Սամվել ԿՈՍՅԱՆ / «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում

ՍԱՄՎԵԼ  ԿՈՍՅԱՆ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ    ՏՈՆԱՎԱՃԱՌ

(դրամա   5  պատկերով)

Գործող անձինք

ՏԱՐՈՆ

ՍՈՆԻԿ

ԳԱՐՈՒՇ

ԲԺԻՇԿ

ՀՐԵՇՏԱԿ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ, նույն ինքը` ՀՐՇԵՋ, ՕԼԻԳԱՐԽ, ՈՍՏԻԿԱՆ

Պատկեր առաջին

Նկուղ: Առաստաղի և պատերի վրայով տարբեր նշանակության ու լայնության խողովակներ են անցնում: Առաստաղի անկյուններում` սարդոստայններ: Տեղտեղ պատերի ծեփը թափված է, մրոտված, խզբզված են հայհոյանքներՀատակին`  լաթեր, ցելոֆանե տոոպրակներթիթեղյաապակե  տարաներ ու շշեր: Պատերին դուռ հիշեցնող բացվածքներ են, նկուղը կապում են արտաքին աշխարհի և ներսի մյուս հատվածների հետ: Փողոց նայող կիսապատուհանից երբեմն երևում են անցորդների ոտքեր: Լսելի է արգելակվող և տեղից շարժվող մեքենաների ձայնը, որից հետո նկուղը լցվում է մեքենաներից հնչող երաժշտությամբ: Կենտրոնում, ստվարաթղթե արկղի վրա, հացի կտորներ են, սոխ, պանրի փշուրներ, դատարկ օղու շիշ, մի քանի բաժակ: Արկղի շուրջ դրված քարերը փոխարինում են աթոռներին: Տարոնը ինչոր երգ է դնդնում  ու օղու դատարկ շիշը բաժակի վրա շրջած` փորձում  մի քանի կաթիլ օղի քամել:

ՏԱՐՈՆ — (շիշը եռանդուն շոյելով, «Ով սիրուն, սիրուն» երգի երաժշտությամբ երգում է).

                            Շիշը չի կարող լրիվ ցամաքել,

                             Մեջը մի կաթիլ գոնե կմնա,

                             Ախ, այդ կաթիլին երկար եմ սպասել,

                             Մի քիչ էլ շոյեմ, գուցե թե կգա

                             Դե արի, արի, ինչ ես ուշանում,

                             Երբեք չես եղել այսքան բաղձալի

                             Ասես օրերիս միջից եմ քամում,

                             Բայց դու չես գալիս, իսկ դու չես գալիս…                      

Այնքան է տարված` չի նկատում սանիտարական բժշկի հայտնվելը, որը զարմացած   հետևում է նրան:

ԲԺԻՇԿ — Լա՜վ էլ երգում ես:

ՏԱՐՈՆ — Ո՞վ է:

ԲԺԻՇԿ — Համայնքի սանիտարական բժիշկը:

ՏԱՐՈՆ — (միանգամից ձգվում է🙂 Ցերեկո՞վ…

ԲԺԻՇԿ — Շշի հոգին հանեցիր: Մի՞շտ ես փորձում դատարկությունից մի բան քամել:

ՏԱՐՈՆ — Ամեն ինչն էլ դատարկությունից ենք քամում…

ԲԺԻՇԿ — Փողն է՞լ…

ՏԱՐՈՆ — Ամեն ինչը:

ԲԺԻՇԿ — Շա՞տ եք քամում:

ՏԱՐՈՆ — Մի քանի շիշ օղի միշտ էլ ճարվում է:

ԲԺԻՇԿ — Ընդամե՞նը…

ՏԱՐՈՆ — Օր կա` չի էլ լինում:

ԲԺԻՇԿ — Բա ի՞նչ եք անում:

ՏԱՐՈՆ — Քամում ենք:

ԲԺԻՇԿ — Շի՞շը:

ՏԱՐՈՆ — Կյանքը:

ԲԺԻՇԿ — Չի՞ լինի, որ չլակեք:

ՏԱՐՈՆ — Չենք լակում, խմում ենք: Ուրիշ կերպ դատարկությունը չես լցնի:

ԲԺԻՇԿ — Նայած ով է լցնողը: Կարևորը ինչքանը չի, կարևորը` ինչով ես լցնում:

Դու դատարկությունը դատարկությամբ ես ուզում լցնել: Չի լցվի…

ՏԱՐՈՆ — Մի քիչ էլ բառ ու բան ենք լցնում, կամ էլ` ձեռքներս ինչ ընկնի:

ԲԺԻՇԿ — Ձեր բառ ու բանն էլ չի կշտացնի:

ՏԱՐՈՆ — Ասելիքդ ասա… Տեղը խոնավ է, մեջդ մի պահիր` կբորբոսնի: Նկուղ հենց այնպես չէիր մտնի: Ո՛չ խնամի ենք, ո՛չ գործընկեր… Ոչ էլ պատկերասրահ է, որ նայելու բան լինի:

ԲԺԻՇԿ — Ո՞վ ասաց, որ հենց այնպես եմ մտել… Նայելիս էլ, նայած, ով ինչ է տեսնում: (Քայլում է նկուղով, ոտքով շաղ է տալիս հատակին թափվածը🙂 Էս փալասն եմ տեսել, էս շշերը, էս տոպրակները, էս գարշահոտությունը… Իսկը հիվանդությունների պատկերասրահ, ավելի շուտ` հիվանդությունների տոնավաճառ:

ՏԱՐՈՆ — Տոնավաճառ սիրում եմ, տոնավաճառը լավ գտար: Էդ բառի մեջ ուրախություն էլ կա, տոնի պես մի բան… Միայն թե ուրախությունը ուրիշների համար առօրյա է, մեզ համար` շռայլություն: Մենք ուրախությունից թուլանում ենք, հիվանդանում: Առաջ սիրում էի տոնավաճառ գնալ, երբեմն էլ փորձում էի մի քանի բան վաճառել: Հիմա առաջարկելու ոչինչ չունեմ, ունեցածս հիվանդություններ են` քութեշ, դեղնախտ, ժանտախտ, գրիպի տեսակներ` թռչնի, խոզի, այծի…  Չմոռանամ հիշեցնել զեղչերի ճկուն համակարգի մասին…

ԲԺԻՇԿ — (ծափահարում է🙂 Հիանալի է: Ճարպիկ ես երևում: Զարմանալի է, որ էս օրն ես ընկել:

ՏԱՐՈՆ — Շնորհակալություն, բայց այդ բառերը ջահելությանս կսազեին:

ԲԺԻՇԿ — Ինձ էլ է թվում, որ քո տարիքին վայել չէ այստեղ ապրելը:

ՏԱՐՈՆ — Չեմ էլ ապրում:

ԲԺԻՇԿ — Չե՞ս ապրում:

ՏԱՐՈՆ — Սա ապրե՞լ է: Ընդամենը սպասում եմ… Վերջին օրերիս եմ սպասում: Ոտնաձայները լսում եմ, բայց անհայտ պատճառով ուշանում են…

ԲԺԻՇԿ — Շատ չեն ուշանա: Էս գարշահոտությունը, էս կենցաղը… լրիվ հակահիգենիկ է: Նկուղը չլքեցիք` համաճարակը ձեզ էլ կհնձի, մյուսներին էլ:  Դժոխքի մասնաճյուղը` քեզ օրինակ…

ՏԱՐՈՆ — Վախենո՞ւմ ես:

ԲԺԻՇԿ — Օրգանիզմս վարժված չի նման կեղտի:

ՏԱՐՈՆ — Ուրեմն` այստեղ չես եղել ու ոչինչ չես տեսել:

ԲԺԻՇԿ — Չփորձես ջրիկ մտքերդ վզիս փաթաթել: Տուրիստ չեմ…

ՏԱՐՈՆ — Առաջարկում եմ ընդամենը կույր և համր լինել: 

ԲԺԻՇԿ — Կաշառք ես առաջարկում, երկու արծաթով ես ուզում առնել… Երևի չհասկացար` ով եմ: Ո՜ւմ է ուզում կաշառել… երկու արծաթով: Հիմա փորիս մեջ սատանան հացադուլ կհայտարարի… (Հիստերիկ ծիծաղում է🙂 Ճիշտ որ` առնետ: Եվ առնետը փորձում է ինձ կաշառել: Ինձ, որ ամբողջ կյանքում պայքարել եմ առնետների    դեմ… (Գնումգալիս է🙂 Ուժերիս չափով ոչնչացրել եմ. Քաջ Նազարը`  ճանճերին,  ես`  առնետներին:

ՏԱՐՈՆ — Բոլորին հնարավոր չէ ոչնչացնել:

ԲԺԻՇԿ — Հնարավոր է, միայն ինձ նման սկզբունքային լինեն…

ՏԱՐՈՆ — Սատկած առնետը չի կարող վճարել:

ԲԺԻՇԿ — Կենդանի առնետն էլ չի վճարում… փախչում է: Չե՞ս լսել… Առնետները միշտ հասցնում են լքել աղետյալ նավը: 

ՏԱՐՈՆ — Հարբեցողներն ավելի պատասխանատու են:

ԲԺԻՇԿ — Առնետը առնետ է… Սթափները չքվում են, հարբածները քնում են շաբաթներով:

ՏԱՐՈՆ — Դրա համար քաղաքում ազատ նկուղ չի մնացել:

ԲԺԻՇԿ — Ազատ ականջ էլ չկա, որ ջրիկ մտքերդ լցնես:

ՏԱՐՈՆ — Երկու բառի տեղ կճարվի:

ԲԺԻՇԿ — Եթե բառերը նորմալ են:

ՏԱՐՈՆ — Նորմալը` չգիտեմ, բայց պարզ են ու հասկանալի:

ԲԺԻՇԿ — Ինձ համար կարևորը այս նկուղը գարշանքից մաքրելն է: Մեղք է ժողովուրդը, մի օր կքնի ու էլ չի զարթնի:

ՏԱՐՈՆ — Մեզնից բացի ուրիշը չի տուժի: Փորձանքը առաջինը մեզ է հնձելու: Մինչև զոհվելը կհասցնենք բոլորին զգուշացնել:

ԲԺԻՇԿ — Զարմանալի է… Ամեն անգամ տանջվել եմ խղճից թույլ լինելու պատճառով ու էլի խելքի չեմ գալիս… Հիմա էլ տրամաբանությունը պահանջում է ոստիկանությանը տեղյակ պահել ու մաքրել էս ախոռը, բայց խիղճս… Ընդդիմանում է ու ստիպում հակառակն անել:

ՏԱՐՈՆ — Խղճովները միշտ էլ իրենց խղճի գերին են: Խիղճն էլ նրանց հեռու է պահում դժբախտություններից:

ԲԺԻՇԿ — Աղոթիր, որ երկու օրից անձրև չգա: Անձրև չեմ սիրում, անձրևից արյանս մեջ չարության գնդիկները շատանում են, շա՛տ են շատանում, ու խղճիս ձայնը կորչում է չարության մեջ: Երկու օրից ո՛չ մի խոսք ու զրույց… Էժանագին ոչինչ չառաջարկել, էժանագինից չարությունս կատաղի է դառնում: Ու մտքովդ չանցնի, իբր,  կաշառեցիր, այլապես կիմանաս` ինչ է առնետների որսը: Գնացի, ավելի երկար մնալ հնարավոր չէ: (Արագ դուրս է գնում: Արգելակների ճռինչ, երաժշտություն🙂

ՏԱՐՈՆ — Մենք  դիմանում  ենք… Երևի նրա համար, որ չենք ապրում: Ապրողները շատ բաների չեն դիմանում: Մենք երևի ո՛չ ապրողների մեջ ենք, ո՛չ մեռածների: Հիմա ապրողներին ենք փորձում կաշառել, վաղն էլ մեռածներն են իրենց բաժինը ուզելու: Միջանկյալ ոչինչ չկա, միջանկյալը հիշողությունն է, բայց մեզ հիշողն ո՞վ է:

ՍՈՆԻԿ — (ձայնը լսվում է նկուղի անտեսանելի հատվածից🙂 Տարո՛ն, Տարո՜ն… Գարո՛ւշ, Գարո՜ւշ… (Ներս է գալիս, մոտենում Տարոնին, ցնցում է ուսը🙂 Չե՞ս  լսում:

ՏԱՐՈՆ — (հանկարծակիի եկած🙂 Ո՞վ է:

ՍՈՆԻԿ — Պայթեցի կանչելով: Ո՞ւմ հետ էիր…

ՏԱՐՈՆ — Իմ:

ՍՈՆԻԿ — Ինքդ քեզ հե՞տ էիր խոսում:

ՏԱՐՈՆ — Հա:

ՍՈՆԻԿ — Վաղն էլ պատերի հետ ես խոսելու, սարդերի, չուլուփալասի, էս խողովակների, բորբոսի… Գարուշն ո՞ւր է…

ՏԱՐՈՆ — Օղու հետևից գնաց:

ՍՈՆԻԿ — Հերիք չէ՞ր:

ՏԱՐՈՆ — Օղու հերիքը ո՞րն է:

ՍՈՆԻԿ — Ախր, առավոտ շուտ է…

ՏԱՐՈՆ — Նկուղում բոլոր ժամերը առավոտ շուտ են` կեսօրն էլ, երեկոն էլ: Խմում ենք, որ մարդկության դարդը թեթևանա:

ՍՈՆԻԿ — Քո դարդն ո՞վ է կշռելու:

ՏԱՐՈՆ — Էլի ի՞նչ է եղել:

ՍՈՆԻԿ — Գերասը լավ չի:

ՏԱՐՈՆ — Ով է լավ որ…

ՍՈՆԻԿ — Ջերմությունը չի իջնում… Գազօջախի պես վառվում է:

ՏԱՐՈՆ — Մի երկու ձու լիներ…

ՍՈՆԻԿ — Ձուն ի՞նչ ես անում:

ՏԱՐՈՆ — Ձվածեղ: Գերասի տաք ճակատի վրա:

ՍՈՆԻԿ — Ցանցա՛ռ:

ՏԱՐՈՆ — Բարձրագույն կրթությունս մոռացար:

ՍՈՆԻԿ — Օղին խելքդ վաղուց է կերել:

ՏԱՐՈՆ — Մի բան մնացած կլինի: Սատկած ուղտի կաշին էլ մի իշաբեռ է:

ՍՈՆԻԿ — Եղածն էլ բորբոսը կուտի, կամ արդեն կերել է: Դրանից էլ լրիվ հիմարացել ես:

ՏԱՐՈՆ — Դրանից չի, անզորությունից է, անզորությունից միշտ էլ հիմարանում են:

ՍՈՆԻԿ — Կամ էլ` հիմարությունից են անզոր դառնում:

ՏԱՐՈՆ — Հա՜… Պարզվում է, քեզ հետ էլ պիտի զգույշ խոսել: (Մոտենում է կիսապատուհանին, ուշադիր դուրս նայում: Մեքենաների աղմուկ, մերթընդմերթ տարբեր ոճի երաժշտություն է հնչում🙂

ՍՈՆԻԿ — Ո՞ւմ ես նայում:

ՏԱՐՈՆ — Ոտքերին, ուրիշ բան չի երևում: Ի՞նչ իմանաս` ո՛ւմ են տանում-բերում: Ասում են` ոտքերը հիմար գլխի պատճառով են տուժում: Էս ոտքերն առանց գլխի էլ իրենց վատ չեն զգում… Բայց սրանք հազիվ են շարժվում… Տերը ծերունի է երևի… Նրանց ամեն քայլը մահվանն ավելի է մոտեցնում… Զառամյալների ոտքերը գնալու ուրիշ տեղ չունեն կամ մոռացել են էդ ուրիշ տեղի մասին: Գերասին ի՞նչ ենք անելու:

ՍՈՆԻԿ — Անտիբիոտիկը կօգնի:

ՏԱՐՈՆ — Փող կա՞ որ…

ՍՈՆԻԿ — Թողնո՞ւմ եք` լինի:

ՏԱՐՈՆ — Չսիրեց, փողն էլ մեզ չսիրեց:

ՍՈՆԻԿ — Դեղերն էլ թանկացել են:

ՏԱՐՈՆ — Մարդկությունը ինչքան զարգանա, կյանքն էդքան թանկանալու է:

ՍՈՆԻԿ — Էլի ձեռքներս պիտի մեկնենք…

ՏԱՐՈՆ — Ուրիշ ճար չկա: (Նորից փորձում է օղու շշից մի քանի կաթիլ քամել, ապարդյուն: Շիշը մի կողմ է շպրտում🙂 Այսօր էլ ձեռքներս սթափ մեկնենք: Հնարավոր է` սթափ, առանց օղու աշխարհն ավելի բարի լինի: Գնամ պատրաստվեմ:

ՍՈՆԻԿ — Ես էլ Գերասին նայեմ, կարող է` սիրտն ինչ-որ բան է ուզում: (Գնում են🙂

Պատկեր երկրորդ

Նույն նկուղը: Գարուշն ու Տարոնը նստած են արկղի մոտ: Օղու շիշը դատարկ է, երկուսն էլ գինովցած են:

ԳԱՐՈՒՇ — Ասում եմ` Գերասը համը չհանի… հարմարվել, ապրում ենք:

ՏԱՐՈՆ — Կապ չունի, ամեն ինչ ճակատի գրվածով է:

ԳԱՐՈՒՇ — Մահն է՞լ:

ՏԱՐՈՆ — Անմահությունն էլ:

ԳԱՐՈՒՇ — Ասենք, ճակատը անձրևի տակ մնաց, ու անձրևը էդ գրվածը ջնջեց… Մահն էլ ուզում է գրվածը կարդալ ու չի կարողանում:

ՏԱՐՈՆ — Սանիտարական բժիշկն արդեն կարդացել է:

ԳԱՐՈՒՇ — Ի՞նչ է կարդացել:

ՏԱՐՈՆ — Որ մարդ չենք:

ԳԱՐՈՒՇ — Բա ի՞նչ ենք:

ՏԱՐՈՆ — Առնետ:

ԳԱՐՈՒՇ — (արձակում է տաբատի գոտին, պոչի պես գցում է հետևից, չորեքթաթ հետուառաջ է անում🙂 Նմա՞ն եմ…

ՏԱՐՈՆ — Ո՞ւմ:

ԳԱՐՈՒՇ — Առնետի նման չե՞մ:

ՏԱՐՈՆ — Քիչ-քիչ նմանվում ես:

ԳԱՐՈՒՇ — Առնետները պատերի վրայով քայլո՞ւմ են:

ՏԱՐՈՆ — Կքայլեն:

ԳԱՐՈՒՇ — Անասո՛ւն…

ՏԱՐՈՆ — Ո՞վ:

ԳԱՐՈՒՇ — Սանիտարական բժիշկը: Մեզ ինչի հետ է համեմատել…

ՏԱՐՈՆ — Ասում էր` առնետից արագ ենք վարակը տարածում…

ԳԱՐՈՒՇ — Քիթումռութին պիտի տայիր:

ՏԱՐՈՆ — Իզուր ոստիկանության պատերի ճաքերը պիտի հաշվեինք:

ԳԱՐՈՒՇ — Բայց կիմանար` ով ենք:

ՏԱՐՈՆ — Ի՞նչ պիտի իմանար. ընդամենը, որ առնետից էլ է պետք զգուշանալ:

ԳԱՐՈՒՇ — Քի՞չ է…

ՏԱՐՈՆ — Շատ էլ չէ:

ԳԱՐՈՒՇ — Հիմա ոնց իմանանք` մա՞րդ ենք, թե՞ չէ…

ՏԱՐՈՆ — Համենայնդեպս, մարդանման ենք… Հնարավոր է, մարդ էլ եղած լինենք:

ԳԱՐՈՒՇ — Երևի այն ժամանակ, երբ մեզ էլ էին հարգում: (Դադար🙂 Մեր խոսքն էլ էին լսում: Հետներս ընկերություն էին ուզում անել: Հիմա մեր միակ ընկերը, բարեկամն ու հարազատը օղու շիշն է, մեկ` լիքը, մեկ` կյանքի պես դատարկ:

ՏԱՐՈՆ — Սարդոստայնը…

ԳԱՐՈՒՇ — Ո՞ւր է: (Ձեռքերով փորձում է դեմքը մաքրել🙂 Զզվում  եմ…

ՏԱՐՈՆ — Ասում էի` անընդհատ սարդոստայնում ենք… Բայց երբեք սարդի ոտնաձայները չեմ լսել: Մտածում եմ` վտանգի պես սուսուփուս կլինի:

ՍՈՆԻԿ — (հայտնվում է, զարմացած նայում Գարուշին, որը շարունակում է դեմքը մաքրել երևակայական սարդոստայնից🙂 Էլի լակա՞ծ եք:

ՏԱՐՈՆ — Ընդմիջում է:

ՍՈՆԻԿ — Շտապօգնություն պիտի կանչել:

ՏԱՐՈՆ — Մի՛ ասա: Վատ բաները կամ մի ասա, կամ  այնպես ասա, որ չլսենք:

ՍՈՆԻԿ — Մինչև լուսաբաց չի ձգի:

ԳԱՐՈՒՇ — Դեղերին չորսը արաղի փող տվինք:

ՍՈՆԻԿ — Առանց բժշկի չի լինի:

ՏԱՐՈՆ — Այնպես արա, որ լինի: Խելոք աղջիկ ես, ձևը կգտնես…

ՍՈՆԻ — Սուպերմարկետից կզանգեմ:

ՏԱՐՈՆ — Հեռախոսը` հասկացանք… Շտապօգնությունը եկավ` տեղներս կիմանան ու նկուղից կքշեն: Հիմա առաջվանը չի, հիմա նկուղները վերևի հարկերից հարգի են: Սրա տերը հաստատ քաղաքում չի, թե չէ վաղուց էր խանութ կամ օֆիս սարքել:

ՍՈՆԻԿ — Ուրեմն, թողնենք` մեռնի՞…

ԳԱՐՈՒՇ — Ո՞նց թե` մեռնի… Էլ մեր ընկերը չի՞:

ՍՈՆԻԿ — Բժիշկ է պետք, կենացները չեն օգնի… Ավելի լավ է գնամ, զանգեմ:

ՏԱՐՈՆ — Համբերիր:

ՍՈՆԻԿ — Մինչև մեռնի՞:

ԳԱՐՈՒՇ — Կռռում ես` կմեռնի, հա կմեռնի… Մեռնողը երեկ էլ կմեռներ, դրա առաջին օրն էլ… Բժիշկն ի՞նչ է, կճարենք, էլի՛:

ՍՈՆԻԿ — Հեքիմը գլուխ չի հանի:

ԳԱՐՈՒՇ — Բժիշկը կհանի՞:

ՏԱՐՈՆ — Իսկական բժիշկը չի գա:

ԳԱՐՈՒՇ — Իմ բժիշկը ոչ մեկին չի մերժում:

ՏԱՐՈՆ — Եթե բոմժ է, ձեռ քաշիր:

ԳԱՐՈՒՇ — Շատերին է բուժել:

ՏԱՐՈՆ — Բուժվածներից քանի՞սն են կենդանի:

ԳԱՐՈՒՇ — Մեկը` ես:

ՏԱՐՈՆ — (Գարուշից հոտ է քաշում🙂 Վրայիցդ ապրողի հոտ չի գալիս:

ԳԱՐՈՒՇ — Բերո՞ւմ եմ, թե՞ չէ:

ՏԱՐՈՆ — (գոռում է🙂 Չե՞ս գնացել:

ԳԱՐՈՒՇ — Կամաց, խուլ չեմ: (Դուրս է գալիս🙂

ՏԱՐՈՆ — (Գարուշի հետևից🙂 Օղին չմոռանաս, ամոթ է բժշկին չոր ու ցամաք ճամփու դնենք:

ՍՈՆԻԿ — Մարդը մահամերձ է, սրանք բկները թրջելու մասին են մտածում:

ՏԱՐՈՆ — Դեռ հարց է, թե ով է վատ` մահամե՞րձը, թե՞ մենք: Տնքո՞ւմ է:

ՍՈՆԻԿ — Էս խոնավության մեջ առողջն էլ կտնքա:

ՏԱՐՈՆ — Չեմ տնքացել, չգիտեմ:

ՍՈՆԻԿ — Քո տնքալու ժամանակն անցել է:

ՏԱՐՈՆ — Մի բան մնացած կլինի:

ՍՈՆԻԿ — Միայն մարմինդ ու միայն մարմնիդ մասին էլ մտածում ես:

ՏԱՐՈՆ — Ուրիշ ոչինչ չկա՞:

ՍՈՆԻԿ — Եղածի մասին մոռացել ես:

ՏԱՐՈՆ — Չեմ մոռացել, չեմ ուզում հիշել… Դրա համար էլ խմում եմ: Սթափ վախենում եմ, սթափ աշխարհը շատ վախենալու է: Հարբած ուրիշ է, հիշողությունները վրա չեն տալիս: Վա՛յ նրան, ում հիշողությունները մենակ կբռնացնեն: Օղին չի թողնում` մենակ լինես: Հինգ տարի… Էդ տարիների գույնը ոչ մեկը չի տեսել: Փշալարերը քամելիոնի պես օրը մի գույն են փոխում: Բանտի կյանքին չմերվեցի, փոխարենը ապրելու նախկին ձևը մոռացա: Եթե կինս չմահանար… Երեխաներս էլ չհամբերեցին, մոր մահից հետո ամերիկաներ չքվեցին…

ՍՈՆԻԿ — Փնտրեիր, գրեիր…

ՏԱՐՈՆ — Պատասխանող չեղավ: Գոնե տունը ծախած չլինեին:

ՍՈՆԻԿ — Ծանոթներ, բարեկամներ…

ՏԱՐՈՆ — Ծանոթներն ու բարեկամները մինչև բանտն էին ծանոթ ու բարեկամ… Հիմա տալու ոչինչ չունեմ:

ՍՈՆԻԿ — Կինդ ինչո՞ւ մեռավ:

ՏԱՐՈՆ — Վշտից: Մտածում եմ` վշտից: Մահվան մասին բանտում իմացա ու թվաց` դատավճիռս փոխել են, մի քանի տարի էլ են ավելացրել: Կյանքը միանգամից կորցրեց հետաքրքրությունը, քարացավ, զրկվելով շարունակությունից… Կնոջս հետ շատ բան ունեի պարզելու, չհասցրի:

ՍՈՆԻԿ — Քիչ  խմեիր` կհասցնեիր:

ՏԱՐՈՆ — Բանտում էլ էի խմում: Բանտում էլ էի ուզում թաքնվել` ինքս ինձնից, իրական տեսիլքներից…

ՍՈՆԻԿ — Օղին թափանցիկ է, չի թաքցնի…

ՏԱՐՈՆ — Անտեր մարդկանց բոլոր թաքստոցներն էլ թափանցիկ են: (Արգելակների ճռինչ, երաժշտություն: Մոտենում է կիսապատուհանին, դուրս է նայում🙂

ՍՈՆԻԿ — Նորից ոտքերո՞վ ես հիանում:

ՏԱՐՈՆ — Ուզում եմ գուշակել` դրանց տերը հա՞ստ է, թե՞ բարակ, գի՞ժ է, թե՞ գիտուն, ստո՞ր է, թե՞ խղճով, գեղեցի՞կ է, թե՞ այլանդակի մեկը: Մռայլ եղանակ է, տրամադրություն գցող… Ոտքերն էլ կարող են անբախտ ու բախտավոր լինել… Մեկը թագավորի է տանում, մյուսը` ծաղրածուի:

ՍՈՆԻԿ — Սիրում են, որ տանում են, չսիրեին` չէին դիմանա:

ՏԱՐՈՆ — Շատ սիրողը միշտ էլ տուժում է:

ՍՈՆԻԿ — Առանց սիրո ավելի դժվար կլինի: Մտածում եմ, գուցե մեկն էլ մի օր ինձ    սիրի..

ՏԱՐՈՆ — Ո՞վ պիտի սիրի:

ՍՈՆԻԿ — Կարծում ես` գեղեցիկ չե՞մ… Փալասները չեն թողնում` գեղեցկությունս երևա… Ոտքերս էլ են գեղեցիկ: (Բարձրացնում է փեշը` մերկացնելով ոտքերը🙂 Տե՛ս, որ գեղեցիկ են… Անտերությունը տգեղացնում Է: Մոռացե՞լ ես, Գարուշի հետ ամուսնության առաջարկներ էիք անում… թաքուն: Հետո անտերությունն ու բորբոսը մեջս ջնջեցին կնոջն ու մոռացնել տվին` ինչ սեռի եմ:

ՏԱՐՈՆ — Ներսիդ կրակն է մարել:

ՍՈՆԻԿ — Այստեղի առաջին օրը մտածեցի` խոնավությանն ու գարշահոտությանը չեմ դիմանա ու գիշերը չեմ լուսացնի: Վարժվեցի, գարշահոտությանն էլ վարժվեցի, սարդոստայններին ու առնետներին էլ…

ՏԱՐՈՆ — Նկուղի լավն էն է, որ մեռնես էլ, չես իմանա, որ մեռել ես: Այստեղ  ապրելն ու մեռնելը համարյա չեն տարբերվում…

ՍՈՆԻԿ — (ականջը դռանը` ուշադիր լսում է🙂 Ինչ-որ մեկը ներս մտավ… Գարուշը կլինի:

ՏԱՐՈՆ — Գարո՞ւշ:

Ներս է մտնում հրշեջը` համազգեստով, նման է սանիտարական բժշկին, ասես եկվորյակներ լինեն: Տարոնի ու Սոնիկի վրա ուշադրություն չդարձնելով, ուշադիր շուրջն է զննում:

ՀՐՇԵՋ — Գարուշից բացի էլ ո՞վ կա:

ՏԱՐՈՆ — Գարուշին ենք սպասում, բժշկի հետևից է գնացել… Չե՞ք ասի, հրդեհը ո՞ր հարկում է:

ՀՐՇԵՋ — Բերանդ խերով բաց արա:

ՏԱՐՈՆ — Հրդեհ որ չկա, ուրիշ ի՞նչ եք փնտրում:

ՀՐՇԵՋ — Հրդեհի հավանական օջախներն եմ վերացնում:

ՏԱՐՈՆ — Այստեղ ուզենաս էլ, ոչինչ չես վառի…

ՀՐՇԵՋ — Քո կարծիքով չի վառվի, իմ կարծիքը մի քիչ ուրիշ է: Խորովածի հետ ո՞նց եք:          

ՏԱՐՈՆ — Մեր խորովածը միայն երազում է…

ՀՐՇԵՋ — Բա առաստաղն ինչո՞ւ է սև:

ՏԱՐՈՆ — Երազի խորովածը ոնց էլ անես` վառվում է:

ՀՐՇԵՋ — Երազի բաղնի՞քը ոնց է: Որտե՞ղ եք լողանում:

ՏԱՐՈՆ — Անձրևի տակ:

ՀՐՇԵՋ — Ջուրը չե՞ք տաքացնում:

ՏԱՐՈՆ — Անձրևը տաքացնել կլինի՞:

ՀՐՇԵՋ — Գիշերներն ի՞նչ եք վառում:

ՏԱՐՈՆ — Փողոցի լապտերները:

ՀՐՇԵՋ — (ցույց տալով առաստաղը🙂 Լարերից էլ բան-ման եք միացնում… Շենքը վառելու եք, հետն էլ դուք եք մոխրանալու:

ՏԱՐՈՆ — (որ զրուցելու ընթացքում ուշադիր զննում էր հրշեջին, մոտենում ու փորձում է մոտիկից նայել🙂 Ո՛չ մի տարբերություն: Նա խալաթով էր, դու` համազգեստով…  (Ուշադիր զննում է🙂

ՀՐՇԵՋ — Ճանաչեցի՞ր:

ՏԱՐՈՆ — Երկվորյակ եղբայր ունե՞ք:

ՀՐՇԵՋ — (հրում է նրան🙂 Երեք քույր ունեմ, բոլորն էլ` ինձնից մեծ:

ՏԱՐՈՆ — Սանիտարական բժիշկը ձեր եղբայրը չի՞:

ՀՐՇԵՋ — Եթե քույրերիցս մեկնումեկը սեռը չի փոխել…

ՏԱՐՈՆ — Օտարն այսքան նման չէր լինի… Ոչ թե համարյա, այլ նույնն եք…

ՀՐՇԵՋ — Չունեմ, ա՛յ ընկեր, եղբայր չունեմ, գլուխս տարար: Բժշկին ե՞րբ ես տեսել:

ՏԱՐՈՆ — Մի ժամ առաջ էր:

ՀՐՇԵՋ — Հարբա՞ծ էիր:

ՏԱՐՈՆ — Ի՞նչ եք ուզում ասել:

ՀՐՇԵՋ — Հարբած աչքիդ, չգիտեմ, ինչեր են երևացել:

ՏԱՐՈՆ — Համենայնդեպս, սատանա չեմ տեսել:

ՀՐՇԵՋ — Բժիշկն ինչո՞ւ էր եկել:

ՏԱՐՈՆ — Տոնավաճառի հետ էր շփոթել:

ՀՐՇԵՋ — Ի՞նչ տոնավաճառ:

ՏԱՐՈՆ — Հիվանդությունների:

ՀՐՇԵՋ — Հիվանդությունների հետ գործ չունեմ: Հակահրդեհային վիճակն է ծանր: Զիբիլն ամեն պահի կարող է բռնկվել: Հետաքրքիր է, բժիշկն ինչո՞ւ ձեզ չի քշել: Ստիպված եմ այդ գործն ինքս անել: 

ՏԱՐՈՆ — Իսկապես, ո՛չ մի տարբերություն:

ՀՐՇԵՋ — Արևի լույսի տակ կտարբերես… Կամավոր դուրս կգա՞ք, թե՞ ոստիկանություն կանչեմ:

ՍՈՆԻԿ — (որ մինչ այդ լուռ էր🙂 Սա՞ ինչու է եռում ու իր միջից թափվում:

ՏԱՐՈՆ — Ասում է, գիտի` ջուրն ինչպես վառել:

ՍՈՆԻԿ — Հո չի՞ ցնդել:

ՏԱՐՈՆ — Նկուղում բոլորն էլ մի քիչ ցնդում են:

ՍՈՆԻԿ — Հիմա ի՞նչ է ուզում:

ՏԱՐՈՆ — Մեզ նկուղից հանել:

ՍՈՆԻԿ — Հարցրու` ինչո՞վ ենք խանգարում…

ՏԱՐՈՆ — Հարցրել եմ, ասում է` բոց ու կրակ ենք արտաշնչում:

ՍՈՆԻԿ — Մեզ վիշապի հետ է շփոթել:

ՏԱՐՈՆ — Բոլորն էլ մեզ ինչ-որ բանի հետ շփոթում են:

ՀՐՇԵՋ — Շա՞տ եմ սպասելու… չքվեք, որ դուռը պլոմբեմ:

ՍՈՆԻԿ — Ասա, որ հիվանդ ունենք:

ՏԱՐՈՆ — (Սոնիկին🙂 Գնա Գերասի մոտ, Գերասն ավելի կարևոր է:

ՍՈՆԻԿ — Խնդրիր, գոնե Գերասին չպլոմբի…

ՀՐՇԵՋ — Լեզուդ քեզ քաշիր, թե չէ…

ՍՈՆԻԿ — Բախտդ փորձիր…

ՏԱՐՈՆ — (Սոնիկին` մի փոքր հեգնանքով🙂 Հետը զգույշ խոսիր, հարգալից… Ի՞նչ իմանաս, գուցե ինքն է քո երազների ասպետը, ով իր սիրտն ու հոգին պիտի առաջարկի և ում այդքան սպասել ու սպասում ես:

ՀՐՇԵՋ — Չէ՜ մի… Աշխարհում նրանից բացի ուրիշն էլ չլինի, էլի…

ՍՈՆԻԿ — Շարունակիր, ինչո՞ւ ինքնապլոմբվեցիր:

ՏԱՐՈՆ — Պետք չի…

ՍՈՆԻԿ — Թող կնոջ հետ խոսել սովորի, թե չէ կրակն առաջինն իր լեզուն կվառի:

ՏԱՐՈՆ — Ամուսնացած չի, ամուսնացավ` կինը կսովորեցնի:

ՍՈՆԻԿ — (խոսելով գնում է🙂 Սրա համար միայն կրակ լինի, սա սիրո հուրն էլ կմարի…

ՀՐՇԵՋ — Շառից պրծանք, անցնենք գործի: Ոստիկանություն կանչե՞մ, թե՞ հոժարակամ կազատեք…

ՏԱՐՈՆ — Քո օգուտը ո՞րն է, որ տեղահան ես ուզում անել:

ՀՐՇԵՋ — Օգուտի հետևից եք վազել, որ նկուղն եք ընկել… Ես իմ պարտքն եմ կատարում:

ՏԱՐՈՆ — (ուշադիր նայում է🙂 Նույն աչքերը, նույն քիթը, բերանը… Ոնց որ բնավորությամբ էլ նույնն եքԼ Նա էլ էր սկզբունքային, պատասխանատու ու հայրենասեր… Պայմանավորվեցինք երկու օրից…

ՀՐՇԵՋ — Երկու օրում կարելի է երկու հեղափոխություն անել:

ՏԱՐՈՆ — Երկու հեղափոխությունից հետո ամեն ինչ միևնույն է… Երկու հեղափոխությունից հետո դրամի համար էլ է միևնույն` ում ձեռքից ում գրպանը գնա:

ՀՐՇԵՋ — Ոնց որ ինձ համար` պլոմբելը…

ՏԱՐՈՆ — Բժշկի համար էլ էր նույնը… 

ՀՐՇԵՋ — Նա էլ է խղճով եղել:

ՏԱՐՈՆ — Ասում էի, որ շատ նման եք: Աստված երկուսիդ էլ էնքան խիղճ է տվել, որ  չեք կարողանում տեղավորել, մի բան էլ ուրիշների եք բաժանում:

ՀՐՇԵՋ — Շատ խիղճն էլ մի բան չի, շատ խիղճը երբեմն խանգարում է: Բայց դե, ինքդ քեզնից չես փախչի: (Գնում է🙂

ՏԱՐՈՆ — Զարմանալի է, սրանց չեղած բանն էլ է շատ թվում… Սրանք խիղճը ախորժակի հետ են շփոթել:

Արգելակների ճռինչ, երաժշտություն: Տարոնը մի  քանի  վայրկյան  լսում  էնստում է քարին ու նորից փորձում շշից օղու կաթիլներ քամել: Երաժշտության հետ բեմը մթնում է:

Պատկեր երրորդ

Երաժշտությունը շարունակվում է: Խավարում սպիտակ շողը պատերի վրայով սահելով` հայտնվում է Տարոնի կողքին, իր մեջ վերցնում նրան: Լույսի շողի հետ սահուն Տարոնին է մոտենում ճերմակազգեստ աղջիկը, պտտվում է նրա շուրջը:

ՀՐԵՇՏԱԿ — Հրեշտակ չե՞ս տեսել:

ՏԱՐՈՆ — Մրի ու կեղտի մեջ մաքուրը տարօրինակ է…

ՀՐԵՇՏԱԿ — Հրեշտակները կեղտոտ չեն լինում… Մանավանդ, պահապան հրեշտակները:

ՏԱՐՈՆ — Մուրն ու կեղտը քեզ էլ կսևացնեն:

ՀՐԵՇՏԱԿ — Հրեշտակները միշտ մաքուր են, դրա համար են հրեշտակ:

ՏԱՐՈՆ — Մենք էլ էինք հավատում, որ չենք կեղտոտվի,  բայց կեղտի մեջ երկար մաքուր չես մնա:

ՀՐԵՇՏԱԿ — Ձերը ծուլությունից է: Ծուլությունը ձեր մարմինը ծանրացրել, զրկել է շարժվելու հաճույքից… Ու դժվար է ձեզ պաշտպանելը:

ՏԱՐՈՆ — Ուրիշի հետ ես շփոթել, իմ ի՞նչն ես պաշտպանելու:

ՀՐԵՇՏԱԿ — Տարոնը չե՞ս…

ՏԱՐՈՆ — Տարոնն եմ, բայց ոչ` առաջվանը: Բախտ էլ չունեմ` բախտս պաշտպանես:

ՀՐԵՇՏԱԿ — Բանտում չե՞ս եղել:

ՏԱՐՈՆ — Ենթադրենք: Բանտում մի քանի Տարոն կար:

ՀՐԵՇՏԱԿ — Բայց ոչ մեկի կինը չէր մահացել, նրանց երեխաները հորը չեն թողել  բանտում ու Ամերիկա չվել… Տունն էլ վաճառել են ու քեզ առանց տանիքի թողել:  Պահապան հրեշտակները ոչինչ չեն շփոթում:

ՏԱՐՈՆ — Վստա՞հ ես, որ քո ուզած մոլորակն ես իջել:

ՀՐԵՇՏԱԿ — Երկիրը չի՞:

ՏԱՐՈՆ — Հետո ի՞նչ:

ՀՐԵՇՏԱԿ — Գործուղման թերթիկի մեջ Երկրի անունն էր:

ՏԱՐՈՆ — Իջել ես` ի՞նչ անես:

ՀՐԵՇՏԱԿ — Մի քանի պարկ քնքշանք եմ բերել:

ՏԱՐՈՆ — Քիչ է: Դպրոցներին էլ չի հերիքի:

ՀՐԵՇՏԱԿ — Փոխարենը քեզ լիուլի կբավարարի:

ՏԱՐՈՆ — Մեռածի ինչի՞ն է քնքշանքը:

ՀՐԵՇՏԱԿ — Մահվան հոտ չեմ առնում:

ՏԱՐՈՆ — Արդեն քանի տարի է` չեմ ապրում:

ԱՂՋԻԿ — Բայց ներսդ լիքը ցանկություն է: 

ՏԱՐՈՆ — Բոլորը ձայնագրություն է… Մեկը ձայնագրությունները մոռացել է իմ մեջ ու  հեռացել է: Հնարավոր է` մերոնք մոռացած լինեն… Ամերիկա գնալուց առաջ ձայնագրել ու որոշել են պահարանում փակել, չմտածելով, որ պահարանը կարող է իրենց հայրը լինել:

ՀՐԵՇՏԱԿ — Դու էլ ափսոսել ու ձայնագրությունները չես ջնջել, մտածելով, որ մի օր պետք կգան:

ՏԱՐՈՆ — Ժլատությունից է, միշտ ժլատ եմ եղել: Նույնիսկ վատ մտքերից դժվար եմ բաժանվում:

ՀՐԵՇՏԱԿ — Ժլատությունը ապրելու նշան է, չնայած…

ՏԱՐՈՆ — Հիմա՞ ինչը դուրըդ չեկավ:

ՀՐԵՇՏԱԿ — Ապրողը մտածում է` նկուղից ինչպես դուրս գա, քո ուշքն ու միտքը նկուղը պահպանելն է:

ՏԱՐՈՆ — Մտածելը շատ ասացիր, ընդհանրապես չեմ մտածում, որովհետև չմտածելն ավելի ապահով է: Նկուղը չի թողնի` մտածես:

ՀՐԵՇՏԱԿ — Մարդ չե՞ս: Նույնիսկ մեռածը չի կարող առանց մտածելու…

ՏԱՐՈՆ — Մարդու անունը չտաս: Գուցե եղել եմ, բայց հիմա առնետ եմ… Ինձ ո՞նց ես պահպանելու, եթե մարդուն առնետից չես տարբերում:

ՀՐԵՇՏԱԿ — Տեսքդ խաբուսիկ է, տեսքդ ոնց որ մարդու լինի… Դժվար է գլխի ընկնել, թե մարդու տեսքի տակ ինչ գազան է թաքնված:

ՏԱՐՈՆ — Հրեշտակը պայծառատես պիտի լինի: Գուցե հրեշտակ չես, այլ, ի՛նչ իմանամ, ում լրտեսն ես… Թևերդ էլ չկան:

ՀՐԵՇՏԱԿ — Թևերս կտրել են:

ՏԱՐՈՆ — Ներիր… Անթև հրեշտակն իսկապես կասկածելի է:

ՀՐԵՇՏԱԿ — Ամբողջը նրա մեղքով, ում պահպանում էի: Տիրոջը բողոքել էր, իբր իրեն պահպանելու փոխարեն աչքս սրա-նրա վրա է, չնայած գործուղման թերթիկում գրված էր, որ նրա հարևանին էլ պահպանեմ…

ՏԱՐՈՆ — Հարևանի հրեշտակն ո՞ւր էր, որ նրան էլ էիր պահպանում… Հետո էլ ասում են` յուրաքանչյուրն իր պահապան հրեշտակն ունի:

ՀՐԵՇՏԱԿ — Ուներ կամ ունեցել է, բայց բնակչությունը խելքից դուրս շատացել է:  Երկնքում ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո այսքան հրեշտակ չի եղել…

ՏԱՐՈՆ — Հրեշտակների թիվը չգիտեմ ու կարևոր էլ չէ, բայց թև կտրելը, ում կողմից էլ լինի, դաժան է: Մենք էլ` միամիտներս, բարությունը երկնքից ենք սպասում, աղոթում-աղաչում ենք, մինչդեռ պարզվում է, որ բարությունը երկնքում էլ քիչ է:

ՀՐԵՇՏԱԿ — Բարությունը բոլոր տեղերում էլ քարոզ է, նարկոտիկի պես մի բան:

ՏԱՐՈՆ — Ո՞նց է, որ Տերն այդ մասին չգիտի:

ՀՐԵՇՏԱԿ — Այդպիսի բան չկա, որ Տերը չիմանա: Պարզապես անվերապահորեն վստահում է բոլորին: Մարդկայինը նրա մեջ մարդկանցից մարդկային է:  

ՏԱՐՈՆ — Չե՛մ հավատում, որ նաև ինձ է նման… Միայն թե վստահողին միշտ էլ խաբում են: Վստահում է, ու մտքով չի անցնում ստուգել, որովհետև վստահում է:

Ու նրան խաբում են…

Արգելակների ճռինչ, երաժշտություն:

ՀՐԵՇՏԱԿ — (վեր է թռչում, վազում կիսապատուհանի մոտ🙂 Ո՞վ էր…

ՏԱՐՈՆ — Մեկը մեքենան այդ պատուհանի մոտ կանգնեցրեց: Հիմա տղերքը երաժշտությունը ցածր չեն լսում:

ՀՐԵՇՏԱԿ — (դուրս է նայում, սկսում է ծիծաղել ու թռչկոտել🙂 Ի՛նչ ծիծաղելի է, ի՜նչ ծիծաղելի է…

ՏԱՐՈՆ — Ցնդեցի՞ր: Էդ պատուհանից ամեն ինչ կիսատ է: Կիսատ բանը ծիծաղելի չի   լինի:

ՀՐԵՇՏԱԿ — Միևնույն է, առանց մարմնի ոտքերը ծիծաղելի են:

ՏԱՐՈՆ — Անթև հրեշտակներից ավելի ծիծաղելի չեն լինի: Ոտքերով ես ոգևորվում… Բա որ մարմինր սատանայինը եղա՞վ… Եթե չի երևում, ումը ասես կարող է լինել:

ՀՐԵՇՏԱԿ — (խաչակնքում է🙂 Մի վիրավորիր ու մի մոռացիր, որ քո պահապան հրեշտակն եմ:

ՏԱՐՈՆ — Ընդամենը փորձում եմ հասկանալ, թե մինչև հիմա ուր էիր:

ՀՐԵՇՏԱԿ — Իջնելն է դժվարացել: Անընդհատ մուտքի արտոնագիր են ուզում: Որ ժամին ուզում ես իջիր` հայտնվում ու ստիպում են արյունդ անալիզի տալ:  Ժամերով  բացատրում եմ, որ հրեշտակներն արյուն չունեն, գոռում  եմ, բղավում` լսող չկա, իբր, կարող է տիեզերքից անբուժելի վարակ բերած լինեմ: Փորձում են զոռով արյուն վերցնել ու երբ չի ստացվում, բարկանում են, թե ինչո՛ւ արյուն չունեմ: Բացատրում եմ, որ մահը արյան մեջ է, դրանից էլ հրեշտակներն արյուն չունեն: Նախկինում ուրիշ էր, նախկինում չէին էլ հարցնում` ինչու ենք իջել: Զգում եմ, Տերն այսպես չի թողնի, մի բան կանի:

ՏԱՐՈՆ — Աշխարհն առանց Տիրոջ էլ կկործանվի, Տերը թող ուժերը խնայի, որ կարողանա ավելի հաճելի ու արդար երկիր ստեղծել: (Դադար🙂 Ավելի հաճելի ու արդար երկիր:

Սոնիկի ձայնը. «Գարո՜ւշ, Տարո՜նՉե՞ք լսում»: Նրա ձայնը լսելով` հրեշտակը ցնցվում է, սպիտակ շողի հետ անհետանում

ՍՈՆԻԿ — Չե՞ք լսում:

ՏԱՐՈՆ — Թոկից փախա՞ր… Հրեշտակին լեղաճաք արիր:

ՍՈՆԻԿ — Մեկը գնացել, տասը ժամ է` չկա, մյուսի աչքին հրեշտակներ են   երևում…

ՏԱՐՈՆ — Չէր երևում, կողքիս էր:

ՍՈՆԻԿ — Երևի ծնկիդ էլ լացել է:

ՏԱՐՈՆ — Ինչո՞ւ պիտի լացեր:

ՍՈՆԻԿ — Քեզ հետ ուրիշ ի՞նչ էր անելու:

ՏԱՐՈՆ — Իմ պահապան հրեշտակն էր:

ՍՈՆԻԿ — Չքվե՞ց… Ճիշտ էլ արել է, քո ինչն էր պահպանելու…

ՏԱՐՈՆ — Մի քանի հարց էի ուզում տալ… Հնարավոր է` երկնքում կնոջս տեսած լիներ: Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում, ո՞նց է, հիշո՞ւմ է, թե՞ մոռացել է ինձ:   Կհարցնեի` Գերասին ինչ անենք…

ՍՈՆԻԿ — Ավելի է վատացել…

ՏԱՐՈՆ — Մինչև Գարուշի գալը պիտի սպասենք:

ՍՈՆԻԿ — Մինչև Տիրոջ գալն էլ կսպասեմ, ասա`  Գերասը չշտապի… Հրշեջն ի՞նչ էր ուզում:

ՏԱՐՈՆ — Մի քիչ փող ճարենք` ձայնը կկտրի: (Մոտենում է կիսապատուհանին, նայում է դուրս🙂 Անձրև է գալիս: Անձրևին ոտքերի վարքն ուրիշ է, անընդհատ շտապում  են: Ոչինչ չի փոխվել, բայց շտապում են… Ջրից ծնվել են` ջրից վախենում են: Անձրևն ուժեղանում է…

Արգելակների ճռինչ, բարձր երաժշտություն:

ՍՈՆԻԿ — Նորից… Չեն ասում` հիվանդ կլինի, քնած երեխա…

ՏԱՐՈՆ — (ուշադիր նայում է Սոնիկին🙂 Քեզնից լավ մայր ու կին դուրս կգար… Հոգատարությունը տպված է դեմքիդ:

ՍՈՆԻԿ — Ինչ-որ մեկը չուզեց, որ մայր ու կին լինեմ:

ՏԱՐՈՆ — Գյուղը չպիտի լքեիր:

ՍՈՆԻԿ — Գյուղն ինձ լքեց, օտար մարմնի պես դուրս գցեց… Լավ կինը ամուսնացածի խելքին չէր ընկնի: Նրա ի՞նչն էի հավանել, ինչի՞ց էի կուրացել… Օգտագործելուց հետո դատարկված շշի պես շպրտեց: Դրանից հետո գյուղը չէր ների, գյուղը բարոյազանցներին չի ներում:

ՏԱՐՈՆ — Քաղաքի համար էլ ներկա վարքդ է մերժելի…

ՍՈՆԻԿ — Երևի Տիրոջ կամքով կհասցնեմ ինչ-որ բան փոխել:

ՏԱՐՈՆ — Չի իմացվի, նկուղը ճահճի պես է… Փրկվելու ամեն փորձ ու շարժում ավելի է ներս քաշում: Ճահիճը համբերատար է, փորձով գիտի, որ քչերին է հաջողվել դուրս պրծնել: (Դուրս է նայում🙂 Անձրևն ուժեղացավ… Գարուշը երևի անձրևի պատճառով է ուշանում:

ԳԱՐՈՒՇ — (հայտնվում է դռան բացվածքում🙂 Գարուշը երբեք չի ուշանում: Եվ բերում է, ինչ խոստանում է:

ՏԱՐՈՆ — Բերածդ ո՞ւր է:

ԲՈՄԺ — (ներս մտնելով🙂 Ձեր հիվանդն ո՞ւր է:

ՍՈՆԻԿ — Կողքի  խցում: (Բժշկին ուղեկցում է կողքի խուցը🙂

ՏԱՐՈՆ — Օղի բերեցի՞ր: (Նստում է քարին🙂

ԳԱՐՈՒՇ — Անտեղի հարցրիր:

ՏԱՐՈՆ — Երկու հատ պիտի բերեիր:

ԳԱՐՈՒՇ — Երկու հատ եմ բերել: (Նստում է🙂

ՏԱՐՈՆ — Ո՞վ հուշեց:

ԳԱՐՈՒՇ — Ի՞նչը…

ՏԱՐՈՆ — Երկու հատը:

ԳԱՐՈՒՇ — Ինքս գլխի ընկա:

ՏԱՐՈՆ — Լավ նշան է: Շշերը հանիր:

ԳԱՐՈՒՇ — Բժշկին չսպասե՞նք:

ՏԱՐՈՆ — Կարելի է:

ԳԱՐՈՒՇ — Ասա` Գերասը բուժվի: Մի բան եղավ` դժվար կլինի…

ՏԱՐՈՆ — Ի՞նչ պիտի լինի:

ԳԱՐՈՒՇ — Ոստիկանությունից չենք պրծնի: Հազար մարդ է մեզ միասին տեսել:

ՏԱՐՈՆ — Ձուկը ջրում բազար մի արա:

ԳԱՐՈՒՇ — Չանես` բազարը քո վրա կանեն:

Հայտնվում են Սոնիկն ու Բոմժը: Մտահոգ են:

ՏԱՐՈՆ — Հը՞, բժիշկ…

ԲՈՄԺ — Հիվանդանոց պիտի տանել, ինչքան շուտ, այնքան լավ:

ՏԱՐՈՆ — Բժիշկ, պիտի իմանաս, որ հիվանդանոց չենք կարող տանել: Պատճառները շատ են: Էս նկուղը հազիվ ենք գտել: Հիվանդանոցում վտանգավոր է:  Գերասին տարանք` ոստիկանություն են զանգելու: Մերոնցից ես, մեր անհանգստությունը կհասկանաս: Երկինքը տանիք ունեցողների համար է ռոմանտիկ ու գեղեցիկ: Ռոմանտիզմը մեզ հիվանդացնում է: Այս նկուղը քարանձավից չի տարբերվում, բայց տանիք է… Դրսում հիմա էլ անձրև է… Ո՞րտեղ էինք պատսպարվելու… Մեզնից էլ առնետների պես խորշում են ու քշում տաք ու չոր տեղերից:

ԲՈՄԺ — Եթե մահանա, ձեր գործերն ավելի կբարդանան:

ՏԱՐՈՆ — Ձևը գտիր, բժիշկ, մի բան արա:

ԲՈՄԺ — Կանեի, եթե կարողանայի: Իսկ ուշացնելը վտանգավոր է… Մահացավ, ոստիկանները ոչ միայն այստեղից կքշեն, հնարավոր է, քրեական գործ էլ հարուցեն:

ՍՈՆԻԿ — Հետն էլ խայտառակ կլինենք:

ՏԱՐՈՆ — Դժվար խնդիր է… (Հորանջում է, ալարկոտ ականջն է քորում🙂 Բայց եթե  Գերասը մեռնի, դառնությունը մեզ էլ կսպանի: Գարուշ, խոսի, նկուղը քո նկուղն էլ է:

ԳԱՐՈՒՇ — Ասում ես, էլի՛:

ՏԱՐՈՆ — Դժվար է նորից հայտնվել փողոցում, թրջվել, դողացնել, ոսկորի համար կռիվ տալ շների հետ… Մյուս կողմից, եթե Գերասը մեռնի, էս նկուղը էլ մեզ չի պաշտպանի: Գերասի ուրվականն է հալածելու… Թող յուրաքանչյուրն իր կարծիքն ասի:

ԳԱՐՈՒՇ — Քվեարկենք:

ԲՈՄԺ — Դրա կարիքը չկա:

ՏԱՐՈՆ — Թող Գարուշի ասածով լինի, քվեարկում ենք: Ովքե՞ր են համաձայն շտապ օգնությանը: (Բոլորը ձեռքները բարձրացնում են🙂 Ազգային ժողովը կնախանձեր մեր  միասնությանը: Գարուշ, օղին բաց… Կարող է, վերջին անգամ ենք խմում էս նկուղում: Սոնիկն էլ թող շտապ օգնության հետևից գնա:

ԲՈՄԺ — Դեռ մի գնա:

ՏԱՐՈՆ — Քվեարկեցինք, որոշեցինք…

ԲՈՄԺ — Մի տարբերակ էլ կա:

ԳԱՐՈՒՇ — Խմելը նորից հետաձգվեց:

ՍՈՆԻԿ — Հիմա գնա՞մ, թե՞ սպասեմ:

ԲՈՄԺ — Դեռ սպասիր: Պարտադիր չէ, որ շտապ օգնությունը Գերասին նկուղից տանի… Կարող է փողոցից էլ տանել:

ԳԱՐՈՒՇ — Արագ ասա, հասկանանք:

ԲՈՄԺ — Ասենք, մարդը փողոցում վատացել ու ընկել է, կամ էլ վթարից վիրավորվել… Հո տուն չե՞ն տանում ու նոր` հիվանդանոց: Միանգամից հիվանդանոց են տեղափոխում: Դեռ ոչ մի հիվանդի փողոցում չեն թողել… Այստեղից  քիչ հեռու սուպրմարկետ կա: Կարելի է Գերասին սուպերմարկետի մոտ թողնել, մարդաշատ է: Մյուս կողմից էլ` կարելի է կազմակերպել, որ շտապ օգնությունը ոչ թե մենք, այլ վաճառողները կանչեն: Դրանից հետո արի ու  իմացիր` հիվանդը որտեղից է, ով է…

ԳԱՐՈՒՇ — Առաջարկում եմ էս տարբերակի կենացը խմել:

ԲՈՄԺ — Շուտ է, սթափ ավելի հեշտ կլինի:

ՍՈՆԻԿ — Բա որ դրսում ավելի վատանա՞:

ԲՈՄԺ — Մաքուր օդը չի վնասի: Լիքը չուլ ու փալաս կա, դրանցով կփաթաթենք ու դուրս կհանենք: Կարևորը` ուշադրություն չգրավենք… Գերասին սուպերմարկետ հասցնելուց հետո մեզնից ոչ մեկը կողքին չպիտի լինի: Հեռվից կհետևենք: Հետո դժվար չէ իմանալ, ո՛ր հիվանդանոցն են տարել: Եթե համաձայն եք, կարելի է  սկսել:

Մի պահ լռություն է: Բոլորը մտածում են:

ՏԱՐՈՆ — Սանիտարական բժիշկն ու հրշեջը մտքիցս չեն գնում: Էս նկուղը մեզ համար հայրենիքի պես է ու հայրենիքի պես էլ պիտի պաշտպանենք: Բայց անիմաստ է պահպանելու համար զոհեր տալը, եթե այդ հայրենիքում ոչ ոք չի ապրելու: Գերասին պիտի փրկենք, որ ապրող լինի… Ու ամենակարևորը. Գերասին փրկելով ինքներս մեզ կարողանանք համոզել, որ մեր մեջ մարդը դեռ չի մեռել, դեռ ապրում է… Մենք չկանք, բայց ինքը ապրում է:

ԳԱՐՈՒՇ — Դեղերին շատ փող տվեցինք:

ՏԱՐՈՆ — Մեր ընկերոջ համար էր:

ԲՈՄԺ — Ճիշտը շտապելն է, մնացածը հետո կքննարկենք:

ԳԱՐՈՒՇ — Ասա, ինչ ենք անելու…

ԲՈՄԺ — Նախ Գերասին է պետք պատրաստել:

ՍՈՆԻԿ — (գետնից հավաքում է փալասները🙂 Ես կանեմ: (Անցնում է կողքի խուցը🙂

ՏԱՐՈՆ — (մոտենում է պատուհանին🙂 Անձրևը շարունակվում է:

ՍՈՆԻԿ — (կողքի խցից🙂 Մեկդ օգնեք, մենակ չի ստացվում…

ԳԱՐՈՒՇ — Գալիս եմ: (Գնում է🙂

ՏԱՐՈՆ — Անձրևը չխանգարի:

ԲՈՄԺ — ԸնհՀակառակը, կօգնի… Փողոցում մարդ չես գտնի:

ՏԱՐՈՆ — Հատուկենտ ոտքեր են անցնում:

Հայտնվում են Սոնիկն ու Գարուշը:

ՍՈՆԻԿ — Գերասին ի՞նչ ենք անելու:

ԲՈՄԺ — (Սոնիկին🙂 Առաջինը դուրս կգաս: Սուպերմարկետի մոտ մեզ կսպասես:  Երևացինք` մտիր սուպերմարկետ ու աշխատակիցներին խնդրիր շտապ օգնություն զանգել: Դերասանություն արա, իբր, Գերասին պատահաբար ես տեսել, սրտաճմլիկ բառեր ասա…

ՍՈՆԻԿ — (փորձում է դերը🙂 Խե՜ղճ  մարդը… ինսո՞ւլտ է, ինֆա՞րկտ է… Էնքան էլ խեղճ է: Անտեր մեկն է երևում… (Էլի ախ ու վախեր🙂

ԲՈՄԺ — Լավ է, բայց չպրծար… Սուպերմարկետ գնալուց առաջ կհետևես, որ մեր դուրս գալուց փողոցում անցորդներ չլինեն: Մարդ չեղավ` իմաց կտաս ու նոր միայն սուպերմարկետ կմտնես: Մնացածը մեր գործն է:

ՍՈՆԻԿ — Դուրս գա՞մ:

ԲՈՄԺ — Դրսում պիտի լինեիր:

ՍՈՆԻԿ — Երգեցի` ուրեմն ոչ ոք չկա: (Դուրս  է  գալիս🙂

ԳԱՐՈՒՇ — (խաչակնքում է🙂 Շառից-փորձանքից հեռու: (Կիսապատուհանից դուրս է նայում🙂 Էս անձրևն էլ ոնց որ մեր դարդը լացի…  

ՏԱՐՈՆ — Գերասին լա՞վ եք փաթաթել:

ԲՈՄԺ — Արդեն կարևոր չի… Կարևորը առանց արկածների սուպերմարկետ հասցնելն է:

ԳԱՐՈՒՇ — Ոնց որ փողոցը դատարկ է:

ՏԱՐՈՆ — Սոնիկը պիտի երգեր:

ՍՈՆԻԿ — (երգի ձայնը պարզ լսվում է🙂 Ամպի տակից ջուր է գալիս…

ԲՈՄԺ — Դուրս եկանք, արա՛գ… (Երեքով գնում են Գերասի խուցը🙂

ՏԱՐՈՆ — (այնտեղից🙂 Զգո՛ւյշ… Տեսնողը չպիտի իմանա, որ չուլերի միջինը մարդ է: 

Քիչ անց հայտնվում են Գերասին գրկած, շտապ դուրս են գալիս նկուղից:

Պատկեր չորրորրդ

Նույն նկուղը: Ստվարաթղթե արկղի շուրջ նստած են Տարոնը, Գարուշը, բժիշկը: Արկղի վրա օղու շշեր են, բաժակներ, հացի, պանրի ու երշիկի կտորներ: Կիսապատուհանի մոտ Սոնիկն է: Բոլորի տրամադրությունը բարձր է, պատճառը, հավանաբար, Գերասին բարեհաջող հիվանդանոց ուղարկելն է և, իհարկե, օղին:

ՍՈՆԻԿ — Ասում եմ. «Ձեր պատի տակ ինչ-որ մարդ է ընկած, երևի ոստիկանություն կամ շտապ օգնություն պիտի զանգել»: Աղվեսի աչքերով վաճառողուհին ոտքից-գլուխ չափում է ինձ ու ի՞նչ ասի. «Ընկերդ է, դու էլ կանչիր: Գժվեցինք էս բոմժական խաղերից»: Բոմժը քեռիդ է, ասում եմ, ու քեռուդ քրոջ դուստրը… Զանգում ես` զանգիր, չէ` խեղճի մահը վզովդ է մնալու: «Անսիրտ եք,- գոռում եմ,- մենակ շահի հետևից եք վազում…» ու ձայնս բարձրացնում եմ: Ձայնիս վրա ահագին մարդ հավաքվեց: Գոռում եմ. «Մարդն իրեն վատ է զգում, սրանք չեն ուզում շտապ օգնություն զանգել»: Հավաքվածները պահանջեցին զանգել, նրանցից մեկը քիչ անց զանգեց: Սկսեցին ենթադրություններ անել` ընկածն  ո՞վ է, ինչացո՞ւ է ու չնկատեցին` ոնց հեռացա: 

ԳԱՐՈՒՇ — Շատ մարդ էր հավաքվել… Թարսի պես բժիշկներն էլ ուշանում էին: Մեկ էլ ոստիկանները հայտնվեցին… Սիրտս կանգնեց, մտածեցի` վե՛րջ, ոստիկանները տեսել են` Գերասին ոնց ենք փողոցում թողել կամ էլ ինչ-որ մեկը մատնել է: Լավ է, շտապ օգնությունը եկավ, թե չէ հետս վատ բան էր լինելու…

ՏԱՐՈՆ — Մի անգամ էլ խմենք բժշկի հնարամտության կենացը, որի շնորհիվ Գերասը հիվանդանոցում է, մենք էլ` մեր հարազատ տանիքի տակ: Ու ամենակարևորը…

ԳԱՐՈՒՇ — Էլի կարևոր բան կա՞…

ՏԱՐՈՆ — Մարդկայինի կենացը:

ԳԱՐՈՒՇ — Մեզ հետ ի՞նչ կապ ունի…

ՏԱՐՈՆ — Խմենք նրա համար, որ ունի… Պարզվում է, մարդկայինը մինչև վերջ չի լքել մեզ, ու էդ բանը քիչ առաջ ապացուցեցինք: Հրաժարվեցինք մեր լավից ու մեր ընկերոջը օգնեցինք…

ԳԱՐՈՒՇ — Հո չէի՞նք թողնելու` մեռնի…

ՏԱՐՈՆ — Հենց դա է մարդկայինը:        

Արգելակնների ճռինչ, պարեղանակ է հնչում: Գարուշը վեր է թռչում, սկսում է պարել, ասելով. «Պարենք, գուցե սա մեր վերջին պարն է»: Պարի է հրավիրում Սոնիկին: Նրանց են միանում Տարոնն ու բժիշկըՊարում են, մինչև հեռացող մեքենայի հետ նաև երաժշտությունն է դադարում:

ԳԱՐՈՒՇ — Քիչ առաջ դրսի երաժշտությունից քիչ էր մնում` գլխիս կափարիչը շրջվեր:  Հիմա դուրեկան էր: Ուրիշն ասեր` չէի հավատա, որ նստածդ տեղը աշխարհը կարող է փոխվել: Առավոտյան ուրիշ էր, հետո էլ էր ուրիշ, հիմա բոլորովին այլ է: (Նստում է սեղանի մոտ🙂

ՏԱՐՈՆ — Կարապի պարին էր նման: (Նստում է🙂

ԳԱՐՈՒՇ — Ուզում էիր «կարապի երգ» ասել:

ՏԱՐՈՆ — Վերջին երգը, թե վերջին պարը… Կարևորը վերջինն է:

ԲՈՄԺ — Պարելիս ոնց որ հիշողություններիս տոպրակը ծակվեր: Ներսս խառնվեց:

ՏԱՐՈՆ — Իմն անցյալ տարի էր ծակվել: Մտքովս էլ չանցավ կարկատել: Հիշողությունները ապրողների մոտ են ավելանում: (Գնում է նկուղի հեռավոր անկյունը, որտեղ լույսի շողն է ու շողի մեջ` հրեշտակը🙂

ՀՐԵՇՏԱԿ — Կարծում էի` ձայնս չես լսի:

ՏԱՐՈՆ — Մտածում էի` էլ քեզ չեմ տեսնի:

ՀՐԵՇՏԱԿ — Ուրեմն, կարոտել ես: Պիտի խնդրեմ, որ թույլ տաս բացակայեմ կարճ ժամանակով:

ՏԱՐՈՆ — Արա, ինչ ուզում ես:

ՀՐԵՇՏԱԿ — Ուզում եմ մյուսներին էլ տեսնել, ում պահապան հրեշտակն էլ եմ: Ամեն տարի նրանց թիվը ավելանում է:

ՏԱՐՈՆ — Մեկի կամ հարյուրի տարբերությունը ո՞րն է… Բոլորն էլ վաղ թե ուշ մահանում են:

ՀՐԵՇՏԱԿ — Որովհետև բոլորն էլ մահկանացու են:

ՏԱՐՈՆ — Մեռնողի ի՞նչն ես պահպանում:

ՀՐԵՇՏԱԿ — Մահից ավելի վտանգավոր բաներ էլ կան… Բայց հիմա պիտի անհետանամ:

ՏԱՐՈՆ — Հարցերիս էլ չպատասխանեցիր…

ՀՐԵՇՏԱԿ — Հարցերի ժամանակը չէ:

ՏԱՐՈՆ — Բա ե՞րբ Է:

ՀՐԵՇՏԱԿ — Երբ պատասխանները լինեն: (Լույսի շողը կորչում է, իր հետ տանելով հրեշտակին🙂 

ՏԱՐՈՆ — Էլի չքվեց… Պատասխանները երբեք էլ չեն լինի: (Վերադառնում է խմբի մոտ🙂

ԳԱՐՈՒՇ — Աղոթո՞ւմ էիր:

ՏԱՐՈՆ — Հրեշտակի հետ էի խոսում:

ԳԱՐՈՒՇ — Ափսո՜ս, Սոնիկի ելույթը չլսեցիր… Թող մի անգամ էլ ասի:

ՍՈՆԻԿ — Տասն անգամ էլ կկրկնեմ. այսպես շարունակել չի՛ կարելի:

ԳԱՐՈՒՇ — Ինձնից է լսել, իմ միտքն է… Ես էլ եմ ասում, որ այսպես այլևս չենք կարող: Հիմա ենք լավ զգում, հիմա է, որ մեզնից էլ ենք գոհ, աշխարհից էլ: Վաղվանից էլի փորներս լցնելու մասին ենք մտածելու:

ՍՈՆԻԿ — Ասածս փորը լցնելու մասին չէ:

ԳԱՐՈՒՇ — Ուրիշ ի՞նչ ես հիշել:

ՍՈՆԻԿ — 21-րդ դարն է:

ԳԱՐՈՒՇ — 25-րդն էլ լինի` նույնն է: Սովածը քարե դարում էլ, հիմա էլ նույն սովածն է:

ՍՈՆԻԿ — Սովածը միշտ էլ սոված է, բայց կուշտ թե սոված, մարդը հասցե պիտի ունենա: Հասցե չունեցողը հայրենիք ու երկիր էլ չունի:

ԳԱՐՈՒՇ — Մարդու անուն տվեցի՞ր… Մարդն` ո՜ւր, մենք` ո՜ւր…

ՍՈՆԻԿ — Արջ հո չե՞նք…

ԳԱՐՈՒՇ — Ի՞նչ իմանամ: Ով ինչ ուզում` ասում է, ինչի հետ ասես` համեմատում է…

ՍՈՆԻԿ — Դրա համար էլ ասում եմ` վե՛րջ, ասում եմ` այսպես շարունակել չի՛ կարելի: Կա՛մ մարդու պես պիտի լինենք, կա՛մ անիմաստ է մեր գոյությունը:

ՏԱՐՈՆ — Վերջը նորություն չէր, վերջը միշտ էլ մեզ հետ է եղել, սկիզբն է մեզնից խռովել:

ՍՈՆԻԿ — Վաղվանից աշխատանք եմ փնտրելու:

ԳԱՐՈՒՇ — Ես էլ եմ քեզ պես սկսել շատ երազներ տեսնել… Ինչ երազ ասես` տեսնում եմ:

ՍՈՆԻԿ — Իմ երազն արդեն քանի ամիս է` աչքերիս մեջ է: Իմ երազն իմ նպատակն է:

ԳԱՐՈՒՇ — Տարոնը միշտ ասում է, որ չենք ապրում: Մեռածի ինչի՞ն է նպատակը:

ՍՈՆԻԿ — Մեռածը ձութի պես չէր կպնի նկուղին, չէր փորձի կյանքի գնով պահպանել բորբոսն ու գարշահոտությունը: Մեռածի համար ի՞նչ տարբերություն` անձրև է, ձյուն է, արև է, թե քամի…

ԳԱՐՈՒՇ — Մեռածներն ավելի մրսկան են: (Ծիծաղում են🙂

ՏԱՐՈՆ — (լռում, ուշադիր նայում է Սոնիկին ու սաստում Գարուշին🙂 Վերջացրո՛ւ… Մարդը ոգևորված է, նոր սկիզբ է փնտրում, ուզում է կյանքը փոխել, իսկ մենք ծիծաղում ենք: Հիմա պիտի փնտրի, մինչև հուսահատությունը նրանից վերջին հույսն էլ քամի ու մոտեցնի ամենաբարձր կամուրջի բազրիքին: Իսկ մենք ծիծաղում ենք… 

ՍՈՆԻԿ — Միևնույն է, հաջորդ կյանքում էլ եմ փնտրելու: Գերասի օրագիրն օգնեց կողմնորոշվել…

ԳԱՐՈՒՇ — Գերասը գրել գիտե՞ր:

ՍՈՆԻԿ — Չափը չանցնե՛ս… Մոռացե՞լ ես, ով է ինձ այստեղ բերել, բերել է կամրջի  վրայից, երբ արդեն հենվել էի բազրիքին…

ՏԱՐՈՆ — Օրագիրն ի՞նքն է տվել:

ՍՈՆԻԿ — Խնամելիս միամիտ ձեռքս ընկավ: Երազներ է ունեցել, ցանկություններ…  

ԳԱՐՈՒՇ — Գերասի երազանքը օղին չէ՞ր:

ՍՈՆԻԿ — Մարդու կողքին մարդուն չենք ճանաչել: (Գնում, վերադառնում հին տետր ձեռքին🙂 Սրա մասին էի ասում… Այս տետրի մեջ նրա  հոգին լրիվ մերկ է: (Կարդում է🙂 «Քիչ ժամանակ է մնացել: Ամեն ինչ պիտի անել նկուղից ազատվելու համար: Կարող ես ապրել և չլողանալ, ամիսներով մնալ կեղտոտ ու մաշված շորերի մեջ… Բայց մեռնելիս մաքուր պիտի լինես: Ոչ մեկին չեն թաղում առանց լողացնելու: Երեկ պահապան հրեշտակն էր այցելել: Տարօրինակ հրեշտակ էր, առանց թևերի… Ասում էր` հրեշտակներին պատժելիս թևերն են կտրում: Մեզ հիշեցի: Մեզ մոտ էլ պատժելիս թևաթափ են անում: Հետո ասում էր` եթե թևերը լինեին, ինքը կանոնավոր ու հարգարժան մարդկանց կպահպաներ: Ապացույցը նրա, որ ճշմարտության մեջ դառնություն կա, իսկ բոմժերին պահպանելը երկնային պատիժ է համարվում: Հրեշտակի վերջին խոսքերից ամաչեցի: Փրկությունը մեկն է` նկուղից դուրս գալ: Ապրողը կարող է քնել` ուր պատահի, բայց մեռնողը հասցե պիտի ունենա… Հասցե չունեցողը գերեզմանոցում թիվ էլ չէ, նույնիսկ լիարժեք մեռել չէ…»: (Դադար🙂 Հիվանդանոցից հետո Գերասը երևի այս նկուղը չվերադառնա…

ԳԱՐՈՒՇ — Ո՞ւր պիտի գնա… (Թեթև հեգնանքով🙂 Հյուրանոցներում ազատ տեղ չես գտնի, ուրիշ սպասող էլ չունի: Բայց լավ էր գրել…  Հնարավոր է, իմ մեջ էլ խելոք մտքեր ծնվեն, հնարավոր է, արդեն կան, միայն թե չեմ կարողանում հիմարն ու խելոքը իրարից տարբերել: Գերասը կարողացել էր…

ՏԱՐՈՆ — Իմ հրեշտակն էլ թևեր չուներ… Նույն հրեշտակը վաղը Գարուշին էլ կարող է այցելել:

ԳԱՐՈՒՇ — Առանց թևերի էլ հետը կամուսնանամ:

ԲՈՄԺ — Հրեշտակների պատկերով տեսիլքները սովորաբար ալկոհոլը չարաշահելուց են լինում:

ՏԱՐՈՆ — Բայց երկուսիս էլ նույն տեսիլքն է երևացել:

ԲՈՄԺ — Միասին եք հարբել, միասին էլ տեսել եք:

ՏԱՐՈՆ — Էդ մեկը ճիշտ է, որ մտերիմների հետ եմ սիրում խմել: Խմելիս ու սեքսի պահին օտարի ներկայությունն ավելորդ է: Խմելիս հոգիդ է մերկ, սեքսի ժամանակ`   մարմինդ:

ԳԱՐՈՒՇ — Գերասի կենացը…

ՏԱՐՈՆ — Սոնիկի ասածը խելքս մտավ: Գերասն իսկապես կարող է այստեղ չվերադառնալ: Միշտ հո բոմժ չի՞ եղել, հնարավոր է, բոմժից նորից մարդ դառնա… Բժշկի վիճակն էլ ոչինչ. նկուղի մասին չի մտածում, չի տանջվում, երազ չի տեսնում, իբր` նկուղը գազան դառել, փախել է ուրիշի մոտ:

ԲՈՄԺ — Իմը տանիքն է, ու իմ տանիքը ձեր նկուղից այնքան էլ չի տարբերվում: Մեզ համար միևնույն է, որտեղ ենք, մեզ համար երկինքն էլ նկուղ է, որովհետև նկուղը տարածք չէ, պատ ու կիսապատուհան չէ, այլ վիճակ, որից ծնվել ենք:

ԳԱՐՈՒՇ — Բոմժը, որ ապրում է տանիքում: (Ծիծաղում է, բայց տեսնելով, որ ձայնակցող չկա, լրջանում է🙂

ՍՈՆԻԿ — (մոտեցել է կիսապատուհանին🙂 Անձրևը կտրվեց: Դրսում նորից մարդաշատ է: Տեսնես Գերասը ո՞նց է…

ԳԱՐՈՒՇ — Երևի թեյ է խմում ու զարմանում, որ քեֆը լավանալու փոխարեն բերանն է վառվում…

ՏԱՐՈՆ — Չպիտի հիվանդանար: Բոմժերը չպիտի հիվանդանան, բոմժերի փրկությունը միանգամից մեռնելն է:

ԲՈՄԺ — Էդ տեսակ մահը ընտրյալներին է տրվում ու շատերի երազանքն է:

ՏԱՐՈՆ — Ավելի լավ է խմենք…

ԳԱՐՈՒՇ — Առանց կենացի՞:

ՏԱՐՈՆ — Բժշկի կենացը խմենք…

ԳԱՐՈՒՇ — Էլի՞…

ՏԱՐՈՆ — Ինչքան խմենք` քիչ է… Կարող էր չգալ: Հիվանդը ծանոթ չէր,   հարազատը չէր, թագավոր չէր… 

ՍՈՆԻԿ — Բախտակից էր:

ՏԱՐՈՆ — Մի ընդհատիր: Կարող էր չգալ, բայց եկավ: Չգար` Գերասի վիճակը կբարդանար, մենք էլ, Աստված գիտի, հիմա որ ոստիկանությունում էինք:

ԳԱՐՈՒՇ — Միայն ոստիկանությունում չէ: Ալերգիա ունեմ…

ՏԱՐՈՆ — (ուշադիր լսում է🙂 Ոնց որ էլի մեկը ներս մտավ:

ՍՈՆԻԿ — Չլինի՞ Գերասը…

ԳԱՐՈՒՇ — Էսքան շո՞ւտ…

ԲՈՄԺ — Հնարավոր է, իրեն լավ զգա, բայց այսքան շուտ չէին թողնի:

ԳԱՐՈՒՇ — (կանչում է🙂 Գերա՞ս…

ՕԼԻԳԱՐԽ — (հանդիսավոր ներս է մտնում🙂 Գերասը կուշանա:

ԳԱՐՈՒՇ — Ի՞նչ իմացար:

ՕԼԻԳԱՐԽ — Գերասները միշտ ուշանում են:

ՏԱՐՈՆ — (նրան տեսնելով🙂 Սանիտարական բժիշկն էլի շորերը փոխել ու հիմա, չգիտեմ, ով է… Հրշեջին համազգեստով ջոկեցինք: Սա կարող է նախարար լինել, պատգամավոր…

ՍՈՆԻԿ — Ոնց որ օլիգարխ է:

ՏԱՐՈՆ — Ով էլ լինի, նույն դեմքն է…

ԲՈՄԺ — Մեր հասարակության մեջ ուզենան էլ` ուրիշ չեն կարող լինել: Շուտով չինացին էլ, նեգրն էլ, այլմոլորակայինն էլ նույն դեմքն են ունենալու: Այնքան են նմանվելու, որ ինքդ քեզ հարցնես, թե հավաքվածներից ո՞ր մեկն ես դու:

ՕԼԻԳԱՐԽ — (որ մինչ այդ ուսումնասիրում էր միջավայրը, ծափ է տալիս🙂 Ժողովն ավարտվեց:

ԳԱՐՈՒՇ — Չասացիր` ով ես, ինչ ես ուզում ու արդեն հրամայում ես:

ՕԼԻԳԱՐԽ — Նկուղի տերը:

ԳԱՐՈՒՇ — Մեր նկուղի՞…

ՕԼԻԳԱՐԽ — Ձեր չէ` իմ:

ԳԱՐՈՒՇ — Մինչև հիմա նկուղը ոչ մեկինը չի եղել:

ՕԼԻԳԱՐԽ — Միշտ էլ իմն է եղել… Հիմա անտեր ոչինչ չկա:

ԳԱՐՈՒՇ — Անտերը մենք ենք:

ՕԼԻԳԱՐԽ — Ձեր անտերությունը ձեր խնդիրն է:

ԲՈՄԺ — Նորմալ երկրում մեր անտերությունը միայն մեր խնդիրը չէր լինի:

ՕԼԻԳԱՐԽ — Նորմալ երկրում անտերություն էլ չէր լինի:

ԳԱՐՈՒՇ — Ուզում եք մեզ վռնդել:

ՕԼԻԳԱՐԽ — Չեմ ուզում, վռնդում եմ:

ԳԱՐՈՒՇ — Եվ առանց խղճի խայթի կարող եք մեզ դուրս հանել:

ՕԼԻԳԱՐԽ — Խիղճը անտերների հորինվածքներից է:

ԳԱՐՈՒՇ — Գիշերն էլ կքնեք ու մղձավանջները չեն հալածի:

ՕԼԻԳԱՐԽ — Գունավոր երազներ էլ կտեսնեմ:

ՏԱՐՈՆ — Առաջացեք, ներս մտնեք:

ՕԼԻԳԱՐԽ — Պետք չի, գրկախառնվելու հավես չունեմ… Կոստյումս նոր եմ գնել: Հետո, դռան մոտ գոնե քամի կա:

ՏԱՐՈՆ — (ձեռքը գցում է օղու շշին🙂 Օղի…

ՕԼԻԳԱՐԽ — (ձեռքի շարժումով հասկացնում է, որ Տարոնը չշարունակի, ուշադիր շուրջն է նայում🙂 Չէի հավատում… խոզանոցն ավելի մաքուր է: Առավոտյան ոչ մեկիդ չտեսնեմ: Բանվորները գալու են աշխատելու: Զիբիլն էլ հետներդ կտանեք: Ինչքան ապրել եք, վարձը չեմ ուզում, նվիրում եմ… 

ՏԱՐՈՆ — Մի քանի օր էլ, մինչև նոր տեղ գտնենք…

ՕԼԻԳԱՐԽ — Դրսում մաքուր օդ կշնչեք… Էս գարշահոտությունը ձեզ ավելի շուտ կսպանի: Առավոտյան չքված լինեք: (Դուրս է գալիս🙂

ԳԱՐՈՒՇ — (հեգնական🙂 Ուրախանում էինք, պարում էինք… Էլ ինչո՞ւ չեք ուրախանում ու պարում: Էլի՛ պարեք, էլի՛ ուրախացեք: (Տարոնին.) Ասում էիր` բոմժերին չի կարելի հիվանդանալ… Պարզվում է` բոմժերի ուրախությունն ավելի մեծ մեղք է:

ԲՈՄԺ — Էս տերն ո՞ւր էր մինչև հիմա:  

ՏԱՐՈՆ — Առավոտն էլ էր եկել:

ԳԱՐՈՒՇ — Սկսվե՜ց… Հիմա կասի, որ նկուղի տերը սանիտարական բժիշկն է, հրշեջն է, բժիշկը… Ենթադրենք… Ենթադրենք` նույնն են, քաղաքապետն էլ է նույնը, զագսի վարիչն էլ… Որ նույնը չլինեին, ի՞նչ էր փոխվելու:

ՏԱՐՈՆ — Ուրիշ լինեին, գուցե կյանքն էլ ուրիշ լիներ:

ԳԱՐՈՒՇ — Հազար ոստիկան ու հրշեջ էլ լինի, դուրս չեմ գա: Դուրս չեկա` ի՞նչ են անելու: Կհենվեմ պատին… (հենվում է), դանդաղ կներծծվեմ բետոնի մեջ, կքարանամ ու դուրս չեմ գա:

ԲՈՄԺ — Դուրս կգաս: Սկզբում բանվորները պատի միջից կհանեն, հետո ոստիկանները… Շատ դիմադրես` կձերբակալեն…

ՏԱՐՈՆ — Սկզբում բժիշկն էր, հետո` հրշեջը, հիմա էլ` օլիգարխը… Չգիտես` էլի ով կլինի: Նույն դեմքը, նույն հայացքը: Հոգնեցի… Ուժերս թառամեցին, ուշաթափվեցին, ու հույս չկա, թե ուշքի կգան:

ԲՈՄԺ — Դրանք մի բանի տեղը իմացան` էնքան կգան ու կգնան, մինչև պարանը վիզդ գցեն: Որովհետև իրենց պես չենք, իրենցից չենք, իրենց պարտականությունների սարդոստայնում չենք: Մենք ազատությունն ենք նախընտրել…

ԳԱՐՈՒՇ — Նկո՞ւղն է ազատությունը… Այս ազատությունը չեմ ուզում, գոհ եմ: Էս ազատության համա՞ր են կռվում ու զոհվում: Կա՛մ հիմար են, կա՛մ նրանցը ուրիշ ազատություն է…

ԲՈՄԺ — Ազատությունը մեկն է:

ՏԱՐՈՆ — Մենք ազատություն ենք ընտրել, որովհետև ընտրելու ուրիշ ոչինչ  չկար: Բժիշկը ճշմարտությունը չի ուզում ասել: Մեր ազատությունը ապրելու հետ կապ չունի… Բեռ է, որ մեր կամքից անկախ է հայտնվել մեր ուսերին…

ԳԱՐՈՒՇ — Մեր թույլ ու հոգնած ուսերին:

ԲՈՄԺ — Այնքան էլ թույլ չեն, եթե ազատության ծանրությանը դիմանում են:

ՍՈՆԻԿ — (նորից մոտեցել է կիսապատուհանին🙂 Անձրևը շարունակվում  է… (Արգելակների ճռինչ, երաժշտություն🙂 Ոնց որ մթնել է…

ՏԱՐՈՆ — (օղի է լցնում🙂 Գիշերվա կենացը: (Խմում է🙂

ԳԱՐՈՒՇ — Առավոտվա կենացը խմեիր:

ՏԱՐՈՆ — Մեր հարազատը գիշերն է: Լույսը մերկացնում է մեզ, լույսի մեջ շատ անպաշտպան ենք: Գնամ, հանգստանամ… Չգիտեմ, ճանապարհս ինչքան է երկարելու: (Գնում է մյուս խուցը🙂

ԳԱՐՈՒՇ — (Տարոնի մասին🙂 Զարմանալի մարդ է: Թվում է` լավն ու վատը կշռած պիտի լինի, կոշտացած, բայց հոգին թղթի պես բարակ է ու ամեն պահի կարող է պատռվել:

ԲՈՄԺ — Երևի ես էլ գնամ:

ԳԱՐՈՒՇ — Ասում էիր` տանիքո՞ւմ ես…

ԲՈՄԺ — Հա:

ԳԱՐՈՒՇ — Հարմա՞ր է:

ԲՈՄԺ — Ի՞նչ ես ուզում իմանալ:

ԳԱՐՈՒՇ — Հիմա չէ…

ՍՈՆԻԿ — (դեռ կիսապատուհանի մոտ է🙂 Անտեր անձրևն էլ չի կտրվում… Տարոնն ուշացավ:

ԳԱՐՈՒՇ — Քնած կլինի:

ՍՈՆԻԿ — Սեղանին օղի է մնացել, սպանես` չի քնի:

ԳԱՐՈՒՇ — Հիմա աչքին օղի կերևա՞… Դարդից քեֆը հարյուր է:

ՍՈՆԻԿ — Միևնույն է, աչքիս շատ ուշացավ: (Գնում է Տարոնի հետևից🙂

ԳԱՐՈՒՇ — (Սոնիկի հետևից🙂 Օղի… հետդ օղի տար:

ՍՈՆԻԿ — (տագնապած կանչում է🙂 Գարո՛ւշ, Գարո՜ւշ… (Հայտնվում է հեկեկալով ու սարսափահար🙂  Գարո՜ւշ,  Գարո՛ւշ…

ԳԱՐՈՒՇ — Հը՞… (Ցնցում է Սոնիկի ուսերը🙂 Բան ասա…

ՍՈՆԻԿ — Տարոնը… Տարոնը…

ԳԱՐՈՒՇ — Տարոնն` ի՞նչ…

ՍՈՆԻԿ — Կախվել է:

ԳԱՐՈՒՇ — Հնարավոր չի, հնարավոր չի… (Վազում է ներս, բժիշկն ու Սոնիկը հետևում են նրան🙂

Պատկեր հինգերորդ

Նույն նկուղը: Ստվրաթղթե արկղի շուրջ գլխիկոր նստած են Գարուշն ու բժիշկը: Սոնիկը կիսապատուհանից դուրս է նայում: Արգելակների ճռինչ, երաժշտություն:

ՍՈՆԻԿ — Էսքան երաժշտություն լսողը պիտի հոգս չունենա, ցավ չունենա… Որ էդ ամենը չունենա` երկիրն ուրախ ու արդար պիտի լինի… Բայց եթե երկիրն այդքան ուրախ ու արդար է, Տարոնն ինչո՞ւ կախվեց:

ԳԱՐՈՒՇ — Ոստիկանությունը մեզ շուտ բաց չի թողնի:

ԲՈՄԺ — Դիակ կա, հետաքննություն կլինի, հարցաքննություններ…

ԳԱՐՈՒՇ — Իզուր ես մնացել, բժիշկ, դու գնա, քո մասին ոչ մեկը չգիտի:

ԲՈՄԺ — Ես գիտեմ:

ԳԱՐՈՒՇ — Իմացածդ այնպես թաքցրու, որ ոչ մեկը չտեսնի:

ԲՈՄԺ — Իմանալ ու չհայտնելը կարող է վրաս ավելի ծանր նստել:

ԳԱՐՈՒՇ — Բայց մի՞թե փրկվելու հնար չկա:

ԲՈՄԺ — Մարմինն ի՞նչ ես անելու:

ԳԱՐՈՒՇ — Էս անգամ էլ փողոց կհանենք: 

ՍՈՆԻԿ — Սատկած կատո՞ւ է, թե՞ շուն:

ԲՈՄԺ — Ամեն անգամ պապը փլավ չի ուտի:

ԳԱՐՈՒՇ — Հարցնող լինի` ինչի՞ համար, ի՞նչ էր եղել… Կհանեին` յոլա կգնայինք,  մինչև տանիք գտնեինք: Բաց երկնքի տակ քի՞չ ենք մնացել… Այնքան էր ասում` չենք ապրում, մինչև իսկապես մահացավ: Ինքն իր հետևից էր ընկել ու ինքն էլ իրեն ազատեց իրենից: Ինքը պրծավ, բա մե՞նք… Ախր, ուրիշին փորձանքի մեջ գցելը  նրա բանը չէր:  

ԲՈՄԺ — Նրա հույսն իրենից առաջ էր կախվել: Հույսը հետը լիներ, հիմարություն չէր անի:

ԳԱՐՈՒՇ — Նորից ոստիկաններ, նորից քաշքշոց… Ինչից փախչում ես` առաջդ է գալիս: Ոստիկանության սառը պատերը հիշելիս արյունս լերդանում է:

ՍՈՆԻԿ — Խուճապի մեջ մի ընկնիր, կպարզեն ու բաց կթողեն:

ԳԱՐՈՒՇ — Ուզում եմ փախչել երկրից դուրս, երկրագնդից դուրս:

ԲՈՄԺ — Անիմաստ փախուստն ավելի վտանգավոր է:

ՍՈՆԻԿ — Ոնց որ էլի մեկը եկավ…

ԳԱՐՈՒՇ — Հիմա՞ ով է…

ՍՈՆԻԿ — Համբերեք` կիմանանք…

ՈՍՏԻԿԱՆ — (ներս է մտնում, միանգամից🙂 Չշարժվե՛ք… Չդիմադրե՛ք, չշնչե՛ք… (Գարուշը, Սոնիկն ու բժիշկը հանկարծակիի եկած անշարժանում են: Ոստիկանը ձեռքով ցույց է տալիս Սոնիկին🙂 Սոնիկը դո՞ւ ես…

ՍՈՆԻԿ — Ի՞նչ իմացաք:

ՈՍՏԻԿԱՆ — Հարցեր ես եմ տալիս: Սոնի՞կն ես, թե՞ չէ:

ՍՈՆԻԿ — Ես եմ:

ՈՍՏԻԿԱՆ — Ձեզնից ո՞վ է Գարուշը:

ԳԱՐՈՒՇ — Ես: Ի՞նչ կա որ:

ՈՍՏԻԿԱՆ — Լռե՛լ: Ուրեմն, Տարոնն էլ դու ես:

ԲՈՄԺ — Չէ:

ՈՍՏԻԿԱՆ — Տարոնը չե՞ս:

ԲՈՄԺ — Չէ:

ՈՍՏԻԿԱՆ — Բա ո՞վ ես:

ԲՈՄԺ — Բժիշկը:

ՈՍՏԻԿԱՆ — (գրպանից թուղթ է հանում, կարդում է🙂 Բժշկի մասին բան չի գրված… Կոսմոնավտ էլ լինես` տեղիցդ չշարժվես… Տարոնն ո՞ւր է…

ՍՈՆԻԿ — (ձեռքով ցույց է տալիս🙂 Այնտեղ…

ՈՍՏԻԿԱՆ — Կանչի՛ր:

ՍՈՆԻԿ — Չեմ  կարող:

ՈՍՏԻԿԱՆ — Թույլ եմ տալիս, կանչի՛ր:

ՍՈՆԻԿ — Կանչեմ-չկանչեմ, չի գա:

ՈՍՏԻԿԱՆ — Ասում եմ` կանչի՛ր:

ՍՈՆԻԿ — Չի գա, պիտի բերել…

ԲՈՄԺ — Չե՞ք ասի` ի՞նչ է եղել:

ՈՍՏԻԿԱՆ — Նաև կարտասանեմ… Համա վախենամ, ձեզ համար լավ չլինի: Ձեր ընկեր Գերասը, Գերասին ճանաչում եք, չէ՞… Մի խոսքով, Գերասն ուշքի է եկել ու ամեն ինչ պատմել է: 

ԲՈՄԺ — Գլուխը խելք կա՞ր, որ պատմեր:

ՈՍՏԻԿԱՆ — Գլխի մասնագետ չեմ: Երևի ասել են, որ փողոցից են հիվանդանոց բերել: Գիտակցությունը կորցնելուց առաջ միայն ձեզ է տեսել ու ենթադրում է, որ ձեր միջոցով էլ փողոցում է հայտնվել:

ԲՈՄԺ — Նախ, չենք գցել` տեղափոխել ենք, այդպես չանեինք, ընդհանրապես ուշքի չէր գա և ընդհանրապես չէր խոսի:

ՈՍՏԻԿԱՆ — Ուրեմն, ընդունում եք, որ Գերասին դուք եք փողոց գցել: Լավ է, շատ լավ է: Մնացածը հետաքննությունը կպարզի…

ՍՈՆԻԿ — Գերասը ո՞նց է, լա՞վ է…

ՈՍՏԻԿԱՆ — Տարոնի կարոտն է քաշում:

ՍՈՆԻԿ — (արտասվում է🙂 Տարոնը կախվել է:

ՈՍՏԻԿԱՆ — Չկատակե՛լ… Էս ո՜ւր եմ ընկել, էս ինչե՜ր են կատարվում… Մեկին շպրտում եք փողոց, մյուսին կախում եք: Քրջերի տակ ավազակախումբ է թաքնված: Առանց իմ հրահանգի չշարժվել… (Հանում է հեռախոսը🙂 Ալո, ալո… 7-րդն  է… Հա, դիակ կա… Օգնություն է պետք` քննիչներ ու փորձագետներ… Մանրամասները պարզում եմ: Կասկածում եմ` բո՞մժ են, թե՞ ավազակ… Լսում եմ: (Պահում է հեռախոսը🙂 Հիմա բոլորդ հենվեք պատին… Ձեռքներդ առա՛ջ… Չխոսե՛լ:  

ԲՈՄժ — Մենք հանցագործ չենք, առավել ևս` ավազակ…

ՈՍՏԻԿԱՆ — Լռե՛լ: (Արգելակների ճռինչ, երաժշտություն🙂 Լա՜վ էլ տեղավորվել եք` երաժշտությամբ, գարշահոտությամբ, սպանությամբ…

ԳԱՐՈՒՇ — (Սոնիկին🙂 Հիմա ուզենամ էլ, չեմ կարող փախչել…

ՍՈՆԻԿ — Պետք չի… բացատրություններ կվերցնեն, բաց կթողնեն…

ԳԱՐՈՒՇ — Տարոնը ոնց որ ճիշտ էր: Էս ոստիկանը օլիգարխի պատճեն է:  

ՍՈՆԻԿ — Հրշեջին ավելի է նման…

ԳԱՐՈՒՇ — Տարոնի վրա էլ իզուր բարկանում էի… Բոլորը նույն մարդն են:

ՍՈՆԻԿ — Կարո՞ղ է` դիմակն է նույնը:

ԳԱՐՈՒՇ — Ուզում եմ ուրիշ մի կնճիռ, մի գիծ գտնել… Ո՛չ մի տարբերություն: Տարոնը հրշեջին ի՞նչ էր ասել:

ՍՈՆԻԿ — Իբր, մի քանի կոպեկ կտանք, ձեն չի հանի…

ԳԱՐՈՒՇ — Սրան էլ մի քանի դրամ չառաջարկե՞մ:

ՍՈՆԻԿ — Մերժեց` ավելի վատ կլինի…

ԳԱՐՈՒՇ — Բայց հավատում ես, չէ՞, որ նույնն են…

ՍՈՆԻԿ — Ասենք թե…

ԳԱՐՈՒՇ — Մեկը որ չի մերժել, մյուսն էլ չի մերժի:

ԲՈՄԺ — Եթե դիմակը նույնը լինի, բայց իրենք տարբեր, կարող է կատաղել: Վիրավորեցինք, մի քանի հանցանք էլ ինքը կավելացնի…

ԳԱՐՈՒՇ — Փողից ո՞վ է վիրավորվել:

ԲՈՄԺ — Քչից վիրավորվում են:

ՈՍՏԻԿԱՆ — Լռե՛լ: (Խոսում է հեռախոսով🙂 Լսում եմ… (Հեռախոսը պահում է🙂 Հիմա ձեռքներդ թիկունքներիդ, դանդաղ նկուղից դուրս կգաք…

ՍՈՆԻԿ — Տարոնը…

ՈՍՏԻԿԱՆ — Տարոնով քննիչներն ու փորձագետները կզբաղվեն…  Հիմա քայլով մա՛րշ…  

ԳԱՐՈՒՇ — Չեմ գալիս:

ՈՍՏԻԿԱՆ — Խորհուրդ չէի տա դիմադրել…

ԳԱՐՈՒՇ — Ինչքա՞ն ես ուզում, որ բաց թողնես:

ՈՍՏԻԿԱՆ — Կաշառո՞ւմ ես, թշվառական… (Հանում է ատրճանակը🙂 Առնետի պես կսատկացնեմ:

ՍՈՆԻԿ — Իրավունք չունեք:

ՈՍՏԻԿԱՆ — Լսե՞լ ես, որ առնետներին սատկացնելու համար մեկին պատժած լինեն: Ընդհակառակը, գնահատում են: Հասկացա՞ք… Բոլորի՛դ կսատկացնեմ: 

ԲՈՄԺ — Առնետների հետևից ոստիկան չեն ուղարկում:

ՈՍՏԻԿԱՆ — Մեր օրերի առնետների հետևից ուղարկում են: Չենթարկվեցիք` աչքս էլ չեմ թարթի… Ու որպես պարգևատրում ուսադիրիս վրա մի աստղ էլ կավելանա:

ԳԱՐՈՒՇ — Ասա` խղճիդ վրա ավելանա, թե չէ ուսերիդ աստղ է, խղճիդ վրա` արյունոտ խոց:

ՈՍՏԻԿԱՆ — Մի խոց ավել, մի խոց պակաս… Սատկացնելուց հետո թող մի խոց էլ ավելանա: Խնդիր չունեմ: Խնդիրը ձեզ ոստականություն հասցնելն է:

ԳԱՐՈՒՇ — Սպանես էլ` դուրս չեմ գա: (Նստում է հատակին🙂 Ոչ թալանել եմ, ոչ սպանել…

ՈՍՏԻԿԱՆ — Քննիչն ու դատարանն են որոշում` ինչ ես արել: Վեր կաց ու դո՛ւրս արի:

ԲՈՄԺ — Իսկապես, մեզնից ոչ մեկը անթույլատրելի ոչինչ չի արել:

ՈՍՏԻԿԱՆ — Գլուխս տարաք… Դատարանը ե՞ս եմ` վկայություններ եք տալիս, արդարանում եք: Ինձ պե՞տք է` ինչ եք արել, ինչու եք արել, ում եք արել… Ուզում եք` կերեք իրար: Իմ գործը ոստիկանություն հասցնելն է, դրանից հետո թեկուզ երկրաշարժ… Հիմա լռեք ու ինչ ասեմ` արեք: (Հանում է ատրճանակը🙂 Մինչև տասն եմ հաշվում, դուրս չեկաք` կրակում եմ: Մե՛կ…

ԳԱՐՈՒՇ — Ուզում ես մինչև առավոտ հաշվիր… Դուրս չեմ գալ:

ՈՍՏԻԿԱՆ — Երկո՛ւ… (Մոտենում է Գարուշին, քաշում է թևքից, փորձելով բարձրացնել🙂 Տակա՛նք:

ԳԱՐՈՒՇ — (փորձում է դիմադրել🙂 Բա՛ց թող, միևնույն է, չե՛մ գա…

ՍՈՆԻԿ — (փորձում է Գարուշին հեռու պահել ոստիկանից🙂 Բա՛ց թողեք, ինքը կամավոր… քիչ հետո դուրս կգա:

ԳԱՐՈՒՇ — Ավելի լավ է մեռնեմ, քան սրա հետ գնամ:

ՈՍՏԻԿԱՆ — Երեք-չո՛րս… (Թևքը թողնում, ոտքով խփում է🙂 Հիմա կհասկանաս, թե ում հետ գործ ունես:

ԲՈՄԺ — Ընկճված է, իր արարքները չի գիտակցում, հանգստանա, դուրս կգա…

ՈՍՏԻԿԱՆ — Հինգ-վե՛ց… Ես եմ որոշում, ով ինչ անի: (Ատրճանակը Գարուշի վրա պահելով🙂 Յո՛թ…

ՍՈՆԻԿ — Չե՞ք կարող ատրճանակը իջեցնել… Դրանից ավելի է ներվայնանում…

ՈՍՏԻԿԱՆ — Ութ, ինը…

ԳԱՐՈՒՇ — Կրակիր, կրակիր…

ՈՍՏԻԿԱՆ — Գոռում ես, հարձակվում ես պետության ներկայացուցչի վրա, այն էլ` ծառայողական պարտականությունները կատարելիս: Պետության ներկայացուցիչն էլ պաշտպանվելու իրավունք ունի: (Փողը պահում է Գարուշի գլխի ուղղությամբ🙂 Տա՛սը…

Հայտնվում է սպիտակ շողը, շողի հետ` ճերմակազգեստ աղջիկը: Արագ մոտենում է Գարուշին, մարմնով ծածկում նրան: Այդ պահին հնչում է կրակոցը, ճերմակազգեստ աղջիկը անշնչացած պառկում է Գարուշի ոտքերի տակ: Բոլորը, անգամ ոստիկանը սարսափած լռում են: Լռությունը խզում է դրսից լսվող երաժշտութունը: Նրա ձայնից սթափվելով` բժիշկը նետվում է դեպի հրեշտակ, փորձում է օգնել, բայց քիչ անց նրան զգույշ պառկեցնում է գետնին:

ԲՈՄԺ — Մահացել է:

ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ էր, որտեղի՞ց հայտնվեց…

ԳԱՐՈՒՇ — (խոնարհվում է հրեշտակի վրա🙂 Պահապան հրեշտակը… Գերասի և Տարոնի պահապան հրեշտակը: Կտրված թևերի տեղերն էլ երևում են… Տարոնին չկարողացավ, բայց ինձ փրկեց:

ՍՈՆԻԿ — Ուրեմն չէին ստում, ուրեմն հրեշտակը եղել է…

ԲՈՄԺ — Պարզվում է` տեսիլք չէր և հիմա պառկած է անշունչ…

ԳԱՐՈՒՇ — Բա ասում էին` հրեշտակներն անմահ են…

ԲՈՄԺ — Եղել են, բայց հիմա անմահ ոչինչ չկա: Ժամանակները փոխվել են… Մեր աչքերի առաջ ամեն օր աստվածներ ու աստվածություններ են մեռնում:

ՈՍՏԻԿԱՆ — (սթափվում է:) Լռե՛լ… Հերթով դուրս եք գալիս… Հրեշտակի վրա կրակողը Աստծո վրա էլ կկրակի: Նոր հաշիվը մինչև երեքն է: Ում նկուղում տեսա` կրակում եմ: Մե՛կ, երկո՛ւս…

Սոնիկն ու բոմժը բռնում են Գարուշի թևերից ու չնայած նրա դիմադրությանը, ուժով դուրս են հանում: Հաշվելով մինչև երեքը, ոստիկանը դուրս է գալիս նրանց հետևից: Հնչում է նոր երաժշտություն, և ամեն ինչ թաղվում է անթափանց խավարի մեջ:                                 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։