Յուրա ԷԼՈՅԱՆ/ ԴԵՐԱՍԱՆԸ

Յուրա ԷԼՈՅԱՆԻ «ԴԵՐԱՍԱՆԸե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում

Յուրա ԷԼՈՅԱՆ

ԴԵՐԱՍԱՆԸ

Մոնոպիես

Սենյակ: Սեղան, գրապահարան, հնաոճ բազկաթոռ: Սեղանին` հեռախոս, թղթեր, օղու շիշ, բաժակ: Դերասանը փառահեղ հին խալաթով է, հագած համարյա մերկ մարմնին: Քնած է բազկաթոռին: Առավոտ է: Արևի շողերը վարագույրի ճեղքից ընկնում են նրա դեմքին: Տեղում անհանգիստ շրջվելով` նա արթնանում է: Բարձրանում, բացում է վարագույրը, պատուհանի փեղկերը: Արևի լույսը ողողում է սենյակը: Նորից փակում է վարագույրը:

ԴԵՐԱՍԱՆ – Նորից առավոտ… նորից կրկնվող մի պարտադիր առավոտ… հազար ու մեկ գիշեր… հազար ու մեկ առավոտ… Ատում եմ առավոտները: Գիշերը լավ է, գիշերը ինքդ քեզ հետ ես: Առավոտյան սկսվում է ներխուժումը: Զանգեր… դռան թակոցներ… քննախույզ հայացքներ… դաստիարակչական խորհուրդներ… խեղճ Յորիկ…

Ահեղ կեսարը մեռավ, հող դարձավ,

Մի պատի ծերպի նա ծեփող դարձավ,

Այն հողը, որից սարսում էր աշխարհ,

Ձմեռվա բուքից ծակ խցող դարձավ:

Սեղանի վրայից վերցնում է մի թուղթ, կարդում, շպրտում է:

Հիմարությո՛ւն… ոչինչ չի ստացվում: Հավակնություն չունեմ, գրում եմ, որ չխենթանամ: Ամեն ինչ ասված է… (Շշից մի կում խմում է: Հեռախոսազանգ🙂 Սկսվում է… խեղճ Յորիկ: (Զանգը չի լռում: Վերջապես վերցնում է լսափողը🙂

ԿՆՈՋ ՁԱՅՆ – Չասես, թե քնած էիր: Բարի լույս, թեև բարի լույսի չարժես: Դու խոզ ես… հա, ես պոռնիկ եմ, բայց դու խոզ ես, իսկական, ճղճղան խոզ: Գիշերը ես էի զանգողը, չվերցրիր, եկա` դուռն էլ չբացիր… Ու դու քեզ տղամարդ ես համարում: Թատրոնից ուզում էին գալ, դուռդ կոտրել, ես չեմ թողել: Գիտեմ, որ մեռած չես, դու չափից ավելի եսասեր ես… չդնես լսափողը… չդնես, ասում եմ… Ապրես, հուզվեցի՞ր, մի կում խմիր: (Դերասանը մի կում խմում է🙂 Անուշ լինի: «Համլետի» հանձնման օրից մեկ ամիս փակված ես տանը: Գուցե մենակ չես… էն մյուս պոռնիկ ընկերուհիդ քեզ մոտ է: Իհարկե, չէ, ինձնից վախենում է, ինձ խելագար անվանեց: Իհարկե, խելագար եմ, թե չէ քեզ հետ ի՞նչ գործ ունեի… Լավ, խնդրում եմ, հավաքիր քեզ, խոզուկ ջան, համբերիր, դու էլ կխաղաս: Լավ, չեմ ուզում ձանձրացնել, հետո կզանգեմ, ուշքի արի:

Հեռախոսն անջատվում է: Դերասանը դանդաղ քայլում է սենյակում:

ԴԵՐԱՍԱՆ — Երանի այս պինդ, խիստ պինդ մարմինը հալվեր ու ձուլվեր, փոխվեր ցողի… Աստված իմ, Աստված, ինչ տաղտկալի, անհամ ու տափակ, փուչ են թվում ինձ աշխարհի բոլոր վայելքները:

Անսպասելի մտնում է վարագույրի հետևը: Դադար: Գլուխը դուրս հանելով ու թաքնվելով խաղում է երկուսի փոխարեն:

ՊՈԼՈՆԻՈՒՍ – Ի՞նչ եք կարդում, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ — Բառեր, բառեր, բառեր:

ՊՈԼՈՆԻՈՒՍ – Նյութն ի՞նչ է, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ – Ի՞նչ բանի նյութը:

ՊՈԼՈՆԻՈՒՍ – Ձեր կարդացածի նյութը, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ — Զրպարտություններ, պարոն, զրպարտություններ:

Դուրս է գալիս վարագույրի ետևից:

ՊՈԼՈՆԻՈՒՍ – Հարգելի տերս, ամենայն խոնարհությամբ հրաժեշտ եմ խնդրում:

ՀԱՄԼԵՏ – Ոչինչ չէիք կարող խնդրել ինձնից, պարոն, որ ավելի հոժարությամբ տայի, բացի իմ կյանքից, բացի իմ կյանքից… (Գոռալով🙂 Բացի իմ կյանքից: (Հանդարտ, միատոն🙂 Ա՛խ, այս ձանձրալի, զառամած հիմարները…

ԴԵՐԱՍԱՆ — Ես խոստացել էի այլևս չխաղալ: Այս ի՞նչ պատիժ է… Սովորաբար իմ վարագույրը բացվում է կեսգիշերին: Այսօր այդ… հարգարժան տիկինը խախտեց ժամանակը… ժամանակը… Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜հ, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ե՛ս ուղղեմ:

Հեռախոսազանգ: Նա համառորեն չի վերցնում լսափողը: Անշտապ մոտենում է սեղանին, մի կում օղի է խմում: Վերջապես վերցնում է լսափողը:

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ – Ընկեր ջան, թաղման բյուրոյի՞ց է: (Դերասանը չի պատասխանում🙂 Ալո, ընկեր, սա թաղման բյուրոյից չէ՞:

ԴԵՐԱՍԱՆ – Ոչ, գերեզմանոցից է: (Դնում է լսափողը🙂 Օ՜հ, բախտ իմ դշխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ե՛ս ուղղեմ… (Շիշը խփում է հատակին🙂 Ի՞նչ ես ուզում ինձնից, թագաժառանգ իշխան, քեզ ի՞նչ կա, հայհոյում ես աջ ու ձախ, ես քեզ ատում եմ… Դու խեղկատա՛կ ես… ազնիվ խեղկատակ, չարագուշակ խեղկատակ, վրեժխնդիր խեղկատակ, փիլիսոփա խեղկատակ… Այո, բայց` խեղկատակ: Հանգի՛ստ թող ինձ…

Ուժասպառ ընկնում է բազկաթոռին: Երկար դադար: Անշտապ մոտենում է գրապահարանին, այնտեղից հանում օղու շիշ, բացում, խմում է: Խոսում է արագ, չի խաղում կարծես թե:

ՀԱՄԼԵՏ – Կարո՞ղ ես այս սրնգի վրա մի բան նվագել:

ԳԻԼԴԵՐՇՏԵՐՆ – Ոչ, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ – Խնդրում եմ:

ԳԻԼԴԵՐՇՏԵՐՆ – Հավատացեք, չեմ կարող:

ՀԱՄԼԵՏ – Աղաչում եմ:

ԳԻԼԴԵՐՇՏԵՐՆ – Կյանքումս սրինգ ձեռք չեմ առել, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ – Բայց դա նույնչափ դյուրին բան է, որչափ սուտ ասելը: Մատներդ դիր այս լեզվակների վրա և շարժիր, բերանովդ էլ փչիր, և տես ի՜նչ հրաշալի երաժշտություն դուրս կգա: Նայիր, ահա լեզվակները:

ԳԻԼԴԵՐՇՏԵՐՆ — Բայց չեմ կարող մատներս այնպես շարժել, որ մի ներդաշնակ բան դուրս գա, այդ ճարտարությունը չունեմ:

ՀԱՄԼԵՏ – Դե լավ, հիմա տես, թե ի՜նչ անարժան արարած ես համարում դու ինձ, ուզում ես նվագել իմ վրա, այնպես ես ձևացնում, որպես թե ծանոթ ես իմ լեզվակների հետ. ուզում ես իմ գաղտնիքը սրտիցս դուրս քաշել. ուզում ես ձայնս փորձել` սկսած… ամենացած նոտայից մինչև ձայնաշարիս ամենաբարձրը, մյուս կողմից` շատ երաժշտություն և հրաշալի հնչյուն կա այս փոքրիկ գործիքի մեջ, և դու չես կարողանում նվագել: Մա՜րդ աստծո, կարծում ես, թե ես մի սրնգի չափ էլ չկա՞մ: Անվանիր ինձ, ինչ գործիք որ կուզես. թեև կարող ես ինձ չարչարել, բայց վրաս նվագել չես կարող:  

ԴԵՐԱՍԱՆ – Վե՛րջ… վե՛րջ… քնել է պետք: Քնե՞լ, բայց չէ՞ որ առավոտ է… առավոտ: Երանի այս պինդ, խիստ պինդ մարմինը… Աստված իմ, նորից խենթանում եմ… (Մոտենում է շշին, հեռախոսը զանգում է: Վերցնում է շիշը, մտնում վարագույրի հետևը: Զանգը չի լռում: Դուրս է գալիս, շիշը խփում է հատակին: Գոռում է🙂 Թողե՛ք ինձ հանգիստ… Անիծյալ մարդկանցից մի բան եմ խնդրում միայն. թողե՛ք ինձ հանգիստ: (Զանգը շարունակվում է: Գրապահարանից նոր շիշ է հանում, վերցնում է լսափողը🙂

ԿՆՈՋ ՁԱՅՆ – Չես պրծնի ինձնից: Կարծում ես, ինձ համար հե՞շտ է… քեզ հետ լավ էր ստացվում իմ Օֆելյան, նրան չեմ զգում… Գլուխս պայթում է: Գիշերը որ դուռը չբացիր, եկա տուն ու հարբեցի: Դու ճիշտ ես ասում, խմիչքը օգնում է… Հա, բա հետո՞… սպանում է: Ի՞նչ ես անում, դուրս արի մի քիչ մաքուր օդի, մեղք ես… (Դադար🙂 Չես ուզում խոսել` մի խոսիր: Բոլոր դերերդ ուրիշներն են խաղում, իսկ դու քեզ սպանում ես… Թաղումդ ե՞րբ է, չմոռանաս ասել, մեծ ծաղկեփունջ կբերեմ, սիրելիս… Չդնես, լսափողը, չդնե՛ս: Ես քեզ կսպանեմ… այ, այդպես, իմ չար խոզուկ… մի կում խմիր, կոկորդդ չորացավ: (Դերասանը խմում է🙂 Ապրե՛ս, խելոք տղա ես… Դու շատ լսող ես դառնում, երբ հարցը խմիչքին է վերաբերվում: Լավ, չձանձրացնեմ, հետո նորից կզանգեմ… Հիշիր, դու դերասան ես, դու լավ դերասան ես… Ես քեզ սիրում եմ… ցե:

ՀԱՄԼԵՏ – Մտիր կուսանոց, ինչո՞ւ ես ուզում մեղավորներ աշխարհ բերել: Ես ինքս քիչ թե շատ պարկեշտ մարդ եմ, բայց դարձյալ ինքս իմ մեջ այնպիսի բաներ եմ տեսնում, որ ավելի լավ էր մայրս ինձ ծնած չլիներ: Ես շատ հպարտ եմ, քինախնդիր, փառամոլ, ավելի շատ չարություններ ունիմ ձեռքիս տակ, քան միտք` նրանց տեղ տալու, քան երևակայություն` նրանց ձև տալու, քան ժամանակ` իրագործելու: Ինչո՞ւ ուրեմն ինձ նման էակներ քարշ գան երկրի և երկնքի միջև: Մենք բոլորս էլ առաջնակարգ սրիկաներ ենք. մեզնից ոչ մեկին չհավատաս: Գնա, մտիր կուսանոց:

ԴԵՐԱՍԱՆ – Մենք բոլորս էլ առաջնակարգ սրիկաներ ենք… Միայն ասում ես, վախկոտ շան որդի, ձևեր ես թափում, թոզ ես փչում, խեղճ աղջիկ ես գտել, մարդասպա՛ն…

ՀԱՄԼԵՏ — Եթե երբեք ամուսնանաս` քեզ այս անեծքը օժիտ կտամ. եղիր զգաստ, ինչպես սառույց, մաքուր, ինչպես ձյուն, դարձյալ զերծ չես մնա զրպարտությունից: Մտիր կուսանոց, գնա, մնաս բարով: Եվ կամ, եթե անպատճառ պետք է ամուսնանաս, ամուսնացիր մի հիմարի հետ, որովհետև խելացիները լավ գիտեն, թե դուք նրանց ի՜նչ հրեշներ եք դարձնում: Հայդե, կուսանո՜ց. և շուտ. մնաս բարով: (Դադար🙂

ԴԵՐԱՍԱՆ — «Դու դերասան ես, դու լավ դերասան ես»… Իսկ ո՞վ է այդ անիծյալ դերասանը: Մարդ, որն ապրում է ուրիշների կյանքով: Ի՞նչ գործ ունեմ ուրիշների հետ, իմը բավական է: Իմ կյանքն էլ դարձել է խաղ, որի գլխավոր դերակատարը ես չեմ: Ես աներևույթ եմ, միրաժ… Ես ուրիշն եմ, նայում եմ ու չեմ ճանաչում…

ՀԱՄԼԵՏ – Օ՜հ, ի՜նչ սինլքոր և ի՜նչ գյուղացի մի ստրուկ եմ ես:

Անբնական չէ՞, որ այս դերասանը

Միայն մի վեպով, մի բուռն կրքի սոսկ երազումով

Կարենա հոգին այնպես ենթարկել իր հղացումին,

Որ լոկ իր մտքի գործելու շնորհիվ դեմքը գունատվի,

Արցունք գա աչքին, երեսն այլայլվի, ձայնը կերկերվի,

Իր ամբողջ կազմը համապատասխան իր հղացումին:

Եվ այս բոլորը ոչնչի՞ համար, Հեկուբի՞ համար,

Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա Հեկուբի,

Որ նրա համար արտասուք թափե:

ԴԵՐԱՍԱՆ – (հատու): Որ նրա համար արտասուք թափե… Խեղճ Համլետ… Ռոմեո… Օթելլո… Լիր արքա… Որքան արտասուք է թափվել: Եվ այդ ամենը ոչնչի՞ համար: Պատրանքներ չունեմ, հեռու են ինձնից ամեն կեղծ պատրանք, սակայն Վարպետն ասում էր, որ Ամերիկայում մի արձան կա ամենաանկեղծ դերասանի և ամենաանկեղծ հանդիսականի պատվին: Ոմն հանդիսական, տեսնելով իր ոճրագործության ճիշտ պատկերը բեմում, ինքնասպան է լինում հենց դահլիճում:  Դերասանը, որ ներկայացնում էր ոճրագործին, իմանալով այդ մասին, ինքն էլ ինքնասպան է լինում բեմում: Հեքիա՞թ է… Չգիտեմ: Բայց Վարպետն էր ասում… Ով չի տեսել Վարպետին բեմում, ուրեմն չի տեսել դերասանի արվեստ… (Ծնկի է իջնում🙂 Նրա փառահեղ կերպարը մեխվել է սրտիս սրտի մեջ… Մնացյալը լռություն է: (Դադար: Հնչում է Փափազյանի ձայնը🙂

Իջե՛ք, իջե՛ք, երազներ,

իջե՛ք, զգո՜ւյշ, երազներ,

շոյո՛ղ, անո՜ւշ երազներ,

իջե՛ք, քնքո՜ւշ երազներ:

Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,

բախտի կակաչ ու հույսեր.

դող ու անցուկ ու կարոտ,

ծածուկ արցունք վարանոտ.

խելքի, մտքի հակասում,

միշտ նո՛ր կյանքի սպասում

Իջե՛ք, իջե՛ք, երազներ,

իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,

շոյող, անո՜ւշ երազներ,

իջե՛ք, քնքո՜ւշ երազներ

Սթափվում է, վախեցած այս ու այն կողմ վազում: Նրան ասես անակնկալի են բերում երևակայական Գիլդենշտերնը և Ռոզենկրանցը:

ՀԱՄԼԵՏ — Բարև, պատվական բարեկամներ: Ինչպե՞ս ես, Գիլդենշտերն: Ա՜հ, Ռոզենկրանց: Ինչպե՞ս եք, տղերք:

ՌՈԶԵՆԿՐԱՆՑ — Աշխարհի աննշան զավակների պես:

ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ — Բախտավոր նրանով, որ շատ բախտավոր չենք: Բախտի գլխարկի մեջտեղի կոճակը չենք:

ՀԱՄԼԵՏ – Ոչ էլ նրա կոշկի ներբանը:

ՌՈԶԵՆԿՐԱՆՑ – Ոչ էլ այն, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ – Ուրեմն ապրում եք նրա գոտու մոտերքում, կամ թե նրա շնորհի կենտրոնում:

ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ – Ճիշտ է, շատ մտերիմ ենք նրա հետ:

ՀԱՄԼԵՏ — Բախտի թաքո՞ւն մասերի հետ. շատ ճիշտ է. նա հո պոռնիկ է: Ի՞նչ լուր:

ՌՈԶԵՆԿՐԱՆՑ – Ոչինչ, տեր իմ, այն միայն, որ աշխարհը պարկեշտացել է:

ՀԱՄԼԵՏ – Ուրեմն վերջին դատաստանը մոտեցել է: Բայց ձեր լուրը ճիշտ չէ, թույլ տվեք ավելի որոշ հարցնեմ: Բախտին ի՞նչ վատություն եք արել, որ նա ձեզ բանտ է ուղարկել այստեղ:

ԳԻԼԴԵՆՇՏԵՐՆ — Բա՞նտ, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ — Դանեմարքան հո բանտ է:

ՌՈԶԵՆԿՐԱՆՑ – Ուրեմն աշխարհն էլ մի բանտ է:

ՀԱՄԼԵՏ — Եվ օրինավո՜ր բանտ, որի մեջ կան զանազան արգելանոցներ, փակարաններ և նկուղներ. իսկ Դանեմարքան ամենեն վատերից մեկն է:

ՌՈԶԵՆԿՐԱՆՑ – Մենք այդպես չենք մտածում, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ – Լավ, ուրեմն ձեզ համար բանտ չէ, որովհետև աշխարհում ոչ լավ կա, ոչ վատ. մեր մտքին է այդպես թվում: Ինձ համար բանտ է:

ՌՈԶԵՆԿՐԱՆՑ – Ուրեմն ձեր փառասիրությունն է, որ Դանեմարքան ձեզ համար բանտ է դարձնում, շատ անձուկ է նա Ձեր հոգու համար:

ՀԱՄԼԵՏ – (խաղից դուրս գալով, պարզ): Աստված իմ, ես կարող էի մի ընկույզի կեղևի մեջ անգամ տեղավորվել, և ինքս ինձ անհուն տիեզերքի թագավորը համարել, միայն թե այնպես վատ երազներ չտեսնեի, ինչպես այժմ: (Հանում է խալաթը, պառկում հատակին, գլխով դեպի հանդիսականը🙂

Հեռախոսազանգ: Վեր է թռչում, լսափողը դնում է սեղանին, պառկում նույն դիրքով:

ԿՆՈՋ ՁԱՅՆ – Տեր իմ, ձեզանից ես հիշատակներ ունեմ ստացած, որ վաղուց ի վեր ուզում եմ ետ տալ. ստացեք խնդրեմ:

ՀԱՄԼԵՏ — Երբեք: Ես ոչինչ չեմ ընծայել քեզ:

ԿՆՈՋ ՁԱՅՆ – Հարգելի տերս, դուք շատ լավ գիտեք, որ ընծայել եք,

Եվ հետն էլ բառեր, այնպես քաղցրաբույր.

Որ այդ իրերը է՛լ ավելի թանկ դարձնում էին.

Հիմա որ նրանց բույրը թռել է, ետ առեք կրկին.

Մի ազնիվ հոգու ճոխ ընծաները գծուծ են թվում,

Երբ պարգևողը անսեր է դառնում: Ստացեք, տեր իմ:

ՀԱՄԼԵՏ – (վեր է թռչում, կանգնում): Հա՜, հա՜, առաքինի՞ ես դու:

ՕՖԵԼՅԱ — Տեր իմ…

ՀԱՄԼԵՏ – Գեղեցի՞կ ես:

ՕՖԵԼՅԱ — Ի՞նչ է ուզում ասել ձեր բարձրությունը:

ՀԱՄԼԵՏ – Եթե առաքինի և գեղեցիկ ես, առաքինությունդ ոչ մի հարաբերություն չպիտի թույլ տա գեղեցկությանդ հետ:

ՕՖԵԼՅԱ — Բայց, տեր իմ, ո՞ւմ հետ կարող է գեղեցկությունը ավելի լավ հարաբերություն ունենալ, քան թե առաքինության հետ:

ՀԱՄԼԵՏ – Այո, ճիշտ ես ասում, որովհետև գեղեցկության կարողությունը ավելի շուտ ընդունակ է առաքինությունը լրբության փոխելու, քան թե առաքինության ուժը կարող է գեղեցկությունը իր պատկերին նմանեցնել… Կար մի ժամանակ, որ ես քեզ սիրում էի:

ՕՖԵԼՅԱ — Այո, տեր իմ, ինձ այդպես էիք հավատացնում:

ՀԱՄԼԵՏ – Իսկ դու չպիտի հավատայիր… ես քեզ չէի սիրում:

ՕՖԵԼՅԱ — Ուրեմն է՛լ ավելի խաբված եմ եղել:

ՀԱՄԼԵՏ – Մտիր կուսանոց… ներեցեք, օրիորդ… մտիր բոզանոց:

ԿՆՈՋ ՁԱՅՆ — Մտել եմ արդեն, բայց ոչ կուսանոց ու ոչ էլ բոզանոց… այլ խոզանոց: Իմ քնքուշ, իմ դժբախտ… իմ ամենահրճվանք…

Դերասանը նստում է բազկաթոռին: Դադար: Հաջորդ տեսարանը դերասանը խաղում է պարզ, անտարբեր:

ՀԱՄԼԵՏ – Սա ո՞ւմ գերեզմանն է, այ մարդ:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ – Իմս, պարոն:

ՀԱՄԼԵՏ – Ճիշտ է, դա քոնն է, քանի որ դու ես փորել: Բայց երբ ասում ես, թե դա քոնդ է, դուրս է գալիս, որ դա սուտ է. գերեզմանը մեռելի համար է, ոչ թե ողջիդ, ուրեմն ասածդ սուտ է:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այնքան թեթև սուտ է, որ ինձնից թռչում է դեպի ձեզ:

ՀԱՄԼԵՏ – Ի՞նչ մարդու համար ես փորում:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ – Մարդու համար չի, պարոն:

ՀԱՄԼԵՏ – Ուրեմն ի՞նչ կնոջ համար:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ – Կնոջ համար էլ չի, պարոն:

ՀԱՄԼԵՏ – Ո՞վ է մեջը թաղվելու:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ – Մի ոմն, որ կնիկ էր, պարոն, բայց, աստված հոգին լուսավորի՜, հիմա մի մեռել է:

ՀԱՄԼԵՏ – Ի՞նչ բծախնդիրն է այս թշվառականը: Պետք է կողմնացույցով խոսենք հետը. թե ոչ` երկսայրի խոսքերով մեր հոգին կհանե: Աստված վկա, Հորացիո, երկու-երեք տարուց ի վեր նկատում եմ, որ մեր դարը այնպես սրամիտ է դարձել, որ գյուղացու ոտնամատը դիպչում է պալատականի կրունկին, և նրան ցավացնում է… (Որպես Դերասան🙂 Վե՛րջ… վե՛րջ… էլ չեմ ուզում հիշել… Շեքսպիր, ինձ հանգի՛ստ թող…

Դադար:

ՀԱՄԼԵՏ – Որքա՞ն ժամանակ կարող է մարդ հողի տակ մնալ առանց փտելու:

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Եթե մեռնելուց առաջ արդեն փտած չլինի,- ինչպես էս օրվան օրս էնքան ախտավոր դիակներ կան, որ հողը չդրած` ցրիվ են գալիս,- ութը-ինը տարի կդիմանան:

ՀԱՄԼԵՏ — Ութը-ինը տարի… սակայն ինչ փույթ… նրա դեմքը հոգուս մեջ է:

Հեռախոսազանգ: Դերասանը միանգամից վերցնում է հեռախոսը:

ԴԵՐԱՍԱՆ — Ասա, լսում եմ:

ԿՆՈՋ ՁԱՅՆ – Վերջապես եկավ ժամը: Նստիր… նստիր, ասում եմ… Հանգիստ լսիր ինձ: Մի կում խմիր… ու էլ չխմես: (Դերասանը անշարժ է🙂 Լավ, չես ուզում` ավելի լավ: Նոր զանգեցին թատրոնից, գլխավորը… Համլետը հիվանդացել է, ներկայացումը հայտարարված է, տոմսերը վաճառված են, այսօր դու պիտի խաղաս… երեկոյան: Կանչում են փորձի, ինձ խնդրեցին, որ հայտնեմ: Խոզություն չանես, լսո՞ւմ ես… Եկավ օրը, սիրելիս: Տեսնո՞ւմ ես, որ Աստված կա, դե, խաղա քո դերն ու չքվիր գրողի ծոցը: Ես քեզ սիրում եմ և այդ սիրո համար պատրաստ եմ այս գիշեր խելագարվել: Շուտ թռիր թատրոն… Ես երջանիկ եմ… (Երջանիկ, արցունքախառն ծիծաղ🙂

Դերասանն անշարժ է: Դադար: Դանդաղ քայլում է, հետո գալիս նախաբեմ:

ՀԱՄԼԵՏ – Լինել թե չլինել, այս է խնդիրը,

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,

Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,

Թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,

Եվ, դիմադրելով` վերջ տալ բոլորին:

Մեռնել, քնանալ, ոչինչ ավելի

Եվ մտածել, թե մի պարզ քնով մենք վերջ ենք տալիս

Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին,

Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,

Մի վախճան է դա` հոգով բաղձալի:

Մեռնել, ննջել, ննջե՞լգուցե երազել.

Ա՜յ, ցավն այդտեղ է. քանզի այդ մահվան քնի ժամանակ

Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե`

Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք.

Ահա ինչ որ մեզ խորհել պետք է տա. ա՛յս նկատումն է,

Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությունը:

Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել

Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին,

Հարստահարչի անիրավության,

Մեծամիտ մարդու արհամարհանքին,

Քամահրած սիրո տվայտանքներին,

Օրենքի բոլոր ձգձգումներին,

Պաշտոնյաների աներեսության,

Այն հարվածներին, որ համբերատար արժանավորը

Ստանում է միշտ անարժաններից,

Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել

Մի մերկ դաշույնով: Ո՞վ կհոժարեր այսքան բեռ կրել,

Հեծծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ,

Եթե երկյուղը մի ինչոր բանի մահվանից հետո,

Այն անհայտ երկրի, որի սահմանից

Ոչ մի ուղևոր չի վերադառնում,

Չձգեր կամքը երկբայության մեջ, և մեզ չստիպեր

Տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունինք.

Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք:

Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում,

Եվ հենց այս կերպով վճռականության բնածին գույնը

Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից,

Եվ շատ ձեռնարկներ մեծ ու կարևոր,

Շեղվում են այսպես իրենց հոսանքից,

Եվ գործ կոչվելու անարժան դառնում:

Բեմի խորքը պայծառ լուսավորվում է: Բուռն ծափահարություններ են հնչում: Դերասանը շրջվում, անշտապ քայլերով գնում է բեմի խորքն ու կորչում լույսերի մեջ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։