Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/«ԹՈՌՆԻԿ ՊԱՏՎԻՐԵ՞Լ ԵՔ»
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԹՈՌՆԻԿ ՊԱՏՎԻՐԵ՞Լ ԵՔ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում
Երկու տարի առաջ (2009 թ.) հասարակությունը ալեկոծվեց երևանյան մանկատներից մեկում բացահայտված մանկապղծության սահմռկելի իրողությունից: Այդ օրերին հաճախ էին ինձ դիմում լրագրողները՝ կարծիքս լսելու ակնկալիքով: Մերժում էի. այդ ստոր, չմարդ արարածին արժանի որակումը չէի գտնում: Ու միայն ժամանակ անց «հայտնվեց» իմ Զառա-Արսեն կերպարը և թելադրեց այս պիեսը: Միայն ինքը կարող էր ասել այն, ինչ ես չկարողացա ասել այն օրերին…
Գործող անձինք
ԱՆԵՏ – նույն ինքը` ԻՆԵՍԱ, 50-ին մոտ, խնամված, ջահելատես
ԶԱՌԱ – նույն ինքը` ԱՐՍԵՆ, 14 տարեկան
Ընդարձակ նախասրահ-հյուրասենյակ: Բեմի խորքում` կենտրոնում, մեծ հեռուստացույցի էկրանին թոք-շոու է: Տեսախցիկը խոշոր պլանով ցուցադրում է տաղավարում նստածներին, կադրից դուրս հաղորդավարի ձայնն է:
Հաղորդավարի ձայնը – Մենք հաճախ, ցավոք, շա՛տ հաճախ ենք լսում ու խոսում մարդկային անտարբերության մասին: Թվում է` զարմանալու տեղ այլևս չի մնացել, սակայն…
Էկրանին հայտնվում է տիկնիկադեմ հաղորդավարը:
Հաղորդավար – Այս պատմությունը, հավատացած եմ, ձեզնից և ոչ մեկին անտարբեր չի թողնի, որովհետև դեմ-դիմաց են մնացել ծերությունն ու մենակությունը: Ես տաղավար եմ հրավիրում մեր հյուրին` տիկին Ինեսային…
Ծափահարությունների ուղեկցությամբ գալիս է Ինեսա-Անետը: Հագնված է կոկիկ, բայց հնաձև, կիսամաշ կոստյում, փակ օձիքով բլուզին փղոսկրյա բրոշ է` հին օրերի պերճանք: Աչք է զարնում ոչ այնքան տարօրինակ սանրվածքը, որքան մազերի գույնը` վառ ժանգագույն: Նա մի փոքր վախեցած տեսք ունի, նստում է բազմոցին, խնամքով ուղղում է փեշը, հնաբույր լաքե պայուսակից հանում է սև ժանեկավոր հովհար, որն այդպես էլ չի բացում, ավելի շատ օգտագործում է նրբագեղ շարժումով ասելիքը կարևորելու համար:
Հաղորդավար – Եվ այսպես… Ինչպե՞ս պատահեց, որ ունենալով զավակ, հարս, բնական է, նաև թոռնիկ… կամ թոռնիկներ, այսօր դուք մենակ եք:
ԻՆԵՍԱ — (շուրթերը սեղմելով` խոր հոգոց է հանում, իբր փորձում է ցույց չտալ հուզմունքը): Չգիտեմ… Երևի իմ ճակատին էր գրված…
Հաղորդավար – Դուք ֆատալի՞ստ եք:
ԻՆԵՍԱ – Այդպիսի ամուսին ունեցողը ֆատալիստ չէ` ինչ ասես կդառնար: Նա…
Հաղորդավար – (փորձելով թեմայից չշեղվել): Մենք հիմա խոսում ենք ձեր տղայի մասին:
ԻՆԵՍԱ – Իսկ ե՞ս ում մասին եմ խոսում… ինչպես կյանքը ցույց տվեց` նա հոր վատթարագույն տարբերակը եղավ:
Հաղորդավար – Ես արդեն հասկացա, որ պիտի սկսենք սկզբից: Այսինքն` ձեր ամուսնուց…
ԻՆԵՍԱ — (մի պահ կորցնելով ինքնատիրապետումը): Այդ սրիկան, փալասը… (Կանխելով հաղորդավարի բողոքը:) Լավ, չեմ շարունակի… բայց դո՛ւք ասեք, այդ փալասը ինձ՝ չէ, նորածին որդուն ինչպե՞ս կարողացավ զոհաբերել այդ… այդ…
Հաղորդավար — (հապշտապ): Ցավոք, ես չեմ կարող ասել… Բայց, տիկին Ինեսա, փորձենք արդարամիտ լինել… ըըը… ինչպե՞ս ասեմ, որ ճիշտ հասկանաք… հենց նոր ասացիք, որ ձեր տղան հորը համարյա չի տեսել…
ԻՆԵՍԱ — (տոնը լավ բան չի խոստանում): Չեմ հասկանում, ինչ եք ակնարկում…
Հաղորդավար – Ուզում եմ ասել, որ դո՛ւք եք նրան դաստիարակել:
ԻՆԵՍԱ — (թունավոր քաղցրությամբ): Ջանիկս, գիտե՞ք` ինչ է կեղտոտ արյունը:
Հաղորդավար – Գուշակում եմ:
ԻՆԵՍԱ – Պիտի գուշակեք, դրա համար են ձեզ փող տալիս… և ինչքան գիտեմ` քիչ փողեր չեն:
Դահլիճում անկաշկանդ ծիծաղ է:
Հաղորդավար — (փորձելով նախաձեռնությունը ձեռքից բաց չթողնել): Երանի այնքան ստանայի, որքան դուք եք կարծում: Բայց չշեղվենք:
ԻՆԵՍԱ – Ձեր ցեղն ու` չշեղվի՞… Դուք հենց շեղվելու համար եք ստեղծված: Հեռու չգնանք` և այդ փալասը, և տղաս շեղվեցին երկու համաշխարհային պոռնի…
Հաղորդավար — (շփոթահար): Միայն առանց ածականների…
ԻՆԵՍԱ – Ածականով, կամ առանց ածականի, դրանք… (Անթաքույց հաճույքով ըմբոշխնելով հաղորդավարի վիճակը:) Լավ, կասեմ` երկու լիրբ: Թեև դրանից ոչինչ չի փոխվում… Որովհետև հենց տղամարդը հանդիպում է դրանց… չասեմ` ում, խելքը կորցնում, անխելք գլուխն առնում, տնից փախչում է:
Այդ պահին բացվում է դուռը: Ներս է մտնում տիկին Ինեսան: Լաքե պայուսակը դնում է դարակին, նախապես հանելով հովհարը, գալիս-նստում է հեռուստացույցի առաջ, դիտում իրեն`վերջապես գործի դնելով հովհարը:
Հաղորդավար – Այսինքն, երբ ձեր տղան հանդիպեց այդ…
ԻՆԵՍԱ – Առանց ածականների:
Դահլիճում անզուսպ ծիծաղ է:
Հաղորդավար – (շեշտով): … նրան ու նույն պահին մոռացա՞վ ձեզ:
ԻՆԵՍԱ – Չէ, տղաս այդքան երախտամոռ չէր: Նախ տուն բերեց այդ… ծանոթացնելու:
Հաղորդավար – Իսկ թե ինչ պատահեց, երբ ապագա հարսն ու կեսուրը հանդիպեցին` կիմանաք գովազդային կարճ ընդմիջումից հետո:
Էկրանին` գովազդ:
Անետը հեռակառավարման վահանակով անջատում է ձայնը, զանգում է:
ԻՆԵՍԱ — (լրիվ ուրիշ` կրծքային թավշյա ձայնով): Ալո… ես եմ: Եթե խնդրեմ` կիրակի օրվա փոխարեն ուրբաթ չե՞ք գա: Ամուսինս շաբաթ է վերադառնում գործուղումից, չեմ ուզում, որ ճանապարհից գա, իսկ այստեղ դուռ ու պատուհան են լվանում: Հարմա՞ր է… Ուրեմն` ուրբաթ կսպասեմ… հա, ինչպես միշտ, ժամը տասին: Ցտեսություն: (Հեռախոսն անջատելով, գոհ:) Հրաշալի է: Ես սուրճ խմելու իրավունք վաստակեցի:
Հովհարը դնում է սեղանիկին, անցնում է կողքի սենյակը` նախապես միացնելով հեռուստացույցի ձայնը, իսկ ընթացքում հանում է կեղծամը` երևան հանելով մոդայիկ սանրվածքը:
Գովազդն ավարտվում է: Տաղավարն է:
Հաղորդավար – Եվ այսպես, ի՞նչ պատահեց, երբ դուք հանդիպեցիք առաջին…
ԻՆԵՍԱ — … ու վերջին անգամ: Ոչինչ չպատահեց: Մի հայացքս բավական էր, հասկանալու համար, որ իմ խեղճ, միամիտ տղան այդ… (Կանխելով հաղորդավարին:) … վամպիրի զոհն է:
Հաղորդավար — Ե՞վ…
ԻՆԵՍԱ – Դուրս շպրտեցի: Նկատի ունեցեք. մի բառ անգամ չասացի, պարզապես բռնեցի ու…
Հաղորդավար – Երկուսին միասի՞ն…
ԻՆԵՍԱ – Տղայիս կարողացա ետ պահել, որ այդ արնախումը անմեղ երեխայիս արյունը չխմի: Իսկ նա չգնահատեց արածս… մի օր հավաքեց ճամպրուկն ու գնաց: (Էկրանին նրա հովհարը ասելիքը առավել շեշտելու միջոց է:)
Հաղորդավար – Ես գիտեմ, որ այլևս նրանց չեք հանդիպել: Քանի՞ տարի է անցել այդ օրից:
ԻՆԵՍԱ – Տասնյոթ… մինչև սկսեցի մտածել, որ գուցե պետք էր ավելի հանդուրժող լինել… (Հուզվում է:) Ավտովթարից մահացավ… տղաս: (Հեկեկում է:) Հետն էլ այդ… այդ… նրա կի~նը…
Հաղորդավար – Փաստորեն, միայն մեռնելու գնով նա… ըմմ… ձեզ համար դարձավ ձեր տղայի կինը:
ԻՆԵՍԱ – Հա, ուզածին հասավ` այն աշխարհում էլ տղայիս կողքից անբաժան է…
Դահլիճը աշխույժ քննարկում է, աղմուկ է:
Հաղորդավար – Իսկ նրանց երեխա՞ն…
ԻՆԵՍԱ – Թոռնիկիս վերցրեց մյուս տատը… այդպես էլ նրան չտեսա… (Դեմքը փակած լալիս է:)
Հաղորդավար – Դաժան պատմություն է, դաժան…
Ներս է մտնում Անետը, թավշե խալաթը նրան ոչ միայն երիտասարդացրել ու հրապուրիչ է դարձրել, այլև հեռավոր նմանություն չի թողել էկրանից խոսող Ինեսայի հետ: Սուրճի բաժակը դնելով սեղանին` վահանակով անջատում է ձայնն ու ինքն է խոսում, իսկ էկրանին բերանը բացուխուփ է անում Ինեսան: Էկրանին ու բեմում սինխրոն խաղ է:
ԱՆԵՏ — (Ինեսայի ձայնով ու տոնով): Ի՞նչ եք թութակի պես կրկնում` դաժան, դաժան… Ձեր խոսքերի համար չեմ եկել այստեղ: Ես թոռիս եմ փնտրում: (Նորից արտասվելով:) Պատահաբար իմացա, որ հինգ տարի առաջ տատը հոգին փչել է… (Ի պատասխան հաղորդավարի կշտամբող հայացքի:) Դե լավ… մահացել է: Իսկ թոռս մանկատանն է: Մինչև որոշեցի գնալ-գտնել, պարզվեց` փախել է մանկատնից… ոչ ոք չգիտե` որտեղ է, ինչ է անում… (Անետը բարձրացնում է հեռուստացույցի ձայնը:)
Հաղորդավար – Հարգելի հեռուստադիտողներ, եթե ինչ-որ բան գիտեք տիկին Ինեսայի թոռնիկի մասին, դիմեք մեզ: Դուք կարող եք օգնել` գտնելու Արսեն Նարեկի Արասյանին, որը հիմա տասնվեց տարեկան պիտի լինի: Զանգեք մեզ, գուցե հիմա ինչ-որ տեղ Արսենը մտածում է աշխարհում իր միակ հարազատի` Ինեսա տատիկի մասին:
ԱՆԵՏ — (հեռուստացույցն անջատելով): Արսեն Նարեկի Արասյան, որտե՞ղ ես, աո~ւ… Հայտնվիր ու մխիթարիր այդ ինքնասիրահարված ապուշին… Ու դեռ պրոֆեսիոնա~լ է… (Նմանակելով հաղորդավարին:) Գուցե հիմա ինչ-որ տե~ղ… զանգեք մե~զ… (Հեռախոսազանգ:) Զանգեց: (Վերցնում է հեռախոսը:) Գոհա՞ր… նայեցի՞ր… Ասում ես` լա՞վ էր… չգիտեմ, չգիտեմ… Այդ ջահելը նյարդերիս ազդում է: Ինչպե՞ս թե` ինչ… ապաշնորհի մեկն է: Սուֆլյորով անգամ տեքստը խառնում է: Դրա համար էլ տեսագրում են, իսկ հետո, իբր` ուղիղ եթեր տալիս… Բա՞, տեսագրված է… Այսօր էլ էն օյինը դրեց… այնքան դուբլ արեցինք, որ երբ վերջապես ավարտեցինք, կատաղած դուրս թռա… առանց գրիմ հանելու… պատկերացրու` էդ խփնված Ինեսայի տեսքով տուն եկա: Ասում ես` լավ էի մտել դերի մե՞ջ… Չգիտեմ, չգիտեմ, Աստված հեռու պահի ինեսաներից, եթե դրանք իրոք գոյություն ունեն… Մերո՞նք… Մի շաբաթ է` ծովափում են, թոռներիս կարոտից արդեն ցնդվում եմ… Հա, մարդս էլ որ կողքս չէ, ավելի դժվար եմ տանում նրանց բացակայությունը: Չէ, բան չմնաց, երկու օրից կգա… (Դռան զանգ:) Դուռն են զանգում… Ինչ իմանա՞մ, էս ժամին ոչ գազից են գալիս, ոչ ջրաչափ են ստուգում… Ես ոչ մեկին չեմ սպասում… (Զանգն ավելի երկար է հնչում:) Լավ, գնամ, տեսնեմ` ով է, հետո կզանգեմ:
Հայելու կողքով անցնելիս ուղղում է սանրվածքը, բացում է դուռը: Շեմին կանգնած է Արսեն-Զառան: Շատ լայն ջինսե տաբատ, լայն բլուզ` շալվարի վրա թողած, գլխին` ջինսե կեպի: Այն տպավորությունն է, որ նրա հագուկապը առնվազն մի երկու չափս մեծ են:
ԱՐՍԵՆ — (փորձելով շատ ինքնավստահ երևալ): Ինձ Ինեսան է պետք:
ԱՆԵՏ — Ի՞նչ…
ԱՐՍԵՆ – Ինձ պետք է Ինեսան:
ԱՆԵՏ – (թեթև հեգնանքով): Իսկ դու Ինեսային պե՞տք ես:
ԱՐՍԵՆ – Պետք չլինեի` չէի գա:
ԱՆԵՏ – Ինչքան գիտեմ` նա ոչ մեկի կարիքը չունի:
ԱՐՍԵՆ – Ուրեմն` չգիտես:
ԱՆԵՏ – Ինչ-ի՞նչ…
ԱՐՍԵՆ – Քյարփինջ: (Փորձում է ներս նայել:) Ինքն ո՞ւր ա… էստեղ է ապրում, չէ՞:
ԱՆԵՏ – Իսկ քեզ ո՞վ է ասել, որ այստեղ է ապրում:
ԱՐՍԵՆ – Ոչ մեկն էլ չի ասել:
ԱՆԵՏ – Բա ինչպե՞ս իմացար:
ԱՐՍԵՆ – Չիմացա: Տեսա:
ԱՆԵՏ – Պատի միջով տեսնելու տաղա՞նդ ունես, գուցե Դէվիդ Կոպերֆիլդի նման պատի միջով է՞լ կանցնես:
ԱՐՍԵՆ – Մորքուր ջան, էդ ո՞ւր հասար… Ձեր դիմացի շենքում էլեկտրոնիկայի խանութ կա, չէ՞:
ԱՆԵՏ — Հետո՞ ինչ: Մենակ չասես` քյարփինջ:
ԱՐՍԵՆ – Մալադեց, շուտ կողմնորոշվար…
Անետը փորձում է դուռը փակել:
ԱՐՍԵՆ – Արա, ստոպ… ինչ ասի՞ որ…
ԱՆԵՏ – (համակերպված): Էլեկտրոնիկայի խանութը ի՞նչ կապ ունի այստեղ հայտնվելուդ հետ:
ԱՐՍԵՆ – Էն կապը, որ խանութում լիքը թիվի կա, ու բոլորը`միացրած…
ԱՆԵՏ — Հետո՞:
ԱՐՍԵՆ – Մազալու հաղորդում էր…
ԱՆԵՏ — Հետո՞:
ԱՐՍԵՆ – Հետո-հետո, քաչալ Պետո… շատ ե՞ս սիրում էդ բառը:
ԱՆԵՏ – Եթե «հետո» չասեմ, ասելիքդ մի շնչով կշարադրե՞ս:
ԱՐՍԵՆ – Ասելու բան չմնաց… Թիվիով հարսին ու տղին գցել էր կատոկի տակ ու ձեռի հետ էլ, իբր, լաց էր լինում…
ԱՆԵՏ — (վիրավորված շեշտով): Ինչի՞, քո կարծիքով, լաց չէ՞ր լինում:
ԱՐՍԵՆ – Թե լաց լինելը էտ ա, ուրեմն հենց հիմի ես քոչարի եմ պարում:
ԱՆԵՏ – Չգիտեմ… իմ կարծիքով, նա համոզեց:
ԱՐՍԵՆ – Քեզ համոզելը դժվար չէ, հեռուստացույցով ինչ էլ ցույց տան` դու կհավատաս, մորքո՛ւր ջան:
ԱՆԵՏ – Չունեցած քրոջս տղա, ուզածդ ի՞նչ է:
ԱՐՍԵՆ – Հեչ…
ԱՆԵՏ – Դե որ հեչ… (Դուռը վրա է բերում:)
ԱՐՍԵՆ – Էս ի~նչ ներվային ես… Դուռը հանգիստ թող, ասեմ-պրծնեմ… մեկ էլ Մխոն, թե, արա՛, էդ ցնդոն տաքսուց ա իջնում:
ԱՆԵՏ – Դե, դե, չափդ իմացիր…
ԱՐՍԵՆ – Մխոյին ցույց կտաս չափը: Նայենք, ի՛, ճիշտ որ… ինքն է, շորորալով մտավ էստեղ: Թիվիով լաց է լինում, բայց տաքսիներով է ֆռֆռում, թոռն էլ… (Դադար:)
ԱՆԵՏ – Բա հիմա ո՞նց չասեմ «հետո»:
ԱՐՍԵՆ – Ներքևում նստած պահակից հարցրի` ձեր շենքի թիվի-աստղը ո՞ր բնակարանում է ապրում, ուզում եմ էն բանից… ավտոգրաֆ վերցնեմ: Բիձեն կուտը կերավ, ասեց: Էդքան բան:
ԱՆԵՏ – Ավտոգրաֆ… այսինքն, ինքնագի՞ր ես ուզում:
ԱՐՍԵՆ – Շատ պետքս է:
ԱՆԵՏ – Չհասկացա…
ԱՐՍԵՆ — Ինքն է ինձ պետք:
ԱՆԵՏ – Ինքն ինչի՞դ է պետք:
ԱՐՍԵՆ — Բան ունեմ ասելու:
ԱՆԵՏ – Դու ինձ ասա, ես կփոխանցեմ…
ԱՐՍԵՆ – Միայն տետ առ տետ:
ԱՆԵՏ – Այդ ի՞նչ ֆրանսերենի անցար:
ԱՐՍԵՆ – Քանի ուրիշ բանի չեմ անցել` հարցիս պատասխանիր:
ԱՆԵՏ – (նյարդային): Չեմ պատասխանի:
ԱՐՍԵՆ — Ի՛…
ԱՆԵՏ – Հա, որովհետև այստեղ Ինեսա չկա, ես ոչ մի Ինեսայի չեմ ճանաչում:
ԱՐՍԵՆ – Որ չես ճանաչում, ո՞նց էիր ասածս փոխանցելու իրեն:
ԱՆԵՏ – Գնա գործիդ, հա՞…
ԱՐՍԵՆ – Ոչ մի տեղ էլ չեմ գնա:
ԱՆԵՏ – Բայց ինչո՞ւ:
ԱՐՍԵՆ – Որովհետև ես պիտի տեսնեմ իրան:
ԱՆԵՏ — Ո՞ւմ:
ԱՐՍԵՆ — Տատիս:
ԱՆԵՏ – Ում-ո՞ւմ…
ԱՐՍԵՆ – Տատին… Ինեսա…
ԱՆԵՏ – Իսկ դու տատի ի՞նչն ես:
ԱՐՍԵՆ – Եթե ասում եմ` տատ, ուրեմն` ես թոռն եմ:
ԱՆԵՏ — Թո՞ռը…
ԱՐՍԵՆ – Հա: Արսենը:
ԱՆԵՏ — Արսե՞նը…
ԱՐՍԵՆ – Արսեն Արասյանը:
ԱՆԵՏ – Չի կարող պատահել:
ԱՐՍԵՆ – Պատահել է:
ԱՆԵՏ – Դա… անհնար է:
ԱՐՍԵՆ – Լավ էլ հնարավոր է: (Ուզում է ներս մտնել:)
ԱՆԵՏ — (ներս չի թողնում, ժամանակ շահելու համար): Ո՞նց կապացուցես, որ դու` դու ես:
ԱՐՍԵՆ — Բա դո՞ւ ով ես:
ԱՆԵՏ – Քե՞զ ինչ…
ԱՐՍԵՆ — Կարո՞ղ ա` ծառան ես:
ԱՆԵՏ – Այդքան որ ծառայի տե՞սք ունեմ:
ԱՐՍԵՆ – Ծառայի պես ես քեզ պահում:
ԱՆԵՏ – Ասենք, նրա մանկության ընկերուհին եմ: Այս բացատրությունը քեզ բավարարո՞ւմ է:
ԱՐՍԵՆ – Ասա` տատիս բավարարի: Ճամփա տուր: (Համարյա նրան մի կողմ հրելով` ներս է մտնում, գնահատող զննում է շուրջը:) Տատի սեկոնդհենդի շորերի՞ն նայեմ, թե՞ ֆիրմեննի տանը… Վա~տ չի, հե՛չ վատ չի… (Ի պատասխան Անետի սուր հայացքին:) Հույս չունենաս, կոշիկ հանելու սովորություն չունեմ:
ԱՆԵՏ – Ու` փառք Աստծո: Գոնե օդը մաքուր կմնա:
ԱՐՍԵՆ – Պատահում է` խոսքերից օդն ավելի է կեղտոտվում: Ուրեմն, տատը տանը չէ: Տատը` տանը… տանը-տատը-տատը-տանը-տանը-տատը… (Անետին.) Հերիք է թարս նայես, ուտելու բան տուր:
ԱՆԵՏ – (իբր ինքն իրեն): Տուն չմտած ուտել է ուզում:
ԱՐՍԵՆ – Ես միշտ էլ ուտել եմ ուզում: Որ ուտելու բան չի լինում` ավելի շատ եմ ուզում: Վերջապես, աճող օրգանիզմ եմ:
ԱՆԵՏ – Լավ, աճող օրգանիզմ, անունդ ի՞նչ է:
ԱՐՍԵՆ – Կարող եմ կրկնել… (Կեղծ պաթոսով:) Արսեն Նարեկի Արասյանը: (Անմիջական:) Լավ, էլի, թարգի.. ու թող` նստեմ…
ԱՆԵՏ – Իսկ եթե չթողնե՞մ:
ԱՐՍԵՆ – Ուրեմն, կնստեմ:
ԱՆԵՏ – Չեմ կասկածում:
Արսենը նստում է բազմոցին, զգացվում է, որ հաճելի է փափկությունը, ձեռք է տալիս բարձիկներին, վերցնում է մեկը, հոտ է քաշում:
ԱՐՍԵՆ – Լավ հոտ է…
ԱՆԵՏ – Դրան ասում են մաքրության հոտ:
ԱՐՍԵՆ – Հո լեզու չունե~ս… Տատիս հետ որ ձեր մանկությունն եք հիշում` ո՞վ ում է լեզվակոխ անում…
ԱՆԵՏ – Եթե դու էլ մեզ միանաս` աղետ կլինի:
ԱՐՍԵՆ – Դու մեր խոսակցությանը չխառնվես: Ավելի լավ է` հարցրու, թե ինչ եմ սիրում ուտել:
ԱՆԵՏ – (որոշել է խաղը տանել` որքան հնարավոր է): Եվ ի՞նչ ես սիրում ուտել:
ԱՐՍԵՆ – Ինչ որ կա:
ԱՆԵՏ – Բազմախոստում ցանկություն է:
ԱՐՍԵՆ – Եղնիկի միս ու ջայլամի ձու հաստատ չեք ունենա… (Անսպասելի անմիջականությամբ:) Ես տաք, նոր եփած հաց եմ սիրում… որ ձեռքերդ վառում է…
Անետը մի պահ սևեռուն նայում է, գնում է խոհանոց: Արսենը տեղից բարձրանում, վերցնում է հովհարը, բացում, զննում է: Նույն պահին վերադառնում է Անետը:
ԱՐՍԵՆ – Վախեցար` բա՞ն կթռցնեմ: Մի մոռանա, որ սա տատիս տունն է:
Անետը նրա ձեռքից վերցնում է հովհարը, դնում տեղը, գնում է: Արսենը կատվի ճարպկությամբ, անլսելի հետախուզում է սենյակը, հասցնում է նայել մյուս սենյակն ու վերադառնալով` հասցնում է անմեղ տեսքով նստել նախկին դիրքով: Անետը մատուցարանով ուտելիք է բերում: Թղթե թաց անձեռոցիկ է մեկնում Արսենին: Նա արագ-արագ մաքրում է ձեռքերը, անձեռոցիկը կոլոլում, գնդիկ է սարքում ու շպրտում սենյակի անկյունը: Սպասում է Անետի արձագանքին, բայց նա ասես չի նկատում նրա արարքը: Մաքուր ձեռքերը ցուցադրաբար առաջ պարզած` մոտենում է մատուցարանին:
ԱՐՍԵՆ – Ух ты! Բաստուրմա, պանիր, կարագ, տորթ… (Վերցնում է թխվածքը, մեծ կտորներով կուլ է տալիս: Ի պատասխան Անետի հարցական հայացքին:) Ինձ մոտ հակառակն է. սկզբում` տորթը, հետո` բաստուրման:
ԱՆԵՏ – Արդեն հասկացա:
ԱՐՍԵՆ – Իսկ ես չհասկացա` ո՞նց կ արաս տատիս մանկության ընկերուհին լինես, նա կարգին պառավ է, դու… (Գնահատող հայացքով զննում է:) Մեռնի-պայթի` քառասուն: Էդ ի՞նչ թվաբանություն է:
ԱՆԵՏ – Խելքիդ բանը չէ: Ուտելուդ նայիր:
ԱՐՍԵՆ – Ուտելը մտածելուն չի խանգարում: Ոնց գցում-բռնում եմ` էստեղ տատ չկա:
ԱՆԵՏ – Հասցրի՞ր քիթդ խոթել, ուր պետք չէ…
ԱՐՍԵՆ — (շփոթվելով): Մի թեթև նայեցի… ի՞նչ եղավ, որ…
ԱՆԵՏ – Լինելը հիմա կտեսնես: (Սպառնալից:) Ո՞վ ես: Էլի պոչ խաղացնես` ոստիկանություն կզանգեմ: Դե, սկսիր…
ԱՐՍԵՆ – (հիմա ինքն է փորձում ժամանակ շահել): Տատս որ մեռավ… հետո մանկատուն տարան… Հետո փախա: Հետո ընկերներ ճարեցի… քաղաքում ինչն է շատ` անտեր որբերը: Հետո տեսա էդ հաղորդումը… հետո…
ԱՆԵՏ – Հետո ասելով ինձ տվիր-անցար:
ԱՐՍԵՆ – Կարող է՞, վարակիչ բառ է, հա՞…
ԱՆԵՏ – Մի ցրիր… Ուրեմն, ասում ես` Արսենն ես, Նարեկի տղան: Մորդ անունն ասա:
ԱՐՍԵՆ — (փշոտվելով): Քե՞զ ինչ:
ԱՆԵՏ — Ինչպե՞ս թե… բա տատիդ ո՞նց ասեմ` թոռդ է հայտնվել, երբ վստահ չեմ, որ դու` դու ես: Ես սպասում եմ… մորդ անունը… էն տատիդ անունն էլ չէր խանգարի:
ԱՐՍԵՆ – Ի՞նչ ես վրա տվել… ոնց որ դու գիտես:
ԱՆԵՏ – Իհարկե, գիտեմ: Հիմա դու էլ կասես, ու թեման կփակենք:
ԱՐՍԵՆ — (հասկանալով, որ բռնվել է): Դու ո՞վ ես, որ թեմա փակես: (Ափսոսանքով ափսեի մեջ է դնում չկերած բրդուճը:) Քեզ լինի հացդ էլ, բաստուրմադ էլ… (Ուզում է մոտենալ դռանը:)
ԱՆԵՏ – Այդ ո՞ւր…
ԱՐՍԵՆ – Հետո կգամ: Երբ տատս տանը կլինի, իսկ դու`չէ:
ԱՆԵՏ – Դուռը փակ է, հեռախոսը` ինձ մոտ: Քանի չեմ զանգել` ասա, ով ես: Դու չես կարող Ինեսայի թոռը լինել:
ԱՐՍԵՆ — Ինչի՞, վա՞տ թոռ եմ:
ԱՆԵՏ – Ես էլ վատ տատիկ չեմ:
ԱՐՍԵՆ – Դա քո պրոբլեմն է:
ԱՆԵՏ – Չէ, բալիկս, քո պրոբլեմն է, որովհետև խաբեության համար անգամ քեզ պես անչափահասին պատիժ է հասնում:
ԱՐՍԵՆ – Նախ, քո բալիկը չեմ, հետո էլ…
ԱՆԵՏ – Հանգիստ թող իմ հետոն: Ու հիմա կենտրոնացիր, որ հասկանաս ասածս: Արսեն Նարեկի Արասյան գոյություն չունի:
ԱՐՍԵՆ – Էդ ո՞նց:
ԱՆԵՏ – Շատ պարզ. չկա:
ԱՐՍԵՆ – Ինեսա՞ն…
ԱՆԵՏ – Նա էլ գոյություն չունի:
ԱՐՍԵՆ — Կարո՞ղ է` հենց նոր մեռան:
ԱՆԵՏ – Մի փորձիր սրամտել, դու ընդամենը փորձում ես խաբել, այն էլ շատ անշնորհք կերպով: Ինեսան ես եմ: Հա, կեղծամ էի դրել… գրիմ… դեր էի խաղում…
ԱՐՍԵՆ — (մի պահ իրենը մոռացած): Ի’, դերասանուհի՞ ես: Չէ, ճի՞շտ…
ԱՆԵՏ – Մի շեղվիր:
ԱՐՍԵՆ — Ստացվում է, դու էն պառավը չե՞ս… բա էդ ո՞նց էիր լալիս չեղած թոռիդ վրա…
ԱՆԵՏ – Բայց դու ասացիր, որ համոզիչ չէի լալիս:
ԱՐՍԵՆ – Թեկուզ անհամոզիչ`բայց արցունքներդ լա~վ էլ գլորվում էին… Էդ ո՞նց հասկանանք` համ թիվիի մեջ, համ էլ` փողոցում…
ԱՆԵՏ – Դե, տեսագրվելուց մի ժամ հետո հաղորդումը եթեր գնաց…
ԱՐՍԵՆ – Ես էլ ասում եմ… (Չարախինդ:) Բայց խեղճ Արսենի վրա լա~վ մղկտացիր…
ԱՆԵՏ – (երկիմաստ): Հա, լալիս էի չեղած թոռիս համար, չիմանալով, որ ինքն իր ոտքով է տունս գալու: (Գրպանից հանում է գազի ատրճանակ: Ձախով ատրճանակը պահած` աջով հեռախոսահամար է հավաքում: Այլ տոնով:) Տեղիցդ չշարժվես, կկրակեմ: Ուրեմն, թոռնիկ ես խաղում, հա՞… ընկերներդ էլ մի տեղ հավաքված` սպասում են` նշան տաս, որ գան, ինձ սպանեն, տունս էլ թալանե՞ն… Ինչպե՞ս ես նրանց կանչելու, հը՞… պատուհանի՞ն ես մոտենալու, թե՞… Ալո, ոստիկանությո՞ւնն է… Բարև ձեզ…
Արսենը, որ քարացած լսում է, վերջին բառի վրա օրորվում է, փլվում է հատակին: Անետն անջատում է հեռախոսը, ատրճանակը առաջ պարզած մոտենում, ոտքի ծայրով հրում է պառկածին: Նա չի շարժվում: Բարձրացնում է ձեռքը, բաց է թողնում: Ձեռքն անկենդան թրմփում է հատակին: Ատրճանակը ձեռքից ընկնում է: Անետը փորձում է ուշքի բերել` ապարդյուն: Քարշ տալով հասցնում է բազմոցի մոտ, հենում, ջուր է բերում, շփում դեմքին: Գլխարկը խանգարում է: Հանում է գլխարկը` ցած են թափվում Զառայի մազերը: Համր տեսարան:
Խավար
Տեսարան. Զառան, նուն դիրքով կուչ է եկել բազմոցի մոտ, Անետը բաժակը ձեռքին, զննում է նրան:
ԱՆԵՏ – Էդ սուտմեռո՞ւկը որտեղից ես սովորել…
ԶԱՌԱ — Քե՞զ ինչ:
ԱՆԵՏ – Անունս ի՞նչ է:
ԶԱՌԱ — Քե՞զ ինչ:
ԱՆԵՏ – Այստեղ ի՞նչ ես անում: Միայն չասես` քեզ ինչ:
ԶԱՌԱ — Ո՞ւր էիր զանգում… զանգելուդ նայիր;
ԱՆԵՏ – Ինձ չթելադրես` ինչ անեմ:
ԶԱՌԱ – Լավ էլ թելադրվողներից ես… (Գունատվում է:)
ԱՆԵՏ – Քեզ ի՞նչ եղավ… Վա՞տ ես զգում:
ԶԱՌԱ – Չէ, կայֆից մեռնում եմ:
ԱՆԵՏ – Խմիր… (Բաժակում մնացած ջուրը մեկնում է աղջկան: Տեսնելով, թե ինչպես է դողում աղջկա ձեռքը:) Վեր կաց, նստիր բազմոցին: (Գնում է խոհանոց:)
Զառան ասես թմբիրի մեջ, անտարբեր հայացքով հետևում է նրան: Գալիս է Անետը`սուրճի մեծ բաժակով, համարյա տեղավորում Զառայի փայտացած ձեռքերի մեջ: Հետո հատակին ընկած ատրճանակը դնում է հեռուստացույցի հետևը, նստում, նյարդային ծխում է:
ԱՆԵՏ – Դե, Արսեն Նարեկի Արասյան, գուցե հիմա՞ կասես այցիդ նպատակը:
ԶԱՌԱ – Ես էնքան Արսենն եմ, ոնց որ դու` Ինեսան: Թե՞ իսկական անունդ էլ Ինեսա է:
ԱՆԵՏ – Չէ, անունս Անետ է: Քանի՞ տարեկան ես:
ԶԱՌԱ – Տասնչորս:
ԱՆԵՏ – Չեղա~վ… Կինը երբեք, անգամ հարցաքննության ժամանակ, տարիքը չպիտի ասի:
ԶԱՌԱ – Բայց հարցրիր, չէ՞:
ԱՆԵՏ – Շատ բան` հարցրի: Եթե ինձ հարցնես, կասե՞մ:
ԶԱՌԱ — (գնահատող զննելուց հետո): Դու ասողը չես:
ԱՆԵՏ – Ապրես, հասկացար:
ԶԱՌԱ – Պետական գաղտնի՞ք է:
ԱՆԵՏ – Կանացի գաղտնիք է, իսկ դա պետականից ավելի լուրջ է…
ԶԱՌԱ – Տարիքի՞ցդ ես ամաչում, թե՞ ապրածիցդ:
ԱՆԵՏ – Եվ ո՞վ է դա ասում…
ԶԱՌԱ – Հա, բայց թքած ունեմ, թե քանի տարեկան եմ:
ԱՆԵՏ – Կարծում ես, դա նորմա՞լ է…
ԶԱՌԱ — Ի՞նչը…
ԱՆԵՏ — Վիճակդ:
ԶԱՌԱ — Ի՞նչ ես առաջարկում:
ԱՆԵՏ – (շփոթվելով): Դե, չգիտեմ… մանկատուն կա, ինչ-որ հաստատություններ, կազմակերպություններ…
ԶԱՌԱ – Ինչի՞ս են պետք…
ԱՆԵՏ — (վերջնականապես շփոթված): Ինչպես թե… խնամք կա… վերջապես, գլխիդ վրա` տանիք…
ԶԱՌԱ – Քո ասած տանիք ունեցող մանկատնից փախել եմ… Քո Արսենի պես: Երկու տարի առաջ…
ԱՆԵՏ – Ուրեմն, տասներկու տարեկանից թափառաշրջիկի կյանքո՞վ ես ապրել:
ԶԱՌԱ – Ի~նչ սիրուն ես խոսում… թափառաշրջիկի կյանքով ապրո՞ւմ են…
ԱՆԵՏ – Ծնողներդ… (Զառայի դեմքի արտահայտությունից հասկանալով, որ նա անկեղծանալու միտք չունի:) Բայց հարազատ, բարեկամ… մեկը գոնե չկա՞…
ԶԱՌԱ – Կարծեմ` քո Արսենն էլ ոչ ոք չուներ…
ԱՆԵՏ – Դա ներկայացում էր… հորինված բան…
ԶԱՌԱ – Ձեր հորինածը ի՞նչ կյանքի դեմ, որից գաղափար էլ չունես: Դրա համար որ լալիս էիր, մենք ծիծաղից մեռնում էինք…
ԱՆԵՏ – (վիրավորված): Գիտեմ, որ դերասանուհի չեմ:
ԶԱՌԱ – Բա ինչի՞ ես խաղում… վռազ փո՞ղ է պետք:
ԱՆԵՏ – Ինչպես տեսնում ես, փողի կարիք չունեմ… Ջահելությանս չիրականացված երազանքն է…
ԶԱՌԱ – Որ փաթաթում ես ուրիշների վզին…
ԱՆԵՏ – Սուրճը խմիր, սառեց:
ԶԱՌԱ – Տաքի սովոր չեմ: Տաք ճաշ եփող չունեմ:
ԱՆԵՏ – Մորդ հիշո՞ւմ ես:
ԶԱՌԱ – Աբորտ որ աներ, էդ անասունը չէր թողնի-գնա: Մայրս չլսեց, նա էլ, տղամա~րդ է, չէ՞, խոսքի տերը եղավ:
ԱՆԵՏ – Ուժեղ կին է եղել մայրդ…
ԶԱՌԱ – Օգո՞ւտն ինչ… Մի տարի էլ չկարողացավ ինձ պահել, տվեց մանկատուն:
ԱՆԵՏ — Հետո՞…
ԶԱՌԱ — (նմանակելով): Հետո~… Երբ մեծացա, դայակները պատմեցին, որ մի երկու տարի եկել-գնացել է, հետո… ասում էին` վերջին անգամ որ եկել էր, հազիվ էր ոտքի վրա մնում:
ԱՆԵՏ – Ինչ ափսոս, որ նրան նրան չես հիշում…
ԶԱՌԱ — Ինչի՞ս է պետք:
ԱՆԵՏ – (որ չէր սպասում այդպիսի արձագանքի): Ինչպե՞ս թե… մայրդ է: Գոնե ինչ-որ զգացմունք պիտի լինի…
ԶԱՌԱ – Կա: Ատում եմ: Ի՞նչ ես նայում, ես ձեր ցեղն եմ ատում, նրան էլ հետը: Ատում եմ կին ծնվածներին` մորիցս մինչև…
ԱՆԵՏ – Քեզ:
ԶԱՌԱ – Ոչ միայն…
ԱՆԵՏ – Ինձ էլ:
ԶԱՌԱ – Բա ո՞նց… Շատ էլ` կոֆե տվեցիր: Հնար ունենամ` ձեր ցեղը կվերացնեմ:
ԱՆԵՏ – Շատ չեղա՞վ… Հասկանում եմ, փակուղու առաջ ես հայտնվել, բայց…
ԶԱՌԱ – Լսի, կարո՞ղ է` ծակ փիլիսոփա ես… էն, որ ժամերով լեզվին են տալիս, բայց որ հարցնես` իրենց կողքին ինչ է կատարվում, ինչ կեղտի մեջ են ապրում ուրիշները` ներկած աչուկները կչռեն ու զարմացած վրա կտան. «Վա~յ, ի՞նչ եք ասում, մի՞թե հնարավոր է»: Իսկ հնարավո՞ր է, որ տասներկու տարեկան աղջկան բռնաբարում են:
ԱՆԵՏ – Ուզում ես ասել…
ԶԱՌԱ – Չեմ ուզում ասել, ասում եմ:
ԱՆԵՏ – Չի կարող այդպես… անհնար է…
ԶԱՌԱ – Դե, իհա~րկե, մեր ազգը, մեր ժողովուրդն ու` այդպիսի բա՞ն… Իսկ ինձ հետ արել են` ինչ մտքներով անցել է: (Սադրող տոնով:) Իսկ քեզ հետ դա ո՞նց եղավ… քանի՞ տարեկան էիր…
ԱՆԵՏ – Լռիր… խնդրում եմ:
ԶԱՌԱ – Չէ, հետաքրքիր է, իսկապես, ո՞նց եղավ: Ո՞ւմ հետ… ի՞նչ պայմաններում…
ԱՆԵՏ – (չարանալով): Համենայնդեպս, դա եղել է ի’մ ցանկությամբ:
ԶԱՌԱ – (ծաղրով): Այսինքն` քո ցանկությամբ ես բռնաբարվել: Դրա համար էլ Բարբիի պես զուգված ես տանը ֆռֆռում:
ԱՆԵՏ — (որպես հակահարված): Իսկ դու դրա համար ես տղայի շորեր հագել:
ԶԱՌԱ – Ես տղայի շորեր չեմ հագել: Ես տղա եմ: Եթե աղջիկ լինելս շալվարի մեջ թաքցնեի` միանգամից կբռնվեի: Իսկ ես հրաժարվել եմ ձեր ցեղից: Իհարկե, սրանց ցեղն էլ մի բան չէ, բայց ընտրելու ուրիշ բան չկար:
ԱՆԵՏ – Իսկ ո՞նց ես լեզու գտնում տղաների հետ:
ԶԱՌԱ – Իրենք են ինձ հետ լեզու գտնում: Ինձ Գժո են ասում: Գիտեն` ներվերս որ խառնվեց, գժոտում, ձեռքիս եկածին շան ծեծ եմ տալիս:
ԱՆԵՏ – Դու ծեծո՞ւմ ես նրանց:
ԶԱՌԱ – Ես նրանց չեմ ծեծում: Ծեծում եմ էն անասունին, որը տարավ կաբինետն ու բռնաբարեց: Ամեն անգամ որ մեկին գցում եմ ոտքերիս տակ` սատկացնում եմ էդ անասունին: Բայց նա չի սատկում ու չի սատկում: Իսկ հիմա զանգիր ոստիկանություն: Կգան, կտանեն… իսկ որ ջոկեն` ով եմ, ձեռի հետ էլ կօգտագործեն…
ԱՆԵՏ – Հիմա որ ասեմ` չափն անցնում ես…
ԶԱՌԱ – Քանի՞ տարի ես ապրում ու կյանքից խաբար չես:
ԱՆԵՏ – Չէ, ես պատկերացնում եմ, թե ինչ հոգեկան հարված ես ստացել, բայց ամեն տղամարդու մեջ փնտրել այդ անասունին…
ԶԱՌԱ – Ես չեմ փնտրում, այդ անասունը բոլորի մեջ էլ կա: Ու վե’րջ:
ԱՆԵՏ – Դու չե՞ս ուզում կին լինել:
ԶԱՌԱ – Ես կին չեմ:
ԱՆԵՏ – Բայց մի անասունի պատճառով ինչպե՞ս կարող ես… մեկը ցավ է պատճառել, բայց այդ նույն մանկատանը դայակներ են եղել, չէ՞, նրանք են քեզ պահել, մեծացրել…
ԶԱՌԱ – Էլի սկսեցիր սիրուն-սիրուն դուրս տալ… Հա, պահին-մեծացրին, որ էդ անասունների փայ դարձնեն: Կարծում ես, չգիտեի՞ն… Լավ էլ գիտեին, բայց տնօրենի դեմ ո՞նց խոսեին… Դուք վախկոտ, անօգնական եք, ու ճիշտ են անում, որ օգտագործում ու շպրտում են: Դրան եք արժանի:
ԱՆԵՏ – Բայց դու տղամարդկանց էլ ես ատում:
ԶԱՌԱ – Է հա՛…
ԱՆԵՏ – Բայց…
ԶԱՌԱ – Իրենց շորերի մեջ ես կարող եմ ինձ պաշտպանել բոլորից…
ԱՆԵՏ – Ո՞նց ես դիմանում… Գլուխս պայթում է…
ԶԱՌԱ – Գլուխդ պահիր, դեռ պետք կգա: Իսկ գլխացավից պրծնելու համար կանչիր ոստիկաններին: Կամ էլ դուռը բաց` գնամ:
ԱՆԵՏ – Դուռը կբացեմ, եթե ասես, թե ինչու ես այստեղ: Մտքինդ ի՞նչ էր:
ԶԱՌԱ – Հենց էնպես… ասի` ցնդած պառավ է, գամ, մի քիչ կայֆավատ ըլնեմ, ուտելու բան կտա, կարող է` ձեռի հետ մի բան էլ թռցնեմ… Տղերքի հետ գրազ բռնեցի, որ կֆռռացնեմ ցնդոյին, համ էլ մի լավ կխնդայինք:
ԱՆԵՏ – Չգիտեմ ինչու, բայց հավատացի:
ԶԱՌԱ – Իսկ տնօրենը չհավատաց, երբ պատմեցի ու ցույց տվեցի կապտած մարմինս… Ասաց` ես եմ ընկել, ջարդվել, շառ եմ անում անմեղ մարդուն: Այ, դու, լրիվ անծանոթ, հավատացիր, իսկ տնօրենը չհավատաց: Գիտե՞ս` ինչու:
ԱՆԵՏ – Վախենում եմ հարցնել:
ԶԱՌԱ – Ճիշտ ես անում, վախեցիր: Որովհետև մի երկու օրից ինքը… չէ, ինձ չէ, ընկերուհուս…
ԱՆԵՏ – Լռիր… հերիք է… վերջ տուր…
ԶԱՌԱ – Հասկանում եմ: Երբեմն լսելը ավելի դժվար է, քան սեփական մաշկի վրա զգալը: Հիմա կարո՞ղ եմ գնալ:
ԱՆԵՏ – Դուռը բաց էր: Ո՞ւր ես գնալու:
ԶԱՌԱ – Գնալու տե՞ղ չկա… Տղերքն էլ սպասում են:
ԱՆԵՏ – Եթե ասեմ, որ չգնաս, ճի՞շտ կվարվեմ:
ԶԱՌԱ – Պետք չէ… Հիմա հուզված ես, մի քիչ հետո կհանգստանաս, ավելի հետո կսկսես կասկածել` պատմածիս ինչն էր ճիշտ, ինչը` հորինած, հետո էլ կզղջաս, որ տուն ես թողել:
ԱՆԵՏ – Դու տասնչորս տարեկան ես, ես` քառասունութ: Բայց այս պահին տասնչորսը ես եմ:
ԶԱՌԱ – Քառասունութը` ե՞ս…
ԱՆԵՏ – Դու հարյուրից էլ շատ տարեկան ես, հազար տարեկան պստլիկ աղջիկ:
Զառան անսպասելի մոտենում, երկչոտ հպվում է Անետին:
ԶԱՌԱ – Վաղը ես կգնամ… լույսը չբացված` կգնամ: Բայց այսօր կթողնե՞ս` մնամ: Գոնե մի անգամ քնեմ իսկական տան մեջ, իսկական կնոջ մոտ:
Տեսարան. Ներս է մտնում Զառան` բանիքի խալաթով, գլուխը սրբիչով փաթաթած: Անետն արդեն սպասում է նրան` բազմոցին ինչ-որ հագուստեղեն, կանացի պարագաներ:
ԶԱՌԱ – Վաննան սա է` սիրուն, մաքուր… ամեն օր էլ կլողանաս:
ԱՆԵՏ – Բաղնիքդ անուշ:
ԶԱՌԱ — (բարձր, երեխայի պես ծիծաղում է):
ԱՆԵՏ – Ծիծաղելի բա՞ն ասացի:
ԶԱՌԱ – Հենց ասում են «բաղնիքդ անուշ», ծիծաղից մեռնում եմ: Անուշը ինձ համար շաքարն է, մեղրը, մուրաբան… Թե չէ` շաքարե վաննա, ջրի փոխարեն` կոկա կոլա, շամպունն էլ` մուրաբայից…
ԱՆԵՏ – Երեխա, իսկական երեխա… (Մոտենում, քանդում է սրբիչը, հավաքում է մազերը:) Երեխա… օրիորդ… ավելի ճիշտ` օրիորդիկ:
Զառան խայթվածի պես ընկրկում է:
ԱՆԵՏ – Եթե տհաճ է` էլ չեմ ասի, բայց… մի բան պիտի խնդրեմ:
ԶԱՌԱ — Ինձնից երբեք ոչինչ չեն խնդրել: Պահանջել են կամ հրամայել:
ԱՆԵՏ – Դե, եթե առաջին խնդրողը ես եմ` մերժել չես կարող:
ԶԱՌԱ – Բայց լավ ես խոսում… էդ բառերը որ ասում ես, ամեն ինչ ուրիշ է թվում: Կարծես ես` ես չլինեմ:
ԱՆԵՏ – Լավ է, արդեն լավ է: Բայց ես ուզում եմ, որ դու սիրես: Քեզ սիրես:
Զառան վախեցած ընկրկում է:
ԱՆԵՏ – Վստահիր ինձ: Դա շա՞տ դժվար է:
ԶԱՌԱ – Չգիտեմ… չեմ փորձել:
ԱՆԵՏ – Ես վստահեցի քեզ… Ի՞նչ ես զարմացած նայում: Վերջին երեսուն տարվա մեջ դու միակն ես, ում ասել եմ տարիքս:
ԶԱՌԱ – Միևնույն է, չեմ հավատում, դու ավելի ջահել ես…
ԱՆԵՏ – Խոսքը կտուրը մի գցիր:
ԶԱՌԱ – Մի ժամ առաջ չգիտեիր, որ ես կամ, մի ժամից հետո էլ աշխատելու ես մոռանալ:
ԱՆԵՏ – Որտեղի՞ց քեզ այդ վստահությունը:
ԶԱՌԱ – Քեզնից: Այդպես մեղավոր մի նայիր: Դու ի՞նչ մեղք ունես, որ ես կամ: Հիմա էլ քեզ թվում է, որ իմ հաշվին է եղել քո երջանիկ կյանքը:
ԱՆԵՏ – Աստված իմ, ինչքա՞ն ցավ են քեզ տվել, որ այսքան շուտ ես հասունացել: Գիտե՞ս, դու ճիշտ ես, հենց նոր հասկացա, որ բախտս բերել է: Գուցե դա անարդար է, բայց ես երջանիկ աստղի տակ եմ ծնվել:
ԶԱՌԱ – Հասկանում եմ… չէ՞ որ մտքովդ չի անցել տղա դառնալ:
ԱՆԵՏ – Խփեցիր տասնոցին:
ԶԱՌԱ — (չոր): Փաստորեն, ինձ շնորհակալ պիտի լինես. ինձ տեսար` քեզ նախանձեցիր:
ԱՆԵՏ – Չէ, սա… ավելի շատ մեղավորության զգացում է: Ինձ այնպես մեղավոր եմ զգում…
ԶԱՌԱ – Լավ, ի՞նչ անեմ, որ քեզ մեղավոր չզգաս:
ԱՆԵՏ – Խնդրանքս չե՞ս մերժի:
ԶԱՌԱ – Ամեն ինչ, աման լվանալուց բացի:
ԱՆԵՏ – (ցույց տալով հագուստները): Փորձիր սրանք:
ԶԱՌԱ – Չէ:
ԱՆԵՏ – Խնդրում եմ:
ԶԱՌԱ – Բայց ինչի՞…
ԱՆԵՏ – Չգիտեմ… Չէ, գիտեմ, բայց բացատրելով չի: Փորձիր ինքդ հասկանալ:
ԶԱՌԱ — (մոտենում, զգուշավոր նայում է հագուստին): Հասկանալու բան չկա, Մոխրոտ ես գտել, վրան փորձ ես անում:
ԱՆԵՏ — Մոխրո՞տ… դիպուկ էր, մտքովս չէր անցել:
ԶԱՌԱ – Մանկատան բոլոր աղջիկների ամենասիրած հեքիաթն է: (Չոր:) Չեմ հագնի:
ԱՆԵՏ – Տղաներից չես վախենում, զգեստից վախենո՞ւմ ես:
ԶԱՌԱ – Ես Մոխրոտից եմ զզվում:
ԱՆԵՏ – Չեմ հավատում:
ԶԱՌԱ — (սևեռուն նայելով նրան): Հեչ էլ հավատաս… (Հայացքով համեմատելով իր ու Անետի չափսերը:) Համ էլ սրանց մեջ լող կտամ:
ԱՆԵՏ – Սիրած զգեստներս պահելու սովորություն ունեմ:
ԶԱՌԱ – Ձեռդ չի գնո՞ւմ` շպրտես:
ԱՆԵՏ – Չէ, չի գնում… եթե հագուստի հետ լավ հիշողություններ են կապված` պահում եմ: Այ, սա… մի քսան տարվա փեշ է, բլուզն էլ… հաստատ քո վրայով են: Տեսնո՞ւմ ես, ջահել ժամանակ քեզ պես նիհարիկ եմ եղել:
ԶԱՌԱ – Դու հիմա էլ` ոչինչ…
ԱՆԵՏ – Կեղծավորություն մի արա ու մի ցրի…
ԶԱՌԱ – (տատանվելով): Գուցե պետք չէ՞…
ԱՆԵՏ – Խոհանոցում չլվացված ափսեներ հաստատ կգտնեմ…
ԶԱՌԱ — (երկչոտ վերցնում է փեշն ու բլուզը, իրենից հեռու պահած ուսումնասիրում): Ինչո՞ւ ես սրանք պահել… (Հոտ է քաշում:) Ինչ հետաքրքիր հոտ է:
ԱՆԵՏ – Նավթալին է, ցեցերից է պահում:
ԶԱՌԱ – Այս հոտը տան հոտ է: (Վերցնում, զննում է բլուզի մետաքսե կախիչը:) Այս կախիչն էլ տան կախիչ է: (Տոպրակի միջից հանելով բոկոտիկները, զննում է ասեղնագործ տոպրակը:) Սրանցից ամեն մեկի վրա գրված է` տուն: Տուն, որը չեմ տեսել, բայց գիտեմ, որ այսպիսին պիտի լինի: Այս շորերը շա՞տ թանկ են քեզ համար:
ԱՆԵՏ – Հազար տարի առաջ սրանցով եմ ժամադրության գնացել: Նա դարձավ իմ ամուսինը ու եղավ իմ միակ տղամարդը:
Զառան անխոս վերցնում է հագուստը, գնում կողքի սենյակ: Անետը ասես նոր է տեսնում իր տունը, իրերը, նոր է հասկանում` ինչ է նշանակում այդ ամենը իր համար: Հայտնվում է Զառան` կարծես ամեն ինչ ճիշտ է արել, բ այց տեսքը խղճուկ-ծիծաղելի է, պատկերը լրացնում են գզգզված մազերն ու բոբիկ ոտքերը:
ԶԱՌԱ – Ավելի լավ էր` ամանները լվանայի:
ԱՆԵՏ – Ոչ մի դեպքում: Մենք հիմա ամեն ինչ տեղը կբերենք:
Հագուստին տալիս է անհրաժեշտ տեսքը, մազերը հավաքում, բարձր պոչ է կապում, բայց քանի որ Զառայի ոտքերը շատ փոքր են, կարճ մտորումից հետո նրան ստիպում է հագնել սեփական բոթասները, որոնք անսպասելի ներդաշնակվում են աղջկա նոր տեսքի հետ:
ԱՆԵՏ — (զննելուց հետո, գոհ): Մոխրոտը գլուխը քարովն է տվել:
ԶԱՌԱ — (ներս գալուց հետո նա այլ հոգեվիճակում է, ասես իր հետ չի կատարվում կերպափոխությունը, նա ինչ-որ բան է մտածում, մի միտք նրան հանգիստ չի տալիս): Իսկապե՞ս թոռնիկ չունես:
ԱՆԵՏ — (ոգևորված աղջկան տեսքի բերելով` պատասխանում է մեխանիկորեն, առանց նրա հարցերի մեջ խորանալու): Ո՞վ ասաց… երկու թոռնիկ ունեմ…
ԶԱՌԱ — (ասես ինքն իրեն): Աղջիկ ու տղա:
ԱՆԵՏ — (նրան չլսելով` բլուզին ինչ-որ բրոշ է ամրացնում): Աղջիկ ու տղա:
ԶԱՌԱ — (աչքը չկտրելով հայելու մեջ իրեն հարդարող Անետից): Եվ, իհարկե, հարս, փեսա…
ԱՆԵՏ — (նույն վիճակում): Իհարկե, հարս, փեսա: Թոռներս աղջկանս են… Տղաս նոր է ամուսնացել, դեռ բալիկ չունեն:
ԶԱՌԱ – Իսկ մարդդ սիրում է քեզ…
ԱՆԵՏ — (մի քիչ ամոթխած ժպիտով, բայց խոսքն ակամա պարծենկոտ երանգ է ստանում): Փորձեր չսիրել…
ԶԱՌԱ — (ինքնամեկուսացման մեջ): Երեխաներ, թոռներ, հարս, փեսա… սիրող ամուսին… Այս բառերը ինձ համար ոնց որ քիմիա լինեն, որից այդպես էլ ոչինչ չհասկացա…
ԱՆԵՏ — (հիմա երկուսն էլ նայում են հայելուն): Դու, ավելի լավ է, ասա` ո՞վ է այնտեղից քեզ նայողը:
ԶԱՌԱ – Չգիտեմ:
ԱՆԵՏ – Լավ նայիր` սլացիկ մարմին, գեղեցիկ աչքեր, բա մազերը… Բայց ես դեռ չգիտեմ այս անծանոթուհու անունը:
ԶԱՌԱ — (չլսելու տալով): Մեկը ծնվելու պահից մինչև մահը սիրված է` իրեն սիրում են, ինքը սիրում է…
ԱՆԵՏ — (ձայնի մեջ թեթև անբավականություն): Ինչի՞ մասին ես խոսում… Դու նայիր, նայիր քեզ ու հիացիր, չէ՞ որ սա փոքրիկ հրաշքի է նման:
ԶԱՌԱ – Իսկ մյուսը ծնվում ու մեռնում է` այդպես էլ չիմանալով մարդուն տված սերը:
ԱՆԵՏ – Դեռ ամեն ինչ կորած չէ: Տասնչորս տարին ի՞նչ է… դու ընդամենը պիտի սովորես սիրել: Նախ` ինքդ քեզ, հետո…
ԶԱՌԱ — Էլի՞ հետո… Սիրտս արդեն խառնում է քո հետոներից:
ԱՆԵՏ — (փորձելով կատակի տալ): Խոստանում եմ մոռանալ այդ բառը, եթե ասես անունդ:
ԶԱՌԱ — Ինչի՞դ է պետք: Կամ ինչի՞ հագցրիր էս շորերը: Թե՞ հույս ունես, որ մեկն էլ ինձ կսպասի, իսկ ես կվազեմ ժամադրության: Ու նա էլ կդառնա ամուսինս ու միակ տղամարդս: Իսկ հետո՞… քո այդ զզվելի հետոն ի՞նչ է տալու ինձ` երեխանե՞ր, թոռնե՞ր… Էնքան բան եմ տեսել, որ իմ կողքին հրեշտակ ես ու կարող ես հին լաթերդ հագցնել, իբր թե` փորձում ես փրկել: Բայց ի~նձ փրկել կլինի՞… Քո կեղծավորությունը հազար անգամ վատ է էն անասունից, նա գոնե անկեղծ էր:
ԱՆԵՏ – Ներիր, գուցե պետք չէր… Ես մտածեցի, որ…
ԶԱՌԱ – Ախ, դու կարող ես մտածե՞լ, երջանիկ տիկնիկ:
ԱՆԵՏ – Կարծես չափն անցանք: Երկուսս էլ:
ԶԱՌԱ — Ի՞նչ ես առաջարկում:
ԱՆԵՏ – (հայացքով ցույց տալով կողքի սենյակը): Հագուստդ այնտեղ է:
ԶԱՌԱ – Սա արդեն անկեղծ է` քրջերդ վերցրու ու` քամուն…
ԱՆԵՏ – Չէ, ինձ չհասկացար… դու կարող ես գիշերը մնալ…
ԶԱՌԱ – Լրիվ անկեղծ է` մի գիշեր թույլ կտամ, որ ծվարես դռան ետևում:
ԱՆԵՏ – Բայց ինչո՞ւ ես այդ տոնով խոսում ինձ հետ:
ԶԱՌԱ – Որովհետև ուրիշ տոն չգիտեմ: Մի ներվայնանա, հիմա կգնամ: Բայց գնալուց առաջ մի խորհուրդ տամ տորթի ու կոֆեի դիմաց: Դու հաստատ մուրացկաններին փող ես տալիս:
ԱՆԵՏ – Պատահում է:
ԶԱՌԱ – Էլ չտաս:
ԱՆԵՏ – Ինչո՞ւ:
ԶԱՌԱ – Նրանք ատում են փող տվողներին:
ԱՆԵՏ – Այդքան չարությունը մեջդ` ո՞նց ես ապրում:
ԶԱՌԱ – Խելքիդ բանը չէ, երջանիկ Բարբի:
ԱՆԵՏ — (ցուցադրական նայելով ժամացույցին): Ի~նչ արագ է անցնում ժամանակը:
ԶԱՌԱ – Հասկացա` չքվելուս ժամանակն է: (Գնում է դեպի դուռը, ինչ-որ բան որոշելով` վերադառնում է:) Իսկ ես չեմ չքվի: Կմնամ ոչ միայն այս գիշեր… վաղը, մյուս օրը… հա~ կմնամ: Կհագնեմ քո բոլոր շորերը, կուտեմ քո բոլոր մուրաբաները, մարդուդ նվիրած ոսկեղենը կկախեմ վրաս ու…
Հայացքն ընկնում է հովհարին: Վրա է հասնում, համարյա ճանկելով` բացում ու կոտրատվելով սկսում է թափահարել:
ԱՆԵՏ – Տեղը դիր:
ԶԱՌԱ — Չլինի՞` սա էլ հիշատակ է… (Ուղիղ նայելով Անետի աչքերին` փորձում է երկու կես անել հովհարը:)
ԱՆԵՏ – (մոտենում, այն է` պիտի ապտակի, վերջին պահին զսպում է իրեն, աղջկա ձեռքից պոկում է հովհարը, ինքն է ջարդում` հայացքը չկտրելով նրանից:) Եթե հիմա այստեղից չգնաս…
ԶԱՌԱ — …ոստիկանություն կզանգես: Սկզբում մտածեցի` ուրիշ ես: Իսկ դու երեսառած լաչառի մեկն ես… դերասանուհի՛: |
ԱՆԵՏ – Դու չես կարող ինձ վիրավորել: Հանգիստ դուրս գնա:
ԶԱՌԱ – Բա որ չգնա՞մ…
ԱՆԵՏ — Ես զգուշացրի… (Գնում, վերցնում է հեռախոսը: Հուզված է, մատները չեն ենթարկվում:)
Զառան դարակի վրայից վերցնում է ատրճանակը, ուղղում Անետի վրա:
ԶԱՌԱ — (դանդաղ, շատ դանդաղ մոտենում է Անետին): Անո՞ւնս էիր ուզում իմանալ… (Անետը թիկունքով է նրան, նաև չի լսում:) Էդ անասունն էլ հարցրեց անունս… իբր` չէր հիշում: Ուրախացած ասացի: Կարծում էի` մոռացել է, չի հիշում, որ ինձ դաս է տալիս, անունս որ իմացավ` բաց կթողնի: Իսկ նա հևաց` լա~վ անուն է, ու… Հիմա էլ դու ես ուզում իմանալ անունս:
ԱՆԵՏ — (նրա տոնը ստիպում է շրջվել: Տեսնելով աղջկա դեմքը` հասկանում է, որ սկսվել է անկառավարելի մի բան: Հիպնոսվածի պես հայացքը չի կարող կտրել Զառայից): Աղջիկս, հանգստացիր… Դա խաղալիք չէ… Ճիշտ է, գազի ատրճանակ է, բայց…
ԶԱՌԱ – Քո ինչի՞ն է պետք անունս:
ԱՆԵՏ — Եթե չես ուզում, կարող ես չասել…
ԶԱՌԱ – Ստում ես: Անունս կիմանաս, որ հետո գցես հատակին ու… Բայց էս անգամ քեզ չի հաջողվի, անասուն, արդեն գիտեմ` քեզպեսներն ինչ են անում… (Նրա տեսիլքում դաստիարակն է:) Էլ առաջվանը չեմ, չեմ թողնի, որ կեղտոտ թաթերով կպնես… Բայց մինչև սատկելդ կիմանաս անունս… Զառա՛… (Կրակում է:)
Անետը հնձվածի պես ընկնում է հատակին: Զառայի դեմքը ուրախությունից ճառագում է: Նա ոտքով ուժեղ հարվածում է Անետին, երկրորդ հարվածը հասցնելուց առաջ նրա ուղեղը պայծառանում է: Դեմքին նախ սարսափ, հետո` անկեղծ զղջում է: Վերջնականապես ուշքի գալով մղձավանջից` արագ նետվում է կողքի սենյակը, վայրկյան անց վերադառնում` թևատակին իր հին շորերը: Սեղանի կողքով անցնելիս, ձեռքն անզգուշորեն դիպչում է վահանակին: Սրընթաց դուրս է նետվում:
Լուսավորվող էկրանին ընդհատված հաղորդումն է` տիկին Ինեսան պատմում է իր հորինովի պատմությունը: