ԱՐԹՈՒՐ ԷԴԱՐ / ՀՈԳԵԴԱՐՁ
Արթուր ԷԴԱՐԻ «ՀՈԳԵԴԱՐՁ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում
Ով իր կողքին չի զգում մահը, շատ շուտով հայտնվում է նրա կողքին…
ԱՐԹՈՒՐ ԷԴԱՐ
ՀՈԳԵԴԱՐՁ
Անավարտ դրամա, որ նրանց հետ պատահեց
Գործող անձինք
ՄԵԿԸ
ԸՆԿԵՐԸ
ԱՂՋԻԿ
Գործողության վայրը` ցանկացած քաղաքի, ցանկացած առանձնատան սենյակներից մեկը: Որն, իհարկե, պատուհան ունի:
Մութ սենյակ: Մտնում է Մեկը: Փակում է պատուհանի վարագույրը, մթության մեջ ինչ—որ բան է փնտրում:
ՄԵԿԸ — Հիմա կտեսնեք, որ ինձ սպանելն այնքան էլ հեշտ բան չէ: Չէ՜… Ես կզրկեմ ձեզ այդ հաճույքից: Կզրկե՛մ… Այսօր չեք հասցնի, իսկ վաղն արդեն չե՛ք կարողանա: Այո, դուք տանուլ տվեցիք, պարոնայք, տանո՛ւլ տվեցիք: (Ինչ—որ բան գտնելով): Ահա, գտա… (Կրակվառիչով վառում է մոմը): Այ, այսպե՛ս… (Փորձում է մոմն ամրացնել սեղանին): Իսկ դուք դրսում ինձ սպասեք, միամիտնե՜ր… (Սկսում է զգեստապահարանը քչփորել): Դուք, պարոնայք, ժամանակից շուտ ինձ հաշվից հանեցիք: Դուք մոռացաք, թե ումի՛ց առաք ճարպկության ձեր առաջին դասերը… (Զգեստապահարանից փողկապներ է հանում, մեկը մյուսին կապում): Հուսով եմ, ձեզ իմ փողկապներն այլևս պետք չեն գա, անկիրթ պնդաճակատներ… Ե՛ս կթքեմ ձեր վրա: Առաջի՛նը: Ես ձեզ կճզմե՛մ ոտքերիս տակ ու ձեր մոխիրը քամո՛ւն կտամ… ինձ դեռ երկա՜ր կհիշեք… (Փողկապներից օղապարան է սարքել և բարձրանալով սեղանի վրա` կապում է ջահից): Իմ ջահն էլ փողկապներիս պես գեղեցիկ ու ամուր է: Ոչ թե ձեր էժանագին ու ճմրթված կոստյումները, որ մի շարժումից հազար կար է քանդվում… (Գործն ավարտելով): Այո, պարոնայք, ես կախվո՛ւմ եմ… Ես թքո՛ւմ եմ ձեր երեսին… (Փորձում է օղակը վիզը հագցնել): Մոռացա ձեզ մի երկու տող գրել… (Իջնում, մոտենում է գրասեղանին):
ԸՆԿԵՐ — (մտնելով, սրընթաց ուղղվում է դեպի մյուս սենյակը: Ինքն իրեն խոսելով): …ես նրան այդպես էլ կասեմ, ուղղակի կխնդրեմ նրան… (Մտնում է հարևան սենյակը):
ՄԵԿԸ — (անակնկալի եկած, ձեռքին հայտնված ատրճանակը կրկին թաքցնում է): Գրո՛ղը քեզ տանի, վախեցրիր…
ԸՆԿԵՐ — (վերադառնալով): Դու այստե՞ղ ես…
ՄԵԿԸ — (անհանգիստ): Ո՞ր ճանապարհով եկար…
ԸՆԿԵՐ — Ինչպես միշտ՝ ետնաբակով:
ՄԵԿԸ — Ոչ ոք չհանդիպե՞ց…
ԸՆԿԵՐ — Ոչ մի կենդանի շունչ:
ՄԵԿԸ — (նյարդային): Քանի՞ անգամ եմ զգուշացրել, որ մինչև շիկահեր աղջկադ հետ գալը զանգես ու պայմանավորվես, հը՞…
ԸՆԿԵՐ — Հասկանում եմ… Ինչո՞ւ լույսը չես վառում:
ՄԵԿԸ — Հարցիս չպատասխանեցիր:
ԸՆԿԵՐ — Ասացի, որ… հասկանում եմ քեզ:
ՄԵԿԸ — Դա քիչ է, զանգել էր պետք:
ԸՆԿԵՐ — Ճիշտը որ ասեմ, այդ շիկահերի հետ այնքան էլ մի…
ՄԵԿԸ — (կտրուկ): Բարի գիշեր:
ԸՆԿԵՐ — Իզուր ես զայրանում, սա այն դեպքը չէ:
ՄԵԿԸ — Այսի՞նքն…
ԸՆԿԵՐ — Շիկահերն ինձ հետ չէ:
ՄԵԿԸ — Ավելի վատ: Ուրեմն կեսգիշերին հայտնվելդ ընդհանրապես անիմաստ եմ գտնում… ու զայրացուցիչ:
ԸՆԿԵՐ — Բայց մենք ընկերնե՞ր ենք:
ՄԵԿԸ — (վրա տալով): Հիմա՞ ես հիշել, հա՞, կեսգիշերի՞ն…
ԸՆԿԵՐ — Իհարկե, ոչ: Ես միշտ էլ քեզ լավ ընկեր եմ համարել և…
ՄԵԿԸ — (ընդհատելով): Քեզ ի՞նչ է պետք: Ասա ու գնա:
ԸՆԿԵՐ — Ների՛ր, բայց գնալու ուրիշ տեղ չունեմ: Դու պարտավոր ես լսել ինձ…
ՄԵԿԸ — Այս պահին ոչնչով պարտավորված չեմ զգում քո առաջ:
ԸՆԿԵՐ — Հասկանում եմ… Առանց այն էլ դու ես միշտ օգնել, առանց իմ կամքի ու միջամտության: Հիշո՞ւմ ես, ամեն անգամ, ինչ-որ գործ ինձ համար հաջողացնելուց հետո, թեթև խփում էիր ուսիս ու նետում. «Դե՛, զինվոր, նստիր ձիդ ու թռիր մարտի դաշտ, քեզ սխրանքներ են սպասում…»: Իսկ այսօր ես պետք է քեզ խնդրեմ, որ օգնես ինձ, ե՛ս…
ՄԵԿԸ — (տեղի տալով): Լուրջ բա՞ն է…
ԸՆԿԵՐ — Ավելի լուրջ չի լինում… ես որոշել եմ մեռնել:
ՄԵԿԸ — Ինքնատիպ որոշում է, հատկապես քեզ նման եսասեր անձնավորության համար: Բայց այդ հարցով օգնել չեմ կարող:
ԸՆԿԵՐ — Կարո՛ղ ես:
ՄԵԿԸ — Ուրեմն, անցիր վաղը: Մենք կքննարկենք այդ խնդիրը և լուծում կգտնենք:
ԸՆԿԵՐ — Ինձ ճիշտ չհասկացար…
ՄԵԿԸ — Այսի՞նքն…
ԸՆԿԵՐ — Ես հիմա եմ ուզում, հենց հիմա՛:
ՄԵԿԸ — Ա-յո՜, անհնար է ինքնատիպությամբ քեզ գերազանցել: Մնում է ենթադրել, որ պատրաստվում ես անել այստե՞ղ, իմ տան մե՞ջ…
ԸՆԿԵՐ — Կռահեցիր:
ՄԵԿԸ — Իսկ ինչպե՞ս ես դա պատկերացնում:
ԸՆԿԵՐ — Ի՞նչը:
ՄԵԿԸ — Դե՜…
ԸՆԿԵՐ — Չգիտեմ:
ՄԵԿԸ — Իսկ դիա՞կդ… Ի՞նչ անեմ դրա հետ, մտածե՞լ ես այդ մասին:
ԸՆԿԵՐ — Դու ճարպիկ ես, մի բան կմտածես:
ՄԵԿԸ — …
ԸՆԿԵՐ — Դե՛, հանուն մեր ընկերության…
ՄԵԿԸ — Լավ, ասենք թե… Ինքնասպանության ի՞նչ ձև ես ընտրել:
ԸՆԿԵՐ — Բայց ես չասացի, թե ինքնասպան եմ լինելու:
ՄԵԿԸ — Քիչ առաջ չասացի՞ր, որ մեռնել ես ուզում այստեղ և հիմա՛:
ԸՆԿԵՐ — Մեռնել` այո՛, բայց ո՛չ` ինքնասպան լինել:
ՄԵԿԸ — Այսինքն… (Գլխի ընկնելով): Ոչ… Ո՛չ: Ես չե՛մ անի, ո՛չ…
ԸՆԿԵՐ — Ես եմ խնդրում քեզ, հանուն ընկերության…
ՄԵԿԸ — Հանուն սրբերի էլ չեմ անի:
ԸՆԿԵՐ — Գրո՛ղը տանի, քանի՞սն են քո ձեռքով կյանքից հեռացել… Ու դու չես ուզում օգնել այն մարդուն, ով ի՞նքն է խնդրում:
ՄԵԿԸ — Մի՛ խնդրիր… Արհեստի գործն ուրիշ է: Իսկ հենց այնպես վերցնել ու մա՞րդ սպանել… Ո՛չ: Չե՛մ կարող:
ԸՆԿԵՐ — Խնդրում եմ քեզ:
ՄԵԿԸ — Մի խնդրիր, և վե՛րջ: Ես իմ սկզբունքներն ունեմ, որոնց երբեք չեմ դավաճանել:
ԸՆԿԵՐ — (վհատ): Գիտեմ:
ՄԵԿԸ — Ուրեմն, խնդրելդ էլ անիմաստ է: Եթե որոշել ես կյանքիդ վերջ տալ, ինքդ էլ պիտի լուծես քո խնդիրը, քո ձեռքով, պա՞րզ է:
ԸՆԿԵՐ — Հասկանում եմ…
ՄԵԿԸ — Եվ հետո… ես էլ նույն խնդրի առաջ եմ կանգնած: Պետք է անհապաղ ինքնասպան լինեմ:
ԸՆԿԵՐ — (անակնկալի եկած): Անհապա՞ղ… ինքնասպա՞ն…
ՄԵԿԸ — (ցույց տալով ջահը): Տեսնո՞ւմ ես…
ԸՆԿԵՐ — (օղապարանին նայելով): Խելքդ թռցրե՞լ ես…
ՄԵԿԸ — Սկզբունքի հարց է:
ԸՆԿԵՐ — Բայց ինչո՞ւ ես որոշել կախվել: Այն աշխարհը գնալու հազար միջոց գիտես:
ՄԵԿԸ — Ուրեմն, այդպես է պետք:
ԸՆԿԵՐ — Բայց ինչո՞ւ…
ՄԵԿԸ — Պատկերացնո՞ւմ ես, նրանք ինձ ասացին, որ նույնիսկ կախվելու ժամանակ չեմ ունենա:
ԸՆԿԵՐ — Սպառնացին սպանե՞լ…
ՄԵԿԸ — Քիչ է ասել՝ սպառնացին: Արդեն սպանած կլինեին, եթե թույլ տայի:
ԸՆԿԵՐ — Ուրեմն, փախի՛ր: Ուրիշ քաղաք, ուրիշ երկիր: Վերցրու խնայողություններդ ու հանգիստ ապրիր…
ՄԵԿԸ — Այդպես էլ չհասկացար, որ պատվախնդրությունն ինձ համար շատ ավելին արժե, քան կյանքը: Ինչևէ, բարի գալուստ դժոխք, սիրելի բարեկամ:
ԸՆԿԵՐ — Ա-յո՜, համա թե խրվել ենք…
ՄԵԿԸ — Այդ դո՛ւ ես խրվել, ես իմ պատվի գործն եմ անելու:
ԸՆԿԵՐ — Արի հասկանանք իրար: Դու հաստատ որոշել ես մեռնե՞լ…
ՄԵԿԸ — Անխո՛ս…
ԸՆԿԵՐ — Ես էլ: Ու ոչինչ չի փոխվի, եթե կախվելուց առաջ իմ վերջը տաս:
ՄԵԿԸ — Կարծեմ, այդ հարցն արդեն հանված է օրակարգից:
ԸՆԿԵՐ — (համառ): Այդ դեպքում… արի վիճակ գցենք:
ՄԵԿԸ — (իմիջիայլոց): Ինչի՞ վրա:
ԸՆԿԵՐ — Շահում ես դու` կախվիր, երբ քեֆդ տա: Շահում եմ ես, սպանում ես ինձ ու հետո… ինքդ գիտես:
ՄԵԿԸ — Կյանքում դեռ ոչինչ Աստծուն չեմ գցել…
ԸՆԿԵՐ — Աստծո գործը չէ, այլ սատանայի:
ՄԵԿԸ — (մոլուցքի տրված): Սատանայի հետ սեղան չեմ նստել, բայց կուզենայի:
ԸՆԿԵՐ — Տեսնո՞ւմ ես… առիթը բաց մի՛ թող, որ չփոշմանես…
ՄԵԿԸ — (քիչ երկնչելով): Լավ, այս անգամ թող սատանայի կամքը որոշի…
ԸՆԿԵՐ — Փորձը փորձանք չէ, բեր վիճակ գցենք:
ՄԵԿԸ — Ինչպե՞ս…
ԸՆԿԵՐ — Խաղաթղթերով… ունե՞ս…
ՄԵԿԸ — Հա, բայց ո՞նց…
ԸՆԿԵՐ — Ում ընկնի Ագռավի աղջիկը, նա էլ շահել է…
ՄԵԿԸ — Սատանան քեզ հետ… (Գնում է խաղաթղթերը բերելու): Բայց չեմ ների, եթե դու շահես:
ԸՆԿԵՐ — Գիտես, իմ բախտը երբեք չի բերել խաղատներում:
ՄԵԿԸ — (բերելով խաղաթղթերով): Այնտեղ՝ հա՛, իսկ այստե՞ղ… Ի՞նչ ենք անելու:
ԸՆԿԵՐ — Տուր, ես խառնեմ, դու կգցես:
ՄԵԿԸ — Խառնիր: (Խաղաթղթերը տալիս է ընկերոջը):
ԸՆԿԵՐ — (նյարդային խառնելով): Երազի մեջ էլ այսքան անհեթեթ վիճակ չեմ ապրել:
ՄԵԿԸ — Տուր ինձ, հերիք է, խաղաթղթերը մաշվեցին:
ԸՆԿԵՐ — Կարծում ես` պա՞հն է… (Վարանելով): Վերցրու տեսնենք` ի՞նչ է լինելու…
ՄԵԿԸ — (խաղաթղթերը վերցնելով): Ի՞նչ պիտի լինի… (Կատակի տալով): Եթե դու շահես, քեզ սպանելու առիթ կունենամ:
ԸՆԿԵՐ — Տարօրինակ է, չէ՞, երկուսս էլ մահվան շեմին ենք, բայց կատակում ենք:
ՄԵԿԸ — Խիզախությունից չէ, շփոթմունքից է:
ԸՆԿԵՐ — Երևի ճիշտ ես… Ի՞նչ արած, գցի՛ր…
ՄԵԿԸ — Դե՛, զինվոր, նայի՛ր: (Սկսում է խաղաթղթերը գցել: Մինչև վերջին երեք խաղաթուղթը՝ բեմադրիչի կամքն է տեսարանը լուծել): Մնաց երեք խաղաթուղթ: Չե՞ս փոշմանել:
ԸՆԿԵՐ — Ո՛չ:
ՄԵԿԸ — Երկու թուղթն իմն է՝ երկու շանսի հետ, ընդդեմ քո մեկի:
ԸՆԿԵՐ — Տեսնում եմ… գցի՛ր:
ՄԵԿԸ — Ուշադիր նայիր… (Դանդաղ բացում է առաջին խաղաթուղթը): Գրո՛ղը տանի, սա խաղի վերջն է:
ԸՆԿԵՐ — Շատ էլ արդար է, հավասարվեցինք: Մեկ շանս քեզ, մեկն՝ ինձ:
ՄԵԿԸ — Վերցրու քո թուղթն ու նայիր: (Երկրորդ խաղաթուղթը տալիս է ընկերոջը):
ԸՆԿԵՐ — (դանդաղ նայում է, անշարժ է մի պահ): Ես քեզ չասացի՞…
ՄԵԿԸ — Տանո՞ւլ տվիր… Ոչինչ, մի տխրիր, սատանան չօգնեց, Աստված քեզ կօգնի: (Բացում է իր խաղաթուղթը: Շանթահարված): Ինչպե՞ս… տուր այստեղ… (Փորձում է ընկերոջ ձեռքից փախցնել խաղաթուղթը, նա հասցնում է խույս տալ):
ԸՆԿԵՐ — (ինչ—որ բան կռահելով): Ի՞նչ է քո մոտ, ցույց տուր…
ՄԵԿԸ — Քո մոտ էլ, կարծես թե, ա՛յն թուղթը չէ:
ԸՆԿԵՐ — (շփոթված, բայց և գոհ): Ուզում ես ասել, թե քո ձեռքինն է՞լ Ագռավի աղջիկը չէ…
ՄԵԿԸ — (խաղաթուղթը դնելով ընկերոջ առաջ): Ինչպես տեսնում ես, չէ՛:
ԸՆԿԵՐ — Հապա ո՞ւր է…
ԱՂՋԻԿ — (մթության մեջ, բազմոցին նստած): Տղաներ, կարծեմ ինձ եք փնտրում:
Մեկն ու ընկերը շփոթահար վեր են թռչում: Մեկի ձեռքին կրկին ատրճանակն է:
ՄԵԿԸ — Ո՞վ է, մոտ արի…
ԱՂՋԻԿ — Իրար մի՛ խառնվեք, ես լսեցի, թե ինչ եք ուզում:
ՄԵԿԸ — Իսկ դու ո՞վ ես…
ԱՂՋԻԿ — Ագռավի աղջիկը…
ՄԵԿԸ — (Ընկերոջը): Քեզ չհարցրի՞՝ մենակ ես եկել…
ԸՆԿԵՐ — Երդվում եմ, մենակ…
ՄԵԿԸ — (Աղջկան): Ուրեմն ի՞նչ, քաղցրիկս, քեզ ուղարկե՞լ են:
ԱՂՋԻԿ — Ո՜չ: Ինքս եմ եկել:
ՄԵԿԸ — (շինծու հիացմունքով): Խիզա՜խ աղջիկ ես: Առաջ արի, տեսնեմ` կյանքս ո՞ւմ պիտի տամ:
ԱՂՋԻԿ — Գործարք կնքեցիք սատանայի հետ՝ նրան էլ կտաք: Իսկ ինձ ուզեցիք, որ ձեզնից մեկի բաժինը դառնամ:
ՄԵԿԸ — Չէ՜, դու ստում ես, այդպես չի՛ լինում:
ԱՂՋԻԿ — Իսկ քեզ ո՞վ ասաց…
ԸՆԿԵՐ — Լսիր, սիրո՛ւնս, քեզնով զբաղվելու ժամանակ չունենք: Գնա, ոնց եկար, ու մեզ հանգիստ թող:
ՄԵԿԸ — (կանխելով): Այդպես չի՛ լինի, նա ինձ կմատնի…
ԸՆԿԵՐ — Բա ի՞նչ անենք… (Կանխազգալով): Միայն չասես, որ նրան կսպանես:
ՄԵԿԸ — Ուրիշ ելք չկա, կամ մե՛նք, կամ նա՛:
ԱՂՋԻԿ — Երե՜քս էլ… Ի՞նչ եք ջուր ծեծում: Որոշել եք ինքնասպա՞ն լինել: Ինչո՞ւ չեք լինում:
ԸՆԿԵՐ — (կարծես արդարանալով): Մենք վիճակ գցեցինք…
ԱՂՋԻԿ — Ճշտեցի՞ք, թե ով կմեռնի:
ԸՆԿԵՐ — Ճիշտն ասած՝ ոչ… այն չկար:
ԱՂՋԻԿ — Այն ձեր առաջ է` Ագռավի աղջիկը: Դե ի՞նչ, գուցե փորձե՞ք… ով սիրտը կշահի:
ԸՆԿԵՐ — Ինչի՞ համար:
ԱՂՋԻԿ — Ում հասա, նա էլ վիճակը կտանի:
ԸՆԿԵՐ — Ինչպե՞ս ճշտենք, թե ում հասար:
ԱՂՋԻԿ — Ում հետ պառկեցի՜…
ՄԵԿԸ — Չէ, սա երազ է: Կամ էլ արդեն դժոխք ենք ընկել:
ԱՂՋԻԿ — Դժոխքում ձեր տեղն ապահով ունեք: Հիմա մտածեք վիճակի՛ մասին:
ՄԵԿԸ — Լսիր, քաղցրի՛կս, կարծեմ, ճշտելու բան չկա: Դու պիտի ասես, թե ո՞ւմ ես ընկել:
ԸՆԿԵՐ — (Մեկին): Թե՞ պիտի ընտրի…
ՄԵԿԸ — Ոչ մի ընտրություն: Վիճակ գցեցինք, որ իմանայինք, թե նա ում կընկնի, ոչ թե՝ ում կընտրի:
ԱՂՋԻԿ — Ճարպիկն ես ու շատ խելոք: Թե անկողնում էլ քեզ լավ ես պահում, ուրեմն, ասպետ ես, իսկական հերոս:
ՄԵԿԸ — Ես մահապարտ եմ, ընդամենն այդքան…
ԱՂՋԻԿ — Չեմ հասկանում, չես ուզում ինձ հետ անկողի՞ն կիսել:
ՄԵԿԸ — Դժոխքում՝ այո, բայց այստեղ ուրիշ խնդիրներ ունեմ: Ասա, վերջապես, ո՞ւմ ընկար:
ԱՂՋԻԿ — Արդեն ասել եմ՝ ում հետ պառկեցի:
ՄԵԿԸ — Ես որ չեմ պառկի սատանայի հետ:
ԱՂՋԻԿ — Ընկերդ կպառկի…
ԸՆԿԵՐ — (միամիտ անկեղծությամբ): Ես էլ չեմ կարող… Թե չէ՝ էլ ինչո՞ւ մահս կուզեի:
ՄԵԿԸ — (Ընկերոջը): Դու լո՞ւրջ ես ասում:
ԸՆԿԵՐ — (անթաքույց անկեղծ): Միանգամայն լուրջ: Ցոփ կյանքի պատիժ՝ տրված ինձ վերից:
ՄԵԿԸ — (Աղջկան): Բան չհասկացա, ի՞նչ է ստացվում: Նա չի կարող, ես էլ չեմ ուզում…
ԱՂՋԻԿ — Ինքդ որոշիր: Թե կախվել կուզես, ուզես թե չուզես, գիրկս պիտի գաս:
ՄԵԿԸ — Իսկ եթե չգա՞մ:
ԱՂՋԻԿ — Կախվել չես հասցնի:
ՄԵԿԸ — Իսկ ի՞նչ կլինի:
ԱՂՋԻԿ — Մնացել է քեզ վայրկյանների կյանք: Դե, շու՛տ, ի՛նձ արի…
ՄԵԿԸ — Քեզ հետ չե՛մ պառկի…
ԱՂՋԻԿ — Ստվերի՛դ նայիր…
Մեկը շրջվում է: Վարագույրի վրա իր ստվերն է: Պատուհանի ապակին կոտրվում է: Մեկն ընկնում է դիպուկահարի գնդակից:
ԸՆԿԵՐ — (իրեն կորցրած): Իսկ ինձ մահ չկա՞…
ԱՂՋԻԿ — Որքան էլ ուզես, այսօր չես մեռնի: Ու վաղը` նույնպես: Ու դեռ շա՜տ կապրես: Գիտե՞ս` ինչու: Որ ինձ միշտ օգնես հպարտ հոգիներ դժոխք տանելու: Կարծում ես` ինչո՞ւ միշտ քեզ հետ եմ ես…
ԸՆԿԵՐ — Միշտ ինձ հե՞տ ես դու…
ԱՂՋԻԿ — Հապա լավ լսիր… Ձայնս չե՞ս հիշում…
ԸՆԿԵՐ — Կարծես թե… կարծես… գլխի եմ ընկնում: Շիկահեր աղջի՞կ…
ԱՂՋԻԿ — Ագռավի՛ աղջիկ…. Ագռավի՛ աղջիկ…