ԿԻՆ&ՏՂԱՄԱՐԴ / Աստղիկ ՍԻՄՈՆՅԱՆ
Կին&Տղամարդ՝ մշտական փնտրտուք, որ սկսվել է հազարամյակներ առաջ ու կշարունակվի, քանի դեռ պտտվում է այս մոլորակը:
Եվս մի տարբերակ, և՝ շնորհակալություն Վիվյեն Բաստաջյանին: Առանց իր «բզբզոցի» էս տարբերակը երբեք էլ թղթին չէր հանձնվի:
Աստղիկ ՍԻՄՈՆՅԱՆ
ԿԻՆ&ՏՂԱՄԱՐԴ
Գործող անձինք
ԿԻՆ
ՏՂԱՄԱՐԴ
I ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Հյուրասենյակ: Վիվյենը պատրաստվում է հյուր ընդունել: Հագնված է բավականին գրավիչ, հասկանալի է` հյուրը տղամարդ է, իրեն է զննում հայելու մեջ, օծանելիքի սրվակներ է հոտոտում, վերջապես ընտրությունը կանգ է առնում մեկի վրա, որը սկզբում «մերժել» էր: Զնգաց հեռախոսը: Թեթևակի շարժում՝ Վիվյենի կողմից, կարծես թե շա՛տ անսպասելի էր հեռախոսազանգը։ Մի պահ վարանած կնայի դեպի բեմ, հետո արագ կտիրապետի իրեն, կմոտենա հեռախոսին։
ՎԻՎՅԵՆ – (հեռախոսը միացնելով): Լսում եմ… (ավելի հանգիստ)… ու քանի՞ ժամով է հետաձգվում թռիչքը… չէ՛, չեմ տխրում՝ կդիմանամ… գիրք կկարդամ կամ ուրիշ մի բան… թեկուզ որևէ ֆիլմ… չէ՛, խոսել չեմ ուզում, գիտես՝ հեռախոսով խոսելն իմ թուլությունների մեջ չի մտնում… թռիչքից առաջ զանգահարիր… ես էլ եմ համբուրում:
Անջատեց, մի պահ իրեն նայեց հայելու մեջ՝ ինքն իրեն դուր է գալիս: Ժպտաց, մատները մազերի մեջ խրեց, ինչ—որ ուրիշ ձև տվեց: Այնպիսի տպավորություն է, ասես նույնիսկ մոռացավ խոսակցության մասին, ավելի կարևոր է իր տեսքը, հարդարանքը:
Այս ամենի մեջ լրիվ անսպասելի էր դռան զանգը: Մի պահ նույնիսկ ուշադրություն չդարձրեց: Զանգը կրկնվեց, էլի, էլի: Վերջապես լսեց, սթափվեց, մոտեցավ, բացեց: Անսպասելի էր՝ քարացավ տեղում: Հյուրը՝ Ալեքսանդրը, նույնպես մի պահ քարացավ՝ հայացքը Վիվյենին, հետո արագ հավաքվեց ու նույնիսկ չսպասեց, որ սա մի կողմ քաշվի, տնավարի ներս մտավ:
Առաջին ռեպլիկները ասելու են շփոթված, փորձելով հավաքվել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (ներս մտնելու ընթացքում): …էնքան անսպասելի էր դռան զանգը, որ մտքովդ չէր անցնում բացել, չէ՞…
ՎԻՎՅԵՆ — Ես քեզ ներս չհրավիրեցի…
Կանգնած է դռան մոտ՝դուռը բաց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ ես որոշեցի չսպասել… քո հրավերին… տեսքդ շա՛տ տոնական է… (տեղավորվեց բազկաթոռին) …մանավանդ՝ հրավեր հաստատ չէր էլ լինելու…
ՎԻՎՅԵՆ – (դուրը չեկավ սրա նստելը): …դուրս արի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (շատ հանգիստ): …դուռը փակիր…
ՎԻՎՅԵՆ — Չես լսո՞ւմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ դո՞ւ…
Վիվյենը փորձում է հավաքվել, չբարկանալ: Ալեքսանդրը նստած է, քթի տակ մանր ժպիտ կա՝ փոքրիկ երեխայի նման:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Հը՞… դուռդ երկա՞ր է բաց մնալու… չնայած՝ ինձ մեկ է… դու մտածիր… ոնց էլ լինի, մի երկու երկարականջ հարևան հաստատ կունենաս… Հա՛, ճիշտ է, դու թքած ունես հարևաններիդ կարծիքների վրա, բայց հազիվ թե քեզ դուր գա, որ քթները բաց դռնից ներս մտցնեն քո կյանք…
ՎԻՎՅԵՆ – (բաց դռան մոտ կանգնած): Ես սպասում եմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (միամիտ հայացքով): Ինչի՞ն…
ՎԻՎՅԵՆ — Քո դուրս գալուն:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես հաճույքով մի բաժակ սուրճ կխմեի… ախպարակա՛ն տարբերակով:
ՎԻՎՅԵՆ — Սրճարանը դիմացի մայթին է:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Շնորհակա՛լ եմ, ես գերադասում եմ էստեղ…
ՎԻՎՅԵՆ – (վճռական մոտենալով Ալեքսանդրին, ասես պատրաստվում է թևից բռնել ու դուրս շպրտել): Լսի՛ր, ես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (ձայնն աստիճանաբար բարձրանալու է): Իսկ հիշո՞ւմ ես, մի ժամանակ մի բաժակ սուրճի համար էսքան երկար չէիր վիճում… այն ժամանակ դու բաց մանուշակագույն, շաաաատ թափանցիկ խալաթ էիր հագնում, որի տակից պարզ երևում էր…
Վիվյենը շրխկոցով փակեց դուռը: Ալեքսանդրը շշմած նայեց սրան՝ հույս չուներ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Փաստորեն ավելի լուրջ է, քան ես կարծո՞ւմ էի…
ՎԻՎՅԵՆ — Հավաքվիր ու դուրս արի՝ ինքնակա՛մ, դուռը ներսից չեմ կողպել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …երբ միասին էինք ապրում, դու թքա՛ծ ունեիր… հարևանները վաղուց արդեն սովորել էին մեր կռիվներին… նույնիսկ ալարում էին ականջ դնել…
ՎԻՎՅԵՆ — Քո հիշողությունները ոչ մեկին հետաքրքիր չեն:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Հիմա` կամ այս տղամարդը, ում տանը մենք հենց հիմա գտնվում ենք, նոր է քո կյանքում, կամ շատ թանկ է քեզ համար…
ՎԻՎՅԵՆ — Վե՞րջ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես նախընտրում եմ առաջին տարբերակը:
Վիվյենը ռեակցիա չունի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Խոհանոցը ա՞յս կողմում է, թե՞ մյուս:
Վիվյենը լուռ է, մի պահ նույնիսկ չի հասկանում ասածը: Զայրույթը եռում է մեջը:
Ալեքսանդրը վեր կացավ, նայեց աջ ու ձախ, գտավ ուզածը, գնաց խոհանոց: Վիվյենը իր տեղում է: Ոչ մի շարժում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (գլուխը երևաց խոհանոցի կողմից, ձեռքին՝ սրճեփ ու գդալ): Հուսամ, գոնե դառը սուրճի նկատմամբ հավատարիմ ես գտնվել:
Վիվյենի կողմից ոչ մի ռեակցիա:
Ալեքսանդրը ժպտալով ետ քաշվեց: Կերևա քիչ անց, ձեռքին սկուտեղ՝ երկու սուրճի բաժակով: Սկուտեղը՝ մի բաժակով, կդնի աթոռին, աթոռը՝ մոտ Վիվյենին: Ինքը իր բաժակով նորից կտեղավորվի բազկաթոռին: Սուրճն է վայելում, ծխում, աչքի տակով երբեմն Վիվյենին նայելով, ով առաջվա պես ոչ մի բանի նկատմամբ ռեակցիա չունի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (վայելեց սուրճը, բաժակը շրջեց ու բռնացրեց Վիվյենի հայացքը): Հիմար սովորություն է, ոչ մի կերպ ազատվել չի լինում…
Ռեակցիա չկա:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …բայց միայն էն ժամանակ, երբ կողքս ես… մյուս բոլոր կանանց դեպքում նման բան չեմ անում… (իբրև գաղտնիք)… չեմ ուզում, որ գաղտնիքներս իմանան:
Չկա ռեակցիա: Ուշադիր նայում է Վիվյենին: Սա նույնիսկ չի էլ նայում, առաջվա նման հայացքը ինչ—որ անհայտ կետի է: Ալեքսանդրի ռեակցիան՝ լաաա՜վ:
Շատ անսպասելի վեր կացավ, մոտեցավ այն հատվածին, որտեղ կոշիկների պահարանն է: Տնավարի բացեց՝ կոշիկները հանելով, հողաթափեր հագավ: Հետո սկսեց բացել կողքի պահարանի դռները, մինչև գտավ այն, ինչ ուզում էր: Արագ—արագ հանում է կոստյումը, վերնաշապիկի կոճակներն է քանդում՝ պահարանից տղամարդու խալաթ դուրս բերելով:
Վիվյենը տեսավ: Աչքերը հիմա դուրս կգան բնից: Արագ քայլերով, նպատակաուղղված, «քշում» է Ալեքսանդրի կողմը: Սա ասես մեջքին աչքեր ուներ, երբ Վիվյենը հասնում է իրեն, արագ շրջվում է, գրկում կնոջ գոտկատեղից ու պտտում, նրան հենում է պահարանին, ինքն էլ նրա դիմաց է: Համարյա դիպչում են իրար: Հայացքներ, հայացքներ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դատելով խալաթի չափսերից, ինձանից հազիվ մի մատ բարձրահասակ տղամարդ է, ավելի լայն թիկունքով…
Վիվյենը հարմար պահի է սպասում, որ կարողանա հրել սրան ու մի կողմ շպրտել: Բայց դա պիտի իրոք հարմար պահ լինի, չի ցանկանա հրել ու չհաջողել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …ափսոս, որ խալաթի չափսից մնացած մանրամասները չեն հասկացվում, չնայած, մեծ հաշվով դա կապ չունի…
Անսպասելի պոկվեց Վիվյենից՝ խալաթը ձեռքում, նույնքան անսպասելի բացեց լոգարանի դուռն ու ներս մտնելով՝ ներսից փակեց: Վիվյենը նույնիսկ չհասցրեց ուշքի գալ:
ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՁԱՅՆ – Ճանապարհը երկար էր ու փոշոտ:
Վիվյենն ասես նոր միայն ուշքի եկավ: Նետվեց դռան կողմը, թակում է՝ դռան բռնակը «ջարդելով»:
ՎԻՎՅԵՆ — Բաց արա դուռն ու չքվի՛ր էստեղից…
ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՁԱՅՆ — Հուսով եմ հիշում ես՝ ձվածեղը կարագով եմ սիրում, ձեթով չլինի, ու՝ սև բիբարով:
Լսվեց ջրի խշշոց:
ՎԻՎՅԵՆ – Լսի՛ր, դո՛ւռը բաց…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (բարձր, դիտմամբ լսելի): Տես, է՛, լոգանքի իմ սիրած գելն է…
Վիվյենի ձեռքը, որ հերթական հարվածը պիտի հասցներ դռանը, քարացավ: Կտրուկ շրջվեց, հենվել է դռանը, հանգստությունը սասանվել է: Դեմքը նույն հանգստությունը չունի, ուղեղն աշխատում է, ելքեր փնտրում:
Լսվեց հեռախոսի զանգը: Վիվյենը թեթև ցնցվեց: Զանգը կրկնվեց, արագ մոտեցավ հեռախոսին, մի պահ հավաքվեց, հետո միացրեց:
ՎԻՎՅԵՆ – (հեռախոսով): Պատրաստվում եք թռնե՞լ… ինքնաթի՞ռ եք բարձրանում… այսինքն՝ մոտավորապես տաս-քսան րոպեից արդեն օդում եք լինելո՞ւ… քանի՞ ժամից ես հասնում…
Ջրի ձայնը այլևս չի լսվում: Վիվյենը չի լսում, նա պատուհանի մոտ է կանգնած՝ մեջքով դեպի լոգարանն ու ուշադրությունը հեռախոսի խոսակցությունն է կլանել:
ՎԻՎՅԵՆ – (հեռախոսով): …և, այնուամենայնիվ, հենց որ զգուշացնեն օդ բարձրանալու մասին, զանգ տուր…
Լոգասենյակի դուռը կբացվի ու խալաթը հագին դուրս կգա Ալեքսանդրը։ Կտեսնի հեռախոսով խոսող Վիվյենին, ուշադիր կլսի:
Սա նրան չի նկատել:
ՎԻՎՅԵՆ – (հեռախոսով): …հիմա՞… հիմա պատրաստվում եմ մտքումս թռչել քեզ հետ, այդպես ավելի անվտանգ տեղ կհասնես…
Ալեքսանդրը, որ ինչ—որ բան էր ուզում ասել, այս նախադասությունից հետո «փսկեց»:
ՎԻՎՅԵՆ — …բնականաբար, փերու նման՝ մանուշակագույն ամպին նստած…
Ալեքսանդրը տխրեց:
Վիվյենն այս նախադասությունն ասաց ու թեթև ցնցվեց, ասես ասվածն այրեց լեզուն, դանդաղ պտտվեց ու տեսավ Ալեքսանդրին…
Մի քանի վայրկյան լուռ իրար աչքերի մեջ են նայում:
ՎԻՎՅԵՆ – (աչքերը՝ Ալեքսանդրի աչքերին, հեռախոսով): Էստեղ եմ, լսո՛ւմ եմ… չէ, ոչ մի բան, տրամադրությունս չի ընկել… հա՞, բայց իսկապես ոչինչ չի եղել… տանն եմ… իհարկե, մենակ եմ… բնականաբար, մի քանի ժամ կդիմանամ… լա՛վ, չմոռանաս զանգել թռիչքից առաջ… ես էլ եմ… համբուրում… (Արագ անջատեց հեռախոսը, շրջվեց` մեջքով դեպի Ալեքսանդրը🙂
Մի պահ լուռ են:
Ալեքսանդրն էլ հենվեց դռանը: Հիմա կանգնած են՝ մեկը մյուսին մեջքով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Հույս ունեի, որ մանուշակագույն ամպը միայն իմն է… իսկ դու նույնիսկ գույնը չես փոխել:
ՎԻՎՅԵՆ — Այդ բարձրության վրա ամպերը արևի ճառագայթներից մանուշակագույն են դառնում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես մոխրագույնին էլ եմ համաձայն, բայց որ դրանք միայն ի՛նձ համար հորինված լինեին…
ՎԻՎՅԵՆ — Դրանք հորինված չեն… ես դրանք իրոք տեսել եմ… երբ առաջին անգամ ինքնաթիռ նստեցի… Փոքր էի ու մտածում էի, որ ինքնաթիռը մանուշակագույն ամպերն են տանում՝ իրենց մեջքին դրած…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (չհամոզվեց): Բայց ամպերն այդ բարձրության վրա բոլորովին էլ մանուշակագույն չեն լինում ու…
ՎԻՎՅԵՆ – (շրջվեց, կտրուկ): Ես մանուշակագո՛ւյն եմ տեսել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (շրջվեց, ընդունելով մարտահրավերը): …դե իհա՜րկե, եթե մադամը…
ՎԻՎՅԵՆ — …սուրճը խմեցի՛ր, լոգանքն ընդունեցի՛ր, ժամանակն է, որ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …ձվածե՛ղը պատրաստես…
ՎԻՎՅԵՆ – Կներե՛ս, տանը ձու չկա…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ ի՞նչ կա:
ՎԻՎՅԵՆ — Բրոկոլի, սև հաց և հնդկաձավա՛ր՝ այն, ինչ դու չես սիրում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Տես, է՛, սկսում եմ մտածել, որ գլխի էիր ընկել գալուս մասին: Լա՜վ էլ պատրաստվել ես, գրո՛ղը տանի…
Վիվյենը գոհ է իրենից: Հազիվ է զսպում ժպիտը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Պարզից էլ պարզ է, որ եթե դուրս գամ գնումների, դուռն այլևս չի բացվի…
ՎԻՎՅԵՆ – Վստա՛հ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (հեռախոսով համար է հավաքել): Չեմ էլ կասկածում… (Հեռախոսով🙂 Բարև ձեզ, պատվեր ընդունեք, խնդրում եմ…
Վիվյենի դեմքը մթնեց, Ալեքսանդրինը՝ ընդհակառակը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …մութաբալ, հումուս, Ադանայի սխտորով քուֆթա… (Վիվյենին.) Դու դրանցից բացի էլի ինչ-որ բան կուզե՞ս…
Պատասխան չկա, հազիվ է իրեն զսպում, որ չպայթի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (հեռախոսով): Այդքանը… խմիչք ունենք, շնորհակալ եմ: Հասցեն՝ Հավերժ սիրահարների փողոց, շենք յոթ, բնակարան յոթ:
Վիվյենի հոնքը բարձրացավ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (հեռախոսով): …քանի րոպեի՞ց… շա՛տ լավ է, շնորհակալ եմ: (Անջատեց, նկատել էր Վիվյենի զարմանալը🙂 Դե, ես թուլություն ունեմ հասցեների նկատմամբ՝ գիտես: Գինի չպատվիրեցի, վստահ եմ՝ ունես:
Չպատասխանեց, լուռ մոտենում է պատուհանին, ուզում է հասկանալ՝ ինչ է անելու: Ալեքսանդրը դանդաղ մոտենալու է:
ՎԻՎՅԵՆ – (զգում է, որ մոտ է, կտրուկ): Ի՞նչ ես ուզում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դա քեզ իսկապես հետաքրքի՞ր է, թե՞ ժամանակ ես ձգում, որպիսի հասկանաս՝ ինչպե՛ս ինձ էստեղից դուրս վռնդես:
ՎԻՎՅԵՆ — Ուզում եմ հասկանալ՝ մտքիդ ինչ կա… Ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես եկել… (Շրջվեց, աչքերը՝ աչքերին🙂 Ինչո՞ւ ես հանկարծ նորից հիշել…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես երբեք էլ չեմ մոռացել… դժվար թե ինչ-որ տղամարդ, ում կյանքում եղել ես, ասի, որ կարողացել է մոռանալ քեզ… Ասի էլ՝ չեմ հավատա…
ՎԻՎՅԵՆ – Կա՛րճ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Դե, եթե կարճ՝ էս վերջերս չափից դուրս շատ եմ հիշել… դրա համար էլ որոշեցի գտնել քեզ, իմանալ՝ ինչպե՛ս ես, ի՛նչ ես անում… ո՛ւմ հետ ես…
ՎԻՎՅԵՆ — Հենց էդտեղի՛ց էլ սկսեիր…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Դե՜հ… էնքան էլ հեշտ չի դրա հետ հաշվի նստելը:
ՎԻՎՅԵՆ – Վերջացրո՛ւ դրաման:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Ո՞վ է…
ՎԻՎՅԵՆ – Չե՛ս ճանաչի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Երևանը փոքր քաղաք է:
ՎԻՎՅԵՆ — Երևանում չի ապրում… արդեն վաղուց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Գուցե տարիներ առաջ մեր ճանապարհները ինչ-որ տեղ…
ՎԻՎՅԵՆ — …հաստա՛տ չեն հատվել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Շատ չե՞ս վստահ:
ՎԻՎՅԵՆ — Լսիր, ի՞նչ ես ուզում…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Կա՞րճ…
ՎԻՎՅԵՆ – Կա՛րճ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ուզում եմ, որ առավոտները միասին արթնանանք:
ՎԻՎՅԵՆ – (իրոնիկ): Այդպիսի բան երբեք էլ չի եղել… ես առավոտները միշտ էլ մի քանի ժամ շուտ եմ արթնացել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դու…
ՎԻՎՅԵՆ – (ավելի լուրջ): Ասացի՝ նման բան երբեք էլ չի եղել ու չի լինի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես հին տարբերակին էլ եմ համաձայն… դու էլի կարող ես մի քանի ժամ շուտ արթնանալ:
ՎԻՎՅԵՆ — Պարզվեց, որ ես հակառակ տարբերակն եմ սիրում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …դա էլ է տարբերակ… եթե մի քիչ երկար քնես:
Վիվյենը իրոնիկ ժպտաց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Լա՛վ, բայց դու երբեք չես բողոքել իմ ուշ արթնանալուց ու… շատ էլ լավ հասկացար ես՝ ի՛նչ եմ ուզում:
ՎԻՎՅԵՆ — Իսկ դու էլ հասկացար, որ դա լինելու բան չի… էնպես որ, հավաքվիր ու՝ մնաս բարով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես…
Լսվեց դռան զանգը և լսվեց Ալեքսանդրի հեռախոսազանգը: Վիվյենը զարմացավ դռան զանգից:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (նայեց էկրանին): Այսքան շո՞ւտ… (Հեռախոսով, դեպի դուռը🙂 Այսինքն՝ հենց հիմա դռան ետևում… լավ, հիմա կբացեմ…
Իր կոստյումից դրամապանակը կհանի, կբացի դուռը, կվճարի, կստորագրի, կվերցնի փաթեթները, կվերադառնա՝ դուռը փակելով: Վիվյենն ամբողջ ընթացքում լռել է: Ալեքսանդրը, փաթեթները ձեռքին, աջ ու ձախ է նայում, հույս ունի, որ Վիվյենը կօգնի: Սա ցուցադրաբար շրջվում է պատուհանի կողմը: Ալեքսանդրը հասկացավ՝ օգնություն չի լինելու: Փաթեթները կդնի փոքրիկ սեղանին, կբացի, կդասավորի սեղանը: Կմտնի խոհանոց, դուրս կգա երկու բաժակով, երկու սպասքով, գինու շշով: Վիվյենը նույն տեղում է, նույն դիրքում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Գինին էլ չես փոխել… ինչպես լոգանքի գելը, իմ սիրած սուրճը…
ՎԻՎՅԵՆ — …անկողնում՝ քառակուսի բարձերն ու անպայման մուգ սավանը… հետո՞… (ավելի նյարդային) ուրի՛շ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Եթե դեմ չես՝ միասին ճաշենք… քո հանգամանալից ծամելուն եմ կարոտել:
ՎԻՎՅԵՆ — Քաղցած չեմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Խնդրում եմ, գոնե ընկերակցիր… շնո՛րհ արա…
Ալեքսանդրն արագ դասավորում է սեղանը, Վիվյենը դանդաղ մոտենում է՝ հետևելով նրա շարժումներին:
Ալեքսանդրը աթոռներից մեկն առաջ քաշեց, օգնեց Վիվյենին նստել: Հետո աջ ու ձախ նայեց, պատուհանագոգին դրված կանաչ բույսը, որի վրա բացված ծաղիկ կա, բերեց, սեղանի կենտրոնում դրեց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …մի քիչ գինի՞:
Վիվյենը լուռ է, ինքը չի էլ սպասում պատասխանի, լցնում է և՛ գինին, և՛ ուտելիք է դնում ափսեի մեջ: Հետո` իր համար, սկսում է ուտել: Վիվյենը դեռ ոչնչի չի դիպչում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չես ուզո՞ւմ փորձել… քո պատրաստածին չի հասնի, բայց վատը չի, հավատա:
Վիվյենը մի փոքր կուտի: Ալեքսանդրը գինու բաժակը կբարձրացնի դեպի Վիվյենը, լուռ, ժեստով՝ քո կենացը, կխմի: Վիվյենը գինուն ձեռք չի տա: Ալեքսանդրը կերավ ինչ—որ չափով, սրբեց շուրթերը, հետ նստեց: Նայում է լուռ նստած Վիվյենին, ով իրեն չի էլ նայում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Այսօր ի՞նչ ես անելու, երեկոյան հրաշալի համերգ կա, գուցե գնա՞նք:
Վիվյենը հազիվ է զսպում ժպիտը՝ սա խելագար է:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Հը՞… կա՞ն պլաններ, թե՞ գնում ենք:
ՎԻՎՅԵՆ — Պլաններ կան:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ու այնքան լուրջ են, որ փոփոխել չե՞ս կարող:
ՎԻՎՅԵՆ – Լո՛ւրջ են և՝ չե՛մ ուզում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (հայացքով՝ իսկապե՞ս): Հասկանում ես, չէ՞, որ ես չեմ պատրաստվում այստեղից դուրս գալ…
Վիվյենը լուռ է:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չես ուզո՞ւմ գոռալ… (պատասխան չկա)… լավ չի… մի տեսակ նման չես…
ՎԻՎՅԵՆ — Ո՞ւմ, այն կնոջը, ում դու գիտեի՞ր:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Չէ՛, տեսնում եմ, որ աճել ես, բայց… սա ադեկվատ ռեակցիա չի… նույնիսկ մե՜ծ էվոլյուցիա ապրած կնոջ համար:
ՎԻՎՅԵՆ — Անցանք վիրավորանքների՞ն:
Ալեքսանդրը ընկրկեց՝ տասին խփեց, ինքն էլ զգաց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Ների՛ր:
ՎԻՎՅԵՆ — Եթե էլ չես ուտելու, հավաքեմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Հա՛, իհարկե:
Վիվյենը սկսում է սեղանը հավաքել: Ալեքսանդրը բարոյապես վատ է զգում իրեն: Սիգարետ կպցրեց, արագ անջատեց, դժգոհ է իրենից, շա՛տ դժգոհ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (չդիմացավ): Ո՛վ է այդ մարդը:
Վիվյենը չպատասխանեց, ափսեները տարավ: Երբ վերադարձավ, Ալեքսանդրն ուղղակի փակեց դիմացը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Ասա՛:
ՎԻՎՅԵՆ — Դու իսկապես չես ճանաչում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ գուցե ընդհակառա՞կը: Դրա համար էլ անունը տալ չես ուզում:
ՎԻՎՅԵՆ — Չես ճանաչում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Գոնե ասա՝ ինչպիսի՞ն է:
ՎԻՎՅԵՆ – (ուսերն է թոթվում): Բոլորի նման:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Լուրջ եմ հարցնում… առանձնահատուկ այդ ի՛նչ ունի, որ… որ դու… որ կարողացել է քեզ…
ՎԻՎՅԵՆ -… ընդամենը սիրում է ինձ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Բայց ե՛ս էլ եմ քեզ սիրում:
ՎԻՎՅԵՆ — Բոլորն են սիրում… սիրելու կերպերն են տարբեր:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Աստված սիրես, արի առանց փիլիսոփայությունների: Ես քեզ սիրել եմ ու դու դա գիտես… հիմա էլ եմ սիրում ու դու դա՛ էլ գիտես:
Հեռախոսը զնգաց: Վիվյենը շտապեց պատուհանագոգից վերցնել հեռախոսը: Ալեքսանդրն ուշադիր հետևելու է:
ՎԻՎՅԵՆ – (հեռախոսով): Այո՞… դարձյալ հետաձգվո՞ւմ է… բայց ինչո՛ւ… շարժի՞չը… միգուցե ուրի՞շ ինքնաթիռ տրամադրեն, առաջարկե՞լ եք նման բան… ես հասկանում եմ, բայց… կսպասեմ, իհարկե… լա՛վ, ների՛ր… չէ՛, իսկապես… լա՛վ եմ… հա, հա՛, հաստատ լավ եմ… սպասում եմ… (Անջատեց, տխուր է🙂
Ալեքսանդրը, այն փաստից, որ Վիվյենը տխրեց այդ տղամարդու չգալու պատճառով, ավելի է ագրեսիվանում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ինչքան հասկանում եմ՝ երեկոդ ազատվում է:
ՎԻՎՅԵՆ — Իմ բոլոր երեկոներն էլ՝ քեզ համար, զբաղվա՛ծ են:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ագրեսիվ ես:
ՎԻՎՅԵՆ — Քեզանից փոխանցվեց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Լսի՛ր, մենք երկուսս էլ ցավեցնելու մեծ վարպետներ ենք… արի առանց դրա, հը՞… (Մոտեցավ, զգուշորեն բռնեց ձեռքերը, կամացուկ🙂 Հիշո՞ւմ ես… դու փոքրիկ տնակ էիր ուզում… Փարիզի արվարձաններում… մենք արդեն ունենք էդ տնակը… (Գրպանից հանում է նկարները, ցույց տալիս մեկը մյուսի ետևից🙂 Տե՛ս… տե՛ս. ինչ հրաշք տեղ է… միայն մենք ու Փարիզը… հա, երբեմն էլ՝ մարդիկ… (Նորից բռնեց ձեռքերը, ավելի կամացուկ🙂 Ոչինչ մի ասա… արի ուղղակի փախչենք էստեղից… տեսնո՞ւմ ես, ես ոչինչ չունեմ ինձ հետ, քեզ էլ ոչինչ պետք չի… էնտեղ ամեն ինչ կա… տոմսերը գրպանումս են… թռիչքը՝ լուսաբացին ու… ես սիրում եմ քեզ… շա՛տ եմ սիրում…
Ալեքսանդրն ինքնաբերաբար սեղմվում է, Վիվյենը մեղմ բաց է թողնում նրան:
ՎԻՎՅԵՆ — Իմ երազանքները փոխվել են… կներե՛ս…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Փոխվե՞լ են… ու ի՛նչ, ի՞նչ է առաջարկել քեզ սրա տե՛րը: (Խալաթը մի պահ վրայից հանել ու նետել է ուզում, հետո հիշում է, որ մերկ է, արագ կապում է գոտին🙂
ՎԻՎՅԵՆ — Քո խալաթն է… ի դեպ:
Ալեքսանդրը զարմացավ, զննում է հագի խալաթը, փորձում հիշել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ծաղկաձոր գնալուց առաջ… սա մի քիչ մեծ էր, բայց ուրիշը չկար:
ՎԻՎՅԵՆ — Կային, բայց քեզ առանձնապես դուր չեկան, սա՛ հավանեցիր:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (ժպտում է՝ հիշողությունը քաղցր էր): Հա՛… գնացել էինք հատուկ ճոպանուղի նստելու ու վերևում թանապուր համտեսելու… բայց իսկապես, լա՛վ թանապուր էր:
ՎԻՎՅԵՆ — Լավն է… մի ամիս առաջ եմ եղել՝ նույն համն ուներ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Խնդրո՛ւմ եմ… գնանք… ախր դու սիրում ես ինձ… դու չե՛ս կարող չսիրել ինձ… ես քո կյանքի ամենակարևոր տղամարդն եմ… մենք միասին մի ամբողջ կյանք ենք ապրել… մի կյանքից էլ ավելի՛ն՝ մի՛ քանի կյանք… մեր ապրածը հնարավոր չի մոռանալ… դու… դու էս տղայի հետ չես կարող երկար մնալ… ես չգիտեմ՝ ո՛վ է, ի՛նչ է, բայց… ես չե՛մ հավատում, որ դու ինձանից հետո կկարողանաս ուրիշ մեկի հետ ապրել…
ՎԻՎՅԵՆ — Եթե մոռացել ես, ես արդեն մի քանի տարի է՝ ապրում եմ քեզանից հետո… այսինքն՝ քո գնալուց հետո…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես չե՛մ գնացել…
ՎԻՎՅԵՆ — Միգուցե ասես, որ ե՞ս եմ գնացել…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չեմ ասի… բայց դու էլ գիտես, որ… որ ամեն ինչ ուրիշ կերպ եղավ…
ՎԻՎՅԵՆ – Խնդրո՛ւմ եմ… պետք չի… ես չեմ ուզում վիճել, չեմ ուզում հիշել, ընդամենը մի բան եմ ուզում…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (արագ): Ես չեմ գնալու…
ՎԻՎՅԵՆ – (չի էլ լսել): …ա՛պ-րե՛լ… ես ապրել եմ ուզում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ուզում ես ասել, որ իմ կողքին դու չէիր ապրո՞ւմ…
ՎԻՎՅԵՆ — Ես ի՛մ կյանքն եմ ուզում ապրել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ իմ կողքին՝ ի՞մն էիր ապրում… դա՛ ես ուզում ասել, չէ՞…
ՎԻՎՅԵՆ — …դու էնքան շատ էիր… երբ դու իմ կողքին էիր, ինձ այլևս ոչինչ պետք չէր։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Բայց դու հենց դա էիր ուզում:
ՎԻՎՅԵՆ — Այդպես էլ կար:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Ուրեմն՝ ի՞նչն է խնդիրը:
ՎԻՎՅԵՆ — Էլ չեմ ուզում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ըհը, հիմա գտել ես մեկին, ում նկատմամբ էդ բոլորը չունես, դե պարզ է՝ ինքը ունի ու դա քեզ լրիվ ձեռք է տալիս՝ ղեկավարման կոճակը քո ձեռքին է, դու սթա՛փ, իսկական ծովահենի նման վարում ես ձեր սիրո փչովի նավակն անծայրածիր օվկիանոսում…
ՎԻՎՅԵՆ — Դե՞մ ես:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Որպես տղամարդ՝ վիրավորված եմ: Ես, իհարկե, չե՛մ ճանաչում քո այդ… յունգայի՛ն, բայց տղամարդկային համերաշխության օրենքներից ելնելով… մեծ հաճույքով կծակեի նավակդ…
Վիվյենի հայացքը՝ ինչը և անում ես:
Ալեքսանդրը հագնվելու է։ Շիրմայի նման ինչ—որ բան, որ հենված է պահարանի դռանը, կարող է բացել ու հագնվել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Չէ՛, սխալ ես մտածում… ես հիմա ձեզ չեմ խորտակում: Ընդամենը քեզ եմ ուզում հանել այդ… տաշտից… արի՛ գնանք, արդյունքում յունգան էլ կփրկվի, ես ու դու էլ երջանիկ կլինենք:
Վիվյենի իրոնիկ ժպիտը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դե վերջացրո՛ւ… դու ախր միայն ի՛նձ հետ կարող ես երջանիկ լինել… ես գիտեմ քո ամեն մի շարժումը, դեմքի դիմախաղը, ուղեղի մկանների պարը… ես քեզանից առաջ գիտեմ՝ ի՛նչ ես դու ուզում ու պատրաստ եմ դա անել…
ՎԻՎՅԵՆ – Չէ՛… դու պատրաստ չես դա անել… դու պատրաստ ես հավերժ խաղալ… էդ ամբողջը գուշակելը քեզ հաճույք է պատճառում ո՛չ նրա համար, որ ինձ բավարարես, այլ որ խաղա՛ս, էլի մի քայլ առաջ ընկնես… հետո՛… հաջո՛րդ քայլը… հաջո՛րդը… ու էդ անվերջ հաջորդական քայլերի արանքով հոսում է կյանքը, մե՛ր կյանքը, բայց դա ի՛նչ կարևոր է, գրողը տանի, կարևորը՝ խաղի հաճույքն է, չէ՞… դե ասա՛, ասա, որ ես սխալ եմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ճիշտ ես… բայց հենց դա էր պատճառը, որ մենք այդպես էլ չէինք հագենում… անընդհատ, ամեն վայրկյան ուզում էինք մեկս մյուսիս ու բոլորովին կապ չուներ՝ սարի գագաթին էինք, սպիտակեղենի խանութում, թե մանկական սրճարանում…
Վիվյենը լուռ է, շրջվել, նայում է պատուհանից: Ալեքսանդրը դանդաղ մոտենում է: Կգա, կշրջվի, կհենվի պատին, կփորձի նայել Վիվյենի դեմքին:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …մի էլ երազի… ով մի անգամ զգացել է էս ամբողջը, այլևս առանց սրա չի կարող:
ՎԻՎՅԵՆ — Կրկնվեմ, բայց մեկ անգամ ևս՝ արդեն մի քանի տարի… առանց էդ ամբողջի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Քո ասածը գին կունենար, եթե էս տարիներին կողքդ միայն մեկը լիներ… իսկ ի՞նչ է եղել… թաշկինակի նման փոխել ես, որովհետև ոչ մեկը հույսերդ չի՛ արդարացրել:
ՎԻՎՅԵՆ — Դա քո՛ կարծիքն է:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Ճշմարտությո՛ւնն է դա:
ՎԻՎՅԵՆ – Քո՛ ճշմարտությունը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ճշմարտությունը մե՛կն է:
ՎԻՎՅԵՆ — Չեմ հարցնում՝ ի՛նչ ես ուզում, ասացիր, ես էլ ի՛մն ասացի՝ գնա՛, խնդրում եմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Տհա՞ճ եմ:
ՎԻՎՅԵՆ — Աստիճանաբար դառնում ես:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Անիմաստ լարվում ես… ու դա ինձ դուր է գալիս, համոզվում եմ՝ ե՛ս եմ ճիշտ:
ՎԻՎՅԵՆ – Ասենք՝ դու ես ճիշտ, բայց ես քո ասած ձևով այլևս ապրել չեմ ուզում, վե՞րջ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չեմ հավատում:
ՎԻՎՅԵՆ — Ես ինչ-որ բա՞ն պիտի անեմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չգիտեմ, բայց հույս չունենաս, որ ես գնալու եմ էստեղից:
ՎԻՎՅԵՆ — Իսկ ի՞նչ ես անելու: Մնալու ես, ապրե՞ս մեզ հետ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դե… սկզբի համար կծանոթանանք… նոր ընտրյալիդ հետ:
ՎԻՎՅԵՆ — Ըհը, հետո՞…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Հուսամ՝ գիտի իմ մասին:
ՎԻՎՅԵՆ — Քո մասին էլ, մնացած բոլորի էլ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Հատիկ-հատիկ պատմե՞լ ես, ոչ ոքի չե՞ս մոռացել:
ՎԻՎՅԵՆ — Ոչ ոքի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Շատ վստահ ես:
ՎԻՎՅԵՆ – Դե, ես գրի եմ առնում… պատմելուց էլ՝ ըստ ցուցակի… որևէ մեկին նեղացնել չեմ ուզում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ե՞վ… չձանձրացա՞վ:
ՎԻՎՅԵՆ — Մի կերպ դիմացավ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Վստահ եմ՝ հանուն քաղաքավարության:
ՎԻՎՅԵՆ — Թեկուզ այդպես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Դե՛հ, ավելի լավ՝ հեռակա ծանոթությունը կա, մնաց… դեմ դիմաց կանգնենք:
ՎԻՎՅԵՆ – (մի պահ զննեց սրան ու շատ անսպասելի): Ինչպես կուզես:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Լո՞ւրջ:
ՎԻՎՅԵՆ – Լո՛ւրջ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Մի ժամ առաջ դուրս էիր ուզում շպրտել, հիմա թքած ունե՞ս… ես միշտ նախանձել եմ արագ հարմարվելու քո այդ կարողությանը:
ՎԻՎՅԵՆ — Ես չեմ հարմարվում… ինձ համար մեկ է:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ինչ ուզում ես՝ ասա, մեկ է, նախանձում եմ: Անունը կասե՞ս:
ՎԻՎՅԵՆ — Ինչի՞դ է պետք:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դե… գալու է մարդը… ինքը, ինչպես դու ես պնդում, ինձ գիտի… ես էլ գոնե անունն իմանամ:
ՎԻՎՅԵՆ — Եթե կուզի, թող ինքն ասի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դու իսկապե՞ս վստահ ես, որ քեզ համար մեկ է՝ կհանդիպենք մենք, թե՞…
ՎԻՎՅԵՆ – Մե՛կ է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (չհավատաց): Լա՜վ… եթե պնդում ես…ես ո՜վ եմ, որ չհավատամ… այդ ո՞ւր ես գնում:
ՎԻՎՅԵՆ — Սուրճ եմ ուզում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես էլ դեմ չէի լինի…երկու բաժակ կեփե՞ս:
Վիվյենը չպատասխանեց, լուռ հեռացավ: Ալեքսանդրը մտահոգ նայում է սրա հետևից: Հետո կքայլի, ինչ—որ բան է տանջում նրան, ուզում է հասկանալ: Քիչ հետո կվերադառնա Վիվյենը՝ ձեռքին երկու բաժակ սուրճ: Կբերի, Ալեքսանդրինը կդնի սեղանին, իրենը՝ պատուհանի մոտ կանգնած, կխմի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Շնորհակալ եմ… (Գրպանից կհանի ծխախոտի տուփը, ձեռքը կտանի մեջն ու…) Սիգարետ կտա՞ս:
ՎԻՎՅԵՆ — Չեմ ծխում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Եվ՝ վաղո՞ւց:
ՎԻՎՅԵՆ – Բավականին:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ գուցե տանը մնացած լինի… ինչ-որ մեկից հետո:
ՎԻՎՅԵՆ — Յուրաքանչյուր մեկից հետո ես կանչում եմ Անահիտին ու նա մաքրում է բոլոր հետքերը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Անահիտը… այն աղջիկն է, որ տների մաքրությամբ է զբաղվում: Հիշում եմ, շատ լավ մարդ է:
Վիվյենի հայացքը՝ հաստատեց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ինձանից հետո էլ ես կանչե՞լ…
ՎԻՎՅԵՆ — Բնականաբար:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ խալա՞թը… միայն չասես, որ հիշատակ ես պահել: Եթե լավ փնտրեմ, վստահ եմ, էլի բաներ կգտնեմ:
ՎԻՎՅԵՆ — Չես հավատա, բայց շատ եմ սիրում խալաթդ: Կարելի է ասել՝ իմը լրիվ մոռացել եմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Շատ երկար էր… համարյա բացատրության նման… դու սպասել ես ինձ՝ ես հաստատ գիտեմ… սպասումը ձանձրալի ու տհաճ բան է, մանավանդ, երբ երկարում է… ես էլ եմ երբեմն օտար մարդկանց ներս թողել՝ սպասումը կարճելու համար, բայց, գրո՛ղը տանի, դո՛ւ սպասե՛լ ես ի՛նձ… ու հիմա՛ էլ… որովհետև խալաթը դեռ այս տանն է… հուսով եմ, նրանցից որևէ մեկը չի՞ հագել…
ՎԻՎՅԵՆ — Վերջացրեցի՞ր սուրճդ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ծխել եմ ուզում…
ՎԻՎՅԵՆ – (թոթվեց ուսերը): Չունեմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ խանութ, բնականաբար, չես իջնի:
ՎԻՎՅԵՆ – Բնականաբա՛ր…
Ալեքսանդրը՝ հայացքով` դե իհարկե: Դրամապանակից փող կհանի, ծխախոտի դատարկ տուփի մեջ տեղավորելով, կմոտենա պատուհանին, բացեց, նայեց, սուլեց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (բարձր): Քո հետ եմ, քո՛… սա բռնի՛ր… (Նետում է տուփը🙂 Էդ նույն սիգարետից` մեկ տուփ` ինձ, մնացած գումարը քոնն է… միայն արագ… (Շրջվեց, հայացքով՝ Վիվյենին🙂 Ինչ որ բան կուզեի՞ր:
ՎԻՎՅԵՆ – Շնորհակա՛լ եմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Իսկ ա՛յ ես շնորհակալ կլինեմ, եթե նոր սուրճ տաս, եթե հիշում ես, ես սառը սուրճ…
ՎԻՎՅԵՆ — Հիշում եմ: (Կմոտենա, կվերցնի, կգնա խոհանոց🙂
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Այ, սա ինձ արդեն դուր է գալիս…
Վիվյենը խոհանոցի դռան մոտ է: Կանգնեց, շրջվեց, հայացքը՝ սուր, հարցական:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (վախվորած): …ընդամենը այն, որ հիշում ես…
Վիվյենը չպատասխանեց, շրջվեց, մտավ խոհանոց:
Դուռը կթակեն, Ալեքսանդրը կբացի, կվեցնի սիգարետը, էլի մի թղթադրամ կմեկնի բաց դռնից այն կողմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Սա էլ վերցրու… վերցրո՛ւ, վերցրո՛ւ, փրկեցիր ինձ:
Փակեց դուռը, տուփը բացելով կմոտենա սեղանին, առաջին սիգարետը կհանի, կկպցնի, ծուխը երանությամբ ներս կքաշի:
Վիվյենը կբերի սուրճը, լուռ կդնի դիմացը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (հերթական ծուխը երանությամբ դուրս փչելով): Մի քիչ կպատմե՞ս՝ ո՛վ է, ի՛նչ է…
ՎԻՎՅԵՆ — Մարդ է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (իրոնիկ ժպիտը թաքցնելով): Իսկ ինչո՞վ է զբաղվում…գոնե դա կասե՞ս:
ՎԻՎՅԵՆ — Իմաստ չեմ տեսնում…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (քթի տակ ծիծաղում է): Այսինքն՝ ֆա՛րս է էս ամենը… դեռ հույս ունես, որ չենք հանդիպելու… (պատասխան չստանալով)… անիմաստ են հույսերդ, չնայած շանս կա` հագնվում ես, միասին գնում ենք, հը՞, ի՞նչ կասես:
ՎԻՎՅԵՆ — Ոչ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Քո՛ որոշումն է:
Վիվյենը լուռ է: Պատուհանագոգից վերցրեց գիրքը, հարմար տեղավորվեց բազկաթոռին, սկսեց կարդալ:
Ալեքսանդրը կվերջացնի սուրճը, ընթացքում շարունակ Վիվյենին նայելով: Սա լրջորեն տարված է ընթերցանությամբ:
Շատ քիչ կդիմանա, հետո արագ կմոտենա, ձեռքից կվերցնի գիրքը, մի կողմ կդնի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դու իմ ասած փողոցով չէիր գնացել…
Վիվյենը, որ պատրաստ էր գոռալ խլված գրքի համար, քարացավ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …ես քեզ ասել էի գնալ մինչև փողոցի ծայրը, հետո թեքվել աջ: Իսկ դու ավելի վաղ էիր թեքվել…
Վիվյենը լուռ է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …ի՞նչ դժվար բան կար ասածիս մեջ… գնալ մինչև փողոցի վերջն ու նոր միայն աջ թեքվել…
ՎԻՎՅԵՆ — Իսկ դու…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …ես հետո նույն ճանապարհը տասն անգամ անցա՝ բոլոր հարակից փողոցներով, հաշվեցի հանդիպած փակուղիները, թակեցի բոլոր դռները, հարցրեցի յուրաքանչյուր պատահած անցորդի… կարծում էի՝ մոլորվել ես քաղաքում, բայց ո՜չ, դու պարզապես վազել էիր կայարան… նույնիսկ հյուրանոց չէիր գնացել… բոլոր իրերդ այնտեղ էին մնացել… (Մեղադրող հայացքով նայում է Վիվյենին🙂 Այդքան դժվա՞ր էր անել այն, ինչ խնդրել էի…
Վիվյենը լուռ սրան է նայում: Ասես ինչ—որ բան է ուզում հասկանալ, որի պատասխանը երկար փնտրել, չի գտել ու հիմա շանս կա գտնելու:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …մանավանդ, բավականին հեշտ մի բան էր… իմ ցույց տված փողոցով ուղիղ քայլել, և երբ փողոցը վերջանար, թեքվել աջ… հը՞, դժվա՞ր էր… ինչո՞ւ ես լռում… մի բան ասա…
ՎԻՎՅԵՆ — Ես իջա՝ ինչպես ասել էիր, բայց մինչև փողոցը կավարտվեր՝ ձախ թեքվեցի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ձա՞խ… (հույսով) …մոռացե՞լ էիր, որ աջ պիտի թեքվեիր:
ՎԻՎՅԵՆ – Չէ՛, հիշում էի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ուրեմն… ինչո՞ւ ձախ թեքվեցիր:
Վիվյենը մի պահ լուռ է: Հետո կշարունակի՝ շատ հանգիստ, հազար անգամ վերապրած, մարսած, հանգած ձայնով:
ՎԻՎՅԵՆ — Որպեսզի այլևս երբեք չտեսնեմ քեզ…
Այ է՛ս պատասխանին Ալեքսանդրը չէր սպասում:
ՎԻՎՅԵՆ — Ես հավատում էի քեզ… գրողի ծո՛ցը սերը՝ ես կույր կատվի նման կախված էի քեզանից ու առանց քեզ իմ գոյությունը ոչ մի կերպ չէի պատկերացնում… իսկ դու առանց մտածելու ինձ փողոց գցեցիր՝ հետաքրքի՞ր էր… ինքդ քո հետ գրա՞զ էիր եկել՝ կգտնենք իրար, թե ո՞չ… իսկ մտքովդ չէ՞ր անցել, որ հնարավոր է՝ չգտնենք… ու դու պատրա՞ստ էիր կորցնել ինձ՝ հանուն այդ մի խաղի… (նայում է աչքերի մեջ) …պատրա՛ստ էիր…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Ո՛չ…
ՎԻՎՅԵՆ – Այո՛…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Ո՜՜՜չ… (պոկվեց շուրթերից)… ես վայրէջքից հետո ուսումնասիրել էի քաղաքի քարտեզը… եթե իմ ասած փողոցով իջնեիր ու աջ թեքվեիր՝ ուղիղ դիմացս էիր հայտնվելու, ես ամեն ինչ հաշվարկե՛լ էի…
Վիվյենն, իր համար էլ անսպասելի, բավականին ուժեղ ապտակեց սրան: Քարացան: Երկուսն էլ: Պաուզա:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …հավատա… անմեղ կատակ էր… ես վստահ էի, որ մի քանի րոպե հետո գրկելու եմ քեզ փողոցի ծայրին ու պտտեմ: Բայց դու չկայիր… ես մտովի արդեն տաս անգամ բարձրացել ու իջել էի փողոցով, իսկ դու այդ ընթացքում ո՛չ մի անգամ չիջար…
ՎԻՎՅԵՆ – Գնա՛… խնդրում եմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Չէ՛… ես չեմ կարող… մի անգամ էլ…
ՎԻՎՅԵՆ — …այսքա՜ն տարի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Մի՛ հարցրու… ես ինքս էլ չգիտեմ… ու հիմա, եթե ասեմ, որ ամբողջ ընթացքում միայն դու ես եղել մտքումս, շաաաատ քաղցր է թվալու՝ նույնիսկ ես չեմ հավատա…
ՎԻՎՅԵՆ – Գնա՜…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Բայց եթե կա մեկը, ում հոտը ռունգերիցս դուրս չի գալիս, դու ես…
Ալեքսանդրը մոտեցել է, ձեռքերը բարձրանում են կնոջ թևերի վրայով, մատները շոշափում են ամեն մի միլիմետրը, շուրթերը դողում են հանդիպման սպասումից:
Երբ թվում է, որ ուր որ է կմիաձուլվեն, կինը շշուկով խոստովանում է:
ՎԻՎՅԵՆ — …գնացքն արդեն շարժվում էր՝ ես ցած թռա… երեք օր սպասել եմ քեզ այդ կայարանում… ոչ մի անգամ մտքովդ չանցա՞վ կայարան գալ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (անսպասելի՝ նաև իր համար, ծնկեց): Արի գնա՛նք… տոմսերը գրպանումս են… եթե թեկուզ մի օրից որոշես ետ գալ, ես գոնե կփորձեմ հավատալ, որ մեր մեջ էլ ոչինչ չի մնացել…
Վիվյենը չի հասցնում պատասխանել, հեռախոսը նորից է զնգում: Վիվյենը շտապում է պատասխանել: Նայեց էկրանին, այն զանգը չէ, որին սպասում էր:
ՎԻՎՅԵՆ – (հեռախոսով): Կներե՛ս, Նուն, խոստացա ու չզանգեցի… չէ, դեռ ոչինչ պարզ չի՝ Շուշոկը չի զանգել… անպայման, սիրուն մարդ… (Անջատեց🙂
Ալեքսանդրը, որ զանգի հետ լարվել էր, մի փոքր թեթևացավ, ուզեց առաջանալ: Վիվյենը ձեռքը առաջ պարզեց՝ մնա տեղումդ: Ալեքսանդրը քարացավ: Վիվյենը սպասողական հայացքով նայեց սրան: Սա, իբր չի հասկանում Վիվյենի ակնկալիքը, շարունակում է նույն կերպ: Վիվյենը ինքը սկսեց պատրաստվել՝ դուրս գալ: Պայուսակ, կոշիկներ… դեպի դուռը: Ալեքսանդրը հասկացավ՝ չի՛ կատակում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (դիմացը կտրելով): Ո՞ւր:
ՎԻՎՅԵՆ — Հեռու էստեղից:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ գուցե ինձնի՞ց:
ՎԻՎՅԵՆ – Դո՛ւ ասացիր:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (արագ բռնեց ձեռքերը): Հա՛, մեղավոր եմ, ընդունում եմ, սխա՛լ եմ արել…
ՎԻՎՅԵՆ – Թո՛ղ ինձ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …սպասիր՝ ասե՛մ ասելիքս…
ՎԻՎՅԵՆ – Չե՛մ ուզում լսել…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Խնդրո՛ւմ եմ… մի՛ արա… արի խոսենք:
ՎԻՎՅԵՆ — Հիմա դու ավելի վատ ես անում… չես հասկանո՞ւմ, ի վիճակի չեմ այլևս… ուզում ես ատե՞մ քեզ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Եթե ճիշտ է, որ ատելությունից սեր մի քայլ է, համաձայն եմ:
Վիվյենը խոոոոորը շունչ է քաշում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Հա՛, խա՛ղ էր, խա՛ղ, ապուշ խաղ… բայց ես…
ՎԻՎՅԵՆ — Ոչինչ մի՛ ասա, խնդրում եմ ու թող՝ գնամ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (գլուխն է օրորում): …չեմ ուզում առանց քեզ…
ՎԻՎՅԵՆ — Դու արդեն վաղուց առանց ինձ ես… հիմա չգիտեմ՝ ի՛նչ է պատահել, որ եկել ես, բայց հավատա, վերջացել է ամեն ինչ… ես ուրիշին եմ սիրում, ուզում եմ նրա հետ ապրել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չեմ հավատում:
ՎԻՎՅԵՆ – Չե՛ս ուզում հավատալ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Թեկուզ այդպես:
ՎԻՎՅԵՆ — Ոչնչով օգնել չեմ կարող:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – Կարո՛ղ ես… (Գրպանից հանում է տոմսերը🙂 Գնա՛նք… եթե իսկապես ամեն ինչ վերջացել է, դու մի քանի օրից ետ կգաս: Ես քեզ չեմ խանգարի, երդվո՛ւմ եմ…
ՎԻՎՅԵՆ — Ես փորձարկումների կարիք չունեմ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ գուցե վախենո՞ւմ ես… չես ուզում խոստովանել… հա՛, ցավեցրել եմ, շա՛տ եմ ցավեցրել, բայց հավատա, սերն առանց դրա չի լինում… առանց ցավի էն քաղցր զգացողությունը, որ ունենում ես…
ՎԻՎՅԵՆ — …համաձա՛յն եմ… բայց սեր չկա, փորձելու բան էլ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ խալա՞թը… լոգանքի գե՞լը, քառակուսի բարձե՞րը, մուգ սավա՞նը…
ՎԻՎՅԵՆ — Ընդամենը սովորություն է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Սուտ է…
ՎԻՎՅԵՆ — Սուտն այն է, որ իբր զղջում ես… դու երբեք չես փոխվի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դրանի՞ց ես վախենում:
ՎԻՎՅԵՆ — Վախենում են նրանք, ովքեր չեն ուզում կորցնել… ես քեզ էն օտար քաղաքում կորցրեցի… ու այլևս գտնելու ցանկություն չունեմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Սկսում եմ մտածել, որ դու ինձ երբեք էլ չես սիրել…
Վիվյենն իրոնիկ ժպտում է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ինչո՞ւ ես ժպտում:
ՎԻՎՅԵՆ — Գիտեի, որ անցնելու ես շանտաժի… սպասում էի:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես լրիվ լուրջ եմ ասում… հա՛, վստա՛հ եմ… հաստա՛տ… չե՛ս սիրել:
ՎԻՎՅԵՆ — Տես, ինչպես կուզես, բայց որշումդ միայն քե՛զ համար կայացրու… ես չեմ ուզում կորցնել էն սիրուն պահերը, որ ապրել եմ քեզ հետ:
Անսպասելի էր: Ալեքսանդրն էլի լռեց:
ՎԻՎՅԵՆ — Ես իսկապես սպասել եմ քեզ… էս բոլոր տարիներին… ու փորձելով մոռանալ՝ քեզ խեղդել իմ մեջ՝ ուրիշ տղամարդիկ եմ ունեցել… ապարդյուն ջանքեր… ամենաերկարը մի տարի տևեց… (Ալեքսանդրին՝ ժպտալով🙂 Ասա, որ լավ համբերություն ունեմ:
Ալեքսանդրն ինչ—որ բան է ուզում ասել, չի հասցնում:
ՎԻՎՅԵՆ — …չգիտեմ՝ ինչն էր պատճառը, որ նորից այդ քաղաք գնացի… չէ՛, գիտեմ… երևի հույս ունեի քեզ տեսնել փողոցի ծայրին… (պաուզա, հավաքվեց)… գտա այդ նույն փողոցը… ու այս անգամ փողոցը մինչև վերջ իջա, հետո էլ աջ թեքվեցի` ինչպես ասել էիր…
Լռություն: Ալեքսանդրը չդիմացավ, ողնաշարով զգում է` ինչ—որ բան կա տակը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Հանդիպե՞լ ես… ինչ-որ մեկին:
ՎԻՎՅԵՆ – (գլխով՝ այո): Ես շա՜տ եմ փնտրել պատասխանը… ու երբ չգտա, որոշեցի, որ ուրեմն ճակատագիրն էր այդպես որոշել… հարմար է, չէ՞, էդպես մտածելը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (վախենալով լսել պատասխանը, ասես գիտի միանշանակ): Նա՞ է…
Վիվյենը գլխով հաստատեց:
Ալեքսանդրը սարսափելի վիճակում է:
ՎԻՎՅԵՆ — Սուրճ… կուզե՞ս:
Ալեքսանդրը գլխով՝ ոչ: Վախենում է բառ ասել՝ կոկորդը քերում է։
Վիվյենը քայլեց խոհանոցի կողմը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (հայացքը դեպի պատուհանը, այնպես, որ Վիվյենը չտեսնի աչքերը: Բայց ձայնը դողում է): Մի՛ թող ինձ…
Վիվյենը քարացավ տեղում: Չի շրջվի, կմնան այդպես՝ մեկը մյուսին մեջքով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …դու հիմա խաբում ես… երկուսիս էլ… ուղղակի վրեժ ես լուծում… ես ինքս չէի գա, եթե վստահ չլինեի… հետո՝ էս ամեն ինչը մի վայրկյանում կավարտվեր… եթե արդեն քառասուն րոպե է՝ խոսում ենք, ուրեմն փորձում ենք փրկել… ու դու դա ուզում ես ոչ պակաս, քան ես… էնպես որ… (կտրուկ) չսպասես «վեհ» քայլերի… (շրջվեց դեպի Վիվյենը)… չեմ պատրաստվում քեզ նվիրել ոչ ոքի… մնալու եմ էստեղ, թող գա, թող ապացուցի, որ ինձանից ավելի է սիրում…
ՎԻՎՅԵՆ — Ապացուցելու բան չկա… որովհետև ընտրում եմ ես… դու, իհարկե, կարող ես մնալ… բայց դա քեզ ցավից բացի ուրիշ ոչինչ չի տա… (Մտավ խոհանոց🙂
Զնգաց հեռախոսը: Ալեքսանդրը նայեց դրա ուղղությամբ: Ոտքերն իրենք տարան, ձեռքն ինքը վերցրեց, միացրեց:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (խոսելու է հավասարակշռված): Լսում եմ… չեք ուզո՞ւմ խոսել… սխա՞լ, իսկ ո՞ւմ եք ուզում… չէ՛, չեք սխալվել, ճիշտ եք զանգել… ե՞ս… իսկ դուք ի՞նչ եք կարծում… հա՛, երևի չեք կարողանում կողմնորոշվել, թե ես ո՛ր մեկն եմ… հիմնակա՛նը, միա՛կը, ում սիրել է ու սիրում է… ամենամեծ ապացույցն այն է, որ հիմա ե՛ս եմ պատասխանում ձեր զանգին…
Վիվյենը ներս մտավ՝ սուրճը ձեռքին:
Հայացքները հանդիպեցին: Ողնաշարով զգաց՝ նա՛ է:
Լուռ լսելու է, ոչ առաջ կգա, ոչ ետ կգնա:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …ի՞նչ… ու ձեզ չի՞ անհանգստացնում էն փաստը, որ ես հիմա ձեր, այսպես կոչված, սիրած կնոջ կողքի՞ն եմ… ախ, վստահո՜ւմ եք նրան… իհարկե, իզուր… դե որովհետև ե՛ս ինձ չեմ վստահում… ինչ եմ ակնկալո՞ւմ… որ չքվե՛ս գրողի ծո՛ցը… որովհետև քեզ չի՛ սիրում ու եթե հիմա քո կողքին է, էդ միայն ինձ ցավ պատճառելու համար… չես հավատո՞ւմ… քո ինքնաթիռն ի՞նչ եղավ, ե՞րբ ես օդ բարձրանում… հրաշալի՛ է, ուրեմն սպասում եմ քեզ, օդաչուին ասա, թող հնարավորինս արագ քշի էդ տաշտը… (Ասաց ու անջատեց հեռախոսը🙂
Բարկացած շրջվեց ու տեսավ խոհանոցի դռան մեջ քարացած Վիվյենին: Լուռ իրար են նայում: Ալեքսանդրը երկար չդիմացավ, հայացքը փախցրեց: Վիվյենը սուրճով բաժակը պատով տվեց, սուրաց դռան կողմը: Ալեքսանդրը հասկացավ: Ինքը նետվեց դռան կողմը, արագ ներսից փակեց ու բանալին բաց պատուհանից ավելի արագ դուրս նետեց, քան Վիվյենը կհասներ իրեն: Վիվյենը չհասցրեց կանգնել, իներցիայով արեց հաջորդ քայլն ու հայտնվեց Ալեքսանդրի գրկում: Սա չկորցրեց պահը, ամուր գրկեց ու համբուրում է շուրթերը` կարոտած, փափագած, անկուշտ:
Վիվյենին միայն մի քանի վայրկյանից հաջողվեց ուշքի գալ, հետո նաև`պոկվել նրանից:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չեմ տա քեզ ո՛չ ոքի… ու դու էլ… (ժպիտով) սիրո՛ւմ ես ի՛նձ… (ավելի գոհ ժպտաց)… միայն չասես` սովորություն է համբույրիս պատասխանելը:
Վիվյենը այն նույն «պահարանն» է քանդում, որտեղից Ալեքսանդրն իր խալաթն էր հանել: Ընդ որում, քանդում է անխնա՝ ձեռքին եկածը հատակին նետելով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (երջանիկ է, համբույրը շատ բան է ասել): Սա ոչ ձուկ էր, ոչ միս, սրան որտեղի՞ց ես գտել… (Պատասխան չկա, ֆիքսեց, դիտմամբ է շարունակելու🙂 Հա՛, այսինքն ասեցիր՝ ե՛ս եմ նվիրել՝ ճակատագրի ձեռքով… դե ուրեմն ե՛ս էլ ռադ կանեմ՝ նույն ճակատագրի ձեռքով… (բորբոքվեց) վստահո՜ւմ է ինքը… տեսեք, տեսե՜ք, իսկ մենք, որ չենք ուզում մեր սիրած կնոջ կողքը տղամարդ լինի, չե՛նք վստահո՞ւմ… մենք էլ ենք վստահում՝ կնո՛ջը… բայց ի՛նչ կարող է անել անպաշտպան կինը սիրահարված տղամարդու դե՛մ…
Վիվյենը հազիվ է զսպում կատաղությունը, մանավանդ, այն, ինչ փնտրում է, դեռևս չի գտնում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (շարունակում է): …Ո՜-չի՛նչ…
Վիվյենը շեշտակի սրան նայեց, հայացքով՝ ձա՛յնդ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (անմեղ): …երևի երկրորդ բանալին ես փնտրում, հա՞…
Պատասխանի փոխարեն Վիվյենը շրջվում, շարունակում է փնտրել: Ալեքսանդրը հոգնած նստում է «պահարան»-ի դռան մոտ, հատակին:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Բայց կա՞ երկրորդ բանալի…
Վիվյենը շշմած սրան է նայում:
Մեկ վայրկյան տևեց միտքը, հետո անսպասելի վերցրեց հեռախոսը, համար է հավաքում: Հավաքում է, պահում ականջի մոտ, անհասանելի է, նորից է հավաքում, նորից։ Ալեքսանդրի դեմքին աստիճանաբար ժպիտ կգա։ Նայեց ժամին։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Եթե արհեստանոց ես զանգել՝ անիմաստ է, աշխատանքային ժամն արդեն ավարտվել է։ Ստիպված ես սպասել մինչև առավոտ։
Վիվյենը լուռ անջատեց հեռախոսը։ Խոսել չի ուզում հետը, նույնիսկ՝ վրան նայել։
Ալեքսանդրը, քթի տակ ինքնագոհ ժպտալով, պիջակի ծոցագրպանից մի քանի տակ ծալված քարտեզն է հանելու։
Կբերի, կփռի հատակին, այնպիսի տեղ, որ Վիվյենը տեսնի, դանդաղ բացելու է։ Փարիզն է՝ ամենաաննշան փողոցներն անգամ կան։ Վիվյենը տեսավ, մտքում՝ Տե՜ր Աստված, արտաքին՝ ռեակցիա չկա։ Բայց Ալեքսանդրը երրորդ աչքով ամեն ինչ տեսնում է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Մեր տունիկն ա՛յ, էստեղ է, ա՛յ, էս փողոցի վրա… էստեղից ուղիղ երկու քայլի վրա կրուասանների կրպակ կա… տեղում են թխում… բույրը բռնում է ամբողջ փողոցը ու սուրճ են տալիս, շա՜տ համով սուրճ… մի երկու փոքրիկ սեղանիկ ունեն՝ հենց փողոցի վրա, կարող ենք ալարկոտ առավոտներ ունենալ՝ սուրճով ու խրթխրթան կրուասանով… էս մասով զբոսաշրջիկներ շատ են անցնում՝ հյուրանոց կա, բակով դուրս են գալիս, ուղիղ հրապարակ մտնում՝ հարմար է… կարող ենք գուշակել՝ ո՛րը՝ ո՛ր երկրից է… հետինը կի՞նն է, քանի՛ տարի է՝ միասի՞ն են կամ գուցե նո՞ր են ծանոթացել…
ՎԻՎՅԵՆ — (անսպասելի): Անպայման զույգե՞ր պիտի լինեն:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Փարիզը սիրո՛ քաղաք է, էստեղ ոչ ոք հենց էնպես չի գալիս… մենք էլ հենց էնպես չէինք տունը Փարիզում ուզում:
Ալեքսանդրը վերջին նախադասությունն ասելիս նայում է Վիվյենին։ Մի պահ իրար են նայում։ Հեռախոսը նորից զնգաց։ Ալեքսանդրն ասես հայացքով փորձում է պահել Վիվյենին։ Բայց զանգը շարունակվում է, Ալեքսանդրը բարկացած թարթեց աչքերը։ Վիվյենը «պոկվեց» ու մոտեցավ հեռախոսին։
ՎԻՎՅԵՆ – (հեռախոսով): Ալո՞… մառախուղն ավելի՞ է խտացել… հասկանում եմ… պարզ է, որ ոչինչ անել չես կարող… իհարկե… (Անջատեց:)
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (անսպասելի): Մենք Փարիզ էինք գնում, հիշո՞ւմ ես… բայց մառախուղ էր ու օդանավը Շառլ դը Գոլ չկարողացավ իջնել… էդպե՛ս հայտնվեցինք էն մյուս քաղաքում… ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե չլիներ մառախուղն ու մենք Փարիզ իջնեինք…
ՎԻՎՅԵՆ – (հեգնանքով): Փարիզի փողոցներն ավելի լա՞վ էիր անգիր արել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չես հավատա, բայց չէի արել, Փարիզին վստահո՛ւմ էի:
ՎԻՎՅԵՆ — Փարիզի՛ն…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Հա՛, հա՛, հա՛… Փարիզում հաստատ իրար դիմաց էինք դուրս գալու…
ՎԻՎՅԵՆ -Ստացվում է, որ ոչ թե մե՛զ էիր վստահում, այլ քաղաքի՛ն…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (արագ գտավ): …մե՛զ՝ ա՛յդ քաղաքում…
ՎԻՎՅԵՆ – (իրոնիկ):… սկսել ենք փրփուրներից կախվել… (Բացում է պահարանը, բարակ ծածկոց է դուրս բերում, նետում Ալեքսանդրի կողմը:) Գիշերները ցուրտ են լինում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (ծածկոցն օդի մեջ բռնելով, պստլիկ հույսով):… մանավանդ, երբ անկողնում մենակ ես…
Վիվյենն իրոնիկ ժպտաց՝ իհարկե՛ մենակ ես։
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (չորս կողմը նայելով):… իսկ… որտե՞ղ…
ՎԻՎՅԵՆ — Բազկաթոռին… հատակին՝ ընտրությունը քեզ եմ թողնում… (Ինքը սենյակի կողմն է շրջվում:)
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Արդեն գնո՞ւմ ես…
ՎԻՎՅԵՆ — Հոգնած եմ… ծանր օր էր…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Է՛… դեռ չի վերջացել։
ՎԻՎՅԵՆ — Ինձ համար վերջացել է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Տոմսերը… լուսաբացին են…
ՎԻՎՅԵՆ – (ուսերը թոթվելով): Բարեբախտաբար ե՛ս չեմ վճարել դրանց համար… իսկ դու կարող ես դուռը կոտրել՝ գուցե դեռ հասցնես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ խոսել չե՞ս ուզում…
ՎԻՎՅԵՆ — Առավոտից խոսում ենք… իմա՛ստը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Կա՛ իմաստ… խնդրում եմ, մի՛ գնա… էլի բան ունեմ ասելու…
Վիվյենը մնում է տեղում կանգնած՝ սենյակ չի մտնում։ Հայացքով՝ և՞։ Ալեքսանդրը լարված է։ Սա վերջին շանսն է։
Վարագույրները դանդաղ փակվում են։ Բայց դրանք թափանցիկ վարագույրներ են, որոնց ետևից ամեն ինչ երևում է։ Կամ կիսատ են փակվում։ Զուգահեռ լսվում է օպերատորի ձայնը։
ՁԱՅՆ — ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐԻ:
Հանդիսատեսը ծափահարել կարող է, բայց, հուսանք, չի հեռանա, քանի որ կիսատ փակված կամ թափանցիկ վարագույրների ետևում ներկայացումը շարունակվում է։
ՎԻՎՅԵՆ – (դեպի բազմոցը կգնա, կնստի, դեպի կուլիսներ): Սուրճ կարո՞ղ ենք խմել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (բարձր): Ես էլ դեմ չէի լինի… (Փողկապը թուլացնելով ու դեպի Վիվյենը քայլելով, գրպանից ծխախոտի տուփը դուրս բերելով, դարձյալ դատարկ է:) Ծխախոտ ունե՞ս…
ՎԻՎՅԵՆ — Ասացի՝ չե՛մ ծխում… թողել եմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ – (դեպի կուլիսներ):… ծխախոտ էլ…
ՏՂԱՄԱՐԴ/ԿԻՆ – (կուլիսներից բեմ կբարձրանա, ձեռքին սկուտեղ՝ երկու բաժակ սուրճով ու ծխախոտի տուփով։ Կմոտենա, կտա): Ես գիտեի, որ դերասանները երբեմն իմպրովիզ են անում, բայց այսքա՞ն, ոնց որ բոլորովին ուրիշ պիես խաղաք… չնայած, հանդիսատեսը կարծես թե գոհ է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ հեղինա՞կը…
ՏՂԱՄԱՐԴ/ԿԻՆ — Հեղինակը երկրորդ գործողության վերջում նոր կմոտենա… (Դեպի կուլիսները:) Համենայնդեպս այդքան մի՛ շեղվեք։
Մտավ կուլիսներ։ Ոչ Ալեքսանդրը, ոչ էլ Վիվյենը չպատասխանեցին։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իսկ զանգե՞րը… ես, ախր, տղամարդու հետ եմ խոսել ու ինքը…
ՎԻՎՅԵՆ — Ինքը ճանապարհին է… գալիս է…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Դու գիտեի՞ր, որ ինձ են կանչելու:
ՎԻՎՅԵՆ — Իհարկե ո՛չ… ասացին՝ կգտնենք մեկին, էստեղ հայ դերասաններ շատ կան… ես ի՞նչ իմանայի, որ դու հիմա Փարիզում ես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ում պատմես, չի հավատա… ես չէի էլ կարող երազել, որ դու…
Վիվյենն ուշադիր նրան նայեց։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …ուղղակի խնդրեցին, ասեցին՝ պիտի փոխարինես, դերասանը տաքություն ունի, իսկ տոմսերը վաճառված են… Ա՛յ քեզ ճակատագրի խաղ՝ էստեղ գիտե՞ս քանի՛ հայ դերասան կա, ի վերջո, գնացք կա, ինքնաթիռ. ցանկացած մեկին կարող էին հրավիրել… Մի խոսքով՝ տվեցին պիեսը… Ի դեպ, լավ էլ պիես էր, դուրս եկավ…
ՎԻՎՅԵՆ — Հեղինակին կասես…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Չեմ կարծում, որ դա նրան կմխիթարի, բայց… դու քո էդ… (գլխով հեռախոսը ցույց տալով)… իրո՞ք այն փողոցում ես գտել…
ՎԻՎՅԵՆ — Արդեն ասացի՝ ես ամեն ինչ ասել եմ, ինչպես կա…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ես էլ…
ՎԻՎՅԵՆ — Եվ տոմսե՞րը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Իհարկե՛… (Գրպանից հանում է տոմսերը, մեկնում Վիվյենին:) Էս էլ տոմսերը… իմը՝ Փարիզ-Երևան-Փարիզ։ Քոնը՝ Փարիզ-Երևան… առավոտյան է թռիչքը…
ՎԻՎՅԵՆ — Իսկ ես արդեն էստեղ եմ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Ներկայացումից հետո կտանեմ, ետ կտամ… կհասցնե՛մ…
ՎԻՎՅԵՆ — Կհասցնես…
Մի պահ երկուսն էլ լուռ են։
ՎԻՎՅԵՆ — Դու ինչ-որ բան էիր ուզում ասել… ընդմիջումից առաջ…
Ալեքսանդրը մտքում ժպտաց։ Վիվյենը լարված սպասում է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — …մի դյուժին նոր վերնաշապիկ եմ գնել… քո սիրածներից… ամեն մեկը մի անգամ հագել ու կախել եմ պահարանում… որ առավոտները դրանք հագնես, մեզ համար սուրճ պատրաստես ու բերես ննջարան… ու քո սիրած գրքերը… շարել եմ ննջարանի պահարանիկների վրա… որ հետո անկողնում միասին կարդանք…
Վիվյենը լուռ է։ Ներսը ալիքներ են։ Ալեքսանդրը լուռ, բայց անհամբեր սպասում է։
ՎԻՎՅԵՆ — Ասում էիր Փարիզի փողոցներն անգիր չես արե՞լ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Արդեն արե՛լ եմ… բայց Փարիզից մի փոքր դուրս հետաքրքիր վայրեր կան ու երթուղին էլ դո՛ւ կարող ես ընտրել։
ՎԻՎՅԵՆ – Դու, կարծեմ, քարտեզ ունեիր, չէ՞…
Ալեքսանդրը լուռ հանեց քարտեզը, փռեց հատակին։ Երկուսով նստոտեցին հատակին։ Վիվյենը հակվել է քարտեզին, ուշադիր նայում է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ — Կարող եմ էս հատվածն առաջարկել, կամ՝ էստեղ։ Էստեղ փողոցները նեղ են ու շարունակ բակերով են անցնում, հետո էս փողոցներից հնարավոր է…
Վիվյենն արագ վեր է կենում, վերցնում ժակետը, կոշիկները, որոնք հանել էր նստոտելուց։ Ալեքսանդրն իր հագուստն է վերցնում։ Մոտենում են կուլիսներին, որ դուրս գան, արագ կանգ են առնում, նայում իրար, հասկացան, վերադարձան բեմեզր։ Ալեքսանդրը ցած «թռավ»։ Օգնեց Վիվյենին իջնել բեմից, միասին շտապում են դահլիճի դռնից դուրս գալ։ Զնգաց Վիվյենի հեռախոսը, որը մնացել է բեմում։ Շրջվում են։ Վիվյենը՝ հեռախոսի կողմը, Ալեքսանդրը՝ Վիվյենի։ Վիվյենը միայն մի վայրկյան լսեց զանգը, հետո շրջվեց դռան կողմը՝ իր ետևից տանելով Ալեքսանդրին։
Դուրս են գալու դահլիճից՝ հանդիսատեսի ծափերի ներքո։