Անահիտ ԱՐՓԵՆ/ «ԾՈՒՂՐՈՒՂՈՒ»
Անահիտ ԱՐՓԵՆԻ «ԾՈՒՂՐՈՒՂՈՒ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2011 թ., թիվ 26-27-ում
Դերասան չդարձա, բայց հավերժ սիրահար մնացի բեմին: Երևի այդպես են դրամատուրգ դառնում: Եվ հաճախ է պատահում, որ չխաղացած դերերը գրչին են վստահում ու թղթին հանձնում:
«Բեմին՝ հավերժ սիրահարի աչքերովե շարքից…
Աստծո տված մեծ հրաշքը
Հանկարծ իմ դուռը թակեց
Ու պահվածքիս ուղեծիրը
Լույսերիդ շուրջը գծեց:
Այնպես անկամ ու սքանչացած
Ես քո գիրկը նետվեցի,
Որ մոռացած աշխարհն ու ինձ,
Մեղա անգամ չասեցի…
ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ
ԾՈՒՂՐՈՒՂՈՒ
Թատերգություն, որ կարող է լինել և երաժշտական
Գործող անձինք
ԱՆԻ
ՀԵՆՐԻ
ՔՐԻՍՏԻ — Անիի ընկերուհին
ՍԵՐԺ — Քրիստիի ամուսինը
ՍՈՍ — Սերժի ընկերը
Հաստլիկ ԽԻՏ
ՌՈԶԱԼԻԱ — Հաստլիկ Խիտի քույրը
ՌՈԲԻԿ — Ռոզալիայի տղան
Տիկին ԼՅՈՒՍԻ — Հենրիի մայրը
Նորաձևության պալատի տնօրեն — տիկին Լյուսիի փեսացուն
Անիի թիկնապահը
Քրիստիի թիկնապահը
ՕԳՆԱԿԱՆ
ՈՍՏԻԿԱՆ
ԽԻԼ, ՋԻԼ, ՇԻԼ — Հենրիի աշխատակիցները
Պճնամոլ պառավ — ծաղկի խանութի հաճախորդ
Պատկառելի պարոն — պճնամոլ պառավի որդին
ՖՐԻԴԱ — Սերժի և Սոսի ինտերնետային ծանոթուհին
Ֆրիդայի ընկերուհին
Ակումբի տերը — Հենրիի հորեղբայրը
Ռեստորանի տերը, բժիշկ, կառավարիչ, մոդելներ, լուսանկարիչ, դերձակ, տնտեսվար, սցենարիստ, բորսայի աշխատակիցներ, մատուցողներ, սպասավորներ, երգողներ, պարողներ, գնորդներ, հյուրեր, բազմություն:
Ռիթմիկ երաժշտության ներքո փոփոխվող գունավոր լույսերի մեջ պարում են ներկայացման մասնակիցները: Գործողության վայրերը ներկայացվում են ավելի շատ գունալուսային խաղերով, երաժշտության ելևէջումներով, քան դեկորներով, բեմը միաժամանակ կարող է պատկերել տարբեր տեսարաններ, հերթով ակտիվանում է խաղարկվող մի հատվածը, իսկ մյուս հատվածներն ավելի պասիվ են կամ ընթանում են զուգահեռ: Տեսարանում չզբաղված գործող անձինք երբեմն մնում են բեմում և, միջնորդավորված կամ անկախ, մասնակցում են գործողության զարգացմանը:
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Աշխատավայր: Առավոտ: Հաստլիկ Խիտը փորձում է գրավել Անիի ուշադրությունը, բայց նա, տարված դրսում կատարվող իրադարձությամբ, չի լսում նրան:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — Օրիորդ, ներեցեք, կարելի՞ է: Օրիո՞րդ: Օրիորդ: Ըը… Ներողություն:
Քրիստին խցկվում է աշխատասենյակ և անզգուշորեն բախվում Հաստլիկ Խիտին:
ՔՐԻՍՏԻ — Հետո՛, հետո՛: Հիմա գնացեք, գնացե՛ք:
Հաստլիկ Խիտը տարակուսած հեռանում է:
ՔՐԻՍՏԻ — Անի՞… Ողջո՛ւյն: Վերջապես տեսա, թե որտեղ ես աշխատում: (Կամաց): Հը՞… Հավանեցի՞ր: (Անին ուսերն է թոթվում): Արտակարգ տղա է:
ԱՆԻ — (տխուր): Այո…
ՔՐԻՍՏԻ — (հետևելով Անիի հայացքին): Շե՞ֆդ է: Էն էլ կի՞նն է: Պահ, ի՜նչ քայլվածք:
ԱՆԻ — (ավելի տխուր): Երևի նույնքան էլ գեղեցիկ է:
ՔՐԻՍՏԻ — Իսկական արագի՛լ:
ԱՆԻ — Չէ, մեզ նման` կարգին քայլել չգիտենք, ոտքներս ոնց պատահի` գցում ենք:
ՔՐԻՍՏԻ — Եվ շատ էլ լավ ենք անում: Չէ մի, սրա պես քանոնով գծած: Վայ, զգո՜ւյշ, հանկարծ գծից դուրս չգաս: Օհո՜, բրավո՛, բրավո՜… տեսա՞ր: Ասում ես` շեֆիդ կի՞նն էր:
ԱՆԻ — Երևի: Էլ ո՞վ պիտի լինի:
ՔՐԻՍՏԻ — Վարպետորեն է մեքենա վարում, ասելիք չունեմ:
ԱՆԻ — (հառաչելով): Տեսա: (Ընդօրինակելով տիկնոջ կեցվածքը): Պա, պա, պա…
ՔՐԻՍՏԻ — Պահ, պահ, պահ… Քիչ մնաց` բալետ պարես…
ԱՆԻ —(մատյանը լայնեզր գլխարկի նման հարմարեցնելով գլխին): Հը, նման չե՞մ:
ՔՐԻՍՏԻ — (դեմքը ծամածռելով): Ըը…
ԱՆԻ — Գոնե մի քիչ…
ՔՐԻՍՏԻ — Չէ:
ԱՆԻ — Հե՞չ նման չեմ:
ՔՐԻՍՏԻ — Դու ավելի լավն ես:
ԱՆԻ — Չէ մի: Տեսա՞ր՝ ինչ շքեղ կին էր:
ՔՐԻՍՏԻ — Հարևանի հարսը միշտ էլ սիրուն է: Ասում եմ՝ դու ես լավը:
ԱՆԻ — Որովհետև քոնն եմ: Անկեղծ եղիր:
ՔՐԻՍՏԻ — Անկեղծ եմ:
Աշխատակիցները հավաքվում են նրանց շուրջը:
ԽԻԼ — Թույլ տվեք ընկերակցել ձեզ, օրիորդներ:
ՇԻԼ — Կարելի է, չէ՞:
ՔՐԻՍՏԻի — էյ, զգույշ, ես ամուսին ունեմ:
ՇԻԼ — Ի՞նչ արեցի, որ…
ՔՐԻՍՏԻ — Թե չէ պիտի անեի՞ր:
ՋԻԼ — Էս ո՞վ էր, արա:
ԽԻԼ — Հանգիստ: Չե՞ք տեսնում, Անիի հետ է:
ՋԻԼ — Տեսնում եմ, դրա համար էլ դեռ ողջ է:
ՔՐԻՍՏԻ — Վա՜յ… Վախից սիրտս ճաքեց:
ՇԻԼ — Տղե՜րք, վախեցած են:
ԱՆԻ — Դե ձայնդ, ի՞նչ եղավ ձեզ:
ԽԻԼ — (Անիին հով անելով և շղարշե վարագույրը որպես վզնոց ավելացնելով նրա «արդուզարդին»): Շոգ է, աշխատել չի լինում:
ՇԻԼ — Շեֆին ասա` թողնի, գնանք Սևան:
ԽԻԼ — Հասար, ափ իջիր:
ՋԻԼ — Շե՛ֆը:
Ակնթարթորեն բոլորն անհետանում են: Քրիստին շվարած նայում է, Խիլը քաշում, նրան էլ է թաքցնում: Գալիս է Հենրին:
ՀԵՆՐԻ — (տեսնելով շուրջը տիրող ավերածությունը, կիսալուրջ): Ի՞նչ ես արել իմ աշխատողներին, հրե՛շ: (Փորձելով բացել Անիի դեմքը): Որտե՞ղ է քո դեմքը: Ես հիմա կպատռեմ քո հրեշային երախը: Ո՞ւր են տղերքս, հը՞: (Ուր որ է` կհամբուրի Անիին):
ԽԻԼԻ ՁԱՅՆԸ — (թաքստոցից) Շե՜ֆ…
ՀԵՆՐԻ — Զահրումա՛ր:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ — (հերթով դուրս գալով թաքստոցներից): Այստեղ ենք, շե՛ֆ:
Տղաներն իրար հենվելով, հազիվ ոտքի վրա մնալով՝ շարք են կանգնում: Հենրին հերթով նրանց սեղմում է կրծքին, ապա նույն շարքով ետ է գալիս, նույն մարդուն նոր անուն տալիս:
ՀԵՆՐԻ — Խիլ, Ծիլ, Տիլ, Հիլ, Ջիլ, Զիլ, Շիլ, Ճի՞լ, Ժիլ, Բիլ, Վիի՜լ, Փի՛լ, Ֆիլ, Դի՛լ: Նոդիլ:
Մի մեծ ոսկոր է շրխկում գրասեղանին: Բոլորը խոնարհվում են ոսկոր—շիրիմի առաջ:
ԽԻԼ — (արդարանալով): Զանգեց, խնդրեց, որ թույլ տաք` բացակայի: Կնոջն է դիմավորում:
Բոլորը հռհռում են: Ապշած Քրիստին փորձում է Անիին ազատել կապանքներից:
ՀԵՆՐԻ — (Քրիստիին մատով կանչելով): Ո՞վ է: Ի՞նչ է: Ինչո՞ւ է:
ԽԻԼ — (միշտ առաջինը ներկայացնողի աճապարանքով): Օրիորդ Անիի անմեղ զինակիցն է:
ՏՂԱՆԵՐ — (երգեցիկ): …կիցն է, կիցն է, կիցն է…
ՇԻԼ — Եթե, իհարկե, սրանց ցեղը կարող է անմեղ լինել:
ՏՂԱՆԵՐ — (շարունակելով արձագանքախաղը): … մեղ, մեղ, մե՜ղ…
ԽԻԼ — (ընկերուհիներին): Համեցեք, խնդրեմ: (Ներկայացնելով): Այսպիսի հրեշները ծնվում են ամեն քայլափոխի…
ՇԻԼ — Եվ, ի տարբերություն գայլերի, հոշոտում են հասարակության ամենաառողջ ու ամենալավատես խավերին:
Անին և՛ զայրանում է, և՛ խանդում Հենրիին, նրա թևը հեռացնում է Քրիստիի ուսից:
ԱՆԻ — Դե, հերի՛ք եղավ: Բողոքում եմ, Ձերդ մեծություն:
ՀԵՆՐԻ — (մտնելով երկու ընկերուհիների միջև): Բողոքը չի ընդունվում:
ԱՆԻ — Դուք իրավունք չունեք իմ…
ՀԵՆՐԻ — (ծալելով Անիի թևերը): Վստա՞հ եք:
ԱՆԻ — Այո, դուք…
ՀԵՆՐԻ — (ակնարկելով բոլորին): Մենք: Այո:
Քրիստին Հենրիի թիկունքում փորձում է սաստել ընկերուհուն:
ԱՆԻ – Թո՛ղ:
ԽԻԼ — Զսպաշապիկ բերե՞մ:
Անին գործի է դնում եղունգները: Սկսվում է խառնաշփոթ:
ՇԻԼ — Աջ, ա՛ջ… Չէ՛, չէ՛, ձա՛խ: Ձա՛խ, ձա՜խ…
ՔՐԻՍՏԻ — Ան, Անի՜…
ԱՆԻ — Դու գնա, Քրի՛ս:
ՔՐԻՍՏԻ — Լավ, փախա: Իրիկունը կգաս պարասրահ:
Քրիստին չորեքթաթ դուրս սողոսկելով` ձեռքերով կառչում է մոտեցող Հաստլիկ Խիտի ոտքերին, առանց նրան նայելու դուրս է փախչում: Շփոթահար Հաստլիկ Խիտը շտապում է հեռանալ:
ՀԵՆՐԻ — Համեցեք, պարոն Խիտ: Ի՞նչ եղավ քեզ, բարեկամս, ինչո՞ւ եք լքում մեզ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ -Ես… կարծես թե… դարձյալ հարմար չէ: Դուք…
ԱՆԻ — Եթե նկատի ունեք ձեր առաջարկությունը, երբեք հարմար չի լինի:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ – Ինչո՞ւ:
ՀԵՆՐԻ — Մկրատ բերեք: (Հաստլիկ Խիտը սարսափից քարանում է, Անին գողունի նայում է Հենրիին): Օրիորդ Անի, կամ ընդունում եք պարոն Խիտի առաջարկությունը, կամ մենք կտրում ենք ձեր սրբատաշ եղունգները:
ԱՆԻ — (հասկանալով, որ մկրատն իր համար է): Ո՜չ:
ՀԵՆՐԻ — Հագնվե՛ք, օրիորդ: (Ցույց տալով իր առանձնասենյակը): Համեցե՛ք, պարոն Խիտ:
ԱՆԻ — Ի՞նչ…
ՀԵՆՐԻ — (ակնարկելով Անիի «արդուզարդը»): Այսինքն՝ հանվեք:
Հաստլիկ Խիտն ու Հենրին գնում են: Անին փորձում է արձակել հանգուցված վարագույրը, տղաները հասնում են օգնության, բայց ավելի են խճճում:
ՀԵՆՐԻ — (վերադառնալով): Էդ ի՞նչ եք անում:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — (կրնկակոխ հետևելով Հենրիին): Հենրի, լսո՞ւմ ես…
ՀԵՆՐԻ -Ըըը…Այո՜… Այո՛:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — Դե, ուրեմն մեզ միայն մի տարբերակ է մնում` 101-րդը:
ՀԵՆՐԻ — (անփույթ): Հա՜, լավ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — (երջանկացած հեռանալով): Հաջողություն, կտեսնվենք:
ՀԵՆՐԻ — Ինչ ասա՞ց:
Բեմը պտտվում է կամ տեսարանը փոխվում է տեղում, բոլորը պարասրահում են:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
Պարասրահ: Գիշեր: Անխոս տեսարան: Սերժն ու Քրիստին, Սոսն ու Անին առանձին են: Ֆրիդան իր խմբի հետ է: Պարողները հեռանում են, մնում են Սոսն ու Անին` ակնդետ իրար են նայում: Բեմը պտտվում է կամ տեղում տեսարանը փոխվում է՝ վերադառնալով նախորդ տեսարանին:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
Բորսա և ծաղկի խանութ:
Բորսայի մասում լուռ խաղարկվող տեսարան է, հիմնական գործողությունը կատարվում է ծաղկի խանութում:
Բորսայում Հենրին դռանն է նայում` բայց երբ հայտնվում է Անին` հայացքը փախցնում է: Ստորագրում է փաստաթղթերն ու աչքի տակով նայում է Անիին: Անին մոտենում է իր գրասեղանին, վերցնում է լսափողը, ձևացնում է, թե խոսում է: Բոլորը աչքի տակով նայում են մեկմեկու:
Ծաղկի խանութի մասում:
ՔՐԻՍՏԻ — (ծաղկեփունջ առաջարկելով պճնամոլ պառավին): Տիկի՛ն, այս գեղեցիկ փունջը ում էլ նվիրեք` կհավանի:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ — Բայց ես չեմ հավանում:
ՔՐԻՍՏԻ — (հազիվ զսպելով իրեն): Ինչո՞ւ:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ — Դեղին ծաղիկներ չեմ սիրում:
ՔՐԻՍՏԻ — Պատահում է: Դե, փառք Աստծո, այս փնջում դեղին ծաղիկ չկա:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ — Իսկ խանութում կա:
ՔՐԻՍՏԻ — Մեր խանութում ավելի շատ գույն կա, քան բնության մեջ, տիկի՛ն: (Մատնացույց անելով տարածքը): Չէի՞ք ասի, թե որ գույնն եք կամենում:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ — Ավելի լավ է ինքս ընտրեմ, թե չէ էլի ձեր ուզածը կհրամցնեք:
ՔՐԻՍՏԻ — Համեցեք:
Պճնամոլ պառավը կեղծամն ուղղելով, երկար ականջօղերը շարժելով՝ ուղղվում է թաղարավոր բույսերի կողմը:
ՔՐԻՍՏԻ — (ուրիշ գնորդի): Փո՞ւնջ եք կամենում, թե՞ զաբյուղ:
ԳՆՈՐԴ — Այս մեկը:
ՔՐԻՍՏԻ – Համեցեք:
ԳՆՈՐԴ — Շնորհակալություն:
ՔՐԻՍՏԻ — Հաջողություն:
ՊՃՆԱՄՈԼ ՊԱՌԱՎ — (դեղին ծաղիկների փունջ բերելով): Սա եմ ուզում:
ՔՐԻՍՏԻ — (ատամների արանքից): Երեք հազար դրամ, տիկի՛ն:
Պառավը գնում է, գալիս է Սերժը՝ բրդուճ ուտելով և կաթ խմելով, արտահագուստով է:
ՍԵՐԺ — Ի՞նչ ես նայում, կեր, ընդմիջումս արդեն ավարտվում է: (Ուտում են): Բա՞ն է պատահել:
ՔՐԻՍՏԻ — Ո՛չ:
Բեմի մյուս մասում աշխատանքային օրն ավարտված է. բոլորը հերթով հեռանում են: Անին շտապում է դուրս գնալ, բարձրախոսի ձայնը կանգնեցնում է նրան:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ — Օրիո՛րդ Անի:
ԱՆԻ- Այո՞:
Լռություն: Անին ուզում է հեռանալ` բազկաթոռը պտտվում է, Հենրին նստած հաշվարկներ է անում:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ — Մի րոպե… մոտեցեք:
Անին մոտենում է: Հենրին ծածկում է գրածը, Անին հայացքը փախցնում է, Հենրին ճմրթում, նետում է թուղթը, բայց այն չի ընկնում զամբյուղի մեջ ու երևում է, որ վրան խզբզոց է:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ — Քսաներեք րոպե:
ԱՆԻ — Ի՞նչ:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ — Ձեր աշխատանքը հավանո՞ւմ եք… (Անին լռում է): Գուցե ոչ այնքան, որ հետաքրքրի: (Անիի լռությունից անհանգստացած): Օրիորդ Անի:
ԱՆԻ — Այո՜…
ՀԵՆՐԻ — Գուցե` ոչ այնքան, որ հետաքրքրի:
ԱՆԻ — Համենայնդեպս, կարողանում եմ աշխատել:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ — Դե, եթե հավանում եք, ինչպես դուք եք ասում, ուրեմն ձեր վարքագիծն անբացատրելի է:
ԱՆԻ — Ի՞նչ նկատի ունեք:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ — Ուշացել էիք առավոտյան… Քսաներեք րոպե: Ուրեմն, այդքան էլ ուշ պիտի գնաք:Եվ ոչ միայն այսօր:
ԱՆԻ — (վախեցած ընկրկելով): Լավ, ես ուշացել եմ` որոշել եք պատժել: Իսկ դո՞ւք… Դո՞ւք ինչու եք մնացել:
ՀԵՆՐԻ — (Անիի ճանապարհը փակելով): Ես էլ էի ուշացել: Քսաներկու րոպե:
ԱՆԻ — (իրեն զսպելով): Ներեցեք, կարո՞ղ եմ գնալ:
Հենրին միացնում է բջջային հեռախոսի ձայնագրությունը:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ — Այո, իհարկե:
ԱՆԻ — Բարի գիշեր:
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Սերժի և Քրիստիի բնակարանը: Երեկո: Սերժը հյուրասենյակում արդուկն է նորոգում, խոհանոցից լսվում է Քրիստի երգը: Գալիս է Սոսը:
ՍՈՍ — Անին այստե՞ղ է:
ՍԵՐԺ — Ոչ:
ՍՈՍ — Ոչ մի տեղ չկա: Բջջայինն անհասանելի է:
ՍԵՐԺ — Ե՞րբ եք բաժանվել:
ՍՈՍ — Ձեզնից հետո:
ՍԵՐԺ — Կավալերիս մտիկ…
ՍՈՍ — Չուզեց, ի՞նչ անեմ:
ՍԵՐԺ — Մանկի՛կս, կանայք ասում են, թե չեն ուզում, բայց իրականում հենց դա են ուզում: (Արդուկը միացնելով): Եվ հակառակի պես միշտ ուզում են հենց այն, ինչ չպետք է ուզեն:
ՍՈՍ — Մի գլուխ ալիքներից էր խոսում:
ՍԵՐԺ — Ինչի՞ց:
ՍՈՍ — (ծաղրով): Ալիքների՜ց: Պաշտո՜ւմ է ծովի տարերքը: Հարցրեց` ինչքա՞ն է պարասրահից մինչև մեծ ջրանցք:
ՍԵՐԺ — Քրիստի՜…
ՔՐԻՍՏԻ — (ներս է վազում, գոգնոցով է, մազերի մեջ` չինական փայտիկներ): Ի՞նչ եղավ:
ՍԵՐԺ — (փչելով արդուկից վառված մատներին): Ընկերուհիդ լողալ գիտի՞:
ՔՐԻՍՏԻ— Չէ: Ինչո՞ւ ես հարցնում:
ՍԵՐԺ — Գնացել է, իրեն գցի Զանգու` հանուն ծովի… (Սոսին.) ինչի՞…
ՍՈՍ — Տարերքի:
Քրիստին բջջային հեռախոսը ճանկելով դուրս է նետվում: Սերժն ու Սոսը զարմացած ու կասկածանքով իրար են նայում, ապա հետևում Քրիստիին: Սերժը վերադառնում է, արդուկն անջատում ու դուրս է նետվում:
ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Գիշեր: Փողոց: Խավարի մեջ լսվում է սլացող մեքենայի, բջջային հեռախոսի համար հավաքելու ձայներ: Կտրուկ արգելակում, մեքենաների բախում…
ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐԻ ՁԱՅՆ — Ձեր մնացորդը բավարար չէ զանգելու համար:
Գալիս է Հաստլիկ Խիտը` մեքենայի ղեկը ձեռքին: Գալիս են ընկերները և Քրիստին: Մութ է, իրար չեն տեսնում:
ՍՈՍ — Կարծես ողջ ենք:
ՍԵՐԺ — Սսկվի՛ր:
Հաստլիկը ձեռքերով ամուր կառչած ղեկից` սառել—մնացել է: Քրիստին մոտենալով` ուշադիր նայում է բարձրահարկին:
ՔՐԻՍՏԻ — Այո, վառվում է:
ՍՈՍ — Ի՞նչը, որտե՞ղ…
ՔՐԻՍՏԻ — Անին էս շենքում է աշխատում:
ՍԵՐԺ — Երախտապարտ ենք ծանոթացնելու համար: Շատ տպավորիչ էքսկուրսիա էր:
ՍՈՍ — (մտնելով ամուսինների արանքը): Ներեցեք, չէի՞ք ասի` հրդեհը որտեղ է:
ՔՐԻՍՏԻ — (բորբոքվելով): Ի՞նչ է, չե՞ք տեսնում` լույս է վառվում պատուհանում:
ՍՈՍ — Մութ է խորունկ, խորհրդավոր…
ՍԵՐԺ — Այո, ամեն ինչ թաղված է մթության մեջ: Հատկապես Անիի անհետանալու պատմությունները:
ՔՐԻՍՏԻ — Ես բարձրացա տասներկուերորդ հարկ, սխալվել էի: Էլի բարձրացա, բարձրացա քսանմեկերորդ հարկ ու հիշեցի… որ դա քո գրքույկի համարն է: Ոչ թե Անիի… աշխատասենյակի: (Տղաները հուսահատ հառաչում են): Չեմ հիշում` որ հարկում էր: Մոտավորապես այդ լույսի կողմերում պիտի լինի… Երբ վերևից ներքև էինք նայում… Ահա, վառվում է, էն պատուհանում լույս կա:
Երկնքում շատ աղոտ լույս է թրթռում ու մարում:
ՍԵՐԺ — (ծաղրով): Ուրեմն, այսպես: Ես կարծում եմ, որ դա լուսնի ցոլքն է ապակիների վրա, հարազա՛տս:
ՔՐԻՍՏԻ — (նեղացած): Իսկ լուսի՞նն ուր է:
ՍԵՐԺ — Ուշքի արի, Քրիստինե: Աչքովս տեսնեմ, չեմ հավատա, որ Անին աշխատանքից հետո մեկ վայրկյան անգամ կմնա հիմնարկում:
ՍՈՍ — Գրազ կգամ` Անին այնտեղ է:
ՍԵՐԺ — Դուք լո՞ւյսը տեսաք, թե՞ լուսինը գտաք, տե՛ր իմ:
ՍՈՍ — Սիրտս է զգում:
ՍԵՐԺ — Իսկ սիրտդ չի՞ զգում, թե նա այնտեղ ինչ է անում այս ժամին: Բան գիտե՞ս, ասա: (Կնոջը.) Տիկի՞ն… հը՞: Դու հաստատ մի բան գիտես, չէ՞…
ՔՐԻՍՏԻ — (կմկմալով): Դե… երևի աշխատում է:
ՍԵՐԺ — Ես էշի պես կզռռամ, եթե պարզվի, որ հիմա Անին աշխատում է:
ՔՐԻՍՏԻ — Լավ, գնանք:
ՍԵՐԺ — Ի՞նչ:
ՍՈՍ — (նկատի ունենալով Քրիստիի ասածը): Համաձայն եմ:
ՍԵՐԺ — Ինչի՞ն:
ՍՈՍ — Որ էշի պես զռռաս:
ՍԵՐԺ — Թե՞` որ թողնենք գնանք:
ՔՐԻՍՏԻ — Հա՛, հա՛, գնանք:
ՍԵՐԺ — Հա՞…
ՍՈՍ — Դե…
ՍԵՐԺ — Դե՛:
ՍՈՍ — Չէ, ավելի լավ է` ծուղրուղու կանչես:
ՔՐԻՍՏԻ — Սպասե՜ք…
ՍԵՐԺ — Համաձայն եմ:
ՍՈՍ — Հազար անգամ:
Տղաները գնում են, Քրիստին վազում է նրանց հետևից: Գալիս են Հենրին ու Անին:
ՀԵՆՐԻԻ ՁԱՅՆԸ բջջային հեռախոսից — Ուզում էի ձեզ առաջարկել…
ՀԵՆՐԻ — (բջջայինն անջատելով): Գիշե՞ր եք սիրում, թե՞ ցերեկ:
ԱՆԻ — Ինձ թվաց` ինչ-որ բան էիք ուզում առաջարկել:
ՀԵՆՐԻ — Չասացիք` գիշեր եք սիրում, թե ցերեկ:
Անին ու Հենրին շատ քիպ են կանգնած: Զանգում է բջջայինը:
ԱՆԻ — (զայրույթն արտահայտելու առիթը գտած): Պատասխանե՛ք, զանգում են:
ՀԵՆՐԻ — Ձեր հեռախոսն է զանգում:
Անին նայում է համարը, միացնում է հեռախոսը:
ԱՆԻ — Քրի՞ս… Ալո: Հա: Գալիս եմ: (Հենրիին.) Ներեցեք, ինձ սպասում են:
ՀԵՆՐԻ — (կտրուկ): Բարի գիշեր:
ԱՆԻ — (հեռանալով): Բարի գիշեր:
Նոր հեռախոսազանգ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻԼ — (դեռ թմբիրի մեջ): Ալո, Հենրի՞, ես եկել եմ:
ՀԵՆՐԻ — (ձևացնելով): Ալո: Այո՞:
Անին ոտքը կախ է գցում:
ՀԵՆՐԻ — Սիրելիի՜ս… շնորհակալություն: Համբուրում եմ: Անհամբե՜ր… Գալի՛ս եմ:
Հենրին գնում է: Անին փղձկալով վազում է դուրս: Հաստլիկ Խիտը լսափողը ձեռքին սառել է: Գալիս են տղաներն ու Քրիստին: Գալիս է Անին, նետվում է Քրիստիի գիրկը: Տղաների ծուղրուղուն խրտնեցնում է Հաստլիկին, նա ահաբեկված փախչում է: Քրիստին Անիին է հանգստացնում: Սոսը Սերժի գրպաններն է քրքրում, անտեսելով նրա բողոքները` պահպանակ է դուրս բերում:
ՍՈՍ — (ցուցադրական): Ահա: Ինչքան շատ, այնքան շուտ կպրծնես:
ՍԵՐԺ —(փորձելով խուսափել): Սրա մեջ հազար հատ չի տեղավորվի:
ՍՈՍ — Կտեղավորվի, կտեղավորվի: Հեչ չմտածես:
ՍԵՐԺ — (փորձելով սփոփել Անիին): Ան ջան…
ՍՈՍ — (Սերժին Անիից ետ քաշելով ու ինքը գրկելով): Դու քո գործն արա:
ՍԵՐԺ — Ծուղրուղո՜ւ…
ԱՆԻ -Օֆիսում պահել էր մինչև հիմա, որ զանգեն, ասի` սիրելի՜ս:
ՍԵՐԺ — Ասում էի, չէ՞, սա աշխատող պտուղ չի:
ՍՈՍ — Դու ասացիր` Անին այնտեղ չի:
ՍԵՐԺ — Ես ասացի. «Էշի պես կզռամ, եթե պարզվի, որ հիմա Անին աշխատում է»: Ինչքա՞ն ծղրտացի, էդքան պարտք ես:
ՍՈՍ — Հեչ, ինչ էր որ… Մի քանի հատիկ:
ՍԵՐԺ — Մի քանի հատի՞կ: Հե՜չ: Ես քեզ հեչ ցույց կտամ: Ուղիղ քսան հատ: Հազար քսան հատ ծղրտա` տեսնեմ: Սկսեցինք: Ոնց որ դու էիր ասում. «Ինչքան շատ ու հաճախակի` այնքան շուտ կպրծնես»: Համեցե՛ք:
Սոսը շունչ է հավաքում ու մի շարան ծուղրուղու կանչելով` փչում է պահպանակի մեջ:
ՍՈՍ — Էս` քսան:
ՍԵՐԺ — Ժուլիկություն մի արա: Հատիկ-հատիկ:
ՍՈՍ — Ծուղրուղո՜ւ…
ՍԵՐԺԸ — Ապրես, դու ավելի լավ ես ծուղրուղու կանչում:
ԱՂՋԻԿՆԵՐ — Էլի աքլորացա՞ք:
ՍՈՍ — Ո՞վ, ե՞ս:
ՍԵՐԺ — Ո՞վ, ե՞ս:
Բոլորը ծղրտում են, գոռգոռում, երգում, պահպանակը թռցնում դեսուդեն: Մինչև, իբր, մոտենում են Անիի տանը:
ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ
Անիի տունը:
ՍԵՐԺ- Լավ, լացուկոծը պրծեք, տեղ ենք գնում:
ՔՐԻՍՏԻ — Մենակ գնացեք, էլ եկող չկա:
ՍԵՐԺ — Ոչ մի մենակ: Եկող էլ` լիքը: Կա՛մ գալիս եք, կա՛մ ուրիշի ենք հրավիրում:
ԱՆԻ — Ես ի վիճակի չեմ:
ՔՐԻՍՏԻ — Սե՛րժ, հոգիս, մենք չգանք, հա՞:
ՍԵՐԺ — Քրիստի, անուշիկս, մի եկեք, եթե չեք ուզում: Մենք… (Զանգելով): Ալո: Ֆրի՞… Դա, դա՜: Սերժն է, իհարկե, Սերժն է: Դու պատահաբար չգիտե՞ս, թե ֆիլհարմոնիկում այսօր ինչ համերգ կա:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ հեռախոսից — Չլինի՞ համերգի ես հրավիրում:
ՍԵՐԺ — Լավ, համոզեցիր: Մուտքի մոտ սպասեք ինձ ու Սոսին:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ — Ինչպիսի՜ ինքնավստահություն…
ՍԵՐԺ — Մի վախենա, Քրիստին ու Անին խորասուզվել են զգացմունքների քաղաքականության մեջ, մեզնով զբաղվելու ժամանակ չունեն:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ — Ու դեմ չե՞ն:
ՍԵՐԺ — Հարգելի կանայքս, օրիորդ Ֆրիդան Սոսին հրավիրում է սիմֆոնիա լսելու: Թույլ տվեք, զարգացնենք մեր գեղագիտական զգայարանները:
ՔՐԻՍՏԻ և ԱՆԻ — (նեղվելով, որ իրենց զրույցը ընդհատում են): Թույլ ենք տալիս, թույլ ենք տալիս:
ՖՐԻԴԱՅԻ ՁԱՅՆԸ — Ու չեն վախենում, որ ձեր Սոսին կխլեմ, կփրկե՞մ իրենցից:
ՔՐԻՍՏԻ — (գոռում է, որ լսելի լինի): Չես խլի:
ԱՆԻ — Չէ, չէ, ասա` չենք վախենում:
Ընկերուհիները խորամանկ ժպտում են, ինչ—որ բան են փսփսում:
ՍԵՐԺ — (հեռախոսով): Գալիս ենք: (Բարկացած ձևանալով` կնոջը): Իսկ ես հաշիվ չեմ, հա՞:
ՔՐԻՍՏԻ — Հա, հենց հաշիվ չպիտի լինես: Թե՞ ուզում ես` քեզ էլ խլի-փրկի: Հը՞… Ֆրի դա, Ֆրի նետ, ինտերնետ, մինտերնետ չգիտեմ: Սոսին տանում ես համերգ-մամերգ ու բերում, եղա՞վ: Երկու ժամ ձեզ ժամանակ:
ՍԵՐԺ — Կես ժամ գնալը, կես ժամ գալը, մի ժամ էլ լա-լա-լա էն բանից… Ի՞նչ կա որ…
ՔՐԻՍՏԻ — Դե, հերիք եղավ` չափն անցնես, ծուղրուղուի մեկը…
ՍԵՐԺ — Ծուղրուղո՜ւ….
ՍՈՍ — Չհասկացա, թե էդ ֆիլհարմոնիկը որ մեկդ սարքեց գլխիս:
ՔՐԻՍՏ — (Սոսի գնալուց հետո): Էս տղուն ի՜նչ անուն ես դնում, չեմ հասկանում:
ԱՆԻ — Ոչ մի:
ՔՐԻՍՏԻ — Արտակարգ տղա է: Մա՛րդ:
ԱՆԻ — Դժբախտաբար: (Զանգում է տան հեռախոսով): Ալո: Բարև ձեզ, տիկին: Խնդրում եմ Հենրիին ասեք, որ… Հաղորդեք, որ հրեշն ինքն է: (Ընկերուհուն.) Վերջ: Աշխատանքից կազատվեմ: Եվ ինչքան շուտ` այնքան լավ: (Փնթփնթալով իր իսկ ասածի վրա): Տիկի՜ն… Դե, իհարկե, տիկին: Իսկ ե՞ս… ո՞վ եմ: Ոչ ոք: Դուրս կգամ: Թե չէ փրկություն չկա: Սոսն էլ թող իրեն հարմար աղջիկ ճարի:
ՔՐԻՍՏԻ — (հեռուստացույցը միացնելով): Դու խելագար ես:
ԱՆԻ — Նորություն ասա:
ՔՐԻՍՏԻ — Ուղիղ եթեր է… Տեսնես էդ սրտամեռը… Հը՞…
Անին ու Քրիստին հեռուստացույց են նայում, ուղիղ եթերում ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն է: Հաջորդ տեսարանում հեռուստաէկրանն ընդհանուր է բոլորի համար, որոնք, իբր, տարբեր վայրերում են գտնվում:
ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ
Անիի տունը, դահլիճ, Հաստլիկ Խիտի ննջարանը:
Բիզեի «Կարմեն»-ի խրոխտ տակտերի ներքո գալիս են Սերժը, Ֆրիդայի ընկերուհին, Ֆրիդան ու Սոսը, ուշացած տեղավորվում համերգային դահլիճ ներկայացնող մասում:
ՖՐԻԴԱ — (ընկերուհու ականջին): Հավատս չի գալիս, որ համաձայնվեցի էս ճզվզոցը լսել:
ԸՆԿԵՐՈՒՀԻ — (կամաց): Լավ էլ երաժշտություն է, ի՞նչ ես ուզում:
Սերժը հորանջում է, բայց ձևացնում է, թե լսում է: Ֆրիդան փորձում է գրավել Սոսի ուշադրությունը, ընկերուհին փորձում է սաստել Ֆրիդային, Ֆրիդան ճգնում է լսել երաժշտությունը:
Գալիս է Հաստլիկ Խիտը. ծանր է շնչում, աջ ձեռքով պահում է ճակատին դրված թրջոցը, անուժ պառկում է իր բնակարանը ներկայացնող մասում, վերցնում է հեռուստացույցի հեռակառավարիչը: Մի քանի հաբ է կուլ տալիս, շպրտում հեռակառավարիչը, նրան թվում է` այն ծուղրուղու է կանչում: Հաստլիկ Խիտը ճչալով փախչում է: Աղջիկները հեռուստացույցի առաջ քնել են: Համերգն ավարտվում է: Ծափահարություններ, աղջիկները վեր են թռչում, հեռանում: Հաստլիկը ճչալով գալիս է, ուշաթափ ընկնում հատակին: Մթնում է, քիչ անց` լուսավորվում: Գալիս է Հաստլիկ Խիտի քույրը` Ռոզալիան (եղբոր համեմատ կրկնակի գեր ու կրկնակի խիտ), փոքրիկ որդուն խնդրել—աղաչելով քարշ է տալիս իր հետևից:
ՌՈԶԱԼԻԱ — (շնչակտուր): Ուշանում եմ, Ռոբիկ ջան, արի, ցավդ տանեմ: Ներս արի: Ի՞նչ եղար, այ երեխա: Քո հետ գցողի… Դուրս արի:
ՌՈԲԻԿ — Կարմիրից առ, որ մնամ քեռու մոտ:
ՌՈԶԱԼԻԱ — Մնա` կառնեմ:
ՌՈԲԻԿ — Չէ, չէ, առ, որ մնամ:
ՌՈԶԱԼԻԱ — Հիմա խանութները փակ են:
ՌՈԲԻԿ — Փողը տուր, ես կառնեմ:
ՌՈԶԱԼԻԱ — Դուրս արի:
ՌՈԲԻԿ — Չէ՛, չէ՛, ա՛ռ, ա՛ռ:
ՌՈԶԱԼԻԱ — Վեր կաց:
ՌՈԲԻԿ — Կարուսել կտանե՞ս… Մինչև խանութները բացվեն:
ՌՈԶԱԼԻԱ — (ճչալով): Լույսը չբացված ի՞նչ կարուսել, ա՛յ փորձանք…
ՌՈԲԻԿ — Փողը տուր, ես կգնամ…
ՌՈԶԱԼԻԱ — Ո՞ւր, այ նեռի ծնունդ: Վայ, Տեր Աստված, պատիժ է, հո երեխա չի… (Խզված ձայնով): Սպասի՜… Ռոբի՜կ…
ՌՈԲԻԿ — (ապուշ կտրած, քնաթաթախ քեռուն սպառնալով): Տեղս ասել ես` կսպանեմ:
ՌՈԶԱԼԻԱ — Ռոբիկ, ո՞ւր ես, նեռի ծնունդ: (Ամբողջ մարմնով ընկնելով եղբոր վրա, այտերը պինդ—պինդ պաչելով): Բարև, ախպեր ջան:
ՌՈԲԻԿ — (թախտի տակ ճչում է): Վա՜խ… Ջարդեցիր ոսկորներս, ախչի՛:
ՌՈԶԱԼԻԱ — (մի շնչով` եղբորը): Դուրս չթողնես, երես չտաս, պետք լինի` կծեծես, մինչև գամ: Դե, ես գնացի, ուշացել եմ: (Որդուն.) Քեզ կարգին կպահես, սատանի ճուտ: (Գնում է):
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — (դեռ քնատ): Ի՞նչ:
ՌՈԲԻԿ — Քոռը քո պինչ, չլսեցի՞ր` ինչ: Քեզ կարգին կպահես, մինչև քուրդ գա: Ասաց. «Ռոբիկին խաղալիք կառնես ու կարուսել կտանես»:
Խաղալիք ավտոմատը քեռու վրա բռնած՝ նրան դուրս է տանում:
Գալիս է Հենրին, նայում է ժամացույցին, Անիի գրասեղանին, չի կարողանում աշխատել, զանգում է:
ԱՆԻ — Ալո… Ալո, լսում եմ: Հեչ էլ խոսեք, պետքս չի… Եվ աշխատանքի էլ չեմ գա… այսօր: (Անջատում է: Հեռախոսի ազդանշան` տու, տու, տու…) Եվ ընդհանրապես…
Հենրիի հեռախոսից նույնն է լսվում` տու, տու տու, տու…
ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ
Ծաղկի խանութում: Քրիստին սպասարկում է շքեղ հագնված պարոնի:
ՊԱՐՈՆ — Շնորհակալություն:
Գալիս է դեղին ծաղիկ չսիրող պառավը:
ՊԱՐՈՆ — (պառավին նկատելով` այլայլվում է): Մայրի՞կ…
Գալիս է Անին:
ԱՆԻ — (հուզված): Նրա մեքենան, Քրի՜ս: Հենց նոր տեսա…
ՔՐԻՍՏԻ — Ցավում եմ, ջանիկս, բայց չեմ կարող օգնել… Աշխատանքի մեջ եմ:
ՊԱՌԱՎ — (նկատի ունենալով պարոնի ձեռքի ծաղիկները): Դե, իհարկե, դեղի՜ն:
ՊԱՐՈՆ — Մայրիկ, ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ…
ՊԱՌԱՎ — (հեռանալով): Թուլամորթ:
ՊԱՐՈՆ — Սպասե՛ք:
ՔՐԻՍՏԻ — Տեսա՞ր:
ԱՆԻ — Տեսա՛: Խանդի տեսարան տեսա:
ՔՐԻՍՏԻ — Մայրն էր:
ԱՆԻ — Հա էլի, ես էլ այդ եմ ասում:
ՔՐԻՍՏԻ — Այնպես ես խոսում, ասես սիրուհին լիներ կամ գոնե կինը:
ԱՆԻ — Նա էր իրեն այնպես պահում, ասես սիրուհին լիներ:
Գալիս են տիկին Լյուսին ու Տնօրենը:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Բարև ձեզ:
ՔՐԻՍՏԻ — Բարև ձեզ, տիկին, ի՞նչ ծաղիկ եք կամենում:
ՏՆՕՐԵՆ — Ընտրիր, սիրելիս:
Քրիստին ու Անին անխոս իրար հասկացնում են, որ տիկնոջը գիտեն:
ՔՐԻՍՏԻ — (ապշած): Քանոնով գծածը չի՞, էն արագիլը… Շեֆիդ կինը չի՞:
ԱՆԻ — Չգիտեմ` ինչն է, կարող է` կինն է, կարող է` ոչ:
ՔՐԻՍՏԻ — Սկսե՜ց:
ԱՆԻ — Դե՜, նրանց սիրալիրությունը ցուցադրական է, սիրող ամուսինների նման չեն: Կարող է… կինը չի:
ՔՐԻՍՏԻ — Հիմա կի՞նն է, թե՞ կինը չի:
ԱՆԻ — Պարզ չի՞, կինն է, սա էլ` սիրեկանը:
ՔՐԻՍՏԻ — Խելքս չի կտրում, թե…
ԱՆԻ — Շատ իզուր, նրա նմանները լավ էլ հաշվենկատ ամուսնանում են հարուստ կանանց հետ, հատկապես իրենց մոր տարիքի կանանց հետ, կամ սիրաբանում, որ նույն բանն է, իսկ ինձ նման հիմարներին հիմարի տեղ դնում: Սովորաբար:
ՔՐԻՍՏԻ — Խելքս չի կտրում, թե…
ԱՆԻ — Վերջ, ես գնում եմ:
ՔՐԻՍՏԻ — (նրանց): Ներեցեք, մինչև դուք ընտրեք, ես կմոտենամ: (Անիին.) Սպասիր, ի՞նչ եղավ քեզ, էլի գժվեցի՞ր: Նստիր: Ճամփեմ դրանց, հետո…
ԱՆԻ — Հիմա ո՞վ է կնոջը ծաղիկ նվիրում: Պարզ է, թաքուն հանդիպում սիրեկանի հետ:
ՔՐԻՍՏԻ — Որոշե՜ց:
ԱՆԻ — Համբուրվում են:
ՔՐԻՍՏԻ -Հա էլի՜: Բա… Հը՛: Սոսին էլ չես հավանում: Կերա՞ր: Էդ էլ քո գովական Հենրին:
ԱՆԻ — Հենրի՞ն ինչ կապ ունի:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Սա՛ տվեք, խնդրեմ:
ՔՐԻՍՏԻ — Համեցեք: (Անիին.) Բա ե՞ս կապ ունեմ: Ե՞ս եմ ամուսնացել մորս տարիքի կնոջ հետ: Հարո՛ւստ: Չեմ զարմանա, եթե տեղյակ է կնոջ կապերի մասին:
ՏՆՕՐԵՆ — (վճարելով): Համեցեք:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Շնորհակալություն:
ՔՐԻՍՏԻ — (կոպիտ): Հաջողությո՛ւն: (Սթափվելով): Այսինքն` նորեն համեցեք: Շատ ուրախ կլինենք:
ԱՆԻ — Գուցե կինը չի, գուցե ինքն է նրա սիրեկանը:
ՔՐԻՍՏԻ — Թեկուզ:
ԱՆԻ — Համբերի՛ր:
ՔՐԻՍՏԻ — Էլ ի՞նչ համբերեմ: Վիճակդ վիճակ չի: Մի քեզ նայիր, ինչ օրի ես: Իսկ սրանք…
ԱՆԻ — Սրանք ի՞նչ, մարդ են, էլի՜…
ՔՐԻՍՏԻ — Սրանք չէի՞ն նոր համբուրվում աշխարհի առաջ: Հը՞: Ի՞նչ ասացի, որ ծուռ ես նայում:
ԱՆԻ — Հա, համբուրվում էին, ասա՛:
ՔՐԻՍՏԻ — Հա ու ջան: Էլ ի՞նչ ասեմ, համբուրվում էին:
ԱՆԻ — Ասենք թե:
ՔՐԻՍՏԻ — Ո՞նց թե` ասենք թե: Ո՞ւմ էր համբուրում` ի՞նձ, թե՞ քեզ:
ԱՆԻ — Իր…
ՔՐԻՍՏԻ — Իր: Ոչ թե իր, այլ Հենրիի…
ԱՆԻ — Վերջ տուր:
ՔՐԻՍՏԻ — Լավ, ես ներողություն: (Պոռթկում է): Բայց որ ինձ լսես, երկնքից կիջնես, աչքերդ կբացես ու կտեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում: Վերջապես կհասկանաս, թե ինչ եմ փորձում խցկել էդ դմբո գլուխդ:
ԱՆԻ — Վերջ տուր, ասացի:
ՔՐԻՍՏԻ — Թե չէ հենց էդ Հենրիին տեսնում ես` ոտ ու ձեռդ թուլանում են:
ԱՆԻ — Լավ են անում, քե՞զ ինչ:
ՔՐԻՍՏԻ — Ի՞նձ: Ոչինչ: Ամեն ինչ` քեզ: Դավաճանություն: Խելքահանություն: Կեղծիք: Եսապաշտություն: Ձևամոլություն սիրտ խառնելու աստիճան…
ԱՆԻ — Քրիս:
ՔՐԻՍՏԻ — …քանի դեռ դրանից ձեռք չես քաշել: (Դադար): Եթե մաքուր կյանք ես ուզում` ճիշտը Սոսն է: Հերիք չի՞ էդ տղային տանջես:
ԱՆԻ — Ինչքան հասկացա` դու էդ տղայի դարդն ես:
ՔՐԻՍՏԻ — Չէ բա` ամուսնացած ու շոռաչք շեֆերի, որոնք խելքահան են անում իրենց ենթականերին ու սիլիբիլի անում տարիքով, բայց շատ հարուստ կանանց հետ:
ԱՆԻ — Ի՞նչ հարուստ: Ուղղակի ճաշակով է հագնվում:
ՔՐԻՍՏԻ — Էդ ճաշակով շորերը գիտե՞ս` ինչ արժեն: Թե չէ դրա՜նց նման ճաշակ ունենք:
ԱՆԻ — Կարող է` ամուսնացած չի, կարող է` ուղղակի սիրուհին է… Կարող է` ուղղակի ծանոթ են: Կարող է…
ՔՐԻՍՏԻ — Ուղղակի՛:
ԱՆԻ — Ու հետո ինքը ինձ խելքահան չի անում, ես եմ…
ՔՐԻՍՏԻ — Խելքահան անում էդ ժուլիկին, հա՞: Դո՞ւ: (Խիստ): Անի՛:
ԱՆԻ — (լացակումած): Քրիս, միասին են լինում, բայց կարող է…
ՔՐԻՍՏԻ — Էլի սկսեց երևակայել…
ԱՆԻ — Հավատալս չի գալիս, որ…
ՔՐԻՍՏԻ — Բոլոր սիրահարված պինգվիններն էլ մինչև աչքով չեն տեսնում` չեն հավատում, բայց մի գեղեցիկ օր փաստի առաջ են կանգնում և… Խելքի արի:
ԱՆԻ — Կարող է` անհաշտ են, եթե կինը սիրեկան ունի…
ՔՐԻՍՏԻ — Ինքն էլ գժվում է քեզ համար, բայց մուկ ու կատու է խաղում հետդ ու ոչ մի լուրջ վերաբերմունք, ուրեմն… Խելքդ գլուխդ հավաքիր, քեզ լուրջ ամուսին է պետք, ոչ թե… բերանս ինչ էր եկել: Հա՛, ի՞նչ ես նայում, հենց Սոսի պես հավատարիմ տղա: Առանց «կարող է»-ների և «ուղղակի»-ների…
ԱՆԻ — Ես ճամփի կեսից ետ դարձողներից չեմ:
ՔՐԻՍՏԻ — Ո՞ւր, խելագար: Ո՞ւր ես գնում:
ԱՆԻ — Աչքովս տեսնելու, քանի չեն գնացել:
ՔՐԻՍՏԻ — Բա ե՞ս…
ԱՆԻ — Եթե գալիս ես` մեքենան նստիր:
ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ
Նորաձևության պալատ:
ՔՐԻՍՏԻ — Ասացի` զգո՜ւյշ եղիր, մեզ միայն ոստիկանն էր պակասում: Հիմա ի՞նչ ենք անելու: Սպասիր, ո՞ւր ես գնում, բա մեքենա՞ն…
ԱՆԻ — Հետո, հետո:
ՔՐԻՍՏԻ — Ո՞նց թե` հետո: Կտանեն տուգանային հրապարակ:
ԱՆԻ — Տանում են` տանեն, արի՛:
ՔՐԻՍՏԻ — Երանի քե՜զ… Աշխարհն աշխարհով, դու քո…
ԱՆԻ — Ի՞նչ ես կարծում, ո՞ւր էին գնում:
ՔՐԻՍՏԻ — Գրողի ծոցը:
ԱՆԻ — Լավ, լուրջ:
ՔՐԻՍՏԻ — Սրտիս հետ գնա:
ՈՍՏԻԿԱՆ — Աղջիկնե՜ր…
ԱՆԻ — (առանց ետ նայելու): Փաստաթղթերը մեքենայի մեջ են:
ՔՐԻՍՏԻ — Ես էլ էի ուզում էդ ասել…
ՈՍՏԻԿԱՆ — Խախտում եք արել` հերիք չի, փախչում եք…
ԱՆԻ — Քրիս, դրանից պրծում չկա:
ՈՍՏԻԿԱՆ — Ինձնից հաստատ պրծում չկա, կաշառել էլ չփորձեք, չեմ վերցնի:
ԱՆԻ — Լավ, որ ասում եք… Լսեք, սերժանտ ջան…
ՈՍՏԻԿԱՆ — Լեյտենանտ Կարապետյան:
ԱՆԻ — Առավել ևս:
ՈՍՏԻԿԱՆ — Եվ ամեն ինչ նկարահանված է:
ԱՆԻ — Էլ առավել ևս: Այսինքն` լավ է, այս կողմերում տեսախցիկներ չկան, դե, որ մեզնից` չէ, ուրեմն ուրիշներից` հա:
ՔՐԻՍՏԻ — Ուզում է ասել` մի քիչ էս կողմերում աշխատեք, մինչև մենք վերադառնանք, լա՞վ:
Գալիս են Տնօրենն ու տիկին Լյուսին, աղջիկները թաքնվում են ոստիկանի թիկունքում:
ՈՍՏԻԿԱՆ — Դուք պետք է գաք ոստիկանություն ու բացատրություն տաք:
ԱՆԻ — (փորձելով լսել Տնօրենի ու տիկին Լյուսիի խոսակցությունը): Սպասե՛ք, մի՛ խանգարեք:
ՈՍՏԻԿԱՆ — Ո՞նց թե` սպասեք: Ճամփին արածներդ ո՞վ պիտի պարտակի, էդ ի՞նչ թատրոն էիք սարքել: Գիտե՞ք` քանի հազարի գործ է:
ՔՐԻՍՏԻ — Մե՞նք ինչ մեղք ունենք, միամիտ խցանվեցինք:
ՈՍՏԻԿԱՆ — Միամիտ, հա՞… Ասում եք` մեքենան ո՞ւմն է:
ԱՆԻ — Սըսս, չի լսվում:
ՔՐԻՍՏԻ — Չգիտեմ:
ՈՍՏԻԿԱՆ — Գողացե՞լ եք:
ՔՐԻՍՏԻ — Ի՞նչ գողանալ, ի՜նչ բան…
ԱՆԻ — (բղավում է): Լռե՛ք, ասացի, չի լսվում…
Տնօրենի հայացքը բացատրություն է պահանջում:
ԱՆԻ, ՈՍՏԻԿԱՆ և ՔՐԻՍՏԻ — Բարև ձեզ:
ՈՍՏԻԿԱՆ — Սերժանտ… այսինքն` լեյտենանտ Գրիգորյան:
ՔՐԻՍՏԻ — Կարապետյան:
ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ… Այո, Կարապետյան: Մեքենա են գողացել, պարոն տնօրեն, ու թաքնվում են ձեր շորերի մեջ…
ՔՐԻՍՏԻ — Չե՜նք գողացել, արդեն ասացի: Չէ մի՝ թաքնվել… Էն էլ շորերի մեջ…
ԱՆԻ — (կմկմում է): Նման բան չկա, մենք…
ՔՐԻՍՏԻ — Ուղղակի շտապում էինք… ինքներդ տեսեք: Մեր մեքենան է: (Անիին.) Աղջի՛, ասա՛, ի՞նչ ես պապանձվել:
ՈՍՏԻԿԱՆ — Իսկ ճամփին որ էդքան մեքենա հագցրիք իրա՞ր…
Տնօրենն ինչ—որ բան է շշնջում օգնականի ականջին, որը շտապում է հասնել փախչողներին: Համոզելով ետ է բերում աղջիկներին: Անին թաքուն փորձում է նայել Տիկնոջը, ոստիկանը խանգարում է:
ՈՍՏԻԿԱՆ — Առաջ անցեք:
Երկու մոդելներ խոժոռ զննում են Անիին ու Քրիստիին, որոնք վախենում են առաջ գալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — (մոդելներին՝ չարախինդ): Ախոյաննե՞ր են:
ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵԼ — Ո՞ւմ, ի՞նձ…
ԵՐԿՐՈՐԴ ՄՈԴԵԼ — Էդ քոսոտնե՞րը…
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — Տնօրենը կարծես թե այլ կարծիքի է:
ԱՌԱՋԻՆ ՄՈԴԵԼ — Դու է՞լ ես Տնօրենի կարծիքով ապրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ — Դրա համար ինձ վարձատրում են:
ՏՆՕՐԵՆ — (ոստիկանին կողմ տանելով): Կարո՞ղ եմ ձեզ հետ առանձին խոսել: (Դադար, Աղջիկներին): Հարցը ոստիկանություն չի հասնի, եթե…
ՔՐԻՍՏԻ — Ձեր զգեստները գնե՞նք… Ինչ կա՞ որ… մենք տուգանքից չենք հրաժարվում:
ՏՆՕՐԵՆ — Մի երկու աղջիկ են պետք:
ԱՆԻ — Այո՞…
ՔՐԻՍՏԻ — Ինչի՞ համար…
ՏՆՕՐԵՆ — Այս երեկո:
ՔՐԻՍՏԻ — Սերժն ինձ կսպանի:
ԱՆԻ — Հենրիին տե՛ղն է:
ՔՐԻՍՏԻ — Բայց մենք չգիտենք… Կփչացնենք ամեն ինչ:
ՏՆՕՐԵՆ — Մի վախեցեք, բարդ բան չի:
ՔՐԻՍՏԻ — Գիտե՞ք, ցավոք…
ՈՍՏԻԿԱՆ — Ակտ գրե՞մ:
ԱՆԻ — Հա՛, գրե՛ք:
ՈՍՏԻԿԱՆ — Նախ թիվն ասե՞մ… Թե՞…
ԱՂՋԻԿՆԵՐ — (մեկը մյուսին): Պարզ է, սարքեցին:
ԱՆԻ — Չէ՛: Պետք չի:
ՏՆՕՐԵՆ — (Ոստիկանին): Աղջիկներին մի՛ վախեցրեք: (Աղջիկներին.) Այստեղ ձեզ նեղացնող չի լինի:
ՔՐԻՍՏԻ — (Անիին): Հը՞, հետապնդեցի՞ր, աչքովդ տեսա՞ր…
ԱՆԻ — Տեսա՝ պառավ էր… Ջադուին տեսնո՞ւմ ես` ինչ տղերք է ճանկել:
ՔՐԻՍՏԻ — Ջադու-մադուի ժամանակը չի, մեր մասին մտածիր:
ԱՆԻ — Իսկ քեզ հետաքրքիր չի՞:
ՔՐԻՍՏԻ — Ինձ Սերժը կսպանի, եթե իմանա, հասկանո՞ւմ ես:
ԱՆԻ — Ուրեմն, թող չիմանա:
ՔՐԻՍՏԻ — Հե՜շտ ես ասում…
ԱՆԻ — Նման առիթ կյանքումդ շա՞տ ես ունեցել: Կամ կունենաս…
ՔՐԻՍՏԻ — Ի՜նչ միամիտ ես: Էս մեր տեղը չի:
ԱՆԻ — Ընտրություն ունե՞նք:
ՔՐԻՍՏԻ — Պատուհանով փախչենք:
Անսպասելի հայտնվում են երկու հաղթանդամ տղամարդ՝ Անիպահն ու Քրիսպահը, լուռ կանգնում են դռների մեջ:
ՔՐԻՍՏԻ — Հասկանո՞ւմ եք, խանութս…
ԱՆԻ — Մեքենա՜ս…
ՔՐԻՍՏԻՆ — Ահա իմ խանութի այցեքարտը:
Քրիսպահը ճանկում է քարտը, բայց շարունակում է լռել:
ԱՆԻ — Մեքենաս մնացել է փողոցում… Ո՜նց էի մոռացել:
ՏՆՕՐԵՆԻ ՕԳՆԱԿԱՆ — (ինչ—որ զգեստներ ցույց տալով): Շիկ…
ԴԵՐՁԱԿ — (տարօրինակ անսեռ արարած` աղջիկներին տնտղելով): Ես դեմ չեմ նոր…
ԱՆԻ, ՔՐԻՍՏԻ — Չհամարձակվեք… Մենք հեշտ չենք հանձնվի…
ԴԵՐՁԱԿ — Սիրում եմ դժվարություններ:
ՏՆՕՐԵՆ — (դերձակին): Տես` ինչ կարող ես անել:
ԱՆԻ, ՔՐԻՍՏԻ — Ի՜…
ՏՆՕՐԵՆ — (թիկնապահներին): Աղջիկներին ձեզ եմ հանձնում:
ԱՆԻ, ՔՐԻՍՏԻ — Չէ, ներողություն… (Ակնարկելով դերձակին): Ավելի լավ է` նա…
ՏՆՕՐԵՆ — (քթի տակ խնդմնդալով): Այսօր ազատ են, վաղը լինեն տեղում: (Աղջիկներին.) Մինչ այդ զգեստներն էլ պատրաստ կլինեն: Եվ, ամենակարևորը, ոչ մի խնդիր ոստիկանության հետ: Ես ձեզ խոստանում եմ: Գնացեք հանգստացեք:
Հեռանում է, շքախումբը հետևում է նրան:
ՔՐԻՍՏԻ — Չհասկացա…
ԱՆԻ — Ուշքի արի, մենք նորաձևության պալատում ենք:
ՔՐԻՍՏԻ — Նոր ձևերո՞վ են…
ԱՆԻ — Վերջ տուր: Գնացինք:
ՔՐԻՍՏԻ — (հետևելով Անիին): Շեֆիդ ասելո՞ւ ես սիրեցյալի սիրային արկածների մասին:
ԱՆԻ — Ի՞նչ գործ ունեմ:
Թիկնապահները լուռ հետևում են նրանց:
ՏԵՍԱՐԱՆ ՏԵՍՆԵՐՈՐԴ
Գլխացավից ոռնալով գալիս է Հաստլիկ Խիտը` թրջոցը ճակատին, նրան հետևում է Ռոբիկը, որը հաբեր է լցնում է քեռու բերանը, հետո` գարեջուր: Լսվում է քրոջ ծղրտացող ձայնը:
ՌՈԶԱԼԻԱՅԻ ՁԱՅՆԸ — Տղանե՜ր, ես եկա… (Ներս գալով): Տղանե՞ր…
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — (ոռնալով): Ա՜…
ՌՈԲԻԿ — Գարեջուր ուզո՞ւմ ես:
ՌՈԶԱԼԻԱ — Էս ի՞նչ ես արել:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — (հարձակվում է քրոջ վրա` փորձելով գլխարկի փետուր—կատարը պոկել): Հերիք է ծղրտաս, աքլորի կատար… (Ռոզալիայի գլուխը Խիտի աչքին կատարը թափահարող աքաղաղ է երևում):
ՌՈԶԱԼԻԱ — Մեղա, մեղա, ինչե՞ր ես ասում… Թող… Այ մարդ, վերջ տուր… Թող, ասում եմ… (Հարվածելով): Դե հերիք եղավ…
ՌՈԲԻԿ — Ալո, շտապօգնությունի՞ց է…
Բեմը լցվում է հոգեկան հիվանդներով, որոնք շրջապատում են նոր գժին: Գալիս է բժիշկը:
ԲԺԻՇԿ — (Ռոզալիային): Մի որոշ ժամանակ պացիենտը թող մնա մեզ մոտ:
ՌՈԶԱԼԻԱ — (թաշկինակը տանելով աչքերին` փղձկում է): Իմ անբախտ ախպեր…
ՌՈԲԻԿ — (քեռուն): Պինդ մնա:
Գնում են:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — Աա՜:
Սանիտարները տանում են նրան: Գժերը խմբով հետևում են նրանց: Բժիշկը՝ նույնպես:
Ծաղկի խանութ: Գալիս է Քրիստին, նրան կրնկակոխ հետևում է թիկնապահը: Սերժը նախաճաշ է բերում: Թիկնապահը գնորդ է ձևանում, բայց աչքը չի կտրում նրանցից: Անին հանդիսավոր ինչ—որ թուղթ է բերում, տալիս Քրիստիին:
ՔՐԻՍՏԻ — (կարդալուց հետո): Ազատման դիմո՞ւմ: Չի կարող պատահել:
ՍԵՐԺ — Ո՞րերորդն է:
ԱՆԻ — Էս անգամ հաստատ եմ որոշել:
ՔՐԻՍՏԻ — Ապրես: Կեցցե՜ս: Կենա՛ցդ:
ԱՆԻ — Դե, ես գնացի:
ՔՐԻՍՏԻ — Գնա: Չվախենաս: Մենք քեզ հետ ենք: (Ամուսնուն.) Չէ՞…
ՍԵՐԺ — Ե՛ս ձե՛զ հե՞տ: Հը՛մ:
Պատկերն ակտիվանում է բեմի մյուս մասում:
Հենրին ձեռքը մեկնում է, որ վերցնի Անիի ձեռքի փաստաթուղթը, Անին ետ է քաշում թուղթն ու թաքցնում թիկունքում:
ՀԵՆՐԻ — (իբր մտազբաղ): Լսում եմ ձեզ… Լավ: Եթե պետք է, կարող եք վաղն աշխատանքի չգալ: Միայն խնդրում եմ նախօրոք տեղեկացրեք, որ չանհանգստանան:
ԱՆԻ — Վաղը չէ, ես ընդհանրապես… Ընդհանրապես չեմ… չունեմ պատճառ, որ վաղը աշխատանքի չգամ…
ՀԵՆՐԻ — Շատ բարի: Օրիորդ Անի, ես հասկանում եմ, աշխատանքային օրն ավարտվեց ու դուք պետք է գնաք, բայց չէի՞ք կարող… չէի՞ք տրամադրի… մի քանի վայրկյան ևս:
ԱՆԻ — Այո, իհարկե:
ՀԵՆՐԻ — Եթե չե՛ք շտապում:
ԱՆԻ — Ես ձեզ լսում եմ:
ՀԵՆՐԻ — Սա ձե՞ր գրածն է:
ԱՆԻ — Ոչ, պարոն:
ՀԵՆՐԻ — (Անիի առաջ դնելով փաստաթղթերի տրցակը): Նստեք, նայեք, թե որն է ձեր գրածը:
Անին նայում թղթերը, մի կողմ է դնում: Հենրին հանգիստ բերում է ևս մի գրություն, ու նա ճանաչում է իր գրածը:
ԱՆԻ — Այո, սա իմ կազմածն է:
ՀԵՆՐԻ — Ներեցեք, որ ուշացնում եմ ձեզ, բայց ոնց որ սխալ կա:
ԱՆԻ — Ամեն ինչ ճիշտ է, թվերն ստուգված են:
ՀԵՆՐԻ — Ի՞նչ եք կարծում, երեք տոննա ցեմենտից հետո… չարժի՞ դնել… դե… ասենք… մի ստորակետ ևս:
ԱՆԻ — Ի՞նչ…
ՀԵՆՐԻ — Ստորակետ: Ա՛յ, այստեղ: Բայց եթե շտապում եք, թող մնա վաղը, շտապ չի: Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այլայլվեցիք:
ԱՆԻ — (փորձելով թաքցնել շփոթմունքը): Չէ, ոչինչ, ուղղակի…Ձեր օծանելիքի բույրը… մի քիչ սուր է…
ՀԵՆՐԻ — Ներողություն:
ԱՆԻ — Հիմա կուղղեմ:
ՀԵՆՐԻ — Ոչինչ, ոչինչ, լուրջ բան չկա, կարող էր և չդրվել: Ցտեսություն: (Գնում է):
Անին գրիչը նետում ու նետվում է Հենրիի հետևից, բայց անսպասելի հայտնված թիկնապահը չի թողնում ու նրան դուրս է տանում ուրիշ ելքով: Հենրին վերադառնում է, Անիին չգտնելով` նետվում է նրա հետևից:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
Նորաձևության պալատում: Աշխատակիցներ, սպասուհիներ, մատուցողներ, թղթակիցներ, դիմահարդարներ, զգեստապահներ: Լուսանկարիչը հարմար տեսարաններ է ընտրում ու նկարում: Թիկնապահներն ուղեկցում են Անիին ու Քրիստիին:
ՕԳՆԱԿԱՆ — (հանձնելով մեկին` սպասուհու, մյուսին` լվացարարուհու համազգեստ): Գործի անցեք, արա՛գ:
Օգնականը գնում է:
ԱՆԻ, ՔՐԻՍՏԻ — Ի՞նչ: Բայց մենք զգեստներ չէի՞նք ցուցադրե…
Թիկնապահներն իրենց տեղում են, ելք չկա: Անին ու Քրիստին հագնվում են:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — (ամեն մեկին գոգնոց տալով): Դո՞ւք ով եք: Դե, արագացրե՛ք, թե չէ գրոշ չեք ստանա:
Անին ու Քրիստին վերջապես հասկանում են, թե ուր են ընկել:
ԱՆԻ — Գոնե վճարելու են…
ՔՐԻՍՏԻ- Սերժն ինձ հաստատ կսպանի:
ԱՆԻ — Ուրեմն, չի իմանա: Չէ՞:
ԿԱՌԱՎԱՐԻՉ — Գործ արեք, չաչանակության տեղ չէ: (Հաշվարկներ անելով): Սպասե՛ք, ախր դուք ո՞վ եք… Ասեք ձեր անունները, տեսնեմ, դուք չկաք իմ ցուցակում:
ՔՐԻՍՏԻ — Ո՞նց թե:
ԱՆԻ — (ետ քաշելով ընկերուհուն): Բա ի՞նչ էիր կարծում:
ՔՐԻՍՏԻ — Ո՞նց թե` չկանք…
ԱՆԻ — Քրի՜ս, խնդրում եմ, դրանք մեզ փող տվող չեն, ոչ էլ մեզ պետք է…
ԿԱՌԱՎԱՐԻՉ — Ասեք ձեր անունները:
ԱՆԻ — Մենք չենք վարձատրվելու, մի անհանգստացեք…
ՔՐԻՍՏԻ — Անի՜:
ԱՆԻ — Ի՞նչ:
ՔՐԻՍՏԻ — Սերժն ինձ հաստատ կսպանի:
ԱՆԻ — Ասել ես՝ ե՛ս քեզ կսպանեմ: Չկասկածե՛ս:
Մատուցողուհիներից մեկը ծանր մատուցարանը դնելով սեղանիկի վրա, նաև գոգնոցը` վազում է զուգարան: Անին վերցնում է նրա թողած գոգնոցն ու մատուցարանը և հեռանում: Գալիս է Օգնականը:
ՕԳՆԱԿԱՆ — (Քրիստիին տանելով իր հետ): Որտե՞ղ եք, գրողը տանի, բեմ մտեք, շուտ:
Գալիս են աճուրդի մասնակիցները: Գալիս են բուժաշխատողի, խոհարարի, մատուցողի, սպասավորի, շինարարի, հանքափորի համազգեստերով մոդելներ, շրջանաձև պտտվում բեմում:
ՕԳՆԱԿԱՆ — (Քրիստիին հրելով շրջանի մեջ): Ձեր ուշադրությանը ներկայացվող այս նմուշները նախատեսված են սպասարկող անձնակազմ ունեցող հիմնարկների համար:
Քրիստին ցուցադրում է լվացարարուհու համազգեստը: Գալիս է Անին` մատուցարանը ձեռքին, նկատելով տիկին Լյուսիին, փորձում է դեմքը թաքցնել նրանցից, բախվում է ապշահար Հենրիին, նրա ձեռքն է խցկում մատուցարանն ու փախչում է, բայց հանդիպում է գազազած Մատուցողուհուն: Անին նահանջում է, Քրիստին նրան քաշում է շրջան, վրայից հանում գոգնոցը: Մատուցողուհին Հենրիի ձեռքից վերցնում է մատուցարանը: Գալիս են Սերժն ու Սոսը: Սերժը նետվում է դեպի Քրիստին, Սոսը պահում է նրան:Անին ու Քրիստին ուզում են փախչել, թաքնվել: Լուսանկարչական ապարատները չրխկում են, լուսարձակում…
ՏՆՕՐԵՆ — Վերջ: Սա վերջն է: Աղետ…
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Սիրելիս, խնդրում եմ, պետք չէ խուճապի մատնվել:
ՏՆՕՐԵՆ — Լյուսի՜…
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Հավատա, ամեն ինչ իր լուծումն ունի:
Լուսանկարիչներն աշխատում են: Մեծ գոնգ են հրում բեմ:
ՕԳՆԱԿԱՆ — Լոտ թիվ մեկ: Գինը` հինգ հարյուր դոլար:
ԳՆՈՐԴ — (դահլիճից): Ես վեց էլ կտամ, ի՞նչ ա եղել որ:
ՕԳՆԱԿԱՆ — Վեց հարյուր դոլար` մեկ…
Տնօրենը կասկածանքով շուրջն է նայում:
ՕԳՆԱԿԱՆ — … վեց հարյուր դոլար` երկու, վեց հարյուր դոլար` երեք: Վաճառված է:
Մեկն ուժգին խփում է գոնգին` ազդարարելով վաճաքի մասին:
ՏՂԱՄԱՐԴ — (շրջվելով դեպի գնորդը): Մնաց վրե՞դ, ապե…
ՕԳՆԱԿԱՆ — Լոտ թիվ չորս: Նախնական գինը` հինգ հարյուր դոլար: Ցանկացողներ…
ԿԻՆ — Երկու հարյուրով տվեք` առնեմ:
ՕԳՆԱԿԱՆ — Երեք հարյուր դոլար: Ցանկացողնե՞ր: Չե՞ք ցանկանում գնել, տիկին: Ինչպես կամենաք: Լոտ թիվ վեց:
Անին ու Քրիստին փախչելու ճամփա են փնտրում:
ՕԳՆԱԿԱՆ — (քաշելով Անիի թևից՝ ներկայացնում է աճուրդի, ասես նրան է վաճառում, ոչ թե զգեստը): Նախնական գինն է յոթ հարյուր դոլար: Լոտ թիվ տասնմեկ: Հյուրանոցների, ակումբների, կազինոների և այլ ոչ օրդինար հաստատությունների սպասուհիների համար նույնքան ոչ օրդինար համազգեստ: Գնեք այս օրիգինալ գեղեցկուհու իրավունքը և կարող եք այն միայն ձեր հիմնարկում ունենալ: Նախնական գինն է յոթ հարյուր դոլար:
ՄԻ ՁԱՅՆ — Յոթ ու կես:
ՈՒՐԻՇ ՁԱՅՆ — Ութ:
ՕԳՆԱԿԱՆ — Ութ հարյուր դոլարից ավելի գնահատող կա՞… Ձեր կամքն է: Համեցեք: Ութ հարյուր դոլար… մեկ, ութ… հարյուր դոլար…
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐԸ — Հազար:
ՏԻԿԻՆ — Շնորհավորում եմ, սիրելիս: Այսպիսի հաջողություն դեռ չես ունեցել:
ՏՆՕՐԵՆ — Բան չեմ հասկանում:
ՕԳՆԱԿԱՆ — Հազար դոլար` երկու… Հազար դոլար`… ե՜… րե՛ք: Վաճառված է: (Անիի ձեռքը բաց թողնելուն պես Քրիստիի ձեռքը բռնելով): Հարգաժան այրեր, հաջորդ նմուշն անմիջականորեն կապված է նախորդի հետ: Եթե սպասուհի, ուրեմն, նաև լվացարարուհի: Եվ այսպես: Լոտ թիվ տասներկու: Հյուրանոցների, ակումբների, կազինոների և այլ ոչ օրդինար հաստատությունների լվացարարուհիների համար նույնքան ոչ օրդինար համազգեստ: Գնեք այս օրիգինալ գեղեցկուհու իրավունքը և կարող եք այն միայն ձեր հիմնարկում ունենալ: Նախնական գինն է… ը… ութ հարյուր դոլար:
ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ… խելքը թռցրել է…
ՕԳՆԱԿԱՆ — Ո՞վ ավելի կտա: Ո՞վ կցանկանա գնել:
ՔՐԻՍՏԻ — (շշուկով): Ես ամոթից մեռա:
ԱՆԻ — Շը՜շշ…
ՔՐԻՍՏԻ — Ան, էլ չեմ դիմանում, ուր որ է…
ԿԻՆ — Եթե ուզող չկա, ես ութ հարյուրով կվերցնեմ:
ՕԳՆԱԿԱՆ — Ո՞վ ավելի կտա: Ո՞վ… ութ հարյուր դոլար… մեկ: Դե՜… ութ հարյուր դոլար… երկո՜ւ… Հը՞…
ՏՆՕՐԵՆ — Նախնական գինը վեց հարյուր հիսուն դոլար էր: Երկուսինն էլ:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Լավ է, լավ է… Հանդարտվիր:
Անին ու Քրիստին փորձում են ճողոպրել, Սերժն ու Հենրին` մոտենալ նրանց: Զանգ—գոնգը դղրդում է` ազդարարելով վաճառքը:
ՕԳՆԱԿԱՆ – …ութ հարյուր դոլար, երե՛ք: Վաճառված է:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — (Տնօրենին): Ես գոհ եմ, ախպեր:
ՏՆՕՐԵՆ — Ուրախ եմ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — (հրավիրատոմս տալով): Հրավիրում եմ իմ օջախի բացումին: (Համբուրում է տիկին Լյուսիի ձեռքն ու գնում):
ՏՆՕՐԵՆ — (տիկին Լյուսին` կամաց): Գնացինք` շորերի գինը կհանի մեզնից…
ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ — Շնորհավորում եմ: Շատ ճոխ էր ամեն ինչ:
ԱՆԻ — Քրիս, մտածիր, թե ոնց ենք դուրս պրծնելու: Ոնց ենք մեր անձնագրերը ետ ստանալու: Ո՞ւր են էդ տորքերը: Գտնենք, անձնագրերը վերցնենք, քանի նոր պատիժ չեն մոգոնել:
ՔՐԻՍՏԻ — Աղոթիր, որ էսքանով պրծնենք: Տեր Աստված, փրկիր: Սերժն ինձ արդեն կսպանի… Գոնե անձնագիրը… ձեռքս լինի…
ՕԳՆԱԿԱՆ — (նրանց): Մենք կարող ենք հաջող բիզնես անել, եթե այսօրվա պես համագործակցեք, խոստանում եմ` չեք զղջա:
ՔՐԻՍՏԻ — Արդեն զղջում ենք:
ՕԳՆԱԿԱՆ — Որ չթողեցինք` բանտ ընկնե՞ք…
ԱՆԻ — Էդ ի՞նչ էինք արել, որ բանտ ընկնեինք:
ՔՐԻՍՏԻ — Ավելի լավ էր բանտ ընկնեինք, քան էսքան նվաստացում տանեինք:
Թիկնապահներն անտարբեր անցնում են նրանց կողքով:
ԱՆԻ — (թիկնապահներին): Մեր անձնագրերն ո՞ւր են, վերադարձրեք:
Թիկնապահներն անխոս թոթվում են ուսերը:
ՔՐԻՍՏԻ — (նկատելով մոտեցող Սերժին): Փախցրեք մեզ այստեղից, խնդրում եմ:
ԱՆԻ — Խնդրում ենք: Շատ ենք խնդրում:
Անիի թիկնապահը նայում է նրան, շուրջը, և անմիջապես ամեն ինչ թաղվում է մթության մեջ:
ԱՆԻ — Աո՜ւ… Հասանք: Վերջ:
ՔՐԻՍՏԻ — Դագաղի մեջ ենք:
ԱՆԻ — (ինքն իրեն): Կափարիչը փակ, կողերը փակ…
ՔՐԻՍՏԻ — Գժվեցի՞ր… Չգժվես, Ան ջան, կյանքիդ մեռնեմ: Քեզ պահիր, մի ելք կլինի:
ԱՆԻ — Ֆո՜ւ… Այս ի՞նչ տեղ է:
ՔՐԻՍՏԻ — Հոտից դատելով` կոյուղու թունել:
ԱՆԻ — Մեռա:
ՔՐԻՍՏԻ — Սպասի՛ր, թե չէ ո՞ւր ես ընկնելու, դատելով հոտերից…
ԱՆԻ — Սպասի՛ր և հուսա, հա՞:
ՔՐԻՍՏԻ — Էդ մարդը մեծ մարդ է, մի բան հասկացել է կյանքից, որ էդ խոսքերն է ասել:
ԱՆԻ — SMS ուղարկիր, որ իմ տանն ես գիշերելու:
ՔՐԻՍՏԻ — Հը՞:
ԱՆԻ — Դե, ուղարկիր, որ չփնտրեն քեզ, գնան: Մենք էլ դուրս գանք էս գարշահոտությունից:
ՍՈՍ — (Սերժին): Կարող է` արդեն տանն են, արի գնանք:
ՍԵՐԺ — Տանն են` թող հեռախոսը վերցնեն:
ՍՈՍ — Վերցնեն` ի՞նչ պատասխանեն: Արի գնանք:
Սերժը զանգում է, զանգը շատ մոտիկ է լսվում, հեռախոսի լույսի ուղղությամբ գտնում է աղջիկներին:
ԱՆԻ — Սոված եմ…
ՔՐԻՍՏԻ — Սերժ… ես Անիի հետ… իրենց տուն… գնամ, հետո կգամ… Հա՞…
Սերժը զայրացած հեռանում է:
ՔՐԻՍՏԻ — Վերջ, հիմա հաստատ կսպանի:
ԱՆԻ — Ի՞նչ ես կարծում, թիկնապահները հա՞մր էին, թե՞ չէին խոսում:
ՔՐԻՍՏԻ — Անի՜…
ԱՆԻ — Ափսոս… Չստուգեցինք:
ՔՐԻՍՏԻ — (պոռթկալով): Անի՜…
ԱՆԻ — Ի՞նչ, սոված մեռա:
Լուսավորվում է, թիկնապահները կանգնած են նրանց թիկունքում:
ՄԱՏՈՒՑՈՂ — (գալով և ճաշացուցակ մեկնելով): Որն էլ ընտրեք, չեք զղջա, մեկը մյուսից համեղ է:
ՔՐԻՍՏԻ — (ճաշացուցակը վերցնելով): Շնորհակալություն:
Մատուցողն Անիին էլ է ճաշացուցակ մեկնում, Անին վերցնում է, բացում ու կտրուկ փակում է:
ՔՐԻՍՏԻ — Անի՞…
ԱՆԻ — (հեռանալով): Ախորժակս փախավ:
ՔՐԻՍՏԻ — (հեռանալով): Ներողություն:
ՔՐԻՍՊԱՀ — Ի՞նչ եղավ:
ԱՆԻՊԱՀ — Ախորժակը փախավ:
ՔՐԻՍՊԱՀ — (խորհրդավոր): Ա՜…
ԱՆԻՊԱՀ — Դե, ես գնացի:
ՔՐԻՍՊԱՀ — Ես էլ եմ գալիս:
Գնում են: Գալիս են Քրիստին ու Անին, քիչ անց՝ ակումբի տերը:
ՔՐԻՍՏԻ — Գիտեմ, որ խելագար ես, բայց մարդավարի չէի՞ր կարող…
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Նորից բարև ձեզ:
ՔՐԻՍՏԻ — Մենք այնտեղ չենք աշխատում:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Գիտեմ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — (Անիին): Բա՞ն է պատահել:
ՔՐԻՍՏԻ — Ախորժակն է փակվել:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Պատահում է: Համեցե՛ք: (Այցեքարտ տալով): Նոր ակումբ եմ բացում: Առավոտյան հանդիպենք, խոսենք:
ԱՆԻ — (չի վերցնում): Շնորհակալություն:
ՔՐԻՍՏԻ — Մենք աշխատանք չենք փնտրում:
ԱՆԻ — (այցեքարտը վերցնելով): Բարի գիշեր:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Բարի գիշեր: Մինչև վաղը:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
Ակումբ: Առավոտ:Մեկը մեղմ սուլելով անցնում է, մյուսը կիթառ է նվագում: Հավաքարարները եռուզեռի մեջ են, աշխատակիցները զբաղված են, այցելուներ չկան: Գալիս են Անին ու Քրիստին:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — (նրանց ընդառաջ գնալով): Բարի գալուստ մեր օջախ:
ԱՂՋԻԿՆԵՐ — Բարև ձեզ:
ԱՆԻ — (շուրջը նայելով): Բեմը կծածկեի շղարշե վարագույրով… Կիթառահարը կնստեր բեմեզրին… Պատի նկարները կփոխեի, գույներն ավելի պաստելային լինեն` ընդհանուր նարնջածիրանագույն ֆոնի վրա: Մատուցողները նրբասահ շարժումներով խորտիկներ են մատուցում, գալիս են զույգեր, միայն զույգեր, տարբեր տարիքի զույգեր, բոլորը ժպտում են, բոլորը հաճելի տրամադրություն ունեն…
Բջջայինի զանգը ընդհատում է հովվերգությունը: Անին մինչև հանում է պայուսակից` հեռախոսը լռում է: Նայում է համարին, խոժոռվում է:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Հավանեցի՞ք:
ԱՆԻ — Սա ուրիշ աշխարհ է, ուրիշ ներկայացումների տեղ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — (ներկայացնելով): Սցենարիստ ունենք:
ԱՆԻ — Ձևավորելն ինձ վրա:
ՏՆՏԵՍՎԱՐ — (սկուտեղի վրա մկրատ բերելով): Խնդրեմ:
ԱՆԻ — Էլի՞ մկրատ: Շնորհակալություն, պետք չէ:
ՔՐԻՍՏԻ — Ծաղիկներն` ինձնից:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Պայմանավորվեցինք:
ՍՑԵՆԱՐԻՍՏ — (Աիին): Ինչ է պետք գրե՞լ:
ԱՆԻ — Երեկոյան աքաղաղները բաց ծովում:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Ծովն ինչպե՞ս եք ձևավորելու:
ԱՆԻ — Մի բան կմտածենք: Պահպանակներով:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — (տնտեսվարին): Բերե՛ք:
Տնտեսվարը մկրատի վրա պահպանակ է դնում, մոտենում Անիին: Բոլորը սպասողական նայում են Անիին:
ԱՆԻ — (չիմանալով անելիքը): Ջուր լցրեք:
ՏՆՏԵՍՎԱՐ — Լցրինք:
Ջուր է լցնում պահպանակի մեջ:
ԱՆԻ — Էլի՛:
Սրվակին փոխարինում է բաժակը, հետո` ավելի մեծ բաժակը, դրան հաջորդում է շիշը, ապա` դույլը, ի վերջո, խողովակ են միացնում:
ՏՆՏԵՍՎԱՐ — Ուղիղ քսան լիտր:
ԱՆԻ — (դեռ անելիքը չիմանալով): Էլ տեղ չկա՞:
ՏՆՏԵՍՎԱՐ — Ոչ, օրիորդ:
ԱՆԻ — Հոյակապ է:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐԸ — Ե՞վ…
ԱՆԻ — Ծովի մեջ աքաղաղներ են վազվզում… մեկ-մեկ բռնում ենք դրանց, ներկում, հետո… կամ կեղծամ ենք հագցնում, կամ գլխաշոր կապում: Չէ, ավելի ճիշտ, բոլոր սպասավորները աքաղաղների հագուստներով են ու նրանք աքաղաղների կատարներ են հագցնում բոլոր այցելուներին… հագցնում, ներկում…
Սպասավորներից մեկը հանում է իր երևակայական փետուրներից մեկը և նվիրում է Անիին, ապա, վիզը ծիծաղելի երկարեցնելով, զիլ կանչում.
ՍՊԱՍԱՎՈՐ — Ծուղրուղո՜ւ…
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Էսքիզնե՛րը:
ԱՆԻ — Վաղը կլինեն:
ՔՐԻՍՏԻ — (Անիի թևից բռնած տանելով): Ցտեսություն: Մինչև վաղը:
Բեմեզր է գալիս Հաստլիկ Խիտը: Սպիտակ վերնաշապիկով է, պիջակը թևին գցած, նոր է դուրս եկել հոգեբուժարանից, խորը շնչում է ու ժպտալով քայլում:
ՍՊԱՍԱՎՈՐ — Ծուղրուղո՜ւ…
Հաստլիկ Խիտը քարանում է տեղում: Բեմը պտտվում է.
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ
Բորսա: Առավոտ:
ԱՆԻ — (դիմումը ձեռքին մոտենում է Խիլին): Ծուղրուղո՛ւ:
ԽԻԼ — Ծուղրուղո՞ւ… զարթնի՛ր:
ԱՆԻՆ — Շեֆը դեռ չկա՞:
ԽԻԼ — Ուրախ չե՞ս:
ԱՆԻ — (դիմումը տալով): Խնդրում եմ նրան հանձնեք: Շնորհակալություն:
ԽԻԼ — Ի՞նչ: Ո՞նց թե…
ԱՆԻ — (բջջայինը փնտրելով): Հա, ուրիշ աշխատանք եմ գտել:
ՀԵՆՐԻ — (հեռախոսը խլելով Անիի ձեռքից, զանգում է): Պալատի տնօրենը մեզ հրավիրում է ճաշկերույթի: (Հեռախոսի զրուցակցին.) Կյա՞նք…
Անին ժեստով հասկացնում է, որ ինքը չի գնա:
ՀԵՆՐԻ — (հեռախոսի մեջ): Ալո… մա՞մ…
ԱՆԻ — Մա՞մ… Մա՛մ: Մա՜մ…
ՀԵՆՐԻ — Հա, գիտեմ, ինձ էլ ասաց, բայց… Ներիր սիրելիս, ես չեմ կարող գալ… Այս պահին… Չէ, մի քնքուշ արարածիկի հետ եմ… Ամաչում է… Ուզում է գալ, բայց չի համաձայնվում… Ներիր… Անպայման: Չէ, ի՞նչ համեստ, միայն այսօր է… Լավ, զգույշ կլինեմ: Ձեզ հաճելի ժամանց: Առայժմ:
ԱՆԻ — (հեռախոսը խլելով): Արարածիկը դու ես:
ՀԵՆՐԻ — Ի՞նչ կա-չկա:
ԱՆԻ — Երեք օր է` ոչինչ չեմ կերել:
ՀԵՆՐԻ — (իբր վախեցած): Ես համով չեմ:
ԱՆԻ — Ի՞նչ գիտես…
Բեմը պտտվում է, նրանք հայտնվում են ռեստորանում:
Ռեստորան:
ՀԵՆՐԻ — (մատուցողին): Նկատի ունեցեք` օրիորդը երեք օր է` ոչինչ չի կերել: Սպասումի ծանր րոպեներին չի դիմանա, մանավանդ, խոզի խորոված շատ է սիրում:
ԱՆԻՆ — (այլայլված ): Աա՜…
ՀԵՆՐԻ — Իհարկե, տապակած իշխան էլ է սիրում, բայց ոչ այնքան, ինչքան տրյուֆելներով հնդուհավը: Օրիորդը պաշտում է թռչնի միս: Էլ ի՞նչ կա, ահա… Աղցան «Ցեզար», այսինքն` կեսար: Պիցցա… «Նրբությո՜ւն»: Կոտլետ հոլանդական… պանիր աֆրիկյան… Եվ ձեր ճաշացանկի բոլոր խմիչքները:
ՄԱՏՈՒՑՈՂ — (խոնարհվելով): Ներեցեք, ի՞նչ բերեմ:
ԱՆԻ — Ինչ որ պատվիրեց պարոնը: Հենրի, կրկնի՛ր, խնդրում եմ:
ՀԵՆՐԻ — (մատուցողին): Ի՞նչ է, չե՞ք հիշում:
ՄԱՏՈՒՑՈՂ — (շփոթված շտապում է հեռանալ): Հիշշշ…
Գալիս է մատուցողների շարասյունը, դասավորում են ափսեները, հետո շարվում են զույգի շուրջը:
ՀԵՆՐԻ — (իբր անտարբեր, իրականում` լարված): Դուք կարող եք գնալ, բայց մնացեք:
ԱՆԻ — Այո, շատ համեղ տեսք ունեն: (Նկատելով Հենրիի թիկունքում կանգնած թիկնապահին, որը ցույց է տալիս իր ու Քրիստիի անձնագրերը): Ըհը, ըհը՛:
ՀԵՆՐԻ — Այո՜:
Անիպահը սկուտեղի վրա անձնագրերը թաքուն մատուցում է Անիին: Գալիս է Հաստլիկ Խիտը:
ԱՆԻ — (իրեն փրկված զգալով՝ ընդգծված սիրալիր): Ա՜… Ողջո՜ւյն, պարոն Խիտ, համեցե՛ք…
Հաստլիկ Խիտը մոտենում է, կասկածանքով նայում նրանց, առատ սեղանին ու փախչում:
ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԵՐԸ — (ոսկե սկուտեղի վրա հանդիսավոր ներկայացնելով հաշիվը): Ահավասիկ:
Հենրին տեսնելով գումարը` ուշաթափվում է: Թիկնապահները նրան դուրս են տանում: Բեմը պտտվում է… Տիկին Լյուսին ու Քրիստին իրար դեմ են գալիս` խոսելով բջջայինով:
ՔՐԻՍՏԻ — Ալո… Անի՞… Ի՞նչ… Դիմացիր, գալիս եմ:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Հենրի՞: Ո՞վ է: Գալիս եմ… Ասացի էլ` համեստներից հեռու մնա:
Սերժն ու Սոսը փակում են Քրիստիի ճամփան:
ՍՈՍ — (հաշտարար դատավորի նման կանգնելով ամուսինների միջև): Քրի՛ս, թող Սերժը քշի, հա՞:
Տնօրենի հետ գալիս են թիկնապահները:
ՏՆՕՐԵՆ — (տիկին Լյուսիին): Ի՞նչ է պատահել:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Չհասկացա, օտար ձայն էր: Ասաց` Հենրին վատ է զգում: Դու մնա հյուրերի մոտ, ես քեզ կզանգեմ:
ՏՆՕՐԵՆ — Վստա՞հ ես:
ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ — Դե՜…
ՏՆՕՐԵՆ — (թիկնապահներին.) Ուղեկցե՛ք:
Բացի Տնօրենից բոլորը գնում են: Տնօրենը մտահոգ է:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
Սերժի ու Քրիստիի տանը: Գիշեր: Անին ճչում է որովայնի ցավից, Քրիստին բերում է թեյնիկ ու շատ մեծ թաս:
ԱՆԻ — (տեսնելով թեյնիկը): Վայ չէ, Քրիս: Ինչ ասես` կանեմ, միայն թե չխմեմ, հավատա, տեղ չկա:
ՔՐԻՍՏԻ — Ավելի լավ, շուտ ետ կգա:
ՍԵՐԺ — (զանգում է): Բարի երեկո, Ֆրի դա… Հա, ես եմ… Ոչ… Այո… Ո՞ւր… Լավ: Գալիս ենք: Մեկին էլ Սոսի համար վերցրու:
ՔՐԻՍՏԻ — (Անիի մեջքը շփելով): Ֆրի… դա, հա՞: Ոչ մի Ֆրիդա: Ֆրի… նետ: (Անիին,) Վեր կաց: Գնացինք:
ԱՆԻ — Ո՞ւր…
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Հենրիի տունը: Գիշեր: Սոսը հսկում է Հենրիին: Գալիս են տիկին Լյուսին ու թիկնապահները:
ՏԻԿԻՆ — Հենրի՛, որդի՛ս… (Ալկոհոլի հոտ առնելով): Ֆո՜ւ, խմա՞ծ ես… (Սոսին.) Դուք ո՞վ եք:
Սոսը հապաղում է, ապա լուռ հեռանում է:
ՏԻԿԻՆ — Հենրի, որդի՛ս, սթափվի՛ր, մի բան ասա, ի՞նչ է պատահել, դարդի՞ց ես խմել, հա՞…
Թիկնապահները լուռ են, Քրիստին քարշ տալով բերում է Անիին:
ՔՐԻՍՏԻ — Հա: Հանգստացնող եմ տվել, մի քիչ քունը տանում է, վախենում եմ մենակ թողնել: Թող քնի, մինչև ետ գամ:
ԱՆԻ — (փարվելով տիկին Լյուսիին): Ծուղրուղու, Քրիս, ծուղրուղու:
Քրիսպահը կարճ հայացք է փոխանակում Անիպահի հետ ու հետևում է Քրիստիին: Թիկնապահն Անիին նստեցնում է Հենրիի կողքը:
ԱՆԻ — (քնաթաթախ): Ծուղրուղու, Քրիս, բայց սա նրա հոտն է:
ՏԻԿԻՆ — Հենրի՛, խնդրում եմ, աղաչում եմ, մի վայրկյան աչքերդ բաց:
ՀԵՆՐԻ — Լավ էլի, մա՜… Թող քնեմ…
Անիպահը ջուր է ցողում Հենրիի դեմքին: Հենրին ավելի է հակվում Անիին:
ԱՆԻ — (Հենրիի օծանելիքից սթափվելով` ճչում է): Քեզ ասում եմ` սա նրա հոտն է: Քրի՜ս…
ՏԻԿԻՆ — Հենրի՛, դու ճանաչո՞ւմ ես այս աղջկան:
ՀԵՆՐԻ — (ուշքի չեկած): Ճաշկերույթն ավարտվե՞ց… Մա՞մ, շուտ չե՞ս եկել:
ՏԻԿԻՆ — Հենրի՛:
ՀԵՆՐԻ — (չսթափված): Մա՞…
ՏԻԿԻՆ — Հենրի, դու ճանաչո՞ւմ ես այս աղջկան:
ՀԵՆՐԻ — Ի՜նչ իմանամ: Ծանոթ ենք: Կարծեմ սիրում եմ… Հա՞ որ… Մա, դու ինչո՞ւ ես տանը:
ՏԻԿԻՆ — Եկա տեսնեմ` ինչպես եք:
ՀԵՆՐԻ — Լավ ենք: (Անիին.) Չէ՞:
Թիկնապահը տիկին Լյուսիին առաջարկում է իր թևը:
ՏԻԿԻՆ — Շատ բարի: Ներեցեք:
Գնում են:
ԱՆԻ — Գլուխս պտտվեց:
ՀԵՆՐԻ — Սուտ մի ասա, քոնը ստամոքսն էր:
ԱՆԻ — Իմ ստամոքսում արդեն ոչինչ չի պտտվում:
ՀԵՆՐԻ — Բերե՞մ:
ԱՆԻ — (վախեցած կառչելով Հենրիի թևից): Գթա՜:
ՀԵՆՐԻ — Օհո՜: Ոչ մեկ, ոչ երկու` արդեն չես թողնում քա՞յլ անեմ:
ԱՆԻ — Հենրի, դու անտանելի ես:
ՀԵՆՐԻ — Քո երեսից ինչ ասես` եկավ գլխիս, դեռ ե՞ս եմ անտանելի:
ԱՆԻ — Իմ երեսի՞ց, թե՞ քո նախաձեռնությամբ:
ՀԵՆՐԻ — Հանուն քեզ: Հոգեառ: Հանուն քեզ: Որ գնամ ընկնեմ ջուրը, տեսնես կպրծնե՞մ քեզնից:
ԱՆԻ — Ի՞նչ:
ՀԵՆՐԻ — Հեչ: Ասում եմ… Ես քեզ… կսպանեմ… մի օր:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
ՍԵՐԺ — (կնոջը՝ շշուկով, բայց զսպված զայրույթով, գնալով նրա հետևից): Դու, կարծեմ, կաթ չես խմում, ես հաստատ չեմ խմում, ամոթ չլինի հարցնելը, ինչո՞ւ ես առնելու: Թե՞…
ՔՐԻՍՏԻ — Թե՛:
ՍԵՐԺ — Ե՞վ…
ՔՐԻՍՏԻ — Եվ:
ՍԵՐԺ — Ճիշտն ասա: Ո՞ւր էիր գնում: Ո՞ւմ համար ես էդպես ներկվում: Վերջերս: Ոչ ինձ համար, չէ՞: Դու կաթ չես խմում, ես չեմ խմում, ինձ ինչի՞ տեղ ես դրել:
ՔՐԻՍՏԻ — Չեմ խմում` կխմեմ:
ՍԵՐԺ — Նոր մոդա՞ է, թե՞…
ՔՐԻՍՏԻ — Թե՛: Իսկ ուրիշներին հանգիստ թող, նրանք կապ չունեն: Մենք ենք պատասխանատուն:
ՍԵՐԺ — Ես կա՞մ էդ մենքի մեջ:
ՔՐԻՍՏԻ — Ոչ միայն:
ՍԵՐԺ — Ուրի՞շ: Քրի՛ս, ես քեզ… դե… հա՞: Կարո՞ղ է գոհ չես:
ՔՐԻՍՏԻ — Վերջ տուր:
ՍԵՐԺ — Չէ, պարզ ասա, ես քեզ (գրեթե անձայն) բավարարո՞ւմ եմ:
ՔՐԻՍՏԻ — Գռեհիկ:
ՍԵՐԺ — Ուրեմն, դու անե՛ս, ես չասեմ էլ, հա՞: (Զայրացած): Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչդ էր մեռել Նորաձևությունների պալատում:
ՔՐԻՍՏԻ — Հենրիի մայրը: Մենք կարծում էինք` կինն է կամ սիրուհին, պարզվեց` մայրն է:
ՍԵՐԺ — Եվ ի՞նչ գործ ունեիք այդ հարբեցողի կնոջ, մոր ու սիրուհու հե՞տ:
ՔՐԻՍՏԻ — Ուզում էինք պարզել, թե ով է` հետևում էինք: Բռնվեցինք:
ՍԵՐԺ — Ու, որպես պատիժ, ձեզ ծաղրուծանակի ենթարկեցին` քամակներդ բաց ի ցույց դնելով հասարակության առաջ… Քրի՛ս:
Ճամպրուկները ձեռքին գալիս է Հաստլիկ Խիտը, փորձում ամուսիններից աննկատ մնալով հեռանալ:
ՔՐԻՍՏԻ — Էդ նրանք չծաղրեցին…
ՍԵՐԺ — Բա ո՞վ, ասա, գնամ գլուխները ջարդեմ:
ՀԱՍՏԼԻԿ ԽԻՏ — (ահաբեկված թաքնվելով ճամպրուկների ետևում): Ըը՜…
ՔՐԻՍՏԻ — Միամիտ եղավ, հասկացիր, չնկատեցինք, կպանք պահարանին…
ՍԵՐԺ — Աչքերդ ու՞ր էին…
ՔՐԻՍՏԻ — Քեզ էին տեսել:
ՍԵՐԺ — (Հաստլիկի ճամպրուկի միջինը թափելով և մտնելով մեջը): Քրի՛ս, զգույշ, մտածելով ասա` ինչ որ ասում ես:
ՔՐԻՍՏԻ — (նստելով մյուս ճամպրուկի վրա): Սկզբում տեսանք, որ երեքն էլ դահլիճում են` շշմեցինք:
ՍԵՐԺ — (բացատրելով երևակայական ունկնդիրներին): Կինը, մայրը և սիրուհին:
ՔՐԻՍՏԻ — Դա մի մարդ է:
ՍԵՐԺ — Ախ, հա: Դա մի մարդ էր: Երկրորդը. ամուսինը, հայրը և… սիրեկանը: Բրավո: Սա էլ մի մարդ է, չէ՞: Իհարկե: Կեցցե՜մ ես: Իսկ երրո՞րդը… Քո ինչն է, ամուսի՞նը: (Տեղից վեր թռչելով): Ո՜չ: Ուրեմն, ո՞վ: Հա՞յրը: (Խաչակնքվելով): Աստված հոգին լուսավորի: Հա՜, սիրեկանը, ո՞նց էի մոռացել: Ո՞ւր է, ո՞վ է: Ասա՛:
ՔՐԻՍՏԻ — Տղա՛ն, տղա՛ն, տղա՛ն:
ՍԵՐԺ — Որը, հարգարժան ատենակալներ կամ երդվյալներ, աչքի է ընկնում հարբեցողի լիարժեք կարգավիճակով ու…
ՔՐԻՍՏԻ — Այդ ժամանակ էլ, հակառակի պես, դու ու Սոսը եկաք:
ՍԵՐԺ — (թակելով ճամպրուկի ետևում թաքնվածի գլխին): Լսեցի՞ք. «Հակառակի պես…»: Ամուսինն ու ամուսնու ընկերը: Որ ամբողջ օրը քաղաքով մեկ իրենց կանանց էին փնտրում, որոնք անամոթաբար անջատել էին հեռախոսները կամ ուղղակի չէին պատասխանում: (Երևակայական դատավորներին.) Բարի եղեք նկատի ունենալ: Շնորհակալություն: Խնդրեմ, տիկին, շարունակե՛ք:
ՔՐԻՍՏԻ — Ուզում էինք փախչել, որ մեզ չնկատեք: Ու…
ՍԵՐԺ — Այ, տեսնո՞ւմ եք: Փախչել… Ինչո՞ւ…
Սերժը ճամպրուկի միջից հանած իրերից հագնում է մեղադրողի թիկնոց ու կեղծամ, խոսում է մեղմ, բայց անողոք:
ՍԵՐԺ -Փախաք, որ չնկատվեք: Ինչո՞ւ: Որովհետև ձեր ամուսինը տեղյակ չէր, թե դուք ինչով էիք զբաղվում վերջերս, որովհետև այլևս չեք սիրում նրան և չեք վախենում, որ Ֆրիդան կխլի նրան, որովհետև ձեզ համար միևնույն է, որովհետև ձեր ամուսինը միշտ առաջ է փաղաքշում, իսկ դուք այնքան բարի եք, որ չեք ուզում նրան վշտացնել, որովհետև…
ՔՐԻՍՏԻ – Դու իրո՞ք այդպես ես մտածում:
ՍԵՐԺ — Ես` հեչ: Բայց էդ ումո՞վ ես էդպես տարված, որ թանկագին, անգին ընկերուհուդ էլ թողեցիր էդ վիճակում ու… Վստահ էիր, չէ՞, որ Ֆրիդայի հետ եմ, եթե թաքուն տեղ գնաս, չեմ իմանա… Չես սիրում` ուղղակի ասա, ես քեզ կհասկանամ:
ՔՐԻՍՏԻ — Էս ինչե՞ր ես բստրում: Ֆրիդան խլի՜, ես չեմ սիրո՜ւմ… Մտքո՜վդ չանցնի ինձ վրա բարդել, ես քեզ Ֆրի-մրի ցույց կտամ: (Սերժի գլխի կեղծամը պոկելով): Օղ արա, գցիր ականջդ. ես քեզ սիրում եմ և ոչ ոքի չեմ տա, հույս չունենաս:
ՍԵՐԺ — (ներում ստացած մահապարտի նման): Ճի՞շտ:
ՔՐԻՍՏԻ — Ճի՛շտ: Իսկականի հետ ճիշտ է: Եվ այլն:
ՍԵՐԺ — Դե, համբուրիր ինձ:
ՔՐԻՍՏԻ — Ոչ մի համբուրել, ծուղրուղուի մեկը:
ՍԵՐԺ — Բա ասում ես` սիրում ես:
ՔՐԻՍՏԻ — Սիրու՛մ եմ: Բայց չեմ համբուրի:
ՍԵՐԺ — Քրի՜ս…
ՔՐԻՍՏԻ — Հը՞… Լավ…
Քրիստին ձգվում է համբուրվելու:
ՍԵՐԺ — Եթե չես ուզում, պետք չի:
Բարձր երաժշտությունն խանգարում է նրանց: Այցելուներ են գալիս, Սերժն ու Քրիստին խառնվում են նրանց:
ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Ակումբի բացումն է, խումբը պարում է: Անին ու Ակումբի տերը հանդիսության հերոսներն են, բոլորը նրանց շնորհավորում են, շնորհակալություն հայտնում գեղեցիկ երեկոյի համար:
ՀՅՈՒՐ 1 — Շնորհավոր:
ՀՅՈՒՐ 2 — Ճաշակով է ձևավորված:
ՀՅՈՒՐ 3 — Ամենակարևորը` օրիգինալ:
ԱՆԻ — Ուրախ եմ, որ հավանում եք:
Բոլորը բաժակ են բարձրացնում: Սոսը հերթով մոտենում է բոլորին:
ՍՈՍ — (Անիին): Շնորհավորում եմ:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — (Անիին): Ապրես, լավ գործ ես արել:
ՀԵՆՐԻ — (հայտնվում է աքաղաղի փետուրներով զարդարված, տիրաբար գրկում Անիի ուսերը): Իսկ իրավաբանական տեսք տրվե՞լ եք ձեր համագործակցությանը:
ԱԿՈՒՄԲԻ ՏԵՐ — Անպայման:
ՀԵՆՐԻ — (Անիի ականջին): Ոչ մի խոսքի չվստահես, միայն կնքված փաստաթուղթ: Հասկացա՞նք իրար:
ԱՆԻ — (զարմացած): Դո՞ւ որտեղից հայտնվեցիր:
ՀԵՆՐԻ — Հրավիրված եմ:
ԱՆԻ — Ասացիր, որ չես գալու:
ՀԵՆՐԻ — Քո հրավերով չեմ եկել, այլ… (ակնարկելով ակումբի տիրոջը) հորեղբո՛րս:
ԱՆԻ — Ի՞նչ: Քո…
ՀԵՆՐԻ — Հա՛: Դու իմ ճակատագիրն ես:
ՍԵՐԺ — (Քրիստիի շամպայնի բաժակը փոխարինելով կաթի թղթե շշով): Դու էլ` իմ:
ՍՈՍ — (Անիին): Շնորհավորում եմ:
ԱՆԻ — Շնորհակալ եմ: Դու անփոխարինելի ընկեր ես:
ՍՈՍ — (ամուսիններին): Շնորհավորում եմ:
ՍԵՐԺ — Մե՞զ ինչի համար ես շնորհավորում:
ՍՈՍ — ¥ակնարկելով Քրիստիի հղիությունը¤: Ձեզ էլ՝ ձեր նորության համար:
ՔՐԻՍՏԻ — ¥Սերժին` արդարանալով¤: Ես բան չեմ ասել:
ՍԵՐԺ — Այսինքն…
ՍՈՍ — ¥շտապելով խառնվել պարուհիներին¤: Ներողություն, համարենք, որ ես էլ բան չեմ ասել:
ՍԵՐԺ — ¥Սոսի ետևից մտնելով պարուհիների մեջ¤: Սպասիր, է՜յ…
ՔՐԻՍՏԻ — Ո՞նց թե, էդ ի՞նչ եք անում…
ԲՈԼՈՐԸ — (երգում են): Ա՜խ, դու իմ սիրտն ես, իմ հոգին, իմ լավ, իմ անգին…
Ընկերները երգում են, պարում ու օրորվում, նրանց քեֆը լավ է, իրար հրմշտելով մոտենում են ճամպրուկների ետևից գողեգող դուրս ելողին ու ճանաչելով Հաստլիկին, միաբերան ողջունում են նրան:
ԸՆԿԵՐՆԵՐ – Ծուղ-րու-ղո՜ւ…