Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ / «ԵՍԸ ԿՈՐՑՐԱԾ «ՄԱՐԴԸ»
Խորեն ԱՐԱՄՈՒՆՈՒ «ԵՍԸ ԿՈՐՑՐԱԾ «ՄԱՐԴԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում
Իմ խոսքը հենց պիեսն է, մարդը, ով աթոռ տեսնելիս, կամա-ակամա, նստել է ցանկանում, նստում ու անմիջապես կորցնում է իր ԵՍ-ը, դառնում է ինքն իրեն անծանոթ ու երբեմն փորձում է գտնել իրեն, բայց…
Միջին Արևելքում, արաբական աշխարհում, ինչու ոչ, նաև նախկին Խորհրդային միության հանրապետություններում, այդ թվում՝ նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներն ու իրադարձություններն այդ մասին են վկայում:
Մարդիկ հենց ԳԱՀԻ համն առնում են՝ այլևս պոկվել չեն ցանկանում:
Ամեն աթոռ մարդու ԵՍ-ը խլում է յուրովի: Նստիր նարդի խաղալու՝ գոռոզանում ես, բազկաթոռին վրա սուրճը մի կերպ ես ըմպում, իշոտնուկի վրա՝ մի այլ կերպ, իսկ տնօրենի աթոռին սուրճ խմելիս չեն ֆռթացնում… Թելադրողը աթոռն է, իսկ ամենապատվաբերը՝ գահը, կպչուն է…
ԽՈՐԵՆ ԱՐԱՄՈՒՆԻ
ԵՍԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՐԴԸ
Գործող անձինք
ԴԵՐԱՍԱՆ
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆ
Բեմը լցված է թատերական իրերով. ժամանակին դրանք օգտագործվել են բեմադրություններում: Դերասանը դեգերում է այդ իրերի մեջ, որոնք հարազատ են նրան, ամեն մեկին հատուկ վերաբերմունք է ցույց տալիս, վերհիշում ինչ—որ դրվագներ: Մոտենում է բեմեզրին:
ԴԵՐԱՍԱՆ – (դահլիճին): Էս ի՞նչ եմ անում այստեղ, հը՞, ի՞նչ եմ անում… (Մատնանշելով մեկին` խաղում է հանդիսականի հետ): Դու ինձ ճանաչո՞ւմ ես: Ինձ առաջին անգա՞մ ես տեսնում: (Ծիծաղում է): Ինձ թվում է, ես քեզ տեսել եմ, հանդիպել եմ: Հը՞, ասում ես` ի՞նչ եմ ուզում: Հա, մեքենա, մեքենա եմ ուզում: Ուզում եմ ապառիկ մեքենա գնել, մերսեդես, ջիպ… Բայց օգտագործված: Ես խելագար եմ, բայց ազնիվ խելագար, ես չեմ ուզում ուրիշների պես գողանալ, ուզում եմ ազնիվ միջոցներով հայթայթել այդ գումարը: Եթե մեկը պարտք տա, ազնիվ խոսք, կվերադարձնեմ, ազնիվ խոսք եմ տալիս… Դուք ինձ լավ չեք ճանաչում: (Մոտենում է մեկին): Տուր քո կոստյումը, պարահանդես պիտի գնամ… կհագնեմ, հետո կվերադարձնեմ: Չե՞ս հավատում: Իրավունք ունես: (Մոտենում է ուրիշին): Դուք ունե՞ք Հեգելի երրորդ հատորը: Վաղուց եմ ուզում բանավիճել այդ Հեգելի հոգեկան աբստրակցիա կոչված հարցի շուրջ: (Վերադառնում է բեմ): Հեգել չունե՞ք, բա ո՞նց եք ապրում առանց Հեգելի կամ բառարանի: Ամեն բառը մի տիեզերք է, նաև` զենք, բառարանը` զինապահոց: (Վերցնում է մի լուսանկար, երկար դիտում): Այս լուսանկարում բոլոր հանգուցյալներն են, վաղուց են մահացել, եկեք միասին լաց լինենք: Չե՞ք ուզում… լավ: (Նուռ է գտնում): Ասում են` ցանկացած նուռ ունի 365 հատիկ, տարվա օրերի չափ: Այսինքն` ամեն օր ուտելով մեկ հատիկ, ես կարող եմ գոյատևել մեկ տարի: Տեսնո՞ւմ եք, ինչ համեստ կյանք եմ ուզում ես: (Ուտում է մեկ հատիկ, նուռը խնամքով պահում է: Ազատ տարածք է քարշ տալիս արքայական գահ, երկմտանքով նայում` նստե՞լ, թե՞ ոչ): Բայց ինչո՞ւ ոչ, բախտի բան է, հազիվ եմ գահի տեր դարձել: (Շոշափում է գլուխը)։ Գրողը տանի, առանց թագի՞… (Թագ է փնտրում, չի գտնում, վերադառնում է գահի մոտ, չի համարձակվում նստել): Ոչինչ, թող լինի առանց թագի… Հիմա թագավորներին նախագահ են ասում, նախագահ լինելը բարդ բան չէ, «նախագահ» բառն է բարդ: (Բերում է գրատախտակ ու կավիճ, գրում է «նախ—ագահ», նստում է գահին): Տեսնո՞ւմ եք, բառը կազմված է «նախ» և «ագահ» բառերից, այսինքն` նախագահ դառնալու համար ամենակարևորը ագահ լինելն է, բայց ոչ սովորական ագահ, այլ ընչաքաղց այն աստիճան, որ հինգ տարի շարունակ բան ու գործդ թողած ուտես, հավաքես, դիզես, կալես ու կալցես` էլի չկշտանաս ու աչքդ երկրորդ հինգ տարվա վրա լինի: Չէ, չեմ ուզում նախագահ դառնալ, չեմ ուզում: (Փորձում է վեր կենալ` չի ստացվում, կպել է գահին): Ոնց որ սրանից պրծում չկա: Նստեցիր` վեր կենալ չկա… Աստված իմ, դու օգնիր, ի՞նչ անեմ…
Բեմի անկյունում ստվեր է հայտնվում, որն անընդմեջ շարժվում է: Ձայնը տիեզերական է:
ՁԱՅՆ – Ի՞նչ պիտի անես, բախտդ բերել է…
ԴԵՐԱՍԱՆ – Ի՞նչ բախտ, պոկվել չի ուզում:
ՁԱՅՆ – Էդ դու ես, որ պոկվել չես ուզում:
ԴԵՐԱՍԱՆ — Ե՞ս:
ՁԱՅՆ – Հա, դու: Ձևացնում ես` իբր ուզում ես:
ԴԵՐԱՍԱՆ – Չէ, Աստված վկա, չէ…
ՁԱՅՆ – Աստված վկա, ձևացնում ես:
ԴԵՐԱՍԱՆ — Երդվում եմ…
ՁԱՅՆ – Մեկ անգամ էլ երդվիր:
ԴԵՐԱՍԱՆ – Հազար անգամ երդվում եմ…
ՁԱՅՆ – Չէ, մեկ անգամ:
ԴԵՐԱՍԱՆ — Երդվում եմ:
ՁԱՅՆ – Լավ, լավ, մի խառնվիր, ի՞նչ ես գլուխդ կորցրել:
ԴԵՐԱՍԱՆ — Բայց պոկվել եմ ուզում:
ՁԱՅՆ – Ինչի՞ց:
ԴԵՐԱՍԱՆ — Գահից:
ՁԱՅՆ – (քրքջում է):
ԴԵՐԱՍԱՆ – Ինչո՞ւ ես ծիծաղում:
ՁԱՅՆ – Պետք է ուտես, ուտելուդ ժամանակն է: Մինչև չուտես` չես պոկվի: Տզրուկը ո՞նց է կպչում մարդուն, արյունը ծծում, հետո պոկվում է: Տզրուկի պես պիտի ժողովրդի արյունը ծծես, փքվես, էն ժամանակ առանց քո կամքի, ուզես թե չուզես` կպոկվես:
ԴԵՐԱՍԱՆ — Ախորժակ չունեմ:
ՁԱՅՆ – Համբերիր, ախորժակդ այնպես կբացվի, որ…
ԴԵՐԱՍԱՆ – Որ` ի՞նչ:
ՁԱՅՆ – Որ ուտելու փոխարեն կսկսես լափել:
ԴԵՐԱՍԱՆ — Դրան ընդունակ չեմ:
ՁԱՅՆ – Երևի սովոր չես: Կսովորես, կստիպեն…
ԴԵՐԱՍԱՆ – Ո՞վ:
ՁԱՅՆ – Տերերդ:
ԴԵՐԱՍԱՆ — Ես տեր չունեմ:
ՁԱՅՆ – Ինչո՞ւ, դու մարդ չե՞ս:
ԴԵՐԱՍԱՆ — Ես դերասան եմ:
ՁԱՅՆ – Բոլորն են դերասան, պարզապես մարդ են ձևանում. այդպես է ընդունված: Դե, վեր կաց, քեզ ուտելու բախտ է վիճակվել: Կեր, բայց չգիրանաս, վիզ չգցես…
ԴԵՐԱՍԱՆ — Բայց ես չեմ ուզում գահը ետևիցս քարշ տալ:
ՁԱՅՆ – Տեսա՞ր, պայման դրեցիր: Լավ նշան է, խոստովանեցիր, որ ուզում ես, մտքիդ տեղ կա, միայն թե գահը ետևիցդ քարշ չգա: Բայց նա քեզ հետ է, այնպես ես նրանից կառչելու, որ կորցնելու վախից եղբայրասպան էլ կդառնաս:
ԴԵՐԱՍԱՆ — Բայց չհասկացա, դու ո՞վ ես:
ՁԱՅՆ – Քո անշպար եսը` մերկ, առանց դիմակի: Ես քո ներքին ձայնն եմ:
ԴԵՐԱՍԱՆ – (ձեռքով փակում է բերանը` հանկարծ լսող չլինի: Մի կերպ ազատվում է հագուստից. տաբատն ու շապիկը սոսնձված մնում են գահին: Թափված իրերի միջից գտնում է հունական տարազ, հագնում է): Երբեք չեմ երազել թագավոր դառնալ: Ես դերասան եմ, բեմն իմ տարերքն է: Ես կարող եմ թագավոր խաղալ, բայց դառնալ` երբեք: Աստված իմ, մարդիկ ինչպես են ատելու ինձ, ինչպես են քծնելու: Ես չեմ ուզում թագավոր լինել, հասկանո՞ւմ եք, ես ուզում եմ մտնել շուկա և իմ վաստակած փողով մի բան գնել: Թող դա վատը լինի, բայց իմ ընտրածը լինի: Բայց այս հագուստով ինչպե՞ս դուրս գալ հրապարակ…
ՁԱՅՆ – Ամաչո՞ւմ ես:
ԴԵՐԱՍԱՆ – Ըհը:
ՁԱՅՆ – Ոչինչ, ամոթդ էլ կկորցնես: Ինչ որ է… պատրաստվիր երդվելու, նախագահական երդման ու առաջին ճառիդ ժամանակն է: Մի վարանիր, գնա պատրաստվիր:
ԴԵՐԱՍԱՆ – (իրերի մեջ ամբիոն է գտնում, Ավետարան, խռովքի մեջ է): Բայց այստեղ մարդ չկա, երդմանս արարողությանը ո՞վ է մասնակցելու, ո՞ւմ պիտի իշխեմ, ո՞ւմ վրա եմ թագավորելու… Բոլորը գնացել, գնում կամ գնալ են ուզում: (Իրերի մեջ ինչ—որ բան է փնտրում, գտնելով` ուրախության ճիչ է արձակում): Գտա, վերջապես գտա, մեկին գտա… Արի, արի, սիրելիս, դու իմ միակ քաղաքացին, միակ հպատակը: Արի, ես քեզ լիարժեք ազատություն կպարգևեմ, մեծ հնարավորություններ կտամ անելու այն ամենը, ինչ մինչև հիմա երազել ես: Արի, սիրելիս, արի… (Զրուցակցին բարձրացնում է` կանացի մանեքեն է. խռիվ մազերով, ձեռքը ջարդված: Տեղավորում է անկյունում, իրերի միջից գրասեղան է գտնում): Գտա… հիմա սենյակը կարգի կբերեմ, ու դու կգրես իմ նախագահական ճառը, թե չէ` գահից պրծում չկա: (Խոսելուն հընթացս գրասեղանին աթոռ է մոտեցնում, մանեքենին նստեցնում է համապատասխան դիրքով): Սա քեզ աթոռ, սա էլ գրիչ… Դու ինձ համար` քաղաքացի, ես էլ քեզ` թագավոր: Քանի ուշ չէ` գործի անցնենք: (Նայում է մանեքենին, հմայված սկսում է շոյել, մազերն է հարդարում, հուզված): Դու ինձ հիշո՞ւմ ես: Չէ՞… ո՞նց թե` չէ… (Դադար): Որ ճիշտն ասեմ, ես էլ ինձ չեմ հիշում: Հա, ես կորել էի, ես չկայի, հիմա էլ չկամ… Ես ոչ ևս եմ: Ուրեմն` ինձ կենսագրություն է պետք: Հետմահու… հա, հա, իհարկե, ես չկամ… ես… ես… Դու պիտի ինձ օգնես, պիտի իմ եսը ինձ վերադարձնես, թե ոչ… Ճիշտ չե՞մ ասում, ներքին ձայն, ինչո՞ւ չես օգնում, որտե՞ղ ես…
ՁԱՅՆ – Հիշո՞ւմ ես, դու նրա հետ խաղացել ես:
ԴԵՐԱՍԱՆ – Ո՞ւմ:
ՁԱՅՆ – Քարտուղարուհուդ:
ԴԵՐԱՍԱՆ – Ի՞նչ եմ խաղացել:
ՁԱՅՆ – Ուղեղդ ժանգոտվե՞լ է, ինչ է… Փորձիր հիշել:
ԴԵՐԱՍԱՆ – Հա, ճիշտ ես… հիշեցի, իհարկե, խաղացել եմ: (Որպես Քենտ):
Թե կարողանամ ձայնս էլ փոխել,
Գուցե իմ բարի մտադրութունը
Կարենա հասնել այն հաջողության,
Որի պատճառով դեմքս ծպտել եմ:
— Արդ, աքսորված Քենտ, եթե կարող ես
Ծառայել նրան, ով քեզ պատժել է…
Բայց ինչո՞ւ ծառայեմ նրան, ով ինձ պատժել է:
ՁԱՅՆ – Աքսորված թագավորը թագավոր է, անգամ եթե գահն է գողացվել:
ԴԵՐԱՍԱՆ – Հեքիաթ ես պատմում: Հեքիաթների ժամանակն անցել է: (Բեմը կարգի է բերում երդման արարողության համար, կանգնում է ամբիոնի մոտ, մանեքենին): Գրիր. «Երդվում եմ այս հինավուրց ու սուրբ Ավետարանով, որ պատվով կկատարեմ թագավորական բոլոր պարտականություններս ու հուսախաբ չեմ անի ստրկական կապանքներից ազատագրված այն քաղաքացիներին, որոնք մեր ժողովրդավարական ամենաազատ պայմաններում, հպարտ ու անկաշկանդ, իրենց քվեն վստահեցին ինձ»:
ՁԱՅՆ – Տեսնո՞ւմ ես, ստել սովորեցիր:
ԴԵՐԱՍԱՆ — «Այսու խոստանում եմ, անկախության այս պայմաններում, իմ քաղաքացուն տալ բացարձակ ազատություն, միջոցներ ստեղծել ապրելու աշխարհի դեմոկրատական երկրներում, որտեղ կկարողանան անել այն ամենը, ինչն իրենց չի վերաբերում: Այս իսկ մտահոգությամբ ուզում եմ իմ ուղերձը հղել իմ չարքաշ ու տանջված ժողովրդին տասներկու պատվիրանի տեսքով»:
ՁԱՅՆ – Տասը:
ԴԵՐԱՍԱՆ – Տասներկու:
ՁԱՅՆ – Տասը:
ԴԵՐԱՍԱՆ — Ասացի` տասներկու, և վերջ: (Մանեքենին.) Գրիր…
ՁԱՅՆ – Այ, ապրես, այդպես վճռակամ եղիր:
ԴԵՐԱՍԱՆ — Գրիր, ասում եմ… Պատվիրան առաջին. «Իմ թագավորության տարիներին իմ քաղաքացիները պիտի մոռանան` իրենք ով են եղել, ինչ են եղել կամ ով են ու ինչ են: Եթե դրան ընդունակ չեն, գոնե իրենց ապուշի տեղ դնեն ու այնպես ձևացնեն, իբր չգիտեն` իրենք ով են կամ ինչ են: Այդ պարագայում շատ դյուրին կլինի անել այն, ինչ իրենց չի վերաբերում»: Օրինակ` դու… (Հանդիսատեսներից մեկին.) Դու, հա, դու… ի՞նչ մասնագիտություն ունես: (Հանդիսատեսը ինչ—որ բան է ասում): Ոսկերի՞չ… լավ է, շատ լավ է, դու կարող ես երգել, դառնալ տաղանդավոր երգիչ: (Դիմում է ուրիշին): Իսկ դո՞ւ… Ի՞նչ, վարսավի՞ր… Դու լավ գլուխ կհարթուկես, կարող ես օրը մի քանի ժամ հեռուստահաղորդում վարել: Չէ, չէ, կարևոր չէ, թե ինչ կասես, կարևորն այն է, որ կարող ես գլուխ հարթուկել: Հայրենիքի, հայ ժողովրդի ու հայոց լեզվի նկատմամբ նողկանք կառաջացնես մատաղ սերնդի մոտ ու հայ ժողովրդի տիրոջ մերը… պիիիիիիպ…
ՁԱՅՆ – Մեկը հարցնի` դո՞ւ ինչ ես անում:
ԴԵՐԱՍԱՆ — Եթե լեզուդ քեզ չքաշես… Ո՞վ ես դու:
ՁԱՅՆ – Ասացի, չէ՞, քո կորսված ես-ն եմ: Դու` դու չես, դու փուչիկ ես, վաղը-մյուս օրը կպայթես… Դու սպառված-պրծած, վերջացած ես…
ԴԵՐԱՍԱՆ — Երևի ճիշտ ես ասում: Ո՞ւր ես, որտե՞ղ ես… (Փնտրում, չի գտնում): Միևնույն է, ինձ գտնելու եմ, բայց նախ պիտի պարզեմ` իսկապես ես ե՞ս եմ… Հիմա կպարզեմ: (Փնտրում, հեռախոս է գտնում, համար է հավաքում): Բարև ձեզ, սա գաղթականական գրասենյա՞կն է… Ի՞նչ, տեղեկատո՞ւ… Այո, այո, մի հարց ունեմ, խնդրում եմ չանջատեք… Աղաչում եմ, լսեք, դուք Օշական Լևոնյան անունով որևէ մեկին այստեղ մուտք գործելու թույլտվություն տվե՞լ եք: Անո՞ւնս… ասացի` Օշական Լևոնյան: Հասցե՞… մարդ Աստծո, ո՞ւր ա մեզ հասցե, որ հասցե ունենայի, քեզ ինչո՞ւ էի զանգում: Սպասե՞մ… օ քեյ, կսպասեմ… խնդրում եմ: Ի՞նչ, հարցս տարօրինա՞կ է… Հա, անունս Օշական Լևոնյան է, բայց ասում են, որ ես` ես չեմ, իբր` ես կորել եմ, հիմի էլ ինձ եմ փնտրում: Ի՞նչ… ոստիկանատո՞ւն… ի՞նչ ոստիկանատուն, ի՞նչ բան… Աղաչում եմ, դուք պարտավոր եք, դուք ինձ ներս եք թողել առանց իմ ես-ի: Ի՞նչ, դա Ամերիկայի էմիգրացիոն… (Դահլիճին.) Ասում է` զանգել ես ԱՄՆ Էմիգրեյշըն, խորհուրդ է տալիս դիմել ոստիկանատուն, բայց ավելի լավ է, նախ դիմել փաստաբանի: (Թղթի վրա գրում է «Փորձառու փաստաբան», փակցնում է տախտակին, այն դնում է գրասեղանի մոտ դրած նստարանին, մանեքենին նստեցնում է նրա մոտ, ինքը, պաշտոնական տեսք ընդունելով, իբր մտնում է փաստաբանի գրասենյակ): Բարև ձեզ, կարելի՞ է… շնորհակալություն: (Նստում է): Տիկին փաստաբան, մի խնդրանքով եմ եկել: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք… հիմա կասեմ: Ի՞նչ, ինչո՞ւ եմ եկել… Եկել եմ ասելու, որ կորել եմ: Այսինքն` իմ ես-ը կորել է, չկա, ես ինձ չեմ կարողանում գտնել: Զանգել եմ Էմիգրեյշըն, ասում են` գնա ոստիկանատուն… Ի՞նչ խորհուրդ կտաք, առանց փաստաբանի կարո՞ղ եմ այս հարցը ոստիկանատուն կամ դատարան տանել… Ի՞նչ ես ապուշի պես նայում, ես այս երկրի օրենքներից բան չեմ հասկանում, ես ինձ եմ փնտրում, ուրիշ բան չեմ ուզում: Ի՞նչ ես ապուշ կտրել… Քեզ ի՞նչ եղավ… գուցե դու էլ ես… Ինչպես երևում է, երկուսս էլ կորած ենք, ավելի լավ է, իմ գլխի ճարը ես տեսնեմ…
ՁԱՅՆ – Նախ գլուխդ գտիր, հետո ճարի մասին կմտածես:
ԴԵՐԱՍԱՆ – Ճիշտ ես ասում, գլուխը կորցրած մարդու ինչի՞ն է պետք գլխացավի դեղը: Գլո՞ւխ մնաց որ… Շրջկոմի քարտուղար էինք, աթեիզմ էինք պրոպագանդում, կրոնը համարում էինք բանականության թշնամի, կոկորդ էինք պատռում, որ կրոնական դավանանքը կանգնեցնում է մարդկային հոգու թռիչքը… Կրոնը հաշիշ է: (Դուռը թակում են, բացում է): Բարև, բարև… էլի սրանք: (Դահլիճին.) Որ ասում էի, չէիք հավատում: (Դեպի դուռը): Այ ձեր ցավը տանեմ, Ավետարանչական եք, մորմոն եք, Եհովայի վկա եք թե կաթոլիկ, ինձ չի վերաբերում: Սա թատրոն է, ես էլ եսս կորցրած դերասան եմ: Ի՞նչ, դրա համար էլ եկե՞լ եք… Իմ եսը Հիսուս Քրիստոսի մո՞տ ա: Ո՞ւմ, Եհովայի՞… Արա, ռադներդ քաշեք, ես ձեր լավի… Քրիստոսին պիտի բերենք խոթենք մեր սրտները, նա մեզ համար զոհվեց, բայց մենք ո՞ւմ համար ենք զոհվում: Հետո, չեմ հասկանում, սրանք բան ու գործ չունե՞ն, չե՞ն տեսնում` ես չկամ, ես գոյություն չունեմ, ես ոչ ևս եմ, մի ողորմի տվեք ու… Ասեք ողորմի ապրողաց, մեռելոց, սաղին, սատկածին, բոլորին ողորմի տվեք, թե չէ Աստված որ ոքի չի խղճա: Սրանք էլ ամեն օր դռնեդուռ ընկած, իբր մարդ են փրկում: (Մեծ պարկով փոստը` ծրարներ, թղթեր է բերում, լցնում սեղանին, ծրարները փակցնում է պատին): Սա ոստիկանատնից է, օգնություն է խնդրում, բյուջեի պակաս ունեն… Սա ապահովագրության գովազդ է… ախր, եթե պետությունը քո ապահովությունը չի երաշխավորում… Սա՞ ինչ է… ՀԲԸՄ, ՀՕՄ: Սրանք էլ են փող ուզում: Մեզանից առնում` տալիս են ուրիշներին, իրենք դառնում են բարեգործ: Այս մեկն էլ վարկ է առաջարկում, սա մեքենայի գովազդ է, սա երկրաշարժի ապահովագրության… Երևի էմիգրեյշընի աշխատակիցը ճիշտ էր ասում, ավելի լավ է` գնամ ոստիկանատուն: Տախտակի վրա գրում է «Ոստիկանատուն», ամրացնում է տեսանելի տեղում: Հեռանում, հետո մոտենում է խնդրառուի տեսքով:
ԴԵՐԱՍԱՆ — Բարև ձեզ, մի խնդրանքով եմ եկել: Չէ, ոչ վթար է, ոչ կողոպուտ, պարզապես… բայց ոչ, գուցե կողոպուտ է: Հա, կողոպուտ է, ինչ-որ մեկը, կամ մեկերը, այսինքն` ինչ-որ հանգամանքներ ինձ կողոպտել են, եսս գողացել են: Չէ, ոչ, չէ, ինձ են կողոպտել, ուղղակի թալանել են, բան չեն թողել: Ի՞նչ… օրինա՞կ… ի՞նչ օրինակ, տարել են, եսս են տարել, էությունս, այն, ինչ տարիներ շարունակ մեծ զրկանքներով ու նվիրվածությամբ ձեռք էի բերել, կյանքիս վաստակն ու ձևավորված եսս են տարել, ես ինձ չեմ գտում: Հիմա էլ ասում են` պիտի նորից ձևավորվեմ, ախր, այս տարիքիս… Խնդրում եմ, կարո՞ղ է` ես այստեղ եմ, ոստիկանատանը: Ի՞նչ, իմ հասցե՞ն… հա, գիտեմ, հետո՞… ի՞նչ, ես տա՞նն եմ, իմ տա՞նը… Բայց որտե՞ղ է իմ տունը: Գուցե ճիշտ է ասում, նախ պիտի տանս տեղը ճշտեմ: Ժամանակին երգում էինք` ՎՏռ ՈՊՐպր հՏՉպՑրՍՌռ հՏ՚ջ… հետո, երբ մի կերպ կարողացանք հասցեն ճշտել, մոռացանք մեր բանաստեղծի խոսքերը, որ համոզմունք դարձրած երգում էինք.
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ…
Ախր, բա ո՞նց վեր կացանք եկանք: Մեկը չկա` հարցնի. բա ինչպե՞ս ես ապրում առանց քեզ: (Գրածը պատռում, գցում է): Ճիշտ է ասում այս ոստիկանը, մարդ պիտի հասցե ունենա: Բայց, գրողը տանի, ես թագավոր եմ, ես նախագահ եմ, ես անելիք ունեմ… Եվ, վերջապես, ե՞րբ է այս գահը պոկվելու ինձնից, կամ ե՞րբ պիտի ուզեմ, որ այս գահը պոկվի ինձնից:
ՁԱՅՆ – Ե՞րբ:
ԴԵՐԱՍԱՆ – Հա, ե՞րբ:
ՁԱՅՆ – Երբ եսդ գտնես:
ԴԵՐԱՍԱՆ – Հավատացեք, մարդիկ, ես չեմ ուզում թագավոր դառնալ: Հիշում եմ, մի օր բանաստեղծությունը նստել էր կողքս ու ինքն իրեն ընթերցվում էր: Ամբողջ քաղաքը բանաստեղծություն էր շնչում: Ծառ ու ծաղիկ բանաստեղծություն էին բուրում: Օծանելիքի խանութներում միայն բանաստեղծության բույր էին վաճառում: Այնքան ժամանակ, ինչքան բանաստեղծությունը կողքիս էր, քաղաքում ոչ մի հանցագործություն չկատարվեց, վթար չեղավ, ոչ մի ժպիտ չմարեց ու արևը մայր չմտավ այնքան ժամանակ, որքան բանաստեղծությունը նստած էր կողքս: Այդ օրը ծնունդներն եղան առանց ցավի ու լացի, ոչ մի որսորդ դուրս չեկավ որսի: Այդ օրը ամբողջ աշխարհում հրադադար էր, այդ օրը բանաստեղծությունն էր թագավորում աշխարհին, ու ես ինձ գտա կողքիս նստած բանաստեղծության տողերի արանքում: Ես չեմ ուզում թագավոր դառնալ, ես ուզում եմ բանաստեղծության մի բառը դառնալ, ես ուզում եմ բոլորիդ տեսնել բանաստեղծականացված, որպեսզի ամբողջ քաղաքը բանաստեղծություն շնչի, որպեսզի ոչ մի հանցագործություն տեղի չունենա, ծնունդները լինեն առանց ցավի ու ոչ մի եղնիկ որս չդառնա, որպեսզի մենք մեզ գտնենք ու ոտք դնելու տեղ ունենանք, որ ապրենք որպես մարդ:
Ես չեմ ուզում թագավոր դառնալ, ես ուզում եմ բանաստեղծության մի բառը դառնալ…