ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ՈՐ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՑ․․․ / Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Tatron-drama.am-ը զրուցել է Շուշիի Մ․ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ։
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը ծնունդով Արցախի Մարալյան-սարով գյուղից է: 1992-ին հուլիսի 12-ին, երբ թշնամին Աշխենի ծննդավայրը գրավել է, ընտանիքով ապաստանել են նախ Արարատում, ապա Արցախում` Շուշիում: Թատերական աշխարհում 2000 թվականից սկսել է իր գործունեությունը, նախ՝ Շուշիի Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոնում, 2008 թվականից՝ Մ. Խանդամիրյանի թատրոնում որպես դերասանուհի, իսկ տնօրեն նշանակվել է 2014 թվականին:
44-օրյա պատերազմը Աշխենին ստիպեց հաստատվել Գյումրիում, բայց այդ նույն պատերազմը անզոր եղավ խաթարել թատրոնի աշխատանքը «Մեր օրինակով ցանկացել ենք ցույց տալ պայքարելու ձևը, որ արվեստը միայն նյութականը չէ, միայն շենքը չէ, այլ հոգին է, ասելիքն է, որը պետք է փոխանցել երեխային»,-վստահեցնում է Աշխենը։
Շուշիի մասին կարոտով է խոսում։ Ասում է` Շուշին Ադրբեջանի կողմից գրավվելը նույնիսկ ամենասարսափելի երազում չէին պատկերացնում: Եվ ոչ ոք չէր պատկերացնում: Աշխենի եղբայրը Շուշիում էր, և երբ ռմբակոծվեց Շուշիի մշակույթի տունը, որտեղ տեղակայված էր թատրոնը, քաղաքում մնացած տղամարդկանց հետ նա տեղափոխել էր իրերը: Սակայն այն վայրը, որտեղ դրանք տեղավորել էին, ևս ռմբակոծվեց ու գույքի հիմնական մասը ոչնչացավ: «Կորցրինք այն ամենը, ինչը երկու տասնամյակից ավելի ձեռք էինք բերել, չարչարվել ու ստեղծել»,- ասում է Աշխենը, միաժամանակ վստահեցնելով, որ նյութական ամեն բան կստեղծեն, կարևորը Շուշիում մի օր հնարավորություն ունենան բեմ բարձրանալ, վայելել Բերդաքաղաքի վեհությունը, անառակությունը…
Թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Լիլիթ Մկրտչյանին խնդրեցինք պատմել լուսանկարում պատկերված պահարանի պատմությունը։ Նա ասաց, որ Գյումրիում մի կերպ են Աշխենի համար պահարան գտել, բերել, տեղադրել։ Մի քանի օր հետո հետաքրքրվեց Աշխենից՝ արդյոք տեղավորվե՞լ է հագուստը։ Աշխենը բացեց պահարանի դուռը և այնտեղ միայն Շուշիի թատրոնի վերականգնված ներկայացումների տիկնիկներն էին։
***
ԱՀ ժողովրդական արտիստ, Շուշիի Մ․ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող-ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը ծնունդով Գյումրիից է։ 1975 թվականից է Արցախի թատերական կյանքի մասնիկը դարձել․ գործունեությունը սկսել է Ստեփանակերտի դրամատիկականում, շարունակել Շուշիում։ Լ. Հարությունյանը դասական ստեղծագործությունների կողքին բեմադրում էր նաև ժամանակակից ստեղծագործություններ։ Այսօրվա պես է հիշում՝ Շուշիի թատրոնը Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների հետ ամուր կապի մեջ է եղել, երկուստեք հյուրախաղերով են հանդես եկել, համագործակցային ամուր շղթա է ձևավորվել։
Լեոնիդ Հարությունյանը Շուշիում է թողել թատրոնն իր ունեցվածքով, իր 53 տարիների արխիվը։ Ասում է՝ հոգով ու սրտով այնտեղ է, մեծ հույս ունի, որ մի օր կգնա։ Ու թեև իր տունը հիմա հողին է հավասարեցրել թշնամին, համոզված է, որ կգտնի տան տեղն ու այն վերերկրային ուժով կլցվի, որը միայն Շուշիում կարող ես զգալ։ Իսկ թատրոնի ճակատագիրը․․․ գեղարվեստական ղեկավարը շատ մտահոգություններ ունի, բայց մի ներքին ուժ ունի, որը մեր զրույցի ժամանակ ընդգծված երևաց․ ասում է՝ կարևորը Շուշին վերադարձնենք, մենք առանց շենքի, բացօթյա էլ ներկայացումներ կբեմադրենք ու կխաղանք, կարևորը Շուշին վերադարձնենք։ Շուշին մերն է։ Միշտ է մերը եղել։
Արցախյան վերջին հյուրախաղերի եզրափակիչ ներկայացումը Շուշիի թատրոնի դերասանները խաղացել են Աղավնոյում։ Լեոնիդ Հարությունյանը ցավում է, որ այլևս հայերը չեն կարող ոտք դնել Աղավնո և վայելել այդ գեղեցկությունը՝ համեմված մանուկների անկեղծ ու ապրեցնող ժպիտներով։ Նա համոզված է՝ Շուշիի թատրոնն արժանապատվորեն է ներկայացնում Արցախի թատերական արվեստը։ «Թատրոնը նվիրյալ անձնակազմ ունի, անխախտ ներուժ ու վճռական տրամադրվածություն»,-և վստահ է, որ նույն կազմով կշարունակեն շունչ ու հոգի տալ թատրոնին, հստակ ուղենշել ճանապարհն ու ընթանալ այդ ճանապարհով։ «Սա ժամանակավոր բաժանում է Շուշիից»,-ասում է Լեոնիդ Հարությունյանը՝ վերհիշելով չքնաղ Շուշին, թատրոնը, բեմը․․․
***
Դերասան Արմեն Գաբրիելյանի մուտքը թատերական աշխարհ հինգ տարեկանում էր, երբ Արցախյան առաջին պատերազմից հետո նոր էր ստեղծվել Շուշիի Սոս Սարգսյանի անվան մանկական թատրոնը։ Առաջին կերպարը, որ մարմնավորել է (լավ է հիշում), Գիքորի եղբոր` Գալոյի կերպարն էր։ Իսկ արդեն նորաստեղծ Մ. Խանդամիրյանի թատրոնում առաջինը գայլի կերպարն է մարմնավորել։ Սա փոքր քայլերով դեպի մեծ սիրո ճանապարհն է, որն Արմենի համար դարձավ ապրելակերպ։ «Իմ բոլոր կերպարներն իմ ընկերներն են, հոգեհարազատ են։ Ինձ համար նրանք կան ու շնչում են, մարդու պես…»,-ասում է Արմենը։
Արմենն այլ թատրոններում աշխատելու միտք չունի. ամուր թելերով կապված է Շուշիի թատրոնինև վստահեցնում է` պետք է միշտ քո հանդիսատեսի կողքին լինես, ստեղծագործես, ավելի ամրանաս հայրենի հողում և ամեն ինչ անես Արցախի համար, փոքրիկ հանդիսատեսին հեքիաթ պարգևելու համար։ Դերասանի խոսքով` Շուշիի թատրոնի ներկայացումները երեխաներին սովորեցնում են, թե ինչպես ճիշտ ապրել, լինել լավ մարդ, զինվոր, հայրենիքի համար պիտանի մարդ. «Հոգու և սրտի աշխատանք է տիկնիկային թատրոնը։ Մեր զենքն այս դեպքում տիկնիկն է, որով մեր բաժին պայքարն ենք տանում։ Եվ այդ պայքարն ինքնանպատակ չէ։ Պայքարը Արցախն արվեստով ապրեցնելու միտում էլ ունի…»։
Մեր զրուցակիցն ասում է, որ Շուշիի թատրոնը նոր ոճով, գաղափարներով, տարատեսակ նոր մոտեցումներով, կաղապարներից դուրս ստեղծագործելու առումով երբեք չի երկմտել։ Դրան մեծապես նպաստել է համաշխարհային տիկնիկային արվեստն ուսումնասիրելը։
«Առանց Շուշիի դժվար է,- ասում է,- բայց գիտենք, որ մի պահ լինելու ենք Շուշիում։ Մենք դրա համար էլ պետք է պայքարենք` ապրելով Արցախում, որը մեր Հայրենիքն է»։
***
Դերասանուհի Սվետա Առստամյանը ծնվել ու մեծացել է Շուշիում։ 2007 թվականից է աշխատում թատրոնում։ Ասում է` թատրոնը մարդու մեջ ապրող ու նրանից դուրս հորդող արվեստ է։ Սվետան հույսը չի կորցնում, հավատում է, որ մի օր Շուշիում մանուկներին ժպիտ կպարգևեն։ Նա ութ տարի աշխատել է նաև «Նարեկացի» արվեստի միությունում որպես կարպետագործության ուսուցչուհի։ Ամեն օր ոտքով էր տուն բարձրանում` Շուշիի ամեն քար ու թուփ, փողոց ու շենք հարազատ էր, ապրեցնող։ Այժմ Ստեփանակերտում է ապրում. նույն զգացողություններն ունի, երբ հեռվում Շուշին է տեսնում։
Սվետայի փոքր եղբայրը 44-օրյա պատերազմում անհայտ կորած տղաների շարքում է։ Ցավը, որ պատել է քրոջ սիրտը, անբացատրելի է, բայց մի ուժ կա, որը չի դադարում ապրեցնել` Արցախն է, մի օր Շուշի վերադառնալու հույսը։ «Չեմ կարող այս հողից կտրվել»,-ասում է Սվետա Առստամյանը` անվերջ նայելով Շուշիի բարձունքին, լույս ու կարոտ դարձած տներին…
***
Գյումրեցի Լիլիթ Մկրտչյանը 2014 թվականից Շուշիի թատրոնի գլխավոր ադմինիստրատորն է։ Նրա պիեսներս բեմադրվել են, որոնցից մեկը` «Հայ մուկը», խաղում են նաև պատերազմից հետո:
«Շուշիի թատրոնը միակ մշակույթային կառույցն է, որ գործում էր նաև պատերազմի օրերին և հիմա էլ չունենալով հասցե, տեղակայման տեղ, գործում ու ցուցադրում է այնքան ներկայացումներ, որքան իրենց չեն կարող թույլ տալ շատ ու շատ գործող թատրոններ»,-ասում է Լիլիթը, ավելացնելով, որ Շուշիում թողել է հավատ, հուշեր ու արժանապատվության զգացողություն։ Այժմ բնակվում է ծննդավայր Գյումրիում։
***
Դերասանուհի Ինեսսա Պետրոսյանը 2017 թվականից աշխատում է Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնում: Այսօրվա պես հիշում է առաջին կերպարը թատրոնում. «Անահիտ» ներկայացման մեջ Վարսենիկի դերակատարն էր:
Հիմա Ստեփանակերտում է ապրում: Պատերազմից հետո արդեն չորրորդ անգամ են տնից-տուն տեղափոխվում: Դժվարությունները շատ են, բայց Շուշիից ու Հադրութից տարհանված հարևաններով իրար հույս ու ուժ են տալիս:
«Շուշիի մասին շատ դժվար է խոսել… զգացածս երբեք չեմ կարող բառերով բացատրել: Ստեփանակերտում ապրելով փոքր-ինչ փորձում ենք մեր ցավը մեղմացնել. այսպես կարծես Շուշիին ավելի մոտ ենք…»,-ասում է Ինեսսա Պետրոսյանը:
***
Նոննա Մինասյանն արդեն վեց տարի շարունակ թատրոնում լուսանկարիչ է աշխատում։ Նա ամրագրում է փոքրիկ հանդիսատեսի ամենագեղեցիկ էմոցիաները, իրական զգացմունքներն ու կարևոր պահերը։
«Հետո, երբ նայում եմ իմ արած լուսանկարներին, հիշում եմ ամեն պահ, կարծես նորից հայտնվում եմ այդտեղ, վերապրում, ոգեշնչվում»,-ասում է Նոննան, որն այժմ բնակվում է Ստեփանակերտում։ Սակայն հավատում է, որ մի օր հենց Շուշիում կհավերժացնի ներկայացումների հետաքրքիր պահերը, փոքրիկների թանկ ժպիտները։
***
Երաժշտական մասի վարիչ Վահագն Եսայանը 2008 թվականից է աշխատում թատրոնում։ Նաև մակետավորման աշխատանքներով է զբաղվում։
«Պատերազմի ընթացքում կինս, երեխաներս թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանի ու ադմինիստրատոր Լիլիթ Մկրտչյանի հետ եկել են Գյումրի, ես էլ պատերազմի ավարտից հետո եկա այստեղ։ Վարձով ենք ապրում»,-ասում է Վահագնը, ապա անկեղծանում` չեն հարմարվում, Շուշին ուրիշ էր։
Վահագնը 7 տարեկանից Շուշիում է ապրել, ստեղծել ու ստեղծագործել։ Երեք երեխաներից երկուսը դպրոց են գնում, փոքրիկը` մանկապարտեզ։ Նրանց աչքերում չմարող հույս կա, ապրելու անհագ ցանկություն։
ԺԱՄԱՆԱԿԸ, ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ․․․ ԿԱՄ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Շուշիից հեռու ապրելն ու արարելը դժվար է, թատրոնի ապագան՝ մշուշոտ, ապրելու և ստեղծագործելու վճռականությունը՝ արցախյան համառությամբ: Շուշիի պետական թատրոնը սպասում է այն օրվան, երբ հենց Շուշիում ներկայացում կխաղան և այնտեղի դահլիճից կլսվեն ծափահարությունները… Այդ օրը կգա։ Շուշին պետք է փյունիկի պես վեր հառնի մոխիրներից։ Շուշին հայկակա՛ն է։ Շուշիի թատրոնը հայերեն է խոսում․․․