ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ / Սոնա ՄԵԼՈՅԱՆ

Որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը: Եվ արժե՞ արդյոք Հայրենիքը դասել ամեն ինչից վեր, եթե կյանքը, ինչպես ասում են, մեկն է ու միակը: Սրանք են գլխավոր հարցերը, որոնց պատասխանները փորձում է գտնել «ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ» ներկայացումը, որը Հրազդանի դրամատիկական թատրոնում բեմադրել է Տիգրան Գյուլումյանը ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի:

Մեր մշակութային կյանքում իրադարձություններ կան, որոնք չեն հավակնում դառնալ «տարվա երևույթ»: Բայց հենց դրանք են դառնում զարգացման վկայություն և լուրջ առաջքայլ: Կրկնակի լուրջ, եթե խոսքը մարզերում  մշակույթի վերելքի մասին է: Նման երևույթների շարքին կարելի է դասել «Տունը սահմանի վրա» ներկայացման պրեմիերան Հրազդանի թատրոնում: 

Ապրիլին ՀԹԳՄ-ի և քաղաքի վարչակազմի համագործակցությամբ Հրազդանում անցկացված թատերական փառատոնը փաստեց, որ այստեղ սպասում ու գրկաբաց են ընդունում ԹԱՏՐՈՆ: Բայց մի դեպքում երկրի լավագույն թատրոնների լավագույն ներկայացումներն են, մյուսում՝ իրենց թատրոնի, որտեղ երեք տարուց ավել պրեմիերա չի եղել: Եվ պարզվեց, որ փառատոնը օրինաչափ ուրախություն էր: Որ նորացված թատրոնն իր առաջին ներկայացմանը պատրաստվել է նույնքան ու նույնչափ լրջությամբ ու պատասխանատվությամբ: 

 «Երկու ամիս առաջ զանգեց Տիգրան Գյուլումյանը և ինձնից, որպես «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր, պիեսներ խնդրեց: Տարբեր հեղինակների գործեր ուղարկեցի, վերջնարդյունքում նա ընտրեց «Տունը սահմանի վրա» պիեսը: Եվ սկիզբ դրվեց ինձ համար այնքան փնտրված բեմադրիչ-դրամատուրգ համատեղ աշխատանքին: Մոտ մեկ ամիս մենք «խմբագրում էինք» պիեսը՝ կերպարներից Դունեչկան՝ գյուղի ամենատարեց բնակչի դերակատար (տարիքային առումով) չլինելու պատճառով այն դուրս մնաց, փոխարենը «հարստացավ» Գոհարի դերաբաժինը, Տիգրանի առաջարկով գրվեց  «նախաբան» ու «վերջաբան»… մի խոսքով, պիեսի սկզբնական տեքստի մեկ քառորդը «նորացվեց»: Ինչո՞ւ եմ այսքան մանրամասնում «կուլիսային-աշխատանքային մասը». պիեսը գրվում է գրասեղանի առջև, իսկ դառնում է բեմադրություն այսպիսի համագործակցության շնորհիվ: Ի վերջո, ժամանակակից դրամատուրգը եթե մեկ առավելություն ունի դասականի հանդեպ (ասածս ընդունեք կես-լուրջ, կես-կատակ), դա գրողի «կենդանի», անմիջական աշխատանքն է թատրոնում:

 «Ինձ հուզող գլխավոր հարցն է՝ ո՞ւմ համար եմ բեմադրում և ի՞նչ եմ ուզում ասել հանդիսատեսին,- ասում է Տիգրան Գյուլումյանը:- Ինչ խոսք, ես քարտ-բլանշ ունեի, կարող  էի բեմադրել Չեխով կամ Շեքսպիր, բայց նախընտրեցի մի թեմա, որը արդիական ու հրատապ է գրեթե բոլոր ընտանիքներում, հատկապես մարզերում: Իսկ «Տունը սահմանի վրա» պիեսում արծարծված թեման ավելի քան  արդիական է: 

Թեման արտագաղթն է, իսկ պիեսի կոնֆլիկտը՝ որ ամեն մեկն ունի ի՛ր ճշմարտությունը: Ինքս եմ ընտրել դերասաններին՝ ոմանց հրավիրել եմ Երևանից, բայց գլխավորը՝ թատրոնում աշխատում են տեղաբնակ երիտասարդ դերասաններ, որոնք նոր են ավարտել ինստիտուտը և  այս ներկայացումը նրանց համար է՝ նրանց առաջին պրոֆեսիոնալ բեմելը: Ես ինքս հրազդանցի եմ և լավ գիտեմ մեր հանդիսատեսին՝ եթե չհավանի, տեղից կբարձրանա ու կլքի դահլիճը, նույնիսկ կարող է գոռալ՝ «տափակությո՛ւն»: Բայց անգամ ճանաչելով մեր հանդիսատեսին, նման ընդունելություն չէր սպասում»:

Արժե՞ Հայրենիքն ու նրա ապագան գերադասել ամեն ինչից վեր, եթե կյանքը, ինչպես ասում են, մեկն է: Այս հարցն է  հուզում Կ. Խոդիկյանին ու նրա պիեսի հերոսներին, ավելի ստույգ՝ հերսուհիներին: Սա կանացի պատմություն է և կնոջ պատմություն: Կանանց պատմություն՝ իրենց մեծ ու փոքր կորուստներով և գիտակցումով, որ անգամ այդ կորուստները չնչին են Հայրենիքի կորստի դիմաց:

Կանացի այս համապատկերում,  այս անսամբլային ներկայացման մեջ մենակատարը Մարիամն է Սիրանուշ Լազյանի կատարմամբ: Դերասանուհու համար դերն ավելի քան անձնական է՝ հիշատակի տուրք Արցախյան Առաջին ազատամարտում անհայտ կորած հորը, խոնարհում մորը, որն սպասում է ամուսնուն մինչ օրս… Եվ Սիրանուշի հերսուհին՝ փխրուն, նուրբ դիմապատկերով՝ կարաբինով կինն է: Իր տունը, իր «սահմանը» պահող-պահպանող կինը: Նրա այդ սերը և չպարտադրող համառությունը, որին դերասանուհին ոչ մի վայրկյան չի դավաճանում, ստիպում են, որպեսզի տունը մնա կանգուն, կրակը վառվի օջախում և ծնվեն թոռները:    

Հաջողությունն անպատմելի էր: Ներկայացումը ստացվել ու հաջողել էր: Եվ գուցե իր լուման ունեցավ լեթարգիայից մեր դուրս գալուն: Չէ՞ որ եթե անգամ մենք ապրում ենք մեկ անգամ, բայց Հայրենիքը հաստա՛տ մեկն է: 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։