Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ/ ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ, ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ ՍԵՐ
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ «ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ, ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ ՍԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 26-27-ում
Ժամանակ առ ժամանակ լուրեր են պտտվում, թե` աշխարհը կործանվելու է… Անհեթեթությո՜ւն: Աշխարհը չի կործանվի, քանի դեռ այնտեղ սեր կա: Աստծու ձեռքը վրա չի գա, քանզի Աստված` ինքը, սեր է:
Իսկ մահկանացունե՞րս…
Չմոռանանք, որ առաջին սերը դրախտում էր:
Չմոռանանք, որ առաջին սիրահարները սերը գերադասեցին դրախտից ու մեզ էլ կրակը գցեցին… Սիրո կրակը…
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ, ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ ՍԵՐ…
Զավեշտ երկու մասից, հինգ խաղքով
Գործող անձինք
ՄԱՆՈՒՇ — տես՝ Մուշեղ
ՄՈՒՇԵՂ — տաքսու վարորդ, խելակորույս սիրահարված է Աշխենին և հանուն նրա սիրո պատրաստ է դառնալ… (տես` Մանուշ)
ԱՐՈՒՍՅԱԿ — Մուշեղի մայրը, ամեն ինչի, ամեն մեկի հետ հաշտվող, դեռ չծերացող բարի կին
ԱԲՐԱՀԱՄ — Մուշեղի հորական պապը, կատակասեր, քիչ հիվանդ, բայց աշխույժ ծերուկ` իր նազուտուզերով, դաշնակցական հովերով
ԱՇԽԵՆ — ուսանողուհի, գիտի, որ ուշ թե շուտ գալու է իր մեծ սերը, սպասում է, բայց ո՞վ է, որտեղի՞ց է գալու` չգիտի
ԲԱԳՐԱՏ ՔԱՐԱՄՅԱՆ — Աշխենի հայրը, միլիցիայի պաշտոնաթող կապիտան, նախկին պետավտոտեսուչ, կոմունիստ, թատրոնի սիրահար, իր կարծիքով՝ գիտակ
ՍԱԹԵՆԻԿ — Աշխենի մայրը, հրաշալի տանտիկին է, սիրագորով մայր
ՍԱՔՈ — Աշխենի եղբայրը, երեսառած անբան, որի գեներում, այնուամենայնիվ, առողջ հատիկներ կան
ԱԶԳՈՒՇ — գյուղից եկած կարմրաթուշ, քաղաքացի դառնալ ձգտող, տաքսամոտորային ավտոհավաքակայանի հաշվապահ
ՏՆՕՐԵՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — տնօրենի քարտուղարուհի
Դեպքը կատարվում է մեր օրերում:
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
Խաղք առաջին
Տաքսամոտորային ավտոհավաքակայանի ակումբի բեմը: Ետնապատին ինքնագործ թատերախմբի հին ազդագրեր, ճանապարհային նշաններ, ամենավերևում` պաստառ. «Անվտանգ երթևեկելը յուրաքանչյուր կոմունիստ վարորդի պարտքն է», կողքին` մեծ բարձրախոս:
Բեմի ձախ կողմում նոր բեմադրության միակ կահավորանքը՝ Դեզդեմոնայի մահիճն է: Կենտրոնում, փոքրիկ սեղանիկի մոտ, մեջքով հանդիսատեսին, նստած է ռեժիսորը: Սեղանիկի վրա պետավտոտեսուչի ցուցափայտն է, կաշվե թղթապանակը, պիեսը, գրիչ, ծխացող կոթուկով մոխրաման:
Ստեղծագործական թեժ պահն է` Ազգուշ—Դեզդեմոնան մահիճում է, Օթելլո—Մուշեղը հաշվեհարդարի է պատրաստվում:
ՄՈՒՇԵՂ — Իմ այնքա՜ն սիրած այն թաշկինակը, որ ես քեզ տվի:
Դու պարգևել ես նույնը Կասսիոյին:
ԱԶԳՈՒՇ — Ո՜չ, կյանքս վկա, ո՜չ, հոգիս վկա:
Կանչել տուր մարդուն և հարցում արա:
ՄՈՒՇԵՂ — Հոգիս, զգույշ կաց, երդմնազանցություն մի անիր, զգո՜ւյշ:
Մահվանդ անկողնում գտնվում ես այժմ:
ԱԶԳՈՒՇ — Այո՜, բայց դեռ ոչ մեռնելու համար:
ՔԱՐԱՄՅԱՆ — (աղերսալից): Այո՜, բայց դեռ ոչ մեռնելու համար…
ԱԶԳՈՒՇ — (ճիշտ՝ Քարամյանի պես): Այո՜, բայց դեռ ոչ մեռնելու համար:
ՄՈՒՇԵՂ — Հենց այս րոպեիս ուրեմն՝ մեղքդ պարզ խոստովանիր:
Երբ ամեն մի կետ երդումով ժխտես,
Դարձյալ չես կարող ցրել կամ խեղդել պիրկ համոզումս,
Որից գոռում եմ: Մեռնելո՜ւ ես դու:
ԱԶԳՈՒՇ — Աստվա՜ծ, գթա ինձ:
ՄՈՒՇԵՂ — Ամե՜ն, ասում եմ:
ԱԶԳՈՒՇ — Բայց դու էլ գթա: Երբեք ես քո դեմ հանցանք չեմ գործել.
Երբեք Կասսիոյին չեմ սիրել, երբե՜ք…
Ներս է մտնում քարտուղարուհին՝ թղթապանակը ձեռքին, վեհաշուք քայլվածքով ուղղվում է դեպի մահիճը:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Օրիորդ Ազգուշ, տնօրենն ասաց` էս թղթերը շտապ ստորագրի, ուղարկում ենք հարկային:
Ազգուշը նրա տված գրչով ստորագրում է փաստաթղթերը: Նյարդայնացած ռեժիսորը ծխի ամպ է կապում:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Շնորհակալություն: (Սուզվելով ծխի ամպի մեջ՝ դուրս է գնում):
ԱԶԳՈՒՇ — Որտեղ էի՞նք…
ՔԱՐԱՄՅԱՆ — (բարկացած ոտքի Է թռչում): Օլիգարխների կողմից սեփականաշնորհված տաքսամոտորային պարկի ակումբում էինք, իմացար, որտեղ հենց նոր դիրեկտորի քարտուղարուհին անիծեց Շեքսպիրի հերը: (Ետուառաջ քայլելով): Սա ի՞նչ անարխիա է, ի՞նչ շոֆերական վերաբերմունք է համաշխարհային դասականի նկատմամբ: (Փնչացնելով նստում է): Եղբայր, ես վաստակած հանգստի անցած մարդ եմ: Սովետական պետությունը, իմ հարազատ կոմունիստական կուսակցությունն ինձ ասել են՝ ավտոտեսուչ Քարամյան, թոշակդ ստացիր, իմացար, տանը նստիր: Ազատ անկախ պետությունն ինձ չի ասել՝ Բագրատ Քարամյան, տանդ նստիր, թոշակդ ամիսներով մի ստացիր, գնա վարորդների մոտ՝ ինֆարկտ ստացիր: Ես միշտ ասել եմ` (պաթետիկ) արվեստը վեհացնում է մարդուն, բայց ոչ՝ շոֆերներին: (Սուլիչով ազդանշան է տալիս): Տեղերո՛ւմ: Ազգուշ, ռեպլիկը տուր՝ «Ոչ մի հիշատակ չե՜մ տվել նրան». Մուշեղ՝ «Երկի՜նքը վկա…»:
ԱԶԳՈՒՇ — …Ոչ մի հիշատակ չե՜մ տվել նրան:
ՄՈՇԵՂ — Երկի՜նքը վկա, իմ թաշկինակը նրա ձեռքին տեսա:
Օ՜հ, երդմնադրուժ կին…
ՔԱՐԱՄՅԱՆ — Օօօօ՜հ, երդմնադրուժ կին…
ՄՈՒՇԵՂ — Օ՜հ, երդմնադրուժ կին…
ՔԱՐԱՄՅԱՆ — Օօօօ՜հ, երդմնադրուժ կին…
ՄՈՒՇԵՂ — (ճիշտ` նրա տոնով): Օօօօ՜հ, երդմնադրուժ կին…
ՔԱՐԱՄՅԱՆ — Ապրես:
ՄՈՒՇԵՂ —…Այդ ձևով սիրտս քարացնում ես դու,
Եվ սպանություն կոչել ես տալիս իմ անելիքը,
Ինչ որ ողջակեզ համարում էի:
Իմ աչքո՛վ տեսա այն թաշկինակը:
ԱԶԳՈՒՇ — Գտել է, ուրեմն:
Ես չեմ ընծայել: Կանչել տուր այստեղ:
Թող խոստովանի ճշմարտությունը:
ՄՈՒՇԵՂ — Խոստովանել է:
ԱԶԳՈՒՇ — Ի՞նչ, տեր իմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ի՜նչ, տեեե՜ր իմ…
ԱԶԳՈՒՇ — (ճիշտ` նրա տոնով): Ի՜նչ, տեեե՜ր իմ…
ՔԱՐԱՄՅԱՆ — Ապրե՛ս:
ՄՈՒՇԵՂ — Թե նա եղել է քեզ հետ:
ԱԶԳՈՒՇ — Ինչպե՞ս, վա՞տ մտքով:
Միանում է ներքին ռադիոցանցը:
Դիսպետչերի արձագանքվող ձայնը — Ուշադրություն, 13-314 ԱՈՒ ավտոմեքենան` ուղերթի: Պատվերը՝ Տպագրիչների փողոցի 94 շենքից, Սարոյան: Կրկնում եմ. 13-314 ԱՈՒ ավտոմեքենան՝ ուղերթի: Պատվերը՝ Տպագրիչների փողոցի 94 շենքից, Սարոյան: (Տնավարի): Ռուբիկ, մինչև գնալդ ինձ մոտ կմտնես, մի խոխմա կա… (Զսպված ծիծաղ):
ԱԶԳՈՒՇ — Ինչպե՞ս, վա՞տ մտքով…
ՔԱՐԱՄՅԱՆ — (սուլելով ոտքի է թռչում): Ստո՜պ, ստո՜պ, ստո՛պ: Աջ քաշեք, կանգնեք… Հազար անգամ եմ ասել, որ ակումբում ձայնային ազդանշաններն արգելվում են: Այստեղ 180 աստիճանի վրա ճակատագրեր են բախվում, իսկ սրանք, իմացար, խոխմա են անում: Ձեր դիրեկտորի տալոնը ծակելու եմ… Այսինքս` լուրջ խոսակցություն եմ ունենալու հետը: Եղբայր, եկան, ասացին` գարաժը սեփականաշնորհել ենք, ակումբը սեփականաշնորհել ենք, բայց յոլա չենք գնում, արի մի պիես բեմադրի, որ ամերիկացի բարեգործներին ապացուցենք, թե մեր հին ու քաղաքակիրթ ազգի շոֆերները Շեքսպի՜ր են անգիր անում, բայց սոված են Կորեայի որբերի պես: Թող տեսնե՜ն, խղճա՜ն օգնություն տա՜ն: Օր-ծերության վաստակած հանգստից բերման ենթարկեցին ու պայմաններ չեն ստեղծում: (Մուշեղին.) Դո՞ւ ինչ ես Դեզդեմոնայի հետ կոկետություն խաղում: Նա քո ուղևո՞րն է, որ կուլտուրական սպասարկում ես ցույց տալիս: (Հեգնելով` Մուշեղի տոնով): «Օ՜հ, երդմնադրուժ կին, այդ ձևով սիրտս քարացնում ես դու»… Հասկացիր, մավրը կատաղած է, Դեզդեմոնան, իմացար, կարգ է խախտել… Հոծ գիծ է տրորել… ո՞նց ասեմ, կարմիր լույսի տակով է անցել… ամրագոտին չի գցել, իմացա՞ր, «Դրո» խումբ է ստեղծել, վթարային իրավիճակ է ստեղծել: Դու փաստեր ես դեմ տալիս, նա, իմացար, չքմեղանում է: (Ազգուշին.) Դու էլ կարգին արդարացիր: (Հեգնելով): «Օ՜հ, վռնդիր ինձ, իմացար, բայց մի սպանիր»…
ԱԶԳՈՒՇ — Բայց դրան դեռ չենք հասել, պարոն Քարամյան:
ՔԱՐԱՄՅԱՆ — Մեկ է, հասնենք էլ` նույն ձևով ես ասելու: Լավ, Դեզդեմոնայի վրա դեռ կաշխատենք: (Սուլում է): Տեղերո՛ւմ, խեղդելու տեսարանը:
ԱԶԳՈՒՇ — Վաղը սպանի՞ր…
ՔԱՐԱՄՅԱՆ — Հա, հենց դա:
ԱԶԳՈՒՇ — (մտնելով դերի մեջ): Վաղը սպանիր, գոնե այս գիշեր կենդանի թող ինձ:
ՄՈՒՇԵՂ — Եթե դիմադրես:
ԱԶԳՈՒՇ — Մի կես ժամ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Խնդրի՛ր, իմացար, մի կես ժա-ա՜մ:
ԱԶԳՈՒՇ — Մի կես ժա-ա՜մ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ապրե՛ս:
ՄՈՒՇԵՂ — Հիմա որ սկսեց, սպասել չկա:
ԱԶԳՈՒՇ — Այնքան, որ միայն մի աղոթք ասեմ:
ՄՈՒՇԵՂ — Էլ ուշ է՜:
ՔԱՐԱՄՅԱՆ — Վրաերթ կատարիր… կապոտի՛ն, ֆառերի՛ն հասցրու… կատաղա՛ծ, կատաղած, այ տղա, կա-տա-ղա՜ծ…
ՄՈՒՇԵՂ — Էլ ուշ է՜: (Սկսում է խեղդել):
Թափանցիկ եզրավարագույրից երևում է Աշխենը:
ԱՇԽԵՆ — Պապա, պապ…
ՔԱՐԱՄՅԱՆ — Մռնչա՜…
Մուշեղը մռնչում է:
ԱՇԽԵՆ — Այ պապ…
ՔԱՐԱՄՅԱՆ — (առանց շրջվելու ձեռքով սաստում է): Ձենդ կտրիր:
Մուշեղը սսկվում է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Այ տղա, մռնչա՜…
Մուշեղը մռնչում է:
ՔԱՐԱՄՅԱՆ — (սուլում է): Ստո՛պ: Լավ էր: Բայց լավ մռնչա: (Աշխենին.) Ի՞նչ կա, ինչո՞ւ ես եկել:
ԱՇԽԵՆ — Մայրիկն ասաց՝ շտապ գնա հորդ մոտ ու ասա… (Բարձրախոսը խլացնում է նրա ձայնը):
Դիսպետչերի ձայնը — Պարոն Քարամյան, դիսպետչերական կետում քեզ մի մայոր ա հարցնըմ: Ասըմ ա` պաշտոնաթող կապիտանը շտապ պետք ա:
ՔԱՐԱՄՅԱՆ — (բարձրախոսին): Գալիս եմ: (Աշխենին.) Ասում ես` ի՞նչ ասաց:
ԱՇԽԵՆ — Ասում էր` շտապ գնա հորդ մոտ ու ասա, որ…
Դիսպետչերի ձայնը — Ընկեր կապիտան, ասըմ ա՝ շուտ արա, ժամանակ չունեմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — (Աշխենին): Լավ, սպասիր: (Մյուսներին.) Հիմա գալիս եմ: (Դուրս է գնում):
Աշխենն անտարբեր զննում է ազդագրերը: Մուշեղը, կաշկանդված, հանում է մավրի ականջօղը, թիկնոցից` մի ձեռքը:
ԱԶԳՈՒՇ — (մահճից` Մուշեղին): Հանվո՞ւմ ես… Ես էլ հանվե՞մ:
ՄՈՒՇԵՂ — (ցրված): Հանվիր, որ կանչեցին՝ էլ չի գա:
ԱԶԳՈՒՇ — (գիշերանոցը հանելով` ջանում է Մուշեղի ուշադրությունը գրավել): Էսօր լավ էիր մռնչում: Արի մի էս ցեպը քաշի:
Աշխենով տարված Մուշեղն ակամա օգնում է Ազգուշին:
ԱԶԳՈՒՇ — Էն որ ասում ես՝ եթե դիմադրես, պադտեքստը չեմ հասկանում: Ես ասում եմ՝ գոնե այս գիշեր կենդանի թող ինձ, դու ասում ես՝ եթե դիմադրես… Ինչո՞ւ պիտի դիմադրեմ: Ես ասում եմ` մի կես ժամ, դու ասում ես` հիմա, որ սկսեց, սպասել չկա… իբր ի՞նչ… կարո՞ղ ա թարգմանությունն ա սխալ:
ՄՈՒՇԵՂ — (ցրված): Կարող է և սխալ է:
ԱԶԳՈՒՇ — Հանվիր, է՞:
ՄՈՒՇԵՂ — Հը՞… հա: (Թիկնոցից մյուս ձեռքն էլ է հանում):
ԱԶԳՈՒՇ — (գրկում է Մուշեղին): Ի՜նչ կա աշխարհում, որ ինձնից խնդրես, և ես քեզ մերժեմ, կամ թե այդ ձևով տատամսած կանգնե՜մ…
ՄՈՒՇԵՂ — (ազատվելով նրանից` հմայված ձգվում է դեպի Աշխենը): Դա երրորդ արարում է:
ԱԶԳՈՒՇ — (խալաթը վրան գցելով` իջնում է մահճից: Ի լուր Աշխենի): Այսօր լավ ներկայացում կա, չգնա՞նք:
ՄՈՒՇԵՂ — (ցրված): Գնանք:
ԱԶԳՈՒՇ — Բանջարը դուրս ա եկել, մտնենք շուկա, մի քիչ առնենք:
ՄՈՒՇԵՂ — Առնենք:
ԱԶԳՈՒՇ — Մուշեղ:
ՄՈՒՇԵՂ — Հը՞:
ԱԶԳՈՒՇ — Էն ծաղիկները, որ ինձ նվիրեցիր, արդեն թոշնել են:
ՄՈՒՇԵՂ — Կարող է… (Սթափվելով): Ի՞նչ ծաղիկներ:
ԱԶԳՈՒՇ — Լավ, մի բան կմտածենք: Ես բարձրանամ հաշվապահություն, տեսնեմ` ի՞նչ կա-չկա… որ փորձը շարունակվի` իմաց տուր:
ՄՈՒՇԵՂ — Լավ:
ԱԶԳՈՒՇ — Մուշեղ ջան, ես բարձրանում եմ հաշվապահություն, որ փորձը շարունակվի՝ իմաց տուր:
ՄՈՒՇԵՂ — Լավ, Ազգուշ ջան:
ԱԶԳՈՒՇ — (շեշտված): Լավ, Մուշեղ ջան: (Արհամարհական նայելով Աշխենին՝ գնում է):
Մուշեղն աննպատակ աջ—ձախ է նայում, ապա մոտենում է Աշխենին:
ՄՈՒՇԵՂ — Բարև, Աշխեն:
ԱՇԽԵՆ — Բարև ձեզ: (Անտարբեր շուրջն է նայում):
ՄՈՒՇԵՂ — Այդպես էլ ինձ վերջնական ոչինչ չասացիր:
ԱՇԽԵՆ — Ես ամեն ինչ վերջնական ասել եմ:
ՄՈՒՇԵՂ — Չես ասել… Ամեն անգամ մի կասկած թողնում ես: Հասկացիր, դա կարող է…
ԱՇԽԵՆ — (կտրուկ շրջվում է, վրա է տալիս): Հասկացիր, դա կարող է քեզ համար զվարճալի լինել, բայց մի տանջիր ինձ, ցիցերոնյան պերճախոսություն է պետք, որ կարողանամ ասել քեզ այն, ինչ զգում եմ, ես քեզ սիրում եմ մաքո՜ւր ու պարզ, խո՜ր, շա՜տ խոր սիրով, ինչպե՞ս ասեմ, որ հասկանաս… Լսել եմ, շատ եմ լսել: (Շրջվում է):
ՄՈՒՇԵՂ — Գիտեմ… բայց դա չէի ուզում ասել: Ես… բոլորովին նոր բան… բոլորովին ուրիշ բան եմ ուզում ասել…
ԱՇԽԵՆ — (անտարբեր): Լսում եմ:
ՄՈՒՇԵՂ — Հասկացիր… դա կարող է քեզ համար… զվարճալի լինել, բայց մի տանջիր ինձ… Ցիցերոնյան պերճախոսություն է պետք, որ… որ… կարողանամ…
ԱՇԽԵՆ — (չկարողանալով զսպել ծիծաղը): Հետո՞…
ՄՈՒՇԵՂ — Հետո…
ԱՇԽԵՆ — Հուշե՞մ:
ՄՈՒՇԵՂ — Պետք չի… ես ինքս… կհուշեմ… կհիշեմ… հասկացիր… հասկացիր ախր, որ Ցիցերոն… (Համարձակվելով): Ես քեզ սիրում եմ…
ԱՇԽԵՆ — (ծաղրալի): Օթելլո՜…
ՄՈՒՇԵՂ — Ինչո՞ւ ես վիրավորում: Ես միայն քեզ հետ եմ շփոթվում: Բայց եթե իմանամ, որ սրտով ու հոգով դեմ ես ինձ, էլ երբեք չեմ փորձի քեզ մոտենալ:
ԱՇԽԵՆ — Ուրեմն, իմացիր, ամբողջ սրտով ու հոգով դեմ եմ քեզ, էլ երբեք չփորձես ինձ մոտենալ:
ՄՈՒՇԵՂ — Սուտ ես ասում:
ԱՇԽԵՆ — Այ քեզ բա՜ն:
ՄՈՒՇԵՂ — Մի ծաղրիր: Սպասիր…
ԱՇԽԵՆ — Ես չեմ էլ գնում, սպասում եմ հորս: (Նրան զվարճացնում է տղայի շփոթմունքը):
ՄՈՒՇԵՂ — Չէ… սպասիր ասեմ: Ախր, դու միշտ կասկածելու տեղ ես թողնում:
ԱՇԽԵՆ — Օրինակ:
ՄՈՒԵՂ — Օրինա՞կ` այսօրվա դեպքը: Դու գիտեիր, որ այստեղ եմ, ինչո՞ւ եկար:
ԱՇԽԵՆ — Մայրս պատվիրեց շտապ լուր հաղորդել հորս:
ՄՈՒՇԵՂ — Իսկ որ հայրդ գնաց, ինչո՞ւ ոտքդ կախ գցեցիր:
ԱՇԽԵՆ — Իսկ որ հայրս գնաց, պատվիրեց ինձ այստեղ սպասել:
ՄՈՒՇԵՂ — Իսկ որ պատվիրեց… դու էլ չսպասեիր, ասեիր՝ չէ, հայրիկ, ես էլ եմ գալիս, չեմ սպասում:
ԱՇԽԵՆ — Նախ, նրան հայրիկ չեմ ասում, այլ՝ պապա, երկրորդ` նրա ասածն օրենք է ինձ համար:
ՄՈՒՇԵՂ — Օրե՞նք է:
ԱՇԽԵՆ — Ի՞նչ է, քո հոր ասածը քեզ համար օրենք չէ՞:
ՄՈՒՇԵՂ — Ես հայր չունեմ: Մայրս է ու պապս:
ԱՇԽԵՆ — Ուրի՞շ:
ՄՈՒՇԵՂ — Մեկ էլ մի հորաքույր ունեմ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում… (Գլխի ընկնելով, որ այն չի ասում): Ձե՞ռ առնում:
ԱՇԽԵՆ — Ե՞ս: Այդ դու ես ինձ ձեռ առնում, նույնիսկ վիրավորում ես:
ՄՈՒՇԵՂ — Ե՞ս:
ԱՇԽԵՆ — Այո, դու: Ինձ ասում ես ստախոս, թեթևսոլիկ… (Իբր հուզվում, շրջվում է):
ՄՈՒՇԵՂ — Այդ ե՞րբ:
ԱՇԽԵՆ — Դու չասացի՞ր՝ սուտ ես ասում, կասկածի տեղ ես թողնում, չես հասկանում…
ՄՈՒՇԵՂ — Ես չեմ ասել՝ «չես հասկանում»: Ես իմ ասածները անգիր գիտեմ:
ԱՇԽԵՆ — Որ ասում ես` հասկացիր, հա, հասկացիր, բա դա ասել չի՞… շատ լավ էլ հասկանում եմ: (Շրջվում է, անկեղծ շեշտով): Հասկանում եմ, Մուշեղ, հասկանում եմ: Դու լավ տղա ես, զգացմունքներդ անկեղծ են, բայց… մի վիրավորվիր, սիրտս չի կպչում:
ՄՈՒՇԵՂ — Չեմ հասկանում…
ԱՇԽԵՆ — Ինչպե՞ս բացատրեմ, որ հասկանաս:
ՄՈՒՇԵՂ — Իսկ պապայիդ ասածը իսկապե՞ս օրենք է քեզ համար:
ԱՇԽԵՆ — Իհարկե:
ՄՈՒՇԵՂ — Իսկ եթե նա քեզ ասի, որ ինձ սիրե՞ս:
ԱՇԽԵՆ — (ծիծաղում է): Չէ, Մուշեղ ջան, չէ, թեկուզ աշխարհն ասի: Ե՛ս պետք է սիրեմ, հասկանո՞ւմ ես, ե՛ս պետք է սիրեմ: (Պայուսակից հանում է թաշկինակը, սրբում արցունքոտված աչքերը): Այլապես… ո՞նց ասեմ… չէ՞ որ մի կյանք է տրված, ինչպե՞ս կարող եմ չսիրած մարդու հետ ապրել այդ կյանքը:
ՄՈՒՇԵՂ — (մղվում է դեպի Աշխենը): Որ ամուսնանք, ես այնպես կանեմ, որ կսիրես:
ԱՇԽԵՆ — (ընկրկում է` չնկատելով, որ թաշկինակը վայր գցեց): Մինչև ամուսնանալը պետք է անես, դմբո, բա որ չկարողացա՞ր:
ՄՈՒՇԵՂ — Կկարողանամ… (Ոտքը, գողտուկ, դնում է թաշկինակի վրա):
ԱՇԽԵՆ — (չարաճճի): Հանկարծ ու չկարողացար, բա քո մեղքը չե՞մ գա:
ՄՈՒՇԵՂ — Կգաս… (Նա էլի ինչ—որ բան է ասում, բայց բարձրախոսը խլացնում է ձայնը):
ՔԱՐԱՄՅԱՆԻ ձայնը — Մուշեղ, Ազգուշ, այսօր փորձն ավարտված է, իմացար, գնացեք տուն և լավ սովորեք անվտանգ երթևեկության կանոնները… այսինքն՝ դերերը: Աշխեն, դիսպետչերի մոտ քեզ եմ սպասում:
ԱՇԽԵՆ — Ցտեսություն, Օթելլո՜, մի վշտանա, այնքան լավ աղջիկներ կան: (Գնում է):
ՄՈՒՇԵՂ — Ցտեսություն… (Վերցնում է թաշկինակը, հպում է շուրթերին: Տերյան է արտասանում):
Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ.
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ…
Ներս է մտնում Ազգուշը:
Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խոսքերի զանգակները զվարթաձայն.
Շուրթերդ-վարդ՝ բոցավառված են իմ առաջ
Ցանկությունով արյունատենչ ու մեղսական:
Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում
(երանությամբ փակում է աչքերը, տարածում ձեռքերը):
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում,
Քո խավարում՝ մոռացության մի ակնկթարթ…
Առիթից օգտվելով` Ազգուշն ամուր գրկում է նրան:
ՄՈՒՇԵՂ — (երանությամբ): Աշխե՜ն…
ԱԶԳՈՒՇ — Ազգո՜ւշ:
ՄՈՒՇԵՂ — (աչքերը բացում է): Ազգո՞ւշ… ներիր…
ԱԶԳՈՒՇ — Ոչինչ, ոչինչ, ում հետ չի պատահում… Էլի մերժե՞ց:
ՄՈՒՇԵՂ — (հոգոցով): Մերժեց:
ԱԶԳՈՒՇ — Շատ էլ լավ արեց: Նա ի՞նչ ա, որ քեզ պես տղի կնիկը դառնա:
ՄՈՒՇԵՂ — Չէ՜, Ազգուշ ջան, մի ասա… ես նրան շատ եմ սիրում:
ԱԶԳՈՒՇ — Բայց նա քեզ ծաղրում ա, վիրավորում: Երես առածի մեկն ա: Տանը գաիշնիկ հորից անընդհատ լսել ա, որ շոֆերները անկարգ են, խմող են, մեծաբերան են ու փոքրուց իմունիտետ ունի բոլոր տեսակի շոֆերների նկատմամբ: Դա դեռ քիչ ա, Քարամյանը կոմունիստ ա, իսկ դու ՀՀՇ ես: (Մուշեղը հոգոց է քաշում): Մուշեղ, ինձ ուզիր:
ՄՈՒՇԵՂ — Քե՞զ:
ԱԶԳՈՒՇ — Հա, ամուսնական ստաժ էլ ունենք: Մի տասն անգամ մռնչացել ու խեղդել ես:
ՄՈՒՇԵՂ — (ձեռքը թափ տալով): Լա՛վ, է՜:
ԱԶԳՈՒՇ — Չէ, լուրջ: Ի՞նչ պակաս աղջիկ եմ՝ հաշվապահականն ավարտել եմ, կոմպյուտեր գիտեմ, հիմի էլ կար ու ձևի եմ գնում, լավաշ թխելը գիտեմ, մեր գյուղի դպրոցում ասմունքի խմբակի գնացել եմ, կով կթել գիտեմ, ավլել-թափել, կարել-կարկատել գիտեմ, իսկ թե ո՞նց եմ խեղդվում՝ էդ էլ դու գիտես… Հը՞, էդ ինչի՞ չես ձայն հանում, վատ եմ խեղդվո՞ւմ…
ՄՈՒՇԵՂ — Խեղդվելու լավն ու վատը ո՞րն է:
ԱԶԳՈՒՇ — Լավ խեղդվողին լավ խեղդող ա պետք: Էսօր դու ինձ լա՜վ խեղդեցիր… բա մռնչա՜լդ… (Մռնչում է):
ՄՈՒՇԵՂ — Իմ սև սրտին…
ԱԶԳՈՒՇ — Սարսաղ, քո սրտին ի՞նչ ա եղել: Ես քեզ այնպես կսիրեմ, այնպես կփայփայեմ, որ նրան կմոռանաս: Չե՞ս հավատում, փորձենք:
ՄՈՒՇԵՂ — Լուրջ ե՞ս ասում:
ԱԶԳՈՒՇ — (լրջանալով): Հենց՝ լուրջ: (Նկատում է թաշկինակը): Էդ էլ իրա թաշկինակն ա՞: (Մուշեղը գլխով է անում): Հըմի դու Օթելլո՞ ես, թե՞ Յագո…
ՄՈՒՇԵՂ — Է-է՛հ:
ԱԶԳՈՒՇ — Դու էդ նախկին միլիցիոների երես առած աղջկան (հեգնելով), իմացար, հերիք ա երես տաս, էլ տեղ չունի… Կուչ ես գալի, խեղճանում ես… Տղամարդավարի մոտեցիր, ասա՝ կամ` ես եմ, չկամ` ես եմ: Վերջ: Նա էլ, համոզված եմ, կասի` դու չես, ու մենք կամուսնանանք:
ՄՈՒՇԵՂ — (չլսելով): Ասում է՝ դու վատ տղա չես, բայց քեզ չեմ սիրում:
ԱԶԳՈՒՇ — Դու ուզում ես, որ նա քեզ միանգամից ճանաչի, քո հոգին հասկանա ու սիրի՞: Չէ՜, աղջիկներին ասող, խոսող, մի քիչ արհամարհող ու վերևից նայող տղամարդ ա դուր գալի: Ոնց որ դու՝ ինձ հետ: Ոչ թե խեղճ ու կրակի մեկը, ոնց որ դու՝ նրա հետ: (Երազկոտ): Բայց ես հավատացած եմ, եթե նա քեզ լավ ճանաչի՝ կսիրահարվի: Ոնց որ ես…
ՄՈՒՇԵՂ — Ճի՞շտ:
ԱԶԳՈՒՇ — Ճի՛շտ: Ես քեզ սիրում եմ:
ՄՈՒՇԵՂ — Դա չէ, է՜… Որ Աշխենը ինձ լավ ճանաչի` կսիրի՞:
ԱԶԳՈՒՇ — Կսիրի, ֆողեմ Աշխենիդ… (Նկատելով Մուշեղի խիստ հայացքը): …տատի գլուխը:
ՄՈՒՇԵՂ — Դե որ այդպես է, ես նրան նամակ կգրեմ, մանրամասն, իսկական, անկեղծ նամակ…
Լռում են՝ ամեն մեկն իր խոհերի հետ է:
ԱԶԳՈՒՇ — Որ ճիշտն ասեմ, մեղքս գալիս ես… Ամբողջ օրը նրա մասի՞ն ես մտածում:
ՄՈՒՇԵՂ — Ը՛-հը՛:
ԱԶԳՈՒՇ — Մտածում ես, որ եթե նա քեզ սիրի, ո՞նց լինի, ի՞նչ լինի՝ հետը յոլա կգնա՞ս:
ՄՈՒՇԵՂ — Ը՛-հը՛:
ԱԶԳՈՒՇ — Մեկ-մեկ մտքումդ նրա հետ խոսում ես: Ասում ես` ես էս կասեմ, ինքը ժպտալով` էս կասի, ես` էս կասեմ, ինքը, գրկելով, համբուրելով`՝ էս կասի՞…
ՄՈՒՇԵՂ — Ը՛-հը՛:
ԱԶԳՈՒՇ — (հոգոց քաշելով): Ես էլ եմ այդպես մտածում:
ՄՈՒՇԵՂ — Դո՞ւ ինչու ես այդպես մտածում, Աշխենն ինչո՞ւ պիտի քեզ գրկի, համբուրի:
ԱԶԳՈՒՇ — (տխուր): Ես քո մասին եմ այդպես մտածում:
ՄՈՒՇԵՂ — Հա՜… (Երազկոտ): Իհարկե, ես նրան միշտ կհամբուրեմ, կգրկեմ, մենք երջանիկ կլինենք:
ԱԶԳՈՒՇ — Մուշեղ, եթե… եթե այնպես լինի… ասենք, այնպես լինի, որ Աշխենը քեզ չուզի… ամուսնանա ուրիշի հետ… ինձ հետ կամուսնանա՞ս:
ՄՈՒՇԵՂ — Ինչ ես խոսում, է՞… Աշխարհն էլ որ շրջվի, մեկ է, Աշխենն իմն է լինելու:
ԱԶԳՈՒՇ — (ինչ—որ բան վճռելով): Դե լավ, վաղուց եմ հույսս քեզնից կտրել: (Ջանում է չարտասվել): Իմ անձնականը զոհում եմ քեզ:
ՄՈՒՇԵՂ — Էդ ո՞նց:
ԱԶԳՈՒՇ — Մորաքրոջս աղջիկը՝ Բելան, սովորում ա քո էդ… Աշխենի հետ, բանասիրականում: Էդ քու… Աշխենն էլ հիմա կուրսայինի վրա ա տանջվում՝ «Սայաթ-Նովան՝ սիրո երգիչ» թեմայով: Ինչքան գիտեմ, գրագետ տղա ես, ճի՞շտ ա:
ՄՈՒՇԵՂ — Մանկավարժականը երրորդ կուրսից թողեցի:
ԱԶԳՈՒՇ — Գիտեմ: Քեզ կծանոթացնեմ Բելայի հետ: Նա էլ էն տիպն ա, որ ձին ձիավորից ցած կբերի: Դու նրա տամարը մտի, թող դասավորի՝ մեկ-մեկ հանդիպեք էդ քո… Աշխենիդ հետ: Բայց ոչ թե քո Ցիցերոնից խոսի, այլ Սայաթ-Նովայից: Էդ… Աշխենիդ գլուխը Սայաթ-Նովայից կաղում ա: Աղջիկ ա, խելքը մտի քո գիտելիքներով… Կարող ա՝ սիրում ա: (Չկարողանալով արցունքները զսպել՝ դուրս է վազում):
ՄՈՒՇԵՂ — (հանկարծակիի եկած): Ազգո՜ւշ… (Հետևում է նրան):
Մթնեցում:
Խաղք երկրորդ
Բագրատ Քարամյանի հյուրասեմյակը: Քարամյանը սուրճ է խմում, «Հայաստանի կոմունիստ» է կարդում: Սաթենիկը կահույքի փոշին է սրբում:
ՍԱԹԵՆԻԿ —(դնդնացնում է): Քարփի ծերին մորի ա:
Քարփի տակին գարի ա,
Երեք օր է, չեմ տեսել յարիս,
Գիտեմ յոթը տարի ա:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ասում ես… Էն ինչ էիր ասո՞ւմ…
ՍԱԹԵՆԻԿ — Հետդ խոսել է լինո՞ւմ, որ…
ՔԱՐԱՄՅԱՆ — Էլի չսկսես, իմացար: Ուրեմն, դեռ մի բան էլ ես եմ պարտք մնո՞ւմ:
ՍԱԹԵՆԻԿ — Բա ո՞վ: Որ քեզ լսենք՝ աղջիկդ միանձնուհի է դառնալու, տղադ՝ քահանա:
ՔԱՐԱՄՅԱՆ — Վատ կլինե՞ր: Հիմա քահանան, իմացար, գաիշնիկից լավ է ապրում:
ՍԱԹԵՆԻԿ — Այ մարդ, մի քիչ խելք հավաքիր, էլի…
ՔԱՐԱՄՅԱՆ — Օժիտիդ հետ որ բերեիր` կունենայի:
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ ես ուզում ասել… Հորդ հիշեցի՞ր, որ նստում կանգնում՝ երեսովս էր տալիս. «Մի բռնոթու ղութիկ վերցրած տունս մտար»: Նեղ տարիներ էին, ես էլ Շաշամալովի թոռը չէի:
ՔԱՐԱՄՅԱՆ — Դե լա՜վ, ես էլ Մանթաշովի տղան չէի, իմացար: Մեծ մարդ էր՝ ասում էր:
ՍԱԹԵՆԻԿ — Մանթաշովի տղան չէիր, բայց էսօր Մանթաշով ես գլխիս դառել՝ «Ես ՀՀՇ-ականի աղջիկ չեմ տա»…
ՔԱՐԱՄՅԱՆ — Այ կնիկ, քեզ հո թուղթուգիր չե՞ն արել, իմացար: Էդ տղային շատ լավ գիտեմ, իմացար: Մի քոսոտ տաքսի «Մոսկվիչ» է սեփականաշնորհել, իմացար, ինքնագործ խմբում էլ խաղում է:
ՍԱԹԵՆԻԿ — Պակաս է խաղո՞ւմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հենց՝ պակաս է խաղում: Արվեստ ասածդ, իմացար, թթու թան չի… (Ոգևորվում է): Անվտանգության բոլոր կանոնները, իմացար, պիտի պահպանես, կերպարի մեջ պիտի մտնես, մարմնավորես… Ստանիսլավսկին, գիտե՞ս, ինչ է ասել:
ՍԱԹԵՆԻԿ — Կարող է, հետը չունի՝ ասել է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Այ կնիկ, դու գիտե՞ս` ով է Ստանիսլավսկին:
ՍԱԹԵՆԻԿ — Ով ուզում է լինի: Ուրիշների ասածով կարծիք չեն կազմի:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ստանիսլավսկին, իմացար, կերպար կերտելու մասին է ասել, որ պետք է այնպես մարմնավորես, որ…
ՍԱԹԵՆԻԿ — (հեգնոտ): Ոնց որ դու:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հենց՝ ոնց որ ես: Ֆեզոյում սովորելու տարիներին միլիցիոների դեր կատարեցի ու էնպե՜ս կերպարի մեջ մտա, էնպե՜ս սիրեցի հերոսիս, որ մինչև էսօր մնում է իմ կյանքի վեհ իդեալը: Իսկ քո էդ Մուշեղը, իմացար, մի Օթելլոն ի՞նչ է, չի կարողանում խաղալ: Գյուղից եկած հաշվապահ Ազգուշն ի՞նչ է, իմացար, չի կարողանում խեղդել: Անցած օրը խեղճ աղջիկն ինձ բողոքում էր:
ՍԱԹԵՆԻԿ — Չի կարողանում՝ օրինակ ծառայիր, քո փորձը շատ է:
ՔԱՐԱՆՄՅԱՆ — Բա չեմ ծառայո՞ւմ… Ասում եմ, այ տղա, քո կնիկը, իմացար, քեզ դավաճանել է, դու էլ նամուսի խեղդված մարդ ես, իմացար, աչքերդ արուն կոխած գալիս ես ու խեղդում, իմացար:
ՍԱԹԵՆԻԿ — Որ ինձ լսեք՝ անաստված բաներ չեք անի: Կնիկ է, սխալվել է, որ խեղդեց, ինքն էլ ոտքով-գլխով կորավ, ճիշտ կլինի՞…
ՔԱՐԱՄՅԱՆ — Է՜-է՛հ…
ՍԱԹԵՆԻԿ — Էլ ի՞նչ՝ է՜: Մեր գյուղի Արամայիսին չե՞ս հիշում: Երեխեքը որբ մնացին, ինքն էլ բանտերում փտեց:
ՔԱՐԱՄՅԱՆ — Սաթենիկ, դա թատրոն է, իմացար, Շեքսպիրը ոնց գրել է՝ էնպես էլ խաղալու ենք:
ՍԱԹԵՆԻԿ — Շեքսպիրդ ե՞րբ է գրել, հիմա ազատ-անկախ, ժողովրդավարական Հայաստան է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Էլի «Հայք» ես կարդացե՞լ:
ՍԱԹԵՆԻԿ — (նստում է ամուսնու մոտ): Բագրատ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հա ջան:
ՍԱԹԵՆԻԿ — Ջանդ՝ սաղ: Չգիտեմ, դու ես գժվե՞լ, թե՞ ինձ ես գժի տեղ դնում:
ՔԱՐԱՄՅԱՆ — Քեզ եմ գժի տեղ դնում:
ՍԱԹԵՆԻԿ — Հա էլի՜, էդպես է: Այ մարդ, խելոք, տնարար տղա է: Հոր մահից հետո թողել է ինստիտուտը: Տեր կկանգնենք: Տաքսին էլ սեփականաշնորհել է, օֆիս կբացի, տուն-տեղ կդնի: Մի մեր ունի, մի՝ պապ: Պապն էսօր-էգուց՝ չկա: Մերն էլ խելոք կնիկ է: Աշխենս ոչ տալի նազ կքաշի, ոչ կեսրարի, ոչ տեգրոջ: Տունն ունեն, շատից-քչից մենք կտանք, նույն թաղամասում, նույն փողոցում…
ՔԱՐԱՄՅԱՆ — Դե, բավական եղավ: Նախ` քո կապը կտրած աղջիկն, իմացար, էդ տղին չի ուզում, երկրորդ` ՀՀՇ է, երկիրը քանդողներից մեկն էլ դա է, երրորդ՝ պապը դաշնակցական է եղել:
ՍԱԹԵՆԻԿ — Հետո ի՞նչ…
ՔԱՐԱՄՅԱՆ — Հետո էն, որ ես՝ կոմունիստ, փեսաս՝ ՀՀՇ, պապը՝ դաշնակ: Սա տո՞ւն է, թե՞ Ազգային ժողով:
ՍԱԹԵՆԻԿ — Շա՜տ կերազեիր…
ՔԱՐԱՄՅԱՆ — Ու չորրորդը. էդ որտեղի՞ց գիտես, որ լավ տղա է, խելոք մեր ունի, իմացար, տնարար է, իմացար:
ՍԱԹԵՆԻԿ — Բա չասացի՞: Հարևանը եկել էր քիմմաքրման կետ: Ինձ թվաց, սովորական այցելու է, բողոք ունի: Պարզվեց, հատուկ է եկել, տղայի մերն է ուղարկել:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ասա` քեզ քիմմաքրման է ենթարկել, էլի՜: Հարևանի տղային հո չէ՞ր փնովելու:
ՍԱԹԵՆԻԿ — Ես տղային էլ եմ լավ ճանաչում:
ՔԱՐԱՄՅԱՆ — Դո՞ւ… որտեղի՞ց:
ՍԱԹԵՆԻԿ — Բա էն օրը չզանգե՞ց, քեզ էր հարցնում: (Երանությամբ): Ասաց՝ մայրիկ ջան, որ պարոն Քարամյանը, գա, ասեք Ազգուշը՝ Դեզդեմոնան, գյուղ է գնացել: Խնդրում ենք փորձը հետաձգել:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ու դու հասկացար, որ նա տնարար, խելոք, լավ տղա է՞:
ՍԱԹԵՆԻԿ — Իմ էն… անունն ի՞նչ էր… Իմ ինկուբացիան ինձ չէր խաբի:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ինտուիցի՛ա:
ՍԱԹԵՆԻԿ — Թող լինի՝ ինտրուիցի՛ա:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ինտուիցի՛ա:
ՍԱԹԵՆԻԿ — Թող լինի՝ ինտուիցիա: Զանգեց ու թե՝ մայրիկ ջան…
ՔԱՐԱՄՅԱՆ — Ես ՀՀՇ-ականի աղջիկ չեմ տա: Էդ գործի առաջ, իմացար, ես կարմիր լույս եմ վառում: Քո ուղեղում միակողմանի երթևեկություն է, բայց ցուցիչ նշանը չկա, իմացար: Քեզ ով ուզի՝ կխաբի, ով ուզի՝ կհամոզի:
ՍԱԹԵՆԻԿ — Ոնց որ դու ինձ խաբեցիր:
ՔԱՐԱՄՅԱՆ — Դե լավ, մի խաբվող պտուղը չես, զգացիր, որ ինձ մեծ ապագա է սպասում:
ՍԱԹԵՆԻԿ — (կծու): Հա, զգացի, որ գեներալ ես դառնալու` էդպես էլ եղավ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Գեներալն ինձ մոտ գլուխը քարն է տվել, իմացար: Դու էն ասա, առավոտ շուտ աղջիկդ ո՞ւր գնաց: Որ գնում է, ինչո՞ւ չի զեկուցում, իմացար, թե՝ այ մեր, այ հեր, երթուղի եմ դուրս գալիս, այսինքն` այսինչ տեղը, իմացար:
ՍԱԹԵՆԻԿ — Գնաց հանրային գրադարան:
ՔԱՐԱՄՅԱՆ — (ակնարկում է գրապահարանի գրքերը): Մեր տանից լավ հանրայի՞ն… գիտեմ ձեր հանրայինները: Տղադ էլ կեսգիշերին հանրային ռեստորաններից էր գալիս: Վրան հալ չկար… թող արթնանա, ես դրա հերը կանիծեմ:
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ ես ուզում երեխեքից, ջահել են: Դու չէիր խմո՞ւմ:
Դռան զանգ:
ՍԱԹԵՆԻԿ — Երեխես եկավ: Երևի բանալին չի վերցրել հետը:
ՔԱՐԱՄՅԱՆ — Երեխե՛ն… Ճռիկը հետդ տար, բռնած ներս գա` չընկնի:
Նախասենյակից լսվում է Մանուշ դարձած Մուշեղի ձայնը: (Այսուհետ նա Մանուշն է):
ՄԱՆՈՒՇԻ ձայնը — Բարև ձեզ: Աշխենը տա՞նն է:
ՍԱԹԵՆԻԿԻ ձայնը — Բարև ձեզ, համեցեք, աղջիկ ջան, գրադարան գնաց, շուտով կգա:
ՄԱՆՈՒՇ — (մտնում է, ձեռքին` գրքեր, շփոթված ժպտալով, Քարամյանին): Բարև ձեզ:
ՔԱՐԱՄՅԱՆ — (ոտքի է կանգնում): Բարև աղջիկ ջան: (Մեկնում է ձեռքը):
ՄԱՆՈՒՇ — (բարևելուց հետո ձեռքն անմիջապես ետ քաշելով): Մանուշ:
ՔԱՐԱՄՅԱՆ — (նրա ուժեղ ձեռքսեղմումից զարմացած): Բագրատ… Բագրատ Քարամյան:
ՄԱՆՈՒՇ — Ես Աշխենի ընկերուհին եմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Շատ հաճելի է, նստեք, խնդրեմ:
ՄԱՆՈՒՇ — (նստում է): Շնորհակալություն:
ՔԱՐԱՄՅԱՆ — Երևի միասին եք սովորում:
ՄԱՆՈՒՇ — Այո… ահ` ոչ: (Ջանում է անբռնազբոս լինել): Ես վճարովի ասպիրանտուրայում եմ սովորում: Աշխենի հետ ծանոթացել եմ բարեկամուհուս` Բելայենց տանը: Նրանք են միասին սովորում: Պարզվեց, որ Աշխենը կուրսային աշխատանքը գրելուց դժվարանում է: Իսկ Սայաթ-Նովան իմ տարերքն է..
ՔԱՐԱՄՅԱՆ — Արևդ ապրի, իմացար… (Հաղթական` Սաթենիկին): Իմաստուն մարդ էր, է՜… «Էրեկ լավ էր` քանց վուր էսօր»… Մարգարեաբար գուշակել է:
ՄԱՆՈՒՇ — Բելան խնդրեց օգնել Աշխենին: Պայմանավորվեցինք հանդիպել ձեր տանը:
ՔԱՐԱՄՅԱՆ — Շատ հաճելի է, աղջիկ ջան: Աշխենը… (Խեթ նայում է կնոջը): Հանրային… գրադարան է գնացել: Շուտով կգա… երևի: Դուք նստեք, ես հագուստս փոխեմ…
ՄԱՆՈՒՇ — Օ՜… խնդրեմ, խնդրեմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — (երգելով գնում է): Երեկ լավ էր` քանց վուր էսօր, ՀՀՇեն բեզարիլ ի՜մ…
ՍԱԹԵՆԻԿ — (վերցնելով սուրճի դատարկ բաժակը): Բագրատը սովորություն ունի` առավոտյան սուրճ է խմում:
ՄԱՆՈՒՇ — Ես էլ, ճիշտն ասած, առավոտյան խմում եմ:
ՍԱԹԵՆԻԿ — Հիմա ձեզ համար սուրճ կբերեմ:
ՄԱՆՈՒՇ — Օ՜, նեղություն մի կրեք, արդեն խմել եմ:
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ եք ասում, ի՞նչ նեղություն: (Դուրս է գնում):
ՄԱՆՈՒՇ — (բջջային հեռախոսով համար է հավաքում): Բելա, դո՞ւ ես… (Իր ձայնով): Բելա, ես եմ, Մուշեղը: Սպասիր, վրա մի տուր: Այստեղից եմ խոսում: Քննությունն անցա, Քարամյանը չճանաչեց: Չէ, ինքը տանը չի, գրադարան է գնացել: Ասացի` բարեկամուհիդ եմ: Մի անհանգստանա, Սայաթ-Նովան իմ տարերքն է… Բելա, Ազգուշը հիմնարկում ասի, որ Սևան եմ գնացել… մեկ շաբաթով: Իմ փոխարեն թող Քաջիկն աշխատի…
Ներս է մտնում Սաթենիկը՝ սկուտեղի վրա սուրճ բերելով:
ՄԱՆՈՒՇ — (կնոջ ձայնով): Դե լավ, ջանիկս, պրոֆեսոր Քաջազնունուն հաղորդիր, որ փոխարինի ինձ: (Անջատում է հեռախոսը):
ՍԱԹԵՆԻԿ — Քո լավության տակից դուրս կգանք, պրոֆեսորական գործերդ թողած` եկել ես…
ՄԱՆՈՒՇ — Գործերը կսպասեն: Աշխենին հանդիպելն ինձ համար կենսական նշանակություն ունի:
ՍԱԹԵՆԻԿ — Կենսակա՞ն:
ՄԱՆՈՒՇ — Ը՜… այո, կենսական: Ես այնպես եմ սիրում, այնպես եմ պաշտում Սայաթ-Նովային, որ նրան պրոպագանդելը դարձել է իմ կենսական պահանջը:
ՍԱԹԵՆԻԿ — Բագրատն էլ, որ դեռ կարգերը չէին փոխվել, ըստ պահանջի պրոպագանդիստ էր: Դու սուրճդ խմիր, աղջիկ ջան, ես նախաճաշ պատրաստեմ: (Դուրս է գնում):
Մանուշը զննում է շուրջը, նկատելով գրապահարանի վրա դրված Աշխենի լուսանկարը, հիանում, համբուրում է, ապա փեշով սրբում է շրթներկի հետքը: Լուսանկարը թաքցնում է պայուսակում ու շարունակում է սուրճ խմել: Խումհար, կիսահագնված, ննջարանից գալիս է Սաքոն:
ՍԱՔՈ — (կարծելով թե նստածը Աշխենն է, հուշիկ մոտենում, ցուցամատերով խփում է Մանուշի թիկունքին): Ծի՛կ…
ՄԱՆՈՒՇ — (տղամարդու ձայնով): Վա՜հ… (Մանուշի ձայնով): Նե… ներեցեք…
ՍԱՔՈ — (տղամարդու ձայնը խմածության արդյունք ընդունելով): Ի՛-յա՜, ինձ թվաց` Աշխենն ա:
ՄԱՆՈՒՇ — Ոչինչ, ոչինչ… ու՞մ հետ չի պատահում:
ՍԱՔՈ — Հա՜-ա՞:
ՄԱՆՈՒՇ — Այո… բայց մի անգամ մեր պարկի տղաներից մեկն այդպես կատակեց մի աղջկա հետ, ու խեղճն ուշաթափվեց:
ՍԱՔՈ — Հա՜-ա՞:
ՄԱՆՈՒՇ — Իհարկե… Բժիշկն ասաց, որ որոշ մարդիկ չեն դիմանում:
ՍԱՔՈ — (նրան զննելով): Իսկ դու ո՞ր պարկում ես աշխատում, որ չեն դիմանում:
ՄԱՆՈՒՇ — Պա՞րկ… ի՞նչ պարկ:
ՍԱՔՈ — Քիչ առաջ ասիր` մեր պարկի:
ՄԱՆՈՒՇ — Ա՜, ես պետք է ասեի` պուրակի… այո, այո, պուրակի: Ուղերթի դուրս գալուց առաջ աղջիկներով միշտ այնտեղ ենք հավաքվում… այո:
ՍԱՔՈ — (չլսելով նրան, վավաշոտ զննում է): Ուղերթի՞… ուղերթը ո՞րն ա, ռեսավիկ հո չե՞ս:
ՄԱՆՈՒՇ – Ըըը… ասպիրանտուրայում գրադարան գնալուն ուղերթ ենք ասում:
ՍԱՔՈ — Հա՜-ա՞:
ՄԱՆՈՒՇ — (նրա հայացքին չդիմանալով): Ես Աշխենի ընկերուհին եմ, Մանուշը:
ՍԱՔՈ — (սիգարետ է վառում): Ես էլ Սաքոն եմ, Աշխենի եղբայրը: Արա, մամայի արև, մտքովս չէր անցնի, որ Աշխենն ըսենց թույն ընկերուհի ունի, ախպեր:
ՄԱՆՈՒՇ — Օ՜, ի՞նչ եք ասում, շնորհակալություն:
ՍԱՔՈ — Նրա բոլոր ընկերուհիները ծռմռված են: Գրիչ կրծելուց ա…
ՄԱՆՈՒՇ — Ինչ անելո՞ւց:
ՍԱՔՈ — Գրիչը կրծելուց: Մի գլուխ գրում են ու կարդում: Խելքները բանաստեղծներին են տալի ու ծռմռվում են: Մեկ-մեկ էլ ես եմ գըրըմ, բայց ոչ մեկը խելքն ինձ չի տալի:
ՄԱՆՈՒՇ — Իսկապե՞ս:
ՍԱՔՈ — Իսկապես: Պահանջներս ստիպում են, բայց հետս ամուսնացող չկա: Մանթո եմ:
ՄԱՆՈՒՇ — Իսկ դուք պրոզա եք գրո՞ւմ, թե՞ պոեզիա:
ՍԱՔՈ — Պատահում է՝ դրանք էլ եմ գըրըմ:
ՄԱՆՈՒՇ — Այսինքն… բանաստեղծություն եք գրո՞ւմ, թե՞ պատմվածք:
ՍԱՔՈ — Բանաստեղծութուն: Մանուկների համար:
ՄԱՆՈՒՇ — Ձեր գրածներից չէի՞ք կարդա:
ՍԱՔՈ — Էլ ինչի՞ կարդամ, անգիր գիտեմ: Այ, օրինակ… Կատուն կերավ մի մկնիկ, այ քեզ հիմար… նապաստակ: Լա՞վն էր:
ՄԱՆՈՒՇ — Ոչինչ: Բայց ինձ թվում է, անավարտ է… Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք:
ՍԱՔՈ — Իմ մասնագիտությո՞ւնը… բարդ ա, չեք հասկանա:
ՄԱՆՈՒՇ — Իսկ դուք պարզ ասեք:
ՍԱՔՈ — Ես «պարապստրոյի» շեֆ եմ:
ՄԱՆՈՒՇ — Չհասկացա:
ՍԱՔՈ — Որ ասի՝ չես հասկանա՞:
ՄԱՆՈՒՇ — Կոնկրետ ինչո՞վ եք զբաղվում:
ՍԱՔՈ — Խիստ տեսական հարցերով: Օրինակ, կարա՞ս ասես, թե փիղը… փի՜ղը երեք գործողությամբ ոնց տեղավորել խալադիլնիկի մեջ:
ՄԱՆՈՒՇ — Չէ:
ՍԱՔՈ — Դա շատ հեշտ ա: Գործողություն առաջին. բացում ենք խալադիլնիկի դուռը: Գործողություն երկրորդ. փիղը մտցնում ենք խալադիլնիկ և գործողություն երրորդ. փակում ենք խալադիլնիկի դուռը: Սաբրազիտ արի՞ր, ախպեր, որ դա սպեցի գործ ա… Լավ, ուրիշ բան ասեմ: Կարա՞ս խոզը չորս գործողությամբ տեղավորես խալադիլնիկի մեջ:
ՄԱՆՈՒՇ — Բացում ենք սառնարանի դուռը… և խոզը մտցնում սառնարանի մեջ…
ՍԱՔՈ — Չեղավ, արա, չեղա՜վ… չի տեղավորվի:
ՄԱՆՈՒՇ — Այդ ինչպե՞ս է, որ փիղը կտեղավորվի, խոզը չի տեղավորվի:
ՍԱՔՈ — Խոզը չի տեղավորվի, ախպեր, որովհետև փիղն արդեն խալադիլնիկի մեջ ա, տեղ չկա: Հասկացա՞ր…
ՄԱՆՈՒՇ — Հասկացա: Բա ինչպե՞ս պետք է անել:
ՍԱՔՈ — Այ հենց ըստեղ ա, էլի, որ իմ մոզգը բռնում ա: Ուշադիր լսի: Խոզը… խո՜զը խալադիլնիկի մեջ տեղավորելու համար, ախպեր, հարկավոր ա նախ բացել խալադիլնիկի դուռը, դա` առաջին գործողություն: Փիղը դուրս հանել խալադիլնիկից. դա` երկրորդ գործողություն: Խոզը մտցնել խալադիլնիկ՝ երրորդ գործողություն և դուռը փակել` չորրորդ գործողություն… Բա՞: (Փորձում է գրկել):
ՄԱՆՈՒՇ — (հրելով): Դե, դե… ձեր իմացած աղջիկներից չեմ:
ՍԱՔՈ — Չես ուզո՞ւմ, պետք չի: Հետո կխնդրես՝ ուշ կլինի:
ՄԱՆՈՒՇ — Չեմ խնդրի:
ՍԱՔՈ — Քեզպեսներին շատ եմ տեսել:
ՄԱՆՈՒՇ — (երկդիմի): Չեմ կարծում:
Մտնում է Քարամյանը:
ՍԱՔՈ — Բարի լույս, շեֆ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հազար անգամ ասել եմ՝ թող ժարգոնդ:
ՍԱՔՈ — Էլավ, շեֆ:
ՔԱՐԱՄՅԱՆ — (Մանուշին): Արդեն ծանոթացա՞ք:
ՍԱՔՈ — Էն էլ ո՜նց: Ծանոթացանք ու հիմա աղջիկներով ասում, խոսում, ծիծաղում ենք: Պարզվեց, որ նա իմ իմացած աղջիկներից չի…
ՔԱՐԱՄՅԱՆ — (Մանուշին): Վատ բա՞ն է արել:
ՍԱՔՈ — Չէ, պապ ջան, բա եղա՞վ… կատակ եմ անում: Չես հավատո՞ւմ՝ իրան հարցրու, մամայի արև:
ՄԱՆՈՒՇ — Ոչ, ոչ, նա ավելորդ ոչինչ չի արել:
ՔԱՐԱՄՅԱՆ — Դա նրանից չի… Այս փուչ արարծը, իմացար, մեր ընտանիքի կույր աղիքն է, շմոլ գազը:
ՍԱՔՈ — (ճգնում է գրագետ խոսել): Հիմա հասկացա՞ք, թե ինչու ձեր ընկերուհիներից ոչ մեկը ինձ չի հավանում: Որովհետև, ինչպես իմ ծերուկն է նրանց ներկայությամբ հազար անգամ ասել, ես իմ անփառունակ կյանքի բենզինը մի օր կվերջացնեմ ռեստորաններից մեկո՜ւմ: Ինձնից լավ բան սպասել չի՜ կարելի, իմ հասակակիցներն ինձ վաղուց աբգո՜ն են արել, իսկ ես նույնիսկ իմ ծխախոտի փո՜ղը չեմ աշխատում, և ա՜յլն, և ա՜յլն, և ա՜յլն… Այսօր էլ, ահա, խնդրեմ՝ նոր անուն Քարամյանների փառապանծ գերդաստանում՝ ապենդիցիտ և CO գազ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ձայնդ կտրիր… իմացար:
ՍԱՔՈ — Հաճույքով: Ես պատրաստ եմ նույնիսկ սեղանիկ բացել հանուն մեր ընտանիքի պատվի, իսկ նրա փառքի համար ամբողջ օրը նստել կուսժողովներում: (Մանուշին.) Ի դեպ, կարո՞ղ եք ասել, թե որն էր «Մկների ժողովի» օրակարգը:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ասացի՝ վերջ տուր և գնա այստեղից:
ՍԱՔՈ — Լսում եմ և հնազանդվում: (Հասնելով շեմին՝ Մանուշին): Շատ ափսոս, որ չեք հիշում այդ ժողովի օրակարգը: Աուֆիդերզեյն… (Դուրս է գնում):
ՄԱՆՈՒՇ — (Քարամյանից գաղտնի): Զիգ գուդ բայ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ներեցեք, ընտանիքն առանց այլանդակի չի լինում:
ՔԱՐԱՄՅԱՆ — Վատ շրջապատ ընկավ, իմացար, ու… մայրն էլ երես տվեց…
Նախասենյակից լսվում է բացվող դռան և Աշխենի ձայնը:
ԱՇԽԵՆ — Մա՜մ, ինձ չե՞ն հարցրել: (Մտնում, տեսնում է Մանուշին): Բարև ձեզ: Արդեն եկե՞լ եք: Ի՜նչ ճշտապահն եք, ոնց որ աղջիկ չլինեք: Պապ, պապ ջան, դու արդեն գնում ես, ճի՞շտ է: Լավ ես անում: Ես ու Մանուշը պարապելու ենք: Մա՜մ սոված ենք:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ես գնացի: (Մանուշին.) Ցտեսություն ձեզ: (Գնում է):
ՄԱՆՈՒՇ — Ցտեսություն:
ԱՇԽԵՆ — Չգիտեմ, թե ինչպես շնորհակալ լինեմ ձեզ: Ախր, այդ թեման ինձ դուր չի գալիս, չեմ սիրում, բայց` ի՞նչ արած:
ՄԱՆՈՒՇ — Կպարապենք, ու կսիրեք: Սայաթ-Նովային նախ զգալ է պետք:
ԱՇԽԵՆ — Գուցե հենց զգալուց էլ սկսենք, որ ձանձրալի չլինի: Այ, դուք ինչպե՞ս եք զգում:
ՄԱՆՈՒՇ — Միանգամից չի լինում: Ցիցերոնյան պերճախոսություն է պետք, որ կարողանամ ասել ձեզ այն, ինչ զգում եմ:
ԱՇԽԵՆ — (անակնկալի եկած): Ցիցերոնյան պերճախոսությո՞ւն… (Անզուսպ ծիծաղում է, Մանուշի շփոթվելն ընդունելով վիրավորվել, գրկում է նրա ուսերը): Դե, մի վիրավորվիր: Մի խելքից պակասը կա, նա է ամեն անգամ այդպես ասում:
ՄԱՆՈՒՇ — Խելքից պակա՞սը…
ԱՇԽԵՆ — Հա, մի վարորդ կա, ներշնչել է իրեն, որ ինձ սիրում է ու հանդիպելիս մի գլուխ դա է կրկնում:
ՄԱՆՈՒՇ — Ներշնչել է իրե՞ն:
ԱՇԽԵՆ — Այն էլ ինչպե՜ս… Գիտե՞ս, երբեմն նույնիսկ զվարճալի է նայել այդ խելքից պատուհասին ու խոսացնել:
ՄԱՆՈՒՇ — Իսկ գուցե չի՞ ներշնչել, գուցե իսկապե՞ս սիրում է: Դա կարող է քեզ համար զվարճալի լինել, բայց… գուցե սիրում է մաքուր ու պարզ, խո՜ր, շա՜տ խոր սիրով…
ԱՇԽԵՆ — Ի՞նչ ասացիր… կարո՞ղ ես ասածներդ կրկնել…
ՄԱՆՈՒՇ – Ոչ:
ԱՇԽԵՆ — Ինչ պատահականություն ասես, որ չի լինում… Այդ նույն խոսքերն ինձ արդեն ասել է հազար անգամ: Երևի ինչ-որ տեղ կարդացել, անգիր է արել: Դու կիմանաս, ո՞ւմ գրածն է:
ՄԱՆՈՒՇ — Ոչ մեկի:
ԱՇԽԵՆ — Զարմանալի է… Մա՜մ, սոված ենք:
ՍԱԹԵնԻԿԻ ձայնը — Պատրաստ է, Աշխեն ջան, եկեք:
ԱՇԽԵՆ — Գնանք նախաճաշենք, հետո կպարապենք:
ՄԱՆՈՒՇ — Ես արդեն նախաճաշել եմ:
ԱՇԽԵՆ — Մայրս շատ համեղ է պատրաստում: Մի կտոր ուտես՝ ախորժակդ կբացվի, գնանք: Հա, երևի լվացվե՞լ ես ուզում:Միջանցքով գնա, վերջին դուռը՝ ձախից:
Մանուշը գնում է լվացվելու, Աշխենը՝ խոհանոց: Բջջայինով խոսելով մտնում է Սաքոն:
ՍԱՔՈ — Ի՜-յա՜…ցվրվա՞ն: (Հեռախոսով): Ժո՞ր… ես եմ: Լսի, մի ծիտ ա հայտնվել, ուզըմ եմ քյանդրեմ… վիդը տեղն ա, ապե… Աշխենի ընկերուհիներից ա: Ժոր, մաշինեդ տուր, էլի, սրան ֆռցնեմ: Բա եղա՞վ, ապ, ես ըտենց տղա ե՞մ… Լավ, մերսի բոկու:
Մտնում է Մանուշը:
ՍԱՔՈ — Ի- յա՜: (Առաջանում է):
ՄԱՆՈՒՇ — Վերջացրե՛ք:
ՍԱՔՈ — Էդ ե՞րբ սկսեցինք, որ վերջացնենք, սիրուն ջան: Սաքոն շուտ վերջացնողներից չի…
ՄԱՆՈՒՇ — Վե՛րջ տվեք, ասում եմ:
ՍԱՔՈ — (կանգ է առնում, լուրջ ): Դե, եթե այդպես է, ուզում եմ քեզ հետ անկեղծ խոսել: Ավելորդ խաղեր չխաղանք: Ես վաղուց եմ նկատել քեզ ու վաղուց եմ հետևում:
ՄԱՆՈՒՇ — (վախեցած): Ի՞նչ:
ՍԱՔՈ — Ես գիտեի, որ ուշ թե շուտ գալու ես մեր տուն: (Առաջանում է):
ՄԱՆՈՒՇ — (նահանջելով): Գիտեի՞ք…
ՍԱՔՈ — Քո ամեն քայլին եմ հետևել:
ՄԱՆՈՒՇ — Ամեն քայլի՞ս…
ՍԱՔՈ — Դերասանությունդ թող, քեզ չի սազում… Արի լուրջ խոսենք:
ՄԱՆՈՒՇ — (փուշը թողած): Խոսենք…
ՍԱՔՈ — (քիպ մոտենում է): Չէի սպասում, որ մեր տանը կհանդիպենք, բայց ավելի լավ… Ես սպասում էի այս հանդիպմանը, սպասում էի, որ կհայտնվես ու մենք կբացատրվենք: Եվ ահա դու եկար… Ի՜մ սեր… (Գրկում է):
ՄԱՆՈՒՇ — Թողե՛ք, թողե՛ք… (Ջանում է դուրս պրծնել):
ՍԱՔՈ — Ես քեզ սիրում եմ, Մանուշ, գոնե մի՜ համբույր, գոնե մի՜ անգամ… (Փորձում է համբուրել, Մանուշը խույս է տալիս):
Լրագրերը ձեռքին ներս մտած Քարամյանի և աղմուկի վրա եկած Սաթենիկի ու Աշխենի աչքի առջև, այլ ելք չունենալով, Մանուշը դիմում է կարատեի: Սաքոն տապալվում է հատակին:
ՍԱԹԵՆԻԿ — Քոռանա՜մ…
ԱՇԽԵՆ — Սարգի՜ս, այլանդա՛կ… (Գրկում է Մանուշին): Ներիր, ներիր…
ՔԱՐԱՄՅԱՆ — Դո՛ւրս իմ տանից, ապերախտ զավակ, դո՜ւրս…
ՍԱՔՈ — Ի՛-յա՜, մարդ տեսար՝ գրաբար խոսալդ բռնե՞ց…
ՔԱՐԱՄՅԱՆ — Դո՜ւրս…
Ընդհանուր խառնաշփոթ: Մթնեցում:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Խաղք երրորդ
Մուշեղի բնակարանը: Ձախից` ննջարանի, աջից` նախասենյակի դռներ: Մեծադիր հայելի` հարդարանքի պարագաներով, կենտրոնում` հնաոճ, չաշխատող ժամացույց: Անկյունում ժամագործ Աբրահամի դազգահն է, որի մոտ նստած, խոշորացույցն աչքին, նա ժամացույց է վերանորոգում:
ԱԲՐԱՀԱՄ — (երգում է իր սիրած երգը): Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը… Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը… նե, անպետք մայատնիկ, ինչո՞ւ չես տեղդ ընկնում, հը՞… անպիտան, քեզի… (Նկատում է` հարկավոր դարձիչը չէ ձեռքին): Ա՜, ադ դո՞ւն ես մեղավորը, անպիտան քեզի… Դուն չե՞ս գիտեր, որ մայատնիկը քուկին գործը չէ, հէ՞… Հայդե, կորսվիր: (Վերցնում է մեկ ուրիշը): Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը… (Չի ստացվում: Դարձյալ հարկավոր դարձիչը չէ): Ամմա՜ն, աս ալ իր քիթը խոթեց… ծո, դուք չե՞ք գիտեր, որ ես Անդրանիկ զորավարի թիկնապահը եղած եմ: Հայդե, դուն ալ կորսվիր: (Վերցնում է մեկ ուրիշ դարձիչ): Նե, անպետք մայատնիկ, հիմա ի՞նչ պիտի ըսես, տեղդ չպիտի՞ ընկնաս: Խեղճ Ադամին խնձորով խաբեց… տեղդ մտիր, բե՞: Չե՞ս մտնար… Հիմա Արուսյակին կանչեմ, քեզի այնպիսի դաս մը տա, որ… Արո՜ւս, Արուսյա՜կ…
Ձեռքերը սրբելով մտնում է Արուսյակը:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ըսե, հայրիկ:
ԱԲՐԱՀԱՄ — Աղջիկս, սա մայատնիկը քիչիկ մը կամակոր է:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ինձի ձգե, նայիմ: (Խոշորացույցը դնում է աչքին, դետալը տեղն է գցում): Լմնցավ: Կաշխատի:
ԱԲՐԱՀԱՄ — Կաշխատե՜, հապա ինչպե՜ս… Մարսելին մեջ ամենեն հմուտ ժամագործը ես էի: Իմ ձեռքեն ոչինչ չէր սպրդիր: Եթե դուն ժամանակին ինձի աշկերտ ըլլայիր, հիմա Հայաստանին մեջ առաջնակարգ վարպետ կըլլայիր:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ամմա՜ն, աստվածդ սիրես, հայրիկ, կնիկն` ի՞նչ, ժամագործ ըլլալն` ինչ: Չերթա՞նք զբոսանքի: Տոքթուր Մարգարյանն ըսավ՝ ամեն օր 30 րոպե քայլես պիտի, շատ չպիտի նստես, շուտ-շուտ, բայց քիչ-քիչ պիտի ուտես:
ԱԲՐԱՀԱՄ — Հարկա՜վ, հարկա՜վ, կքայլե՜նք, կկանգնե՜ք, կուտե՜նք: Ես դեռ ապրիլ կուզեմ: Ինչու որ, երկու կարևոր նպատակ ունիմ՝ անպայմանորեն պիտի հասնիմ: Մուշեղիս պսակը պիտի տեսնամ և այս ժամացույցի զանգերը պիտի լսեմ: Մեռնելեն ե՜տքս… Արուսյակ, աղջիկս, մտիկ ըրե, մեռնելեն ետքս, երբ ամեն անգամ ժամացույցին զանգերը հնչեն, ինձի կհիշեք:
ԱՐՈՒՍՅԱԿ — Կհիշեմ, հարկավ, կհիշեմ:
ԱԲՐԱՀԱՄ — Չիմացողներուն կըսեք՝ Մարսել քաղաքի ամենաճանաչված վարպետ ժամագործ Աբրահամի զանգերը կղողանջեն:
ԱՐՈՒՍՅԱԿ — Կըսենք, ամենուն կըսենք:
ԱԲՐԱՀԱՄ — Ես ալ իմ բոլոր հանգուցյալ հարազատներուս հետ, արքայության պատուհաններեն ներքև կնայիմ ու ձեզի հետ կհրճվիմ: Զորավար Անդրանիկին կըսեմ. «Զորավար, ան ժամացույցը կտեսնա՞ս, էրզրումցի Տեր Հովսեփին ժամացույցն է, որ անոր տան փլատակներեն քո հրամանով հանեցի ու վերանորոգեցի: Տղայիս՝ էրիկիդ կըսեմ. «Սահակ, կհիշե՞ս ան ժամացույցը, կհիշե՞ս, պսակիդ օրը ինչպե՜ս անուշ ղողանջեց»…
ԱՐՈՒՍՅԱԿ — (հուզվում է): Երանի՜ ան օրը:
ԱԲՐԱՀԱՄ — Հարկա՜վ, հարկա՜վ… Դուն և Սահակը ձեռքս կհամբուրեիք, և ժամացույցը ղողանջեց, օրհնեց ձեր պսակը:
ԱՐՈՒՍՅԱԿ — Սև պսակ եղավ զլխո՜ւս… Սահակս՝ սիրո՜ւն, հասակո՜վ, փողկապո՜վ, պրեզիդենտի կնմանե՜ր… (Արտասվում է): Հայրիկ, դրախտին մեջ Սահակին տեսնաս նե, կըսես… կըսես՝ Արուսյակը ինձի գլխու վրա պահեց, կըսես՝ մեկ օր չըսավ, թե աչքիդ վերևը հոնք կա:
ԱԲՐԱՀԱՄ — (հուզվում է): Կըսեմ, յավրուկըս, կըսեմ…
ԱՐՈՒՍՅԱԿ — Կըսես՝ ձեռքերս կդողային, ոտքերս կդողային, ամբողջ օրը պարապ-սարապ, փուչ բաներու վրա կզբաղեի, բայց Արուսյակդ կօգներ ինձի: Կըսես՝ Արուսյակդ քո սիրուց ժամագործ դառած էր:
ԱԲՐԱՀԱՄ — Կըսե՜մ, անուշս, կըսե՜մ…
ԱՐՈՒՍՅԱԿ — Կըսես՝ պատվով, կարգով ինձի պահեց, վերջն ալ՝ մյուզիքով թաղեց:
ԱԲՐԱՀԱՄ — Կապսպրես, որ Անդրանիկ զորավարին նվիրված երգերը երգեն:
ԱՐՈՒՍՅԱԿ — Անշուշտ:
ԱԲՐԱՀԱՄ — Աղբյուր Սերոբինն ալ…
ԱՐՈՒՍՅԱԿ — Անշուշտ:
ԱԲՐԱՀԱՄ — Մախլուտոյինն ալ… «Մենք անկեղծ զինվոր ենք» ու «Ես Արամն եմ» երգերը չմոռնաս:
ԱՐՈՒՍՅԱԿ — Է՞, համերգ չէ, հայրիկ, թաղում է:
ԱԲՐԱՀԱՄ — Ո՞ւմ թաղումն է:
ԱՐՈՒՍՅԱԿ — Քուկին:
ԱԲՐԱՀԱՄ — Իմ թաղումն է, նե, ըսածիս պես պիտի ըլլա: Տեր հայրն ալ չմոռնաս հրավիրել, տիրացուն ալ, ժամկոչն ալ… Նայիր, բե՞, քոմունիստական ճառեր չըլլան, հիշատակս չարատավորվի:
ԱՐՈՒՍՅԱԿ — Քո կամքն է, բայց չմոռնաս Սահակին ըսել` Արուսյակը թոռնիկ տեսնա` ինքն ալ պիտի գա… դրախտի մեջ իր կողքը թող տեղ պահե ինձի…
ԱԲՐԱՀԱՄ — Կըսե՜մ, հարկավ, կըսեմ… (Հուզվում, գրկախառնվում են):
Մտնում Է Մուշեղը:
ՄՈՒՇԵՂ — Ի՞նչ է պատահել:
ԱԲՐԱՀԱՄ — Երջանկությունից գուլանք, Մուշե՜ղ, երջանկությունից…
ՄՈՒՇԵՂ — (տարակուսած): Բա ասեք՝ ես էլ երջանկանամ, ձեզ հետ լաց լինեմ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Է՜, մանչս, աս ուրիշ երջանկություն է, մայրերու երջանկություն է, մեծ հայրերու երջանկություն է…
ՄՈՒՇԵՂ — Պապ, ճաշե՞լ ես:
ԱԲՐԱՀԱՄ — Պիտի ճաշեմ:
ՄՈՒՇԵՂ — Զբոսնե՞լ ես:
ԱԲՐԱՀԱՄ — Պիտի զբոսնեմ:
ՄՈՒՇԵՂ — Այ, պապ, քո ամեն ինչը «պիտի»-ով է՞:
ԱԲՐԱՀԱՄ — Քեզի կնմանիմ, մանչս: Դուն ալ այդպես ես՝ պիտի սիրեմ, պիտի ամուսնանամ, պիտի…
ՄՈՒՇԵՂ — Դե լավ, պապ, քո զբոսնելու ժամն է: (Մորը՝ առանձին): Շո՞ւտ եք վերադառնալու:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ի՞նչ եղել է, Մուշեղս, շուտ գալո՞ւ է:
ՄՈՒՇԵՂ — Հա… այսինքն՝ չէ, մի շտապեք:
ԱՐՈՒՍՅԱԿ — (անհանգստացած): Ի՞նչ եղել է, Մուշեղս:
ՄՈՒՇԵՂ — Ոչինչ չի եղել… Մա, ուշ եկեք, հա՞ գործ կա…
Աբրահամը զգալով, որ իրենից գաղտնի են խոսում, ջանում է լսել նրանց` չի հաջողվում:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ինձի նայե, բան մը եղեր է, չես ըսեր…
ՄՈՒՇԵՂ — Բան մըն ալ չիկա… կուզեմ ուսումս շարունակել, գիրք պիտի կարդամ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ամմա՞ն, աչքիս լո՜ւյս, աղվո՜րս, անո՜ւշս, ապրի՛ս:
ՄՈՒՇԵՂ — Պապիկին չասես: (Մտնում է ննջարան):
ԱՐՈՒՍՅԱԿ — Չեմ ըսեր… Հայրիկ, չերթա՞նք զբոսնելու:
ԱԲՐԱՀԱՄ — (խռոված): Չպիտի՛ գամ: Քեզի հետ ոչ մեկ քայլ չպիտի՛ ընեմ: Մուշեղի հետ ալ չպիտի՛ խոսիմ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց:
ԱԲՐԱՀԱՄ — Սա ժամացույցը չպիտի վերանորոգեմ, չպիտի ղողանջե, ես ալ չպիտի մեռնի՛մ:
ԱՐՈՒՍՅԱԿ — (շվարած): Մեղա՜, մեղա՜, տե՜ր փրկե մեզ ի չարէ…
ԱԲՐԱՀԱՄ — (ձեռքերը վեր կարկառելով): Տե՜ր, մի փրկե մեզ ի չարէ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Տե՜ր, ոտքդ պագնեմ, աս ի՞նչ փորձություն էր…
ԱԲՐԱՀԱՄ — Տե՜ր, ոտքդ չերկընցնես, թող չպագնե, արժանի չէ՜:
ԱՐՈՒՍՅԱԿ — Խախտվեցա՞վ:
ԱԲՐԱՀԱՄ — Չպիտի՛ խախտվիմ:
ԱՐՈՒՍՅԱԿ — (նետվում է դեպի նա): Հայրի՜կ…
ԱԲՐԱՀԱՄ — (խռովկան շրջվում է): Ես հայրիկ չեմ, ես մանկապարտեզի երեխա եմ… (Թռչկոտում է): Ան ի՞նչն է, ինչ.
Ճերմակ տաշտիկ,
Սև-սև հատիկ,
Ձեռքով ցանե,
Լեզվով հանե…
ԱՐՈՒՍՅԱԿ — Հայրի՜կ… (Ծնկի գալով` ողբում է): Սև օրով պահեցի՜, շահեցի՝, կերազեի Մուշեղս պսակեմ, քեզի ալ առոք-փառոք թաղում ընե՜մ, բայց խելքդ թռցուցի՜ր, հայրի՜կ… Աստվա՜ծ, օր մը չպիտի՞ ըլլա` երազներս իրականացած տեսնա՜մ:
ԱԲՐԱՀԱՄ — Չպիտի՛ տեսնաս:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ո՞ւմ ինչ վատություն ըրինք:
ԱԲՐԱՀԱՄ — Չէիք ըրեր, հենց հիմա ըրիք: Դուն ու Մուշեղը ինչո՞ւ գաղտնի կխոսեիք, ի՞նչ խոսեցիք: Արժանի չէի՞ մի, գիտնայի ընելիքը: Եթե դուք այդպես պիտի վարվիք, ես ալ այսպես պիտի ըլլամ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ամմա՜ն, ոտքդ պագնեմ, հայրիկ, ի՞նչ գաղտնիք… Մուշեղս ըսավ՝ քիչիք մը ետ մնացեք, ուսումը շարունակել կուզե, գիրք պիտի կարդա եղեր:
ԱԲՐԱՀԱՄ — Հապա ինչո՞ւ գողտուկ ըսավ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Երևի թե կուզեր գործը լմցներ, վերջը ըսեր:
ԱԲՐԱՀԱՄ — Իրա՞վ կըսես:
ԱՐՈՒՍՅԱԿ — Աստված վկա:
ԱԲՐԱՀԱՄ — Է՜… հե՛-հե-հե՛… անանկ է նե, Արուսյակ, աղջիկս, երթանք զբոսանքի, ետ չմնանք: Վա՜յ, Մուշեղ, վա՛յ… Արուսյակ, աղջիկս, հովանոցը վերցուր, երթանք… Վա՜յ, Մուշեղ, վա՜յ… (Թևանցուկ գնում են):
Մտնում է Մուշեղը՝ Մանուշի հագուտով, կեղծամը ձեռքին:
ՄԱՆՈՒՇ — (նայում է ժամացույցին): Շուտով Աշխենը կգա: (Հեռախոսազանգ): Քաջիկ ջան, խնդրում եմ, եղբոր պես, էլի մի երկու օր աշխատիր իմ փոխարեն: Գործ կա, հասկանո՞ւմ ես, անհետաձգելի գործ… Ես քեզ կփոխարինեմ, կուզես` մի շաբաթ ավելի կփոխարինեմ: Ասա` Սևանից դեռ չի վերադարձել: (Անջատում է հեռախոսը, նստում է հայելու առջև): Բարև ձեզ, օրիորդ, ես ձեզ սիրում եմ խո՜ր, շա՜տ խոր սիրով: Ցիցերոնյան պերճախոսություն է պետք, որ բացատրեմ… (Դնում է կեղծամը, Մանուշի ձայնով): Հա՛-հա՛-հա՜, դու էիր պակաս, խելքից պակաս, իրար ետևից երկու բառ չես կարողանում ասել… (Հանում է կեղծամը՝ իր ձայնով): Սերը պերճախոսություն չի ընդունում, լեզվով չեն սիրում, սիրում են սրտո՜վ, էությա՜մբ… Ձեզ հանդիպելիս ես կարկամում եմ: Ես երջանիկ եմ, որ դուք կաք… (Դնում կեղծամը՝ Մանուշի ձայնով): Ես էլ եմ երջանիկ, որ ես ապրում եմ, կամ, հետո ի՞նչ… (Հանում է կեղծամը՝ իր ձայնով): Օրիորդ, մի՜ փշրեք սիրտս… Մի՞թե ձեզ համար հաճելի չէ, որ մի սիրտ գիշեր ու զօր բաբախում է ձեզ համար: (Դնում է կեղծամը՝ կոտրատվելով): Հաճելի է… (Հանում է կեղծամը՝ խանդավառ): Համբույրը սիրո ծափահարությունն է, օրիորդ, եկեք ծափահարենք, և դա կլինի մեր մեծ սիրո երդումը: (Դնում է կեղծամը): Եկեք ծափահարենք… (Ինքն իրեն գրկում է: Դռան զանգ): Եկավ, Աշխենը եկավ: (Մանուշի ձայնով): Գալի՜ս եմ: (Ուղղում է կեղծամը, շրթներկ է քսում, հարդարվում է): Գալի՜ս եմ… (Գնում է):
Ներս է մտնում Աշխենը, ձեռքին` գրքեր, պայուսակ:
ԱՇԽԵՆ —(շուրջը նայելով): Ինչ լավ սենյակ ունեք, հանգիստ, ազատ:
ՄԱՆՈՒՇ — Նստիր, հիմա սուրճ կբերեմ:
ԱՇԽԵՆ — Պետք չէ, քիչ առաջ խմեցի: (Անկաշկանդ նստում է):
ՄԱՆՈՒՇ — (ջանում է չնայել նրա ծնկներին): Այդ դեպքում միրգ բերեմ, ու անցնենք գործի: (Միրգ, սպասք է բերում):
ԱՇԽԵՆ — (ճմլկոտում է): Այսօր չեմ ուզում պարապել: Մի տեսակ սայաթնովայական տրամադրության մեջ եմ: Չլինի՞ սիրահարված եմ… (Ծիծաղում է):
ՄԱՆՈՒՇ — (տագնապած): Սիրահարվա՞ծ… Պետք չի, Աշխեն ջան, պետք չի…
ԱՇԽԵՆ — Իհարկե, պետք չի, ուսումս վերջացնեմ` նոր: Գիտե՞ս, դու ճիշտ էիր, ես հիմա հոգով ու սրտով զգում եմ Սայաթ-Նովային: Առաջ նա հնաոճ էր թվում, իսկ քո բացատրելուց հետո, զգում եմ, որ նա մեծ, շա՜տ մեծ բանաստեղծ է, մեծ սիրահար: (Ձեռքերը մեկնելով Մանուշին):
Հենց իմացար սոված էի, լի սեղանի համա՞ էկա,
Քիզիդ խոսիլ էի ուզում՝ մոտըդ ղամի համա էկա.
Ասի, քիզիդ լուսացնիմ, ուրախ ժամի համա էկա,
Մոռացիլ իմ… լավ միտս չէ, թե ի՞նչ բանի համա էկա:
ՄԱՆՈՒՇ — (նույն կերպ ընդառաջ գալով):
Գիշեր, ցերեկ ման իմ գալի՝ էշխետ յանա՜-յանա, գոզալ,
Անգաճ արա, մատաղ իմ քիզ, մե քիչ կամաց գընա, գոզա՜լ,
Աշխարհըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գոզա՜լ,
Մակավ մի՞ռավ Սայաթ-Նովեն, անգաճդ խաղին կարոտ է:
ԱՇԽԵՆ — (հպվելով նրան): Այո՜, մեծ բանաստեղծ է, ու դա հասկանալու համար քեզ եմ պարտական, Մանուշ ջան: Մեկ ամիս է` ծանոթ ենք, իսկ ինձ թվում է, թե վաղուց եմ քեզ ճանաչում: Մենք միշտ ընկերություն կանենք, լա՞վ:
ՄԱՆՈՒՇ — (երանությամբ): Ո՜ղջ կյանքում, մինչև մա՜հ… Մենք արդեն հարազատներ ենք:
ԱՇԽԵՆ — Շնորհակալություն… Դու չես ուրիշ աղջիկների նման չես, լուրջ ես, ճշտապահ, միշտ ճիշտ ես, միշտ` պարզ: Իսկ ինչո՞ւ ընկեր չունես… Ներիր, երևի չպիտի հարցնեի: Ախր, մեր դմբո տղաները լավերին թողած՝ վատերին են գտնում:
ՄԱՆՈՒՇ — Չէ, ինչո՞ւ… պատահում է` լավերին էլ են գտնում: (Խնձոր է մեկնում նրան): Աշխարհի ամենա-ամենալավերին:
ԱՇԽԵՆ — Ինչպիսին դո՞ւ ես:
ՄԱՆՈՒՇ — Չէ՜, Աշխեն ջան, ինչպիսին դու ես, սիրելի՜ս…
ԱՇԽԵՆ — (տեղում պտտվելով): Ես երջանի՜կ եմ: Սկզբում թվում էր, թե ինձ իմիջիայլոց ես վերաբերվում, այնինչ, դու էլ ես ինձ սիրում:
ՄԱՆՈՒՇ — Շա՜տ, շա՜տ եմ սիրում…
ԱՇԽԵՆ — Ես երջանի՜կ եմ, ինչ լավ է, որ մարդ այնպիսի ընկերուհի է ունենում, ում հետ կարելի է կիսվել, պատմել ամե՜ն, ամեն ինչ:
ՄԱՆՈՒՇ — Սիրե՜լ…
ԱՇԽԵՆ — Այո՜, սիրե՜լ… (Ընկնում է Մանուշի գիրկը):
ՄԱՆՈՒՇ — (ակամա համբուրում է նրան ու շփոթվում): Ներիր…
ԱՇԽԵՆ — Ինչո՞ւ համար, ախր, ինչո՞ւ ենք խուսափում մեր հույզերից, մեզ կաղապարում քաղաքավարության սառը նորմերով: Ինձ թվում է, թե շուտով մի լավ, շա՜տ լավ բան է պատահելու:
ՄԱՆՈՒՇ — Ինձ էլ է այդպես թվում
ԱՇԽԵՆ — Դե, ուրեմն, թող լինի՛ այդ հրաշքը:
ՄԱՆՈՒՇ — Իսկ դու չե՞ս վանի նրան:
ԱՇԽԵՆ — Չէ, ի՞նչ ես ասում… Չէ, հազար անգամ՝ չէ՛…
ՄԱՆՈՒՇ — (համարձակվելով): Աշխեն…
ԱՇԽԵՆ — Ասա: (Խնձորից կծում է): Համով է:
ՄԱՆՈՒՇ — Աշխեն, դու չե՞ս մտածում այն տղայի մասին:
ԱՇԽԵՆ — Ո՞ր տղայի:
ՄԱՆՈՒՇ — Այն վարորդի, որ…
ԱՇԽԵՆ — Այն դանդալոշը՞… (Լրջանալով): Անկեղծ ասած, վերջերս հաճախ եմ նրան հիշում:
ՄԱՆՈՒՇ — Ճի՞շտ:
ԱՇԽԵՆ — (մեկուսի): Սովորություն էր դարձել, որ դասից դուրս եմ գալիս` նա կանգնած էր անկյունում… Քայլում էի, թիկունքիս զգում էի նրա շոյող հայացքը… Մտնում էի տուն, գիտեի, որ պատուհանի տակ կանգնած է: Մի ամիս է` կորել է: Ծիծաղելի է, ոնց որ մենակ եմ մնացել:
ՄԱՆՈՒՇ — Ճի՞շտ…
ԱՇԽԵՆ — Դանդալոշը… Հայրս նրա վրա խիստ բարկացել է:
ՄԱՆՈՒՇ — Ինչո՞ւ:
ԱՇԽԵՆ — Առանց զգուշացնելու, առանց թույլտվության գնացել է Սևան: Պապան ասում է՝ հենց վերադարձավ, զրկելու եմ վարորդական իրավունքից:
ՄԱՆՈՒՇ — (ընդոստ): Իրավունք չունի: Ես… Նա… փողոցային երթևեկության կարգ չի խախտել: Գուցե դա աշխատանքային կարգապահության խախտում է, բայց Քարամյանը իրավունք չունի…
ԱՇԽԵՆ — Զարմանալի աղջիկ ես: Այնպես ես հուզվում, կարծես քեզ են պատժելու:
ՄԱՆՈՒՇ — Նրան կարող են զրկել դերից, բայց վարորդական իրավունքից զրկել չեն կարող:
ԱՇԽԵՆ — Որ մտքին դնեն` կարող են… Դե լավ, հիմա նրա վիշտը մեզ չեն տվել: Ես քեզ լուրջ բան եմ ուզում ասել: Այս ընթացքում Սաքոյին հանդիպել ե՞ս:
ՄԱՆՈՒՇ — Հանդիպել եմ:
ԱՇԽԵՆ — Հո չնեղացրե՞ց:
ՄԱՆՈՒՇ — Ընդհակառակը:
ԱՇԽԵՆ — Բացատրվեցի՞ք:
ՄԱՆՈՒՇ — (խուսափողական): Բացատրվեցինք:
ԱՇԽԵՆ — (կասկածով): Նայիր աչքերիս: Ինձնից բան ես թաքցնում:
ՄԱՆՈՒՇ — (հայացքը փախցնելով): Ոչ մի բան էլ չեմ թաքցնում:
ԱՇԽԵՆ — Դե ասա` Աշխենի արև, չեմ թաքցնում:
ՄԱՆՈՒՇ — Չեմ ասի:
ԱՇԽԵՆ — Հո բան-ման չի եղե՞լ:
ՄԱՆՈՒՇ — Արի այդ մասին հիմա չխոսենք:
ԱՇԽԵՆ — (ուրախացած): Ե՛ս, ե՛ս եմ դմբոն… իհարկե, ի՞նչ պարտադիր է ամեն ինչ բարձրաձայն ասել: Քիչ առաջ ասացիր, էլի, մենք արդեն հարազատներ ենք… Հասկացա, Մանուշ ջա՜ն…
ՄԱՆՈՒՇ — Աշխեն, դու ոչինչ չհասկացար:
ԱՇԽԵՆ — Շատ լավ էլ հասկացա: Դու էլ, մերոնց պես, ինձ երեխայի տեղ ես դնում: Կարծում եք, միայն դո՞ւք գիտեք, մի բան էլ ես գիտեմ:
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ գիտես:
ԱՇԽԵՆ — Գիտեմ, որ դու և Սաքոն… Որ նա սիրահարված է քեզ:
ՄԱՆՈՒՇ — Ի՞նձ…
ԱՇԽԵՆ — Գիտե՞ս, ինչից գլխի ընկա: Վերջերս ինձնից իմանում էր, թե որ ժամին ես գալու և անպայման տանն էր լինում: Գաղտնի լսում էր դասախոսություններդ: Ձեռք է քաշել հին շրջապատից, աշխատանքի է անցել… Ասենք, դու ավելի լավ գիտես, ի՞նչ եմ վրա տալիս: Շուտով կգանք ու կխնդրենք քո ձեռքը:
ՄԱՆՈՒՇ — (ակամա ձեռքին է նայում): Իմ ձե՞ռքը:
ԱՇԽԵՆ — Հա՛, քո ձեռքը:
ՄԱՆՈՒՇ — (շփոթված): Հիմա ես ի՞նչ անեմ…
ԱՇԽԵՆ — Ի՞նչ պիտի անես… Մերոնք որ իմացան` ուրախությունից գլուխները կկորցնեն, իսկ իմ ուրախությանը չափ ու սահման չկա: Մանուշ ջան, ախր դու իմ հարսն ես դառնալու, պատկերացնո՞ւմ ես, հա՜րսը…
ՄԱՆՈՒՇ — Չեմ պատկերացնում:
ԱՇԽԵՆ — (նրան չլսելով): Թե տղա լինի` անունը Բագրատ կդնենք, աղջիկ լինի` Սաթենիկ: Պատկերացնո՞ւմ ես:
ՄԱՆՈՒՇ — Չեմ պատկերացնում:
ԱՇԽԵՆ — Ոչինչ, այդպես է մինչև երեխայի ծնվելը, հետո մայրական զգացմունքները միանգամից են արթնանում, ես կարդացել եմ… Գնամ, մերոնց աչքալուսանք տամ: Կգժվե՜ն: (Պայուսակում ինչ—որ բան փնտրելով): Մանուշ ջան, ծանր բաներ չբարձրացնես: Մաքուր օդ… կգամ, միասին կզբոսնենք: Հաշվե՞լ ես, թեզիդ պաշտպանությանը չի՞ խանգարում: Մերոնք կգժվեն… Թաշկինակս ի՞նչ եղավ… (Մանուշը, անորոշ կետի նայելով, կրծկալից հանում, մեկնում է թաշկինակը): Վա՞յ… էս իմ կորած թաշկինակն է, որտեղի՞ց ես գտել:
ՄԱՆՈՒՇ — (իրականությունից վերացած): Կորա՜ծ…գտած-կորցրա՜ծ…
ԱՇԽԵՆ — (վրա է տալիս): Ի՞նչ ես տրագեդիա սարքում… ամեն ինչ օրենքով-կարգով կլինի, մինչև ծննդաբերելդ հարս կտանենք: Դե, ես գնացի: (Համբուրում է): Երեկոյան կգամ, կզբոսնենք… Մերոնք իմանան` կգժվեն… ես երջանի՜կ եմ… (Դուրս է վազում):
ՄԱՆՈՒՇ — (մտորում է, ապա հանում է կեղծամը, դիմում դրան): Տեսա՞ր, ինչ բերիր գլխիս: Դեռ երեխաներ ենք ունենալու, տղայի անունը Բագրատ պիտի դնենք, աղջկա անունը` Սաթենիկ… Չէ, այսպես շարունակել չի կարելի: Մի բան պետք է մտածել, բայց ի՞նչ: (Նախասենյակից լսվում է Աբրահամի երգը): Եկան… (Ննջարան է մտնում):
ԱԲՐԱՀԱՄ – (ներս մտնելով): Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը… (Նկատում է Աշխենի գրքերը): Մաշալլա, Մուշեղ, ինստիտուտը ավարտե, ժամագործություն ալ պիտի սորվեցնեմ, հապա ինչպե՜ս… Մուշե՜ղ… (Հուշիկ մոտենում է ննջարանի կիսաբաց դռանը): Մուշե՞ղ: (Դռան արանքից ներս է նայում): Ամմա՜ն, աս ո՞վ է… (Խոշորացույցը դնելով աչքին): Յահո՜, սա օրիորդն ո՞վ է, որ մեր ճամպրուկները կխառնշտե… պահարանը բացեց, Մուշեղին հագուստները կտնտղե: Գող է, ամմա՜ն… (Մոտենում է հեռախոսին, համար է հավաքում): Ալո՞… մադմուազել, ես եմ, Աբրահամն եմ… Որ Աբրահա՞մը… Աբրահամը, բե, քաղաքացի մը: Աճապարեք խնդրեմ… Հասցե՞ն… սիրով: (Ծոցագրպանից ճմրթված ծրար է հանում): Ահավասիկ, արձանագրեք խնդրեմ՝ Աղմինիա, Վի Եղևան, ղյու Շինաղաղնեղի, նյումեղո քսանութ, ապպաղտեման նյումեղո չորս, Աբղահամ Տեղ-Նիկողոսյան: Հայերե՞ն… հայերենը չեմ գիտեր, ինձի պետք չէր իմանայի, աս ալ որբանոցի իմ ընկերը` Սողոմոնը, նամակ գրած է ինձի, ծրարին վրա կկարդամ: Աճապարեք, բե՞… Կուզեք ֆղանսեղեն աճապարեք, կուզեք անգղիերեն աճապարեք, իմ ի՞նչ գիտնալիքն է: Փողո՞ցը… Շինարարների, այո, սինեմային քովը: Անո՞ւնը… չեմ գիտեր… տարի՞քը… չեմ գիտեր, օրիորդն մըն է… նախկինում ի՞նչ հիվանդություն ուներ… ի՞նչ գիտնամ, բաբամ, տունը կթալնե, ճամպրուկները կբանա, պահարանը կխառնշտե, ես անոր առողջությա՞մբ հետաքրքրվիմ: Ոստիկան մը ուղարկեք… Շտապ օգնությո՞ւնն է… ներեցեք, կաղաչեմ, ներեցեք: (Համարը է հավաքում): Ալո՞, ոստիկանությո՞ւնն է, Աբրահամն է, գողություն կընեն… հասցե՞ն… Ահավասիկ. Աղմենիա, վի Եղևան, ղյու Շինաղաղնեղի, նյումեղո քսանութ, լապպաղտեման նյումեղո չորս, Աբղահամ Տեղ-Նիկողոսյան… Այո, այո, սինեմային քովը, այո, այո… Չէ, հայհոյող չիկա… ծեծող ալ չիկա… գող է, գող, ճամպրուկները կբանա, պահարանը կխառնշտե… օրիորդ մըն է… կաղաչեմ… կսպասեմ, անպայման կզբաղեցնեմ: Աճապարեք, բաբամ, ոստիկան մը ուղարկեքԼ (Լսափողը դնում է): Ինչ ըսա՞վ, զբաղեցնե՞մ… է, զբաղեցնե՜մ: (Դարձիչը, մուրճը թաքցնում է գրպանում, խիզախ տեսք ընդունած մոտենում, բացում է դուռն ու ժպտում) Բարի տեսա՜նք, հրամմեցե՜ք, բե՛, հրամմեցե՜ք…
Դուրս է գալիս Մանուշը: Աբրահամը ջանում է, որ նա չմոտենա ելքի դռանը:
ԱԲՐԱՀԱՄ — Նստեք, ջանըմ, ինչո՞ւ կեցեր եք, հրամմեցե՜ք…
ՄԱՆՈՒՇ — (շփոթված նստում է): Շնորհակալություն:
ԱԲՐԱՀԱՄ — (ձեռքերը գրպաններում՝ հարձակման պատրաստ): Է, ինչպե՞ս եք, աղե՞կ եք:
ՄԱՆՈՒՇ — Շնորհակալություն:
ԱԲՐԱՀԱՄ — (խորամանկ): Դուք երևի Մուշեղի ընկերուհին եք, անանկ չէ՞:
ՄԱՆՈՒՇ — (ուրախացած): Այո, այո, ես Մուշեղի ընկերուհին եմ:
ԱԲՐԱՀԱՄ — Հարկա՜վ, հարկա՜վ, Մուշեղը երևի դուրս գնաց, քեզի ալ ապսպրեց, որ իր սենյակին մեջ… իրեն սպասես…
ՄԱՆՈՒՇ — Այո, այո:
ԱԲՐԱՀԱՄ — Դուն ալ կսպասես:
ՄԱՆՈՒՇ — Այո, բայց երևի գնամ, ուշ է:
ԱԲՐԱՀԱՄ — Նստիր, ջանըմ, ո՞ւր պիտի երթաս: Հիմա Արուսյակը կուգա, սուրճ կխմենք:
ՄԱՆՈՒՇ — Ես սուրճ չեմ խմում… գնամ…
ԱԲՐԱՀԱՄ — (սպառնագին): Քեզի կըսեմ՝ նստե, սպասե… անպիտան քեզի:
Մտնում Արուսյակը:
ԱՐՈՒՍՅԱԿ — Բարև ձեզի:
ԱԲՐԱՀԱՄ — (չշրջվելով): Արուսյակ, աղջիկս, մոտ եկուր, շուտ ըրե:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ըսե, հայրիկ:
ԱԲՐԱՀԱՄ — (մուրճը գրպանից հանելով` տալիս է նրան): Բռնե, ամուր բռնե… աս օրիորդը գող է:
ԱՐՈՒՍՅԱԿ — Մեղա՜, մեղա՜…
ՄԱՆՈՒՇ — Բայց… ներեցեք…
ԱԲՐԱՀԱՄ — Անկյուն քաշվիր տեսնամ, շուտ, անկյուն քաշվիր, քեզի զբաղեցնեմ պիտի, անպիտանին մեկ…
ԱՐՈՒՍՅԱԿ — Անկյուն քաշվիր…
Աբրահամն ու Արուսյակը հարձակվում են Մանուշի վրա: Լսվում է ոստիկանական մեքենայի տագնապալի ազդանշանը:
Մթնեցում:
Խաղք չորրորդ
Քարամյանների բնակարանը: Տանտերը սուրճ է խմում, լրագիր է կարդում: Սաթենիկը փոշիներն է սրբում, քթի տակ երգում է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ասում ես, էն ի՞նչ էիր ասո՞ւմ:
ՍԱԹԵՆԻԿ — Հետդ խոսել է լինո՞ւմ, որ…
ՔԱՐԱՄՅԱՆ — Ուրեմն, դեռ մի բան էլ ես եմ պարտք մնո՞ւմ:
ՍԱԹԵՆԻԿ — Բա ո՞վ…
ՔԱՐԱՄՅԱՆ — Հասկացի՜ր, ա՛յ կնիկ, նախ` էդ աղջիկը, իմացար, քո կապը կտրած տղին չի ուզի:
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ գիտես` չի ուզի: Դու ե՞րբ շնորհքով, մարդավարի գնացիր խնամախոս, որ նա էլ չուզեց: Մեռնեմ իրա բոյին, ասում է՝ մայրիկ ջան…
ՔԱՐԱՄՅԱՆ — Քու մերը չմեռնի, իմացար, ով էլ էս տունը հարս գա, քեզ մայրիկ ջան է ասելու, բոլորի ջան ու ջիգյարն ես: Դու գիտես` ինչ ես անում:
ՍԱԹԵՆԻԿ — (նստում է ամուսնու կողքին): Բագրատ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հա ջան:
ՍԱԹԵՆԻԿ — Մի բան ասեմ՝ ձենդ գլուխդ չգցես:
ՔԱՐԱՄՅԱՆ — Չեմ գցի:
ՍԱԹԵՆԻԿ — (շշուկով): Բանը բանից անցել է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ի՞նչ…
ՍԱԹԵՆԻԿ — Կամաց, այ մարդ: Ասում եմ՝ բանը բանից (նշանացի աչքով է անում) անցել է: Մանուշն է Աշխենին ասել:
ՔԱՐԱՄՅԱՆ — Այսինքս…
ՍԱԹԵՆԻԿ — Այ մարդ, դու էսքան անհասկացող չէիր, քեզ ի՞նչ պատահեց: Ասում եմ, Սաքոն ու Մանուշը մեզ տատիկ ու պապիկ են դարձնում:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ո՞նց թե, իմացար… Բա դու ի՞նչ իմացար…
ՍԱԹԵՆԻԿ — Մանուշս է Աշխենիս ասել:
ՔԱՐԱՄՅԱՆ — Վա՛յ…
ՍԱԹԵՆԻԿ — Բագրատ ջան, չկատաղես, Բագրատ ջան, էլ չեն անի, չկատաղես…
ՔԱՐԱՄՅԱՆ — Տո, թող անե՜ն, իմացար, ընչի՞ չանեն, իմացար… Ես էլ ասում եմ՝ էդ քու բոսյակ տղեն էս ինչի՞ է ընտանի կենդանի դառել: Բայց…
ՍԱԹԵՆԻԿ — Էլ ի՞նչ բայց, էլ բայց չկա՜, բայցը մեջտեղից վերացել է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Բայց ոնց կուզես` ասա, Եվայի ցեղը Եվայի ցեղ է մնում: Գիտնական աղջիկ է, է՜, խելքը ոնց տվեց էդ խուլիգանին:
ՍԱԹԵՆԻԿ — Երեխիս բան չասե՛ս… Որ կուզես իմանալ, հենց էդ քու խոսալն էր, որ իմ անմեղ գառին շրջապատից հանեց, շրջապատ գցեց:
ՔԱՐԱՄՅԱՆ — Գա՞ռ… Էդ տարիքին էլ ի՞նչ գառ: (Խանդաղատանքով): Ցլիկ շան որդին…
ՍԱԹԵՆԻԿ — (հուզվում է): Երնեկ էն օրը, որ մի ձեռքով Բագրատիկիս թաթիկը բռնած, մյուսով Սաթենիկիս թաթիկը բռնած, կգնամ իմ անուշ Մանուշիս հետ լուսանկարվելու:
ՔԱՐԱՄՅԱՆ — Մենք էլ՝ հեչ, էլի՞:
ՍԱԹԵՆԻԿ — Մի նեղացի, Բագրատ ջան, տատիկի սիրտն ուրիշ է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ախ, գա ու երկուսն էլ տղա ծնվի, իմացար, երկուսի անունն էլ Բագրատ դնեմ: Նախանձից ճաքես, իմացար:
ՍԱԹԵՆԻԿ — Էդ էր պակաս, Մանուշս իմ վիզը ծուռ չի թողի:
Մտնում Է Աշխենը:
ԱՇԽԵՆ — Մամ, պրծի, ուր որ է Մանուշը կգա, «Սիգարեթ» ենք թխելու:
ՍԱԹԵՆԻԿ — Ասե՞լ ես, որ ծննդյանդ օրն է:
ԱՇԽԵՆ — Չէ, չէր ուզում գա, մի կերպ համոզեցի, ասացի՝ գրածներիցս բան չեմ հասկանում, ասաց՝ կգամ, բայց վերջին անգամ:
ՍԱԹԵՆԻԿ — Ամաչում է երեխեն:
ԱՇԽԵՆ — Մամ, դե պրծի, չենք հասցնի: «Սիգարեթը» մի քիչ դժվար է: (Գոգնոց է կապում):
ՍԱԹԵՆԻԿ — Հիմա, հիմա բերեմ… Ես Մանուշիս սիգարեթին մեռնե՜մ: (Մտնում է խոհանոց):
ՔԱՐԱՄՅԱՆ — Ասում ես… էն ինչ ես ասո՞ւմ:
ԱՇԽԵՆ — Ասում եմ` գնա, հագուստդ փոխիր, ամոթ է:
ՔԱՐԱՆՄՅԱՆ — Հա, էդ՝ հեչ, ձեռքի գործ է: Չէ, դու ասա, ի՞նչ ես ասում:
ԱՇԽԵՆ — (խորամանկ): Ես էլ հենց էդ եմ ասում:
Սաթենիկը սկուտեղի վրա թխելու պարագաներն է բերում:
ՍԱԹԵՆԻԿ — Սեղանին դնե՞մ, Աշխեն ջան:
ԱՇԽԵՆ — Դիր, թխվածքի չափաբաժինը նայեմ: (Պահարանից տետր հանելով` նայում է):
ՔԱՐԱՄՅԱՆ — Բա ինքն ի՞նչ է ասում… էն… էն… բան… Իսկապես ունի՞…
ԱՇԽԵՆ — (կարդում է): Երկու ձու, սպիտակուցն` առանձին, դեղնուցն` առանձին:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հետո՞:
ԱՇԽԵՆ — Հետո՝ հարել:
ՔԱՐԱՄՅԱՆ — Այ աղջի, դու էլ գլխիս մերդ չդարձար: Բան ասա, բան հասկանամ:
ՍԱԹԵՆԻԿ — Էլի կպավ մորից: (Աշխենին հասկացնում է, որ հոր հետ խոսի, գնում է):
ՔԱՐԱՄՅԱՆ — Ասում ես՝ ինքն ի՞նչ է ասում:
ԱՇԽԵՆ — Այ պապ, մենք պաշտոնական մի բան ասե՞լ ենք, որ ինքն ասի:
ՔԱՐԱՄՅԱՆ — Զեկուցագիր գրե՞մ:
ԱՇԽԵՆ — Զեկուցագիր չպիտի գրես: Պիտի գնանք աղջկան ուզելու… (Դռան զանգ): Էս էլ՝ ինքը: Դուռը բացեմ, դու շորերդ փոխիր: (Գնում է: Քարամյանը մտնում է ննջարան):
Աշխենի ուղեկցությամբ գալիս է Մանուշը:
ԱՇԽԵՆ — Գուշակիր, թե այսօր ի՞նչ օր է:
ՄԱՆՈՒՇ — Իմ վերջին օրն է:
ԱՇԽԵՆ — Ինչպե՞ս թե՝ վերջին:
ՄԱՆՈՒՇ — (տխուր): Այսօր դասընթացը կվերջացնենք ու… ամեն օր հո չե՞մ գա:
ԱՇԽԵՆ — (խորամանկ): Իսկ գուցե առաջի՞ն օրն է:
ՄԱՆՈՒՇ — (հոգոց է հանում): Տա Աստված:
ԱՇԽԵՆ — Աստված չի տա, ամեն ինչ մեզնից է կախված:
ՄԱՆՈՒՇ — Համարձակությունս չի ներում:
ԱՇԽԵՆ — Դմբո ջան, դու միայն մի «հա» ես ասելու:
ՄԱՆՈՒՇ — Ես վաղուց եմ դա ասել… (Պայուսակից հանում է Աշխենի լուսանկարը): Ահա…
ԱՇԽԵՆ — Վա՞յ… Ինչը որ կորցնում եմ, դու գտնո՞ւմ ես… (Վերցնում է նկարը): Որտեղի՞ց…
ՄԱՆՈՒՇ — Մի ծանոթ տվեց, խնդրեց վերադարձնել:
ԱՇԽԵՆ — (տարակուսած): Չեմ հասկանում:
ՄԱՆՈՒՇ — Նա ասաց, որ եթե Աշխենը հիշի, թե որտեղ է կորցրել թաշկինակը, նկարը, ապա…
ԱՇԽԵՆ — (իբր հիշելով): Հա՜, երևի Ռոբերտն է եղել:
ՄԱՆՈՒՇ — (ակնհայտ խանդով): Ի՞նչ Ռոբերտ…
ԱՇԽԵՆ — Համակուրսեցիս:
ՄԱՆՈՒՇ — Եվ քո թաշկինակը հայտնվում է նրա մո՞տ:
ԱՇԽԵՆ — Դե, նա սիրում է կատակներ անել: Մի անգամ էլ շրթներկս էր թռցրել: Իսկ դու նրան որտեղի՞ց գիտես:
ՄԱՆՈՒՇ — Ո՞ւմ…
ԱՇԽԵՆ — Դե, այդ տղային, ում մոտ իմ թաշկինակն է եղել:
ՄԱՆՈՒՇ — Այդ տղան… ում մոտ քո թաշկինակն է եղել ու նա հազար ու հազար անգամ համբուրել է քո թաշկինակը, այդ տղան… իմ հարազատն է, իմ կեսը, գուցե ավելին:
ԱՇԽԵՆ — (խանդոտ): Չեմ հասկանում… Իսկ Սաքոն քեզ համար ո՞վ է:
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ Սաքո:
ԱՇԽԵՆ — Եղբայրս:
ՄԱՆՈՒՇ — Սպասիր, նախ դու ասա, թե Ռոբերտը քեզ համար ով է:
ԱՇԽԵՆ — Չէ, Սաքոն ո՞վ է…
ՄԱՆՈՒՇ — Բայց Ռոբերտն ո՞վ է…
ԱՇԽԵՆ — Ռոբերտի հերն էլ անիծած, թեթևսոլիկի մեկն է, բայց դու որ ասում ես… Մի՞թե եղբայրս քեզ համար հարազատ չէ:
ՄԱՆՈՒՇ — Իհարկե, հարազատ է:
ԱՇԽԵՆ — Ճի՞շտ, երդվիր, ասա` Աշխենի արև:
ՄԱՆՈՒՇ — Չէ, նախ դու երդվիր, որ Ռոբերտը քեզ համար հարազատ չէ:
ԱՇԽԵՆ — Այ քեզ գիժ, քո արև, Մանուշ ջան, մամայի արև, Ռոբերտն ո՞ւմ շունն է, որ…
ՄԱՆՈՒՇ — Ես երջանիկ եմ:
ԱՇԽԵՆ — Բայց դու չասացիր, Սաքոյին հարազատ ընդունո՞ւմ ես, թե՞ ոչ:
ՄԱՆՈՒՇ — Իհարկե, ընդունում եմ, իհարկե, նա իմ անփոխարինելի հարազատն է:
ԱՇԽԵՆ — (գրկում է): Մանուշ ջան, իմ ծննդյան օրը դու ամենալավ նվերը մատուցեցիր:
ՄԱՆՈՒՇ — Ծննդյան օրվա՞, այսօր…
ԱՇԽԵՆ — Այո, այսօր իմ տարեդարձն է:
ՄԱՆՈՒՇ — Ինչո՞ւ չէիր ասում:
ԱՇԽԵՆ — Ուզում էի սյուրպրիզ անել: Ահա, խմորեղեն ենք թխելու: «Սիգարեթ» եմ ուզում:
ՄԱՆՈՒՇ — Սիգարե՞թ, հիմա: (Պայուսակից ծխախոտ ու լուցկի է հանում): Տանը գիտե՞ն:
ԱՇԽԵՆ — Իհարկե, գիտեն: Մաման էլ գիտի, պապան էլ: Ուրախությունից գլուխները կորցրել են: Մեր կուրսեցիներն էլ են գալու: Քո մասին այնքան եմ պատմել, այնքան եմ պատմել, որ բոլորը սիրահարվել են քեզ: (Նկատելով իրեն մեկնած ծխախոտը): Սա ի՞նչ է:
ՄԱՆՈՒՇ — Չասացի՞ր` սիգարեթ եմ ուզում:
ԱՇԽԵՆ — (անզուսպ ծիծաղելով): «Սիգարեթ» թխվածք եմ ուզում պատրաստել, թխվա՜ծք: Ահա… (Բացում է տետրը): Վերցնել երկու ձու, սպիտակուցն առանձնացնել դեղնուցից…
ՄԱՆՈՒՇ — Իսկ ես կարծեցի…
ԱՇԽԵՆ — Դու ծխո՞ւմ ես…
ՄԱՆՈՒՇ — (շփոթվում է): Հազվադեպ:
ԱՇԽԵՆ — (շշուկով): Քեզ չի կարելի: Իսկ, ընդհանրապես, աշխատիր թողնել: Պապան ու մաման այլ կերպ կընդունեն, էլ չեմ խոսում Սաքոյի մասին, ջարդդ կտա:
ՄԱՆՈՒՇ — Ջարդս կտա՞:
ԱՇԽԵՆ — (ծիծաղում է): Կարծում ես, եթե ամուսինդ բարկանա ու մի հատ էլ խփի, նրան էլի կարատե՞ ես անելու:
ՄԱՆՈՒՇ — Ամուսի՞նս:
ԱՇԽԵՆ — Հա, մեր Սաքոն:
Մանուշը, վատ զգալով, հենվում է թիկնակին:
ԱՇԽԵՆ — Վայ, Մանուշ ջան, ներիր… ջուր խմիր… Ես իմ ուրախությունից, հասկանում ես, իմ ուրախությունից… Գնանք իմ սենյակը, պառկիր:
ՄԱՆՈՒՇ — Պետք չէ:
ԱՇԽԵՆ — Պետք է, պետք է, արի…
Աշխենը Մանուշին տանում է ննջարան, վերադառնում, դեղատուփի մեջ դեղ է փնտրում: Ներս է մտնում Սաթենիկը:
ՍԱԹԵՆԻԿ — Չվերջացրի՞ր:
ԱՇԽԵՆ — Մանուշը եկավ, գլուխը պտտվեց, ննջարանում է:
ՍԱԹԵՆԻԿ — Երևի տոքսիկ հղիություն է: Բա ինչո՞ւ ես մենակ թողել, գնա մոտը, դոշերին ջուր ցանիր:
ԱՇԽԵՆ — Չուզեց, ասաց՝ կանցնի:
ՍԱԹԵՆԻԿ — Համենայնդեպս, գնա մոտը: Աշխեն, ասում եմ` առածս շոր-մորը ցույց չտա՞մ:
ԱՇԽԵՆ — Այ մեր, ի՞նչ դրա ժամանակն է: Էն աղջիկը ձեռից գնում է… մի բան չպատահի՞… (Դեղը վերցրած վազում է ննջարան):
ՍԱԹԵՆԻԿ — Չէ, ես ցույց եմ տալու: Կարող է` չի հավանում, իմ հարսին չհավանած շորերն ինչո՞ւ հագցնեմ: Չեմ ասի` իրենն է, կասեմ` Աշխենիս համար եմ առել:
Գալիս են Մանուշն ու Աշխենը:
ՍԱԹԵՆԻԿ — Անցա՞վ: Մանուշ ջան, աղջիկ ջան, դու քեզ լավ նայիր, է՜:
ԱՇԽԵՆ — (նշանացի նայելով մորը): Մամ, էն շորերը չես բերո՞ւմ` նայենք:
ՍԱԹԵՆԻԿ — Էն, որ քո օժիտի համար եմ առե՞լ:
ԱՇԽԵՆ — Հա, հենց էն:
ՍԱԹԵՆԻԿ — Հիմա բերեմ, Աշխեն ջան, հիմա բերեմ: (Դուրս է գնում):
ԱՇԽԵՆ — Մանուշ ջան, դու նստիր, քո գործ անելը պետք չի, նստիր, ես կանեմ:
Մեծ ճամպրուկը քարշ տալով բերում է Սաթենիկը: Մանուշը ոտքի է կանգնում՝ նրան օգնելու:
ՍԱԹԵՆԻԿ — Վա՛յ, վա՛յ, նստի, Մանուշ ջան, քեզ ծանր բան վերցնել չի կարելի:
ԱՇԽԵՆ — Մանուշ, նստիր, զգույշ… (Մոտենում, մորն օգնում է):
ՍԱԹԵՆԻԿ — (ճամպրուկից հանելով կրծկալը): Մանուշ ջան, հավանո՞ւմ ես: Էս էլ վարտիքը…
ՄԱՆՈՒՇ — (չի նայում, իբր խմորեղենով է զբաղված): Լավն է, բարով մաշի:
ՍԱԹԵՆԻԿ — Չէ, լավ նայիր, սրտո՞վդ է:
ՄԱՆՈՒՇ — (հպանցիկ նայելով): Լավն է:
ՍԱԹԵՆԻԿ — Սա՞: (Վերնազգեստ է ցուցադրում):
ՄԱՆՈՒՇ — Լավն է:
ՍԱԹԵՆԻԿ — Կարող է` Աշխենիս վրայով մի քիչ մեծ գա, բայց իսկը քո վրայով է, Մանուշ ջան: Էս էլ վարտիքների հավաքածու, տարբեր գույնի, յոթ հատ, մեկը մեկից սիրո՜ւն… Հագնողը միջին տղա ունենա…
ԱՇԽԵՆ — (սաստում է): Մա՛:
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ, այ բալա: (Կամաց): Հեռվից եմ գալի: (Բարձր): Որ ինձ հարցնեք, մի հոգու համար սա շատ է: Ասենք, հարսի ու տալի ունեցածն ո՞վ է բաժանում: Ում սրտով ինչ կտա` էն էլ թող հագնի:
ԱՇԽԵՆ — Ա՛յ մա…
ՍԱԹԵՆԻԿ — (կամաց): Չվախենաս, հեռվից եմ գալի: Էս էլ գիշերանոց, բայց երևի սա էլ մեծ լինի, հը՞, Մանուշ, Աշխենիս մեծ չի՞:
ՄԱՆՈՒՇ — Մեծ է:
ՍԱԹԵՆԻԿ — Իսկը քո հագով է: Մանուշ ջան, փորձի, աղջիկ ջան:
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ եք ասում… ես… մի ուրիշ անգամ:
ՍԱԹԵՆԻԿ — Լավ, թող լինի ուրիշ անգամ, մեռնեմ էդ անգամին: (Նորածնի շորեր է հանում): Էս ո՞նց է:
ՄԱՆՈՒՇ — (չնայելով): Լավն է:
ՍԱԹԵՆԻԿ — (համբուրում է շորը): Մեռնեմ բոյին:
Ներս է մտնում Սաքոն:
ՍԱԹԵՆԻԿ — (հագուստները ճամպրուկը խցկելով): Այ բալա, գոնե դուռը թակիր, կնիկարմատ ենք, հազար բան ենք խոսում:
ՍԱՔՈ — Ներեցեք… (Մանուշին.) Բարև ձեզ:
ՄԱՆՈՒՇ — Բարև ձեզ:
ՍԱԹԵՆԻԿ — (Աշխենին): Դուրս գնանք: (Բարձր): Աշխեն ջան, օգնիր, ճամպրուկը տանենք:
Աշխենն ու Սաթենիկը գնում են: Մանուշն իբր խմոր է հունցում: Սաքոն աննպատակ քայլում է, վերջապես կանգ է առնում:
ՍԱՔՈ — Տո՞րթ է:
ՄԱՆՈՒՇ — Երևի:
ՍԱՔՈ — Քույրս քեզ բան է ասե՞լ:
ՄԱՆՈՒՇ — Ասել է:
ՍԱՔ — Հետո՞:
ՄԱՆՈՒՇ — Ասաց` խմոր պատրաստիր: Ես էլ պատրաստում եմ, էլ ի՞նչ հետո:
ՍԱՔՈ — Ուրեմն, տորթ է:
ՄԱՆՈՒՇ — Ուրեմն, տորթ է:
ՍԱՔՈ — (ծխախոտ է վառում): Իսկ ուրիշ բան չի՞ ասել:
ՄԱՆՈՒՇ — Մի հատ էլ ինձ տուր:
ՍԱՔՈ — Ի՞նչ:
ՄԱՆՈՒՇ — Ասում եմ` մի հատ կպցրու, ձեռքերս ալրոտ են, ծխախոտ կպցրու, դիր բերանս:
Սաքոն շփոթված կատարում է Մանուշի ասածը:
ՄԱՆՈՒՇ — Ապրես:
ՍԱՔՈ — Դու կարգին տղա ես:
ՄԱՆՈՒՇ — Ես էլ եմ այդպես կարծում:
ՍԱՔՈ — Ներողություն… ուզում էի ասել` դու կարգին աղջիկ ես, ծխելն էլ սազում է:
ՄԱՆՈՒՇ — (հեգնելով): Ճի՞շտ:
ՍԱՔՈ — (շողոքորթ): Քեզ ամեն ինչ սազում է: Սանրվածքդ սազում է, շորդ սազում է: (Մոտենում է): Շրթներկդ սազում է…
ՄԱՆՈՒՇ — (սպառնալից): Դե՛, դե՛…
ՍԱՔՈ — (վախեցած կանգ է առնում): Եղավ: (Հեռանում է, նստում): Ուզում եմ քեզ հետ անկեղծ խոսել:
ՄԱՆՈՒՇ — Անցած անգամվա պե՞ս:
ՍԱՔՈ — Չէ, անցավ, էլ չի լինի: Ասա տեսնեմ, ի՞նչ ես ուզում ինձնից: Հազիվ խելքս գլուխս եմ հավաքել, աշխատանքի անցել: Խմելս թողեցի, շրջապատս թողեցի, գիշերները նստած բանաձևեր եմ անգիր անում…
ՄԱՆՈՒՇ — Ես քեզ խնդրե՞լ եմ: Արի, մոխիրը թափ տուր… ապրես, դիր բերանս: Ես քեզ խնդրե՞լ եմ:
ՍԱՔՈ — (բարկանում է): Ո՞նց թե… Ուրեմն, քաղաքում էլ մարդ չմնաց, գալու էիր ինձ շուլալվեի՞ր: Գիտնական աղջիկ ես, գնա, քո ակնոցավորներից մեկին ուզի, ի՞նչ ես կպել ինձնից, մերոնց էլ քեզնով ես արել:
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ ես խոսում, չեմ հասկանում:
ՍԱՔՈ — (թախանձահքով): Մանուշ ջան, քույրիկ ջան, ձեռ քաշեք ինձնից, ես ուրիշի եմ սիրում:
ՄԱՆՈՒՇ — Քեզ ո՞վ է կպել, գնա սիրի:
ՍԱՔՈ — Թողնո՞ւմ եք, որ սիրեմ, գլխիս պատմություններ եք սարքում:
ՄԱՆՈՒՇ — Ազնիվ խոսք, ես տեղյակ չեմ: Որ ճիշտն ուզում ես իմանալ, ես էլ ուրիշի եմ սիրում:
ՍԱՔՈ — Ցա՜վդ տանե՛մ… տղա լինեիր՝ մի հատ պռոշտի կանեի: Դու չնեղանաս, լավ աղջիկ ես, բայց ինձ դուր չես գալիս: Էն, որ Աշխենին բացատրում էիր, քեֆս գալիս էր, բայց, որ նայում եմ… Չնեղանաս: Ես Ազգուշին եմ սիրում, նա էլ համարյա ինձ է սիրում:
ՄԱՆՈՒՇ — Ազգուշի՞ն…
ՍԱՔՈ — Հա, քո ընկերուհուն: (Երազկոտ): Մի օր պատահմամբ քեզ տեսա Ազգուշի հետ: Հետևեցի` մինչև բաժանվեցիք, մոտեցա Ազգուշին ու ասում եմ` այ քուրս, էդ Մանուշ ընկերուհուդ ասա, թող ինձնից ձեռք քաշի… Սա էլ հո չի ծիծաղու~մ, հո չի ծիծաղում… Նայեմ, տեսնեմ՝ իսկը Սայաթ-Նովայի Աննան: Բա ժպի՜տը: Ցիցերոնյան պերճախոսություն է պետք ասելու այն, ինչ զգում եմ… Ես նրան սիրում եմ մաքո՜ւր ու պարզ, խո՜ր, շա՜տ խոր սիրով…
ՄԱՆՈՒՇ — (ապշած): Դա՞ որտեղից սովորեցիր:
ՍԱՔՈ — Աշխենը սովորեցրեց: Կարծում էր` գալու եմ քեզ ասեմ, բայց ես գնացի, Ազգուշին ասի:
ՄԱՆՈՒՇ — Էլ ի՞նչ ասաց:
ՍԱՔՈ — Ազգուշը չթողեց` շարունակեմ, վրա տված ինքն արտասանեց մնացածը… Մնացել էի ապշած:
ՄԱՆՈՒՇ — Չէ, Աշխենն էդ խոսքերը սովորեցնելուց հետո էլ ի՞նչ ասաց:
ՍԱՔՈ — Ասաց` իրեն մի տղա է այդպես ասել ու…
ՄԱՆՈՒՇ — Ուրի՞շ…
ՍԱՔՈ — Էդ տղան վշտից գնացել է քաղաքից: Աշխենը սկզբում ուշադրություն չի դարձրել, հետո խղճացել է, հետո… Հիմա էլ հիշում է նրա ասածներն ու կարծես սպասում է նրան…
ՄԱՆՈՒՇ — Այդպես էլ ասա՞ց:
ՍԱՔՈ — Ասաց: Հենց երեկ մորս էր ասում: Ասում էր, ոնց որ թե սիրում է… Ուզում էր քո հետ խորհրդակցել…
ՄԱՆՈՒՇ — (կոթուկը հանգցնում է խմորի մեջ, հարձակվում է Սաքոյի վրա, օձիքից բռնելով ձգում, ամուր համբուրում է): Ցա՜վդ տանե՜մ… (Դուրս է թռչում):
ՍԱՔՈ — (ապուշացած): Ի… սա ընչի՞ խփնվավ…
Մթնեցում:
Խաղք հինգերորդ
Մուշեղի բնակարանը: Մուշեղը հայելու առջև սափրվում է: Մտնում է տոնական հագնված Արուսյակը:
ԱՐՈՒՍՅԱԿ — Մուշեղ, լա՞վն է: (Ցուցադրում է զգեստը):
ՄՈՒՇԵՂ — Լավն է, մամ ջան:
ԱՐՈՒՍՅԱԿ — Մուշեղ, վերնաշապիկդ փոխիր, նոր փողկապդ կապիր:
ՄՈՒՇԵՂ — Կփոխեմ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Շուտ ըրե, մանչս, հիմա կուգան:
ՄՈՒՇԵՂ — Մամ, նրանց մոտ հանկարծ չշփոթվես` Մուշեղ ասես:
ԱՐՈՒՍՅԱԿ — Չէ, ջանըմ, Մանուշ չէ՞ր: Իմ քեռայրիս տիկնոջ եղբոր քենակալի քրոջ անունն է:
Ներս է մտնում տոնական հագնված Աբրահամը, ձեռքին` ծաղկեփունջ:
ԱԲՐԱՀԱՄ — Խեղճ Ադամին խնձորով խաբե՜ց Եվա կինի՜կը… Մուշեղ, մանչս, աս ալ քու պսակիդ ծաղիկները: Հարսնուկս մեխակներ կսիրե՞:
ՄՈՒՇԵՂ — Պապ, մոռացա՞ր, որ առայժմ հարսը ես եմ:
ԱԲՐԱՀԱՄ — Է-հե՛, հե՛-հե՛-հե՛, մոռցա, բաբամ, մոռցա: (Փունջը տեղավորում է ծաղկամանում): Բայց այլևս մոռնալու չեմ:
ՄՈՒՇԵՂ — Դե տես, ինձ չքաշես:
ԱԲՐԱՀԱՄ — «Քաշելն» ի՞նչ է, բե, ուրկե սորվեցար այդ համբակներու լեզուն: Հայրիկին «պապա» կըսեք, մայրիկին՝ «մամա», մեծ հորը «պապ» կըսեք, վար ինկնալուն ալ՝ «վեր ընգավ» կըսեք: է, ծնվելուն ալ մեռնիլ ըսեք, արթնանալուն՝ քնանալ, լմննա, երթա…
ԱՐՈՒՍՅԱԿ — Է՞, մենք ալ «յավրում» կըսենք, «մաշալլա» կըսենք, մեղք է՞…
ԱԲՐԱՀԱՄ — Հարսնուկս, մենք «յավրում» սորվեցանք, «մաշալլա» սորվեցանք, քանի որ Հայրենիք էր՝ մերը չէր, լեզու էր՝ մերը չէր, մենք՝ մերը չէինք… Հիմա` ուրի՜շ: Ամենը մենք ենք ու մերն է, բայց արի տես, որ Հայրենիքի հողի վրա «վեր» կընգնանք, ջուրն ալ «կռանթից» կհոսի: Անցած օրը չորրորդ հարկի վարժապետին՝ Վասիլի Իգնատիչին հարցուցի՝ «կռանթն» ի՞նչ է, ըսավ՝ ռուսերեն ատանկ բառ չկա: Ըսի՝ հայերեն ալ չիկա…
ՄՈՒՇԵՂ — Պապ, խնամիների մոտ էլ հանկարծ չսկսես:
ԱԲՐԱՀԱՄ — Չէ, ես Անդրանիկ Օզանյանի զինվորն եմ, չեմ մոռնար:
ԱՐՈՒՍՅԱԿ — (պատուհանից նայելով): Մուշե՛ղ, մա՛նչս, եկա՜ն:
ԱԲՐԱՀԱՄ — (հերոսական կեցվածքով): Օն, ժամն է կենաց և մահու: Ժամացույցին պես հստակ պիտի գործինք՝ չկանգնել, չշտապել, ետ չմնալ: Օ՜ն առա՛ջ:
Մտնում են ննջարան: Դռան զանգ, որին հետևում է Քարամյանի ձայնը:
ՔԱՐԱՄՅԱՆ — Կարելի՞ է:
Պատասխան չլսելով` ներս են մտնում տոնական հագնված Բագրատը՝ համազգեստով, մեդալներով, Սաթենիկը, Աշխենը, Սաքոն: Վերջինս, ակնհայտ նեղվելով ձեռքի հսկա ծաղկեփնջից, այն մի կողմ է դնում:
ՔԱՐԱՄՅԱՆ — Տանտեր, կարելի՞ է:
ՍԱԹԵՆԻԿ — Աչքս խաղում է:
ԱՇԽԵՆ — Նստեք, մինչև կգան, ի՞նչ կա որ…
ՔԱՐԱՄՅԱՆ — Նստենք:
Տեղավորվում են, շուրջն են նայում:
ՍԱԹԵՆԻԿ — Աչքս խաղում է:
ՔԱՐԱՄՅԱՆ — Խե՞րը, թե՞ շառը:
ՍԱԹԵՆԻԿ — Աջը:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հազար անգամ ասել եմ` փորձիր, տեսնո՞ւմ ես, ինչ տեղեր է պետք գալիս:
ՍԱԹԵՆԻԿ — (համբուրելով ցուցամատը, երեք անգամ հպում է աչքին): Աստված խերն անի, աստված խերն անի, աստված խերն անի:
ՔԱՐԱՄՅԱՆ — Բա որ աստծուն չես հավատո՞ւմ:
ՍԱԹԵՆԻԿ — Անաստված բաներ մի խոսիր: Նայած՝ երբ: Աթեիստ ես, Է՜:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հենց էլ՝ իմանաս: Հատկապես էս տանը, որտեղ տիրում է իմպերիալիստական ոտնձգությունների ու դաշնակցական ավանտյուրայի մթնոլորտ, մենք մեր կոմունիստական ու ինտերնացիոնալիստական բարձրության վրա պիտի լինենք:
ՍԱՔՈ — (Աշխենին): Էս ո՞ւր է պրոֆեսոր ընկերուհիդ:
ՍԱԹԵՆԻԿ — (խիստ): Քեզ ծանր պահիր, քեզ խոսք չի հասնում: (Աշխենին.) Էս ո՞ւր է Մանուշը:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ձեննե՛րդ: Տան մեծը, իմացար, ես եմ… Էս ո՞ւր է Մանուշը, Աշխեն ջան:
Մտնում է Աբրահամը:
ԱԲՐԱՀԱՄ — Բարի եկեր ե՜ք, բարի տեսա՜նք:
ՔԱՐԱՄՅԱՆ — (հարգալից բարևելով): Միլիցիայի պաշտոնաթող կապիտան Բագրատ Քարամյան:
ԱԲՐԱՀԱՄ — Անդրանիկ Օզանյանի պահեստի թիկնապահ Աբրահամ Տեր-Նիկողոսյան: Ուրախ եմ:
ՍԱԹԵՆԻԿ — Հիմնականում տնային տնտեսուհի, թոշակի ստաժն ավելացնելու համար քիմմաքրման թիվ 7 կետի աշխատակցուհի Սաթենիկ Լևոնովնա Քարամյան-Վերանյան:
ԱԲՐԱՀԱՄ — (խոնարհումով): Հարգանացս հավաստիքը:
ՍԱԹԵՆԻԿ — Մերն էլ… հարգանքների էն… էն իքը…
ՍԱՔՈ — Սարգիս:
ԱԲՐԱՀԱՄ — (բարևելով): Աբրահամ:
ԱՇԽԵՆ — (բարևելով): Աշխեն:
ԱԲՐԱՀԱՄ — Ամմա՜ն, հարսնո՜ւկս: (Ճակատը համբուրում է, ծաղկամանից վերցնելով ծաղիկները՝ մատուցում է): Ահավասիկ, աղվո՜րս:
ԱՇԽԵՆ — Շնորհակալություն: (Հոտոտում է, փունջը նորից տեղավորում ծաղկամանում):
ԱԲՐԱՀԱՄ — Նստեք, կաղաչեմ:
ՍԱԹԵՆԻԿ — Էս ինչ կուլտուրական մա՞րդ է… Մի աղաչի, ախպեր ջան, կնստենք:
ԱԲՐԱՀԱՄ — (վիրավորված): Աղբարն ի՞նչ ըսել է…
ՍԱԹԵՆԻԿ — Քոռանա՜մ: Մի նեղացիր, եղբայր ջան, ախպերը եղբայր է նշանակում:
ԱԲՐԱՀԱՄ — (խորամանկ ժպտալով՝ տոնում է իր առաջին հաղթանակը): Չըսե՜ս… Է՞, ինչպե՞ս եք, աղե՞կ եք:
ՔԱՐԱՄՅԱՆ — Փառք Աստծո:
ՍԱԹԵՆԻԿ — (ամուսնուն): Քեզ աթեիստ պահիր:
ՔԱՐԱՄՅԱՆ — Փա՜ռք… լավ ենք:
ԱԲՐԱՀԱՄ — (դեպի ննջարան): Արուսյակ, աղջիկս, սուրճ մը բեր:
ՍԱԹԵՆԻԿ — (մեկուսի): Որ սեղանին հաց են դնում, ուրեմն՝ համաձայն են:
Մտնում Է Արուսյակը:
ԱՐՈՒՍՅԱԿ — Բարև ձեզ, բարի եկաք:
ԱԲՐԱՀԱՄ — Հարսնուկս է, Արուսյակը:
ՔԱՐԱՄՅԱՆ — Բարև ձեզ:
ՍԱԹԵՆԻԿ — Բարև, քույր ջան:
ԱՐՈՒՍՅԱԿ — Հիմա սուրճ կբերեմ:
ԱՇԽԵՆ — Ձեզ օգնե՞մ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Դուն Աշխե՞նն ես:
ԱՇԽԵՆ — Այո:
ԱՐՈՒՍՅԱԿ — Ամմա՜ն, հարսնո՜ւկս: (Համբուրում է ճակատը, ծաղկամանի ծաղիկները վերցնելով՝ մատուցում է): Ահավասիկ, աղվո՜րս:
ԱՇԽԵՆ — Շնորհակալություն: (Կրկին հոտոտում է, փունջը տեղավորում ծաղկամանում):
ԱՐՈՒՍՅԱԿ — Նստե, աղվո՜րս, նստե՜, հարսնո՜ւկս, ես կբերեմ սուրճը: (Դուրս է գնում):
ՔԱՐԱՄՅԱՆ — Չհասկացանք…
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչը, այ մարդ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Էս ի՞նչ են մի գլուխ Աշխենիս «հարսնուկ» ասում:
ՍԱԹԵՆԻԿ — Կարող է` իրենց լեզվով խնամի են ասում:
ՔԱՐԱՄՅԱՆ — Կարող է:
Անհարմար լռություն է տիրում:
ԱԲՐԱՀԱՄ — Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը…
ՍԱԹԵՆԻԿ — (հրելով ամուսնուն): Սկսի՛ր:
ՔԱՐԱՄՅԱՆ — Բառերը չգիտեմ:
ԱԲՐԱՀԱՄ — Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը…
ՍԱԹԵՆԻԿ — Բառապաշարդ տանը մոռացա՞ր, այ մարդ, մի բան ասա:
ՔԱՐԱՄՅԱՆ — (գոռոցով երգում է): ԹօւՏՊՌսՈ վՈ ոպՐպչ ԽՈՑ՚ՔՈ!
ՍԱԹԵՆԻԿ — (հրում է): Ձե՛նդ, այ մարդ, խայտառակ արիր:
ՔԱՐԱՄՅԱՆ — Իմ ձայնին ի՞նչ է եղել, իմացար, մոռացել ե՞ս, ձեր լուսամուտի տակ ո՜նց էի երգում:
ԱԲՐԱՀԱՄ — Աղվոր ձայն ունի, աղվոր ձայն: Կարուզոյին կնմանե:
ՍԱԹԵՆԻԿ — (ամուսնուն): Էդ էիր ուզո՞ւմ:
ԱԲՐԱՀԱՄ — Հե՞, աղվոր երգ էր… Ես սովյեթ երգեր շատ կհավնիմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Տեսա՞ր, ինտերնացիոնալիստ մարդ է:
ՍԱԹԵՆԻԿ — (հանկարծ երգում է): Պարտիայի կոչո՜վ դու գյուղ գնացի՜ր, քեզ բարի ճամփա՜, ինժեներ բալա՜… (Ամուսնուն.) Այ մարդ, համերգի չենք եկել, խոսք գցի… Ընկերներիդ հե՜տ դիմո՜ւմ գրեցիր… (Ամուսնուն.) Ես զբաղեցնում եմ, իսկ դու… խոսք գցիր, ասա՛, թե ինչի համար ենք եկել…Դիմումիդ մեռնե~մ, ինժենե՜ր բալա՜…
ՔԱՐԱՄՅԱՆ — Ի՞նչ խոսամ, թողնո՞ւմ ես, որ խոսամ:
ՍԱԹԵՆԻԿ — (մատը համբուրում, դնում է աչքին): Աստված խերն անի, աստված խերն անի, աստված խերն անի:
Ներս է մտնում Արուսյակը, սկուտեղի վրա սուրճ է բերում:
ԱՐՈՒՍՅԱԿ — Հրամմեցեք: (Մատուցում է):
ՔԱՐԱՄՅԱՆ — Եղբայր Աբրահամ, քույրիկ Արուսյակ, ոնց որ մեր պապերն են ասել, սուրճ չենք ուզում ձեզանից, հող տվեք մեզ ձեր տանից: Մենք եկել ենք, իմացար, այդ կարևոր գործով:
ԱԲՐԱՀԱՄ — (չհասկանալով): Հողի՞…
ՔԱՐԱՄՅԱՆ — Այո:
ԱԲՐԱՀԱՄ — Ես ալ Արցախը Հայաստանին միանալու կողմնակից եմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Արցախն Արցախով, դեմ չենք, բայց… աշխարհը որ կա, իմացար, բարեկամությամբ է աշխարհ: Եթե միշտ բարեկամություն լինի, մեր մոլորակն էլ, իմացար, իր անվտանգ երթևեկությունը կապահովի արևի շուրջը:
ԱԲՐԱՀԱՄ — Ի՞նչ եղեր է, նորեն Ամերիկա զո՞րք մտցուցեր է մեկուն երկիրը:
ՍԱԹԵՆԻԿ — (նախաձեռնությունը վերցնելով): Նրան ի՞նչ կա, եղբայր Աբրահամ, որտեղ ուզում ՝ մտցնում է, որտեղից ուզում է՝ հանում է… ֆողեմ նրա ագրեսոր գլուխը: Բայց մենք ուրիշ բան ենք ասում… Բագրատ, ասա:
ՔԱՐԱՄՅԱՆ — Հա, մենք բարեկամանալու ենք եկել:
ԱԲՐԱՀԱՄ — (ուրախացած): Մաշալլա՜:
ՔԱՐԱՄՅԱՆ — (կնոջը` կամաց): Ոնց որ թե համաձայն է: (Բարձրաձայն): Բայց մենք կուզեինք, որ ձեր պահած-շահած երեխայի ներկայությամբ խոսեինք: Հիմա դարն ուրիշ է, ինչո՞ւ չի գալիս, միասին խելք-խելքի տանք, որոշենք մեր անելիքը: Էստեղ անմեղ-մեղավորի հարց չի: Մեզանից ոչ մեկը կարմիր լույսի տակով չի անցել, հոծ գիծ չի տրորել, իմացար, ինչո՞ւ մեկս մյուսից թաքնվե՜նք, ամաչե՜նք… ճիշտ չե՞մ ասում:
ԱԲՐԱՀԱՄ — Ճիշտ կըսես, բաբամ, ես ալ ադ կարծիքին եմ: Արուսյակ, հարսնուկս, կանչիր, տեսնամ:
ԱՐՈՒՍՅԱԿ — Հիմա, հայրիկ: (Արագ մոտենում է հեռախոսին, համար է հավաքում): Ալո՞, Նարինե, դո՞ւն ես, մայրիկին կանչե, աղվորս… Ալո՞, տիկին Լուսինե՞, բարև ձեզի, ես եմ՝ Արուսյակը:
ՍԱԹԵՆԻԿ — Երևի մոքրի տանն է…
ԱՐՈՒՍՅԱԿ — Դուն չե՞ս հիշեր, իմ քեռայրիս տիկնոջ եղբոր քենակալին քրոջ անունն ի՞նչ էր… Ամա՜ն, միտքես ինգեր էր: Շնորհակալություն, շնորհակալություն: (Լսափողը դնում է, դեպի ննջարան): Մանո՜ւշ, Մանո՜ւշ, աղջիկս, հոս եկուր:
ՍԱԹԵՆԻԿ — Ուրեմն, էստե՞ղ է:
ԱԲՐԱՀԱՄ — Հոս է, ջանըմ, ո՞ւր պիտի ըլլա:
ՔԱՐԱՄՅԱՆ — Էդ ավելի լավ է, իմացար, թող գա, նստի: (Կնոջն աչքով է անում): Կարող է` չի համաձայնվում, իմացար, կարող է՝ համաձայնվում է:
ՍԱՔՈ — Հաստատ չի համաձայնվի:
ՔԱՐԱՄՅԱՆ — Քեզ խոսք չհասավ:
ՍԱՔՈ — Դե, կտեսնես: (Անտարբեր շուրջն է նայում):
ԱԲՐԱՀԱՄ — Արուսյակ, քովը մտիր, ըսե թող գա:
ԱՐՈՒՍՅԱԿ — (մտնում է ննջարան ու անմիջապես ետ է գալիս): Սարգիսը ո՞վ է, անոր հետ զրուցել կուզե:
ՍԱԹԵՆԻԿ — Վայ, մեռնե՜մ գիտնական բոյի՜ն… Բա ո՞նց, առաջ իրար հետ թող խոսեն: Գնա, Սաքո ջան, գնա:
Սաքոն մտնում է ննջարան: Անհարմար լռություն է տիրում, ապա բոլորը միասին դնդնացնում են:
ԱԲՐԱՀԱՄ — Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը…
ՔԱՐԱՄՅԱՆ — ԹօւՏՊՌսՈ վՈ ոպՐպչ ԽՈՑ՚ՔՈ!
ՍԱԹԵՆԻԿ — Իմացա այնտեղ դու յար ես ճարել, նա ագրոնոմ է՜, իսկ դու ինժենե՜ր…
ԱՐՈՒՍՅԱԿ — Լամպի շուշեն կճնգա, երի-երի յանդըմ, օ՜յ-օ՜յ, գլորվա ծոցդ ընկա, յամման շե՜կո ջա՜ն…
ԱՇԽԵՆ — Մանի՛, մանի՛, մանի՛…
Ապուշացած հայացքով Սաքոն դուրս է գալիս: Բոլորը լռում են:
ՍԱԹԵՆԻԿ — Հը՞…
ՍԱՔՈ — Հը՞…
ՔԱՐԱՄՅԱՆ — Ասում ես… ինչ ես ասո՞ւմ:
ՍԱՔՈ — Ես… ես ու Ման… Մուշը մտածեցինք ու որոշեցինք, որ մենք հարմար զույգեր չենք:
ՍԱԹԵՆԻԿ — Քոռանա՜մ… ջահել եք, այ բալա, սխալվել եք, լավ մտածեք:
ՍԱՔՈ — Հը՛-ը՛… մտածած, պրծած ա:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ստոպ: Ես եմ գնում, իմացար:
ՍԱԹԵՆԻԿ — Գնա… սպասիր: (Մատը համբուրում է, հպում աչքին): Աստված խերն անի, աստված խերն անի, աստված խերն անի: Գնա:
Քարամյանը վճռական քայլերով մտնում է Մուշեղի սենյակը: Սպասողական լռություն, ու դարձյալ երգում են:
ԱԲՐԱՀԱՄ — Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը…
ՍԱԹԵՆԻԿ — Իմացա այնտեղ դու յար ես ճարե՜լ…
ԱՐՈՒՍՅԱԿ — Լամպի շուշեն կճնգա, երի-երի յանդըմ, օ՜յ-օ՜յ…
ԱՇԽԵՆ — Մանի՛, մանի՛, մանի՛…
ՍԱՔՈ — (զարմացած նայում է ու ինքն էլ է սկսում): ԹօւՏՊՌսՈ վՈ ոպՐպչ ԽՈՑ՚ՔՈ!
Շշմած դուրս է գալիս Քարամյանը: Բոլորը լռում են:
ՍԱԹԵՆԻԿ — Հը՞…
ՔԱՐԱՄՅԱՆ — Հա, էլի՞…
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչը, այ մարդ:
ՔԱՐԱՄՅԱՆ — (Աշխենին` մատ թափ տալով): Դու գիտեի՞ր:
ԱՇԽԵՆ — Ի՞նչը, պապ ջան:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ինձ ա հարցնում… Գնա, տես Մանուշիդ հալը:
ԱՇԽԵՆ — Վա՜յ, Մանուշ ջա՜ն… Ի՞նչ է պատահել: (Վազելով ննջարան է մտնում):
ՍԱԹԵՆԻԿ — Հարս ջա՜ն… (Ուզում է ինքն էլ գնալ):
ՔԱՐԱՄՅԱՆ — Դու ետ արի, խելոք նստիր:
Սաթենիկը ենթարկվում է ամուսնուն: Սպասողական լռություն, ու դարձյալ բոլորը երգում են:
ԱԲՐԱՀԱՄ — (հրճվագին): Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը…
ՍԱԹԵՆԻԿ — (կերկեր): Իմացա այնտեղ դու յար ես ճարե՜լ…
ԱՐՈՒՍՅԱԿ — (ուրախ): Լամպի շուշեն կճնգա՜…
ՍԱՔՈ — (անտարբեր): ԹօւՏՊՌսՈ վՈ ոպՐպչ ԽՈՑ՚ՔՈ!..
ՔԱՐԱՄՅԱՆ — (նյարդային): Մանի՛, մանի՛, մանի՛…
Ննջարանի դուռը բացվում է: Բոլորը լռում են: Շեմին ժպտադեմ երևում են Աշխենն ու Մուշեղը:
ՍԱԹԵՆԻԿ — Քոռանա՜մ…
ԱԲՐԱՀԱՄ — Խեղճ Ադամին խնձորով խաբեց Եվա կինի՜կը…
ՄՈՒՇԵՂ — Բարև ձեզ:
ՍԱԹԵՆԻԿ — Բարև… տղա ջան… բա Մանո՞ւշը:
ԱՇԽԵՆ — Մայրիկ, Մանուշ չի եղել: Եղել է, կա ու կլինի Մուշեղը:
ՍԱԹԵՆԻԿ — Բա Սաքո՞ս…
ՍԱՔՈ — (հրճվագին): Սաքո՞ն… Սաքոն` ի՞նչ… Կատուն կերավ մի մկնիկ, այ քեզ հիմար նապաստակ: Ես համաձա՜յն եմ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ես էլ եմ համաձայն:
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ նապաստակ, ինչի՞ն եք համաձայն:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ես համաձայն եմ, որ իմ աղջիկ Աշխենը ամուսնանա քո հավանած փեսացու Մուշեղի հետ:
ԱԲՐԱՀԱՄ — Բռավո, բռավո, պարոն Քարամյան:
ՍԱԹԵՆԻԿ — Դրան ես էլ եմ համաձայն, բա Մանո՞ւշս… Ես չգիտեմ, Մանուշիս ինձ տվեք: (Ամուսնուն.) Ի՞նչ ես սսկվել, բառապաշարդ տանը թողեցի՞ր: Իմ հարսին ինձ տվե՜ք…
ՔԱՐԱՄՅԱՆ — Քեզ տա՞նք, թե՞ Սաքոյին:
ՍԱԹԵՆԻԿ — Հենց ի՛նձ: Ես ձեր կատուներից ու մկներից բան չեմ հասկանում, Մանուշիս ինձ տվեք, ո՞ւր է Մանուշս…
ԱԲՐԱՀԱՄ — Վայրկյան մը, վայրկյան մը… (Խորամանկ` Մուշեղին): Մուշեղ, տղաս, Մանուշն ո՞ւր է:
ՄՈՒՇԵՂ — Ննջարանում` մեր հրավերին է սպասում:
ԱԲՐԱՀԱՄ — Հադե, հրավիրե, տղաս:
Ներս է մտնում կեղծամ դրած, Մանուշի հագուստով Ազգուշը, նրան դժվար է զանազանել Մանուշից:
ԱԶԳՈՒՇ — Ես այստեղ եմ:
Բոլորը շփոթված են:
ՍԱԹԵՆԻԿ — Մանուշ ջա՜ն, հարս ջա՜ն: (Գրկում է):
ԱՇԽԵՆ — Մանուշը…
ՍԱՔՈ — Քաշվա՜նք… (Գլուխն ափերի մեջ է առնում):
ԱՐՈՒՍՅԱԿ — Մեղա՜, մեղա՜… աս ի՞նչ հրաշք է, բաբամ:
ՔԱՐԱՄՅԱՆ — Ստոպ, էստեղ, իմացար, խմածության հոտ ա գալի:
ԱԶԳՈՒՇ — (Քարամյանին, Սաթենիկին): Եթե դուք համաձայն եք, ես սիրով ձեր հարսը կլինեմ: Միայն թե իմ անունը ոչ թե Մանուշ է, այլ Ազգուշ: (Հանում է կեղծամը՝ ծամերը թափվում են ուսերն ի վար):
ՍԱՔՈ — Ազգո՜ւշ… (Նետվում է նրա կողմը): Ո՞ւմ եմ պարտական այս երջանկության համար:
ԱԶԳՈՒՇ — Առաջին հերթին՝ Մուշեղին…
ՄՈՒՇԵՂ — Բագրատ Վահանիչ, Սաթենիկ Լևոնովնա, բարեկամներ: Բանն այն է, որ Սարգիսը ոչ թե ինձ… այսինքն՝ ոչ թե Մանուշին, այլ Ազգուշին է սիրում: Ես էլ Ազգուշի ու պապիկիս հետ պայմանավորվեցի… Մնացածը դուք գիտեք…
ՔԱՐԱՄՅԱՆ — (Ազգուշին): Ես համաձայն եմ, աղջիկ ջան:
ԱՇԽԵՆ — Ես էլ եմ համաձայն:
ՍԱՔՈ — Կատուն կերավ մի մկնիկ, այ քեզ հիմար նապաստակ… Ես երջանի՜կ եմ:
ՍԱԹԵՆԻԿ — Ես էլ եմ համաձայն, աղջիկ ջան… միայն… միայն մի պայմանով, որ քեզ Մանուշ պիտի կոչեմ, մազերդ էլ շեկ պիտի ներկես:
Հնչում են ժամացույցի զանգերը:
ԱԲՐԱՀԱՄ — Ալ նպատակներս իրականացա՜ն: Ես այլևս ընելիք չունի՜մ: Միակ ընելիքս ձեզի հետ երկա՜ր, երկա՜ր ապրիլն է…
Պարեղանակ: Բոլորը պարում են: