Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / «ՈՐՏԵ՞Ղ ԵՍ, ՈԴԻՍԵ՜ՎՍ»
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՈՐՏԵ՞Ղ ԵՍ, ՈԴԻՍԵ՜ՎՍ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում
ՈՐՏԵ՞Ղ ԵՍ, ՈԴԻՍԵ՜ՎՍ…
Գործող անձինք
ՊԵՆԵԼՈՊԵ
ՈԴԻՍԵՎՍ
ԱՆԹԻԿԼԵ – Ոդիսևսի մայրը
ՀԵՂԻՆԵ
ՏԵԼԵՄԱՔ – Ոդիսևսի և Պենելոպեի որդին
ԿՏԻՄԵՆԵ – Ոդիսևսի քույրը
ՊԻՐԵՎՈՍ – Տելեմաքի ընկերը
ԷՎՐԻՆՈՄԵ – Պենելոպեի մտերիմ ստրկուհին
ՄԵԼԱՆԹԻՆ – Պենելոպեի ստրկուհին
ԴԱՅԱԿ – Պենելոպեի դայակը
ԷԼԱՐՈՍ – Պենելոպեի փեսացուներից մեկը
ԿԱՌԱՎԱՐԻՉ
ԶՈՐԱՊԵՏ
ԱՌԱՋԻՆ ՆԱԺԻՇՏ
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԺԻՇՏ
ԵՐՐՈՐԴ ՆԱԺԻՇՏ
ՏԵՍԱՐԱՆ 1
Բեմի խավար լռությունը պայթում է ճիչ—աղմուկից: Ջահերի այս ու այն կողմ նետվող բոցեր, պատեպատ խփվող ստվերներ: Խուճապ ու սարսափ: Մութ ստվերների ու ջահերի բոցերի միջից դուրս է պրծնում Պենելոպեն` ճերմակ, երկար գիշերազգեստով, հերարձակ… կատաղած:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ո՞ւր է… ով է՞… գտեք այդ շանը, անշնորհակալ քածին… շո՛ւտ, ո՞ւմ եմ ասում… հենց հիմա գտեք ու բերեք այստեղ, գցեք ոտքերս տակ… Ես պիտի տեսնեմ նրա անամոթ, սարսափից դուրս պրծած աչքերը, բերանը, որի ատամների ցանկապատից դուրս եկան այդ բառերը…
Ստրկուհիներից մեկի ձեռքից խլելով ջահը` նրա լույսով հերթով զննում է կարկամած, սարսափահար հավաքվածներին:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ես պիտի իմանամ` ով է մատնիչը… մատնիչ քածը: (Ջահը մոտեցնելով առաջին ստրկուհուն): Դո՞ւ… նայիր աչքերիս, դե՞… (Զննելուց հետո): Ի՞նչ ես անամոթ աչքերդ չռել… հա՜, դու մանր ստորության ընդունակ ես, բայց… ո՛չ ավելի: (Ջահն այնքան է մոտեցնում, ուր որ է` ստրկուհու դեմքը կբռնկվի): Հեշտ պրծար: Կորի՛ր աչքիցս…
Կտրուկ շրջվում` ջահը մոտեցնում է երկրորդին` կառավարիչն է:
ՊԵՆԵԼՈՊԵ — Բա ասում ես` աչքիցդ բան չի՞ վրիպում: Անունդ կառավարի՜չ է… աչքիդ առաջ այս լրբերը փեշերն են բաց թողել, հերիք չէ, բերանի կապերն էլ հետն են կորցրել… (Տեսնելով, որ նա ուզում է հակաճառել, ճչում է): Բերա՛նդ… գոնե դո՛ւ բերանդ փակի տակ պահիր: (Անսպասելի հանգիստ): Եթե, իհարկե, ասելիք չունես: Իսկ դու ասելու բան չունես, դու նույնիսկ չգիտես, թե ինչի համար է այս իրարանցումը: Թեև… առաջինը դո՛ւ պիտի իմանայիր: (Երկուսի լուռ մենամարտ` հայացքներով): Ա՜յ, էդպես լեզուդ կուլ կտաս… թե չէ պատերի տակ ես ճամարտակում մառանապետի հետ, Ոդիսևսի բացակայության օրերն ես հաշվում: (Արհամարհանքով): Չքվի՛ր… (Սենեկապանը վրդովմունքից դողալով գնում է կուլիսները): Միևնույն է, քեզնից օգուտ չկա:
ՍԵՆԵԿԱՊԱՆ — (քթի տակ, բայց` լսելի): Ոչ ավելի, քան Ոդիսևսի տունն ապականած խուժանից: (Դուրս է գնում):
ՊԵՆԵԼՈՊԵ — (չլսելու տալով): Ոդիսևսի տունն ապականած խուժանի ականջին է հասել, որ նրանց խաբում եմ` քթներից բռնած: Հասցնողն էլ ձեզնից մեկն է: Եվ ո՞վ է այդ մեկը…
Նրա ջահը լուսավորում է Մելանթինին:
ՊԵՆԵԼՈՊԵ – Մելանթի՜ն… դու ամեն ինչին տեղյակ ես, այդպես չէ՞:
ՄԵԼԱՆԹԻՆ — Որ տեղյակ եմ` ի՞նչ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ուրեմն` էս մեկն էլ գիտես: Լսում եմ քեզ:
ՄԵԼԱՆԹԻՆ – Խի՜ստ կասկածում եմ, որ ասելիքս քո սպասածն է:
ՊԵՆԵԼՈՊԵ — (քմծիծաղով): Ուրեմն, մի նոր բամբասա՞նք…
ՄԵԼԱՆԹԻՆ — Իրականությո՛ւն…
ՊԵՆԵԼՈՊԵ – …Որը ծնել են Իթակեի պարապ կնանիք, իսկ դու դրել ես շրջանառության մեջ… հերթական անգամ:
ՄԵԼԱՆԹԻՆ — Չկռահեցիր, էս մի հարցում` չկամ: (Խաղացկուն): Իսկ ասելիքս սա է… (Իր իսկ պատմածից հաճույք ստանալով): Ուրեմն` այսպես. անցած կիրակի, շուկայում, տաճարի քրմերից մեկը ձեթավաճառին ասել է, թե աստվածները շա՜տ խիստ են զայրացած Ոդիսևսի վրա ու դրա համար թույլ չեն տալիս, որ նա տուն վերադառնա:
ՊԵՆԵԼՈՊԵ — (արհամարհանքով): Նորությո՜ւն ասացիր… Հենց այդպես էլ կա՛:
ՄԵԼԱՆԹԻՆ — (անկարող` թաքցնել չարախնդությունը): Ըհը… աստվածները էլ բա՜ն ու գործ չունեն` օրերով նստած գլուխ են ջարդում` է՞լ ինչ հորինեն, որ գլխապատառ տուն շտապող մարդուդ դեմ ինտրիգներ հյուսեն… (Արհամարհանքով): Թե քրմերը որտեղից են դա իմացել` իրենց գործն է, բայց անձամբ ես խի՜ստ կասկածներ ունեմ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ու դու ամենահարմար պահ գտար` կասկածիդ մասին ասելու համար:
ՄԵԼԱՆԹԻՆ — (կռվարար): Է, չհարցնեի՛ր…
ՊԵՆԵԼՈՊԵ — Դու շատ լավ գիտես` իմ հարցը որն է:
ՄԵԼԱՆԹԻՆ — (երկիմաստ): Դա միակ հարցն է, որի պատասխանը չգիտեմ: Ինչը նշանակում է, որ այստեղ գտնվողներից և ո՛չ մեկը չի կարող իմանալ… Քեզնից բացի, իհարկե:
ՊԵՆԵԼՈՊԵ — (հասկանալով որ շարունակելը վտանգավոր է, այդ իսկ պատճառով էլ` իբր զայրացած): Փակի՛ր բերանդ ու չքվիր այստեղից, քանի կողերդ մտրակ չեն կերել:
ՄԵԼԱՆԹԻՆ — (ավելի երկիմաստ): Գնահատեցի մեծահոգությունդ, թեև լավ գիտեմ, որ այն պայմանավորված է միայն ու միայն իմ… իմացությամբ: (Բազմանշանակ ժպիտով լուծվում է խավարում):
Պենելոպեն մի պահ չգիտե` ինչպես հարթեցնի վիճակը: Բայց արագ կողմնորոշվում է, վերստանում կատաղած ֆուրիայի կերպարանքն ու ջահը շրջում` գտնելու հերթական զոհին: Լուսավորվում է ջահել ստրկուհու դեմքը:
ՊԵՆԵԼՈՊԵ — (մեղմ, համարյա մայրաբար): Դու է՞լ ես այստեղ, փոքրիկս: Փաստորեն, տանը քնած մարդ չկա՛: Եթե նույնիսկ դու ես արթնացել ու քնահարամ վազել-հասել ես Տիրուհուդ ձայնի՜ն… (Մտերմաբար): Շա՞տ լաչառ էի գոռում, ճիշտն ասա… (Աղջիկը չգիտի` ինչպես իրեն պահի): Այդքան վախեցա՞ր… (Ձեռքը երկարելով): Մոտ արի, մի վախենա… Գիտե՞ս` ո՛վ է ձեր միջի խաբարբզիկը: Միայն չխաբե՜ս, ձեռքիս տակ ես մեծացել… ես գիտեմ, որ սուտ խոսելիս ականջներդ կարմրում են… Դե՞, գիտե՞ս… (Սպասուհին վստահ բացասաբար օրորում է գլուխը): Ուրեմն` չգիտես: (Իբր համակերպված): Ոչինչ, այդպես էլ է պատահում, քնել ես քո անկողնում, ոչնչից տեղյակ չես… (Իրեն է մոտեցնում աղջկան, հոտոտում է դեմքը, մազերը, անսպասելի չարությամբ ճանկում է նրա ականջը): Ասում ես` քո անկողնո՞ւց ես դուրս եկել… անառա՛կ, մազերիցդ անգամ էդ լողլող որձի հոտն է բուրում: (Քաշում է նրա ականջը, հետո ջահը մոտեցնում, զննում է ականջը): Տես, է՛, ականջդ քաշելուց չի կարմրում: Անառակությունից` նույնպես: Միայն սուտ խոսելուց… ի՜նչ բարոյական ականջներ ունես… (Այն է, ապտակելու է աղջկան` մթան միջից մի ձեռք բռնում է նրա դաստակը):
ԱՆԹԻԿԼԵ — (հանգիստ, անխռով ձայնով): Ի՞նչ ես լրբացել:
Պենելոպեն շրջվում, ջահը այն է` մոտեցնելու է խոսողի դեմքին` Անթիկլեն նրա ձեռքից խլում է ջահն ու ինքն է ջահն ուղղում հարսի դեմքին:
ԱՆԹԻԿԼԵ — Գիտե՞ս՝ գիշերվա ո՛ր ժամն է:
ՊԵՆԵԼՈՊԵ — Գիտե՛ս, որ ժամերի, հատկապես գիշերվա ժամերի հաշիվը կորցրել եմ:
ԱՆԹԻԿԼԵ — Բերանիդ կապանքն էլ վաղուց ես կորցրել:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչո՞ւ չես ասում, որ քո՜ւնս եմ կորցրել: (Անթիկլեն մոտեցնում է ջահը: Հիստերիկ): Հեռո՛ւ տար:
ԱՆԹԻԿԼԵ — (ջահն ավելի մոտեցնելով, տիրական): Այս ի՞նչ է տեսքդ: Դու մոռանում ես, որ Ոդիսևսի կինն ես: Առա՛յժմ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ես չեմ մոռացել, որ Ոդիսևսն իմ ամուսինն է: Առա՛յժմ:
Պենելոպեն տիրական պարզում է ձեռքը: Ստրկուհին նրա ձեռքի մեջ է դնում ոսկե հերակալը: Պենելոպեն մազերն ագուցում է, հերակալով ամրացնում: Նորից է պարզում ձեռքը: Մյուս ստրկուհին դաստակին է ամրացնում ոսկե բազկակալը: Երկու ստրկուհի ոսկեկար թիկնոցը գցում են նրա ուսերին: Այդ ընթացքում հարս ու սկեսուր անթարթ հայացքներով մենամարտում են: Վերստանալով տիրական տեսքը` Պենելոպեն թեթև, բայց հպարտ խոնարհվում է կեսրոջը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Բայց շարունակում եմ հիշել, որ իմ դիմաց կանգնած է Ոդիսևսի մայրը:
ԱՆԹԻԿԼԵ — Կամ Պենելոպեի սկեսուրը: (Լարված դադարից հետո, սովորական ձայնով): Բա՞ն է պատահել:
ՊԵՆԵԼՈՊԵ — (հայացքը սկեսուրից չկտրելով): Զորապե՛տ:
Մթան միջից հայտնվում է Զորապետը:
ՊԵՆԵԼՈՊԵ — (գլխի շարժումով ցույց տալով ստրկուհիներին): Տար սրանց ու մինչև արևածագ մոտս կբերես բերանբացին:
Բեմը դատարկվում է: Մնում են երկուսով:
ՊԵՆԵԼՈՊԵ — (սովորական տոնով): Ոդիսևսի տանը դավաճան կա:
ԱՆԹԻԿԼԵ – Դավաճա՜ն… Դավաճան վաղուց կար, ու նրա անունը վաղուց է հայտնի: (Հայացքով ստիպում է, որ Պենելոպեն հայացքը մի պահ խոնարհի): Ասա «լրտես», որովհետև եղած-չեղածը ոչնչություն է՝ ստրկուհի, արածն էլ ի՞նչ է՝ բերանբացություն: Բայց մեղավորը նա չէ: (Այլևս չկարողանալով թաքցնել արհամարհանքը): Ստրուկն ի՞նչ է՝ կառավարել չես կարող… իսկ երբ Ոդիսևսի կինն էիր դառնում, չգիտեի՞ր, որ նա ստրուկից գոնե մի՜ քիչ ավելի անկառավարելի է:
ՊԵՆԵԼՈՊԵ — (անխռով): Իմ տան մեջ ո՛չ մեկին թույլ չեմ տա վիրավորել ամուսնուս:
ԱՆԹԻԿԼԵ — Դրա համա՞ր ես ամուսնուդ տունը լցրել ահել ու ջահել որձերով:
ՊԵՆԵԼՈՊԵ — Գիտես, որ բացատրություն չեմ տա: Դու պիտի համակերպվես, որ տղադ հրաժարվել է մեզնից, նաև քեզնի՛ց… Իսկ հարսդ մտածում է նոր ամուսնության մասին:
Լսվում է կանացի լաց, վայնասուն` հարցաքննում են:
ԱՆԹԻԿԼԵ — Անիծվե՛ր օրը, երբ ոտք դրիր տունս:
ՊԵՆԵԼՈՊԵ — Մի շտապիր անիծել… դեռ կհասցնես:
ԱՆԹԻԿԼԵ — Որդիդ է մեծացել, նրան հարսնացու փնտրիր, անամո՛թ… (Անզոր ցասումով): Աստվածնե՜ր, մի՞թե չեք տեսնում, թե ինչ է կատարվում Լաերտի և Անթիկլեի տանը, մի՞թե մենք ջերմեռանդ չենք երկրպագել ձեզ, զոհերի արյունը չենք հեղել ձեր զոհասեղանին… Ինչպե՞ս եք հանդուրժում, որ ամեն քայլափոխի վավաշոտ մեկը լկտի ծիծաղով ճամփաս կտրի` որդուս անկողնուն տիրանալու հույսով:
ՊԵՆԵԼՈՊԵ — (շինժու հորանջը իբր զսպելով): Աստվածներին հանգիստ թող, այս ժամին քնած են, դժվար թե լսեն… Ինձ էլ մի ստիպիր, որ ասեմ բաներ, որոնք ասելու իրավունք չունեմ… (Աղերսանքով): Այսքան տարի դիմացել ես՝ մի քիչ էլ համբերիր:
ԱՆԹԻԿԼԵ — Եթե այդքան կին չես, որ ամուսնուդ տուն բերես՝ թաքնվիր մարդկանց աչքերից ու սատկիր անտեր շան պես…
ՊԵՆԵԼՈՊԵ — Մայր, խնդրում եմ…
ԱՆԹԻԿԼԵ — Չհամարձակվե՛ս… Ցերեկը շորորում ես փեսացուներիդ դեմ, իսկ տարաժամին ինձ մա՞յր ես ասում: Պապանձվի՛ր, եթե ոչ ընդմիշտ, գոնե այս պահին:
Լացուկոծի աղմուկն ուժգնանում է: Գալիս է Զորապետը:
ԶՈՐԱՊԵՏ — Բոլորին մտրակածեծ արինք: Մի քանիսը չդիմացան, ուշաթափվեցին… Բայց խոստովանող չեղավ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Բոլորի՞ն հարցաքննեցիր:
ԶՈՐԱՊԵՏ — Էվրինոմեից բացի: Նրան դուք եք գյուղ թողել` մահամերձ մորը վերջին հրաժեշտը տալու:
ԱՆԹԻԿԼԵ — Գուցե վերջապես բացատրե՞ք, թե ինչ է կատարվում էս… անտերանոցում:
Զորապետը զարմացած նայում է Պենելոպեին` մի՞թե Անթիկլեն տեղյակ չէ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (Զորապետին): Հա, անտեղյակ է: Լաերտն` առավել: Չէի ուզում նրանց խառնել այս ամենին: Արդեն կարող ես ասել:
ԶՈՐԱՊԵՏ — (մորը): Տիրուհի, գիտեք, որ Պենելոպեն սավան է գործում…
ԱՆԹԻԿԼԵ — (խեղդուկ ճիչով): Մահվա՛ն սավան: (Պենելոպեին.) Եվս մի անպատվություն, որին դիմեցիր` ամուսնուդ մուռը մեզնից հանելու համար: Ո՞վ է տեսել` ողջ-առողջ կեսրարի համար հարսը պատանք գործի: Որ ասում եմ՝ անիծված լինե՞ս…
ՊԵՆԵԼՈՊԵ — (ոչ մեկին չդիմելով): Ինձ ուղեկցել պետք չէ: (Խոնարհվելով): Բարի գիշեր, մայր: (Գնում է):
ԱՆԹԻԿԼԵ — (հայացքով նրան հետևելով՝ զորապետին): Հիշո՞ւմ ես, ի՜նչ աղջիկ էր, երբ տունս մտավ՝ բացսիրտ, մաքուր հայացքով, դեմքին՝ զվարթ ծիծաղ: Իսկ հիմա… սովորել է վիրավորել: Մա՜յր… Կարծես ինքը մայր չէ:
ԶՈՐԱՊԵՏ — (հանդիմանանքով): Ինձնից լավ գիտես, այդ սավանը գործում էր…
ԱՆԹԻԿԼԵ — Որ այդ ընթացքում լա՜վ տնտղեր թեկնածուներին՝ մինչև լավագույն որձին ընտրելը:
ԶՈՐԱՊԵՏ — (անվրդով): Ցերեկը գործում էր, գիշերը` քանդում…
ԱՆԹԻԿԼԵ — Այսի՞նքն…
ԶՈՐԱՊԵՏ — (նեղ է զգում` իրեն վայել չէ այդպիսի նրբություններին անդրադառնալը): Դե… փեսացուները չորրորդ տարին է՝ սպասում են, իսկ սավանի վերջը չի երևում:
ԱՆԹԻԿԼԵ — (ավելի շատ` չարության իներցիայով): Ես էլ մտածում էի՝ այնքան ապաշնորհ է, որ թելը թելին հազիվ է կապում:
ԶՈՐԱՊԵՏ — (հանդիմանանքով): Նա ոսկե ձեռքեր ունի:
ԱՆԹԻԿԼԵ — (խուզարկու նայելով): Մտքիդ մեջ քեզ է՞լ ես փեսացու տեսնում:
ԶՈՐԱՊԵՏ — Ինչո՞ւ արժանացա քո կասկածանքին:
ԱՆԹԻԿԼԵ — Տեր չունեցողին ով ասես՝ կչանթի, ինչ ասես՝ կկպնի ու պոկ չի գա:
ԶՈՐԱՊԵՏ — Ճերմակ մազերս գոնե հարգեիր…
ԱՆԹԻԿԼԵ — Էլ ոչ մեկին ու ոչինչ չեմ հարգում: Տո՜ւնս է քանդվում: Որդիս՝ թափառական, թոռս՝ անհայր, հարսս՝ լքված, ամուսինս՝ աշխարհից խռոված… Իսկ ես անզորությունից էնքան եմ չարացել, որ մաղձիս մեջ չխեղդվելու համար ծովում եմ խեղդվելու: (Փլվում է միջի երկաթը՝ տառապած կին է): Մեր տան բոլոր գաղտնիքների տերն ես, ասա՛, երբևէ այս պատերը եղե՞լ են այսպես անպատվված: (Տապալվում է գետնին):
ԶՈՐԱՊԵՏ — (մոտենում է բարձրացնելու, բայց կեսճամփա՝ կանգնում է մոր տիրական շարժումից՝ չմոտենա՛ս): Դու իրավունք չունես… չպիտի խեղճանաս: Մի մոռանա, Ոդիսևսը որդիդ է, Պենելոպեն…
ԱՆԹԻԿԼԵ — (դժվարությամբ ոտքի կանգնելով): Անունը չտա՛ս… Ստոր խորամանկ, կեղծավոր, լրբենի… Քեզ նմաններին կարող է խաբել՝ իբր, ժամանակ է շահում, ամուսնո՜ւն է սպասում: Բայց ո՞վ ստիպեց, որ իրեն հարսնացու հայտարարի, ցեղական ցլերով տունս աղտոտի: Լռի՜ր… և օգնիր` հասնեմ սենյակս: Տարիներով քաղաք դուրս չեմ եկել, ամիսներով փակված եմ չորս պատերիս մեջ: Ինքս իմ մեջ թաքնվելու ժամն է եկել: (Հենվելով Զորապետի թևին՝ դուրս է գնում):
ՏԵՍԱՐԱՆ 2
Հաջորդ առավոտ: Պենելոպեի սենյակը: Անկյունում դազգահն է` անավարտ սավանով: Ներս է մտնում Պենելոպեն` շրջապատված երեք նաժիշտներով: Նստում է գահավորակին: Մեկը ոտքերի տակ աթոռակն է դնում, մյուսը մեկնում է օշարակով լի արծաթե գավաթը: Երրորդը սպասողական նայում է տիրուհուն:
ՊԵՆԵԼՈՊԵ — (երրորդ նաժիշտին` կումերի արանքում): Սավանը հանիր դազգահի վրայից… ծալիր: (Երկրորդին.) Այստեղ բեր: (Երկրորդ նաժիշտը բերում է արծաթե սկուտեղը): Դիր վրան: (Նա ծալված սավանը դնում է սկուտեղին: Երրորդ նաժիշտին.) Հեռո՛ւ տար աչքիցս… (Նա դազգահը դուրս է տանում ու վերադառնում: Առաջինի նաժիշտին.) Կանչիր կառավարիչին:
Առաջին նաժիշտ — Նա վաղուց սպասում է ձեր հրամանին:
ՊԵՆԵԼՈՊԵ — Թող ներս գա:
Նաժիշտը գնում ու վերադառնում է կառավարչի հետ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (երկրորդ նաժիշտին): Տուր:
Երկրորդ նաժիշտը սկուտեղը մեկնում է կառավարիչին:
Պենելոպեն հայացքով հրամայում է, նաժիշտները դուրս են գնում:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — (սպասելով` մինչև նրանք կգնան): Դու գիտես, որ լրտեսը նրանց մեջ չէ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Իսկ իմ գաղտնիքը հայտնի դարձավ ինքնահավան ապուշներին:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — (անկարող` թաքցնել բարեհոգի քմծիծաղը): Ո՞նց կարողացար դրանց այդպես խաբել ու… այդքան երկար:
ՊԵՆԵԼՈՊԵ — (բարեհոգի ծիծաղով): Որովհետև ուզո՛ւմ էին խաբվել: Ուզածների չափ ուտում-խմում են, անգործ-անբան քանի տարի է` վեր են ընկած` հերիք չէ, իրենց էլ համարում են Ոդիսևսին` մրցակից, Պենելոպեին` արժանի… Եթե մեկին ընտրեի` մյուսները խաղից դուրս կհայտնվեին, չէ՞:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — Լավ, բայց Անթիկլե՞ն ինչու խաբնվեց:
ՊԵՆԵԼՈՊԵ — (չոր): Նրան էլ պակաս ձեռնտու չէր: Հարգարժան սկեսուրս վերջապես կարող էր բարձրաձայն ասել, ինչ մտածում էր իմ մասին: Նա հենց սկզբից ինձ չսիրեց… (Դառը քմծիծաղով): Չէ մի` սիրել… Ատե՛ց: Հետաքրքիր է, երբևէ կլինի՞ մի սկեսուր, ով հարսին արժանի կհամարի սիրասուն բալիկին: (Չթողնելով, որ կառավարիչը պատասխանի): Չի՛ լինի: Որովհետև նույնիսկ ես արդե՛ն տանել չեմ կարող այն անծանոթ աղջկան, ով մի օր Տելեմաքիս կինը պիտի դառնա: (Կծու): Ինչո՞ւ կեսրարիս անունը չես տալիս: Դու է՞լ ես համարում, որ այս տանը Լաերտի լինել-չլինելը ոչինչ չի նշանակում:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — Այս տանը նա միակն է, ով հասկանում է բոլորին անխտիր` ստրուկից մինչև…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ի՛նձ:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — Դրա համար էլ նրա կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում:
ՊԵՆԵԼՈՊԵ — Հա, կեսրարս միակն է, որ չի մեղադրում ինձ… որովհետև որդուն լա՜վ է ճանաչում: Ասենք, ջահել ժամանակ ինքն էլ պակաս անառակը չի եղել: (Էլի չթողնելով, որ կառավարիչը պատասխանի): Չես հարցնում` սկուտեղի վրա ինչ է:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — (քթի տակ ժպտալով): Դժբախտ կեսրարիդ անավարտ պատանքը: Նույնիսկ էս հարցում բախտը չբերեց: (Հանդիմանանքով): Հանձնեմ իրե՞ն:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչ էլ մտածեք` ես հարգում եմ նրան: Առնվազն` լռության համար: Իսկ դա կտանես, կդնես փեսացուներիս դեմն ու կասես. «Պենելոպեն արել է իր ընտրությունը: Բայց այդ մասին կասի` երբ ժամը գա»:
Կառավարիչն ուղղվում է դեպի դուռը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ասածս մեկնաբանել չե՞ս ուզում:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — (կեսճամփա շրջվում է): Երբ առաջին անգամ ոտք դրեցիր շեմին` այս տան պատերը տաքացան: Մեծ, լայն բացված աչքերով նայում ու ժպտում էիր, ու ես հանգիստ շունչ քաշեցի: Նենգ ու խորամանկ Ոդիսևսը…
ՊԵՆԵԼՈՊԵ — (բարի ժպիտով): Աստվածների ասա՞ծն ես կրկնում…
ԿԱՌԱՎԱՐԻՉ — (չոր): Իմացա՛ծս եմ ասում: Նենգ ու խորամանկ Ոդիսևսը գտավ միակ կնոջը, ում մտքերը լույսի պես պարզ ու բաց էին:
ՊԵՆԵԼՈՊԵ — (կոտրված): Վաղուց հայելուն չեմ նայում:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — Ճիշտ ես անում: Նրա բացակայությունը քեզ սովորեցրեց մտքերդ թաքցնել:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչքան էլ թաքցնեմ, անելիքդ գիտես:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — (խորամանկ ժպիտով): Բա ո՜նց… Հենց հիմա ամենաժիր սուրհանդակին կուղարկեմ` ուր հարկն է: Ու Ոդիսևսը նույնպես կիմանա, որ ընտրությունդ արդեն արել ես… (Բազմանշանակ նայում, դուրս է գնում):
ՊԵՆԵԼՈՊԵ — (ծիծաղելով` նրա թիկունքին): Ծեր ավազակ… (Զանգը տալիս է: Մտնում է նաժիշտը): Ոչ ոք ներս չգա:
ՆԱԺԻՇՏ — Իսկ Տելեմա՞քը…
ՊԵՆԵԼՈՊԵ — Առաջին հերթին` նա:
Նաժիշտի դուրս գալուն պես Պենելոպեն աղջկական թեթևությամբ բարձրանում է տեղից, մոտենում է դռանը, համենայնդեպս ստուգում` դուռը լա՞վ է փակված, հետո արագ մոտենում է կերպասե վարագույրով փակված գաղտնի դռանն ու բացում: Այնտեղից դուրս է թռչում Էվրինոմեն:
ԷՎՐԻՆՈՄԵ — (փռշտալով): Ֆո՛ւհ… Արդեն մտածում էի, որ մոռացել ես իմ մասին: Հեռատեսությանդ շնորհիվ սովից ու ծարավից չմեռա, բայց… (փռշտում է) հո փոշի չէ՜ր…
ՊԵՆԵԼՈՊԵ — (զգացվում է, որ աղջիկը միայն սպասուհի չէ, այլ հավատարիմ ընկերուհի): Խոհանոցից ուտելիք գողանալ ու չբռնվել` կարող եմ, բայց չէի կարող աղախնուն հրամայել, որ գաղտնարանի փոշին մաքրեր: (Էվրինոմեն շատ բարձր է փռշտում): Կամա՛ց… չլսեն: Դու հիմա գյուղում ես` մահամերձ մորդ սնարի մոտ անմխիթար նստած: (Էվրինոմեն փռշտում է, բայց` ափերի մեջ): Կփռշտաս, բա ո՜նց… Իսկ որ քո խաբարբզիկության պատճառով ընկերուհիներդ մի լավ քոթակ կերան…
ԷՎՐԻՆՈՄԵ — Սարսափելի էր… Նույնիսկ հաստ պատերի միջից ինձ էր հասնում նրանց լացը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Բայց եթե հանկարծ բերանիցդ բառ թռցնես` նրանց ծեծը քոնի դիմաց գուրգուրանք կլինի: (Տեսնելով աղջկա վախը): Զգուշացնելը չէր խանգարի: (Գոհունակ): Հանձնարարությունս լավ կատարեցիր:
ԷՎՐԻՆՈՄԵ — Ես ջանք չխնայեցի` աստվածներն են վկա: (Ընթացքում ոգևորվելով): Ինչպես սովորեցրել էիր… (Ասածը ցուցադրում է): Շորորալով, միամիտ մոտեցա փեսացուներիդ: Փռվել էին հյուրասրահում, ով` որտեղ: Մեկը լափում էր, մյուսը` լակում, ում վրա մի քիչ հալ էր մնացել` աղջիկներին էր լափլփում… (Տոնը փոխելով, մտածկոտ): Նկատե՞լ ես, ոնց են դրանք փոխվել: (Վերհիշելով, մի քիչ երազկոտ): Որ առաջին օրը եկան պալատ` ի՜նչ ապրանք էին` ձիգ, մկանուտ մարմին, ամուր, մարզված ոտք ու ձեռք, բա ուսե՜րը… ըհը՛… ճարպի ոչ մի հետք… (Ձեռքերը տանելով ազդրերին): Բա մնացա՜ծը, հո տեսարան չէ՞ր… (Պենելոպեի հայացքից ազդված): Ինչ ասի՞ որ… (Շփացած երեխայի նման): Նրանց հարկաբաժինը չես մտնում, նրանց չես տեսնում ու չգիտես, թե հիմա ինչի են վերածվել: Փորները` ըհը՛, վզները` ըհը՛, օրերով վեր ընկած` ի՜նչ մարզանք, ի՜նչ բան, ոտք ու ձեռքն էլ ճլուզացել, բարակել են: Էսպես որ գնա` ոչ մի բանի պետք չեն գա:
ՊԵՆԵԼՈՊԵ — (չթաքցնելով գոհունակությունը, բայց պիտի զգացվի, որ այդ մասին ինքն ավելի լավ է տեղեկացված): Ասում ես` ցեղական ցուլերը վերածվել են կռտած խոզերի՞:
ԷՎՐԻՆՈՄԵ — (խորամանկ ժպիտով): Բայց դա՞ չէ ուզածդ: (Նրա հայացքից` վախվորած): Ես բա՜ն էլ չասի: (Շուտասելուկով): Ուրեմն, մոտեցա նրանցից ամենակատաղածին` Անթինովին, նստեցի կողքը, գինի լցրեցի, ձեռի հետ էլ քսմսվում եմ… սկսեցի մերսել ուսերը… (մտածկոտ) նախկին անգամվա վրա շա՜տ է թուլացել… (Պենելոպեի հայացքից սթափվելով): Ինչ ասի՞ որ… Վերջը, լա՜վ որ տաքացավ` ականջին կամաց փսփսացի. «Պենելոպեն բոլորիդ ապուշի տեղ է դրել: Ցերեկը սավանը գործում է, գիշերը քանդում է: Ցերեկը գործում է, գիշերը` քանդում: Ցերեկը գործում է, գիշերը` քանդում: Ցերեկը գործում է…»
ՊԵՆԵԼՈՊԵ — (համբերությունը հատած` թեթև բամփում է գլխին): Հետո՞:
ԷՎՐԻՆՈՄԵ — (շփելով ցաված տեղը): Նա էլ բամփեց: Բայց ավելի ուժեղ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ու շատ ճի՛շտ արեց: Դու հետոն ասա…
ԷՎՐԻՆՈՄԵ – Ո՜նց կատաղեցին… հո չե՞ն գոռգոռում, սրերն են ճոճում… այնպես վախեցա, այնպես վախեցա` չհասկացա` ոնց փախա ու հայտնվեցի թաքստոցում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (շոյելով նրա գլուխը): Հիմա նորից կթաքնվես, իսկ գիշերը գյուղ կգնաս` ձիթապտուղը հասել է, մորդ օգնելու: Մի շաբաթից կվերադառնաս: Դե, շտապիր, թե չէ, մեկ էլ տեսար` Մելանթինը գլխի կընկնի:
ԷՎՐԻՆՈՄ — Չորացած ջադո՛ւն… ամե՛ն ինչ գիտե: Բայց այս անգամ ե՛ս խաբեցի նրան: (Փռշտալով): Որ իմ արածը քեզ շատ էր պետք` հասկացա աղջիկների ողբ ու կականից, իսկ իմ օգո՞ւտը… Անթինովի բամփոցն ու փոշոտ սենյա՞կն է:
ՊԵՆԵԼՈՊԵ — Համատարած ծեծին չմասնակցելը:
Աղջիկը թաքնվում է: Պենելոպեն քաշում է վարագույրը, նստում, հնչեցնում է զանգը: Մտնում է նաժիշտը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Կանչիր Տելեմաքին:
Մինչև որդու գալը պիտի զգացվի` որքան է վախենում այդ հանդիպումից: Բայց հենց մտնում է Տելեմաքը` նրա դեմքը անթափանց դիմակ է դառնում: Տելեմաքը մոտենում է, բայց չի բարևում ու չի խոնարհվում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (ցույց չտալով վիրավորանքը): Աչքերդ հոգնած են… գիշերը չե՞ս քնել:
ՏԵԼԵՄԱՔ — Էն էլ ո՜նց… նույնիսկ երազ եմ տեսել: Պատմե՞մ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (հապշտապ): Պետք չէ: (Անկարող` թաքցնել վիրավորանքը): Գիտեմ` տեսածդ ինչ է:
ՏԵԼԵՄԱՔ — Հենց նոր էլ երազիս շարունակությունը տեսա` պապի համար նախատեսված մահվան պատանքը առաջին գիշերվա սավանի տեղ դրած` վրան թավալվում էին փեսացուներդ ու լկտի հռհռում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (դադարից հետո): Հո՞րդ ես ավելի ատում, թե՞ ինձ` արհամարհում:
ՏԵԼԵՄԱՔ — Հորս չեմ տեսել, բայց նրա մասին այնքան եմ լսել… Աչքս բացել` քեզ եմ տեսել, բայց քո մասին ոչինչ չեմ լսել:
ՊԵՆԵԼՈՊԵ — Խնայո՞ւմ ես ինձ, թե՞ տատիդ ասածը բանի տեղ չես դնում:
ՏԵԼԵՄԱՔ — Տատի պատմածը ի՞նչ պիտի լինի աչքս տեսածի համեմատ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (կարողանում է իրեն ստիպել` ասելու): Դրա համար էլ պիտի գնաս:
ՏԵԼԵՄԱՔ — Ո՞ւր…
ՊԵՆԵԼՈՊԵ — Հեռու:
ՏԵԼԵՄԱՔ — Դո՞ւրս ես անում հայրական տնից:
ՊԵՆԵԼՈՊԵ — Դու պիտի գնա՛ս:
ՏԵԼԵՄԱՔ — Այդքան խանգարո՞ւմ եմ ամուսնությանդ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Չե՞ս ուզում գտնել հորդ:
ՏԵԼԵՄԱՔ — (լկտի զարմանքով): Ո՞ւմ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Տրոյական պատերազմի հերոս Ոդիսևսին: Մեղավո՞ր եմ, որ նա՛ է քո հայրը:
ՏԵԼԵՄԱՔ — Քո մեղավորության չափի մասին կարծիքս վաղուց եմ ճշտել:
ՊԵՆԵԼՈՊԵ — Բայց չե՛ս համարձակվի այդ մասին ասել:
ՏԵԼԵՄԱՔ — Այդ մասին բոլորն են ասում` պալատում ու քաղաքում, բայց դու թքած ունես բոլորի վրա: Դու իմ ասածից ես միայն վախենում:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ու չեմ ամաչում դա խոստովանել:
Լռություն:
ՏԵԼԵՄԱՔ — Ինչո՞ւ պիտի փնտրեմ մեկին, ում համար գոյություն չունեմ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Իրերդ կապել եմ արդեն: Հարցդ ուշացած է:
ՏԵԼԵՄԱՔ — Տասը տարի կռվեց տրոյացիների դեմ` հասկացանք: Դրանից հետո այսքան տարի ո՞ւմ դեմ է կռվում:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ճիշտ է, դեմքիդ մազ է հայտնվել, մորուքդ էլ արդեն երևում է, բայց քեզ մենակ ճամփա թողնել չեմ կարող: Ընկերդ` հավատարիմ Պիրևոսը քեզ կուղեկցի:
ՏԵԼԵՄԱՔ — Ի՞նչ պիտի զգա տասնութ տարեկան, մորուքը նոր աճած ջահելը, իմանալով, որ ոչ հորն է պետք, ոչ` մորը: Դու փեսացու ունես, մեկն էլ չէ, քառասունը… թե՞ հիսունը: Իսկ նա՞… քանի՞ սիրուհի ունի:
ՊԵՆԵԼՈՊԵ — Վերջին անգամ որ լուր ստացա` Կալիփսոյի մոտ էր:
ՏԵԼԵՄԱՔ — Կալիփսոյի հետ էր, ճիշտ արտահայտվիր, մայր: Թեև ճշգրիտ չգիտեմ` Կալիփսոյի վրա՞ն, թե՞ տակը:
ՊԵՆԵԼՈՊԵ — (այն է` պիտի ապտակի, բայց որդու հայացքը սթափեցնում է): Նավը քեզ է սպասում: Լուսադեմին ճամփա կընկնեք:
ՏԵԼԵՄԱՔ — (կեղծ վախով): Բա որ հանկարծ հորս չգտնե՞մ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Իսկ ո՞վ ասած, որ դա է կարևորը:
ՏԵԼԵՄԱՔ — Պիտի լինի՞ այն օրը, որ երկուսիցդ գոնե մեկին հասկանամ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (շոյում է որդու դեմքը): Հրաժեշտի պահին հայրդ ասաց, որ եթե չվերադառնա, իսկ քո մորուքը աճի` ես կարող եմ ամուսնանալ:
ՏԵԼԵՄԱՔ — (խայթվածի նման ընկրկում է): Դա՞ պիտի ասեիր մե՛ր հրաժեշտի պահին:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ուրիշ էլ ի՞նչ… Ճանապարհը կպարզի` քեզ հայր պե՞տք է: Իսկ ինձ պետք է ամուսին: Գնա՛:
Տելեմաքը խոցված դուրս է նետվում: Մի քանի րոպե անզորությունից Պենելոպեն պատեպատ է նետվում, հետո, ուշքի գալով, նստում է, զանգով կանչում նաժիշտին:
ՊԵՆԵԼՈՊԵ — Պիրևոսը սպասո՞ւմ է:
ՆԱԺԻՇՏ — Այո, տիրուհի:
ՊԵՆԵԼՈՊԵ — Կանչիր:
Ներս է մտնում Պիրևոսը, խոնարհվում ու սպասում է հրամանի:
ՊԵՆԵԼՈՊԵ — (չոր, գործնական): Լուսաբացին ծով դուրս կգաք: Ոչ մի նավահանգիստ բաց չթողնեք: Նավահանգստում պանդոկ, գինետուն, խաղատուն, անառականոց բաց չթողնեք: Կռիվ-վիճաբանություններից չխուսափեք: Դու լավ մարզիկ ես, գիտեմ, որ նրան կպաշտպանես, բայց զգույշ… աննկատ, որ ինքը չզգա: Մի քանի կապտուկ, թեթև կոտրվածք չի խանգարի… Ոչնչից ու ոչ մեկից չխուսափեք, ծեր նավաստուց մինչև կավատ, չարչուց մինչև գրպանահատ… թող շփվի, իմանա` աշխարհում ինչ կա: (Տեղից բարձրանում, դարակից դրամի քսակ է հանում, տալիս է նրան): Առ, բայց սրա գոյության մասին թող տղաս չիմանա: Թող համոզված լինի, որ ունեցածը տվածս մի քանի արծաթն է: Դու կողքից, թաքուն կծախսես` հանկարծ չնեղվի, բանի կարիք չունենա:
ՊԻՐԵՎՈՍ — Ես փորձում եմ հասկանալ տիրուհուս միտքը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ոդիսևսի որդին թուլակամ է, անվստահ, վախկոտ: Որովհետև մոր թևի տակ մեծացավ: Իսկ նա այդպիսին լինելու իրավունք չունի՛: (Այլ տոնով): Ի դեպ, Ոդիսևսին փնտրել-գտնելը էական չէ: Ավելին` ցանկալի չէ: Բայց առիթը բաց չթողնես, եթե մեկն սկսի պատմել Ոդիսևսի քաջագործությունների մասին, տղաս անպայման պիտի իմանա: (Նախկին տոնով): Վաղը քեզ հետ ճամփա կընկնի մի Տելեմաք, վերադարձիդ ինձ կհանձնես որձացած, ինքնավստահ, կռվից ու կանանցից չերկնչող Տելեմաք: Որովհետև նրան այդպիսին պիտի տեսնի հայրը… երբ վերադառնա:
ՊԻՐԵՎՈՍ — (քթի տակ): Տելեմաքն ատում է հորը…
ՊԵՆԵԼՈՊԵ — …Եվ արհամարհում է մորը: Հանգի՛ստ թող Իթակեում պտտվող բամբասանքները: Դու ասա, ինչ մտածում ես:
ՊԻՐԵՎՈՍ — Ուրեմն` կասեմ, որ Տելեմաքի հպարտությունն է հայրը, բայց չեմ կարող չասել, որ այդ իսկ պատճառով ամենադժբախտն է այս արևի տակ: Իսկ դուք… հենց նոր հասկացա, այս արևի տակ ձեզ պես մայր չկա:
ՊԵՆԵԼՈՊԵ — (հուզմունքը ցույց չտալու համար` կոպիտ): Չէ՜, ավելի լավ է` շարունակիր կրկնել Իթակեում պտտվող բամբասանքը: Ազատ ես: (Պիրևոսն ուղղվում է դեպի դուռը): Հա, չմոռանաս, որդուս պիտի սիրեն ամենափորձված կանայք: Տարիքն ու արտաքինը նշանակություն չունի:
ՏԵՍԱՐԱՆ 3
Կտիմենե, Պենելոպե:
Սևազգեստ, մազերը սև շղարշով հյուսած Պենելոպեն սեղանի առաջ նստած` հաշիվներ է ստուգում, գրություններ կարդում:
Ներս է մտնում Կտիմենեն` սգի մարմնացում: Կանգնում է շեմին, սպասում, մինչև Պենելոպեն նայում է. հարսի ու տալի հայացքները հանդիպում են: Պենելոպեն տեղից չի շարժվում: Կտիմենեի դեմքի արտահայտությունը չի փոխվում: Պենելոպեն գլուխը կախում, շարունակում է հաշվարկները: Կտիմենեն գնում է բեմի հակառակ անկյունում դրված սեղանի մոտ: Մի պահ կանգնում, շուրջն է նայում, հետո բեմի տարբեր անկյուններից աղմուկով քարշ տալիս, սեղանի չորս կողմում շարում է չորս աթոռ: Ուսից կախված սև կտորե ուսապարկը դնում է սեղանին: (Շուրջը կատարվածին անմասնակից` Պենելոպեն քարացել է իր տեղում): Կտիմենեն պայուսակից հանում է չորս գավաթ, դնում սեղանին` աթոռների դիմացը, հետո` չորս կտոր սև հաց: Հանում է գինու շիշը, բացում խցանը, և այսուհետ նրա խոսքը զուգահեռվում է գործողության հետ:
ԿՏԻՄԵՆԵ — Կար ժամանակ, երբ հայրական տունս պալատ էր: Հայրս` Լաերտը` թագավոր, մայրս` Անթիկլեն` թագուհի, եղբայրս` Ոդիսևսը` ամեն ինչ: Սա քո բաժին գինին է, հայր իմ, դժբախտ թագավոր, որ տնից խռովել, փախել ես սարերն ու հովիվների հետ ես քնում բաց երկնքի տակ: Սա քո բաժին գինին է, մայր իմ, ջրահեղձ թագուհի, որ որդուդ տեսնելու հույսը կորցրիր ու կարոտդ մարեցիր ծովի ջրերում: Սա քո բաժին գինին է, եղբայր իմ, թափառաշրջիկ դարձած հերոս, որ խռովել ես քո կնոջից, բայց պատժում ես բոլորիս: Սա էլ քո բաժին գինին է, իմ եղբորորդի, ու քո անբախտ հորաքույրը մեկ էլ կտեսնի՞ իր հոգու կտոր Տելեմաքին, հոր անսրտության ու մոր գոռոզության զոհ դարձած անմեղ գառնուկիս:
ՊԵՆԵԼՈՊԵ — (հանգիստ): Ճառդ նախապե՞ս էիր գրել, թե՞ հենց նոր, ոտքի վրա հորինեցիր, այսպես ասած` իմպրովիզ… (Զննելով Կտիմենեի բացած սեղանը): Դե, եթե հարցը այդպես ես դնում… (Թղթերը քշում է մի կողմ, տեղ է բացում, դարակից հանում է երկու գավաթ, դնում իր սեղանին: Մոտենում, Կտիմենեի ձեռքից վերցնում է գինին, լցնում երկու բաժակն ու` նույն հանգով): Սա քո բաժին գինին է, հարգարժան տալս, ողբասաց Կտիմենե, ով հիշում է հայրական տունը միայն օրհասի ժամին ու ձեռքից եկած միակ շնորհքը` սուգն ու շիվանը, կապում է մեր գլխին: Սա էլ իմ բաժին…
ԿՏԻՄԵՆԵ — (վրա է պրծնում, խլում բաժակը): Սա էլ քո բաժին գինին է, սիրելի հարսս, գոռոզ Պենելոպե, ում չսիրուց եղբայրս տնից փախել է: Ում ուշացած ցանկասիրության ամոթից մայրս խեղդվեց, հայրս սարերը փախավ, Տելեմաքը… չէ, Տելեմաքը միակն էր, որ իր կամքով չգնաց: Ինչքան էլ զարմանամ` նա դեռ ուզում էր մնալ ավերակի ու անառականոցի վերածված այս տանը, բայց նրան էլ դու քշեցիր, դարձրիր թափառական…
Իրար դեմ կանգնած կանայք ուր որ է` իրար կհոշոտեն:
ՊԵՆԵԼՈՊԵ — Բա ո՜նց… մնար, որ էդ խուժանների համար միս խորովեր, գինի մատուցեր…
ԿՏԻՄԵՆԵ — Էդ խուժաններին ո՞վ է հրավիրել, հը՞…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ոդիսևսը, քո անզուգական եղբայրը:
ԿՏԻՄԵՆԵ — Կարո՞ղ է` իրոք խելքդ թռցրել ես, ինչպես քաղաքում փսփսում են կնիկները:
ՊԵՆԵԼՈՊԵ — (վիրավորանքը կուլ տալով): Չխմե՞նք Ոդիսևսի կենացը:
ԿՏԻՄԵՆԵ — Նրա կենացը խմելու իրավունքը վաղուց ես կորցրել… այն պահից, երբ նրա տունը լցրիր բուղաներով:
ՊԵՆԵԼՈՊԵ — (իր բաժակի գինին շփում է Կտիմենեի դեմքին, նրա ձեռքից պոկում է բաժակն ու խմում ցմրուր: Շունչը ետ բերելով): Իսկ ես նրա կենացը խմեցի… թեկուզ քո բաժակով: (Գնում, նստում է իր տեղը):
Կտիմենեն դեռ ուշքի չեկած` փորձում է հասկանալ կատարվածը: Մոտենում է կողքանց, զննում հարսին խղճահարված ու ատելությամբ միաժամանակ:
ԿՏԻՄԵՆԵ — Լավ, էլ ուրիշ ի՞նչ պիտի իրար գլխի սարքեք, որ համոզվեք, կամ իրար համոզեք, թե սերը սա է:
ՊԵՆԵԼՈՊԵ — (խաղաղված): Ուզում ենք ապացուցել, որ իրար արժանի ենք:
ԿՏԻՄԵՆԵ — (լրիվ շփոթահար): Ձեզ հասկանալու համար երեք կյանքն էլ քիչ է, բայց… (Կանացի ցավով): Տես, ի՞նչ ես դարձել. մազերդ ճերմակել են, դիմագծերդ կորել են կնճիռներիդ մեջ, ձեռքերիդ նայիր… բա աչքե՞րդ, որոնցից լույս էր թափվում:
Պենելոպեն մի կարճ պահ դեն է նետում դիմակը` թույլ, ջարդված կին է:
ԿՏԻՄԵՆԵ — (անկեղծ կարեկցանքով): Ւ՞նչ ես կպել էդ բոզարածին, հասկացիր, վերջապես, նա տուն դարձողը չէ… Տրոյական պատերազմից ողջ մնացածը տուն եկավ, մեռածը հող է դարձել: Ու մենակ քո հերոսն է, որ գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Կարծում ես, քեզ չե՞մ հասկանում… գոնե մի քիչ, եղունգաչափ… Բայց էդքան հասկացածս էլ հերիք է, որ հիմա քեզ խորհուրդ տամ, որ հույսդ կտրես, ան-ի-մա՜ստ է: Եղբայրս է, քեզնից լավ գիտեմ դրանց ցեղը: Փեսացուների միջից ընտրիր մեկին, ինչ էլ լինի` սրանից վատ չի լինի: Ու ապրիր, ինչքան որ աստվածները քեզ կյանք են կամեցել: Տղադ էլ հասկացավ` կների ու կգա, չի գա` ուրեմն` հոր կտորն է:
ՊԵՆԵԼՈՊԵ — (բարձրացնում է գլուխը, մարած հայացքով նայում մի կետի): Մոռացել եմ, որ կին եմ: Մոռացել եմ համբուրվելը… հա, շուրթերս քարացել են, միայն սեղմվել գիտեն, որ հանկարծ չգոռամ` ցավից, զայրույթից… վիրավորանքի՛ց: Չորս կողմս տղամարդ է, իսկ ես միայն մեկին եմ հիշում: Ոչ ոք չգիտե, քեզ եմ ասում` հոտառությունս կորցրել եմ, ոչ մի հոտ չեմ առնում, միայն նրա հոտն եմ հիշում… (Վերացած): Գլուխս դնում եմ կրծքին, մաշկից ու մազերից ծովային աղաջրի ու վառված արևի համն եմ առնում…
ԿՏԻՄԵՆԵ — (ձեռքերը վեր պարզած` պաթոսով): Օ՜, աստվածների նախանձ, մեկ տարվա երջանկության համար` քսան տարվա բաժանո՞ւմ: (Պենելոպեին` կնիկային մտերմությամբ): Հասկացա՜նք` սիրել եք… Եղած-չեղածը էդ մի տարին չէ՞ր…
ՊԵՆԵԼՈՊԵ — Երբ սիրում ես, տարին էլ քիչ չէ… (Անսպասելի չարաճճիությամբ): Մենք հասցրինք նույնիսկ մեր հատուկ բառերն ու նշաններն ունենալ:
ԿՏԻՄԵՆԵ — (կանացի հետաքրքրությամբ): Չէ հա… օրինա՛կ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Դե… (Դժվար է անկեղծանալը): Երբ միասին էինք… (Բազմանշանակ ժեստով ու հայացքով): Դրանից հետո նա ինձ ասում էր. «Անկո՜ւշտս»…
ԿՏԻՄԵՆԵ — (կասկածով զննելով մարած Պենելոպեին): Հա՞ որ… ո՜վ կասեր: (Առավել հետաքրքրված): Դե, իսկ դու նրա՞ն…
ՊԵՆԵԼՈՊԵ — (ամոթխած կիսաժպիտով): Բա ի՜նքն ինչ անկուշտ էր… բայց չկրկնվելու համար պատասխանում էի` «Անհա՜գս»… (Միանգամից կոտրվելով, աչքերը` փակ): Աստվածնե՛ր, մի՞թե չեմ արժանանալու նրա գրկին:
ԿՏԻՄԵՆԵ — (անզոր չարությամբ): Բայց ինչի՞ էդ բոզարածների բախտը միշտ է բերում:
ՊԵՆԵԼՈՊԵ — Որովհետև նրանք կարողանում են փնտրել ու գտնել համառ ապուշներին:
ԿՏԻՄԵՆԵ — Եթե այդպես է, ոնց դու ես ասում… եթե նույնիսկ հոտառությունդ ես կորցրել… (Մեկուսի): Վրան խաբար չկա, որ մյուս զգայարաններն էլ վաղուց են բթացել: (Բարձր): Այսքանից հետո ինչո՞ւ երկու տող չես գրում, լուր չես ուղարկում, թե` էլ չե՜մ դիմանում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (դառը քմծիծաղով): Նա գիտե, որ չեմ դիմանում: Ես սպասում եմ, թե երբ կհասկանա, որ ինքն էլ անկարող է դիմանալ:
ԿՏԻՄԵՆԵ — (գրկելով Պենելոպեին): Երկուսդ էլ այդքան իմաստուն ու այդքան ապո՞ւշ… ի՛նչ է, մինչև հիմա չե՞ք հասկացել, որ իրար հաղթելով` կյանքին եք պարտվում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (գլուխը հենում է նրա ուսին, վեհերոտ): Ասում ես… շա՞տ եմ պառավել:
ԿՏԻՄԵՆԵ — Չէ, ի՞նչ պառավել: Դու քսան տարի է` չես ապրում, դժբախտ հարսիկս:
ՏԵՍԱՐԱՆ 4
Պենելոպե, Հեղինե:
Պենելոպեն սենյակում, փոքրիկ դազգահի վրա նարնջագույն կերպաս է հյուսում: Մտնում է նաժիշտը:
ՆԱԺԻՇՏ — Տիրուհի, մի տիկին ուզում է ձեզ տեսնել:
ՊԵՆԵԼՈՊԵ — (գլուխը չբարձրացնելով): Իթակեում նոր բամբասա՞նք է ծնվել… պարապությունից հոգնած ո՞ր մի ազգականուհիս է եկել ժամավաճառ լինելու:
ՆԱԺԻՇՏ — (շփոթված): Անծանոթ է… մեր քաղաքից չէ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ես ոչ ոքի չեմ սպասում, օտարական կնոջ` առավել ևս… Ի՞նչ տեսք ունի:
ՆԱՇԻԺՏ — Չեմ կարող ասել… դեմքը քողով ծածկված է:
ՊԵՆԵԼՈՊԵ — (կարճ մտորումից հետո, մեկուսի): Տելեմա՞քը… (Բարձր): Ներս հրավիրիր:
Ներս է գալիս Հեղինեն: Կանայք քաղաքավարի ժպիտներով զինված, աննկատ զննում են իրար:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչո՞վ եմ արժանացել աստվածների բարեհաճությանը, որ հյուրընկալվելու հարմար ի՛մ տունն եք ընտրել:
ՀԵՂԻՆԵ — (փորձելով հնարավորինս ծպտված մնալ): Ես չէի կարող հասնել Իթակե և աչքերս զրկել տեսնելու կնոջ հավատարմությունը խորհրդանշող Պենելոպեին, ու նաև տունը, որտեղ կյանք է առել հերոս Ոդիսևսը:
Պենելոպեն հնչեցնում է զանգը, մտնում է նաժիշտը` ոտնալվայի պարագաներով:
ՀԵՂԻՆԵ — (գուշակելով ու կանխելով տանտիրուհու հրամանը): Եթե հրաման եք տալու, որ ստրկուհին ոտքերս լվանա ճանապարհի փոշուց, կխնդրեի` հետաձգել: Հիմա նախընտրում եմ զրույցը` մի գավաթ պաղ օշարակով:
Նաժիշտը դուրս է տանում բերածը, վերադառնում մատուցարանով: Կանայք նստում են դեմ դիմաց: Ժպտում են` պատրաստ մենամարտի:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ձեր ճանապարհը որտեղի՞ց ո՛ւր է:
ՀԵՂԻՆԵ — Համարեք` գաղտնիք: Բայց նավապետս ճամփան լավ գիտե:
ՊԵՆԵԼՈՊԵ — Մինչև այս օրը ես լսել էի թաքուն ճամփորդող այրերի մասին: Դուք առաջինն եք, որ այսքան նուրբ ու այսքան գեղանի` ծպտյալ ճամփորդի թիկնոց է հագել:
ՀԵՂԻՆԵ — Կնոջ կոմպլիմենտն ի՛ր հմայքն ունի…
ՊԵՆԵԼՈՊԵ — Հատկապես, երբ մոտ է իրականությանը… բայց` կիսովի: (Ի պատասխան Հեղինեի լուռ զարմանքի): Նուրբ մարմինը տեսնում եմ, դեմքն է քողի տակ: (Իբր մտածկոտ): Գեղանի բառը թողնեմ հարցական:
ՀԵՂԻՆԵ — (ի պատասխան` «միամի՜տ»): Թեկուզ և հարցս աննրբանկատ է, բայց պիտի հարցնեմ. կարոտի դեմը ինչպե՞ս է առնում հավատարիմ Պենելոպեն:
ՊԵՆԵԼՈՊԵ — (նույն «միամի՜տ» զարմանքով): Չլինի՞ այսքան ճամփան անցել եք փորձի փոխանակման նպատակով: Աստվածնե՜րն են վկա, չէի ուզենա, որ ճակատագրիս դուք արժանանաք: Բայց որ հարցրել եք` կպատասխանեմ: Ուժը տալիս է իմ համոզմունքը, որ իմ կարոտը անպատասխան չէ:
ՀԵՂԻՆԱ — Հենց նոր հասկացա, թե ինչու ձեր անվան դիմաց դնելով (չակերտները նշելով մատների համապատասխան շարժումով) «հավատարիմը», չեն մոռանում ավելացնել նաև (չակերտները նշելով մատների համապատասխան շարժումով) «հպարտը»:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչպե՞ս կարող եմ հպարտ չլինել` հերոս ամուսին, նվիրված որդի…
ՀԵՂԻՆԵ — (վերջին բառի վրա ելնում է տեղից, իզուր փորձելով ցույց չտալ հուզմունքը): Ի՜նչ լավ ասացիք` նվիրված որդի: Իսկ նա այստե՞ղ է… Չեմ ուզում թաքցնել` շատ կուզենայի հանդիպել նրան` արդյո՞ք ժառանգել է հոր խիզախ կերպն ու առնական ուժը… Ու չի՞ զլացել մորից վերցնել արժանավայել հպարտությունը:
ՊԵՆԵԼՈՊԵ — (չափազանցված մայրական գորովով): Դուք կարողացաք ներխուժել հոգուս անպաշտպան, փխրուն անկյունն ու ինձ զինաթափել… Զավա՜կս, որդի՜ս… հոգուս հատո՛րը: (Չոր: ) Հիմա տանը չէ:
ՀԵՂԻՆԵ – Ափսո՜ս… Ուրեմն, քաղաքում է հաստատ: Դե, շատ ջահել է, կյանքը եռում է… զվարճանալու ճիշտ ժամանակն է: (Խաղացկուն): Բայց ես կարծում եմ, որ մութը չընկած` պիտի հայտնվի` մոր մենությունը կիսելու համար: Պարկեշտ զավակի ճիշտ վարվելակերպ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Զավակս պարկեշտ է, ճիշտ նկատեցիք: Ու մեծացել է` լավ յուրացնելով հարգանքի հարկը: Այ, եթե հիմա որդիս ներս մտներ, խոր ակնածանքով ձեզ կխոնարհվեր, այդ կերպ ցույց տալով, որ հարգանք ունի տարիքի հանդեպ;
ՀԵՂԻՆԵ — (խոցված): Սրամիտ ասվեց տարիքի մասին… Գնահատեցի: Բայց… մենք շեղվեցինք: Այդպես էլ չասիք, թե Տելեմաքը ե՞րբ տուն կհասնի:
ՊԵՆԵԼՈՊԵ — Դուք նկատեցի՞ք` հինգ րոպե չկա, ինչ զրուցում ենք, որից երեքը դուք նվիրեցիք իմ Տելեմաքին: Ի՛մ Տելեմաքին:
ՀԵՂԻՆԵ — (փորձելով հարթել սխալը): Իրոք որ… մի քիչ անկեղծ ստացվեց… այսինքն… ես ընդամենը ուզեցի ասել…
ՊԵՆԵԼՈՊԵ — (այլ տոնով): Տրոյական պատերազմը քեզ հերիք չէ՞ր, Հեղինե:
Կարճ դադարից հետո Հեղինեն բարձր ծիծաղով շպրտում է քողը:
ՀԵՂԻՆԵ — Այ, ո՜նց երևաց, որ Տրոյական ձին հնարողի կինն ես: Ինչպե՞ս հասկացար:
ՊԵՆԵԼՈՊԵ — Մեծ բան չէր: Մի քանի շաբաթ առաջ Պիրևոսը հերթական զեկուցագրում նշել էր, որ Տելեմաքի հետ հյուրընկալել են Մինելայոսի ու Հեղինեի հարկի տակ: Թեև Պիրևոսը փորձված ճամփորդ է, բայց շատ անփորձ է, հասկանալու համար, թե ինչ է լինում, երբ տանտիրուհին ինքն է լվանում հյուրի ոտքերը:
ՀԵՂԻՆԵ — (քամահրանքով): Պատվարժան հյուրի ոտքեր լվալը պարտականություն է` դեռ հնուց եկած:
ՊԵՆԵԼՈՊԵ — Իսկ այն ծածկո՞ցը, քո ձեռքով գործված, որ նվիրել ես հրաժեշտի պահին:
ՀԵՂԻՆԵ — Բայց պատվիրել եմ, որ դրանով ծածկի իր նորահարսին… Իսկ մինչ այդ` պահ տա սիրելի մայրիկին: (Իրեն հուզող հարցի պատասխանը ստանալու մղումով): Ի՛նչ է, չի՞ հանձնել:
ՊԵՆԵԼՈՊԵ — (վերջին նախադասությունը անտեսելով): Խե՜ղճ նորահարսիկ… միամիտ աղջիկն ի՞նչ իմանա, որ այդ ծածկոցի տակ իր ամուսինը պիտի երազի ուրիշի մասին: Ի՛նչ, գուշակեցի՞:
ՀԵՂԻՆԵ — Ասել եմ` ինչ ասել եմ: Ամեն ոք կարող է ուզածին պես մեկնաբանել ասածս:
ՊԵՆԵԼՈՊԵ — Տելեմաքից բացի: Որովհետև դրանից առաջ էլ գինու մեջ խառնած դեղն ես խմեցրել, որ քեզ տվել էր եգիպտացի Պոլիդամնեն: Ինչ բացատրությա՞մբ…
ՀԵՂԻՆԵ — (ատամների արանքից): Մոռացության դեղ` ցավ ու վշտի դեմ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այդպե՞ս ես համոզել ու շարունակում ես համոզել քաջ Մինելայոսին` ազնի՜վ ամուսնուդ… Ինձ չե՛ս համոզի: (Անսպասելի ցավով): Նայում եմ աչքերդ մեջ վառվող կրակին, ու անիմաստ է դառնում հարց տալս:
ՀԵՂԻՆԵ — (մթնդած): Հա, Տելեմաքը իմ սիրտն է մտել…
ՊԵՆԵԼՈՊԵ — (կծու հեգնանքով): Թե հիշողությունս չի դավաճանում, Տելեմաքից առաջ Պարիսն էր այնտեղ;
ՀԵՂԻՆԵ – Պարի՜սը… (ցույց տալով ճակատը) այստեղ է: Դա այն պատիժն է, որ կրելու եմ, քանի դեռ ես կամ: Իսկ Տելեմաքը… անուշի՜կ տղա: Ճիշտ է, մորուքը նոր-նոր է աճում, բայց մնացածն այն է, ինչ պետք է լինի, իսկ որոշ բան էլ… գերաճ է տվել:
ՊԵՆԵԼՈՊԵ — Փչացած միտքդ ամնեղսունակի հմայք է տալիս գեղեցիկ դեմքիդ: Բայց ոչ մոռացում, որ մայրն ես արդեն հասուն աղջկա:
ՀԵՂԻՆԵ — Եվ ո՞վ է խոսում… փեսացուներով ո՜վ է աղտոտել պատվելի տունը, մոռացած, որ մայրն է հասուն զավակի:
ՊԵՄԵԼՈՊԵ — Պատերազմ սադրելուց ավելի դաժանը կա… խելքդ չի հասնի:
ՀԵՂԻՆԵ — Բռավո՛… ցնցեցիր, բորբոսած պառավ: Հա՛, հա՛, բորբոսա՛ծ: Համենայնդեպս, քո մարմնի որոշ, կոնկրետ հատվածներ այդ վիճակում են, կամ` պիտի լինեն, հաշվի առնելով այս տարիների պարապ անցնելը… մարմնիդ կողքով:
ՊԵՆԵԼՈՊԵ — Հանգիստ թող բորբոսը… երկրորդ կուսության պես բան է դարձել: Իսկ կուսության հետ հանաք չեն անում:
ՀԵՂԻՆԵ — Իսկ դու, պարզվում է, բորբոսից բացի, հումոր էլ ունես: Դա ինձ շատ է պետք:
ՊԵՆԵԼՈՊԵ — Պետք է քե՞զ… ներիր, հումորս այստեղ ոնց որ բթացավ:
ՀԵՂԻՆԵ — Ուզում եմ ասել` տղայիդ ինձ տուր: Նրանից հետո քունս կորել է: Իսկ ես ուզում եմ… քնել եմ ուզում: Բայց` նրա գրկում: Այնքան եմ ուզում, որ տնից թաքուն փախել-եկել եմ, ոտքերդ եմ ընկել…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչ որ չեմ տեսնում…
ՀԵՂԻՆԵ — Հիմա կտեսնես: (Ծնկի է գալիս): Տո՛ւր Տելեմաքին:
Պենելոպեն ակնդետ նայում է նրան:
ՀԵՂԻՆԵ — Ի՞նչ ես չարչարում… Ուզածդ ասա, ես կվճարեմ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ի՞նչն է ստիպում… Իսկապե՞ս սերը:
ՀԵՂԻՆԵ — Չգիտեմ… հավատա… իրոք, չգիտեմ: Ու սա անեծք է:
ՊԵՆԵԼՈՊԵ — Դու երկրորդ անգամ փորձում ես մտնել միևնույն ջուրը: Տրոյա՞ ես ուզում… արյան խոլապա՞ր… բյուր տղամարդկանց, որ հեռվից անգամ քեզ չտեսնելով` քեզ համար խեղդվեն սեփական արյա՞մբ: Էլ չեմ ասում, թե ո՞ւմ պատճառով տունս ավիրվեց… Ափսոս, իմ հյուրն ես, թե չէ…
ՀԵՂԻՆԵ — Չէ մի չէ՜…
ՊԵՆԵԼՈՊԵ — Դու մոռացե՞լ ես, որ պատժված ես: Քեզ անիծել են սևազգեստ մայրեր, քույրեր, այրիներ… որ քո մազերին ճերմակ եղյամ չիջնի, դեմքդ կարոտ մնա կնճռին, մարմինդ էլ չծերանա: Խարան է դրված վրադ` մահաբե՛ր ես դու: Այդքանից հետո համարձակվել ես մտնել իմ տունը, նոր զո՞հ պահանջել… իմ Տելեմաքի՞ն:
ՀԵՂԻՆԵ — Իսկ ինձ թվում էր` որ կհասկանաս: Լավ, թե վատ` կին ես:
ՊԵՆԵԼՈՊԵ — Քեզ չեմ հասկանա: Լավ, թե վատ` կին եմ:
ՀԵՂԻՆԵ — Լքված, մոռացված, ծաղրի առարկա…
ՊԵՆԵԼՈՊԵ — Բայց` իմ տանը մեջ… նաև` սպասող:
ՀԵՂԻՆԵ — (պայթում է): Ի՞նչ ես քեզ երևակայում` հպա՜րտ, անառի՜կ, հավատարի՜մ… Էլ ո՞վ դիմանա: Ականջդ դիր գետնին ու լսիր, թե Իթակեն… Բայց ինչո՞ւ միայն Իթակեն, ամբողջ աշխարհն է որոճում արկածներդ: Փեսացու անունն ես դրել խաժամուժի վրա և՝ օրական մեկը` անկողնուդ մեջ, ամեն մեկին` իրեն ուզած փաղաքշանքը… Բայց, ենթատեքստում, իբր, դրանով դասալիք հերոսիդ խա՜նդն ես արթնացնում: Ի՞նչ, սփրթնեցի՞ր, չէի՞ր սպասում: Սո՜ւրբ անմեղություն… Իսկ ես չեմ թաքնվում, սուտ կույս չեմ խաղում: Սիրո՞ւմ եմ` ուրեմն սիրում եմ: Ցանկանո՞ւմ եմ` հասնում եմ ուզածիս: Իսկ դու… դու նախանձո՜ւմ ես ալամ-աշխարհին… Հիմա էլ ինձ ես նախանձում, թաքցրել ես Տելեմաքին ու տեղը չես ասում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (հատու): Ինչ հեռացել է հայրական տնից` որդուս չեմ տեսել: Նաև իմացիր, նրա փոխարեն ես չեմ որոշում` ինչ պիտի անի, կամ ինչպես ապրի: Բայց մի բան գիտեմ` քո բաժինը չէ՛: Դեռ տուն չի հասել, բայց հենց որ ոտքը շեմից ներս դնի` տվածդ ծածկոցը խարույկ կդառնա ու մի բուռ մոխիր: Իսկ կրակի հետ հօդս կցնդի քո հմայանքը: (Չարախինդ): Նա քեզ չի՛ հիշի:
ՀԵՂԻՆԵ — (կարճ դադարից հետո, ասես նոր է սկսում զրույցը): Տելեմաքին հեռվից տեսա թե չէ` հասկացա, որ Ոդիսևսի որդին է: (Վերջնականապես ոչնչացնելու միտումով): Մենք հանդիպել ենք… Տրոյայում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (առաջին անգամ տեղի է տալիս): Ստո՛ւմ ես:
ՀԵՂԻՆԵ — (ավելի ինքնավստահ): Ոդիսևսը գաղտնի Իլիոն էր մտել` մուրացիկի տեսքով ծպտված: Հետախուզելու նպատակով: Միայն ես ճանաչեցի նրան, հետո… (Բազմանշանակ): Նրան լա՜վ լվացի, մարմինը օծեցի մաքուր յուղով… Ավելի ուշ, երբ հագուստն էի հագցնում, խոստացա, որ այդ մասին ոչ ոք չի իմանա…
ՊԵՆԵԼՈՊԵ — Քանի քեզ նմանները կան` աշխարհը պատերազմի պակաս չի ունենա:
ՀԵՂԻՆԵ — Իսկ քեզ նմանները` իրենց հավատարմությունը ապացուցելու հնարավորություն, քանի որ այլ բարեմասնությամբ աստվածները չեն օժտել: (Քողը մի կերպ հարմարեցնելով գլխին` մոտենում է դռանը, շեմից, չշրջվելով): Բայց ես հույսս չեմ կորցնում` մեկ էլ տեսար` հանդիպեցինք ծովի անհունում: Ես ու իմ Տելեմաքը… (Բարձր ծիծաղով, որի մեջ նաև լաց կա, դուռն աղմուկով շրխկացնում է):
Պենելոպեն երերալով, մի կերպ հասնում է գահավորակին: Ներս է խուժում Զորապետը:
ԶՈՐԱՊԵՏ — (տագնապած): Ի՞նչ է պատահել: Ասացին` անծանոթ մի կին… (Զննելով կծկված Պենելոպեին): Գո՞ւյժ է բերել:
ՊԵՆԵԼՈՊԵ — (ուղղվում է տեղում, անսպասելի ժպտում է`աչքերը լայն բացած, որոնցից լույս է թափվում): Գիտե՞ս, Տելեմաքս ի՜նչ տղամարդ է դարձել: Կանայք խելագարված հետապնդում են նրան: Լսո՞ւմ ես, զավակս հորն արժանի տղամարդ է դարձել: Իմ փոքրիկ, անուշիկ, թափառական բալիկը…
ՏԵՍԱՐԱՆ 5
Փեսացուն անհանգիստ ետ ու առաջ է անում` Պենելոպեին է սպասում: Հեռվից տեսնելով Պենելոպեին` ընդառաջ է նետվում:
ԷԼԱՐՈՍ – Վերջապե՜ս արժանացա ամենագեղեցիկին համեստագույնների մեջ ու ամենահամեստին` գեղեցկագույնների մեջ` ազնվափայլ Պենելոպեի հայացքին: Ու կարող եմ սերս ու նվիրվածությունս հայտնել նրան:
ՊԵՆԵԼՈՊԵ — (նրա կողմն իսկ չնայելով, ավելի շատ` մեխանիկորեն): Ափսոս…
ԷԼԱՐՈՍ — (չլսելով նրան` ավելի ու ավելի է անկեղծանում, դրա համար էլ` շփոթվում): Չորրորդ տարին է` ուզում եմ… այսինքն` փորձում եմ քեզ տեսնել… առաջին օրը մեզ դիմավորեցիր աստիճանների վրա ու… էդ օրվանից մոռացար: Իսկ ես քանի անգամ եմ թաքուն ճամփադ փակել… հետևել եմ հեռվից-հեռու…
ՊԵՆԵԼՈՊԵ — (առաջին անգամ հետաքրքրված նայում է նրան, արդեն ափսոսանքով): Ափսո՜ս…
ԷԼԱՐՈՍ — Իմացածդ այդ բա՞ռն է… Իսկ տղերքը պատմում են, որ ոչ միայն խորամանկ ես ու հնարամիտ` չորս տարի գործվող սավանը վկա, այլև խոսքաշատ: Իսկ դու լարովի տիկնիկի նման նույն բառն ես կրկնում…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ափսո՛ս: (Զննում է անթաքույց հետաքրքրությամբ): Իսկ դու անկեղծ ես… կամ վարպետ խաղ ես ցույց տալիս հիմա:
ԷԼԱՐՈՍ — (իբր միամիտ անմիջականությամբ): Էդ մյուսներն են, որ չափսոսալով վարի են տալիս ճոխ ունեցվածքդ… իրենց տներո՞ւմ էին տեսել ամեն օր թարմ միս ու գինի… Դա դեռ հերիք չէ` գռեհիկ ծաղրով վատաբանում են տունն ու տերերին…
ՊԵՆԵԼՈՊԵ — (չոր): Շատ էլ լա՛վ են անում, չասի՞ր, որ լակոտի տեղ դրած խաբել եմ ձեզ:
ԷԼԱՐՈՍ — Իզուր ես կարծում, որ այստեղ պահողը ձրի միսն ու գինին է… Համենայնդեպս, ոչ բոլորի համար:
ՊԵՆԵԼՈՊԵ — (փորձող հեգնանքով): Ու մեկն էլ դու ես… անկե՛ղծ սիրահար:
ԷԼԱՐՈՍ — Շա՜տ ես չարացել… Իզուր չէր ասում հանգուցյալ տատս, որ կնոջ անկողնում անպայման պիտի երկու բարձ լինի… ու միշտ` զբաղված:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ջահել ես, ախր, կյանք ունես ապրելու…
ԷԼԱՐՈՍ — (սխալ մեկնաբանելով նրան): Տարիքը կապ չունի: Ու հետո, ես նախընտրում եմ տարիքով կանանց:
ՊԵՆԵԼՈՊԵ — (անսպասելի մղումով): Տուն գնայիր, հա՞… ծեր հայր ունես, մայրդ` անկողնում… (Մայրական գորովով): Իրերդ հավաքիր, աննկատ գնա… էն կողքի դռնից: Ձեզանից մեկը գոնե փրկվի, որ ես էլ կարողանամ ինձ արդարացնել…
ԷԼԱՐՈՍ — (անկարող է հասկանալ Պենելոպային): Էդ ինչո՞ւ գնամ, կամ գնացողը ինչի՞ ես լինեմ: Հազիվ քեզ բռնեցրի, արդեն խոսում ենք, մի քիչ էլ էսպես` կմտերմանա՜նք…
ՊԵՆԵԼՈՊԱ — (բռնելով ձեռքը): Տղաս, ջահել ես…
ԷԼԱՐՈՍ — Երեսուն չկամ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Առավել ևս:
ԷԼԱՐՈՍ — (անսպասելի չարանալով): Խաղո՞ւմ ես հետս… Բանի տեղ չես դնում` շուն լինենք ասես` կերը, խմիչքը, քածերին լցնում ես դեմներս ու փակվում սենյակում: Ու հիմի, երբ հազիվ փափկել ես մի քիչ… ըհը, տե՛ս, ձեռքս բռնեցիր… դա մի բան նշանակում է, չէ՞…
ՊԵՆԵԼՈՊԵ — (փորձելով նրան սթափեցնել): Նշանակում է, որ ես փորձում եմ երկարացնել կյանքդ` աստվածների կամքին հակառակ: Քո կյանքն եմ տալիս քեզ…
ԷԼԱՐՈՍ — Աստվածների տվածի հետ գործ չունեմ: Ես քո տվածն եմ ուզում… (Փորձում է գրկել):
ՊԵՆԵԼՈՊԵ — Դու գոնե տուն գնա… Վերջին անգամ եմ ասում:
ԷԼԱՐՈՍ — (փորձելով գուրգուրել, ցրված): Բայց ինչո՞ւ` վերջին անգամ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Երազ եմ տեսել…
ԷԼԱՐՈՍ — Կարող ես չշարունակել` Ոդիսևսիդ ես տեսել, որը քեզ նույնիսկ երազախաբ անելու ընդունակ չէ, ու հիմա ինձ ես ուզում օգտագործել…
ՊԵՆԵԼՈՊԵ — (միտքը փոխելով` վանում է նրան): Ես ո՞վ եմ, որ աստվածների կամքին դեմ գնամ: Իրավացի ես, մնա… Հիմա շամփուրների վրա քաշած միս կմատուցեն:
ԷԼԱՐՈՍ — Ինձ քո միսն է պետք` քաշած ի՛մ շամփուրին… հասկացա՞ր… (Դեպի պատն է մղում Պենելոպեին` կրքով բռնկված):
Ներս է խուժում Տելեմաքը` այնպիսին, ինչպիսին կարող էր դուր գալ Հեղինեին: Մի ցատկով հասնում, բռնում է Էլարոսի օձիքից ու ետ քաշում:
ՏԵԼԵՄԱՔ — Հեռո՛ւ թաթերդ, անասուն…
ԷԼԱՐՈՍ — (կարմրատակած): Բաց թող, լակո՛տ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Թող դրան, տղաս:
ՏԵԼԵՄԱՔ — Մորս ասածը այս տան օրենքն է: (Բաց է թողնում, հրում է դուրս):
ԷԼԱՐՈՍ — (կատաղությունից խեղդվելով): Ոչի՜նչ… բան չմնաց… Վաղը էս ժամին մորդ կստիպենք ընտրություն անել: Իսկակա՛ն ընտրություն` արդար ու մաքուր, բաց ու թափանցիկ… Բայց քանի որ այդպիսի ընտրությունից հետո միշտ ոմանք դժգոհ են մնում` տիկդ կհանենք ու մեծ սրահի ջահից կկախենք: (Դուրս է գնում):
Լռություն: Տելեմաքը դաստակն է շփում, Պենելոպեն` խուսափելով որդու հայացքից` ուղղում է հագուստը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Իզուր վերադարձար: Մի շաբաթ չկա` եկել ես, արդեն հինգ անգամ կռիվ ես արել…
ՏԵԼԵՄԱՔ — Ի՞նչ ես առաջարկում` կողքից նայեմ, թե քեզ ո՞նց են…
ՊԵՆԵԼՈՊԵ — (հանգիստ): Այդպիսի բան չեմ առաջարկի, հույս չունենաս: Միայն խնդրում եմ` քիչ էլ համբերիր:
ՏԵԼԵՄՔ — Որ ասես նաև, թե համբերելս ինչքա՞ն է տևելու:
ՊԵՆԵԼՈՊԵ — Գիշերը երազ եմ տեսել…
ՏԵԼԵՄԱՔ — (կոպիտ ընդհատելով): Երազդ փո՛ւչ է: Հորս փոխարեն մի մուրացիկ թափառական է մեր դուռը թակել դեռ լույսը չբացված:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այսօ՞ր…
ՏԵԼԵՄԱՔ — Լուսադեմին: Գույնդ գցեցիր… զարմանալու ի՞նչ կա: Իթակեին մոտեցող ցանկացած թափառաշրջիկ գիտե, որ օրվա բոլոր ժամերին կարող է մտնել մեր տունը, տաքանալ ու կերակրվել` Ոդիսևսի մասին մի բան բրստելու հաշվին: Ու հեչ կարևոր չէ` էդ բրստածը իրո՞ք լսածն է, թե՞ հորինածը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ի՞նչ արած… մարդկությունը մինչ այսօր դրանից ավելի լավ հաղորդակցության միջոց չի հնարել: (Անհամբեր): Բայց ինձ շեղեցիր… Ասում ես` կերավ, պատմեց ու շարունակե՞ց ճամփան:
ՏԵԼԵՄԱՔ — Չէ, էս մեկը տարբեր էր: Առաջարկեցի սպասել սրահում` մինչև արթնանաս ու հարցմունք անես: Իսկ նա` ոչ ավել ու ոչ պակաս` պայմա՜ն է դնում. «Թող, ասում է, տիրուհին ինձ սպասի` մինչև արևը մայր կմտնի, հետո թող մեծ սրահում կրակը վառի, որ նստեմ կրակի կողքին: Ու նոր կարող է իր հարցերը տալ»: Չէ, լկտիության ի՜նչ աստիճան է…
ՊԵՆԵԼՈՊԵ — Այդպես էլ ասա՞ց…
ՏԵԼԵՄԱՔ — Համարյա… չհաշված, որ փռչոտ մազերի տակից զննում էր շուրջը` որսի դուրս ելած շունը քեզ օրինակ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (փորձելով թաքցնել հուզմունքը): Դո՞ւ ինչ արեցիր…
ՏԵԼԵՄԱՔ — Վզակոթին տալով դուրս շպրտեցի: Մնում է` բոմժը պայման թելադրի:
ՏԵԼԵՄԱՔ — Որ վերջապես սա քո տունն ես համարում` արդեն լավ է, բայց մորուքիդ գերաճը ոչ մի ազդեցություն չի ունեցել ուղեղիդ աճի վրա:
ՏԵԼԵՄԱՔ — Մա՞… քեզ ի՞նչ պատահեց: Չլինի՞ նորից ես ճամպրուկս կապել:
ՊԵՆԵԼՈՊԵ — (էլ չթաքցնելով հուզմունքը): Գնա, գտիր նրան, ուղեկցիր մեծ սրահը, գինի տուր ու հրամայիր` կերակրեն:
ՏԵԼԵՄԱՔ — Ե՞ս… էդ բոմժի՞ն…
ՊԵՆԵԼՈՊԵ — (կարճ մտորումից հետո): Չէ, հենց հիմա բարձրացիր սարը, պապիդ մոտ: Մինչև լուսաբաց:
ՏԵԼԵՄԱՔ — Ասացի, չէ՞, էլի տնից քշում ես…
ՊԵՆԵԼՈՊԵ — (ասես տենդի մեջ): Տղաս, հարազատս, առանց հարց տալու, խնդրում եմ… խնդրո՜ւմ…
ՏԵԼԵՄԱՔ — (խորիմաստ): Ասում ես` երազ ես տեսել… (Մոր հայացքից գոտեպնդված): Ինչպես որ կասես: Դեռ ժամանակ ունեմ, իսկ վաղը փեսացուներիդ հավի պես կփիտրեմ ու կտամ կրակին: (Գնում է):
ՊԵՆԵԼՈՊԵ — (նրա ետևից, մեկուսի): Գիտեմ, զավակս, հորդ ես օգնական: (Հնչեցնում է զանգը: Գալիս է Մելանթինը): Հենց հիմա գտիրս ու տուն բեր այդ… մուրացիկին:
ՄԵԼԱՆԹԻՆ — (ինչպես միշտ` դժգոհ): Դարդս կտրվել է` մուրացիկին տուն եմ կանչելու… Կամ ինչի՞ փնտրեմ, հրեն, վեր է ընկած դարպասի քարին: Տելեմաքը դուրս քշեց, բայց ինքը` ոչ ինքնասիրությո՜ւն, ոչ բա՜ն… անգյալի նման փռվել է քարին: Նայեցի դրան ու մեր տիրոջը հիշեցի հանկարծ… (Մեկուսի): Բայց դեռ միտքս լա՜վ պայծառ է, եթե հիշում եմ մեկին, որի անունը կա, բայց շուքը չկա էս պատերի մեջ… (Բարձր): Ինչ էի ասո՞ւմ… Հա, նայեցի դրան, հիշեցի մարդուդ` իսկը կտորն է… մի տարբերությամբ, սա շատ քյոփակ է:
ՊԵՆԵԼՈՊԵ — (ժպտալով): Էլի՛ սկսեցիր… Քսան տարվա մեջ մաղձդ չմաղվեց:
ՄԵԼԱՆԹԻՆ — Ախր, ինչի՞ց պակասեր: Բա դա քեզ մա՞րդ էր… ի՞նչ անենք, որ պատերազմը հերոս դարձրեց: Հերո՜ս… Հերոսը Աքիլլեսն էր, որ բացճակատ, մարտի դաշտում կռիվ էր տալիս: Թե չէ` քո քոքվածը` մի ձի կառուցեց, ու մինչև աշխարհի վերջը էդ ձիու ձեռքը մարդկությունը կրակն է ընկնելու:
ՊԵՆԵԼՈՊԵ — Դու այստեղ լեզվիդ ես տալիս, իսկ նա կարող է թողնել ու գնալ:
ՄԵԼԱՆԹԻՆ — Նա՞… Հենց որ վեր ընկավ քարին, մեր շունը` Արգոսը, փորը գետնին քսելով գնաց, պառկեց ոտքերի տակ: Երևի ինքն էլ դրան նմանեցրեց տիրոջը… ոնց որ ես: Հիմա երկո՜ւսն էլ անջատված մրփում են: Ծերության նշա՛ն:
ՊԵՆԵԼՈՊԵ — Արդեն չափդ անցար: Գնա և կատարիր ասածս: (Մելանթինին կեսճամփա կանգնեցնելով): Սպասիր… ասում ես` Արգոսը պառկեց ոտքերի տա՞կ:
ՄԵԼԱՆԹԻՆ — Հետո էլ ասում են` շան հավատարմություն: Իմ կարճ խելքով` հավատարմությունը նվազում է անցնող տարիների հետ: Երբ պառավում ես` տիրոջդ ինչի հետ ասես` կփոխես: (Քթի տակ շարունակելով փնթփնթալ` գնում է):
Պենելոպեն կանգնում է` մտքերի մեջ… կամ որոշում է անելիքը: Ներս է ընկնում Մելանթինը:
ՄԵԼԱՆԹԻՆ — Տիրուհի, շունը սատկել է:
ՊԵՆԵԼՈՊԵ — Իսկ… օտարակա՞նը:
ՄԵԼԱՆԹԻՆ — Դեռ չէ… բայց հուզվել է… տեսա` շոյում էր մարած աչքերը: Բահ խնդրեց… թաղել է ուզում: Հապա՞, տիրուհիս, անգամ քրջի մեջ հոտած մուրացիկը հոգի ունի… Չէ` քո հերոսը, որ ոչ սի՛րտ ունի ու ոչ էլ հոգի՛:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչո՞ւ ես քրքրում հոգիս, ինչո՞ւ չես խնայում ինձ:
ՄԵԼԱՆԹԻՆ — Որովհետև քեզ լավ եմ ճանաչում ու գիտեմ. թե հրաշք լինի, ու հանկարծ նա վերադառնա` ոտքերը կընկնես, Արգոս շան նման, ու, մեկ էլ տեսար` հոգիդ դուրս փչես` պարտքդ կատարած:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այդ ո՞ր օրվանից սիրելը դարձավ ծաղրի առարկա:
ՄԵԼԱՆԹԻՆ — Երբ զրկվեց հպարտ վրեժի կամքից: (Դուրս է վազում):
ՊԵՆԵԼՈՊԵ — (նրա ետևից): Թե դու ի՜նչ գիտես վրեժի մասին… (Քմծիծաղով): Շունը ապացուցեց հավատարմությունը: Հերթը իմն է:
ՏԵՍԱՐԱՆ 6
Մեծ սրահը: Կրակը վառվում է կրակարանում: Կիսախավար է: Դայակի ուղեկցությամբ ներս է գալիս մուրացիկ ծպտված Ոդիսևսը:
ԴԱՅԱԿ — (դժգոհ): Հերիք չէ` ինչքան հորից-մորից խռոված կա` պալատը դարձրել են հյուրատուն` ձրի ուտում, խմում են` իբր լուր ասելու համար, հիմա էլ սկսել են պայման դնել` «ե՜րբ տիրուհին ընդունի, որտե՜ղ նստեցնի»: Էսպես որ գնա` հատուկ պրոտոկոլ պիտի հնարենք` քեզպեսների համար:
ՈԴԻՍԵՎՍ — (դեռևս` բարեհոգի): Բոլո՞ր հյուրերին ես այսպես ընդունում:
ԴԱՅԱԿ — Դու ի՞նչ հյուր, կամ քեզպեսները…
ՈԴԻՍԵՎՍ — Դե, իհարկե, տունը պաշարած փեսացուներն են հարգված հյուրը:
ԴԱՅԱԿ — Էլի՞ որ… Լավ ընտանիքների հարգված զավակներ…
ՈԴԻՍԵՎՍ — Հիմա հարգված է ուրիշի բարիքը լափող-լակո՞ղը:
ԴԱՅԱԿ — Կարո՞ղ է` Անթիկլեի ուրվականն ես` բայց նոր կերպարանքով:
ՈԴԻՍԵՎՍ — Մեռածին անգամ դու չես խնայում:
ԴԱՅԱԿ — Ինչո՞ւ խնայեմ… Հարսին հույս տալու փոխարեն վատաբանում էր ամեն անկյունում, իսկ հետո դիմեց փոքրոգի քայլի…
ՈԴԻՍԵՎՍ — Ինքն իր մահն ընտրեց: Փոքրոգությո՞ւն է:
ԴԱՅԱԿ — Մի բան էլ` ավել… Հարսի ուսերին թողեց անեծքն ու ծովը գցվեց: Իսկ ինչո՞ւ… հարցրու:
ՈԴԻՍԵՎՍ — Հարցնում եմ:
ԴԱՅԱԿ — Որովհետև չհավատաց ո՛չ որդու սիրուն, ո՛չ հարսի հավատարմությանը:
ՈԴԻՍԵՎՍ — Ինչպե՞ս հավատար: Ոդիսևսը չի գալիս, Պենելոպեն ամուսնանում է:
ԴԱՅԱԿ — Չէ, հաստա՛տ Անթիկլեի ուրվականն ես… ուրեմն` գնա ու խեղդվիր ծովի մեջ ևս մեկ անգամ:
ՈԴԻՍԵՎՍ — Բայց շա՜տ ես դաժան:
ԴԱՅԱԿ — Իսկ էդ ո՞վ ասաց… Օրինակ` Լաերտին ես շա՛տ եմ հարգում: Ինքը սարերում է, բայց` վրան-գլուխը լվացած-մաքուր: Տաք ճաշն էլ` ամեն օր… (Գաղտնիք հայտնողի հպարտությամբ): Էդ ի՛մ շնորհքն է:
ՈԴԻՍԵՎՍ — Իսկ նա ինչո՞վ է արժանացել հոգածությանդ:
ԴԱՅԱԿ — Ճանաչում է որդուն, հավատում է հարսին:
ՈԴԻՍԵՎՍ — Թե Ոդիսևսը վերադառնա` էդ երկար լեզուդ հաստատ կկտրի:
ԴԱՅԱԿ — Ուրեմն, լեզուս դեռ երկա՛ր կֆռֆռա բերանիս միջին:
ՈԴԻՍԵՎՍ — Բա որ հանկարծ գա՞:
ԴԱՅԱԿ — (անսպասելի ջերմեռանդությամբ): Թող լեզուս կտրի, միայն տիրուհիս… (Ողբասաց): Քսան տարի է` նա չի ժպտացել: Քսան տարի է, այս պատերի մեջ չի զրնգացել նրա ծիծաղը…
ՈԴԻՍԵՎՍ — Ամեն օտարի առա՞ջ ես այսպես հոգիդ մերկացնում:
ԴԱՅԱԿ — Իմ տարիքում մերկացնելու ուրիշ բան չունեմ… Իսկ անկեղծացա, որովհետև աչքերդ թրջվեցին Արգոսի համար: Ափսո՜ս, տիրոջից կարոտած գնաց: Լավ, շատ խոսեցի… նստիր, ոնց պատվիրել ես` կրակի կողքին: (Իբր` մեկուսի): Է՜ն օրն ենք ընկել, արժող-չարժողի հրամաններն ենք արդեն կատարում:
Ներս է գալիս Մելանթինը` բերում է ոտնլվայի պարագաները:
ՈԴԻՍԵՎՍ — Ուշանում է ձեր տիրուհին:
ՄԵԼԱՆԹԻՆ — (պայթում է): Դո՛ւ էիր պակաս… Վեր ընկիր տեղդ, ձենդ կտրիր ու շնորհակալ եղիր աստվածներին, որ դեռ այստեղ ես: (Դայակին, կամաց, բայց Ոդիսևսը լսում է): Չգիտե՞ս, Պենելոպեն ուր է գնալու:
ԴԱՅԱԿ — (զարմացած): Գնալո՞ւ… արևը մայր է մտել, շուտով կմթնի, նա ե՞րբ է այս ժամին տնից գնացել: Ի՞նչ ես դուրս տալիս:
ՄԵԼԱՆԹԻՆ — Քեզ բան եմ ասում… նրա սենյակում իրարանցում էր… Էվրինոմեն զգեստներ էր հա տանում ու բերում…
ԴԱՅԱԿ – Լա՜վ, վե՛րջ տուր, էլի՛ հնարում ես, իսկ վաղը դա հերթական բամբասանք կդառնա քաղաքի համար:
Մելանթինը ուզում է հակաճառել` հայտնվում է Էվրինոմեն, գահավորակը դնում է Ոդիսևսի դիմաց, կանգնում է դրա ետևում: Ներս է գալիս Պենելոպեն` վեղարով երկար թիկնոցը հագին:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այս ի՞նչ հավաք է… Մելանթի՞ն…
ՄԵԼԱՆԹԻՆ — Տիրուհի, դայակը բոմժի… էս ի՞նչ ասացի… ասում եմ` դայակը օտարականի ոտքերը պիտի լվանա… (Ցույց տալով սափորով ջուրն ու տաշտակը): Սրանք բերեցի:
ՊԵՆԵԼՈՊԵ — Կարող ես գնալ… (Մելանթինը ուղղվում է դեպի դուռը): Քեզ ի գիտություն` այս երեկո ոչ մի տեղ չեմ գնա: Ինչպես չեմ գնացել քսան տարի:
Մելանթինը հանցանքի տեղում բռնվածի պես շփոթվում, արագ դուրս է գնում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (չափազանցված հոգածությամբ): Էվրինոմե, ինչպե՞ս են իրենց զգում փեսացուներս: Որևէ բանի կարիք չե՞ն զգում:
Ոդիսևսը ցնցվում է, բայց կարողանում է ինքնատիրապետումը չկորցնել: Պենելոպեն հասցնում է նկատել, քթի տակ ժպտում է:
ԷՎՐԻՆՈՄԵ — (սերտած դասի պես): Կուշտ են` պայթելու աստիճան: Խմած են` լուլ-լուլացած: Այնքան, որ աղջիկների մերկապարին չեն արձագանքում: (Իբր` անկեղծ վրդովմունքով): Ի՜նչ օրի հասանք… ոչ մի բանի պետք չեն: Անգամ` կռվելու:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ու թող մեկը փորձվի ասել, որ հյուրասեր չեմ:
ՈԴԻՍԵՎՍ — (իբր` մեկուսի, բայց այնպես, որ կինը լսի): Իսկ թե ո՜ւմ հաշվին…
ՊԵՆԵԼՈՊԵ — (իբր` չլսելով): Հաշիվը կփակի Ոդիսևսը, ամեն մեկին` իր կերած-խմած- խոսածի չափով: Թե վերադառնա: (Դայակին.) Իրո՞ք ուզում ես այս մուրացիկի ոտքերը լվալ:
ԴԱՅԱԿ — (մի պահ մոռանալով, զարմացած): Ո՞նց… դուք չհրամայեցի՞ք… հենց մի քիչ առաջ… (Տեսնելով Պենելոպեի զգուշացնող հայացքը): Ահ, պառավել եմ, ոչինչ չեմ հիշում… (Դասը սերտածի պես): Ախր, ծեր մարդ է, ու էս աշխարհում հաստատ չոր գլուխ… ոչ տուն ունի, ոչ ընտանիք… թափառական, հաստատ` ոջլոտ… Բա ոտքերը… քանի տարի ջուր չեն տեսել…
ԷՎՐԻՆՈՄԵ — («միամի՜տ»): Գուցե մի տարի, իսկ գուցե` քսա՞ն… (Պենելոպեի հայացքին): Իսկ ես ի՞նչ ասի…
ՊԵՆԵԼՈՊԵ — Բարի դայակս, բարի սիրտ ունես, բայց… հին հոդացավ: Օրը ավարտվեց, դու շատ ես հոգնած: Գնա…
ԴԱՅԱԿ — Խեղճի ոտքերը մնան անլվա՞…
ԷՎՐԻՆՈՄԵ — (կծու): Մի քանի տարի էլ դեռ կդիմանա… (Պենելոպեին): Ի՞նչ, չի դիմանա՞…
ՊԵՆԵԼՈՊԵ — (առաջին անգամ նայելով Ոդիսևսի կողմը): Հիմա տեսնո՞ւմ եք, թե ինչ է դառնում անտղամարդ տունը: (Դայակին.) Քեզ` բարի գիշեր: (Էվրինոմեին.) Իսկ դու կսպասես դռան ետևում:
Կանայք դուրս են գնում:
ՈԴԻՍԵՎՍ — Իզուր եք դժգոհում, լավ էլ կառավարում եք:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այստեղ չեմ եկել գովասանք լսելու: Ինձ քո լուրն է պետք:
ՈԴԻՍԵՎՍ — Իսկ եթե ասեմ, որ էլ նա… չկա՞:
ՊԵՆԵԼՈՊԵ — Կասեմ` ստո՛ւմ ես: Այդպիսի լուրով ով էլ հայտնվեր` քաղաքն այդ մասին արդեն կխոսեր: Բայց… ձեն-ձուն չկա: Այս լռությունը ասածիդ ժխտումն է:
ՈԴԻՍԵՎՍ – Տրամաբանո՜ղ կին… Լսելը` լսել էի, բայց արժեր այսքան ճանապարհ անցնել` համոզվելու համար, որ իմաստուն ես:
ՊԵՆԵԼՈՊԵ — (ասես չլսելով նրա ասածը): Իսկ էժանագին հնարքիդ համար…
ՈԴԻՍԵՎՍ — (իբր` քթի տակ): Հիմա դրան ասում են էժան սենսացիա…
ՊԵՆԵԼՈՊԵ — Հենց այդ է, որ կա: Հիսուն մտրակը քեզ կհիշեցնի, որ քո դիմացը Պենելոպեն է: (Անսպասելի): Ոտքի՛…
ՈԴԻՍԵՎՍ — (խաղը նրան դուր է գալիս, չկամ կանգնում է, կծու): Ամեն օր փեսացուներիդ շարք ես կանգնեցնում ու հրամայում` աջ՞, ձա՞խ, թե՞ առաջ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (վերագտնելով ինքնատիրապետումը): Ներիր, հուզմունքս միտքս խավարեց, մոռացա մի պահ, որ իմ դիմացը ծեր, անկար մեկն է` աղքատ ու տնանկ: Որ ընդամենը ուտել է ուզում… Որպես տանտիկին, նախ պիտի հարգեի ներկայությունդ իմ հարկի ներքո ու միայն հետո լուր պահանջեի: Չէ՞ որ աշխարհում ամենաթանկը ինֆորմացիան է: (Բարձր): Էվրինոմե:
Ներս է գալիս Էվրինոմեն:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ջուր լից տաշտի մեջ, յուղը չխնայես, անուշահոտ թուրմն էլ չմոռանաս…
ԷՎՐԻՆՈՄԵ — (կատարում է հրամանը ու նաև, իբր` մեկուսի): Որ օրը էս ժամին բոմժի ոտք չլվամ` օրս օր չէ… (Միանգամից): Սխալ բան ասի՞…
ՊԵՆԵԼՈՊԵ — (երբ նա կատարում է ասվածը, անխռով): Վառիր ջահերը:
ԷՎՐԻՆՈՄԵ — (ջահերը վառելով, այնպես, որ ասածը լսվի): Տեսնողը ի՞նչ կմտածի… (Պենելոպեին.) Բա՜ն էլ չասացի… Տեսնողը ինչ ուզում է` թող մտածի: Իմը` ոտք լվալն է:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ոչ:
ԷՎՐԻՆՈՄԵ — Այսի՞նքն…
ՊԵՆԵԼՈՊԵ — Դու չես լվանա:
ՈԴԻՍԵՎՍ — Այսի՞նքն…
ՊԵՆԵԼՈՊԵ — (Ոդիսևսին պատասխանի չարժանացնելով` բացատրում է Էվրիմոնեին): Մի պահ մոռացա տանտիրուհու պարտականության մասին ու մեղքս քավելու մի միջոց ունեմ:
ՈԴԻՍԵՎՍ և ԷՎՐԻՆՈՄԵ — Միայն ոչ էդ մեկը:
ՊԵՆԵԼՈՊԵ — Որոշումս քննարկման ենթակա չէ: (Էվրինոմեին.) Քեզ բարի գիշեր:
ԷՎՐԻՆՈՄԵ — Դռան ետևո՞ւմ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Քո անկողնու մեջ:
ԷՎՐԻՆՈՄԵ — (լուռ նայում է Պենելոպեին, հայացքով ինչ-որ բան է ասում, հետո պայթում է): Շատ էլ ճի՛շտ ասի… (Դուրս է վազում):
Անհարմար իրավիճակ: Լռություն:
ՊԵՆԵԼՈՊԵ — (ասես ոչինչ չի եղել): Վերադառնանք մեր… Ոդիսևսին: Ես չեմ հավատում, որ մահացել է, բայց համոզված չեմ, որ դեռ ճամփին է: Ես չե՞մ սխալվում:
ՈԴԻՍԵՎՍ — Նույնիսկ չգիտեք, թե որքան մոտ եք ճշմարտությանը:
ՊԵՆԵԼՈՊԵ — (դառնությամբ): Ճշմարտությո՜ւն… կուշտ եմ դրանից: Վերջին տաս տարում ինչ որ արել եմ հանուն այդ բառի` միայն պարտվել եմ:
ՈԴԻՍԵՎՍ — Տելեմաքին տեսա… Այդպիսի տղամարդ մեծացնողը ինչպե՞ս կարող է խոսել պարտության մասին:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինձ ուրախացնում է այդ հանգամանքը, բայց չի մխիթարում:
ՈԴԻՍԵՎՍ — Անթիվ քաղաքներ եմ անցել, շատ կղզիներում` հանգրվանել… Հազար ու մի խոսակցություն եմ լսել, ու էդ հազարը խոսքը մեկ արած Պենելոպեի մասին են պատմում… իսկ ավելի ճիշտ` նրա հավատարմութան:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ոգևորությունդ չեմ հասկանում: Քե՞զ դրանից ինչ…
ՈԴԻՍԵՎՍ — Համարյա ոչինչ: Բայց գաղափարի համար շատ լավ է…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ո՞ր գաղափարի:
ՈԴԻՍԵՎՍ — (չկարողանալով թաքցնել ինքնագոհությունը): Դու համաձա՞յն ես արդեն հաստատված այն կարծիքի հետ, որ Ոդիսևսը շա՜տ մեծ հերոս է, ու նրա մասին դարեր կխոսեն:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինձ դրանից ի՞նչ:
ՈԴԻՍԵՎՍ — Ոչնչից ոչինչ: Բայց… Ոդիսևսի կողքին առասպել դարձած հավատարիմ կին` ա՜յ, դա ուրիշ է… Իրար արժանի, իրար հավասար: Մեկը` մեծ հերոս, մյուսը…
ՊԵՆԵԼՈՊԵ — Հիմար:
ՈԴԻՍԵՎՍ — Չհասկացա՜…
ՊԵՆԵԼՈՊԵ — Դժվար հասկանաս: Տարիքդ վաղուց միտքդ ջնջել է հիշողությունից, դու մոռացել ես, որ կյանքը միայն սպասումը չէ:
ՈԴԻՍԵՎՍ — Բայց այսքան տարի սպասել ես, չէ՞:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ղալաթ եմ արել… (Մտերմաբար): Հաստատ սկլերոզ ես ու առավոտյան դու կմոռանաս, ինչ հիմա ասեմ: Դրա համար էլ ես կանկեղծանամ… հոգիս լցված է, ու մեկը չկա, որ խոստովանեմ: Այստեղ ոչ մեկը ինձ չի հասկանում… ես նրանց համար խորհրդանի՜շ եմ… հավատարմության կենդանի արձա՜ն: (Կծու): Մնում է պարզել` թե ի՛նչ կենդանի:
ՈԴԻՍԵՎՍ — (չդիմանալով): Հիմար… ավանա՞կ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (իբր ուրախացած): Բա որ ասում եմ` ինձ կհասկանա՞ս:
ՈԴԻՍԵՎՍ — (կարեկցանքով): Պատկերացնում եմ` ո՜նց ես կարոտել…
ՊԵՆԵԼՈՊԵ — Արդեն չգիտեմ:
ՈԴԻՍԵՎՍ — Այսի՞նքն… Մարդիկ պատմում են, հուզվում…
ՊԵՆԵԼՈՊԵ — … արտասվո՜ւմ: Իսկ ես ինչ ասե՞մ… (Անսպասելի ետ է գցում վեղարը` երևում է շքեղ սանրվածքը: Իբր մտացիր խաղալով խոպոպների հետ): Հոգնել եմ… հո՜գ-նե՜լ: Կյանք տեսած մարդ ես, պիտի հասկանաս` ջահել եմ: Ջա՜-հե՜լ:
ՈԴԻՍԵՎՍ — Քառասուն չկա՞ս: Ասա` քառասուն (մատը խփելով ճակատին), ու տեղը կգա:
ՊԵՆԵԼՈՊԵ — Խելքս չեմ կորցրել, որ վերադառնա: Ես ափսոսում եմ չապրածի՛ս համար: Դու ինձ հոր տեղ ես, հոր աչքով նայիր ու հետո ասա…
ՈԴԻՍԵՎՍ — Ուզածդ ի՞նչ է:
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինձ հետ ափսոսա, որ կյանք չտեսա:
ՈԴԻՍԵՎՍ — (խոցված): Իսկ Ոդիսևսը՞…
ՊԵՆԵԼՈՊԵ — Նա սոված մնա՞… Կիրկե, Կալիփսո… հայտնի, անանուն… էլֆեր, նայադներ… ո՞ր մեկին ասեմ:
ՈԴԻՍԵՎՍ – Լա՜վ… տղամարդ է:
ՊԵՆԵԼՈՊԵ – Ի՜նչ ճիշտ ասացիր: Մոռացել էի… նույն ցեղից եք, չէ՞…
ՈԴԻՍԵՎՍ — Դու մի չարանա… Ամեն կնոջը մի բախտ է տրված: Ասենք` Հեղինեն… գեղեցկությունը պատիժն է նրա: Իսկ քեզ տրված է հավատարիմ սիրտ որպես մեծ ընծա:
ՊԵՆԵԼՈՊԵ — (Հեղինեի հիշատակումը այն կաթիլն է, որ լցնում է նրա համբերության բաժակը: Բազմանշանակ): Այո՛, Հեղինեն, չքնա՜ղ Հեղինեն… Բայց մենք շեղվեցինք: Ու ես մոռացա, որերորդ անգամ, իմ անելիքը: (Մոտենում է տաշտին):
ՈԴԻՍԵՎՍ — (իսկապես վախեցած): Գուցե կանչեք դայակի՞ն:
ՊԵՆԵԼՈՊԵ — Վաղո՜ւց է քնած: (Տաշտը մոտեցնում է):
ՈԴԻՍԵՎՍ — (փորձում է տեղից ելնել): Գուցե ես ի՞նքս…
ՊԵՆԵԼՈՊԵ — (տիրական): Հապա մի` զգա՛ստ… Ոտքերդ` ջուրը:
ՈԴԻՍԵՎՍ — (փորձելով «դեմքը չկորցնել»): Մեռնելուց առաջ հիշելու բան կա` հպարտ Պենելոպե ու` ոտնլվա…
ՊԵՆԵԼՈՊԵ — Բայց ինչո՞ւ` հպարտ, խոհեմ, ողջամիտ… հավատարիմ… և ուրիշ ոչինչ… ասենք` հմայիչ, գեղանի… հրաշք: Չէ, դու մեղք չունես, պատճառը ես եմ, իսկ ավելի ճիշտ` խոհեմությունս:
Շպրտում է թիկնոցը. կին է` հմայքով ու ցանկասեր:
ՈԴԻՍԵՎՍ — (քիչ է մնում` աթոռից ընկնի): Գրո՛ղը տանի…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինչո՞ւ վատացար… դու ճնշո՞ւմ ունես, թե՞ միգրեն կպար: Քո տարիները ու ստրուկ վիճակը ինձ թույլ են տալիս, որ ազատ զգամ… Իսկ դու կիմանաս, թե ինչ է լինում, երբ տանտիրուհին ի՛նքն է լվանում հյուրի ոտքերը: Նախադեպն էլ կա` իմ Տելեմաքը ու… մի Հեղինե: (Ծնկի է իջնում, ապշահար ամուսնու ոտքերն է սկսում լվանալ): Այս ինչքա՜ն կեղտ է, քարացած փոշի… Ի՜նչ ճանապարհներ, քանի՞ քաղաքներ հետքերն են թողել ոտքերիդ վրա… Տե՛ս, փոշին մաքրվեց… բայց հետքը մնաց: Սա ուրի՛շ հետք է… այս քանի՜ կանանց ձեռքեր եմ տեսնում, որոնք շոյել են, նաև` լվացել… գուրգուրել են քեզ… համբույրով ծածկել… Աստիճանաբար Պենելոպեի խոսքը դառնում է անհասկանալի: Ոդիսևսը վերջին ճիգով փորձում է դիմակայել նրա գայթակղությանը ու միաժամանակ սարսափահար հետևում է կնոջ ավելի ու ավելի բացահայտ սադրանքին:
ՈԴԻՍԵՎՍ — (վերջին ճիգով): Բայց ես չե՜մ կարող…
ՊԵՆԵԼՈՊԵ — (շնչահատվելով, ձեռքերը դանդաղ բարձրանում են ամուսնու ոտքերն ի վեր): Ինչո՞ւ ես այդքան անվստահ…
ՈԴԻՍԵՎՍ — Ես այդ իրավունքը չունե՜մ:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այդքան ապրել ես ու դեռ չգիտե՞ս, այդ իրավունքը տալիս է կինը:
Գրկախառնվում են:
ՏԵՍԱՐԱՆ 7
Պենելոպեն ու Ոդիսևսը գրկախառնված, պառկած են հատակին: Կրակը հանգած է, իրենք` մոխրաթաթախ: Պենելոպեի ոսկեհուռ զգեստն ու Ոդիսևսի քրջերը իրարից չեն տարբերվում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (աչքերը փակ): Ի՞նչ ես մտածում:
ՈԴԻՍԵՎՍ — Եթե հանկարծ հայտնվի քաջ Ոդիսևսը…
ՊԵՆԵԼՈՊԵ — (չթողնելով, որ խոսքն ավարտի): Մինչև շանսատակ չանի փեսացուներիս` այստեղ չի մտնի, ինչի՞ց ես վախենում:
ՈԴԻՍԵՎՍ — Նրանից չէ` ինձնից եմ վախենում:
ՊԵՆԵԼՈՊԵ — Իրեն չհավատացողն է վախենում ինքն իրենից: (Առանց աչքերը բացելու): Ի՞նչ ես այդպես նայում:
ՈԴԻՍԵՎՍ — Աչքերիս չեմ հավատում: Ես` անտուն մուրացիկ, դու…
ՊԵՆԵԼՈՊԵ — (կրքոտ): Համբուրիր ինձ: (Գրկախառնությունից հետո: Բազմանշանակ): Անհա՜…
ՈԴԻՍԵՎՍ — (նստում է տեղում, դեռևս չհավատալով երջանկությանը` խելացնոր նայում է կնոջը): Ի՞նչ…
ՊԵՆԵԼՈՊԵ — (աչքերը դեռ փակ): Բա՞ն ասացիր:
ՈԴԻՍԵՎՍ — (կաթվածին մոտիկ): Ես` չէ, դու… հենց նոր… ի՞նչ էիր ասում:
ՊԵՆԵԼՈՊԵ — (փակ աչքերով, մտածկոտ): Ինչ էի ասո՞ւմ… (Իբր չհիշելով): Համբուրիր ինձ…
ՈԴԻՍԵՎՍ — (գրկախառնությունը ավելի շատ խեղդելու առաջին փուլն է հիշեցում: Հետո շունչը ետ բերելով): Դե, ասա… ի՞նչ էիր ուզում ասել…
ՊԵՆԵԼՈՊԵ — (ինքն էլ` շնչահատ): Բայց ես բան էի ուզում ասե՞լ…
ՈԴԻՍԵՎՍ — (աղերսանքով): Իհարկե, ուզում էիր, ես լսեցի… իսկապես լսեցի… դե՞…
ՊԵՆԵԼՈՊԵ — (երանությունից ճմլկոտելով): Հա՜… հիշեցի… անհա՜… (Կամակոր): Էլի՛ համբուրիր:
ՈԴԻՍԵՎՍ — (գրկախառնությունից հետո համարյա կիսախեղդ Պենելոպեի վրա հակվելով, հիպնոսողի նման): Դու ասացիր ան… անհա… Հետո՞… ես մեկին գիտեի, որ սիրում էր ասել «անկուշտս»… իսկ դո՞ւ… նոր ի՞նչ ասացիր:
ՊԵՆԵԼՈՊԵ — (լայն բացում է աչքերն ու քրքջում` քսան տարվա լռութունից հետո: Անսպասելի լռում է, իբր նոր զգալով մերկությունը` ծածկվում է թիկնոցով և ամոթխած, շա՜տ ամոթխած շշնջում): Անհա՜…. անհարմա՛ր է… կտեսնեն: (Ու դուրս է նետվում):
Ոդիսևսը քարացած հետևում է նրան, հետո… կատաղության նոպա, որն ավարտվում է հնոտիները վրան քաշելով ու դուրս վազելով:
ՏԵՍԱՐԱՆ 8
Դուռը զգույշ բացվում է, ներս է նայում Էվրինոմեն, մտնում ու ձեռքով նշան է անում: Ներս է մտնում Պենելոպեն` մոխրաթաթախ, բավականությունից փայլատակող աչքերով: Նրանք սկսում են կարգի բերել սենյակը, ընթացքում երկխոսելով: Այդ հարց—պատասխանը աստիճանաբար արագանալով` վերածվելու է երգապարի, հեռավոր կերպով հիշեցնելով ռեփը:
ԷՎՐԻՆՈՄԵ – Ո՜նց դուրս թռավ քո սենյակից…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ոնց որ առյուծը` վառվող վանդակից:
ԷՎՐԻՆՈՄԵ — Աչքերը ճակատ թռած, մազերը` բիզ-բիզ…
ՊԵՆԵԼՈՊԵ — Հազիվ սիրտս ազատվեց խեղդող օղակից:
ԷՎՐԻՆՈՄԵ — Զևսից ավել բարկացած…
ՊԵՆԵԼՈՊԵ — Կատղած Պոսեյդոն:
ԷՎՐԻՆՈՄԵ — Փոթորիկ է հիմա նա…
ՊԵՆԵԼՈՊԵ — Կայծակ ու որոտ:
ԷՎՐԻՆՈՄԵ — Չեմ նախանձի ես նրան, ով ճամփան կտրի…
ՊԵՆԵԼՈՊԵ — Մահ է հիմա բաժանում, ով դեմը ելնի:
ԷՎՐԻՆՈՄԵ — Տրոյական հերոսին վայե՞լ էր հապա…
ՊԵՆԵԼՈՊԵ — Դառնալ կրքոտ սիրեկան…
ԵՐԿՈՒՍՈՎ — Իր կնոջ համար:
Տեսարանը կարելի է անվանել վհուկների դուետ-պար:
Աստիճանաբար նրանց պարին խառնվում է ճակատամարտ հիշեցնող աղմուկ:
ՊԵՆԵԼՈՊԵ — (դադարում է պարել, ուրախությունը փոխարինվում է անհանգստությամբ): Լռի՛ր: (Էվրինոմեն ինքնամոռաց դեռ պարում է): Ասացի` վերջ տուր: (Էվրինոմեն դժկամ կիսատ է թողնում պարը): Ձայներ չե՞ս լսում:
ԷՎՐԻՆՈՄԵ — (անհոգ): Էն էլ ո՜նց… Մուռը քո դժբախտ փեսացուներից է հանում: Թեև նրան լավ եմ հասկանում. բա ասում էին` ողջախոհ, հավատարիմ Պենելոպե՜… (Խռովկան): Ինչ ասի՞ որ…
ՊԵՆԵԼՈՊԵ — (ուշքն ու միտքը դրսում է): Տելեմաքը հասավ օգնության: Աստվածնե՜ր, օգնեցե՛ք նրանց:
ԷՎՐԻՆՈՄԵ — Ի՞նչ ես իրար խառնվել, թե՞ կասկածում ես, որ հաղթելու են: (Բազմանշանակ): Երկուսի համար ի՞նչ մի մեծ բան է կռտած խոզերին հերթով մորթելը: Չէ՞ որ այդ խոզերին դու ես կռտել: Այնպես որ, անհանգստությունդ իզուր է:
ՊԵՆԵԼՈՊԵ — (իրեն հավաքելով): Անհանգիստ եմ, որովհետև հիմա այստեղ կգա ամուսինս, իսկ ես դեռ հագնված չեմ:
ԷՎՐԻՆՈՄԵ — Եվ ինչպե՞ս է ամուսնուն դիմավորելու նրա կինը, ով քիչ առաջ պառկեց… թափառաշրջիկ մուրացիկի հետ: (Միանգամից): Ասի` ինչ որ պիտի ասեի:
ՊԵՆԵԼՈՊԵ — Նա կգա, կկանգնի շեմին ու կնայի ինձ: Ինչպես վայել է ամուսնուն հավատարիմ սպասած կնոջը` ես կմոտենամ, ծնկի կիջնեմ (կողմ` սարկաստիկ) Արգոսի նման… (նախկին տոնով), կհամբուրեմ ձեռքը, (կողմ` սարկաստիկ) բայց, ի տարբերություն Արգոսի` շունչս չեմ փչի: (Նախկին տոնով: ) Հետո ոտքի կելնեմ ու… կնայեմ նրա աչքերին:
ԷՎՐԻՆՈՄԵ — Ընդամե՞նը… (Հայացքով ցույց տալով հանգած կրակը, Պենելոպեի մոխրախառն զգեստը):
ՊԵՆԵԼՈՊԵ — (միամիտ զարմանքով): Բայց ասելու ուրիշ բան կա՞…
ԷՎՐԻՆՈՄԵ – Մե՜ղք է…
ՊԵՆԵԼՈՊԵ — Ինձնից ո՛չ ավելի:
ԷՎՐԻՆՈՄԵ — Իսկ եթե հարցնի՞…
ՊԵՆԵԼՈՊԵ — Այդ մեկը` երբե՛ք… առանց հարցերի մենք կծերանանք խաղա՜ղ, կողք-կողքի՜:
ԷՎՐԻՆՈՄԵ — Ու չի՞ հարցնի:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այդպես էլ կապրի, մինչև կյանքի վերջ իրեն տանջելով:
Լսվում են հաղթական փողերի ձայներ, ուրախ բացականչություններ:
ՊԵՆԵԼՈՊԵ – Փա՜ռք աստվածներին, տունս մաքրվեց: Գնանք, պատրաստվեմ դիմավորելու:
ԷՎՐԻՆՈՄԵ — (իբր` մեկուսի): Չէ, դուրըս եկավ… թող հոգին վառվի մի հոգավորի: Որ մյուս անգամ տնից դուրս գալուց` մի քսան տարով նորից դուրս չընկնի: (Բարձր): Ես համոզված եմ, որ աստվածները փորները բռնած հռհռում էին` հետևելով ձեզ: Հո տեսարան չէ՜ր` անառիկ Պենելոպեն տրվել է առաջին պատահածին, իսկ Ոդիսևսը պառկել է իրեն դավաճանող կնոջ հետ: Բայց, միայն անկեղծ… մի՞թե կարծում ես, որ հախից եկար…
ՊԵՆԵԼՈՊԵ — Համենայնդեպս, վերջին տաս տարին այս տեսարանի հույսով եմ ապրել:
ԷՎՐԻՆՈՄԵ — Մարդուդ տրոյական փայտե ձիուն տվեցիր անցար:
ՊԵՆԵԼՈՊԵ — Այդ մեկը` դժվար…
ԷՎՐԻՆՈՄԵ — Չէ, հաստա՛տ անցար: Կինը դավաճանի ամուսնուն` պառկելով այդ նույն ամուսնու հետ և այդքանից հետո ամուսինը չիմանա` այդ մենամարտում ինքը շահե՞լ է մի զույգ եղջյուրներ, թե՞ դա հաշիվ չէ… Չլսված բան էր, բայց կարողացար: (Վերև նայելով): Ես կասկածում եմ, որ քո արածը Զևսի դուրը գա… Տղամարդ է, չէ՞, թեկուզ և` աստված: (Պենելոպեին.) Դրա համար եմ ես համոզված, որ քո՛ հորինած Իթակեի ձին մարդկության համար գաղտնիք կմնա:
ՊԵՆԵԼՈՊԵ — Իմ ուզածն է դա: (Գնում է դուրս, կեսճամփա շրջվում է դեպի դահլիճը): Իսկ եթե հիմա ձեզնից մեկնումեկը մտքում քմծիծաղում է կամ զարմացած հարցնում` արդյո՞ք վրեժս համարժեք էր քսան տարվա սպասումիս, ուրեմն այդ մեկը ընդհա՛նրապես մեզ չի ճանաչում: