Սամվել ԿՈՍՅԱՆ/«ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ՏԱԿՈՎ»

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ՏԱԿՈՎ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում

Եթե հնարավոր լինի խավարը վերծանել…

Անհույս երազանք, մանավանդ, այսօր էլ անհաշիվ գործարքներ են կատարվում խավարի մեջ: Խավարը այդ ամենը թաքցնում է և լուռ է: Այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի:

Անհանգստացնողը լույսի և խավարի հավերժական պայքարում խավարի հետզհետե ծանրացող նժարն է, որից աստղագուշակներն ու պայծառատեսները աշխարհի վերջը համարյա որպես իրականություն են ներկայացնում:

Գուցե չեն սխալվում, եթե լույսի երկիրը փնտրողներին կարելի է մատների վրա հաշվել:

ՍԱՄՎԵԼ   ԿՈՍՅԱՆ

ԿԱՐՄԻՐ  ԼՈՒՅՍԻ  ՏԱԿՈՎ

Ցնորք  հինգ  պատկերով

Գործող անձինք

ՆՈՒՆԵ

ԳՈՌ

ԱՐԱՄ

                                                Պատկեր առաջին

Բեմի խորքում, խավարի մեջ, լուսաֆոր հիշեցնող կարմիր լույսն է: Արամը սևեռուն դրան է նայում: Խավարում միայն լուսաֆորի կարմիրն է և այնտեղից   սկիզբ առնող լույսի դեղին շողը, որի մեջ կանգնած է Արամը

ԳՈՌ (առայժմ չի երևում): Դաստիարակված ես, փողոցային երթևեկության կանոնները չես խախտում:

ԱՐԱՄ Ո՞վ ես:

ԳՈՌ Որսորդ:

ԱՐԱՄ Մարդասպա՞ն ես:

ԳՈՌ Որսորդ:

ԱՐԱՄ Նույնը չէ՞:

ԳՈՌ Նույնը կլիներ, եթե տարբեր չլիներ:

ԱՐԱՄ Տարբերությունը ո՞րն է:

ԳՈՌ Որսորդը փախչողի ետևից է կրակում:

ԱՐԱՄ Նորե՞կ ես: 

ԳՈՌ Չէ, ուրվական:

ԱՐԱՄ Ո՞ւմ ուրվականը` Տիգրան Մեծի՞, Նապոլեոնի՞, թե՞ գժանոցի նախկին տնօրենի…

ԳՈՌ Թիթեռի:

ԱՐԱՄ Վարժված գիժ ես երևում:

ԳՈՌ Գիժը չի կարող թիթեռ լինել, թիթեռն էլ գիժ է:

ԱՐԱՄ Մտածում ես` քո որսն էլ ես եմ…

ԳՈՌ Եթե փախչես… Ժամը քանի՞սն է:

ԱՐԱՄ 11-ն անց 7:

ԳՈՌ Հետաքրքիր չէր:

ԱՐԱՄ Ի՞նչը:

ԳՈՌ 11-ն անց 7-ը: 11-ն անց 8-ը ավելի հետաքրքիր է:

ԱՐԱՄ Չե՞ս երևալու:

ԳՈՌ (հայտնվում է խավարի միջից, կանգնում է Արամի կողքին): Ճիշտ որ, կյանքը լույսի մեջ է:

ԱՐԱՄ (ուշադիր նրան է նայում): Ուրվականները լույսից են փախչում… Դու դեպի լույսը թռար: Կամ թիթեռ ես, կամ ձևացնում ես, որ թիթեռ ես:

ԳՈՌ Կարևորը ներսս է, ու ներսս լիքը թիթեռ է: Ուրվականն էլ` խավարի մեջ եմ, թե չէ լույսի մեջ բանաստեղծ եմ: Ափսոս, մաշկիս ֆոսֆորը պակասել է… Հրաշք է, երբ խավարի մեջ մաշկդ լույս է տալիս:

ԱՐԱՄ Հիմա որսո՞րդ ես, թիթե՞ռ, բանաստե՞ղծ, թե՞ ուրվական…

ԳՈՌ Որսորդ եմ: Ուրվական որսորդ եմ, բանաստեղծ որսորդ եմ, թիթեռ որսորդ եմ:

Շուրջը նայելով` հայտնվում է Նունեն: Գոռը նրան չի տեսել, արտասանում է:  

                  Կյանքն այստեղ էժան է, բայց, ավաղ,

                  հնարավոր չէ արտահանել:

                  Ինչն այստեղ հարգի է ու չքնաղ,

                  այնտեղ դառնում է ցախավել

                  Ամեն ինչ խավար է, լուռ ու սուս,

                  ոչ դուռ կա, ոչ ելք կա, ոչ տանիք

                  Այստեղ ներսն էլ է թվում դուրս,

                  իսկ դուրսը` կոտրված խաղալիք

Կարող եմ էլի արտասանել.

                   Որսը որսորդից փախչում  է,

                մահ տեսած թռչում է լեռները:

                Ինչ որս է, սիրո պես նախշուն է,

                Բայց փակ են, մեռած են աչքերը

ՆՈՒՆԵ (նրանց տեսնելով` արագ մոտենում, քաշում է Գոռի ձեռքը): Էլի առանց ասելու… Զսպաշապիկը մոռացել ես:

ԳՈՌ (մատնացույց անելով Արամին): Ուզում է գնալ ու չգիտի` ուր:

ՆՈՒՆԵ Ուզում է, թող գնա, ուզում է, կգտնի` ուր…

ԱՐԱՄ Քանի ժամ է` միայն կարմիրն է վառվում…  

ՆՈՒՆԵ Երևի լուսաֆորը փչացել է:

ԱՐԱՄ Կարող էին զգուշացնել:

ՆՈՒՆԵ Ո՞վ:

ԱՐԱՄ Այսպես մարդը կծերանա ու տեղ չի հասնի:

ԳՈՌ Առաջ գնա…  

ԱՐԱՄ Կարմիր լույսը չի թողնում:

ԳՈՌ Մի նայիր ու գնա:

ԱՐԱՄ Գնում եմ ու էլի այստեղ եմ հայտնվում: Հետաքրքիր է, քաղաքապետարանում ի՞նչ են անում, որ լուսաֆորը չեն նորոգում:

ՆՈՒՆԵ Հին քաղաք է, ինչի ձեռք ես տալիս` փչանում է:

ԳՈՌ Անտերությունից է:

ԱՐԱՄ (ուշադիր նայում է Նունեին, երազկոտ): Իսկ դու գեղեցիկ ես…

ՆՈՒՆԵ Առաջին անգամ ես ասում, որ գեղեցիկ եմ:

ԱՐԱՄ Որովհետև առաջին անգամ եմ տեսնում:

ՆՈՒՆԵ Երբեք չե՞նք հանդիպել:

ԱՐԱՄ Երևի նախորդ կյանքում:

ԳՈՌ (հանկարծակի): Ես կարմիր լույսի այն կողմում եղել եմ:

ԱՐԱՄ Մենք էլ այնտեղից ենք, բայց չենք կարողանում վերադառնալ:

ԳՈՌ Այստեղից եմ այնտեղ անցել:

ՆՈՒՆԵ (Գոռին): Լսեցի՞ր` ինչ ասաց… Ասաց, որ գեղեցիկ եմ:

ԳՈՌ Մի հավատա: Հետո էլ կասի, որ մեծ ու սատկած բզեզ ես: (Խորը շունչ է քաշում🙂 Գեղեցիկը անցողիկ է…

ՆՈՒՆԵ Լավը միշտ էլ անցողիկ է… Միայն չուշանանք: Քեզ ասում էի, խնդրում էի, որ առանց ինձ այս կողմը չգաս: Չես լսել` եկել ես…

ԳՈՌ Լուսաֆորը…

ՆՈՒՆԵ Առանց ինձ հենց լուսաֆորի մոտ չպիտի գաս:

ԳՈՌ Ինքն է կանչում: Հիպնոսացնում է… Բայց մի անգամ հաջողացրի խաբել ու այն կողմը անցա: 

ՆՈՒՆԵ Ե՞րբ:

ԳՈՌ Դատարկություն էր…

ԱՐԱՄ Ուրիշ տեղ ես ընկել… Իմ տունն այնտեղ է, իմ տունը կտեսնեիր:

ԳՈՌ Դատարկություն էր:

ԱՐԱՄ Չես անցել:

ԳՈՌ Անցել եմ:

ԱՐԱՄ Կարմիրի տակով ոչ մեկը չի անցել:

ԳՈՌ Սողեսող եմ անցել:

ԱՐԱՄ Ուրվականն էլ չէր անցնի:

ԳՈՌ Մտքով եմ անցել:

ԱՐԱՄ Մտքով էլ չէիր կարող, երևի քո միջով ես անցել, երբ ուրվական ես եղել: Ուրվականի ներսը միշտ էլ դատարկ է: Թիթեռի ներսում էլ ամեն ինչ ժամանակավոր է: Մնաց բանաստեղծությունը… Բանաստեղծությունն էլ դատարկ տեղ է փնտրում, որ իրենով լցնի:

ԳՈՌ Խավարը մոռացար:

ԱՐԱՄ Ոչինչ էլ չեմ մոռացել: Դատարկությունը կամ խավարով է լցվում, կամ էլ բանաստեղծությամբ:

ՆՈՒՆԵ Միայն չկռվեք:

ԳՈՌ (հեգնանքով): Փչում է, որ տունն այնտեղ է: Դատարկությունն է նրա տունը…

ԱՐԱՄ Ստելը որսորդների զբաղմունքն է:

ԳՈՌ Որ իմ միջով դատարկությունն է, քո միջով ի՞նչ է երևում… 

ՆՈՒՆԵ Սև խոռոչը չմտնես, մարմինդ չի դիմանա սևի ձգողականությանը:

ԱՐԱՄ Արդեն այնտեղ է…

ՆՈՒՆԵ Ուշանալուց է… Մեզ չի կարելի ուշանալ: Չի կարելի ու միշտ ուշանում   ենք:

ԳՈՌ (մատնացույց է անում Արամին): Նրա պատճառով…

ԱՐԱՄ Ինչի՞ց եք ուշացել: Այստեղ չեն ուշանում: Այստեղ դեռ ոչ մեկը չի ուշացել: Ժամանակն այստեղ քամուց ավելի շատ է…  (Հեգնանքով🙂 Խառնվել են, կարծես դրախտի գնացքից են ուշացել:

ԳՈՌ Զսպաշապիկ չե՞ս հագել: Ուշացողներին հագցնում են: Ոնց որ դրախտի տոմսը գրպանդ է արդեն… Երբ դրախտ հասնես, վիզա ուղարկիր: Թեև մեզ արևի լույսն էլ հերիք է:

ՆՈՒՆԵ Թող մի անգամ էլ ասի, որ գեղեցիկ եմ:

ԳՈՌ Էլ չի ասի: Հիմա սրա աչքին ուրիշ բան է երևում: Մտածում է` կարմիրը հեռուստաաշտարակի վրա է…

ՆՈՒՆԵ Եթե ստում էլ է, միևնույն է, հաճելի է:

ԱՐԱՄ Չեմ ստում, իսկապես գեղեցիկ ես: Կյանքումս քեզ նման գեղեցկուհի չեմ տեսել: Ընկերդ պարզապես խանդում է…

ՆՈՒՆԵ (Գոռին): Ճի՞շտ, խանդո՞ւմ ես:

ԱՐԱՄ Տատիկիցս եմ լսել, որ ուրվականները շատ խանդոտ են: Որսորդներն  էլ…

ԳՈՌ Լռեք… (Ձեռքը ականջին` փորձում է ինչոր բան լսել🙂 Չե՞ք լսում, շները  հաչում  են: Ինչո՞ւ պիտի հաչեն:

ՆՈՒՆԵ Շնե՞րը… ի՞նչ շներ…

ԱՐԱՄ Ցեղական:

Շների հաչոցն ուժգնանում է: Ավելանում են մարդկանց գոռումգոչյունները:

ՆՈՒՆԵ Շներից վախենում եմ…

ԳՈՌ Հաչոցներն ուժեղացան…

ԱՐԱՄ Էլի մարդ են սպանել: Ամեն օր մեկին սպանում են: Գժերին չի կարելի իրենց հույսին թողնել:

ՆՈՒՆԵ Շներն ինչո՞ւ են կատաղել:

ԱՐԱՄ Զգուշացնում են:

ԳՈՌ Խավարից է… Խավարից են գժվում: Խավարն ամեն ինչ թաքցնում է ու վատն ավելի խորն է թաքցնում: Ոչ մեկը չգիտի` ինչքան ոճիր կա խավարի մեջ:

ՆՈՒՆԵ (բռնում է Գոռի թևից): Ինձ քո աշխարհը տար: Խոստացել էիր տանել, խոստացել էիր, չէ՞… Էլ ո՞ւմ ես սպասում…

Շների հաչոցը, մարդկանց տագնապալի ձայներն ավելի մոտիկից են հնչում:

ԱՐԱՄ Կտանի, եթե իմանա` որն է իր աշխարհը:

ԳՈՌ Միայն լույսը շատ լինի:

ԱՐԱՄ Անծանոթ տեղերում խավարը միշտ էլ շատ է լինում:

ՆՈՒՆԵ (տագնապով): Մոտենում են… Կատաղած են երևում… 

ԳՈՌ Երբ սատանան…

ՆՈՒՆԵ Ի՞նչ էր ուզում:

ԳՈՌ Հոգիս:

ԱՐԱՄ Պիտի տված լինեիր: Եթե խելքդ տարել է, հոգին ի՞նչ ես անում:

ԳՈՌ Ժամն ասա:

ՆՈՒՆԵ 11-ն անց 16:

ԳՈՌ 16 դավաճան րոպեներ:

ՆՈՒՆԵ 16 չզիջող զսպաշապիկներ… 

ԳՈՌ Խելառությունը զսպելով չի… Գլխիդ մեջ զսպում ես, ուրիշ տեղից է դուրս տալիս, ու էդ արդեն խելառություն չի` կատաղություն է:

ՆՈՒՆԵ (մոտենում, ցնցում է Գոռին): Խոստացել ես: Երեկ էլ խոստացար: Քո աշխարհն եմ ուզում: Շներից հեռու, զսպաշապիկներից հեռու…

ԱՐԱՄ Կարմիրի տակով չեք կարող…

ԳՈՌ Խելոք մի ձևանա: Զսպաշապիկն էլ խելոքների հնարածն է:

ՆՈՒՆԵ Էլի մի կռվեք…

ԳՈՌ Նրա հետ կես քայլ չեմ անի:

ՆՈՒՆԵ Նա սպասելու է, մինչև կանաչ լույսը վառվի:

ԱՐԱՄ Դուք էլ սպասեք:

ՆՈՒՆԵ Շները չեն սպասի:

ԳՈՌ Սպասել իմանայինք… Սպասողները գժանոց չեն ընկնում:

ԱՐԱՄ Կարմիրի տակով անցնողը հետևանքների մասին էլ պիտի մտածի:

ՆՈՒՆԵ Մտածել ենք, որ այստեղ ենք… Մտածողները  միշտ  էլ  գժանոցում  են հայտնվում:

ԳՈՌ Բայց հիմա այն կողմում կհայտնվենք: (Բռնում է Նունեի ձեռքը, քաշում է կարմիր լույսի կողմը🙂 Հիմա չենք ուշանա: Անցնելուց հետո շները չեն հասցնի, կուշանան: (Ցույց է տալիս Նունեին🙂 Նա չի դիմանա, ամպից էլ փխրուն է… Ինչ էլ լինի, այն կողմում ազատություն է, մեր ազատությունը… (Շարունակում է դեպի կարմիր լույսը շաժվել: Նունեն հնազանդ հետևում է նրան🙂 Ազատությունը կօգնի գտնել իմ աշխարհը:

Երաժշտությունը  խառնվում է շների հաչոցին ու մարդկանց ձայներին: Մի պահ նրանք կանգնում են, շրջվում` ասես ինչոր բանի կամ ինչոր մեկին հրաժեշտ տալու համար, ապա վազելով կարմիր լույսի ուղղությամբ, անէանում են խավարի  մեջ:

Պատկեր երկրորդ

Համարյա նույն տեսարանը: Կրկին դիմացը կարմիր լույսն է ու կրկին այնտեղից եկող լույսի շողը կիսում է խավարը: Լույսի շողի մեջ հայտնվում են Նունեն ու Գոռը: Քիչ հուզված են, տագնապած: Ուշադիր շուրջն են նայում, քայլում են ետ ու առաջ, փորձելով կողմնորոշվել, թե ուր են ընկել:

ՆՈՒՆԵ Էլի նույն խավարն է, նույն կարմիր լույսն ու ամայությունը:

ԳՈՌ (փորձում է քայլերով չափել շողի լայնությունը): Մի քիչ լայն է:

ՆՈՒՆԵ Ի՞նչը:

ԳՈՌ Լույսի շողն այստեղ լայնացել է:

ՆՈՒՆԵ Հոգնածությունից է:

ԳՈՌ Հիմա անցե՞լ ենք, թե՞ չէ…

ՆՈՒՆԵ Անցել ենք, որ հոգնել ենք:

ԳՈՌ Չլինի՞ երազի միջով ենք անցել ու չենք գիտակցել:

ՆՈՒՆԵ Երազի միջով միայն ուրվականը կանցներ:

ԳՈՌ Հա՞ որ…

ՆՈՒՆԵ Կամ էլ ստվերը…

ԳՈՌ Ստվերը ստվեր ունենո՞ւմ է:

ՆՈՒՆԵ Չունի ու չի քրտնում:

ԳՈՌ Ուրեմն, իսկական չէ: Կեղծ է ու ստի մեջ թաքնված:

ՆՈՒՆԵ Կե՞ղծ է:

ԳՈՌ Հա, բոլորը կեղծ են, բոլորին փոխել են: Ինձ ու քեզ էլ… Կարծես մենք ենք, բայց մենք չենք: 

ՆՈՒՆԵ Բա մեր իսկականներն ո՞ւր են…

ԳՈՌ Երևի սառեցրել են… Որ երբ իսկական ոչ մեկը չլինի, նորից կենդանացնեն:

ՆՈՒՆԵ Ցավն է՞լ է կեղծ:

ԳՈՌ Կեղծ է:

ՆՈՒՆԵ Բայց շատ ուժեղ է:

ԳՈՌ Կեղծը միշտ էլ ուժեղ է:

ՆՈՒՆԵ Կարմիր լույսն է՞լ է կեղծ: 

ԳՈՌ Կարմիրը իսկական է, վտանգը կեղծ չի լինում:

ՆՈՒՆԵ Տեսնես իմ իսկականը ինչպիսի՞ն է եղել: Գեղեցիկ եղած կլինի: 

ԳՈՌ Քեզանից գեղեցիկ չի լինի:

ՆՈՒՆԵ Կարծո՞ւմ ես…

ԳՈՌ Միշտ էլ ասել եմ:

ՆՈՒՆԵ Երևի կամաց ես ասել, որ չեմ լսել:

ԳՈՌ Հո չէի՞ գոռալու…

ՆՈՒՆԵ Իմ իսկականը այստեղ լիներ… Կասեր` ուր գնալ…

ԳՈՌ Ո՞ւր ես ուզում գնալ:

ՆՈՒՆԵ Այն երկիրը, որտեղ լավ բաների մասին բարձրաձայն են ասում:

ԳՈՌ Ասա` լույսը շատ լինի… Կարևորը, որ երկիրը լուսավոր լինի:

ՆՈՒՆԵ (ուշադիր շուրջն է նայում): Չկա:

ԳՈՌ Ի՞նչը:

ՆՈՒՆԵ Նրա տունը… Ոչ մի տուն էլ չկա:  

ԳՈՌ Աշխարհն այդպիսի սուտասան չի տեսել:

ՆՈՒՆԵ Բայց ասածները հաճելի էին:

ԳՈՌ Ի՞նչ էր ասում որ…

ՆՈՒՆԵ Կարևորը` բարձրաձայն էր ասում: 

ԳՈՌ Սուտը միշտ էլ բարձր է հնչում:

ՆՈՒՆԵ Նրա հետ դատարկությունն այսքան կպչուն չէր:

ԳՈՌ Որովհետև նույն դատարկությունը չի… Ներսիս թիթեռները քչացել են:  

ՆՈՒՆԵ Լույսի ետևից են թռել:

ԳՈՌ Մենք էլ կարողանայինք թռչել:

ՆՈՒՆԵ Ճայ լինեի ու ծովի վրա…

ԳՈՌ Կարապն էլ վատ թռչուն չի:

ՆՈՒՆԵ Միևնույն է, կարողանայի մինչև ծովը թռչել…

ԳՈՌ Մինչև Լույսի երկիրը… Ժամը քանի՞սն է:

ՆՈՒՆԵ 11-ը:

ԳՈՌ Հնարավոր չէ:

ՆՈՒՆԵ (ավելի ուշադիր է նայում ժամացույցին, ապա ձեռքը երկարում է Գոռին): Ինքդ նայիր:

ԳՈՌ Հնարավոր չէ… Անցնելիս 11-ն անց 16 րոպե էր… 11-ն անց 30-ը կամ 40-ը նորմալ կլիներ, 11-ը հնարավոր չէ: Ժամացույցը կարող էր փչանալ, նույն ժամը ցույց տալ, բայց քո ժամացույցի սլաքները հետ են պտտվել:

ՆՈՒՆԵ (նորից ուշադիր ժամացույցին է նայում): Հիմա էլ 10-ն անց 57 րոպե դարձավ:

ԳՈՌ Ժամանակը ինչո՞ւ պիտի հետ շարժվի:

ՆՈՒՆԵ Ժամացույցս հին է, չի իմացվի` սլաքները ոնց կպտտվեն: Հիմա` ետ, վաղն էլ` առաջ…  Մյուս օրը ուզենան` կկանգնեն ու չեն շարժվի:

ԳՈՌ Ժամանակի խաղերը…

ՆՈՒՆԵ Ժամանակի չէ, ժամացույցիս…

ԳՈՌ Ժամանակի խաղերը աշխարհը գլխիվայր են շրջում:

ՆՈՒՆԵ Մեզ է՞լ…

ԳՈՌ Ժամանակի համար փոքր ենք, որ մեզ էլ շրջի:

ՆՈՒՆԵ Մեզ էլ բախտն է շրջում:

ԳՈՌ (ցուցամատը շուրթերին հպելով հասկացնում է, որ Նունեն լռի): Ինչ-որ մեկը հետևում է, խավարի մեջ թաքնվել` չի երևում:

ՆՈՒՆԵ Պարզվում է` այստեղ էլ չենք կարող մեր ուզածն անել:

ԳՈՌ Դեռ չգիտենք` ով է…  

ՆՈՒՆԵ Բախտը կլինի:

ԳՈՌ Բախտն իր շնչառությունից չէր քրտնի:

ՆՈՒՆԵ Շները կլինեն:

ԳՈՌ Շները կհաչեին:

ՆՈՒՆԵ Լրտես շները չեն հաչի: 

ԳՈՌ Շունը շուն է: Շները չեն… Դրա շնչառությունը մառախուղի պես խոնավ է:

ՆՈՒՆԵ Հրացանդ մոտդ լիներ…

ԳՈՌ Ո՞րը…

ՆՈՒՆԵ Որսորդականը…

ԳՈՌ Սա՞… (Իբր հանում է ուսից ու ցույց է տալիս Նունեին🙂 Սրա մասի՞ն էիր ասում: (Ծնկում, երևակայական հրացանով երկար նշան է բռնում🙂  Շուտով կիմանանք` ով է: Կիմանա՜նք… (Կրակում է, կրակոցի ձայնն ասես իսկական հրացանից լինի🙂

ՆՈՒՆԵ (կրակոցի ձայնից ցնցվում է): Ոնց որ վիրավորվեց: Տնքոցը ականջներիցս կախվել` չի ընկնում… (Լարվում  է` ավելի լավ լսելու համար🙂 Ընկավ…

ԳՈՌ Ո՞վ:

ՆՈՒՆԵ Տնքացողը:

ԳՈՌ Երկնաքար կլինի:

ՆՈՒՆԵ Երկնաքարը չէր տնքա: Շնչավորի տնքոց էր…

ԳՈՌ Կարևորը` չվախենաս: Վախից ամեն ինչ մի քանի անգամ մեծ ու շատ է թվում:

ՆՈՒՆԵ Ներսիս ձայնից եմ վախենում: Մեկ-մեկ մեծանում, քիչ է մնում` ճզմի… Գիշատիչի պես է: Ուզում է ներսս լրիվ ուտել: Ամեն մեծանալիս մի մեծ կտոր ուտում է ինձանից:

ԳՈՌ Ինչո՞ւ չէիր ասել… Չպիտի թողնես, որ գիշատիչը մեծանա: Հիմա ձեռքերդ կբռնեմ, որ չկարողանա ցնցել:

ՆՈՒՆԵ Միայն չցավեցնես: Թե չէ միշտ ցավեցնում են…

ԳՈՌ Քեզ հետ միշտ էլ քնքուշ եմ եղել:

ՆՈՒՆԵ Նա էլ էր քնքուշ:

ԳՈՌ Ինձանից քնքուշ չէր լինի:

ՆՈՒՆԵ Ավելի քնքուշ էլ է եղել: Ծաղիկներ էր նվիրում, խոստանում էր ամռանը ծով տանել:

ԳՈՌ Տարա՞վ…

ՆՈՒՆԵ Չհասցրեց: Ամանորին մի քանի օր էր մնում… Ձայնը հանկարծակի մեծացավ ու ներսս միայն ինքն էր… Ճնշումից ականջներս պայթեցին, քթիցս արյուն եկավ: Վախից տնից դուրս եկա: Բայց ձայնն իմ մեջ էր, փողոցում էլ   ինձ հետ էր: Վերադարձա: Խոհանոցի մեծ դանակի տեղը գիտեի… Ուզեցի փորս պատռել, որ ձայնը դուրս գա: Չգիտեմ` ձեռքս ով բռնեց… Հետո գժանոց բերեցին:

ԳՈՌ Ովքե՞ր էին:

ՆՈՒՆԵ Չեմ տեսել: Աչքերիցս էլ էր արյուն գալիս…

ԳՈՌ Չլինի՞ նա էր:

ՆՈՒՆԵ Չէ:

ԳՈՌ Բա ո՞ւր էր…

ՆՈՒՆԵ Ծովափին ինձ էր սպասում:

ԳՈՌ Ի՞նչ գիտես:

ՆՈՒՆԵ Երազել եմ, որ նրա սպասելու տեղը ծովափը լինի: Մինչև հիմա լուր չունեմ: Վատը չեմ մտածում: Դու էլ վատ բան չասես: Չեմ ուզում: Մեկ-մեկ  լսում եմ, ինչպես ծովի ալիքները խխունջների հետ նրա բառերն էլ են ափ  նետում: Նուրբ, ոստրեների պես թափանցիկ, խաղողի պես քաղցր բառերը:

ԳՈՌ Երեկ խաղող էիր ուտում:

ՆՈՒՆԵ Թթու էր: Զզվում եմ թթու բաներից, չլինի՞ թթու են, որովհետև  նեղացրել եմ նրան:

ԳՈՌ Ուզենաս էլ, չես կարող նեղացնել:

ՆՈՒՆԵ Տնքոցը չի լռում… Ո՞ւմ և ինչի՞ վրա կրակեցիր:

ԳՈՌ Խավարի:

ՆՈՒՆԵ Աջ ու ձախ խավար է: Խավարի՞ն ես վիրավորել: Խավա՞րն էր տնքում:

ԳՈՌ Ի՞նչ իմանամ… Ուրվականի էլ չեմ ուզում փոխվել: Ուրվականի ներսում ցուրտ է, սառնարանից ցուրտ է… Մաշկդ թափանցիկ է դառնում, ու ներսդ միանգամից դատարկվում է: Ով ասես` անցնում է մարմնիդ միջով: Դրանից ուղեղս ցավում է: Շա՜տ է ցավում… (Անսպասելի կծկվում, պառկում է գետնին ու սկսում է գալարվել🙂 Չեմ դիմանում, հաճախ չեմ դիմանում:

ՆՈՒՆԵ (բռում է Գոռի ձեռքերը, փորձում է հանգստացնել): Մի վախենա:

ԳՈՌ (փոքրինչ հանդարտվելով): Չթողնես` խավարն ինձ ուտի… Չես թողնի, չէ՞… Հիշո՞ւմ ես, ինչպես սանիտարի ձեռքը բռնեցիր: Թևից կախվել, գոռում էիր: Սանիտարը չէր կարողանում թևն ազատել… Հենց ազատեր, փայտը    գլխիս էր կոտրելու… 

ՆՈՒՆԵ Չի ուտի, չի համարձակվի…

ԳՈՌ Հա՞… (Վեր է թռչում, ասես քիչ առաջվա խեղճացածը չլինի🙂 Ուրեմն, ով ուզում է լինի… Ի՞նչ ենք արել, որ մեզ հետևում է:

ՆՈՒՆԵ Երևի մտածում է սպանել, ու փախչում ենք…

ԳՈՌ (կրկին ձևացնում է, թե հանում է հրացանն ու նշան է բռնում): Եթե շարունակի հետևել, երկրորդ զոհն ինքը կլինի:

ՆՈՒՆԵ (բռնում է ձեռքը): Փամփուշտը խնայիր, դեռ չգիտես` ով է… (Ակամա նայում է կարմիր լույսի կողմը🙂 Կարմիրին նայիր, ոնց որ մեծացել է:

ԳՈՌ (իբր հրացանը նորից ուսն է գցում, ուշադիր նայում է լույսին): Անընդհատ մեծանում է…  ժամը քանի՞սն է:

ՆՈՒՆԵ (ժամացույցին է նայում): 10-ն անց 50: Սլաքները նորից ետ են պտտվել:

ԳՈՌ Անհավատալի է… Կարմիրն ինչո՞ւ է մեծանում, եթե ժամանակը փոքրանում է:   

ՆՈՒՆԵ Հայելի լիներ` ներս կնայեի: Կիմանայի` ինչ է կատարվում:

ԳՈՌ Երբ ներսը չի երևում, մի բան կատարվում է:

Կարմիր լույսն ավելի է մեծանում: Նրանք լարված ու անհանգիստ հետևում են, թե ինչ է լինելու: Լույսն ընդարձակվում է, և բեմն արդեն կարմիր լույսի մեջ է: Անսպասելի հայտնված  ստվերները` անհայտ գազանների ու ֆիգուրների  տեսքով, անկանոն շարժումներով կարծես փորձում են հարձակվել: Գոռն ու  Նունեն վախից կպչում են իրար: Ստվերներն ավելի են կատաղում:

ՆՈՒՆԵ Ստվերները շատանում են:

ԳՈՌ Էլի են շատանալու, էլի են հարձակվելու: Ուրվականների որսն սկսվել է:

ՆՈՒՆԵ Մեզանից ի՞նչ են ուզում:

ԳՈՌ Մեր հիշողությունը: (Ամուր բռնում է Նունեի ձեռքը: Երաժշտություն🙂  Երեք հաշվի վրա վազում ենք… Խավարի մեջ դժվար է ապրողներին ուրվականներից զանազանել: Կարևորը` չվախենաս ու չշփոթվես: Մեկ, երկու, երեք… Վազեցինք…

Կարմիր լույսի ու ստվերների միջով վազում, անհետանում են տեսադաշտից, և ամեն ինչ թաղվում է խավարի մեջ:

Պատկեր երրորդ

Նույնն տեսարանն է: Դիմացը կրկին կարմիր լույսն է ու նույն շողը: Հևիհև հայտնվում են Գոռն ու Նունեն

ՆՈՒՆԵ (հևալով): Ամայության վերջը չի երևում: Մեր վերջը տեսնում եմ, ամայությանը չի երևում…

ԳՈՌ Չգիտե՞ս` ինչից է, որ առանց ապրելու ծերանում եմ:

ՆՈՒՆԵ Ճանապարհը չենք գտնում: Ճանապարհը մի տեղ կհասցներ:

ԳՈՌ Ժամն ասա:

ՆՈՒՆԵ 10-ն անց 18:

ԳՈՌ 11-ն անց 16 րոպեից հանած 10-ն անց 18: (Մտածում է🙂 58 րոպե… Մեղավո՞ր ենք, որ Լույսի երկիրը չենք գտնում, չնայած համոզված ենք, որ կա: Թիթեռները երևի այնտեղից են… Չես նկատի` որտեղից ուր են թռչում:  Կարևորը` չհուսահատվես: Թիթեռը մի օրվա կյանք ունի ու, միևնույն է, ծաղիկներից չի հեռանում: Մերն ուրիշ է` պառկում ու սպասում ենք վերջին:  Թիթեռը էդ վերջին մինչև վերջ չի հավատում: Ծովն էիր ուզում… Փակիր աչքերդ ու պատկերացրու: Լսիր ձայնը, զգա, ինչպես են ալիքները ցրում  ավազի կնճիռները, ձկներին երկինք են շպրտում…

ՆՈՒՆԵ (նայում է վերև): Գոնե երկինքը երևար…

ԳՈՌ    Երկինքը չի երևում,

             Բայց ինքը տեսնում է մեզ,

             Տարօրինակ է, այդ վերևում

             Ամեն ինչ գիտեն, դու չգիտես

ՆՈՒՆԵ Գիտե՞ն, որ փախել ենք, թե՞ Տերն էլ է գժերից երես թեքել:

ԳՈՌ Կիմանան… Բայց չենք փախել: Փախչողը չի փնտրում, փախչողի համար միևնույն է, միայն հեռու փախչի: Մենք Լույսի երկիրն ենք փնտրում: Տերը մեզ այնտեղ էլ սպասում է:

ՆՈՒՆԵ Չեմ հավատում: Մեզ ոչ մեկը չի սպասել, մեզ չեն սպասում, մեզանից թաքնվում են: Մենք ուզում ենք խոսել, շփվել հետները, իրենց ենք փնտրում, բայց իրենք թաքնվում են: Որովհետև գիժ ենք… (Համարյա գոռալով🙂 Գի՜ժ  ենք… Մեզանից վախենում են:   

ԳՈՌ Միայն խավարը մեզանից ձեռ չի քաշում…

ՆՈՒՆԵ Տնքոցն էլ… Տնքոցը ականջներիցս չի պոկվում: (Շոշափում է ականջները🙂  Քիչ է մնում` ականջներս ծակվեն:

ԳՈՌ Չգիտես էլ` ով է: Իմանայի, մի երկու խոսք դեմքին կշպրտեի… Կասեր` ինչ է ուզում:

ՆՈՒՆԵ Կի՞ն է, տղամա՞րդ է… 

ԳՈՌ Միայն խավարի սեռը չես ջոկի:

ՆՈՒՆԵ Ուրեմն, ոչինչ չես ջոկի: Անսեռն ամեն ինչ թաքցնում է, ամեն ինչը: Ու ամեն ինչը լուռ է անում:

ԳՈՌ Լո՞ւռ է տնքում… Լուռ տնքացողը լուռ էլ լաց կլինի, ամենավերջում էլ լուռ կգոռա: Էլ ի՞նչ է լուռ անելու… Ուզում է լռել, թող լռի, թող տնքա, միայն ասի` ինչ է ուզում: 

ՆՈՒՆԵ Այնքան էլ լուռ չի, գռմռում է, միայն թե չեմ հասկանում:

ԳՈՌ Ականջդ ավելի մոտեցրու:

ՆՈՒՆԵ (մոտենում, համարյա դեմքով թաղվում է խավարի մեջ): Ծիծաղում է… Հասկացա, իբր, կրակելով իրեն չես վախեցնի… Դրանից չի թուլանում, ուժեղանում է:

ԳՈՌ Ուրեմն, թող չտնքա… Տնքալո՞վ է ուժեղանում:

ՆՈՒՆԵ Բարձր ասա, որ լսի:

ԳՈՌ Իրեն խուլի տեղ է դրել:

ՆՈՒՆԵ Էլի ծիծաղեց: Իբր, քո միամտությունից ականջները քոր եկան…

ԳՈՌ Էլ ի՞նչը քոր եկավ:

ՆՈՒՆԵ Ասում է` միայն հիմարն է խավարի դեմ կռվում:

ԳՈՌ Երևի ուզում է` ոտքերը համբուրենք:

ՆՈՒՆԵ Էլի չլսեց… Ըհը, լսել է: Ասում է` ինքը մարդկանց պես չի. գլուխն առանձին, ոտքերն ու ձեռքերն` առանձին… Սիրտը մի կողմում, թոքերը` մյուս… Աջը չգիտի` ձախն ինչ է անում: Ինքն ամբողջ է ու դրանով` անհաղթահարելի: 

ԳՈՌ Հարցրու` մեզանից ի՞նչ է ուզում:

ՆՈՒՆԵ Խավարը չի ուզում, խավարը վերցնում է:

ԳՈՌ Ի՞նչ ունենք, որ ինչ վերցնի:

ՆՈՒՆԵ Երևի ունենք, որ ուզում է:

ԳՈՌ Թող վերցնի, եթե կարող է:

ՆՈՒՆԵ Ասում է` իր երեխաներն ենք, ասում է` ամոթ է, որ երեխաները փորձում են ընդվզել ծնողի դեմ: Զարմանում է, որ մինչև հիմա չենք իմացել, որ մեր ծնողն ինքն է:

ԳՈՌ Էլի ի՞նչ չգիտենք…

ՆՈՒՆԵ Որ ամեն ինչ խավարից է ծնվել ու խավարի մեջ էլ ավարտվելու է:

ԳՈՌ Ամեն ասածի մի հավատա: 

ՆՈՒՆԵ Նա ուրվականին… ուզում էի ասել` քե՛զ պիտի ընտրեր: Բայց խոսքի մեջ ինձ է ընտրել: Ձայնը ցածր է, մետաղի պես պաղ… Ոչ թե ականջներով, այլ մաշկով եմ լսում ու ձայնի սառնությունից մաշկս փշաքաղվել է: Հնարավոր է` վախից էլ փշաքաղված լինի… Եթե կարմիրը էլի մեծանա… Նախորդ ստվերները ոնց որ կույր էին ու մեզ չէին գտնում:

ԳՈՌ Աչք ունե՞ն, որ տեսնեն… Սրան-նրան են կպչում, որ չմոլորվեն: 

ՆՈՒՆԵ Խավարը աչք կթողնի՞… Մենք ո՞ւմ ենք կպչելու, որ չմոլորվենք:

ԳՈՌ Խավարն ինքը մոլորություն է:

ՆՈՒՆԵ Լռել է, չի տնքում:

ԳՈՌ Ժամն ասա:

ՆՈՒՆԵ 10-ն անց 43 րոպե:

ԳՈՌ Նահանջը շարունակվում է:

ՆՈՒՆԵ Մենք էլ չենք առաջանում:

ԳՈՌ Թողնո՞ւմ է որ…

ՆՈՒՆԵ Ո՞վ:

ԳՈՌ Խավարը… Բռնել, չի թողում…

ՆՈՒՆԵ Նրան ի՞նչ էիր ուզում ասել, ասա, որ թողնի:

ԳՈՌ Ուզում է խորքը քաշել: (Զգացվում է, որ անտեսանելի մի ուժ, չնայած Գոռի դիմադրությանը, նրան խավարի կողմն է քաշում🙂 

ՆՈՒՆԵ (որ սկզբում թերահավատ էր նայում Գոռի պայքարին, հասկանում է, որ վիճակը բարդ է: Բռնում է Գոռի ձեռքը, փորձում է օգնել): Տեղի չտաս, չթուլանաս… Հետ քաշվիր, ավելի թափով… Ճիշտ որ, խավարի կողքը երկար չի կարելի կանգնել… (Անզիջում պայքար է խավարի դեմ: Վերջապես  ազատվում են🙂  

ԳՈՌ Ոնց որ ազատվեցինք… Հազիվ պրծանք:

ՆՈՒՆԵ Հիմա քո աշխարհը կա՞, թե՞ չկա…

ԳՈՌ Լույսի մեջ կերևա:

ՆՈՒՆԵ Լույսի մեջ ես իմը կգտնեմ… Բայց դա հետո, հիմա ուզում եմ, որ այստեղից գնանք:

ԳՈՌ (փորձում է բարձրանալ): Հեռանում ենք… (Նունեին էլ է օգնում բարձրանալ🙂 Ձևացրու, իբր, ոչինչ չի եղել… Իմ աշխարհն անպայման կգտնենք: Այնքան լույս կլինի, որ սկզբում աչքերդ կցավեն: Լույսին վարժվելուց հետո կարող ես աչքերդ փակ էլ քայլել:

ՆՈՒՆԵ Աչքերս հիմա եմ ուզում փակել: 

ԳՈՌ Փակիր, թող հանգստանան: Ես քո աչքերը կլինեմ: (Թևանցուկ է անում Նունեին, դանդաղ հեռանում են🙂

Պատկեր չորրորդ

Նույն տեսարանը, նույն կարմիր լույսն ու լույսի շողը, որի մեջ հոգնատանջ, ոտքերը հազիվ քարշ տալով հայտնվում են Գոռն ու Նունեն: Հոգնածությունից օրորվում են, բայց հանգստանալու փոխարեն ուշադիր ու զարմացած      շուրջն են նայում:

ԳՈՌ Գոնե մի թուփ լիներ:

ՆՈՒՆԵ Թփի ստվերն էլ չկա:

ԳՈՌ Լույս լիներ` ստվերն էլ կերևար:

ՆՈՒՆԵ Խավարից խավարն ես փախչում: Ուզում եմ պառկել ու սպասել, թե  երբ ալիքները ծովի խորքը կտանեն: 

ԳՈՌ Ծովը խեղդվածներին է իր խորքը քաշում:

ՆՈՒՆԵ Խեղդված չենք, ի՞նչ ենք, կամ արդեն խեղդվում ենք:

ԳՈՌ Չլինի՞ Լույսի երկիրը չենք նկատել:

ՆՈՒՆԵ Խավարի մեջ լուսատտիկն էլ կերևար:

ԳՈՌ Չեմ հավատում, որ այդ երկիրը չկա:

ՆՈՒՆԵ Լիներ` կտեսնեինք: Դրախտի հետ են շփոթել… Դրախտն էլ չեն տեսել, բայց բոլորը երազում են այնտեղ ընկնել:

ԳՈՌ Շատ հավատայինք` դրախտն էլ կտեսնեինք:

ՆՈՒՆԵՀիմա է, որ չեմ հավատում… Ուզում, բայց չեմ հավատում: Ինչո՞ւ Լույսի երկիրը ուրիշը չի փնտրում: Ոչ մեզանից աջ, ոչ ձախ, ոչ առաջ, ոչ հետ… Երկուսիս համար Տերը երկիր չէր ստեղծի: Ոչ մի երկիր էլ չկա, լիներ` ինքն ընդառաջ կգար: Երկիրը նրա համար է, որ մարդկանց ընդառաջ գնա, թաքցնի  իր գրկում, որ ստվերները ոչ թե հարձակվեն, այլ սողան ոտքերի տակ:

ԳՈՌ Խավարը… Երևի նրան էլ է կուլ տվել: Խավարն ուզենա` տիեզերքն էլ կուլ կտա: Կարող է` մեզ էլ է կուլ տվել, ու հիմա նրա որովայնում ենք:

ՆՈՒՆԵ Կարմիր լույսը մոռացար:

ԳՈՌ Կարմիր լույսն էլ է որովայնում:

ՆՈՒՆԵ Խավարը լույսը կուլ չէր տա: Լույսը լույս է` կանաչ թե կարմիր… Նրա համար լույսը լուծողականի պես է… 

ԳՈՌ (մտահոգ): Ոնց էլ գնում ենք` կարմիրն է: Վտանգը չի մեղմանում ու չի նահանջում: Եթե կարմիր է` վտանգավոր է, արգելված է, չի կարելի: Իսկը աշխարհի կործանումը…

ՆՈՒՆԵ Չեմ ուզում մեռնել: Գոնե ծովը տեսնեի…

ԳՈՌ Առանց լույսի ծովը չես գտնի:

ՆՈՒՆԵ Նրան եմ խղճում… Ասեն էլ, չի հավատալու, որ մահացել եմ: Մինչև կյանքի վերջը սպասելու է: Ջրահարսի արձանը տեսե՞լ ես… Ինքն էլ է արձան դառնալու:

ԳՈՌ Անապատ գնացած կլինի… Սպասողները հաճախ են անապատ գնում:

ՆՈՒՆԵ Չի գնա, ծովափը չի լքի… Կվախենա` հանկարծ գամ ու ինքն այնտեղ չլինի: Ծովն իրական է, չտեսնես էլ` իրական է, մինչդեռ հնարավոր է` Լույսի երկիրը մեր հորինածը լինի:

ԳՈՌ Կամ մեր երազը…

ՆՈՒՆԵ Երազի հետևից գնացողներից ոչ մեկը չի վերադարձել:

ԳՈՌ Որովհետև երազին հասնողը չի ուզի երազից բաժանվել:

ՆՈՒՆԵ Երազը նրա համար է երազ, որ հետևից գնաս ու չհասնես:

ԳՈՌ Կարևորը իմանաս` ո՛ր կողմը գնաս:

ՆՈՒՆԵ (մի պահ բացակա հայացքով երկնքին է նայում: Ներփակվում է իր մեջ ու հայտնի չէ` հետն ինչ է կատարվում: Անսպասելի պատասխանում է): Ամպերի մեջ էլ մեր երազի պատկերը չկա:

ԳՈՌ Ինչո՞ւ դեմքիդ գույնը փոխվեց, աչքերիդ վարագույր իջավ, ձեռքերդ էլ դողում են…

ՆՈՒՆԵ (զարմացած նայում է Գոռին): Թափանցիկ ես… պատուհանի պես: (Ավելի սևեռուն է նայում🙂 Բայց ներսդ չի երևում, երևի ապակիները կեղտոտ են:

ԳՈՌ (զննում է ձեռքերը, իրեն): Կեղտը խավարին քսվելուց է… (Շփում է թևերն ու մարմինը🙂 Լույսի երկիրը կեղտից էլ, խավարից էլ կմաքրի:

ՆՈՒՆԵ Ծանր հիվանդություն է Լույսի երկիրը… Հոգնեցի, քեզանից էլ հոգնեցի: Նման ես, բայց դու չես… Մեջդ աղ չկա…

ԳՈՌ Ավելի լավ է ասես` գարո՞ւն է, թե՞ ձմեռ… Միասին Լույսի երկիրն էինք ուզում հասնել:

ՆՈՒՆԵ Հասա՞նք:

ԳՈՌ Միասին էինք ուզում հասնել… Բայց արդեն այնքան Էլ չենք հավատում, որ այդ երկիրը կա: Ժամը քանի՞սն է:

ՆՈՒՆԵ 10-ն անց 30:

ԳՈՌ 13 րոպե էլ հետ գնաց: Ժամանակը ետ է գնում, մենք մնում ենք տեղում:

ՆՈՒՆԵ Ցուրտ է, ոտքերս սառել են:

ԳՈՌ Աչքերդ էլ առաջվանը չեն, կարմիր լույսի փայլը ծածկել է բիբերդ:

ՆՈՒՆԵ (փակում է ականջները, կծկվում է): Լսո՞ւմ ես… Ո՞նց չես լսում, համարյա գոռում է…

ԳՈՌ Չեմ լսում:

ՆՈՒՆԵ Դու էլ գոռա:

ԳՈՌ Ի՞նչ…

ՆՈՒՆԵ Գոռա… Ձայնից բարձր գոռա: 

ԳՈՌ Աաա՜…

ՆՈՒՆԵ Ավելի՛ բարձր:

ԳՈՌ Աաաաա՜…

ՆՈՒՆԵ Էլի՛ բարձր:

ԳՈՌ Գոռում եմ` ա՜…ա՜…ա՜…

ՆՈՒՆԵ Չի խլանում: Օճառի պես փրփրում է… Լցվում է ոտքերս, որովայնիս մեջ… Մի հապաղիր` կրակիր, որովայնիս կրակիր, շուտ, թե չէ աչքերիս կհասնի: Կրակիր, որ դուրս գա… Կրակիր… (Ցնցվում է, անսպասելի ընկնում է գետնին: Անշարժ պառկած է, թվում է` չի շնչում🙂 

ԳՈՌ (ականջը մոտեցնում է ստուգելու` շնչո՞ւմ է): Հոգին ներսո՞ւմ է, թե՞… Խավարի մեջ հոգին կփայլեր: Ձայն չկա, մարմինը հանգիստ է… (Նորից է ստուգում🙂 Ոնց որ շնչում է… Ո՞ւմ ձայնն է նրան հալածում… Ի՞նչ գիշատիչ է, որ ձայնի հետևը թաքնված` չի երևում: (Ոտքի է կանգնում🙂 Պիտի սպասել` ուժերը վերականգնվեն… Ստիպում էր` գոռայի: Մարմինն իրենն էր, ասողը` ուրիշ… Գժանոցից դուրս գժանոց է: Խավարն ամեն ինչ փոխում է: Ոչինչ խավարի մեջ չի երևում ու, միևնույն է, ամեն ինչ տգեղ է: Բառերն էլ են տգեղ` կնճռոտ ու որդի պես փափուկ… Միայն ուրվականի չփոխակերպվեմ… Ապրողների աշխարհ վերադառնալը գնալով դժվարանում է: Պիտի հեռանալ, որքան հնարավոր է` շառից ու փորձանքից հեռու: Միայն թե արթնանա… Ընկերոջը թողնելը լավ նշան չի… Ընկե՞ր… Երևի մի քիչ ընկեր է, մի քիչ մայր, մի քիչ… Վերջինը դժվար է ճշտել: Ծովափի առասպելը խանգարում է… (Նորից է խոնարհվում, զգույշ ցնցում է Նունեի ուսը: Նա ցնցվում է, աչքերը բացելով` զարմացած շուրջն է նայում🙂

ՆՈՒՆԵ Ձայնն ո՞ւր է:

ԳՈՌ Չտեսա:

ՆՈՒՆԵ Ծովն ի՞նչ եղավ:

ԳՈՌ Այստեղից չի երևում:

ՆՈՒՆԵ Փոսի մեջ էի, ո՞վ հանեց:

ԳՈՌ Փոս չի եղել:

ՆՈՒՆԵ Խորը փոս էր… Վերև չէի կարող ընկնել…

ԳՈՌ Փոսն ընկնեիր` ես էլ փոսի մեջ կլինեի:

ՆՈՒՆԵԴո՞ւ… 

ԳՈՌ Հո մենակ չէի՞ թողնելու…

ՆՈՒՆԵՄիասին շա՞տ ենք եղել:

ԳՈՌ Երկար պատմություն է… Ել, գետինը պաղ է, կմրսես:

Գոռի ձեռքը բռնելով` Նունեն բարձրանում է:

ՆՈՒՆԵ (ուշադիր զննում է Գոռին, շոշափում է դեմքը): Ուզում եմ հիշել… Աչքերդ ծանոթ են… Քիթդ էլ… Շրթունքներդ սառն են: Երևի ոչ մեկին չես համբուրել… 

ԳՈՌ Հարևանի աղջկան եմ համբուրել… Ձևացրի, իբր, ընկնում եմ… և ուսը համբուրեցի:

ՆՈՒՆԵ Շնչառությունդ… (Լսում է🙂 Շնչառությունդ էլ է սառը…

ԳՈՌ Ձմեռվա հիշողություններից է:

ՆՈՒՆԵ Անցած ձմեռը շատ ցուրտ էր:

ԳՈՌ Հա, ցուրտ էր… Ուզում էի վառարանը մտնել: Ուզում էի վառվել, որ տաքանամ:

ՆՈՒՆԵ Վառվեցի՞ր…

ԳՈՌ Վառարանը չմտա… զսպաշապիկը խանգարեց:

ՆՈՒՆԵ Այստեղ ի՞նչ ենք անում:

ԳՈՌ Ուզում էինք Լույսի երկիրը գտնել:

ՆՈՒՆԵ Գտա՞նք:

ԳՈՌ Ձայնը չթողեց:

ՆՈՒՆԵ (շոշափում է ականջները, քիթը, աչքերը): Արյուն չի եկել… Ձայնն այնքան էլ չի բարձրացել: Հետո ի՞նչ եղավ…

ԳՈՌ Հետո ընկար:

ՆՈՒՆԵ Փո՞սը…

ԳՈՌ Չէ, գետնին:

ՆՈՒՆԵ Հետո՞…

ԳՈՌ Ուզում էի օգնել:

ՆՈՒՆԵ Օգնեցի՞ր…

ԳՈՌ Հրաժարվեցիր:

ՆՈՒՆԵ Հետո՞…

ԳՈՌ Սպասում էի` արթնանաս:

ՆՈՒՆԵ Ինչո՞ւ…

ԳՈՌ Հո ընկած չէի՞ թողնելու:

ՆՈՒՆԵ Ինձանից ի՞նչ էիր ուզում…

ԳՈՌ Միասին շարունակենք ճանապարհը: Քեզ հետ ինձ ապահով եմ զգում:

ՆՈՒՆԵ Ումի՞ց ես ուզում պաշտպանվել:

ԳՈՌ Բոլորը գողանում են… Չեմ ապրում, բայց կյանքս անընդհատ պակասում է: Խավարի մեջ էի թաքնվում, դուրս չէի գալիս… Մի օր էլ ներսս  դատարկվել էր, ու ուրվական էի դարձել… (Դադար🙂 Ինչ տանջանք էր, մինչև մարդկանց աշխարհը վերադարձա… Եթե Լույսի երկիրը գտնեինք… Գողերը լույսից վախենում են:

ՆՈՒՆԵ Այդ երկիրը ցնդել է, գուցե եղել է, բայց էլ չկա… Երազների միջից էլ է կորել…  

ԳՈՌ Ժամացույցին մի անգամ էլ նայիր:

ՆՈՒՆԵ 9-ն անց 3 րոպե:

ԳՈՌ Անընդհատ ցրտում է:

ՆՈՒՆԵ Էս շողը չի կարող տաքացնել:

ԳՈՌ Շատ նեղ է, հետն էլ փողկապի պես խավարի վզից կախված…

ՆՈՒՆԵ Խավարն էլ հեռադիտակ չի, որ մեծացնի ու փոքրացնի: Խավարի միջով երևացողը ինքն է, բայց ինքը չի:

ԳՈՌ Տեղներս որ փոխենք, ինքը կլինի:

ՆՈՒՆԵ Տեղը կփոխվի, պատկերը` չէ… Խավարը ձյութի պես մեր մեջ է:

Երկնքում էլ մեր մեջ կլինի:

ԳՈՌ Մենք ենք նրա մեջ ու ոնց էլ շրջվենք` նույն խավարն է:

ՆՈՒՆԵ Հաստատ մեզանից խլել են լույսը:

ԳՈՌ Ո՞վ…

ՆՈՒՆԵ Երևի կյանքի գողերը… Լույսը նույն կյանքն է:

ԳՈՌ Դրա համար էլ թիթեռները մեր երազի հետևից գնացին: Չիմացանք էլ` ինչ երազ էր. սև՞ էր, սպիտա՞կ էր, գունավո՞ր… Հոգնեցի, միանգամից հոգնեցի: Բոլորի տեղը հոգնեցի: (Նստում է🙂 Կողքս նստիր, շողը երկուսիս էլ կտեղավորի:

ՆՈՒՆԵ Ալիքների վրա եմ ուզում նստել:

ԳՈՌ Պիտի իմանաս` ալիքներն ուր են տանում:

ՆՈՒՆԵ Ալիքները հավատարիմ են, ուր էլ գնան` իրենց ափն են վերադառնում:

ԳՈՌ Ես էլ դեպի քեզ եմ գալու: Իմ տունն էլ, ափն էլ քո մեջ եմ թողել…

ՆՈՒՆԵ Մի շարունակիր… Նրան դուր չեն գա քո խոսքերը: Ինձ չի վստահել քեզ, որ ցանկություններիդ սարդոստայնը գցես:

ԳՈՌ Ընդամենը…

ՆՈՒՆԵ Միևնույն է, վստահությունը չպիտի չարաշահել:

ԳՈՌ Կարևորը… Ասենք, էլ ոչինչ կարևոր չէ: Ժամացույցին նայիր:

ՆՈՒՆԵ 10-ն անց 4 է, հետո ի՞նչ…

ԳՈՌ (կանգնում է): Պիտի հեռանալ: Բայց չեմ ուզում նորից կարմիրի տակով անցնել: 

ՆՈՒՆԵ Սկզբից չպիտի անցնեինք… Կարմիրի տակով չի կարելի… Դրախտը մոռացե՞լ ես… Մեր խնձորն էլ կարմիր լույսն էր: Մինչև խնձորի ուտելը ոչ մեկը չգիտեր` ինչ է ժամանակը: Իմացան` ինչ է մահը, իմացան նաև` ինչ է ժամանակը:  

ԳՈՌ Ուղղելու համար արդեն ուշ է: Պիտի ինչ-որ բան հորինել ու կարմիրին  խաբել:

ՆՈՒՆԵ Ո՞նց ես խաբելու:

ԳՈՌ Պարելով… Թող մտածի` երջանկությունից ուռել ենք: Կարմիրը ուրախություն չի սիրում, ուրախությունը ձանձրացնում է, քունը փակում է աչքերը: Աչքերը փակ պահին էլ կանցնենք:

ՆՈՒՆԵ Ի՞նչ ենք պարելու…

ԳՈՌ Նայած ի՛նչ կհնչի գլխներիս մեջ: (Նունեին պարի է հրավիրում🙂 Կարևորը` ձևացրու, որ երջանիկ ես:

ՆՈՒՆԵ Երջանկությունը չեմ հիշում…  

ԳՈՌԵս էլ քիչ է մնում` երջանկությունից օդ թռչեմ: Պատկերացրու` օդում ես: Երջանկությունը թռչելու պես է… Մենք չենք պարում, մենք թռչում ենք:

ՆՈՒՆԵ Ալիքների վրայով:

ԳՈՌ Եվ ամպերի…

Աստիճանաբար երազանքներին, երաժշտության ռիթմին տրվելով` պարում են  ոգևորված ու կրակոտ: Պարելով էլ մոտենում են կարմիր լույսին, մի պահ  լսվում է նրանց քրքիջը, ապա անհետանում են խավարի մեջ:

Պատկեր հինգերորդ

Եվ շողն է նույնը, և կարմիր լույսը: Արամը սևեռուն նայում է կարմիր լույսին: Երևում են Գոռն ու Նունեն: Արամին դեռ չեն տեսել: Հոգնած են, բացակա հայացքով ու չափազանց դժգոհ: Տեսնում են Արամին, անակնկալից ցնցվում են:

ՆՈՒՆԵ (աչքերը տրորելով): Ի՞նքն է…

ԳՈՌ Տեսիլքի է նման:

ՆՈՒՆԵ Այլմոլորակային կլինի:

ԳՈՌ Որ ինքը չի, ո՞վ է:

ՆՈՒՆԵ Ով էլ լինի` անսպասելի էր:

ԱՐԱՄ (տեսնելով նրանց զարմացած հայացքները): Նոր տեսա՞ք:

ԳՈՌ Ուրվակա՞ն ես… 

ԱՐԱՄ Զզվում եմ ուրվականներից:

ԳՈՌ Ո՞նց գտար:

ԱՐԱՄ Ի՞նչը…

ԳՈՌ Մեզ: 

ԱՐԱՄ Չեմ էլ փնտրել:

ԳՈՌ Ե՞րբ գնացինք:

ԱՐԱՄ Գժանոցից դեռ հեռացող չի եղել:

ՆՈՒՆԵ Ասում էիր` կարմիրի տակով վտանգավոր է…

ԱՐԱՄ Էլի եմ ասում:

ԳՈՌ Շները վրա էին տվել, մարդիկ գոռում էին… Մտածում էինք` քեզ պատառ-պատառ են արել: Չիմացա՞ր` ում էին սպանել…

ԱՐԱՄ Ո՞վ է կատաղել, ո՞ւմ են սպանել…

ԳՈՌ Երազ չէր… Ոտքերս հոգնածությունից ուռել են: Միայն մեր ուզածը չգտանք:

ԱՐԱՄ Ի՞նչ էիք փնտրում:

ԳՈՌ Լույսի երկիրը:

ԱՐԱՄ Էս շո՞ղը… Սրանից լայնը չէիք էլ գտնի:

ԳՈՌ Լույսի երկիրը այդ շողը չի…

ԱՐԱՄ Մի շող չի, թող երկուսը լինի:

ՆՈՒՆԵ Կարմիրի տակով էլ մի քանի անգամ ենք անցել:

ԱՐԱՄ Քաղաքում հնարավոր է, ամեն քայլափոխի խաչմերուկ ու լուսաֆոր է:

ԳՈՌ Մեր տեսածը քաղաքում չէր: Թուփ իսկ չկար… Խավար էր ու դատարկություն:

ՆՈՒՆԵ Ծովն էլ չերևաց…

ԱՐԱՄ Ազատության արձանը չէի՞ք ուզում…

ԳՈՌ Հումորդ քեզ պահիր: Կծաղրես, երբ իմանաս, թե քո իսկականն ով է եղել:  Հիմա ասա, թիթեռներն ի՞նչ եղան:

ԱՐԱՄ Էլի թիթե՞ռ:

ԳՈՌ Ներսիս թիթեռներն ո՞ւր թռան:

ԱՐԱՄ Երևի լույսի հոտ են առել:

ԳՈՌ Լույսը մեր կյանքն էլ է… (Անհանգիստ հետուառաջ է անում🙂 Մի՞թե մեկը չի ասի` գնացե՜լ ենք, մնաց՜ել ենք…

ԱՐԱՄ Հիվանդացել եք:

ԳՈՌ Ժամացույցիդ նայիր:

ԱՐԱՄ Երջանիկները ժամացույցին չեն նայում:

ԳՈՌ Ուրիշի երջանկությունն ինձ չի խանգարում, բայց նայիր ու կիմանաս` ով է հիվանդը:

ԱՐԱՄ 12-ին 10 է պակաս:

ՆՈՒՆԵ Մերով 9-ն անց է 50:

ԱՐԱՄ Ժամացույցներից մեկը փչացած է:

ԳՈՌ Սլաքները շարժվում են:

ԱՐԱՄ Ամպերն էլ, միայն թե ամեն շարժվող բան ժամանակ չի ցույց տալիս:

ՆՈՒՆԵ Էսքան գժերի մեջ սլաքներն էլ կգժվեն: (Դադարից հետո🙂 Խնդրում եմ էլի ասես…

ԱՐԱՄ Ի՞նչը:

ՆՈՒՆԵ Որ գեղեցիկ եմ:

ԱՐԱՄ Ավելի ես գեղեցկացել:

ՆՈՒՆԵ Էլ ինչո՞ւ եմ կասկածում, թե խղճահարությունից է հետս ընկերություն անում…

ԱՐԱՄ Ո՞վ:

ԳՈՌ Հեռու է, ծովի մոտ…

ԱՐԱՄ Ո՞ր   ծովի:

ՆՈՒՆԵ Անունը չգիտեմ… Մեր ծովն է` իմն ու նրանը:

ԱՐԱՄ Անունը պարտադիր է: Ուրիշը իր անունը կդնի ու ծովը կխլի ձեզանից:

ՆՈՒՆԵ Այդ մասին ինչքան եմ ասել… Ալիքների ձայնը չի թողել` լսի:    

ԱՐԱՄ Ուրեմն, հասիր նրան, ու մի հրաշալի անուն գտեք:

ՆՈՒՆԵ Կգնամ, երբ ճանապարհը գտնեմ:

ԳՈՌ Դու էլ չգիտեիր` ուր գնալ: (Ցույց է տալիս կարմիր լույսը🙂 Եթե կարմիր լույսից այն կողմ ես գնալու, իզուր է: Մենք չգտանք, դու էլ չես գտնի:

ԱՐԱՄ Կանաչ լույսին պիտի սպասեիք, կանաչն ուրիշ է, կանաչը տուն է տանում:

ԳՈՌ Տուն ունեցողին տանում է, անտունն ավելի է մոլորվում:

ԱՐԱՄ Իմ տունը չի թաքնվի:

ԳՈՌ Լույսի երկիրն էլ մերն էր… Չերևաց:

ԱՐԱՄ Լույսի երկիրը հեռու է: Իմ տունը ոնց որ իմ մեջ լինի…

ՆՈՒՆԵ Խավարը չի թողնի` ներսդ մի բան տեսնես:

ԱՐԱՄ Տունս լույսի մեջ է, կերևա:

ՆՈՒՆԵ Էլ ինչո՞ւ ես մնացել:

ԱՐԱՄ Սպասում եմ` կարմիրը հանգչի:

ՆՈՒՆԵ Ե՞րբ կհանգչի:

ԱՐԱՄ Երբ որ հանգչի:

ՆՈՒՆԵ Որ չհանգչի՞:

ԱՐԱՄ Մի օր կհանգչի:

ԳՈՌ Սա կսպասի, տասը օր, տասը տարի, տասը կյանք… Կսպասես. չէ՞… 

ԱՐԱՄ Իմ տունն էլ ինձ է սպասում: Շտապելու ի՞նչ ունեմ… Տուն չունեցողն է շտապում: Կարծում է` մեկը տունը կորցրած կլինի, շտապում է, որ տիրոջից առաջ ինքը գտնի: Հիմարները շատացել են: (Դադար, ապա երազկոտ🙂 Չգիտի, որ տունը չի կորում… Չապրես էլ, միևնույն է, մեռնելու համար այնտեղ ես վերադառնալու:

ԳՈՌ Եթե լուսաֆորը չսարքեն…

ԱՐԱՄ Կսարքեն, ի՞նչը չեն սարքում որ… (Դանդաղ գնում է կարմիրի կողմը🙂

ՆՈՒՆԵ Ի՞նչն են սարքում որ… Ոչ մի գիժ չի սարքվել:

ԳՈՌ (անհանգիստ շարժումներ է անում): Փախչո՞ւմ է: Տունը պատրվա՞կ էր… Չի՛ ստացվի: (Կրկին ձևացնում է, իբր հրացանն իջեցնում է ուսից🙂

ՆՈՒՆԵ Մի՛ արա:

ԳՈՌ Բա որ փախչի՞… 

ՆՈՒՆԵ Վատ բան չի արել:

ԳՈՌ Փախչելուց վատ ի՞նչ էր անելու… 

ՆՈՒՆԵ Միևնույն է… Միայն նա տեսավ իմ գեղեցկությունը: Փախչողը չէր տեսնի:

ԳՈՌ Հիմա փախչո՞ւմ, թե՞ տուն է գնում:

ՆՈՒՆԵՔո մասին մտածիր… Որ որսն էլ, որսորդն էլ դու չլինես: 

ԳՈՌ Ինքնասպանության մասին չեմ մտածել:

ՆՈՒՆԵ Նայած խավարն ինչ կհուշի…    

ԱՐԱՄ (վերադառնում է): Լուսաֆորը կապ չունի: Լուսաֆոր չի…

ԳՈՌ Բա ի՞նչը չի թողնում` շարժվես:

ԱՐԱՄ Լուսաֆոր չի, սովորական լամպ է: Դարպասին են ամրացրել ահազանգի   համար… Գժանոցում շատերն են ուզում փախչել:

ՆՈՒՆԵ Դու է՞լ…

ԱՐԱՄ Ես սպասում եմ` կարմիրը հանգչի:

ՆՈՒՆԵ Բա որ լուսաֆոր չի՞…

ԱՐԱՄ Կարմիրը կարմիր է:

ՆՈՒՆԵ Ինչքա՞ն ես սպասելու:

ԱՐԱՄ Մինչև կանաչը վառվի:

ՆՈՒՆԵ Չեղածը չի վառվի:  

ԱՐԱՄ Կվառվի:

ԳՈՌ Ե՞րբ:

ԱՐԱՄ Երբ կարմիրը հանգչի:

ԳՈՌ Ե՞րբ կհանգչի:

ԱՐԱՄ Երբ որ հանգչի:

ՆՈՒՆԵ Վերջացրեք, թենի՞ս է` կհանգչի, չի հանգչի… Կանաչ է, կարմիր է…

ԳՈՌ Չի հանգչի:

ԱՐԱՄ Կհանգչի:

ԳՈՌ Եթե ասես` Լույսի երկիրը որտեղ է…

ԱՐԱՄ Միայն, երբ կարմիրը հանգչի:

ԳՈՌ Կրակոցները… պիտի լսած լինեիր: Խավարը վիրավոր արջի պես տնքում էր…

ԱՐԱՄ Չեմ լսել… Լինեին` ահազանգը կհնչեր:

ՆՈՒՆԵ Ահազանգը մենք էլ չենք լսել: Եթե անցնել ենք, ինչո՞ւ չենք լսել:

ԳՈՌ Բայց անցել ենք, չէ՞…

ՆՈՒՆԵ Գուցե անցնել ենք, գուցե թվացել է, թե անցել ենք: Մեջս լիքը կարմիր լույս է… Վտանգավոր է, չի կարելի: Վախենալու է, երբ ոչինչ չեմ արել…  Հնարավոր է, հիմա էլ չեմ գնացել… Միայն ինչո՞ւ եմ այսքան հոգնել:

ԱՐԱՄԳնացած լինեիք` չէի մտածի, որ ձեր ներկայությունից է կանաչը խռովել:

ԳՈՌ (որ ուշադիր լսում էր, հանկարծ հեռանում է, ապա, ինչոր բան որոշելով, վերադառնում է): Գտա:

ՆՈՒՆԵ Ցույց կտա՞ս:

ԳՈՌ Ամեն ինչ մեր մեջ է: Ո՞նց, եթե մենք ենք խավարի մեջ… Չլինի՞ ժամանակի հիվանդությունն է, որ ինչի մեջ դու ես, այդ  ինչն էլ քո մեջ լինի:

ՆՈՒՆԵ Ցույց չտվեցիր:

ԳՈՌ Մեզանից մեկը պիտի մեռնի:

ԱՐԱՄ Մեզանից չէ, ձեզանից:

ԳՈՌՄեզանից մեկը պիտի մեռնի:

ԱՐԱՄ Մեզանից չէ, ձեզանից… Մեռածին տուն չեն թողնի: Մեռածին, հակառակը, տանից հանում են: 

ԳՈՌ Մեռնողի մեջ խավարն էլ կմեռնի:

ՆՈՒՆԵ Միայն մեռնողի ներսի խավարը…

ԱՐԱՄ Առանց մեզ լույսն ո՞ւմ է պետք…

ՆՈՒՆԵ Առանց մեզ այս շողն էլ չի լինի…

ԳՈՌ Ժամն ասեք:

ԱՐԱՄ 14-ն անց 35:

ՆՈՒՆԵ 6-ն անց 48:

ԳՈՌ Ժամանակը վարակի պես քսվում է մեզ: 

ԱՐԱՄ Մեզ չէ, ձեզ:

ՆՈՒՆԵ Միայն շները նորից չհաչեն:

ԳՈՌ Հաչոցից մտքերս թելի պես խճճվում են…

ՆՈՒՆԵ Որովհետև աքսորված ենք ու մեր աքսորը մեր հիվանդությունն է…

ԳՈՌ Որի բանտվածներին շներն անընդհատ հետապնդում են… 

ԱՐԱՄ Գոնե հիմա կանաչը վառվի…

ԳՈՌ Այլևս չի վառվի… (Նունեին.) Էլի ժամացույցին նայիր:

ՆՈՒՆԵ Քարի պես գլորվում է սարից… 6-ն անց 10:

ԳՈՌ Ինչքա՞ն է փախչելու… Որսը տեղ չպիտի հասնի: (Նորից ձևացնում է, իբր հրացանը իջեցնում է ուսից ու նշան է բռնում🙂

ՆՈՒՆԵ Փամփուշտները շների համար պահիր, գնալով կատաղում են:

ԱՐԱՄ Տագնապի ազդանշանը շարունակում է լռել…

ՆՈՒՆԵ Շատ չի լռի… Ուր որ է` պատերն էլ կհաչեն:

ԳՈՌ (Նունեին): Աչքդ ժամացույցից չկտրես:

ՆՈՒՆԵ 4-ն անց է կես… Սլաքներն ավելի արագ են ետ գնում:

ԳՈՌ Մենք չենք փոխվում:

ԱՐԱՄ Որովհետև գժանոցը ժամանակից դուրս է:

ԳՈՌ Ինչ-որ մեկը գիտի՞, որ դուրս է… 

ԱՐԱՄ Կիմանան, երբ կանաչը վառվի:

ԳՈՌ Խավարը ոնց որ կարմիրից չի վախենում, երևի կարծում է` կարմիրը լույս չի: Լույսի պես է, բայց չի… Քանի որ լույսը չէր արգելի, իսկ կարմիրն ամեն ինչ արգելում է… (Գետնին ինչոր բան է փնտրում🙂 Պիտի շուտ գլխի ընկած լինեի… (Վերջապես քարի կտոր է գտնում🙂

ՆՈՒՆԵ Քարի մեջ արյուն կա:

ԳՈՌ (անսպասելի բարձր ձայնով կիսաերգումկիսաարտասանում է).

                                   Կասչկաս` միևնույն է,

                                   Անգամ խավարն է արհամարհում,

                                   Ժամանակն էլ չգիտի քո անունը,

                                   Չգիտի` ծնվում ես, թե մահանում

ՆՈՒՆԵ Շները ուր որ է, կհարձակվեն` սա երգում է: Շների ատամների փայլն արդեն մաշկիս վրա է: Տղամարդ չե՞ք… Ժամը երեքն է… Հիմա երկուսը կլինի…

ԳՈՌ (քարն առաջ պարզած վազում է կարմիր լույսի կողմը): Էլ չի արգելի, ապրելը չի արգելի, երազի հետևից գնալը չի արգելի… Կջարդեմ, կջարդե՜մ…

ՆՈՒՆԵ (շարունակում է ժամացույցին նայել): Զրո ժամը մոտենում է…

ԳՈՌ (վազելով շպրտում է քարը): Կջարդե՜մ…

Փշրվող ապակու ձայն, որից հետո բեմը թաղվում է խավարի մեջ:

ՆՈՒՆԵ (մյուսները չեն երևում, միայն նրանց ձայնն է լսվում): Էս ի՞նչ   եղավ…

ԱՐԱՄ Մեծ քաոսն սկսվեց:

ԳՈՌ Հետո ի՞նչ է լինելու:

ԱՐԱՄ Ավելի մեծ պայթյուն:

ԳՈՌ Հետո՞…

ԱՐԱՄ Միլիոնավոր, միլիարդավոր տարի հետո, հնարավոր է, ամեն ինչ նորից սկսվի…

ՆՈՒՆԵ Ափսոս, այդքան չենք ապրի…

You may also like...

1 Response

  1. Արտյոմասում է՝

    👍

Թողնել պատասխան Արտյոմ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։