ԹԵՎ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ, ՍԿԻԶԲՆ ԷԼ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Հայ ազգային դրամատուրգիան կարծես վերածվել է շփոթված զբոսաշրջիկի, ով կորցրել է թատրոնի դուռը և չգիտի՝ ինչպես ներս մտնել: Պատճառը, ըստ բեմադրիչների. «Հայ ժամանակակից դրամատուրգիա հասկացության մեջ ոգևորիչ ոչինչ չկա, ինչ որ բան կիսատ է, ինչ որ բան այն չէ»: Այդպե՞ս է արդյոք: Երբ իմ «Դեռ վերջը չէ…» թատերգությունը պիեսի անվանակարգում արժանացավ «Արտավազդի», թվում էր՝ կարող է հետաքրքրել բեմադրիչներին, թեկուզ զուտ սպորտային հետաքրքրության առումով, թե ինչո՞ւ հենց այդ պիեսը: Սակայն, ավաղ, նույն լռությունն ու անտարբեր վերաբերմունքը: Իսկ գուցե այդ պիեսը հենց իրենց ուզածն էր, չհաշված, որ միայն «Դրամատուրգիա» հանդեսը 400-ից ավելի պիես է հրատարակել և այդ քանակի մեջ դժվար արժանի ինչ-որ բան չլինի, մանավանդ, բեմադրիչներից մեկը ժամանակին հայտարարում էր՝ եթե փող լինի, հեռախոսագիրքն էլ կբեմադրի: Ստացվում է, ոչ թե պիեսը, այլ այն փնտրելու և գտնելու ցանկությունն է բացակայում: Եթե չես տեսնում, չի նշանակում՝ չկա, եթե չես գնահատում, չի նշանակում՝ այն չի կարող հետաքրքրել հանդիսատեսին: Իսկապես, թեև դեռ վերջը չէ, սկիզբն էլ չի երևում: Միանշանակ է, որ հեղինակը պիեսը գրելիս պատկերացնում է այն բեմի վրա, սակայն ստացվում է՝ բեմադրիչն ու հեղինակը տարբեր կողմ են նայում, ինչը խանգարում է միասնական հայացք ձևավորելուն: Գուցե սրանով պիտի պայմանավորել, որ մեզանում համարյա բացակայում է բեմադրիչ-դրամատուրգ համագործակցությունը: Մինչդեռ մեր թատրոնների կողմից անտեսվող հայ ազգային դրամատուրգիան լայն ընդունելության է արժանանում հարևան Իրանում: Պարսիկները համարյա ամեն առիթով թարգմանում և հրատարակում են մեր պիեսներն առանձին գրքերով, հայկական պիեսների թատերական ընթերցումներ են կազմակերպում: Միայն ինձանից երեք պիես են թարգմանել ու հրատարակել, իսկ «Կյանքը վանդակի կողքով»-ը երեք հրատարակություն է ունեցել: Եթե տարբեր արժեհամակարգ դավանող, կրոնական այլ հավատի միջավայրում հայ պիեսը կարող է հետաքրքիր լինել, ապա հարց. ինչո՞ւ հայ հանդիսատեսին չի կարող գրավել: Պատճառը գուցե հոգեբանության տիրույթում պիտի փնտրել, քանի որ առկա է ռիսկի գործոնը, հատկապես այն բեմադրիչների պարագայում, ովքեր առաջին անգամ են փորձելու բեմը գրավել: Ոչ ոք չի ժխտում հայ դասականների և համաշխարհային լավագույն պիեսների ներկայությունն ու անհրաժեշտությունը մեր թատրոններում: Պարզապես չպետք է մոռանալ, որ աշխարհաքաղաքական և գիտական սրընթաց փոփոխություններն իրենց խմբագրումներն են թելադրում քաղաքակրթության կառույցներին՝ զուգահեռ մարդկային նոր հարաբերություններ ու հոգեվիճակներ ձևավորելով: Ոչ միայն հասարակական խնդիրներն են նոր բովանդակությամբ, այլև խոսքի շեշտադրումներն ու առաջնահերթությունները: Անցյալը ինչ գույներով էլ ներկես, ոնց էլ շուռումուռ տաս, հնարավոր չէ արդի խնդիրների պատասխանը գտնել, ազգային ինքնության և հոգեկերտվածքի երկխոսությունն ապահովել: Սունդուկյանի «Պեպո»-ն, որքան էլ հանճարեղ, սակայն մեր օրերում դժվար է անգամ երեխային համոզել, որ խղճի դավթարով հնարավոր է վայրի կապիտալիզմի դաշտում ֆինանսական կամ այլ հարցեր լուծել: Իզուր չի ասված՝ եթե ուզում ես ձայնդ լսեն, ժամանակի շունչը դարձիր: Այս հանգամանքով պիտի պայմանավորել և արժևորել տեղական դրամատուրգիայի գերակայությունը: Իմ «Դեռ վերջը չէ…» պիեսը, որը որպես զավեշտ եմ որակել, արժանի է բեմին թե ոչ, գոնե ինձ համար դադարել է խնդիր լինել, քանի որ շատերի պես վարժվել եմ մեր թատրոնների «հանճարեղ» լռությանը: Դրամատուրգի գործը ներկայացնելն է, հետագան արդեն այլ դաշտում պետք է փնտրել: Պիեսի գործողությունների միջավայրը դրախտն է: Դրախտը, Ադամի և Եվայի կերպարները տարօրինակ մոգությամբ շարունակում են արդիական լինել և այդպիսին լինելու հիմքերն անսահման են, ինչպես և անսահման են նրանց կերպարներով գեղարվեստական ամենատարբեր լուծումների հնարավորությունները: Դրախտ, Ադամ ու Եվա: Ադամը գանգատվում է, որ Եվայի կողմից խնձորն ուտելուց հետո անհաջողությունները սկսել են հետապնդել: Եվան փորձում է պաշտպանվել: Նրանց խոսքն ընդհատում է մարդու իրավունքների պաշտպանը, որը չգիտես ինչպես է հայտնվել դրախտում և մեղադրում է Եվային, որ նա՝ առանց Ադամի իմացության, խնձորը ուտելով, խախտել է Ադամի անմահ մնալու իրավունքը: Անծանոթի հայտնվելը անակնկալի է բերում Ադամին ու Եվային, այն ահազանգ է, որ ինչ-որ բան փոխվել է և որ այդ ինչ-որ բանն իրենց օգտին չէ: Վտանգի զգացումը խորանում է, երբ պաշտպանից հետո անծանոթ ամուսիններն են հայտնվում: Պարզվում է, նրանք արդեն հողատարածք են սեփակնաշնորհել դրախտում, ռեստորան են բացելու և ուզում են, որպեսզի Ադամն ու Եվան իրենց ռեստորանում աշխատեն, ինչը հաճախորդների մեծ քանակ կարող է ապահովել: Հայտարարում են, որ միայն իրենք չէ, շատերն են հողամասի տեր դարձել և որ ողջ դրախտը սեփականաշնորհված է: Ցանկապատերի հայտնվելը վերջնականապես հունից հանում է Ադամին, ով զայրույթի պահին ավերակում է դրանք, ինչի պատճառով հայտնվում է դատարանում: Առաջին տղամարդը միաժամանակ առաջին դատապարտյալն է: Դատարանի որոշմամբ, Ադամը վնասի դիմաց պետք է հատուցի ցանկապատի տիրոջը. ըստ դատավճռի. «Նկատի ունենալով, որ մեղադրյալը չի աշխատում և վճարունակ չէ, հաշվի առնելով, որ զբոսաշրջիկների կողմից նրանց տեսնելու պահանջարկը դեռևս մեծ է, դատարանն Ադամին, ներառյալ նաև Եվային, առաջարկում է՝ մինչև տուգանքի մարելը, դրախտի բացօդյա թանգարանում ցուցանմուշ աշխատել»: Նրանց իրավունքները պաշտպանելիս, հանկարծակի կրակոցից զոհվում է մարդու իրավունքների պաշտպանը: Նրա մահը ցնցում է Ադամին ու Եվային, որոնք առաջին անգամ են զգում ու տեսնում՝ ինչ է մահը: Հաղորդվում է, որ դժոխքը փակվել է, պատճառաբանությամբ. «թե ում է պետք, եթե պահանջարկ չկա»: Այսօրինակ պայմանականությունները գուցե հումորային թվան, սակայն միայն մակերեսային ընկալմամբ, խորքում եզրահանգումները շատ ավելի դրամատիկ են: Չկա Դրախտը, նշանակում է՝ բարոյական դաշտում չեղարկվում են նաև աստվածաշնչյան տասը պատվիրանները, որի հետևանքները դժվար չէ գուշակել: Խնդիրն այն է, որ մոլորակի վրա, իսկապես էլ օրեցօր մաշվում է դրախտի պատկերը, ընկալվելով որպես զուտ կրոնական բաղադրիչ, փաստորեն լեգիտիմացնելով մեղքն ու ապօրինությունները: Չէ՞ որ դրախտի գոյությամբ էր պայմանավորված ազնիվ և պարկեշտ ապրելու տրամաբանությունը: Բարոյականության աղավաղումների օրինակները բազմաթիվ են, որոնց հովանավորները փորձում են երևացող ամեն ինչ սեփականաշնորհել, անգամ մարդկանց ինքնությունը: Պիեսի հերոսներից մեկի խոսքը հենց այդ մասին է. «Աշխարհի հզորները… Առասպելներին ու հեքիաթներին էլ չեն հավատում: Ոչնչի չեն հավատում: Ուզեն դրախտը վերացնել՝ կվերացնեն: Որոշեն դրախտը Մարսի վրա տեղափոխել՝ կտեղափոխեն: Ոնց ուզում, ինչ ուզում՝ անում են: Շուտով արևն էլ կսեփականաշնորհեն: Մեկին այնքան արև կհասնի, որ խաշվի, մյուսի վրա ընդհանրապես արև չի ընկնի»: Ինչ վերաբերում է վերնագրին. «Դեռ վերջը չէ…», պատասխանը պիեսում է:
ԵՎԱ — Վախը, Ադամ, վախը… Չանչերով է: Լսո՞ւմ ես, ներսս ոնց է չանգռում:
(Տեսնելով ցանկապատը՝ ավելի տագնապած:) Այստեղ էլ են ցանկապատել: Ի՞նչ է լինելու: Դրախտը լրիվ ցանկապատել են… Սարսափելի է, Ադամ: Ցանկապատը երախ չունի, բայց գազանի պես մռնչում է: Աչքեր չունի, բայց հայացքով այրում է: Ոտքեր չունի, բայց ուր գնաս՝ ետևիցդ գալիս է: (Դադար:) Ծառերը, Ադամ, ծառերը… Ծառերը կտրում ու ցանկապատում են: Ծառերը չեն էլ հասցնում մահանալ: Գետնին ձկների պես թպրտում են: Կտրողները… Ադամ, մորեխից շատ են, ամեն գույնի` սև, կարմիր, դեղին…
ԱԴԱՄ — Հանգստացիր, Եվա, խնդրում եմ… Վախն ամեն ինչ խոշորացնում է, ամեն ինչ բազմապատկում է: Դեռ վերջը չէ, Եվա: Դեռ պետք չէ հուսահատվել…
ԵՎԱ — Գուցե վերջը չէ, բայց վերջի պես է: Քեզ էլ նախկինի պես չեմ կարողանում մոտենալ: Վերջը չի թողնում, վախը չի թողնում, ծառերի ընկճված հայացքները…
ԱԴԱՄ — Ես քեզ մոտենալու ուժը կգտնեմ, իմ ուժը դեռ չեն ցանկապատել:
ԵՎԱ — Մեր ամեն ինչն են խլել ու շարունակում են խլել:
ԱԴԱՄ — Մեր կյանքը դեռ մերն է:
ԵՎԱ — Ադամ, ուզում եմ կրկնես, որ մեր կյանքը դեռ մերն է: Էլի ասա, անընդհատ ասա, որ մեր կյանքը մերն է: (Դադար🙂 Բայց որտեղի՞ց գիտես, որ մերն է ու արդեն նրանցը չէ: Ուզում էի ծառերին պաշտպանել, չէին լսում, միայն ծիծաղում էին: Սեփականության իրավունքի վկայական էին ուզում ու ծիծաղում էին: Վկայականն ի՞նչ է, Ադամ, որ այդքան ծիծաղելի է:
ԱԴԱՄ — Հարցնեիր…
ԵՎԱ — Հարցրի, ավելի բարձր ծիծաղեցին: Ասում էին՝ հեքիաթների դարը վերջացել է:
ԱԴԱՄ — Նրանց համար է վերջացել, բայց մեր հեքիաթը շարունակվում է, մեր հեքիաթը մեր մեջ է: Նրանք իրենց հեքիաթների համար դեռ կզղջան, շատ կզղջան, որ կորցրել են: