Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ / ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՄԱՌ
Մանկական պիես հինգ պատկերով
Գործող անձինք
ՍՈՍԵ — 7-8 տարեկան աղջնակ
ԱՐԱՄ – Սոսեի եղբայրը, մոտ 10 տարեկան
ՊԱՊԻԿ և ՏԱՏԻԿ – Սոսեի ու Արամի պապիկն ու տատիկը
ՌՈՒԲԵՆ – երեխաների հորեղբայրը
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ՝
ՔԼՈՐԻԿ – աքլոր
ԽԸՌԽԸՌ և ԽՈՉԽՈՉ – խոճկորներ
ԾԻԿՒ, ՋՈՒԼԻ, ՁՎԱՏՈՒ, ԿՉԿՉԱՆ – հավիկներ
ԾԱՄԻ — ձիուկ,
ՉԱԼԱՆԿ – շուն,
ՊՈՒՏՊՈՒՏ – շան ձագ
Պատկեր առաջին
Ամառային գիշերվա ծղրիդների երգեցողությամբ ուղեկցվող լռությունը խախտվում է մոտեցող մեքենայի շարժիչի ձայնից։ Մեքենան արգելակում է ցանկապատի մոտ՝ դեպի բլրալանջ ձգվող գյուղական առանձնատան բակում։ Մթության մեջ լսվում է մեքենայի դռների չխկոցը և ժամանած երեխաների ձայները։
ԱՐԱՄ — Ո՛ւխ, ո՛ւխ, հասանք։
ՌՈՒԲԵՆ — Սոսե ջան, սպասի՛ր։
ՍՈՍԵ — Ուսապարկս, հոպա՛ր։
ՌՈՒԲԵՆ — Ուսապարկդ հետո կիջեցնենք, դու զգույշ իջիր։ (Արամին.) Լավ է՝ Չալանկն իր նոր ծնված ձագերի հետ ախոռում է, թե չէ գյուղը կարթնացներ…
Ռուբենը դուրս է գալիս մեքենայից։
ՍՈՍԵ – Հոպար, էլ չեմ համբերում… Էս ինչ է՝ բոլորը քնա՞ծ են։ (Մեքենայի ետևի դռնից ուզում է դուրս գալ:)
ՌՈՒԲԵՆ — Մի րոպե, Սոսե ջան, ձեռքդ տուր։
Արամը վառում է հեռախոսի լապտերը, առաջ է շարժվում։
ԱՐԱՄ — Ես կօգնեմ՝ ճամպրուկները հանենք։
ՌՈՒԲԵՆ — Արամ ջան, դա հետո… (Միացնում է իր հեռախոսի լուսարձակը:) Ոտքերիդ տակ պահիր՝ չընկնես։
ՍՈՍԵ — Բա ճամպրունկնե՞րը…
ՌՈՒԲԵՆ — Ես հետո կբերեմ, դուք աստիճանների վրա ուշադիր եղեք։
ԱՐԱՄ — Սոսե, պատկերացնո՞ւմ ես հիմա տատիկի ու պապիկի ուրախությունը։
ՍՈՍԵ — Էլ չե՛մ համբերում։
ՌՈՒԲԵՆ — Դուռը թակիր։
Թակոցից՝ ուշացումով լույս է վառվում տան խորքում, քիչ անց լուսամուտից ներս ստվերներ են գրկախառնվում՝ փակ դռան ետևից լսվում են բերկրանքի բացականչություններ։
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Ամառային կեսօրվա թեժ պահին ֆերմայի ցանկապատից ձախ բլրի կողմն է բարձրանում աքլորը և զիլ ձայնով կանչում:
ՔԼՈՐԻԿ – Ծո՛ւղ-րուղո՜ւ, հե՛յ, ծուղրուղո՜ւ,
Պոչիս ունեմ յոթ փետուր՝
Շիկակարմիր, սևորակ,
Աչքերըս՝ մուգ կլորակ։
Ելնե՜մ բլրի կատարին,
Ձգեմ կարմիր կատարն իմ։
Չկա կտցիս հավասար
Ուրիշ թռչուն մի կտցան,
Որ երգելու էլ վարպետ՝
Լուսածագի ժամի հետ
Իր ծուղրուղու՛ն ավետի.–
Ամեն մեկը դա գիտի
Տեսե՛ք՝ ելավ արեգակ.-
Ծո՜ւղ-րուղու՝ դո՛ւրս եկեք բակ…
Տան ետնամբակում իրար գլխի հավաքված են հավեր, ճուտիկներ և խոզուկ Խըռխըռը։ Աքլորի արտասանության ընթացքում տան ետնադռնից դուրս է գալիս տատիկը, հավերին կուտ է լցնում, խոզատաշտում՝ կեր, և Քլորիկի վերջին ծուղրուղուի հետ, տուն մտնելուց առաջ՝ նրա կողմը նայելով գլուխն օրորում է ու գոհունակ ժպտում:
ՏԱՏԻԿ – Վա՛յ, իմ Քլորիկ, ապրես դու։ (Տուն մտնելով՝ դուռը փակում է:)
Հավերը՝ հակառակվելով տատիկին, ձայնարկում են:
ՁՎԱՏՈՒ — Վա՛յ, իմ Քլորիկ, ապրես դու…
(Հեգնում է🙂 Իջիր բլրից – մենք վաղուց
արթնացել ենք, ու հիմա՝
օրը ճաշ է՝ իմանաս…
ԿՉԿՉԱՆ – Հավաբնում ամեն հավ
իր բաժին կուտը կերավ՝
դու՝ ծո՜ւղ-րուղու՛, վա՛յ՝ ճպռոտ,
կացինը գա վզիդ մոտ.
Մեր ուշացած ժամապահ,
բլրից իջի՛ր՝ բուն գնա…
Աքլորն այս ընթացքում հասել է բակի կենտրոն և թևերը բացած՝ հպարտ կեցվածքով դիմում է հավերին:
ՔԼՈՐԻԿ – Ես հենց ձեր չա՛փ խելք ունեմ.-
Սոսեն, Արամը` երեկ,
մեզ մոտ՝ գյուղակ են եկել։
Ուշ տեղ հասան՝ հոգնեցին,
Հո չե՞ք կարծում, որ ծեգին
կարող էի խանգարել։
Թող մի օր էլ զարթնեն ուշ,
Տեսա՝ քնած են մուշ-մուշ։
Այս խոսքից հավերն ուրախանում են և աշխուժորեն թևերը թափահարում։ Աքլորը հպարտ մոտենում է նրանց ու սկսում է կուտ ուտել. բոլորը համերաշխ կտցում են։
Խըռխըռ խոզուկն ամբողջ ընթացքում գլուխը տաշտի մեջ չփչփացնում է։
ՁՎԱՏՈՒ — Կուտը կերանք՝ ջո՜ւ-ջո՜ւ-ջո՜ւ,
Ո՞վ կգնա՝ բերի ջուր։
ԾԻԿԻ — Քաշենք վիճակը հիմա՝
Ում որ ընկնի՝ նա գնա.
Ծղոտներ են քաշում։
ՁՎԱՏՈՒ — Կոտրած ծղոտը վիճակ,
Ջուլի, նորից քե՞զ ընկավ.
ԿՉԿՉԱՆ — Ո՛չ, ինձ ընկավ, Ձվատո՛ւ:
ՁՎԱՏՈՒ — — Դե՜, ուրեմն՝ գնա դո՛ւ…
Կչկչան հավիկը շորորալով գնում է դեզի կողմը։ Ջուլի ճուտիկը հետևում է նրան։
ՋՈՒԼԻ — Դույլով ջուրը՝ դեզի մոտ,
Գնանք՝ կտցով բերենք մոտ.
Ջո՛ւ՝ մեկ-երկու, ջո՛ւ՝ երեք,
Կտուցներըդ մոտ բերեք…
Բակի աջ կողմից գալիս է երկրորդ խոզուկը։ Տեսնելով, որ Խըռխըռն ամբողջը կերել-վերջացրել է, նրան քիթ-քթի՝ հանդիմանում է։ Քլորիկը կռահում է բորբոքվող կռիվը և առաջ է գալիս։
ՔԼՈՐԻԿ — Խոճկորն ի՞նչ է խոճկորին –
Ո՛չ եղբայրն է, ո՛չ քեռին,
Ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր –
Խոճկորին տուր միայն կեր։
ՁՎԱՏՈՒ — Իսկ կերը ո՞վ չի ուտի.
Ով էլ լինի անոթի՝
պիտի բաժինն իր ուտի։
ՔԼՈՐԻԿ – Բայց ուտելն էլ ունի չափ,
Խոճկորինը՝ չա՜պ-չա՜պ-չա՜պ,
չփչփալով՝ պոչը կեռ
Տաշտի ողջ կերը լափեց՝
չսպասելով խոճկորին։
ՁՎԱՏՈՒ — Որ՝ ո՛չ հայրն է, ո՛չ քեռին։
Խոճկորներն իրար հրմշտում ու ճղճղոցով կռվում են։ Նրանց աղմուկի վրա դուռը բացվում է, Արամը բակ է դուրս գալիս։
ԱՐԱՄ — Վա՜յ, վա՜յ, Խըռխըռ, կխեղդես Խոչխոչին… (Իրարից բաժանում է խոճկորներին և իր շուրջը բոլորվող կենդանիների խռխռոցների, պտպտոցների, ծիվ-ծիվների մեջ՝ գրկում է աքլորին։ Խըռխըռը փախչում է տան հակառակ կողմը, Խոչխոչն ընկնում է ետևից:) Քլորիիիի՜կ, իմ լավ աքլոր, ո՜նց էի բոլորիդ կարոտել: (Շոյում է աքլորին:) Երանի դուք խոսել իմանայիք, կամ ես ձեր լեզվով կարողանայի ասել, թե ինչքան եմ սիրում բոլորիդ։
Տան դռնից դուրս է գալիս Սոսեն՝ շան փոքրիկ մի ձագ գիրկն առած, ոգևորությունից աչքերը փայլում են։
ՍՈՍԵ -Արամ, տե՛ս, թե ինչ ունեմ։
ԱՐԱՄ — Վա՜խ, Սոսի՜… (Աքլորին թողնելով՝ շտապում է Սոսեի կողմը:) Չալանկի ձագուկների՞ց է…
ՍՈՍԵ – Ըհը՛… տես՝ ինչ սիրուն է… Արի գնանք ախոռ, համ էյ Ծամի ձիուկին կտեսնես… Ո՜նց է մեծացել…
ԱՐԱՄ — Չալանկն ու ձագերն էնտեղ ե՞ն…
ՍՈՍԵ –Բա ո՛նց, պապիկն էլ արդեն նրանց մոտ է։
Երեխաները շտապով հեռանում են։ Քլորիկը հարցական նայում է նրանց ետևից:
ՔԼՈՐԻԿ – Պու-պո՛ւ, պու-պո՛ւ, պո՛ւ… (Թռչնային ձայներ է արձակում, բայց երբ երեխաներն արդեն չեն երևում՝ բողոքում է:)
Սկսվեեեե՜ց՝
Քլորիկին փոքրիկ մի շոյանք,
Իսկ մնացածը՝ Չալա՛նկ-Ծամիի՛ն…
ՋՈՒԼԻ – (մեջ է ընկնում)
Նաև՝ Չալանկի յոթ ձագուկներին,
Որոնց, ճիշտն ասած՝ մենք էլ ենք սիրում։
ՁՎԱՏՈՒ — Բայց հիշիր նաև, թե մեր ճուտերին՝
(Աքլորին.) Օրինակ՝ հենց քե՛զ,
(Ցույց է տալիս Ջուլիին): Երբ անցյալ տարի նոր էի թխսել՝
Սոսեն սիրում էր
շատ-շատ ավելի՝ քան հիմա ասենք
մեր շան ձագերին։
ՔԼՈՐԻԿ — Ուրեմն պետք է թուխս նստես հիմա,
Որ Սոսեն մեզնից հեռու չգնա։
ԾԻԼԻ — Վայ, ո՜նց եմ սիրում ես մեր Սոսեին.-
Ասենք՝ ոչ պակաս քան Արամիկին։
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Ախոռ, որի բաց դռների ետևից շնային ծվոցներ են գալիս։ Տատիկը շան ձագուկներով զամբյուղը դուրս է բերում, Սոսեն՝ տատիկի հետևում է նրան։ Ներսից լսվում է Չալանկի ծվահաչը և պապիկի ձայնը։
ՊԱՊԻԿ – Մի՛ նեղվիր, Չալանկ, հիմա Արամի հետ բունդ կմեծացնենք ու քեզ էլ կհանեմ ախոռից։ Արդեն ձագուկներիդ հետ ձեր նոր բնում կապրեք։
Պապիկն ու Արամը շան բնի համար փայտերը դուրս են բերում բակ։
ՍՈՍԵ –Տատի՛կ, շնիկներն ուզում են խաղալ, արի բացենք զամբյուղն ու դուրս հանենք բոլորին։
ՏԱՏԻԿ — Իմ սիրո՜ւն Սոսե, բոլորին միասին հանելը շուտ է։ Նրանք քիչ-քիչ կսովորեն, դեռ կույր են, թփերի մեջ կկորչեն։ Այսօր գուցե միայն զամբյուղի կողքին նստես մաքուր օդին ու մեկ-մեկ վերցնես, սիրես նրանց։ Գնանք կեռասենու տակ, ճուտիկներն էլ կուրախանան, երբ ձագերին տեսնեն։
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Տան բակն է: Բեմի խորքից լսվում է Արամի ձայնը։
ԱՐԱՄ — Տատի՜կ, տա՛տ, արի տե՛ս, Չալանկի բունն ինչ սիրուն ստացվեց։
Լսվում է շան հաչոցը։
ՊԱՊԻԿ – Տե՛ս, որ Չալանկը գոհ է, Աստված իմ, Արա՜մ…
ՏԱՏԻԿ — Վաաա՜յ, ոնց է ձեռքերդ լիզում, տղա՜ս… մեր խելոք պահապան Չալանկը։
Տատիկը տուն է մտնում. Պապիկն ու Արամը մոտենում են Սոսեին, որը խաղացնում է շան ձագուկին։
ԱՐԱՄ – Սոսիիիի՜, ինչ լավն է։ (Ծնկում է քրոջ կողքին ու վերցնում է շան ձագը։ Աքլորը հայտնվում է երեխաների կողքին:)
ՔԼՈՐԻԿ – Պո՛ւ-պու-պու-պո՛ւ։
Երեխաները նկատում են նրան, բայց տարված են շնիկով։
ՊԱՊԻԿ – Քլորիի՜կ, ախր դու հիմա թառին պիտի լինեիր: (Ուզում է բռնել աքլորին, նա խույս է տալիս. պապիկը հետապնդելով նրան, անցնում է տան ետևը:)
Սոսեն բացում է շների զամբյուղը և աղեկտուր ճչում է:
ՍՈՍԵ – Վա՜յ, վա՜յ, Արամ, շնիկներից մեկը՝ Պուտպուտը չկա, տատի՜կ, պապի՜կ…
ԱՐԱՄ — Սոսիիի՜… երևի Խոչխոչը կամ Խըռխըռը կերել են շնիկին…
Սոսեն սարսափած ու լացակումած վազում է տան հակառակ կողմը, որտեղից Խոչխոչն ինչ-որ բան բերանն առած խույս է տալիս նրանից։ Սոսեն խոճկորին հետապնդելով գալիս է Արամի կողմը։
ՍՈՍԵ – Տե՛ս, տե՛ս որ բերանում ծամում է՝ դեռ մի պատառ երևում է…
Արամն ահաբեկված, վերջապես բռնում է փախչող Խոչխոչին ու… ծիծաղից թուլանում է։
ՍՈՍԵ — Գժվեցի՞ր, Արամ։ Դեռ ծիծաղում ես, հա՞… (Վախվորած մոտենում է Արամին🙂
ԱՐԱՄ — Էստե՛ղ նայիր, տե՛ս, թե խեղճ Խոչխոչն ինչ էր ծամում… Ախր, սա մեր հին խաղալիքներից է՝ քո փափուկ ռետինե փղիկը… Տե՛ս… երևի ամբարից դուրս բերած հին արկղից է գտել…
ՍՈՍԵ – (արցունքների միջից ծիծաղում է)։ Հա, էլի… Մենք էլ խեղճ Խոչխոչին էինք նեղացնում… Բայց սպասիր, մեկ է՝ Պուտպուտը չկա…
Սոսեն նորից վազում է ախոռի կողմը։ Պապիկն ընդառաջ է գալիս՝ պուտպուտ ձագուկին գրկած։ Սոսին զարմացած ու երջանիկ դեմքով գրկում է շան ձագուկին, ուրախացած դիմում պապիկին:
ՍՈՍԵ – Էս որտեղի՞ց… Արամն էլ ասում էր, թե երևի Խոչխոչը… թե՞ Խըռխըռը, Արա՛մ… կերել է Պուտպուտին…
ՊԱՊԻԿ – Իմ անուշ Սոսե… (Ծիծաղում է:) Խոչխոչն ինչպե՞ս կարող էր ուտել շան ձագուկին, երբ հենց նոր տեսա, թե նա ո՛նց փրկեց նրան խեղդվելուց։
ԱՐԱՄ — Էդ ո՛նց, պապիկ։
ՊԱՊԻԿ – Վերցրու անուշիկս։ (Շնիկին տալիս է Սոսեի գիրկը:) Քլորիկը փախավ բանջարանոց, ես՝ ետևից, ու տեսնեմ՝ Պուտպուտը մարգերի առվի մեջ է ընկել, իսկ Խոչխոչը մռութով դուրս է հանում նրան։
ԱՐԱՄ — Թրջվել է… Խեղճ շնիկ։ (Ուզում է վերցնել շան ձագուկին🙂
ՍՈՍԵ – Դողում է… (Չի տալիս ձագուկին🙂
ՊԱՊԻԿ – Չորացրու նրան գրկիդ մեջ, տաքացրու, աղջի՛կս։ (Կռանում, վերցնում է շնիկների զամբյուղը)։ Դե, իմ անուշնե՛ր, տանենք ձագուկներին իրենց մայրիկի մոտ՝ քանի դեռ չեն վնասվել։ Համ էլ, նրանց կերակրվելու ժամն է, մենք էլ գնանք տուն՝ տատիկը կանչում է. մեր տատիկի համեղ կերակուրներն ուտենք, որ ընթրիքից հետո իջնենք գետակ։
ՍՈՍԵ – Կլողանա՞նք այսօր, պապի՛կ։
ՊԱՊԻԿ — Չէ՛, այսօր ձեր առաջին օրն է, չե՞ք հիշում՝ ես ձեզ ամեն տարի ասում եմ.
ԱՐԱՄ և ՍՈՍԵ — (ձայն—ձայնի հեգում են): Օդափոխության առաջին օրը դեռ ընտելանալ է պետք՝ նույնիսկ ամենանպաստավոր միջավայրում։
ՍՈՍԵ — Իսկ վաղվանի՜ց…
ԱՐԱՄ — Մորու բացա՜տ…
ՍՈՍԵ — Անտառա՜կ…
ԱՐԱՄ — Ձկնորսի կամո՜ւրջ…
ՍՈՍԵ — Կրիայի քարա՜յր…
ՊԱՊԻԿ — Եվ չմոռանաք, որ գյուղակի ձեր հին ընկերները սպասում են ձեզ։
Պապիկն ուղեկցում է երեխաներին, գնում են բեմի խորքը:
ԱՐԱՄ — Ո՜ւխ, օդապարուկ կթռցնենք։
ՍՈՍԵ — Պապի՛կ, իսկ ինչո՞ւ են ձկնորսի կամուրջ ասում գետակի սև, փոքրիկ կամրջին։ (Նրա հարցն արդեն հեռվից է հնչում🙂
ՊԱՊԻԿ – Ես խոստանում եմ այս անգամ հենց կամրջի վրա ձեզ պատմել այդ պատմությունը։
ՍՈՍԵ — Իսկ գիշերները կլինե՞ն հետաքրքիր պատմություններ, պապի՛կ, քո գրքերից մեզ ընթերցանության կախարդանքի ժամեր կպարգևե՞ս։
ՊԱՊԻԿ – Դե իհարկե, իմ Սոսե՛, իհարկե, սիրելիներս, հեքիաթները ձեզ են սպասում, գնա՜նք, և իմացեք, որ դուք էլ ինձ պիտի պատմեք ձեր կարդացած նոր պատմությունները…
Հեռանում են։
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Աքլորը թաքստոցից դուրս է գալիս։
ՔԼՈՐԻԿ — Պու-պու-պու… պու-պու պու-պու։
Կասեք՝ մնացի խռո՞վ, անտեսվա՞ծ։
Չգուշակեցի՛ք,- սիրվա՜ծ եմ, սպասվա՜ծ։
Գնամ՝ միանամ ես իմ հավերին.-
Լույսով կհիշեք ժամկոչ աքլորին։
Վարագույր