ՄԱՐԴԿԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՇՈՒՇԻԻ ԹԱՏՐՈՆԸ / Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Որտեղի՞ց է սկսվում թատրոնը, ո՞ւր է գնում… Այս հարցերը կարող են բազմաթիվ պատասխաններ ստանալ, բայց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դեպքում միանշանակություն կա. թատրոնն այնտեղ է, որտեղ իր հանդիսատեսն է, գնում է այնտեղ, որտեղ կարող է շնչել ու ապրել, կարող է շունչ տալ, ապրեցնել:
Պատերազմը, ցավոք, խմբագրում է բոլոր ծրագրերը, անգամ մարդկային ճակատագիրը: Շուշիի պետական թատրոնն էլ մարդկային ճակատագրով է, բայց չի դադարում իր առաքելության հաստատուն ճանապարհը հարթել: Խոչընդոտները շատ են, թատրոնի ստեղծագործական կազմի ցանկությունը փոքրիկ հանդիսատեսին մշտապես հեքիաթ պարգևելն է։
Այստեղ ու այս պահի արվեստի՝ թատրոնի բնությունը խաղն է: Շուշիում այդ խաղն ուրիշ գույն ուներ, հիմա ամեն ինչ փոխվել է: Շուշին մոտիկ է, բայց նաև շատ հեռու, իսկ Շուշիի թատրոնը կա, ապրում է՝ հայրենի Շուշի վերադառնալու անշրջելի հավատով:
ԹԱՏՐՈՆԻ ԵՐԵԿԸ
Շուշին մինչև 1865 թվականը թատրոն չի ունեցել։ Նույն թվականին թատերարվեստի ականավոր գործիչներ Գևորգ Չմշկյանը, Սեդրակ Մանդինյանը և Միհրդատ Ամրիկյանը միասին, ներկայացումներ խաղալու նպատակով, գալիս են Շուշի։ Խումբը խաղացել է Ս. Հեքիմյանի «Սամվել», Հ. Կարինյանի «Վարդան Մամիկոնյան» և «Շկոլի վարժապետ» ներկայացումները` զինվորական փողային նվագախմբի ուղեկցությամբ։
1882 թ. Շուշիում Պետրոս Ադամյանը հանդես է եկել Կորրադոյի («Ոճրագործի ընտանիքը») և Համլետի դերերում։
1880-1890 թ.թ. Շուշիի թատերասեր երիտասարդությունը հաճախակի քաղաքի հայոց թեմական դպրոցի դահլիճում տարատեսակ պիեսներ էր բեմադրում («Որդիական սեր», «Խաթաբալա», «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Վարդանանց պատերազմ», «Բռնի ամուսնություն», «Արշակ Երկրորդ» և այլն)։ Արդեն 1900-ականներին Շուշին հայտնի դարձավ մշակութային և թատերական ուրույն դիմագծով, որին մեծապես նպաստեց 1891 թվականին կառուցված թատրոնի շենքը։ Թատրոնի հիմնադիրն ու ղեկավարը եղել է Մկրտիչ (Նիկիտա) Խանդամիրյանը։ Թատրոնի բացման օրը` 1891-ի հուլիսի 7-ին, ինքնագործ թատերախումբը ներկայացրել է Մուրացանի «Ռուզան» պատմական դրաման։
ԹԱՏՐՈՆԻ ԱՅՍՕՐԸ
Մինչև 2008 թվականը Շուշիում գործում էր երեք թատրոն՝ Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային, Սոս Սարգսյանի անվան մանկական և Դրամատիկական: 2008-ին որոշվեց միավորել երեք թատրոնները, և ստեղծվեց Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը թարմ շունչ հաղորդեց Արցախի թատերական արվեստին՝ նոր ստեղծագործական կազմով, ինքնատիպ բեմադրություններով, ժանրային բազմազանությամբ։ Այս թատրոնը պատմական Խանդամիրյան թատրոնի շարունակությունն է։ Հարցազրույցներից մեկում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԱՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանն ասել է, որ Շուշիի թատրոնի ճակատագիրը նման է մեր ժողովրդի ճակատագրին՝ իր կորուստներով, նվաճումներով ու մաքառումներով: Շուշիի թատրոնը բոլոր ժամանակներում հայի ճակատագրի թարգմանն է եղել:
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով փոխվեց թատրոնի ծրագրերը։ Թատրոնը գործեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. ոչինչ չունենալով, խանութից փափուկ խաղալիքներ գնեցին, որոշ չափով ձևափոխելուց հետո Գյումրիում սկսեցին Արցախից տեղահանված երեխաների համար ներկայացումներ խաղալ:
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը մինչև հիմա չի մոռանում մի ծնողի՝ համացանցով գրած նամակը. երեխան հարցնում է՝ Շուշիի թատրոնն է՞լ է զոհվել… Որովհետև պատերազմից հետո, մոտ երկու շաբաթ, սովորականի պես ակտիվ չէին:
«Հասկացանք՝ ինչքան ուժ ունենք, պետք է գործադրել ու շարունակել ապրեցնել թատրոնը: Աստիճանաբար վերականգնեցին թատրոնի խաղացանկային ներկայացումները»,- tatron-drama.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը։
Այս պահին Մ․ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը հայտնվել է շրջիկ թատրոնի կարգավիճակում։ Չնայած դրան, արդեն հինգ խաղացանկային ներկայացում է վերականգնվել՝ «Պոչատ աղվեսը», «Հայ մուկը», «Երեք խոզուկները», «Թուխի ծննդյան տարեդարձը», «Շունն ու կատուն»՝ պրոֆեսիոնալ տիկնիկներով։ Իսկ «Չարի վերջը» և «Ոսկե ճուտիկը» ներկայացումների տիկնիկներն սպասում են նոր բեմադրությունների։ Շուշիի թատրոնի համար այս ծանր ժամանակաշրջանում կան իսկապես արվեստը գնահատող մարդիկ և կազմակերպություններ, որոնք աջակցում են, որպեսզի ապրի, շնչի ու առաջ քայլի թատրոնը, մշտապես հյուրախաղային ապրելակերպ վարի։ Հատկանշական է, որ 44-օրյա չարաբաստիկ պատերազմից հետո թատրոնը ստեղծագործական նոր մոտեցումներով հյուրախաղեր է կազմակերպել Արցախի տարբեր բնակավայրերում, Երևանում և մի շարք մարզերում: Սակայն խնդիրներից մեծագույնը թատրոնի աշխատողների բնակության վայրերի հեռավորությունն է, որը խոչընդոտում է նոր բեմադրություններին, փորձերը հաճախակի դարձնելուն․ աշխատակիցների մի մասն Արցախում է ապրում, մյուս մասը՝ Հայաստանի տարբեր քաղաքներում։ Բայց այն ոգին, խիզախությունը, որ ունի ստեղծագործական կազմը, աննկարագրելի է, որովհետև հյուրախաղերի մեկնելու օրն անգամ մեքենայի մեջ են փորձեր անում, այդպես նաև մինչև ուշ գիշեր․․․ Եվ հաջողվում է, որովհետև նպատակն արդար է, ճշմարիտ, արվեստի զարկերակին համահունչ: Գեղարվեստական ղեկավարն էլ է փաստում՝ ավյունով, խանդավառությամբ, բարձր պատրաստվածությամբ կազմ ունի թատրոնը, որն օրեցօր կատարելագործվում է, տրվում ստեղծագործական մտքի թռիչքին։
Թատրոնը 44-օրյա պատերազմից հետո վճարովի ներկայացում չի խաղացել: Տնօրենի խոսքով՝ Արցախում բոլոր ներկայացումները պետք է անվճար լինեն, որպեսզի յուրաքանչյուր երեխա դիտի, չգտնվի մեկ երեխա, որ գումար չունենալու պատճառով չկարողանա ներկայացում նայել։ Սա նաև կարևոր սկզբունք է դարձել թատրոնի կազմակերպչական հարցերի տեսանկյունից։
Պատերազմից հետո, հյուրախաղերին զուգահեռ, Շուշիի թատրոնն առցանց ներկայացումներ է խաղացել Ռուսաստանի և Գերմանիայի հայ համայնքների երեխաների համար: Առցանց ներկայացումների ցուցադրությունը կարևոր նպատակներ ունի. արտերկրի երեխաները տեսնեն՝ թեև Շուշին այս պահին մերը չէ, բայց Շուշիի թատրոնը կա, ու նաև տեսնեն, թե իրենց հայրենիքում ինչ արվեստ է ստեղծում և ինչպիսի զարգացում է ապրում, խոչընդոտներով լի արվեստի ճանապարհով կերտում իր ուղին:
Թատրոնի տնօրենը tatron-drama.am-ին հայտնեց, որ դիմել են ԱՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Ստեփանակերտում թատրոնին թեկուզ մի քանի սենյակ տրամադրելու համար, որպեսզի կարողանան ստեղծագործական աշխատանքները բնականոն կազմակերպել։ Այս խնդրի կողքին դերասանախմբի կացության հարցն էլ է․ ինչպես նշեցինք, մի մասը Հայաստանում է գտնվում, նրանք պետք է վերադառնան Արցախ, կացության պայմաններ պիտի ստեղծվեն։
ՇՐՋԻԿ ԹԱՏՐՈՆԸ` ԹՇՆԱՄՈՒ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Աշխեն Հարությունյանը հիշեց, որ հյուրախաղերի շրջանակում, երբ Արցախի Կարմիր շուկա գյուղում ներկայացում խաղացին, ուղիղ կես ժամ հետո թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներով սկսեց կրակել գյուղի ուղղությամբ: Ասում է` բնակիչների կամքի ուժն անչափելի է, նրանք ամուր կառչած են հողին, նրանք սիրում են հող հայրենին և այն, ինչն իրենցն է։
2022 թվականի հունվար ամսին թատրոնը հյուրախաղերով Արցախում էր։ Հունվարի 6-12-ը Մարտունու շրջանի տարբեր բնակավայրերում խաղացել են «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացումը։ Իսկ ամսվա երկրորդ կեսին Արցախի մյուս շրջաններում խաղացել են 22 ներկայացում։ Մարտի 7-9-ը թատրոնը հյուրախաղերով Սյունիքի մարզում էր։ Իսկ հուլիսի 13-24-ը՝ դարձյալ Արցախում։
Այսօր Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնը մի նոր արժեք է Արցախի համար. այն քաղաքակրթության ու մշակութային բազմամյա պատմության անձնագիրն է, խորհրդարանիշը, արարող երակը։