Արթուր ԷԴԱՐ / ՄԵՐ ՄԵՂՔԸ
Արթուր ԷԴԱՐԻ «ՄԵՐ ՄԵՂՔԸ» տրագիկոմեդիան տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում
Այս պատմությունը ինչ-որ տեղ ինքնակենսագրական է: Սակայն ես այնքան էլ համոզված չեմ՝ եղե՞լ է այն իրականում, թե՞ կլիներ, եթե…
Կարդացե՛ք այն: Գուցե ձեր կյանքո՞ւմ էլ նման մի պատմություն է եղել, կամ կլիներ, եթե…
Արթուր ԷԴԱՐ
ՄԵՐ ՄԵՂՔԸ
Տրագիկոմեդիա
Գործող անձինք
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Գառնիկ Ազատիչ, 73 տարեկան
ՀՐԵՇՏԱԿ
ԱԶԱՏ – հանգուցյալի մեծ որդին, 54 տարեկան
ՍՐԱՊ – հանգուցյալի փոքր որդին, 52 տարեկան
ՆԱԶԻԿ – հանգուցյալի աղջիկը, 50 տարեկան
ՎԱՐԴՈՒՇ — Ազատի կինը, 51 տարեկան
ՀԱՅԿՈՒՇ – Սրապի կինը, 48 տարեկան
ԳԱՌՆԻԿ — Ազատի որդին, 25 տարեկան
ԳԵՎՈՐԳ — Գառնիկի ընկերը, 25 տարեկան
ԱՐԱՄ — Գառնիկի ընկերը, 23 տարեկան
ՎԱՐԴԱՆ – հանգուցյալի հարևանը, 51 տարեկան
ԲԱԳՐԱՏ – հանգուցյալի հարևանը, 86 տարեկան
ՀՈՎԻԿ – հանգուցյալի հարևանը, 50 տարեկան
Առաջին տեսարան
Հյուրասրահում, դագաղի մեջ Գառնիկ Ազատիչի աճյունն է` ոտքերը դեպի ետնավարագույրը, հանդիսատեսը տեսնում է դագաղի մի մասը` գլխի կողմը: Կահույքը ծածկված է սպիտակ սավաններով: Աթոռներ, նստարաններ են շարված: Անկյունում մենակ, գլխիկոր նստած է հանգուցյալը:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – (մտախոհ): Է՜, Գառնիկ Ազատիչ, վերջը դու էլ մեռար: Թե ինչ քաշեցիր վերջին հինգ տարիներին՝ մենակ Աստծուն է հայտնի… Ի՜նչ մարդ էիր ու ի՛նչ դարձար: Կոմունիստների ժամանակ ո՛ր հիմնարկն էիր մտնում` աշխատողների ջանը դող էր ընկնում… Էդ անտեր հիվանդությունը շա՜տ խեղճացրեց քեզ, շա՛տ: Բա դու էդ մա՞րդն էիր, որ հարսներիդ հույսին մնայիր, հա՞: Թե պիտի էդպես ապրեիր, էն է` կաթված խփած օրը մեռնեիր, էլի՛… Չէ՜, ծերությունը հե՛չ լավ բան չէ, հե՛չ… (Անհանգիստ շուրջը նայելով): Էս մեր տնեցիներն ի՞նչ են անում դրսում: Մի ժամ է` դիահերձարանից բերել են, ննջեցյալի կողքը ոչ ոք չկա: Բա դա անելու բա՞ն է: Բա որ հիմա կողմնակի մի մարդ ներս մտնի, չի՞ ասի՝ էս մարդը վրան լացող է՞լ չունի… (Դադար): Մարդ է՞լ չորս էրեխա ունենա ու վրան լացող չլինի… (Նայում է դռան կողմը): Գոնե աղջիկներս հասնեին, հա՛…
Ներս է մտնում հրեշտակը:
Ըհը՛, ի՞նչ ասի: Հիմի աշխարհով մեկ ասելիք-խոսելիք պիտի դարձնեն, թե Գառնիկ Ազատիչի թաղմանը տնեցիներից մենակ ի՛նքն է ներկա եղել…
ՀՐԵՇՏԱԿ – (մոտենալով): Ողորմի Աստված:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ողորմի քո անցավորներին, ախպե՛ր ջան: Նստի…
ՀՐԵՇՏԱԿ — (նստում է): Դուք եք, չէ՞, Գառնիկ Ազատիչը:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Հա՛: (Մատնանշելով դագաղում պառկածին և իրեն): Ավելի ճիշտ` մենք…
ՀՐԵՇՏԱԿ — (թեթև ժպիտով): Գառնիկ Ազատիչը դուք եք, իսկ դագաղում պառկածը ընդամենը ձեր աճյունն է:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Հա՛… (Գոհունակ): Գրագետ մարդ ես երևում: Երևի կոմունիստների ժամանակ հիմնարկի ղեկավար ես աշխատել, հա՞:
ՀՐԵՇՏԱԿ — Անկեղծ որ ասեմ՝ ո՛չ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Դեմքդ, ճիշտն ասած, շատ ծանոթ է թվում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե որտեղի՞ց գիտեմ քեզ:
ՀՐԵՇՏԱԿ — (կատակի տալով): Իսկ որ ես տեսնում ու խոսում եմ ձեզ հետ, չի՞ զարմացնում ձեզ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (անկեղծ զարմանքով): Դա էլ ես ճիշտ ասում, գիտե՞ս… (Չկողմնորոշվելով): Բա դա՞ ոնց հասկանանք…
ՀՐԵՇՏԱԿ – Կարծում եմ` գլխի ընկնելն այնքան էլ դժվար չէ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (քիչ տխրելով): Հասկացա… դու էլ ես նոր մահացել: Ո՞ր թաղից ես…
ՀՐԵՇՏԱԿ – Չկռահեցիք:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ -Բա՞…
ՀՐԵՇՏԱԿ — Ես հրեշտակ եմ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Եկել ես տանելո՞ւ:
ՀՐԵՇՏԱԿ — Ձեզ ուղեկցելու համար եմ եկել:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ուղեկցելո՞ւ… (Ժպտալով): Գրագետ լինելուց բացի շատ քաղաքավարի ու նրբանկատ մարդ ես երևում: Ամբողջ կյանքս ուզեցի քեզ պես խելացի ու շնորհքով աշխատող ունենալ հիմնարկիս մեջ ու… չունեցա:
ՀՐԵՇՏԱԿ – Թույլ տվեք նկատել, որ ես հրեշտակ եմ և ոչ թե` մարդ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Ճիշտ ես: Մարդը չի կարող լինել քեզ պես: Մարդուն հոգի տրված չէ:
ՀՐԵՇՏԱԿ — (լայն ժպիտով): Բա դուք ի՞նչ եք:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Ասենք, դա էլ ճիշտ ես ասում: Բայց իմ ասածն ուրիշ էր: Ես ուզում էի ասել, որ… (Միտքը փոխելով): Լավ, ե՞րբ պիտի շարժվենք:
ՀՐԵՇՏԱԿ – Ուզում եք ասել՝ գնա՞նք:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Հա, ե՞րբ ենք գնալու:
ՀՐԵՇՏԱԿ — Այս պահին:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ո՞նց թե… հիմա՞…
ՀՐԵՇՏԱԿ — Իսկ ի՞նչ կա:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Բա թաղմանը չմասնակցե՞նք:
ՀՐԵՇՏԱԿ — Դա ապրողների համար է:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Դա արդեն չեղավ… մինչև հիմա ինչ որ ասիր՝ լավ ասիր, բայց էս ասածիդ հետ համաձայն չեմ:
ՀՐԵՇՏԱԿ – Ինչո՞ւ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ո՞նց թե` ինչու: Բա մարդ հնարավորություն ունենա տեսնել սեփական թաղումն ու չտեսնի՞: Բա վերջին անգամ չտեսնի՞ հարազատներին, չտեսնի՞, թե խեղճերը ոնց են սգում սիրելի հոր մահը: (Ոգևորվելով): Տո, ինչո՞ւ մենակ հոր… Ջահել ժամանակս քաղաքն իմ անունով էր երդում ուտում: Բա հիմա չտեսնե՞մ էդ պատվի ու հարգանքի արդյունքը:
ՀՐԵՇՏԱԿ – Չեմ կարծում, որ դրա կարիքը կա: Բացի այդ… (Կարկամում է):
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Խոսի, ախպեր ջան, ազատ խոսի, մի՛ քաշվի:
ՀՐԵՇՏԱԿ — (անհամարձակ): Դուք… դե, ինչպե՞ս ասեմ…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Միայն ճիշտն ասա: Ես քեզ կհասկանամ:
ՀՐԵՇՏԱԿ — Դուք վստա՞հ եք, որ…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Որ` ի՞նչ…
ՀՐԵՇՏԱԿ – Որ ձեր մահն իրոք մեծ ցավ կպատճառի ձեր հարազատներին ու ծանոթներին:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (փոքր—ինչ նեղսրտած): Բա դա հարցնելո՞ւ բան էր…
ՀՐԵՇՏԱԿ — Իզուր եք վրդովվում, կաթվածից հետո քանի՛ տարի պառկած սպասել եք, որ նրանցից մեկը այցելի ձեզ ու գոնե մի սփոփիչ բան ասի, ինչ-որ կերպ մխիթարի…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (մտքերի մեջ): Դե՜… մարդ են, էլի՛: Գործի տե՜ր, ընտանիքի տե՜ր…
ՀՐԵՇՏԱԿ — (ցույց տալով դագաղի կողմը): Հապա սա՞…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (նայելով նրա նշած ուղղությամբ): Սապոգնե՞րը… (Մտախոհ): Փոքր հարսս կոշիկներս կողքի հարևանին էր տվել… խեղճ մարդիկ են…
ՀՐԵՇՏԱԿ – Ի՞նչ եք կարծում՝ բարեսրտությունի՞ց դրդված:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Չէ՛… Գիտեմ, որ ամեն ինչ հասկանում ես, դրա համար էլ անկեղծ կլինեմ… Կաթվածից հետո մի պահ ոտքի ելա: Ճիշտ է, ինքս քայլել չէի կարող, օգնություն էր պետք, բայց վստահ էի, որ ժամանակ անց կսկսեմ ինքնուրույն քայլել: Միայն օգնել էր պետք…
ՀՐԵՇՏԱԿ — Ե՞վ…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Հարսներս չդիմացան… Տան մեջ դեռ մի կերպ օգնում էին, բայց տնից դուրս բերելուց սրտները պայթում էր: (Տխուր ժպիտով): Դրա համար էլ հարսս կոշիկներս տվեց հարևանին: Էդպես էլ մնացի պառկած… (Խորը շունչ քաշելով): Դե՜, մեղադրելու չէ… Մեծ աղջիկս ընտանիքով Ռուսաստանում է, փոքրս՝ Ամերիկա: Տղաներս էլ ամբողջ օրը դուրսն են, մի կերպ ապրուստն են հայթայթում: Է՛, հարսին ի՞նչ կա, հարսն օտարի աղջիկ է: Ա՛յ, որ ողորմած կինս լիներ կողքիս, Թամարս, էդպես չէր էղնի: Էն էլ շուտ մահացավ: Դպրոցում էր աշխատում, երկրաշարժին գործի տեղն էլ մնաց խեղճ կինս…
ՀՐԵՇՏԱԿ – Շատ ցավալի է:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Է՜, անցած բան է, եղբայր, ոչինչ հետ բերելու չէ: Ոչի՛նչ…
ՀՐԵՇՏԱԿ — Լավ, բա տղաներդ չասի՞ն` ա՛յ կնանիք, մեր հոր կոշիկներն ինչո՞ւ եք հարևանին տվել:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Ասելը՝ ասին: Լա՜վ էլ կռիվ-դավի արեցին: Բայց նոր կոշիկ չառան: Ուզում էին, բայց ականջի ետև գցեցին…
ՀՐԵՇՏԱԿ — Տեսնո՞ւմ եք…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Ինչ եղել՝ եղել է, բայց էս պահն ուրիշ է: Որ ճիշտն ասեմ՝ չեմ ուզում կոտրված սրտով գնալ էս աշխարհից: Գիտեմ, բոլորն էլ պիտի փոշմանած լինեն արածներից, ու սրտանց ուզում եմ, քանի էստեղ եմ, տեսնեմ, թե ո՞նց են ներողություն խնդրելու ինձնից: (Թախանձով): Դու խելացի մարդ ես ու ինձ պիտի հասկանաս, որ ուզում եմ թեթևացած սրտով գնալ էս աշխարհից: Ուզում եմ ներեմ ու ներված գնամ էս աշխարհից…
ՀՐԵՇՏԱԿ — Լավ, Գառնիկ Ազատիչ, թող ձեր ուզածի պես լինի: Մենք մնում ենք:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ա՛յ, ապրի արևդ: Գիտեի, որ կարգին մարդ ես ու ինձ ճիշտ կհասկանաս:
ՀՐԵՇՏԱԿ — (մտահոգ): Միայն թե ամեն ինչ լինի ձեր ասածի պես: Այնպես, ինչպես դուք եք ուզում:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (ինքնավստահ): Տո, ի՜նչ ես խոսում…
Դրսում իրարանցում է սկսվում:
ՆԱԶԻԿԻ ձայնը — Հլը թողե՛ք, թողեք մի տեսնե՛մ իմ հորը…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ -Մեծ աղջիկս է` Նազիկը: Ռուսաստանից է թռել, էկել: Վայրկյան չտևեց, է՛: Որ ասում եմ` չես հավատում: Գիտե՞ս, ինձ ինչքան շատ է սիրում: Դու տես, թե հիմա ի՜նչ սուգ ու շիվան է կապելու…
Ներս են մտնում Նազիկը, հանգուցյալի երկու որդիները կանանց հետ:
ՆԱԶԻԿ — (ընթացքից): Հլը թողե՛ք, ասի… (Տեսնելով հորը դագաղի մեջ` մեխվում է տեղում): Սրա՞պ…
ՍՐԱՊ — Հա՛, Նազիկ ջան:
ՆԱԶԻԿ — Էս պապան ընչի՞ է սապոգներով:
ՍՐԱՊ — (խուսափուկ): Չգիտեմ, մեծ ախպորդ հարցրու:
ՆԱԶԻԿ — Ո՞նց թե` չգիտեմ… Ազա՞տ, կարո՞ղ ես ինձ բացատրես, թե մեր հերն ինչո՞ւ է կիռզովի սապոգներով: Խաղք ու խայտառա՞կ եք, ա՛յ մարդ…
ԱԶԱՏ — (կոպիտ): Հասկացանք, լա՛վ: Գառնիկին ուղարկել եմ նորը առնելու:
ՆԱԶԻԿ – Հիմա նո՞ր…
ԱԶԱՏ – Բա էլ ե՞րբ: Էս մարդը իրիկունն է մահացել: Գիշերով որտեղի՞ց նոր կոշիկ ճարեինք:
ՆԱԶԻԿ – Չհասկացա, Ազա՛տ, էս մարդը հինգ տարի է` պառկած չէ՞ր: Չգիտեի՞ք, որ մի օր պիտի մահանա, նախօրոք չէի՞ք կարող մի զույգ կոշիկ առնել:
ՎԱՐԴՈՒՇ — (կռվարար): Իզուր տեղը մի բորբոքվի, հա՞… գիտես` մի՞ դարդ էր, որ մի դարդի մասին մտածեինք:
ՆԱԶԻԿ -Դու սուս մնա, հա՞: Ես եղբորս հետ հորս մասին եմ խոսում, եղա՞վ:
ՎԱՐԴՈՒՇ — Իյա՜… Էդ մեռավ՝ նոր հիշեցի՞ր հորդ: Հինգ տարի է` ո՞վ էր հորդ նայողն ու խնամողը, դո՞ւ, որ չես թողնում` մի բառ էլ մենք խոսենք: Ո՞ւր էիր, բա գայիր, տե՛ր լինեիր հորդ…
ԱԶԱՏ – Ձեյնդ կտրի, Վարդուշ: Հազար ասել եմ՝ քեզ չվերաբերող գործերին մի՛ խառնվի:
ՀԱՅԿՈՒՇ – Տո, ընչի՞, է՛, Ազատ ջան: Էդքան բանը, որ մենք արինք ձեր հոր համար, ոչ մի հարս էլ չէր անի: Հիմա, շնորհակալության փոխարեն, հլը մի բան էլ մե՞նք պարտքի տակ մնացինք…
ՆԱԶԻԿ — (փափկելով): Լավ, Հայկուշ ջան, ասենք` թռել ու Ռուսաստանից ետ էի եկել: Էլ ի՞նչ կարող էի անել հորս համար, հը՞: Տարիքն առած հիվանդ մարդ… Որ ուզում եք ճիշտն իմանաք` դեռ մի բան էլ պիտի խանգարեի ձեզ: Իզուր տեղը մի ուտող բերան պիտի ավելանար ձեր վզին:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (Նազիկի վարքից ազդված` դիմում է հրեշտակին): Նազիկի ծնված օրը լավ քեֆ արինք, ու գիտե՞ս, թե տղեքն աչքալուս տալուց ինչ էին ասում. «Աչքդ լույս, Գառնի՛կ Ազատիչ, երկու տղայից հետո գոնե մի հոգի վրադ լացող ծնվեց»:
ՆԱԶԻԿ – Էնպես որ, ձեր արած լավությունը երեսովս մի տվեք: Ես էլ ձեռքերս ծալած չեմ նստել: Ինչքան կարող էի՝ Ռուսաստանից օգնել եմ ձեզ:
ՀԱՅԿՈՒՇ — (ցուցադրական զարմանքով): Օգնե՞լ…
ՎԱՐԴՈՒՇ — (քմծիծաղով): Բա երեք-չորս ամիսը մեկ հարյուր դոլար չէ՞ր ուղարկում, ընչի՞ ես զարմանում:
ՆԱԶԻԿ – Քո արևին ձեռ ես առնում, հա՞: Գիտես` Ռուսաստանում յուղ ու մեղր են բաժանում, հա՞:
ՀԱՅԿՈՒՇ — (կեղծ սիրալիր): Բա որ յուղ ու մեղր չեն բաժանում, էս տասներկու տարի է` ի՞նչ եք անում էնտեղ, Նազի՜կ ջան:
ՆԱԶԻԿ — (նույն տոնով): Ինչ որ դուք` էստեղ, Հայկո՛ւշ ջան: Մի կերպ յոլա ենք գնում:
ՎԱՐԴՈՒՇ – Լա՜վ էլ յոլա եք գնում: Մենք երկու ընտանիքով մի տան մեջ խցկվել ու ապրում ենք, իսկ դուք մի տուն էստեղ ունեք, մեկն էլ Ռուսաստան եք առել:
ՀԱՅԿՈՒՇ – Տունն ես ասում… բա հիվանդ պապը: Գիտե՞ս, թե ¥դագաղը մատնանշելով) էս մարդու ձեռը ինչե՜ր ենք քաշել:
ՎԱՐԴՈՒՇ — Անողը գիտե, նայողն ի՞նչ գիտե:
ՍՐԱՊ — Լավ, ա՛յ ժողովուրդ, ամոթ է, վերջը մեռելտուն է, չէ՞: Ջուր ծեծելու տեղը որոշենք, թե ոնց պիտի թաղենք մեր հորը: Ազատ ջան, որպես ընտանիքի մեծ, ասա, ախպե՛ր ջան, ի՞նչ պիտի անենք:
ԱԶԱՏ – Սրապը ճիշտ է ասում, ավելորդ խոսակցությունները թողեք ու ինձ լսեք: Լիքը մարդ պիտի գա թաղմանը ու մենք էդ մարդկանց պատասխանը պիտի արժանի ձևով տանք, չէ՞:
ՆԱԶԻԿ – Հա, ամեն ինչ պիտի ընտիր ու ճոխ լինի: Ախր, շա՜տ ընտիր հեր ենք կորցրել, է՛… (Հիշելով հանգուցյալին՝ փորձում է մոտենալ դագաղին): Ա՜խ, պապա՛ ջան, էս ի՞նչ զուլում բերիր մեր գլխին…
ԱԶԱՏ — (կանխելով): Սպասի, դրա ժամանակը չէ: Մարդիկ որ էկան, ա՛յ, էն ժամանակ նստի ու ինչքան քեֆդ կտա` լաց, եղա՞վ:
ՆԱԶԻԿ — (լացակումած): Ա՛յ Ազատ ջան, հերս է, բա չլացե՞մ…
ԱԶԱՏ – Հասկացա՛նք: Մեր էլ հերն է, հետո՞ ինչ: Բոլորով որ նստենք ու լանք, բա մեր հորը ո՞վ պիտի թաղի:
ՆԱԶԻԿ — (սրբելով իբր թաց աչքերը): Լավ, Ազատ ջան, ասա տեսնենք` ի՞նչ ես ասում:
ԱԶԱՏ — (գործնական): Ինչքա՞ն փող ես բերել:
ՆԱԶԻԿ — (իբր անհարմար զգալով): Վա՜յ, Ազա՛տ ջան, ճիշտը որ ասեմ` շատ նեղ վիճակի մեջ ենք: Երկու օր առաջ Մերուժը ավտոն խփել էր: Մի քանի կոպեկ կար, էն էլ տվինք դզող-փչողին:
ՀԱՅԿՈՒՇ — Ո՜նց թե… ավտո էլ եք առե՞լ…
ԱԶԱՏ – Հլը սպասի, Հայկո՛ւշ: (Նազիկին.) Չհասկացանք, թաղման համար փող չե՞ս բերել:
ՆԱԶԻԿ – Բա ի՞նչ եմ արել… բայց քիչ:
ԱԶԱՏ – Հասկացանք` քիչ, բայց ինչքա՞ն:
ՆԱԶԻԿ — Երեք հարյուր դոլար:
ՍՐԱՊ — Երեք հարյո՞ւր… (Անհույս ձեռքն է թափ տալիս):
ԱԶԱՏ – Ա՛յ Նազիկ, մեզ ձեռ ես առնո՞ւմ: Երեք հարյուր դոլարն ի՞նչ է, որ մի բան էլ ուզում ես պապային ճոխ թաղում անես:
ՆԱԶԻԿ – Հա՛, Ազատ ջան, ուզում եմ, որ հորս թաղումը եվրո մակարդակով անենք: Սգո մարմելադից սկսած պիտի լինի սեղանի վրա:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (Հրեշտակին): Սգո ի՞նչ… (Հրեշտակը ուսերն է վեր քաշում):
ՎԱՐԴՈՒՇ – Սգո ի՞նչ, Նազիկ…
ՆԱԶԻԿ — (հպարտ): Սգո մարմելադ, Վարդո՛ւշ ջան:
ՎԱՐԴՈՒՇ – Դա՞ ինչ է, Նազիկ:
ՆԱԶԻԿ – Դուք չգիտեք, դա զարգացած երկրներում են անում: Ես դրա ռեցեպտը ունեմ, հետս բերել եմ:
ԱԶԱՏ – Ռեցեպտի տեղը փող բերեիր, որ ուզածիդ պես եվրո թաղում անեինք: Առանց փող ի՞նչ կարող ենք անել:
ՆԱԶԻԿ — Բան չկա: Պարտք կվերցնենք, մինչև քույրս Ամերիկայից փող ուղարկի:
ԱԶԱՏ – Տաթևի՞կը…
ՆԱԶԻԿ – Հա, Տաթոն:
ՍՐԱՊ — Է՜, Նազիկ ջան, նրանք նույնիսկ տեղյակ չեն, երեկվանից հա՛ զանգում ենք, ոչ մեկի համարը չի պատասխանում:
ՆԱԶԻԿ — Ես գիշերը զանգել՝ հետը խոսել եմ:
ՀԱՅԿՈՒՇ — (վրդովված): Էդ ո՞նց է լինում, որ մենք զանգում ենք՝ պատասխանող չկա, իսկ դու երբ ուզենաս` խոսում ես:
ՎԱՐԴՈՒՇ — Է՛, մեզ շան տեղ դնողն ո՞վ է…
ՆԱԶԻԿ — (կեղծավոր): Վա՜յ, չէ՛, Վարդուշ ջան, ամեն զանգելուց Տաթոս հարցուփորձ է անում ձեզնից: Ճիշտը որ ասեմ՝ պապայի պահով Տաթոն շատ երախտապարտ է ձեզ ու ամեն անգամ ասում է, որ երկուսիդ էլ շատ ընտիր նվերներ պիտի ուղարկի Ամերիկայից:
ՎԱՐԴՈՒՇ — Էս քանի տարի է` նույն բանն ենք լսում, բայց մինչև հիմա մի չոփ էլ ուղարկած չունի:
ՆԱԶԻԿ – Չէ, էդպես մի ասա, Տաթոյիս սիրտն ուրիշ է: Որ ուզում ես ճիշտն իմանաս` մեր նոր ավտոյի փողի կեսը ինքն է ուղարկել: Հենց իմացավ` ուզում ենք տեղական ավտո առնենք, իրար խառնվեց, թե` այ Նազո ջան, բա մենք մեռա՞ծ ենք, որ դուք էդ ռուսական բառախլոն քշեք: Թե չէ մեզ որտեղի՞ց էդքան փող, որ ֆիրմա ավտո առնեինք:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (Հրեշտակին): Լսեցի՞ր, եղբայր: Իսկ ես էստեղ մսով ճաշին կարոտ մեռա… ՀԱՅԿՈՒՇ -Չհասկացա, դուք հին ավտո էլ եք ունեցե՞լ…
ԱԶԱՏ -Սպասի, Հայկո՛ւշ, ի՞նչ ավտոյի ժամանակն է… (Նազիկին.) Գոնե ասա՞ց, ինչքան է ուղարկելու:
ՆԱԶԻԿ – Կոնկրետ չգիտեմ, բայց ասաց, որ իրենք էլ պիտի սգո արարողություն անեն:
ՍՐԱՊ — Ո՞նց թե… բա Տաթոն չի՞ գալու պապայի թաղմանը:
ՆԱԶԻԿ — Դու էլ հո չասի՞ր… գիտե՞ս` ինչ կնստի Ամերիկայից Հայաստան գալը: Առանց էդ էլ մե՜ծ, պռիստիժնի ռեստորան են պատվիրել ու մի քառասուն մեծամեծ մարդիկ են հրավիրել: Դու պատկերացրու, միայն երաժիշտներին հինգ հազար դոլար պիտի տան:
ՍՐԱՊ — Բայց էդքան փողով Տաթոն կարող էր մի քանի անգամ Ամերիկայից թռներ Հայաստան ու ետ դառնար:
ՆԱԶԻԿ — Խոսում ես, էլի՛… Էստեղ ուրիշ է, էնտեղ՝ ուրիշ: Ասենք` ինքն էլ էկավ պապայի թաղմանը՝ է՛, ի՞նչ պիտի անի: Հո չի՞ կարող մեր հորը նորից կյանք տա: Այ, որ պապան ողջ լիներ, տեսներ իրեն` ուրիշ բան: Որ ուզում ես իմանաս, ավելի լավ` ինքը պապային միշտ ողջ կհիշի:
ՍՐԱՊ — Չգիտեմ, Նազո, չգիտեմ…
ՆԱԶԻԿ – Հենց չգիտես, դրա համար էլ բացատրում եմ: Տաթոն որ էնտեղ մնա, իրենց շատ օգուտ կտա: Գիտե՞ս, Ամերիկայում էդ ճաշկերույթների ժամանակ ինչքան բիզնես հարցեր են լուծվում, հայ-հա՜յ…
ԱԶԱՏ — Հասկացանք, հիմա դու մեզ ասա, թե ի՞նչ ասաց, փողը ե՞րբ է ուղարկելու:
ՆԱԶԻԿ – Չգիտեմ, Ազատ ջան, մենակ շատ դեմ ընկավ, թե պապային իմ կողմից ամենաթանկ դագաղն առեք ու առոք-փառոք թաղեք…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (մտախոհ): Տաթոյիս առանձնահատուկ էի սիրում… փոքրն էր ու համով էր բալես, շա՛տ համով… Բռիս միջից է հաց կերել, է՛, բռի՛ս…
ՆԱԶԻԿ — (դագաղը տնտղելով): Ազատ, օրինակ` սա ի՞նչ դագաղ է:
ԱԶԱՏ – Ի՞նչ ասեմ, դագաղ է, էլի՛:
ՆԱԶԻԿ – Տեսնում եմ, որ դագաղ է: Ինչքաննո՞ց է…
ՀԱՅԿՈՒՇ — (Վարդուշին): Պահո՜, էսպես որ գնաց` պապին էս տարի թաղողը չե՜նք:
ՆԱԶԻԿ – Մեր հորը հո փողոցից չե՞նք գտել, որ ինչ պատահի՝ մեջը դնենք ու թաղենք: Խեղճ քույրս իրենց բերանից էդքան փողը պիտի կտրի ու ուղարկի, որ իրա հորը թանկանոց դագաղով թաղեն: Բա ինչքա՞ն վատ կզգա, եթե իմանա, որ հասարակ դագաղով է թաղվել:
ԱԶԱՏ – Բայց ե՞րբ պիտի ուղարկի, հո չե՞նք կարող էս մարդուն շաբաթներով տունը պահենք ու սպասենք, թե երբ մեզ փող կուղարկեն, որ ճոխ թաղում անենք:
ՆԱԶԻԿ — Բայց ձեզ ո՞վ է ասել, որ նստեք ու սպասեք: Փող ճարեք, կամ թե նիսյա… ինչ-որ պետք է` արեք, մինչև փողը տեղ հասնի:
ԱԶԱՏ – Բա որ ժամանակին չհասնի՞, Նազիկ:
ՆԱԶԻԿ – Չհասնի էլ, փա՜ռք Աստծո, պապան էնպիսի շրջապատ է ունեցել, որ ամեն մեկն էլ մի բան տա՝ քեզ լիքը փող կլինի:
ԱԶԱՏ – Մարդ է՝ ու չտվին: Ի՞նչ ենք անելու:
ՆԱԶԻԿ – Սաղ լինի բարեկամությունը: Շնից շատ ազգ ու բարեկամ ունենք, ընչի՞ ես մտածում: Էնքա՜ն փող հավաքվի, որ վախենամ` պապայի գերեզմանի փողն էլ հավաքվի:
ՀԱՅԿՈՒՇ — (Վարդուշին): Խեղճ մարդն էստեղ դրած` ինքն արդեն գերեզմանն է սարքում:
ՎԱՐԴՈՒՇ — (Հայկուշին): Վերջը մեզ պիտի պարտքի տակ քցի ու թռնի իր Ռուսաստանը, գիտե՞ս…
ՀԱՅԿՈՒՇ – (Վարդուշին): Հաստա՛տ… (Նազիկին.) Բայց դեմը լիքը տաղավարներ ունենք, դու էդ ի՞նչ գերեզման սարքելու մասին ես խոսում:
ՆԱԶԻԿ — Ամա՜ն, օրինակի համար ասի… Պապայի գերեզմանի հետ դուք գործ չունեք, նրա գերեզմանը ես ու քույրս պիտի սարքենք: Մռամռի՛ց…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (խոցված): Վա՜յ, Նազի՜կ, Նազի՜կ…
ՍՐԱՊ — (Ազատին): Ես ասի, չէ՞… Տո, ա՛յ Նազիկ, մենք էստեղ մոլորվել ենք, թե մեր հորը ոնց թաղենք, դու մռամռե գերեզմանի՞ց ես խոսում:
ՆԱԶԻԿ – Ընչի՞ եք մոլորվել, չասի՞` ինչ անեք:
ՍՐԱՊ — Բայց տեսա՞ծ բան է, որ մարդ իրա հորը նիսյա դագաղով թաղի: Լավ է` չորս տախտակ լինի, բայց նամուսով լինի:
ՆԱԶԻԿ – Դրա աննամուսը ո՞րն է, կարո՞ղ ես ինձ բացատրես: Համ էլ, էկողներից ո՞վ գիտե՝ դագաղն առա՞ծ է, թե՞ նիսյայով վերցրած:
ՍՐԱՊ — (հոգուն հասած): Չգիտեմ, ախպեր, ինչ ուզում եք` արե՛ք…
ՆԱԶԻԿ — Ազատ ջան, դու ի՛նձ լսի: Արի մեր քրոջը չնեղացնենք, ախպե՛ր ջան:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Բա ձեր հո՞րը, ա՛յ բալա…
ՍՐԱՊ – Սիրտս հիմա կտրաքվի… (Բորբոքվելով): Ա՛յ մարդ, չեմ հասկանում, հիմա մեր հո՞ր մասին պիտի մտածենք, թե՞ Տաթոյի:
ՆԱԶԻԿ — Սրապ, մեր հոր ինչի՞ մասին մտածենք: Էդ մարդը մեռել-գնացել է, վե՛րջ:
ՍՐԱՊ – Ո՞նց թե` մեռել-գնացել է… հասկանո՞ւմ ես` ինչ ես խոսում: Ո՞ւր է, թե կենդանի լիներ ու լսեր ձեր խոսակցությունը:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Կենդանի չեմ, բայց լսում եմ, Սրա՛պ ջան, լսում…
ՆԱԶԻԿ – Ընչի՞, վատ բան ենք խոսո՞ւմ որ… Ես ու քույրս ուզում ենք ճոխ թաղում անենք, դրա մեջ ի՞նչ վատ բան կա՞…
ՍՐԱՊ — (փրփրած): Էն, որ ճոխ էիք ուզում՝ ճոխ ապրեցնեիք, ոչ թե թաղեիք:
ՆԱԶԻԿ – Էդ ի՞նչ ես խոսում, Սրա՛պ, ես ու քույրս օտարի կին ենք: Տղաները դուք եք, դուք էլ պիտի պահեիք:
ՍՐԱՊ — Դե, քո ասածի պես, մենք պահել ենք ու մեր ձևով ուզում ենք թաղենք մեր հորը: Դո՞ւք ինչ եք ուզում, անպայման պիտի թաղումը շոու դարձնե՞ք: Չի լինի՞, որ համեստ ու մարդավարի թաղում անենք:
ՆԱԶԻԿ — Ուրիշները մեզնից ինչո՞վ են առավել: Էն տեսակ թաղում են անում, որ քեֆդ գալիս է…
ՍՐԱՊ – Հարսանիք հո չէ՞, որ քեֆդ գա: Սա թաղո՛ւմ է, սո՛ւգ է, հասկանու՞մ ես, քո ասած էդ մարմելադը միայն հարսանիքի ու ծնունդի սեղանին է սազում, հասկանու՞մ ես…
ՆԱԶԻԿ -Հիմա կզանգեմ Մերուժին, որ երկու հազար դոլար ուղարկի, ու էն ժամանակ նոր կտեսնենք, թե պապայի թաղումը ո՛նց կանենք:
ՍՐԱՊ — Չհասկացա՛: Բա ասում էիր` տանը փող չկա՞…
ՆԱԶԻԿ – Քրոջդ լավ չգիտես, Սրա՛պ: Իմ խոսքը իրա համար օրենք է: Տանն էլ որ փող չլինի` կճարի ու կուղարկի: Հիմա կտեսնե՛ս: (Պայուսակից հանում է բջջային հեռախոսը):
ՍՐԱՊ — Որ ուզում ես ճիշտն իմանաս` էս ամեն ինչի մեջ մեր հերն է մեղավոր, մեր հե՛րը…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (հանկարծակի եկած): Էդ ընչի՞, Սրա՛պ ջան:
ՍՐԱՊ – Ձեզ որ էդքան չսիրեր ու երես չտար, էս խոսակցությունը չէր լինի:
ՆԱԶԻԿ — Դու էլ ամբողջ կյանքդ ճնշված մնացիր, չէ՞, դրանից…
ՍՐԱՊ – Ինչի՞ց:
ՆԱԶԻԿ – Որ պապան մեզ ավելի շատ էր սիրում, քան քեզ:
ՀԱՅԿՈՒՇ — Հլը սպասի, քեզ ո՞վ է ասել, որ պապան իմ մարդուն չէր սիրում: Որ ուզում ես ճիշտն իմանաս՝ միջներիցդ ամենաշատը Սրապին է սիրել…
Նազիկը հեռախոսով խոսելով դուրս է գնում:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Չէ, Նազիկը ճիշտ է ասում… Սրապս երկրորդն էր: Իրենից հետո Նազիկս ծնվեց` ինքը ուշադրությունիցս դուրս մնաց: Հետո էլ Տաթևս ծնվեց: Ուրախությունս ու սերս տվի նրանց… Ես նկատել էի, որ Սրապը խանդում է քույրերին ու հետը շատ խիստ էի վարվում: Ի՞նչ իմանայի, որ էրեխուս ոչ թե խստություն էր պետք, այլ սեր ու ուշադրություն… Կներես, Սրապ ջան, կներես, բալե՛ս…
ՍՐԱՊ — (կանգնած դագաղի մոտ): Կներես, հե՛րըս, կներես… չգիտեմ, հիմա տեսնում ու լսում ես մեզ, բայց սրտանց ուզում եմ ներողություն խնդրեմ իմ ու մյուսների համար: Կներես, որ էսքան վատն ենք: Կներես էն ամեն ինչի համար, որ տեսար ու լսեցիր: Ու… մտածիր, հերըս, արդյո՞ք կենդանի ժամանակ ամեն ինչ ճիշտ արեցիր… Մտածիր…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Մտածում եմ, բալե՛ս, մտածում եմ…
Ներս է մտնում Գառնիկը ընկերների` Գևորգի ու Արամի հետ:
ԳԱՌՆԻԿ — (կոշիկի տուփը Ազատին տալով): Կոշիկները բերեցինք, պա…
ԱԶԱՏ — (տուփը վերցնելով): Բա ընչի՞ էսքան ուշացաք:
ԳԵՎՈՐԳ — Պապի չափով կոշիկ չկար, դյադ Ազատ:
ԱԶԱՏ – Հա, հորս ոտքերը շատ խոշոր էին… Վարդուշ, էդպես էլ չհասկացա` էն լոդկա կոշիկները որ տվիք հարևանին, դրանք ի՞նչ էր անելու…
ՎԱՐԴՈՒՇ — Էդ մի բանն էլ մի հասկացի, ի՞նչ կլինի: (Ազատի ձեռքից վերցնելով կոշիկի տուփը և բացելով): Սև գույնի են, չէ՞, Գառնիկ ջան:
ԳԱՌՆԻԿ — Առանց էդ էլ մենակ սև գույնի էին, մա՛:
ԱՐԱՄ — Դյա՛դ Ազատ, միջանցքի կինն ո՞վ է, որ բարձր-բարձր խոսում է հեռախոսով:
ԱԶԱՏ – Ընչի՞ ես հարցնում, Արա՛մ ջան:
ԱՐԱՄ – Յեսի՞մ… ասում եմ` մեռելտուն է, բարձր ձայնով խոսել չի կարելի:
ԱԶԱՏ — (Ժպտալով): Քույրս է, Արամ ջան, ոչինչ… Ռուսաստան է զանգել, դրա համար էլ երևի մի քիչ բարձր է խոսում:
ԱՐԱՄ – Հա՞… (Գառնիկին.) Ապե, լսեցի՞ր, էն որ ասիր` անկուլտուրական է` հորքուրդ էր:
ԳԱՌՆԻԿ – Ի՜նչ ես խոսում… (Ազատին.) Պա՛, էն միջանցքի կինը ո՞վ է:
ԱԶԱՏ – Հորքուրդ է, ո՛վ է:
ԳԱՌՆԻԿ – Հորքո՞ւրս… ո՞րը, Ամերիկայի՞…
ԱԶԱՏ — Չէ, ա՛յ տղա, Ռուսաստանի: Նազիկ հորքուրդ է:
ՍՐԱՊ – Վրա մի տուր էրեխին, Ազա՛տ: Ինքը մեղք չունի, որ հորքուրներին չի ճանաչում: Դպրոցական երեխա էր, որ նրանք գնացին…
ՆԱԶԻԿ — (ուրախ ներս մտնելով): Ըհը՛, էդ հարցը լուծեցի: Ամենաուշը մինչև էգուց իրիկուն փողն էստեղ կլինի… (Նկատելով տղաներին` սսկվում է):
ԱԶԱՏ — Նազիկ ջան, Գառնիկս է: Էս էլ` իրա ընկերները:
ՆԱԶԻԿ — (շինծու հիացմունքով): Պա՜հ, պա՜հ, պա՜հ, էս ո՞նց է մեծացել: (Գրկում, համբուրում է): Կարգին տղամարդ տղա է դարձել Գառնիկս… (Շինծու տխրությամբ): Քոռանա՛ն հորքուրիդ աչքերը, Գառնիկ ջան, Ռուսաստանում ամեն օր ձեր մասին եմ մտածել ու լացել…
ՀԱՅԿՈՒՇ — (Վարդուշին): Բախտ էր, էլի՛… հենց էս դերասանների՞ն պիտի ռաստ գայինք…
ԱԶԱՏ – Նազիկ ջան, Գառնիկս պապի նոր կոշիկներն է բերել: Նայի` դուրդ գալի՞ս են… Վարդուշ, կոշիկները տուր Նազիկին:
ՆԱԶԻԿ — (վերցնելով կոշիկները, տարակուսած): Սրա՞նք են…
ԱԶԱՏ — (զարմացած): Հա, ընչի՞ որ…
ՆԱԶԻԿ — Էս սև գույնի ե՞ն…
ՎԱՐԴՈՒՇ – Հա՛, բա ի՞նչ գույնի լինեին, կապո՞ւյտ:
ՆԱԶԻԿ – Հիմա ո՞վ է մեռելին սև կոշիկներով թաղում:
ՎԱՐԴՈՒՇ – Բոլորը:
ՆԱԶԻԿ – Բոլորը գլուխները քարո՛վ են տվել: Դուք չգիտե՞ք, որ Եվրոպայում սգի գույնը սպիտակն է:
ՀԱՅԿՈՒՇ – Դա՞ ինչ նորություն էր:
ՍՐԱՊ – Ասի, չէ՞, որ էս թաղումը վերջը հարսանիք պիտի դարձնեն:
ՆԱԶԻԿ — (վրա տալով): Դու չգիտես, Սրա՛պ, դու քու դարդովը տապակվի: Ես իմ անելիքը գիտեմ: Գառնիկ ջան, բալե՛ս, էս կոշիկները տար ու որտեղից առել ես` ետ տուր: Ասա, թող սրանց սպիտակները տան:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (Հրեշտակին): Խայտառա՞կ են…
ՍՐԱՊ — (համբերությունը հատած): Տո, հո խայտառակ չե՞ք: Էս մեծ մարդուն ի՞նչ սպիտակ կոշիկ… կարո՞ղ է` վերջում էլ դոշին սպիտակ բանթ խփել տաս, Նազի՛կ:
ՆԱԶԻԿ – Պետք որ լինի, հա՛, հենց կխփեմ, եղա՞վ: Ազա՛տ, մեծավարի ասա էս Սրապին, որ էլ չխոսի, էլի՛:
ԱԶԱՏ — Բայց Սրապը ճիշտ է ասում, սազական չէ, որ մեր հորը սպիտակ կոշիկներով թաղենք:
ԳԱՌՆԻԿ — (դժկամ): Նազի՛կ հորքուր, մինչև պապի ռազմերով կոշիկ ճարեցինք` հոգիներս բերաններս էկավ: Հիմա որտեղի՞ց էդ ռազմերի սպիտակ կոշիկ ճարենք:
ՎԱՐԴՈՒՇ — Ա՛յ Նազիկ ջան, ամեն ինչ տեղին էր, սպիտակ կոշիկնե՞րն էին մնացել:
ՀԱՅԿՈՒՇ — Էդ մի բանն էլ թող եվրո չլինի, ինչ կլինի՞ որ…
ՆԱԶԻԿ — Էդպես էլ գիտեի… Թե ի՞նչ խելք արի, որ ելա ու եկա:
ԱԶԱՏ – Իբր, ի՞նչ ես խոսում, Նազի՛կ:
ՆԱԶԻԿ — (խուսափուկ): Լավ, էս մեկն էլ թող ձեր ասածով լինի: (Կոշիկները ձեռքին` լացակումած մոտենալով դագաղին): Խե՜ղճ հայրիկ, ամբողջ կյանքդ մեզ համար դատեցի՜ր, դատեցի՛ր՝ վերջը սպիտակ կոշիկի էլ չարժանացար: (Փորձում է հանել սապոգները, կոշիկները հագցնել): Խե-ե՛ղճ հա՛-ա՛-այրի՜կ…
ԱԶԱՏ — (Գառնիկին): Ի՞նչ ես կանգնել, հորքուրիդ օգնիր: (Գառնիկն ու ընկերները օգնում են Նազիկին):
ՆԱԶԻԿ — (լացակումած հագցնելով կոշիկները): Բարո՜վ մաշես, պապա՜ ջան, բարո՜վ, հազա՜ր բարի մաշես, հայրի՜կ ջան…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (խոր հոգոցով): Հիմա նո՞ր, աղջիկ ջան…
ԱՐԱՄ — Մորքուր, պապի գուլպաների գույնը լա՞վ է, թե դրանք էլ փոխենք…
ՆԱԶԻԿ — (լուրջ): Լավ է, տղա՛ ջան, յոլա կտանի:
ՍՐԱՊ — Ազատ, Գառնիկին ուղարկի, թող պապայի նկարը տանի: Հայկուշ, պապայի նկարը բեր: (Հայկուշը դուրս է գնում):
ՆԱԶԻԿ — Էդ ո՞ր նկարն է, Սրա՛պ: Ո՞րը պիտի մեծացնել տաք:
ՍՐԱՊ – Պասպոռտի նկարը:
ՆԱԶԻԿ – Պասպոռտի-ի՞՜… Ընչի՞, հերս ուրիշ լավ նկար չունի՞: Սոչիի պլյաժներից մինչև փարավոնի բուրգերը նկարվել է հերս, հենց պասպոռտի նկա՞րը պիտի մեծացնեիք:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (Հրեշտակին): Հա՜յ գիտի, ի՜նչ տարիներ էին: Կոմունիստների օրոք Եգիպտոս գազ էինք քաշում…
ՍՐԱՊ — Նորից բաներ մի մոգոնի, Նազիկ: Պասպոռտի նկարը շատ էլ լավ նկար է: (Նկարը ձեռքին ներս է մտնում Հայկուշը):
ՆԱԶԻԿ — Հլը մի տուր նայեմ, Հայկո՛ւշ: (Հայկուշը նկարը տալիս է Նազիկին):
ԱԶԱՏ — Բայց Նազիկը ճիշտ է ասում, Սրա՛պ: Ուրիշ լավ նկար չկա՞ր…
ՍՐԱՊ — (հերսոտած): Տո, դու էլի հեղափոխվեցի՞ր:
ԱԶԱՏ – Յանի ասում եմ…
ՍՐԱՊ — (Նազիկի ձեռքից վերցնելով լուսանկարը): Էս նկարի մեջ մեր հերն իսկական ինքն է՝ բնական, սիրուն, էն իր համով ժպիտն էլ` դեմքին:
ՆԱԶԻԿ — Բայց շատ ծեր չի՞ երևում էս նկարի մեջ:
ՍՐԱՊ – Ծե՞ր… Տո, դու գիտե՞ս, թե քանի տարվա նկար է սա: Չես տեսնո՞ւմ, էստեղ, հակառակ քո ասածի, լավ էլ ջահել է…
ՆԱԶԻԿ – Մեկ է, իմ դուրը չի գալիս:
ՍՐԱՊ — (նեղսրտած): Ի-ի՜հ… (Գառնիկին.) Պրծաք, չէ՞: (Լուսանկարը նրան տալով): Առ, տղա ջան: Ոնց ասել էի, էդպես էլ կանեք, եղա՞վ: Ազատ, Գառնիկին նկարի համար փող տվե՞լ ես:
ԱԶԱՏ — Հա՛, բա ի՞նչ եմ արել:
ՍՐԱՊ — (Գառնիկին): Դե, գնացեք, տղերք ջան, ու ինչքան հնարավոր է` շուտ եկեք, որ բազար գնանք:
ՆԱԶԻԿ – Սպասի հլը, Գառնի՛կ ջան: Մինչև գնալներդ ձեր մուզիկալնի ցենտրը բերեք էս սենյակ ու նոր գնացեք:
ԳԱՌՆԻԿ – Մուզիկալնի ցենտրը ի՞նչ պիտի անենք, հորքուր:
ՆԱԶԻԿ – Ո՞նց թե… բա սգո երաժշտություն չլինի՞ տան մեջ, ա՛յ բալա:
ՎԱՐԴՈՒՇ – Պապին որ վերցնեն, Ազատը դուդուկչիներ է կանչել, կնվագեն…
ՆԱԶԻԿ — Դուդո՞՜ւկ…
ՀԱՅԿՈՒՇ — Էդ ընչի՞ զարմացար որ, Նազիկ ջան:
ՆԱԶԻԿ – Զարմանում եմ, որ ձեր ասիական հոգեբանությունը դեռ չեք փոխել, Հայկուշ ջան:
ԱՐԱՄ — (մեկուսի` Գառնիկին): Ապե՛, բայց հորքուրդ յամանն է, հա՜…
ԳԱՌՆԻԿ — (Արամին): Տո, սո՛ւս հլը, է՛… Նազի՛կ հորքուր, ի՞նչ վատ բան կա դուդուկի մեջ:
ՆԱԶԻԿ — Ա՛յ բալես, հիմա դուդուկ ո՞վ է լսում:
ԳԵՎՈՐԳ — Ամբողջ աշխարհը, մորքո՛ւր:
ՆԱԶԻԿ — Աշխարհը` չգիտեմ, տղա՛ ջան, բայց Եվրոպան կլասիկ երաժշտություն է լսում թաղման արարողությանը:
ԱՐԱՄ — (մեկուսի` Գառնիկին): Էսպես որ գնա` հորքուրդ բոլորիս բաբոչկա կապել կտա, ապե:
ԱԶԱՏ — Յանի ասինք` պապան դուդուկ շատ էր սիրում…
ՆԱԶԻԿ — Դու էլ հո չասի՞ր, Ազատ: (Մատնանշելով դագաղը): Էս մարդու համար բացարձակ մեկ են ձեր դուդուկն էլ, թառն էլ, քյամանչեն էլ, եղա՞վ…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Հա՜յ գիտի, մարդը ո՞նց է փոխվում… Նազիկը փոքր ժամանակ որ դուդուկի ձայն էր առնում, բոլորի վրա բղավում էր, թե` սո՛ւս մնացեք, հորս սիրած դուդուկն է…
ԱԶԱՏ — Բա հիմա ի՞նչ ես առաջարկում, ա՛յ Նազիկ:
ՆԱԶԻԿ – Կոմիտասի անվան լարային քառյակի կասետը ունե՞ք:
ԱԶԱՏ — Դժվա՜ր… (Գառնիկին.) Տղա՛ ջան, էդպիսի բան ունե՞նք տանը:
ԳԱՌՆԻԿ – Որտեղի՞ց, պա՛…
ՆԱԶԻԿ – Ուրեմն` կճարեք… Առայժմ մուզիկալնի ցենտրը բերեք:
ԳԱՌՆԻԿ – (անհամար զգալով): Բայց… մենք մուզիկալնի ցենտր չունենք, Նազիկ հորքուր:
ՆԱԶԻԿ – (անկեղծ զարմանքով): Ո՞նց թե…
ՎԱՐԴՈՒՇ – Հա, Նազի՛կ ջան, չունենք, զարմանալու ի՞նչ կա:
ՆԱԶԻԿ — Էս դարում մարդու տանն է՞լ մուզիկալնի ցենտր չլինի, ա՛յ Վարդուշ ջան:
ՀԱՅԿՈՒՇ – Փող որ լիներ, ախպերներդ հորդ սանատորիա կտանեին, էլի՛: Մուզիկալնի ցենտրի ժամանա՞կն էր:
ՆԱԶԻԿ — Բա ի՞նչ պիտի անենք, Ազա՛տ: Առանց երաժշտության ի՞նչ պիտի լինի…
ՍՐԱՊ — Մամայի ժամանակ որ երաժշտություն չկար, չեղա՞վ, հա՞, Նազիկ:
ՆԱԶԻԿ — Էն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է:
ՍՐԱՊ – Իսկական մարդու համար բոլոր ժամանակներն էլ նույնն են, մենակ մարդս մարդ լինի:
ՆԱԶԻԿ — Չհասկացա, Սրա՛պ, դու կռիվ ես ման գալի՞ս, հա՞…
ԳԵՎՈՐԳ — Մորքուր ջան, ես մուզիկալնի ցենտր ունեմ, որ գնացինք նկարի ետևից, ետ գալուց կմտնենք մեր տուն՝ կբերենք:
ՆԱԶԻԿ — Ապրես, տղա՛ ջան… (Գառնիկին.) Դե, գնացեք, Գառնիկ ջան… ցենտրը չմոռանաք:
ԳԱՌՆԻԿ – Չենք մոռանա, Նազիկ հորքուր, մենակ թե քո ասած երաժշտության անունը գրի` չմոռանանք:
ԱՐԱՄ – Ապե՛, դու ոնց որ էս աշխարհից չլինես: Կոմիտասի անվան լարային քառյակ՝ հեչ չե՞ս լսել…
ԱԶԱՏ – Հերիք է լեզուներիդ տաք: Գնացեք ու շուտ էկեք, լիքը գործ կա անելու:
ՆԱԶԻԿ – Նկարը որ բերիք` ինձ կտաս, հա՞, Գառնիկ ջան:
ԱԶԱՏ — Էդ փոքր նկարը քո ինչի՞ն է պետք, նորմալ նկար կընտրես, կտանես հետդ:
ՆԱԶԻԿ – Ռուսաստան Մերուժիս ընկերը շատ ուժեղ նկարիչ է, թող մեծ, կարգին ռամկով նկարի պապային հավերժացնելու համար:
ՀԱՅԿՈՒՇ — (մեկուսի` Վարդուշին): Սրա դարդը հո էդ մեծ ռամկեն է, գիտե՞ս…
ՎԱՐԴՈՒՇ – Չէ բա, իրա պապա՛ն…
ՆԱԶԻԿ — Նկարը գունավոր պիտի հանեք, չէ՞, Գառնիկ ջան:
ԳԱՌՆԻԿ – Բա ո՞նց: (Գառնիկն ու ընկերները դուրս են գնում):
ՆԱԶԻԿ — Ըհը՜, էդ հարցերն էլ լուծեցինք… (Հայացքը հառում է դագաղին): Մնաց դագաղի հարցը:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (Հրեշտակին): Ինչը՞…
ՍՐԱՊ — (զայրույթը զսպելով): Չհասկացա, Նազիկ, մնաց ինչը՞…
ՆԱԶԻԿ – Քո գործը չէ, Սրա՛պ, դու սուս մնա… Ազատ ջան, ինձ լսի, պապայի դագաղը պիտի փոխվի:
ՍՐԱՊ — Հո չգժվեցի՞ր…
ԱԶԱՏ — (Սրապին): Կարո՞ղ ես մի րոպե սուս մնալ: Էս մարդը մեր քույրն է, չէ՞, թող` տեսնենք, թե էս մարդն ի՞նչ է ուզում…
ՍՐԱՊ – Չես լսո՞ւմ` ինչ է ուզում: Ասում է` դագաղը պիտի փոխվի:
ԱԶԱՏ — Բայց չիմանա՞նք` ինչի համար: Կարող է` էս մարդը ճի՞շտ է ասում:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Փոքր ժամանակ էլ Ազատը քույրերի կողմն էր բռնում: Գիտեր, որ աղջիկներին շատ եմ սիրում: Էդպես էլ Սրապին կարգին ախպերություն չարեց…
ՍՐԱՊ — (եղբոր պահվածքից վիրավորված): Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ եք ուզում:
ՆԱԶԻԿ – Որ չհասկանայինք, չէինք ուզի… Ինձ լսի, Ազատ ջան, ոչ մեր հոր, ոչ էլ մեր վատն եմ ուզում, ախպեր ջան:
ԱԶԱՏ — Ես բա՞ն ասի…
ՆԱԶԻԿ — Ապրե՛ս, Ազատ ջան:
ՀԱՅԿՈՒՇ — (մեկուսի` Վարդուշին): Ամբողջ կյանքը էրկու ախպորն իրար դեմ լարեց…
ՎԱՐԴՈՒՇ — Ինչքան լավ էր, որ Ռուսաստան էր, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
ՆԱԶԻԿ — (զննելով դագաղը): Ազատ ջան, ձեզնից ո՞վ է դագաղն առել:
ԱԶԱՏ — Է՜… ո՞նց ասեմ… Մեր ընդհանուր փողով ենք առել:
ՆԱԶԻԿ — Ես չհարցրի` ում փողով եք առել: Ես ուզում իմանալ, թե ձեզնից ո՞վ է էս դագաղն առել:
ԱԶԱՏ — Հա՜… (Անհամարձակ): Սրապը…
ՆԱԶԻԿ — (շրջվում է դեպի Սրապը, բայց հետո դիմում է Ազատին): Դու գիտես, չէ՞, թե որտեղից է առել:
ԱԶԱՏ – Հա՛, բա չգիտե՞մ:
ՆԱԶԻԿ – Քանի դեռ մարդ չի հավաքվել, ամենաթանկանոց դագաղը առ ու արի, շո՛ւտ արա: Իրենց էլ կասես, որ մնացած փողը թաղման օրվա առավոտը կտանք, եղա՞վ:
ԱԶԱՏ — Է՛, կհամաձայնվե՞ն որ… Նախ, դագաղի մեջ արդեն մեռել է պառկել, հետո էլ՝ եսի՞մ, էդ թանկ դագաղը նիսյա կտա՞ն:
ՆԱԶԻԿ – Տարօրինակ մարդ ես, հո իրենք չե՞ն պառկելու դագաղի մեջ: Էլի մեռել պիտի չդնե՞ն մեջը: Ինչ վերաբերում է փողը հետո տալուն, հաստատ իմացած լինես, որ մի բան էլ իրենք կխնդրեն քեզ: Էս աղքատ քաղաքի մեջ էլ ո՞վ պիտի թանկ ու կրակ դագաղ առներ…
ԱԶԱՏ — Հա՞ որ…
ՆԱԶԻԿ — Հա՛, դու շուտ գնա, քանի մարդ չի հավաքվել:
ՍՐԱՊ — (չոր): Ազատը ոչ մի տեղ էլ չի՛ գնա:
ԱԶԱՏ – Ես չելա ու վազեցի, որ դու էլ իրար խառնվար:
ՍՐԱՊ — Դագաղ փոխելը խայտառակություն է, վե՛րջ:
ԱԶԱՏ — Բայց եթե փողը կա, ընչի մեր հորը լավ դագաղով չթաղե՞նք որ…
ՍՐԱՊ — (ափերից դուրս գալով): Լավ դագաղ, հա՞… թանկանոց դագաղ, հա՞… Մոռացել եք, չէ՞, մեր մոր համար կոտրած մեբելից ենք դագաղ սարքել: Մոռացել եք, որ երկրաշարժին մարդիկ սավանով էին թաղում իրանց մեռելներին, սավանո՛վ… (Կտրուկ դուրս է ուղղվում):
ԱԶԱՏ – Սրա՛պ, ո՞ւր…
ՍՐԱՊ — Գնամ, փոսի համար պայմանավորվեմ:
ԱԶԱՏ – Հլը սպասի, ա՛յ ախպեր ջան, դրա վա՞խտն է, որ թողնում ու գնում ես:
ՍՐԱՊ – Հա՛, քանի դեռ փոսի մասին խոսք չի բացվել: Թե չէ, մեկ էլ տեսար, ճոխության համար մեր սիրելի քույրիկը երկու փոս փորել տվեց, չէ՞, Նազիկ…
ՆԱԶԻԿ — Ի՜, պապան էլ գիտեր, թե տղա՛ ունի, հա՞…
Սրապը ձեռքը թափ տալով դուրս է գնում:
ՀԱՅԿՈՒՇ — Էս չհասկացա՛նք, եկել ես հորդ թաղելո՞ւ, թե տան մեջ կռիվ գցելու:
ԱԶԱՏ — Նազիկն ի՞նչ անի, որ Սրապն ամբողջ կյանքը մեզ հակառակ է գնացել: Բա անելո՞ւ բան էր, որ էս պատասխանատու պահին գլուխն առավ ու փախավ տնից:
ՆԱԶԻԿ — Է՛, խեղճի հոգուն հասցրիք:
ՎԱՐԴՈՒՇ — Բայց էս մարդիկ ի՞նչ արին, որ հոգուն հասցրին: Ընչի՞, դու չգիտե՞ս քո մարդու բնավորությունը:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (այլայլված տեղից վեր կենալով): Վե՛ր կաց, մենք էլ դուրս գնանք: Ոնց որ թե օդը չի հերիքում…
Հանգուցյալը դանդաղ անցնում է վիճաբանողների միջով: Հրեշտակը հետևում է նրան:
ՀԱՅԿՈՒՇ — Էդ չպիտի չասեիր, Վարդո՛ւշ: Էսքան տարի է` ապրում ենք իրար հետ, Սրապից վատ բան տեսած կա՞ս…
ՆԱԶԻԿ – Հո մարդուդ չկերա՞նք, որ թևերդ քշտեցիր ու մեջ ընկար:
ՀԱՅԿՈՒՇ – Մեջ ընկանը դու ես, եղա՞վ, որ չես թողնում` էրկու ախպերով իրանց հորը նորմալ թաղեն:
ՆԱԶԻԿ — (տնազով): Նորմալ թաղո՞ւմ… (Կոպիտ): Սա էր, հա՞, ձեր նորմալ թաղումը, որ ուզում էիք խեղճ հորս կիռզովի սապոգներով հողը դնեիք:
ԱԶԱՏ — Հասկացա՛նք դե, Նազի՛կ: Ասինք` գիշերով կոշիկ առնել չէր լինի:
ՆԱԶԻԿ — Ոչ էլ արդարացիր, Ազա՛տ: Էրկու ախպերդ էլ բանի պիտք չե՛ք: Թե ո՞ւմ քաշեցիք…
ՎԱՐԴՈՒՇ — Չհասկացա` հմի էլ ի՛մ մարդուց կպա՞ր…
ՆԱԶԻԿ — Իյա՜, շատ ճոխ չեղա՞վ: Թե՞ չես ուզում տեգորկնկանիցդ հետ մնաս…
ՎԱՐԴՈՒՇ — (փրփրելով): Նազի՛կ աղջիկ, քեզ խելոք պահի, հետո՞ ինչ, որ մարդուս քույրն ես: Ես որ արհամարհեցի՝ արհամարհեցի՛, վե՛րջ:
ՆԱԶԻԿ – Պա՜հ: Ես էլ էնպես ազդվեցի՜…
ՀԱՅԿՈՒՇ — (Վարդուշին` ինչ—որ տեղ նաև քծնելով): Մարդուն ասա, Վարդուշ ջան, թե չէ Նազիկին ի՞նչ…
ՆԱԶԻԿ — (ափերից դուրս գալով): Անմարդկայինը դու ես, եղա՞վ… (Վրա պրծնելով Հայկուշին): Ժեշտանչո՛ւ թոռ…
ՀԱՅԿՈՒՇ — (ինքն էլ վրա պրծնելով): Բա չէ, քո պապերի պես ձրիակեր ուտող…
ԱԶԱՏ — (նրանց բաժանելով): Վերջ տվեք, ա՛յ խայտառակներ… սա մեռելտո՞ւն է, թե՞ ինչ… Վա՜յ, Սրապ, Սրապ, քո ի՞նչն եմ ասել: Բա էս պատասխանատու պահին փոսի գնալո՞ւ էր…
Երկրորդ տեսարան
Տան բակը: Գալիս են Վարդանն ու Բագրատ պապը:
ՎԱՐԴԱՆ — (օգնում է Բագրատ պապին): Արի, Բաքո պապ, արի նստի:
ԲԱԳՐԱՏ — (ծանր շնչելով): Բա ներս չմտնե՞նք, Վարդան ջան:
ՎԱՐԴԱՆ – Մեռելը հո չփախավ, Բաքո պապ: Նստի, շունչ առ, հետո ներս կմտնենք:
ԲԱԳՐԱՏ — (ծանր տեղավորվելով): Յեսի՞մ… ասի` աղջիկն էր նոր եկել, մի տեսնեինք, հո շատ չի՞ տանջվում խեղճ էրեխեն:
ՎԱՐԴԱՆ — (նստում է, ծաղրով): Էդ քեզ հաճույք է պատճառում, հա՞, Բաքո պապ:
ԲԱԳՐԱՏ — (ուշադրությունը տան կողմն է): Ինչ ասի՞ր, Վարդան ջան:
ՎԱՐԴԱՆ – Հե՛չ… քանի՞ տարեկան կլինես, Բաքո պապ:
ԲԱԳՐԱՏ — Հաշիվն արդեն կորցրել եմ, Վարդա՛ն ջան:
ՎԱՐԴԱՆ — Մի հարյուր տարեկան կլինես, էլի՞:
ԲԱԳՐԱՏ — Է՜, ութանասունից էն կողմ հարուրն էլ է` մեկ, էրկու հարուրն էլ…
Տնից դուրս է գալիս Սրապը, մոտենում է նրանց:
ՎԱՐԴԱՆ — (տեղից վեր է կենում, ձեռքը մեկնում է Սրապին): Դուք ողջ լինեք, ախպեր ջան:
ԲԱԳՐԱՏ — (նստած ձեռքը մեկնելով ու ցույց տալով, թե ուզում է ոտքի կանգնել): Դուք ողջ լինեք, Սրա՛պ ջան:
ՍՐԱՊ — (նրան կանխելով): Նստի, Բաքո՛ պապ… Վարդան ջան, փոս փորողների մոտ պիտի գնամ: Կարո՞ղ ենք քո ավտոյով գնալ:
ՎԱՐԴԱՆ — (արդեն սպասում էր այդ հարցին): Գնալը՝ գնանք, Սրապ ջան, բայց, հակառակի պես, ակումլյատորը հանել եմ, որ ռեմոնտի տամ:
ՍՐԱՊ — (մերժումից շփոթված): Հա՞… բայց ակումլյատորդ նոր չէի՞ր առել:
ՎԱՐԴԱՆ — (նեղն ընկած): Տո, դրանցից ո՞վ բան կհասկանա… Իբր խանութը դրած, որպես ֆիրմա են վաճառում, բայց հաստատ տեղական սարքած են, ախպեր ջան…
ՍՐԱՊ — (վիրավորված): Էդ տեսակ բան մենակ դու կարող էիր ասել, Վարդան: (Գնում է):
ՎԱՐԴԱՆ — Մի րոպե, Սրա՛պ ջան…
ՍՐԱՊ — (շրջվելով): Ի՞նչ ես ուզում, Վարդան…
ՎԱՐԴԱՆ – Թե ավտոն շատ է պետք, գնամ ակումուլյատորը դնեմ, գամ: Բայց կարող է ճամփին մնանք, ախպեր ջան:
ՍՐԱՊ — (չոր): Չէ, պետք չէ: Ես տաքսիով կգնամ: (Գնում է):
ՎԱՐԴԱՆ — Բա՞, Բաքո պապ, կյանքն էնպես է թանկացել, որ էսօրվա օրով չես կարող մարդկանց մի լավություն անես:
ԲԱԳՐԱՏ — Ընչի՞, հիմի լավություն է անցնո՞ւմ, որ լավություն անելու մասին ես խոսում:
ՎԱՐԴԱՆ — (ինքնարդարացմամբ): Հո մենակ էդ անտեր փոսը չէ: Ավտոն որ հանեցիր` ինչքան տեղ կա, պիտի ֆռֆռաս էդ մարդու հետ: Բենզինն էլ թանկ… Հո էդ մարդուց չպիտի՞ վերցնես բենզինի փողը: Էս նեղ պահին մի բան էլ դու պիտի ձեռք բռնես, չէ՞, էս մարդկանց…
ԲԱԳՐԱՏ — Եղունգ ունես՝ գլուխդ քորի, Վարդան ջան: Ամբողջ կյանքս ուրիշներին լավություն եմ արել: Է՛, մե՞ջն ինչ կա:
Բակ է մտնում Հովիկը, մոտենում է նստածներին:
ՀՈՎԻԿ – Ողորմի Աստված:
ՎԱՐԴԱՆ և ԲԱԳՐԱՏ – Ողորմի անցավորաց: Նստի:
ՀՈՎԻԿ – Չէ՛, ներս մտնեմ` Գառնիկ պապին տեսնեմ, համ էլ նայեմ` օգնելու ի՞նչ կա:
ՎԱՐԴԱՆ — Դու հո վռազենց տնից չե՞ս էկել, նստի, սպասի` Բաքո պապը շունչ առնի, միասին կմտնենք, էլի՛:
ԲԱԳՐԱՏ – Հա՛, Հովիկ ջան, շունչ առնեմ՝ կմտնենք:
ՀՈՎԻԿ — Դու նստի, Բաքո պապ: Մենք դեռ ջահել ենք, պիտի էս կողմ, էն կողմ վազենք: (Ուզում է գնալ):
ՎԱՐԴԱՆ — Բաքո պապին լսի, Հովո՛: Մեծին լսողի ոտը քարին չի՛ գա… չէ՞, Բաքո պապ:
ԲԱԳՐԱՏ — (Վարդանին): Ապրի արևդ: (Հովիկին.) Իրար մի խառնվի, տղա ջան, ինչ լինելու է՝ կլինի: Մարդը նոր է մահացել, տնեցիք սգի մեջ են: Թող մի քիչ լան, իրենց հորից կարոտն առնեն, հետո մենք կմտնենք… ճիշտ չե՞մ, Վարդան:
ՎԱՐԴԱՆ — (ծաղրով): Ճիշտն էլ խո՞սք է…
ՀՈՎԻԿ — (ստիպված նստում է): Թող ձեր ուզածով լինի:
ՎԱՐԴԱՆ — Թե չէ գիտես` մենակ քո՞ սիրտն է ցավում Գառնիկ պապի համար: Մեզ էլ էնքան լավություն է արել էդ մարդը, բայց էլ ի՞նչ կարող ենք անել իրա համար:
ՀՈՎԻԿ — Ճիշտ ես, Վարդան ջան, Գառնիկ պապի համար աղոթելուց բացի (Վարդանն ու Բագրատ պապն իրար աչքով են անում) ուրիշ բան չենք կարող անել: Բայց Ազատն ու Սրապը սգի մեջ են, ու էդ մարդկանց օգնել է պետք:
ՎԱՐԴԱՆ — Էնպես ես խոսում, ոնց որ իրենք պիտի նստեին հոր կողքն ու առավոտից իրիկուն լացեին:
ՀՈՎԻԿ – Չէ, բայց…
ՎԱՐԴԱՆ — Մեռելի վրա լացելը կնիկարմատի գործ է: Տղաները պիտի հորը թաղելու մասին մտածեն:
ՀՈՎԻԿ – Լավ… տեղյա՞կ ես, Նազիկն ու Տաթևիկը գալո՞ւ են թաղմանը:
ՎԱՐԴԱՆ – Բաքո պապի ասելով` աղջիկներից մեկը եկել է, չէ՞, Բաքո պապ:
ԲԱԳՐԱՏ — Ճիշտը որ ասեմ, Հովիկ ջան, տանը նստած աղմուկ լսեցի: Պատուհանից նայեմ, որ ի՞նչ՝ աղջիկն է եկել: Բայց թե ո՞րն էր, չջոկեցի: (Տնից աղմուկ է լսվում): Լսո՞ւմ եք… (Կարծելով, թե ողբի ձայն է): Լա՜ց, աղջիկ ջան, լա՜ց… էն տեսակ հեր ես կորցրել…
Տնից դուրս են գալիս հանգուցյալն ու հրեշտակը:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (նստածներին բարևելով` անցնում է): Ողորմի Աստված…
Հրեշտակը հետևում է նրան:
ՎԱՐԴԱՆ — Մի բան ասեմ, բայց վրաս չծիծաղեք: Ոնց որ թե ներսից կռվի ձայն է գալիս:
ՀՈՎԻԿ — Տո չէ՛, երևի Նազիկը հորը տեսել ու վատացել է: Տնեցիք էլ իրար են խառնվել:
ՎԱՐԴԱՆ — Բաքո՛ պապ, նկատեցի՞ր, որ Սրապը մի տեսակ էր…
ՀՈՎԻԿ – Իբր թե բան ասիր… մարդու հայրն է մահացել, է՞լ մի տեսակ չլինի:
ՎԱՐԴԱՆ – Տո չէ, է՛: Հերսոտած էր երևում: Հետներս կարգին չխոսեց, թողեց, գնաց:
ՀՈՎԻԿ – Ո՞ւր գնաց:
ՎԱՐԴԱՆ – Փոս փորողներին պիտի տեսներ:
ՀՈՎԻԿ – Հետը ո՞վ կար:
ՎԱՐԴԱՆ – Մենակ էր:
ՀՈՎԻԿ – Բա դու չտարա՞ր:
ՎԱՐԴԱՆ — Ակումուլյատորս էի հանել:
ՀՈՎԻԿ – Ժամանակ գտա՞ր…
ՎԱՐԴԱՆ — Ավտո չունես, դրա համար ես էդպես մեծ բրթում:
ՀՈՎԻԿ – Մեծ որ բրթեի՝ մի բանի տեր էլ ես կլինեի…
Լռություն: Ամեն մեկն իր մտածմունքի մեջ է:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – (Հրեշտակին): Անկեղծ՝ այսպիսի բան չէի սպասում…
ՀՐԵՇՏԱԿ – Հասկանում եմ, ինչքան ծանր է այս ամենը ձեզ համար:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ծանրն էլ խո՞սք է…
ՀՐԵՇՏԱԿ – Դրա համար էլ չէի ուզում, որ մնաք թաղման արարողությանը:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Չէ՛, լավ եղավ, որ տեսա ճշմարտությունը:
ՀՐԵՇՏԱԿ – Ճշմարտությունը սա չէ, Գառնիկ Ազատիչ: Սա ընդամենը երկրային կեցության թյուրըմբռնման մի օրինակ է, որ բնորոշ է մնացյալ, գրեթե բոլոր, մարդկանց:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ուզում ես ասել, որ բոլոր մարդիկ սխա՞լ են ապրում:
ՀՐԵՇՏԱԿ – Ոչ բոլորը: Նայած, թե ով ի՛նչն է ճշմարիտ արժեք համարում: Հեռու չգնանք, դուք, որ կյանքի մեծ մասը նվիրեցիք ձեր աղջիկներին, ինչպես դուք եք ասում՝ բռան միջից կերակրելով հասցրիք այս օրվան, նրանց կողմից մխիթարություն գտա՞ք ծերության օրոք ու նույնիսկ հիմա, ձեր մահից հետո:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (մտախոհ): Ճիշտ ես ասում… մխիթարություն չկա:
ՀՐԵՇՏԱԿ — Մխիթարող՝ մեկ Աստված է: Ահա՛ ճշմարտությունը:
ԲԱԳՐԱՏ — (կեղծ հոգոց հանելով): Է՜, Գառնիկ Ազատիչ, ափսոս քեզ, հազա՛ր ափսոս…
ՎԱՐԴԱՆ— (կատակի տոնով): Բաքո պապ, էդքան ներս մի՛ քցի…
ԲԱԳՐԱՏ – Ասում ես, էլի՛… Գիտե՞ս, ինչքան մոտ ենք եղել:
ՎԱՐԴԱՆ — Իմանալովս` Գառնիկ պապն ու դու իրար հետ չունեիք:
ԲԱԳՐԱՏ – Մազերիդ համրանքի չափ կերել-խմել ենք իրար հետ, ինչի՞ց ես տեղյակ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — (հրեշտակին չնայելով): Հարևանս է… Քանի անգամ զրպարտություններ է գրել, որ ինձ գործից հանել տա: Է՜, մինչև մոսկվաները… Ինչ որ ասում է՝ սուտ է: Կյանքում ձեռը գրպանը տարած չկա:
ՎԱՐԴԱՆ — (ականջը տան կողմը): Ձայները ոնց որ թե կտրվեցին, ժողովուրդ: Եկեք շուտ ներս մտնենք ու գնանք մեր տուն` ողորմաթաս խմենք… չէ՞, Բաքո պապ:
ԲԱԳՐԱՏ – Հա՛, ժամանակն է:
ՀՈՎԻԿ – Խմելու տեղ պիտի աղոթենք, Վարդան:
ՎԱՐԴԱՆ — Ինչ հավատի ես էկել՝ քեզ լրիվ կորցրել ես, ա՛յ մարդ: Ի՞նչ ասի, որ… ինչ մենք ենք անում՝ դարերով եկած պապական ավանդույթ է:
ՀՈՎԻԿ – Դա ավանդույթը չէ, մենք խեղաթյուրել ենք էդ ավանդույթն ու ինչ անհեթեթ բան ասես` անում ենք թաղման ժամանակ:
ՎԱՐԴԱՆ – Կարո՞ղ ես մի օրինակ բերել:
ՀՈՎԻԿ – Օրինակ` օղին շիրիմի վրա լցնելը: Շիրիմը սրբություն է, դու ո՞նց ես սրբության վրա օղի լցնում, հը՞…
ՎԱՐԴԱՆ – Ուրեմն, մեր պապերը քո չափ խելք չեն ունեցել, էլի՞…
ՀՈՎԻԿ – Մեր պապերը գինի են խմել, որովհետև գինին Քրիստոսի արյունն է խորհրդանշել: Ու էդպիսի բան չեն արել: Հիշո՞ւմ ես, փոքր էինք ու մեզ գերեզմանոց էին տանում, տեսած կա՞ս, որ մեկը շիրիմի վրա օղի լցներ:
ՎԱՐԴԱՆ – Չգիտեմ, չեմ հիշում:
ՀՈՎԻԿ — Բաքո՛ պապ, առաջ էդպես բան կա՞ր:
ԲԱԳՐԱՏ – Չէ՛, չկար: Մերոնց չգիտե՞ս` մեկը մի բան հորինեց, մյուսները պիտի պարտադիր կրկնեն… Մեր մեծերն էլ գինի են խմել:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Նոր եմ հասկանում, թե ինչքան սխալ եմ եղել… Հովիկը էս բաները ժամանակին ինձ էլ է ասել, բայց… Մտածում էի` Բագրատից լավ մարդ եմ, ճիշտ եմ ապրում: Այնինչ…
Տնից դուրս է գալիս Ազատը, մոտենում է նստածներին:
ԱԶԱՏ — Իյա՛, Վարդան ջան, էստեղ ե՞ս: Ես էլ ձեր տուն էի գալիս, ախպեր ջան:
ՎԱՐԴԱՆ — (ձեռքը մեկնելով): Դուք ողջ լինեք, Ազատ ջան:
ՀՈՎԻԿ — Կարեկցում եմ, Ազատ:
ԲԱԳՐԱՏ — (փորձելով վեր կենալ): Դուք ողջ լինեք, տղա՛ ջան:
ԱԶԱՏ – Նստի՛, նստի՛, Բաքո պապ: (Վարդանին.) Բա ընչի՞ ներս չէիք գալիս:
ՎԱՐԴԱՆ — Չգիտե՞ս: Հովոյի քարոզներն էինք լսում:
ԱԶԱՏ – Հա՜… Պապային էլ էր ուզում համոզել, բայց հորս չգիտե՞ք…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Գիտես` լավ բան եմ արել ու ուրախանո՞ւմ ես, Ազա՛տ…
ՀՈՎԻԿ — Իզուր ես ժպտում, Ազատ: Գառնիկ պապն ինձ հոր պես է էղել ու շատ կուզեի, որ մեռնելուց առաջ անպայման ապաշխարեր:
ԱԶԱՏ — Աչքիս՝ էլ տերտեր չկանչենք, հը՞, Վարդան ջան… (Երկուսով ծիծաղում են):
ՀՈՎԻԿ — Ազա՛տ, հլը սիրտ ունես ու ծիծաղո՞ւմ ես…
ԱԶԱՏ — Դե լավ, Հովո ջան, էս անտեր կյանքից էնքան ենք նեղված, որ մեկ-մեկ կարելի է հանաք էլ անել… Վարդան ջան, ավտոյով ես, չէ՞:
ՎԱՐԴԱՆ — Ընչի՞, գործ կա՞, Ազատ ջան:
ԱԶԱՏ – Պապայի դագաղը պիտի բերվի, ախպե՛ր ջան:
Շփոթահար վիճակ:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Վերջը Նազիկը համոզե՞ց քեզ, տղա ջան…
ԲԱԳՐԱՏ — Ազատ ջան, կներես, լավ չլսեցի, ինչ պիտի բերվի՞…
ԱԶԱՏ — Դագաղը, Բաքո՛ պապ, դագա՛ղը:
ՎԱՐԴԱՆ — Դագաղը՞…
ԱԶԱՏ — (իբր` զարմանալու բան չկա): Հա՜, ընչի եք զարմանո՞ւմ որ…
ՎԱՐԴԱՆ — Բայց… դուրսը դագաղի կռիշկա էր դրած, Ազատ ջան:
ԱԶԱՏ — Է՛, հա՛…
ՎԱՐԴԱՆ — Է՛, բա հմի ո՞նց հասկանանք…
ՀՈՎԻԿ – Ճիշտն ասած, ես էլ չհասկացա:
ԱԶԱՏ — Վարդան ջան, էս դագաղը ժամանակավոր ենք բերել…
ՎԱՐԴԱՆ – Ո՞նց թե` ժամանակավոր…
ԱԶԱՏ – Քո կարծիքով` մեր հերը արժանի չէ՞, որ թանկանոց դագաղով թաղենք:
ՎԱՐԴԱՆ — Արժանին՝ արժանի է, բայց էս դագաղն էլ, ինչքան գիտեմ, ահագին գումար է:
ԲԱԳՐԱՏ – Էդ դրածը շատ էլ լավ դագաղ է: Ես որ մեռա, եսի՞մ, պիտի արժանանա՞մ էդպիսի դագաղի:
ԱԶԱՏ — Վաթսուն հազարն էլ փո՞ղ է, որ էդ դագաղին ասում եք` լավն է:
ՀՈՎԻԿ — էդպես բան մի ասա, քեզ չի՛ սազում:
ԱԶԱՏ – Ընչի՞, Հովի՛կ, մեզ ինչ է եղե՞լ որ… Փառք Աստծու, քույրերս թիկունքներիս միշտ էլ կանգնած են եղել:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Չէ՛, Սրապը ճիշտ էր ասում՝ մեղքը իմն է, ի՛մը…
ՀՈՎԻԿ — Երևի Նազիկն է էկել, հա՞, Ռուսաստանից:
ԱԶԱՏ — Հա՛, քուրս էկավ, հասավ ախպերներին:
ՀՈՎԻԿ — Ինձ կներես, Ազատ, բայց Գառնիկ պապը որ տեսներ էս ամենը, հաստատ կնեղանար ձեզնից:
ՎԱՐԴԱՆ — Տո, մեր ի՞նչ որոշելու բանն է, որ ավել-պակաս խոսում ես: Էս մարդիկ ուզում են հորը թանկ դագաղով թաղեն, է՛, թող իրանց ուզածով անեն: Քե՞զ ինչ, կամ ի՞նձ ինչ… Ճիշտ չե՞մ, Բաքո՛ պապ:
ԲԱԳՐԱՏ – Հա՛, Հովիկ ջան, մեռելի տերն իրենք են: Ազատ ջան, դուք ոնց որոշել եք, էդպես էլ արեք, մենակ թե մի բան եմ ուզում իմանամ…
ԱԶԱՏ – Ասա, Բաքո՛ պապ:
ԲԱԳՐԱՏ – Նոր դագաղը որ բերիք, հինը ի՞նչ պիտի անեք:
ԱԶԱՏ — (Ժպտալով): Էդ ընչի՞ ես հարցնում, Բաքո պապ:
ՎԱՐԴԱՆ — (Ազատին): Չգիտե՞ս: Ձրի լինի՝ կուբի՛ լինի…
ԲԱԳՐԱՏ — Ասում եմ` օգտագործած ապրանք է, ձեզ պետք չի գա…
ԱԶԱՏ — Վա՜յ, Բաքո պապ, դագաղի հինն ու նորը ո՞րն է: Պիտի ետ տանք:
ԲԱԳՐԱՏ — Հա՞… դուք ջահել եք, ձեր ճիշտ անելիքը մեզնից լավ գիտեք:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Չէ՜, կամ դժոխքը դուռ չունի, կամ հերթն էնտեղ իրար է ուտում:
ԱԶԱՏ — Վարդա՛ն, արի շուտ գնանք, գանք, քանի շատ մարդ չի հավաքվել:
ՎԱՐԴԱՆ — Գնալը՝ գնա՛նք, բայց ակու… (Աչքի տակով նայում է Հովիկին): Ակումուլյատորս էի հանել, Ազատ ջան: Բաքո պապի հետ ներս մտեք, մինչև ավտոն գառաժից հանեմ…
ԱԶԱՏ – Ինչքան կարող ես` շուտ արա: (Վարդանը շտապով գնում է): Է՛, Բաքո պապ, արի, տես գյոզալ հարևանիդ…
ԲԱԳՐԱՏ — (ծանր վեր կենալով): Հա՛, բայց, վայ թե, սիրտս չդիմանա, ախր, հորդ հետ շատ էի կապված, է՛, շատ…
ԱԶԱՏ — (նրան օգնելով): Ոչ մի բան էլ չի լինի, դու հին ոսկոր ես, կդիմանաս: (Աչքով է անում, Հովիկը չի արձագանքում: Երեքով տուն են մտնում):
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Մենք էլ գնանք:
ՀՐԵՇՏԱԿ – Հա… գնանք: (Ուղղվում է դեպի տուն):
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Չէ՛… տուն չէ…
ՀՐԵՇՏԱԿ — (շփոթված): Բա ո՞ւր…
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Չգիտեմ… ուր որ պիտի ուղեկցեիր:
ՀՐԵՇՏԱԿ — Դուք ուզում եք, որ ընդհանրապես գնա՞նք այստեղից:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Հա՛… ուզում եմ:
ՀՐԵՇՏԱԿ — Չե՞ք ուզում մասնակցել թաղման արարողությանը… (Հանգուցյալը մտքերի մեջ է, չի պատասխանում): Էլ չե՞ք ուզում մասնակցել թաղման արարողությանը: (Հանգուցյալը լուռ զննում է Հրեշտակին): Ի՞նչ եք մտածում…
Հանգուցյալն դանդաղ դուրս է գնում: Հրեշտակը հետևում է նրան: Հանգուցյալը կանգ է առնում, նորից զննում է Հրեշտակին:
ՀՐԵՇՏԱԿ — Հը՞, ի՞նչ եք մտածում:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ – Ճիշտն ասած, ուզում եմ թեթևացած սրտով գնալ էս աշխարհից:
Դանդաղ մտնում է տուն: Հրեշտակը խոր հոգոց հանելով հետևում է նրան:
Երրորդ տեսարան
Հյուրասրահը: Նստարանին, դագաղից հեռու, նստած են Վարդուշն ու Հայկուշը:
ՀԱՅԿՈՒՇ — Վերջը տեսար, չէ՞, լաչառությամբ գործը առաջ տարավ էդ Նազիկ չեղածը:
ՎԱՐԴՈՒՇ — Իրենց մուրը իրենց գլուխը: Ոնց ուզեն, թող էդպես էլ թաղեն իրենց հորը, մե՞զ ինչ:
ՀԱՅԿՈՒՇ — Ախր, սրտիս ցավ է գալիս, հիվանդ մարդուն բրախել էին վրաներս ու ռուսաստաններն ու ամերիկաները կյանք էին վայելում: Բա մեզ մեր չէ՞ր բերել…
ՎԱՐԴՈՒՇ — Բախտ է, էլի՛, Հայկուշ ջան, բա՛խտ…
ՀԱՅԿՈՒՇ – Լավ է` գնաց մրփելու… Գլուխներս մի քիչ խախանդվի, գժվեցինք:
ՎԱՐԴՈՒՇ — Գիտենայինք` էսպես կլիներ, ոչ էլ կզանգեինք: Ասինք` մի քանի կոպեկ բերեն, էն էլ քթերի՛ցս բերեց էդ անաստվածի աղջիկը:
ՀԱՅԿՈՒՇ – Ի՜նչ ես խոսում, դրանք մեզ փող տվո՞ղ են… չգիտեմ, գուցե հոր համար մի երկու կոպեկ ծախսեն: (Նայում են դագաղի կողմը):
ՎԱՐԴՈՒՇ – Տեսնում ես, չէ՞, պապը ինչ հանգիստ է պառկել… (Ուրախությունը չթաքցնելով): Հազիվ պրծանք:
ՀԱՅԿՈՒՇ – Սո՛ւս, Վարդուշ, մինչև մեռավ՝ հոգիներս բերաններս բերեց: Մենակ թե, ասում եմ՝ թոշակն էր ափսոս: Ահագին փողից զրկվեցինք:
ՎԱՐԴՈՒՇ – Կարևորը` տանջանք-չարչարանքից պրծանք, էլ վե՛րջ:
ՀԱՅԿՈՒՇ – Գիտես` պրծել ե՞նք: Դու հիմի տես` Նազիկն ինչ օյիններ պիտի խաղա գլխներիս:
ՎԱՐԴՈՒՇ — Գլուխը քա՛րը կտա Նազիկը: Չգիտե, որ լրբացա… (Ներս է մտնում Նազիկը: Ժպտալով): Իյա՛, էս չքնեցի՞ր, Նազիկ ջան:
ՆԱԶԻԿ — (նստելով դագաղի կողքի աթոռին): Չէ, քունս չտարավ:
ՎԱՐԴՈՒՇ – Ճամփից ես եկել, հոգնած ես, մի քիչ քնեիր…
ՆԱԶԻԿ – Մտածմունքը կթողնի՞, որ քնես:
ՎԱՐԴՈՒՇ – Հասկանում եմ քեզ: Ծնող կորցնելը շատ դժվար բան է, շա՛տ:
ՆԱԶԻԿ – Դա ես ասում: Բա թաղո՞ւմը: Էնքան հարց կա լուծելու, որ մտածելուց գլուխս տրաքվում է:
ՎԱՐԴՈՒՇ — Քո վիշտը քեզ հերիք չէ՞: Դու հանգիստ տեղդ նստի, ախպերներդ ինչ որ պետք է` կանեն:
ՆԱԶԻԿ – Չէ, իրենց վրա հույս դնել չի լինի: Ես իմ ձեռով պիտի ամեն ինչ անեմ, որ խիղճս հանգիստ լինի:
ՀԱՅԿՈՒՇ — Չարժե էդքան խորանալ, ինչքան ուզում ես` ճոխ արա թաղումը, էլ հորդ ետ չես բերի:
ՆԱԶԻԿ — Զարմանում եմ ձեր վրա, ոնց որ էրեխա լինեք:
ՀԱՅԿՈՒՇ – Ընչի՞…
ՆԱԶԻԿ – Հա՛, բա՞… Խաշլամա մսից էն կողմ էլ բան չեք երազում:
ՀԱՅԿՈՒՇ – Բայց որ կարգն էդ է, մենք ի՞նչ անենք:
ՆԱԶԻԿ — Դուք` չգիտեմ, բայց ես չեմ ուզում ուրիշներին նմանվել:
ՎԱՐԴՈՒՇ — Ամեն մարդ իր վերմակի չափով պիտի երկարացնի ոտքերը:
ՆԱԶԻԿ – Իբր ի՞նչ ես ուզում ասել:
ՎԱՐԴՈՒՇ — Ուզում եմ ասել, որ մեր ունեցած փողի չափով պիտի արվի թաղումը: Որ ընկանք պարտքի տակ, մինչև կյանքներիս վերջ օր ու արև չենք տեսնի, ա՛յ քուրս:
ՆԱԶԻԿ – Դու էլ հո չասի՞ր: Օր ու արև…
ՀԱՅԿՈԻՇ — Էգուց դու քու Ռուսաստանը կգնաս: Բա մենք ո՞նց պիտի ապրենք, մտածե՞լ ես:
ՎԱՐԴՈՒՇ – Տալիքների տակ պիտի ճռռանք, էլ ո՞նց…
ՆԱԶԻԿ – Վայ, վայ, վա՜յ… Դարձրիք հնդկական կինո:
ՀԱՅԿՈՒՇ — Է՛, քե՞զ ինչ կա:
ՆԱԶԻԿ — Դե, կներես… Ոնց որ թե ի՛մ հերն է մահացել:
ՀԱՅԿՈՒՇ — Հե՛չ չի երևում, որ քու հերն է մահացել…
ՆԱԶԻԿ — Ո՜նց թե… ընչի՞…
ՀԱՅԿՈՒՇ — Երկու ժամ է` տուն ես մտել, փողից խոսելուց ու կռիվ անելուց բացի ի՞նչ ես արել: Մի կաթիլ արցունք չես թափել…
ՆԱԶԻԿ — (ձայնը գլուխը գցած): Այ, հողե՜րն իմ գլխին, որ ձեզ պես հարս չունենայի, հողե՜րը… Հողե՜րն իմ գլխին, որ…
Ծանր շնչելով ներս է մտնում Բագրատ պապը և կարծելով, թե Նազիկը սգում է, ինքն էլ սգավորի տեսք է ընդունում: Ներս են մտնում Ազատն ու Հովիկը:
ԲԱԳՐԱՏ — Նազի՜կ ջան, բալե՜ս, հերիք քեզ տանջես, աղջի՜կ ջան… (Գրկում է նստած Նազիկին): Էս մի ժամ է` մենակ քու ձենն է լսվում, աղջի՜կ ջան… հանգստացի, բալա՜ ջան… Էլ քու հորը չես կարող հետ բերես, Նազի՜կ ջան…
ՆԱԶԻԿ — Պա-պա՜ ջա՜ն…
ՀԱՅԿՈՒՇ — (Վարդուշին): Իսկական դերասա՛ն…
ԲԱԳՐԱՏ — Քու հերը երջանի՜կ մարդ է, որ վրան լացող ունի… Ես որ մեռա, իմ վրա ո՞վ պիտի լա, ո՞վ…
ՀԱՅԿՈՒՇ — (Վարդուշին): Բայղո՛ւշ անտեր: Գիշեր-ցերեկ զանավեսկին կպած մարդ է նայում, որ շառով տա: Թե ո՞վ պիտի քեզ շան տեղ դներ…
ՎԱՐԴՈՒՇ – Մարդ որ լիներ, վրեն լացող էլ կունենար: Մարդը որ ընտանիք չունենա, էլ ի՞նչ մարդ:
ՀԱՅԿՈՒՇ – Ողորմած պապն ասում էր, թե փող չծախսելու խաթեր չի նշանվել:
ՎԱՐԴՈՒՇ — Բա ի՞նչ պիտի անի էդքան փողը՝ գո՞ռը պիտի տանի…
ԱԶԱՏ — Արի՛, Բաքո՛ պապ, նստի, հանգստացի… (Օգնում է նստել):
ՆԱԶԻԿ — Գիտե՞ս, ինչն է սրտիս դարդ եղել, Բագրատ պապ, ընչի եմ էսպես տանջվում: Որ վերջին պահին հորս կողքը չեմ էղել… Որ վերջին պահին հորս ձայնը չե՜մ լսել… Աշխարքի տակ ամեն ինչ կտայի, որ հիմա հերըս աչքերը բացե՜ր, գլուխը վեր հաներ ու տեսներ, որ իր սիրած աղջիկն իր կողքի՜ն է: Ամեն ինչ կտայի, որ լսեի, թե հրաժեշտի պահին հերըս ի՜նչ պիտի ասեր ինձ: (Հեծկլտալով): Ու-ու մե՜-ե՜-նակ ի՜-ի՜նձ…
ՀԱՅԿՈՒՇ — (Վարդուշին): Չհասկացանք, կարո՞ղ է` պապը պահած ոսկի ուներ:
ՎԱՐԴՈՒՇ – Չէ՛ հա՛, ի՞նչ ոսկի…
Մտնում է հանգուցյալը: Քիչ անց` հրեշտակը: Հանգուցյալը, զննելով բոլորին, գնում է նախաբեմ, կիսաթիկունք կանգնում է դեպի ներկաները:
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ — Գիտեմ, որ ինձ չեք տեսնում ու չեք լսում, բայց ուզում եմ խոսել ձեզ հետ: Հա՛, խոսել… Ու թող ոչ մեկիդ տարօրինակ չթվա ցանկությունս: Վերջին տարիներին վարժվել էի, որ դուք չկաք, բայց ես խոսում եմ ձեզ հետ: Ու հիմա նույն տպավորությունն է, թե դուք էլի չկաք: Նոր նայում էի ձեր դեմքերին ու զարմանում: Դուք ծանոթ դեմքերով անծանոթներ էիք ինձ… Հա՛, անծանոթներ: Ինձ թվացել է` գիտեմ ձեզ: Ինձ թվացել է` ամեն բան գիտեմ: Գիտեմ` ինչ է կյանքը: Գիտեմ` ինչպես ճիշտ ապրել: Գիտեմ` ում հետ ինչպես վարվել: Փառք, պատիվ, փող՝ էդ ամենը ունեցել եմ: Երևի թե իմ բախտն էր ինձ երես տվել, որ հաջողության մեջ ապրելով չէի հասկացել, որ կամաց-կամաց կորցնում եմ ձեզ: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, երբ Թամարս զոհվեց երկրաշարժին, նույնիսկ այդ ժամանակ մեջս ոչինչ չփոխվեց: Մտածում էի` ի՞նչ անենք, մենակ ինձնով չէ, աշխարհո՛վ է էդ ողբերգությունը: Թամարի մահն ինձ դաս չեղավ: Ու երբ անկողին ընկա, նոր հասկացա, որ կորցրել եմ Թամարին: Բայց դա չէր միայն իմ հոգին ավերողը… Ես հասկացա, որ Թամարի հետ կորցրել եմ նաև ձեզ: Դուք կայիք, բայց ես էի մեռած ձեզ համար: (Դադար): Ես չէի ուզում հավատալ դրան: Չէի կարող հավատալ: Ինձ հարց էի տալիս՝ ուրեմն ի՞նչ, իզո՞ւր եմ ապրել… Ի՞նչն է, որ այնպես չեմ արել… (Դադար): Աշխարհը փոքրացել, դարձել էր իմ փոքրիկ սենյակը: Միայն պատուհանից երևացող երկինքն ու ամպերն էին հիշեցնում կյանքի մասին: Մարդկանց թողած` ուրախանում էի անձրևով, կարկուտով, որ խփում էր պատուհանին… Ամենաշատը ձմեռն էի սիրում: Երբ ձյուն էր գալիս ու երկար նայում էի թափվող ձյանը, ինձ թվում էր, թե բարձրանում եմ, բարձրանում եմ վերև, վերև ու… կտրվում էս ցավոտ աշխարհից: Երեխայի պես ուզում էի լաց լինել այդ պահին ու ինչքան մեջս ուժ կար` գոռալ, թե ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ ես այսպես լքված ու միայնակ եմ: Մի օր այդ հարցը Հովիկին տվեցի… Դու մենակ չես, Գառնի՛կ պապ, ասաց նա, Աստված սիրում է քեզ ու քեզ հետ է միշտ: Բա ո՞ւր է, հարցրի, ինչո՞ւ չի գալիս ինձ տեսնելու, ինչո՞ւ սիրտ չի տալիս ինձ ապրելու համար: Բա ե՞ս, պատասխանեց Հովիկն ու ժպտաց… Ես չհասկացա նրան: Ափսո՛ս… Ափսո՛ս իմ ապրած օրերին: Ափսո՛ս, որ կյանքը ճիշտ հասկանալու համար մեռնել էր պետք: Այս մի քանի ժամը մի ամբողջ կյանք արժեր… Չնայած, ի՞նչ արժե այն կյանքը, որը սխալ ես ապրել… (Հայացքը դարձնում է դեպի ներկաները): Մնաք բարով… Մնաք բարո՛վ… Առանց շուրջը նայելու դուրս է գնում: