդան է: 

ՖՐԻԴԱ — Դիեգո — սկիզբ

Դիեգո — շինարար

Դիեգո — իմ երեխան

Դիեգո — իմ սիրեկանը

Դիեգո — գեղանկարիչ

Դիեգո — իմ ցանկալին

Դիեգո — իմ ամուսինը

Դիեգո — իմ ընկերը

Դիեգո — իմ մայրը

Դիեգո — ես

Ինչո՞ւ եմ ասում «իմ Դիեգո»: Դու երբեք չես եղել ու չես լինի իմը: Դու պատկանում ես միայն ինքդ քեզ:

ԴԻԵԳՈ — (ծոցագրպանից հանում է ճմռթված ծրար, միջից հանում է նամակ, կարդում է): Առանց քեզ շատ տխուր է այստեղ: Ես էլ քեզ պես չեմ կարողանում քնել… Չգիտեմ` ինչ անեմ, երբ չեմ կարող քեզ տեսնել: Ես համոզված եմ, ոչ մի ծնող այդպես չի սիրել, ինչպես ես եմ սիրում փոքրիկիս: Բայց միայն հիմա, երբ լքեց ինձ, ես հասկացա, թե որքան ուժգին եմ սիրում նրան: Նա հիմա գիտի, որ ավելին է, քան իմ կյանքը, հիմա ես գիտեմ, որովհետև կյանքն առանց նրա երկու ընկույզի արժեք չունի: 

Ֆրիդայի ու Դիեգոյի երկխոսության ավարտը

ՏԻՐՈՒՀԻ — (ծաղրով): Հիմա լաց կլինեմ` հոնգուր-հոնգուր, սրտակեղեք, հեծկլտալով… Ո~նց էլ վրա եք տալիս` տեղը տեղին, սիրուն բառերով, լալահառաչ… Այ, հենց էդպես էլ ստեղծեցիք ձեր սիրո հեքիաթը: Իսկ դա սեր չէր: 

ՖՐԻԴԱ — Ի~նչ էլ համոզված է ասում:

ԴԻԵԳՈ — Գուցե ասե՞ս` ինչ էր, վերջապես:

ՏԻՐՈՒՀԻ — Առյուծների մենամարտ էր: Երբ երկուսն էլ գիտեն, որ դիմացինը առյուծ է: Միա°յն իրեն արժանի առյուծ:

ԴԻԵԳՈ — (Ֆրիդային` մատնացույց անելով Տիրուհուն): Մոռանում է, որ դիմացինը հիվանդ, հաշմանդամ, ցանկասեր դժբախտ էգ է:

ՖՐԻԴԱ — (Դիեգոյին` մատնացույց անելով Տիրուհուն): Մոռանում է, որ դիմացինը եսասեր, շատակեր, կնամոլ դժբախտ արու է:

ՏԻՐՈՒՀԻ — Երկուսդ էլ շա°տ ապրեք: Քանի տարի է` չեք ապրում, բայց էլի ձեն-ձենի տված ձեր սարքովի կյանքի պատմությունն եք անում:

ՖՐԻԴԱ — (ավելի ուշադիր զննելով Տիրուհուն): Լսիր, դու ո՞վ ես:

ՏԻՐՈՒՀԻ — Այս կասկածելի հաստատության տիրուհին:

ՖՐԻԴԱ — (Դիեգոյին): Հա՞ որ…

ԴԻԵԳՈ — (հայացքը փախցնելով, խուսափուկ): Երբ ներս մտա, ոնց որ ինքը լիներ, բայց հիմա… 

ՖՐԻԴԱ — (գրպանից հանում է գունեղ գլխաշոր, Տիրուհու գլխի վրա յուրատիպ ձևով կապում է, թեև նա փորձում է խույս տալ:) Ձևեր մի թափիր, անիմաստ է…  

ՏԻՐՈՒՀԻ — Քեզ ի՞նչ եղավ… Հանգիստ թող ինձ…

ՖՐԻԴԱ — (գլխաշորը կապելուց հետո դուրս է թողնում նրա մազափունջը, գոհունակ): Դե, բարով տեսանք, սիրելի քույրիկս: 

ՏԻՐՈՒՀԻ — Եթե հալովդ մնալ չես ուզում… հիմա… (Կերպափոխվելով Քրիստինայի` դիմադարձում է:) Դատելով դեմքիդ թթու արտահայտությունից` ուրախ ես հանդիպման համար, ու աչքերդ դեռ հիշում են:

ՖՐԻԴԱ — (կասկածելի քաղցրությամբ): Դիեգո, չե՞ս ուզում բարևել իմ քրոջը…

ԴԻԵԳՈ — (մարտահրավերն ընդունելով): Հաճույքով…

ՖՐԻԴԱ — (կոպիտ ընդհատելով): Դիեգո, սիրելիս, չե՞ս ուզում բարևել քո սիրուհուն:

ՔՐԻՍՏԻՆԱ — (հիստերիկ): Նորի՞ց այդ մղձավանջը… ինչո՞ւ ես եկել… Նորմալ մարդիկ մեռնում-գնում են, հետքներն էլ չի մնում: Շատ-շատ` մի բարի հիշատակ են թողնում ու չեն թունավորում ապրողների կյանքը: 

ԴԻԵԳՈ — (մելանխոլիկ): Դու մոռանում ես, որ գործ ունես Ֆրիդայի հետ:

ՔՐԻՍՏԻՆԱ — (Դիեգոյին): Իսկ դու նույնիսկ մեռած` շարունակում ես հիանալ նրանով, նրա խելքով, տաղանդով, անգամ` ցավով: Իսկ իմ ցա՞վը… ումի՞ց պատասխան պահանջեմ…

ՖՐԻԴԱ — (իբր անտարբեր): Եվ ո՞վ է խոսում ցավի մասին:

ԴԻԵԳՈ — (նրան համահունչ): Իսկ ո՞վ իրավունք ունի, չէ՞ որ դա քո մենաշնորհն է:

ՖՐԻԴԱ — (պայթում է): Մետաղյա ձողը մարմնիս մի ծայրից մտնելով` մյուսից դուրս եկավ: Ձեր երկուսի համատեղ ձողը մինչև հիմա սրտիս մեջ է:

ՔՐԻՍՏԻՆԱ — (Ֆրիդային` մատնացույց անելով Դիեգոյին): Դու նրան լավ գիտես, գիտես` ինչ օձի լեզու ունի, ինչպես կարող է հմայել… ուրեմն ինձ չմեղադրես: 

ԴԻԵԳՈ — Պարզ չէ՞, որ ձեր քարն իմ բոստանն էր գլորվելու: (Նստում, դատապարտված տեսքով խմում է:) 

ՖՐԻԴԱ — (Քրիստինային, ծանր): Նա չդավաճանել չի կարող: Չի° կարող: Նա կանանց վրայից քաշում-հանում է զգեստ, խելք, էլի ինչ-որ զիզի-պիզիներ, տակը թողնում է մերկությունը, որը պետք է գցել հատակին ու… Իսկ դո՞ւ… ինչպե՞ս թույլ տվեցիր, որ մերկությանդ տեր դառնա այս դոդոշը, այն էլ` հատակին… Ամենասիրելի քույրիկս, միակը, ում վստահում էի, եզակին, ումով հիանում էի: Միայն չասես` կարճ հրապուրանք էր: (Դիեգոյին.) Ինչքա՞ն տևեց ձեր… (Տեսնելով, որ նա ուզում է պատասխանել` չի թողնում: Քաղցր թույնով:) Կարող ես չպատասխանել, սիրելիս: Դու կարող ես անպատասխան թողնել բոլորի ու բոլոր տեսակի հարցերը: Մի° մոռանա, որ դու Դիեգոն ես: Թանկագին իմ դոդոշը:

ՔՐԻՍՏԻՆԱ — Իսկ ե՞ս ինչ անեմ, որ ինձ հարց չտաս, որ ինձ հանգիստ թողնես:

ՖՐԻԴԱ — Իսկ ո՞վ ասաց, որ քեզ հանգիստ չեմ թողել: Ես չկա°մ: Մի° մոռանա: Դա քո խիղճն է, որ անքնությամբ է տառապում:

Քրիստինան ուժահատ փլվում է հատակին:

Դու ջարդեցիր իմ սիրտը, բայց կարողացար հարմարվող տանտիկնոջից ինձ վերածել բարդ, շա~տ բարդ կնոջ, ով արդեն չէր ուզում հռչակավոր ամուսնու լրացումը լինել: Քույրի~կս, ամլիկ գառնո~ւկս, ում գայթակղեց այս հսկա դոդոշը, ի°մ սիրելի դոդոշը… վերջապես իմացիր, որ ես շնորհակալ եմ… նույնիսկ պարտական եմ քեզ:

ՔՐԻՍՏԻՆԱ — Մի ժամանակ ի~նչ բարի, վեհանձն սիրտ ունեիր:

ՖՐԻԴԱ — Հիմա էլ ունեմ: Հենց նոր ասածս վեհանձն սրտիս վկայությունն է: Հասկանո՞ւմ ես, երբ դավաճանում են ամենամտերիմներդ, քեզ մնում է միայն դառնալ կամ գոնե ձևացնել, որ դարձել ես ինքնուրույն: Անկախ: Ան-կան-խա-տե-սե-լիիիի…

ՔՐԻՍՏԻՆԱ — Ինչո՞ւ ես այդքան ատում ինձ…

ՖՐԻԴԱ — (ծնկում է նրա կողքին): Ինձ նայիր… լսիր` ինչ եմ ասում` դու օգնեցիր, որ ազատվեմ նրա փառքի թերմացքը լպստելուց: Ճիշտ է, մետաղյա ձողին գումարվեց ձեր մատնությունը, բայց այդ երկուսի խառնուրդը ես ավելացրի ներկերիս մեջ: Կինը պարտվեց, բայց նկարիչը հաղթեց: Այնպես որ, հերիք է հատակը մաքրես, վեր կաց… Ու հիշիր` ես քեզ ներել էի մեր հաշտվելուց դեռ շատ առաջ: (Օգնում է բարձրանալ: Քրիստինան շնորհակալությամբ այն է` ինչ-որ բան է ասելու` ձեռքի վեհերոտ շարժումի հետ, Ֆրիդան չոր կտրում է:) Բայց կասկածում եմ, որ քեզ հետ նա լրիվ է լիցքաթափվել: (Քրիստինան հարված ստացածի պես ընկրկում է:) Ի՞նչ կասես, Դիեգո, կարողացե՞լ է քեզ կշտացնել… գոնե մի քանի ժամ: 

ԴԻԵԳՈ — Ո~ւշքս գնում է, երբ իրար եք գզում ինձ համար:

ՔՐԻՍՏԻՆԱ — Հրեշ եք… երկուսդ էլ… ու ո~նց եք գտել իրար: Դրա համար էլ քսանհինգ տարի իրար կերաք, բզկտեցիք, բաժանվեցիք, միացաք, բայց իրարից ազատվել չկարողացաք: (Քաղցր թույնով:) Սիրելի քույրիկս, միայն չհամոզես, որ Դիեգոյի կողքին ուրիշ տղամարդու շալվարի կոճակները չես քանդել:

ՖՐԻԴԱ — (սուսերամարտի շարժում անելով): Տուշե: Դուրըս եկար… վերջապես: Այդպես շարունակես` կհարգեմ:

ՔՐԻՍՏԻՆԱ — (կարծես չլսելով նրան): Քո խոսքերն են, չէ՞… (Նմանակելով:) Իմ ուզած կյանքը. «Սեր անել, լոգանք ընդունել, սեր անել»: 

ԴԻԵԳՈ — Ի°նչ է, հերթականությունը սխա՞լ է:

ՔՐԻՍՏԻՆԱ — Սխալ չէր լինի, եթե միայն քեզ նկատի ունենար:

ԴԻԵԳՈ — Աղջիկներ, այս խոսակցությունը սկսում է ինձ դուր չգալ:

ՔՐԻՍՏԻՆԱ — Սսկվի°ր: Ի դեպ, դու ինձ կարող էիր սսկվեցնել միայն սեքսի պահին, մոռացե՞լ ես:

ՖՐԻԴԱ — Էլի տուշե: Առաջադիմում ես, քույրիկս:

ՔՐԻՍՏԻՆԱ — Քո կողքին անհնար է պահպանողական մնալ:

ՖՐԻԴԱ — Իսկ ես երբեք չեմ թաքցրել: (Դիեգոյին.) Գիտեմ, դոդոշս, որ ասածս սրտովդ չի լինելու, բայց… Տղամարդկանց արհամարհելու միակ միջոցը… Քրիստի, ոնց ասի՞ր… հա, նրանց շալվարի կոճակները քանդելն է: Ես բավական շատ տղամարդկանց եմ… արհամարհել: Բայց` արհամարհել եմ սիրելով, որքան էլ ասածս ձեզ զարմացնի: Դիեգո, դու լավ գիտես` իմ սերն ով է: 

ԴԻԵԳՈ — Սերդ ես եմ: Սիրեկաններդ` ուրիշները: Ու դա սրտովս չէ: Նույնն է, թե ատամիս խոզանակն են բանեցրել:

ՔՐԻՍՏԻՆԱ — (հարձակվում է նրա վրա): Ինչպե՞ս ես համարձակվում…

ԴԻԵԳՈ — (ասես երեխայի է բացատրում): Ճստիկս, Ֆրիդան միայն կինս չէ: Միայն նկարիչ չէ: Միայն հեղափոխական չէ: Միայն սրտակեր չէ: Միայն հաշմանդամ չէ: Միայն արկածախնդիր չէ: Միայն անկրկնելի չէ… Դրա համար էլ ե°ս եմ նրան ասել. «Վերցրու կյանքից այն ամենը, ինչ նա տալիս է քեզ, ու տվածը ինչ էլ լինի` հետաքրքիր է ու կարող է քեզ որոշ հաճույք պատճառել: Եթե ուզում ես իսկապես ուրախություն պատճառել ինձ, իմացիր, որ չկա ավելի մեծ հաճույք, քան իմանալ, որ դու գոհ ես: Դու արժանի ես այդ ամենին, իմ փոքրիկ: Ես չեմ փնովում նրանց, ովքեր դուր են գալիս Ֆրիդային, որովհետև ամեն ինչից ու ամենքից ավելի նա ի°մ դուրն է գալիս»:

ՔՐԻՍՏԻՆԱ — Չգիտեմ` սո՞ւրբ եք, թե՞ սատանա…

ԴԻԵԳՈ — Էդ երկուսի տարբերությունը մեծ չէ: 

ՖՐԻԴԱ — (Քրիստինային` խաղացկուն): Փորձեմ օգնել, որ կողմնորոշվես: Սիրեկաններիցս մեկը… Դիեգո, դու նրան լավ գիտես: Ուրեմն, նա բնակարան վարձեց մեր գաղտնի հանդիպումների համար: Նույնիսկ կահույք պատվիրեց` սիրտը կոմֆորտ էր ուզում: Բայց… սխալվել, իմ անունով էր պատվիրել: Ֆիրման էլ կահույքը ուղի~ղ մեր տուն էր տարել: Այդ փոքրիկ թյուրիմացությունը վերջ դրեց մեր կապին. հասկանո±ւմ ես, Քրիստի, ջահելը շա~տ նրբանկատ էր:

ՔՐԻՍՏԻՆԱ — Ցինիկ ես, բախտավոր քույրիկս:

ՖՐԻԴԱ — Ոչ ավելի, քան մարդիկ, դժբախտ քույրիկս: (Գրկում են իրար:)

ԴԻԵԳՈ — (ասես ինքն իրեն): Եղել է` կատաղել եմ, սիրեկաններիցդ մի երկուսի վրա ատրճանակ եմ քաշել… Հա, տղամարդկանց խանդել եմ: Բայց շատ հանգիստ եմ ընդունել կանանց ներկայությունը… քո անկողնում: Մտածել եմ, որ դա կօգնի նկարելուդ: Լա°վ նկարելուդ: 

ՖՐԻԴԱ — (մեղմ շոյում է քրոջը, խնամքով ուղղում-կոկում գլխաշորը, բայց հայացքը Դիեգոյի վրա է): Հա, դու ինձ հասկացրիր, որ կարևորը արվեստն ու կյանքը համատեղելն է: Հասկացրիր անձնական օրինակով, հոգիս մորթելով, հպարտությունս ոտնատակ անելով… Հասկացնելով` օգնեցիր, որ նկարեմ: Ասենք` քո հերթական «օգնությունից» հետո խուզում եմ մազերս, նստում, ինքնադիմանկարս եմ անում: Լավ գործ է ստացվում` սև, քեզ այնքան սիրելի գանգուրներս հատակին շաղ տված… 

ԴԻԵԳՈ — Արածս ի՞նչ մի բան է եղել… ընդամենը մի քանի քերծվածք, էն էլ` հոգուդ վրա:

ՖՐԻԴԱ — Շա~տ կուզեիր, որ միայն հոգուս վրա լինեին: Տվածդ քերծվածքները կտավներիս էի փոխանցում: Միայն այդպես կարող էի հախիցդ գալ:

ԴԻԵԳՈ — (ծուլորեն): Ու դրանից ավելի էի ոգևորվում, մտածում էի` էլ ո՞նց ստորացնեմ, որ ավելի լավ նկարես…

ՔՐԻՍՏԻՆԱ — (դուրս պրծնելով Ֆրիդայի գրկից): Երկուսդ էլ հրե°շ եք: Ձեզ կապողը հիվանդությունն է: Ու էդ հիվանդության անունը գրողի տարած ձեր նկարչությունն է: (Շպրտում է գլխաշորը, վերածվում Տիրուհու:) Իրոք որ` մղձավանջ էր… ուֆֆ, առանց տեկիլայի ուշքի չեմ գա: (Բաժակները լցնելով:) Կարծում եմ` չեք հրաժարվի:

ՖՐԻԴԱ — Ես որ` չէ: Տեկիլան բթացնում է մարմնի ցավը, հոգու տառապանքը, բայց արթնացնում է հիշողությունը: Առաջին վիժումից հետո, հիվանդանոցում, պահանջեցի բժշկական տեղեկագրեր… հիշո՞ւմ ես, Դիեգո…

ԴԻԵԳՈ — Ապուշները չէին տալիս, չէին հասկանում` ինչի՞դ են պետք…

ՖՐԻԴԱ — Իսկ ինձ շա~տ էին պետք… ես նկարում էի իմ մեռած պտուղը, արնածոր արգանդը, քառատված հոգին, իսկ այդ ընթացքում սպիրտի հոտը կպել-բաց չէր թողնում ինձ… (Օրորվում է: Առաջին անգամ խեղճանում է:)

Դիեգոն ու Տիրուհին երկու կողմից արագ հասնում, հոգածու նստեցնում են: Ֆրիդան երկուսին էլ վանում է, բարձրանում, գալիս է բեմառաջ:

Ֆրիդայի երկրորդ մենախոսությունը

ԿՅԱՆՔ

Երեք մարդ եմ սպանել: Իմ երեք երեխաներին: Ես ուզում էի փոքրիկ, ճղճղան դիեգոներ ունենալ: Երբ քո ներսում հարմար տեղավորվում է քո տղամարդը, տեղ է բացվում նաև նրա սերմի համար: Ես ձևացնում էի, որ մոռացել եմ մետաղյա ձողի մասին: Այնինչ, պարզվեց, որ իմ մարմնում ամենահիմնական տեղը զբաղեցրել էր նա:

Եվ այսպես` ցավիս (է~խ, դու, հիմա°ր ձող) ու վիրավորանքիս (ականջդ կանչի, քույրի°կս) գումարվեց դառնությունը (Աստված, իրոք որ անքննելի են գործերը քո): Այդքանից հետո պիտի ապրեի: Ապրել ուզում էի… Իսկ ապրելու համար պիտի նկարեի: 

Այն պահից, երբ հասկացա ինձ ու մինչև վերջին օրս, ես ճանաչել եմ ինձ, Մեքսիկան ու Դիեգոյին: Դրա համար էլ ոչ մի անգամ ժպիտով չեմ նկարել ինձ, դրա համար էլ ամեն անգամ Մեքսիկան կա իմ նկարներում, դրա համար էլ եթե Դիեգոն չկա կտավում` այնտեղ է նրա ներկայությունը, ծայրահեղ դեպքում` ատելության հասնող սերս նրա նկատմամբ: Այո~, այսքանից հետո ապրել, այն էլ կենսուրախ, ժիր, հումորով: Որովհետև ինձ շրջապատող մարդիկ վաղուց էին համոզվել, որ եթե գալիս են մխիթարելու` մխիթարված պիտի գնան: Եթե գալիս են խնամելու` ապաքինված պիտի գնան: Ամենակարևորը` հուսավառված պիտի գնան, որովհետև ինչ վիճակում էլ որ լինեն` համեմատվելով ինձ հետ, իրենց առնվազն Աստծո սիրելի պիտի համարեն, իրենց երջանիկ պիտի զգան` տեսնելով ինձ ու իմ կռիվը հուսահատության դեմ: Իսկ ես ապաքինվելու հույս չունեի, հուսավառվելու պատճառ չունեի, մխիթարության կարիք չունեի: Աստված ինձ թողել էր միայն նկարելու բերկրանքը… կամ էլ մի բան, որի անունը մինչև այսօր չգտա: 

Ֆրիդայի երկրորդ մենախոսության ավարտը

ԴԻԵԳՈ — Այ, դա է քո ուժը: Նկատի ունեմ սուբլիմացիան: Քեզ մոտ գժվելու չափ լավ էր ստացվում: Այնքան լավ, որ երբ հասունացանք ամուսնալուծության համար, արդարացա. մենակ մնաս` ավելի լավ կնկարես:

ՏԻՐՈՒՀԻ — Արդարանալու բա~ն գտար… սուբլիմատոր:

ԴԻԵԳՈ — Թե իմանամ չարանալուդ պատճառը…

ՏԻՐՈՒՀԻ — Դու նրան մենակ թողեցիր:

ԴԻԵԳՈ — Զզվեցրել էր: Կամ` հոգնեցրել: Չգիտեմ, ինչ բառ կուզես` օգտագործիր: Բայց ես երբեք հավատարիմ ամուսին չեմ եղել… անգամ Ֆրիդայի հետ: Հատկապես Ֆրիդայի հետ: (Մոտենում է Ֆրիդային:) Ես քեզ տառապանք եմ տվել: Հաշիվը կորցրել եմ` ինչքան: Բայց քեզ չափից շատ էի սիրում` նոր տառապանք պատճառելու համար: Ու որպեսզի ազատեմ քեզ դրանից` որոշեցի հեռանալ:

ՖՐԻԴԱ — Ես այդ ժամանակ բուժվում էի… որերորդ անգամ… Կարողացա շատ հանգիստ պատասխանել, որ ամեն ինչի կդիմանամ, միայն թե քեզ չկորցնեմ:

ԴԻԵԳՈ — Մենք տասը տարվա ամուսիններ էինք: Դեռ սիրում էինք իրար: (Աստիճանաբար հեռանում է Ֆրիդայից, այնպես պիտի ոգևորվի, որ անգամ մոռանա նրա ներկայությունը:) Ես ընդամենը ուզում էի ազատ լինել ինձ դուր եկած ցանկացած կնոջ հետ:  Ֆրիդան չէր ընդդիմանում իմ անհավատարմությանը: Բայց չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ ընտրում ինձ անարժան կամ իրենից ցածր կանանց: Դա ընդունում էր որպես անձնական վիրավորանք: (Ավելի ու ավելի ոգևորվելով:) Բայց եթե նա շարունակեր ճնշել, դա չէ՞ր սահմանափակի իմ ազատությունը: Իսկ եթե ես իմ սեփական ախորժակի անառակ զո՞հն էի… Եվ արդյոք մխիթարող սուտ չէ՞ր մտածելը, որ ամուսնալուծությունը վերջ կդնի Ֆրիդայի տառապանքներին: Թե՞ ավելի շատ կտառապեցնի: (Պաթոսով:) Համենայնդեպս, առանձին ապրած այդ երկու տարում նա ստեղծեց իր լավագույն գործերից մի քանիսը` տառապանքը սուբլիմացնելով գեղանկարչության մեջ:

Երկու կանայք կեղծ հանդիսավոր ծափահարում են:

ՏԻՐՈՒՀԻ — (Ֆրիդային): Ու դու սիրել ես սրա՞ն…

ՖՐԻԴԱ — Նրանից բացի` ոչ մեկին չէի կարող սիրել: Այդպե°ս սիրել:

ՏԻՐՈՒՀԻ — (Դիեգոյին): Նրանից հետո գոնե տարի սուգ պահեիր: Իսկ դու ամուսնացար:

ԴԻԵԳՈ — Այդքանը որ ասացիր, մնացածն ինչո՞ւ չես ասում… Նրանից հետո ես սկսեցի ծերանալ:

ՖՐԻԴԱ — Մեռնեմ` չեմ պատկերացնի իմ դոդոշին` ծերացած:

ՏԻՐՈՒՀԻ — (հոգոցով): Խելքս բան չի կտրում:

ԴԻԵԳՈ — Մեր բաժանվելո՞ւց:

ՖՐԻԴԱ — Մեր միանալո°ւց:

ՏԻՐՈՒՀԻ — Հենց միանալուց: (Ֆրիդային.) Դու արդեն անկախ էիր, հասել էիր էն ամենին, ինչի մասին մենք` սովորական կնիկներս, միայն կարող էինք երազել: Ապրում էիր` ինչպես ուզում էիր, բայց չթաքնվելով ու չթաքցնելով: Դու այն թիթեռն էիր, որն իր վրայից քերել էր բոժոժը… Ի՞նչ ես քթիդ տակ ծիծաղում, ուզում եմ ասել`մարդկանց երեսին էիր շպրտում էս սուտ աշխարհի սուտ պայմանականությունները, կեղծ խաղերը: Դու ազատ մարդ էիր, հասկանո՞ւմ ես… Դու կարողացար ստիպել, որ էդ մեծամիտ արուները` Պիկասոյից մինչև լկստված լրագրող, ընդունեն քո առավելությունը: Ազատվելով քո Դիեգոյից, մեզ հույսի շող տվեցիր, որ կարելի է դրանց ցեղը ոտնատակ տալ, լքել, դավաճանել… Ու էդքանից հետո ի՞նչ արիր դու… Երկու տարի էլ չանցած` խելոքացած, էնքա~ն խելոքացած վերադարձար նրա գիրկը, որ պատմության համար ինչ-որ մարդիկ պիտի գրեին. «Երբ հանգավ դառնության բոցը, Ֆրիդան հասկացավ, որ սիրում է Դիեգոյին, ու նա ավելին է, քան իրենց միջև առաջացած պատնեշը»:   

ՖՐԻԴԱ — (ինքնահեգնանքով): Պարզվում է` քեզպեսների համար օրինակ եմ ծառայել, խորհրդանի~շ… (Խուլ ծիծաղում է, հետո կիսաձայն, որ Դիեգոն չլսի:) Քեզպեսները ե՞րբ պիտի հասկանան, որ դրանց ցեղը խելքով ու ուժով որ մեզ չհաղթի` ստոր քածությամբ հաղթել է ու կհաղթի: (Բարձրաձայն, թունավոր շեշտն ուղղած Դիեգոյին:) Բայց ես էլ նույն պատմության համար գրեցի… (Քաղցր թույնով:) «Հիմա ես գիտեմ. այդ բոլոր նամակները, կապերը օրիորդների, անգլերենի ուսուցչուհիների, բնորդուհիների, գնչուհիների, «բարի մտադրություն» ունեցող ասիստենտուհիների, «հեռավոր վայրերից եկած լիազոր ներկայացուցչուհիների» հետ ընդամենը ֆլիրտ է, սիրախաղ, իսկ խորքում ես ու դու սիրում ենք իրար և այդպես անցնում արկածների, դուռն իրար երեսի շրխկացնելու, անեծքների, վիրավորանքների, բողոքների միջով — բայց և այնպես, մենք կսիրենք իրար: Ու չնայած իմ չարացածությանը` ես հասկացա, որ քեզ ավելի եմ սիրում, քան սեփական մաշկս, ու եթե անգամ ինձ այնպես չես սիրում, բայց և այնպես սիրում ես ինչ-որ կերպ: Այդպես չէ՞… Ես միշտ հույս եմ փայփայել, որ այդպես էլ կշարունակվի, ու համաձայն եմ դրան»:

Դիեգոն ու Տիրուհին կեղծ հանդիսավոր ծափահարում են:

ՏԻՐՈՒՀԻ — (Դիեգոյին): Ու դու կարողացել ես դիմանա՞լ սրան…

ԴԻԵԳՈ — Նրանից բացի, ոչ մեկին չէի կարող դիմանալ: Այդպե°ս դիմանալ:

Ֆրիդայի երրորդ մենախոսությունը

ՄԱՀ

Մահ է, երբ Ալեխանդրոյին խնդրում էի մնալ ինձ մոտ, իսկ նա փախչում էր` վախենալով սեր տենչացող մարմնիս անշարժությունից:

Մահ է, երբ խեղված ոտքս թաքցնում էի շալվարի կամ երկարափեշ զգեստի տակ ու դա ներկայացնում որպես ինքնատիպություն: (Հպարտ շեշտով:) Ու, գրո°ղը տանի, դա ինձ հաջողվեց:

Մահ է, երբ Դիեգոն պառկում էր վրաս, իսկ ես նրա մաշկից անծանոթ էգի հոտն էի առնում:

Մահ է, երբ գուրգուրում էի օտարի երեխաներին, իսկ կրծքերս պայթում էին արցունքներիս առատությունից:

Մահ է, երբ մարմինդ թշնամանում է մտքիդ հետ, ու նրանց ժամանակավոր հաշտարարը կամքդ է:

Մահ է, երբ քեզ անդամահատում են, ու դու մնացած օրերդ պիտի ապրես կողոպտվածի նվաստացումով:

Մահ է, երբ սարսափում ես անվերջ գիշերից, իսկ Դիեգոն քեզ մենակ թողած` կրքոտ բառաչում է հերթական քածի վրա:

Մահ է, երբ հերթական տղամարդուն փորձում ես սիրել, հաստատ իմանալով, որ վերջը ատելությունն է կամ նողկանքը: (Հպարտ շեշտով:) Ասվածը չի վերաբերվում միայն… ճիշտ հասկացաք:

Մահ է, երբ եկող-գնացողի առաջ չպիտի ցույց տաս հուսալքությունդ, վախդ, ցավդ… նաև զզվանքդ հենց այդ եկող-գնացողի նկատմամբ… (Շեշտով:) Ավելի լավ է ասել` զզվանք, քան` նախանձ:

Մահ է, երբ երազում ես մահվան մասին ու տենչում ապրել`թեկուզ ցանկություն չառաջացնող մարմնով: (Հպարտ շեշտով:) Հատկապես խղճահարություն առաջացնող մարմնով:

Մահ է, երբ դիվադադար նկարում ես` կյանքից գոնե այդպես վրեժխնդիր լինելու համար:

Մահ է, երբ գիտես, որ նկարելուդ համար քո դժոխային կյանքին ես պարտական:

Այդքանից հետո ի՞նչ մի մեծ բան է մահանալը:

Ֆրիդայի երրորդ մենախոսության ավարտը

Ֆրիդան մոտենում է Դիեգոյին ու Տիրուհուն: Նրանք շարունակում են խոսակցությունը` ասես չնկատելով Ֆրիդային:

ԴԻԵԳՈ — …Նարցիսի տիպիկ օրինակ` ինքնադիմանկար անելու համար խելքն իրենը չէր: Երկու նկարից մեկը ինքնադիմանկար էր:

ՏԻՐՈՒՀԻ — Փակի°ր բերանդ: Նրա ինքնադիմանկարների առաջ աղոթել եմ ուզում… վերջերս եմ դա զգացել:

ԴԻԵԳՈ — Լուսանկարվելու համար էլ խելքը գնում էր: Կարո՞ղ է, դրանց առաջ էլ ուզենաս աղոթել:

ՏԻՐՈՒՀԻ — Չէ, լացս է գալիս` լուսանկարներում էնքան ինքնավստահ է, ուժեղ… Քիչ է մնում` հավատացնի, որ ինքնավստահ է, ուժեղ… 

ԴԻԵԳՈ — Դե, հիմա պատկերացրու իմ կյանքը էդ ինքնադիմանկարների ու լուսանկարների արանքում, դիմացս էլ` բնօրինակը:

ՏԻՐՈՒՀԻ — Դու ես, որ դիմացել ես… եթե դիմացել ես:

ԴԻԵԳՈ — Չեմ դիմացել, դրա համար էլ տառապանք եմ տվել… ու ո~նց եմ դաղել:

ՏԻՐՈՒՀԻ — Խելքս բան չի կտրում…

ՖՐԻԴԱ — (մոտենալով, Տիրուհուն): Նորից չասես «խելքս բան չի կտրում»: Չկտրեր` ինչ էիր կորցրել այստեղ… Տուն, երեխա, վերջապես, գրասենյակային առնետիդ թողած` գալիս-վեր ես ընկնում էս լքված գինետանը, որովհետև լավ գիտես, որ գալու եմ…

ԴԻԵԳՈ — Գալո°ւ ենք: 

ՖՐԻԴԱ — Ու քիչ առաջվա ասածներդ էլ պատմության համար պահիր, հատկապես աղոթելու պահը: (Այլ տոնով:) Մեր կյանքը երկուսիս արժանի մի բան էր… որն ավելի ու ավելի էր նմանվում մեզ:

ԴԻԵԳՈ — (Տիրուհուն` մտերմաբար, մատնացույց անելով Ֆրիդային): Նրանից բացի, ոչ մեկն այդպիսի շանորդության ընդունակ չէր:

ՖՐԻԴԱ — Ուրիշ հնար չունեի: Մենք անցել էինք ամեն մի սահման, դավաճանում էինք` առանց խղճի խայթի, առանց իրար խնայելու… Կինն ու տղամարդը մեր մեջ կռվել ու պարտվել էին. նման դեպքում ուրիշները բաժանվում են վերջնականապես: Բայց ո~չ մենք: Հա°, մեր միջի կինն ու տղամարդը սպառել ու սպառվել էին, բայց նկարիչը… Մե~ր միջի նկարիչը մեզ սիամական երկվորյակ էր դարձրել` մեկիս հեռանալը երկուսիս մահը կլիներ: Այդ խելագարությունը մեկ լուծում ուներ, միայն այդպես կարող էինք ապրել կողք-կողքի, փորձել հանգիստ ծերանալ, խաղաղվել հոգով ու…

ՏԻՐՈՒՀԻ — (պայթում է): Վե°րջ տուր աղունիկային ղունղունոցիդ: Էլի ի±նչ սատանայություն ես հնարել:

ԴԻԵԳՈ — (իբր նրա ականջին շշնջալով): Նա պահանջեց, որ միանալուց հետո իրար հետ չպառկենք, իրար չսիրենք, իրար հետ չքնենք, իրար հետ սեքսով չզբաղվենք, իրար հետ…

ՏԻՐՈՒՀԻ — Վերջացրո°ւ: 

ԴԻԵԳՈ — Ու խոսքի տերը եղավ, պատկերացնո±ւմ ես… Հիմա եմ հասկանում` ինչու: Միայն էդպես կարող էր կողքին պահել:

ՏԻՐՈՒՀԻ — Գոնե մի° անգամ խնայիր նրան:

ՖՐԻԴԱ — (Տիրուհուն): Քո պաշտպանության կարիքը չունեմ:

ԴԻԵԳՈ — Նա ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի:

ՖՐԻԴԱ — Այո, սիրելիս, որովհետև մենք փայլուն խաղացինք «Քեզ հետ չեմ կարող, առանց քեզ` առավել ևս» կոմեդիան…

ԴԻԵԳՈ — Տրագեդիան…

ՖՐԻԴԱ և ԴԻԵԳՈ — (սրտանց ծիծաղելով): Տրագիկոմեդիան…

Դիեգոն ու Ֆրիդան մոտենում, գրկում են իրար:

ՏԻՐՈՒՀԻ — Ու դեռ ուզում եք, որ խելքս բա՞ն կտրի:

ՖՐԻԴԱ — (Դիեգոյի գրկում` Տիրուհուն): Դեռ ո~ւր ես… Դոդոշս տարին չանցած ամուսնացավ մի… բանի հետ, բայց նրա վերջին ցանկությունը այրվելն էր, որպեսզի գոնե մոխրացած խառնվեր  իմ մոխրին:  

ԴԻԵԳՈ — (Ֆրիդայի գրկում` Տիրուհուն): Բայց աճյունս հանդիսավո~ր կերպով հողին հանձնեցին Փառապանծ անունների ռոտոնդոյում: Ու դա ամենամեծ շանորդությունն էր, որ մարդիկ կարող էին ու արեցին ինձ հետ:

ՖՐԻԴԱ — Երբեք չեմ կասկածել, որ դու հանճարեղ նկարիչ ես:

ԴԻԵԳՈ — Միշտ եմ իմացել, որ դու ինձնից լավ նկարիչ ես:

ՖՐԻԴԱ — Ա~խ, դու իմ գորտ-դոդոշ, իմ կանաչ աչքերով հսկա:

ԴԻԵԳՈ — Իմ աչքերի բալիկ… իմ հիասքանչ փոքրիկ: Իմ կյանքի կյանք: 

Սկսում են պարել: Դանդաղ գնում են դեպի կուլիսները:

ՏԻՐՈՒՀԻ — Սպասեք… (Բացում է փաթեթը` ցուցանակ է: Վրան գրված է. «Այս տանը 1929-1954 թթ. ապրել են Ֆրիդան ու Դիեգոն»:) Ֆրի°դա, կեսօրին էս ցուցանակը կամրացնեմ թանգարան դարձած տանդ պատին: Ու թեև այդ տանը երկուսով շատ քիչ եք ապրել, էլ չեմ ասում` ինչպես եք ապրել, մարդիկ կկարդան գրվածն ու կհավատան ձեր հորինած հեքիաթին:

ՖՐԻԴԱ — Շան քած… կարծում ես` հախիցս եկա՞ր:

ԴԻԵԳՈ — Քո հախից նույնիսկ ես չեկա:

ՖՐԻԴԱ — Բայց խոստովանիր, որ իրար արժանի ենք:

ԴԻԵԳՈ — Ու լավ խաղ խաղացինք սրանց հոգնած, շատ բան տեսած ու այդպես էլ ոչինչ չհասկացած աշխարհի առաջ: (Ծիծաղում են, ինչպես կծիծաղեն ամենահարազատ մարդիկ:)

ՖՐԻԴԱ — (Տիրուհուն): Հեքիաթը ապրողներիդ համար է:

ԴԻԵԳՈ — Մերը կյանք էր:

Տիրուհին կտրուկ մոտենում է նրանց, բայց չի համարձակվում ձեռք տալ, հեռավորության վրա հրաժեշտի գորովով շոյում է նրանց դեմքերը:

ՖՐԻԴԱ — (այլևս չի տեսնում ոչինչ` Դիեգոյից բացի): Գնանք, դոդոշս… Ո~նց եմ կարոտել մարմնիդ հոտին: 

ԴԻԵԳՈ — (այլևս չի տեսնում ոչինչ` Ֆրիդայից բացի): Հիմա էլ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե չհանդիպեինք…

ՖՐԻԴԱ — Գնանք մեր տունը… Սեղանին կդնեմ մրգեր` շատ-շատ, հյութեղ, վառ գույներով… Քո սիրած կերակուրները կեփեմ ու կնայեմ` ինչպես ես խփշտում…

ԴԻԵԳՈ — Հետո կծխենք, սուրճ կխմենք ու կնայենք մայր մտնող արևին, իսկ դու, ինչպես միշտ, նստած կլինես ծնկներիս…

ՏԻՐՈՒՀԻ — (անզոր ցավով): Գնացեք, ռադ եղեք էստեղից… Ու չսպասեք, էլ չեմ գա էս հոտած գինետունը ու չեմ սպասի ձեզ, որովհետև սերն ավելի է հոգնեցնում, քան ատելությունը:

Ֆրիդան ու Դիեգոն դանդաղ պարելով հեռանում են բեմի խորքը:

Ասես սթափվելով ծանր մղձավանջից` Տիրուհին զննում է շուրջը, կարգի է բերում: Ֆրիդայի գլխաշորը, վերարկուն, Դիեգոյի ծխամորճը խնամքով պահում է դարակում, հետո միանգամից, ասես աչքի առաջ ծերանում, ուժասպառ նստում է աթոռին:

ՏԻՐՈՒՀԻ — (ողբասաց կնոջ շեշտով): Նա ապրեց մեռնելով: Իսկ դիակիզվելու ցանկությունը  բացատրեց միայն իրեն հատուկ ինքնահեգնանքով: Հասկանո՞ւմ եք, նա հոգնե~լ էր մեջքին պառկելուց ու սարսափում էր, որ էն աշխարհում էլ պիտի մնա այդ ատելի դիրքով: Նա կարողացավ օրագրի վերջին էջին սև հրեշտակ նկարել ու գրել. «Հուսով եմ, որ հեռացումը ուրախ կլինի և հուսով եմ, որ էլ երբե°ք չեմ վերադառնա…»:

Շնչակտուր ներս է ընկնում Ֆրիդան` մազերը` հերարձակ, կենսասեր, կյանքով լեցուն Ֆրիդան:

ՖՐԻԴԱ — Ոտքս քաշեցի` մեռելալացդ դրեցի՞ր: 

ՏԻՐՈՒՀԻ — (միանգամից զվարթանալով, դրա համար էլ` դժգոհ շեշտով): Չէ, քեզնից փրկություն չկա… (Այլևս ուրախությունը չթաքցնելով:) Բա ասում էիր` չե~ս վերադառնա…

ՖՐԻԴԱ — Չեմ ուզում, որ էս անգամվա մեր հանդիպումն էլ տխուր ավարտ ունենա: Հիշո՞ւմ ես վերջին կտավս… ձմերուկի ալ կարմիր շերտը, ու վրան իմ գիրը` VIVA LA VIDA! (Մոտենում, գրկում է, անկեղծ:) Իմ կյանքը չէի կարող հորինել, եթե չլինեին կտավներս: Ու դրա համար  շնորհակալ եմ կյանքին: Լսո՞ւմ ես, փնթփնթան պառավս, իմ ծուռ ու շիտակ, թույն ու հարգանք պարտադրող կյանքին…

ՏԻՐՈՒՀԻ — Գիտեմ: Հիմա էլ գիտեմ, թե հիմա ինչ ես ուզում: Պարե~լ ես ուզում: Պարել էնպես, ինչպես պարում էր Ֆրիդան, անուղղելի, անկրկնելի Ֆրի~-դա~ն:

Հնչում է կրակոտ երաժշտություն: Ֆրիդան հանում է կոշիկները, շպրտում կուլիսները:

ՖՐԻԴԱ — Վերջապե~ս… վերջապե°ս հասկացար: Միայն հիշիր, խնդրում եմ. օրը չի ավարտվել, օրը դեռ շարունակվում է: Լսո՞ւմ ես` օրը դեռ շարունակվո~ւմ է…

Բարձր երաժշտության տակ ինքնամոռաց պարում է Ֆրիդան: 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։