Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ/ԵՍ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ
Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԵՍ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ» վոդևիլը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՍ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ
Վոդևիլ 2 պատկերով
Գործող անձինք
Առաջին հռետոր
Երկրորդ հռետոր
Երրորդ հռետոր
Ուսուցչուհի
Առևտրական
Տնային տնտեսուհի
Կոշկակար
Նկարչուհի
Երաժիշտ
Երեխա
Զինվոր
ՊԱՏԿԵՐ 1
Բեմը բաժանված է բակի և բնակելի հատվածների: Ետնամասում` կապույտ երկինք արևի մեծադիր պատկերով: Բակի հատվածում` ծածկի տակ կոշկակարը կոշիկ է կարում: Վաճառականը կողովից մրգեր է հանում, փայլեցնում ու շարում փոքրիկ վաճառասեղանին: Երաժիշտը` նստարանին թեք ընկած, կիթառ է նվագում: Բնակելի հատվածում` թիկնաթոռին նստած նկարչուհին նկարում է: Ուսուցչուհին գրասեղանի մոտ կարդում է: Տնային տնտեսուհին աթոռին դրված տաշտի մեջ լվացք է անում: Երեխան խաղում է նրա ոտքերի մոտ: Բեմի առաջամասում, իրարից հավասար հեռավորության վրա (երկու անկյուններում և կենտրոնում), կախված է երեք աթոռ:
Աստիճանաբար ահագնացող ամբոխի աղմուկ:Աջ կողմից, պաստառը պարզած, բակ է մտնում Առաջին հռետորը: Պաստառին գրված է. «Արևը մերն է, մեր տան վերևն է»: Մտնելու պահին աղմուկը կտրուկ դադարում է:
Առաջին հռետոր — (արագ և շռնդալից): Ժողովո՛ւրդ, ես եմ… Եկել եմ… Արևը մերն է, մեր տան վերևն է…
Բոլորը դադարեցնում են աշխատանքը, հակվում առաջ ու զննում են եկվորին:
Կոշկակար — (կոկորդը մաքրելով): Ինչո՞վ ես եկել, հարազա՛տ… (Քթի տակ ծիծաղում է🙂
Առաջին հռետոր — (վերամբարձ): Դարերից ձգվող աստանդական իմ ճանապարհը ես ոտքով եմ անցել, հայրի՛կ:
Կոշկակար — Պահո՜… ա՛յ որդի, դարերից ես գալիս ու ձի էլ չունե՞ս:
Առաջին հռետոր — Իր հրաշագործ տեխնիկայով ժամանակակից աշխարհն է իմ նժույգը, որ պիտի ծառայեցնեմ միմիայն ձեր շահերին, հայրի՛կ:
Կոշկակար — (hեգնանքով): Կամպուտրչի՞կ ես…
Առաջին հռետոր — Համակարգիչն, անշուշտ, գրագիտության աղբյուր է, բայց ես առաջին հերթին քաղաքական գործիչ եմ, հայրի՛կ:
Կոշկակար — Քաղաքական գործի՞չ: (Շրջվելով մյուսների կողմը🙂 Ժողովուրդ, ասում է` դարերից է եկել, բայց… ձի էլ չունի, հետն էլ` քաղաքական գործիչ է: Համարյա մեր օրին մարդ է… Ուզածդ ի՞նչ է, գործի՛չ:
Առաջին հռետոր — (ոգևորված): Ձեր ահագնացող ձայնը, ժողովո՛ւրդ, որի միջոցով մենք բարեկեցություն կստեղծենք մեր երկրում…
Կոշկակար — Ձայնով բարեկեցություն կլինի՞, հեր օրհնած… Երգի՞չ ես, թե՞ դերասան…
Առաջին հռետոր — (ծալում է պաստառը): Եթե պետք լինի, չկասկածեք, ձեզ համար կլինեմ երգիչ, թեկուզ դերասան ու զիլ ձայնով կերգեմ ձեր հոգս ու ցավից…
Կոշկակար — (մեկուսի): Յաման լեզու ունի, հա… (Բարձրաձայն🙂 Քեզ նման քանի՞սն եք, գործի՛չ եղբայր…
Առաջին հռետոր — (մատների վրա թվարկելով): Մեզ հետ են` տուժածն ու զրկվածը, աշխատանք փնտրողն ու արտագաղթողը… նաև` բոլոր ազնիվ հոգիները երկրիս: Նրանք հազար են, բյուր են, ժողովո՛ւրդ: Մեր երկրին, մեր երեխեքին, մեր արևին միասին ենք տեր կանգնելու: Համոզված եղեք` արևը մերն է…
Կոշկակար — Էս դարերից եկողի մեջ ոնց որ կրակ կա: Ի՞նչ կասեք… (Ոչ ոք չի արձագանքում🙂 Լավ էլ խոսում է, ժողովուրդ… (Տեղից բարձրանում է, ձեռքի մուրճն ու կոշիկը դնում աթոռին🙂 Ես նրա կողքին կլինեմ… (Բռունցքը պարզած🙂 Արևը մերն է, մեր տան վերևն է…
Մյուսներն անտարբեր նայում են նրանց ու շարունակում իրենց աշխատանքը: Երաժիշտը շարունակում է նվագել:
Կոշկակար — Ժողովո՛ւրդ… Եկել է…
Բոլորը դադարեցնում են աշխատանքն ու տարակուսանքով նայում նրանց:
Երաժիշտ — (երգում է). Բավ է ես կոշիկ կարեմ,
Մեծ կյանքից հեռու լինեմ:
Ուս—ուսի տանք մենք, եղբայր,
Երկիր շինենք մեզ հարմար:
Արի, արի, գովելի,
Գալդ բարի թող լինի:
Մեր գլխին դու տեղ ունես,
Մեր փոխանորդը լինես:
Ուսուցչուհի — Գործի՛չ, որդիս բանակում ծառայում է… Չնայած կամավոր է մեկնել, բայց զինվորի հանդեպ եղած վերաբերմունքն ինձ հուսահատեցնում է: Վատ լուրեր են պտտվում… Ի՞նչ կասեք… Գիտեք, նա իմ միակն է…
Առաջին հռետոր — (պատիվ առնելով): Մենք ամենքս հայրենիքի զինվոր ենք, մայրիկ: Հավատացեք, նա շատ շուտով կվերադառնա… Ես ամեն ինչ կանեմ, որ նա սպայական աստիճանով զորացրվի:
Ուսուցչուհի — Իսկ մենք դպրոց կունենա՞նք, որդիս… Եղածն այսօր փորձադաշտ է հիշեցնում:
Առաջին հռետոր — Կյանքի դարբնոցում կկոփվի նաև մեր ապագա դպրոցի տեսլականը, մայրիկ: Ուսուցիչն է մեր պատվարը, հասարակության խիղճն ու հավատը: Ձեր երախտագետ սաները` մենք, պիտի հավետ մեծարենք ու փառաբանենք ձեզ:
Ուսուցչուհի — Ո՞ր դպրոցն ես ավարտել, տղաս:
Առաջին հռետոր — (կարկամում է): Դա էական չէ, մայրիկ… Էականն այն է, որ ես միշտ պատրաստ եմ ձեր իմաստուն խոսքին ունկնդիր լինել:
Ուսուցչուհի — (փակելով գիրքը` բարձրանում է տեղից): Կեցցե՛ս, տղաս, դու ինձ հիշեցրիր մեծն Կորյունին… (Մոտենում է հռետորին ու կոշկակարին🙂 Արևը մերն է… Ժողովո՛ւրդ… Եկել է…
Երաժիշտ — Բավ է ես կոշիկ կարեմ,
Մեծ կյանքից հեռու լինեմ:
Ուս—ուսի տանք մենք, եղբայր,
Երկիր շինենք մեզ հարմար:
Արի, արի, գովելի,
Գալդ բարի թող լինի:
Մեր գլխին դու տեղ ունես,
Մեր փոխանորդը լինես:
Առաջին հռետոր, Կոշկակար, Ուսուցչուհի — Ժողովո՛ւրդ, արևը մերն է, մեր տան վերևն է…
Ձախ կողմից` պարկը ուսին, մտնում է Երկրորդ հռետորը:
Երկրորդ հռետոր — Ժողովո՛ւրդ, ես եմ… Եկել եմ… (Երգում է🙂 Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ… (Պարկը դնում է գետնին🙂
Բոլորը դադարեցնում են իրենց աշխատանքը, զննում եկվորին:
Վաճառական — (խորամանկ ժպիտով ցույց է տալիս պարկը): Էդ ի՞նչ ես բերել, պատվական ախպեր:
Երկրորդ հռետոր — Ձեր կեցությունն եմ բերել, հարգելի՛ ձայնեղբայր:
Վաճառական — Այտա, հո բարեկամ չե՞ս, մատաղդ…
Երկրորդ հռետոր — Ճակատագրով ամենքս էլ բարեկամ ենք, էլի՛, սեղան-ախպեր:
Վաճառական — Մատաղ, էդ ձեռքիդ պարկին ինչքա՞ն ես ուզում:
Երկրորդ հռետոր — Ձեր վերաբերմունքը միայն, սեղան-ախպեր… (Ցույց տալով պարկը🙂 Սա իմ արդար քրտինքն է…Սա ձերն է, ժողովո՛ւրդ:
Վաճառական — (նրա ուսից փոշին թափ տալով): Հեչ ի՞նչ կարաս անես, մատաղ…
Երկրորդ հռետոր — Մտքիցդ ինչ անցնի` տեր եմ, սեղան-ախպեր: Թե կամենում եք` ապրեմ-արարեմ, երկիր շինացնեմ, ձեր զիլ ձայները էսօր ինձ տվեք…
Վաճառական — Տուն ու տեղ ունե՞ս, մատաղ:
Երկրորդ հռետոր — (գրպանից «տերողորմյա» է հանում, խաղացնելով): Անտուն, աներկիր ինը տարի թափառել եմ օտար ափերում… Իմ ձեռքերով տուն եմ կառուցել, այգիներ գցել հարազատ հողում, ինչը ուզում եմ, որպես հոգաբարձու, ձեզ էլ կամենալ:
Վաճառական — (բակի մարդկանց): Համ ապրելու հնարը գիտի, համ էլ` ապրանքի հարգը… Հետն էլ թանկաբազար չի, ժողովուրդ: (Մոտենում Երկրորդ հռետորին🙂 Արև, արև, եկ, եկ… Ժողովուրդ… Եկել է…
Բոլորը դադարեցնում են աշխատանքը և տարակուսած նայում նրանց:
Երաժիշտ — Ջուրը մենք տանք գյուղացուն,
Խոպանչինե՛ր, դարձեք տուն:
Մենք բանկեր ենք հիմնելու,
Փողն էլ փող է բերելու…
Արի, արի, գովելի,
Գալդ բարի թող լինի:
Մեր գլխին դու տեղ ունես,
Մեր փոխանորդը լինես:
Տնային տնտեսուհի — Բա էս երեխու ապագայի մասին ո՞վ պիտի մտածի:
Երկրորդ հռետոր — (գրկում է երեխային): Նա հենց մեր ապագան է, որ կա: Էրեխեն էս տնակից շուտով դուրս կգա, տուն-տեղ կունենա, դպրոցից-բանից, շորից-մորից և ամենակարևորը` ուտելու բան…
Տնային տնտեսուհի — Հա՞… (Ցույց տալով պարկը🙂 Բերածդ ի՞նչ է, պատվական ախպեր:
Երկրորդ հռետոր — Ինչ որ է, քույրիկ… Սեղան-ախպերը ձեր մեջ հավասար կես կանի…
Տնային տնտեսուհի — Ես շատ եմ հավան… Տղամարդն իսկը ըսենց կլինի… (Երեխայի ձեռքը բռնած մոտենում է Երկրորդ հռետորին ու վաճառականին🙂 Արև, արև, եկ, եկ… Ժողովո՛ւրդ… Եկել է, բերել է… (Վաճառականը պարկն է տնտղում🙂
Երաժիշտ — Լվամ, եփեմ ու թափեմ`
Հերիք ես ստրուկ լինեմ:
Մարդը մարդ է` կին, թե մարդ,
Ապրենք անհոգ ու անդարդ:
Արի, արի, գովելի,
Գալդ բարի թող լինի:
Մեր գլխին դու տեղ ունես,
Մեր փոխանորդը լինես:
Երկրորդ հռետոր, Վաճառական, Տնային տնտեսուհի — Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ…
Մտնում է Երրորդ հռետորը, ձեռքին` փուչիկներ:
Երրորդ հռետոր — (փուչիկները կախում է մեխից): Ժողովո՛ւրդ, ես եմ… Եկել եմ… (Բղավում է🙂 Սեր, հավատ, համերաշխություն…
Երաժիշտն ու նկարչուհին նայում են իրար:
Նկարչուհի — (ծալում է թղթապանակը, ոտքը ոտքին գցում, տռփանքով): Արդյոք ի՞նչն է ձեզ դրդում խառնվել ինչքի ու գաղափարի այս պայքարին, պարոն…
Երրորդ հռետոր — (արտիստիկ): Մեր մշակույթը վտանգի մեջ է: Ժողովրդին վերադարձնենք իր ինքնությունը: (Համբուրում է նկարչուհու ձեռքը🙂 Գեղեցիկը կփրկի աշխարհը, սիրելի՛ս…
Նկարչուհի — (կոտրատվելով բարձրանում է տեղից): Երևում է` կնամեծար եք, պարոն:
Երրորդ հռետոր — Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:
Նկարչուհի — Բրավո, սքանչելի է…. Ի՞նչ եք կամենում, ո՛վ բարի ասպետ:
Երրորդ հռետոր — Ձեր քնքուշ ձայնը, սիրելի օրիորդ…
Նկարչուհի — Ինչի՞ց իմացաք, որ…
Երրորդ հռետոր — Անաղարտ են ձեր շուրթերը բոսոր…
Նկարչուհի — Դիտողունակ եք, բացառի՛կ այր…
Երրորդ հռետոր — (նկարչուհուն թևանցուկ անելով): Ճիշտ կռահեցիք: Ես եմ միակը` մորս տքնությամբ լույս աշխարհ եկած… Թույլ տվեք, օրիորդ, ձեր ծաղիկ կյանքին լինել ապավեն…
Նկարչուհի — Ժողովո՛ւրդ… Եկել է… Սեր, հավատ, համերաշխություն:
Երաժիշտ — (մոտենում է Երրորդ հռետորին ու նկարչուհուն).
Բար, ռեստորան, դիսկոտեկ,
Թանկ են էսօր` դուք գիտեք:
Մշակույթը մեծարենք,
Գոնե «օպերան» փրկենք…
Արի, արի, գովելի,
Գալդ բարի թող լինի:
Մեր գլխին դու տեղ ունես,
Մեր փոխանորդը լինես:
Երրորդ հռետոր, Նկարչուհի, Երաժիշտ — Սեր, հավատ, համերաշխություն:
Բոլորը միասին — Դեպի պայծառ ապագա:
ՊԱՏԿԵՐ 2
Կիթառը քարշ տալով, վախվորած բեմ է ընկնում երաժիշտը:
Երաժիշտ — (հագուստը թափ տալով` նստում է իր տեղը): Lավ պրծա… (Թախծոտ մեղեդի է նվագում🙂
Հայտնվում է Վաճառականը:
Վաճառական — (նայելով դատարկ կողովին): Գոքոր, ես քո ծնո՛ղը… Գոքոր, ես քո ազգուտա՛կը… (Կանգնում է դատարկ սեղանի առաջ🙂 Շուն-շանորդիք, մեկը տվին, տասը վեր առան…
Գլխահակ մտնում է Կոշկակարը:
Կոշկակար — (վզից ցուցանակ է կախված «Աշխատանք եմ փնտրում»): Տո, ասա, քո ի՞նչ գործն էր, քո ինչի՞ն էր պետք… Բուտկեդ էլ ձեռքիցդ խլեցին, թշվառական… (Նստում է գետնին` վաճառականի սեղանի կողքին🙂
Վաճառական — (խեթ նայելով): Հը՞…
Կոշկակար — Հեչ…
Վաճառական — (ծաղրով): Արևը մերն է, մեր տան վերևն է՞…
Կոշկակար — Պա՛հ, մթոմ քո զիզի քարն ի՞նչ էր…
Վաճառական — (մատը դնում է քունքին): Իմ զիզի քարը ստեղ ա, ստեղ, մատաղ, դու քո մասին մտածի, որ անհույս գործազուրկ դառար…
Կոշկակար — Էդ քո բանը չի…
Երաժիշտ — (կիթառը կողքի դնելով): Ժողովուրդ, եկեք չվիճենք, ինչ եղավ` եղավ… Կյանքը շարունակվում է:
Կոշկակար — Այ պիժոն, քեզ ո՞վ խոսացրեց… Ձենդ տաք տեղից է գալիս… Սեր, հավատ, համերաշխություն… Սիրականյանը բան է խոստացել, հա՞…
Երեխայի ձեռքից քաշելով` մտնում է Տնային տնտեսուհին:
Երեխա — (լացակումած): Մամ, ես էլ եմ ուզում դպրոց գնալ…
Տնային տնտեսուհի — (նրա գլխին բամփելով): Ձենդ կտրի, այ լակոտ, կոշիկ ունե՞ս, որ դպրոց գնաս… Բա սա լինելու բա՞ն էր: Քո հարազատ մարդուց խաբվես ու հույսդ ուրիշի վրա դնե՞ս… Սարեր էին խոստանում… Բա ո՞նց… Սրանք մարդ չեն, սրանք խաբեբա են:
Գիրքը թևի տակ` մտնում է Ուսուցչուհին:
Ուսուցչուհի — (ակնոցն ուղղելով, մոր ձեռքից խլում է երեխային, պաթետիկ): Ես եմ դպրոցը, տիկին, նրան ինձ պիտի վստահեք… (Մեկուսի🙂 Երեխա չտարա` ժամեր չեն տա… Գնանք ինձ հետ, որդի՛ս: Թեկուզ բոկոտն ու սոված` դու պարտավոր ես գրագետ լինել: (Տանում է նրան դեպի իր գրասեղանը🙂
Մտնում է Նկարչուհին` գլխաշոր կապած:
Նկարչուհի — (հերթով մոտենում է յուրաքանչյուրին ու երգեցիկ ձայնով հարցնում): Դուք հավատո՞ւմ եք Աստծո վերադարձին… Նա շուտով կիջնի…
Երաժիշտ — Էս ինչ եղավ մեր օրը,
Կրկին դատարկ է փորը:
Ուր է ընկերն իմ բարի,
Գործատեր է նա հիմի…
Արի, արի, գովելի,
Գալդ բարի թող լինի:
Մոզամբիկից էլ լինես,
Մեր գլխին դու տեղ ունես…
Վաճառականը, դատարկ զամբյուղն առած, դուրս է գնում, վերադառնալով` մրգերը հանում է, սրբում ու շարում սեղանին: Տնային տնտեսուհին լվացք է անում:
Ուսուցչուհի — (երեխային): Առոգանությամբ, տղաս, այ, այսպես` «Ես իմ անուշ Հայաստանի…»
Երեխա — Ես իմ անուշ Հայաստանի…
Կոշկակար — (լոտոյի տոմսեր է վաճառում, ուսուցչուհուն` հեգնանքով): Ի՞նչ «Իմ անուշ…»: Մենք խաղում ենք մեր լոտոն, դուք (մատնացույց է անում կախված աթոռները) կշահեք են ավտոն…
Կախված աթոռները իջնում են բեմ: Մտնում է Առաջին հռետորը` կոստյումով ու փողկապով, թևի տակ` թղթապանակը:
Առաջին հռետոր — (նստում է առաջին աթոռին): Ես եմ, ժողովուրդ, ես…
Բոլորը դադարեցնում են աշխատանքը:
Կոշկակար — Ասա, իշխանավոր, քո որերո՞րդ տունն ես կառուցում հիմի…
Առաջին հռետոր — Դու գործից խոսա, բիձա՛:
Կոշկակար — Ո՞ւմ գործից խոսամ, հեր օրհնած… Գործ ունե՞մ, որ գործից խոսամ: Էս ի՞նչ արիք…
Առաջին հռետոր — Գործդ էլ գործ լիներ… Հիմա գոնե լոտո ես ծախում…
Կոշկակար — Ինձ ձեռք էր տալիս: Թալանը դու տաս, ես լոտո կանչե՞մ…
Առաջին հռետոր — (տեղից վեր թռչելով): Ես օրենքներ եմ գրում, ինձ չմեղադրես…
Կոշկակար — Օրենք թալանի՞, թե՞ մահվան մասին:
Առաջին հռետոր — Է՛, մարդ աստծո, մուրճդ կորցրել` ինչից ես խոսում… (Բացում է թղթապանակը, գրում🙂
Կոշկակար — (մեկուսի): Տեսնես, քո որերո՞րդ տնից պիտի դիակդ հանեն, այ, անկուշտ… (Բարձրաձայն🙂 Մարդն էդքան անկուշտ կլինի՞:
Առաջին հռետոր — Ահա, տեսեք… (Թղթապանակը ցուցանելով🙂 Արդեն պատրաստ է հերթական օրենքը… Ձեր երթևեկությունն այսուհետ անվտանգ կլինի, մարդի՛կ:
Կոշկակար — Այ ընկեր, էլ օրենք գրելու բան չգտա՞ր…
Երաժիշտ — Հավատացեք, պարոններ,
Նա կգրի օրենքներ:
Ինքն իրեն որ չնայի,
Օրենքն ինչպե՞ս կգրի:
Դատ ու պատգամ, օրենքներ,
Կբերեն մեզ խինդ ու սեր:
Ջուրը մինչև վարարի
Գորտի աչքն էլ կխամրի…
Առաջին հռետորը շարունակում է թղթապանակում գրառումներ անել: Մտնում է Երկրորդ հռետորը` կոստյումով և փողկապով, ձեռքին` անձրևանոց:
Երկրորդ հռետոր — (նստում է երկրորդ աթոռին, հենվում անձրևանոցին ու բղավում): Ե՛ս եմ, Ժողովուրդ, ե՛ս…
Բոլորը դադարեցնում են աշխատանքը:
Վաճառական — Մատաղ, ի՞նչ եղան էն մեր խնայողությունները: (Բոլորը ծիծաղում են🙂
Կոշկակար — Ջրում միրգ մի փնտրիր, կարկուտը տարավ:
Երկրորդ հռետոր — Եկեք փոքր-ինչ իրատես լինենք, ժողովո՛ւրդ: Բնական աղետները վատ անդրադարձան մեզ վրա, բայց… Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Ուրեմն, ֆիքսենք` օրը կգա, բարին հետը:
Վաճառական — Բա հիմա ի՞նչ ենք անելու, նաչալնիկ…
Երկրորդ հռետոր — Չգիտե՞ս… Հիմա կտեսնես: (Վաճառականին.) Մրգի գինը բարձր է, անվերապահ իջեցնել: (Երաժիշտին.) Դու երկրի մասին երգիր, այլ ոչ` սեր ու սմբակի: (Տնային տնտեսուհուն.) Ո՞վ է այսօր ձեռքով լվացք անում: Լվացքի մեքենա գնեք: (Նկարչուհուն.) Խղճի ազատությունը ժողովրդավարության հիմքն է, շարունակիր այդպես աղոթել, Տիկի՛ն… (Կոշկակարին.) Նախկին արհեստավոր, մի խաբիր մարդկանց չարաբաստիկ լոտոներով: Նրանք հեշտ չեն վաստակում: (Ուսուցչուհուն.) Երեխաներին կրթեք ու դաստիարակեք միմիայն միջազգային նորմերին համապատասխան…
Վաճառական — Բա մեր փողերն ո՞վ պիտի տա, մատա՛ղ…
Երկրորդ հռետոր — Սեղան-եղբայր, դեռ կան երկրներ ու բարի մարդիկ, պետք չէ վհատվել…
Երաժիշտ — Դուք հարցերը վերջում տվեք:
Պատգամներս ընդունեք:
Ճառ ասեմ, թե զանգ կախեմ,
Վախկոտներիդ ես թաղեմ…
Դատ ու պատգամ, օրենքներ,
Կբերեն մեզ խինդ ու սեր:
Ջուրը մինչև վարարի
Գորտի աչքն էլ կխամրի…
Հայտնվում է Երրորդ հռետորը` կոստյումով և փողկապով, ձեռքին` փայտյա մուրճ:
Երրորդ հռետոր — (նստում է երրորդ աթոռին ու բղավում): Ես եմ: Ժողովուրդ, ե՛ս…
Բոլորը դադարեցնում են աշխատանքը:
Երաժիշտ — Պարոն, անմեղ-մեղավոր մի գլուխ դատապարտում եք, հարցնելն ամոթ չլինի` բա ձեր դատն ո՞վ պիտի անի…
Երրորդ հռետոր — Բոլորից պահանջում եմ` բակում լռություն պահպանել: (Բոլորն աղմկում են🙂 Պատի՛վ եմ պահանջում… (Աղմուկը շարունակվում է🙂 Անձս վիրավորելու համար պահանջում եմ դրամական փոխհատուցում: Պահանջում եմ երկու տարով ազատազրկել (ցույց է տալիս երաժիշտին) այս անբանին…
Տնային տնտեսուհի — ՄԱԿ-ին գրի, ընկեր դեպուտատ, փոխհատուցում կտան… Կամ վարկ ու կաշառք վերցրու, հետո մեր երեխեքը կփակվեն: (Չանչ է անում🙂 Այ, հողե՛մ քո անկուշտ գլուխը….
Երրորդ հռետոր — Ձեր անզսպության պատճառով այս (ցույց է տալիս երեխային) մատաղ սերունդն էլ անտեր կմնա…
Տնային տնտեսուհի — Անտեր չենք, ի՞նչ ենք… Անտեր ենք, էլի՛…
Երրորդ հռետոր — (փայտյա մուրճը դնում է թևի տակ): Լավ, ինչպես ասում են` այս խմորը շատ ջուր կտանի…
Տնային տնտեսուհի — Ալյուրի ու խմորի տերը Գոգան է, դու չես… Նրա տեղը չխոսես… Նա գոնե քչից-շատից էս ժողովրդին օգուտ է տալիս… Բա դո՞ւ…
Երաժիշտ — Երկրի շահն է էական,
Դատավորը` տեղական:
Թե գողանաս դու բիրիկ,
Դու չես դատվի, անուշիկ…
Դատ ու պատգամ, օրենքներ,
Կբերեն մեզ խինդ ու սեր:
Ջուրը մինչև վարարի,
Գորտի աչքն էլ կխամրի…
Առաջին, Երկրորդ, Երրորդ հռետորներ — (միասին): Էս սարը մերն է, էս ծառը մերն է, թող ոչ ոք աչքը չտնկի վրան…
Հռետորները դուրս են գնում: Երաժիշտը բարձր սուլում է: Բոլորը թողնում են իրենց գործը, հավաքվում բեմի կենտրոնում: Հնչում է դպրոցական զանգը:
Ուսուցչուհի — Կարծեմ զանգն էր սա, վերջն անամոթ երեսպաշտության… Տեսնես դաս չի՞ լինելու…
Աթոռները կրկին դանդաղ բարձրանում են վեր: Բոլորը հայացքով ուղեկցում են:
Աջից ու ձախից վազելով ներս են ընկնում հռետորները և վեր—վեր ցատկելով` յուրաքանչյուրը փորձում է կառչել բարձրացող իր աթոռին: