Սամվել ԿՈՍՅԱՆ/«ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ՏԱԿՈՎ»

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ՏԱԿՈՎ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում

Եթե հնարավոր լինի խավարը վերծանել…

Անհույս երազանք, մանավանդ, այսօր էլ անհաշիվ գործարքներ են կատարվում խավարի մեջ: Խավարը այդ ամենը թաքցնում է և լուռ է: Այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի:

Անհանգստացնողը լույսի և խավարի հավերժական պայքարում խավարի հետզհետե ծանրացող նժարն է, որից աստղագուշակներն ու պայծառատեսները աշխարհի վերջը համարյա որպես իրականություն են ներկայացնում:

Գուցե չեն սխալվում, եթե լույսի երկիրը փնտրողներին կարելի է մատների վրա հաշվել:

ՍԱՄՎԵԼ   ԿՈՍՅԱՆ

ԿԱՐՄԻՐ  ԼՈՒՅՍԻ  ՏԱԿՈՎ

Ցնորք  հինգ  պատկերով

Գործող անձինք

ՆՈՒՆԵ

ԳՈՌ

ԱՐԱՄ

                                                Պատկեր առաջին

Բեմի խորքում, խավարի մեջ, լուսաֆոր հիշեցնող կարմիր լույսն է: Արամը սևեռուն դրան է նայում: Խավարում միայն լուսաֆորի կարմիրն է և այնտեղից   սկիզբ առնող լույսի դեղին շողը, որի մեջ կանգնած է Արամը: 

ԳՈՌ — (առայժմ չի երևում): Դաստիարակված ես, փողոցային երթևեկության կանոնները չես խախտում:

ԱՐԱՄ — Ո՞վ ես:

ԳՈՌ — Որսորդ:

ԱՐԱՄ — Մարդասպա՞ն ես:

ԳՈՌ — Որսորդ:

ԱՐԱՄ — Նույնը չէ՞:

ԳՈՌ — Նույնը կլիներ, եթե տարբեր չլիներ:

ԱՐԱՄ — Տարբերությունը ո՞րն է:

ԳՈՌ — Որսորդը փախչողի ետևից է կրակում:

ԱՐԱՄ — Նորե՞կ ես: 

ԳՈՌ — Չէ, ուրվական:

ԱՐԱՄ — Ո՞ւմ ուրվականը` Տիգրան Մեծի՞, Նապոլեոնի՞, թե՞ գժանոցի նախկին տնօրենի…

ԳՈՌ — Թիթեռի:

ԱՐԱՄ — Վարժված գիժ ես երևում:

ԳՈՌ — Գիժը չի կարող թիթեռ լինել, թիթեռն էլ գիժ է:

ԱՐԱՄ — Մտածում ես` քո որսն էլ ես եմ…

ԳՈՌ — Եթե փախչես… Ժամը քանի՞սն է:

ԱՐԱՄ — 11-ն անց 7:

ԳՈՌ — Հետաքրքիր չէր:

ԱՐԱՄ — Ի՞նչը:

ԳՈՌ — 11-ն անց 7-ը: 11-ն անց 8-ը ավելի հետաքրքիր է:

ԱՐԱՄ — Չե՞ս երևալու:

ԳՈՌ — (հայտնվում է խավարի միջից, կանգնում է Արամի կողքին): Ճիշտ որ, կյանքը լույսի մեջ է:

ԱՐԱՄ — (ուշադիր նրան է նայում): Ուրվականները լույսից են փախչում… Դու դեպի լույսը թռար: Կամ թիթեռ ես, կամ ձևացնում ես, որ թիթեռ ես:

ԳՈՌ — Կարևորը ներսս է, ու ներսս լիքը թիթեռ է: Ուրվականն էլ` խավարի մեջ եմ, թե չէ լույսի մեջ բանաստեղծ եմ: Ափսոս, մաշկիս ֆոսֆորը պակասել է… Հրաշք է, երբ խավարի մեջ մաշկդ լույս է տալիս:

ԱՐԱՄ — Հիմա որսո՞րդ ես, թիթե՞ռ, բանաստե՞ղծ, թե՞ ուրվական…

ԳՈՌ — Որսորդ եմ: Ուրվական որսորդ եմ, բանաստեղծ որսորդ եմ, թիթեռ որսորդ եմ:

Շուրջը նայելով` հայտնվում է Նունեն: Գոռը նրան չի տեսել, արտասանում է:  

                  Կյանքն այստեղ էժան է, բայց, ավաղ,

                  հնարավոր չէ արտահանել:

                  Ինչն այստեղ հարգի է ու չքնաղ,

                  այնտեղ դառնում է ցախավել…

                  Ամեն ինչ խավար է, լուռ ու սուս,

                  ոչ դուռ կա, ոչ ելք կա, ոչ տանիք…

                  Այստեղ ներսն էլ է թվում դուրս,

                  իսկ դուրսը` կոտրված խաղալիք…

Կարող եմ էլի արտասանել.

                   Որսը որսորդից փախչում  է,

                մահ տեսած թռչում է լեռները:

                Ինչ որս է, սիրո պես նախշուն է,

                Բայց փակ են, մեռած են աչքերը…

ՆՈՒՆԵ — (նրանց տեսնելով` արագ մոտենում, քաշում է Գոռի ձեռքը): Էլի առանց ասելու… Զսպաշապիկը մոռացել ես:

ԳՈՌ — (մատնացույց անելով Արամին): Ուզում է գնալ ու չգիտի` ուր:

ՆՈՒՆԵ — Ուզում է, թող գնա, ուզում է, կգտնի` ուր…

ԱՐԱՄ — Քանի ժամ է` միայն կարմիրն է վառվում…  

ՆՈՒՆԵ — Երևի լուսաֆորը փչացել է:

ԱՐԱՄ — Կարող էին զգուշացնել:

ՆՈՒՆԵ — Ո՞վ:

ԱՐԱՄ — Այսպես մարդը կծերանա ու տեղ չի հասնի:

ԳՈՌ — Առաջ գնա…  

ԱՐԱՄ — Կարմիր լույսը չի թողնում:

ԳՈՌ — Մի նայիր ու գնա:

ԱՐԱՄ — Գնում եմ ու էլի այստեղ եմ հայտնվում: Հետաքրքիր է, քաղաքապետարանում ի՞նչ են անում, որ լուսաֆորը չեն նորոգում:

ՆՈՒՆԵ — Հին քաղաք է, ինչի ձեռք ես տալիս` փչանում է:

ԳՈՌ — Անտերությունից է:

ԱՐԱՄ — (ուշադիր նայում է Նունեին, երազկոտ): Իսկ դու գեղեցիկ ես…

ՆՈՒՆԵ — Առաջին անգամ ես ասում, որ գեղեցիկ եմ:

ԱՐԱՄ — Որովհետև առաջին անգամ եմ տեսնում:

ՆՈՒՆԵ — Երբեք չե՞նք հանդիպել:

ԱՐԱՄ — Երևի նախորդ կյանքում:

ԳՈՌ — (հանկարծակի): Ես կարմիր լույսի այն կողմում եղել եմ:

ԱՐԱՄ — Մենք էլ այնտեղից ենք, բայց չենք կարողանում վերադառնալ:

ԳՈՌ — Այստեղից եմ այնտեղ անցել:

ՆՈՒՆԵ — (Գոռին): Լսեցի՞ր` ինչ ասաց… Ասաց, որ գեղեցիկ եմ:

ԳՈՌ — Մի հավատա: Հետո էլ կասի, որ մեծ ու սատկած բզեզ ես: (Խորը շունչ է քաշում🙂 Գեղեցիկը անցողիկ է…

ՆՈՒՆԵ — Լավը միշտ էլ անցողիկ է… Միայն չուշանանք: Քեզ ասում էի, խնդրում էի, որ առանց ինձ այս կողմը չգաս: Չես լսել` եկել ես…

ԳՈՌ — Լուսաֆորը…

ՆՈՒՆԵ — Առանց ինձ հենց լուսաֆորի մոտ չպիտի գաս:

ԳՈՌ — Ինքն է կանչում: Հիպնոսացնում է… Բայց մի անգամ հաջողացրի խաբել ու այն կողմը անցա: 

ՆՈՒՆԵ — Ե՞րբ:

ԳՈՌ — Դատարկություն էր…

ԱՐԱՄ — Ուրիշ տեղ ես ընկել… Իմ տունն այնտեղ է, իմ տունը կտեսնեիր:

ԳՈՌ — Դատարկություն էր:

ԱՐԱՄ — Չես անցել:

ԳՈՌ — Անցել եմ:

ԱՐԱՄ — Կարմիրի տակով ոչ մեկը չի անցել:

ԳՈՌ — Սողեսող եմ անցել:

ԱՐԱՄ — Ուրվականն էլ չէր անցնի:

ԳՈՌ — Մտքով եմ անցել:

ԱՐԱՄ — Մտքով էլ չէիր կարող, երևի քո միջով ես անցել, երբ ուրվական ես եղել: Ուրվականի ներսը միշտ էլ դատարկ է: Թիթեռի ներսում էլ ամեն ինչ ժամանակավոր է: Մնաց բանաստեղծությունը… Բանաստեղծությունն էլ դատարկ տեղ է փնտրում, որ իրենով լցնի:

ԳՈՌ — Խավարը մոռացար:

ԱՐԱՄ — Ոչինչ էլ չեմ մոռացել: Դատարկությունը կամ խավարով է լցվում, կամ էլ բանաստեղծությամբ:

ՆՈՒՆԵ — Միայն չկռվեք:

ԳՈՌ — (հեգնանքով): Փչում է, որ տունն այնտեղ է: Դատարկությունն է նրա տունը…

ԱՐԱՄ — Ստելը որսորդների զբաղմունքն է:

ԳՈՌ — Որ իմ միջով դատարկությունն է, քո միջով ի՞նչ է երևում… 

ՆՈՒՆԵ — Սև խոռոչը չմտնես, մարմինդ չի դիմանա սևի ձգողականությանը:

ԱՐԱՄ — Արդեն այնտեղ է…

ՆՈՒՆԵ — Ուշանալուց է… Մեզ չի կարելի ուշանալ: Չի կարելի ու միշտ ուշանում   ենք:

ԳՈՌ — (մատնացույց է անում Արամին): Նրա պատճառով…

ԱՐԱՄ — Ինչի՞ց եք ուշացել: Այստեղ չեն ուշանում: Այստեղ դեռ ոչ մեկը չի ուշացել: Ժամանակն այստեղ քամուց ավելի շատ է…  (Հեգնանքով🙂 Խառնվել են, կարծես դրախտի գնացքից են ուշացել:

ԳՈՌ — Զսպաշապիկ չե՞ս հագել: Ուշացողներին հագցնում են: Ոնց որ դրախտի տոմսը գրպանդ է արդեն… Երբ դրախտ հասնես, վիզա ուղարկիր: Թեև մեզ արևի լույսն էլ հերիք է:

ՆՈՒՆԵ — Թող մի անգամ էլ ասի, որ գեղեցիկ եմ:

ԳՈՌ — Էլ չի ասի: Հիմա սրա աչքին ուրիշ բան է երևում: Մտածում է` կարմիրը հեռուստաաշտարակի վրա է…

ՆՈՒՆԵ — Եթե ստում էլ է, միևնույն է, հաճելի է:

ԱՐԱՄ — Չեմ ստում, իսկապես գեղեցիկ ես: Կյանքումս քեզ նման գեղեցկուհի չեմ տեսել: Ընկերդ պարզապես խանդում է…

ՆՈՒՆԵ — (Գոռին): Ճի՞շտ, խանդո՞ւմ ես:

ԱՐԱՄ — Տատիկիցս եմ լսել, որ ուրվականները շատ խանդոտ են: Որսորդներն  էլ…

ԳՈՌ — Լռեք… (Ձեռքը ականջին` փորձում է ինչ—որ բան լսել🙂 Չե՞ք լսում, շները  հաչում  են: Ինչո՞ւ պիտի հաչեն:

ՆՈՒՆԵ — Շնե՞րը… ի՞նչ շներ…

ԱՐԱՄ — Ցեղական:

Շների հաչոցն ուժգնանում է: Ավելանում են մարդկանց գոռում—գոչյունները:

ՆՈՒՆԵ — Շներից վախենում եմ…

ԳՈՌ — Հաչոցներն ուժեղացան…

ԱՐԱՄ — Էլի մարդ են սպանել: Ամեն օր մեկին սպանում են: Գժերին չի կարելի իրենց հույսին թողնել:

ՆՈՒՆԵ — Շներն ինչո՞ւ են կատաղել:

ԱՐԱՄ — Զգուշացնում են:

ԳՈՌ — Խավարից է… Խավարից են գժվում: Խավարն ամեն ինչ թաքցնում է ու վատն ավելի խորն է թաքցնում: Ոչ մեկը չգիտի` ինչքան ոճիր կա խավարի մեջ:

ՆՈՒՆԵ — (բռնում է Գոռի թևից): Ինձ քո աշխարհը տար: Խոստացել էիր տանել, խոստացել էիր, չէ՞… Էլ ո՞ւմ ես սպասում…

Շների հաչոցը, մարդկանց տագնապալի ձայներն ավելի մոտիկից են հնչում:

ԱՐԱՄ — Կտանի, եթե իմանա` որն է իր աշխարհը:

ԳՈՌ — Միայն լույսը շատ լինի:

ԱՐԱՄ — Անծանոթ տեղերում խավարը միշտ էլ շատ է լինում:

ՆՈՒՆԵ — (տագնապով): Մոտենում են… Կատաղած են երևում… 

ԳՈՌ — Երբ սատանան…

ՆՈՒՆԵ — Ի՞նչ էր ուզում:

ԳՈՌ — Հոգիս:

ԱՐԱՄ — Պիտի տված լինեիր: Եթե խելքդ տարել է, հոգին ի՞նչ ես անում:

ԳՈՌ — Ժամն ասա:

ՆՈՒՆԵ — 11-ն անց 16:

ԳՈՌ — 16 դավաճան րոպեներ:

ՆՈՒՆԵ — 16 չզիջող զսպաշապիկներ… 

ԳՈՌ — Խելառությունը զսպելով չի… Գլխիդ մեջ զսպում ես, ուրիշ տեղից է դուրս տալիս, ու էդ արդեն խելառություն չի` կատաղություն է:

ՆՈՒՆԵ — (մոտենում, ցնցում է Գոռին): Խոստացել ես: Երեկ էլ խոստացար: Քո աշխարհն եմ ուզում: Շներից հեռու, զսպաշապիկներից հեռու…

ԱՐԱՄ — Կարմիրի տակով չեք կարող…

ԳՈՌ — Խելոք մի ձևանա: Զսպաշապիկն էլ խելոքների հնարածն է:

ՆՈՒՆԵ — Էլի մի կռվեք…

ԳՈՌ — Նրա հետ կես քայլ չեմ անի:

ՆՈՒՆԵ — Նա սպասելու է, մինչև կանաչ լույսը վառվի:

ԱՐԱՄ — Դուք էլ սպասեք:

ՆՈՒՆԵ — Շները չեն սպասի:

ԳՈՌ — Սպասել իմանայինք… Սպասողները գժանոց չեն ընկնում:

ԱՐԱՄ — Կարմիրի տակով անցնողը հետևանքների մասին էլ պիտի մտածի:

ՆՈՒՆԵ — Մտածել ենք, որ այստեղ ենք… Մտածողները  միշտ  էլ  գժանոցում  են հայտնվում:

ԳՈՌ — Բայց հիմա այն կողմում կհայտնվենք: (Բռնում է Նունեի ձեռքը, քաշում է կարմիր լույսի կողմը🙂 Հիմա չենք ուշանա: Անցնելուց հետո շները չեն հասցնի, կուշանան: (Ցույց է տալիս Նունեին🙂 Նա չի դիմանա, ամպից էլ փխրուն է… Ինչ էլ լինի, այն կողմում ազատություն է, մեր ազատությունը… (Շարունակում է դեպի կարմիր լույսը շաժվել: Նունեն հնազանդ հետևում է նրան🙂 Ազատությունը կօգնի գտնել իմ աշխարհը:

Երաժշտությունը  խառնվում է շների հաչոցին ու մարդկանց ձայներին: Մի պահ նրանք կանգնում են, շրջվում` ասես ինչ—որ բանի կամ ինչ—որ մեկին հրաժեշտ տալու համար, ապա վազելով կարմիր լույսի ուղղությամբ, անէանում են խավարի  մեջ:

Պատկեր երկրորդ

Համարյա նույն տեսարանը: Կրկին դիմացը կարմիր լույսն է ու կրկին այնտեղից եկող լույսի շողը կիսում է խավարը: Լույսի շողի մեջ հայտնվում են Նունեն ու Գոռը: Քիչ հուզված են, տագնապած: Ուշադիր շուրջն են նայում, քայլում են ետ ու առաջ, փորձելով կողմնորոշվել, թե ուր են ընկել:

ՆՈՒՆԵ — Էլի նույն խավարն է, նույն կարմիր լույսն ու ամայությունը:

ԳՈՌ — (փորձում է քայլերով չափել շողի լայնությունը): Մի քիչ լայն է:

ՆՈՒՆԵ — Ի՞նչը:

ԳՈՌ — Լույսի շողն այստեղ լայնացել է:

ՆՈՒՆԵ — Հոգնածությունից է:

ԳՈՌ — Հիմա անցե՞լ ենք, թե՞ չէ…

ՆՈՒՆԵ — Անցել ենք, որ հոգնել ենք:

ԳՈՌ — Չլինի՞ երազի միջով ենք անցել ու չենք գիտակցել:

ՆՈՒՆԵ — Երազի միջով միայն ուրվականը կանցներ:

ԳՈՌ — Հա՞ որ…

ՆՈՒՆԵ — Կամ էլ ստվերը…

ԳՈՌ — Ստվերը ստվեր ունենո՞ւմ է:

ՆՈՒՆԵ — Չունի ու չի քրտնում:

ԳՈՌ — Ուրեմն, իսկական չէ: Կեղծ է ու ստի մեջ թաքնված:

ՆՈՒՆԵ — Կե՞ղծ է:

ԳՈՌ — Հա, բոլորը կեղծ են, բոլորին փոխել են: Ինձ ու քեզ էլ… Կարծես մենք ենք, բայց մենք չենք: 

ՆՈՒՆԵ — Բա մեր իսկականներն ո՞ւր են…

ԳՈՌ — Երևի սառեցրել են… Որ երբ իսկական ոչ մեկը չլինի, նորից կենդանացնեն:

ՆՈՒՆԵ — Ցավն է՞լ է կեղծ:

ԳՈՌ — Կեղծ է:

ՆՈՒՆԵ — Բայց շատ ուժեղ է:

ԳՈՌ — Կեղծը միշտ էլ ուժեղ է:

ՆՈՒՆԵ — Կարմիր լույսն է՞լ է կեղծ: 

ԳՈՌ — Կարմիրը իսկական է, վտանգը կեղծ չի լինում:

ՆՈՒՆԵ — Տեսնես իմ իսկականը ինչպիսի՞ն է եղել: Գեղեցիկ եղած կլինի: 

ԳՈՌ — Քեզանից գեղեցիկ չի լինի:

ՆՈՒՆԵ — Կարծո՞ւմ ես…

ԳՈՌ — Միշտ էլ ասել եմ:

ՆՈՒՆԵ — Երևի կամաց ես ասել, որ չեմ լսել:

ԳՈՌ — Հո չէի՞ գոռալու…

ՆՈՒՆԵ — Իմ իսկականը այստեղ լիներ… Կասեր` ուր գնալ…

ԳՈՌ — Ո՞ւր ես ուզում գնալ:

ՆՈՒՆԵ — Այն երկիրը, որտեղ լավ բաների մասին բարձրաձայն են ասում:

ԳՈՌ — Ասա` լույսը շատ լինի… Կարևորը, որ երկիրը լուսավոր լինի:

ՆՈՒՆԵ — (ուշադիր շուրջն է նայում): Չկա:

ԳՈՌ — Ի՞նչը:

ՆՈՒՆԵ — Նրա տունը… Ոչ մի տուն էլ չկա:  

ԳՈՌ — Աշխարհն այդպիսի սուտասան չի տեսել:

ՆՈՒՆԵ — Բայց ասածները հաճելի էին:

ԳՈՌ — Ի՞նչ էր ասում որ…

ՆՈՒՆԵ — Կարևորը` բարձրաձայն էր ասում: 

ԳՈՌ — Սուտը միշտ էլ բարձր է հնչում:

ՆՈՒՆԵ — Նրա հետ դատարկությունն այսքան կպչուն չէր:

ԳՈՌ — Որովհետև նույն դատարկությունը չի… Ներսիս թիթեռները քչացել են:  

ՆՈՒՆԵ — Լույսի ետևից են թռել:

ԳՈՌ — Մենք էլ կարողանայինք թռչել:

ՆՈՒՆԵ — Ճայ լինեի ու ծովի վրա…

ԳՈՌ — Կարապն էլ վատ թռչուն չի:

ՆՈՒՆԵ — Միևնույն է, կարողանայի մինչև ծովը թռչել…

ԳՈՌ — Մինչև Լույսի երկիրը… Ժամը քանի՞սն է:

ՆՈՒՆԵ — 11-ը:

ԳՈՌ — Հնարավոր չէ:

ՆՈՒՆԵ — (ավելի ուշադիր է նայում ժամացույցին, ապա ձեռքը երկարում է Գոռին): Ինքդ նայիր:

ԳՈՌ — Հնարավոր չէ… Անցնելիս 11-ն անց 16 րոպե էր… 11-ն անց 30-ը կամ 40-ը նորմալ կլիներ, 11-ը հնարավոր չէ: Ժամացույցը կարող էր փչանալ, նույն ժամը ցույց տալ, բայց քո ժամացույցի սլաքները հետ են պտտվել:

ՆՈՒՆԵ — (նորից ուշադիր ժամացույցին է նայում): Հիմա էլ 10-ն անց 57 րոպե դարձավ:

ԳՈՌ — Ժամանակը ինչո՞ւ պիտի հետ շարժվի:

ՆՈՒՆԵ — Ժամացույցս հին է, չի իմացվի` սլաքները ոնց կպտտվեն: Հիմա` ետ, վաղն էլ` առաջ…  Մյուս օրը ուզենան` կկանգնեն ու չեն շարժվի:

ԳՈՌ — Ժամանակի խաղերը…

ՆՈՒՆԵ — Ժամանակի չէ, ժամացույցիս…

ԳՈՌ — Ժամանակի խաղերը աշխարհը գլխիվայր են շրջում:

ՆՈՒՆԵ — Մեզ է՞լ…

ԳՈՌ — Ժամանակի համար փոքր ենք, որ մեզ էլ շրջի:

ՆՈՒՆԵ — Մեզ էլ բախտն է շրջում:

ԳՈՌ — (ցուցամատը շուրթերին հպելով հասկացնում է, որ Նունեն լռի): Ինչ-որ մեկը հետևում է, խավարի մեջ թաքնվել` չի երևում:

ՆՈՒՆԵ — Պարզվում է` այստեղ էլ չենք կարող մեր ուզածն անել:

ԳՈՌ — Դեռ չգիտենք` ով է…  

ՆՈՒՆԵ — Բախտը կլինի:

ԳՈՌ — Բախտն իր շնչառությունից չէր քրտնի:

ՆՈՒՆԵ — Շները կլինեն:

ԳՈՌ — Շները կհաչեին:

ՆՈՒՆԵ — Լրտես շները չեն հաչի: 

ԳՈՌ — Շունը շուն է: Շները չեն… Դրա շնչառությունը մառախուղի պես խոնավ է:

ՆՈՒՆԵ — Հրացանդ մոտդ լիներ…

ԳՈՌ — Ո՞րը…

ՆՈՒՆԵ — Որսորդականը…

ԳՈՌ — Սա՞… (Իբր հանում է ուսից ու ցույց է տալիս Նունեին🙂 Սրա մասի՞ն էիր ասում: (Ծնկում, երևակայական հրացանով երկար նշան է բռնում🙂  Շուտով կիմանանք` ով է: Կիմանա՜նք… (Կրակում է, կրակոցի ձայնն ասես իսկական հրացանից լինի🙂

ՆՈՒՆԵ — (կրակոցի ձայնից ցնցվում է): Ոնց որ վիրավորվեց: Տնքոցը ականջներիցս կախվել` չի ընկնում… (Լարվում  է` ավելի լավ լսելու համար🙂 Ընկավ…

ԳՈՌ — Ո՞վ:

ՆՈՒՆԵ — Տնքացողը:

ԳՈՌ — Երկնաքար կլինի:

ՆՈՒՆԵ — Երկնաքարը չէր տնքա: Շնչավորի տնքոց էր…

ԳՈՌ — Կարևորը` չվախենաս: Վախից ամեն ինչ մի քանի անգամ մեծ ու շատ է թվում:

ՆՈՒՆԵ — Ներսիս ձայնից եմ վախենում: Մեկ-մեկ մեծանում, քիչ է մնում` ճզմի… Գիշատիչի պես է: Ուզում է ներսս լրիվ ուտել: Ամեն մեծանալիս մի մեծ կտոր ուտում է ինձանից:

ԳՈՌ — Ինչո՞ւ չէիր ասել… Չպիտի թողնես, որ գիշատիչը մեծանա: Հիմա ձեռքերդ կբռնեմ, որ չկարողանա ցնցել:

ՆՈՒՆԵ — Միայն չցավեցնես: Թե չէ միշտ ցավեցնում են…

ԳՈՌ — Քեզ հետ միշտ էլ քնքուշ եմ եղել:

ՆՈՒՆԵ — Նա էլ էր քնքուշ:

ԳՈՌ — Ինձանից քնքուշ չէր լինի:

ՆՈՒՆԵ — Ավելի քնքուշ էլ է եղել: Ծաղիկներ էր նվիրում, խոստանում էր ամռանը ծով տանել:

ԳՈՌ — Տարա՞վ…

ՆՈՒՆԵ — Չհասցրեց: Ամանորին մի քանի օր էր մնում… Ձայնը հանկարծակի մեծացավ ու ներսս միայն ինքն էր… Ճնշումից ականջներս պայթեցին, քթիցս արյուն եկավ: Վախից տնից դուրս եկա: Բայց ձայնն իմ մեջ էր, փողոցում էլ   ինձ հետ էր: Վերադարձա: Խոհանոցի մեծ դանակի տեղը գիտեի… Ուզեցի փորս պատռել, որ ձայնը դուրս գա: Չգիտեմ` ձեռքս ով բռնեց… Հետո գժանոց բերեցին:

ԳՈՌ — Ովքե՞ր էին:

ՆՈՒՆԵ — Չեմ տեսել: Աչքերիցս էլ էր արյուն գալիս…

ԳՈՌ — Չլինի՞ նա էր:

ՆՈՒՆԵ — Չէ:

ԳՈՌ — Բա ո՞ւր էր…

ՆՈՒՆԵ — Ծովափին ինձ էր սպասում:

ԳՈՌ — Ի՞նչ գիտես:

ՆՈՒՆԵ — Երազել եմ, որ նրա սպասելու տեղը ծովափը լինի: Մինչև հիմա լուր չունեմ: Վատը չեմ մտածում: Դու էլ վատ բան չասես: Չեմ ուզում: Մեկ-մեկ  լսում եմ, ինչպես ծովի ալիքները խխունջների հետ նրա բառերն էլ են ափ  նետում: Նուրբ, ոստրեների պես թափանցիկ, խաղողի պես քաղցր բառերը:

ԳՈՌ — Երեկ խաղող էիր ուտում:

ՆՈՒՆԵ — Թթու էր: Զզվում եմ թթու բաներից, չլինի՞ թթու են, որովհետև  նեղացրել եմ նրան:

ԳՈՌ — Ուզենաս էլ, չես կարող նեղացնել:

ՆՈՒՆԵ — Տնքոցը չի լռում… Ո՞ւմ և ինչի՞ վրա կրակեցիր:

ԳՈՌ — Խավարի:

ՆՈՒՆԵ — Աջ ու ձախ խավար է: Խավարի՞ն ես վիրավորել: Խավա՞րն էր տնքում:

ԳՈՌ — Ի՞նչ իմանամ… Ուրվականի էլ չեմ ուզում փոխվել: Ուրվականի ներսում ցուրտ է, սառնարանից ցուրտ է… Մաշկդ թափանցիկ է դառնում, ու ներսդ միանգամից դատարկվում է: Ով ասես` անցնում է մարմնիդ միջով: Դրանից ուղեղս ցավում է: Շա՜տ է ցավում… (Անսպասելի կծկվում, պառկում է գետնին ու սկսում է գալարվել🙂 Չեմ դիմանում, հաճախ չեմ դիմանում:

ՆՈՒՆԵ — (բռում է Գոռի ձեռքերը, փորձում է հանգստացնել): Մի վախենա:

ԳՈՌ — (փոքր—ինչ հանդարտվելով): Չթողնես` խավարն ինձ ուտի… Չես թողնի, չէ՞… Հիշո՞ւմ ես, ինչպես սանիտարի ձեռքը բռնեցիր: Թևից կախվել, գոռում էիր: Սանիտարը չէր կարողանում թևն ազատել… Հենց ազատեր, փայտը    գլխիս էր կոտրելու… 

ՆՈՒՆԵ — Չի ուտի, չի համարձակվի…

ԳՈՌ — Հա՞… (Վեր է թռչում, ասես քիչ առաջվա խեղճացածը չլինի🙂 Ուրեմն, ով ուզում է լինի… Ի՞նչ ենք արել, որ մեզ հետևում է:

ՆՈՒՆԵ — Երևի մտածում է սպանել, ու փախչում ենք…

ԳՈՌ — (կրկին ձևացնում է, թե հանում է հրացանն ու նշան է բռնում): Եթե շարունակի հետևել, երկրորդ զոհն ինքը կլինի:

ՆՈՒՆԵ — (բռնում է ձեռքը): Փամփուշտը խնայիր, դեռ չգիտես` ով է… (Ակամա նայում է կարմիր լույսի կողմը🙂 Կարմիրին նայիր, ոնց որ մեծացել է:

ԳՈՌ — (իբր հրացանը նորից ուսն է գցում, ուշադիր նայում է լույսին): Անընդհատ մեծանում է…  ժամը քանի՞սն է:

ՆՈՒՆԵ — (ժամացույցին է նայում): 10-ն անց 50: Սլաքները նորից ետ են պտտվել:

ԳՈՌ — Անհավատալի է… Կարմիրն ինչո՞ւ է մեծանում, եթե ժամանակը փոքրանում է:   

ՆՈՒՆԵ — Հայելի լիներ` ներս կնայեի: Կիմանայի` ինչ է կատարվում:

ԳՈՌ — Երբ ներսը չի երևում, մի բան կատարվում է:

Կարմիր լույսն ավելի է մեծանում: Նրանք լարված ու անհանգիստ հետևում են, թե ինչ է լինելու: Լույսն ընդարձակվում է, և բեմն արդեն կարմիր լույսի մեջ է: Անսպասելի հայտնված  ստվերները` անհայտ գազանների ու ֆիգուրների  տեսքով, անկանոն շարժումներով կարծես փորձում են հարձակվել: Գոռն ու  Նունեն վախից կպչում են իրար: Ստվերներն ավելի են կատաղում:

ՆՈՒՆԵ — Ստվերները շատանում են:

ԳՈՌ — Էլի են շատանալու, էլի են հարձակվելու: Ուրվականների որսն սկսվել է:

ՆՈՒՆԵ — Մեզանից ի՞նչ են ուզում:

ԳՈՌ — Մեր հիշողությունը: (Ամուր բռնում է Նունեի ձեռքը: Երաժշտություն🙂  Երեք հաշվի վրա վազում ենք… Խավարի մեջ դժվար է ապրողներին ուրվականներից զանազանել: Կարևորը` չվախենաս ու չշփոթվես: Մեկ, երկու, երեք… Վազեցինք…

Կարմիր լույսի ու ստվերների միջով վազում, անհետանում են տեսադաշտից, և ամեն ինչ թաղվում է խավարի մեջ:

Պատկեր երրորդ

Նույնն տեսարանն է: Դիմացը կրկին կարմիր լույսն է ու նույն շողը: Հևիհև հայտնվում են Գոռն ու Նունեն: 

ՆՈՒՆԵ — (հևալով): Ամայության վերջը չի երևում: Մեր վերջը տեսնում եմ, ամայությանը չի երևում…

ԳՈՌ — Չգիտե՞ս` ինչից է, որ առանց ապրելու ծերանում եմ:

ՆՈՒՆԵ — Ճանապարհը չենք գտնում: Ճանապարհը մի տեղ կհասցներ:

ԳՈՌ — Ժամն ասա:

ՆՈՒՆԵ — 10-ն անց 18:

ԳՈՌ — 11-ն անց 16 րոպեից հանած 10-ն անց 18: (Մտածում է🙂 58 րոպե… Մեղավո՞ր ենք, որ Լույսի երկիրը չենք գտնում, չնայած համոզված ենք, որ կա: Թիթեռները երևի այնտեղից են… Չես նկատի` որտեղից ուր են թռչում:  Կարևորը` չհուսահատվես: Թիթեռը մի օրվա կյանք ունի ու, միևնույն է, ծաղիկներից չի հեռանում: Մերն ուրիշ է` պառկում ու սպասում ենք վերջին:  Թիթեռը էդ վերջին մինչև վերջ չի հավատում: Ծովն էիր ուզում… Փակիր աչքերդ ու պատկերացրու: Լսիր ձայնը, զգա, ինչպես են ալիքները ցրում  ավազի կնճիռները, ձկներին երկինք են շպրտում…

ՆՈՒՆԵ — (նայում է վերև): Գոնե երկինքը երևար…

ԳՈՌ —    Երկինքը չի երևում,

             Բայց ինքը տեսնում է մեզ,

             Տարօրինակ է, այդ վերևում

             Ամեն ինչ գիտեն, դու չգիտես…

ՆՈՒՆԵ — Գիտե՞ն, որ փախել ենք, թե՞ Տերն էլ է գժերից երես թեքել:

ԳՈՌ — Կիմանան… Բայց չենք փախել: Փախչողը չի փնտրում, փախչողի համար միևնույն է, միայն հեռու փախչի: Մենք Լույսի երկիրն ենք փնտրում: Տերը մեզ այնտեղ էլ սպասում է:

ՆՈՒՆԵ — Չեմ հավատում: Մեզ ոչ մեկը չի սպասել, մեզ չեն սպասում, մեզանից թաքնվում են: Մենք ուզում ենք խոսել, շփվել հետները, իրենց ենք փնտրում, բայց իրենք թաքնվում են: Որովհետև գիժ ենք… (Համարյա գոռալով🙂 Գի՜ժ  ենք… Մեզանից վախենում են:   

ԳՈՌ — Միայն խավարը մեզանից ձեռ չի քաշում…

ՆՈՒՆԵ — Տնքոցն էլ… Տնքոցը ականջներիցս չի պոկվում: (Շոշափում է ականջները🙂  Քիչ է մնում` ականջներս ծակվեն:

ԳՈՌ — Չգիտես էլ` ով է: Իմանայի, մի երկու խոսք դեմքին կշպրտեի… Կասեր` ինչ է ուզում:

ՆՈՒՆԵ — Կի՞ն է, տղամա՞րդ է… 

ԳՈՌ — Միայն խավարի սեռը չես ջոկի:

ՆՈՒՆԵ — Ուրեմն, ոչինչ չես ջոկի: Անսեռն ամեն ինչ թաքցնում է, ամեն ինչը: Ու ամեն ինչը լուռ է անում:

ԳՈՌ — Լո՞ւռ է տնքում… Լուռ տնքացողը լուռ էլ լաց կլինի, ամենավերջում էլ լուռ կգոռա: Էլ ի՞նչ է լուռ անելու… Ուզում է լռել, թող լռի, թող տնքա, միայն ասի` ինչ է ուզում: 

ՆՈՒՆԵ — Այնքան էլ լուռ չի, գռմռում է, միայն թե չեմ հասկանում:

ԳՈՌ — Ականջդ ավելի մոտեցրու:

ՆՈՒՆԵ — (մոտենում, համարյա դեմքով թաղվում է խավարի մեջ): Ծիծաղում է… Հասկացա, իբր, կրակելով իրեն չես վախեցնի… Դրանից չի թուլանում, ուժեղանում է:

ԳՈՌ — Ուրեմն, թող չտնքա… Տնքալո՞վ է ուժեղանում:

ՆՈՒՆԵ — Բարձր ասա, որ լսի:

ԳՈՌ — Իրեն խուլի տեղ է դրել:

ՆՈՒՆԵ — Էլի ծիծաղեց: Իբր, քո միամտությունից ականջները քոր եկան…

ԳՈՌ — Էլ ի՞նչը քոր եկավ:

ՆՈՒՆԵ — Ասում է` միայն հիմարն է խավարի դեմ կռվում:

ԳՈՌ — Երևի ուզում է` ոտքերը համբուրենք:

ՆՈՒՆԵ — Էլի չլսեց… Ըհը, լսել է: Ասում է` ինքը մարդկանց պես չի. գլուխն առանձին, ոտքերն ու ձեռքերն` առանձին… Սիրտը մի կողմում, թոքերը` մյուս… Աջը չգիտի` ձախն ինչ է անում: Ինքն ամբողջ է ու դրանով` անհաղթահարելի: 

ԳՈՌ — Հարցրու` մեզանից ի՞նչ է ուզում:

ՆՈՒՆԵ — Խավարը չի ուզում, խավարը վերցնում է:

ԳՈՌ — Ի՞նչ ունենք, որ ինչ վերցնի:

ՆՈՒՆԵ — Երևի ունենք, որ ուզում է:

ԳՈՌ — Թող վերցնի, եթե կարող է:

ՆՈՒՆԵ — Ասում է` իր երեխաներն ենք, ասում է` ամոթ է, որ երեխաները փորձում են ընդվզել ծնողի դեմ: Զարմանում է, որ մինչև հիմա չենք իմացել, որ մեր ծնողն ինքն է:

ԳՈՌ — Էլի ի՞նչ չգիտենք…

ՆՈՒՆԵ — Որ ամեն ինչ խավարից է ծնվել ու խավարի մեջ էլ ավարտվելու է:

ԳՈՌ — Ամեն ասածի մի հավատա: 

ՆՈՒՆԵ — Նա ուրվականին… ուզում էի ասել` քե՛զ պիտի ընտրեր: Բայց խոսքի մեջ ինձ է ընտրել: Ձայնը ցածր է, մետաղի պես պաղ… Ոչ թե ականջներով, այլ մաշկով եմ լսում ու ձայնի սառնությունից մաշկս փշաքաղվել է: Հնարավոր է` վախից էլ փշաքաղված լինի… Եթե կարմիրը էլի մեծանա… Նախորդ ստվերները ոնց որ կույր էին ու մեզ չէին գտնում:

ԳՈՌ — Աչք ունե՞ն, որ տեսնեն… Սրան-նրան են կպչում, որ չմոլորվեն: 

ՆՈՒՆԵ — Խավարը աչք կթողնի՞… Մենք ո՞ւմ ենք կպչելու, որ չմոլորվենք:

ԳՈՌ — Խավարն ինքը մոլորություն է:

ՆՈՒՆԵ — Լռել է, չի տնքում:

ԳՈՌ — Ժամն ասա:

ՆՈՒՆԵ — 10-ն անց 43 րոպե:

ԳՈՌ — Նահանջը շարունակվում է:

ՆՈՒՆԵ — Մենք էլ չենք առաջանում:

ԳՈՌ — Թողնո՞ւմ է որ…

ՆՈՒՆԵ — Ո՞վ:

ԳՈՌ — Խավարը… Բռնել, չի թողում…

ՆՈՒՆԵ — Նրան ի՞նչ էիր ուզում ասել, ասա, որ թողնի:

ԳՈՌ — Ուզում է խորքը քաշել: (Զգացվում է, որ անտեսանելի մի ուժ, չնայած Գոռի դիմադրությանը, նրան խավարի կողմն է քաշում🙂 

ՆՈՒՆԵ — (որ սկզբում թերահավատ էր նայում Գոռի պայքարին, հասկանում է, որ վիճակը բարդ է: Բռնում է Գոռի ձեռքը, փորձում է օգնել): Տեղի չտաս, չթուլանաս… Հետ քաշվիր, ավելի թափով… Ճիշտ որ, խավարի կողքը երկար չի կարելի կանգնել… (Անզիջում պայքար է խավարի դեմ: Վերջապես  ազատվում են🙂  

ԳՈՌ — Ոնց որ ազատվեցինք… Հազիվ պրծանք:

ՆՈՒՆԵ — Հիմա քո աշխարհը կա՞, թե՞ չկա…

ԳՈՌ — Լույսի մեջ կերևա:

ՆՈՒՆԵ — Լույսի մեջ ես իմը կգտնեմ… Բայց դա հետո, հիմա ուզում եմ, որ այստեղից գնանք:

ԳՈՌ — (փորձում է բարձրանալ): Հեռանում ենք… (Նունեին էլ է օգնում բարձրանալ🙂 Ձևացրու, իբր, ոչինչ չի եղել… Իմ աշխարհն անպայման կգտնենք: Այնքան լույս կլինի, որ սկզբում աչքերդ կցավեն: Լույսին վարժվելուց հետո կարող ես աչքերդ փակ էլ քայլել:

ՆՈՒՆԵ — Աչքերս հիմա եմ ուզում փակել: 

ԳՈՌ — Փակիր, թող հանգստանան: Ես քո աչքերը կլինեմ: (Թևանցուկ է անում Նունեին, դանդաղ հեռանում են🙂

Պատկեր չորրորդ

Նույն տեսարանը, նույն կարմիր լույսն ու լույսի շողը, որի մեջ հոգնատանջ, ոտքերը հազիվ քարշ տալով հայտնվում են Գոռն ու Նունեն: Հոգնածությունից օրորվում են, բայց հանգստանալու փոխարեն ուշադիր ու զարմացած      շուրջն են նայում:

ԳՈՌ — Գոնե մի թուփ լիներ:

ՆՈՒՆԵ — Թփի ստվերն էլ չկա:

ԳՈՌ — Լույս լիներ` ստվերն էլ կերևար:

ՆՈՒՆԵ — Խավարից խավարն ես փախչում: Ուզում եմ պառկել ու սպասել, թե  երբ ալիքները ծովի խորքը կտանեն: 

ԳՈՌ — Ծովը խեղդվածներին է իր խորքը քաշում:

ՆՈՒՆԵ — Խեղդված չենք, ի՞նչ ենք, կամ արդեն խեղդվում ենք:

ԳՈՌ — Չլինի՞ Լույսի երկիրը չենք նկատել:

ՆՈՒՆԵ — Խավարի մեջ լուսատտիկն էլ կերևար:

ԳՈՌ — Չեմ հավատում, որ այդ երկիրը չկա:

ՆՈՒՆԵ — Լիներ` կտեսնեինք: Դրախտի հետ են շփոթել… Դրախտն էլ չեն տեսել, բայց բոլորը երազում են այնտեղ ընկնել:

ԳՈՌ — Շատ հավատայինք` դրախտն էլ կտեսնեինք:

ՆՈՒՆԵ — Հիմա է, որ չեմ հավատում… Ուզում, բայց չեմ հավատում: Ինչո՞ւ Լույսի երկիրը ուրիշը չի փնտրում: Ոչ մեզանից աջ, ոչ ձախ, ոչ առաջ, ոչ հետ… Երկուսիս համար Տերը երկիր չէր ստեղծի: Ոչ մի երկիր էլ չկա, լիներ` ինքն ընդառաջ կգար: Երկիրը նրա համար է, որ մարդկանց ընդառաջ գնա, թաքցնի  իր գրկում, որ ստվերները ոչ թե հարձակվեն, այլ սողան ոտքերի տակ:

ԳՈՌ — Խավարը… Երևի նրան էլ է կուլ տվել: Խավարն ուզենա` տիեզերքն էլ կուլ կտա: Կարող է` մեզ էլ է կուլ տվել, ու հիմա նրա որովայնում ենք:

ՆՈՒՆԵ — Կարմիր լույսը մոռացար:

ԳՈՌ — Կարմիր լույսն էլ է որովայնում:

ՆՈՒՆԵ — Խավարը լույսը կուլ չէր տա: Լույսը լույս է` կանաչ թե կարմիր… Նրա համար լույսը լուծողականի պես է… 

ԳՈՌ — (մտահոգ): Ոնց էլ գնում ենք` կարմիրն է: Վտանգը չի մեղմանում ու չի նահանջում: Եթե կարմիր է` վտանգավոր է, արգելված է, չի կարելի: Իսկը աշխարհի կործանումը…

ՆՈՒՆԵ — Չեմ ուզում մեռնել: Գոնե ծովը տեսնեի…

ԳՈՌ — Առանց լույսի ծովը չես գտնի:

ՆՈՒՆԵ — Նրան եմ խղճում… Ասեն էլ, չի հավատալու, որ մահացել եմ: Մինչև կյանքի վերջը սպասելու է: Ջրահարսի արձանը տեսե՞լ ես… Ինքն էլ է արձան դառնալու:

ԳՈՌ — Անապատ գնացած կլինի… Սպասողները հաճախ են անապատ գնում:

ՆՈՒՆԵ — Չի գնա, ծովափը չի լքի… Կվախենա` հանկարծ գամ ու ինքն այնտեղ չլինի: Ծովն իրական է, չտեսնես էլ` իրական է, մինչդեռ հնարավոր է` Լույսի երկիրը մեր հորինածը լինի:

ԳՈՌ — Կամ մեր երազը…

ՆՈՒՆԵ — Երազի հետևից գնացողներից ոչ մեկը չի վերադարձել:

ԳՈՌ — Որովհետև երազին հասնողը չի ուզի երազից բաժանվել:

ՆՈՒՆԵ — Երազը նրա համար է երազ, որ հետևից գնաս ու չհասնես:

ԳՈՌ — Կարևորը իմանաս` ո՛ր կողմը գնաս:

ՆՈՒՆԵ — (մի պահ բացակա հայացքով երկնքին է նայում: Ներփակվում է իր մեջ ու հայտնի չէ` հետն ինչ է կատարվում: Անսպասելի պատասխանում է): Ամպերի մեջ էլ մեր երազի պատկերը չկա:

ԳՈՌ — Ինչո՞ւ դեմքիդ գույնը փոխվեց, աչքերիդ վարագույր իջավ, ձեռքերդ էլ դողում են…

ՆՈՒՆԵ — (զարմացած նայում է Գոռին): Թափանցիկ ես… պատուհանի պես: (Ավելի սևեռուն է նայում🙂 Բայց ներսդ չի երևում, երևի ապակիները կեղտոտ են:

ԳՈՌ — (զննում է ձեռքերը, իրեն): Կեղտը խավարին քսվելուց է… (Շփում է թևերն ու մարմինը🙂 Լույսի երկիրը կեղտից էլ, խավարից էլ կմաքրի:

ՆՈՒՆԵ — Ծանր հիվանդություն է Լույսի երկիրը… Հոգնեցի, քեզանից էլ հոգնեցի: Նման ես, բայց դու չես… Մեջդ աղ չկա…

ԳՈՌ — Ավելի լավ է ասես` գարո՞ւն է, թե՞ ձմեռ… Միասին Լույսի երկիրն էինք ուզում հասնել:

ՆՈՒՆԵ — Հասա՞նք:

ԳՈՌ — Միասին էինք ուզում հասնել… Բայց արդեն այնքան Էլ չենք հավատում, որ այդ երկիրը կա: Ժամը քանի՞սն է:

ՆՈՒՆԵ — 10-ն անց 30:

ԳՈՌ — 13 րոպե էլ հետ գնաց: Ժամանակը ետ է գնում, մենք մնում ենք տեղում:

ՆՈՒՆԵ — Ցուրտ է, ոտքերս սառել են:

ԳՈՌ — Աչքերդ էլ առաջվանը չեն, կարմիր լույսի փայլը ծածկել է բիբերդ:

ՆՈՒՆԵ — (փակում է ականջները, կծկվում է): Լսո՞ւմ ես… Ո՞նց չես լսում, համարյա գոռում է…

ԳՈՌ — Չեմ լսում:

ՆՈՒՆԵ — Դու էլ գոռա:

ԳՈՌ — Ի՞նչ…

ՆՈՒՆԵ — Գոռա… Ձայնից բարձր գոռա: 

ԳՈՌ — Աաա՜…

ՆՈՒՆԵ — Ավելի՛ բարձր:

ԳՈՌ — Աաաաա՜…

ՆՈՒՆԵ — Էլի՛ բարձր:

ԳՈՌ — Գոռում եմ` ա՜…ա՜…ա՜…

ՆՈՒՆԵ — Չի խլանում: Օճառի պես փրփրում է… Լցվում է ոտքերս, որովայնիս մեջ… Մի հապաղիր` կրակիր, որովայնիս կրակիր, շուտ, թե չէ աչքերիս կհասնի: Կրակիր, որ դուրս գա… Կրակիր… (Ցնցվում է, անսպասելի ընկնում է գետնին: Անշարժ պառկած է, թվում է` չի շնչում🙂 

ԳՈՌ — (ականջը մոտեցնում է ստուգելու` շնչո՞ւմ է): Հոգին ներսո՞ւմ է, թե՞… Խավարի մեջ հոգին կփայլեր: Ձայն չկա, մարմինը հանգիստ է… (Նորից է ստուգում🙂 Ոնց որ շնչում է… Ո՞ւմ ձայնն է նրան հալածում… Ի՞նչ գիշատիչ է, որ ձայնի հետևը թաքնված` չի երևում: (Ոտքի է կանգնում🙂 Պիտի սպասել` ուժերը վերականգնվեն… Ստիպում էր` գոռայի: Մարմինն իրենն էր, ասողը` ուրիշ… Գժանոցից դուրս գժանոց է: Խավարն ամեն ինչ փոխում է: Ոչինչ խավարի մեջ չի երևում ու, միևնույն է, ամեն ինչ տգեղ է: Բառերն էլ են տգեղ` կնճռոտ ու որդի պես փափուկ… Միայն ուրվականի չփոխակերպվեմ… Ապրողների աշխարհ վերադառնալը գնալով դժվարանում է: Պիտի հեռանալ, որքան հնարավոր է` շառից ու փորձանքից հեռու: Միայն թե արթնանա… Ընկերոջը թողնելը լավ նշան չի… Ընկե՞ր… Երևի մի քիչ ընկեր է, մի քիչ մայր, մի քիչ… Վերջինը դժվար է ճշտել: Ծովափի առասպելը խանգարում է… (Նորից է խոնարհվում, զգույշ ցնցում է Նունեի ուսը: Նա ցնցվում է, աչքերը բացելով` զարմացած շուրջն է նայում🙂

ՆՈՒՆԵ — Ձայնն ո՞ւր է:

ԳՈՌ — Չտեսա:

ՆՈՒՆԵ — Ծովն ի՞նչ եղավ:

ԳՈՌ — Այստեղից չի երևում:

ՆՈՒՆԵ — Փոսի մեջ էի, ո՞վ հանեց:

ԳՈՌ — Փոս չի եղել:

ՆՈՒՆԵ — Խորը փոս էր… Վերև չէի կարող ընկնել…

ԳՈՌ — Փոսն ընկնեիր` ես էլ փոսի մեջ կլինեի:

ՆՈՒՆԵ — Դո՞ւ… 

ԳՈՌ — Հո մենակ չէի՞ թողնելու…

ՆՈՒՆԵ — Միասին շա՞տ ենք եղել:

ԳՈՌ — Երկար պատմություն է… Ել, գետինը պաղ է, կմրսես:

Գոռի ձեռքը բռնելով` Նունեն բարձրանում է:

ՆՈՒՆԵ — (ուշադիր զննում է Գոռին, շոշափում է դեմքը): Ուզում եմ հիշել… Աչքերդ ծանոթ են… Քիթդ էլ… Շրթունքներդ սառն են: Երևի ոչ մեկին չես համբուրել… 

ԳՈՌ — Հարևանի աղջկան եմ համբուրել… Ձևացրի, իբր, ընկնում եմ… և ուսը համբուրեցի:

ՆՈՒՆԵ — Շնչառությունդ… (Լսում է🙂 Շնչառությունդ էլ է սառը…

ԳՈՌ — Ձմեռվա հիշողություններից է:

ՆՈՒՆԵ — Անցած ձմեռը շատ ցուրտ էր:

ԳՈՌ — Հա, ցուրտ էր… Ուզում էի վառարանը մտնել: Ուզում էի վառվել, որ տաքանամ:

ՆՈՒՆԵ — Վառվեցի՞ր…

ԳՈՌ — Վառարանը չմտա… զսպաշապիկը խանգարեց:

ՆՈՒՆԵ — Այստեղ ի՞նչ ենք անում:

ԳՈՌ — Ուզում էինք Լույսի երկիրը գտնել:

ՆՈՒՆԵ — Գտա՞նք:

ԳՈՌ — Ձայնը չթողեց:

ՆՈՒՆԵ — (շոշափում է ականջները, քիթը, աչքերը): Արյուն չի եկել… Ձայնն այնքան էլ չի բարձրացել: Հետո ի՞նչ եղավ…

ԳՈՌ — Հետո ընկար:

ՆՈՒՆԵ — Փո՞սը…

ԳՈՌ — Չէ, գետնին:

ՆՈՒՆԵ — Հետո՞…

ԳՈՌ — Ուզում էի օգնել:

ՆՈՒՆԵ — Օգնեցի՞ր…

ԳՈՌ — Հրաժարվեցիր:

ՆՈՒՆԵ — Հետո՞…

ԳՈՌ — Սպասում էի` արթնանաս:

ՆՈՒՆԵ — Ինչո՞ւ…

ԳՈՌ — Հո ընկած չէի՞ թողնելու:

ՆՈՒՆԵ — Ինձանից ի՞նչ էիր ուզում…

ԳՈՌ — Միասին շարունակենք ճանապարհը: Քեզ հետ ինձ ապահով եմ զգում:

ՆՈՒՆԵ — Ումի՞ց ես ուզում պաշտպանվել:

ԳՈՌ — Բոլորը գողանում են… Չեմ ապրում, բայց կյանքս անընդհատ պակասում է: Խավարի մեջ էի թաքնվում, դուրս չէի գալիս… Մի օր էլ ներսս  դատարկվել էր, ու ուրվական էի դարձել… (Դադար🙂 Ինչ տանջանք էր, մինչև մարդկանց աշխարհը վերադարձա… Եթե Լույսի երկիրը գտնեինք… Գողերը լույսից վախենում են:

ՆՈՒՆԵ — Այդ երկիրը ցնդել է, գուցե եղել է, բայց էլ չկա… Երազների միջից էլ է կորել…  

ԳՈՌ — Ժամացույցին մի անգամ էլ նայիր:

ՆՈՒՆԵ — 9-ն անց 3 րոպե:

ԳՈՌ — Անընդհատ ցրտում է:

ՆՈՒՆԵ — Էս շողը չի կարող տաքացնել:

ԳՈՌ — Շատ նեղ է, հետն էլ փողկապի պես խավարի վզից կախված…

ՆՈՒՆԵ — Խավարն էլ հեռադիտակ չի, որ մեծացնի ու փոքրացնի: Խավարի միջով երևացողը ինքն է, բայց ինքը չի:

ԳՈՌ — Տեղներս որ փոխենք, ինքը կլինի:

ՆՈՒՆԵ — Տեղը կփոխվի, պատկերը` չէ… Խավարը ձյութի պես մեր մեջ է:

Երկնքում էլ մեր մեջ կլինի:

ԳՈՌ — Մենք ենք նրա մեջ ու ոնց էլ շրջվենք` նույն խավարն է:

ՆՈՒՆԵ — Հաստատ մեզանից խլել են լույսը:

ԳՈՌ — Ո՞վ…

ՆՈՒՆԵ — Երևի կյանքի գողերը… Լույսը նույն կյանքն է:

ԳՈՌ — Դրա համար էլ թիթեռները մեր երազի հետևից գնացին: Չիմացանք էլ` ինչ երազ էր. սև՞ էր, սպիտա՞կ էր, գունավո՞ր… Հոգնեցի, միանգամից հոգնեցի: Բոլորի տեղը հոգնեցի: (Նստում է🙂 Կողքս նստիր, շողը երկուսիս էլ կտեղավորի:

ՆՈՒՆԵ — Ալիքների վրա եմ ուզում նստել:

ԳՈՌ — Պիտի իմանաս` ալիքներն ուր են տանում:

ՆՈՒՆԵ — Ալիքները հավատարիմ են, ուր էլ գնան` իրենց ափն են վերադառնում:

ԳՈՌ — Ես էլ դեպի քեզ եմ գալու: Իմ տունն էլ, ափն էլ քո մեջ եմ թողել…

ՆՈՒՆԵ — Մի շարունակիր… Նրան դուր չեն գա քո խոսքերը: Ինձ չի վստահել քեզ, որ ցանկություններիդ սարդոստայնը գցես:

ԳՈՌ — Ընդամենը…

ՆՈՒՆԵ — Միևնույն է, վստահությունը չպիտի չարաշահել:

ԳՈՌ — Կարևորը… Ասենք, էլ ոչինչ կարևոր չէ: Ժամացույցին նայիր:

ՆՈՒՆԵ — 10-ն անց 4 է, հետո ի՞նչ…

ԳՈՌ — (կանգնում է): Պիտի հեռանալ: Բայց չեմ ուզում նորից կարմիրի տակով անցնել: 

ՆՈՒՆԵ — Սկզբից չպիտի անցնեինք… Կարմիրի տակով չի կարելի… Դրախտը մոռացե՞լ ես… Մեր խնձորն էլ կարմիր լույսն էր: Մինչև խնձորի ուտելը ոչ մեկը չգիտեր` ինչ է ժամանակը: Իմացան` ինչ է մահը, իմացան նաև` ինչ է ժամանակը:  

ԳՈՌ — Ուղղելու համար արդեն ուշ է: Պիտի ինչ-որ բան հորինել ու կարմիրին  խաբել:

ՆՈՒՆԵ — Ո՞նց ես խաբելու:

ԳՈՌ — Պարելով… Թող մտածի` երջանկությունից ուռել ենք: Կարմիրը ուրախություն չի սիրում, ուրախությունը ձանձրացնում է, քունը փակում է աչքերը: Աչքերը փակ պահին էլ կանցնենք:

ՆՈՒՆԵ — Ի՞նչ ենք պարելու…

ԳՈՌ — Նայած ի՛նչ կհնչի գլխներիս մեջ: (Նունեին պարի է հրավիրում🙂 Կարևորը` ձևացրու, որ երջանիկ ես:

ՆՈՒՆԵ — Երջանկությունը չեմ հիշում…  

ԳՈՌ — Ես էլ քիչ է մնում` երջանկությունից օդ թռչեմ: Պատկերացրու` օդում ես: Երջանկությունը թռչելու պես է… Մենք չենք պարում, մենք թռչում ենք:

ՆՈՒՆԵ — Ալիքների վրայով:

ԳՈՌ — Եվ ամպերի…

Աստիճանաբար երազանքներին, երաժշտության ռիթմին տրվելով` պարում են  ոգևորված ու կրակոտ: Պարելով էլ մոտենում են կարմիր լույսին, մի պահ  լսվում է նրանց քրքիջը, ապա անհետանում են խավարի մեջ:

Պատկեր հինգերորդ

Եվ շողն է նույնը, և կարմիր լույսը: Արամը սևեռուն նայում է կարմիր լույսին: Երևում են Գոռն ու Նունեն: Արամին դեռ չեն տեսել: Հոգնած են, բացակա հայացքով ու չափազանց դժգոհ: Տեսնում են Արամին, անակնկալից ցնցվում են:

ՆՈՒՆԵ — (աչքերը տրորելով): Ի՞նքն է…

ԳՈՌ — Տեսիլքի է նման:

ՆՈՒՆԵ — Այլմոլորակային կլինի:

ԳՈՌ — Որ ինքը չի, ո՞վ է:

ՆՈՒՆԵ — Ով էլ լինի` անսպասելի էր:

ԱՐԱՄ — (տեսնելով նրանց զարմացած հայացքները): Նոր տեսա՞ք:

ԳՈՌ — Ուրվակա՞ն ես… 

ԱՐԱՄ — Զզվում եմ ուրվականներից:

ԳՈՌ — Ո՞նց գտար:

ԱՐԱՄ — Ի՞նչը…

ԳՈՌ — Մեզ: 

ԱՐԱՄ — Չեմ էլ փնտրել:

ԳՈՌ — Ե՞րբ գնացինք:

ԱՐԱՄ — Գժանոցից դեռ հեռացող չի եղել:

ՆՈՒՆԵ — Ասում էիր` կարմիրի տակով վտանգավոր է…

ԱՐԱՄ — Էլի եմ ասում:

ԳՈՌ — Շները վրա էին տվել, մարդիկ գոռում էին… Մտածում էինք` քեզ պատառ-պատառ են արել: Չիմացա՞ր` ում էին սպանել…

ԱՐԱՄ — Ո՞վ է կատաղել, ո՞ւմ են սպանել…

ԳՈՌ — Երազ չէր… Ոտքերս հոգնածությունից ուռել են: Միայն մեր ուզածը չգտանք:

ԱՐԱՄ — Ի՞նչ էիք փնտրում:

ԳՈՌ — Լույսի երկիրը:

ԱՐԱՄ — Էս շո՞ղը… Սրանից լայնը չէիք էլ գտնի:

ԳՈՌ — Լույսի երկիրը այդ շողը չի…

ԱՐԱՄ — Մի շող չի, թող երկուսը լինի:

ՆՈՒՆԵ — Կարմիրի տակով էլ մի քանի անգամ ենք անցել:

ԱՐԱՄ — Քաղաքում հնարավոր է, ամեն քայլափոխի խաչմերուկ ու լուսաֆոր է:

ԳՈՌ — Մեր տեսածը քաղաքում չէր: Թուփ իսկ չկար… Խավար էր ու դատարկություն:

ՆՈՒՆԵ — Ծովն էլ չերևաց…

ԱՐԱՄ — Ազատության արձանը չէի՞ք ուզում…

ԳՈՌ — Հումորդ քեզ պահիր: Կծաղրես, երբ իմանաս, թե քո իսկականն ով է եղել:  Հիմա ասա, թիթեռներն ի՞նչ եղան:

ԱՐԱՄ — Էլի թիթե՞ռ:

ԳՈՌ — Ներսիս թիթեռներն ո՞ւր թռան:

ԱՐԱՄ — Երևի լույսի հոտ են առել:

ԳՈՌ — Լույսը մեր կյանքն էլ է… (Անհանգիստ հետուառաջ է անում🙂 Մի՞թե մեկը չի ասի` գնացե՜լ ենք, մնաց՜ել ենք…

ԱՐԱՄ — Հիվանդացել եք:

ԳՈՌ — Ժամացույցիդ նայիր:

ԱՐԱՄ — Երջանիկները ժամացույցին չեն նայում:

ԳՈՌ — Ուրիշի երջանկությունն ինձ չի խանգարում, բայց նայիր ու կիմանաս` ով է հիվանդը:

ԱՐԱՄ — 12-ին 10 է պակաս:

ՆՈՒՆԵ — Մերով 9-ն անց է 50:

ԱՐԱՄ — Ժամացույցներից մեկը փչացած է:

ԳՈՌ — Սլաքները շարժվում են:

ԱՐԱՄ — Ամպերն էլ, միայն թե ամեն շարժվող բան ժամանակ չի ցույց տալիս:

ՆՈՒՆԵ — Էսքան գժերի մեջ սլաքներն էլ կգժվեն: (Դադարից հետո🙂 Խնդրում եմ էլի ասես…

ԱՐԱՄ — Ի՞նչը:

ՆՈՒՆԵ — Որ գեղեցիկ եմ:

ԱՐԱՄ — Ավելի ես գեղեցկացել:

ՆՈՒՆԵ — Էլ ինչո՞ւ եմ կասկածում, թե խղճահարությունից է հետս ընկերություն անում…

ԱՐԱՄ — Ո՞վ:

ԳՈՌ — Հեռու է, ծովի մոտ…

ԱՐԱՄ — Ո՞ր   ծովի:

ՆՈՒՆԵ — Անունը չգիտեմ… Մեր ծովն է` իմն ու նրանը:

ԱՐԱՄ — Անունը պարտադիր է: Ուրիշը իր անունը կդնի ու ծովը կխլի ձեզանից:

ՆՈՒՆԵ — Այդ մասին ինչքան եմ ասել… Ալիքների ձայնը չի թողել` լսի:    

ԱՐԱՄ — Ուրեմն, հասիր նրան, ու մի հրաշալի անուն գտեք:

ՆՈՒՆԵ — Կգնամ, երբ ճանապարհը գտնեմ:

ԳՈՌ — Դու էլ չգիտեիր` ուր գնալ: (Ցույց է տալիս կարմիր լույսը🙂 Եթե կարմիր լույսից այն կողմ ես գնալու, իզուր է: Մենք չգտանք, դու էլ չես գտնի:

ԱՐԱՄ — Կանաչ լույսին պիտի սպասեիք, կանաչն ուրիշ է, կանաչը տուն է տանում:

ԳՈՌ — Տուն ունեցողին տանում է, անտունն ավելի է մոլորվում:

ԱՐԱՄ — Իմ տունը չի թաքնվի:

ԳՈՌ — Լույսի երկիրն էլ մերն էր… Չերևաց:

ԱՐԱՄ — Լույսի երկիրը հեռու է: Իմ տունը ոնց որ իմ մեջ լինի…

ՆՈՒՆԵ — Խավարը չի թողնի` ներսդ մի բան տեսնես:

ԱՐԱՄ — Տունս լույսի մեջ է, կերևա:

ՆՈՒՆԵ — Էլ ինչո՞ւ ես մնացել:

ԱՐԱՄ — Սպասում եմ` կարմիրը հանգչի:

ՆՈՒՆԵ — Ե՞րբ կհանգչի:

ԱՐԱՄ — Երբ որ հանգչի:

ՆՈՒՆԵ — Որ չհանգչի՞:

ԱՐԱՄ — Մի օր կհանգչի:

ԳՈՌ — Սա կսպասի, տասը օր, տասը տարի, տասը կյանք… Կսպասես. չէ՞… 

ԱՐԱՄ — Իմ տունն էլ ինձ է սպասում: Շտապելու ի՞նչ ունեմ… Տուն չունեցողն է շտապում: Կարծում է` մեկը տունը կորցրած կլինի, շտապում է, որ տիրոջից առաջ ինքը գտնի: Հիմարները շատացել են: (Դադար, ապա երազկոտ🙂 Չգիտի, որ տունը չի կորում… Չապրես էլ, միևնույն է, մեռնելու համար այնտեղ ես վերադառնալու:

ԳՈՌ — Եթե լուսաֆորը չսարքեն…

ԱՐԱՄ — Կսարքեն, ի՞նչը չեն սարքում որ… (Դանդաղ գնում է կարմիրի կողմը🙂

ՆՈՒՆԵ — Ի՞նչն են սարքում որ… Ոչ մի գիժ չի սարքվել:

ԳՈՌ — (անհանգիստ շարժումներ է անում): Փախչո՞ւմ է: Տունը պատրվա՞կ էր… Չի՛ ստացվի: (Կրկին ձևացնում է, իբր հրացանն իջեցնում է ուսից🙂

ՆՈՒՆԵ — Մի՛ արա:

ԳՈՌ — Բա որ փախչի՞… 

ՆՈՒՆԵ — Վատ բան չի արել:

ԳՈՌ — Փախչելուց վատ ի՞նչ էր անելու… 

ՆՈՒՆԵ — Միևնույն է… Միայն նա տեսավ իմ գեղեցկությունը: Փախչողը չէր տեսնի:

ԳՈՌ — Հիմա փախչո՞ւմ, թե՞ տուն է գնում:

ՆՈՒՆԵ — Քո մասին մտածիր… Որ որսն էլ, որսորդն էլ դու չլինես: 

ԳՈՌ — Ինքնասպանության մասին չեմ մտածել:

ՆՈՒՆԵ — Նայած խավարն ինչ կհուշի…    

ԱՐԱՄ — (վերադառնում է): Լուսաֆորը կապ չունի: Լուսաֆոր չի…

ԳՈՌ — Բա ի՞նչը չի թողնում` շարժվես:

ԱՐԱՄ — Լուսաֆոր չի, սովորական լամպ է: Դարպասին են ամրացրել ահազանգի   համար… Գժանոցում շատերն են ուզում փախչել:

ՆՈՒՆԵ — Դու է՞լ…

ԱՐԱՄ — Ես սպասում եմ` կարմիրը հանգչի:

ՆՈՒՆԵ — Բա որ լուսաֆոր չի՞…

ԱՐԱՄ — Կարմիրը կարմիր է:

ՆՈՒՆԵ — Ինչքա՞ն ես սպասելու:

ԱՐԱՄ — Մինչև կանաչը վառվի:

ՆՈՒՆԵ — Չեղածը չի վառվի:  

ԱՐԱՄ — Կվառվի:

ԳՈՌ — Ե՞րբ:

ԱՐԱՄ — Երբ կարմիրը հանգչի:

ԳՈՌ — Ե՞րբ կհանգչի:

ԱՐԱՄ — Երբ որ հանգչի:

ՆՈՒՆԵ — Վերջացրեք, թենի՞ս է` կհանգչի, չի հանգչի… Կանաչ է, կարմիր է…

ԳՈՌ — Չի հանգչի:

ԱՐԱՄ — Կհանգչի:

ԳՈՌ — Եթե ասես` Լույսի երկիրը որտեղ է…

ԱՐԱՄ — Միայն, երբ կարմիրը հանգչի:

ԳՈՌ — Կրակոցները… պիտի լսած լինեիր: Խավարը վիրավոր արջի պես տնքում էր…

ԱՐԱՄ — Չեմ լսել… Լինեին` ահազանգը կհնչեր:

ՆՈՒՆԵ — Ահազանգը մենք էլ չենք լսել: Եթե անցնել ենք, ինչո՞ւ չենք լսել:

ԳՈՌ — Բայց անցել ենք, չէ՞…

ՆՈՒՆԵ — Գուցե անցնել ենք, գուցե թվացել է, թե անցել ենք: Մեջս լիքը կարմիր լույս է… Վտանգավոր է, չի կարելի: Վախենալու է, երբ ոչինչ չեմ արել…  Հնարավոր է, հիմա էլ չեմ գնացել… Միայն ինչո՞ւ եմ այսքան հոգնել:

ԱՐԱՄ — Գնացած լինեիք` չէի մտածի, որ ձեր ներկայությունից է կանաչը խռովել:

ԳՈՌ — (որ ուշադիր լսում էր, հանկարծ հեռանում է, ապա, ինչ—որ բան որոշելով, վերադառնում է): Գտա:

ՆՈՒՆԵ — Ցույց կտա՞ս:

ԳՈՌ — Ամեն ինչ մեր մեջ է: Ո՞նց, եթե մենք ենք խավարի մեջ… Չլինի՞ ժամանակի հիվանդությունն է, որ ինչի մեջ դու ես, այդ  ինչն էլ քո մեջ լինի:

ՆՈՒՆԵ — Ցույց չտվեցիր:

ԳՈՌ — Մեզանից մեկը պիտի մեռնի:

ԱՐԱՄ — Մեզանից չէ, ձեզանից:

ԳՈՌ — Մեզանից մեկը պիտի մեռնի:

ԱՐԱՄ — Մեզանից չէ, ձեզանից… Մեռածին տուն չեն թողնի: Մեռածին, հակառակը, տանից հանում են: 

ԳՈՌ — Մեռնողի մեջ խավարն էլ կմեռնի:

ՆՈՒՆԵ — Միայն մեռնողի ներսի խավարը…

ԱՐԱՄ — Առանց մեզ լույսն ո՞ւմ է պետք…

ՆՈՒՆԵ — Առանց մեզ այս շողն էլ չի լինի…

ԳՈՌ — Ժամն ասեք:

ԱՐԱՄ — 14-ն անց 35:

ՆՈՒՆԵ — 6-ն անց 48:

ԳՈՌ — Ժամանակը վարակի պես քսվում է մեզ: 

ԱՐԱՄ — Մեզ չէ, ձեզ:

ՆՈՒՆԵ — Միայն շները նորից չհաչեն:

ԳՈՌ — Հաչոցից մտքերս թելի պես խճճվում են…

ՆՈՒՆԵ — Որովհետև աքսորված ենք ու մեր աքսորը մեր հիվանդությունն է…

ԳՈՌ — Որի բանտվածներին շներն անընդհատ հետապնդում են… 

ԱՐԱՄ — Գոնե հիմա կանաչը վառվի…

ԳՈՌ — Այլևս չի վառվի… (Նունեին.) Էլի ժամացույցին նայիր:

ՆՈՒՆԵ — Քարի պես գլորվում է սարից… 6-ն անց 10:

ԳՈՌ — Ինչքա՞ն է փախչելու… Որսը տեղ չպիտի հասնի: (Նորից ձևացնում է, իբր հրացանը իջեցնում է ուսից ու նշան է բռնում🙂

ՆՈՒՆԵ — Փամփուշտները շների համար պահիր, գնալով կատաղում են:

ԱՐԱՄ — Տագնապի ազդանշանը շարունակում է լռել…

ՆՈՒՆԵ — Շատ չի լռի… Ուր որ է` պատերն էլ կհաչեն:

ԳՈՌ — (Նունեին): Աչքդ ժամացույցից չկտրես:

ՆՈՒՆԵ — 4-ն անց է կես… Սլաքներն ավելի արագ են ետ գնում:

ԳՈՌ — Մենք չենք փոխվում:

ԱՐԱՄ — Որովհետև գժանոցը ժամանակից դուրս է:

ԳՈՌ — Ինչ-որ մեկը գիտի՞, որ դուրս է… 

ԱՐԱՄ — Կիմանան, երբ կանաչը վառվի:

ԳՈՌ — Խավարը ոնց որ կարմիրից չի վախենում, երևի կարծում է` կարմիրը լույս չի: Լույսի պես է, բայց չի… Քանի որ լույսը չէր արգելի, իսկ կարմիրն ամեն ինչ արգելում է… (Գետնին ինչ—որ բան է փնտրում🙂 Պիտի շուտ գլխի ընկած լինեի… (Վերջապես քարի կտոր է գտնում🙂

ՆՈՒՆԵ — Քարի մեջ արյուն կա:

ԳՈՌ — (անսպասելի բարձր ձայնով կիսաերգում—կիսաարտասանում է).

                                   Կաս — չկաս` միևնույն է,

                                   Անգամ խավարն է արհամարհում,

                                   Ժամանակն էլ չգիտի քո անունը,

                                   Չգիտի` ծնվում ես, թե մահանում…

ՆՈՒՆԵ — Շները ուր որ է, կհարձակվեն` սա երգում է: Շների ատամների փայլն արդեն մաշկիս վրա է: Տղամարդ չե՞ք… Ժամը երեքն է… Հիմա երկուսը կլինի…

ԳՈՌ — (քարն առաջ պարզած վազում է կարմիր լույսի կողմը): Էլ չի արգելի, ապրելը չի արգելի, երազի հետևից գնալը չի արգելի… Կջարդեմ, կջարդե՜մ…

ՆՈՒՆԵ — (շարունակում է ժամացույցին նայել): Զրո ժամը մոտենում է…

ԳՈՌ — (վազելով շպրտում է քարը): Կջարդե՜մ…

Փշրվող ապակու ձայն, որից հետո բեմը թաղվում է խավարի մեջ:

ՆՈՒՆԵ — (մյուսները չեն երևում, միայն նրանց ձայնն է լսվում): Էս ի՞նչ   եղավ…

ԱՐԱՄ — Մեծ քաոսն սկսվեց:

ԳՈՌ — Հետո ի՞նչ է լինելու:

ԱՐԱՄ — Ավելի մեծ պայթյուն:

ԳՈՌ — Հետո՞…

ԱՐԱՄ — Միլիոնավոր, միլիարդավոր տարի հետո, հնարավոր է, ամեն ինչ նորից սկսվի…

ՆՈՒՆԵ — Ափսոս, այդքան չենք ապրի…

You may also like...

Թողնել պատասխան